«Եզոպոսի կենսագրությունը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ « = Եզոպոսի կենսագրությունը = Գիրք վասն փիլիսոփա Քսանթոսի և նրա ստրուկ Եզոպոսի, կամ Եզոպոսի արկածն...»:) |
չ |
||
(One intermediate revision by the same user not shown) | |||
Տող 1. | Տող 1. | ||
− | + | ''Գիրք վասն փիլիսոփա Քսանթոսի և նրա ստրուկ Եզոպոսի, կամ Եզոպոսի արկածները'' | |
− | + | ||
− | + | ||
− | Գիրք վասն փիլիսոփա Քսանթոսի և նրա ստրուկ Եզոպոսի, կամ Եզոպոսի արկածները | + | |
Տող 127. | Տող 124. | ||
Զենասն սկսեց բացատրել․ | Զենասն սկսեց բացատրել․ | ||
− | + | ― Եզոպոսը, այն անբանը, որին դու ուղարկեցիր դաշտում հող փորելու, այն ցմփորը․․․ | |
― Ի՞նչ է, ծննդաբերել է,― հարցրեց տերը։ | ― Ի՞նչ է, ծննդաբերել է,― հարցրեց տերը։ | ||
Տող 1509. | Տող 1506. | ||
― Մի լավ նախաճաշ պատրաստիր, այսօր աշակերտներս գալու են մեզ մոտ։ | ― Մի լավ նախաճաշ պատրաստիր, այսօր աշակերտներս գալու են մեզ մոտ։ | ||
− | + | Եզոպոսը սեղանատանը ինչ որ պետք է պատրաստեց, իսկ տանտիրուհին բազմոցի վրա հանգստանում էր։ Եզոպոսը նրան ասաց․ | |
― Տիրուհի, խնդրում եմ սեղանին նայես, շունը հանկարծ որևէ բան չթռցնի։ | ― Տիրուհի, խնդրում եմ սեղանին նայես, շունը հանկարծ որևէ բան չթռցնի։ |
Ընթացիկ տարբերակը 23:30, 24 Մայիսի 2014-ի դրությամբ
Գիրք վասն փիլիսոփա Քսանթոսի և նրա ստրուկ Եզոպոսի, կամ Եզոպոսի արկածները
(1) Առակագիր Եզոպոսը, մարդկության մեծագույն բարերարը, ճակատագրի բերումով, ստրուկ էր, իսկ ծագումով՝ փռյուգիացի ― բուն Փռյուգիայից։ Տեսքով մի հրեշավոր ցուցանք էր, աշխատանքի համար՝ ոչ պիտանի, փորը՝ ուռած, գլուխը՝ ինչպես մի պուտուկ, ծուռքիթ, կեղտոտ, մաշկը՝ սև, խեղանդամ, թլվատ, ձեռքերը կարճ, մեջքին՝ սապատ, շրթունքները՝ հաստ, կարճ ասած, մի իսկական հրեշ, որին տեսնելն անգամ սարսափելի էր։ Իսկ ամենից վատն այն էր, որ թլվատ էր և խոսել չէր կարողանում։
(2) Եզոպոսի տերը տեսավ, որ իր ստրուկը բոլորովին անլեզու է և քաղաքում ծառայության համար՝ ոչ պիտանի, նրան ուղարկեց իր կալվածքը՝ հող փորելու։ Եվ ահա մի անգամ տերը եկավ իր այդ կալվածքը, և մի գյուղացի նրան մատուցեց հիանալի թզեր, որ ինքն էր հավաքել, տվեց և ասաց․
― Վերցրու, տեր իմ, քո բերքի նուբարն է, անուշ արա։
Տիրոջը դուր եկան թզերը։
― Երդվում եմ կյանքովս,― ասաց նա,― հիանալի թզեր են։ Եվ ստրուկին հրամայեց,― Աղաֆոն, տար այդ թզերը և պահիր, հենց որ լվացվեմ ու ճաշեմ, ինձ կտաս։
Այնպես պատահեց, որ հենց այդ ժամանակ Եզոպոսը բանթող արեց և եկավ այստեղ, սովորականի պես, մի բան ուտելու։ Աղաֆոնը վերցրեց թզերը և սոված փորին երկուսը կերավ, նա շատ էր ուզում մնացածն էլ ուտել, բայց վախեցավ։ Մյուս ստրուկը տեսավ, որ նրա բերանի ջուրը գնում է, ընկերոջն ասաց․
― Իսկ ես, բարեկամս, գիտեմ մտքինդ ինչ է, դու ուզում ես անուշ անել այդ թզերը։
― Երդվում եմ Զևսով, որ ճիշտ է,― պատասխանեց մյուսը, բայց ինչպե՞ս գլխի ընկար։
Եվ նա ասաց․
― Դու այնպիսի տեսք ունես, որ դժվար չէ հասկանալ, թե ի՞նչ ես ուզում։ Դե լսիր, ես քեզ ասեմ, թե ինչպե՞ս կարող ենք այդ թզերը վերցնել ու երկուսով ուտել։
Աղաֆոնն ասաց․
― Լավ բան չի ստացվի, իսկ երբ տերը հրամայի թզերը մատուցել, և մենք ձեռներս դատարկ ներկայանանք, ի՞նչ կլինի մեր վիճակը։
Եվ բարեկամն ասաց․
― Իսկ դու ասա, որ այդ Եզոպոսը պատահաբար մառանի դուռը բաց է տեսել, մտել է ու բոլոր թզերը խժռել։ Եզոպոսը չի կարողանում խոսել, և ահա նա ծեծ կուտի, իսկ մենք՝ թզերը։
Այդպես լեզվներին տալով, նրանք նստեցին և սկսեցին ուտել, իսկ հետո ասացին․
― Հիմա Եզոպոսի բանը բուրդ է։ Ճիշտն ասած, նա ուրիշ ոչ մի բանի պետք չէ, բացի ճիպոտահարությունից։ Արի մեկընդմիշտ պայմանավորվենք, որ եթե մի բան ջարդենք, թափենք կամ կորցնենք, ասենք՝ «Եզոպոսն է արել» և ջրից չոր դուրս կգանք։ Ասացին և ամբողջ թուզը մաքրեցին։
(3) Նշանակված ժամը եկավ, տերը լվացվեց, ճաշեց և նրա սիրտը թուզ ուզեց․
― Աղաֆոն, թուզ բեր,― ասաց նա ստրուկին։
Եվ երբ տեսավ, որ իրեն խաբել են, և որ Եզոպոսն է թուզը խժռել, բարկացավ ու հրամայեց․
― Կանչել այստեղ Եզոպոսին։
Եզոպոսին կանչեցին, նա եկավ, և տերը նրան ասաց․
― Գարշելի արարած, ինչպես երևում է, ես մի գրոշի պատիվ էլ չունեմ քո աչքում, որ սողոսկում ես իմ մառանը և խժռում թզերս։
Եզոպոսը լսեց, խոսել չէր կարողանում թլվատության պատճառով, բայց իր առջև տեսավ երկու մեղադրողներին, հասկացավ, որ կաշին բերանն են տալու, և տիրոջ ոտքերն ընկավ կարծես աղերսելով, որ մի փոքր համբերի։ Տերը համաձայնեց։ Եզոպոսը վերցրեց մոտիկ դրված շերեփը և նշաններով տաք ջուր խնդրեց։ Մի լագան ջուր բերեցին, դրեց իր առջև, շերեփով ջուրը խմեց, իսկ հետո մատ տալով կոկորդը և խմած ջուրը փսխեց, դե ստամոքսում ուրիշ բան չկար, որովհետև ոչինչ չէր կերել։ Իր հնարամիտությամբ այդպես փրկվեց։ Հետո նա պահանջեց, որ մյուս ստրուկներն էլ նույնն անեն, և իսկույն պարզ կլինի, թե ով է կերել թուզը։ Տիրոջը դուր եկավ այդ միջոցը, և նա մյուս երկու ստրուկներին էլ հրամայեց ջուրը խմել ու փսխել։
Մի ստրուկը մյուսին ծածուկ ասաց․
― Ինչ անենք, Հերմա։ Արի խմենք, միայն թե մատներս մտցնենք ոչ թե կոկորդներս, այլ թշի տակ։
Բայց թզերը նրանց ստամոքսում մաղձ էին առաջացրել, և հենց որ նրանք տաք ջուր խմեցին, թզերը ջրի երես դուրս եկան, և մատները բերաններից հանեցին թե չէ, թզերն իրենք իրենց դուրս թռան։ Այդ ժամանակ տերն ասաց․
― Այ թե ինչպես եք չարախոսել անպաշտպան մարդուն։ Ապա մերկացնել դրանց։
Եվ երբ ստրուկներին ծեծեցին, նրանք ամբողջ կյանքում չմոռացան, որ ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում այնտեղ։ (4) Այդպես նրանք դաս ստացան այն բանի համար, որ անլեզու մարդուն ուզում էին փորձանքի բերել։
Հաջորդ օրը տերը գնաց քաղաք։ Իսկ Եզոպոսը դաշտում հող էր փորում։ Եվ ահա այնպես պատահեց, որ Իզիս աստվածուհու քրմուհիներից մեկը մոլորվեց, մեծ ճանապարհից դուրս եկավ և հայտնվեց այն նույն դաշտում, որտեղ աշխատում էր Եզոպոսը։ Քրմուհին նայեց, տեսավ, որ մարդը լարված աշխատում է, իսկ իր դժբախտության մասին ոչինչ չգիտե, և նրան ասաց․
― Բարի մարդ, եթե դու կարեկցում ես մահկանացուներին, ցույց տուր ինձ քաղաքի ճանապարհը, ես մոլորվել եմ։
Եզոպոսը շուռ եկավ և տեսավ աստվածուհու զգեստ հագած կնոջը և քանի որ աստվածավախ մարդ էր, ապա նրա ոտքերն ընկավ և նշաններով հարցրեց․ «Ինչո՞ւ ես մեծ ճանապարհը թողել և եկել մեր ագարակը»։ Կինը գլխի ընկավ, որ նա ականջ ունի, բայց լեզու չունի, և սկզբում՝ նշաններով, իսկ հետո նաև բառերով բացատրեց․
― Դու տեսնում ես, որ ես քրմուհի եմ, ծանոթ չեմ այս տեղերին։ Դրա համար էլ խնդրում եմ քեզ, ցույց տուր ճանապարհը, ես մոլորվել եմ։
Եզոպոսը գցեց բահը, բռնեց կնոջ ձեռքից, տարավ ծառի տակ, իր տոպրակից հանեց և նրա առջև դրեց հաց ու ձիթապտուղ, ապա վայրի բանջարեղեն քաղեց ու նրան ստիպեց ուտել։ Հետո քրմուհուն տարավ աղբյուրի մոտ և ցույց տվեց ջուրը, որպեսզի նա խմի։ Կուշտ ուտելուց ու խմելուց հետո, քրմուհին Եզոպոսի համար աղոթեց աստվածներին և նշաններով նորից խնդրեց նրան՝ վերջին ծառայությունը մատուցել և իրեն դուրս բերել ճանապարհ։ Նա քրմուհուն դուրս բերեց մեծ ու բանուկ ճանապարհ, ցույց տվեց, թե ուր գնա և վերադարձավ իր աշխատանքին։
(5) Այդպես Իզիսի քրմուհին դուրս եկավ ուղիղ ճանապարհ։ Եվ ի երեխտագիտություն Եզոպոսի բարության, նա ձեռքերը տարածեց առ երկինս ու բացականչեց․
― Օ, Տիեզերքի պսակ, Իզիս բազմանուն, ողորմած եղիր այդ մշակի հանդեպ, այսքան տառապյալ և այսքան բարեպաշտ, քանի որ նա ոչ թե ինձ մեծարեց, այլ քեզ, տիրուհի։ Եվ եթե քեզ հաճելի չէ նրա կյանքը երջանկացնել այն բազմաթիվ շնորհներով, որոնցից մյուս աստվածները զրկել են նրան, ապա գոնե խոսելու ձիրք շնորհիր միայն, մի՞թե դու ի զորու չես խավարով քողարկվածը ի լույս հանել։
Այդպես աղոթեց քրմուհին, և նրան ունկնդրեց Իզիս տիրուհին, քանզի աստվածային ունկին շուտ է հասու խոսքը բարեպաշտության։
(6) Եզոպոսն այդ ժամանակ զգաց, որ սաստիկ շոգ է, և մտածեց․ «Վերակացուն ինձ երկու ժամ տալիս է հանգստի համար, ես այդ երկու ժամը կքնեմ, մինչև շոգը անցնի»։
Նա իր համար մոտիկ մի լավ տեղ ընտրեց՝ կանաչ, ազատ, մեկուսի, ստվերախիտ ծառերի տակ։ Դալար խոտերի միջև ծաղկել էին երփներանգ ծաղիկները, իսկ անտառեզրով գալարվում էր առվակը։ Եզոպոսը պառկեց դալար խոտերի վրա, մի կողմ նետեց իր բահը, գլխի տակ դրեց տոպրակն ու ոչխարենին և անուշ քուն մտավ։ Առվակը խոխոջում էր, զեփյուռը՝ քնքշորեն հովհարում, կանաչ տերևները թրթռում էին և շնչում անտառի բուրմունքով, քաղցրանուշ ու թարմ։ Ճյուղերի վրա շատախոսում էին ճպուռները, և դայլայլում էին այլաձև ու այլազան թռչունները, բարձրաձայն երգում էր սոխակը, և ձիթենու ոստերը կարեկցաբար կրկնում էին նրա երգը, իսկ սլացիկ սոճին ճռճռում էր քամու շնչից, որ նման էր կեռնեխի ճիչին։ Այդ բոլոր ձայները միահյուսվելով, կրկնում էին հարափոփոխ արձագանքի անդրադարձումների մեջ և խառնվում մի քաղցրաձայն աղմուկի, որը պարուրում էր հոգին և Եզոպոսին հանգիստ քուն բերում։
(7) Ահա այդ ժամանակ էլ Իզիս աստվածուհին, բոլոր ինը Մուսաների ուղեկցությամբ, հայտնվեց և ասաց․
― Դուստրերդ իմ, նայեցեք այդ մարդուն, նրա տեսքն այլանդակ է, բայց բարեպաշտությունն անխոցելի է։ Այդ նա է իմ մոլորված սպասավորուհուն ուղիղ ճանապարհ դուրս բերել, և ես ձեզ հետ միասին եկա այստեղ, որպեսզի նրան վարձահատույց լինեմ։ Ես ձայն եմ պարգևում նրան, իսկ դուք պարգևեցեք այդ ձայնին արժանի խոսքեր։
Այդպես ասաց նա և հետո հանեց Եզոպոսի լեզվի բոլոր պալարները, որոնք խանգարում էին խոսելու, և ինքը նրա մեջ ձայն դրեց, իսկ Մուսաներին ստիպեց, որպեսզի նրանցից ամեն մեկը իրեն պատշաճ ձիրքերով վարձատրի նրան։ Եվ նրանք օժտեցին նրան բառեր գտնելու և հունարեն լեզվով առակներ հորինելու ունակությամբ։ Իսկ այնուհետև աստվածուհին աղոթք հղեց առ երկինս, որպեսզի նա փառքի հասնի, և գնաց իր ճանապարհով, իսկ Մուսաները, յուրաքանչյուրը թողնելով իր շնորհը, բարձրացան իրենց Հելիկոնը։
(8) Եզոպոսն, ուզածի չափ քնելուց հետո, արթնացավ և ասաց․
― Ի՞նչ խորն եմ քնել։
Եվ տեղնուտեղը քրքջաց, իրենց անուններով կոչեց այն ամենը, ինչ որ իր առջևում էր՝ բահ, տոպրակ, ոչխարենի, պարկ, եզներ, էշ, ոչխար,― իսկ հետո գոչեց․
― Ես խոսում եմ։ Երդվում եմ Մուսաներով, ես խոսում եմ։ Բայց ես ինչո՞ւ խոսեցի։ Ինչո՞ւ։ Ախ, հասկացա։― Կա-չկա Իզիս քրմուհուն մատուցած իմ բարեպաշտ ծառայության համար վարձահատույց եղա։ Ի՞նչ հիանալի բան է բարեպաշտությունը։ Դե, ուրեմն, իրենք՝ աստվածներն են ինձ բարի հույս տալիս։
(9) Նա ուրախ-ուրախ բահը ձեռքն առավ և շարունակեց փորել։ Իսկ այդ միջոցին ագարակապանը շրջում էր աշխատողների մեջ և նրանցից մեկին, Եզոպոսի ներկայությամբ, գանահարեց։ Եզոպոսը չդիմացավ և ասաց․
― Բարեկամս, չէ՞, որ այդ մարդը քեզ ոչինչ չի արել, ինչո՞ւ ես նրան այդպես նեղացնում և, առանց ամոթի և խղճահարության, ծեծում։ Բայց ինքդ ինչ խաղ ասես խաղում ես մեր գլխին, և դրա համար քեզ ոչ ոք ոչինչ չի ասում։
«Այս ինչ բան է, մտածեց Զենասը,― Եզոպոսը խոսում է։― Եվ այդ էլ հերիք չէ, երբ խոսում եմ նրա հետ և նրան հրամայում, հակառակվում է ինձ։ Չէ, ինչպես երևում է, ստիպված պետք է լինեմ որևէ մեղք բարդել նրա վրա, թե չէ այլևս ագարակապան չեմ մնա։ Չէ՞ որ քանի դեռ նա համր էր, ինձ նշան էր անում, կարծես ասելով․ «Ուր―որ է տերը կգա, և դու ագարակապան չես մնա։ Ես նշաններով էլ քեզ կմատնեմ»։ Եթե նա նշաններով էլ կարող էր մատնել, ապա խոսքերով վաղուց իր ուզածը արած կլիներ։ Ուրեմն, ես պետք է առաջ ընկնեմ նրանից»։
(10) Ագարակապանը թռավ իր ձին և ամբողջ թափով սլացավ քաղաք։ Սրարշավ հասնելով տերունական տուն, ձիուց իջավ, երասանակը կապեց դռան օղակից և ներս ընկավ։ Գտավ տիրոջը և ձայն տվեց․
― Տեր իմ…
― Հը՛, ի՞նչ ես խառնվել, Զենաս,― հարցրեց նա։
Եվ Զինասը ասաց․
― Զարմանալի հրաշք կատարվեց քո ագարակում։
― Ի՞նչ է պատահել,― հարցրեց տերը,― ծառի վրա անժամանակ պտուղներ են աճել, թե՞ անասունը մարդ է ծնել։
― Ոչ, տեր իմ,― ասաց Զենասը։
― Բա ի՞նչ հրաշք ես բերել,― հարցրեց տերը,― ասա ինձ ամբողջ ճշմարտությունը։
Զենասն սկսեց բացատրել․
― Եզոպոսը, այն անբանը, որին դու ուղարկեցիր դաշտում հող փորելու, այն ցմփորը․․․
― Ի՞նչ է, ծննդաբերել է,― հարցրեց տերը։
― Ամենևին ոչ,― ասաց Զենասը,― խոսեց։ Նա համր էր, իսկ այժմ խոսեց։
Տերը նրան ասաց․
― Բայց դու ի՞նչ ես ուզում ինձանից։ Քո կարծիքով, դա հրա՞շք է։
― Հարկավ,― ասաց Զենասը։
― Ինչո՞ւ,― հարցրեց տերը։― Ասենք թե աստվածները բարկացել էին մարդու վրա և մի առ ժամանակ ձայնը նրանից խլել, իսկ հետո գթաշարժվել են և ձայնը վերադարձրել, այդպես չի՞ եղել միթե։ Եվ դու կարծում ես, դա հրաշք է։
― Իհարկե, տեր իմ,― ասաց Զենասը։― Որովհետև նրա լեզուն հենց նոր էր բացվել, որ սկսեց գլխից ինչ ասես դուրս տալ, քեզ էլ, ինձ էլ խառնեց իրար, և այնպիսի բաներ ասաց, որ ուժ չկար լսելու։
(11) Այդ արդեն տիրոջն անհանգստացրեց։ Նա Զենասին ասաց․
Այդ դեպքում գնա վաճառիր նրան։
Եվ Զենասը պատասխանեց․
― Կատակում ես տեր իմ։ Դու, ի՞նչ է, չգիտե՞ս, թե ինչ այլանդակն է նա։ Ո՞ր ցնդածը մարդու փոխարեն այդպիսի մի կապիկի համար փող կտա։
― Միևնույն է ասաց տերը,― ձրի տուր մեկնումեկին, իսկ եթե ոչ ոք չուզի նրան վերցնել, ծեծիր մինչև շունչը փչելը։
Եվ այդպես Զենասն անսահմանափակ իշխանություն ստացավ Եզոպոսի վրա։ Նա նորից թռավ իր ձին և գնաց դեպի ագարակ։ Գնում էր ու մտածում․ «Հիմա արդեն Եզոպոսը իմ լիակատար իշխանության տակ է․ ուզեմ՝ կծախեմ, կնվիրեմ, ուզեմ՝ կսպանեմ։ Բայց ինչու սպանեմ, երբ նա ոչինչ չի արել ինձ։ Ավելի լավ է ծախեմ»։
Ահա թե ինչ շահեց Եզոպոսը աստվածների շնորհներից։
(12) Հենց այդ ժամանակ մի ստրկավաճառ ձիով գյուղից քաղաք էր գնում։ Որպեսզի իր ստրուկներին ծանր բեռան տակ ուժասպառ չանի, նա ուզում էր գյուղից մի անասուն վարձել, բայց ոչինչ չէր գտել և ձեռնունայն վերադառնում էր քաղաք։ Զենասը ծանոթ էր նրան, ահա նրանք հանդիպեցին, և Զենասը բարևեց․
― Օփելիոնի վաճառականին ողջույն։
― Ագարակապան Զենասին ողջույն,― պատասխանեց նա։― Իսկ չի՞ կարելի, Զենաս, քո անասուններից մեկը վարձել կամ գնել։
― Ոչ, երդվում եմ Զեվսով,― ասաց Զենասը,― բայց այ, ես մի շատ էժան ստրուկ ունեմ, եթե ուզում ես, վերցրու։
Իսկ ստրկավաճառը, որ հենց այդ մասին էր մտածում, ասաց․
― Եվ դեռ հարցնու՞ւմ ես, թե ուզում եմ էժան գնով մի ստրուկ ունենալ, չէ՞ որ ես ստրկավաճառ եմ։
― Դե, ուրեմն գնանք հարևան ագարակը,― ասաց Զենասը։
(13) Զենասը նրան բերեց դաշտ և ստրուկներին ասաց․
― Մեկնումեկդ վազեք և այստեղ կանչեք Եզոպոսին։
Ստրուկներից մեկը վազեց, գտավ Եզոպոսին, որը բահը ձեռքին աշխատում էր, և ձայն տվեց․
― Եզոպոս, բահդ գցիր, գնանք տերը կանչում է քեզ։
Եվ Եզոպոսն ասաց․
― Ո՞ր տերը։ Իսկական տերը, թե՞ կառավարիչը։ Եթե դա տերը չէ, այլ միայն կառավարիչը, պարզ ասա, և մի խառնիր, չէ՞ որ նա էլ այնպիսի մի անազատ ստրուկ է, ինչպես և մենք։
«Այ քեզ բան,― մտածեց ստրուկը,― այդ ինչ է, դեռ նոր է լեզուն բացվել, բայց արդեն ամեն ինչի դեմ է ընկնում»։
Եզոպոսը նետեց իր բահը և ասաց․
― Որքան դժվար է ստրուկի ստրուկը լինել։ Աստվածներն իրենք էլ այդ բանը չեն սիրում։ «Եզոպոս, ճաշարանը մաքրիր։ Եզոպոս, բաղնիքը տաքացրու։ Եզոպոս, ջուր բեր։ Եզոպոս, անասունին կեր տուր»։ Այն ամենը, ինչ որ կեղտոտ է, ցածր, զզվելի, ստորացնող, այդ ամենը Եզոպոսի վրա են գցում։ Բայց հիմա, աստծո ողորմածությամբ, ես կարող եմ խոսել, և հենց որ տերը գա, ես նրան ամեն բան կասեմ, ինչպես որ եղել է, և այդ կտրիճը այլևս ագարակապան չի մնա։ Իսկ առայժմ ստիպված եմ անել այն, ինչ որ հրամայում են։ Գնանք, ընկերս։
Ահա նրանք եկան, և ստրուկն ասաց․
― Բարի տեր, ահա Եզոպոսը։
Եվ Զենասն ասաց․
― Վաճառական բարեկամ, նայիր, խնդրեմ։
(14) Վաճառականը շրջվեց, նայեց Եզոպոսին, տեսավ, թե այդ ինչ այլանդակություն է, և ասաց․
― Երբ որ թզուկները կռվեն կռունկների հետ, սա նրանց մոտ փողհար կդառնա։ Եվ ի՞նչ բան է սա, մա՞րդ է, թե՞ շաղգամ։ Եթե նա լեզու չունենար, ես կկարծեի, թե ոտքերի վրա կանգնած մի պղինձ է, ուտելիքով փքված պարկ, սագի ձու։ Զենաս, ես նեղացած եմ քեզանից։ Վաղուց արդեն տանը կլինեի,― այնինչ դու ինձնից այսքան ժամանակ խլեցիր,― և մի պետքական բան կծախեի, ոչ թե այդ անպետքությունը։
Այդպես ասաց և մի կողմ քաշվեց։ (15) Բայց Եզոպոսը բռնեց նրա թիկնոցի փեշից և ասաց․
― Ապա մի ինձ լսիր։
― Բաց թող ասաց վաճառականը,― լավ օր չտեսնես կյանքումդ։ Որ գրողի համար ես պահում ինձ։
Եվ Եզոպոսն ասաց․
― Գնիր ինձ, տեր իմ։ Երդվում եմ Իզիսով, որ ինձնից շատ օգուտ կունենաս։
― Այդ ի՞նչ օգուտ եմ ունենալու քեզնից,― հարցրեց վաճառականը,― եթե հանկարծ խելքս թռցնեմ և քեզ գնեմ։
― Ասա ինձ,― խոսեց Եզոպոսը,― ստրուկներիդ մեջ չկա՞ն այնպիսի տղաներ, որոնք դեռ ոչինչ չեն կարողանում անել ու միայն ուտել են ուզում։
Ստրկավաճառն ասաց․
― Կան։
― Արի կլինի դու ինձ գնիր և դարձրու նրանց սպասավոր-հսկիչը։ Հենց որ նրանք տեսնեն իմ մռութը, իսկույն կվախենան և անկարգ բաներ չեն անի։
― Վատ չի մտածված,― ասաց ստրկավաճառը,― երդվում եմ քո զզվելի մռութով։― Եվ հարցրեց Զենասին․ – ինչքան ես ուզում այդ դարձվորի համար։
― Երեք օբոլ,― ասաց Զենասը։
― Կատակը մի կողմ, ասաց վաճառականը,― ինչքա՞ն։
― Ինչքան ուզում ես, այնքան էլ տուր,― ասաց Զենասը։
Ստրկատերը վճարեց ամենացածր գինը և Եզոպոսին գնեց։
(16) Եզոպոսին նա տարավ քաղաք՝ իր ստրուկների մոտ։ Երկու երեխա կար այնտեղ, որոնց կերակրում էր մայրը։ Հենց որ նրանք Եզոպոսին տեսան, իսկույն ճչացին և սեղմվեցին մորը։
― Տեսնո՞ւմ ես,― ասաց,― Եզոպոսը ստրկավաճառին,― ես քեզ ճիշտն ասացի, հիմա քո անհնազանդ երեխաների համար կա պատրաստի խրտվիլակ։
Ստրկավաճառը ծիծաղեց և ասաց․
― Այ, այնտեղ, ճաշարանում նստած են քո ընկեր-ստրուկները։ Գնա ու բարևիր նրանց։
Եզոպոսը ներս մտավ ու տեսավ, որ նստած են մեկը մյուսից գեղեցիկ, ընտրովի կտրիճ տղաներ, ոնց որ Դիոնիսներ ու Ապոլոններ։ Բարևեց։
_ Ողջույն,― ասաց,― ստրկության ընկերներիս։
Նրանք բոլորը միանգամայն աղմկեցին։ Եվ Եզոպոսն ասաց․
― Ես նույնպիսի մի ստրուկ եմ, ինչպես և դուք, չնայած ոչ մի բանի պիտանի չեմ։
Ստրուկները իրար մեջ սկսեցին խոսել։
― Երդվում եմ Նեմեզիսով,― ասաց մեկը,― ախր ի՞նչ է մեր տիրոջ խելքին փչել՝ գնելու սրա նման մի հրեշ։
― Իսկ դու գիտե՞ս,― ասաց մյուսը,― թե ինչո՞ւ են նրան գնել։
― Ինչո՞ւ։
― Չար աչքի համար․․․ Որպեսզի ոչ ոք աչքով չտա մեր խմբին։
(17) Այդ միջոցին ստրկավաճառը եկավ ստրուկների մոտ և ասաց․
― Դե, ստրուկներ, եկել է ձեր ստրկական երջանկությունը։ Երդվում եմ ձեր փրկությամբ, ես չկարողացա ոչ մի անասուն վարձել կամ գնել։ Դրա համար էլ բեռներն ընտրեք ինքներդ, իսկ վաղն առավոտյան կճանապարհվենք Ասիա։
Ստրուկները, երկու-երկու բաժանվելով, ընտրեցին բեռները։ Իսկ Եզոպոսը հանկարծ ծնկի եկավ նրանց առջև և խնդրեց․
― Ընկերներ, աղաչում եմ ձեզ, ես այստեղ նոր մարդ եմ և թույլ, մի քիչ ավելի թեթև բեռ տվեք ինձ։
― Ուզում ես՝ ոչ մի բան էլ մի վերցրու,― ասացին ստրուկները։
― Չէ,― ասաց Եզոպոսը,― տերը կտեսնի, որ դուք բոլորդ գործ եք անում, իսկ ես անգործ քաշ եմ գալիս։
Ստրուկները միմյանց ասացին․
― Եվ ինչո՞ւ է սա կաշվից դուրս գալիս։ Ինչ ուզում է, թող այն էլ վերցնի։
(18) Եզոպոսը, աչքի անցկացրեց ստրկավաճառի ճամփորդական բոլոր պարագաները՝ խսիրներ, ամեն տեսակի իրերով լցված պարկեր, ներքնակներ, թաղարներ, զամբյուղներ և մի սնդուկ։ Նա տեսավ նաև հացի զամբյուղը, որ չորս հոգով էին ուզում տանել։
― Բարեկամներս,― ասաց Եզոպոսը,― թողեք այդ զամբյուղը ես մենակս վերցնեմ։
― Դե ասացին ստրուկները,― սրանից ավելի հիմար տղա մենք չենք տեսել։ Թեթև բան ուզեց, բայց ամենից ծանրն ընտրեց։
― Չէ,― ասաց նրանցից մեկը,― նա անխելք չէ, ուղղակի սոված է և ուզում է հացը շալակել, որ բոլորից շատ ուտի։ Էհ, աստված իր հետ, զամբյուղն է տանում թող տանի։
Ստրուկները շրջապատեցին Եզոպոսին և զամբյուղը դժվարությամբ դրեցին նրա ուսին։ Եվ զամբյուղն առած, այս ու այն կողմ օրորվելով, Ատլանտ-տառապյալի նման, Եզոպոսն սկսեց քայլել։ Ստրկավաճառի աչքն առավ նրան, զարմացավ ու ասաց․
― Տեսնո՞ւմ ես, Եզոպոսն ինչպես է աշխատում։ Մյուսներն էլ նրան նայելով, հեշտ են տանում իրենց բեռները։ Ինչպես երևում է, այս առևտրի մեջ ես իսկապես շահեցի։ Ախր այդ բեռը միայն անասունը կարող է տանել։
(19) Իսկ ստրուկները իրենց բեռներով գնում էին երկու-երկու և ծիծաղում Եզոպոսի վրա։ Հենց որ նա դուրս եկավ ճանապարհ, սկսեց իր զամբյուղին քայլել սովորեցնել։ Երբ ճանապարհը գնում էր դեպի վեր, նա զամբյուղը քաշում էր ու հրում և նույնիսկ ատամների օգնությանն էր դիմում։ Այդպես նա բարձրացավ լեռան վրա, իսկ հետո հեշտ ու հանգիստ իջավ, որովհետև զամբյուղը ինքն իրեն գլորվում էր, իսկ նա՝ զամբյուղի հետ։
Լավ թե վատ, նրանք հասան պանդոկ։ Այստեղ ստրկավաճառն ասաց․
― Հեյ, Եզոպոս, ամեն զույգին մի-մի հաց տուր։
Ստրուկները շատ էին, և երբ բոլորն իրենց բաժինն ստացան, զամբյուղը կիսով չափ դատարկվեց։ Հետո բեռները նորից առան ուսներին և նորից ճանապարհ ընկան։ Եզոպոսը ավելի արագ էր քայլում։ Իսկ նրանք նորից պանդոկ մտան, Եզոպոսը նորից հաց բաժանեց, և զամբյուղը բոլորովին դատարկվեց։ Այստեղ նա զամբյուղն ուսը գցեց և բոլորից առաջ անցավ։ Ստրուկներն իրար մեջ խոսեցին․
― Այդ ո՞վ է մեր առջևից վազում։ Մերոնցի՞ց է, թե՞ օտար։
― Չգիտեմ,― ասաց մեկը,― բայց իմ կարծիքով, դա մեր նորեկն է, այն թույլը, որ մի այնպիսի զամբյուղ էր տանում, որ ջորին էլ չէր կարող տանել։
― Այո,― ասաց մյուսը,― մարդու խելքը իրեն չխաբեց։
― Դրա նման մարդիկ,― ասաց երրորդը,― տեսքով մի բան չեն, բայց սատանայի խելք ունեն։ Նա դիտմամբ էր աղաչում, որ հացը վերցնի և հիմա հացը նրա զամբյուղից պակասում ու պակասում է, իսկ մենք մեր փայտը, թաղարները և ներքնակները ինչպես որ վերցրել ենք, այնպես էլ տանում ենք։
― Էհ,― ասաց չորրորդը,― դրան խաչելն էլ քիչ է։
(20) Ճանապարհորդությունը վերջացավ, և նրանք հասան Եփեսոս։ Ստրկավաճառն իր ստրուկներին թանկ գնով վաճառեց, և միայն երեք հոգի մնացին՝ երկու տղա․ մեկը ուսուցիչ էր, մյուսը՝ երաժիշտ, իսկ երրորդը Եզոպոսն էր։ Ոչ նրանց և ոչ էլ սրա համար հարկ եղած գինը չէին տալիս։
Այստեղ մի ծանոթ մարդ ստրկավաճառին ասաց․
― Եթե ուզում ես սրանց իսկական արժեքն ստանալ, գնա Սամոս։ Դա մի հարուստ կղզի է, որտեղ փիլիսոփա Քսանթոսը դպրոց է պահում, և նրա մոտ շատ մարդիկ են գալիս Հունաստանից և Ասիայից։ Նրանցից որևէ մեկը կարող է գնել ուսուցչին, որպեսզի հեշտ լինի պարապելը, իսկ մեկ ուրիշն էլ՝ երաժշտին, որպեսզի ուրախ ապրի։ Գուցե և պատահի այնպիսի մեկը, որի խելքը աստված գլխից առել է, և նա քեզանից դրան էլ գնի, այն երրորդին, որպեսզի դարձնի ավագ, դռնապան կամ խոհարար։
Ստրկավաճառը լսեց բարի խորհուրդը, ստրուկների հետ միասին նավ նստեց և գնաց Սամոս։ Այնտեղ ցած իջավ, իր համար ապաստան գտավ և սկսեց ստրուկներին պատրաստել վաճառքի։ (21) Երաժիշտը գեղեցիկ էր, և տերը նրան պճնեց սպիտակ խիտոնով, հագցրեց նուրբ սանդալներ, մազերը սանրեց, ուսնոց գցեց և դուրս բերեց տախտակամած։ Իսկ մյուսը բարակ ոտքեր ուներ, և տերը նրան տվեց մի ավելի երկար խիտոն և ավելի բարձր մաշիկներ, որպեսզի երկար քղանցքը և բարձր ճտքերը քողարկեն նրա անբարետես ծնկատակը, հետո սանրեց նրա մազերը, ուսնոց գցեց և նույնպես դուրս բերեց տախտակամած։ Բայց Եզոպոսին ոչ կարողացավ զուգել, ոչ էլ տգեղությունը քողարկել։ Դե, ինչ աներ, ոտից գլուխ այլանդակ էր։ Դրա համար էլ նրան հասարակ կտավ հագցրեց, գոտու փոխարեն մի փալաս կապեց մեջքին և այդպես կանգնեցրեց երկու գեղեցիկ տղամարդկանց արանքում։ Ազդարարը հայտարարեց, որ առևտուրն սկսված է։ Ամբոխը նայում էր ու կարծիքներ հայտնում․ «Ինչ տղաներ են, բայց նրանց արանքում այդ ի՞նչ հրեշ է ցցված։ Ամբողջ տեսքը փչացնում է։ Հեյ, դուրս կորցրեք մեջտեղ կանգնածին»։ Շատերն այդպես ծաղրում էին, բայց Եզոպոսը հանգիստ ու անտարբեր կանգնած էր, կարծես թե իր մասին չէին խոսում։
(22) Հենց այդ ժամանակ շուկայում հայտնվեց փիլիսոփա Քսանթոսի կինը։ Նա իր պատգարակից լսել էր ազդարարի ձայնը, և երբ վերադարձավ տուն, գնաց ամուսնու մոտ և ասաց․
― Ամուսնյակս, դու գիտես, որ մեր տանը տղամարդ ստրուկները քիչ են, և միշտ ինձնից խլում ես իմ աղախիններին։ Իսկ այստեղ հենց հիմա ստրուկներ են վաճառում։ Գնա և մի լավ տղա գնիր՝ ծառայելու համար։
Քսանթոսն ասաց․
― Լավ կգնամ։
Նախ նա գնաց իր աշակերտների մոտ, բարևեց նրանց, մի քիչ զրուցեց, իսկ հետո վերջացրեց պարապմունքը և, իր հետ վերցնելով աշակերտներին, գնաց շուկա։ (23) Դեռ հեռվից նա նկատեց ստրուկներին՝ երկու գեղեցիկ տղամարդ և մի հրեշ։ Քսանթոսը զարմացավ վաճառողի հնարամտության վրա և ասաց․
― Շատ լավ է մտածված, երդվում եմ Հերայով։ Ապրի ստրկավաճառը՝ խորամանկ է և խելոք, իսկական փիլիսոփա է, նույնիսկ զարմանալի է։
― Այդ ինչի՞ մասին ես խոսում, ուսուցիչ,― հարցրին աշակերտները,― ի՞նչն է այստեղ զարմանալի։ Ասա, իմացածդ լավ բաները մեզնից մի թաքցրու։
Քսանթոսն ասաց․
― Պարոնայք աշակերտներ, դուք մի կարծեք, թե փիլիսոփայությունը սոսկ դատողություններից է բաղկացած։ Ոչ, փիլիսոփայությունը նաև գործերում է դրսևորվում։ Եվ հաճախ առանց բառերի փիլիսոփայությունը հաղթում է բառերով արտահայտված փիլիսոփայությանը։ Այդ կարելի է տեսնել թեկուզ հենց պարողների մոտ․ նրանց ձեռքերը շարժումներով հաղորդում են երևույթների էությունը և, այդպիսով, առանց բառերի, բացահայտում փիլիսոփայության բուն իմաստը։ Այս վաճառականն ունի երկու գեղեցիկ ստրուկ և մի հրեշ։ Եվ նա հրեշին դրել է գեղեցիկների արանքում, որպեսզի նրա այլանդակությունը երանգավորի նրանց գեղեցկությունը։ Եթե նա լավերի կողքին վատը չդներ, նրանց գեղեցկությունն այդքան աչքի չէր զարնի։
Աշակերտներն ասացին․
― Աստվածային է, ուսուցիչ, որքան իմաստուն ես և որքան խորաթափանց, ինչպես ըմբռնեցիր դու նրա գաղտնի նպատակը։
― Գնանք,― ասաց Քսանթոսը,― պետք է այդ ստրուկներից մեկին գնել, որովհետև ինձ սպասավոր է հարկավոր։
(24) Նա մոտեցավ առաջին ստրուկին և հարցրեց․
― Ո՞րտեղից ես։
― Կապադովկիայից,― պատասխանեց նա։
― Անունդ ի՞նչ է։
― Լիգուրիոս։
― Իսկ ի՞նչ կարող ես անել,― հարցրեց Քսանթոսը։
― Ամեն ինչ,― պատասխանեց ստրուկը։
Այստեղ Եզոպոսը քրքջաց, բայց նրա դեմքը մնաց մութ ու մռայլ, և միայն ատամներն էին փայլում։ Աշակերտները հենց որ նայեցին նրան, կարծեցին, թե դա ինչ-որ հրեշ է։
― Սա ինչ ատամնավոր ճողվածք է,― ասաց մեկը։
― Ինչու հանկարծ սկսեց հռհռալ,― ասաց մյուսը։
― Նա չի էլ ծիծաղում, այլ միայն ցնցվում է,― ասաց երրորդը,― տեսնենք, թե ի՞նչ կասի նա։
Մոտեցավ, Եզոպոսի հետևից քաշեց ու հարցրեց․
― Ինչո՞ւ ես ծիծաղում, գեղեցկության տիպար։
Եզոպոսը շուռ եկավ և ասաց․
― Հեռացիր ոչխար։
Աշակերտը այդպիսի հակահարվածի չէր սպասում, ապուշ կտրած ետ-ետ գնաց։ Իսկ Քսանթոսը վաճառողին հարցրեց․
― Ի՞նչ արժե այդ երաժիշտը։
― Հազար դենար,― պատասխանեց նա։
Այդ գինը լսելով, Քսանթոսը մոտեցավ մյուս ստրուկին և հարցրեց․
― Իսկ դո՞ւ որտեղից ես։
― Լյուդիայից,― պատասխանեց նա։
― Անունդ ի՞նչ է։
― Ֆիլոկալոս։
― Դո՞ւ ինչ գիտես,― դարձյալ հարցրեց Քսանթոսը։
― Ամեն ինչ,― պատասխանեց ստրուկը։
Այս խոսքի վրա Եզոպոսը նորից քրքջաց։ Աշակերտներն այդ տեսնելով ասացին․
― Այդ ինչո՞ւ է նա ամեն ինչի վրա ծիծաղում։
― Ես նրան կհարցնեի,― ասաց մեկը,― բայց չեմ ուզում այդ ոչխարին խոսեցնել։
Քսանթոսը վաճառողին հարցրեց․
― Իսկ այդ ուսուցիչն ի՞նչ արժե։
― Երեք հազար դենար,― պատասխանեց նա։
Այդ գինը լսելով, Քսանթոսն այլևս ոչինչ չհարցրեց, այլ շուռ եկավ ու հեռացավ։ Աշակերտները նրան հարցրին․
― Ուսուցիչ, մի՞թե ստրուկները քեզ դուր չեկան։
― Դուր եկան,― պատասխանեց Քսանթոսը, բայց ես այդպիսի մի սկզբունք ունեմ՝ թանկարժեք ստրուկներ չգնել, այլ էժաններից օգտվել։
Այդ խոսքի վրա աշակերտներից մեկը ասաց․
― Եթե դու որոշել ես թանկերից չգնել, գնիր այն այլանդակին, նա վատ չի աշխատի, իսկ փողը մենք քեզ համար ընկերովի կդնենք։
― Ծիծաղելի կլինի,― պատասխանեց Քսանթոսը,― որ փողը դուք հավաքեք, իսկ ստրուկը ես գնեմ։ Դրան ավելացրած, դեռ կինս էլ շատ քմահաճ է և տանը չի հանդուրժի այդ ստրուկ―հրեշին։
― Ուսուցիչ,― ասացին աշակերտները,― մի՞թե այդ դու չէիր ասողը, թե կանանց չպետք է լսել։
(25) ― Լավ, ասաց Քսանթոսը,― տեսնենք, թե նա ի՞նչ կարող է անել, որպեսզի ձեր փողը քամուն չտանք։ Եվ մոտենալով Եզոպոսին, ասաց․
― Ողջ լեր։
― Իսկ մի՞թե ես հիվանդ եմ,― պատասխանեց Եզոպոսը։
Աշակերտներն իրար մեջ ասացին․ «Իսկապես որ, երդվում ենք Մուսաներով։ Չէ՞ որ նա հիվանդ չէ»։― Այդպես նրանք զարմացել էին դիպուկ պատասխանով։
Մինչդեռ Քսանթոսը հարցրեց․
― Ո՞վ ես դու։
― Մարդ եմ՝ մսից և արյունից, պատասխանեց Եզոպոսը։
― Այդ չեմ հարցնում։ Ո՞րտեղից ես։
― Մորս արգանդից,― պատասխանեց Եզոպոսը։
― Այ գետինը մտնես դու,― ասաց Քսանթոսը,― ես քեզ հարցնում եմ, թե որտե՞ղ ես ծնվել։
― Մայրս այդ մասին բան չի ասել ինձ,― պատասխանեց Եզոպոսը,― գուցե ննջարանում, գուցե և ճաշարանում։
― Ես քեզ հարցնում եմ՝ ի՞նչ ցեղից ես, հարցուփորձ էր անում Քսանթոսը։
― Փռյուգիացի,― պատասխանեց Եզոպոսը։
― Իսկ ի՞նչ կարող ես անել։
― Ոչինչ,― պատասխանեց Եզոպոսը։
― Ինչպե՞ս թե ոչինչ,― զարմացավ Քսանթոսը։
― Հենց այդպես,― պատասխանեց Եզոպոսը, չէ՞ որ այդ երկու տղաները առանց ինձ էլ ամեն ինչ կարողանում են անել։
Եվ աշակերտները մեկնաբանեցին․ «Այ, դա խելացի պատասխան է։ Այո, այն երկուսը իրենց հաշիվներում սխալվեցին․ այնպիսի մարդ չկա, որ ձեռքից ամեն բան գա։ Դրա համար էլ նա ասաց, որ ոչինչ չի կարողանում անել և ծիծաղեց»։
(26) ― Ուզո՞ւմ ես քեզ գնեմ,― հարցրեց Քսանթոսը։
Եվ Եզոպոսն ասաց․
― Ի՞նչ է, դու արդեն ինձ գնել ես որպես խորհրդատո՞ւ։ Քո ինչի՞ն են պետք իմ խորհուրդները։ Ուզում ես գնել՝ գնիր, չես ուզում՝ գնա բանիդ։ Ես դրա հետ ոչ մի գործ չունեմ։ Իմ վաճառականը գնորդներին կարթով չի ձգում և ոչ էլ ստիպում է, որ ինձ գնես։ Ինչպես ինքդ կորոշես, այնպես էլ արա։ Ուզում ես ինձ ունենալ՝ քսակդ բաց արա և վճարիր ինչքան պետք է, չես ուզում՝ սեպերդ մի բաց։
― Դու մի՞շտ էլ այդպես ասող-խոսո՞ղ ես,― հարցրեց Քսանթոսը։
― Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում,― պատասխանեց Եզոպոսը։
Իսկ աշակերտներն միմյանց ասացին․ «Երդվում եմ Հերայով, այդ Եզոպոսը մեր ուսուցչին լավ ներկեց»։
― Ես ուզում եմ քեզ գնել,― ասաց Քսանթոսը,― բայց դու չե՞ս փախչի։
― Ուզենամ փախչել՝ քեզ չեմ հարցնի, ինչպես դու ես ինձ հարցնում,― ասաց Եզոպոսը,― իսկ ումի՞ց է կախված իմ փախչել-չփախչելը՝ քեզնի՞ց, թե՞ ինձնից։
― Պարզ է, որ քեզնից,― ասաց Քսանթոսը։
― Ոչ ասաց Եզոպոսը,― քեզնից։
― Ինչպե՞ս թե ինձնից,― հարցրեց Քսանթոսը։
Եզոպոսն ասաց․
― Եթե դու ստրուկների հետ լավ վարվես, ոչ ոք քեզնից չի փախչի, ո՞վ կուզի բարին թողած՝ չարը փնտրի։ Թափառել, քաղցած մնալ և ամեն ինչից վախենալ։ Իսկ եթե դու ստրուկների հետ դաժան ես վարվում, ուրեմն, ես քեզ մոտ մեկ ժամ էլ չեմ մնա, կես ժամ էլ, նույնիսկ մեկ րոպե։
«Այո,― միտք արեց Քսանթոսը,― այդ տղան չի ուզում ռիսկի ենթարկել իրեն»։ Եվ նրան ասաց,― այն բոլորն, ինչ որ դու ասացիր, լավ է մարդու համար, բայց ախր չէ՞ որ դու հրեշ ես։
Եզոպոսն ասաց․
― Դու մի նայիր իմ արտաքինին, ավելի լավ է տեսնես, թե ինչ հոգի է թաքնված նրա տակ։
― Քո կարծիքով, ի՞նչ բան է արտաքինը,― հարցրեց Քսանթոսը։
― Այ դու հաճախ լինում ես գինետներում,― ասաց Եզոպոսը, և գինի ես առնում, գինու տակառները տգեղ չե՞ն, արդյոք, մինչդեռ նրանց միջի գինին ընտիր է։
(27) Քսանթոսը գովեց, որ նա ամեն խոսքին պատրաստի պատասխան ունի, իսկ հետո մոտեցավ վաճառականին և հարցրեց․
Սա ի՞նչ արժե։
― Ի՞նչ է,― ասաց ստրկավաճառը,― ծիծաղո՞ւմ ես ապրանքիս վրա։
Ինչպե՞ս թե,― հարցրեց Քսանթոսը։
― Այդպիսի հիանալի տղաների կողքով անցնում ես ու այդ քոսոտի՞ն ես վերցնում։ Այդ երկուսից մեկին գնիր, իսկ սրան էլ վրադիր ստացիր, թեկուզ հենց ձրի։
― Բայց և այնպես,― ասաց Քսանթոսը,― դրա համար ինչքա՞ն ես ուզում։
Ստրկավաճառն ասաց․
― Ես դրա համար վճարել եմ վաթսուն դենար, տասնհինգ էլ գնացել է կերակրելու համար, իսկ ավելին ինձ պետք չէ։
Մաքսահավաքները լսեցին, որ համաձայնություն է կայացվել, մոտեցան, հարցրին, թե ո՞վ է առևտրականը և ո՞վ է գնորդը։ Իսկ Քսանթոսը չէր համարձակվում հանձն առնել, որ յոթանասունհինգ դենարով ստրուկ է գնել, և հենց առևտրականի համար էլ ամոթ էր։ Տատանվեցին նրանք, մինչև որ Եզոպոսն ինքը ձայն տվեց․
― Այստեղ ես եմ վաճառված, ահա վաճառականը, ահա գնորդը, իսկ եթե նրանք լռում են, ուրեմն ես ազատ մարդ եմ։
Այստեղ արդեն Քսանթոսն ասաց․
― Այդ ստրուկին ես գնում եմ և տալիս եմ յոթանասունհինգ դենար։
Մաքսահավաքները ծիծաղեցին, Քսանթոսից և նրա աշակերտներից Եզոպոսի համար մաքս վերցրին, հրաժեշտ տվին ու հեռացան։
(28) Եզոպոսը հետևեց Քսանթոսին։ Շոգ եղանակ էր, արևը կանգնած էր ուղիղ գլխավերևում, ճանապարհին շոգի պատճառով ոչ ոք չկար։ Եվ ահա Քսանթոսը, փեշը բարձրացնելով, սկսեց քայլելիս միզել։ Եզոպոսը այդ տեսնելով բարկացավ։ Նա բռնեց Քսանթոսի թիկնոցից, որ գցել էր ուսին, քաշեց ու ասաց․
― Ավելի լավ է ինձ ծախես, թե չէ կփախչեմ, և դու ինձ չես կարողանա պահել։
― Քեզ ի՞նչ պատահեց, Եզոպոս,― հարցրեց Քսանթոսը։
― Ծախիր ինձ ասաց Եզոպոսը,― ես չեմ կարող քեզ ծառայել։
Քսանթոսն ասաց․
― Գուցե արդեն որևէ մեկը, որ միշտ զրպարտում է կարգին մարդկանց, ինձ սևացրե՞լ է քո առաջ։ Մոտեցել է քեզ համոզել, որ ես ստրուկների հետ դաժան եմ վարվում, հարբեցող եմ, կռվարար և քմահաճ։ Սուտ մեղադրանքներին մի հավատա։ Ստին լսելը հաճելի է, բայց չարժե նրա համար տանջվել,― ահա քեզ իմ խրատը։
Իսկ Եզոպոսը պատասխանեց․
― Քեզ սևացնողը քո արարքն էր, Քսանթոս։ Դու ես քո գլխի տերը։ Դու չես վախենում, որ մի փոքր ուշանալու համար քեզ կսպառնան մահակներով, ոտնակոճղերուվ կամ որևէ ավելի վատ բանով, և այնուհանդերձ, դու նույնիսկ քո կարիքի համար չես ուզում մի րոպե կանգ առնել և միզում ես քայլելիս։ Իսկ ի՞նչ կհրամայես ինձ՝ ստրուկիս, երբ սկսեմ քեզ ծառայել։ Երևի, ես ստիպված լինեմ կարիքս հոգամ վազելու պահին․․․
― Այ թե ինչից ես վախենում դու,― ասաց Քսանթոսը։
― Ինչպե՞ս չվախենամ,― ասաց Եզոպոսը։
― Ես նրա համար եմ քայլելու ժամանակ միզում,― ասաց Քսանթոսը, որ ուզում եմ խուսափել երեք անախորժությունից։
― Որո՞նք են այդ երեք անախորժությունները,― հարցրեց Եզոպոսը։
― Շիկացած հողը, մեզի գարշահոտությունը և կիզիչ արևը,― ասաց Քսանթոսը։
― Հիմա ամեն ինչ պարզ է,― ասաց Եզոպոսը,― այլևս չեմ վիճում, գնա քո ճամփով։
― Օհո,― ասաց Քսանթոսը,― երևում է, ես ինձ համար ոչ թե ստրուկ եմ գնել, այլ տեր։
(29) Նրանք հասան տուն։ Այստեղ Քսանթոսն ասաց․
― Եզոպոս, կինս խիստ քմահաճ է։ Դու սպասիր այստեղ՝ դարբասի մոտ, մինչև ես նրան զգուշացնեմ, թե չէ հենց որ մռութդ տեսնի, իսկույն կհավաքի իր օժիտը և տնից կփախչի։
― Ի՞նչ արած,― ասաց Եզոպոսը,― քանի որ դու կնոջդ լաչակի գերին ես, գնա և ինչպես որ գիտես, այնպես էլ արա։
Քսանթոսը ներս մտավ և կնոջն ասաց․
― Դե, սիրելիս, դու այլևս ինձ վրա չես փքվի և ասի, որ իբր թե աղախիններիդ ձեռքիցդ խլում եմ, հիմա արդեն ինձ համար գնել եմ մի ստրուկ տղամարդ։
― Շնորհակալություն քեզ Աֆրոդիտե դիցուհի, քանզի ամենազոր ես դու և քո երազները չեն խաբում,― ասաց կինը,― իզուր չէր, որ ես, ամուսնյակս, երազ տեսա, իբրև դու մի գեղեցիկ ստրուկ էիր գնել և նվիրել ինձ։
― Դու մի փոքր սպասիր, սիրելիս,― ասաց Քսանթոսը,― և այնպիսի մի գեղեցիկ տղամարդ կտեսնես, որ ծնվածդ օրից չես տեսել։ Չուտես-չխմես՝ երեսին նայես․ Ապոլոնը, Գանիմեդն ու Էնդիմիոնը նրա մոտ հեչ են։
(30) Աղախինները նույնպես ուրախացան, և նրանցից մեկն ասաց․
― Նա հենց ինձ համար է որ կա, տերս ամուսին է գնել ինձ համար։
― Ոչ, ինձ համար,― ասաց մյուսը, ես նրան երազում տեսել եմ։
― Ով կարող է նրա սիրտը շարժել,― ասաց երրորդը,― նա էլ կստանա։
― Չլինի՞ թե դու ես ստանալու։
― Գուցե դո՞ւ, հը՞։
Եվ նրանք գնացին վիճելու։
Իսկ Քսանթոսի կինը հարցրեց․
― Դե, ո՞րտեղ է այդ նվերը, որով դու այդպես պարծենում ես։
― Դարբասի մոտ, թանկագինս,― պատասխանեց Քսանթոսը։ Դաստիարակության առաջին կանոնը պահպանված է՝ ուրիշի տունը չմտնել առանց հրավերի։ Նա էլ ահա ինձ հետ հասավ դարբասին ու հիմա այնտեղ կանգնած սպասում է՝ մինչև իրեն կանչեն։
Քսանթոսի կինն ասաց․
― Մեկնումեկը թող գնա այդ նորեկին կանչի։
Մինչդեռ մյուս աղախինները վիճում էին, նրանցից ավելի խելոքն ու խորամանկը մտածեց․ «Կգնամ և ինքս կծանոթանամ նրա հետ»։ Դուրս եկավ ու հարցրեց։
― Որտեղ է նոր ստրուկը։
Եզոպոսը շուռ եկավ և պատասխանեց․
― Այստեղ է, աղջիկս։
― Այդ դո՞ւ ես նոր ստրուկը։
― Հենց ես եմ, որ կամ։
― Իսկ ո՞րտեղ է պոչդ,― հարցրեց աղախինը։
Եզոպոսը նայեց նրան, հասկացավ, որ նա իրեն կապիկի տեղ է դնում, և պատասխանեց․․․
― Բոլորովին ոչ այնտեղ, որտեղ դու ես կարծում։ Դու կարծում ես՝ ետևից է, բայց այ, առջևից է։
Իսկ աղախինն ասաց․
― Սպասիր այստեղ, ներս մի մտիր։ Թե չէ հենց որ քեզ նման մի հրեշի տեսնեն, բոլորը տնից կփախչեն։
Նա վազեց տուն, իսկ այնտեղ աղախինները դեռ վիճում էին նոր ստրուկի համար։ Ներս մտած աղախինն ասաց․
― Վայ, աղջիկներ, ավելի լավ է մոռանաք, ինչ որ երազում էիք։ Հավե՞ս ունեք այդ տղայի համար կռվելու։ Նախ մի ձեր աչքով տեսեք, թե դա ինչ չնաշխարհիկ տղամարդ է։
Եվ ահա մեկը վազեց ու հարցրեց․
― Որտե՞ղ է իմ նորեկը, իմ սիրելին, իմ լավիկը։
Եզոպոսը նրան պատասխանեց․
― Ահա։
Իսկ աղախինը նրան ասաց․
― Թող Աֆրոդիտեն շրմփացնի քո այդ զզվելի ռեխին։ Ուրեմն, մենք քեզ համար ենք վիճում։ Թու։ Թրիքի կտոր։ Աստծո լույսը խավարի գլխիդ։ Այստեղ արի, բայց տես հա, ձեռքդ չդիպչի ինձ և ոչ էլ համարձակվիր մոտենալ։
Եզոպոսը ներս մտավ ու կանգնեց ուղիղ տանտիրուհու առջև։ (31) Հենց որ Քսանթոսի կինը տեսավ նրա այլանդակ կերպարանքը, շուռ եկավ դեպի ամուսինը և ասաց․
― Դե, Քսանթոս, ես տեսնում եմ, որ դու խորամանկ ես, իսկական փիլիսոփա և խաբեբա։ Դու որոշել ես ուրիշ կին բերել, բայց ամաչում ես երես առ երես ասել, որ ես հեռանամ այստեղից, և ահա դու շատ լավ իմանալով իմ նուրբ ճաշակը, այդ գարշելի արարածին առել բերել ես, որ ես զզվանքից թողնեմ հեռանամ։ Շատ լավ, օժիտս տուր, ես գնում եմ հորս մոտ։
Քսանթոսը Եզոպոսին ասաց․
― Դե, ի՞նչ ես սսկվել։ Ես քայլելիս հենց միզեցի թե չէ, դու յոթմղոնանոց ճառ ասացիր, իսկ հիմա մի բա՞ռ էլ չես գտնում, որ ասես այդ կնիկարմատին։
― Ինչո՞ւ ասեմ, խոսեց Եզոպոսը,― թող չքվի, ճիշտ էլ կանի։
― Լռիր, փուչ արարած,― ասաց Քսանթոսը։ Դու ինչ է, չե՞ս տեսնում, որ ես նրան կյանքիցս ավել եմ սիրում։
― Դու կնոջդ սիրո՞ւմ ես,― հարցրեց Եզոպոսը։
― Իհարկե սիրում եմ,― ասաց Քսանթոսը։
― Եվ դու ուզում ես,― հարցրեց Եզոպոսը,― որ նա քեզնից չհեռանա՞։
― Դե, իհարկե, հիմար, հիմարի գլուխ,― ասաց Քսանթոսը։
― Ի՞նչ արած,― ասաց Եզոպոսը,― ես նրան կպատասխանեմ, քանի որ դու այդպես ես ցանկանում։
Նա կանգնեց սենյակի կենտրոնում, ոտքը գետնին խփեց ու գոռաց․
― Եթե փիլիսոփա Քսանթոսը իր կնոջ լաչակի գերին է, ապա վաղը ես կհայտնեմ բոլոր ուսումնարաններում, թե նա որքան չնչին մարդ է։
― Այդ ի՞նչ է նշանակում, Եզոպոս,― հարցրեց Քսանթոսը։
(32) Իսկ Եզոպոսը դիմեց տանտիրուհուն։
― Կին,― ասաց նա,― ահա թե ինչ պետք է անես դու, երբ ամուսինդ որևէ տեղ գնա, քեզ համար գնիր այնպիսի մի ստրուկ, որ լինի ջահել, սիրունատես, հնազանդ, աչքերը՝ պարզ ու վճիտ, իսկ գանգուրները լինեն ոսկեգույն։
― Ինչո՞ւ,― հարցրեց Քսանթոսի կինը։
― Նրա համար,― ասաց Եզոպոսը,― որպեսզի այդ սիրուն տղան քեզ հետ և բաղնիք գնա, որպեսզի բաղնիքում շորերդ հանես տաս այդ սիրունիկին, որպեսզի լողանալուց հետո այդ սիրունիկը հագցնի քեզ և, առջևդ պպզած, սանդալներիդ քուղերը կապի, և սիլի-բիլի անի հետդ, և խելքամաղ եղած նայի աչքերիդ մեջ, որպես թե դու նրա ստրուկն ես, որպես թե դու էլ ես նրա հետ գնված, և դու նրան ժպտաս, և դու նայես նրան, և դու նրան կանչես ննջարան՝ տոտիկներդ մաժմժելու, և այնտեղ հալումաշ լինես, և այնտեղ գրկես և այնտեղ համբուրես, և այնտեղ ամեն ինչի հասնես քո այդ պիղծ անպատկառությամբ, իսկ փիլիսոփան թող մնա խայտառակված ու ծաղրված։ Օ երջանկահիշատակ Եվրիպիդես, օ ոսկեբերան, այդ դու ես ասել․
Սարսափելի է ալիքների զայրույթը փրփրակոծ ծովում, Սարսափելի է գետերի գրոհը և կատաղությունը կրակի, Սարսափելի է աղքատությունը, աշխարհում շատ սարսափներ կան, Բայց առավել սարսափելի չարիք չկա, քան չար կինը։
Մի՞թե դու, փիլիսոփայի տիկինը, խելացի մի կին, ուզում ես, որ քեզ ծառայեն միայն սիրունիկ ստրուկները, և չես հասկանում, թե դրանով ինչ բամբասանքներ և ինչ անարգանք ես բերում ամուսնուդ գլխին։ Ոչ, ես տեսնում եմ, որ դու ուղղակի մի թեթևաբարո կին ես և միայն այն պատճառով ազատություն չես տալիս քեզ, որ դեռ չգիտես, թե ինչի է ընդունակ քո նոր ստրուկը։
Քսանթոսի կինն ասաց․
― Այդ ինչ հարձակում էր։
Իսկ Քսանթոսն ասաց նրան․
― Նա հիմա էլ է գեղեցիկ խոսում, բայց դու սիրելիս, երբ քո պետքերը հոգալու լինես, նրա աչքին չերևաս, այն ժամանակ նա կդառնա մի իսկական Դեմոսթենես։
― Երդվում եմ Մուսաներով,― ասաց Քսանթոսի կինը,― այդ մարդուկը, իմ կարծիքով, թեկուզ սարսափելի է, բայց խելացի է։ Ինչ արած, ես պատրաստ եմ հաշտվելու նրա հետ։
― Դե, Եզոպոս, ասաց Քսանթոսը,― տանտիրուհին քեզ հետ հաշտվում է։
― Տեսնո՞ւմ ես տեր իմ,― ասաց Եզոպոսը,― պետք է գիտենալ կնոջը հաղթելու և հնազանդեցնելու գաղտնիքը։
― Ախ դու ավազակ,― ասաց Քսանթոսը։
(33) Իսկ Քսանթոսի կինն ասաց․
― Եզոպոս, ես տեսնում եմ, որ խոսելու մեջ վարպետ ես, բայց երազը խաբեց ինձ, ես կարծում էի, ինձ համար մի սիրունիկ ստրուկ կառնեն, այնինչ դու այլանդակ ես։
― Մի զարմացիր, տիրուհի,― ասաց Եզոպոսը,― որ երազը քեզ խաբեց, ամեն մի երազ չէ, որ կատարվում է։ Ապոլոնը՝ Մուսաների առաջնորդը, մի անգամ Զևսից գուշակելու ձիրք խնդրեց և ստացավ։ Այդ ժամանակից ոչ ոք չէր կարողանում նրա նման ճիշտ գուշակել։ Բայց որովհետև բոլորը զարմացել էին, բոլորին սկսեց բարձրից նայել։ Մուսաների առաջնորդը ամեն ինչում դարձավ չափազանց անձնապաստան։ Տիրակալը զայրացավ, նա չկամեցավ, որ Ապոլոնը մարդկանց վրա այդքան զորություն ունենա և ստեղծեց մարգարեական երազներ, որոնք մարդկանց առջև գիշերով բացում են ապագան։ Մուսաների առաջնորդը զգաց, որ իր գուշակություններն այլևս ոչ ոքի պետք չեն, և Զևսին խնդրեց ներել իրեն և չփշրել հավատը իր գուշակությունների նկատմամբ։ Զևսը ներեց նրան և մահկանացուների համար ստեղծեց խաբուսիկ երազներ, որպեսզի մարդիկ խաբվելով իրենց առաջին նախագուշակին վերադառնան։ Ահա թե ինչու միայն տեսածդ առաջին երազն է կատարվում։ Ուրեմն, դու տեսել ես ոչ թե առաջին երազը, այլ երկրորդը, կեղծը, որը պատիր տեսիլներով խաբկանքի մեջ է գցում քեզ։
(34) Քսանթոսը գովեց Եզոպոսին և, տեսնելով, որ նա խելացի է ու հնարամիտ, ասաց․
― Եզոպոս, պարկը վերցրու և հետևիր ինձ, մենք պետք է գնանք բանջարանոց, ճաշի համար բանջարեղեն գնենք։
Եզոպոսը պարկը գցեց ուսը և գնաց տիրոջ ետևից։ Քսանթոսը եկավ բանջարանոց, բանջարաբույծին գտավ և ասաց․
― Ճաշի համար մեզ բանջարեղեն տուր, խնդրեմ։
Բանջարաբույծը դանակը վերցրեց, կաղամբ կտրեց, հավաքեց ճակնդեղ, ծնեբեկ, գեղեցիկ ձևով կապեց իրար ու տվեց Եզոպոսին։ Քսանթոսը քսակը բացեց և ուզեց բանջարեղենի արժեքը վճարել։
(35) ― Այդ ինչի՞ համար է, ուսուցիչ,― հարցրեց բանջարաբույծը։
― Բանջարեղենի համար,― պատասխանեց Քսանթոսը։
― Իմ ինչի՞ն է պետք,― ասաց նա։― Իմ ամբողջ բանջարանոցը, ամբողջ բանջարեղենը քո մի հայացքին չարժեն։ Ավելի լավ է, դու ինձ միայն մի բան ասա։
― Երդվում եմ Մուսաներով,― ասաց Քսանթոսը,― ինձ ոչ բանջարեղեն է պետք, ոչ փող։ Ախր հասկացրու ինձ, այ մարդ, ես ինչ օգտակար բան կարող եմ ասել քեզ։ Չէ՞ որ ես ոչ արհեստավոր եմ, ոչ դարբին, չեմ կարող քեզ համար ոչ մուրճ պատրաստել, ոչ էլ բահ։ Ես փիլիսոփա եմ։
― Բարի տեր,― ասաց բանջարաբույծը,― դու շատ լավ կարող ես ինձ օգնել։ Մի հարց է տանջում ինձ, զօր ու գիշեր հանգիստ չի տալիս։ Երկար-բարակ մտածում եմ, հազար ու մի գուշակություն անում, բայց պատասխանը չեմ գտնում։ Ես իմ բույսերը տնկում եմ, հողը փորում, ջրում, խնամում, ինչպես կարող եմ, բայց արի տես, որ մոլախոտերը հողից ավելի շատ են ծլում, քան թե իմ բույսերը։ Պատճառն ի՞նչ է։
Քսանթոսը լսելով փիլիսոփայական այդպիսի մի խնդիր, չկարողացավ իսկույն պատասխանը գտնել և ասաց․
― Ի սկզբանե ամեն բան այդպես է ստեղծված աստվածային նախախնամությամբ։
(36) Իսկ Եզոպոսը, որ կանգնած էր Քսանթոսի ետևում, հանկարծ ծիծաղեց։ Քսանթոսը հարցրեց․
― Եզոպոս, այդ ի՞նձ վրա ես ծիծաղում։
― Ոչ, ասաց Եզոպոսը,― ոչ քեզ վրա։
― Հապա ո՞ւմ։
― Քո ուսուցիչների վրա, պատասխանեց Եզոպոսը։
― Անբան,― ասաց Քսանթոսը,― դու ի՞նչ է, ուզում ես ամբողջ Հելլա՞դան անգոսնել։ Չէ՞ որ ես սովորել եմ Աթենքում, լավագույն փիլիսոփաների, քերականների ու հռետորների մոտ։ Դո՞ւ պետք է խցկվես Հելիկոնի Մուսաների այդ երգչախմբի մեջ։
― Իսկ եթե դու անմիտ բան ես ասում,― պատասխանեց Եզոպոսը,― ինչպե՞ս չծիծաղեմ դրա վրա։
Քսանթոսն ասաց․
― Բայց մի՞թե կարելի է այդ հարցին այլ ձևով պատասխանել։ Ինչ որ սահմանված է աստվածային բնությամբ, փիլիսոփաները չեն կարող քննել։ Գուցե դու ուրի՞շ պատասխան գիտես։
― Առաջարկիր, և ես կպատասխանեմ,― ասաց Եզոպոսը։
(37) ― Այ դու խաբեբա,― ասաց Քսանթոսը շփոթված,― ինձ վիճակվել է փիլիսոփայել այնքան ուսումնարաններում, որ կարծես նույնիսկ հարմար չէ բանջարանոցում փիլիսոփայել,― թող այդպես լինի, հետևիր ինձ։
Նրանք եկան բանջարաբույծի մոտ, և Քսանթոսն ասաց նրան․
― Այստեղ ինձ հետ է իմ ստրուկը, նա ուշիմ է և հնարամիտ։ Հարցրու նրան, և նա քեզ կպատասխանի։
― Ինչպե՞ս,― հարցրեց բանջարաբույծը,― այդ խրտվիլակը գրագե՞տ է։
Եզոպոսը ծիծաղեց․
― Դու ի՞նձ հետ ես այդպես խոսում թշվառական։
― Այդ ե՞ս եմ թշվառականը,― հարցրեց բանջարաբույծը։
― Ի՞նչ է դու բանջարաբույծ չե՞ս,― հարցրեց Եզոպոսը։
― Բանջարաբույծ եմ, հետո ի՞նչ,― պատասխանեց նա։
― Իսկ եթե բանջարաբույծ ես, էլ ինչո՞ւ ես բարկանում, որ քեզ թշվառական են կոչում,― ասաց Եզոպոսը։― Այդպես ուրեմն, դու ուզում ես իմանալ, թե ինչու քո բույսերը տնկում ես, կարելույն չափ հողը սնուցում, ջրում, խնամում, բայց և այնպես, մոլախոտերը հողի տակից նրանցից ավելի շուտ են դուրս գալիս։ Լսիր ուշադիր, դա նույնն է, ինչ որ երկրորդ անգամ ամուսնացած կինը, ընդ որում, նա արդեն երեխաներ ուներ առաջին ամուսնուց, իսկ նրա ամուսինը՝ առաջին կնոջից, առաջինների համար նա հարազատ մայր է, երկրորդների համար՝ խորթ մայր։ Այստեղ մեծ տարբերություն կա։ Իր ծնած երեխաներին նա սիրով սնում է, մեծացնում, իսկ ուրիշի տանջանքներից ծնվածներին նախանձով ատում է և ուրախությամբ նրանց սնունդը տալիս է իր երեխաներին։ Եվ այդ բոլորը այն պատճառով, որ նա իր երեխաներին սիրում է որպես արյունակիցների, իսկ ամուսնու երեխաներին ատում է որպես օտարների։ Եվ ահա ես էլ ասում եմ, որ հողն էլ է նրանց համար այդպես, ում որ ինքն է ծնել՝ մայր կլինի, իսկ քո ցանածների համար՝ խորթ մայր կլինի։ Դրա համար էլ նրանց այնպես է սնում, որ իր հարազատ զավակներն ավելի լավ աճեն, քան թե քո ձեռքով տնկած որդեգիրները։
Բանջարաբույծը լսեց ու ասաց․
― Դու ինձ ազատեցիր մեծ գլխացավանքից։ Այդ բանջարեղենը վերցրու քեզ նվեր, իսկ եթե քեզ պետք լինի որևէ բան, կարող ես մտնել այստեղ, ինչպես քո սեփական բանջարանոցը։
(38) ― Եվ խելքիդ շատ զոռ մի տուր, խնդրեմ,― ասաց Քսանթոսը,― կատարիր միայն, ինչ որ հրամայված է ոչ ավել, ոչ պակաս, թե չէ դրանից լավ բան չի ստացվի։ Իսկ հիմա վերցրու սրվակն ու սրբիչը և գնանք բաղնիք։
Քսանթոսը հանվեց, հագուստը տվեց Եզոպոսին և ասաց․
― Սրվակը տուր։
Եզոպոսը տվեց։ Քսանթոսը վերցրեց, շուռ տվեց և տեսավ, որ դատարկ է։
― Եզոպոս,― ասաց նա,― իսկ ո՞րտեղ է յուղը։
― Տանը,― պատասխանեց Եզոպոսը։
― Ինչո՞ւ։
― Որովհետև դու ասացիր․ «Վերցրու սրվակն ու սրբիչը», իսկ յուղի մասին ոչինչ չասացիր։ Ավելին անել, քան հրամայված է, ես չեմ կարող, թե չէ կստացվի, որ ես քեզ չեմ լսում, և մեջքս դրա համար կդաղեն։― Այդպես ասաց Եզոպոսը և լռեց։
(39) ― Բաղնիքում Քսանթոսը հանդիպեց բարեկամներին։ Եվ ահա նա Եզոպոսին հրամայեց իր հագուստները հանձնել նրանց ստրուկներին և ավելացրեց․
― Գնա տուն, և քանի որ կինս այնքան էր կատաղել, որ մեր տարած բանջարեղենը ոտքերի տակ տրորեց, ճաշի համար մի ոսպ եփիր։ Գցիր կաթսայի մեջ, ջուր լցրու, դիր օջախին, տակը փայտ դիր, կրակ արա։ Իսկ եթե թափվի փչիր։ Գնա և ամեն բան կատարիր այնպես, ինչպես ասացի։
― Լավ,― ասաց Եզոպոսը։
Նա գնաց տուն, մտավ խոհանոց, ոսպի մի հատիկ գցեց կաթսան և եփեց։
Այդ ընթացքում Քսանթոսը իր բարեկամների հետ լողացավ ու ասաց․
― Բարեկամներս, դուք չէի՞ք բաժանի, արդյոք, իմ համեստ ճաշը։ Ես ձեզ կհյուրասիրեմ միայն ոսպով, բայց չէ՞ որ բարեկամներին գնահատում են ոչ թե ճոխ հյուրասիրությամբ, այլ բարեհաճությամբ, երբեմն հասարակ ուտելիքը, ամենալավ ուտելիքից էլ լավ է, եթե սիրով է մատուցվում։
― Գնանք,― ասացին բարեկամները։
(40) Քսանթոսը նրանց բերեց տուն և Եզոպոսին ասաց․
― Եզոպոս, ջուրն ուղղակի բաղնիքից տուր թող խմեն։
Եզոպոսը բաղնիքի լագանից շերեփով վերցրեց կեղտաջուրը և տվեց Քսանթոսին։ Քսանթոսը հարցրեց։
― Այդ ի՞նչ է նշանակում։
― Ուղղակի բաղնիքից խմել,― ասաց Եզոպոսը
Քսանթոսը մռայլվեց և ասաց․
― Ոտքեր լվանալու լագանը տուր։
Եզոպոսը դատարկեց և չոր լագանը տվեց նրան։ Վեր կացավ և կանգնեց։
― Իսկ այդ ի՞նչ է նշանակում,― հարցրեց Քսանթոսը։
Եզոպոսն ասաց․
― Չէ՞ որ դու ինձ ասացիր․ «Լագանը տուր» և ոչ թե՝ «Ջուրը լցրու և ոտքերս լվա»։
― Սանդալներս հանիր ոտքերիցս,― ասաց Քսանթոսը,― և կատարիր այն բոլորը, ինչ որ պահանջվում է։ Իսկ հետո դիմեց հյուրերին․ – Ինչպես տեսնում եք, բարեկամներս, ես ինձ համար ոչ թե ստրուկ եմ գնել, այլ խորհրդատու։ Իսկ այժմ, եթե հարմար է, մոտենանք սեղանին։
(41) Երբ բոլորն արդեն մեկ-երկու բաժակ խմել էին Քսանթոսը հարցրեց․
― Եզոպոս, ոսպը եփվե՞ց։
Եզոպոսը պատասխանեց։
― Այո։
― Մի բեր համտես անեմ,― ասաց Քսանթոսը։
Եզոպոսը գդալով որսաց ոսպի միակ հատիկը և մատուցեց Քսանթոսին։
Քսանթոսը կերավ և ասաց․
― Լավ է եփվել, իսկականն է։ Բեր մատուցիր։
Եզոպոսը դասավորեց ափսեները, մեջը լցրեց եռման ջուրը և հրավիրեց․
― Համեցեք, ճաշը մատուցված է։
― Ինչպե՞ս,― ասաց Քսանթոսը,― այստեղ միայն եռացած ջուր է, իսկ ո՞րտեղ է ոսպը։
― Ոսպը,― պատասխանեց Եզոպոսը,― հենց նոր դու կերար։
― Ի՞նչ է,― հարցրեց Քսանթոսը,― դու միայն մի հատիկ ես եփել։
― Իհարկե,― պատասխանեց Եզոպոսը,― չէ՞ որ դու ինձ ասացիր․ «Մի ոսպ եփիր» և ոչ թե՝ «Ոսպով ապուր եփիր»։ Առաջինը եզակի է, իսկ երկրորդը հոգնակիի իմաստ ունի։
(42) Քսանթոսն ասաց․
― Այդ դեպքում, որպեսզի հյուրերս չնեղանան, շուտ վազիր և քացախով ու կանաչեղենով պատրաստիր խոզի այն չորս ոտքը, որ երեկ գնեցի։
Եզոպոսը խոզի ոտքերը գցեց կաթսան և սկսեց եփել։ Իսկ Քսանթոսը, որ Եզոպոսին ծեծելու առիթ էր փնտրում, վեր կացավ և նրան ասաց․
― Եզոպոս, մառանից քացախը բեր և լցրու կաթսան։
Եզոպոսը վազեց մառան, իսկ Քսանթոսը մոտեցավ, կաթսայից հանեց խոզի ոտքերից մեկը և թաքցրեց։
Եզոպոսը վերադարձավ և տեսավ, որ կաթսայում մնացել է երեք ոտք։ Նա գլխի ընկավ, որ Քսանթոսը մի ոտքը հանել է, որպեսզի իրեն ծեծի։ Նայեց շուրջը և տեսավ, որ բակում վազվզում է մի գոջի, որին գիրացնում էին տանտիրուհու ծննդյան օրը մորթելու համար։ Անմիջապես բռնեց, թոկով դունչը կապեց, մի ոտքը կտրեց, խանձեց և գցեց կաթսան։
Իսկ Քսանթոսը այդ նույն պահին մտածեց, որ եթե խոզի ոտքը պակասի, Եզոպոսը կարող է փախչել, թաքցրած ոտքը հանեց, մոտեցավ կաթսային և գցեց մեջը։ Այդպիսով, կաթսայում հինգ ոտք եղավ, բայց այդ մասին ոչ Եզոպոսն իմացավ, ոչ էլ Քսանթոսը։
(43) Մի փոքր անց, Քսանթոսը հարցրեց Եզոպոսին․
― Խոզի ոտքերը եփվեցի՞ն։
Եզոպոսը պատասխանեց․
― Այո տեր իմ։
― Բեր,― ասաց Քսանթոսը։
Եզոպոսն սկուտեղը դրեց, շուռ տվեց կաթսան և միանգամից դուրս թափվեցին խոզի հինգ ոտքերը։ Տեսնելով այդ, Քսանթոսը գունատվեց և հարցրեց․
― Եզոպոս, գոջին քանի՞ ոտք ունի։
― Միջին հաշվով՝ ճիշտ այսքան,― ասաց Եզոպոսը,― սա հինգ ոտք ունի, իսկ բակինը՝ երեք։
― Դե, բարեկամներս,― ասաց Քսանթոսը,― այս մարդը շուտով ինձ կխելագարեցնի։
Եզոպոսն ասաց․
― Իսկ ինչո՞ւ ես ինքդ այդպիսի կարգ սահմանել։ Առանց դրան, իմ ծառայությունն ավելի շահավետ կլինի։ Բայց մի վշտացիր, տեր իմ, քո հաստատած կարգ ու կանոնից դու ինքդ դասեր կքաղես, ուսումնարանում այլևս սխալներ թույլ չես տա, որովհետև չափազանց նեղ կամ չափազանց լայն սահմանումներ տալը սխալ է և այն էլ՝ կոպիտ սխալ։
Քսանթոսը այդպես էլ Եզոպոսին ծեծելու առիթ չգտավ և ստիպված հաշտվեց։
(44) Դրանից հետո Եզոպոսը Քսանթոսի հետ գնում էր ուսումնարանները, և շուտով արդեն բոլորը նրան ճանաչում էին։
Մի անգամ աշակերտներից մեկը Քսանթոսին և իր դասընկերներին ճաշի հրավիրեց։ Քսանթոսը Եզոպոսին ասաց․
― Վերցրու ճաշի բոլոր պարագաները և հետևիր ինձ։ «Բոլոր պարագաները» նշանակում է՝ զամբյուղ, բաժակապնակ, սանդալներ, ջահ և մնացած բաները, որ կարող եմ մոռանալ։
Եզոպոսը վերցրեց ինչ որ պետք էր և գնաց նրա ետևից։
Ճաշին Քսանթոսը վերցրեց մի քանի պատառ միս և տվեց Եզոպոսին։ Նա այդ բոլորը դրեց զամբյուղը։ Քսանթոսը շուռ եկավ և հարցրեց․
― Մի տես բոլոր ճաշատեսակներից վերցրել ենք՝ և առաջին, և երկրորդ, և երրորդ։
― Բոլորից,― ասաց Եզոպոսը։
Հիմա այդ բոլորը տար իմ հավատարիմ սիրեցյալին։
― Շատ լավ,― պատասխանեց Եզոպոսը։
Նա մի կողմ գնաց և ինքն իրեն միտք արեց․ «Այ, հիմա ես կարող եմ արժանին հատուցել տիրուհուս։ Ոչ մի բանով նրան չես գոհացնի։ Երբ Քսանթոսը գնեց ինձ, կինը ծիծաղեց վրաս և կռվեց, իսկ երբ բանջարաբույծն ինձ բանջարեղեն նվիրեց, նա դուրս շպրտեց ու տրորեց, այնպես որ ես նույնիսկ մի հաճելի բան չեմ կարող անել տիրոջս։ Հիմա ես նրան ցույց կտամ, որ հավատարիմ ստրուկի դեմ կինը ոչինչ չարժե։ Իզո՞ւր էր, ինչ է, որ տերն ինձ ասաց․ «Տար իմ սիրեցյալին»։ Հիմա կտեսնենք, թե ո՞վ է նրա սիրեցյալը»։
(45) Եզոպոսը գնաց տուն, ներս մտավ, զամբյուղը դրեց իր առջև և կանչեց Քսանթոսի կնոջը։ Նրան ցույց տվեց մսի համեղ պատառները և ասաց․
― Տեսնո՞ւմ ես, տիրուհի, ես այստեղից ոչինչ չեմ կորցրել և չեմ կերել։
― Տեսնում եմ,― ասաց տիրուհին,― ամեն ինչ տեղում է և ամեն ինչ կարգին։ Ուրեմն այդ ինձ համար է ուղարկել տերը։
― Ոչ,― ասաց Եզոպոսը։
― Հապա ո՞ւմ համար,― հարցրեց տիրուհին։
― Իր սիրեցյալի,― պատասխանեց Եզոպոսը։
― Ախ դու, ավազակ,― ասաց Քսանթոսի կինը,― եթե ես չեմ նրա սիրեցյալը, հապա ո՞վ է։
― Մի քիչ սպասիր,― ասաց Եզոպոսը,― և կտեսնենք, թե ո՞վ է նրա սիրեցյալը։
Հենց այդ պահին նա տեսավ շանը, որ նրանց տանն էր մեծացել, կանչեց ու ասաց․
― Գայլուկ, Գայլուկ, մոտ արի, առ վերցրու։
Շունը մոտ վազեց, և Եզոպոսը ամբողջ ուտելիքը տվեց նրան։ Շունը կերավ, կշտացավ, իսկ Եզոպոսը նորից գնաց այնտեղ, ուր ճաշկերույթն էր, ու կանգնեց Քսանթոսի ոտքերի մոտ։
(46) ― Հը, ինչպես էր,― հարցրեց Քսանթոսը,― տվեցի՞ր։
― Տվեցի,― պատասխանեց Եզոպոսը։
― Կերա՞վ,― հարցրեց Քսանթոսը։
― Բոլորն էլ կերավ,― պատասխանեց Եզոպոսը։
― Եվ չպայթե՞ց,― հարցրեց Քսանթոսը։
― Ոչ,― ասաց Եզոպոսը,― շատ սոված էր։
― Հաճույքո՞վ կերավ,― հարցրեց Քսանթոսը։
― Այն էլ ինչպես,― ասաց Եզոպոսը։
― Եվ ի՞նչ ասաց,― հարցրեց Քսանթոսը։
― Ոչ մի բան,― պատասխանեց Եզոպոսը,― բայց ամբողջ տեսքը շնորհակալություն էր արտահայտում։
― Դե, ես էլ նրան եմ շնորհակալ,― ասաց Քսանթոսը։
Իսկ այդ նույն պահին Քսանթոսի կինն իր աղախիններին ասաց․
― Դե աղջիկներ, ես այլևս Քսանթոսի մոտ մնալ չեմ կարող։ Օժիտս վերցնելու եմ ու գնամ։ Ո՞նց թե։ Ես ինչպե՞ս ապրեմ նրա հետ, երբ շունը նրա համար թանկ է, քան ես։― Եվ կատաղած ու փրփրած փակվեց իր ննջարանում։
(47) Իսկ ճաշկերույթը երկարում էր, աշխույժ խոսք ու զրույց էր գնում, վիճում էին զանազան հետաքրքիր հարցերի մասին, ինչպես լինում է գիտուն մարդկանց շրջանում։ Աշակերտներից մեկը հարցրեց․
― Մարդիկ ե՞րբ կարող են ամենից ավելի գլուխները կորցնել։
Եզոպոսը տիրոջ թիկունքից պատասխանեց․
― Երբ ննջեցյալները կենդանանան և իրենց ունեցվածքը ետ պահանջեն։
Բոլորը քրքջացին և շարունակեցին շատախոսել սեղանի շուրջ։
― Սա այն նոր ստրուկն է,― ասացին աշակերտները,― որ Քսանթոսը մեր ներկայությամբ գնեց։
― Այո, այդ օրը նա ինձ ոչխար անվանեց,― ասաց մեկը։
― Միայն թե նա ամեն ինչ չի հորինում,― ասաց մյուսը,― որոշ բաներ էլ ուսուցչից է վերցնում։
― Ինչպես և դուք բոլորդ,― պատասխանեց Եզոպոսը։
― Ուսուցիչ,― թախանձեցին աշակերտները,― ի սեր բոլոր Մուսաների, Եզոպոսին թույլ տուր մեզ հետ խմի։
Քսանթոսը թույլատրեց, և Եզոպոսը խմեց։
(48) Այդ միջոցին աշակերտներից մեկը մյուսին ասաց․
― Ասա խնդրեմ, այդ ինչի՞ց է, որ երբ ոչխարին են տանում մսագործի մոտ, նա լռում է, իսկ երբ խոզին են տանում՝ ամբողջ կոկորդով մեկ ճղավում է։
Ոչ ոք չկարողացավ պատասխանել և Եզոպոսն ասաց․
― Այդ նրանից է, որ ոչխարի կաթն էլ է օգտակար, բուրդն էլ, և մարդիկ ժամանակ առ ժամանակ նրան խուզում են ու կթում, և դրանից նա թեթևանում է։ Դրա համար էլ նա հանգիստ մտնում է դանակի տակ, ոչ մի վատ բան չի մտածում և դանակ տեսնելուց էլ չի վախենում։ Իսկ խոզից ոչ բուրդ են ստանում, ոչ էլ կաթ, և երբ նրան տանում են մսագործի մոտ, նա ճղավում է, քանի որ գիտե, որ ինքը պիտանի է միայն որպես մսացու։
Եվ աշակերտները բացականչեցին․
― Հիանալի պատասխան է, երդվում ենք բոլոր Մուսաներով։
(49) Ճաշկերույթը վերջացավ, բոլորը ցրվեցին և Քսանթոսն ուղևորվեց դեպի տուն։ Նա մտավ ննջարան և սկսեց կնոջը ձանձրացնել իր գուրգուրանքներով ու համբույրներով։ Իսկ կինը նրանից շուռ եկավ ու ասաց․
― Հեռու ինձանից, գնա ստրուկներիդ սիրիր, գամփռներիդ հետ համբուրվիր, իսկ ինձ տուր իմ օժիտը, ես գնում եմ։
― Այ քեզ բան,― ասաց Քսանթոսը,― էլի ի՞նչ է արել իմ Եզոպոսը։
― Հեռու,― գոչեց կինը,― դու շանն ես կերակրում, նրա հետ էլ ապրիր։
― Ահա խնդրեմ,― ասաց Քսանթոսը,― ասացի չէ՞, որ Եզոպոսն է եփել այդ շիլա-շփոթը։ Կանչել այստեղ Եզոպոսին։
Եզոպոսը ներկայացավ։ Քսանթոսը նրան ասաց․
― Եզոպոս, ուտելիքն ո՞ւմ ես տվել։
― Տեր իմ,― պատասխանեց Եզոպոսը,― դու ինքդ չասացի՞ր․ «Տուր սիրեցյալիս»։
― Ինձ ոչ մի պատառ էլ չի տվել,― ասաց Քսանթոսի կինը,― երեսին եմ ասում, թող փորձի ժխտել։
― Տեսնո՞ւմ ես, ավազակ,― ասաց Քսանթոսը,― նա ասում է, որ նրան ոչինչ չես տվել։
― Սպասիր,― ասաց Եզոպոսը,― դու հրամայեցիր ուտելիքն ո՞ւմ տալ։
― Սի―րեց―յա―լիս,― պատասխանեց Քսանթոսը։
― Ուրեմն նա՞ է քո սիրեցյալը,― հարցրեց Եզոպոսը։
― Հապա ո՞վ է, քո կարծիքով, տխմարի մեկը,― գոռաց Քսանթոսը։
― Այ հիմա կտեսնես, թե ո՞վ է,― ասաց Եզոպոսը։ Նա կանչեց շանը և Քսանթոսին ասաց․ «Ահա քո սիրեցյալը»։ Կինդ էլ է ձևացնում, որ քու հավատարիմ սիրեցյալն է, բայց դա սուտ է։ Մի պատառ ուտելիքի համար նա իր օժիտը ետ է պահանջում, ուզում է քեզանից հեռանալ, քո կարծիքով դա հավատարմությո՞ւն է։ Իսկ շանը դու կարող ես խփել, ծեծել, բուրդը քամուն տալ, տնից դուրս քշել, քեզ երբեք չի լքի, այլ ամեն ինչ կների, կփաթաթվի ոտքերիդ և պոչը կթափահարի։ Դու պետք է ասեիր՝ «Կնոջս», և ոչ թե «հավատարիմ սիրեցյալիս»։
― Տեսնո՞ւմ ես, աղավնյակս,― ասաց Քսանթոսը,― այստեղ ոչ թե ես եմ մեղավոր, այլ այդ վայրահաչը։ Բայց դու մի նեղացիր, ես թույլ չեմ տա, որ քեզ վիրավորեն, իսկ այդ մարդը դեռ իր պատիժը կստանա։
(50) ― Ոչ,― ճչած կինը, այսօրվանից ևեթ ոտքս կտրում եմ քո շեմից։― Եվ, սատանի ձին հեծած, գնաց ծնողների մոտ ապրելու։
Եզոպոսն ասաց տիրոջը․
― Ահա, խնդրեմ, մի՞թե ես ճշմարտությունը չէի ասում, որ հավատարիմ սիրեցյալդ ոչ թե կինդ է, այլ շունդ։
Անցավ մի քանի օր, Քսանթոսի կինը երկու ոտքը մի մաշիկի մեջ դրեց ու տուն չեկավ։ Քսանթոսն իր բարեկամներին ուղարկեց նրա մոտ, որ համոզեն վերադառնա, բայց նա մնաց իր ասածին։ Եզոպոսը տեսավ, որ այդ փորձանքից տերը գլուխը կորցրել է, մոտեցավ նրան և ասաց․
― Մի տխրիր, տեր իմ, վաղը ես այնպես կանեմ, որ նա ինքը իր ոտքով գա քեզ մոտ։
Նա փող վերցրեց գնաց շուկա, և հավերով ու սագերով բեռնավորված վերադարձավ, իբրև թե պատահաբար այն տան մոտով, որտեղ Քսանթոսի կինն էր ապրում։ Այստեղ նա հանդիպեց վերջինիս ծնողների աղախիններից մեկին և հարցրեց․
― Լսիր եղբայր, այս կողմերում հավեր, սագեր և հարսանիքի համար այլ բաներ ծախող չկա՞։
― Իսկ ինչի՞դ է պետք,― հարցրեց նա։
― Իմ փիլիսոփա Քսանթոսը վաղն ամուսնանում է,― պատասխանեց Եզոպոսը։
Աղախինը նետվեց Քսանթոսի կնոջ մոտ և իր լսածի մասին նրան պատմեց։ Հենց որ նա այդ լուրը լսեց, շնչակտուր վազեց փիլիսոփայի մոտ ու գոռաց։
― Քսանթոս,― քանի դեռ ողջ եմ, այս տունը ուրիշ կին չի մտնի։
(51) Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասաց․
― Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր։
«Լավ,― մտածեց Եզոպոսը,― սպասիր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»։ Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված խոզի լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց խառը համեմունքներով։ Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին։
― Եզոպոս, մեզ համար ուտելիք բեր։
Եզոպոսը բոլորին սոուսով խաշած լեզու մատուցեց։
― Օհո, ուսուցիչ,― ասացին աշակերտները,― նույնիսկ քո ճաշն էլ է փիլիսոփայական, ոչինչ չի վրիպում քո աչքից։ Դեռ նոր ենք տեղավորվել սեղանի շուրջը, բայց արդեն լեզու են մատուցում։
(52) Մեկ―երկու բաժակ խմելուց հետո, Քսանթոսն ասաց․
― Եզոպոս ուտելիք բեր մեզ համար։
Եզոպոսը աղած պղպեղով տապակած լեզու մատուցեց։
― Աստվածային է, ուսուցիչ,― ասացին աշակերտները,― կրակից և աղած պղպեղից լեզուն ավելի սուր համ է ունենում, աղի այրողությունը միանալով լեզվի բնական սրության հետ, տալիս է հաճելի և թունդ համ։
Նրանք մի անգամ էլ խմեցին, և երրորդ բաժակին Քսանթոսն ասաց․
― Եզոպոս, վերջապես, մեզ ուտելիք տալո՞ւ ես, թե ոչ։
Եզոպոսը արմտիքով համեմած սառը լեզու մատուցեց։
Աշակերտներն իրար ասացին․
― Օֆ, Դեմոկրիտոս, լեզուս արդեն ցավում է այսքան լեզուներից։
― Մի՞թե այստեղ ուրիշ ոչինչ չկա։ Երևում է, որտեղ Եզոպոսի մատը խառն է, այնտեղ լավ բան չպետք է սպասել։
Սառը լեզուներից բոլորի սիրտը խառնեց։ Քսանթոսն ասաց․
― Եզոպոս, մեզ ապուր բեր։
Եզոպոսը մատուցեց լեզուներից մնացած խաշուն։ Հյուրերը տեսնել իսկ չուզեցին։
― Ահա և վերջին հարվածը մեր գլխին,― ասացին նրանք,― Եզոպոսը մեզ սպանեց իր լեզուներով։
― Եզոպոս,― ասաց Քսանթոսը,― մենք ուրիշ ոչինչ չունե՞նք։
― Ուրիշ ոչինչ,― պատասխանեց Եզոպոսը։
(53) ― Ուրիշ ոչի՞նչ, սրիկա,― ասաց Քսանթոսը։― Մի՞թե ես քեզ չասացի՝ «Գնիր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»։
Եզոպոսը պատասխանեց․
― Բախտս բերել է, որ ինձ նախատում ես այս գիտուն պարոնների ներկայությամբ։ Դու ինձ չասացի՞ր՝ «Գնիր աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը»։ Իսկ աշխարհում կա՞ ավելի լավ և գեղեցիկ բան, քան լեզուն է։ Մի՞թե լեզվով չի պահվում ամբողջ փիլիսոփայությունը և ամբողջ գիտական միտքը։ Առանց լեզվի ոչինչ չի կարելի անել՝ ո՛չ տալ, ո՛չ առնել, ո՛չ գնել պետական կարգուկանոնը, օրենքները, որոշումները գոյություն ունեն միայն լեզվի շնորհիվ։ Մեր ամբողջ կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա աշխարհում։
Աշակերտներն ասացին․
― Երդվում ենք Մուսաներով, նա շատ լավ է դատում։ Դու ճիշտ չես, ուսուցիչ։
Աշակերտները ցրվեցին իրենց տները, և ամբողջ գիշեր նրանց փորը ցավեց։
(54) Առավոտյան նրանք բողոքեցին Քսանթոսին և նա ասաց․
― Իմ գիտուն բարեկամներ, մեղավորը ես չեմ, այլ իմ անպիտան ստրուկ Եզոպոսը։ Բայց դրա փոխարեն ես ձեզ այսօր կհյուրասիրեմ իսկական ճաշով, այ լսեցեք, թե ինչ պետք է կարգադրեմ։― Եվ ձայն տալով Եզոպոսին ասաց․ – Որովհետև իմ բոլոր ասածները հակառակն ես շուռ տալիս, ահա քեզ իմ հրամանը՝ գնա շուկա և գնիր ամենից վատ և ամենից անպետք բանը։
Եզոպոսը լսեց հրամանը և նույնիսկ աչքը չթարթեց։ Նա նորից գնաց մսի խանութ, նորից գնեց բոլոր փողոտված խոզերի լեզուները և նորից նրանցից ճաշ պատրաստեց։ Այդ միջոցին իր աշակերտների հետ միասին եկավ Քսանթոսը, նրանք տեղավորվեցին սեղանի շուրջը, և երբ առաջին բաժակը խմեցին, Քսանթոսն ասաց․
― Եզոպոս, ուտելիք բեր մեզ համար։
Եզոպոսը բոլորին մատուցեց քացախի մեջ դրած լեզուն։
― Ինչպե՞ս,― ասացին հյուրերը,― նորից լեզու։
Քսանթոսը գունատվեց։ Իսկ աշակերտները մեկնաբանեցին․
― Երեկվա փորլուծից հետո, այսօր նա ուզում է մեզ այս քացախով բուժել։
Էլի մի երկու բաժակ խմեցին, և Քսանթոսն ասաց․
― Ուտելու բան բեր մեզ համար։
Եզոպոսը բոլորին տապակած լեզու մատուցեց։
― Այդ ի՞նչ է նշանակում,― ասացին աշակերտները։
Երեկվա այդ տխմարը ուզում է մեզ վերջնականապե՞ս սպանել իր լեզուներով։
(55) Քսանթոսն ասաց․
― Դու էլի նո՞ւյնն ես կրկնում, չարագործ։ Ինչպե՞ս ես հանդգնել գնել այդ լեզուները։ Մի՞թե ես քեզ չասացի՝ «Գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը»։
Եզոպոսը պատասխանեց․
― Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհում։ Լեզուն մեզ բերում է երկպառակտություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ։ Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է։
Սեղանի շուրջ նստած աշակերտներից մեկը Քսանթոսին ասաց․
― Ուսուցիչ, եթե դու այդ տղային լսես, նա շուտով քեզ կխենթացնի։ Ինչպես դեմքն է, այնպես էլ հոգին է, չարակամ, ամեն ինչից դժգոհ, ես դրան մի գրոշ չէի տա։
― Ձայնդ կտրիր երեխա,― պատասխանեց Եզոպոսը,― իմ համեմատ դու շատ ավելի չարակամ ես։ Քսանթոսի համար դու օտար ես, և համենայն դեպս, քո խոսքերով զայրույթ ես բորբոքում նրա մեջ և տիրոջը գրգռում ստրուկի դեմ։ Դու լուրջ մարդ չես, այլ ծակամուտ և հետաքրքրասեր, քանի որ քիթդ խոթում ես քեզ չվերաբերող գործերի մեջ։
(56) Եվ Քսանթոսը, որը դեռ առիթ էր փնտրում Եզոպոսին պատժելու, այդ լսեց ու ասաց․
― Եզոպոս, դու իմ բարեկամին անվանեցիր ծակամուտ և հետաքրքրասեր։ Դե, եթե բախտս այնպիսին է, որ պետք է սեփական ստրուկիս հետ գիտական վեճերի մեջ մտնեմ, ուրեմն, բացատրիր ինձ, ինչո՞ւ է նա ծակամուտ և հետաքրքրասեր, իսկ մյուսները՝ ոչ։
― Իհարկե, հետաքրքրասերն է,― պատասխանեց Եզոպոսը։― Ուրիշի հաշվին ուտելու և խմելու սիրահարներ շատ կան աշխարհում, բայց բոլորն իրենց քթները չեն խոթում ուրիշիների գործերի մեջ, նրանց համար իրենց հոգսերն էլ հերիք են։
― Ուրեմն, քո կարծիքով,― ասաց Քսանթոսը ,― աշխարհում անհետաքրքրասեր մարդիկ էլ կան։ Ահա քեզ իմ հրամանը՝ ի փոփոխումն նախկինի, ճաշը թող մեկ ուրիշը պատրաստի, իսկ դու գնա մի անհետաքրքրասեր մարդ գտիր և ճաշի հրավիրիր ինձ մոտ։ Այստեղ էլ մենք կտեսնենք, թե ինչպես է, որ նա քիթը չի խոթում ուրիշների գործերի մեջ։ Մի անգամ միջամտի՝ կլռեմ, երկրորդ անգամ՝ կներեմ, իսկ երրորդ անգամ որ միջամտի, մի լավ ծեծ կուտես, և շատ էլ տեղին կլինի։
(57) Եզոպոսն այդ բոլորը լսեց, և հետևյալ օրը գնաց շուկա՝ անհետաքրքրասեր մարդ գտնելու։ Գնաց հրապարակ և տեսավ երկու հոգի կռվում են, մարդիկ խռնվել են նրան շուրջը, և միայն մեկը մի կողմ նստած՝ գիրք էր կարդում։ Եզոպոսը մտածեց․ «Այ հենց դրան էլ կկանչեմ․ հետաքրքրասերի նման չէ և ինձ ծեծլու պատճառ էլ չի լինի»։ Մոտեցավ և ասաց․
― Հարգելիս, փիլիսոփա Քսանթոսը լսել է քո բարի վարքի մասին և քեզ հրավիրում է ճաշի։
― Կգամ,― պատասխանեց նա,― և կսպասեմ դարբասի մոտ։
Եզոպոսը գնաց տուն, ճաշ եփեց։ Քսանթոսը նրան հարցրեց․
― Եզոպոս, իսկ ո՞րտեղ է այն հյուրը, որը հետաքրքրասեր չէ։
― Դարբասի մոտ սպասում է,― պատասխանեց Եզոպոսը։
Ճաշի ժամանակը եկավ, հյուրին ներս թողեցին և, բոլորի հետ միասին, նա էլ սեղան նստեց։ (58) Եվ ահա Քսանթոսը հրամայեց առաջինը նրան մատուցել քաղցր գինի։ Իսկ նա հրաժարվեց․
― Ի՞նչ ես անում տեր իմ, առաջ ինքդ խմիր, հետո՝ կինդ, իսկ հետո մենք կխմենք։
«Մեկ»,― աչքով արեց Քսանթոսը Եզոպոսին, իբրև թե տեսա՞ր, սա է քո հյուրը, տեսա՞ր ինչպես խառնվեց իրեն չվերաբերող գործերին։
Հետո ձկնապուր մատուցեցին։ Իսկ Քսանթոսը, որ չնչին առիթներ էր փնտրում, ասաց․
― Որքան արմտիք տվեցին խոհարարին, իսկ հիմա, ինչպես երևում է, նա որոշել է ինձ ձեռք առնել։ Ո՛չ կանաչի, ո՛չ յուղ, և ապուրն էլ անասելի թթու է։ Ծեծել խոհարարին․
― Ի՞նչ ես ասում, տեր իմ,― ասաց հյուրը,― ամեն ինչ տեղին է, հիանալի ապուր է։
Եվ Քսանթոսը նորից աչքով արեց Եզոպոսին․ «Երկու»։
Հետո մատուցեցին քնջութի կարկանդակ։ Քսանթոսը համտես արեց և ասաց․
― Կարկանդակ պատրաստողին կանչել այստեղ։ Ինչո՞ւ կարկանդակի մեջ յուղ ու չամիչ չկա։
― Ի՞նչ ես ասում տեր իմ,― նորից խոսեց հյուրը,― ընտիր կարկանդակ է, և ձկնապուրն էլ հիանալի է, ստրուկներիդ ծեծելու ոչ մի պատճառ չկա։
Այստեղ Քսանթոսը նորից աչքով արեց Եզոպոսին․ «Երեք»։
― Այդպես է, որ կա,― ասաց Եզոպոսը։
Ահա բոլորը սեղանից վեր կացան, իսկ Եզոպոսին պառկեցրին գետնին և տուր թե կտաս։
― Առ քեզ,― ասաց Քսանթոսը,― հիմա բարեհաճիր գտնել անհետաքրքրասեր մարդու, թե չէ ոտքերդ կոճղի մեջ կդնեմ և այնքան կսեղմեմ մինչև շունչդ փչես։
(59) Հաջորդ օրը Եզոպոսը գնաց քաղաքի մերձակայքում անհետաքրքրասեր մարդ գտնելու։ Եվ նա տեսավ մեկին, որ արտաքինով նման էր գյուղացու, բայց իրեն պահում էր վայելուչ։ Քշում էր փայտով բեռնված իշուկին, ամբոխից խույս էր տալիս, և զրուցում էր իր իշուկի հետ։ «Ահա,― մտածեց Եզոպոսը,― մարդն իր գործն է անում և ուրիշի գործերի մեջ չի խցկվում»,― և գնաց նրա ետևից։ Իսկ գյուղացին, իր իշուկի վրա նստած, վեր ու վար է լինում ու հետը խոսում․
― Գնանք ախպերս, գնանք, շուտով տեղ կհասնենք, ու ես փայտը կծախեմ տասներկու ասսով․ երկու ասս՝ քո վարսակի համար, երկու ասս՝ իմ սննդի համար, իսկ ութը կպահենք սև օրվա համար։ Աստված ոչ արասցե, կարող ենք հիվանդանալ կամ վատ եղանակը մեկ էլ տեսար մեզ փակեց չորս պատի մեջ։ Թե չէ կարող ես էսօր կուշտ ու կուռ ուտել, իսկ էգուց-էլօր, հենց որ մի փորձանք պատահի, ոչ գարի կունենաս, ոչ էլ վարսակ։
(60) Եզոպոսը լսեց այդ խոսքերը և մտածեց․ «Երդվում եմ Մուսաներով, սա հենց այն մարդն է, որ ուրիշի գործերի հետ գլուխ չունի, հապա մի մոտենամ նրան»։ Մոտեցավ ու ասաց․
― Բարի օր հայրիկ։
Գյուղացին բարևն առավ։ Եզոպոսը հարցրեց․
― Փայտդ ի՞նչ արժե։
― Տասներկու ասս,― ասաց գյուղացին։
«Ճիշտ է»,― մտածեց Եզոպոսը,― ինչքան որոշել էր, այնքան էլ խնդրեց։ Եվ նորից հարցրեց․
― Հայրիկ, իսկ Քսանթոսին, այն փիլիսոփային ճանաչո՞ւմ ես։
― Չէ, որդիս, չեմ ճանաչում,― ասաց գյուղացին։
― Ինչպե՞ս, մի՞թե չգիտես,― հարցրեց Եզոպոսը։
― Դե ես էնպես, հարցասեր մարդ չեմ,― ասաց գյուղացին,― լսելը լսել եմ, էդ ճիշտ է։
― Այ Աստծո շնորհը վրադ լինի,― ասաց Եզոպոսը,― ես էլ նրա ստրուկն եմ։
― Էհ, իմ ի՞նչ գործն է, թե դու ո՞վ ես,― պատասխանեց գյուղացին,― ինչ է, ես քեզ հարցրի՞ դու ստրուկ ես, թե ստրուկ չես։
«Սա հենց նա է, որ կա»,― մտածեց Եզոպոսը և ասաց․
― Փայտդ առնում եմ, հայրիկ։ Էշդ քշիր փիլիսոփա Քսանթոսի տուն։
― Ես ինչ իմանամ՝ ո՞րտեղ է ապրում նա,― ասաց գյուղացին։
― Արի իմ ետևից և կիմանաս,― պատասխանեց Եզոպոսը։
(61) Նա գյուղացուն հասցրեց Քսանթոսի տան բակը, վերցրեց նրա փայտը, արժեքը վճարեց և ասաց․
― Հայրիկ տերս քեզ խնդրում է ճաշել մեզ հետ։ Էշը թող մնա բակում, այստեղ նրա մասին կհոգան։
Գյուղացին նույնիսկ չհետաքրքրվեց, թե ինչու են իրեն այդպիսի պատվի արժանացնում, այլ հենց այդպես՝ ցեխոտ կոշիկներով մոտեցավ սեղանին։ «Այո,― մտածեց Եզոպոսը,― սա հետաքրքրասեր չէ»։
Քսանթոսը տեսավ, որ Եզոպոսն այդ գյուղացու վրա մեծ հույսեր ունի, կնոջն ասաց․
― Ուզո՞ւմ ես աղավնյակս, Եզոպոսին մի լավ դաս տալ։
― Երազում եմ,― ասաց կինը։
Քսանթոսը նրան ասաց․
― Այդ դեպքում արա այնպես, ինչպես ես քեզ կասեմ։ Դու կվերկենաս ու լագանը կտաս այդ հյուրին, իբրև թե ինքդ ես ուզում նրա ոտքերը լվանալ։ Նա քո տեսքից, իհարկե գլխի կընկնի, որ դու տանտիրուհին ես և կհրաժարվի մտածելով, թե այստեղ մի ստրուկ չկա՞, որ դու ես ուզում ոտքերս լվանալ։ Ահա և նա խցկվեց իրեն չվերաբերող գործի մեջ, իսկ Եզոպոսին դրա համար կպատժենք։
Քսանթոսի կինը Եզոպոսին այնքան էր ատում, որ առանց որևէ բառ ասելու, համաձայնեց, մի երեսսրբիչը փաթաթեց մեջքին, մյուսը գցեց ուսով և լագանը ձեռքին մոտեցավ հյուրին։ Սա տեսավ, որ մոտեցողը ինքը տանտիրուհին է, բայց միտք արեց․ «Քսանթոսը գիտուն մարդ է, եթե պետք լիներ, որ ստրուկը ոտքերս լվար, ուրեմն նա այդպես էլ կկարգադրեր, իսկ եթե նա որոշել է, որ կինը ոտքերս լվալու պատիվը տա ինձ, ուրեմն ինչու պետք է ես էնքան տգետ լինեմ, որ խառնվեմ այլոց գործերին։ Չէ, ոտքերս տամ թող լվա»։ Եվ լվացված ոտքերով պառկեց սեղանի մոտ։
(62) «Խորամանկն է,― մտածեց Քսանթոսը,― երդվում եմ Մուսաներով»։― Եվ հրամայեց քաղցր գինին առաջինը հյուրին մատուցել։
Հյուրը միտք արեց․ «Ընդունված կարգ է, որ առաջին բաժակը տանտերը խմի, բայց Քսանթոսը գիտուն մարդ է, երևում է, նա որոշել է ինձ պատիվ անել՝ առաջին բաժակն ինձ մատուցել։ Իմ ինչ բանն է խառնվեմ ուրիշի գործերին»։ Վերցրեց և սուսուփուս խմեց։
Քսանթոսը հրամայեց ճաշը մատուցել։ Մատուցեցին ձկնապուր։ Քսանթոսը գյուղացուն հյուրասիրեց․
― Կեր։
Եվ գյուղացին, Քարիբդեի նման, ձկնապուրը կուլ տվեց։
Իսկ Քսանթոսը մի քիչ ճաշակեց և ցանկացավ գյուղացու մեջ հետաքրքրություն առաջացնել։
― Հեյ,― ձայն տվեց նա ստրուկին,― խոհարարին այստեղ կանչիր։
Խոհարարը եկավ։ Քսանթոսը նրան ասաց․
― Պատասխան տուր, խաբեբա, բոլոր համեմունքներն ստացել ես ինձնից, ինչո՞ւ ապուրի մեջ ոչ ձկան սոուս կա, ոչ յուղ, ոչ էլ տաքդեղ։ Մերկացնել նրան և ծեծել։
Գյուղացին միտք արեց․ «Ապուրը շատ լավ պատրաստված է, և ամեն ինչ լցված է չափով, բայց եթե Քսանթոսը բարկանում է իր խոհարարի վրա և ուզում է նրան ծեծել, ինչո՞ւ պետք է քիթս խոթեմ այլոց գործերի մեջ»։
Խեղճ խոհարարին ծեծեցին։ Իսկ Քսանթոսը մտածեց․ «Այս հյուրը կամ խուլ է, կամ համր, կամ բոլորովին լռակյաց»։
Նախաճաշի համար կարկանդակներ բերեցին։ Այդպիսի կարկանդակներ գյուղացին երազում էլ չէր տեսել, կտրեց աղյուսի չափ կտորներ և թշերն ուռեցրած խժռեց։
(63) Իսկ Քսանթոսը ճաշակեց ու նորից գոռաց․
― Կարկանդակն ո՞վ է պատրաստել, կանչել այստեղ։
Կարկանդակագործը հայտնվեց։
― Սրիկա,― գոռաց Քսանթոսը,― ինչո՞ւ կարկանդակի մեջ ոչ մեղր ես դրել, ոչ տաքդեղ, ոչ մրգահյութ, և ամբողջ խմորն էլ թթված է։
― Տեր իմ,― ասաց կարկանդակագործը,― եթե կարկանդակը հում է դուրս եկել՝ իմ մեղքն է, իսկ եթե մեղրն է քիչ և խմորը թթվել է, ոչ թե իմ, այլ տիրուհու մեղքն է։ Ես կարկանդակի խմորը պատրաստեցի և նրանից մեղր խնդրեցի, իսկ նա ինձ ասաց․ «Երբ բաղնիքից դուրս գամ, այն ժամանակ էլ մեղր կտամ»։ Բաղնիքում նա ուշացավ, իսկ կարկանդակն առանց մեղրի այդ ընթացքում թթվեց։
― Դե, գոռաց Քսանթոսը,― եթե այստեղ կինս է մեղավոր, ես հիմա նրան կենդանի-կենդանի կայրեմ։ Իսկ կնոջը կամացուկ ասաց․― դե աղավնյակս, դերդ խաղա։― Եվ հրամայեց Եզոպոսին՝ ցախ բեր այստեղ և հենց ուղղակի սենյակի մեջտեղը խառույկ վառիր։
Եզոպոսը ցախ բերեց, խարույկ արեց։ Քսանթոսը բռնեց կնոջ թևից, քաշ տվեց սենյակի մեջտեղը, բայց մի կողմից էլ հետևում էր գյուղացուն՝ չի՞ բարկանա, արդյոք, տեղից չի՞ թռչի, չի՞ միջամտի։ (64) Իսկ գյուղացու հեչ պետքն էլ չի, ընկել է սեղանին, խժռում է ու խմում։ Վերջապես, նա գլխի ընկավ, որ Քսանթոսը փորձում է իրեն, և ասաց․
― Տեր իմ, եթե մտքիդ դրել ես նրան վառել, մի քիչ համբերիր, ես վազեվազ գնամ տուն, իմ կնկան էլ բերեմ, միասին վառենք։
Քսանթոսը զարմացավ նման անտարբերությունից և ասաց․
― Դե Եզոպոս, դու հաղթեցիր։ Վերջ։ Հերիք է ծաղրուծանակի ենթարկես ինձ։ Աճպարարություններիդ վերջ տուր և կարգին ծառայիր։
― Լավ, տեր իմ,― ասաց Եզոպոսը,― ինձնից այլևս բողոքավոր չես լինի, կտեսնես, թե ինչպես կարող եմ ծառայել։
(65) Մյուս օրը Քսանթոսը Եզոպոսին ասաց․
― Գնա տես բաղնիքում շա՞տ մարդ կա։
Եզոպոսը գնաց և ճանապարհին հանդիպեց քաղաքագլխին։ Քաղաքագլուխը նրան ճանաչեց և հարցրեց․
― Եզոպոս ո՞ւր ես գնում։
― Չգիտեմ։
― Ո՞նց թե չգիտես,― ասաց քաղաքագլուխը,― ես քեզ հարցնում եմ՝ ո՞ւր ես գնում, իսկ դու պատասխանում ես, թե չգիտեմ։
― Երդվում եմ Մուսաներով, որ չգիտեմ,― ասաց Եզոպոսը։
― Վերցնել սրան, հրամայեց քաղաքագլուխը,― և տանել բանտ։
― Այ տեսա՞ր,― ասաց Եզոպոսը,― ես քեզ ճշմարիտն ասացի՝ մտքովս կանցնե՞ր, որ գնում եմ բանտ։
Քաղաքագլուխը զարմացավ և նրան բաց թողեց։
(66) Եզոպոսը գնաց բաղնիք և տեսավ, որ լողացողները շատ են, իսկ բաղնիքի մուտքի առջև, ուղիղ ճանապարհին, ընկած է մի քար, և ամեն ներս մտնող գայթում է այդ քարին, հայհոյում է քարն այդտեղ գցողին, բայց ոչ ոքի մտքով չի անցնում քարը վերցնել և մի կողմ գցել։ Եզոպոսը կանգ առավ, զարմացավ նրանց հիմարության վրա; Վերջապես մեկն էլ գայթեց, հայհոյեց․ «Գետինը մտնի այս քար գցողը», քարը վերցրեց, շպրտեց մի կողմ և մտավ բաղնիք։
Եզոպոսը վերադարձավ, Քսանթոսին ասաց․
― Տեր իմ, բաղնիքում միայն մի մարդ կար։
― Ինչպե՞ս թե՝ մի,― ասաց Քսանթոսը։― Այ քեզ հաջողություն, ուրեմն ազատ կարելի է լողանալ։ Շուտ հավաքիր ինչ որ պետք է։
Նրանք եկան բաղնիք, և Քսանթոսը տեսավ, որ այստեղ ասեղ գցելու տեղ չկա։ Եզոպոսին ասաց․
― Ինչո՞ւ ինձ ասացիր՝ «Միայն մի մարդ կա»։
― Բա ինչպե՞ս,― պատասխանեց Եզոպոսը։― Այն քարը տեսնո՞ւմ ես, ընկած էր հենց ճամփամիջին, բոլորի ոտքը դիպչում էր քարին, և ոչ մեկի մտքով չէր անցնում քարը մի կողմ գցել։ Քանի հոգի ոտքները քարին խփեցին, բայց միայն մի մարդ գտնվեց, որը գայթելուն պես, քարը վերցրեց ու դեն շպրտեց, որպեսզի ուրիշների ոտքն էլ քարին չառնի։ Ես էլ մտածեցի, որ այդ բոլորի մեջ նա է միայն մարդ, և այդպես էլ քեզ զեկուցեցի։
― Դե,― ասաց Քսանթոսը,― ամեն մեղքի համար էլ Եզոպոսը արդարանալու ճարը գտնում է։
(67) Քսանթոսը լվացվեց, Եզոպոսին պատվիրեց ճաշ պատրաստել և մոտեցավ սեղանին։ Խմեց, հետո նորից խմեց և թեթևանալու կարիք զգաց։ Իսկ Եզոպոսը ետևից գնաց և, ջուրն ու սրբիչը ձեռքին բռնած, կանգնեց կողքին։
― Եզոպոս,― ասաց Քսանթոսը,― այդ ինչի՞ց է, որ երբ մարդ պպզում ու թեթևացած վեր է կենում, անպայման ետ է դառնում և նայում թե իրենից ի՞նչ է դուրս եկել։
Եվ Եզոպոսն ասաց․
― Հին ժամանակներում մի թագավորի տղա այնքան է կերել ու խմել, որ իր պետքի համար շատ երկար է պպզել, այնքան երկար, որ մի անգամ նույնիսկ նրա ուղեղը աղիքներով դուրս է հոսել, իսկ նա չի էլ նկատել։ Այդ ժամանակից սկսած, մարդիկ գործը վերջացնելուց հետո, շուռ են գալիս ու նայում, համոզվելու համար, թե արդյոք իրենց ուղեղն էլ դուրս չի՞ հոսել։ Բայց դու, տեր իմ, անհոգ եղիր, այդ բանը քեզ չի պատահի, որովհետև դու ուղեղ չունես։
(68) Քսանթոսը վերադարձավ սեղանի մոտ, կերուխումը գնաց իր հունով, և շուտով նա հարբեց։ Խնջույքի մասնակիցները, ինչպես ընդունված է գիտուն մարդկանց շրջանում, խնդիրներ և հանելուկներ առաջարկեցին միմյանց։ Սկսեցին վիճել։ Քսանթոսը նույնպես խառնվեց վեճին և սկսեց դատողություններ անել, կարծես թե ոչ թե սեղանի մոտ էր գտնվում, այլ ուսումնարանում։ Եզոպոսը նկատեց այդ և ասաց․
― Երբ Դիոնիսը մարդկանց գինի պարգևեց, երեք գավաթ լցրեց և ցույց տվեց, թե ինչպես խմել․ առաջին գավաթը՝ համտեսի համար, երկրորդը՝ ուրախության համար, իսկ երրորդը՝ հարբելու։ Դու, տեր իմ, համտեսի և ուրախության գավաթներն արդեն խմել ես, հարբելու համար թող երիտասարդները խմեն։ Իսկ եթե ուզում ես նրանց սովորեցնել, դրա համար ուսումնարան կա։
Իսկ Քսանթոսի լեզուն արդեն փաթ էր ընկնում․
― Ձայնդ կտրիր,― ասաց նա,― քո խորհուրդները մյուս աշխարհում կտաս։
― Ի՞նչ արած,― ասաց Եզոպոսը,― մյուս աշխարհից դու այնքան էլ հեռու չես։
(69) Աշակերտներից մեկը տեսավ, որ Քսանթոսը հալից ընկել է, և ասաց․
― Ուսուցիչ, մարդը կարո՞ղ է ամեն բան անել։
― Ո՞վ է այնտեղ մարդու մասին խոսում,― աղմկեց Քսանթոսը,― մարդու ձեռքից ամեն ինչ գալիս է, և ինչ ուզի, կարող է անել։
Իսկ աշակերտը ուզեց նրան նեղը գցել և հարցրեց․
― Օրինակ, ասենք ծովը կարո՞ղ է խմել։
― Այն էլ ոնց,― պատասխանեց Քսանթոսը,― հենց ինքս էլ կարող եմ խմել։
― Իսկ եթե չխմե՞ս,― հարցրեց աշակերտը,― այն ժամանակ ի՞նչ․․․
Քսանթոսը, որ արդեն իրեն կորցրել էր, ասաց․
― Գրազ եմ գալիս իմ ամբողջ ունեցած-չունեցածով։ Եթե չխմեմ, թող վերջին մուրացիկը լինեմ։
Գրազ եկան և վստահության համար, մատանիներ փոխանակեցին։ Իսկ Եզոպոսը, որ կանգնել էր Քսանթոսի ոտքերի մոտ, քաշեց նրա ոտքի կոճից և ասաց․
― Դու խելագարվել ես, տեր իմ, ի՞նչ ես անում։ Ինչպե՞ս կարող ես ծովը կուլ տալ։
― Լռիր, այլանդակ,― պատասխանեց Քսանթոսը, ինքն էլ չհասկանալով, թե ինչի համար գրազ եկավ։
(70) Հաջորդ առավոտյան Քսանթոսը վեր կացավ և ուզեց լվացվել։ Նա կանչեց․
― Եզոպոս։
― Լսում եմ, տեր իմ,― պատասխանեց Եզոպոսը։
― Ջուր լցրու ձեռքերիս,― ասաց Քսանթոսը։
Եզոպոսը վերցրեց շերեփը և ջուր լցրեց։ Եվ ահա երեսը լվալիս Քսանթոսը նկատեց, որ մատանին մատին չէ։
― Եզոպոս, հարցրեց նա,― մատանիս ո՞րտեղ է։
― Ես ի՞նչ իմանամ,― պատասխանեց Եզոպոսը։
― Ա՜յ քեզ բան,― հառաչեց Քսանթոսը։
― Վատ չէր լինի, տեր իմ,― ասաց Եզոպոսը,― կամաց-կամաց հավաքեիր և թաքցնեիր քո ունեցվածքից այն ամենը, ինչ որ հնարավոր է, որովհետև հիմա քո ունեցվածքը քոնը չէ։
― Այդ ի՞նչ ես ասում չհասկացավ Քսանթոսը։
― Այն, որ երեկ,― ասաց Եզոպոսը,― կերուխումի ժամանակ դու գրազ եկար քո ամբողջ ունեցվածքի վրա, որ իբր ծովը կխմես, և մատանիդ տվեցիր, որպես ունեցվածքի գրավական։
― Ես ոնց պետք է ծովը խմեմ,― հարցրեց Քսանթոսը։
Եզոպոսն ասաց․
― Ես կանգնել էի ոտքերիդ մոտ և ասացի․ «Պետք չէ, տեր իմ, ի՞նչ ես անում, չէ՞ որ դա անհնար է»։ Բայց դու ինձ չլսեցիր։
Քսանթոսն ընկավ Եզոպոսի ոտքերը․
― Եզոպոս,― հեկեկաց նա,― աղաչում եմ, մի բան արա, չէ՞ որ դու խելացի ես մի հնար գտիր՝ գրազը շահեմ կամ գոնե գլուխս ազատեմ։
― Շահել ոչ մի կերպ չես կարող,― ասաց Եզոպոսը, բայց կօգնեմ, որ ազատվես։
(71) Եզոպոսը բացատրեց․
― Երբ դատավորը մյուս վիճողի հետ կգա քեզ մոտ և կհրամայի ծովը խմել, դու մի հրաժարվիր քո խոսքից, ինչ որ ասել ես հարբած ժամանակ, նույնը կրկնիր։ Թող սեղան դնեն և չորս կողմից ստրուկները կանգնեն, դա տպավորություն կգործի։ Բոլորը կվազեն ծովափ՝ տեսնելու, թե դու ոնց ես ծովը խմելու։ Երբ բազմությունը լրիվ հավաքվի, մի գավաթ ծովաջուր լցրու, դիր դատավորի առջև և հարցրու․ «Որո՞նք են, ուրեմն մեր պայմանները»։ Դատավորը կասի․ «Ծովը խմել»։ Դու կհարցնես։ «Եվ վե՞րջ»։ Դատավորը կպատասխանի «Վերջ»։ Այդ միջոցին դու դիմիր ներկաներին և ասա․ «Իմ թանկագին քաղաքացիներ, բազում գետեր են լցվում ծովը՝ և ջրառատ, և հորդահոս, իսկ ես խոստացել եմ միայն ծովը խմել, բայց ոչ երբեք ծովը լցվող գետերը։ Թող իմ ախոյանը բոլոր գետերը փակի, որպեսզի ծովը խմեմ»։ Հնարավոր չէ փակել ծովը լցվող բոլոր գետերը, հնարավոր չէ խմել և ծովը,― ահա այդպես, չէի դիմաց չէ։ Եվ դու կազատվես այդ գրազից։
(72) Քսանթոսը ապշեց նրա հնարամտությունից և սիրտ առավ։
Ամենանշանավոր քաղաքացիների հետ, նրա դարբասին մոտեցավ երկրորդ վիճարկուն և Քսանթոսին կանչեց․ «Կամ ծովը խմիր, կամ ամբողջ ունեցվածքդ տուր ինձ»։
Եզոպոսը նրան ասաց․
― Այդ դու պետք է ձեռք քաշես քո ունեցվածքից, իսկ ծովի կեսը համարիր որ խմված է։
― Օհո, Եզոպոս,― ծիծաղեց աշակերտը,― հիմա դու իմ ստրուկն ես և ոչ թե Քսանթոսի
― Դատարկ-մատարկ դուրս մի տուր,― ասաց Եզոպոսը,― ավելի լավ է քո ունեցվածքը հանձնիր տիրոջս։
Քսանթոսը հրամայեց բազմոցը դուրս բերել և դնել ծովափին, բերել սեղանը, դասավորել գավաթները։ Ամբողջ ժողովուրդը վազեց նայելու։ Ահա Քսանթոսը դուրս եկավ, տեղավորվեց սեղանի մոտ, Եզոպոսը կանգնեց նրա կողքին, գավաթը լցրեց ծովաջրով և տվեց տիրոջը։
― Գետինը մտնեմ,― ասաց աշակերտը,― իսկապես նա ուզում է ծովը խմել։
(73) Քսանթոսը գավաթը մոտեցրեց շուրթերին, բայց հանկարծ կանգ առավ և ասաց․
― Իսկ որտեղ է դատավորը։
Դատավորը մոտեցավ։ Քսանթոսը նրան հարցրեց․
― Բայց որո՞նք են մեր պայմանները։
― Դու պետք է ամբողջ ծովը խմես։
― Եվ վե՞րջ,― հարցրեց Քսանթոսը։
― Վերջ,― ասաց դատավորը։
Քսանթոսը շուռ եկավ դեպի բազմությունը և ասաց․
― Իմ թանկագին քաղաքացիներ, ձեզ հայտնի է, որ շատ գետեր են թափում ծովը՝ և ջրառատ, և հորդառատ։ Իսկ ես գրազ եմ եկել, որ միայն ծովը խմեմ, ոչ թե գետերն էլ նրա հետ։ Թող իմ ախոյանը բոլոր գետերի հունը փակի, որպեսզի ես ստիպված չլինեմ ծովի հետ միասին գետերն էլ խմել։
Եվ այդպես փիլիսոփան վեճը շահեց։
Ի փառս Քսանթոսի, բազմությունը բարձրաձայն աղմկեց, իսկ աշակերտը ընկավ Քսանթոսի ոտքերն ու աղաչեց․
― Ախ, ուսուցիչ, դու մեծ մարդ ես։ Դու հաղթեցիր։ Իսկ հիմա խնդրում եմ՝ մեր խոսքերը ետ վերցնենք։
Եվ նրանք իրենց խոսքերը ետ վերցրին։
(74) Եվ Եզոպոսը Քսանթոսին ասաց․
― Տեսնո՞ւմ ես, տեր իմ, քո ամբողջ ունեցվածքը փրկեցի, դրա համար դու պետք է ազատություն շնորհես ինձ։
― Լռիր,― ասաց Քսանթոսը,― առանց քեզ էլ գիտեմ իմ անելիքը։
Եզոպոսը մռայլվեց, ոչ այնքան, որ իրեն չազատեցին, որքան նրա համար, որ Քսանթոսը այսքան երեխտամոռ գտնվեց,― բայց լռեց։ «Սպասիր,― մտածեց նա, ես դեռ քեզ հետ հաշվի կնստեմ»։
(75) Քսանթոսը Եզոպոսին ասաց։
― Դու գիտե՞ս, որ ես թռչնագուշակ եմ։ Դարբասից դուրս եկ և տես, որ երկու ագռավ նստած են կողք-կողքի, իսկույն ինձ կանչիր։ Դա հաջողություն է խոստանում տեսնողին։
Եզոպոսը դուրս եկավ և բախտը բերեց, դարբասի առջև կողք-կողքի երկու ագռավ էին նստած։ Վազեց Քսանթոսի մոտ և ձայն տվեց․
― Տեր իմ, դուրս արի, երկու ագռավ նստած են։
― Գնանք,― ասաց Քսանթոսը։
― Բայց մինչև նրանց դուրս գալը մի ագռավը թռավ, և Քսանթոսը միայն մեկին տեսավ։
― Սրիկա,― ասաց Եզոպոսին, ես քեզ չասացի երկուսը տեսնելիս կանչիր, իսկ դու մեկը տեսար և կանչեցիր։
― Մյուսը թռել է, տեր իմ,― բացատրեց Եզոպոսը։
― Դու միշտ էլ գլուխս կապում ես,― գոռաց Քսանթոսը։― Մերկացնել սրան։ Մտրակները բերել։
Եզոպոսին մտրակներով մի լավ ծեծեցին։ Նրան դեռ մտրակում էին, երբ Քսանթոսի բարեկամներից մեկի ստրուկը եկավ և փիլիսոփային հրավիրեց ճաշի։ Եզոպոսն ասաց․
― Տեր իմ, քո պատիժն անօրինական էր։
― Ինչպե՞ս թե անօրինական էր,― հարցրեց Քսանթոսը։
Եզոպոսն ասաց․
― Դու ասացիր՝ ով որ երկու ագռավ տեսնի, դա նրան հաջողություն կբերի։ Ես տեսա, բայց մինչև քեզ ասելս մեկը թռավ։ Դու դուրս եկար և միայն մեկին տեսար, և քեզ ճաշի կանչեցին։ Իսկ ես երկուսին տեսա՝ ինձ մտրակեցին։ Ի՞նչ ես կարծում, դրանից հետո դատարկ բան չէ՞ քո թռչնագուշակությունը։
Քսանթոսը զարմացավ և ասաց․
― Բաց թողեք, բավական է նրան ծեծեք։ ― Իսկ ինքը գնաց ճաշկերույթի։
(76) Մի քանի օր հետո Քսանթոսը Եզոպոսին կանչեց և ասաց․
― Մի լավ նախաճաշ պատրաստիր, այսօր աշակերտներս գալու են մեզ մոտ։
Եզոպոսը սեղանատանը ինչ որ պետք է պատրաստեց, իսկ տանտիրուհին բազմոցի վրա հանգստանում էր։ Եզոպոսը նրան ասաց․
― Տիրուհի, խնդրում եմ սեղանին նայես, շունը հանկարծ որևէ բան չթռցնի։
― Անհոգ եղիր,― ասաց տիրուհին,― դեմից էլ կնայեմ, ետևից էլ։
Եզոպոսը վազեց մյուս գործերի ետևից, ուշացավ, իսկ երբ նորից եկավ սեղանատուն, տեսավ տիրուհին, ետևն արած սեղանին քնել է։ Վախեցավ, չլինի՞ թե շունը որևէ բան թռցրել է, և հանկարծ տիրուհու խոսքը հիշեց․ «Դեմից էլ կնայեմ, ետևից էլ»։ Եվ նրա զգեստը վեր քաշեց, հետույքը մերկացրեց ու թողեց այդպես քնած։
Նախաճաշին, իր աշակերտների հետ, Քսանթոսը եկավ և ի՞նչ տեսավ՝ կինը, ետևը բաց քնել է։ Աշակերտները երեսները շուռ տվեցին այդ խայտառակությունից, իսկ Քսանթոսը Եզոպոսին ասաց․
― Այդ ի՞նչ է նշանակում սրիկա։
― Տեր իմ,― ասաց Եզոպոսը,― ես գործով տարվեցի և տանտիրուհուն խնդրեցի սեղանին նայել, որ շունը որևէ բան չթռցնի։ Նա ինձ ասաց․ «Անհոգ եղիր, դեմից էլ կնայեմ, ետևից էլ»։ Իսկ հիմա տեսնո՞ւմ ես, նա քնած է։ Ես նրա ետևը բացեցի, որ ետևի աչքերով էլ սեղանին նայի։
― Ավազակ,― գոռաց Քսանթոսը,― քանի անգամ է, դու ինձ խայտառակում ես, բայց այդ մեկն արդեն բոլորից վեր է, ինձ էլ խայտառակեցիր, կնոջս էլ։
Միայն հյուրերի խաթեր համար հիմա քեզ ձեռք չեմ տալիս, բայց սպասիր, ժամանակը գա՝ կաշիդ կքերեմ։
(77) Շատ չանցած, Քսանթոսը փիլիսոփաներին և հռետորներին հրավիրեց նախաճաշի և Եզոպոսին ասաց․
― Դարբասի մոտ կանգնիր և հետևիր, որ հասարակ մարդիկ ներս չգան, այլ միմիայն գիտունները։
Նախաճաշի ժամանակը մոտեցավ։ Եզոպոսը դաբասը փակեց և նստեց մոտիկ։ Եվ ահա առաջին հյուրը դարբասը ծեծեց, և Եզոպոսը նրան հարցրեց․
― Շունն ի՞նչն է շարժում։
Նա կարծեց, թե իրեն են շուն անվանում, նեղացավ և ետ գնաց։ Հետո եկան մյուսները, Եզոպոսը նույն հարցը տվեց, և բոլորն էլ դա ընդունեցին որպես վիրավորանք ու ետ գնացին։ Վերջապես, մեկը եկավ, դարբասը ծեծեց, և Եզոպոսը նրան հարցրեց․
― Շունն ի՞նչն է շարժում։
Նա պատասխանեց․
― Պոչը և ականջները։
Եզոպոսը լսեց հաջող պատասխանը, դարբասը բացեց և ներս ընդունեց, իսկ ինքը գնաց տիրոջ մոտ և զեկուցեց․
― Տեր իմ ընդամենը մի փիլիսոփա է եկել։
Քսանթոսը տխրեց և մտածեց, որ նրանք խաբել են իրեն։Բայց հաջորդ առավոտյան նրանք նեղացած՝ եկան Քսանթոսին լսելու և ասացին․
― Ուսուցիչ, դու իսկապես որոշել ես ծիծաղել մեզ վրա, բայց ինքդ ամաչել ես, և քո անպիտան Եզոպոսին դրել ես դարբասի մոտ, որպեսզի նա հայհոյի և անարգի մեզ։
― Ի՞նչ է, երա՞զ եք տեսել,― հարցրեց Քսանթոսը։
― Մենք չենք քնել, այնպես որ գործը եղել է արթմնի։
― Կանչել Եզոպոսին,― հրամայեց Քսանթոսը։
Եզոպոսը ներկայացավ։ Քսանթոսը ասաց նրան․
― Պատասխանիր այլանդակ, ինչո՞ւ ես բարեկամներիս և սաներիս հայհոյել, անարգել և խայտառակ ձևով վռնդել, փոխանակ պատվով ընդունելու։
― Տեր իմ,― ասաց Եզոպոսը,― դու ինքդ ինձ հրամայեցիր․ «Ոչ մի անգետի ներս չթողնես, այլ միմիայն հռետորներին ու փիլիսոփաներին»։
― Իհարկե, խեղկատակի մեկը,― գոռաց Քսանթոսը։― Ի՞նչ է, քո կարծիքով, այդ մարդիկ անգե՞տ են։
― Մի գրոշի խելք էլ չունեն,― պատասխանեց Եզոպոսը,― կատարյալ անգետներ են։ Երբ նրանք դարբասը ծեծեցին, ես նստած էի բակում։ Ես նրանց հարցրի․ «Շունն ի՞նչն է շարժում», նրանցից ոչ մեկը չկարողացավ պատասխանել։ Ես տեսա, որ նրանք բոլորովին գիտուն չեն, և ներս թողեցի միայն մեկին, որը ինչպես պետք էր, հարցիս պատասխանեց։― Եվ ցույց տվեց երեկվա հյուրին։
Աշակերտները լսեցին Եզոպոսի պատասխանը և համաձայնեցին, որ նա իրավացի է։
(78) Մի քանի օր հետո Քսանթոսը Եզոպոսի հետ քաղաքի մերձակայքում զբոսնում էր։ Խոսակցությամբ տարված, հասան գերեզմանատուն, Քսանթոսը սկսեց հետաքրքրվել տապանագրերով։ Եզոպոսը մի շիրմաքարի վրա տեսավ անկարգ փորագրված տառեր․ ԳԱԾԳՈ։ Նա ցույց տվեց Քսանթոսին և հարցրեց․
― Այդ ի՞նչ է նշանակում։
Քսանթոսը մտածմունքի մեջ ընկավ, իսկապես դա ի՞նչ մակագրություն է և ի՞նչ է նշանակում, բայց ոչինչ չհասկացավ։ Նա տխրեց այդ անհարմար վիճակից՝ փիլիսոփա մարդ է, բայց այդ հասարակ տառերից գլուխ չի հանում։
― Եզոպոս դու ի՞նչ ես կարծում,― հարցրեց նա։
Եզոպոսը տեսավ, թե նա ինչպես է մտատանջվում, այդ պահին Մուսաները իրենց աստվածային ողորմածությամբ լուսավորեցին նրա միտքը և նա ասաց․
― Տեր իմ, իսկ եթե ես այդ տառերի օգնությամբ գանձ գտնեմ քեզ համար, ի՞նչ կտաս ինձ։
― Գանձի կեսը և ազատություն,― ասաց տերը։
(79) Հենց որ Եզոպոսն այդ լսեց, վերցրեց խեցու մի կտոր, այդտեղ եղած մի վիթխարի ծառից քայլեց դեպի աջ, հողը փորեց և մի մեծ գանձ հանեց։ Ոսկին տվեց Քսանթոսին և ասաց․
― Տեր իմ, դե հիմա խոստումդ կատարիր։
― Երդվում եմ աստվածներով,― ասաց Քսանթոսը,― մտքովս էլ չի անցնում, քանի դեռ ինձ չես ասել, թե գանձի տեղը ինչպե՞ս իմացար։ Ինձ ավելի հետաքրքրում է գտնելու գաղտնիքը, քան թե գտածը։
― Լսիր, տեր իմ,― ասաց Եզոպոսը,― այս գանձը թաղողը ինքը փիլիսոփա է եղել և իր թաքստոցը քողարկել է այս տառերի ետևում։ Տես նա այստեղ գրել է միայն բառերի սկզբնատառերը․ Գ ― գնալ, Ա ― աջ, Ծ – ծառից, Գ ― գտանես, Ո – ոսկի։
― Երդվում եմ Զևսով,― ասաց Քսանթոսը,― քանի որ դու այդքան խելոք ես և հնարամիտ, ես քեզ չեմ ազատի։
Եզոպոսը տեսավ, որ Քսանթոսը չի ուզում իր խոստումը կատարել ասաց․
― Այդ դեպքում, ես հենց հիմա նախազգուշացնում եմ քեզ, ոսկին պետք է տիրոջը հանձնես։
Այդ ո՞ր տիրոջը,― հարցրեց Քսանթոսը։
― Բյուզանդիայի թագավոր Դիոնիսիոսին,― ասաց Եզոպոսը։
― Որտեղի՞ց իմացար,― հարցրեց Քսանթոսը։
― Այդ նույն տառերից,― ասաց Եզոպոսը,― նրանք ամեն ինչ ասում են։
― Ինչպե՞ս,― զարմացավ Քսանթոսը։
― Այ այդպես,― ասաց Եզոպոսը,― լսիր․ Հ – հանձնիր, Թ – թագավորին, Դ ― Դիոնիսիոս, Գ ― գտած, Ո – ոսկին։
(80) Քսանթոսը տեսավ, թե Եզոպոսը որքան հաջող է վերծանում տառերը, ասաց․
― Դե լավ, ոսկու կեսը վերցրու և լռիր։
― Ես այնպես էլ կեսը կվերցնեմ,― ասաց Եզոպոսը,― և ոչ թե ողորմածությամբ, այլ ոսկին թաղողի կամքով։
― Ինչպե՞ս,― նորից զարմացավ Քսանթոսը։
― Այդ նույն տառերով,― ասաց Եզոպոսը։― Լսիր․ Հ – հանելով, Բ ― բաժանեցեք, Հ – հավասար, Գ ― գտած, Ո – ոսկին։
― Դու մեծ իմաստուն ես,― ասաց Քսանթոսը։― Շուտ գնանք տուն, ոսկին բաժանենք, և քեզ ազատություն կտամ։
Բայց երբ նրանք տուն հասան, Քսանթոսը վախեցավ, որ եթե Եզոպոսին ազատի, նա կգնա և Դիոնիսիոս թագավորին կպատմի գտած գանձի մասին, և հրամայեց Եզոպոսին կապկպել ու փակի տակ պահել։
― Ամբողջ ոսկին վերցրու,― ասաց Եզոպոսը,― միայն թե ազատություն տուր ինձ։
― Լավ ես մտածել,― պատասխանեց Քսանթոսը,― ազատություն կստանաս, ազատության մեջ ոսկին կպահանջես և դեռ թագավորի մոտ էլ կչարախոսես ինձ,― չէ, այդ չսպասես։
― Տես,― տեր իմ,― նախազգուշացրեց Եզոպոսը,― եթե դու քո բարի կամքով ինձ չազատես, քեզ զոռով կստիպեն ազատել։
― Լռիր ոչնչություն։
(81) Այդ օրերին քաղաքում ընտրություններ էին տեղի ունենում և ժողովուրդը հավաքվել էր թատրոնում։ Օրենքի պահապանը պետական օրենսգիրքը և մեծ կնիքը բերեց դրեց ժողովրդի առջև և ասաց․
― Համաքաղաքացիներ, դուք ձեր ցանկությամբ պետք է օրենքի նոր պահապան ընտրեք, որպեսզի նա սրբությամբ պահպանի օրենքները, ինչպես և պետական կնիքը՝ ապագա գործերի համար։
Մինչդեռ ժողովուրդը քննում էր, թե ում արժանացնի այդպիսի վստահության, երկնքից հանկարծ մի արծիվ իջավ, պետական կնիքը հափշտակեց և նորից սլացավ վերև։ Սամոսցիները սաստիկ հուզվեցին, ենթադրելով, որ դա նախանշում է մեծ փորձություններ։ Անմիջապես քուրմերին և գուշակներին հավաքեցին, որպեսզի մեկնաբանեն այդ նախանշանը, բայց ոչ ոք չկարողացավ։ Այդ պահին բազմության միջից մի ծերուկ տեղից բարձրացավ և ասաց․
― Քաղաքացի սամոսցիներ, մենք ինչո՞ւ լսենք այդ մարդկանց, որոնք մեր զոհաբերություններից միայն փորերն են ուռեցնում և, բարեպաշտ ձևանալով, վատնում են իրենց ունեցվածքը։ Իհարկե հասկանալի է, որ այդ նախանշանը մեկնաբանելը հեշտ չէ, պետք է բոլոր գիտությունները յուրացրած լինես, որպեսզի դրանից գլուխ հանես։ Բայց չէ՞ որ մենք Քսանթոս փիլիսոփա ունենք, որին ամբողջ Հելլադան է ճանաչում։ Եկեք հենց նրան էլ խնդրենք, որպեսզի մեկնաբանի այդ նախանշանը։
Նա նստեց տեղը, իսկ բազմությունը աղմկալից բացականչություններով դիմեց Քսանթոսին և համառորեն խնդրեց նշանակը գուշակել։ (82) Քսանթոսը կանգնեց ժողովականների առջև, բայց ոչինչ չգտավ ասելու և միայն ժամանակ խնդրեց, որպեսզի մեկնաբանի նախանշանը։ Ժողովն ուզում էր ցրվել, երբ հանկարծ նույն արծիվը երկնքից իջավ և մագիլներից մեծ կնիքը գցեց պետական մի ստրուկի ծոցը։ Բազմությունը Քսանթոսին խնդրեց զուգահեռաբար այդ երկրորդ նշանը ևս մեկնաբանել։ Քսանթոսը խոստացավ և մռայլ ու մտահոգ գնաց տուն։
(83) Նա տուն հասավ և ասաց․
― Ինչպես երևում է, ես պետք է նորից մեջք ծռեմ Եզոպոսի առջև, որպեսզի այդ նախանշանի մեկնաբանությունն ստանամ։
Նա ներս մտավ և հրամայեց․
― Եզոպոսին կանչել այստեղ։
Կապկպված Եզոպոսին բերեցին։
― Արձակեցեք,― հրամայեց Քսանթոսը։
― Իսկ ես չեմ էլ խնդրում, որ ինձ արձակեն,― ասաց Եզոպոսը։
― Ես քեզ արձակում եմ, որպեսզի դու էլ քո հերթին օգնես ինձ՝ արձակելու մի դժվարին հանգույց,― ասաց Քսանթոսը։
― Ուրեմն, դու ինձ արձակում ես միայն շահի համար,― պատասխանեց Եզոպոսը։
― Վերջ տուր, Եզոպոս,― խնդրեց Քսանթոսը, զայրույթդ փոխիր ողորմածության։
Եզոպոսի կապանքներն արձակեցին, և նա հարցրեց․
― Հը, տեր իմ, ա՞ղդ է պակաս, թե՞ մաղդ։
Քսանթոսը պատմեց նախանշանակի մասին, և Եզոպոսը խոստացավ օգնել։ (84) Բայց որոշեց նախ մի քիչ տանջել նրան և հաջորդ առավոտյան ասաց․
― Տեր իմ, եթե մի որևէ բառ լիներ, ես իսկույն կմեկնաբանեի, իսկ քո ասած գործի համար ես պիտանի չեմ որպես գուշակող, դրանից ոչինչ չեմ հասկանում։
Քսանթոսը լսեց և լրիվ թևաթափ եղավ; Նա այնքան էր ամաչում սամոսցիներից, որ որոշեց ձեռք բարձրացնել իր վրա։ «Մտածելու համար ժամանակս արդեն սպառվում է,― մտմտաց նա,― ես չեմ դիմանա, որ իմ ամբողջ փիլիսոփայությամբ հանդերձ, անկարող եմ խոստումս կատարել»։ Եվ այդպես մտմտալով, սպասեց մինչև գիշեր, մութն ընկնելուն պես թոկը վերցրեց և տնից դուրս եկավ։
(85) Եզոպոսը իր ննջախցից տեսավ, որ տերը տարաժամ դուրս է եկել և հասկացավ նրա միտքը։ Գանձի դիմաց ստացած իր վիրավորանքը մոռացավ, վեր թռավ տեղից ու գնաց տիրոջ ետևից։ Դարբասից այն կողմ հասավ նրան, երբ Քսանթոսն արդեն թոկը կապել էր ծառի ճյուղից և ուզում էր գլուխն անցկացնել օղակից ներս։
― Սպասիր տեր իմ,― հեռվից ձայն տվեց Եզոպոսը։
Քսանթոսը շուռ եկավ և լուսնի լույսի տակ նկատեց, որ Եզոպոսն իրեն է մոտենում։
― Հըմ,― ասաց նա,― Եզոպոսն ինձ բռնեց։ Եզոպոս, ինչու ես ինձ շեղում ճշմարիտ ճանապարհից։
― Տեր իմ,― ասաց Եզոպոսը,― հապա ո՞ւր մնաց քո ամբողջ փիլիսոփայությունը։ Ո՞ւր մնաց քո փառաբանված գիտությունը։ Ո՞ւր մնաց քո գիտական ինքնատիրապետումը։ Մի՞թե, տեր իմ, դու այնքան փոքրոգի ես և թեթևամիտ, որ լավ կյանքը թողած, կախաղանի օղակն ես վիզդ գցում։ Սթափվիր, տեր իմ։
― Թող ինձ, Եզոպոս,― ասաց Քսանթոսը,― ավելի լավ է մեռնեմ արժանավայել մահով, քան թե խայտառակ ձևով քարշ տամ անփառունակ կյանքս։
― Օղակը վզիցդ հանիր, տեր իմ,― ասաց Եզոպոսը, ես կաշխատեմ քո փոխարեն մեկնաբանել նախանշանակը։
― Այդ ինչպե՞ս,― հարցրեց Քսանթոսը։
― Դու ինձ հետդ կտանես թատրոն․ ժողովրդի համար որևէ վայելուչ պատրվակ գտիր, ասա, որ գուշակությունը չի պատշաճում փիլիսոփայությանը, իսկ հետո ինձ առաջարկիր, իբրև թե ես քո աշակերտն եմ։ Նրանք ինձ կկանչեն և ես ամեն ինչ կբացատրեմ։
(86) Այդպես էլ Քսանթոսին համոզեց։
Իսկ հաջորդ օրը Քսանթոսը դուրս եկավ բազմության առաջ և սկսեց այսպես։
― Որքանով որ մեր կանոնները սահմանում են տրամաբանական փիլիսոփայության որոշակի սահմանները, ես չեմ կարող ոչ մեկնիչ լինել և ոչ էլ թռչնագուշակ, բայց ես տանս ունեմ մի մարդ, որ կարող է ձեզ արժանի ձևով մատուցել նաև այս ծառայությունը։ Եվ ահա ես, որպեսզի չնսեմացնեմ իմ փիլիսոփայական արժանապատվությունը, ձեզ եմ առաջարկում իմ ստրուկին, որը օգտվելով իմ փիլիսոփայական խրատներից, ձեզ համար կմեկնաբանի նախանշանակը։― Եվ այս ասելով, նա առաջ հրեց Եզոպոսին։
(87) Բայց սամոսցիները դեռ նոր էին տեսել Եզոպոսին, երբ սկսեցին քրքջալ ու բղավել․ «Մեզ մի ուրիշ մեկնիչ տվեք։ Սա հենց ինքը վատ նշանակ է, որ կա։ Նա՞ պիտի մեկնի։ Այ քեզ խոզի խրտվիլակ, հաստափոր պուտուկ, կապիկների թագավոր, շուռ տված ջվալ, զամբյուղը մտած շուն, խոհանոցի կրճոն»։ Եզոպոսն այդ բոլորը լսեց՝ առանց աչքերն իսկ թարթելու, հետո սպասեց, որ լռեն և սկսեց այսպես․
(89) ― Քաղաքացի սամոսցիներ, ինչո՞ւ եք վրաս նայում ու քրքջում։ Ոչ թե պետք է տեսքին նայել, այլ խելքին։ Հիմարը նա չէ, ում դեմքն անհրապույր է։ Շատ մարդիկ տեսքով զզվելի են, բայց խելքով առողջ։ Եթե մարդը կարճահասակ է, իսկույն այդ երևում է, իսկ թե ինչպիսին է մարդու խելքը, ոչ ոք չի կարող անմիջապես տեսնել, ուրեմն և պետք չէ նրան անարգել։ Չէ՞ որ բժիշկն էլ հիվանդի մասին տեսքից չի դատում, այլ նախ շոշափում է զարկերակը, իսկ հետո արդեն որոշում հիվանդությունը։ Ո՞ւմ մտքով կանցնի գինու մասին դատել տակառին նայելով։ Մուսան ճանաչվում է թատրոնում, Կիպրիդը՝ անկողնում, իսկ մարդու խելքը՝ խոսքերից։
Սամոսցիները տեսան, որ Եզոպոսի խոսքերը նրա արտաքինից շատ ավելի լավ են, ասացին․
― Երդվում ենք Մուսաներով, որ նա հիմար չէ և ճարտար էլ լեզու ունի։ Եվ նրան ասացին՝ մի վախեցիր, մեկնիր նշանակը։
Եզոպոսը տեսավ, որ այլևս իրեն չեն պարսավում, առիթից օգտվեց և սկսեց ավելի համարձակ խոսել․
― Քաղաքացի սամոսցիներ, ստրուկին վայել չէ ազատ ժողովրդի առջև նշանակ մեկնաբանել; Դրա համար խնդրում եմ՝ թույլ տվեք խոսել որպես ազատ մարդ, և եթե պատասխանս լավ լինի՝ ինձ պարգևատրեցեք որպես ազատ մարդու և ոչ թե որպես ստրուկի։ Խոսքի ազատություն տվեք ինձ, որպեսզի առանց վախենալու կարողանամ խոսել։
(90) Սամոսցիները Քսանթոսին ասացին․
― Քսանթոս, խնդրում ենք քեզ ազատություն տուր Եզոպոսին։
Եվ նախագահը Քսանթոսին ասաց․
― Եզոպոսին ազատ թող։
― Չեմ ուզում,― ասաց Քսանթոսը,― շատ վաղուց է նա ինձ ծառայում։
Նախագահը տեսավ, որ Քսանթոսը համաձայն չէ, ասաց․
― Ստացիր նրա գինը և ինձ հանձնիր, ես պետության անունից կազատեմ նրան։
Քսանթոսը հիշեց, որ մի ժամանակ Եզոպոսին գնել է յոթանասունհինգ դենարով, և որպեսզի չկարծեն, որ նրան փողի համար է ազատում, Եզոպոսին առաջ մղեց և ասաց․
― Ես, Քսանթոսս, սամոսցի ժողովրդի խնդրանքով, ազատություն եմ շնորհում Եզոպոսին։
(91) Դրանից հետո Եզոպոսը դիմեց բազմությանը և ասաց․
― Քաղաքացի սամոսցիներ, եկել է ժամանակը, որ դուք ինքներդ ձեր մասին հոգաք և մտածեք ձեր ազատության մասին, քանի որ նշանակը ազդարարում է պատերազմ և ստրկություն։ Նախ պատերազմը կգա։ Դուք գիտեք, որ արծիվը թռչունների արքան է, քանի որ նա բոլորից ուժեղ է։ Եվ ահա արծիվը թռավ, օրենսգրքից խլեց պետական կնիքը՝ իշխանության նշանը, և նետեց պետական ստրուկի ծոցը, իսկ դա նշանակում է, որ ազատության հուսալի վիճակը կփոխարինվի ստրկության անհուսալի լծով։ Ահա սա է նշանակի մեկնությունը, տարակույս չկա, որ ոմն թագավոր ուզում է ձեզ զրկել ազատությունից, փոխել ձեր օրենքները և իր իշխանության կնիքը դնել ձեզ վրա։
(92) Եզոպոսը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ Կրեսոս թագավորից մի սուրհանդակ եկավ՝ սպիտակ եզրագծերով թիկնոցը հագին և հարցրեց, թե ո՞րտեղ են Սամոսի իշխանավորները։ Եվ տեղեկանալով, որ նրանք ժողովրդական ժողովի են, մտավ ուղիղ թատրոն, և մի հրովարտակ տվեց նրանց։ Նրանք բացեցին հրովարտակը և կարդացին։ Ահա թե ինչ էր գրաված այնտեղ։
«Կրեսոսը, լյուդացոց թագավորը, ողջույն է հղում Սամոսի իշխանավորներին, խորհրդին ու ժողովրդին։ Այսօրվանից հրամայում եմ ձեզ՝ տուրքեր ու հարկեր վճարել ինձ, իսկ եթե չեք ցանկանա, ապա իմ ամբողջ ուժը դուրս կգա ձեր դեմ»։
(93) Իշխանավորները ժողովրդին խորհուրդ տվեցին համաձայնել պահանջված տուրքերին, որպեսզի պետության դեմ չհարուցեն այդպիսի մի հզոր թագավորի թշնամանքը։ Նախանշանակի այդպիսի ելքից հետո ժողովուրդը Եզոպոսին պատիվներ տվեց և խնդրեց խորհուրդ տալ, թե ինչպես վարվել՝ համաձայնե՞լ թագավորի պահանջին, թե՞ մերժել։ Եզոպոսը պատասխանեց․
― Քաղաքացի սամոսցիներ, ձեր լավագույն համաքաղաքացիները ձեզ արդեն խորհուրդ տվեցին համաձայնել տուրքերին, էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում։ Չէ՞ որ եթե ասեմ՝ մի համաձայնեք, ես կդառնամ Կրեսոս թագավորի թշնամին։
Բայց ժողովուրդը շարունակեց գոռալ․
― Միևնույն է խորհուրդ տուր։
Եվ Եզոպոսն ասաց․
― Ես ձեզ խորհուրդ չեմ տա, ավելի լավ է՝ մի առակ պատմեմ։ (94) Մի անգամ, Զևսի հրամանով, Պրոմեթեոսը երկու ճանապարհ ցույց տվեց մարդկանց՝ ազատության ճանապարհը և ստրկության ճանապարհը։ Նա ցույց տվեց, որ ազատության ճանապարհի սկիզբն անհարթ է, նեղ, զառիվեր ու անջուր, տատասկոտ ու վտանգներով լի, իսկ վերջը հարթ է ու հավասար, պտղաբեր պուրակներով ու ջրառատ, որպեսզի բոլոր տառապանքները պսակվեն հանգստությամբ։ Իսկ ստրկության ճանապարհի սկիզբը նա ցույց տվեց, որ հարթ է ու հավասար, ծաղկապատ, արտաքուստ հաճելի և զվարճալիքներով լի, վերջը՝ նեղ, զառիվայր ու քարքարոտ։
(95) Սամոսցիները Եզոպոսի խոսքերից հասկացան, թե որն է լավը և միաձայն գոռացին սուրհանդակին, որ իրենք ընտրում են դժվարին ճանապարհը։ Սուրհանդակը վերադառնալով, թագավորին զեկուցեց այն ամենը, ինչ ասել էր Եզոպոսը։
Կրեսոսը, լսելով այդ, իր զորքերը հավաքեց և հրամայեց զինվել։ Թագավորի բոլոր բարեկամները քաջալերեցին նրան ու ասացին․
― Առաջ, թագավոր, առաջ դեպի այդ կղզին։ Գրավենք ու քարշ տանք դեպի Ատլանտյան օվկիանոս։ Թող այդ դաս լինի մնացած ժողովրդների համար, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի ընդդիմանալ քեզ։
Միայն թագավորի ազգականներից մեկը դիմեց նրան և ասաց․
― Որ դու չես կարող հնազանդեցնել սամոսցիներին, քանի դեռ կենդանի է և նրանց խորհուրդներ է տալիս այդ Եզոպոս կոչեցյալը։ Հրովարտակ ուղարկիր, որ նրանք Եզոպոսին հանձնեն և առաջարկիր․ «Նրա փոխարեն խնդրեցեք՝ ինչ որ ուզում եք, իսկ ես ձեզ կտամ այն բոլորը, ինչ որ կխնդրեք»։
(96) Կրեսոսը լսեց և հրամայեց այդ խորհրդատուին, որ հենց ինքը ուղևորվի դեպի Սամոս, որովհետև թագավորը նրանից ավելի նվիրված և խելացի պատվիրակ չուներ։ Եվ նա, առանց հապաղելու, նավով մեկնեց դեպի Սամոս, հրավիրեց ժողովրդական ժողով և սամոսցիներին առաջարկեց, որ ավելի լավ է Եզոպոսին հանձնեն, քան թե կորցնեն թագավորի բարեկամությունը։ Եվ ժողովականներն անմիջապես սկսեցին գոռալ․
_ Վերցրու տար, նրան տալիս ենք թագավորին։
Բայց Եզոպոսը մոտեցավ բազմությանը և ասաց․
_ Քաղաքացի սամոսցիներ, ես պատրաստ եմ հաճույքով մեռնել թագավորի ոտքերի տակ, բայց նախ ձեզ պատմեմ մի առակ, և երբ մեռնեմ, դուք այդ առակը փորագրեք իմ տապանաքարին։ (97) Երբ գազանները դեռևս խոսում էին մարդկային լեզվով, գայլերը և ոչխարները պատերազմի մեջ էին։ Գայլերը հաղթելու վրա էին, և ոչխարների բանը բուրդ էր, բայց հենց այդ ժամանակ շները օգնության հասան նրանց և գայլերին քշեցին։ Գայլերը, վախենալով շներից, ոչխարների մոտ դեսպան ուղարկեցին։ Եվ ահա այդ գայլը եկավ և կանգնեց ոչխարների առջև, և ինչպես մի իսկական հռետոր, ասաց «Եթե ուզում եք, որ մեր միջև պատերազմ չլինի, շներին հանձնեք մեզ և գնացեք հանգիստ քնեք, չվախենալով ոչ մի բանից»։ Ոչխարները հիմար էին, լսեցին և շներին հանձնեցին գայլերին, իսկ գայլերը հոշոտեցին նրանց։ Շատ չանցած հոշոտեցին նաև ոչխարներին։ Նույնն էլ դուք, դատելով այդ առակից, օգտակար մարդկանց չպետք է հանձնեք թշնամուն։
(98) Սամոսցիները հասկացան, որ առակն իրենց օգտին է ասված, և որոշեցին Եզոպոսին չհանձնել։ Բայց Եզոպոսն ինքը չուզեց մնալ և պատվիրակի հետ միասին, ուղևորվեց Կրեսոս թագավորի մոտ։
Երբ թագավորը Եզոպոսին տեսավ, կատաղեց և բացականչեց․
― Ահա թե ով է նա, որ թույլ չի տալիս Սամոսը ենթարկել ինձ և տուրքեր վերցնել։ Գոնե մարդ լիներ, ոչ թե այդպիսի մի հրեշ, մարդկային ցեղի վիժվածք։
― Թագավորն ապրած կենա, ինձ զոռով չեն բերել այստեղ, ես իմ հոժար կամքով եմ եկել քո ոտքը։ Դու, որպես անսպասելիորեն վիրավորված մի մարդ, հանկարծակի ցավ զգալով, գոռում ես։ Բայց վերքերը բուժում են բժիշկները, իսկ զայրույթից քեզ կփրկի իմ խոսքը։ Եթե այստեղ՝ ոտքերիդ մոտ ես զոհվեմ, դա կմթագնի քո թագավորելը, որովհետև այդ պահից դու կզրկվես բարեկամներիդ բարի խորհուրդներից, նրանք կտեսնեն, որ քեզ բարի ցանկացողները զոհվում են, և միայն վնասակար խորհուրդներ կտան քո արքայական իշխանության համար։
(99) Թագավորը զարմացավ Եզոպոսի խոսքերի վրա և ժպտալով ասաց․
― Շարունակիր, որևէ առակ պատմիր մարդկային ճակատագրի մասին։
Եզոպոսն ասաց․
― Երբ կենդանիները խոսում էին մարդկային լեզվով, մի աղքատ, որ ոչինչ չուներ ուտելու, ծղրիդ էր որսում, որոնց կոչում են ճռիկ, չորացնում էր ու էժան գնով վաճառում։ Մի անգամ նա բռնեց այդպիսի մի ծղրիդ և ուզեց սպանել։ Բայց ծղրիդը տեսնելով, թե ինչպիսի վտանգ է սպառնում իրեն, մարդուն ասաց․ «Իզուր մի սպանիր ինձ, չէ՞ որ ես չեմ վնասում ոչ հասկերին, ոչ ոստերին և ոչ էլ տերևներին; Ես միայն ներդաշնակորեն շարժում եմ թևիկներս ու թաթիկներս և քաղցր հնչյուններ արձակում՝ ի հաճույս անցորդների»։ Մարդուն հուզեց այդ խոսքը և բաց թողեց նրան դեպի հարազատ սաղարթները։ Այդպես էլ ես ընկնում եմ քո ոտքերը։ Ողորմա և գթա ինձ։ Ես ուժեղ մարդ չեմ և արգելք չեմ լինի զորականներիդ։ Ես գեղեցիկ մարդ չեմ և չեմ լինի սիրունատես դատավորներին քծնող մի զրպարտիչ։ Մարմնով ողորմելի եմ և ծնում եմ միայն իմաստուն խոսքեր, որոնք օգտակար են մահկանացուների համար։
(100) Թագավորը հուզվեց այդ խոսքերից և ասաց․
― Կյանքդ քեզ եմ շնորհում։ Խնդրիր, ինչ որ ուզում ես, և ես կկատարեմ։
Եզոպոսն ասաց․
― Հաշտվիր սամոսցիների հետ։
― Հաշտվում եմ,― ասաց թագավորը։
Եվ Եզոպոսը, ընկնելով նրա ոտքերը շնորհակալություն հայտնեց։
Այստեղ Եզոպոսը գրի առավ իր առակները և այլաբանությունները, որոնք հիմա էլ շրջում են նրա անունով, և թողեց արքունի մատենադարանում։ Հետո նա ստացավ սամոսցիներին ուղղված հրովարտակը, որտեղ թագավորը գրում էր, որ, հանուն Եզոպոսի, հաշտվում է նրանց հետ, և հարուստ նվերներով նավարկեց դեպի Սամոս։ Այստեղ նա հրավիրեց ժողովրդական ժողով և հրապարակեց արքայական հրովարտակը։ Եվ սամոսցիներն իմանալով, որ Կրեսոսը իրենց հետ խաղաղություն է կնքում Եզոպոսի շնորհիվ, մեծ պատիվներ նշանակեցին նրան, իսկ այնտեղ, ուր տեղի էր ունեցել այդ գործը, անվանեցին «Եզոպեոն»։ Եզոպոսը Մուսաներին զոհեր մատուցեց և տաճար նվիրեց, որտեղ նրանց արձաններն էին դրված, իսկ կենտրոնում Մնեմոսինեի արձանն էր և ոչ թե Ապոլոնի։ Եվ այդ պահից Ապոլոնը զայրացավ նրա վրա, ինչպես մի ժամանակ՝ Մարսիասի վրա։
(101) Երկար տարիներ Եզոպոսն ապրեց Սամոսում, շատ մեծարանքների արժանացավ, և որոշեց շրջել աշխարհը։ Ամենուրեք նա զրույցներ էր ունենում ուսումնարաններում, նրան մեծ գումարներ էին վճարում։
Այդպես նա աշխարհը տվեց ոտքի տակ և վերջապես, հասավ Բաբելոն, որտեղ այդ ժամանակ թագավորում էր Լիկուրգոսը։ Այնտեղ նա դատողություններ էր անում փիլիսոփայության մասին, և բաբելոնացիները նրան հռչակեցին Մեծ մարդ։ Իրեն՝ թագավորին նա դուր եկավ իր բարքով և բանականությամբ, և թագավորը նրան դարձրեց իր գանձապահը։
(102) Այն ժամանակներում թագավորները սովորություն ունեին միմյանցից հարկ վերցնել՝ խելքի պատերազմում, նրանք ռազմական արշավների ու ճակատամարտերի դուրս չէին գալիս, այլ նամակներով միմյանց ուղարկում էին փիլիսոփայական խնդիրներ, և ով չէր կարողանում լուծել, հարկ էր վճարում ուղարկողին։ Եզոպոսը վճռում էր Լիկուրգոսին ուղարկված բոլոր խնդիրները, և դրանով վերջինս արժանանում էր մեծ փառքի, իսկ երբ Եզոպոսն էր Լիկուրգոսի միջոցով խնդիրներ ուղարկում մյուս թագավորներին, նրանք չէին կարողանում պատասխանել և հարկ էին վճարում Լիկուրգոսին։ Դրանով բաբելոնյան թագավորությունը խիստ ընդարձակվեց և իրեն ենթարկեց ոչ միայն բարբարոս ժողովուրդներին, այլև շատ գավառներ՝ ընդհուպ մինչև Հունաստան։
(103) Բաբելոնում Եզոպոսը ծանոթացավ մի ազնվատոհմ պատանու հետ և որդեգրեց նրան, քանի որ ինքը զավակ չուներ։ Նա պատանուն ներկայացրեց թագավորին, որպես սեփական իմաստության ժառանգորդի, և հոգ տարավ նրա դաստիարակության մասին։ Բայց պատանին չափազանց մեծ կարծիք ուներ իր մասին։ Նա դուր եկավ արքայական հարճին, սիրահարվեց և երջանիկ էր, չնայած Եզոպոսը բազմիցս խիստ զգուշացրեց նրան, որ թագավորական կանանց ձեռք տալ նշանակում է գնալ ստույգ մահ։ (104) Պատանին վիրավորվեց Եզոպոսի խոսքերից, և ահա, իր բարեկամների սադրանքով, որոշեց թագավորի առջև զրպարտել Եզոպոսին։ Պատանին Եզոպոսի անունից կեղծ նամակ գրեց թագավորի թշնամիներին, խոստանալով օգնել նրանց, Եզոպոսի կնիքով այդ նամակը կնքեց և հանձնեց Լիկուրգոսին, ասելով․
― Ահա թե ինչպիսին է հավատարիմ բարեկամդ։ Ահա թե նա ինչեր է անում թագավորությունդ կործանելու համար։
Թագավորը Եզոպոսի կնիքը տեսավ, հավատաց կեղծիքին, զայրույթով բռնկվեց և պահակախմբի պետ Հերմիպոսին հրամայեց կախել Եզոպոսին, որպես դավաճանի, բայց Հերմիպոսը նրան չկախեց, որովհետև նրա հավատարիմ բարեկամն էր։ Թագավորին զեկուցեցին, որ Եզոպոսն սպանված է, բայց բոլորից գաղտնի նրան թաքցրեց բանտում, իսկ Եզոպոսի փոխարեն գանձապահ դարձավ Հելիոսը։
(105) Շատ չանցած, եգիպտացիների Նեկտանեբոս թագավորը, լսելով Եզոպոսի մահվան մասին, դեսպանների միջոցով Լիկուրգոսին նամակներ ուղարկեց, իսկ նամակներում՝ խնդիրներ։ Նա գիտեր, որ Եզոպոսից հետո, Բաբելոնում ոչ ոք չէր կարող լուծել դրանք։ Իսկ խնդիրը հետևյալն էր․
«Նեկտանեբոսը՝ եգիպտացոց թագավորը, Լիկուրգոսին՝ Բաբելոնի թագավորին հղում է ողջույն։ Ես որոշել եմ կառուցել մի բարձր աշտարակ, որ ոչ երկրին կպչի, ոչ էլ երկնքին։ Մարդիկ ուղարկիր աշտարակը կառուցելու համար, ինչպես և մեկին, որ պատասխանի իմ հարցերին,― և ես քեզ հարկ կվճարեմ իմ մայրաքաղաքից՝ տասը տարի, իսկ եթե չուղարկես, դու ինձ հարկ վճարիր քո ամբողջ երկրից՝ տասը տարի»։
(106) Լիկուրգոսն այդ նամակը կարդաց և խիստ տխրեց դեպքերի նման շրջադարձից։ Նա կանչեց իր խորհրդականներին, նրանց հետ նաև՝ Հերմիպոսին, և հարցրեց․
― Դուք կարո՞ղ եք լուծել աշտարակի մասին եղած այդ խնդիրը՝ թե՞ ստիպված պետք է լինեմ կտրել բոլորիդ գլուխները։
― Ոչ,― ասացին խորհրդականները,― մենք չգիտենք, թե ինչպես կառուցել այնպիսի մի աշտարակ, որ ոչ երկրին կպչի, ոչ էլ երկնքին։
Իսկ մեկը, որ բոլորից ավելի երկչոտ էր, ասաց․
― Թագավոր, ինչ որ հրամայես, մենք պատրաստ ենք, բայց այդ մեկը ոչ մեր ձեռքի բանն է, ոչ էլ մեր խելքի։
Թագավորը զայրացավ և պահակապետին հրամայեց նրանց բոլորին կախել, իսկ ինքը սկսեց իր գլխին տալ, մազերը փետել և ողբալ Եզոպոսի կորուստը։
― Ախ,― ասաց նա հեկեկալով,― սեփական անմտությամբ ես խորտակեցի թագավորությանս լավագույն հենարանը։― Եվ այլևս բերանը ոչ հաց վերցրեց, ոչ ջուր։
(107) Պահակապետը տեսավ, թե ինչ փորձանքի մեջ է ընկել թագավորը, և որոշեց, որ եկել է նրա սխալն ուղղելու ժամանակը։
Նա ասաց․
― Թագավորն ապրած կենա, ես գիտեմ, որ եկել է իմ վերջին օրը։
― Ի՞նչ է պատահել,― հարցրեց Լիկուրգոսը։
― Ես չեմ ենթարկվել արքայական հրամանիդ,― ասաց նա,― և հիմա՝ վայ իմ խեղճ գլխին։
― Այդ ի՞նչ է խղճիդ վրա ծանրացած,― հարցրեց թագավորը։
― Եզոպոսը ողջ է,― պատասխանեց պահակապետը։
Լսելով այդ անսպասելի լուրը, Լիկուրգոսը ցնծաց և Հերմիպոսին ասաց․
― Օ, եթե ճշմարիտ է, որ Եզոպոսը կենդանի է, ես կուզեի քո այդ վերջին օրը վերածել հավերժության, չէ՞ որ Եզոպոսին փրկելով, դու ինձ ես փրկել։ Բայց դու չես մնա առանց պարգևատրման, այժմվանից դու կկոչվես Արքայի Փրկիչ։― Եվ անմիջապես հրամայեց Եզոպոսին բերել։
Ահա հայտնվեց Եզոպոսը՝ գունատ, փռչոտ, կալանքի տակ երկար մնալուց՝ կեղտոտված։ Թագավորն սկզբում երեսը շուռ տվեց և հեկեկաց, իսկ հետո հրամայեց նոր շորեր հագցնել, մաքրել և իր մոտ բերել նրան՝ արքայական գուրգուրանքի համար։ (108) Եվ երբ Եզոպոսը ուշքի եկավ, մտավ պալատ, թագավորը նրան գուրգուրեց, իսկ Եզոպոսը նրան պատմեց, որ իր որդեգիրը զրպարտել է իրեն և երդումով հաստատեց իր ասածի ճշմարտությունը։ Հոր դեմ այդպիսի դիտավորության համար թագավորը կամեցավ անմիջապես կախել Հելիոսին, բայց Եզոպոսը ետ պահեց նրան այդ մտքից, եթե Հելիոսը մեռնի,― ասաց նա,― մահը կծածկի նրա կյանքի խայտառակությունը, իսկ եթե կենդանի մնա, նա ինքն իր համար կդառնա խղճի կենդանի խայթ։ Թագավորը համաձայնեց ներել նրան և Եզոպոսին ասաց․
― Ահա կարդա, թե ինչ է գրում Եգիպտոսի թագավորը։
Եզոպոսը կարդաց խնդիրը, ժպտաց և ասաց․
― Նրան պատասխանիր այդպես․ «Հենց որ ձմեռն անցնի, ես քեզ մոտ կուղարկեմ աշտարակը կառուցողներ և մի մարդ, որ հարցերիդ պատասխանի»։
Թագավորը այդպես էլ գրեց և պատվիրակների միջոցով նամակն ուղարկեց Եգիպտոս։
Թագավորը Եզոպոսին նորից դարձրեց իր գանձապահը, իսկ Հելիոսին հանձնեց նրա դատաստանին։ Եզոպոսը իր մոտ կանչեց պատանուն և խրատեց։ Ահա թե ինչ ասաց նա․
(109) Որդյակ իմ Հելիոս, լսիր խոսքերս, թեկուզ և առաջ էլ այդ խոսքերով ես դաստիարակվել, բայց հատուցեցիր չար երախտամոռությամբ։ Լսիր նորից և ասածներս պահպանիր ինչպես քեզ վստահված գանձ։
Առաջին հերթին պատվիր աստվածներին՝ նրանց արժանի ձևով։ Այնուհետև, պատվիր արքային, քանզի արքայական իշխանությունը և աստվածայինը համազոր են։ Պատվիր դաստիարակիդ ծնողներիդ հավասար, ծնողներ քեզ բնությունն է տվել, իսկ դաստիարակը քեզ սիրում է իր բարի կամոք, դրա համար էլ դու պետք է նրան շնորհապարտ լինես կրկնակի։
Քո ամենօրյա սնունդը թող լավ լինի և բավարար, որպեսզի ուժդ ու առողջությունդ բավի վաղվա աշխատանքի համար։
Եթե արքայական պալատում ես ապրում, ապա այն ամենը, ինչ որ լսում ես, թող քո մեջ մեռնի, որպեսզի դու ինքդ անժամանակ չմեռնես։
Կնոջդ հետ լավ վարվիր, որպեսզի ուրիշ տղամարդ չցանկա, թեթևամիտ է կանանց ցեղը, և շողոքորթությամբ կարելի է նրան ետ պահել սխալներից։
Խմած ժամանակ ցույց մի տուր քո գիտունությունը, քո ճամարտակությունները անտեղի կլինեն և ուրիշները կծաղրեն քեզ։ Լեզուդ փակի տակ պահիր։
Եթե մեկի բախտը բերում է մի նախանձիր, այլ ուրախացիր նրա հետ միասին, և նրա հաջողությունը քոնը կլինի, իսկ ով որ նախանձում է՝ նա ինքն իրեն դեմ վատ բան է անում։
Հոգա ստրուկներիդ մասին, քո բարիքներից բաժին տուր նրանց, թող նրանք ոչ միայն հնազանդվեն քեզ, այլ հանձին քեզ մեծարեն բարեգործին։
Տիրապետիր քեզ։
Մի ամաչիր սովորելուց նաև հասուն տարիքում, լավ է սովորել ուշ քան երբեք։
Մի բացվիր կնոջդ առջև և ոչ մի գաղտնիք մի տուր նրան, ամուսնական կյանքում կինդ քո հակառակորդն է, որը միշտ զինված է, և անվերջ մտածում է, թե քեզ ինչպես ենթարկի իրեն։
(110) Ապրիր նրանով, ինչ ունես, իսկ այսօրվա ավելցուկը պահիր վաղվա համար, ավելի լավ է բարիքը թողնել թշնամուն, քան թե բարեկամներից ողորմություն մուրալ։
Ում հետ ստիպված ես գործ ունենալ, նրանց հետ զիջող եղիր և հարգալից, չէ՞ որ շունն էլ շոյանք տեսնելիս պոչը խաղացնում է, մահակ տեսնելիս կծկում է։
Աշխատիր դառնալ խելացի և ոչ թե հարուստ, հարստությունից կարելի է զրկվել, իսկ խելքը միշտ քեզ հետ է։
Երջանկության մեջ հիշաչար մի եղիր, լավ վարվիր թշնամիներիդ հետ, և նրանք կզղջան, թե ինչ մարդու են նեղացրել։ Եթե կարող ես ողորմածություն ցույց տալ, մի դանդաղիր, գործիր և հիշիր, որ բախտը փոփոխական է։
Բամբասկոտին և շաղակրատին, եթե նույնիսկ հարազատ եղբայրդ է, փորձելուց հետո, իսկույն վանիր քեզանից, նա բարի զգացմունքներից չէ, որ դատարկաբանում է, այլ որպեսզի ուրիշներին հաղորդի քո ասածները և գործերը։
Եթե փողդ շատ է, մի ուրախացիր, եթե քիչ է մի տխրիր։
Այդպես ասաց Եզոպոսը և պատանուց բաժանվեց; Բայց Հելիոսը այնքան էր զղջացել իր արարքի համար և այնպես էր տանջվում՝ մտածելով նրա խրատների մասին, որ հրաժարվելով սննդից, իր կյանքին վերջ տվեց։ Եզոպոսը ողբաց նրա մահը և թաղեց մեծ շուքով։
(111) Դրանից հետո Եզոպոսը կանչեց մի քանի թռչնորս և պատվիրեց չորս արծիվ բռնել։ Երբ արծիվներին բռնեցին, նա պոկեց նրանց երկար փետուրները և կարգադրեց կերակրել ու վարժեցնել այնպես, որ նրանց վրա մանուկներ նստեցնեն։
Եվ երբ փետուրները նորից բսնեցին, նրանց վրա մանուկներ էին նստում, նրանց հետ թռչում երկինք։ Մանուկները թոկեր կապեցին և թոկերով ղեկավարեցին նրանց թռիչքը։ Եվ երբ ամառը եկավ, Եզոպոսը թագավորին հրաժեշտ տվեց և նավով ուղևորվեց դեպի Եգիպտոս։ Եգիպտացիներին զարմացնելու համար իր հետ վերցրեց արծիվներ, մանուկներ, բազմաթիվ ստրուկներ և զանազան պիտույքներ։
(112) Երբ նա հասավ Մեմփիս, Նեկտանեբոս թագավորին հայտնեցին, որ նրա մոտ է եկել Եզոպոսը։ Թագավորը խիստ ազդվեց այդ լուրից, կանչեց իր խորհրդականներին և ասաց․
― Պարոնայք, ես Լիկուրգոսին կոչնագիր ուղարկեցի, բայց Եզոպոսի մահվան լուրը սուտ դուրս եկավ։― Եվ կարգադրեց, որպեսզի Եզոպոսն իջնի նավից։
Հաջորդ օրը Եզոպոսը ներկայացավ թագավորին ողջունելու։ Նեկտանեբոսը հրամայեց իր բոլոր կուսակալներին և զորավարներին ոտքից գլուխ սպիտակ հագնվել, իսկ ինքը սպիտակ ծածկոց հագավ, գլխին եղջյուրներ դրեց, բազմեց գահին և հրամայեց ներս թողնել Եզոպոսին։ (113) Եզոպոսը հիացավ այդ տեսարանից, և թագավորը նրան հարցրեց․
― Ինչի՞ նման եմ ես, ինչի՞ նման են իմ կուսակալները։
― Դու նման ես լուսնի,― պատասխանեց Եզոպոսը,― իսկ կուսակալներդ՝ աստղերի։ Ինչպես լուսինն է մյուս լուսատուների մեջ շողում, այնպես էլ դու՝ քո երկեղջյուր գլխարկով պատկերում ես լուսինը, իսկ կուսակալներդ պատկերում են նրան շրջապատող աստղերը։
Նեկտանեբոսը զարմացավ այդ պատասխանից և շռայլ պարգևներ շնորհեց նրան։
(114) Հաջորդ օրը Նեկտանեբոսը զուգվեց ծիրանագույն զգեստներով, ձեռքին ծաղիկներ առավ, բազմեց իր մերձավորներով շրջապատված գահին և հրամայեց Եզոպոսին ներս թողնել։ Եզոպոսը ներս մտավ, և թագավորը նրան հարցրեց․
― Ասա, ինչի՞ նման եմ ես՝ կուսակալներիս հետ միասին։
― Դու նման ես գարնան արևի,― ասաց Եզոպոսը,― իսկ կուսակալներդ՝ երկրային պտուղների, որպես տիրակալ, դու քո ծիրանի փայլով շոյում ես մարդկանց հայացքները, իսկ ծաղկափթիթ հողը իր պտուղներն է բերում քեզ։
Թագավորը զարմացավ նրա իմաստությունից և պարգևներ շնորհեց։
(115) Երրորդ օրը Նեկտանեբոսը զարդարվեց սպիտակ զգեստներով, մերձավորներին հագցրեց բոսորագույն հագուստներ և բազմեց գահին։ Եզոպոսը ներս մտավ, և թագավորը նորից հարցրեց․
― Ինչի՞ նման եմ ես։
― Դու նման ես արևին,― պատասխանեց Եզոպոսը,― իսկ կուսակալներդ՝ նրա ճառագայթներին, ինչպես արեգակն է մեզ համար պարզ ու պայծառ շողում, այնպես էլ դու ես քո պայծառ փայլը տալիս քեզ նայողներին և լուսատուներին, իսկ կուսակալներդ՝ նրա բոսոր ճառագայթներն են։
Թագավորը զարմացավ և ասաց․
― Ահա թե ինչպիսի վեհապետ եմ ես, մի՞թե պարզ չէ, որ Լիկուրգոսը իմ առջև ոչնչություն է։
Բայց Եզոպոսը ժպտաց և պատասխանեց․
― Նրա անունն իզուր մի տուր, Լիկուրգոսը այնքան է բարձր քեզանից, որքան Զևսն է բարձր տիեզերքից։ Այդ նա է արեգակին և լուսնին ստիպում շողալ, իսկ տարվա եղանակներին՝ հաջորդել միմյանց։ Եթե նա զայրանում է, ապա ցնցում է իր շինությունը, սարսափելի շանթ ու կայծակ է ուղարկում, իսկ հողագունդը երերում է երկրաշարժից։ Այդպես էլ Լիկուրգոսն է իր վեհապետության փայլով մթագնում ու մռայլում քո փայլը, քանզի ամեն ինչ նսեմանում է նորին մեծության առջև։
(116) Նեկտանեբոսը տեսավ, որ Եզոպոսը շատ նրբամիտ և ճարտարախոս մարդ է, և հարցրեց․
― Աշտարակը կառուցողներին բերե՞լ ես։
― Նրանք պատրաստ են,― պատասխանեց Եզոպոսը,― միայն տեղը ցույց տուր նրանց։
Զարմացած թագավորը Եզոպոսի հետ դուրս եկավ քաղաքամերձ մի վայր և ցույց տվեց շինության ծավալը։ Այդ տարածության անկյուններում Եզոպոսը կանգնեցրեց իր արծիվներին, և մանուկներին հրամայեց արծիվներին նստած՝ օդ բարձրանալ։ Նրանք թռան և վերևից ձայն տվին․
― Այստեղ բերեք ցեխը, աղյուսը, գերանները և մնացած բոլոր շինանյութերը։
― Ինչպե՞ս,― բացականչեց Նեկտանեբոսը,― այդ ի՞նչ թևավոր մարդիկ են։
― Լիկուրգոս թագավորը,― պատասխանեց Եզոպոսը,― այդպիսի թևավոր մարդիկ էլ ունի։ Եվ մի՞թե դու, մարդ արարած, կարող ես չափվել մի տիրակալի հետ, որը հավասար է աստվածներին։
Նեկտանեբոսն ասաց․
― Եզոպոս, դու հաղթեցիր։ Բայց մի հարցիս էլ պատասխանիր։
― Հարցրու, ինչ որ ուզում ես,― ասաց Եզոպոսը։
(117) ― Ես մի քանի զամբիկ ունեմ,― ասաց Նեկտանեբոսը,― որ Հունաստանից են բերել, հենց որ նրանք լսում են Բաբելոնի հովատակների խրխնջոցը, առանց մերձենալու, անմիջապես ծնում են։
― Լավ,― ասաց Եզոպոսը,― ես վաղը կպատասխանեմ քեզ։
Եզոպոսը գնաց տուն և ծառաներին հրամայեց մի կատու բռնել։ Ծառաները մի մեծ կատու բռնեցին և բազմության աչքի առաջ սկսեցին մտրակել։ Եգիպտացիները այդ որ տեսան Եզոպոսի կացարանը շրջապատեցին և աղմուկ-աղաղակ բարձրացրին։ Եզոպոսը հրամայեց կատվին բաց թողնել։ Բայց եգիպտացիները վազեցին թագավորի մոտ և զայրացած բողոքեցին Եզոպոսի վարմունքից։ Թագավորն իր մոտ կանչեց Եզոպոսին, և երբ նա ներկայացավ, ասաց նրան․
― Լավ չես անում։ Կատուն Բուբաստիս դիցուհու սուրբ կերպարն է, և եգիպտացիները պաշտում են նրան։
(118) Եվ Եզոպոսն ասաց․
― Անցյալ գիշեր այդ կատուն աչք էր տնկել Լիկուրգոս թագավորի ջահել աքաղաղին, որ քաջ կռվող էր և թագավորին իմաց էր տալիս ժամանակը։ Եվ ահա այդ կատուն անցյալ գիշեր խեղդել է նրան։
― Եվ չե՞ս ամաչում այդպես ստելուց,― հարցրեց Նեկտանեբոսը,― ինչպե՞ս կարող է մի գիշերվա մեջ կատուն հասնել Բաբելոն և վերադառնալ։
― Իսկ ինչպե՞ս կարող են,― ասաց Եզոպոսը, այստեղի զամբիկները լսել մեր հովատակների խրխինջը և, առանց մերձենալու հղիանալ։
Թագավորը տեսավ, թե որքան խելոք է Եզոպոսը և վախեցավ, որ ինքը կպարտվի ու ստիպված կլինի տուրք վճարել Լիկուրգոսին։
(119) Նա մարդիկ ուղարկեց Հելիոպոլիս՝ կանչելու բնության երևույթներին գիտակ գուշակներին։ Խորհուրդ արեց նրանց հետ, իսկ հետո հրամայեց Եզոպոսի հետ միասին խնջույքի գալ իր մոտ։ Սահմանված ժամին հյուրերը խնջույքի եկան, ընկողմանեցին ճաշասեղանի շուրջ, և հելիոպոլիսցի քուրմերից մեկը Եզոպոսին ասաց․
― Աստված մեզ ուղարկեց, որպեսզի մենք խնդիրներ առաջադրենք, իսկ դու վճռես։
― Դուք զրպարտում եք և՛ ձեզ, և՛ ձեր աստծուն,― ասաց Եզոպոսը,― քանզի եթե նա աստված է, պետք է նրան հայտնի լինեն բոլոր մարդկանց բոլոր մտքերը։ Բայց հարցրեք ինչ որ ուզում եք։
(120) Քուրմերն ասացին․
― Կա մի տաճար, տաճարում մի սյուն, սյան վրա՝ տասներկու քաղաք, ամեն մեկի տանիքում՝ երեսուն գերան և ամեն մի գերանի շուրջ վազում են երկու կին։
Եզոպոսը պատասխանեց․
― Այդ խնդիրը մեզ մոտ երեխան էլ կարող է վճռել, տաճարը աշխարհն է, որովհետև ամեն ինչ պարունակում է իր մեջ, սյունը տարին է, որովհետև անխախտ կանգնած է, նրա վրա քաղաքները ամիսներն են, որովհետև նրանք միշտ զբաղված են քաղաքացիական գործերով, երեսուն գերանները երեսուն օրերն են, որ ծածկում են ժամանակը, երկու կանայք օր ու գիշերն են, որովհետև անընդհատ շտապում են մեկը մյուսի ետևից։
Այնուհետև նրանք վերկացան սեղաններից։
(121) Հաջորդ օրը Նեկտանեբոս թագավորը հրավիրեց իր խորհրդականներին և ասաց․
― Ի՞նչ արած, ինչպես երևում է, այդ գարշելի հրեշի պատճառով, ես ստիպված եմ Լիկուրգոս թագավորին տուրք վճարել։
Խորհրդականներից մեկն ասաց․
― Մենք նրան կառաջարկենք այսպիսի մի խնդիր՝ «Այն ի՞նչն է, որ ոչ տեսել ենք և ոչ էլ լսել»։ Եվ ինչ էլ որ ասի, մենք կպատասխանենք՝ տեսել ենք, լսել ենք։ Նա ուրիշ շահ չի ունենա, և մենք կշահենք։
― Թագավորին դուր եկավ այդ խնդիրը, և նա համոզված էր, որ հաղթանակն իր ձեռքում է։ Եվ ահա Եզոպոսն եկավ, և Նեկտանեբոս ասաց․
― Մի խնդիր էլ վճռիր, և ես Լիկուրգոսին տուրք կտամ։ Այն ի՞նչն է, որ ոչ տեսել ենք և ոչ էլ լսել։
― Երեք օր ժամանակ տուր, ասաց Եզոպոսը,― և ես կպատասխանեմ։
Եզոպոսը դուրս եկավ թագավորի պալատից և սկսեց մտածել․ «Ես ինչ էլ որ ասեմ, նրանք կասեն՝ տեսել ենք»։
(122) Բայց նա շատ խորամանկն էր, նստեց և մի պարտամուրհակ գրեց՝ հետևյալ բովանդակությամբ․ «Նեկտանեբոս թագավորը Լիկուրգոս թագավորից պարտք է վերցրել հազար տաղանդ ոսկի», իսկ վճարման ժամկետը նշեց հետին թվով։
Երեք օրն անցավ, Եզոպոսը գնաց Նեկտանեբոս թագավորի մոտ, իսկ նա իր խորհրդականների հետ կանխավայելում էր Եզոպոսի պարտության հաճույքը։ Եզոպոսը հանեց պարտամուրհակը և ասաց․
― Կարդացեք այս պայմանագիրը։
Նեկտանեբոս թագավորի խորհրդականները, առանց կարմրելու ասացին․
― Մենք շատ անգամ ենք տեսել և կարդացել։
― Ի՞նչ արած,― ասաց Եզոպոսը,― ես ուրախ եմ, որ դուք վկաներ կլինեք։ Այդ դեպքում տեղնուտեղը վճարեցեք այդ գումարը, որովհետև պարտամուրհակի ժամկետը վաղուց արդեն անցել է;
Նեկտանեբոս թագավորը լսեց և ասաց․
― Ինչպե՞ս։ Դուք կարո՞ղ եք վկայել մի պարտքի մասին, որը ես նույնիսկ չեմ էլ մտածել վերցնել։
― Ոչ, ոչ,― ասացին խորհրդականները,― մենք դա չենք տեսել և նրա մասին չենք լսել։
― Իսկ եթե դուք այդպես եք կարծում,― հայտարարեց Եզոպոսը,― ապա խնդիրը լուծված է։
(123) Նեկտանեբոսն ասաց․
― Երջանիկ է Լիկուրգոս թագավորը, որ նրա տիրապետությունում ապրում է այդպիսի մի իմաստուն հպատակ։
Նա Եզոպոսին վճարեց երեք տարվա տուրքը, բաց թողեց և նրան տվեց մի նամակ՝ հաշտության խնդրանքով։ Եզոպոսը վերադարձավ Բաբելոն, փողը տվեց Լիկուրգոսին և պատմեց այն ամենը, ինչ որ եղել էր Եգիպտոսում։ Եվ Լիկուրգոսը հրամայեց Մուսաների կողքին կանգնեցնել Եզոպոսի ոսկե արձանը, և ի պատիվ Եզոպոսի իմաստության, կազմակերպեց շքեղ տոնախմբություն։
(124) Բայց Եզոպոսն ուզում էր լինել Դելփիքում, և նա թագավորին հրաժեշտ տվեց, խոստացավ հետո վերադառնալ նրա մոտ և մինչև իր կյանքի վերջը ապրել Բաբելոնում։ Եվ նա շրջեց հունական քաղաքները, ամենուրեք ցույց տալով իր իմաստությունն ու գիտությունը։ Վերջապես նա հասավ Դելփիք և ելույթներ ունեցավ։ Ժողովուրդը սկզբում նրան լսում էր բավականությամբ, բայց վճարելը չէր վճարում։
Ի դեպ, Եզոպոսը նկատեց, որ տեղական բանջարեղենից մարդկանց դեմքերն ավելի հողագույն են, և ասաց նրանց․
― Նման են որդիք մարդոց տերևոց կաղնեաց։
(125) Իսկ հետո, նրանց ծաղրելով ասաց․
― Դուք դելփիքցիներդ, նման եք ծովի վրա օրորվող գերանի, հեռվից նայողին թվում է, թե դա ինչ-որ արժեքավոր բան է, բայց հենց որ մոտենում ես, պարզվում է, որ անպետքություն է, որին գրոշ էլ չես տա։ Այդպես ես էլ էի հեռվից հիանում ձեր քաղաքով և կարծում, որ դուք հարուստ եք ու ազնիվ, բայց հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ և ձեր, և ձեր քաղաքի հարցում, ոչ մի լավ բան չեմ տեսնում ձեր մեջ։ Աշխարհի բոլոր մարդկանցից դուք ավելի վատ եք ապրում, բայց այնպես եք պահում ձեզ, որ գերազանցել եք նույնիսկ ձեր նախորդներին։
― Այդ ո՞ր նախորդների մասին է խոսքդ,― հարցրին դելփիքցիներդը։
(126) ― Ձեր նախորդները ստրուկներ էին,― ասաց Եզոպոսը,― եթե դուք այդ չգիտեք, իմացեք։ Հնուց ի վեր հույների մեջ ընդունված էր, որ գրավելուց թշնամու քաղաքը, ավարի մեկ տասներորդը նվեր ուղարկեն Ապոլոնին, հարյուր ցուլից տասը, և նույն չափով՝ նեխազներ, ստրուկներ, ստրկուհիներ, փող և մնացյալ ամեն ինչ։ Հենց այդ ստրուկներից էլ ծնվել եք դուք, և հետևաբար, դուք էլ անազատ մարդիկ եք, ասել է թե՝ դուք նույնպես ստրուկ եք։ Դուք բոլորդ ձեր ծագումով հելլեների ստրուկն եք։― Այդպես ասաց Եզոպոսը և պատրաստվեց հեռանալ։
(127) Քաղաքի կառավարիչները լսեցին և մտածեցին․ «Եթե մենք նրան թույլ տանք հեռանա, կգնա ուրիշ քաղաքներ և բոլորի առջև մեզ կանարգի»։ Եվ որոշեցին խարդավանքով դատաստան տեսնել նրա հետ։ Նրանց օգնեց ինքը՝ Ապոլոնը, որին Եզոպոսը զայրացրել էր, որովհետև Մուսաների հետ մեկտեղ նրա հուշարձանը չէր դրել Սամոսում։
Նրանք հարմար պատրվակ չունեին, և որպեսզի մյուս ուխտավորները չպաշտպանեն Եզոպոսին, դիմեցին խորամանկության։ Սպասելով մինչև դռնապան ստրուկը քնի, Եզոպոսի բեռների մեջ թաքցրին տաճաիր ոսկե թասը։ Այդ մասին Եզոպոսը ոչինչ չիմացավ։
Եվ ահա Եզոպոսը բռնեց Ֆոկեայի ճանապարհը։ (128) Դելփիքցիները կրնկակոխ ընկան նրա ետևից, կապոտեցին նրան և ետ բերեցին քաղաք;
― Ինչո՞ւ եք ինձ կապոտել,― գոչեց Եզոպոսը։
― Դու տաճարից ոսկի ես գողացել,― ասացին նրան։
Եզոպոսը, որ ոչ մի մեղք չէր գործել, արցունքն աչքերին, ասաց․
― Կախեցեք ինձ, եթե թեկուզ որևէ բան գտնեք ինձ մոտ։
Դելփիքցիները տակնուվրա արեցին նրա բեռները, թասը գտան, ցույց տվեցին ամբողջ քաղաքին և դաժանորեն ծեծելով ու լուտանքներ թափելով, Եզոպոսին անարգանքի ենթարկեցին։ Եզոպոսը հասկացավ, որ թասը դիտմամբ է դրված, դելփիքցիներին բացատրեց, բայց նրանք չլսեցին։ Եվ նրանց ասաց․
― Դուք մարդիկ եք, մտածեցեք ուրեմն մարդկային գործերի մասին, իսկ աստվածներն իրենք իրենց մասին կմտածեն։
Բայց նրան նետեցին բանտ և պատրաստվեցին մահապատիժ տալ։ Եզոպոսը տեսնելով, որ փրկություն չկա, ասաց․
― Ես մահկանացու եմ և ճակատագրից չեմ խուսափի։
(129) Եզոպոսը մի բարեկամ ուներ, նա պահակին համոզեց, մտավ Եզոպոսի բանտախուցը և, արցունքն աչքերին, բացականչեց․
― Այդ ի՞նչ փորձանքի եկանք։
Եզոպոսը մի առակ պատմեց․
― Մի մարդ մահացավ։ Կինը դառն լաց եղավ նրա գերեզմանին։ Մաճկալը տեսավ այդ կնոջը և ցանկություն զգաց։ Եզները թողեց վարելահողի մեջ, մոտեցավ նրան և ձևացրեց, որ նույնպես դառն արցունք է թափում։ Կինը դադարեց հեկեկալուց և հարցրեց․ «ինչո՞ւ ես մղկտում»։ «Ես էլ մի բարի ու խելոք կին ունեի, բայց, ավաղ, նա մեռավ, և երբ լաց եմ լինում, սիրտս թեթևանում է»։ «Ես էլ,― ասաց կինը,― կորցրել եմ սիրելի ամուսնուս, և նույնպես լաց եմ լինում, որպեսզի սիրտս թեթևանա»։ Եվ մաճկալը կնոջն ասաց․ «Եթե երկուսիս էլ նույն ճակատագիրն է վիճակված, ինչո՞ւ չմտերմանանք։ Ես քեզ կսիրեմ, ինչպես հանգուցյալ կնոջս, դու էլ ինձ սիրիր, ինչպես քո ամուսնուն»։ Այդ խոսքերով նա համոզեց կնոջը։ Մինչդեռ նրանք սիրում-փայփայում էին իրար, գողը գյուղացու եզներն արձակեց ու տարավ։ Մաճկալը վեր կացավ, տեսավ, որ եզները չկան, սկսեց իսկապես լաց լինել։ Կինը նորից հարցրեց․ «Ինչո՞ւ ես մղկտում»։ Եվ նա պատասխանեց․ «Էհ, այ կնիկ, հիմա արդեն մղկտալու բան կա»։ Էլ ինչո՞ւ ես իզուր հարցնում, երբ ինքդ էլ ես տեսնում, թե ինչ փորձանք է եկել գլխիս։
Եզոպոսի ընկերը, դառն արտասվելով հեռացավ։
(130) Դելփիքցիները եկան Եզոպոսի մոտ և ասացին․
― Այսօր քեզ գլորելու ենք ժայռից, մենք որոշեցինք սրբապղծության և չարախոսանքի համար քեզ պատժել այս ձևով, քանի որ դու արժանի չես թաղվելու։ Պատրաստվիր մահվան։
Եզոպոսը լսեց այդ սպառնալիքները և ասաց․
― Թույլ տվեք մի առակ պատմեմ։
Նրանք թույլատրեցին և նա ասաց․
(131) ― Երբ դեռ կենդանիները խոսում էին, մի մուկ բարեկամացավ գորտի հետ և նրան հրավիրեց իր մոտ։ Մուկը նրան տարավ մի մեծ մառան, որտեղ և հաց կար, և միս, և պանիր, և ձիթապտուղ, և թուզ, և ասաց․ «Կեր անուշ լինի»։ Լավ հյուրասիրվելուց հետո, գորտն ասաց․ «Դու էլ ինձ մոտ արի հյուր, ես դրանից վատ չեմ ընդունի քեզ»։ Նա մկանը բերեց լճի մոտ և ասաց․ «Լողանք»։― «Բայց ես լողալ չգիտեմ,― ասաց մուկը։ «Ոչինչ, ես քեզ կսովորեցնեմ»,― ասաց գորտը։ Մկան թաթը նա կապեց իր թաթին և թռավ դեպի լիճը՝ մկանը քարշ տալով ետևից։ Մուկը, որ արդեն խեղդվում էր, ասաց․ «Ես մեռնում եմ, բայց մեռած էլ վրեժխնդիր կլինեմ քեզնից»։ Այդ նույն պահին գորտը սուզվեց, և մուկը խեղդվեց։ Բայց երբ մկան մարմինը ջրի երես դուրս եկավ, մի ագռավ թռավ եկավ, ճանկեց մկանը, իսկ նրա հետ՝ նաև կապված գորտին։ Նախ մկանը կերավ, իսկ հետո էլ գորտին։ Այս ձևով մուկը վրեժ լուծեց գորտից։ Այդպես էլ ես, քաղաքացիներ, եթե դուք ինձ սպանեք, կդառնամ ձեր չար ճակատագիրը, և լյուդացիք, և բաբելացիք, և ամբողջ Հելլադան կճաշակեն իմ մահվան պտուղները։
(132) Այդպես ասաց Եզոպոսը, բայց դելփիքցիները նրան քարշ տվեցին դեպի ժայռը։ Եզոպոսը դուրս պրծավ և փախավ, մտավ Մուսաների տաճարը, բայց այնտեղ էլ նրան ոչ ոք չխղճաց։ Նա իրեն տանողներին ասաց․
― Քաղաքացի դելփիքցիներ, պետք չէ արհամարհել այս տաճարը։ (133) Այսպես մի անգամ նապաստակը, ճողոպրելով արծվից մոտեցավ աղբաբզեզին և խնդրեց պաշտպանել իրեն։ Բզեզն արծվին խնդրեց հարգել իր միջնորդությունը, Զևսի անունով արծվին համոզեց չարհամարհել իր ոչնչությունը։ Բայց արծիվը թևով մի կողմ հրեց բզեզին, նապաստակին բզկտեց ու խժռեց։ (134) Բզեզը զայրացավ, թռավ արծվի հետքերով, գտավ նրա բույնը, որտեղ դրված էին արծվի ձվերը, փշրեց ու թռավ։ Արծիվը վերադարձավ, արյունը աչքերը կոխեց, ուզեց գտնել ու բզկտել չարագործին։ Եվ հաջորդ տարին նա իր ձվերն ածեց մի ավելի բարձր տեղ։ Իսկ բզեզը նորից թռավ, նորից փշրեց ձվերը և նորից անհետացավ։ Արծիվը ցավից կռնչաց, գլխին տվեց, որ Զևսը որոշել է ոչնչացնել իր ցեղը։ (135) Եվ երրորդ տարին դժբախտ արծիվը արդեն բնում չածեց, այլ թռավ Օլիմպոս և ածեց Զևսի գոգում։ «Երկու անգամ արդեն ձվերս փշրվել են, իսկ երրորդ անգամ քեզ եմ վստահում»։ Բայց բզեզն իմացավ այդ, վերցրեց աղբի մի գուղձ, թռավ Զևսի մոտ և հենց նրա քթի տակ սկսեց պտույտներ գործել։ Զևսը տեսավ այդ կեղտոտ էակին, զզվանքով վեր կացավ, և մոռացավ, որ իր գոգում արծվի ձվերն են, և ձվերը ջարդվեցին։ (136) Զևսը հասկացավ, որ բզեզը վրեժ է լուծում վիրավորանքի համար, և երբ արծիվը վերադարձավ նրա մոտ, ասաց․ «Տեղն է, որ ձվերից զրկվեցիր, քանզի բզեզին նեղացրել ես»։ Իսկ բզեզն ավելացրեց․ «Նա ոչ միայն ինձ է նեղացրել, այլև քեզ է խիստ վիրավորել, չէ՞ որ ես նրան քո անունով աղերսեցի, իսկ նա չվախեցավ և սպանեց խնդրատուիս»։ (137) Եվ որպեսզի արծվի ցեղը չոչնչանա, Զևսը բզեզին խնդրեց իր զայրույթը փոխել գթության, բայց բզեզը չհամաձայնեց, և Զևսը ստիպված եղավ այնպես անել, որ արծիվները ձու ածեն այն ժամանակ, երբ բզեզները չեն թռչում։ Ահա և դուք քաղաքացի դելփիքցիներ, մի պղծեք այս սրբավայրը, որտեղ ես փրկություն եմ որոնել, թեկուզ և մեծ չէ տաճարը։ Հիշեցեք աղբի բզեզին և հարգեցեք Զևսին՝ Օլիմպիական Հյուրընկալին։
(138) Դելփիքցիներին այդ ևս չկանգնեցրեց, նրան մոտեցրին ժայռին և դրեցին զառիթափի վրա։ Եզոպոսը տեսավ, որ հասել է իր ժամը և ասաց․
― Ես ամեն ձևով համոզեցի ձեզ, բայց ապարդյուն, դրա համար էլ թույլ տվեք մի առակ պատմեմ։ Մի գյուղացի իր ամբողջ կյանքն ապրեց գյուղում և ոչ մի անգամ քաղաք չեկավ։ Նա որդիներին խնդրեց, որ գոնե վերջին տարիներին թույլ տան գնա քաղաքը տեսնի, քանի դեռ կենդանի է։ Տնեցիք էշերը լծեցին քառանիվ սայլին և ասացին․ «Դու միայն քշիր, և նրանք քեզ կտանեն ուղիղ դեպի քաղաք»։ Բայց ճանապարհի կեսին գիշերը վրա հասավ, եղանակը վատացավ, էշերը մոլորվեցին և նրան հասցրին զառիթափի եզրին։ Գյուղացին տեսավ, թե ինչ փորձանքի մեջ է ընկել, և բացականչեց․ «Օ, տեր իմ, Զևս, ինչի՞ համար ինձ հասցրիր այդպիսի չար վախճանի։ Գոնե ձիերի զոհը լինեի և ոչ թե այդ անպիտան էշերի»։ Ահա ես էլ եմ ցավում, որ կործանվում եմ ոչ թե արժանավոր մարդկանց ձեռքով, այլ ձեզ նման ստրուկ վիժվածքների։
(139) Եվ վերջապես, երբ արդեն պատրաստ էր զառիթափից նետվելու, նա մի առակ պատմեց ևս։
― Մի մարդ սիրահարվեց իր հարազատ աղջկան, և կիրքը նրան հասցրեց այնտեղ, որ կնոջն ուղարկեց գյուղ, իսկ աղջկան ճանկեց և բռնի տիրացավ։ Աղջիկն ասաց․ «Պիղծ է արարքդ, հայր, ավելի լավ էր հարյուր տղամարդու ձեռքն ընկնեի, միայն ոչ քո»։ Նույնն էլ ես եմ ձեզ ասում, քաղաքացի դելփիքցիներ, ավելի լավ էր թափառեի Սիրիայում, Փյունիկյայում, Հրեաստանում, քան թե այստեղ անսպասելի և անակնկալ զոհվեի ձեր ձեռքով։
Բայց դելփիքցիները մնացին անդրդվելի։ Եվ այն ժամանակ Եզոպոսը նզովեց նրանց, Մուսաների ղեկավար Ֆեբոսին կանչեց որպես վկա՝ իր անմեղ կործանման, զառիթափից նետվեց և այդպես կնքեց իր մահկանացուն։
Իսկ դելփիքցիներին հետո բաժին ընկավ ժանտախտը, և Զևսի պատգամախոսը հաղորդեց, որ նրանք պետք է քավեն Եզոպոսի սպանության մեղքը։ Այդ բոթը լսեցին Հելլադան, Բաբելոնը, Սամոսը և վրեժխնդիր եղան Եզոպոսի մահվան համար։
Այդպիսին է Եզոպոսի ծագումը, դաստիարակությունը, գործը և վախճանը։