«Զահրատ — Մատենաշար ժամանակակից սփիւռքահայ բանաստեղծութեան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1288. | Տող 1288. | ||
::Բոլոր գիծերը կը սրբեմ ի սպառ | ::Բոլոր գիծերը կը սրբեմ ի սպառ | ||
− | == | + | ==Բարի երկինք (1971)== |
− | + | ===Ողբ=== | |
− | + | ||
− | + | ||
− | ====== | + | |
<poem> | <poem> | ||
+ | Եկուր — ըսի — դէմս նստաւ ու երգեց — | ||
+ | :Երազախառն երգ մըն էր | ||
+ | Չոր ես շատոնց չէի լսած կեանքիս մէջ — | ||
+ | Յետոյ լռեց — երկարօրէն դիտեց զիս — | ||
+ | Նայուածքներուն տակ կը զգայի թէ կը տաքնամ յամրօրէն — | ||
+ | :Եկուր — ըսի — ձեռքէս բռնեց ու տարաւ — | ||
+ | :::Ճաճանչախառն տեղ մըն էր | ||
+ | ::Ուր ես շատոնց չէի եղած կեանքիս մէջ — | ||
+ | Հովեր քաղեց — ծովեր քաղեց — սէրեր քաղեց ափին մէջ | ||
+ | :Ապագայի յոյսեր քաղեց երփներանգ — | ||
+ | Եկուր — ըսի — բայց մեկնեցաւ անվերադարձ — ալ չեկաւ — | ||
+ | :Քսան տարու կար չկար | ||
</poem> | </poem> | ||
− | ====== | + | ===Ոչ=== |
<poem> | <poem> | ||
− | + | Ինծի հաճոյք մը պատճառել կʼուզե՞ս — Ոչ — | |
− | + | Մշուշ կʼիջնէ ծովուն վրայ — շոգենաւերը կը սուլեն — | |
+ | ::Անդին ձուկ մը կը հեծկլտայ — | ||
+ | :::յետոյ նորէն | ||
+ | :::համոզելէն | ||
+ | Ինծի հաճոյք մը պատճառել կʼուզե՞ս — Ոչ — | ||
+ | Շոգենաւեր կʼերթան չեն գար — մինչ մշուշը կը թանձրանայ | ||
+ | :::Ու սեւ մուխ մը յամառօրէն | ||
+ | :::Կը կուտակուի մշուշին վրայ — | ||
+ | :::Ոչ մը գժնէ կʼարձագանգէ | ||
+ | :::Յետոյ կʼիջնէ ծովուն վրայ — | ||
− | + | :::::Հեռուներէն | |
− | + | :::Պզտիկ ձուկ մը կը հեծկլտայ | |
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
</poem> | </poem> |
17:14, 16 Հունիսի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Զահրատ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Գրքոյկը կազմուած է հեղինակին կողմէ
Բովանդակություն
- 1 Մեծ քաղաքը (1960)
- 1.1 Անձրեւ
- 1.2 Թաղ
- 1.3 Մարդու միս
- 1.4 Կամուրջին վրայ
- 1.5 Թաղը
- 1.6 Սերենատի պէս
- 1.7 Ահմէտ Էֆէնտի փողոցը
- 1.8 Բարեկենդան
- 1.9 Դիմակաւոր պարահանդէս Կիկոյի եւ մարդոց համար
- 1.10 Սդրիփ — դիզ
- 1.11 Տարբերութիւն
- 1.12 Կիկօ մեռաւ
- 1.13 Հողի մասին
- 1.14 Զերօ
- 1.15 Երկու
- 1.16 Տաղ
- 1.17 Ռօնտօ գարնան վրայ
- 1.18 Սիրերգութիւն
- 1.19 Նախատօնակ
- 1.20 Նախզգուշութիւն
- 1.21 Նախայարձակ
- 1.22 Նախախնամութիւն
- 1.23 Կաղանդ Պապային մօրուքը
- 1.24 Կաղանդի ծառ մը
- 1.25 Կաղանդի ծառ
- 1.26 Կաղանդզէք
- 1.27 Ծառ
- 1.28 Հանդէս
- 1.29 Բացօդեայ սէրեր
- 1.30 Սիրերգ
- 1.31 Անհաշիւ
- 1.32 Երկու հատ մոմ
- 1.33 Ձուկը որ սալորենիի տերեւ մը տեսաւ
- 1.34 Մուլէն Ռուժ
- 1.35 Բախտախաղ
- 1.36 Տարեդարձ
- 1.37 Կապոյտ հող
- 1.38 Ես մարգագետինը եւ օրիորդ խաղաղութիւնը
- 1.39 Փոշի
- 1.40 Ոսպ ստկող կինը
- 1.41 Լու
- 1.42 Մժեղ
- 1.43 Գանկ
- 1.44 Ճանկ
- 1.45 Հովուն դէմ
- 1.46 Պատմութեան դաս մը
- 2 Գունավոր սահմաններ (1968)
- 3 Բարի երկինք (1971)
Մեծ քաղաքը (1960)
Անձրեւ
Թիւնէլ չէք կրնար նստիլ
Հէք անձրեւի կաթիլներ
Պատերազմի հարուստի տուն չէք կրնար մտնել
Փարթամ տան տանիքը չի վազեր որ
Ես եւ նմաններս զձեզ կը սիրենք
Առատութիւն կը բերէք
Հացին քիլոն կʼաժաննայ
Սակայն քուն ունիմ
Գոնէ բարձիս վրայ մի կաթիք
Թաղ
Ես իմ թաղիս քերթողն եմ
Լեզուս աղքատ է թաղեցիներուս նման
Տաղերուս միակ հարստութիւնը կը կազմեն
Թաղեցիներուս հոգերը
Կը սիրեմ թաղիս բնակիչները
Անոնք լիալուսինը չտեսնելու չափ կոյր
Զեփիւռին երգը չիմանալու չափ խուլ են
Համր են անոնք
Իրենց ապագային մասին խօսիլ չկարենալու չափ
Իսկ ես աղքատ լեզուովս կրնամ երգել Որփէոսի նման
Որովհետեւ պատկերներս ունին թաղեցիներուս երազները
Գոյն գոյն երազները
Լոյս լոյս երազները
Նորածինին նման զոց մի պահէք — բարեկամներ — ձեր աչքերը
Ամէն թաղ իր երազը ունի
Ամէն մարդ իր երազը ունի
Օր պիտի գայ — պիտի տեսնէք
Ամէն ինչ իրական է դարձեր
Աւելի առոյգ պիտի երգեն ոչ միայն քերթողները
Այլ բոլոր մարդիկը միաբերան
Մարդու միս
- Սարգիս Պօղոսեանին
Երբ երկու կողմը շէնքեր շինեցին
Փողոցը ծնաւ
Մեծ էին շէնքերն — այնպէս հոյակապ — որ երբ հարցուցին
Փողոց չեմ ըսաւ — պողոտայ եմ ես
Եւ ալ ամէն օր մեծ մարդիկն ըսես թէ ինքնաշարժերն
Իրենց շքեղութեամբ զայն փայփայելէն անցան ու գացին
Փողոցը կրեց հոսանքն այդ հարուստ — զարդերն այդ փարթամ
Իր մորթին վրայ — գոհարներու պէս
Կարծես ամէն ինչ — արագ ու փայլուն — տօնական էին
Պերճանքը ճանչցաւ
Եկան ու գացին — հետքերն ալ տակաւ կորսուեցան միշտ
Մէկ բան չմոռցաւ
Թէ օր մʼալ մարդ մը բոպիկ ոտքերով անցաւ տատամսոտ
Այդ օր պողոտան մարդու միս ճանչցաւ
Կամուրջին վրայ
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթայ
Կիկօ բազրիքին յենած կը նայի
Ամէն շոգենաւ գալուն Կիկօ կʼուրախանայ
Կամուրջին վրայ է Կիկօ
Քիթը վեր վեր կը քաշէ
Մարդիկ կու գան — մարդիկ կʼերթան
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթայ
Թաղը
Բոլոր տուները իրարու կը նմանին
Բոլոր տնեցիներն իրարու
Խորթ աչքով մի նայիք Կիկոյին
Ան իր թաղին մէջ ՍԻՒՍԻՒ ԿԻԿՕ է
Թաղն ըսես թաղի չի նմանիր
Տունն ըսես տունի չի նմանիր
Կիկոն ըսես Միւսիւի չի նմանիր
Ասիկա տարօրինակ աշխարհ մըն է
Ունի չունի թաղը փերեզակ մʼունի
Ունի չունի հինգ վեց ճախարակ ունի
Թաղեցիներն ըսես տուն ունին տեղ չունին
Ունին չունին գէշ աղէկ գործ մը ունին
Սակայն խորթ աչքով մի նայիք Կիկոյին
Ունի չունի «Միւսիւ»ութիւն մը ունի
Սերենատի պէս
Բարի սիրուհիի մը նման
մառախուղը թեւերուն մէջ է առեր Կիկոն
Երբ ամենուրեք խոնաւ է գիշերանց
խոնաւ — կայմերը կամ Կիկոյի յիշատակները —
պէտք է բոլոր լամբարները մտերմաբար բարեւել
պէտք է փայփայել Կամուրջին բազրիքները
յետոյ կծկուիլ մառախուղին ծոցին
Մառախուղը — բարի մառախուղը որ թեւերուն մէջն է առեր ամէն ինչ
ամէն ինչ — կայմերը Կղզիները կամ Կիկոն
բարի սիրուհիի մը նման կʼըսէ
Ի՞նչ բան կայ աւելի հաւատարիմ
քան մեծ վիշտ մը — առանձնութեան մէջ —
— Կիկօ կʼերազէ —
Բարի սիրուհիի մը նման
մառախուղը թեւերուն մէջ է առեր Կիկոն
Ահմէտ Էֆէնտի փողոցը
Կիկօ կը վախնայ Ահմէտ Էֆէնտի փողոցէն անցնելու
Ահմէտ Էֆէնտի փողոցը մութ է
Մութին համբուրուող զոյգեր կան
Կիկօ կը վախնայ Ահմէտ Էֆէնտի փողոցէն անցնելու
Իր առանձնութիւնը միտքը կʼիյնայ
Բարեկենդան
Երկինքէն մուչինաներ կʼիյնան
Ծառերէն մուչինաներ կʼիյնան
Բարձր բարձր շէնքերէն
Կիկոյի մանկութեան օրերէն
Սալայատակի քարերէն մուչինաներ կը ցատկեն
Մուչինա մուչինա
Մուչինաները բոլորը մէկ Կիկոն կը ծափահարեն
— Գոյն գոյն կարկտան
Երկու մատ մօրուք
Կիկոն մուչինա են կարծեր —
Դիմակաւոր պարահանդէս Կիկոյի եւ մարդոց համար
Խնդացող մարդու դիմակ մʼէ առեր
Զրկանքով բանուած դէմքին անցուցեր
Եւ ինքնավստահ
Աղուոր օրերուն գալուն սպասեր
Խլեր այնպիսի անհուն կարօտով
Դիմակն — ուժգնօրէն երեսն անցուցեր
Դիմակին ծիծաղն երեսն է ելեր
Ու Կիկէ հիմա
Ծիծաղուն կեցեր իր օրերուն առջեւ
Համարձակօրէն
եւ ուրախացեր եւ ուրախացեր
Սդրիփ — դիզ
ՆԱԽ հագուիլ պէտք է
ՅԵՏՈՅ արուեստով հանուելու համար
Կիկօ արուեստը սորվեր է ՇԱՏՈՆՑ
ՀԻՄԱ հագուստին կը սպասէ
Տարբերութիւն
Կիկօ աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Երկինքը կապոյտ — ծովերը կապոյտ
Սիրած աղջկան աչքերը կապոյտ
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կʼըսես ծովերը կապոյտ էին միշտ
Կʼըսես երկինքը կապոյտ էր արդէն
Չի հաւատար որ — նոր տեսայ կʼսէ
— Ակնոցը քթին չորս դին կը նայի
Կիկօ աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապոյտը կապոյտ կը տեսնէ
Կիկօ մեռաւ
Բացօթեայ շատ պառկեցաւ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանայ
Հանգիստ իր կոշիկներուն
Հողի մասին
Հողը շատ կը սիրէր —
Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ
կʼուզէր գիրկ գիրկի պառկել հողին հետ
կʼուզէր հողը գրկել — գրկել հիանալ
մեռաւ — հասաւ մուրատին
Սակայն — չեմ գիտեր ինչու — աստղերը կու լան
Կամուրջը կու լայ
— Ողջութեանը Կիկօ ուրիշ մտերիմ չունեցաւ —
Զերօ
Մէկ անգամ մէկ մէկ
Մէկ անգամ Կիկօ զերօ
Երկու անգամ մէկ երկու
Երկու անգամ Կիկօ զերօ
Տասն անգամ մէկ տասը
Տասն անգամ Կիկօ զերօ
Հարիւր անգամ մէկ հարիւր
Հարիւր անգամ Կիկօ մենք
Երկու
Երկնքին մէջտեղ — արեւուն պոչին —
Խոշոր — շատ խոշոր «Երկու» մը գծեմ
Արիւնով գծեմ — քրտինքով գթեմ
Հոգ չէ — թող խոշոր «Երկու» մը գծեմ
Այս առանձնութեան վերջն եկաւ ըսեմ
Տաղ
Փոքր բաներով
Երջանկութեան մեծ տաղեր իմանալ
Մութ ճամբաներով
Լապտեր մը տեսնել ու երջանկանալ
Մանր յանգերով
Կեանք մʼամբողջ ապրիլ երգել ու պարել
Հսկա՞յ զանգերով
Միայն կը կարծեն ժպիտ նկարել
Մինչդեռ ես ու դուն
Որ չենք կորուսեր պարզութիւնն անյուշ
Նախնական մարդուն —
Գիտենք աստղերուն տակ նստած — անոյշ
Փոքր բաներով
Երջանկութեան մեծ տաղեր իմանալ
Մութ ճամբաներով
Լապտեր մը տեսնել ու երջանկանալ
Ռօնտօ գարնան վրայ
Կաքաւ կաքաւ կաքաւիկ
Լայնչի լուսնակ լար մահիկ
Պարող պարիկ պարով պար
Զեփիւռ բարբառ լոյս բարբառ
Ցօղ ցօղ այգուն խոնաւիկ
Շող շող արփին խամաճիկ
Բարունակէ բարունակ
Երազ տաղ տաղ մանկունակ
Շորիկ շորիկ խատուտիկ
Շոգ շոգ երկինք կապուտիկ
Մազիդ շիւղ շիւղ մանուշակ
Աղուոր աղջիկ անուշակ
Մարդին մարմանդ պար արտին
Գառին եզան պարարտին
Շող շող արփին խամաճիկ
Կաքաւ կաքաւ կաքաւիկ
Սիրերգութիւն
Սեւ հագնիմ
Ամպ հագնիմ անձրեւ հագնիմ
Ցաւը սրտիկս է այրեր
Աշնան չոր տերեւ հագնիմ
Հուր ժողվեմ
Իմ սիրածէս լուր ժողվեմ
Հուրը զոզնան ու երթան
Ես նստիմ փրփուր ժողվեմ
Լուռ քալեմ
Ցաւը սրտիս ծուռ քալեմ
Երբ հանդիպիմ սիրածիս
Ալ հարց չտամ ուր քալեմ
Լոյս իյնայ
Աչքերուն թող յոյս իյնայ
Այդ աչքերովն երբ նայի
Նայուածքը հոգւոյս իյնայ
Հով ըլլամ
Հովուն պէս գինով ըլլամ
Սիրտս զարնէ խենթի պէս
Երբ սիրածիս քով ըլլամ
Տօն ըլլայ
Իմ սիրածս հոն ըլլայ
Ծաղիկը շուտ կը թոռմի
Սիրածս կոկոն ըլլայ
Գինի տամ
Մարդ չտեսնէ գաղտնի տամ
Վարդ այտերը կարմրնան
Համբուրեմ երանի տամ
Տուն մտնեմ
Տան սեմէն ժպտուն մտնեմ
Գըլուխս դընեմ ուսին
Ու երջանիկ քուն մտնեմ
Երազիս
Աստղ մը գայ նստի սազիս
Ես այդ սազով տաղ ըսեմ
Աստղերը թող լսեն զիս
Եար ըսեմ
Սիրածիս գոհար ըսեմ
Թէ մեռնիմ լայ ետեւէս
Ողջննամ մի լար ըսեմ
Նախատօնակ
— Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ —
Որքան տխուր է գիտնալ
թէ սէրերն ալ
թէ սէրերն ալ կը մոխրանան ակամայ
Որքան դժուար է գիտնալ
ու — չսիրել — չսիրել —
— Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ —
Նախզգուշութիւն
Պատին վրայ մահազդներ կան փակցուած
Մէկը կու գայ — մեռնողներուն կը նայի
Իր անունը կը փնտռէ
Նախայարձակ
Իրաւ է թէ ակնթարթի մը չափ իսկ
տարբերութիւն չկար — բայց
Իմ մենութեան պահերուս
Ես կը սիրեմ դեռ խորհիլ
Թէ այդ գիշեր երբ շատոնց
Մարեր էին լոյսերը մեծ քաղաքին
Նախ դո՞ւն էիր թէ նախ ես
Իր շրթները անուշօրէն երկարող —
Իրաւ է թէ ակնթարթի մը չափ իսկ
տարբերութիւն չկար բայց —
Նախախնամութիւն
Գնաց շիշ մը յուսախաբութիւն բերաւ
Լեցուց գաւաթ գաւաթ — բաժնեց
Խմեցին իրարու կենաց
ու մեռան
Կաղանդ Պապային մօրուքը
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
ԱԼԻՒՐի նման
Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ ՀԱՑ կը շինուի՞
Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք
Կաղանդի ծառ
Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէք
Ծառէն թելեր ծառէն ծամեր ծառէն լոյսեր կախեցէք
Ծառէն ծաղիկ ու խաղալիկ
Ծառէն պերճանք ու զարդարանք
Ծառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք
— Կից մը տուէք — թող փլի
Նոր ծառ մʼառէք — ծառէն ձանձրոյթ կախեցէք
Ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ կախեցէք
— Այդքան առատ արդէն ուրիշ ի՞նչ ունիք —
Կաղանդզէք
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Եթէ գիտնամ
Թէ վերջընթեր Կաղանդին
Պիտի նուէրս ընդունիս
Ժպիտներուն ամէնէն կոյտ
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ սիրելիս
Նուէրներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն իշխանականը զատած
Եթէ գիտնաս թէ կը սպասեմ սիրելիս
Զոյգ ձեռքերըս սրտիս նման քու անունիդ երկարած
Հարիւր Կաղանդ ալ կը մընամ առանց քեզի սիրելիս
Գիտնամ միայն թէ վերջընթեր Կաղանդին
Ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Պիտի գաս
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ — սիրելիս
Գիտնամ միայն
Թէ անպայման
Կաղանդներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երազային հարիւրերորդ Կաղանդին
Մշտադալար եղեւինի մը տակ լուռ
Պիտի հալինք պիտի հատնինք անէանանք միասին
Անվերադարձ Կաղանդներուն պէս կեանքին
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Գիտնամ միայն որ դուն գիտես թէ կը սպասեմ սիրելիս
Ծառ
Այդքան պերճանք — այդքան պչրանք — այդքան լոյս
Չեն բաւեր
Ծածկել արիւնը որ շիթ շիթ կը կաթի
Ճիւղերէդ
Այդքան աւիչ — այդքան տերեւ — այդքան ցօղ
Չեն բաւեր
Որ հաւատանք թէ արեւներ պիտի քաղենք
Ճիւղերէդ
Այսքան արիւն — այսքան արցունք — այսքան վիշտ
Չեն բաւեր
Որ մենք դարձեալ սիրտ չկախենք
Ճիւղերէդ
Հանդէս
Շատ եզական հանդէս մըն է ասիկա
Մուտքն ազատ — ելքը չես գիտեր — երբ — ինչպէս
Երբ ակամայ ինքզինքդ հոս կը գտնես
Դոյլ մը պարան մը կու տան ձեռքդ իսկոյն
Կը մտնես դուն ալ միւսներուն կարգին մէջ
Բոլորդ մէկ շուրջանակի կը շարուիք
Աշխարհադէզ բազմութեամբ մը խայտաբզէտ
Աշխարհակուլ աւազանի մը շուրջին
Աւազանէն դոյլ դոյլ ապրում կը քաշէք
Ոմանց պարանն երկար կʼըլլայ մինչեւ յատակ կը հասնի
Ապումներուն գեղեցկագոյնը կը զատէ խորերէն
Ոմանցը կարճ եւ այնքան կարճ որ փոխանակ զուտ նիւթի
Միայն փրփուր պղպջակով անոնց դոյլը կը լեցուի
Ոմանց դոյլը կʼըլլայ ընտիր — կʼըլլայ խոշոր՝ կեանքի չափ
Ոմանցը փոքր — ոմանցը ծակ — հետեւաբար միշտ դատարկ
Ոմանց բարակ կʼըլլայ պարանն ու դեռ կէսին կը փրթի
Ոմանց ոսկի դոյլեր կու տան — ոմանց դոյլեր ժանգոտած
Բայց շարունակ — բայց անդադար — աւաղանէն ապրումի
Իւրաքանչիւրն իր բաժինը կը քաշէ
Իսկ ես անոք անտիրական — զրկանքներով ճիտս ծուռ —
Մէկ ձեռքիս դոյլ — միւսին պարան — այդպէս ապշած կը կենամ
Այս հանդէսէն դուրս գամ — հոգիս ապրումներով ճոխացած
Շատ եզական հանդէս մըն է ասիկա
Իսկ ես այսպէս հանդիսատես կը մնամ
Բացօդեայ սէրեր
Մեր սէրերը բացօթեայ են բարեկամներ
Հոն ուր փողոցը մութ է
Ուր որ ամայի են փողոցները
Հոն թեւ թեւի ենք մենք եւ կամ գիրկ գիրկի
եւ կամ շրթունք շրթունքի
Կը նայիս ամէնէն համով պահուն
Համբոյրը կիսատ կը թողուն չար ոտնաձայներ
—Մածուն ծախողը կʼանցնի
Մեր սէրերը բացօթեայ են բարեկամներ
Սիրերգ
Նոր նոր սիրերգ մըն եմ սորվեր
չըսեմ կʼըսեմ չեմ կրնար
ըսեմ կʼըսեմ չեմ կրնար
Գիշերն անուշ ու գիշերուան սէրերն անուշ — անուշակ —
Դուն ալ գիտես ես ալ գիտեմ — կեանքն իրարմով կը սիրեն
ըսեմ կʼըսեմ
ըսեմ կʼըսես
ըսենք կʼըսենք չենք կրնար
Գիշերն անուշ ու գիշերուան սէրերն անուշ — անուշակ —
Անհաշիւ
- Զարեն Խրախունիին
Անհաշիւ
Անհաշիւ պիտի սիրես ամէն ինչ
Ամէն ինչ — սուտ կամ իրաւ —
Թէ ոչ օր մʼալ հովուն ծովուն ինչպէս հաշիւ պիտի տաս
Անհաշիւ
Պիտի խաբես կամ խաբուիս
Ամէն օր — տիւ կամ գիշեր —
Թէ ոչ օր մʼալ հողին ջուրին ինչպէս հաշիւ պիտի տաս
Ու պիտի
Սիրաբանած աղջիկներուդ թիւը ճշգրիտ չգիտնաս
Կամ չդիտնաս թէ քանի զարկ սիրտն աւելի կը ղարնէ
Երբ հոտն առնէ նոր սիրոյ մը խոստումին
Ապա թէ ոչ լիալուսնին ինչպէս հաշիւ պիտի տաս
Եւ օրերէն օր մըն ալ
Երբ Հաշուակալն յանկարծ քաշէ հաշուեփակին գիծը սէդ
Դարձեալ պէտք չէ որ գիտնաս
Քանի տարի քանի ամիս քանի օր
Ապա թէ ոչ այդ բոլորին հաշիւն ինչպէս պիտի տաս
Երկու հատ մոմ
Այս գիշեր
Աստուածամօր մեծ պատկերին առջեւ ես
Երկու հատ մոմ վառեցի
Եւ ըսի —
Եթէ քեզի մոմ մը վառել կը բաւօ
Եթէ մոմով մը կատարուին պիտի իղձերս բոլոր
Աստուածամայրըս իմ դուն
Ըրէ այնպէս մը որ հասնիմ երջանկութեան քայլ առ քայլ
Որովհետեւ աւելի լաւ գիտես դուն
Գիտես թէ ինչ պէտք է ինձի որ երջանիկ ըլլամ ես
Մի մոռնար
Այդ մոմերէն մին ես եմ
Աստուածամօր այսպէս ըսի այդ գիշեր
Երբ պատկերին երկու հատ մոմ վառեցի
Ու ըսի —
Այդ միւս մոմն ալ հաւանաբար կը ճանչնաս թէ որունն է
Անոր մասին շատ եմ խօսեր քեզի հետ
Ան գուցէ
Աստուածամօր կամ Աստուծոյ մասին շատ բան չի գիտեր
Բայց հոգ չէ
Եւ կամ ան
Սա վայրկեանիս լուր չունի թէ մոմ մըն ալ
Իրեն համար վառեցի
Հոգ չէ բայց
Աստուածամայրըս իմ դուն
Ըրէ այնպէս մը որ ան ալ երջանկութիւնը ճանչնայ
Մի մոռնար
Այդ մոմերէն մին ան է
Ու գիտես թէ զինքը որքան կը սիրեմ
Ձուկը որ սալորենիի տերեւ մը տեսաւ
Պզտիկ ձուկը որ տերեւ մը տեսաւ
Թարմ — կանաչ — գարնան արեւը խմած —
— տերեւ չտեսաւ
Գարունը տեսաւ —
Գարնան երազով ցատքեց ծովէն դուրս
Հոգեվարք ինկաւ
Ձուկը որ տերեւ տեսաւ գինովցաւ
Ես եմ
Տերեւը որ փրթաւ սալորենիէն
Երակներուն մէջ համեմն աւիշին
Արցունքի շիթ մը
Կոթունէն առկախ
Տերեւը որ փրթաւ ինկաւ հոգեվարք
Ես եմ
Ու ծաղիկներու մէջ սալորենին
Աչքը՝ արեւին — աչքը՝ անձրեւին —
Արեւ — որպեսզի պտուղը եփի
Անրձեւ — որպեսզի պտուղը լեցուի
Պտուղ — որ տեւէ միշտ սալորենին —
Այդ սալորենին ծաղիկներու մէջ
ես եմ
Իսկ այդ պտուղն արեւահամ
Որ բերնիդ մէջ լուռ կը հալի
Որուն կուտը պահ մը միայն կը ծծես
Կամ հողերուն կամ ծովերուն կը նետես
Օ այդ կուտը երջանիկ
Ես եմ
Մուլէն Ռուժ
Սիրոյ ջազանքն է թեւերը
ճռնչալէն
ճռնչալէն
կը դառնան
Ջաղացք այպեպ
Ջաղացք կիներ
ճամբան փորի վրայ պառկեր
սէր կանչելէն
սէր կանչելէն
անոնց թեւերն
ամայութեան մէջ կը դառնան
կը դառնան
Սիրոյ յորձանքն է կը պատմէ
մինակ մարդուց
սէրն ու տարփանքն անմեկին
Մինակ այրեր
մինակ կիներ
կղզիացած
կը ծերանան կը հիւծին
Սիրոյ ջաղացքը կը դառնայ կը դառնայ
սէր կանչելէն —
Սէր կանչելէն
մինակ սիրտերը կʼարիւնին կʼարիւնին
Բախտախաղ
Երբ քեզ տեսայ
Տեսայ չտեսայ
Ահա — ըսի — ֆլօչ ռուայեալ մʼէ որ կʼանցնի
Ամբողջ ռէսթս ոտքերուն տակ փռէի
Մինչեւ դուն
Ման կու գայիր տպարանէն նոր ելած
Հազարնոցի մը պէս թարմ
Հազարնոցին չափ մաքուր
Եւ անոր պէս խոստումներով բեռնաւոր
Ման կու գայիր ոստոստուն
Փոքր ճերմակ գնդակին պէս որ արագ
Կը ցատքոտէ շուրջպարին վրայ սեւ ու կարմիր թիւերուն
Այդ գնդակին պէս որ աչքեր ու հոգիներ կը գերէ
Եւ անոր չափ քմահաճ
Կը քալէիր անվրդով
Կրան շլէմին արհամարհոտ նայուածքով
Օնէօռներուդ տարողութեան գիտակից
Սիւրքոնթրի մը պէս հպարտ
Ու ճամբան
Միւէզզինը որ բացօթեայի նարտ կը խաղար ծառին տակ
Երբ քեզ տեսաւ
Տեսաւ չտեսաւ
Պոռաց ագահ ուրախութեամբ մը — Տիւշէշ —
Տարեդարձ
Այսօր դիպուածաւ
Երբ փողոցը կամ հանրակառքին մէջ
Կամ երկինքին վրայ — երկինքէն անդին
Երեսունըհինգ մոմ տեսնէք վառուած
Զահրատը յիշեցէք
Ձեր բանը գործը ձգեցէք մէկ դի
Պահ մը ձեր վիշտերն ու քէնը մոռցէք
Դիտեցէք մոմերու պուրակն այդ բռնկած
Ու մտածեցէք
Թէ օր մʼալ հով մը պիտի փչէ խօլ
Այս բոլոր մոմերը պիտի մարին
Ու պիտի ցրուին անջրպետին մէջ
Ուր ոչ մոմ կʼապրի — ոչ դուք — ոչ Զահրատ
Պահ մը խորհեցէք
Ու յետոյ դարձեալ
Դուք ձեր հոգերուն
Ես իմ մոմերուս
19 Մայիս 1959
Կապոյտ հող
Հերկէ հոգիս հերկէ — այս հողը կապոյտ է
Կապոյտը երկնքիդ ծովերուդ նման է
Այս հողը ուրիշ է — այս հողն երկինք է
Այս հողը ծով է
Հերկէ հոգիս հերկէ — այս հողը կապոյտ է
Կապոյտը երկնքի ծովերու վայել է
Այս հողը երկնքէն փրթեր է իջեր է
Այս հողը ծովերէն քակուեր է եկեր է
Այս հողը կապոյտին գանձերը բերեր է
Հերկէ հոգիս հերկէ — այս հողը ուրիշ է
Մայիս է գարուն է սիրուհի է մայր է
Այս հողը հողերուն ամէնէն կապոյտն է
Կապոյտը երկնքիդ ծովերուդ նման է
Հերկէ հոգիս հերկէ — այս հողը կապոյտ է
Հող չէ — քու կեանքդ է
Ես մարգագետինը եւ օրիորդ խաղաղութիւնը
Հոն ուր ծովը կը վերջանայ ու եղեւնիներուն ետեւ
մարգագետինը կը սկսի
Օրիորդ Խաղաղութեան հետ թեւ թեւի
պարելու գացի
Խոտերուն ու ճերմակ֊դեղին մարգարտածաղիկներուն վրայ
Պարեցինք չենք գիտեր քանի պար
քանի տարի
Օր մըն ալ — մայրամուտի մը
Երք քաղքին լոյսրեը մէկ մէկ կը վառէին
Հաստ կարմիր շրթներով կին մը նշմարեցի
Ժպտեցաւ ինծի եւ ցուցադրեց գեղեցիկ զիստերը
Ես Ձանձրոյթն եմ ըսաւ միալար ձայնով
Մինչդեռ դեղնած խոտերուն ու թառամած ծաղիկներուն վրայ
Օրիորդ Խաղաղութիւնը մեռաւ ինծմէ առաջ
Փոշի
Տէրս եւ մեծ իշխանս դուն փոշի
Իջիր
Ծառերու կարասիներու սրտերու
եւ յիշատակներու վրայ
Իջիր
Վէրքերու արիւնին վրայ
Իջիր
Իջիր — Չէ՞ որ օր մը պիտի իջնես
հոյակապ մոռացութեան մը պէս
անունիս եւ յաւակնութիւններուս վրայ —
Դուն տէրս եւ մեծ իշխանս ամենազօր
Ոսպ ստկող կինը
Ոսպ մը — ոսպ մը — ոսպեր — ոսպ մը — քար մը — ոսպ մը — ոսպ մը — քար մը
Կանաչ մը — սեւ մը — կանաչ մը — սեւ մը — քար մը — կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով — քար ոսպի քով — յանկարծ բառ մը — բառ ոսպի քով
Յետոյ բառեր — ոսպ մը — բառ մը — բառ բառի քով — յետոյ խօսք մը
Ու բառ առ բառ խօլ բարբառ մը — հինցած երգ մը — հին երազ մը
Յետոյ կեանք մը — ուրիշ կեանք մը — կեանք կեանքի քով — ոսպ մը — կեանք մը
Դիւրին կեանք մը — դժուար կեանք մը — ինչու դիւրին — ինչու դժուար
Բայց քով քովի կեանքեր — կեանք մը — յետոյ բառ մը — յետոյ ոսպ մը
Կանաչ մը — սեւ մը — կանաչ մը — սեւ մը — կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը — սեւ մը — քար մը — ոսպ մը — քար մը — քար մը — ոսպ մը
Լու
Առաւօտուն արթնցայ որ
Քովս պզտիկ լուն անկողնիս մէջ
Մինչեւ առաւօտ արիւն է ծծեր
Ուռած թմբուկի պէս ուռեր թմրեր
Լու
Պզտիկ լու
Ինչ պէտք կար այդքան ծծելու
Մատովս կամաց մը դպայ իրեն
Ու պայթեցաւ լուն անձայն անշշուկ
Լուն այդ պզտիկ լուն առաւօտ կանուխ
Անկողինիս մէջ պայթելով մեռաւ
Լու
Անխոհեմ լու
Ինչ պէտք կար այդպէս ուռելու
Մինչդեռ կրնայիր հիմա պզտիկ լու
Ուրիշ լուերու հետ ոստոստել խումբ խումբ
Փոշիին արծաթն — հողերուն ոսկին
Խմբովին ճանչնալ պատմել իրարու
Լու
Անփորձ լու
Ինչ պէտք կար այդքան խմելու
Կրնայիր դիտել երկինքը կապոյտ
Անուշ երգերը լսել հովերուն
Կամ սիրաբանիլ արեւներու տակ
Հաճոյքին թափով ցատկել ցատկռտել
Լու
Պատանի լու
Ինչ պէտք կար այդպէս ճաթելու
Եկար — բանաստեղծի արիւն է ըսիր
Ծծեցիր ամբողջ գիշեր մը ծծեցիր
Գինովցա՞ր — ըսէ լու — իմ արիւնի հետ
Իմ երազներս ալ երեւցա՞ն քեզի
Լու
Բանաստեղծ լու
Ինչ պէտք կար այդքան գինովնալու
Կրնայիր հիմա դեղին կատուի մը
Մետաքս մազերուն մէջ ծոյլ մրափել
Գորգին թաւիշին մէջ ընկողմանած
Սպասել գալիք աղուոր օրերու
Լու
Վաղամեռ լու
Ինչ պէտք կար այդպէս շտապելու
Առաւօտ մʼալ հիմա պիտի արթննամ
Որ լուն պզտիկ լուն անկողնիս մէջ չէ
Պիտի յիշեմ զինք տեսակ մը կարօտով
Ու պիտի խորհիմ
Անփառունակ լու
Ինչ պէտք կար այդպէս մեռնելու
Մժեղ
Արեւն երբ ինկաւ ճահիճներուն վրայ
Մժեղը ծնաւ
Իրանը նրբին — թեւերն այնքան նուրբ — որ երբ հարցուցին
Մժեղ չեմ ըսաւ — պարիկ մըն եմ ես
Եւ ալ ամէն օր աչքն արեւներուն — թեւերը հովին
Թռչտեցաւ ժիր — անդուլ երգելէն երգն իր միալար
Կարծես ամէն ինչ — ծառերն ու մարդիկ — տօնական էին — Հաճոյքը ճանչցաւ
Դիտեց ամէն ինչ — անյագ ու անհոգ — սքանչացաւ միշտ — Մէկ բան զինքն յուզեց
Երբ օր մʼալ խայթեց մարդ մը մենաւոր — քիչ մը բանաստեղծ — Մժեղը այդ օր թախիծը ճանչցաւ
Գանկ
Տափակ ոսկորներ կʼառնէ քով քովի կը կարէ
Գանկեր կը շինէ
Խօսէ կʼըսէ կը խօսին
Լռէ կʼըսէ կը լռեն
Խորհէ կʼըսէ կը խորհին
Խօսէ կʼսըէ կը խօսին
Խօսէ կʼըսէ կը պոռան
Լռէ կʼըսէ չեն լռեր
Ազատութիւն կը պոռան
Ճանկ
Միայն կատուն չի ճանկեր
Ոչ ալ բախտը միայն
Ոչ ալ չեմ գիտեր ձեր որ սիրուհին
Ես
Ես ալ ճանկո կʼանցընեմ ձեր զգեստներուն —
Դուք կը յառնէք
Ու կը մեկնիք
Լուսաւոր —
Լուսաւոր մերկութեան մը մէջ —
Լուսաւոր
Եւ ազատ
Ու ճանկէս կախուած կը մնայ
Ցնցոտին
Ձեր բոլոր բոլոր ամօթներուն
Հովուն դէմ
I
Հովուն դէմ
Պզտիկ տղայ մըն է կեցեր արի
Կը նայի
Չի գիտեր
Թէ օր մʼալ ինք
Ինչ հովերով տարուբեր
Պիտի տուայտի
Այս պզտիկ տղան արի
Որ խազի համար կեցեր
Հովուն կը նայի
II
Հովուն դէմ
Պահ մʼազատած անշարժութեան բիրտ լուծէն
Հեղ մը մէկ կողմ — հեզ մը միւս կողմ
Ծառին ոստերը կʼոստոստեն
Հովուն դէմ
Վաղանցուկ երջանկութեան մը թափով
Տերեւները կը խաղան
Տերեւները կը պարեն
Լայնանիստ բունն իմաստուն
Որուն մորթը կոշտ է կապեր տարիներու հովուն դէմ
Ներողամիտ կը նայի այդ հանդէսին
Որուն տարրերն իր ծեր լանջքէն են ծներ —
Ու կը կանգնի հաստատուն
Հովուն դէմ
Կը յիշէ
Թէ տարիներ առաջ երբ ինքն ալ նրբին
Ձողիկ մըն էր հազիւ թիզ մը հասակով
Ինչ կամքով էր մաքառեր
Զինք տապալել սպառնացող
Հովուն դէմ
Կը նայի
Մեծ հայրիկի մը գորովով — եւ հպարտ
Ան կը ժպտի հովուն դէմ
Հովը կʼառնէ ու կը տանի այդ ժպիտը հեռուներն
Հոն ուր մարդիկ կը մարտնչին հովուն դէմ
— Երբ հանդիպի
Պզտիկ տղու մը արի
Որ խաղի համար կեցեր իրեն կը նայի
— Անոր կը պատմէ գաղտնիքը տեւելու
Հովուն դէմ
III
Հովուն դէմ
Այս հովուն դէմ որ իր հետ սէր իր հետ երազ կը բերէ
Սիրահար Զոյգ մʼէ նստեր
Յաւերժութեան կը նայի
Կը շարժի հովն ու տենչանքներ կʼարծարծէ
Իրաններուն մէջ բերկրանքով սիրոյ հեւքով դողդոջուն
Հովուն դէմ
Այս հովուն դէմ որ իր հետ սէր իր հետ երազ կը բերէ
Սիրահար զոյգ մʼէ նստեր
Յաւերժութեան կը նայի
Կը շարժի հովն ու տենչանքներ կʼարծարծէ
Իրաններուն մէջ բերկրանքով սիրոյ հեւքով դողդոջուն
Կը ճողոպրի իրար փակած կուրծքերն անցք մը եթէ տան
Ու կը դառնայ կրկին ետ
Կը խարխափէ բորբ այտերուն վրայ հրդեհած —
Ու սիրակէզ մրմունջներով հծծիւններով գերարբշիռ
Խօլ յորձանքներ կʼուրուագծէ այդ զոյգին շուրջ սիրահար
Որ նստեր
Կʼերգէ սիրերգ մը վաղեմի
Հովուն դէմ
Հովը երազ ու սէր կʼառնէ այդ հին երգին վանկերէն
Ու սլացքով խօլարձակ
Կը ճախրէ լուրթ անհուններու ամենազօր ծարաւով
Կը թաւալի կը ծաւալի մեծադղորդ
Լախտերու պէս կʼիյնայ վար
Տապալելու լեղի պատեր ու պատուարներ խստամբեր
Որ կʼանջատեն մարդը մարդէն — անողոք
Զայն գլուխ գլխի կը ձգեն
Իր մենութեան հետ դժնէ —
— Կը ճախրէ հովն երազկոտ
Իր հետ կʼառնէ ու կը քշէ բեղմնափոշին ոսկեծիլ
ծաղիկներուն գունագեղ
Կը լեցնէ երանութեան ոսկիով
Անջրպետներն որ սիրավառ սիրտերն ի սպառ կը բաժնեն
Յանդգնօրէն
Հովուն դէմ
Ու սիրակէզ մրմունջներու հծծիւններու նուագով
Հովն արբշիռ
Կը սուրայ վեր — նորէն վեր —
Ստեղնաշարն ի վեր առկայծ ոլորտներու սիրատենչ —
Նորէն երկինք ուր մութ ամպեր կը փախչտին ցանուցիր
Հովուն դէմ
Ու կապոյտէն նոր թափ առած — կազդուրուած —
Օրհներգութեան պէս բարի
Կʼիջնէ վար
Քաղցրամրմունջ տաղի մը պէս խաղաղութեան ու սիրոյ
Ու երբ յոգնած հանդիպի
Պզտիկ տղու մը արի
Որ խաղի համար կեցեր իրեն կը նայի
Անոր կը պատմէ հաճոյքը սիրելու
Հովուն դէմ
IV
Հովուն դէմ
Պեթոն շէնքերը կը կանգնին
Ամենազօր մարդկութեան
Յաղթութեան իբր նշան
Հովուն դէմ
Որ կը փախի խուճապահար փողոցներէն քիւերէն
Որ իր խոյանքը կը փրկէ տանիքներէն վեր միայն
Թումբերն ի վեր բարձրաբերձ
Մարդուն հանճարը կը ցցուի արձանին պէս յաղթապանծ
Հովուն դէմ
Իր որմերով պատուարներով հոյաշէն
Ու մետաղի կուտակներով հաստափեստ
Ագուցուածքովն անոնց խրթին ամրակուռ
Շարժումներովն անոնց անվերջ կշռութաւոր եւ ահեղ
Մարդը կʼերգէ իր յաղթանակն անկաշկանդ
Հովուն դէմ
Հովուն դէմ
Որ կը բախի խելացնոր այդ ձեռակերտ ժայռերուն
Որ կը փշրէ հոն մոլուցքն իր կատաղի
Ու կʼիյնայ —
Բայց հակառակ գետնի տիզմին ու փոշիին ամբարիշտ
Կը բարձրանայ կրկին երկինք դէպի կապոյտն անապակ
Հոն երգելու ոսկեղէն փառքն անհուններու լուսաբիբ
Հոն պարզելու ննջարանն իր մաքուր
Մարդուն դէմ
Մարդը խոնջ
Կքած պեթոն ճիւաղներու սահմանէն ներս — հեւասպառ
Միօրինակ կշռոյթին տակ մետաղներու կուտակին
Գետնի տիղմին ու փոշիին մէջ անարգ
Մարդը խոնջ
Հովուն ճակատն իր կʼերկարէ քրտնաթոր
Կը չորցնէ քրտինքն աղտոտ — աղտոտ հոգին կը լուայ
Հովուն դէմ
Հովը շիթ շիթ քրտինք կʼառնէ ու կը տանի հեռուներն
Հոն ուր կանաչը բնութեան կը տարածուի դեռ անեղծ —
Երբ հանդիպի
Պզտիկ տղու մը արի
Որ խաղի համար կեցեր իրեն կը նայի
Կը լռէ հովն իր ամնէն վեհ լռութեամբ — ու տխուր
Ու մտազբաղ
Մտահոգ —
Հեռուներուն կը նայի
V
Աղաղակ մը
Կը բարձրանայ հովուն դէմ
Աղաղակ մը — Աղաղակներ
Աղաղակ մը
Կը ճեղքէ կուրծքը հովուն
Աղաղակներ կը բարձրանան
Հովուն դէմ
Քաղաքներէն մեծ ու փարթամ — աւաններէն գիւղերէն
Աղաղակներ կը բարձրանան — երբ ահեղ
Պայթիւններով մեծադղորդ
Ռումբեր կʼիյնան
Ու կը ցանեն հոն հուրն իրենց մահասփիւռ
Կը քանդեն մարդն իր երազին հետ ի սպառ —
Աղիողորմ աղաղակներ
Կը բարձրանան հովուն դէմ
Հովուն կուրծքին կը խրին
Ու կը վազէ հովն իր կուրծքէն վիրաւոր
Աննպատակ ոստումներով թաւալուն
Մերթ կը սուզի սաղարթներէն վիթխարի
Մոռացումի մշտադալար ծառերուն —
Մերթ իր մարմինը կը զարնէ սարալանջէ սարալանջ —
Բայց տեւաբար կը լսէ ան թէ ինչպէս
Հազարաձայն արձագանգով
Աղաղակ մը — Աղաղակներ
Կը բարձրանան հովուն դէմ
Կանգ կʼառնէ հովը նկուն
Երբ հանդիպի
Փոքրիկ տղու մը արի
Որ անտերունջ կեցեր է իր ապագային կը նայի —
Լուռ կը հակի բիբերէն ներս այդ պարզունակ աչքերուն
Կʼարտասուէ հովը տխուր
Կը հեռանայ երերուն
Կը գտնէ լեռ մը բարձրաբերձ ձիւնապսակ կատարով
Ու կողին
Կը մխրճուի
Կը կասի հոն
Ինքնասպան —
Ինքնասպան
Մարդուն դէմ
Պատմութեան դաս մը
Զահրատ Ա․ — իշխան մեծազօր
Արքայ հիմնադիր զահրատեան տոհմին
Որ սուրով թուրով գահը բարձրացաւ
Չնայած որբին այրիին լացին —
Ու Զահրատ Բ․ — յաջորդն արժանի
Իր հօր — անոր պէս քաջ արիւնարբու
Տարածեց անունն իր վեհ Նշանին
Երկիրներ անգին — գերեց անթիւ ազգ
Գունդ գունդ կոյս աղջիկ բերաւ իրեն հետ
Մէկ մէկ անոնց հետ պառկեցաւ որդին
Զահրատ Գ․ — Մեծ կոչուած իրաւամբ —
Մեծ որովհետեւ երկու տարուան մէջ
Բովանդակ երկիրն էգերուն բաշխեց
Այնպէս որ զերդ գահ Զահրատ Գ֊ին
Ոզորէ շիուած աթոռ մը մնաց —
Չեմ գիտեր քանի Զահրատ այն օրէն
Այդ գահին վրայ նստան ու գացին
Իսկ ես այդ տոհմէն Զահրատը վերջին
Ոչ թագը տեսած — ոչ գահն իմ պապին
Եկեր եմ կʼերթամ այսպէս — որու ինչ
Գունավոր սահմաններ (1968)
Սահմանափակ
Մէկ երկու երեք չորս հինգ քայլ լայնքին
Մէկ երկու երեք չորս քայլ երկայնքին
Պզտիկ աշխարհ մը մեր ոտքերուն տակ
Տասնըութ քայլով շրջանն աշխարհին
Արտասահման
Ով աղուորներ զոր սիրեց անյուսօրէն — գաղտնարար
Թէկուզ ըլլաք դուռ դրացի նոյն թաղէն
Արտասահմանս դուք էք
Կապոյտ
Թէ կրնաս կապոյտը բացատրէ որդին —
Ոչ ծով է տեսեր — ոչ լիճ — ոչ երկինք
Ոչ ալ կապուտաչուի որդ մըն է սիրեր —
Դուք այդ կապոյտը ինծի հարցուցէք
Կանաչ
Երբ կանաչ փէչդ հագուիս
Հաւկիթէն նոր ելած
Ցախսարիկի կը նմանիս —
Մինչդեռ գիտեմ դուն երկչոտ եղնիկ ես
Անտառներու լոյս կանաչը սրտիդ
Սեւ
Բոլոր գոյները — լոյսերը բոլոր
— Սէրերը բոլոր —
Երբ վանես կեանքէդ
Ահա թէ քեզի սեւը կը մնայ
— Բարով գործածես —
Դեղին
Բոլոր դեղինները հողէն կʼելլեն
— Հասունցած հասկերն արտերուն
— Ոսկին մատիդ վրայ
Ու բոլոր դեղինները դէպի հող կʼերթան
— Մազերը սա չուէտացի աղջկան
Կամ թէ Մինկը որ
Բրինձ կը ցանէ Եանկ֊Ցէի ափին
Սահման
- Կաւիճը ձեռքին
Գիծեր կը քաշէ մեր շուրջ զերդ սահման —
- Իսկ ես քերթողի սպունգով խոշոր
- Բոլոր գիծերը կը սրբեմ ի սպառ
Բարի երկինք (1971)
Ողբ
Եկուր — ըսի — դէմս նստաւ ու երգեց —
Երազախառն երգ մըն էր
Չոր ես շատոնց չէի լսած կեանքիս մէջ —
Յետոյ լռեց — երկարօրէն դիտեց զիս —
Նայուածքներուն տակ կը զգայի թէ կը տաքնամ յամրօրէն —
Եկուր — ըսի — ձեռքէս բռնեց ու տարաւ —
Ճաճանչախառն տեղ մըն էր
Ուր ես շատոնց չէի եղած կեանքիս մէջ —
Հովեր քաղեց — ծովեր քաղեց — սէրեր քաղեց ափին մէջ
Ապագայի յոյսեր քաղեց երփներանգ —
Եկուր — ըսի — բայց մեկնեցաւ անվերադարձ — ալ չեկաւ —
Քսան տարու կար չկար
Ոչ
Ինծի հաճոյք մը պատճառել կʼուզե՞ս — Ոչ —
Մշուշ կʼիջնէ ծովուն վրայ — շոգենաւերը կը սուլեն —
Անդին ձուկ մը կը հեծկլտայ —
յետոյ նորէն
համոզելէն
Ինծի հաճոյք մը պատճառել կʼուզե՞ս — Ոչ —
Շոգենաւեր կʼերթան չեն գար — մինչ մշուշը կը թանձրանայ
Ու սեւ մուխ մը յամառօրէն
Կը կուտակուի մշուշին վրայ —
Ոչ մը գժնէ կʼարձագանգէ
Յետոյ կʼիջնէ ծովուն վրայ —
Հեռուներէն
Պզտիկ ձուկ մը կը հեծկլտայ