Changes
Այս երեմիականը հետաքրքրական է ի միջի այլոց նաև այն պատճառով, որ ցույց է տալիս, թե ինչպես կապիտալիստի ուղեղի մեջ արտադրական հարաբերությունների միայն արտաքին երևութականությունն է արտացոլվում։ Կապիտալիստը չգիտե, որ աշխատանքի նորմալ գինը ևս որոշ քանակությամբ անվճար աշխատանք է ենթադրում, և որ հենց այդ անվճար աշխատանքն է կազմում նրա շահույթի նորմալ աղբյուրը։ Հավելյալ աշխատաժամանակի կատեգորիան նրա համար ընդհանրապես գոյություն չունի, որովհետև հավելյալ աշխատաժամանակը մտած է նորմալ աշխատանքային օրվա մեջ, որը կապիտալիստը, իր կարծիքով, լիովին վճարում է օրավարձով։ Բայց նրա աչքում գոյություն ունի արտաժամանակը, աշխատանքային օրվա երկարացումն այն սահմանից ավելի, որը համապատասխանում է աշխատանքի սովորական գնին։ նա մինչև անգամ պնդում է, որ այդ արտաժամանակը պետք է լրացուցիչ կերպով վարձատրվի (extra pay), երբ հարցը վերաբերում է ապրանքի վաճառքի գինը սովորական մակարդակից իջեցնող իր մրցակիցներին։ Բայց նա չի իմանում դարձյալ, որ այդ լրացուցիչ վարձատրությունը անվճար աշխատանքի հետ է կապված նույն լափով, որչափով սովորական աշխատաժամի գինը։ Օրինակ, ենթադրենք, տասներկուժամյա աշխատանքային օրվա մի ժամի գինը կազմում է 3 պենս, այսինքն՝ հավասար է ½ աշխատաժամի արդյունք ներկայացնող մի արժեքի, իսկ աշխատանքային արտաժամի գինը կազմում է 4 պենս, այսինքն՝ հավասար է <math>^2/_3</math> աշխատաժամի արդյունք ներկայացնող մի արժեքի։ Առաջին դեպքում կապիտալիստը ձրիաբար յուրացնում է աշխատաժամի կեսը, երկրորդ դեպքում` մեկ երրորդը։
===ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՏԱՎԱՐՁ===
Հատավարձը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժամանակավարձի փոխակերպված ձևը, ճիշտ այնպես, ինչպես ժամանակավարձը աշխատուժի արժեքի կամ գնի փոխակերպված ձևն է։
Հատավարձի ժամանակ առաջին հայացքից այնպես է երևում, թե իբր բանվորի վաճառած սպառողական արժեքը ո՛չ թե նրա աշխատուժի ֆունկցիան, ո՛չ թե կենդանի աշխատանքն է, այլ արդյունքի մեջ արդեն առարկայացած աշխատանքը, և որ իբր թե այդ աշխատանքի գինը որոշվում է ո՛չ թե <math>\frac{աշխատուժի \ օրական \ արժեք}{տվյալ \ թվով \ ժամեր \ ունեցող \ աշխատանքային \ օր}</math> կոտորակով, ինչպես ժամանակավարձի դեպքում, այլ արտադրողի գործունակությամբ<ref>«Հատավարձով աշխատանքի սիստեմը որոշ դարաշրջան է կազմում բանվորի պատմության մեջ. այդ սիստեմը գտնվում է կապիտալիստի կամայականությունից կախված հասարակ օրաբանվորի դրության և ա՛յն կոոպերատիվ-աշխատողի դրության միջև ընկած կիսաճանապարհին, որը խոստանում է մոտիկ ապագայում հանձին իր միացնեք բանվորին և կապիտալիստին։ Հատավարձու բանվորները փաստորեն իրենք իրենց տերերն են, նույնիսկ երբ նրանք աշխատում են իրենց ձեռնարկատիրոջ կապիտալի օգնությամբ» (John Watts: «Trade Societies and Strikes, Machinery and Co-operative Societies». Manchester 1865. էջ 52, 53)։ Ես ցիտատ եմ բերում այդ խղճուկ գրվածքից, որովհետև նա ջատագովության վաղուց փտած բոլոր ընդհանուր տեղերի մի իսկական կեղտախողովակ է։ Նույն պ-ն Ուոտսը առաջ հանդես էր գալիս որպես օուենիստ և 1842 թվականին հրապարակեց մի ուրիշ պստլիկ աշխատություն — «Facts and Fictions of Political Economists», որտեղ նա, ի միջի այլոք. Property-ն [սեփականությունը] հայտարարում է Robbery [կողոպուտ]։ Բայց այդ արդեն վաղուցվա բան է։</ref>։
Այդ հայացքի ճշտության նկատմամբ վստահությունը պետք է սաստիկ խախտվեր, եթե հաշվի առնվեր արդեն այն միակ փաստը, որ աշխատավարձի երկու ձևերը միաժամանակ իրար կողքի գոյություն ունեն արդյունաբերության միևնույն ճյուղերում։ Այսպես, օրինակ, «Լոնդոնի գրաշարները սովորաբար հատավարձ են ստանում, ժամանակավարձը նրանց մոտ բացառություն է կազմում։ Ընդհակառակը, գավառական գրաշարների մոտ ժամանակավարձը ընդհանուր կանոն է կազմում, հատավարձը՝ բացառություն։ Լոնդոնի նավահանգստի նավային ատաղձագործները հատավարձ են ստանում, անգլիական մյուս բոլոր նավահանգիստներում՝ ժամանակավարձ»<ref>T. J. Dunning: «Trades’ Unions and Strikes». London 1860, էջ 22։</ref>։ Լոնդոնի միևնույն թամբագործական արհեստանոցներում միևնույն աշխատանքի համար հաճախ ֆրանսիացիներին հատավարձով են հատուցում, անգլիացիներին՝ օրավարձով։ Բառի բուն իմաստով գործարաններում, որտեղ ընդհանրապես հատավարձն է իշխում, աշխատանքի առանձին ֆունկցիաները տեխնիկական նկատառումներով հանվում են այդ գնահատությունից և ժամանակավարձով են հատուցվում<ref>Ահա մի նմուշ, թե աշխատավարձի այդ երկու ձների միաժամանակյա գոյությունը ինչպես է նպաստում գործարանատերերի խաբեբայություններին. «Գործարանը աշխատանք է տալիս 400 մարդու, որոնց կեսն աշխատում է գործավարձով և անմիջաբար շահագրգռված է արտաժամյա աշխատանքներով։ Մնացած 200 հոգին վարձատրվում են օրով, աշխատում են նույնքան երկար ժամանակ և ոչինչ չեն ստանում արտաժամերի համար... Այդ 200 մարդու օրական կեսժամյա աշխատանքը հավասար է մեկ հոգու 50 ժամվա աշխատանքին կամ մի անձի <math>^5/_6</math> շաբաթվա աշխատանքին և ձեռնարկատիրոջ դրական նվաճումն է» («Reports of Insp. of Fact. for 31st October 1860», էջ 9)։ «Օրինասահման նորմայից դուրս աշխատանքը դեռ իշխում է ընդարձակ չափերով, ընդ որում մեծ մասամբ հենց ինքը՝ օրենքն ապահովում է այդ չարաշահությունը մերկացնելու և նրա հանցավորներին պատժի ենթարկելու անհնարինությունը։ Եմ նախկին հաշվետվությունների մեջ ես արդեն շատ անգամ եմ ցույց տվել... թե ինչ զրկանք է հասցվում բոլոր այն բանվորներին, որոնք գործավարձով չեն աշխատում, բայց շաբաթավարձ են ստանում» (Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 30th April 1859»-ում, էջ 8, 9)։</ref>։ Բայց և այնպես, ինքնըստինքյան ակներև է, որ աշխատավարձի վճարման ձևերի զանազանությունները բոլորովին չեն փոխում աշխատավարձի էությունը, թեկուզ և կապիտալիստական արտադրության զարգացման համար այդ ձևերից մեկն ավելի բարենպաստ լիներ, քան մյուսը։
Ենթադրենք, թե սովորական աշխատանքային օրը կազմված է 12 ժամից, որից 6-ը վճարված են, 6-ը չեն վճարված։ Թող այգ օրվա ընթացքում արտադրված արժեքը լինի 6 շիլլինգ, հետևաբար, մի աշխատաժամում արտադրված արժեքը՝ 6 պենս։ Ենթադրենք, այնուհետև, փորձը ցույց է տվել, որ այն բանվորը, որն աշխատում է ինտենսիվության ու հմտության միջին աստիճանով, հետևապես, արդյունք արտադրելու վրա հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ է միայն գործադրում, 12 ժամում տալիս է 24 հատ արդյունք, ընդ որում միևնույն է, վերջինները մի անբաժան արդյունքի առանձին նմուշահատեր են թե համաչափելի մասեր։ Տվյալ պայմաններում այդ 24 հատի արժեքը — կապիտալի՝ նրանց մեջ պարունակված հաստատուն մասը հանելուց հետո — կլինի 6 շիլլինգ, ամեն մի առանձին հատի արժեքը՝ 3 պենս։ Բանվորը հատին ստանում է 1½ պենս և, հետևապես, 12 ժամում 3 շիլլինգ է վաստակում։ Ինչպես որ ժամանակավարձի դեպքում նշանակություն չունի՝ արդյոք ընդունո՞ւմ ենք, թե բանվորը 6 ժամ իրեն համար է աշխատում և 6 ժամ՝ կապիտալիստի համար, կամ թե նա յուրաքանչյուր ժամի կեսը իրեն համար է աշխատում, մյուս կեսը՝ կապիտալիստի համար,— ճիշտ այնպես էլ այստեղ ևս մենք կարող ենք նույն իրավունքով ասել, թե ամեն մի առանձին հատի կեսը վճարված է, կեսը անվճար է, կամ 12 հատի գինը միայն փոխհատուցում է աշխատուժի արժեքը, այնինչ մյուս 12 հատի գինն իր մեջ հավելյալ արժեքն է մարմնացնում։
Հատավարձի ձևը նույնքան իռացիոնալ է, որքան և ժամանակավարձի ձևը։ Այդպես, օրինակ, ապրանքի երկու հատը մի աշխատաժամի արդյունքն են, հետևապես, նրանց վրա գործադրված արտադրամիջոցների արժեքը հանելուց հետո արժեն 6 պենս, մինչդեռ բանվորը նրանց համար ստանում է ընդամենը 3 պենս։ Իրապես հատավարձն արժեքային ոչ մի հարաբերություն չի արտահայտում անմիջաբար։ Այստեղ ոչ թե ապրանքի հատի արժեքն է չափվում նրա մեջ մարմնացած աշխատաժամանակով, այլ, ընդհակառակը, բանվորի գործադրած աշխատանքն է չափվում նրա արտադրած ապրանքների հատերի թվով։ Ժամանակավարձի դեպքում աշխատանքը անմիջականորեն չափվում է իր տևողությամբ, հատավարձի ժամանակ՝ այն արդյունքի քանակով, որի մեջ որոշ տևողությամբ աշխատանք է խտացած<ref>«Աշխատավարձը կարող է չափվել երկու եղանակով՝ կա՛մ աշխատանքի տևողությամբ, կա՛մ նրա արդյունքով» («Abrégé élémentaire des principes de l’Économie Politique». Paris 1796, էջ 32)։ Այս անանուն աշխատության հեղինակը Ժ. Գարնյեն է։</ref>։ Հենց աշխատաժամանակի գինը, վերջիվերջո, որոշվում է հետևյալ հավասարումով, օրական աշխատանքի արժեքը = աշխատուժի օրական արժեքին։ Այսպիսով, հատավարձը լոկ ժամանակավարձի կերպափոխված ձևն է։
Մի քիչ ավելի մանրամասնորեն քննենք հատավարձի բնորոշ առանձնահատկությունները։
Աշխատանքի որակն այստեղ վերահսկողության է ենթարկվում հենց նրա արդյունքի միջոցով, որովհետև հատավարձը լրիվ վճարվում է միայն այն դեպքում, եթե արդյունքը միջին լավորակություն ունի։ Սրա հետևանքով հատավարձը աշխատավարձից հանումներ կատարելու և կապիտալիստական խաբեբայությունների մի ամենաառատ աղբյուր է։
Հատավարձը կապիտալիստին աշխատանքի ինտենսիվության միանգամայն որոշ չափ է տալիս։ Միայն այն աշխատաժամանակն է հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ համարվում և որպես այդպիսին վարձատրվում, որը մարմնանում է ապրանքի առաջուց որոշված ու փորձով սահմանված քանակի մեջ։ Լոնդոնի ավելի խոշոր դերձականոցներում արտադրվող արդյունքի մի որոշ հատը, օրինակ՝ բաճկոնը և այլն, մեկ ժամի, կես ժամի և այլ անունն է կրում, ընդ որում յուրաքանչյուր ժամը գնահատվում է 6 պենս։ Պրակտիկայով սահմանված է մի ժամվա միջին արդյունքի մեծությունը։ Մոդան փոխվելիս, նորոգումների ժամանակ և այլն ձեռնարկատերերի ու բանվորների միջև վեճ է ծագում, թե տվյալ հատը հավասար է արդյոք աշխատանքի մի ժամի՞ և այլն, մինչև որ այստեղ էլ փորձը վճռում է հարցը։ Նույնն է տեղի ունենում Լոնդոնի կահույքի արհեստանոցներում և այլն։ Եթե բանվորը միջին աշխատունակություն չունի, եթե նա օրական աշխատանքի մի որոշ մինիմում տալ չի կարող, ապա նրան արձակում են<ref>«Նրան (մանողին) հանձնվում է այսքան ֆունտ... բամբակ, և որոշ ժամանակ անցնելուց հետո նա պետք է դրա փոխարեն վերադարձնի այսքան ֆունտ թել կամ մանվածք, որոնք որոշ աստիճանի բարակություն են ունենալու, ընդ որում նա իր տված արդյունքի ամեն մի ֆունտի համար որոշ վարձ է ստանում։ Եթե նրա աշխատանքը վատորակ է, նրա վրա տուգանք է դրվում. եթե այդ աշխատանքը քանակով պակաս է տվյալ ժամանակի համար սահմանված մինիմումից, ապա նրան ազատում ե փոխարինում են ավելի հմուտ մարդով» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 316, 317)։</ref>։
Որովհետև աշխատանքի որակն ու ինտենսիվությունն այստեղ հենց աշխատավարձի ձևի միջոցով են վերահսկողության ենթարկվում, ուստի հսկողության աշխատանքը զգալի չափով ավելորդ է դառնում։ Այս պատճառով էլ հատավարձը կազմում է թե՛ վերը նկարագրված՝ տանը կատարվող արդի աշխատանքի և թե՛ շահագործման ու ճնշման հիերարխիկ կերպով կազմակերպված սիստեմի հիմքը։ Այդ սիստեմը երկու հիմնական ձև ունի։ Հատավարձը, մի կողմից, հեշտացնում է մակաբույծների խցկումը կապիտալիստի ու վարձու բանվորի միջև, աշխատանքի վերավաճառումը միջնորդների (subletting of labour-ի) կողմից։ Միջնորդների շահույթը գոյանում է բացառապես այն տարբերությունից, որ ստեղծվում է կապիտալիստի վճարած՝ աշխատանքի գնի և այդ գնի այն մասի միջև, որ միջնորդները փաստորեն թողնում են բանվորին<ref>«Երբ գործն անցնում է բազմաթիվ մարդկանց ձեռքով, որոնցից ամեն մեկը շահույթից բաժին է ստանում, բայց միայն վերջին մարդն է իրապես կիրառում իր աշխատանքը, այն ժամանակ բանվորուհու փաստորեն ստացած վարձը չափազանց չնչին է» («Children’s Employment Commission. 2nd Report», էջ LXX, № 424)։</ref>։ Այդ սիստեմն Անգլիայում «Sweating system» (քրտնաբեր սիստեմ) բնորոշ անունն է կրում։ Մյուս կողմից, հատավարձը հնարավորություն է տալիս կապիտալիստին ավագ բանվորի հետ — մանուֆակտուրայի մեջ՝ խմբի ավագի հետ, հանքերում՝ ածխահատի հետ և այլն, գործարանում՝ բուն մեքենայական բանվորի հետ — պայմանագիր կնքելու արդյունքի որոշ քանակի համար մի այնպիսի գնով, որը գլխավոր բանվորին հնարավորություն է տալիս ինքնուրույն կերպով հավաքագրելու և վարձատրելու իր օգնական բանվորներին։ Բանվորների շահագործումը կապիտալի կողմից այստեղ իրականանում է մեկ բանվորի կողմից մյուսին շահագործելու միջոցով<ref>Նույնիսկ ջատագով Ուոտսը նկատում է. «Գործավարձի սիստեմիկական բարելավում կլիներ, եթե տվյալ գործով զբաղված բոլոր անձերն իրենց ընդունակությունների համեմատ պայմանագրության անմիջական մասնակիցները լինեին՝ փոխանակ այն բանի, երբ մի բանվոր շահագրգռված է իր ընկերների ուժից վեր աշխատանքով՝ դրանից անձնական օգուտ կորզելով»։ Այս սիստեմի հետ կապված ստորությունների մասին տե՛ս «Children’s Employment Commission. 3rd Report», էջ 66,№ 22. էջ 11, № 124. էջ XI, № 13, 53, 59 և այլն։<br>51a Հաճախ այս բնական հետևանքին օժանդակում են արհեստական միջոցներով։ Այսպես, օրինակ, Լոնդոնի մեքենաշինական արտադրության մեջ սովորական է հետևյալ տրյուկը, «Կապիտալիստը ֆիզիկական ուժով կամ ճարպկությամբ աչքի ընկնող մի մարդու նշանակում է որոշ թվով բանվորների մեծ։ Տարվա ամեն եռամսյակի կամ ուրիշ ժամկետների նա այդ մեծին լրացուցիչ վարձ է վճարում այն պայմանով, որ նա ամեն ջանք գործ գնի աշխատանքի իր ընկերներին, որոնք սովորական վարձ են ստանում, դրդելու ամենաբուռն մրցակցության... Այս հանգամանքն առանց որևէ հետագա մեկնաբանությունների բացատրում է, թե ինչ ծագում ունեն կապիտալիստների գանգատները տրեդ-յունիոնների դեմ. որոնք իբր թե «ջլատում են եռանդը, աչքի ընկնող հմտությունն ու աշխատուժը» («stinting the action, superior skill and working power») (Dunning: «Trades’ Unions and Strikes». London 1860, էջ 22, 23)։ Որովհետև հեղինակն ինքը բանվոր է և տրեդ-յունիոնի քարտուղար, ուստի նրա խոսքերը կարող են չափազանցություն թվալ։ Բայց նայեցեք, օրինակ, Ջ. Չ. Մորտոնի ագրոնոմիական «highly respectable» [«մեծապես պատկառելի»] հանրագիտարանը,— և դուք կտեսնեք, որ «Labourer» [«Բանվոր»] հոդվածում նույն այդ մեթոդը հանձնարարվում է ֆերմերներին, որպես մի փորձված մեթոդ։</ref>։
Երբ գոյություն ունի հատավարձը, ապա բանվորի անձնական շահը, բնականաբար, ստիպում է ըստ կարելույն ավելի ինտենսիվորեն լարելու իր աշխատուժը, մի հանգամանք, որը, իր հերթին, կապիտալիստի համար հեշտացնում է ինտենսիվության նորմալ աստիճանի բարձրացումը [''Տես 51a ծանոթ.'']։ Ճիշտ այդպես էլ բանվորի անձնական շահը հարկադրում է նրան իր աշխատանքային օրը երկարացնելու, որովհետև հենց դրանով էլ բարձրանում է նրա օրավարձը կամ շաբաթավարձը<ref>«Ամենքի համար, ովքեր հատավարձ են ստանում,... շահավետ է աշխատանքի տևողությունը օրինասահման չափից ավելի երկարացնելը։ Չափազանց երկար ժամանակ աշխատելու այդպիսի պատրաստակամություն առանձնապես հաճախ նկատվում է ջուլհակուհիների ու թել փաթաթող կանանց մեջ» («Reports of Insp. of Fact. for 31th April 1858», էջ 9)։ «Հատավարձի այս սիստեմը, որ այնքան ձեռնտու է կապիտալիստին,... անմիջաբար ուղղված է այն նպատակին, որ պատանի կավագործին դրդի չափազանց երկար ժամանակ աշխատելու 4 կամ 5 տարվա ընթացքում, ընդ որում նա հատավարձ է ստանում, բայց չափազանց ցածր գնով։ Այս մեկն է այն գլխավոր պատճառներից, որոնք կավագործների ֆիզիկական այլասերում են առաջ բերում» («Children’s Employment Commission. 1st Report» էջ XIII)։</ref>։ Այդ առաջ է բերում այն ռեակցիան, որը նկարագրել ենք ժամանակավարձը քննելիս, չխոսելով արդեն այն մասին, որ աշխատանքային օրվա երկարացումը, մինչև անգամ հաստատուն հատավարձի դեպքում, ինքնին աշխատանքի գնի անկում է նշանակում։
Ժամանակավարձի դեպքում, սակավ բացառությամբ, իշխում է հավասար աշխատավարձը միևնույն ֆունկցիաների համար. իսկ հատավարձի ժամանակ, թեև աշխատաժամանակի գինը չափվում է մի արդյունքի որոշ քանակով, բայց օրավարձը կամ շաբաթավարձը փոփոխվում է՝ նայած բանվորների անհատական տարբերությանը, որոնցից մեկը տվյալ ժամանակում արդյունքի մինիմումն է մատակարարում, մի ուրիշը՝ միջին նորման, երրորդը միջին նորմայից ավելին։ Այսպես ուրեմն, բանվորի իրական եկամտի մեծությունը տվյալ դեպքում խիստ տատանվում է, նայած անհատական բանվորների հմտության, ուժի, եռանդի, դիմացկունության մակարդակին և այլն<ref>«Եթե որևէ արտադրության մեջ աշխատանքը վարձատրվում է գործավարձով՝ այսքան կամ այսքան ամեն մի հատի համար... ապա... տարբեր բանվորների աշխատավարձերն իրենց չափերով կարող են միմյանցից շատ զգալիորեն զանազանվել... Իսկ օրավարձով աշխատելիս սովորաբար միատեսակ գնահատություն է լինում,... որ թե՛ ձեռնարկատերը և թե՛ բանվորն ընդունում են որպես աշխատավարձի նորմա տվյալ արտադրության միջին բանվորի համարք (Dunning: «Trades’ Unions and Strikes». London 1860, էջ 1717)։</ref>։ Այդ, իհարկե, ամենևին չի փոխում կապիտալի և վարձու աշխատանքի միջև եղած ընդհանուր հարաբերությունը։ Նախ, եթե ամբողջ արհեստանոցը վերցնենք, անհատական տարբերությունները հարթվում են, այնպես որ արհեստանոցը մի որոշ աշխատաժամանակում արդյունքի միջին քանակ է տափս, և արհեստանոցի բանվորներին տրված հավաքական աշխատավարձը լինում է արտադրության տվյալ ճյուղի միջին աշխատավարձ։ Երկրորդ, աշխատավարձի և հավելյալ արժեքի միջև եղած հարաբերությունն անփոփոխ է մնում որովհետև առանձին բանվորի անհատական վարձին համապատասխանում է նրա անհատապես արտադրած հավելյալ արժեքի քանակը։ Հատավարձը, ընդլայնելով անհատական գործունեության ոլորտը, դրանով էլ հենց, մի կողմից, նպաստում է բանվորների անհատականության, ազատության ոգու, ինքնուրույնության ու ինքնավերահսկողության ընդունակության զարգացմանը, բայց, մյուս կողմից, փոխադարձ կոնկուրենցիա է առաջ բերում նրանց միջև։ Այս պատճառով հատավարձը տենդենց ունի, անհատական աշխատավարձը միջին մակարդակից վեր բարձրացնելով, միաժամանակ հենց այդ մակարդակն իջեցնելու։ Սակայն այնտեղ, որտեղ որոշակի հատավարձը երկար տրադիցիայով հաստատապես ամրակայվել է, ուստի և նրա իջեցումը հատուկ դժվարություններ է ներկայացնում,— գործատերերը այդպիսի բացառիկ դեպքերում երբեմն դիմում են հատավարձը բռնի կերպով ժամանակավարձի փոխարկելուն։ Օրինակ, 1860 թվականին դրա հետևանք էր Կովինտրիի ժապավենագործ բանվորների մեծ գործադուլը<ref>«Արհեստավոր-ենթավարպետների աշխատանքը կարգավորվում է կա՛մ օրով, կամ հատով (à la journée ou à la pièce)... գործատերերը մոտավորապես գիտեն, թե տվյալ արհեստի բանվորներն օրական որքան գործ կարող են կատարել, ուստի և հաճախ նրանց վարձատրում են կատարած գործի համեմատ. այս դեպքում ենթավարպետների սեփական շահը նրանց դրդում է որքան հնարավոր է շատ աշխատելու, առանց հետագա որևէ հսկողության (Cantilion: «Essai sur la Nature du Commerce en général», հրատ. Amsterdam 1756, էջ 185 և 202։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1755 թվականին)։ Այսպիսով, Կանտիլյոնը, որից առատորեն փոխ են առել Քենեն, սըր Ջեմս Ստյուարտը և Ա. Սմիթը, այստեղ հատավարձը ներկայացնում է որպես ժամանակավարձի պարզ փոխակերպված ձև։ Կանտիլյոնի ֆրանսերեն հրատարակության անվանաթերթում նշված է, որ իբր թե թարգմանված է անգլերենից, մինչդեռ անգլերեն հրատարակությունը — «The Analysis of Trade, Commerce etc. by Philip Cantilion, late of the City of London, Merchant» — ո՛չ միայն ֆրանսերենից հետո է լույս տեսել (1759), այլև. իր բովանդակությամբ ևս անշուշտ հետագա վերամշակում է։ Այսպես, օրինակ, ֆրանսերեն հրատարակության մեջ Յումը դեռ չի հիշատակվում, անգլերենում՝ ընդհակառակը, Պետտին այլևս համարյա հանդես չի գալիս։ Անգլերեն հրատարակությունը թեորիապես պակաս կարևոր է, բայց դրա փոխարեն ամեն տեսակ հատուկ տեղեկություններ է պարունակում անգլիական առևտրի, ազնիվ մետաղների առևտրի և այլ բաների մասին, մի բան, որ պակասում է ֆրանսերեն հրատարակության մեջ։ Ուստի անգլերեն հրատարակության անվանաթերթի այն ֆրազը, որն ասում է, թե այդ աշխատությունը «taken chiefly from the Manuscript of a very ingenious Gentleman deceased, and adapted etc.» [«գլխավորապես փոխ է առնված ներկայումս հանգուցյալ մի բարձրատաղանդ ջենտլմենի ձեռագրից և այլն»], պետք է համարել մի հասարակ հերյուրանք, որ շատ սովորական էր այն ժամանակվա համար։</ref>։ Վերջապես, հատավարձը վերը նկարագրված ժամային սիստեմի գլխավոր հենարանն է<ref>«Քանի անգամ մենք առիթ ենք ունեցել որոշ արհեստանոցներում ավելի մեծ թվով բանվորների կուտակում տեսնելու, քան այդ հարկավոր է այնտեղ եղած գործը կատարելու համար։ Հաճախ ավելորդ բանվորներ են պահում որևէ չնախատեսված աշխատանքի համար, օրը երբեմն միայն երևակայության մեջ գոյություն ունի, որովհետև բանվորներին հատավարձով են վճարում։ ուստի գործատերը ոչ մի ռիսկ չի անում, քանի որ այդ դեպքում բացառապես առանց զբաղմունքի մնացող բանվորների վրա է ընկնում ժամանակի կորստից առաջ եկող ամբողջ վնասը» (H. Grégoir: «Les Typographes devant le Tribunal Cor rectionnel de Bruxelles». Bruxelles 1865, էջ 9)։</ref>։
Վերը մեր բոլոր ասածներից բխում է, որ հատավարձն աշխատավարձի այն ձևն է, որն ամենից ավելի է համապատասխանում արտադրության կապիտալիստական եղանակին»։ Հատավարձը,— ամենևին մի նոր բան չներկայացնելով,— ժամանակավարձի կողքին պաշտոնապես հանդես է գալիս, ի միջի այլոց, XIV դարի ֆրանսիական ու անգլիական բանվորական ստատուտներում,— սակայն նա կիրառման քիչ թե շատ ընդարձակ դաշտ է նվաճում միայն բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում։ 1797—1815 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում, երբ խոշոր արդյունաբերությունը փոթորկի ու գրոհի շրջան էր ապրում, հատավարձը լծակ ծառայեց աշխատաժամանակը երկարացնելու և աշխատավարձն իջեցնելու համար։ Այդ ժամանակի աշխատավարձի շարժման մասին շատ կարևոր նյութ ենք գտնում Կապույտ գրքերում՝ «Report and Evidence from the Select Committee on Petitions respecting the Corn Laws» (1813—1814 թվականների պառլամենտական նստաշրջան) և «Reports from the Lords’ Committee, on the state of the Growth, Commerce, and Consumption of Grain, and all Laws relating thereto» (1814—15 թվականների նստաշրջան)։ Այստեղ մենք վավերագրական ապացույցներ ենք գտնում հակայակոբինյան պատերազմն սկսվելուց հետո աշխատանքի գնի անընդհատ անկման մասին։ Օրինակ, մանածագործության մեջ հատավարձն այն աստիճան ընկավ, որ, չնայելով աշխատանքային օրվա խիստ երկարացմանը, օրավարձը ավելի ցածր էր, քան առաջ։ «Ջուլհակի իրական եկամուտը հիմա առաջվանից շատ ավելի քիչ է. սևագործ բանվորի համեմատությամբ նրա առավելությունները, որոնք մի ժամանակ շատ զգալի էին, հիմա համարյա ամբողջովին չքացել են։ Վարժ ու անվարժ աշխատանքների վարձերի տարբերությունը հիմա, իսկապես, անհամեմատ ավելի քիչ է, քան նախկին որևէ ժամանակաշրջանի ընթացքում»<ref>«Remarks on the Commercial Policy of Great Britain». London 1815, էջ 48։</ref>։ Թե աշխատանքի ինտենսիվության աճումից և տևողության երկարացումից հատավարձի ազդեցության տակ որքան քիչ օգուտ քաղեց հողագործական պրոլետարիատը, ցույց է տալիս հետևյալ հատվածը, որ քաղել ենք լենդլորդերի ու վարձակալների շահերը պաշտպանող մի կողմնապահ գրվածքից. «Հողագործական օպերացիաների ճնշող մասը կատարում են օրավարձ կամ հատավարձ ստացող մարդիկ։ Նրանց շաբաթավարձը հավասար է մոտավորապես 12 շիլլինգի, և թեև կարելի է վստահությամբ ենթադրել, թե հատավարձի ժամանակ, որը դրդում է ավելի լարված աշխատելու, բանվորը 1 կամ 2 շիլլինգ ավելի է դատում, քան շաբաթավարձի ժամանակ, սակայն նրա ընդհանուր եկամուտը հաշվելիս կպարզվի, որ այդ ավելի դատածը հավասարակշռվում է տարվա որոշ շրջաններում զբաղմունք չգտնելու հետևանքով առաջացած կորստով... Այնուհետև մենք կտեսնենք ընդհանրապես, որ այղ մարդկանց աշխատավարձերը մի որոշ հարաբերության մեջ են անհրաժեշտ կենսամիջոցների գնի հետ, այնպես որ երկու երեխա ունեցող մարդը կարող է ճիշտ այնքան վաստակել, որքան նրան հարկավոր է իր ընտանիքը պահելու համար՝ առանց ծխական բարեգործության դիմելու»<ref>«A Defence of the Landowners and of Farmers of Great Britain». London 1814, էջ 4, 5։</ref>։ Մալթուսը պառլամենտի հրապարակած փաստերի առթիվ այն ժամանակ նկատեց. «Խոստովանում եմ, ես դժգոհությամբ եմ նայում հատավարձի պրակտիկայի մեծ չափերով տարածվելուն։ Ավելի կամ պակաս երկարատև ժամանակաշրջանում օրական 12—14 ժամ կատարվող ծանր աշխատանքը իրոք որ չափազանց շատ է մարդկային էակի համար»<ref>Malthus: «Inquiry into ihe Nature etc. of Rent». London 1815.</ref>։
Գործարանային օրենքին ենթարկված արհեստանոցներում հատավարձն ընդհանուր կանոն է դառնում, որովհետև աշխատանքային օրն այստեղ միայն ինտենսիվորեն կարող է ընդարձակվել<ref>«Հատավարձ ստացող բանվորները, hավանորեն, կազմում են գործարանային բոլոր բանվորների <math>^4/_5</math>-ը» («Rep. of Insp. of Fact, for 30th April 1858», էջ 9)։</ref>։
Աշխատանքի արտադրողականության փոփոխման հետ փոփոխվում է նաև արդյունքի միևնույն քանակով ներկայացված աշխատաժամանակը։ Հետևապես, փոխվում է նաև հատավարձը, որովհետև նա որոշ աշխատաժամանակի գնի արտահայտություն է։ Մեր վերը բերած օրինակում արդյունքի 24 հատը 12 ժամում էր արտադրվում, 12 ժամում նոր արտադրված արժեքը հավասար էր 6 շիլլինգի, աշխատուժի օրական արժեքը՝ 3 շիլլինգի, աշխատաժամի գինը՝ 3 պենսի և մի հատի համար տրվող աշխատավարձը՝ 1½ պենսի։ Ապրանքի մեկ հատը ½ աշխատաժամ էր ներծծել իր մեջ։ Եթե միևնույն աշխատանքային օրը, աշխատանքի կրկնապատկված արտադրողականության հետևանքով, օրինակ, 24-ի փոխարեն սկսի 48 հատ տալ, և եթե մյուս բոլոր պայմանները չփոփոխվեն, ապա հատավարձը 1½ պենսից կընկնի ¾ պենսի, որովհետև ամեն մի հատը հիմա ո՛չ թե ½, այլ միայն ¼ աշխատաժամ է ներկայացնում։ 1½ × 24 = 3 շիլլինգի, նմանապես և ¾ պ. × 48 = 3 շիլլինգի։ Ուրիշ խոսքով՝ հատավարձն իջնում է նույն հարաբերությամբ, որով աճում է ապրանքի՝ միևնույն ժամանակի ընթացքում արտադրված հատերի թիվը<ref>«Նրա մանող մեքենայի արտադրողական ուժը չափված է ճշտորեն, և մեքենայի օգնությամբ կատարվող աշխատանքի վարձի չափերը նվազում են մեքենայի արտադրողական ուժի աճմանը զուգընթաց, բայց ոչ նույն համամասնությամբ» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 317)։ Վերջին ջատագովական դիտողությունը հենց ինքը՝ Յուրը ոչնչացնում է հետագա շարադրանքի մեջ։ Նա ընդունում է, օրինակ, որ մյուլ մեքենան երկարացնելիս հավելյալ աշխատանքը առաջ է գալիս հենց այդ երկարացումից։ Հետևաբար, աշխատանքը պակասում է ոչ այն չափով, որով նրա արտադրողականությունն է աճում։ Այնուհետև. «Մեքենան այդպես մեծացնելիս նրա արտադրողական ուժն ավելանում է <math>^1/_5</math>-ով։ Եթե այդ իրոք կատարվի, մանողն արդեն աշխատանքի տվյալ քանակի համար չի ստանա այն վարձը, որ նա առաջ էր ստանում. Բայց որովհետև նրա վարձը չի պակասի լրիվ <math>^1/_5</math>-ով, ուստի այդ կատարելագործումը կավելացնի նրա փողային եկամուտը աշխատաժամերի տվյալ քանակից» — բայց... բայց «վերևում ասվածը որոշ ուղղում է պահանջում... մանողն իր լրացուցիչ վեց պենսից պետք է մի բան վճարի այն փոքրահասակ օգնականներին պահելու համար,... որոնք դուրս են մղում չափահաս բանվորների մի մասին» (նույն տեղում, էջ 320, 321), մի բան, որ բնավ չի վկայում աշխատավարձի բարձրացման տենդենցի մասին։</ref>, և, հետևապես, հենց նույն հարաբերությամբ, որով պակասում է նույն հատի վրա գործադրվող աշխատաժամանակը։ Թեև հատավարձի այդ փոփոխությունն այստեղ զուտ անվանական է, նա պայքարի մշտական աղբյուր է ծառայում կապիտալիստի և բանվորի միջև. կա՛մ այն պատճառով, որ կապիտալիստն այդ պատրվակն օգտագործում է աշխատանքի գինն իրոք իջեցնելու համար, կա՛մ այն պատճառով, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը ուղեկցվում է նրա ինտենսիվության բարձրացումով, կա՛մ էլ այն պատճառով, որ բանվորը լուրջ է ընդունում հատավարձի արտաքին ձևը, երևակայելով, որ այդ դեպքում իր աշխատանքի արդյունքն է հատուցվում և ոչ թե իր աշխատուժը, ուստի և դիմադրում է աշխատավարձի ամեն մի իջեցման, եթե այդ չի ուղեկցվում ապրանքի վաճառքի գնի համապատասխան իջեցումով։ «Բանվորները մեծ ուշադրությամբ հսկում են հում նյութի գնին ու ֆաբրիկատների գնին և միշտ ի վիճակի են ճիշտ որոշելու իրենց գործատերերի շահույթները»<ref>H. Fawcett: «The Economic Position of the British Labourer». Cambridge and London 1865, էջ 178։</ref>։ Կապիտալն այդպիսի հավակնություններն իրավամբ մերժում է որպես վարձու աշխատանքի էությունը կոպիտ կերպով չըմբռնելու արդյունք<ref>Լոնդոնի «Standard»-ի 1861 թ. հոկտեմբերի 26-ի №-ում գտնում ենք մի հաշվետվություն այն պրոցեսի մասին, որ Ջոն Բրայտ և Ընկ. ֆիրման հարուցել էր Ռոչդելում, դատի ենթարկելով գորգագործների տրեդ-յունիոնի անդամներին՝ ահ տալու մեջ մեղադրելով։ Բրայտի ֆիրման մտցրել է նոր մեքենաներ, որոնք 240 յարդ գորգ են գործում այնքան ժամանակում և աշխատանքի նույնպիսի ծախսումով (!), որ առաջ պահանջում էր 160 յարդի արտադրությունը։ Բանվորները հիմք չունեն պահանջ անելու այն շահույթի բաժնի նկատմամբ, որն ստեղծվում է այն բանի շնորհիվ, որ նրանց ձեռնարկատերերի կապիտալը ծախսվում է տեխնիկական կատարելագործումների վրա։ Դրանից ելնելով՝ պարոնայք Բրայտներն առաջարկեցին աշխատավարձն իջեցնել յարդին 1½ պենսից 1 պենսի, ընդ որում բանվորի ընղհանուր վաստակը աշխատանքի տվյալ քանակից բոլորովին նույնն է մնում, ինչպես առաջ։ Բայց այստեղ վարձի միայն անվանական իջեցում կար, որի մասին, ինչպես պնդում են, բանվորներին նախօրոք չէին զգուշացրել»։</ref>։ Նա վրդովվում է, որ բանվորները հավակնություն ունեն իրենց օգտին հարկ դնելու արդյունաբերության պրոգրեսի վրա և կտրականապես հայտարարում է, թե բանվորները ընդհանրապես ոչ մի գործ չունեն իրենց սեփական աշխատանքի արտադրողականության հետ<ref>«Տրեդ-յունիոնները, աշխատելով պահպանել աշխատավարձի որոշ մակարդակ, ձգտում են մաս ունենալու այն շահույթից, որ առաջ է գալիս մեքենաների բարելավումի՜ց»։ (Սարսափելի՜ է...) «Նրանք վարձի բարձրացում են պահանջում այն հիման վրա, որ աշխատանքը կրճատվում է... ուրիշ խոսքով՝ նրանք ձգտում են հարկ դնելու արդյունաբերական կատարելագործումների վրա» («on combination of Trades». Նոր հրատ. London 1834, էջ 42։)</ref>։
<references>