«Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ առաջին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
 
(5 intermediate revisions by 2 users not shown)
Տող 1. Տող 1.
 +
{{Գլուխ|հիմնական=Պյոտր Առաջին|հաջորդ=Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ երկրորդ}}
 +
 
== Գլուխ առաջին ==
 
== Գլուխ առաջին ==
  

Ընթացիկ տարբերակը 10:13, 11 Հուլիսի 2014-ի դրությամբ

Պյոտր Առաջին
Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ երկրորդ ▶


Գլուխ առաջին

1

Սանկան ցած թռավ վառարանից, հետույքով խփեց ներսի տաքությունից ուռած դռանը։ Նրա ետևից արագ-արագ իջան Ցաշկան, Գավրիլկան ու Արտամոշկան՝ հանկարծ բոլորն ուզեցին ջուր խմել, ընկան խավար հաշտը, ծուխ ու գոլորշու քուլաներ բերելով գաղջահոտ խրճիթից։ Պատուհանից, ձյան արանքներից աղոտ երկնագույն լույս էր թափանցում։ Ցուրտ էր։ Ջրի տակառը սաոույց էր բռնել, փայտյա շերեփը՝ սառցակալել։

Երեխաները ոտքից ոտք էին ցատկոտում հաշտում՝ բոլորն էլ բոբիկ էին, Սանկան գլխաշորով էր, Գավրիլկան ու Արտամոշկսւն մեկտակ, պորտահաս շապկով։

— Դո՜ւռը, խելառ անտերներ,— ներսից բղավեց մայրը։

Նա կանգնած էր վառարանի մոտ։ Հնոցատակին դրված մարխերը վառվեցին։ Մոր կնճռապատ դեմքը լուսավորվեց։ Ամենասարսափելին պատռված ճակատկապի տակից փայլփլող աչքերն էին՝ արցունքից ցամաքած, սրբապատկերի պես։ Անորոշ վախից Սանկան ամբողջ ուժով շրխկացրեց դուռը։ Հետո հոտ բռնած ջուր առավ շերեփով, խմեց, սառույցը կոտրեց ատամով, ջուր տվեց եղբայրներին։ Կամացուկ ասաց.

— Սառեցի՞ք։ Վազ տանք բակ, նայենք՝ հայրիկը ձին է լծում...

Հայրը բակում սահնակն էր լծում։ Հանդարտ ձյուն էր իջնում, երկինքը ձնաբեր էր, բարձր ցցապատի վրա ագռավներ էին թառել, ու հաշտի պես ցուրտ չէր այստեղ։ Հայրը կոնաձև գդակը քաշել էր խոժոռված հոնքերին։ Մայրը Իվան Արտեմիչ էր ասում նրան, գյուղացիք՝ Իվաշկա, գեղամիջում ինքն էլ էր իրեն այդպես կոչում, ազգանունը Բրովկին էր։ Շեկ մորուքը Աստվածածնի տոնից սանրի երես չէր տեսել։ Փորի տակից քուղով կապած կոշտ մահուդե կաֆտանի տակից ցցվել էին թաթմանները, տրեխները չարացած ճզճզում էին թրիքախառն ձյան վրա, լծելը դժվար էր... Փտած էր լծասարքը, գունդ ու կապ էր լրիվ։ Հայրը բարկությունից գոռում էր սևուկ ձիու վրա, որն իր նման կարճոտն էր, փորը ուռած.

— Հանգի՜ստ, սատանի ծնունդ...

Երեխաները մուտքի առաջ կարճ պետքները հոգացին ու կծկվել էին սառցակալած շեմին, չնայած ցրտից սառել էին։ Ամենափոքրը՝ Արտամոշկան, հազիվհազ ասաց.

— Բան չկա, ներսը կտաքանանք...

Իվան Արտեմիչը լծեց ձին ու ջուր տվեց փայտյա դույլով։ Ձին երկար խմեց, ուռեցնելով փրչոտ կողերը՝ «Կուշտ փորով կեր չեք տալիս, գոնե ուզածիս չափ խմեմ» ...Հայրը հագավ թաթմանները, սահնակի վրայից, ծղոտի տակերից մտրակը վերցրեց։

— Կորեք տուն, ես ձեր,— բղավեց երեխաների վրա։ Կողքով ընկավ սահնակին և, դարպասից ելնելով, վարգասահ գնաց բարձր եղևնիների կողքով, դեպի ազնվական Վոլկովի տղայի կալվածատունը։

— Էս ինչ ցուրտ է,— ասաց Սանկան։

Երեխաներն իրենց գցեցին մութ խրճիթը, ելան վառարանի վրա՝ ատամ ատամի զարկելով։ Սևացած առաստաղի տակ չոր ու տաք ծուխ էր գնդվում, քշվելով դռան վերևի ծխանցքի կողմը՝ վառարանն անծխնելույզ էր։ Մայրը խմոր էր հունցում։ Համենայն դեպս, ունևոր տուն էր՝ ձի, կով, չորս աքլոր։ Իվաշկա Բրովկինի մասին ասում էին, թե պինդ մարդ է։ Մարխի ածխիկները մարխատակից թշշալով ընկնում էին ջրի մեջ։ Սանկան իր ու եղբայրների վրա քաշեց ոչխարենու քուրքը և սկսեց քուրքի տակ շշնջալ զանազան վախենալի բաներից՝ թե գիշերներն ովքեր են խշխշացնում հատակի տակ, ոչուփուչ լինեն դրանք...

— Մի քիչ առաջ հո չվախեցա՜, աչքս դուրս գա, թե սուտ եմ ասում... Դռան շեմին աղբն էր, աղբի վրա՝ ավելը... Վերևից նայեմ, ի՜նչ տեսնեմ, խաչը մեզ օգնական։ Ավելի տակից՝ փրչոտ, կատվի բեխերով...

— Օ՜յ, օ՜յ, օ՜յ,— քուրքի տակ վախեցան փոքրերը։

2

Թեթևակի տափանված ճանապարհն անտառով էր անցնում։ Դարավոր կեչիները ծածկել էին երկինքը։ Հողմակործան ծառեր, թավուտներ՝ դժվարանցանելի տեղեր էին։ Նախանցյալ տարի այս հողերը շնորհվել էին Վոլկովի տղա Վասիլիին, պետական ծառայության մեջ գտնվող մոսկովյան ազնվական հորից բաժանվելիս։ Կալվածային վարչատունը Վասիլիին էր հատկացրել չորս հարյուր հիսուն դեսյատին, հողին կից երեսունյոթ շունչ գյուղացի՝ ընտանիքներով։

Վասիլին դաստակերտ էր շինել, սակայն փողը ծախսել, ստիպված հողի կեսը գրավ էր տվել մենաստանին։ Վանականները խոշոր վաշխով էին փող տալիս՝ ռուբլուն քսան կոպեկ։ Ըստ կարգի, թագավորական ծառայության մեջ էլ պիտի լիներ՝ իր կարգին ձիով, զրահով, թուր ու հրացանով, հետն էլ երեք գյուղացի ռազմիկ՝ էլի ձիերով, կարճթև ու բարձրօձիք կաֆտաններով, թրերով, աղեղ-կապարճով... Մենաստանի փողերով հազիվհազ զենք ու հանդերձ ձեռք բերեց։ Հապա իր ապրո՞ւստը։ Հապա աղխը կերակրե՞լը։ Հապա վանականների վաշխը վճարե՞լը։

Ցարի գանձատունը՝ անխնա, տարին մեկ նոր նակազ, նոր փողեր՝ սննդի տուրք, ճամփի տուրք, հարկ ու բահրա։ Տակն ի՞նչ պիտի մնա։ Բոլորը կալվածատիրոջից են ուզում՝ հարկն, իբր, լավ չես քամում։ Մի տակ կաշուց ավելի ի՞նչ պիտի մաշկես մուժիկից։ Հանգուցյալ ցարի՝ Ալեքսեյ Միխայլովիչի օրոք պետությունն աղքատացավ պատերազմներից, խառնակություններից ու խռովություններից։ Հենց անիծյալ գող Ստենկա Ռազինը ոտատակ տվեց երկիրը, գյուղացիներն աստծուն մոռացան։ Մի քիչ սեղմեցիր թե չէ, գայլի պես ատամները կբացեն։ Կարիքից փախչում են Դոն՝ այնտեղից ոչ գրով, ոչ էլ թրով ետ բերել չի լինում։

Ձին քարշ էր գալիս թեթև վարգով, ամբողջովին եղյամով ծածկված։ Ճյուղերը քսվում էին աղեղին, ձնափոշի էր թափվում։ Բներին կպած, անցվորներին էին նայում փարթամապոչ սկյուռները՝ անտառը լիքը սկյուռ էր։ Իվան Արտեմիչը, սահնակի մեջ թիկն տված, մտմտում էր. մենակ մի բան է մնացել մուժիկին՝ միտք անել...

«Ասենք, լա՜վ... Էս տուր, էն տուր... Մեկին փող տուր, մեկելին տուր... Տերություն հո չի, անտակ հոր է՝ լցնե՞լ կլինի։ Գործից փախս չենք, անում ենք։ Մոսկվայում էլ բոյարները սկսել են ոսկե կառքերով ման գալ։ Ուրեմն, կառքի փողն էլ տուր էդ կուշտուկուռ սատանին։ Է, լա՜վ... ինչ քեզ պետք է, ստիպողական վերցրու, բայց համը մի հանի... Տղերքիս ասեմ, երկու տակ կաշի քերթելն արդեն համը հանել է։ Ինչքա՜ն են շատացել պետության մարդիկ, թքես կընկնի մի ատենավորի, կամ պաշտոնավորի, պաշտոնավորի օգնականի վրա՝ նստած գրո՜ւմ են... Մուժիկն էլ՝ մեն-մենակ... էհ, տղերք, ավելի լավ է, գլուխդ առնես փախչես, անտառում գել ու գազանի բաժին դառնաս, սատկես պրծնես, քան դիմանաս... Էսպես մեր տվածով դուք երկար չեք դիմանա...»։

Իվաշկա Բրովկինը գուցե այսպես էր մտածում, գուցեև՝ ոչ։ Անտառից ճամփա ելավ սահնակի մեջ ծնկած Գնչուն (մականունն էր), դարձյալ վոլկովյան գյուղացիներից էր, թխամաշկ, մազերը տեղ-տեղ սպիտակած մի մարդ։ Տասնհինգ տարի փախստական էր, թափառում էր գյուղից գյուղ։ Բայց հրաման եղավ՝ բոլոր փախստականներին վերադարձնել կալվածատերերին, առանց վաղեմության ժամկետի։ Գնչուին բռնել էին Վորոնեժի մոտերքում, ուր հողագործություն էր անում, ետ տվել Վոլկով-ավագին։ Նորից էր փորձել ծլկել, բռնել էին ու հրաման տվել մտրակով անխնա ծեծել ու բանտ գցել՝ հենց Վոլկովի կալվածատանը, մաշկը լավանալուց հետո բանտից հանել ու նորից անխնա մտրակահար անել, որ փախչելը մտքից հանի գող խաբեբան։ Գնչուն գլուխն ազատել էր նրանով, որ Վասիլիի ամառանոցն էին ուղարկել։

— Բարաջողում,— ասաց Իվանին ու նրա սահնակը նստեց։

— Բարաջողում։

— Բան-ման չե՞ս լսել։

— Լավ բան կարծեմ թե չկա...

Գնչուն հանեց թաթմանը, բեղ-մորուքը սղալեց՝ դեմքի խորամանկությունը թաքցնելով.

— Անտառում մեկին տեսա, ասեց, թե ցարը մեռնելու վրա է։

Իվան Արտեմիչը բարձրացավ տեղից։ Վախ իջավ վրան... «Փը՜ռռռ»... Գդակը հանեց, խաչակնքեց.

— Հիմի ո՞ւմ են տեղը դնելու։

— Ասեց, թե փոքրից՝ Պյոտր Ալեքսեևիչից բացի, ուրիշը չկա։ Նա էլ ծծից նոր կտրած...

— Է՜, տղա։— Իվանը գդակը դրեց, աչքերն անշարժացան։— Է՜, տղա... Հիմի բոյարներն են թագավորելու։ Կորանք բոլորով...

— Կամ կկորենք, կամ էլ՝ չէ, էդպե՜ս է։— Գնչուն կիպ մոտեցավ։ Աչքով արեց։— Էն մարդն ասեց՝ խառնակություն է լինելու... Կարող է որ կյանք անենք, կուշտ փորով հաց ուտենք, գլխներովս ինչքա՜ն բան է անցել։— Գնչուն մերկացրեց իր չարքի ատամներն ու ծիծաղեց, հազաց անտառով մեկ։

Սկյուռը պոկվեց բնից, թռավ ճամփի վրայով, ձյուն թափվեց, շեղ լույսի տակ պսպղաց ձնափոշու սյունը։ Մորեգույն խոշոր արեգակը կախվել էր ճամփի պռնկին, թմբի վրա, վոլկովյան դաստակերտի բարձր ցանկապատից, թեք տանիքներից ու ծխերից վեր...

3

Իվաշկան ու Գնչուն ձիերը թողեցին բարձրակամար դարպասի մոտ։ Դարպասի վրա, երկթեքված տանիքի տակ տիրոջ սուրբ խաչի պատկերն էր։ Ամբողջ դաստակերտի բոլորքով անանցանելի ցանկապատն էր։ Թաթարների հարձակմանն էլ կդիմանար... Գդակները հանեցին։ Իվաշկան բռնեց դարպասաթակը, ընդունված կարգով ասաց.

— Տեր Հիսուս Քրիստոս, ողորմա մեզ...

Տրեխները ճռճռացնելով տնակից ելավ պահակ Ավերյանը, ճեղքից նայեց, ճանաչեց։ Ասաց՝ ամեն, դարպասը բացեց։

Մուժիկները ձիերը ներս արեցին։ Գլխաբաց կանգնել, բոյարական խրճիթի փայլարապատ լուսամուտներին էին նայում խեթ-խեթ։ Թեք սանդուղքով առմուտքը տանում էր ներսի սենյակները։ Նախշազարդ փայտից էր առմուտքը՝ գեղեցիկ, տանիքը սոխաձև։ Առմուտքից վեր վրանաշար կղմինդրն էր, երկու կիսաղեղներով, ոսկեզօծ երկայնակի կատարով։ Խրճիթի ներքևի նկուղները հաստաբեստ գերանակապ էին։ Վասիլի Վոլկովը դրանք սարքել էր ձմռան ու ամռան պաշարների համար՝ հաց, աղ դրած միս, զանազան թթվեղեն։ Սակայն մուժիկները գիտեին, որ նկուղներում միայն մկներն են վազվզում։ Իսկ առմուտքին իշխանն էլ կնախանձեր՝ հարուստի մուտք էր...

— Ավերյան, բոյարինն ինչի՞ համար է մեզ ձիերով կանչել, չլինի՞ նոր պարհակից-բանից կա...— հարցրեց Իվաշկան։— Ոնց որ թե պարտք-մարտք չունենք...

— Զորական մարդկանց եք Մոսկվա տանելու...

— Էլի ձիերի հերն անիծելո՞ւ ենք...

— Ի՞նչ են խոսում,— առաջ գալով, հարցրեց Գնչուն,— կռի՞վ ունենք մեկի հետ։ Խառնակությո՞ւն կա։

— Ոչ քո խելքի բանն է, ոչ իմ։— Ալեհեր Ավերյանը գլուխ տվեց։— Հրաման կա՝ պիտի տանես։ Էսօր մի սել բիր ու ճիպոտ են բերել ձեր նմանների համար...

Ավերյանը, ոտքերը չծալելով, գնաց իր տնակը։ Ձմռան մթնշաղի մեջ մի լուսամուտ փայլփլեց։ Բակում ինչ տեսակ շինություն ասես կար՝ գոմեր, նկուղներ, տնակներ, դարբնոց։ Կեսը՝ պարապ մնացած։ Վոլկովն ընդամենը տասնհինգ շունչ ճորտ ծառա ուներ, որոնք էլ ցամաք հացով մի կերպ ապրում էին։ Խոսք չկա, աշխատում էին, ձեռի հետ վարուցանք անում, անտառ կտրում ու տեղափոխում, բայց դրանով ապրե՞լ կլինի։ Ճորտի աշխատանք։ Ասում էին՝ իբր Վասիլին դրանցից մեկին Մոսկվա է ուղարկում, եկեղեցիների առաջ կրոնախևություն անելու, ու սա փող է բերում։ Երկու ուրիշ ճորտ, արկղները վզները գցած, էլի Մոսկվայում գդալ ու տրեխ, սուլիչ-բան էին ծախում... Ինչ էլ լինի, հիմքը մուժիկներն են։ Կերակրողը նրանք են...

Իվաշկան ու Գնչուն, մթնշաղի մեջ բակում կանգնած, մտածում էին։ Շտապելու տեղ չունեին։ Սպասելիք լավ բան էլ չունեին ոչ մի տեղից։ Իհարկե, ծերերը պատմում են, թե առաջ ավելի հեշտ էր՝ թե սրտովդ չէր լինում, գնում էիր ուրիշ կալվածատիրոջ մոտ։ Հիմա արգելված է՝ ուր հրամայել են, էնտեղ էլ մնա։ Հրամայել են կերակրել Վասիլի Վոլկովին՝ ինչ ուզում ես արա, կերակրիր։ Բոլորը ճորտ են դարձել։ Ու սպասում են, որ ավելի է վատանալու...

Մի դուռ ճռռաց, ձյան միջով վազեվազ եկավ գլխաբաց մի աղջիկ-ծառա՝ ամոթ չկար երեսին.

— Բոյարինը հրաման տվեց ձիերն արձակեք։ Հրաման տվեց գիշերն էստեղ մնաք։ Աստված չանի, բոյարինի խոտից տաք ձիերին...

Գնչուն ուզեց մտրակով մի լավ շրմփացնել աղջկա կլորիկ հետույքին, բայց նա փախավ-գնաց... Անշտապ արձակեց ձիերը։ Գնացին ծառաների խրճիթը՝ գիշերելու։ Մի ութ ծառա, բոյարից գողացած ճարպամոմի լույսի տակ, ճարպոտած խաղաթղթերը շփշփացնում էին սեղանին՝ իրարից կոպեկներ տանելով... Գոռգոռոց, կռիվ, մեկն ուզում էր փողը թշի տակ պահել, մյուսը մատով շրթունքն էր պատռում։ Անբան-անգործ մարդիկ, բայց արի ու տես, որ կուշտ էին։

Կողմ քաշված, թախտին նստած էր կտավե երկար շապիկը հագին, պատռտված տրեխներով մի տղա՝ Ալյոշկան էր, Իվան Արտեմիչի տղան։ Աշնանը ստիպված էր սովի պատճառով, ապառքի դիմաց տալ նրան՝ ցմահ ճորտության։ Մոր պես մեծաչվի տղա էր։ Մազափնջից երեում էր, որ ծեծ է ուտում այստեղ։ Իվանն աչքը գցեց որդու վրա, խղճաց, բան չասաց։ Ալյոշկսւն լուռ, խոր գլուխ խոնարհեց հորը։

Մատով մոտ կանչեց որդուն, շշնջալով հարցրեց.

— Բան կերե՞լ եք։

— Կերել ենք։

— Էհ, տնից հաց չվերցրի հետս։ (Խաբեց՝ կտավի մեջ փաթաթած մի կտոր հաց ուներ ծոցում։) Գլխդ ճարը տես էստեղ... Լսի, ասեմ, Ալյոշա... Ուզում եմ առավոտը տիրոջ ոտն ընկնեմ, գործերս շատ են։ Վայ թե խղճա, իմ տեղը դու գնաս, Մոսկվա։

Ալյոշկան գլխով արեց ծանրումեծ. «Լավ, հայրիկ»։ Իվանն սկսեց տրեխների կապերն արձակել, ու զվարթ շուտասելուկով, կարծես կուշտ էր և ուրախ, վրա բերեց.

— Էս ի՞նչ է, տղերք, ամեն օ՞ր եք էսպես ուրախանում։ Էհ, լավ եք ապրում, տեղը տեղին...

Թիկնեղ մի ծառա, խաղաթղթերը գցելով, շուռ եկավ.

— Էդ դո՞ւ ով եղար, որ մեզ էլ բան ես ասում...

Իվանը, չսպասելով մինչև հասցնեն վզակոթին, ելավ վերնաթախտի վրա։

4

Վասիլի Վոլկովի մոտ գիշերելու մնաց հյուրը` հարևան Միխայլա Տըյրտովը, մանրակալվածք մի ազնվականի որդի։ Վաղ ընթրեցին։ Ջնարակած վառարանի մոտ, լայն օթոցների վրա թաղիքներ էին փռված, բարձեր, արջի մորթիներ։ Ջահել էին՝ քունները չէր տանում։ Շոգ էր։ Նստած էին մեկտակ սպիտակեղենով։ Զրուցում էին կիսախավարի մեջ, հորանջում՝ բերանները խաչակնքելով։

— Քեզ դեռ շատերն են նախանձում, Վասիլի,— ասում էր հյուրը ծանրումեծ և ցածրաձայն։— Բայց քեզ իմ տեղը դիր։ Տասնչորս երեխա ենք։ Յոթը հորիցս բաժանվել, չարչարվում են անպետք հողերի վրա, մեկն երկու շունչ մուժիկ ունի, մյուսը՝ երեք, մնացածը փախստական են։ Ութերորդը ես եմ, նոր-նոր ծառայության եմ մտել, վաղը հող են տալու։ Կրակ բռնած մի գյուղ կտան, գորտ ու ճահիճ մի տեղ... Ո՞նց ապրեմ։ Հը՞։

— Հիմա ամենքի համար էլ դժվար է,— Վասիլին մի ձեռքով գցում էր նոճենու տերողորմյան, կախ արած ծնկների արանքը։— Ամենքս էլ չարչարվում ենք... Ո՞նց ապրենք...

— Պապս Գոլիցինից էլ բարձր տեղ էր,— ասաց Տըյրտովը,— Միխաիլ Ֆյոդորովիչի դագաղի մոտ օրուգիշեր նստած էր։ Իսկ մենք տանը տրեխներով ենք ման գալիս... Ամոթին սովորել ենք։ Ոչ թե պատվի մասին ենք մտածում, այլ՝ թե ոնց ողջ մնանք... Կալվածային վարչատանը հայրիկը ճակատը գետին տալով մեռավ. հիմի առանց կարգին կաշառքի ի՞նչ պիտի խնդրես։ Ատենավորին՝ տուր, դրա օգնականին՝ տուր, փոքրավորին՝ տուր։ Ու չեն էլ վերցնում, բերաններն են ծռմռում... Մի փոքր գործով գնացել էինք օգնականի՝ Ստյոպկա Ռեմեզովի դուռը, կաշառքը տվել էինք՝ տասը ալտին, էն էլ հազիվհազ էինք հավաքել, ու մի փութ չորացրած ծածան։ Փողն առել էր անկշտում հարբեցողը, հրամայել էր ձուկը դուրս շպրտել... Ով ճարպիկ է, մի բանի հասնում է... Վոլոդյա Չեմոդանովը խնդրագրով հասել էր ցարին, երկու գյուղ ցմահ իրեն տվեցին։ Վոլոդյան էլ՝ ով չգիտի, լեհերի հետ վերջին պատերազմին գլխապատառ փախել էր կովի դաշտից, հերն էլ էր Սմոլենսկի տակ երեք անգամ փախել... Ու փոխանակ դրանց զրկեն հողաբաժնից, հանեն շպրտեն կալվածքներից, գյուղ են տալիս... Արդարություն չկա...

Լռեցին։ Վառարանից տաքության էր փչում։ Չոր ճռճռում էին ծղրիդները։ Լուռ էր, տրտմալի։ Նույնիսկ շները դադարել էին հաչել դրսում։ Վոլկովը մտազբաղ ասաց.

— Մի թագավոր լիներ, մեզ ծառայության վերցներ՝ Վենետիկ, կամ էլ Հոոմ, կամ էլ Վիեննա... Աոանց ետ նայելու կգնայի... Վասիլի Վասիլևիչ Գոլիցինը կնքահորս մի գիրք էր տվել, վերցրեցի կարդացի... Բոլոր ազգերը հարստության, լիության մեջ ապրում են, մենակ մենք ենք աղքատ... Վերջերս Մոսկվայում էի, զինագործ էի ման գալիս, ինձ ուղարկեցին Կուկույ-ավան, գերմանացիների մոտ... Ինչ անենք, որ ուղղափառ չեն՝ աստված նրանց դատավոր... Պարիսպն անցա, թե չէ՝ փողոցներն ավլած, տները մաքուր, ուրախ, տների առաջ՝ ծաղիկներ... Գնում ու մի տեսակ վախենում էի, ու զարմանք բան էր՝ կարծես երազում լինեի... Մարդիկ ժպտերես, բայց հենց մեր կողքին են ապրում, չէ՞։ Ու ի՜նչ հարստություն։ Մենակ Կուկույը ավելի հարուստ է Մոսկվայից, կողքի գյուղերն էլ հաշված...

— Առևտրով թե զբաղվեմ, էլի փող է պետք։— Միխայլան նայեց բոբիկ ոտքերին։— Գնամ դառնամ ստրելե՞ց։ Դա էլ մի եկամուտ բերող գործ չի։ Մինչև դառնաս հարյուրապետ, հոգիդ կհանեն։ Օրերս Դանիլո Մենշիկովն էր եկել հորս մոտ, ցարական ախոռի ձիապաններից է, պատմում էր, թե գանձատունը երկուսուկես տարվա ռոճիկ է պարտք ստրելեցների գնդերին։ Ձեն հանողին էլ բռնում, գցում են բանտը։ Գնդապետ Պիժովը ստրելեցներին քշում է Մոսկվայի մոտերքի իր պապական կալվածքները, ճորտի տեղ բանացնում... Գնացել են գանգատի, մեծավորի տան առաջ գանգատավորներին մտրակի են քաշել։ Է՜հ, ստրելեցները չարացած են... Մենշիկովն ասել էր, թե սպասեք, դրանք ցույց կտան...

— Լսել եմ, ասում են, թե ով բոյարի մուշտակ ունի հագին, Մոսկվա գետից դենը վախենում է անցնի։

— Հապա ի՞նչ ես ուզում։ Բոլորը դարձել են չքավոր... Տուրք ու հարկից էնքան են տուժել, որ թող ու փախի... Մենշիկովը պատմել է, թե օտարերկրացիք առևտուր են անում Արխանգելսկում, Խոլմոգորում քարե տներ են շինել։ Արտասահմանում մի ռուբլով առնում, բերում էստեղ, երեքով են ծախում... Մեր վաճառականներն էլ ագահությունից ապրանքը փտեցնում են։ Պոսադի մարդիկ անխիղճ հարկերից թողել փախել են՝ որը գավառները, որը՝ տափաստան։ Սկսել են սառցածակի հարկ էլ առնել, գետի մեջ ծակ բացեցիր՝ տո՛ւր... Բայց ո՞ւր է գնում փողը։ Մենշիկովը պատմել է, թե Վասիլի Վասիլևիչ Գոլիցինը Նեգլիննայա գետի մոտ պալատներ է սարքել։ Դրսից պղնձի թերթերով է պատված, ներսից՝ ոսկու կաշվով...

Վասիլին գլուխը բարձրացրեց, նայեց Միխայլային։ Սա ոտքերը մտցրեց օթոցի տակ ու նույնպես նայեց Վասիլիին։ Քիչ առաջ հանգիստ նստած էր, կարծես ուրիշ մարդ դարձավ՝ քթի տակ ծիծաղեց, ոտքը խաղացրեց, թախտը ճոճվեց նրանց տակ...

— Քեզ ի՞նչ եղավ,— ցածրաձայն հարցրեց Վասիլին...

— Անցած շաբաթ Վորոբյովո գյուղի մոտ էլի սելեր են թալանել։ Մահուդի վաճառականները լավ ապրանք են տանելիս եղել... Ուզել են մթնով Մոսկվա հասնել, որ ընթրիքը տանն անեն, տեղ չեն հասել... Մի վաճառական է ողջ մնացել, իմաց է տվել։ Ընկել են ավազակների ետևից, մենակ հետքերն են գտել, էն էլ ձյունը սրբել, տարել է...

Միխայլայի ուսերը ցնցվեցին ծիծաղից.

— Մի վախենա, էնտեղ չեմ եղել, Մենշիկովից եմ լսել... (Նա թեքվեց Վասիլիի կողմը։) Ասում են, թե հետքերն ուղիղ բերել են Վարվառկա, Ստյոպկա Օդոևսկու կալվածքը... Իշխան Օդոևսկու փոքր տղի... իմ ու քո տարիքին է...

— Պառկենք, քնենք, ժամանակն է,— մռայլված ասաց Վասիլին։

Միխայլան նորից անուրախ ծիծաղեց.

— Լավ, կատակ արեցինք, արի քնենք։

Թեթև վեր ելավ թախտից, ձգմգվեց ու հոդերը ջարդջրդեց։ Կվաս լցրեց փայտյա գավի մեջ ու խմում էր, գավի պռնկի վրայից Վասիլիին նայելով։

— Ստյոպկա Օդոևսկին քսանհինգ շունչ ճորտ ունի, թուր ու հրացանով զինված... Գլխից ձեռ վերցրած մարդիկ են... Սովորեցրել է՝ մի տարուց ավել ուտելու բան չի տվել, մենակ գիշերներն է բաց թողել, որ գլխների ճարը տեսնեն... Գելի պես են...

Միխայլան պառկեց, արջի քուրքը քաշեց վրան, ձեոքը դրեց գլխատակը, աչքերը փայլում էին.

— Ասածներիս, մասին գնալու ես մատնե՞ս։

Վասիլին կախ արեց տերողորմյան, լուռ պառկեց, երեսն արած սոճենու հարթ պատին, որից խեժ էր ծորացել։ Բավական ժամանակ անց պատասխանեց.

— Չէ, չեմ մատնի։

5

Հողապատնեշի դարպասից այն կողմ դարուփոս ճանապարհը պտույտ տվեց փողոցներով, բարձր ու նեղ, երկշար ու գերանակապ խրճիթների մոտով։ Ամենուրեք մոխրակույտեր էին, լեշ ու ջարդված ամաններ, լաթուլութ՝ ամեն ինչ փողոց էին շպրտում։

Երասանները բռնած Ալյոշկսւն քայլում էր սահնակի կողքով, որի մեջ երեք ճորտ էին նստած՝ խծուծով լցված զինվորական բամբակյա գդակներով, մգդակած, թաղիքե անթևք ու բարձրօձիք հաստ կաֆտաններով՝ տեգիլեյ են ասում դրանց։ Վասիլի Վոլկովի ռազմիկներն էին։ Զրահի համար փողը չէր բավականացրել, տեգիլեյ էր հագցրել, թեև վախենում էր՝ ստուգելիս հանկարծ չխայտառակեն իրեն ու ամոթանք տան. ըստ կանոնի չես ներկայացրել, փողը կերել ես...

Վասիլին ու Միխայլան Գնչուի սահնակն էին նստել։ Ետևից ճորտերը ձիերն էին բերում. Վասիլիինը շքեղ թամբատակով էր ու պարսկական թամբով, Միխայլայի հոգնատանջ, կոտած ձին աղքատիկ ու վատ էր թամբած։

Միխայլան նստած էր խոժոռված։ Բղավելով ու ձիերը մտրակելով նրանցից անցնում էին բազմաթիվ ազնվականներ ու բոյարների տղաներ՝ պապական զենք ու զրահով, նոփ-նոր ֆերյազ ու տեռլիկներ, ցլամորթու կաֆտաններ հագած ամբողջ գավառը ժողովվում էր Լուբյանսկայա հրապարակում՝ զորատեսի, հողաբաժանքի ու վերաբաժանքի։ Բոլորն անխտիր ծիծաղում էին Միխայլայի յաբուն տեսնելիս. «Էյ, էդ ո՞ր գերեզմանատունն ես տանում։ Տես հա՜, տեղ չի հասնի...»։ Անցնելիս, դաղում էին մտրակներով՝ ձին ճկռում էր... ծիծաղ, քրքիջ, սուլոց...

Յաուզա գետի վրայի կամուրջն անցան, որի զառիթափ ափին հարյուրավոր մանր ջրաղացներ էին պտտվում։ Սահնակների և գումակների ետևից վարգով գնացին քառակուսի աշտարակներով, ատամնավոր կատարի արանքներում թնդանոթներ շարած, ճերմակ ներկը թափված պարսպի երկարությամբ։ Նեղլիկ Մյասնիցկիյե դարպասի մոտ հրմշտոց էր, բղավում ու հայհոյում էին՝ ամենքն ուզում էին առաջինն անցնել, զարկում էին միմյանց բռունցքներով, գդակներ էին ցած ընկնում, ճռճռում էին սահնակները, ձիերը ծառս էին լինում։ Դարպասի վերևում անմարելի մի ճրագ կար վառված, մգադեմ սրբապատկերի առաջ։

Մտրակ էր որ իջավ Ալյոշկայի մեջքին, գդակը կորցրեց՝ հազիվ գլուխն ազատեց։ Դարպասն անցան... Քթից հոսող արյունը սրբելով, չորս կողմն էր նայում՝ ա՜յ քեզ բան...

Նեղլիկ ու թրիքապատ փողոցում անհամար ժողովուրդ կար։ Տախտակապատ կրպակների միջից կես մարմնով դուրս թեքված՝ բղավում էին առևտրական կանայք, քաշքշում անցնող-դարձողի փեշերից, մարդկանց գլխարկներն էին հանում, հրամեցեք անելով։ Բարձր ցանկապատերից այն կողմ քարաշեն տներ կային, կարմիր ու արծաթագույն թեք տանիքներով, եկեղեցիների գույնզգույն գմբեթներ էին երևում։ Հազար հատ եկեղեցի կար։ Մեծերը հնգագմբեթ էին, խաչմերուկների վրա փոքրերը կային՝ դռնից մի մարդ հազիվ մտներ, ներսում էլ տասը հոգի հազիվ տեղ անեին։ Բաց գավիթներից երեում էին մոմերի տաք կրակները։ Ծնկաչոք պառավները կարծես քնած լինեին։ Մազախռիվ, զարհուրելի մուրացկանները թափահարում էին ցնցոտիները, բռնում մարդկանց ոտքերից, քթի մեջ խոսելով մերկացնում արնածոր ու թարախակալած մարմինները... Ծխազուրկ, ահարկու աչքերով տերտերները անցորդների քիթն էին խոթում կալաչները, բղավելով. «Վաճառական, գնանք աղոթենք, թե չէ՝ կալաչը կկծեմ...»։ Ագռավների երամներ՝ եկեղեցիների վրա...

Հազիվ հասան Լուբյանկա, ուր հրապարակով մեկ խումբ-խումբ խռնված էին ձիավոր զորականները։ Հեռվում, Նիկոլսկիյե դարպասի մոտ երևում էր բոյարի՝ խողովակի պես ցից սամույրե գլխարկը, ատենավորների մորթե գդակները, ընտրովի երևելիների մգագույն կաֆտանները։ Նիհար ու բարձրահասակ, երկար մորուքով մի մարդ բղավում էր այնտեղից, ձեռքի թուղթը թափահարելով։ Այդ ժամանակ խմբերից զատվում էր որևէ ազնվական՝ շուքով կամ անշուք զինավորված, մենակ կամ զորականներով, ձին քշում սեղանի մոտ։ Իջնում էր, խոր գլուխ տալիս բոյարին և ատենավորներին։ Նրանք զննում էին հանդերձանքն ու ձիերը, կարդում գրանցումները՝ ինչքան հող է շնորհված նրան։ Վիճում էին։ Ազնվականը երդում էր ուտում, կուրծք պատռում, ոմանք լաց էին լինում խնդրելիս, որ վերջնականապես, աղքատացել են մի պատառ հողի վրա, մեռնում են ցրտից ու սովից։

Հինավուրց սովորությամբ, ամեն տարի, գարնանային զորախաղերից առաջ այսպես էր անցնում պետական ծառայության մեջ եղողների՝ ազնվական աշխարհազորի ստուգատեսը։

Վասիլին ու Միխայլան չիջան ձիերից։ Գնչուի և Ալյոշկայի ձիերն արձակեցին, Վոլկովի երկու ճորտերին անթամբ հեծյալ դարձրեցին, երրորդին հրամայեցին ասել, որ ձին իբր ոտքը կոտրել է ճանապարհին։ Սահնակները թողեցին։

Գնչուն ձեռքը գցեց երասաններին. «Էս ո՞ւր ես տանում ձիս։ Բոյարի՜ն։ Ողորմա՜ծ...»։ Վասիլին սպառնաց մտրակով. «Ձե-ե՜նըդ...»։ Իսկ երբ հեռացավ, Գնչուն հերումեր իրար խառնեց, անուրն ու աղեղը շպրտեց սահնակի մեջ, ինքն էլ պառկեց, ջղայնությունից թաղվելով ծղոտի մեջ...

Ալյոշկային մոռացան։ Լծասարքը հավաքեց, տարավ սահնակի մեջ։ Նստել, անգդակ մրսում էր, հագուստն էլ էր բարակ։ Ինչ արած՝ մուժիկի բախտ է, պիտի դիմանաս։ Հանկարծ մի ախորժաբեր հոտ ընկավ քիթը։ Կողքով գիրուկ մի պոսադական էր անցնում, նապաստակի մորթու գդակով, մանրիկ աչքերով։ Փորին կապած արկղիկի մեջ, փալասների տակից գոլորշի էին արձակում տակաթուխ բլիթներ։ Խեթեց Ալյոշկային, փալասի տուտը բարձրացրեց սատանան՝ «տաք-տա՜ք, կարմրա՜ծ»։ Տղայի աչքը մնաց վրան.

— Քանի՞ս էս ասում, հորեղբայր։

— Երկուսը՝ կես գրոշ։ Լեզուդ էլ հետը կուլ կտաս։

Ալյոշկսւն կես գոոշ՝ քառորդ կոպեկ ուներ. որ ճորտության էր գնում, մայրն էր տվել, խե՜ղճ լինես դու։ Թե՛ փողն էր ափսոսում, թե՛ փորն էր վեց-վեց անում։

— Դե լավ, տուր,— կոպտաձայն ասաց Ալյոշկան։ Առավ ու կերավ։ Կյանքում նման բան չէր կերել։ Իսկ երբ ետ եկավ սահնակի մոտ, ոչ մտրակը կար, ոչ անուրն ու աղեղը, ոչ շլնոցը՝ տարել էին։ Վազեց Գնչուի մոտ՝ ծղոտի տակից սա հայհոյեց։ Ալյոշկայի ոտքերը թուլացան, գլուխը զնգում էր։ Ուզում էր նստել սահնակի կողքին ու լաց լինել, տեղից պոկվեց, անցնող-դարձողին հարցնելով. «Գողին չտեսա՞ք...»։ Ծիծաղեցին վրան։ Ի՞նչ աներ։ Հրապարակով վազեց, բոյարին գտնելու։

Վոլկովը, ձեռքերը կողերին կանթած, նստած էր ձիու վրա։ Պղնձե սաղավարտով էր, կրծքի ու փորի վրա ցրտից եղյամակալել էր երկաթյա շերտավոր զրահը։ Վասիլիին ճանաչել չէր լինի՝ արծիվ էր, արծիվ։ Ետևում, նույնպես ձիավոր, երկու ճորտերն էին՝ տակառի պես տեգիլեյներով, գեղարդներն ուսերին։ Իրենք էլ էին հասկանում, որ զորականի տեսք չունեն, ապուշ վիճակի մեջ են։ Քթի տակ խնդմնդում էին։

Արցունքները սրբելով, խեղճացած ու քթի մեջ մրթմրթալով՝ Ալյոշկան պատմեց գլխին եկած փորձանքը։

— Ինքդ ես մեղավոր,— բղավեց Վասիլին,— հերըդ ջարդդ կտա։ Ու եթե ինքն էլ նոր լծասարք չբերի, իրեն էլ ես կճիպտնմ։ Կորի գնա, ձիու առաջ մի ցցվիր։

Այստեղ նրա անունը տվեց բարձրահասակ ատենավորը, թուղթը թափ տալով։ Վոլկովը տեղից պոկվեց, ետևից՝ ճորտերը, տրեխներով խփելով ձիերի կողերին, գնացին դեպի Նիկոլսկիյե դարպասը, ուր սեղանի մոտ մորթե գլխարկով, երկու մուշտակով — թավշյան տակից, բրդերս ոչխարենին վրայից — նստած էր ահարկու իշխան Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկին։

Ի՞նչ աներ հիմա։ Ոչ գդակը կար, ոչ լծաշարքը... Ալյոշկան կամացուկ լաց էր լինում, հրապարակում քարշ գալով։ Նրան ձայն տվեց և ուսից բռնեց Միխայլա Տըյրտովը, կռացավ ձիու վրայից։

— Ալյոշկա,— ասաց նա, աչքերն արցունքոտ, շրթունքները դողում էին,— Ալյոշկա, աստծու սիրուն, վազ տուր Տվերսկիյե դարպասի կողմերը, կհարցնես ձիապան Դանիլա Մենշիկովի տունը... Կմտնես, երեք անգամ խոր գլուխ կտաս Դանիլային... Կասես Միխայլան շատ բարև էր անում... Կասես՝ ձին բանի պետք չի... Ամոթ է՝ կասես... Ինչ ձի ուզում է, թող մի օրով տա, որ ցույց տամ։ Կհիշե՞ս։ Կասես՝ պարտքի տակ չեմ մնա... Ձիու համար հիմա մարդ էլ կսպանեմ... Լաց կլինես, աղաչանք կանես...

— Աղաչելը կաղաչեմ, բայց որ չտվե՞ց,— հարցրեց Ալյոշկան։

— Մինչև բուկդ կթաղեմ հողի մեջ,— Միխայլան չռեց աչքերը, ռունգերը փքվեցին։

Ալյոշկան, իրեն կորցրած, վազ տվեց ասած տեղը։

Միխայլան սառել էր թամբի վրա, ամբողջ օրը ոչինչ չէր կերել... Արևը գլորվում էր սառնաշունչ մշուշի մեջ։ Ձյունը կապտին էր տալիս։ Ձիերի սմբակներն ավելի հնչեղ էին զնգզնգում։ Մթնշաղն էր իջնում, և Մոսկվայով մեկ, զանգակատներում զանգեր հնչեցին, կանչելով երեկոյան ժամերգության։ Կողքից ձիով անցավ խոժոռված ու գլխահակ Վասիլի Վոլկովը։ Ալյոշկան չէր երևում։ Այդպես էլ չեկավ բոլորովին։

6

Ցածրառաստաղ, շատ սաք սրահում ձիթաճրագները լուսավորում էին ցածրիկ կամարներն ու մգագույն որմնանկարները՝ դրախտային հավքեր էին, հյուսված խոտ ու ցողուն։

Սրբապատկերների գորշ դեմքերի տակ, լայն օթոցի վրա, կարապի փետրի բարձերի մեջ լղարիկ մարմնով խրված, մեռնում էր Ֆյոդոր Ալեքսեևիչ ցարը։

Վաղուց էին սպասում՝ ցարը լնդախտ ուներ և ոտքերն էին ուռչում։ Առավոտյան ժամերգությանն այսօր չէր կարողացել կանգնել, նստել էր աթոռին, ապա ընկել ցած։ Մոտ էին վազել ու տեսել, որ սիրտը հազիվ է բաբախում։ Պառկեցրել էին սրբապատկերների տակ։ Ջրգողությունից ոտքերն ուռել, գերանաչափ էին դարձել, փորն էլ էր սկսել փքվել։ Կանչեցին գերմանացի բժշկին։ Սա ջուրը բաց թողեց, ցարը հանգստացավ ու սկսեց կամաց-կամաց հանգչել։ Ակնախոռոչները մգել էին, քիթը՝ սրվել։ Մի պահ ինչ-որ բաներ շշնջաց, չկարողացան հասկանալ, թե ինչ։ Գերմանացին կռացավ նրա անարյուն շրթունքների վրա. Ֆյոդոր Ալեքսեևիչն անկապակցված ու միայն շնչելով ոտանավորներ էր ասում լատիներեն։ Ցարի շշնջոցից բժշկին թվաց, թե Օվիդիոսի բանաստեղծություններից էր... Մահվան մահճում՝ Օվիդիո՞ս։ Անկասկած, ցարը կորցրել էր գիտակցությունը...

Հիմա շնչառությունն էլ չէր լսվում։ Եղյամապատ լուսամատի մոտ, որի կլոր ապակիների մեջ լուսնի լույսն էր թրթռում, իտալական ծալովի աթոռի վրա նստած էր պատրիարք Յոակիմը՝ խստահայաց ու մոմեղեն, սև պատմուճանով ու վեղարով, ութաթև սպիտակ խաչը վեղարին։ Նստած էր կորացած ու անշարժ, որպես մահվան տեսիլ։ Պատի տակ միայնակ կանգնած էր թագուհի Մարֆա Մատվեևնան՝ արցունքի շղարշի միջից նայում էր այնտեղ, ուր բարձերի խրձի արանքից երևում էր մեռնող ամուսնու փոքր ճակատն ու սրված քիթը։ Ընդամենը տասնյոթ տարեկան էր թագուհին, նրան պալատ էին բերել Ապրակսինների աղքատ ընտանիքից, գեղեցկության պատճառով։ Միայն երկու ամիս եղավ թագուհի։ Մգահոն ու հիմարիկ դեմքն ուռել էր լացելուց։ Սոսկ հեծկլտում էր մանկավարի, մատները կոտրատում, բարձրաձայն ողբալուց վախենում էր։

Սրահի մյուս ծայրում, կամարների մթան մեջ փսփսում էին ցարի մեծաքանակ ազգականները՝ քույրեր, հորաքույր-մորաքույրեր, քեռի-հորեղբայրներ ու մերձավոր բոյարներ, Իվան Մաքսիմովիչ Յազիկովն էր՝ կարճլիկ ու գիրուկ, բարի, քաղցրալեզու, մեծ ճարպկության տեր, պալատական վարվելակերպի խորագույն գիտակ, ապա ծոմապահ ու բարեպաշտ ծերուկ, գրասեր, առաջին մահճապետ Ալեքսեյ Տիմոֆեևիչ Լիխաչևը և իշխան Վասփլի Վասիլևիչ Գոլիցինը՝ մի պատկերք տղամարդ, գանգուր ու բաժան մորուքով, բեխերը ցից, կարճ, լեհավարի կտրած մազերով, լեհական կունտուշով, թեքկրունկ ու փափուկ ճտքավոր կոշիկներով, միջահասակ էր իշխանը։

Նրա կապույտ աչքերը բորբոքված փայլում էին։ Վճռական էր պահը՝ նոր ցարի անունն էր տրվելու։ Ո՞ւմ։ Պյոտրի՞ն, թե՝ Իվանին։ Նարիշկինայի որդո՞ւն, թե՝ Միլոսլավսկայայի։ Երկուսն էլ անհասկացող երեխաներ, երկուսի ետևում էլ ուժեր կան կանգնած՝ տոհմերը։ Պյոտրը խելքը գլխին է, պնդակազմ, Իվանը տկարամիտ է ու հիվանդ, ուր թեքես, կգնա... Ո՞րը նախընտրել։ Որի՞ն։

Վասիլի Վասիլևիչը կողքով կանգնեց երկփեղկ, պղնձյա եզրազարդերով դռան մոտ ու ականջը մոտեցրեց՝ հարևան գահադահլիճում գվվում էին բոյարների ձայները։ Առավոտից սոված ծարավ լցվել էին, մուշտակները հագներին. Նարիշկինները՝ յուրայիններով, Միլոսլավսկիները՝ յուրայիններով։ Դահլիճը լեփ լեցուն էր. կռվշտում էին, հինը քամուն տալիս, զգում էին, որ այսօր ոմանք վեր են բարձրանալու, ոմանք՝ աքսոր քշվելու։

— Ժխոր է, ներող եղեք,— շշնջաց Վասիլի Վասիլևիչը և մոտենալով Յազիկովին, ցածրաձայն ասաց լեհերեն,— Իվան Մաքսիմովիչ, գուցե դո՞ւ հարցնես, պատրիարքին, թե ինքն ում կողմից է։

Գանգրահեր, շեկ ու թավ բեխ-մորուքով Յազիկովը՝ կարմրատակած, անուշ ժպտաց, վարից վեր նայելով, շոգից քրտնել էր, վարդայուղի բույր էր արձակում.

— Հովվապետն էլ, ես էլ քո խոսքին ենք սպասում, սիրելի իշխան... Մենք կարծես թե որոշել ենք...

Մոտեցավ Լիխաչևը, հոգոց հանեց, ճերմակ ձեռքը զգուշությամբ մորուքին դնելով.

— Պառակտվել չի կարելի, Վասիլի Վասիլևիչ, այս մեծ պահին։ Այսպես ենք մտածել՝ Իվանի համար դժվար կլինի թագավորելը, անհաստատ՝ թույլ է։ Մեզ ուժ է հարկավոր։

Վասիլի Վասիլևիչը կախեց արտևանունքները, ժպտաց գեղեցիկ շրթունքների ծայրով։ Հասկացավ, որ վիճելը հիմա վտանգավոր է։

— Թող այդպես լինի,— ասաց,— թող Պյոտրը թագավորի։

Բարձրացրեց կապույտ աչքերը, որոնք հանկարծ ցնցվեցին և քնքշությամբ օղակվեցին։ Նայում էր ներս մտած արքայադստերը, ցարի վեցերորդ քրոջը՝ Սոֆյային։ Ոչ թե սահաքայլ, կարապի պես, ինչպես վայել է օրիորդին, այլ թափով ներս մտավ նա, բացվեցին ամառային գունեղ զգեստի փեշերը, փարթամ կրծքի կոճակներն արձակ էին, ծածանվում էին եղջրավոր պսակի կարմիր ժապավենները։ Սուսր ու շպարի տակից տգեղ դեմքին բծեր էին հայտնվել։ Արքայադուստրը պետոսկր էր, ամրակազմ ու թիկնեղ, խոշորագլուխ։ Կոր ճակատը, կանաչավուն աչքերը, սեղմված բերանը ոչ-օրիորդական էին թվում, այլ տղամարդկային։ Նա նայեց Վասիլի Վասիլեիչին և, ըստ երևույթին, հասկացավ, թե ինչի մասին էր հենց նոր խոսում ու ինչ պատասխան տվեց։

Ռունգերը թրթռացին արհամարհաբար։ Շրջվեց դեպի մահամերձի անկողինը, ձեռքերն իրար զարկեց, սեղմեց ու ծնկեց գորգին, ճակատը սեղմելով անկողնուն։ Պատրիարքը գլուխը բարձրացրեց, նրա խամրած հայացքը հառվեց Սոֆյայի ծոծրակին, կախ հյուսերին։ Սրահում գտնվող բոլորը լարվեցին։ Հինգ արքայադուստրեր սկսեցին խաչակնքել։ Պատրիարքը ոտքի ելավ ու երկար նայում էր ցարին։ Սև թևքերը ետ գցեց ու լալն-լայն խաչակնքելով, հրաժեշտի աղոթքն սկսեց։

Սոֆյան բռնեց ծոծրակը, զիլ ու վայրենաձայն բղավեց, ապա ոռնում էր թավաձայն։ Բղավեցին նրա քույրերը... Թագուհի Մարֆա Մատվեևնան երեսնիվար ընկավ օթոցին։ Նրան մոտեցավ ավագ եղբայրը՝ բարձրահասակ ու գեր, երկար մուշտակ հագած Ֆյոդոր Մատվեևիչ Ապրակսինը, սկսեց շոյել թագուհու մեջքը։ Յազիկովն արագ-արագ մոտեցավ պատրիարքին, ձեռքը համբուրեց ու իր կողմը քաշեց։ Պատրիարքը, Յազիկովը, Լիխաչևը և Գոլիցինը փութով գնացին գահադահլիճ։ Բոյարները նախրի պես շարժվեցին նրանց կողմը, թևքերը թափահարելով, մորուքներն առաջ պարզած, առանց ամաչելու՝ աչքները չռած. «Ի՞նչ, ի՞նչ կասես, հովվապետ...»։

— Ֆյոդոր Ալեքսեևիչ ցարը վախճանվեց... Լաց լինենք, բոյարներ...

Նրան չէին լսում՝ խառնիխուռն, դռան մեջ հրմշտվելով, բոյարները շտապում էին հանգուցյալի մոտ, ընկնում էին ծնկաչոք, ճակատները խփում գորգին և, վեր կենալով, համբուրում ցարի արդեն խաչված, մոմանման ձեռքերը։ Հեղձուկից սկսեցին չրթչրթալ ու հանգչել ճրագները։ Սոֆյային տարան։ Վասիլի Վասիլևիչը չքացավ։ Յազիկովին մոտեցան իշխաններ Պյոտր և Բորիս Ալեքսեևիչ Գոլիցին եղբայրները, սևահեր, հաստ հոնքերով ու սարսափազդու տեսքով իշխան Յակով Դոլգորուկին ու եղբայրները՝ Լուկան, Բորիսը և Գրիգորին։ Յակովն ասաց.

— Մենք դաշույններով ենք ու զրահ ունենք հագուստի տակ... Ի՞նչ անենք, հոչակե՞նք Պյոտրին։

— Գնացեք առմուտք, ժողովրդի առաջ։ Պատրիարքը դուրս է գալու, այնտեղ էլ կհռչակենք... Թե սկսեն Իվան Ալեքսեևիչի անունը տալ՝ դաշունահարեք ավազակներին...

Մեկ ժամ անց պատրիարքը ելավ Գլխադուռ և օրհնելով հազարամարդ ամբոխը՝ ստրելեցներին, բոյարական ընտանիքների որդոց, ծառայող մարդկանց, վաճառականներին, պոսադականներին, հարցրեց, թե արքայազններից ո՞ր մեկը ցար դառնա։ Խարույկներ էին վառվում։ Մոսկվա գետից այն կողմ լուսինն էր իջնում, և սառցեղեն լույսը ցոլցլում էր գմբեթների վրա։ Ամբոխի միջից բղավեցին.

— Պյոտր Ալեքսեևիչի՜ն ենք ուզում...

Մի խռպոտ ձայն կանչեց.

— Ուզում ենք Իվա՜նը ցար դառնա...

Մարդիկ վրա պրծան ձայնողին, և ամբոխի մեջ ավելի բարձր հնչեցին բղավոցները. «Պյոտրի՜ն, Պյոտրի՜ն...»։

7

Դանիլայի բակում շղթայակապ երկու որձ շուն վրա պրծան Ալյոշկային` կատաղությունից իրենց կտրատելով։ Շրթունքները վերքոտ մի աղջնակ, կարճ վերարկուն գլխին գցած, նրան ասաց, որ սառցակալած աստիճաններով բարձրանա վերնասենյակ, անտեղի քրքջաց, անհետացավ առմուտքի տակի խորդանոցը, ուր մթության մեջ վառվում էին վառարանի փայտերը։

Սանդուղքով բարձրանալիք Ալյոշկան լսեց, որ վերևում ինչ-որ մեկը շատ վատ գոռում է... «Օհո՜,— մտածեց նա,— էստեղից ողջ պրծնողը չեմ...»։ Պարանով կապած տաշած բռնակը քաշեց ու հազիվ բացեց ուռած դուռը։ Քթին խփեց տաք խրճիթի, բողկի, օղու հոտը։ Սրբապատկերների տակ, գցած սեղանի մոտ երկու մարդ. էին նստած՝ գանգուրները թափած, ավելաձև, շիկամորուս տերտերն ու կարճլիկ, չեչոտ, սրաքիթ մեկը։

— Խելքը գլո՜ւխը մտցրու քամակից,— բղավում էին, բաժակները սեղանին զարկելով։

Երրորդը՝ ծանրամարմին, մորեգույն ու արձակ շապկով մի մարդ, ծնկների արանքը խցկած երեխայի մերկ հետույքին էր շրմփացնում գոտիով։ Շերտ-շերտ կապտած, վտիտ հետույքը ցնցվում էր, դեսուդեն շպրտվում։ «Ա՛յ-ա՛յ, հայրի՜կ»,— ծղրտում էր ծեծվողը։ Ալյոշկան սառեց տեղում։

Չեչոտն անարտևանունք կոպերը ճպճպացրեց Ալյոշկայի վրա։ Տերտերը բացեց մեծ բերանն ու թավաձայն գոռաց.

— Մի լակոտ էլ եկավ, դրան էլ հասցրու միանգամից։

Ալյոշկան ոտքերը ձգեց, վիզն առաջ պարզեց։ «Է՛հ, կորա...»

Ծանրամարմին մարդը շրջվեց։ Նրա ոտքերի տակից, շալվարը բռնած, դուրս պրծավ ճերմակ-երկնագույն, կլորաչ մի տղա։ Դեպի դուռը վազեց ու անհետացավ։ Այդ ժամանակ Ալյոշկան, ինչպես հրամայվել էր, ծնկի ընկավ ու երեք անգամ ճակատը հպեց հատակին։ Ծանրամարմինը բռնեց շլինքից, բարձրացրեց ու մոտեցրեց իր պղնձագույն, քրտնած դեմքին, թունդ հարբածի հոտ էր փչում.

— Ինչի՞ ես եկել։ Գողությա՞ն։ Տեղ անելո՞ւ։ Ուրիշի բակերում թրև գալո՞ւ։

Ատամներն իրար զարկելով՝ Ալյոշկան սկսեց պատմել Տըյրտովի մասին։ Պղնձագույն մարդու վզի երակները փքվեցին՝ ոչինչ չէր հասկանում... «Ի՞նչ Տըյրտով։ Ի՞նչ ձի։ Ուրեմն, եկել ես ձիո՞ւ։ Ձիագո՞ղ ես...»։ Ալյոշկան լաց եղավ, երդվեց, եռամատ խաչակնքեց... Դրանից հետո պղնձե մարդը բռնեց նրա մազերից, սապոգները թխկթխկացնելով քարշ տվեց, դուռը ոտքով բացեց, սառցակալած սանդուղքից ցած շպրտեց Ալյոշկային...

— Էս գողին բակից հանեք,— ճոճվելով բղավեց նա,— Շուրոկ, Բրովկա, գզեք սրան...

Դռան մեջ ցուլի պես կռանալով, Դանիլա Մենշիկովը ետ եկավ սեղանի մոտ։ Ֆսֆսացնելով, լցրեց բաժակները։ Պտղունցով կտրած բողկ վերցրեց.

— Տերտեր մարդ ես, Ավետարան ես կարդացել, պիտի իմանաս,— թնդաց նա,— տղես ձեռից գնացել է... Լրիվ գող է դարձել շան ցկնածը։ Չսպանե՞մ դրան։ Ավետարանում ո՞նց է գրված։ Հը՞։

Տերտերը՝ Ֆիլկան, ծանրումեծ պատասխանեց.

— Ավետարանով էսպես է. փոքրուց պատժիր զավակիդ, որ հանգիստ անցնես ծերությունը քո։ Ու ծեծով մի թուլացրու նրան, քանի որ գավազանով թե խփես, չի մեռնի, ավելի կպնդանա, վերքերը շատացրու, որ հոգին ազատես մահից...

— Ամեն,— հոգոց հանեց սրաքիթը...

— Համբերի, շունչս տեղը գա, նորից եմ կանչելու,— ասաց Դանիլան։— Էհ, տղերք, վատ է... Տարին տարու վրա վատանում է... Երեխեքը ձեռից գնում են, առաջվա հարգ ու պատիվը չկա... Ցարական ռոճիկն երկու տարի չեն տվել... Ուտելու բան չի մնացել... Ստրելեցներն ահ են տալիս, թե Մոսկվան չորս ծերից վառելու են... Ժողովրդի մեջ դժգոհությունը շատացել է... Էս, է, ամենքս էլ կորելու ենք, գնանք...

Չեչոտ ու սրաքիթ դպիր Ֆոմա Պոդշչիպաևն ասաց.

— Նիկոնականները հին հավատը պղծեցին, բայց դրանո՛վ էր (մատը վեր պարզեց) երկիրն ապրում... Նոր հավատ չկա... Երեխաները մեղքի մեջ են ծնվում՝ թեկուզ մեռցնես ծեծելով, օգուտ չկա՝ հոգի չունեն մեջները... Սույն դարի զավակնե՜րը... Նիկոնականնե՜րը։ Անհովիվ հոտ, սատանայի բաժին... Ավագերեց Ավվակումը գրել է. «Եվ դո՞ւ ես արդյոք, նիկոնական, որ քրիստոսական բաժինն ես ուզում գայթակղել ու զոհ մատուցել ծնող հորը քո՝ սատանային...»։ Սատանայի՜ն։ (Մատը նորից բարձրացրեց։) Ապա՝ «Ո՞վ ես դու, նիկոնական։ Աղբ ես դու, գարշահոտություն, շուն ես դու աղտոտ»...

— Շնե՜ր,— Դանիլան շրմփացրեց սեղանին։

— Նիկոնական տերտերներն ու ավագերեցները մետաքսե պարեգոտներ են հագնում, կշտությունից տրաքում են նզովյալ շները,— ասաց տերտեր Ֆիլկան։

Ֆոմա Պոդշչիպաևը սպասեց հայհոյեն վերջացնեն, նորից խոսեց.

— Հետևյալն էլ է ասել ավագերեց Ավվակումը. «Իմ բարեկամ Իլարիոն, ռյազանյան արքեպիսկոպոս։ Հիշիր, թե ինչպես էր ապրում Մելքիսիդեկը անտառի թավուտում, Ֆավորյան սարի վրա։ Ծառերի բողբոջն էր ուտում, ջրի փոխարեն ցող էր լիզում։ Շիտակ հոգևորական էր, չէր փնտրում հռենոսյան ու ռոմանական, և օղի, և զտված գինի, և գարեջուր հիլով։ Բարեկամդ իմ, Իլիարիոն, ռյազանյան արքեպիսկոպոս։ Տեսնում ես, թե ինչպես էր ապրում Մելքիսիդեկը։ Սևաթույր ձիերով կառք չէր նստում։ Ու թագավորական էր տոհմը նրա։ Հապա դո՞ւ ով ես, ողորմելի տիրացու։ Կառքեր ես նստում, փքվելով, հանց ջրի փուչիկ, կառքի բարձերին նստած, մազերդ լրբի պես սանրած, գնում ես, ռեխդ առաջ պարզած, հրապարակով, որ լիրբ կույսերը քեզ սիրեն... Օյ, օյ, խեղճ լինես դու... Սատանան կուրացրել է քեզ հաստատ... Ու չես տեսնել ու չգիտես հոգևոր կյանքը...»։

Աչքերը փակելով, Ֆիլկան թշերը ցնցեց, ծիծաղեց։ Դանիլան նորից լցրեց։ Խմեցին։

— Ստրելեցներն արդեն նիկոնական գրքերը ճղում են ու դեն շպրտում,— ասաց նա։— Աստված տար, ստրելեցները հնին պաշտպան կանգնեին...

Նա շրջվեց։ Շները հաչեցին։ ճռճռացին սանդուղքները։ Դռան ետևում Հիսուսի աղոթքն արեցին։ «Ամեն»,— պատասխանեցին երեք զրուցակիցները։ Ներս մտավ Պիժովի գնդից բարձրահասակ ստրելեց Օվսեյ Ռժովը՝ Դանիլայի աներձագը։ Խաչակնքեց անկյունը։ Մազերը ետ գցեց.

— Քեֆ եք անում,— ասաց հանգիստ։— Ու թե ինչ գործեր են կատարվում վերևներում, չգիտե՞ք... Ցարը մեռավ... Նարիշկինները Դոլգոռուկիների հետ Պյոտրին դրեցին տեղը... Մի փորձանք էր, որ չէինք սպասի... Բոլորով մտնելու ենք բոյարների, մեկ էլ նիկոնականների լծի տակ...

8

Աստիճաններից թավալգլոր ձնաթմբի մեջ ընկավ Ալյոշկան։ Դեղնատամ շները վրա պրծան։ Տղան թաքցրեց գլուխը։ Աչքերը փակեց... Ու շները չգզեցին... Հրաշքի պես բան էր՝ աստված փրկեց։ Գռմռալով ետ քաշվեցին։ Ինչ-որ մեկը պպզեց Ալյոշկայի գլխավերևում, մատով բոթբթեց գլուխը.

— Էյ, ո՞վ ես։

Ալյոշկան մի աչքը դուրս հանեց։ Քիչ հեռու կանգնած շները նորից գռմռացին։ Ալյոշկայի գլխավերևը քիչ առաջվա տղան էր պպզել, որին հենց նոր ծեծեցին։

— Անունդ ի՞նչ է։

— Ալյոշկա։

— Ումոնցի՞ց ես։

— Բրովկիններից, գյուղից։

 << Երկու պակասող էջ >>

մեղրախմիչք։ Առևտուր կգնար, գործարքներ կկնքվեին, միմյանց ձեռք-ձեռքի կխփեին։ Գործերից կխոսեին, գործերն էլ հիմա այնպես էին, որ գլուխդ առ ու փախիր...

Առաջին սրահում, վաճառասեղանի մոտ գոռգոռում էին, աղմկում, հայհոյում։ Խմիր, քեֆ արա, միայն թե վճարիր։ Խիստ էր։ Փող չունես՝ մուշտակդ հանիր։ Եթե մեկնումեկը ունեցած-չունեցածը խմիչքի տված լիներ, օղեվաճառն աչքով կաներ սեղանի եզրին նստած փոքրավորին։ Սագի փետուրն ականջի ետևը խրած, թանաքամանը վզից կախ, սա կսկսեր գրել։ Օհ, ուշքի եկ, անխելք հարբած։ Ճարպիկ փոքրավորը հո ճորտագիր չի՜ սարքում։ Անկախ ու ազատ մտել ես ցարապատկան օղետուն, դուրս կգաս որպես տկլոր մի ճորտ։

— Հիմի խմելը հեշտացել է,— կասեր օղեվաճառը՝ կանաչավուն հեղուկը լցնելով անագե գավի մեջ։— Հիմի ընկերդ կգա քեզ տանելու, ազգականդ կամ էլ կնիկդ վազեվազ կհասնեն, որ եղած-չեղածդ խմելու չտաս։ Հիմի էդ տեսակ մարդկանց բաց ենք թողնում, կոպեկի ետևից ընկած չենք։ Աստված քեզ հետ՝ գնա՛։ Բայց հանգուցյալ թագավոր Ալեքսեյ Միխայլովիչի օրոք եթե գային հարբածին տանելու, որ վերջին գռոշը խմելու չտա...Կասեինք՝ սպասի՜... Գանձարանին վնաս է։ Էդ գռոշն էլ է գանձարանին պետք... Տեղնուտեղը ձեն կտայիր, պրիստավը կգար, խմողի ձեռը բռնողին կառներ ու կտաներ Գողության գործերի ատյան։ Գործը կնայեին, ձախ ձեռն ու աջ ոտը կկտրեին ու կգցեին սառույցի վրա... Խմե՛ք, խմե՛ք, արծիվ տղերք, ոչ մի բանից մի վախեցեք, հիմի ձեռ ու ոտ կտրող չկա։

10

Օղետան մոտ այսօր մարդիկ, միմյանց շալակ ելնելով, լուսամուտներից ներս էին նայում։ Բակում, առմուտքի վրա ասեղ գցելու տեղ չկար։ Շարունակ երևում էին ստրելեցների կարմիր, կանաչ, ալ կաֆտանները։ Նեղվածք էր, հրմշտոց։ «Ի՞նչ է եղել։ Ո՞ւմ։ Ինչի՞ համար...»։ Այնտեղ՝ օղետանը կանգնած էին ստրելեցներն ու աոևտրական շարքերի վաճառականները։ Նեղվածքի մեջ մարդկանց շնչառությունից գոլորշին առու-առու հոսում էր պատուհանների վրայից։ Ստրելեցները ներս էին բերել կիսամեռ մի մարդու՝ հատակին պառկած տնքում էր աղեկտուր։ Հագուստը ծվեն-ծվեն էր, մարմինը՝ պարարտ։ Մոխրագույն մազերի մեջ արյունն էր չորացել։ Քիթը, այտերը լրիվ ջնջխված էին։

Նրան ցույց տալով, ստրելեցները բղավում էին.

— Ձեզ հետ էլ շուտով նույնը կլինի...

— Քնա՞ծ եք։ Իսկ Կուկույում նրանք քնած չեն...

— Տղերք, գերմանացիք ինչի՞ են ծեծում մերոնց...

— Լավ էր, անցնում էինք, մեջ ընկանք... Թե չէ ծեծելով սպանելու էին...

— Լուսահոգի ցարի օրոք էս տեսակ բան կլինե՞ր։ Կթողնեի՞ն, որ անիծված օտարները նեղացնեն մերոնց։

Պիժովի գնդի ստրելեց Օվսեյ Ռժովը հանգստացնում էր ընկերներին, վաճառականներին գլուխ խոնարհելով ասում էր.

— Չքավորությունից ենք ձեր դուռն եկել, ազնիվ պարոններ, երևելի վաճառականներ։ Էլ գնալու տեղ չունենք մեր կնանոց ու մանր երեխեքի հետ... Վերջին աղքատն ենք դարձել... Երկու տարի է ռոճիկ չեն տալիս։ Գնդապետները հոգիներս հանել են ծանր աշխատանքով։ Ինչո՞վ ապրենք։ Քաղաքում առուտուր անել չեն թողնում, գյուղերում տեղ չկա... Գերմանացիք ամեն բան զավթել են։ Հիմի արդեն վուշն էլ, կաժն էլ է՛ն գլխից առել են։ Կաշին առնում, իրենք են ճմլում սատաները, Կուկույում... Կնանիք մեր գեղական կոշիկն էլ չեն առնում, գերմանականն են ուզում... Ապրելու հնար չկա... Ու թե պաշտպան չկանգնեք մեզ՝ ստրելեցներիս, վաճառականներդ էլ եք կորչելու... Նարիշկինները ձեռքներն են գցել ցարական գանձարանը... Ախորժսւկ հո չունե՜ն... Հիմի էն տեսակ հարկ ու պարհակի սպասեք, որ ունեցած-չունեցածներդ էլ տաք, չեք պրծնելու... Մոսկվայում է՛լ ավելի վատին սպասեք՝ բոյարին Մատվեևն է աքսորից գալիս... Չարությունից սիրտը քարի կտոր դարձած, Մոսկվան լրիվ կուլ է տալու...

Ծեծված մարդու տնքոցնե՛րն էին սարսափելի։ Ստրելեցի խոսքերն էին մութ ու սարսափելի։ Վաճառականները միմյանց նայեցին։ Շատ էլ հավատալի չէր, թե կուկույցի գերմանացիք ծեծել են այդ մանր առևտրականին։ Մութ գործ էր։ Բայց ճիշտ բաներ էլ էին ասում ստրելեցները։ Կյանքը տարեցտարի վատանում էր՝ ավելի չքավոր ու տագնապալի դառնալով... Ինչ թուղթ գար՝ «Ցարն ասաց, բոյարները հաստատեցին», մի նոր փորձանք կբերեր՝ վճարի՛ր, փող տուր, անտակ հորը լցնելու համար... Ո՞ւմ բողոքես, ո՞վ պաշտպան կկանգնի։ Վերևներում նստած բոյարնե՞րը։ Նրանք մի բան գիտեն՝ փող քամել գանձարանի համար, իսկ թե ինչպես, նրանց համար մեկ է։ Վերջին շապիկդ հանիր ու տուր։ Ոնց որ թշնամիներ լինեն Մոսկվայի մեջ։

Ծեծվածին օղակած մարդկանց արանքը մտավ մի վաճառական, խաղացնելով արծաթյա մատանիներով մատները։

— Մենք՝ Վորոբյովներս, հում մետաքս էինք տարել Արխանգելսկի տոնավաճառ։ Ու գերմանացիք, խոսքները մեկ արած, մեր մետաքսից մի ալտինի ապրանք չառան։ Ու դրանց մեծը, ուրեմն, գերմանացի Վուլֆին բղավում էր. «Էնպես, ենք անելու, որ մոսկվացի վաճառականները մեր պարտքերից բրածեծ լինեն, ու կստիպենք նրանց, ասել է թե մեզ՝ մոսկովցիներիս, մենակ տրեխի առուտուր անեն...»։

Խրճիթով բվվոց անցավ... Ստրելեցները, թե՝ «Ի՜նչ էինք ասում։ Շուտով տրեխ էլ չի լինի»... Երիտասարդ վաճառական Բոգդան Ժիգուլինը շրջան մտավ, թափահարեց գանգուրները։

— Ես Պոմորյեից եմ,— ասաց նա թափով,— գնացել էի հալած ճարպ առնելու։ Ոնց որ գնացել էի, էդպես էլ ետ եկա սելերս դատարկ։ Օտարները՝ Մակսելինն ու Բիրկոպովը, պոմորներից տասը տարով ճարպն առել են լրիվ։ Ու պոմորները բոլորով խրված են պարտքերի մեջ։ Օտարները ճարպը քառորդ գնով են առնում նրանցից, չեն թողնում ուրիշի ծախեն, իրենցից բացի։ Պոմորներն աղքատացել են, էլ ծով չեն գնում որսի, ցրիվ են եկել դեսուդեն... Ռուսներիս համար հյուսիսի ճամփեն փակ է հիմի...

Ստրելեցները նորից բղավեցին, թեքները քշտելով։ Օվսեյ Ռժովը թուրը կիսով հանեց, դրխկացրեց տեղը, ատամները մերկացրեց.

— Ժամանակ տվեք, գնդապետների հախից կգանք... Հետո էլ բոյարներին կհասնենք... Զանգեր կզարկենք Մոսկվայով մեկ։ Բոլոր պոսադները մեր կողմն են։ Մենակ թե դուք՝ վաճառականներդ, մեզ պաշտպան եղեք... Դե, տղերք, դրան վերցրեք, գնանք մեր գործին...

Ստրելեցները բարձրացրին ծեծվածին,— սա ոռնաց, գլուխը թափ տալով. «Օյ, սպանեցի-ի֊ի֊ի՜ն»,— և քարշ տալով հանեցին խրճիթից, մարդկանց հրմշտելով շարժվեցին Կարմիր հրապարակ՝ ցույց տալու։

Խրճիթում մնացին վաճառականները՝ խառն էր ամեն ինչ։ Օ՛հ, խառն էին գործերն ու վտանգավոր։ Ի՞նչ անել, կապվել ստրելեցների հետ՝ անլուրջ մարդիկ են, կորցնելու բան չունեն... Չկապվես՝ մեկ է, բոյարները կուլ կտան...

11

Այս անգամ, երեկոյան աղոթքից հետո, Ալեքսաշկային անխնա էին ծեծել՝ հազիվհազ հասավ խորդանոց։ Ծածկվեց ու սսկվեց, ատամները կրճտացնելով։ Ալյոշկան կաթնապուր էր տալիս նրան, պառկած տեղը։ Շատ էր խղճում. «Է՜, էդ ո՞նց են ծեծել, այ տղա...»։

Ալեքսաշկան մի օր պառկած մնաց ծխնելույզի մոտ, տաք տեղում, խելքը գլուխը եկավ, սկսեց խոսել.

— Էդ տեսակ հորը կապես անիվին ու ջարդես, անխիղճ օձը... Ալյոշկա, սրբապատկերի ետևը ձեթ կա, թաքուն վերցրու, քսեմ քամակիս, առավոտը կչորանա ու կգնանք... Էլ տուն չեմ գալու, առուների մեջ պառկած կսատկեմ, չեմ գա...

Ամբողջ գիշեր բուքը ոռնում էր գերանակապ պատերից այն կողմ։ Ծխնելույզի մեջ չարքերի ձայներ էին վնգում։ Խոհարարուհի աղջիկը կամացուկ լալիս էր։ Ալյոշկան երազում մորը տեսավ՝ խրճիթի մեջտեղ, ծխի մեջ կանգնած լալիս էր, առանց աչքերը կկոցելու, ձեռքերն անընդհատ գլխին էր տանում, գանգատվում... Քնի մեջ Ալյոշկան շատ կարոտեց մորը։

Լույսը չբացված, Ալեքսաշկան ցնցեց նրան. «Հերիք քնես, վեր կաց»։ Քորքրվելով, ոտքները տաք փաթաթեցին, ոտնամանները հագան։ Կես հաց գտան, վերցրեցին։ Շներին սուլելով, դարպասատակն անցան ու ելան բակից։ Խաղաղ, մշուշոտ առավոտ էր։ Խոնավություն կար։ Չրթալով ընկնում էին սառցալուլաները։ Ոլոր-մոլոր, գերանակապ փողոցները սև էին։ Փայտաշեն քաղաքից այն կողմ, շատ մոտ, արշալույսն էր սփռվում՝ մշուշի արնաներկ շերտերով։

Դանդաղաշարժ պահակները փողոցներից հավաքում էին ուղեփակ գերանները, որ գիշերներն էին դնում գողերից ու շրջմոլիկներից պաշտպանվելու համար։ Վախվխելով քարշ էին գալիս, մուրացկանները, հաշմանդամները, կրոնախևերը՝ վաղ առավոտից տեղ գրավելու եկեղեցիների գավիթներում։ Վոզդվիժենկայում թրքապատ ճամփով նախիրն էին քշում Նեգլիննայա գետակը՝ ջրելու։

Նախրի հետ տղաները հասան Բորովիցկիյե դարպասի կլոր աշտարակին։ Թուջե թնդանոթների մոտ ոչխարենու քուրքի մեջ փաթաթված ննջում էր գերմանացի հրացանակիրը։

— Էստեղ զգույշ կգնաս, ցարն էս կողմերում է ապրում,— ասաց Ալեքսաշկան։

Նեգլիննայայի թեք ափով, մոխրի ու աղբերի կույտերի վրայով նրանք հասան Իվերսկի կամուրջը, անցան։ Լուսացավ։ Քաղաքի վրայով մոխրագույն ամպեր էին լողում։ Կրեմլի պարսպի տակով խոր փոս էր փորված։ Տեղ-տեղ փտած գերաններ էին տնկված՝ վերջերս քանդված ջրաղացներից էին մնացել։ Ափին կախաղաններ էին դրված, երկուական գերան, վրան՝ չորսու։ Մեկից տրեխավոր մի մարդ էր կախված, բազուկները ետ ոլորած։ Թռչունները կտցահարել էին կախ ընկած դեմքը։

— Հրեն՝ երկուսն էլ էնտեղ,— ասաց Ալեքսաշկան. փոսի հատակին, ձնով կիսածածկ, երկու դիակ էին ընկած,— գողեր կլինեն, դրանց էդպես են անում...

Ամբողջ հրապարակը՝ Իվերսկայայից մինչև, սպիտակ, կապույտ գետնախարսխով, կապույտ գագաթներով Վասիլի Երանելու տաճարը, ամայի էր։ Սահնակների ճանապարհը հրապարակով պտույտ էր տալիս, մինչև Սպասսկիյե դարպասը։ Վերևում, ոսկյա չռաթաթ արծվի վրա ագռավների երամն էր պտույտ տալիս՝ անհանգիստ, գարնանամուտի կռնչոցով։ Սև ժամացույցի սլաքները հասել էին ութին, զանգերն օտար երաժշտություն հնչեցրին։ Ալյոշկան գդակը հանեց ու խաչակնքեց՝ աշտարակին նայելով։ Սարսափելի էր այստեղ։

— Ալեքսաշկա, գնանք, թե չէ մեզ կտեսնեն...

— Որ ինձ հետ ես, ոչնչից մի վախենա, անխելք։

Նրանք կտրեցին հրապարակը։ Մյուս կողմում, կողք-կողքի, իրար կպած փայտաշեն կրպակներն էին, բալագանները, խսիրե վրանները։ Խանութպաններն արդեն դռների կողպեքներն էին բացում, ձողերի վրա ապրանք կախ տալով։ Կալաչ ծախողների շարքում ծուխ բարձրացավ՝ թխված խմորի հոտ տարածվեց։ Բոլոր նրբանցքներից ժողովուրդ էր հավաքվում։

Ալեքսաշկան ուշադրություն չէր դարձնում՝ վզակոթին կհասցնեն, թե կհայհոյեն, քիթն ամեն տեղ խոթում էր։ Ամբոխի արանքներից խցկվում էր կրպակների առաջ, խոսքի բռնվում խանութպանների հետ, գները հարցնում, կատակներ անում։ Ալյոշկան, բերանը բաց մնացած, հազիվ էր հասնում նրան։ Մահուդե վերարկուով, գլխաշորի վրայից աղվեսամորթու գլխարկով գիրուկ մի կնոջ տեսնելով, Ալեքսաշկան կաղին տվեց, քարշ գալով դեպի կինը, ցնցվելով ու կմկմալով. «Խե-եղճ որբու-ու-կի՜ս ողորմա-ցե-ե՜ք, սովի֊ից մեռ-նու-ու-ո՜ւմ եմ...»։ Վաճառականի այրին շրջազգեստը բարձրացնելով, փորին կախ արած քսակից երկու կեսկոպեկանոց հանեց, տվեց, ծանրումեծ խաչակնքեց։ Վազեցին բլիթ առնելու, տաք մեղրախմիչք խմելու։

— Քեզ ասում եմ՝ ինձ հետ չես կորչի,— ասաց Ալեքսաշկան։

Ժողովուրդը գնալով շատանում էր։ Ոմանք գալիս էին մարդամեջ՝ լսելու, թե ինչ են խոսում, ոմանք՝ նոր հագած-կապածը ցույց տալու, ոմանք էլ աչքից հեռու դրածը թռցնելու։ Նրբանցքում, ուր ձյան վրա, թաղիքի պես կտրած մազեր էին թափված, վարսավիրները հաճախորդ էին կանչում, մկրատները շխկշխկացնելով։ Մեկին արդեն նստեցրել էին գետնի մեջ խրված փայտին, կլոր ամանը գլխին էին հագցրել ու մազերն էին կտրում։ Ամենաշատ աղմուկը թեյավաճառների շարքում էր։ Կանայք այստեղ գոռում էին, ինչպես հրդեհի ժամանակ, ծախելով ու առնելով թել, ասեղ, կոճակ, կարուձևի ապրանք։ Չկորելու համար Ալյոշկան բռնել էր Ալեքսաշկայի գոտուց։

Երբ նորից հրապարակ մտան, վազեվազ անցավ մեկը, ինչ-որ բաներ բղավելով։ Վարվառկայից մեծ ամբոխ էր բարձրանում։ Գոռում ու խլացուցիչ սուլում էին։ Ստրելեցները ծեծված մարդուն էին բերում ձեռքերի վրա։

— Ուղղափառնե՜ր,— արցունքակալած աչքերով գոռում էին այս ու այն կողմ,— տեսեք, թե ի՜նչ օրն են գցել առևտրական մարդուն...

Մարդուն դրեցին ինչ-որ մեկի սահնակին։ Ստրելեց Օվսեյ Ռժովը, սահնակի վրա բարձրանալով, դարձյալ նույն բաներից խոսեց, թե ինչպես գերմանացիք քիչ էր մնացել ծեծելով մեռցնեին խեղճ առևտրականին ու թե ինչպես վերևներում նստած բոյարները շուտով ամբողջ Մոսկվան կապալով ծախելու են օտարերկրացիներին... Ալեքսաշկան ու Ալյոշկան կիպ մոտեցան սահնակին։

Ալյոշկան պպզեց, նայեց ու ճանաչեց ծեծված մարդուն, գնդլիկ, փոքր աչքերով, նապաստակի մորթու գլխարկով այն պոսադականն էր, որը Լուբյանկայում տակաթուխ երկու բլիթ ծախեց իրեն։ Օղու հոտ էր փչում վրայից։ Հոգնել էր տնքալուց։ Կողքի պառկած, մռութը ծղոտի մեջ թաղած, ցածրաձայն կրկնում էր միայն.

— Օ-օ՜խ... բաց թողեք ինձ, աստծու սիրուն...

Օվսեյ Ռժովը, խաչակնքելով, գլուխն էր խոնարհում եկեղեցիների ու ժողովրդի առաջ։ Ստրելեցները փսփսում էին ամբոխի մեջ։ Չարացածությանը բորբոքվում էր։ Հանկարծ բղավեցին. «Գալի՜ս են, գալի՜ս են...»։

Սպասսկիյե դարպասից սահնակի ճամփով երկու հեծյալ էին սլանում։ Առջևինը ստրելեցի ալ կաֆտանով էր, թեք դրած գդակով։ Ալմաստներով զարդարված կեռ թուրը զարնվում էր թավշյա թամբատակին։ Առանց վարգը դանդաղեցնելու, երասանները թողած, մխրճվեց ամբոխի մեջ։ Վախեցած տասնյակ ձեռքեր բռնեցին ձիու սանձը։ Հեծյալը գլուխն էր պտտում դեսուդեն, դեղին ատամները բացած, լայն ճակատ ուներ, ներս ընկած աչքեր, կոշտ մորուք... Մոսկվայում Տարարույ էին կոչում նրան, իշխան Իվան Անդրեևիչ Խովանսկին էր՝ վոյեվոդա, հնագույն ծագում ունեցող բոյարին և վատատոհմիկ Նարիշկիններին անչափ ատող մեկը։ Տեսնելով, որ ստրելեցի կաֆտանով է, ստրելեցները բղավեցին.

— Մեզ հե՜տ, մեզ հե՜տ, Իվան Անդրեևիչ,— ու մոտ վազեցին։

Երկրորդը, որ այնքան էլ կտրիճավարի չկանգնեցրեց ձին, Վասիլի Վասիլևիչ Գոլիցինն էր։ Ձիու պարանոցին թփթփացնելով, հարցրեց.

— Խռովությո՞ւն եք անում, ուղղափառ մարդիկ։ Ձեզ ո՞վ է նեղացրել, ինչի՞ համար։ Խոսեք, խոսեք, մեր հոգին օրուգիշեր մարդկանց համար է ցավում... Թե չէ ցարը վերևից ձեզ տեսավ, փոքր երեխա է, վախեցավ, մեզ ուղարկեց՝ իմանանք...

Մարդիկ, բերանները բաց մնացած, նրա դիպակե մուշտակին էին նայում՝ Մոսկվայի կեսն այդ մուշտակով գնել կլիներ, ձիուն թփթփացնող նրա ձեռքի քարերով մատանիներին՝ կրակ էր ցայտում մատանիներից։ Մարդիկ ետ-ետ էին քաշվում, ոչինչ չպատասխանելով։ Քթի տակ ծիծաղելով, Վասիլի Վասիլևիչը մոտեցավ ու կանգնեց Խովանսկու կողքին՝ սանձերը հավասար։

— Գնդապետներին տվեք մեր ձեռքը, ինքներս դատաստան կտեսնենք՝ գլխիվար կկախենք զանգակատնից,— բղավում էին ստրելեցները։— Ի՞նչ են մտածում վերևները նստած բոյարները։ Ինչի՞ համար երեխին ցար կարգեցին մեր գլխին, Նարիշկինների վիժվածքին։

Ձեռնոցի եզրով Խովանսկին ալեխառն բեխերն էր սղալում։ Ձեռքը բարձրացրեց։ Բոլորը սսկվեցին...

— Ստրելեցնե՜ր։— Նա բարձրացավ թամբի վրա, լարվածությունից շառագունեց, նրա կոկորդային ձայնը լսեցին ամենահեռվում կանգնածները։— Ստրելեցնե՛ր։ Հիմա ինքներդ եք տեսնում, թե ինչ անտանելի լծի տակ եք բոյարների ձեոքին... Հիմա աստված գիտե, թե ինչ ցար են կարգել։ Ե՜ս չեմ նրա անունը տվել... Ու կտեսնեք՝ ոչ թե փող, ուտելիք էլ չեն տալու ձեզ... Ճորտի պես էլ պիտի աշխատեք... Ու ձեր երեխաներն էլ ցմահ ճորտության կգնան Նարիշկիններին... Ավելի վատ... Ձեզ էլ, մեզ էլ կծախեն օտարերկրացիներին... Մոսկվան կկործանեն և ուղղափառ հավատն արմատախիլ կանեն... Է՛հ, կար ռուսական ուժը, ո՜ւր է հիմա։

Այնտեղ բոլորն այնպես բղավեցին, որ Ալյոշկան վախեցավ. «Է՜, հիմի ոտատակ կտան...»։ Ալեքսաշկա Մենշիկովը, սահնակից սահնակ թռչելով, երկու մատը բերանը խոթած, սուլում էր։ Ու լսվեց միայն, թե ինչպես Տարարույը, թամբի վրա տեղավորվելով, բղավեց.

— Ստրելեցնե՜ր։ Հայդա՛ գետի ափը, գնդերը, էնտեղ կխոսենք...

12

Հրապարակում մնացին մենակ լծարձակ սահնակները, մեկ էլ՝ Ալյոշկան ու Ալեքսաշկան։ Ծեծված պոսադականը պառկած տեղից բարձրացավ, շուրջը նայեց ուռած ու նեղլիկ աչքերով, երկար փռշտում էր։

— Հորեղբայր,— ասաց Ալեքսաշկան, աչքով անելով Ալյոշկային,— մենք քեզ տուն կհասցնենք, մեղք ես։

Պոսադականի խելքը գլուխը դեռ չէր եկել։ Տղաները նրան տանում էին, նա մրթմրթում էր, գայթում։ Հանկարծ՝ «Կանգնե՜ք», դեն էր հրում տղաներին, սպառնում ինչ-որ մեկին, թրջված վալենկան գետնին խփելով։ Գետն անցան, մոտեցան Սերպուխովսկիյե դարպասին։ Ճանապարհին իմացան, որ Ֆեդյա Զայաց է անունը։ Մեծ չէր նրա բակը պոսադում, մի ծառ կար բանջարանոցում, սերմնագռավի բներով, բայց դարպասն ու խրճիթը նոր էին։ «Էս են, հա՜, իմ բլիթ ու կալաչները,— ուրախացավ Զայացը, իր տունուտեղը տեսնելով.— Էս են հա՜, իմ մեղրահացերը, իմ ապրուստը»։

Դուրս պրծած աչքով ու չեչոտ մի կնիկ բացեց դռնակը։ Զայացը դեն հրեց նրան, և Ալեքսաշկան ու Ալյոշկան ետևից մտան։ «Դո՞ւք՝ ուր։ Ինչի՞»,— ընկավ ետևներից, բայց ձեռքը թափ տվեց ու դեպի խրճիթը գնաց։ Նստեց նոր խսիրով պատված նստարանին, ինքն իրեն տնտղեց՝ ամեն ինչ պատառոտված էր։ Գլուխն օրորեց, լաց եղավ։

— Սպանեցին ինձ,— ասաց նա շիլ կնոջը։— Թե ո՜վ ծեծեց, ինչի համար, չեմ հիշում։ Մաքուր բան տուր, հագնեմ։— Ու հանկարծ բղավեց, ձեռքը խփելով նստարանին։— Բաղնիքը վառի, ասում եմ, քոռ շուն։

Կինը քիթը քաշեց, գնաց։ Տղաները կպել էին խրճիթի կեսը բռնած վառարանին։ Զայացը խոսում էր.

— Ինձ փրկեցիք, տղերք։ Հիմի ինչ կուզեք, խնդրեք... Ոտից գլուխ ծեծված եմ, մի անվնաս տեղ չունեմ... Հիմի ո՞նց եմ տուփս շալակած բան ծախելու։ Վայ իմ գլխին... Բայց գործը գործ է, չէ՞...

Ալեքսաշկան նորից աչքով արեց Ալյոշկային։ Ասաց.

— Մեզ ոչինչ պետք չի, թող գիշերն էստեղ մնանք։

Երբ Զայացը քարշ գալով գնաց բաղնիք, տղաները ելան վառարանի վրա։

— Վաղը նրա փոխարեն կգնանք բլիթ-մլիթ ծախելու,— շշնջաց Ալեքսաշկան,— ասացի, չէ՞, ինձ հետ չես կորչի։

Լույսը չբացված, շիլ տանտիրուհին վառարան մտցրեց խմորի գնդեր, միջուկով թերթաբլիթներ, կեղով կալաչներ ու տակաթուխ բլիթներ, պասուցը՝ սիսեռով, շաղգամով, աղ դրած սնկով, ուտիսուցը՝ նապաստակի մսով, տավարի մսով, լափշայով։ Ֆեդկա Զայացը թախտի վրա տնքում էր քուրքի տակ, ձեռուոտ շարժել չէր կարողանում։ Ալեքսաշկան խրճիթն ավլեց, բակ թռավ ջուր բերելու, ցախ կրելու, մոխիրն ու կեղտաջուրը դուրս տարավ, Ալյոշկային ուղարկեց Զայացի անասունը ջրելու. գործը եռում էր ձեռքերի մեջ, և ամեն ինչը կատակով էր անում։

— Ճարպիկ տղա ես,— տնքաց Զայացը,— Է՛հ, քեզ կուղարկեի շուկա՝ առուտուրի... Բայց ախր փողերը կառնես, կփախչես... Շատ ես, աչքաբաց...

Այստեղ Ալեքսաշկան սկսեց համբուրել կրծքի խաչը, որ փող չի գողանա, պատից վեր բերեց քառասուն սրբոց պատկերն ու համբուրեց։ Ինչ աներ՝ Զայացը հավատաց։ Կինը արկղերի մեջ, քրջերի տակ երկու հարյուրի չափ թխվածք դրեց, Ալեքսաշկան ու Ալյոշկան գոգնոցներ հագան, թաթմանները խրեցին գոտիների տակ և, արկղերն առած, ելան բակից։

— Տակաթուխ, մեղրաթուխ բլիթնե՜ր, զույգը կես գռո՜շ, ուտես՝ վառվի քո պռո՜շ,— զրնգուն կանչում էր Ալեքսաշկան, անցնող-դարձողին նայելով։— Շուտ արեք, պրծա՜վ բլիթը։— Տեսնելով խմբով կանգնած ստրելեցների, երգաձայն էր կանչում, հետը պար գալով.— Պրծա՜ն բլիթները ցարական ու բոյարական, Կրեմլում առան, վիզս գցին պարան, Նարիշկինները կերան, ամենքը լուծ ընկան։

Ստրելեցները ծիծաղում էին, ձեռքից ձեռք խլելով բլիթները։ Ալյոշկան նույնպես կանչում էր երգեցիկ։ Գետը չհասած, ստիպված էին ետ գնալ՝ նոր ապրանք բերելու։

— Տղերք, ձեզ աստված ուղարկեց ինձ,— զարմացել էր Զայացը։

13

Միխայլա Տըյրտովը երրորդ շաբաթն էր թափառում Մոսկվայում՝ ոչ գործ կար ձեռքին, ոչ փող։ Այն ժամանակ Լուբյանսկայա հրապարակում ատենավորները ծաղրուծանակի ենթարկեցին նրան։ Ոչ հող տվեցին, ոչ մուժիկ։ Իշխան Ռոմոդանովսկին խայտառակ արեց, հրամայեց հաջորդ տարի գալ, բայց արդեն առանց գողանալու՝ ձին լավը պիտի լիներ։

Հրապարակից գնաց պանդոկ՝ քնելու։ Ճանապարհին ավագ եղբորը հանդիպեց, սա նույնպես ամոթանք տվեց ձախորդության համար ու ձեռքից առավ յաբուն։ Խելքը չկտրեց թուրն էլ խլել, պապական գոտին էլ՝ շերտավոր մետաքսից էր, արծաթյա ճարմանդներով։ Նույն երեկոյան պանդոկում, սխտորով օղուց տաքացած, Միխայլան օղեվաճառին գրավ դրեց թուրն ու գոտին։

Երկու ճարպիկ մոսկվացի կպան Միխայլայից. մեկն ասաց, թե վաճառականի տղա է, մյուսը՝ փոքրավոր, ավելի ճիշտ ու հասարակ՝ օղետան թափթփուկներից էին։ Սկսեցին գովել Միխայլային, բերանը համբուրեցին, խոստացան ուրախացնել։ Մի շաբաթ նրանց հետ խմում էր Միխայլան։ Տարան գաղտնի մի տեղ, ինչ-որ հույնի մոտ, կովի՝ ջրով լի պոզերից ծխախոտ ծխելու, ծխում էին ու թմրում, աչքներին դիվական բաներ էին երևում՝ քաղցր ու զարհուրելի։ Տարան ցարապատկան բաղնիք, որ ժողովրդի համար էր բացվել Մոսկվա գետի վրա, ոչ այնքան շոգեհարվելու, որքան նայելու և զվարճանալու, երբ գոլորշու ամպերի միջից ընդհանուր նախաբաղնիք էին լցվում տկլոր կանայք, ավելներով ամոթատեղերը ծածկելով։

Համոզում էին գնալ միջնորդ կնոջ մոտ։ Բայց ջահելության բերումով Միխայլան վախենում էր արգելված պտուղից։ Հիշեց, թե ինչպես հայրը մեկ-մեկ, երեկոյան աղոթքից հետո, մատներով մոմի այրուկը հանելով, կաշեպատ և մետաղյա փակերով մի հին գիրք էր բացում, շրջում տուտը ճարպոտած թերթն ու կարդում կանանց մասին.

«Ի՞նչ է կինը։ Գայթակղիչ ցանց է մարդոց։ Դեմքն է լուսեղեն, աչերն են խոշոր ու թարթող, ոտքերը խաղացկուն ու դրանով հոգեհան, մեջն անդամաց սաստիկ կրակ բորբոքող... Ի՞նչ է կինը։ Օձի կծիկ, ախտ ու տապակ դժոխքի, չարություն անիմաստ, հրապույր դիվական, հորդոր սատանեկան»...

էլ ինչպե՞ս չերկնչեր։ Միխայլային մի անգամ տարան Պոկրովսկիյե դարպասի մոտի պանդոկը։ Դեռ չէին նստել, խսիրե վարագույրի ետևից դուրս պրծավ կարճլիկ մի աղջիկ՝ մազերն արձակ, հոնքերը քթարմատից քունքերը սև ներկած, աչքերը կլոր, ականջները կախ, թշերը ճակնդեղի հյութից կապտած։ Վրայից դեն գցեց լաթեղեն ծածկոցը, մերկ, գիրուկ ու ճերմակ՝ սկսեց պար գալ Միխայլայի առաջ, պղնձյա մատանիների, զնգզնգան օղերի մեջ կորած ձեռքերով կանչելով նրան։

Տղային թվաց, թե չարք է՝ այնքան սարսափելի, այնքան զարհուրելի էր մերկությունը... բերանից օղու և մարմնից սուր քրտինքի հոտ էր փչում... Միխայլան վեր թռավ, բղավեց վայրենաձայն, ձեոքը բարձրացրեց, բայց չխփեց աղջկան, դուրս վազեց փողոց։ Գարնանային դեղին վերջալույսը խամրում էր խաղաղված փողոցի խորքերում։ Արբեցնող էր օդը։ Սառույցի բարակ շերտը խշրտվում էր սապոգների տակ։ Ամրոցի՝ երկաթյա փոքրիկ դրոշակով գորշագույն աշտարակի, սրածայր տանիքի ետևից ելնում էր պղնձյա-կարմրավուն լուսնի շրջանը, շողալով Միխայլայի դեմքին... Սարսափելի էր... Ատամներն իրար էին զարկվում, կուրծքը սառել էր... Ճռռաց պանդոկի դուռը, մուտքին ճերմակ ստվերի պես երևաց նույն աղջիկը. «Ինչի՞ց վախեցար, ետ արի, սիրուն տղա»։

Միխայլան գլխապատառ հեռու վազեց։

Շուտով փողը վերջացավ։ Ընկերները չերևացին։ Կերածն ու խմածը, տեսածն ու չփորձածը ափսոսելով, Միխայլան դեսուդեն էր թափառում։ Հոր մոտ՝ գավաո վերադառնալու մասին մտածել իսկ չէր ուզում։

Վերջապես հիշեց իր տարեկից ու կնքահոր որդու՝ Ստյոպկա Օդոևսկու մասին և նրա դուռը գնաց։ Ծառաները լավ չընդունեցին, ավազակի ռեխ ունեին բոլորը. «Ո՞ւր ես գլխարկով քշում առաջ»՝ մուտքի մոտ մեկը Միխայլայի գլխից թռցրեց գլխարկը։ Բայց վախեցնելուց հետո ներս թողեցին։ Տաք ու ընդարձակ նախասենյակում, ուր թախտերի վրա գազանների մորթիներ էին գցված, նրան դիմավորեց ատլասե շապկով, սեկե հրաշալի ոտնամաններով, պրյանիկի պես սիրունիկ մի պատանյակ.

— Ի՞նչ գործ կա բոյարինի հետ։

— Ստեպան Սեմյոնիչին ասա, որ ընկերը՝ Միշկա Տըյրտովը, խոնարհ բարև է անում։

— Ասեմ,— երգեցիկ ձայնեց պատանյակը, ծույլ-ծույլ գնաց, մետաքս գանգուրները շարժելով։ Ստիպված էր սպասել։ Աղքատը հպարտ չի լինի։ Պատանյակը նորից հայտնվեց, մատով արեց. «Ներս գնա»։

Միխայլան մտավ հյուրասրահ։ Վախվորած՝ մոլեռանդությամբ խաչակնքեց, անկյունին նայելով, ուր սրբապատկերները կախված էին ոսկյա ժանյակներով զարդարված դիպակե վարագույրի վրա։ Աչքերը դեսուդեն տարավ՝ ա՜յ թե ինչպես են ապրում հարուստները։ Ապարանքի պես էր։ Պատերին խավոտ թավիշ էր քաշված։ Հատակին մեծ ու փոքր գորգեր էին փռված՝ գույնզգույն։ Օթոցների վրա թավշե ծածկոցներ էին գցված։ Լուսամտագոգերին՝ մարգարտանախշ կտորներ։ Պատերի տակ՝ մետաքս ու թավշով ծածկված սնդուկներ և արկղներ։ Ծածկոցներից որն էլ վերցնեիր զիպունի կամ ֆերյազի համար՝ երազի պես բան կլիներ... Լուսամուտների դիմաց փայտյա մեծ արկղիկ կար, ժամացույցով, վրան՝ պղնձյա մի փիղ։

— Ա՜, Միշա, բարև,— ասաց Ստյոպկա Օդոևսկին, դռան մոտ կանգնած։ Միխայլան մոտեցավ, մատները գորգին կպցնելով խոնարհվեց։ Ի պատասխան, Ստյոպկան գլխով արեց։ Համենայն դեպս, խոնավ ձեռքը պարզեց՝ սեղմելու, դիմացինը ճորտ չէր, ազնվականի զավակ էր։— Նստիր, հյուրս կլինես։

Ձեռնափայտը խաղացնելով, տանտերը նստեց։ Միխայլան էլ նստեց։ Ստյոպկայի ածիլված գլխին թանկարժեք քարերով դրվագված գլխարկ կար։ Ճակատը տակառանման էր, հոնք չուներ, կոպերը կարմիր, քիթը մի քիչ ծուռ, պստիկ ծնոտին՝ ցանցառ մազեր։ «Էս վիժվածքին փչես կընկնի, ու հարստությունը սրան են տվել»,— մտածեց Միխայլան, և նվաստացած, ինչպես վայել է չքավորին, պատմեց իր ձախորդությունների, ջահել կյանքը մաշող աղքատության մասին։

— Ստեպան Սեմյոնիչ, ի սեր աստծու, սովորեցրու քո խոնարհ ծառային, թե գլուխը որտեղ դնի... Քիչ է մնացել, գնամ մենաստան... Քիչ է մնացել, լախտն առնեմ ու սրա-նրա ճամփան կտրեմ...- Այս խոսքերի վրա Ստյոպկան գլուխը պատի կողմը դարձրեց, ուռած աչքերն ապակյա դարձան։ Սակայն Միխայլան նկատելու չդրեց՝ լախտի մասին կարծես հենց այնպես էր ասել, անխելքությունից...— Ստեպան Սեմյոնովիչ, էլ ուժ չունեմ էս անիծված աղքատությանը դիմանալու...

Լռեցին։ Միխայլան ոչ բարձրաձայն, հարկը պատշաճին հոգոցներ էր հանում։ Քթի տակ չարությամբ ծիծաղելով, Ստյոպկան ձեռնափայտի ծայրն էր տանում-բերում գորգի թևավոր վիշապի վրայով։

— Քեզ ինչ խորհուրդ տամ, Միշա... Խելոքի համար շատ հնար կա, անխելքինը մուրացկանի տոպրակն է ու բանտը... Հրեն, թեկուզ հենց Վոլոդկա Չեմոդանովը, երկու կարգին գյուղ խլեց հարևանից... Լեոնտի Պուստոռոսլևը օրերս մի լավ ագարակ խլեց Մոսկվայում Չիժովներից...

— Լսել եմ, զարմացել... Էդ տեսակ գործն ինչպե՞ս են անում, կատակ բան հո չի՞ խլելը։

— Աչքդ մի գյուղի վրա դիր ու կալվածատիրոջը շառով տուր։ Ամենքն էլ էդպես են անում...

— Ո՞նց տամ շառով։

— Էսպես, մի կոպեկով թուղթ ու թանաք ես առնում հրապարակում նստած գրագրից ու մատնագիր սարքում...

— Ինչո՞վ եմ մեղադրում։ Ինչի՞ վրա եմ մատնում։

— Ջահել ես, Միշա, կաթից դեռ չես կտրվել... Հրեն, Լյովկա Պուստոռոսլևը գնացել էր Չիժովների տուն՝ կնունքի, ավելի շատ ականջ էր դրել, քան խմել, տեղն եկած տեղն ինքն էլ էր խոսք գցել... Ծերուկ Չիժովը սեղանի վրա բերանից թռցրել էր. «Աստված երկար կյանք տա մեր մեծ թագավոր Ֆյոդոր Ալեքսեևիչին, թե չէ ասում են մինչև թաթախում ապրողը չի, Կրեմլում երեկ գիշեր հավն աքլորի պես կանչել է»... Պուստոռոսլևը հիմար հո չի, վեր է թռել ու գոռացել. «Խոսք ու Գործ»։ Բոլոր հյուրերին, տանտիրոջ հետ միասին բռնել ու քարշ են տվել Գաղտնի գործերի ատյան։ Պուստոռոսլևը, թե՝ «էսպես-էսպես» Չիժովը թագավորի մասին գեշ-գեշ խոսքեր է ասել»։ Չիժովի ձեռներն ոլորել ու քաշել են պրկոցի։ Ու գործ բացել աքլորի պես կանչող հավի մասին։ Հավատարմության համար Պուստոռոսլևին են տվել Չիժովի ագարակը, Չիժովին ցմահ աքսորել Սիբիր։ Խելքով մարդիկ էսպես են գործ բռնում...— Ստյոպկան Միխայլայի վրա հառեց իր ձկան անթարթ աչքերը։— Վոլոդկա Չեմոդանովն ավելի հեշտ է արել, մատնել է, թե հարևանի բակում քիչ էր մնացել ծեծելով սպանեին իրեն, աստիճանավորներին էլ խոստացել խլածի մեկ երրորդն իրենց տալ։ Հարևանը պատրաստ է եղել վերջին շապիկը նրանց տալ, մենակ թե գլուխն ազատի դատարանից...

Մտածմունքի մեջ ընկած Միխայլան, գլխարկը ճմռելով, ասաց.

— Ստեպան Սեմյոնիչ, դատական գործերում վարժ չեմ։

— Վարժ թե լինեիր, չէի սովորեցնի... (Ստյոպկան այնքան չար ծիծաղեց, որ Միխայլան ետ-ետ գնաց, նրա մանրիկ, փչացած ատամներին նայելով։) Դատարաններում քարշ գալու համար փորձ է պետք... Մեկ էլ տեսար, քեզ հանեցին ցցի... Էդպես է, Միշա, ուժեղի հետ գործ չունենաս, թույլի գլխին տուր... Տեսնում եմ, առանց վախենալու մոտս ես եկել...

— Ստեպան Սեմյոնիչ, ո՞նց թե առանց վախենալու։

— Սուս մնա, սուս մնալ էլ պիտի սովորես... Քեզ հետ էսպես հանգիստ զրույց ենք անում, գիտե՞ս ուրիշների հետ ինչ եմ անում... Ասենք, քեֆս տեղը չի... Մի հատ ծափ կտամ... ծառաները կթափվեն ներս... Ինձ ուրախացրեք, կասեմ, հավատարիմ ճորտեր... Ջեռներդ կծալեին ու կտանեին ցած, որ հետդ մուկն ու կատվի խաղ անեն...— Նորից ծիծաղեց՝ մենակ բերանը բացելով, աչքերն անկենդան։— Մի վախենա, էսօր առավոտից հանաք եմ անում։

Միխայլան զգուշությամբ վեր կացավ, պատրաստվելով գլուխ տալ ու գնալ։ Ստյոպկան ձեռնափայտի ծայրը նրան դիպցրեց, ստիպելով նստել։

— Ներող կլինես, Ստեպան Սեմյոնիչ, թե որ անխելքությունից մի ավել բան ասացի։

— Ավել բան չես ասել, բայց համարձակվել ես՝ ոչ ըստ աստիճանի, ոչ ըստ տեղի ու տոհմի,— սառն ու մեծավայել պատասխանեց Ստյոպկան։— Լավ, աստված կների։ Մյուս անգամ ինձ հաշտում կսպասես, ներս կկանչեն, չեմուչում կանես, ներս չես գա, կասեմ նստի, չնստես։ Ու ինձ գլուխ կտաս ոչ թե քիչ առաջվա նման, այլ ոտքս կընկնես։

Միխայլայի ռունգերը թրթռացին, բայց և այնպես զպպեց իրեն, նվաստացած շնորհակալ եղավ խրատի համար։ Ստյոպկան հորանջեց, բերանը խաչակնքեց։

— Պետք է օգնել, որ դուրս գաս էդ վիճակից, պետք է... Մտքիս մի բան ունեմ... Լեզուդ քեզ պահել կարո՞ղ ես... Լա՛վ... Տեսնում եմ, հասկացող տղա ես... Մոտ նստիր... (Ձեռնափայտը խփեց հատակին։ Միխայլան փութով նստեց կողքը։ Ստյոպկան ուշադիր զննում էր նրան։) Որտե՞ղ ես ապրում, պանդոկո՞ւմ։ Կգաս, իմ տունը կմնաս։ Զիպուն ու ֆերյազ կտամ քեզ, շալվար, սիրուն սապոգներ, ունեցած ջուլուփալասդ կպահես։ Մի բոյարի կին կա, սիրտը պիտի շահես։

— Էն գործո՞վ,— Միխայլան թունդ կարմրեց։

— Հենց քո ասած գործով՝ դևերը կհանգստացնես։ Առանց քտտինք թափելու եֆիմոկ է որ կլցվի գրպանդ... Մի երևելի բոյարուհի կա... Գանձերի վրա նստած, մարմինը եռ բռնած... Հասկացա՞ր, Միշկա... Հնազանդ եղար, դու ու քո բախտը... Իսկ թե գողություն արեցիր, հրաման կտամ գցեն արջերի փոսը՝ ոսկորներդ էլ չեն գտնի։ (Մարգարտաշար թևնոցների տակից հանեց ձեռքերն ու ծափ զարկեց։ Ներս մտավ քիչ առաջվա լկտի պատանյակը։) Ֆեոկտիստ, ազնվականի որդուն տար բաղնիք, սպիտակեղեն տուր ու կարգին շորեր... Կբերես մոտս, ընթրիքի։

14

Արքայադուստր Սոֆյան վերադարձավ եկեղեցուց՝ հոգնել էր։ Մեծպասյա երկու ժամերգություն կանգնած էր անցկացրել։ Սև հաց, մեկ էլ կաղամբ էր ուտում, այն էլ՝ շատ քիչ։ Նստեց հեռու երկրներից բերած հոր աթոռին, ծնկներին դրեց ասեղնագործ թաշկինակի մեջ փաթաթած նշխարքը։ Աթոռը նրա հրամանով վերջերս էին բերել Նստատաշ պալատից։ Այրին՝ Նատալյա թագուհին, իմանալով, աղմուկ բարձրացրեց. «Արքայադուստրը շուտով կհրամայի գահն էլ իր սենյակը տանել»... Թող բարկանա Նատալյա թագուհին։

Երկու փոքր պատուհանների մանր ապակիների միջից գույնզգույն ճառագայթներով մարտյան տաք արևն էր թափանցում... Սենյակը մաքուր էր, պարզ, չոր խոտերի բույրն էր տարածվել։ Պատերը ճերմակ էին՝ խցի պես։ Հախճաղյուսն, պառկելատեղերով վառարանը լավ վառվում էր։ Ամբողջ կարասին, թախտերը, սեղանը կտավներով էին ծածկված։ Ուղղադիր ժամացույցի վարդանախշ թվատախտակը դանդաղ պտտվում էր։ Գրքերի փոքր պահարանը շղարշով էր ծածկված, մեծ պաս էր, գիրք ու զբաղմունքի ժամանակ չէր։

Սոֆյան մահուդե ոտնամաններով ոտքերը դրեց ոտնդիրին, աչքերը կիսախուփ ճոճվեց նիրհի մեջ։ Գարուն էր, գարուն, մեղքն՝ աշխարհն առած շրջում էր, անուշ-անուշ թափանցելով կույսի սենյակը... Այն էլ մեծ պասի օրերին... Պատուհանների վարագույրներն իջեցներ, քողարկեր գույնզգույն շողերը՝ ցանկություն չուներ տեղից ելնել, ցանկություն չուներ աղախին կանչել։ Գլխի մեջ դեռ հնչում էին հինավուրց բարեպաշտության եղանակները, իսկ ականջները տագնապած լսում էին՝ չե՞ն ճռճռում հատակի տախտակները, չի՞ գալիս արդյոք կյանքիս լույսը, ա՜հ, ներս չի՞ մտնի մեղքը... «Հետո՜ ինչ, կքավեմ... Բոլոր սուրբ մենաստանները ոտքով կշրջեմ... Թո՜ղ ներս, գա»։

Սենյակը ննջաբեր էր, միայն ճոճանակն էր թկթկում։ Շատ արցունք էր թափվել այստեղ։ Քանի անգամ էր պատեպատ զարկվել Սոֆյան այստեղ։ Բղավիր, ձեռքերդ կրծոտիր՝ միևնույն է, տարիներն անցնում են. ջահելությունդ թառամում... Ցարի աղջիկը հավերժ կուսության է դատապարտված, սև փեղույրի... Այս սենյակից մի դուռ կա՝ դեպի մենաստան։ Քանի-քանի արքայադուստր է բղավել այստեղ վայրենաձայն, դեմքները բարձերի մեջ թաղած, մազերը պոկռտելով՝ լսող չի եղել, տեսնող չի եղել։

Քանի-քանիսն են անպտուղ ավարտել կյանքը, հավերժ ննջել մենաստանների քարերի տակ։ Մոռացված են տարաբախտ այն կույսերի անունները։ Մեկին է բախտ վիճակվել՝ խելառ թռչունի պես դուրս է պրծել այս կույսի բանտից։ Ազատ է թողել սիրտը՝ սիրի՜ր... Եվ աչքի լույս, Վասիլի Վասիլևիչը գեղեցկատես, մտրակ ու սապոգով այր մարդ չէ հասարակ, սիրահար է քաղցրալեզու, սիրեկան է փաղաքուշ ու անհամբեր... Օ՜հ, մեղք է, մե՜ղք։ Սոֆյան, նշխարքը դեն դնելով, ձեռքերը թույլ-թույլ թափահարեց, ասես դեն էր վանում նրան, և առանց աչքերը բացելու, ժպտաց պատուհանից թափանցող տաք շողերին, ջերմացնող տեսիլներին...

15

Հատակը ճռռաց։ Սոֆյան վեր թռավ, ակնապիշ նայեց դռանը, կարծես հիմա ոսկեկար հանդերձով հրաթև մահաբերն էր ներխուժելու։ Շրթունքները դողացին՝ նորից կռթնեց թավշապատ բռնակին, դեմքն ափին հենեց։ Սիրտը սաստիկ բաբախում էր։

Ցածր բարավորի տակ կռանալով, զգուշությամբ ներս մտավ Վասիլի Վասիլևիչ Գոլիցինը։ Անխոս կանգնեց։ Սոֆյան իսկույն կգրկեր նրան՝ ծովի պես ալեկոծված ամբողջ մարմնով։ Բայց ձևացրեց, թե ննջում է՝ սույնն ավելի բարեպատշաճ էր. հոգնել է ժամերգությանը կանգնած արքայադուստրը և ննջում է ժպտադեմ։

— Սոֆյա,— կամացուկ ձայն տվեց Գոլիցինը։ Դիպակը խշխշացնելով, կռացավ։ Սոֆյայի շրթունքները բացվեցին։ Այդ ժամանակ բուրումնավետ բեխերը խտղտացրեցին այտերը, տաք շրթունքները մոտեցան, պինդ համբուրեցին։ Սոֆյան ալեկոծվեց, անբացատրելի մի ցանկություն անցավ ողնաշարով, վառող ջղաձգությամբ հալվեց նրա լայն կոնքերի մեջ։ Ձեռքերը բարձրացրեց՝ Վասիլի Վասիլևիչի գլուխը գրկելու, և ետ հրեց.

— Օ՛հ, հեռացիր... Ինչ ես անում, մեղք կլինի ուրբաթ օրով...

Բացեց խելացի աչքերն ու, ինչպես միշտ, զարմացավ Վասիլի Վասիլևիչի գեղեցկությամբ։ Զգաց, որ անհամբեր է նա։ Գլուխն օրորեց, ամբողջովին բերկրանքով համակված...

— Սոֆյա,— ասաց Գոլիցինը,— ներքևում Իվան Միխայլովիչը և Իվան Անդրեևիչ Խովանսկին մեծ լուրերով են եկել մոտդ։ Գնանք։ Գործն անհետաձգելի է...

Սոֆյան բռնեց նրա ձեռքերը, սեղմեց փարթամ կրծքին ու համբուրեց ափերը։ Արտևանունքները թաց էին ափեափ սիրուց։ Մոտեցավ հայելուն՝ պսակն ուղղելու, և մտացրիվ նայեց իր արտացոլմանը. գեղեցիկ չէր, բայց չէ որ սիրո՜ւմ է...

— Գնանք։

Կողափայտերով պատուհանի մոտ, մորթե գլխարկները կամարավոր առաստաղին քսելով, կանգնած էին Խովանսկին և արքայադստեր քեռին՝ լայն այտոսկրերով, ճեղքի պես նեղ աչքերով, քրտինքի մեջ կորած, ընծայված մուշտակով, կշտությունից ու հուզմունքից կարմրատակած Իվան Միխայլովիչ Միլոսլավսկին։ Արագաքայլ մոտենալով, Սոֆյան գլուխը խոնարհեց միանձնուհու պես։ Իվան Միխայլովիչը հնարավորին չափ առաջ պարզեց մորուքն ու շրթունքները՝ ավելի մոտենալուն փորն էր խանգարում։

— Մատվեևն արդեն Տրոիցեում է։ (Սոֆյայի կանաչավուն աչքերը լայնացան։) Վանականները նրան ցարի պես են ընդունում... Մայիսի տասներկուսին Մոսկվայում պիտի լինի։ Տրոիցեի մոտերքից ազգականս՝ Պետկա Տոլստոյն էր ձին քշել, եկել... Պատմում էր, որ ժամերգությունից հետո Մատվեևը ժողովրդի առաջ շան պես հաչացել ու խայտառակ է արել մեզ՝ Միլոսլավսկիներիս։ «Ագռավներ են հավաքվել ցարական գանձարանի վրա՝ ասել է... Ստրելեցների նիզակների վրայով պալատ են ուզում խցկվել... Մենակ թե դա լինելու բան չէ... Խռովությունը կճզմեմ, ստրելեցների գնդերը ցրիվ կտամ քաղաքներում և կուղարկեմ սահմանների վրա։ Վերևներում նստած բոյարների թևերը կջարդեմ։ Խաչը կհամբուրեմ Պյոտր Ալեքսեևիչի առաջ։ Անչափահասության համար էլ թող մայրը թագավորի՝ Նատալյա Կիրիլովնան, ու չեմ մեռնի, մինչև ամեն ինչ այդպես չլինի...»։

Սոֆյայի դեմքը մոխրագույն դարձավ։ Կանգնած էր՝ գլուխն ու ձեռքերն իջեցրած։ Միայն եղջրաձև պսակն էր ցնցվում ու լայն հյուսն էր շարժվում մեջքի վրա։ Վասիլի Վասիլևիչը քիչ հեռու էր կանգնած, ստվերի մեջ։ Խովանսկին, մռայլված նայելով ոտքերին, ասաց.

— Կլինի, մենակ թե ուրիշ բան... Մատվեևը Մոսկվա չի մտնի...

— Բոլորից վատ խայտառակել ու հաչացել է իշխան Վասիլի Վսաիլևիչի վրա,— ավելի փութկոտ շշնջաց Միլոսլավսկին։— Ասել է՝ «Վասկա Գոլիցինը ցարական թագը ուզում է ձեռը գցել, գլուխն է պետք թռցնել...»։

Սոֆյան դանդաղ շրջվեց, աչքերը հառեց Վասիլի Վասիլևիչի աչքերին։ Վերջինս քթի տակ ծիծաղեց՝ նվազ ու անուժ մի կնճիռ գոյացավ բերանի անկյունում։ Սոֆյան հասկացավ, նրա կյանքի հարցն է վճռվում, խոսքը նրա գլխի մասին է... Հանուն այդ կնճիռի Մոսկվան կրակ կտար հիմա... Հուզմունքը կոծկելով, Սոֆյան հարցրեց.

— Հապա ստրելեցնե՞րն ինչ են ասում։

Միլոսլավսկին ֆսֆսացրեց։ Վասիլի Վասիլևիչը փափուկ քայլերով անցավ պալատով, դռների ետևը նայեց, ետ եկավ ու կանգնեց Սոֆյայի ետևում։ Չկարողանալով իրեն զսպել, Սոֆյան ընդհատեց Խովանսկուն, որն սկսել էր պատմել.

— Թագուհի Նատալյա Կիրիլովնան արյուն է ուզում.... Ինչի՞ց կլինի տեսնես։ Դեռ չի կարողանում մոռանալ, որ նվազ տոհմից է, հորական տանը տրեխով էր ման գալիս... Ամենքը գիտեն, որ երբ Մատվեևը խղճաց ու իր պալատները տարավ, փոխնորդ շապիկ չուներ հագին... Օրում ապարանք չէր տեսել, մուժիկների հետ մի սեղանի շուրջ նստել ու խմել էր։— Սոֆյայի գեր, մարգարտաշար օձիքով պինդ օղակված պարանոցը զայրույթից ուռել էր, այտերին բծեր երևացին։— Լա՜վ կյանք է արել թագուհին, թե լուսահոգի հայրիկի, թե պատրիարք Նիկոնի հետ քիչ քեֆեր չի քաշել... Մենք հո գիտենք, պալատում ապրողներս... Պետրուշա եղբայրս ոչ դեմքով, ոչ շարժմունքով հորը նման չէ՝ ի՜նչ հանելուկ է, ի՜նչ հրաշք։— Մատանիները չխկացնելով, մատներն ագուցեց ու կրծքին սեղմեց... Ես կինարմատ եմ, ինձ համար ամոթ է ձեզ հետ թագավորական գործերից խոսել... Բայց եթե Նատալյա Կիրիլովնան արյուն է ուզում, արյուն կթափվի... Կամ էլ՝ բոլորիդ գլուխը կթռցնեն, ես էլ ջրհորը կնետվեմ...

— Շատ, շատ հաճելի է այդպիսի խոսքեր լսել,— ասաց Վասիլի Վասիլևիչը։— Իշխան Իվան Անդրեևիչ, պատմիր արքայադստերը, թե ինչ է կատարվում գնդերում...

— Ստրեմյաննիից բացի, բոլոր գնդերը քո կողմն են, Սոֆյա Ալեքսեևնա,— ասաց Խովանսկին։— Ամեն օր ստրելեցները հավաքվում են մեծավորների տների առաջ, քար ու փետ շպրտում պատուհաններին, գնդապետներին հայհոյում... («Քհը՛մ»,— այս ասելիս Միլոպավսկու թուքը կատիկը թռավ, Վասիլի Վասիլևիչը վախեցած ճպճպացրեց աչքերը, իսկ Սոֆյան հոնքն իսկ չշարժեց...) Գնդապետ Բուխվոստովին ու հարյուրապետ Բոբորիկինին, խիստ խոսելու և զսպել փորձելու համար, ստրելեցները հանել են զանգակատուն ու ցած շպրտել, բղավելով. «Շատ լավ եղավ, շատ լավ...»։ Հրաման լսել չեն ուզում, արվարձաններում, Սպիտակ քաղաքում ու Կիտայում խմբվում են և շուկաներում խառնակություն գցում ժողովրդի մեջ, գնում են բաղնիքներն ու բղավում. «Չենք ուզում, որ Նարիշկիններն ու Մատվեևը տեր դառնան մեր գլխին, նրանց վիզը կոլորենք...»։

— Բղավելու համար մի հատ են, բայց մենք նրանցից մեծ գործեր պետք է տեսնենք։— Սոֆյան ձգվեց, հոնքերը զայրագին աղեղվեցին։— Թող չվախենան ու նիզակացից անեն Արտամոն Մատվեևին, Յազիկովին ու Լիխաչևին՝ իմ թշնամիներին, Նարիշկինների ամբողջ ազգուտակը... Նրա լակոտին թող չվախենան սատկացնել... Խորթ մա՜յր, խորթ մա՜յր։ Նզովված արգա՜նդ... Ահա՛, վերցրու...— Սոֆյան միանգամից բոլոր մատանիները հանեց մատներից, սեղմեց ափի մեջ ու պարզեց Խովանսկուն։— Ուղարկիր նրանց... Ասա՝ ինչ ուզեն, ամեն ինչ կտամ... Ռոճիկ էլ, հող էլ, ազատություն էլ... Թող չվախենան պետք եկած ժամանակ։ Ասա նրանց՝ թող ինձ հռչակեն թագավորելու։

Վախեցած Միլոսլավսկին միայն ձեռքերն էր թափահարում Սոֆյայի վրա։ Խելահեղությունից բորբոքված Խովանսկին ատամներն էր մերկացրել... Վասիլի Վասիլևիչն աչքերը ծածկել էր ձեռքի ափով, հասկանալի չէ, թե ինչու՝ թերևս չէր ուզում, որ այդ խոսքերը լսելիս իր ինքնագոհ դեմքը տեսնեն...

16

Ալեքսաշկան ու Ալյոշկան ամբողջ գարունը կուշտ կերան։ Ավելի լավ ապրուստ չէր լինի։ Զայացը նույնպես ճարպակալել էր, ծուլացել. «Ինձ հասանելիքը բանել եմ արդեն, հիմի էլ դուք բանեք ինձ համար, տղերք»։ Ամբողջ օրը շեմին նստած, հավերին էր նայում, ծտերին։ Սիրում էր ընկույզ ուտել։ Ծուլությունից ու ճարպակալելուց զանազան մտքեր եկան գլուխը. «Տեսնես, տղերքն ինձնից փող չե՞ն պահում։ Չի լինի, որ գոնե մի քիչ չգողանան»։

Երեկոները, փողերը հաշվելիս, սկսեց հարցուփորձ անել, փոքր բաներից կպչել, գրպաններն ու բերանների մեջ ստուգել՝ թաքցրած փող փնտրելով։ Գիշերները վատ էր քնում, շարունակ մտածում էր. «Մարդ պիտի որ գողանա՝ թե որ փողի հետ գործ ունի»։ Մի միջոց էր մնացել՝ ահ տալ տղաներին։

Մի անգամ Ալեքսաշկան ու Ալյոշկան ուրախ-ուրախ տուն եկան՝ ընթրիքի։ Փողերը տվեցին։ Զայացը հաշվեց ու ձենը գցեց գլուխը մի կոպեկը չկա... Գողացել եք։ Ո՞ւր է մի կոպեկը։ Դեռ առավոտից կտրած, դալար ճիպոտն առավ, բռնեց Ալեքսաշկայի ականջից ու սկսեց խփել, հետն էլ խոսելով, մեկ՝ Ալեքսաշկային, երկու՝ Ալյոշկային։ Տղաներին լավ ջարդելուց հետո ասաց ընթրիք տան։

— Այ էդպե՜ս,— բերանը լիքը քացախ ու տաքդեղով դոնդող լցրած, ասաց նա,— ծեծից մենակ խելքն է ավելանում... Ձեզնից մարդ կդարձնեմ, տղերք, հետո կասեք՝ շնորհակալ ենք։

Խոզի մսով շչի կերավ Զայացը, մեղր ու պղպեղով համեմված հավի քարջիկ, հավի մսով լափշա, տապակած միս։ Կաթով քաշովի խժռեց։ Գդալը դնելով անսփոոց սեղանին, բարալիկ ձայնով զկռտում էր։ Այտերը դողդողում էին կշտությունից, աչքերը փակվում էին։ Շալվարի կոճակներն արձակեց.

— Աստծուն եք աղոթելու ինձ համար, թանկագին երեխեք... Ես բարի մարդ եմ... Կերեք, խմեք, իմացեք, թե ձեր հերն եմ...

Ալեքսաշկան լուռ էր, բերանն էր ծռմռում, աչքերին չէր նայում։ Ընթրիքից հետո Ալյոշկային ասաց.

— Ծեծի երեսից հորիցս փախա, սրանից կփախչեմ ու կփախչեմ։ Հիմի էս կռտած խոզը ծեծին սովորեց։

Ալյոշկայի համար սարսափելի էր կուշտ կյանքը թողնելը։ Իհարկե, առանց ծեծ ավելի լավ կլիներ։ Բայց աշխարհում ինչպե՞ս գտնես նման մի տեղ՝ բոլորն են ծեծում։ Վառարանի վրա ծածուկ լաց եղավ։ Բայց ընկերոջից բաժանվել չէր կարելի։ Առավոտյան, լիքը արկղներն առած, տղաները փողոց ելան։

Մայիսյան թարմաշունչ առավոտ էր։ Կապտավուն ջրափոսեր։ Կեչիների բուրումնավետ սաղարթ։ ճռվողում էին սարյակները՝ գլխիկներն արևին պարզած։ Դռների առաջ ժիր-ժիր աղջիկներ էին կանգնած՝ գործ անելու ցանկություն չունեին։ Մեկը ոտաբոբիկ էր, կանեփե կտավի շապկով, գլխին կեչու կեղևից պսակ էր դրել, մազերը ժապավենով հյուսել։ Խրտնած էին աչքերը։ Տանիքների վրա սարյակները սոխակի դայլայլ էին ձգել, աղջիկներին հրապուրելով գնալ բացատները, խոտերի մեջ։ Գարուն էր, գարուն... «Տակաթո՜ւխ, մեղրաթո՜ւխ բլիթներ...»։

Ալյոշկան ծիծաղեց.

— Էսօր Զայացն իր փողերը լա՜վ կհաշվի...

— Է՜հ, Ալեքսաշկա, ախր էդ կլինի թալան...

— Անխելք գեղացի... Մեր վարձը սատանե՞ն պիտի տար։ Երկու ամիս ձրի մեջք ենք ծռել նրա համար... Էյ, ստրելեց, նապաստակի մսով բլիթ կուզե՞ս, տաք-տաք, զույգը մի գռոշ...

Դոների առաջ կանգնած կին ու աղջիկ շատացան, խաչմերուկներին ժողովուրդ էր խռնվում։ Վազքով անցան ստրելեցները, տապարները զրնգացնելով՝ մարդիկ ետ քաշվեցին, վախեցած նրանց նայելով։ Քանի մոտենում էին Մոսկվա գետի վրա գցված Ամենասրբոց կամրջին, այնքան շատանում էին ստրնլեցներն ու մարդիկ։ Ափով մեկ ժողովուրդ էր հավաքվել ճանճերի պես, ելնում էին թրիքի կույտերի վրա՝ Կրեմլի կողմը նայելու։ Հոսանքից հազիվ ծածանվող ջրի հայելու վրա հանգիստ արտացոլվել էին կանաչկատար աշտարակները, աղյուսե ատամնավոր պարիսպն ու կրեմլյան եկեղեցիների, ժամատների ու տաճարների ոսկյա գմբեթները։ Սակայն հանգիստ չէին ժողովրդի մեջ տարածվող խոսակցությունները։ Հաստաբեստ պարսպից այն կողմ, ուր բոյարական ապարանքների և թագավորական պալատի անսովոր, գեղեցիկ տանիքներն էին շողշողում, մայիսյան այդ անդորրի մեջ մի վատ բան էր խմորվում... Թե ինչ էր հաստատ՝ դեո չգիտեին։ Ստրելեցներն աղմկում, բայց չէին անցնում կամուրջը, որը Կրեմլի կողմից երկու թնդանոթով էր պաշտպանված։ Այնտեղ երևում էին հետիոտն ու հեծյալ բնակիչները՝ բոյարների զավակները, որոնք թագավորական ծառայության մեջ էին։ Ճերմակ կաֆտանների վրայից, պղնձյա աղեղների վրա ձգված կարապի թևեր ունեին մեջքներին։ Սակավաթիվ էին Կրեմլի բնակիչները և, ըստ երևույթին, երկնչում էին տեսնելով, թե ինչպես է հազարամարդ ամբոխը գալիս Բալչուգի կողմից։

Ալեքսաշկան դևի պես պտույտ էր տալիս կամուրջի մոտերքում։ Բլիթները վաղուց ծախել էին, արկղները՝ շպրտել։ Ի՜նչ առևտրի ժամանակ էր։ Սարսափելի էր և ուրախ։ Ամբոխի մեջ, այսուայն կողմ մարդիկ էին բղավում։ Բոլորը բորբոքված էին։ Նման կարգերի պայմաններում բոլորն էին հոգեհան եղել։ Սպառնում էին Կրեմլի աշտարակներին։ Մի ծեր պոսադական, աղբակույտի վրա բարձրացած, ճաղատ գլխից պոկեց գդակն ու սկսեց դանդաղ խոսել.

— Հանգուցյալ Ալեքսոյ Միխայլովիչի օրոք ժողովուրդն էլի էսպես ոտքի ելավ... Հաց չկար, աղ չկար, փողի գինն ընկել էր, արծաթ ռուբլիանոցները գանձարանը պղնձե էր դարձնում... Բոյարները ժողովրդի արյունն էին ծծում անկշտում... Ժողովուրդն ապստամբեց, ձիուց վեր բերեց Ալեքսեյ Միխայլովիչին ու հագի մուշտակը պատռեց... Շատ ու շատ բոյարների տներ ավերեցին ու վառեցին, ահագին բոյար ջարդեցին... Ներքևներում ոտքի ելավ մեծ սրտի տեր կազակ Ռազինը... Ազատություն էր գալու էն ժամանակ, ժողովուրդն ազատ ու ապահով կապրեր... Բայց պաշտպան չեղան... Ժողովուրդը թույլ էր, մենակ գոռգոռալու համար գլուխն իրենը չէր։ Հիմի էլ, տղերք, առանց միաբան լինելու, մեզ կախաղան ու կառափնարան է սպասում, բոյարները ձեզ կջարդեն...

Նրան էին լսում, բերանները բաց արած... Շփոթմունքն ու վախը սաստկանում էին։ Հասկանում էին սոսկ, որ Կրեմլում իշխանություն չկա, և ժամանակը կարծես թե հարմար էր՝ հավերժական ամրությունը սասանելու համար։ Բայց ինչպե՜՞ս։

Մի ուրիշ տեղ ստրելեց էդ բղավում, ժողովրդին դիմելով.

— Էլ ինչի՞ եք սպասում։ Բոյար Մատվեևը, լույսը չբացված, Մոսկվա է մտել... Ի՞նչ է, չե՞ք ճանւսչում Մատվեևին։ Քանի դեռ բոյարները Կրեմլում, առանց գլխավորի, իրար բուկ էին կրծում, մի կերպ ապրել կլիներ... Հիմի իսկական թագավոր է հայտնվել, սանձերը հո չի՜ ձգելու... Հարկ ու տուրքով էնպես ձեռուոտ կապի, որ տեսնված-լսված չի... Էսօր է պետք ապստամբել, վաղն ուշ կլինի...

Այդպիսի խոսքերից մարդկանց գլուխը պտտվում էր։ Վաղն ուշ կլինի... Աչքերն արնակոխ էին դառնում... Գետի մեջ հանգիստ արտացոլված՝ հինավուրց, արգիլված, ուխտադրուժ, ոսկով լիքը Կրեմլը խելացնոր պատկերներ էր հարուցում... Պարսպի թնդանոթների մոտ ոչ մի թնդանոթաձիգ չկար։ Ասես մեռած լիներ ամեն ինչ։ Եվ բարձրում ցիներ էին լողում Կրեմլի վրա...

Հանկարծ կամրջի մյուս կողմում իրար անցան թևավոր բնակիչները, լսվեցին նրանց թույլ բղավոցները։ Արանքներում ձյունաճերմակ ձիու վրա պտույտ տալով, մի հեծյալ երևաց։ Նրա ճամփան կտրել էին, լայնշեղբ տապարները թափահարելով։ Կռանալով, ձին ծառս արեց նա, դուրս պրծավ, գլխարկը կորցրեց և կատաղի արագությամբ պացավ լողացող կամրջի վրայով՝ տախտակների արանքից ջուր էր շատրվանում, բարակոտն նժույգը բաշն էր թափ տալիս ժիր ու կայտառ։

Հազարամարդ ամբոխը սսկվեց։ Այն ափից միայնակ մի կրակոց լսվեց հեծյալի ետևից։ Մխրճվելով ամբոխի մեջ, նա ձգվեց ասպանդակների վրա։ Հարթ սափրած գլխի մաշկը շարժվում էր, երկարուկ, երկարաքիթ դեմքը կարմրատակել էր արագությունից, հևասպառ էր, ասես ածխով քաշած լայն հոնքերի տակից փայլում էին խաժ աչքերը։ Ճանաչեցին.

— Տոլստո՜յն է... Պյոտր Անդրե՜ևիչը... Միլոսլավսկու ազգականն է... Նա մեր կողմից է՜... Լսեցեք, թե ի՜նչ է ասելու...

Բարձր, խզվող ձայնով Պյոտր Անդրեևիչը բղավեց.

— Ժողովո՜ւրդ... Ստրելեցնե՜ր... Դժբախտությո՜ւն... Մատվեևն ու Նարիշկինները հենց նոր արքայազն Իվանին խեղդեցին... Թե չհասնեք, Պյոտրին էլ են խեղդելու... Շուտ գնացեք Կրեմլ, թե չէ ուշ կլինի...

Ամբոխը գռմռաց, աղմկեց ու աղաղակեց, ոռնաձայն նետվեցին դեպի կամուրջ։ Հազարավոր գլուխներ ալիքվեցին, նրանց մեջ պտույտ եկավ Տոլստոյի ճերմակ ձին։ Կամուրջը ճռնչաց, նստեց, վազում էին ծնկահաս ջրի միջով։ Մարդկանց հրմշտելով, լուռ ու գազան կտրած, հարյուրյակ առ հարյուրյակ անցնում էին ստրելեցները։ Զանգ զարկեցին ինչ-որ տեղ՝ բո՜մ, բո՜մ, բո՜մ, հաճախակի դարձան զանգերը, տագնապալի... Զանգակատներից արձագանքեցին, տարուբերվեցին զանգերը, և մոսկովյան հազար-հազար կոչնաներն ահազանգ խփեցին...

Լռին Կրեմլում, արևի տակ փայլելով, մի պատուհան գոցվեց, հետո՝ մյուսը...

17

Անհամբերությունից գնդերը խառնելով, ստրելեցները վազեվազ հասան Նստատաշ պալատ և Ավետման տաճար։ Ճանապարհին ետ մնացածներից շատերը ջարդում էին բոյարական տների ամուր դարպասները, ելնում էին զանգակատները՝ ահազանգ խփելու։ Հազարափութ ու թավաձայն թնդում էր Իվան Մեծ-զանգը։ Տներն իրարից բաժանող նեղ նրբանցքների, մենաստանների քարե պարիսպների արանքում ու ատյանների երկարուկ շենքերի դեղին պատերի մոտ ընկած էին սպանվածները՝ բոյարական տներից, տնքալով սողում էին վիրավորները։ Թամբած մի քանի ձի էին սլանում խրտնած, ձիերը բռնում էին ծիծաղ ու սուլոցով։ Բղավելով, պատուհաններն էին փշրում քարերով։

Ստրելեցները, ժողովուրդը, տղաների երամները (Ալեքսաշկան ու Ալյոշկան նույնպես) նայում էին թագավորի գույնզգույն պալատին, որը Կրեմլի հրապարակի մեկ քառորդ տարածությունն էր զբաղեցնում։ Քարաշեն ու փայտաշեն պալատները, բարձր տներ, ցածրիկ խրճիթներ, նախասենյակներ, աշտարակներ՝ մեծ ու փոքր, կանաչ, կարմիր ու կապույտ ներկված, հարթատաշ-տախտակապատ կամ գերանակապ, իրար միացված բազում միջանցքներով, սանդուղքներով։ Վրանաձև, սոխաձև հարյուրավոր տանիքներ, զարմանահարույց կատարներ՝ կողավոր, փորավոր, աքլորի կատարի պես ցից, շողում էին արծաթի ու ոսկու փայլով։ Այստեղ էր ապրում երկրի տերը, աստծուց հետո առաջինը...

Համենայն դեպս, սարսափելի էր։ Զենքը ձեռքին հասարակ մարդը ոչ միայն մոտենալ չէր կարող, բոյարներն էին ձիերը թողնում դարպասի մոտ ու քայլում ցեխերի միջով, գլխարկները հանած, ցարական պատուհանների կողմը աչքի պոչով նայելով։ Կանգնել ու նայում էին։ Իվան Մեծ-զանգի բոմբյունը արձագանքում էր մարդկանց կրծքերի մեջ։ Շփոթմունք էին ապրում։ Այդժամ ամբոխի մեջ ցցվեցին աչքաբաց մարդիկ.

— Տղերք, ի՞նչ եք բերաններդ բաց արել։ Արքայազն Իվանին խեղդել են, հիմի արքայազն Պյոտրի վերջն են տալիս։ Հայդա՜, ելարանները դեմ արեք, դռները ջարդեք։

Թնդյուն անցավ հազարամարդ ամբոխի վրայով։ Կտրուկ զարկեցին թմբուկները։ «Հայդա՜, հայդա՜»՝ վայրենի աղաղակներ լսվեցին։ Մի երկու տասնյակ ստրելեցներ պոկվեցին, ցանկապատն անցան, հանելով կեռ թրերը՝ բարձրացան Գլխադուռ։ Թակեցին պղնձյա դուռը, դեմ ընկան ուսերով։ «Հայդա՜, հայդա՜, հայդա՜»,— բղավոց տարածվեց ամբոխի վրայով։ Մարդկանց գլխավերևում հայտնվեցին ինչ-որ տեղից գտնված ելարաններ։ Դեմ արեցին Նստատաշ պալատի պատուհաններին, շքամուտքի եզրաճաղերին։ Բարձրացան։ Ատամները կրճտացնելով գոռում էին. «Տվե՜ք Մատվեևին, տվե՜ք Նարիշկիններին...»։

18

— Կսպանեն ախր, կսպանեն... Ի՞նչ անենք, Արտամոն Սերգեևիչ...

— Աստված ողորմած է, թագուհի։ Դուրս կգամ, կխոսեմ նրանց հետ... Էյ, մարդ ուղարկե՞լ եք՝ պատրիարքին կանչելու։ Մեկնումեկդ էլ վազեք։

— Արտամոն Սերգեևիչ, նրանք են, նրա՜նք՝ իմ թշնամիները... Յազիկովն ինքն է տեսել Միլոսլավսկիներից երկուսին, զգեստափոխ, ստրելեցների հետ...

— Թագուհի, քո գործը կնոջ գործ է, աղոթիր...

— Գալի՜ս է, գալիս,— ձայն տվեցին նախասրահից։ Գավազանի սուր ծայրը խրելով կաղնեփայտի հատակի մեջ, ներս մտավ պատրիարք Յոակիմը։ Մութ ակնախոռոչներից մոլեգնած աչքերը հառեց կամարատակ ցածրիկ պատուհաններին։ Դրսից գունավոր ապակիներին էին սեղմվել ելարանների վրա կանգնած ստրելեցների դեմքերը։ Պատրիարքը բարձրացրեց չորացած ձեռքն ու սպառնաց։ Գլուխները թաքնվեցին։

Նատալյա Կիրիլովնան նետվեց դեպի պատրիարքը։ Սև աղվեսի մորթու գլխարկի տակ նրա գիրուկ դեմքը ճերմակ էր, ճերմակ ճակատկապի պես։ Թագուհին բռնեց պատրիարքի սառած ձեռքը, հաճախակի համբուրելով, շշնջաց.

— Փրկի՜ր մեզ, վեհ, փրկի՜ր մեզ...

— Վատ են գործերը, վեհ,— խստաձայն ասաց Արտամոն Սերգեևիչը։ Պատրիարքը նրա վրա հառեց լայնացած բիբերը։ Մատվեևը շարժեց քառակուսի գորշ մոխրագույն մորուքը։— Դավադրություն է, ուղղակի խռովություն... Ինքներն էլ չգիտեն, թե ինչ են բղավում...

Հնամենի սրբապատկերի նման, արծվահայաց, բարակ քթով Մատվեևը հանգիստ էր. իր երկար կյանքի ընթացքում շատ բան էր տեսել, քանի անգամ մահվան շունչն էր առել։ Մի զգացում էր մնացել՝ հպարտ իշխանասիրությունը... Ծերունական կոպերի տակ զայրույթը զսպելով, ասաց.

— Միայն թե Կրեմլից հեռացնենք, իսկ հետո կսանձենք...

Հարվածներն ու բղավոցներն ավելի սաստկացան դրսից։ Պալատի միջով դռնից դուռ, ոտնաթաթերի վրա, անցավ նա, ում ստրելեցներն ու բոյարներն ատում էին սատանայից ավելի շատ՝ գեղեցկատես ու պճնամոլ, քսանչորսամյա և արդեն բոյարին Իվան Կիրիլովիչ Նարիշկինն էր՝ թագուհու եղբայրը։ Ասում էին իբր ցարական թագն է արդեն փորձել գլխին։ Սև բեխիկները կարծես սոսնձած էին կանաչած դեմքին, կարծես տեսնում էր վաղվա տանջանքները ու իր սարսափելի մահը կառափնատեղում։ Լեհական թևքերը թափահարելով, բղավեց.

— Սոֆյան շնորհ բերեց,— ու թաքնվեց դռան ետևում։ Կարճլիկ ոտքերի վրա շորորալով, ետևից գնաց երեխայի չափ գաճաճը։ Ծաղրածուի գդակը բռնած, կնճռապատ դեմքը ծամածռելով լաց էր լինում, նույնպես կարծես զգալով, որ վաղը դավաճանելու է իր պարոնին։

Փութկոտ քայլերով ներս մտսւվ Սոֆյան, ապա Վասիլի Վասիլևիչ Գոլիցինը և Խովանսկին։ Սոֆյայի այտերը թանձր կարմրով էին շպարված։ Ոտից գլուխ ոսկեդիպակ զգեստով էր, մարգարտաշար բարձր պսակով։ Ձեռքերը կրծքին դրած, խոր գլուխ խոնարհեց թագուհուն և պատրիարքին։ Նատալյա Կիրիլովնան ետ ընկավ, քաշվեց օձ տեսածի պես, աչքերը թարթեց ու լուռ մնաց։

— Ժողովուրդը զայրացած է, ուրեմն մի պատճառ կա,— բարձրաձայն ասաց Սոֆյան,— թագուհի, եղբայրներիդ հետ դուրս եկ ժողովրդի առաջ... Աստված գիտե, թե ինչեր են բղավում, իբր երեխաներին սպանել են... Համոզիր, ընծաներ խոստացիր, մեկ էլ տեսար՝ պալատ խուժեցին...

Խոսում էր, և ճերմակ ատամներն իրար էին զարկվում, կանաչ աչքերը շողշողում էին բերկրալի բորբոքվածությունից։ Մատվեևը մոտեցավ նրան.

— Կանանց հաշիվներ պարզելու ժամանակը չէ...

— Ուրեմն, դու դուրս եկ...

— Մահից չեմ վախենում, Սոֆյա Ալեքսեևնա...

— Մի վիճեք,— ասաց պատրիարքը, գավազանը գետին խփելով։— Երեխաներին ցույց տվեք նրանց՝ Իվանին ու Պյոտրին...

— Չէ,— բղավեց Նատալյա Կիրիլովնան, քունքերը բռնելով։— Թույլ չեմ տա, վեհ... Վախենում եմ...

— Երեխաներին տարեք Գլխադուռ,— կրկնեց պատրիարքը։

19

Եվ ահա ճռռաց Գլխադռան պղնձյա սողնակը։ Ամբոխը մոտ եկավ, սսկվեց, ակնապիշ նայելով։ Թմբուկները լռեցին։

Ձեռքերով ու ոտքերով մուտքի հաստափոր գերանից կախվել էր Ալեքսաշկան։ Ալյոշկան ետ չէր մնում նրանից, բայց վախենում էր սաստիկ։ Դուռը բացվեց։ Տեսան թագուհի Նատալյա Կիրիլովնային՝ այրու սև զգեստով ու ոսկեդիպակ պատմուճանով։ Նայելով իր վրա հառած հազարավոր աչքերին, թագուհին ճոճվեց։ Ինչ-ոը մեկի ձեռքերը նրան պարզեցին գույնզգույն նեղ կաֆտան հագած տղային։ Ճիգ գործադրելով, փորը դեմ տալով, թագուհին բարձրացրեց նրան, դրեց մուտքի առաջնաբազրիքին։ Մոնոմախի թագը ծռվել էր երեխայի ականջի վրա, բաց անելով սև, կտրած մազերը։ Կլոր այտեր ուներ, տափակ քիթ, վիզն առաջ էր ձգել։ Մկան աչքի պես կլոր էին աչքերը։ Փոքրիկ բերանը սեղմել էր վախից։

Թագուհին կամեցավ ինչ-որ բան ասել և ընդարմացավ, գլուխը ետ գցեց։ Նրա ետևից առաջ եկավ Մատվեևը։ Ամբոխի մեջ մռլտոց անցավ... Ձեռքից բռնած բերում էր մյուս տղային, ավագին՝ նիհար, անտարբեր դեմքով, շրթունքները կախ։

— Ո՞վ է ձեզ խաբել,— ծերունական, բայց ուժեղ ձայնով խոսեց Մատվեևը, ալեխառն հոնքերը խոժոռելով,— ո՞վ է խաբել, թե խեղդել են ցարին ու արքայազնին... Տեսեք, ահա Պյոտր Ալեքսեևիչ ցարը, թագուհու գրկին... Առողջ և ուրախ... Ահա արքայազն Իվանը... բարձրացրեց անհաղորդ տղային ու ցույց տվեց ամբոխին։— Երկուսն էլ ողջ ու առողջ են աստծո ողորմածությամբ... (Ամբոխի մեջ միմյանց նայեցին, ասացին. «Նրանք են, խաբեություն չկա...») Ստրելեցնե՛ր։ Հանգիստ գնացեք ձեր տները... Եթե բան է պետք՝ խնդիրք կամ բողոք ունեք, խնդրատուներ ուղարկեք...

Շքամուտքից ժողովրդի մեջ իջան Խովանսկին և Վասիլի Վասիլևիչը։ Ձեռքները դնելով ստրելեցների ու հասարակ մարդկանց ուսերին, համոզում էին ցրվել, բայց կարծես ծաղրի տալով էին խոսում։ Հնազանդված ամբոխի միջից չարացած ձայներ լսվեցին.

— Հետո՞ ինչ, որ ողջ ու առողջ են...

— Շատ էլ տեսանք, որ ողջ են...

— Մեկ է, Կրեմլից գնացողը չե՜նք...

— Հիմար մարդիկ եք գտել... Գիտենք ձեր քաղցր խոսքերը...

— Հետո քիթ ու բերան եք ջնջխելու...

— Մատվեևներին ու Նարիշկիններին մե՜զ տվեք...

— Իվան Կիրիլովիչ Նարիշկինի՜ն... Ցարի թագն է գլխին փորձել...

— Արնախումնե՜ր, բոյարնե՜ր... Մեզ տվեք Յազիկովին... Դոլգոռուկովին...

Ավելի ու ավելի չարացած էին հնչում ձայները, թվարկելով բոյարների ատելի անունները։ Նատալյա Կիրիլովնան նորից սպիտակեց, գրկեց որդուն։ Պյոտրը կլոր գլուխն էր տարուբերում, ինչ-որ մեկը ծիծաղաձայն կանչեց. «Մի տես է՜, ոնց որ իսկական կատու»։ Ոտից գլուխ կարմիր թավշյա զգեստով, սամույրի մորթիներով, զնգզնգուն զենք ու զրահով իշխան Միխայլա Դոլգոռուկին շքամուտքից ցած վազեց։ Ստրելեցների պետի որդին էր, փափկասուն ու գոռոզ՝ բղավեց ստրելեցների վրա, մտրակը թափահարելով.

— Շան որդիք, ուրախացել եք, որ հայրս հիվանդ պառկած է։ Թափթփուկներ։ Չքվեք էստեղից, շներ, ճորտեր...

Ստրելեցները կնկրկեին շրմփացող մտրակի առաջ... Բայց ժամանակներն ուրիշ էին՝ պետք չէր այդպես խոսել... Շունչ առան, ֆսֆսացրեցին ու առաջ շարժվեցին.

— Զանգակատնից ցած չե՞ս թռել... Դո՞ւ ով եղար մեր գլխին, շան թուլա... Տվե՛ք դրան, տղերք...

Լանջափոկից բռնեցին, պոկեցին, ծվեն-ծվեն արեցին թավշյա կաֆտանը։ Միխայլա Դոլգոռուկին թուրը քաշեց ու ետ-ետ գնաց, պաշտպանվելով բարձրացավ շքամուտքի առաջ։ Նիզակներն առաջ պահած, ստրելեցները նետվեցին առաջ։ Բռնեցին։ Թագուհին վայրենաձայն բղավեց։ Դոլգոռուկիի չռված մարմինը վեր նետվեց ու չքացավ ոտնակոխ ու բզիկ-բզիկ անող ամբոխի մեջ։ Մատվեևն ու թագուհին շարժվեցին դեպի դուռը։ Բայց արդեն ուշ էր. Նստատաշ պալատի սրահներից դուրս պրծան Օվսեյ Ռժովն ու ընկերները։

— Խփի՛ր Մատվեևին,— բղավեցին նրանք։

— Ճի՜շտ է, ճի՜շտ է,— ոռնաց ամբոխը։

Օվսեյ Ռժովը ետևից ընկավ Մատվեևի վրա։ Թագուհին ձեռքերը թափահարեց, սեղմվեց Արտամոն Սերգեևիչին։ Արքայազն Իվանին ետ շպրտեցին, նա ընկավ ու լաց եղավ։ Պյոտրի կլորիկ դեմքն այլայլվեց, ծռվեց, նա երկու ձեռքով կառչեց Մատվեևի գորշ մորուքից...

— Քաշի, մի վախենա, պոկի՜ դրան,— բղավում էին ստրելեցները, նիզակները ցցելով,— էստեղ գցեք։

Թագուհուն ետ քաշեցին, Պյոտրին մի կողմ շպրտեցին կատվաձագի պես։ Մատվեևի հսկայական մարմինը, բերանը՝ բաց, հանկարծ վեր բարձրացավ, ոտքերը չռվեցին, ու նա գլորվեց տնկած նիզակների վրա։

Ստրելեցները, ժողովուրդը, տղեկները (Ալեքսաշկան ու Ալյոշկան նույնպես) պալատ ներխուժեցին, ցրիվ եկան հարյուրավոր սենյակներում։ Թագուհին, երկու արքայազնների հետ, դեռ շքամուտքի առաջ էր, իրեն կորցրած։ Հրապարակում մնացածներին նորից մոտեցան Խովանսկին և Գոլիցինը, և ամբոխի մեջ նորից բղավոցներ լսվեցին.

— Իվանի՜ն ենք ցար ուզում... Երկուսի՜ն... Սոֆյայի՜ն ենք ուզում... ճիշտ է, ճի՜շտ... Ուզում ենք Սոֆյա՜ն թագավորի... Ուզում ենք, որ սյուն խփեք Կարմիր հրապարակում, խոստումի սյուն, որ մեր ազատությունը մշտական լինի...