«Հաղթական կամար - XXII գլուխ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - XXI գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - XXIII գլուխ}} ...»:) |
(Տարբերություն չկա)
|
10:18, 26 Հուլիսի 2014-ի տարբերակ
Հաղթական կամար | |
◀ Հաղթական կամար - XXI գլուխ | Հաղթական կամար - XXIII գլուխ ▶ |
Ճիչը լսվեց Գոլդբերգ ամուսինների լուսամուտից։ Ռավիկը մի վայրկյան ականջները սրեց։ Նրա մտքով հազիվ անցներ, թե ծերունի Գոլդբերգը կարող է որևէ բանով խփել կամ ծեծել իր տիկնոջը։ Այլևս ոչ մի ձայն չկար։ Հետո ներքևում նորից իրարանցումի ձայներ եկան, լսվեցին դռների շրփդրփոցներ, և ապա ականջին հասան էմիգրանտ Վիզենհոֆի սենյակից եկող հուզումնալից խոսակցությունները։
Ռավիկի սենյակի դուռը հանկարծ տագնապալից բախեցին, և իսկույն ներս ընկավ հյուրանոցի տիրուհին։
— Շուտ արեք, շուտ արեք գնանք... Մեսյո Գոլդբերգը․․․
— Ի՞նչ է պատահել։
— Կախվել է լուսամատից։ Շուտ արեք...
Ռավիկը ձեռքի գիրքը մի կողմ գցեց։
— Ոստիկանությունից չե՞ն եկել։
— Իհարկե, չեն եկել։ Թե չէ ես ինչո՞ւ պետք է ձեզ կանչեի։ Կինը հենց նոր է տեսել ամուսնուն կախված։
Ռավիկը տիրուհու հետ վազելով իջավ աստիճանները։
— Պարանը չե՞ն կտրել։
— Դեռ չէ։ Բռնած պահել են...
Մթնշաղոտ սենյակոմ պատուհանի մոտ սևին էր տալիս մարդկանց մի խումբ։ Ռութ Գոլդբերգն էր, էմիգրանտ Վիզենհոֆը և էլի ինչ֊որ մեկը։ Ռավիկր լույսը վառեց։ Ռութն ու Վիզենհոֆը ծերունի Գոլդբերգին տիկնիկի նման ձեռքերի վրա պահել էին։ Երրորդ մարդը շփոթահար ու դողդողացող մատներով ուզում էր լուսամատի բռնակից փողկապի հանգույցն արձակել։
— Կտրեք կորչի, ի՞նչ եք մոլորվել...
— Դանակ չունենք,— ասաց Ռութ Գոլդբերգը։
Ռավիկը գրպանից դուրս քաշեց մի մկրատ և իսկույն կտրեց։ Փողկապը հաստ, ծանր, մետաքսյա միագույն կտորից էր, մինչև կտրելը մի քանի վայրկյան տևեց։ Այդ ընթացքում Գոլգբերգի դեմքը ուղղակի Ռավիկի հայացքի առաջ էր։ Նրա դուրս պրծած աչքերը, բաց բերանը, նոսր ալեհեր մորուքը, դուրս ընկած լեզուն, սպիտակ պտերով մուգ֊կանաչ փողկապը, որը խրվել էր կնճռապատ, ուռած վզի մեջ... Նրա մարմինը թեթևորեն այնպես էր օրորվում Վիզենհոֆի և Ռութի ձեռքերի վրա, կարծես նրանք օրոր էին ասում ծերունի Գոլդբերգին, որի շուրթերին սառել էր զարհուրելի մի ժպիտ։
Ռութ Գոլդբերգի հուզմունքից կարմրած դեմքը ողողված էր արցունքների մեջ։ Նրա կողքին կանգնած Վիզենհոֆի ճակատը ծածկվել էր քրտինքի խոշոր կաթիլներով։ Ծերունի Գոլդբերգի մարմինը հիմա շատ ավելի ծանր էր, քան կենդանության ժամանակ։ Եվ ահա քրտինքից թրջված, սարսափահար, ծանրության տակ տնքացող ընդամենը երկու մարդ, որոնց վերևում քմծիծաղով այն աշխարհին է նայում մեռյալի անկանոն կերպով այս ու այն կողմ ընկնող գլուխը։ Երբ Ռավիկը փողկապը կտրեց, ծերունու գլուիւն ընկավ Ռութի ուսին։ Ռութը ծղրտալով մի կողմ ցատկեց, և մեռյալի մարմինը իր կախ ընկած ձեռքերով այնպես ցած սահեց լուսամուտից, կարծես ծաղրածուի անհեթեթ ու տարօրինակ թռիչքով հետապնդում էր տիկնոջը։
Ռավիկը բռնեց ծերունու մարմինը և Վիզենհոֆի հետ միասին դրեց հատակին։ Հետո փողկապը վզից հանելով, սկսեց զննումը։
— Կինո...— կմկմալով և անկապ ասում էր Ռութը,— նա ինձ կինո ուղարկեց։ Ռութիկս, ասաց, դու այնքան քիչ ես օգտվում զվարճալիքներից... Օրինակ, ինչո՞ւ վեր չկենաս ու գնաս կինո։ «Կուըսել» կինոթատրոնում ցուցադրվում է «Թագուհի Քրիստինան», որի մեջ Գրետա Գարբոն է խաղում․․․ Ինչո՞ւ չգնաս տեսնես։ Մի լավ տեղի համար տոմս վերցրու... պարտերում կամ օթյակում... Գնա նայիր... Հենց թեկուզ մի երկու ժամով մեր այս զարհուրելի կյանքից կտրվելն էլ ինչ-որ բան է նշանակում․․․ Եվ նա այս բոլորն ասաց այնքա՜ն հանգիստ... այնքա՜ն սիրալիր... թշիս թփթփացնելով, որ... Հետո, ասում է, շոկոլադի կամ վանիլի պաղպաղակ կուտես՝ Մոնսո զբոսայգու մոտ գտնվող հրուշակարանում։ Հաճույք պատճառիր քեզ, սիրելիս, ասաց նա, և ես գնացի։ Իսկ երբ վերադարձա, նա արդեն...
Ռավիկը տեղից կանգնեց։ Ռութ Գոլդբերգը լռեց։
— Նա, ըստ երևույթին, այս քայլին է դիմել ձեր գնալուց անմիջապես հետո,— ասաց Ռավիկը։
Ռութը սեղմած բռունցքները մոտեցրեց շուրթերին։
— Նա արդեն...
— Մենք կփորձենք դեռ որոշ բաներ անել։ Նախ և առաջ արհեստական շնչառություն։ Դուք գիտե՞ք ինչպես են արհեստական շնչառություն տալիս,— հարցրեց Ռավիկը Վիզենհոֆին։
— Ոչ։ Քիչ-միչ։ Մոտավորապես։
— Ուրեմն, նայեք։
Ռավիկը բարձրացրեց Գոլգբերգի թևերը, ետ տարավ մինչև հատակը և ապա նորից առաջ բերեց ու սեղմեց կրծքին, հետո նորից ետ ու նորից առաջ։ Գոլդբերգի կոկորդից ինչ-որ խռխռոցի ձայն եկավ։
— Կենդանի է,— ծղրտաց Ռութը։
— Ոչ։ Դա սեղմելուց է, որի հետևանքով օդը շնչափողից դուրս է գալիս։
Ռավիկը մի քանի անգամ նորից կրկնեց նույն շարժումը։
― Ահա, դե հիմա եկեք դուք փորձեք,— դիմեց նա Վիզենհոֆին։
Վիզենհոֆը անվճռական չոքեց Գոլդբերգի դիակի հետևը։
— Դե հիմա փորձեք,— անհամբերությամբ ասաց Ռավիկը։— Բռնեք դաստակներից։ Կամ ավելի լավ է՝ նախաբազուկներից։
Վիզենհոֆը քրտնեց։
— Ուժեղ, ուժեղ,— ասաց Ռավիկը։— Ամբողջ օդը դուրս հանեք թոքերից։
Նա շրջվեց դեպի հյուրանոցի տիրուհին։ Այդ ժամանակամիջոցում սենյակը լցվել էր մարդկանցով։ Ռավիկը գլխով արեց տիրուհուն, և նրանք դուրս եկան միջանցք։
— Նա արդեն մահացած է,— միջանցքում ասաց նա տիրուհուն։— Արհեստական շնչառություն տալն անմտություն է։ Դա պարզապես ռիտուալ է, որ կատարվում է, ուրիշ ոչինչ։ Արհեստական շնչառությունից որևէ բան սպասելը նշանակում է հրաշքի հավատալ։
— Բա ի՞նչ պետք է անել։
— Այն, ինչ արվում է նման դեպքերում։
— Շտապ օգնությո՞ւն կանչել։ Դա նշանակում է տասը րոպեից հետո կհայտնվի ոստիկանությունը։
— Բոլոր դեպքերում ոստիկանություն պետք է կանչեք։ Գոլդբերգները փաստաթուղթ ունե՞ն։
— Այո։ Նրանք իսկական փաստաթղթեր ունեն։ Անձնագիր և վկայական։
— Իսկ Վիզենհո՞ֆը։
— Նույնպես անձնագիր ունի։ Եվ ժամկետը երկարացրած վիզա։
— Դա լավ է։ Ուրեմն, փաստաթղթերի տեսակետից ձեր գործերը վատ չեն։ Եվ Ռութին և Վիզենհոֆին նախազգուշացրեք, որ չասեն, թե ես այստեղ եմ եղել։ Ռութը թող ասի, որ ինքը եկել է տուն, ամուսնուն կախված է գտել, ճչացել է, հետո Վիզենհոֆը փողկապը վզից կտրել է, փորձել է արհեստական շնչառություն տալ, մինչև որ շտապ օգնությունը եկել է։ Կասե՞ք այս բոլորը։
Հյուրանոցի տիրուհին իր թռչնային աչքերով նայեց Ռավիկին։
— Իհարկե, կասեմ։ Առանց այն էլ ես պետք է մնամ մինչև ոստիկանությունը գա։ Եվ ոչ մի քայլ չեմ հեռանա, ամեն ինչին ինքս եմ հետևելու։
— Ուրեմն, լավ։
Նրանք վերադարձան սենյակ։ Վիզենհոֆը Գոլդբերգի վրա խոնարհված չարչարվում էր։ Մի պահ Ռավիկին թվաց, թե նրանք երկուսն էլ հատակին ազատ վարժություններ են անում։ Հյուրանոցի տիրուհին մնաց սենյակի շեմին կանգնած։
— Մադամ և մեսյո,— ասաց նա։— Ես պարտավոր եմ շտապ Օգնություն կանչել։ Այնտեղից եկած բուժակը կամ բժիշկը պետք է իսկույն ևեթ կատարվածի մասին ոստիկանություն հաղորդի։ Նրանք ամենաուշը կես ժամից հետո այստեղ կլինեն։ Ձեզանից ով փաստաթուղթ չունի, ավելի լավ է թող իրերը կապի, պատրաստի, գոնե այն իրերը, որոնք աչքի առաջ են, և տանի «կատակոմբան» ու մնա այնտեղ։ Շատ հնարավոր է, որ ոստիկանությունը խուզարկի սենյակները կամ վկաներ փնտրի։
Սենյակը վայրկենապես դատարկվեց։ Տիրուհին գլխով արեց Ռավիկին, զգացնել տալով նրան, որ Ռութ Գոլդբերգի և Վիզենհոֆի հետ ինքը առանձին կխոսի։ Ռավիկը պորտֆելն ու մկրատը վերցրեց, որոնք ընկած էին հատակին՝ կտրած փողկապի մոտ։ Փողկապի վրա երևում էր ֆիրմայի մակնիշը. «Ս. Ֆյորդեր, Բեռլին»։ Դա մի փողկապ էր, որն ամենաքիչը արժեր տասը մարկ։ Գոլդբերգը դա գնել էր դեռ հին երանելի ժամանակները։ Ռավիկին ծանոթ էր այդ ֆիրման։ Մի ժամանակ ինքն էլ էր գնում այդ փողկապներից։ Նա իր իրերը հավաքեց, դասավորեց երկու ճամպրուկների մեջ և տարավ Մորոզովի սենյակը։ Պարզապես զգուշության համար։ Ոստիկանությունը հազիվ թե մտնի ուրիշ սենյակներ։ Բայց դա բացի օգուտից, ոչ մի վնաս չէր տա։— Ոստիկանական տեղամասի Ֆերնանը դեռ չափազանց թարմ էր Ռավիկի հիշողության մեջ։ Եվ Ռավիկը իջավ «կատակոմբա»։
Մի քանի մարդ այստեղ հուզված այս ու այն կողմ էին վազում։ Դրանք փաստաթղթեր չունեցող էմիգրանտներ էին, որոնց «անլեգալ բրիգադայի» անդամ էին կոչում։ Մատուցողուհի Կլարիսսան և քելներ Ժանը օգնում էին ճամպրուկները տեղավորել «կատակոմբայի» կողքին գտնվող մառանում։ Այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ «կատակոմբայում» ընթրիքի էին նախապատրաստվում։ Սեղաններն արդեն բացել էին, զամբյուղներով հացը շարել էին նրանց վրա, խոհանոցից ներս էր լցվել տապակած ձկան հոտը։
— Ոչինչ, ոչինչ, ժամանակ շատ կա,— ասում էր ժանը իրար անցած էմիգրանտներին։— Ոստիկանությունն այնքան էլ ոտից թեթև չէ։
Սակայն էմիգրանտները լավ բան չէին սպասում։ Նրանց աչքը միշտ վախեցած էր, և հիմա արագ-արագ իրենց ունեցած-չունեցածը մառան էին տանում։ Էմիգրանտների մեջ էր նաև իսպանացի Ալվարեսը։ Հյուրանոցի տիրուհին բոլորին հայտարարել էր, որ ոստիկանությունն ուր որ է հիմա կհայտնվի։ Ալվարեսը, չգիտես ինչու, մի տեսակ մեղավոր տեսքով ժպտում էր Ռավիկին։
Նիհար֊նիհար մի մարդ անշտապ քայլերով մոտեցավ մառանի դռանը։ Դա բանասիրական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Էռնստ Զայդենբաումն էր։
— Մանյովր է,— ասաց նա Ռավիկին։— Գլխավոր փորձն են կատարում։ Դուք մնալո՞ւ եք «կատակոմբայում»։
― Ոչ։
Զայդենբաումը, որ «Ինտերնացիոնալում» վետերանության վեց տարվա ստաժ ունեցող մարդ էր, ուսերր թոթվեց։
— Իսկ ես մնում եմ։ Փախչելու ոչ մի ցանկություն չկա։ Ես կարծում եմ, որ գործը արձանագրություն կազմելով կվերջանա։ Ո՞ւմ ցավն է կտրվել Գերմանիայից փախստական ինչ-որ մեռած ծեր հրեայով հետաքրքրվի։
— Մեռածով չեն հետաքրքրվի։ Բայց կենդանի և առանց անձնագիր փախստականներով կհետաքրքրվեն։
Զայդենբաումը պենսնեն ուղղեց։
— Ինձ համար դա միևնույն է։ Գիտե՞ք վերջին շուրջկալի ժամանակ ես ինչ արի։ Ոստիկանական մի սերժանտ իջավ «կատակոմբան»։ Դա երկու տարի առաջ էր։ Ես իսկույն հագա ժանի քելներական խալաթներից մեկը և սկսեցի սպսարկել սեղանները։ Ոստիկաններին օղի մատուցեցի։
— Լավ է մտածված։
Զայդենբաումը գլխով արեց։
― Վերջիվերջո այդ ամենին մարդ այնպես է սովորում, որ նույնիսկ փախչելուց սկսում է ձանձրանալ։
Նա հանգիստ գնաց խոհանոց, որպեսզի իմանա, թե ընթրիքին ինչ է լինելու։
«Կատակոմբայի» հետնամուտքով Ռավիկը դուրս եկավ բակ։ Նրա ոտքերի արանքով մի կատու սլացավ։ Առջևից դնում էին ուրիշ փախստականներ։ Փողոցում նրանք բաժանվեցին ու գնացին տարբեր ուղղություններով։ Ալվարեսը թեթևակի կաղում էր։ Գուցե հնարավոր լինի նոր վիրահատության միջոցով ուղղել դա, ցրված մտածեց Ռավիկը։
Նա նստել էր Տերն հրապարակի սրճարանում և հանկարծ զգաց, որ այս գիշեր Ժոանը պետք է գա։ Ռավիկը չէր կարող ասել, թե որտեղից ծնվեց այդ զգացումը, բայց գիտեր, որ դա ծնվեց հանկարծ և ինքն իրեն:
Հետո վճարեց ընթրիքի համար և կամաց-կամաց շարժվեց դեպի հյուրանոց։ Եղանակը տաք էր, նեղլիկ փողոցների վրա գտնվող փոքրիկ հյուրանոցների կարմիր ցուցանակներն արդեն լուսավորված էին, չնայած դեռ մութը նոր էր սկսում։ Դրանք ժամով տրվող հյուրանոցներ էին, որի համարները վարձում էին միայն զույգերը։ Պատուհանների հետևից երևում էին լույսերի նեղլիկ շերտերը։ Մի քանի պոռնկուհիների հետևից գնում էր ծովայինների մի խումբ։ Նրանք երիտասարդ էին և աղմկոտ, գինուց և ամառվա եղանակից գլուխները տաքացած էր։ Փոքր֊ինչ հետո նրանք անհետացան այդ հյուրանոցներից մեկում։ Ինչ֊որ տեղից տարածվեց շրթնհարմոնի երաժշտություն։ Հանկարծ Ռավիկի գիտակցության մեջ, ինչպես լուսավորվող հրթիռ, առկայծեց մի միտք, որը, վեր խոյանալով, մի վայրկյան կանգ առավ այնտեղ ու հրացայտքերով թափվեց ներքև, խավարի մեջ ստեղծելով կախարդական մի տեսարան․ Ժոանը հյուրանոցում սպասում է իրեն, սպասում է, որպեսզի ասի, թե ինքը ամեն ինչ թողել է իր հետևում և վերադարձել. հորձանուտը նրան ներս է քաշում, հորձանուտը կլանում է նրան...
Ռավիկը տեղում մնաց կանգնած։ Ի՞նչ է կատարվում ինձ հետ, մտածեց նա։ Ինչո՞ւ եմ ես կանգնել այստեղ և ձեռքերով զգում օդը, կարծես ուզում եմ շոշափել նրա ծոծրակը, նրա վարսերի ալիքները։ Չափազանց ուշ է։ Ոչինչ վերադարձնել չի կարելի։ Ոչ ոք չի վերադառնում։ Չի վերադառնում ինչպես ապրած, գնացած վայրկյանը։
Նա շարունակեց իր ճանապարհը։ Դեպի հյուրանոց։ Հետնաբակով անցավ «կատակոմբան»։ Դռան միջով նա տեսավ, որ սրահում մարդկանց մի խումբ է նստած։ Նրանց հետ էր նաև Զայդենբաումը։ Նրա հագին քելների խալաթ չկար, հագնված էր ինչպես սովորական հաճախորդ։ Վտանգն ըստ երևույթին անցել էր։ Ռավիկը ներս մտավ հյուրանոց։ Մորոզովն իր սենյակում էր։
— Ես հենց այն է, ուզում էի դուրս դալ,— ասաց Մ որոզովը։— Ճամպրուկներդ տեսա, կարծեցի նորից քեզ դուրս են քշում Շվեյցարիա։
— Այստեղ արդեն վտանգ չկա՞։
― Ոչ։ Ոստիկանությունն այլևս չի գա։ Նույնիսկ Գոլդբերգի դիակը թողին իր կնոջը։ Անհերքելի ինքնասպանություն է։ Հիմա վերևում է գտնվում։ Շուտով դուրս կտանեն։
— Հիանալի է։ Ուրեմն, ես նորից կարող եմ քաշվել իմ խուցը։
Մորոզովը ծիծաղեց։
— Դու պետք է այս Զայդենբաումին տեսնեիր, թե ինչ էր անում,— ասաց նա։— Ամբողջ ժամանակ Գոլդբերգների սենյակում էր, պենսենեն քթին տնկած, պորտֆելը և ինչ֊որ թղթեր ձեռքին անընդհատ այս ու այն կողմ էր գնում։ Նա իրեն ներկայացնում էր որպես ապահովագրական կոմպանիայի փաստաբան-ներկայացուցիչ։ Եվ շատ խիստ էր իրեն պահում ոստիկանների հետ։ Նրանց ձեռքից վերցրեց ծերունի Գոլդբերգի անձնագիրը։ Պնդեց, որ դա իր համար խիստ անհրաժեշտ է, հայտարարելով, որ ոստիկանությունը իրավունք ունի վերցնելու միայն նրա անձը հաստատող վկայականը։ Եվ դա հաջողվեց իրեն։ Իսկ ինքը փաստաթուղթ ունի՞։
— Ոչ մի հատ։
— Այ դա հասկանալի է,— ասաց Մորոզովը։— Գոլդբերգի անձնագիրը հիմա արդեն գին չունի։ Դեռ մի ամբողջ տարի ուժի մեջ է։ Մեկնումեկը կարող է օգտագործել։ Իհարկե, ոչ անպայման Փարիզում, մանավանդ եթե վերցնողը Զայդենբաումի ճարպկությունը չունի։ Լուսանկարը հեշտությամբ կարելի է փոխել։ Իսկ ծննդյան թիվը շտկելու համար, եթե հանկարծ նորահայտ Արոն Գոլդբերգը շատ երիտասարդ լինի, կարելի է դիմել հատուկ մասնագետների, որոնք առանձնապես մեծ գին չեն պահանջում։ Հոգիների վերաբնակեցումը ժամանակակից ձևով — մի անձնագիր մի քանի կյանքի համար։
— Ուրեմն, Զայդենբաումը Գոլդբե՞բգ կդառնա։
— Զայդենբաումը՝ ոչ։ Նա հրաժարվեց։ Դա նրա արժանապատվությունից ցածր է։ Նա բոլոր անանձնագիր-հետապնդվածների Դոն-Կիխոտն է։ Ճակատագրական հանդարտությամբ նա նայում է իր սեփական ապագային և ոչ մի դեպքում ուրիշի անուն չի դնի իր վրա։ Իսկ ի նչ կլիներ, եթե դու դառնայիր Գոլդբերգ։
Ռավիկը գլուխն օրորեց։
— Ես նույնպես չեմ ցանկանում։ Այդ հարցում լրիվ համաձայն եմ Զայդենբաումի հետ։
Նա վերցրեց իր ճամպրուկները և աստիճաններով վեր բարձրացավ։ Այն հարկի հարթակում, որտեղ Գոլդբերգների սենյակն էր, նրա հետևից հասավ, սև սերթուկը հագին, մորուքը թողած պեյսերով և բիբլիական մարգարեի դեմք ունեցող մի հրեա ծեբունի։ Նա ռետինե ներբաններ ունեցող կոշիկներով առանց աղմուկ հանելու այնպես էր քայլում, որ թվում էր, թե թեթևորեն սավառնում է մթին միջանցքով։ Ծերունին մռայլ էր և գունատ։ Ռավիկը բացեց Գոլդբերգների դուռը։ Կարծես մոմերից տարածվող թույլ կարմրավուն լույսը մի վայրկյան ընկավ միջանցք, և Ռավիկը լսեց մի տարօրինակ, կիսով չափ խեղդված, կիսով չափ վայրի և միևնույն ժամանակ համարյա մելամաղձոտ և միալար ինչ֊որ տնքոցներ։ Ողբասաց կանայք են, մտածեց նա։ Մի՞թե դրանք գոյություն ունեն մեր ժամանակներում։ Թե՞ այդ ողբասացը հենց ինքը Ռութ Գոլգբերգն է։
Ռավիկը բացեց իր սենյակի դուռը և տեսավ պատուհանի մոտ նստած Ժոանին, որը անսպասելիությունից ցնցվեց։
— Վերջապե՜ս եկար։ Ի՞նչ է պատահել։ Ինչի՞ համար ես ճամպրուկներդ վերցրել։ Չլինի՞ նորից մեկնում ես։
Ռավիկը ճամպրուկները դրեց մահճակալի մոտ։
— Ոչինչ չի պատահել։ Պարզապես զգուշության համար էր։ Այստեղ մի մարդ էր մահացել։ Սպասվում էր, որ ոստիկանությունից կգան։ Բայց ամեն ինչ անցավ արդեն։
— Ես քեզ զանգեցի։ Մեկը մոտեցավ հեռախոսին և ասաց, որ դու այլևս այստեղ չես բնակվում։
— Ըստ երևույթին, հյուրանոցի տիրուհին է եղել։ Զգույշ է և խելացի, ինչպես միշտ։
— Ես իսկույն վազեցի... Սենյակդ բաց էր և դատարկ։ Իրերդ այլևս չկային։ Կարծեցի...— նրա ձայնը դողաց։
Ռավիկը զոռով ժպտաց։
— Տեսնո՞ւմ ես, որքան անհուսալի մարդ եմ։ Ուրեմն, ինձ վրա առանձնապես հույս դնել չի կարելի։
Դուռը ծեծեցին։ Ներս մտավ Մորոզովը՝ երկու շիշ ձեռքին։
— Ռավիկ, դու քո հանդերձանքը մոռացել ես...
Մթնում նրա աչքը ընկավ Ժոանի վրա, բայց ցույց չտվեց, թե նկատել է։ Ռավիկը կասկածում էր — Մ որոզովը ճանաչե՞ց Ժոանին թե չէ։ Նա, առանց ներս մտնելու, շշերը տվեց Ռավիկին ու վերադարձավ։
Ռավիկը կալվադոսն ու «վուվրեն» դրեց սեղանին։ Բաց լուսամուտից նրա ականջին հասավ նորից այն ձայնը, որն ինքը միջանցքում էր լսել։ Մահվան ողբն է։ Ձայնը բարձրանում էր, մեղմանում և դարձյալ հնչում ամբողջ ուժով։ Ըստ երևույթին, Գոլդբերգների լուսամուտները տոթ գիշերվա պատճառով բաց էին արված։ Ծեր Արոնի ընդարմացած մարմինը, որը դրված էր կարմիր փայտե կահույք ունեցող սենյակում, այժմ արդեն սկսել էր նեխել։
— Ռավիկ,— ասաց Ժոանը,— ես տխուր եմ։ Չգիտեմ ինչու, բայց ամբողջ օրը այդ տխրությունը չի անցնում։ Թող մնամ քեզ մոտ։
Ռավիկը պատասխանեց ոչ անմիջապես։ Կարծես անակնկալի եկավ։ Նա սպասում էր ուրիշ բան։ Մինչդեռ այդ ասված էր շատ ուղղակիորեն։
— Ինչքա՞ն ժամանակ։
— Մինչև առավոտ։
— Դա այնքան էլ շատ չէ։
Ժոանը նստեց մահճակալին։
― Մի՞թե չի կարելի դա մոռանալ։
— Ոչ, Ժոան, չի մոռացվում։
— Ես ոչինչ, չեմ ուզում։ Ուզում եմ միայն քո կողքին քնել։ Կամ թող բազմոցին պառկեմ։
— Չի լինի։ Ես շուտով դուրս եմ գալու։ Պետք է գնամ կլինիկա։
— Ի՞նչ անենք։ Ես կսպասեմ քեզ։ Չէ՞ որ հաճախ եմ քեզ սպասել։
Ռավիկը չպատասխանեց։ Նա նույնիսկ զարմանում էր, թե ինքն ինչքան է հանգիստ պահում իրեն։ Դեռ փողոցում զգացած տաքությունն ու գրգռվածությունը արդեն չքացել էին։
— Եվ բացի այդ, դու ամենևին էլ կլինիկա չես գնալու։
Ռավիկը մի պահ լռեց։ Նա գիտեր, որ ինքը կմեռնի, եթե գիշերը պառկի Ժոանի հետ։ Դա միևնույն էր, թե ստորագրի մի մուրհակ, որը չգիտի ինչով մարել։ Ժոանը նորից կսկսի այցելել իրեն, միշտ օգտագործելով այն, ինչ նվաճել է արդեն, ամեն անգամ պահանջելով նոր զիջումներ, առանց որևէ բան իրենից զիջելու, մինչև որ լրիվ հավաքի իր բուռը և մի գեղեցիկ օր սեփական կրքերին և թուլությանը կուլ գնացած զոհին լքի և հեռանա։ Հիմա այդպես վարվելու մտադրություն ժոանն, իհարկե, չունի, նման բան նրա մտքով առայժմ չի էլ կարող անցնել, բայց վաղ թե ուշ սա այդ վախճանն է ունենալու։ Թվում էր, թե այստեղ երկար մտածելու ոչինչ չկա, մի գիշերն ի՞նչ է, որ ինչ լինի... Բայց արի ու տես, որ հենց յուրաքանչյուր այդպիսի մի գիշերն է, որ կամաց-կամաց թուլացնում է մարդու դիմադրողականությունը, մի բան, որը կյանքի անխախտելի հիմքն է կազմում։ Մեղանչում ոգու հանդեպ — ահա թե ինչպես էր կաթոլիկական կատեխիզիսը վախով ու զգուշավորությամբ անվանում այդ, և հենց նույն րոպեին, ի հակադրություն այդ ուսմունքի, ավելացվում էր, որ նման մեղսագործությունները չեն ներվում ոչ այս և ոչ էլ անդրշիրիմյան կյանքում։
— Դա ճիշտ է,— ասաց Ռավիկը,— ես կլինիկա չեմ գնալու։ Բայց ես չեմ ուզում, որ դու մնաս այստեղ։
Ռավիկն սպասում էր պայթյունի։ Սակայն Ժոանը շատ հանգիստ հարցրեց.
— Ինչո՞ւ չես ուզում։
Արժե՞ր, որ նա բացատրություններ տար ժոանին։ Եվ առհասարակ ինչպե՞ս պետք է դա բացատրեր։
— Դու այլևս այստեղ անելիք չունես,— ասաց Ռավիկը։
— Իմ անելիքն այստեղ է։
― Ոչ։
— Ինչո՞ւ ոչ։
Ռավիկը լռում էր։ Որքա՜ն է խորամանկ, մտածեց նա։ Հասարակ հարցերի միջոցով ուզում է բացատրություններ ստանալ։ Իսկ ով բացատրություններ է տալիս, նա պաշտպանվում է։
— Դու գիտես ինչու,— ասաց Ռավիկը,— հիմար հարցեր տալու կարիք չկա։
— Դու այլևս ինձ չե՞ս ուզում։
— Ոչ,— պատասխանեց Ռավիկը և իր կամքին հակառակ ավելացրեց,― ոչ թե այդպես։
Լուսամուտից լսվում էր Գոլգբերգների սենյակից եկող լացի միապաղաղ ձայնը։ Ողբում էին հանգուցյալին։ Լիբանանի լեռներում տեղի ունեցող հովիվների սուգ Փարիզի խուլ փողոցներից մեկում։
— Ռավիկ,— ասաց Ժոանը,— դու պետք է ինձ օգնես։
— Իմ ամենալավ օգնությունը այն կլինի, եթե քեզ թողնեմ մենակ։ Նույնն արա և դու։
Ժոանը չլսելու տվեց։
— Դու պետք է ինձ օգնես։ Ես կարող էի քեզ խաբել, բայց այլևս այդպես անել չեմ ուզում։ Այո, մեկը կա, որ ինձ հետ մոտիկ է։ Բայց նրա հետ նույն հարաբերությունները չեն, ինչ որ քեզ հետ։ Եթե այդպես չլիներ, ես ինչո՞ւ պետք է գայի այստեղ։
Ռավիկը գրպանից մի սիգարետ հանեց, մատներով շոշափելով նրա չոր թուղթը։ Ուրեմն, մեկը կա, հիմա ինքն արդեն ամեն ինչ գիտի։ Կարծես սառը դանակով մի կտրվածք արին իր վրա, որից նա ցավ չզգաց։ Որոշակիությունը երբեք ցավ չի պատճառում։ Ցավը լինում է մինչ այդ և դրանից հետո։
— «Նույն հարաբերությունները» երբեք չեն կրկնվում,— ասաց Ռավիկը։— Բայց հարաբերությունները միշտ նույնն են լինում։
Ինչ էժանագին բաներ եմ ասում, մտածեց Ռավիկը։ Լրագրային պարադոքս է։ Որքա՜ն են ողորմելի դառնում ճշմարտությունները, երբ մարդ բարձրաձայն արտասանում է։
Ժոանը տեղում ուղղվեց։
— Ռավիկ,— ասաց նա,— քեզ ո՞վ է ասել, որ միայն մի մարդու կարելի է սիրել։ Դու գիտես, որ դա ճիշտ չէ։ Այո, կան մարդիկ, որոնք իրենց կյանքում սիրում են միայն մեկին։ Դրանք երջանիկ մարդիկ են։ Բայց կան նաև այնպիսիները, որոնք անընդհատ մեկից մյուսին են անցնում։ Դու գիտես նաև այդ։
Ռավիկը վառեց իր սիգարետը։ Առանց Ժոանի կողմը նայելու նա արդեն գիտեր, թե Ժոանն ինչ տեսք ունի։ Գունատ, աչքերը մի տեսակ մթնած, լուռ, կենտրոնացած, աղերսանքներում գրեթե փխրուն, բայց միևնույն ժամանակ և անընկճելի։ Այդպիսին էր Ժոանը նաև այն երեկո, երբ ինքը՝ Ռավիկը գնացել էր նրա բնակարանը,— կանխագուշակ հրեշտակի նման, լեցուն հավատով և թևավոր համոզվածությամբ։ Նա կարծում էր, թե ինքը կփրկի ինձ, մինչդեռ փաստորեն կամաց-կամաց խաչի վրա մեխեց, որպեսզի ես նրանից չփախչեմ։
― Այո,— ասաց նա,— մենք միշտ այդպես ենք արդարանում։
— Ես չեմ արդարանում։ Իմ ասած մարդիկ շատ դժբախտ են։ Դա տեղի է ունենում նրանց կամքից անկախ, և նրանք ոչինչ անել չեն կարող։ Դա ինչ֊որ մութ, խճճված, ջղաձգումների նման մի բան է... մի բան, որի միջով մարդ պետք է անցնի, փախչել չի կարող։ Այդ դժբախտությունը մարդու հետևից ընկած գալիս է ու հասնում նրան։ Մարդ ուզում է խուսափել, չի ուզում ենթարկվել այդ զգացումին, բայց այդ զգացմունքը միշտ ավելի ուժեղ է գտնվում։
— Ինչո՞ւ այդքան դատողություններ անել։ Եթե այդ զգացմունքը քեզանից ուժեղ է, ուրեմն ենթարկվիր նրան։
— Ես այդպես էլ անում եմ։ Ես գիտեմ, որ ուրիշ ճանապարհ չկա։ Բայց․․․ Ժոանի ձայնը փոխվեց։— Ռավիկ, ես չեմ ուզում քեզ կորցնել։
Ռավիկը լուռ էր։ Նա ծխում էր առանց զգալու, որ ծուխ է գնում իր ներսը։ Դու չես ուզում ինձ կորցնել, մտածեց նա։ Բայց մյուսին կորցնել նույնպես չես ուզում։ Ահա թե բանն ինչումն է։ Եվ կարող էիր այդպես ապրել։ Հենց այդ պատճառով էլ ես պետք է հեռանամ քեզանից։ Դա միակ հրապուրանքը չէ, եթե միայն դա լիներ, հեշտությամբ կարելի էր մոռանալ։ Քեզ արդարացնելու բոլոր հիմքերը կան։ Բայց դժբախտությունն այն է, որ այդ զգացմունքը քեզ համակել է այնքան ուժեղ, որ դու այլևս ազատվել չես կարողանում։ Ենթադրենք, թե նույնիսկ ազատվեցիր։ Մի՞թե դրանով ամեն ինչին վերջ է լինելու։ Դու նրանից կազատվես։ Բայց այդ նույնը տեղի կունենա մի ուրիշի հետ։ Եվ այդպես անվերջ կրկնվելու է։ Ինչո՞ւ։ Որովհետև դա քո մեջ է, քո արյան մեջ։ Մի ժամանակ ես էլ կարող էի այդպես։ Բայց քեզ հետ չեմ կարող։ Այդ պատճաոով էլ ես պետք է հեռանամ քեզանից։ Քանի դեռ ուժ կա այդ անելու։ Մյուս անգամ...
— Քո կարծիքով, մեզ մոտ ինչ֊որ առանձնահատո՞ւկ իրադրություն է։— ասաց Ռավիկը։— Սա աշխարհի սովորական առօրյան է. ամուսին և սիրեկան։
— Ճիշտ չէ։
— Շատ ճիշտ է։ Այդ իրա դրությունը բա զմաթիվ վարիանտներ ունի։ Որոնցից մեկն էլ հենց այն է, ինչ դու ինձ առաջարկում ես։
— Ինչպե՞ս կարող ես դու ինձ այդպիսի բան ասել,— ասաց Ժոանը տեղից վեր ցատկելով։— Ինչպիսին ուզում ես եղիր, միայն ոչ այդպիսին... Երբեք դու այդպիսին չես եղել, և չես էլ լինի... Մյուսն ավելի շուտ...— Ժոանը սսկվեց։— Ոչ։ Նա նույնպես այդպիսին չէ... Ես չեմ կարող քեզ բացատրել։
— Արի պարզ խոսենք, մի կողմից ապահով վստահություն, մյուս կողմից՝ ռոմանտիկա։ Սա ավելի լավ է հնչում։ Բայց նույն բանն է։ Մեկին ունենալ, իսկ մյուսին չկորցնել։
Ժոանը գլուխն օրորեց։
— Ռավիկ,— ասաց նա, և կարծես խավարից եկող նրա ձայնի մեջ լսվեց մի բան, որից Ռավիկի սիրտը ցնցվեց։— Միևնույն բանը կարելի է բնորոշել և լավ և վատ խոսքերով։ Դրանիկ գործի էությունը չի փոխվում։ Ես սիրում եմ քեզ և սիրելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ իմ կյանքը չի ընդհատվել։ Ես այդ գիտեմ և ինձ համար դա պարզ է։ Դու այն հորիզոնն ես, որին հանգում են իմ բոլոր մտքերը։ Ինչ ուզում է լինի, միևնույն է, իմ սերը քեզ է պատկանում։ Սրա մեջ ոչ մի սուտ չկա։ Այդ սերը քեզանից ոչինչ չի պահանջում։ Դա է պատճառը, որ ես անվերջ ու անընդհատ քեզ մոտ եմ գալիս, դա է պատճառը, որ ես ոչինչ չեմ ափսոսում, որ ես չեմ կարողանում մեղադրել ինձ։
— Զգացմունքների համար մարդու չի կարելի մեղադրել, Ժոան։ Ինչպե՞ս կարող է քո մտքով այդպիսի բան անցնել։
— Ես երկար եմ մտածել... Անսահման երկար եմ մտածել, Ռավիկ։ Մտածել եմ իմ և քո մասին։ Դու երբեք չես ձգտել ինձանից վերցնել այն ամենը, ինչ ես քեզ կարող էի տալ։ Գուցե դու ինքդ էլ այդ չգիտես։ Ես միշտ կարծես թե դեմ եմ առել ինչ-որ բանի, որից այն կողմը չեմ կարողացել անցնել։ Մինչդեռ այնպե՜ս եմ ես այդ ցանկացել։ Այնպե՜ս եմ ես ձգտել դրան։ Ինձ մոտ այն զգացումն է եղել, թե դու ուզած րոպեին կարող ես ինձ թողնել ու հեռանալ։ Ես անընդհատ սպասումների և վախի մեջ եմ ապրել։ Ճիշտ է, քեզ արտաքսեց ոստիկանությունը, դու ստիպված էիր հեռանալ... Բայց կարող էր նույն ձևով և ուրիշ բան պատահել... Կարող էր լինել այնպես, որ մի գեղեցիկ օր դու ինքդ հեռանայիր քո սեփական կամքով, հեռանայիր, առանց որևէ հետք թողնելու, գնայիր որևէ մի տեղ․․․
Ռավիկը խավարի մեջ լարված նայում էր ժոանի դեմքին։ Նրա ասածների մեջ, իհարկե, որոշ ճշմարտություններ կային։
— Եվ միշտ այդպես էր,— շարունակեց Ժոանը։— Միշտ։ Հետո եկավ մեկը, որն ուզեց ինձ հետ լինել, միայն ու միայն ինձ հետ, ամբողջովին և ընդմիշտ, պարզորեն, առանց որևէ բարդություններ ստեղծելու։ Ես ծիծաղում էի, չէի ուզում, խաղում էի, այդ ամենի մեջ ես ոչ մի վտանգ չէի տեսնում, ամեն ինչ այնքան էր թեթև, որ թվում էր, թե ուզած րոպեին կարող եմ մի կողմ նետել։ Եվ հանկարծ դա մեծացավ, դարձավ անհաղթահարելի։ Հանկարծ իմ մեջ նույնպես ինչ-որ բան արթնացավ։ Ես սկսեցի դիմադրել, բայց դա ոչ մի օգուտ չտվեց, ես զգում էի, որ իմ արածն այն չէ, ինչ պետք է, զգում էի, որ ամբողջ էությամբ չէ, որ ես այդ ուզում եմ, այլ ինչ-որ մի մասնիկով, բայց մի բան ինձ հրում էր դեպի այդ, թվում էր, թե դանդաղ մի փլուզում է սկսվել, որի վրա մարդ սկզբում ծիծաղում է, բայց մեկ էլ հանկարծ զգում է, որ հողը գնաց ոտքերի տակից, որ այլևս ոչինչ չկա, ինչից կարելի է բռնել, որ այլևս անհնար է դիմադրել... Սակայն իմ տեղն այնտեղ չէ, Ռավիկ։ Ես պատկանում եմ քեզ։
Ռավիկը սիգարետը լուսամուտից դուրս շպրտեց, որը կայծոռիկի նման թռչելով ընկավ բակը։
— Եղածը եղած է, Ժոան,— ասաց Ռավիկը,— միևնույն է, դա փոխել չենք կարող։
— Ես ոչինչ չեմ ուզում վախել։ Դա կանցնի-կգնա ։ Ես քեզ եմ պատկանում։ Ինչո՞ւ եմ գալիս քեզ մոտ։ Ինչո՞ւ եմ կանգնում քո դռան առաջ։ Ինչո՞ւ եմ այստեղ սպասում քեզ։ Դու ինձ դուրս ես անում, իսկ ես նորից եմ վերադառնում քեզ մոտ։ Ես գիտեմ, դու ինձ չես հավատում և կարծում ես, որ ես ուրիշ պատճառներ ունեմ։ Իսկ ի՞նչ պատճառներ կարող են լինել։ Եթե մյուսը ինձ համար ամեն ինչ չիներ, ես ինչո՞ւ պետք է քեզ մոտ գայի։ Ես քեզ մոռացության կտայի։ Դու ասում ես, որ ես քեզ մոտ ապահովություն եմ փնտրում և հանգիստ։ Դա ճիշտ չէ։ Ես քեզ մոտ սեր եմ փնտրում։
Խոսքեր են, մտածեց Ռավիկը։ Քաղցր խոսքեր են։ Քնքուշ, խաբուսիկ բալզամ։ Օգնիր ինձ, սիրիր, ինձ պատկանիր, ես կվերադառնամ — բոլորը, բոլորը միայն խոսքեր են, միմիայն խոսքեր։ Որքան շատ խոսքեր կան մարդկային երկու մարմինների միմյանց ձգելու այս պարզ, վայրի, դաժան հակման մեջ։ Ինչ-որ տեղ տարածվել է ֆանտազիայի, կեղծիքի, զգացմունքների և ինքնախաբեության վիթխարի ծիածանը։ Ահա ինքը կանգնած է հրաժեշտի այս գիշերվա մեջ, կանգնած է հանգիստ, կանգնած է խավարում, իսկ նրա վրա թափվում է քաղցր բառերի անձրևը, որը ոչինչ չի նշանակում, բացի հրաժեշտից, հրաժեշտից, հրաժեշտից։ Եթե մարդ այդ մասին է սկսում խոսել, ուրեմն ամեն ինչ արդեն կորած է։ Սիրո աստվածը միայն արյունոտված ճակատ ուներ։ Նա ոչինչ չգիտեր այդ խոսքերի մասին։
— Իսկ հիմա հեռացիր, Ժոան։
Ժոանը տեղից կանգնեց։
— Ես ուզում եմ մնալ քեզ մոտ։ Թող մնամ։ Միայն մի գիշեր։
Ռավիկը գլուխն օրորեց։
— Դու ինձ ինչի՞ տեղ ես դրել։ Ես ավտոմատ չեմ։
Ժոանը սեղմվեց Ռավիկին։ Ռավիկն զգում էր, թե նա ինչպես է դողում։
— Ինձ համար միևնույն է։ Ես ոչ մի բանի մասին մտածել չեմ ուզում։ Թող մնամ այստեղ։
Ռավիկն զգուշորեն մի կողմ հրեց Ժոանին։
— Դու մյուսին մի խաբիր, ժոան։ Առանց այն էլ նա ծանր է տանելու այս բոլորը։
— Ես մենակ հիմա չեմ կարող տուն գնալ։
― Դու երկար չես մնա մենակ։
— Ինչպե՞ս չեմ մնա։ Կմնամ։ Արդեն մի քանի օր է, ինչ ես մենկ եմ։ Նա մեկնել է այստեղից։ Փարիզում չէ։
— Ահա՜ թե ինչ...— հանգիստ ասաց Ռավիկը, նայելով Ժոանին։— Գոնե անկեղծ ես։ Մարդ գիտե, թե ինչպես պետք է իրեն պահի քեզ հետ։
— Ես դրա համար չէ, որ եկել եմ այստեղ։
— Իսկ ով ասաց դրա համար ես եկել։
— Ես կարող էի և ոչինչ չասել։
— Ճիշտ է։
— Ռավիկ, ես չեմ ուզում մենակ տուն գնալ։
— Այդ դեպքում ես քեզ կուղեկցեմ։
Ժոանը դանդաղորեն քայլը ետ դցեց։
— Դու ինձ այլևս չես սիրում․․․— ասաց նա կամաց և գրեթե սպառնագին։
— Դու, ի՞նչ է, եկել ես, որ ա՞յդ պարզես։
— Այո, նաև այդ... բայց ոչ միայն այդ։
— Տե՜ր իմ աստված,— ասաց Ռավիկը համբերությունը կորցրած,— այդ դեպքում դու հենց այս րոպեիս լսեցիր սիրո ամենաանկեղծ խոստովանություններից մեկը։
Ժոանը լուռ էր։ Նա հայացքը բարձրացրեց Ռավիկի վրա։
— Եթե այդպես չլիներ, դու կարծում ես, ես կտատանվեի քեղ այստեղ թողնել-չթողնելու մեջ, անկախ նրանից, ում հետ ես ապրում,— ասաց Ռավիկը։
Կամաց֊կամաց ժպիտը տարածվեց Ժոանի դեմքին։ Ասենք, դա ոչ թե ժպիտ էր, այլ նրա մեջից բարձրացող ինչ֊որ մի փայլ։ Թվում էր, մեկը նրա ներսում ինչ֊որ լույս է վառել, և այդ լույսը կամաց֊կամաց տարածվում ու բարձրանում է վեր՝ հասնելով մինչև աչքերը։
— Շնորհակալ եմ, Ռավիկ,— ասաց նա և փոքր֊ինչ հետո զգույշ, աչքր Ռավիկի երեսից չհեռացնելով, ավելացրեց,— դու ինձ չե՞ս լքի։
— Ինչո՞ւ ես դա հարցնում։
— Դու կսպասե՞ս։ Դու ինձ չե՞ս լքի։
— Ինձ թվում է, դա այնքան էլ մեծ դժբախտություն չէ։ Մանավանդ մեր այս փորձից հետո։
— Շնորհակալ եմ։
Ժոանն արդեն մի տեսակ փոխված էր։ Որքան շուտ է սփոփվում, մտածեց Ոավիկը։ Իսկ ինչո՞ւ չսփոփվի։ Նա արդեն այն կարծիքին է, որ հասել է նպատակին, եթե անգամ գիշերը չմնա էլ այստեղ։
Նա համբուրեց Ռավիկին։
— Ես գիտեի, որ դու այդպիսին ես լինելու, Ռավիկ։ Դու պետք է այդպիսին լինես։ Հիմա արդեն ես կարող եմ գնալ։ Ինձ ճանապարհ մի դնի։ Հիմա արդեն ես կարող եմ մենակ գնալ։
— Այլևս չգաս,— ասաց Ռավիկը։— Եվ մի մտածիր այդ մասին։ Դրանով չես կործանվի։
— Չեմ մտածի։ Բարի գիշեր, Ռավիկ։
— Լույս բարի, Ժոան։
Ռավիկը մոտեցավ պատին և լույսը վառեց։ «Դու պետք է այդպիսին լինես»։ Նա թեթևորեն ցնցվեց։ Նրանք բոլորը կավից ու ոսկուց են պատրաստված, մտածեց նա։ Կեղծիքից ու ցնցումներից։ Խաբեությունից ու անամոթ ճշմարտությունից։ Նա մոտեցավ, նստեց լուսամուտի մոտ։ Ներքևից դեռ լսվում էր կամաց ու միալար ողբի ձայնը։ Ներքևում մի կին էր, որը խաբել էր իր ամուսնուն և հիմա էլ ողբում էր նրա մահը։ Գուցե նա այդ անում է, ելնելով իր կրոնի պահանջների՞ց։ Ռավիկը զարմացավ, որ ինքը է՛լ ավելի դժբախտ չի զգում իրեն։