«Հաղթական կամար - XXIV գլուխ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - XXIII գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - XXV գլուխ}} ...»:)
(Տարբերություն չկա)

22:55, 26 Հուլիսի 2014-ի տարբերակ

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XXIII գլուխ Հաղթական կամար - XXV գլուխ ▶


— Ի՞նչ կուզեիք,— հարցրեց քելները Ռավիկին։

— Ինձ համար բերեք...

― Ի՞նչ։

Ռավիկը չէր պատասխանում։

— Ես ձեզ չհասկացա, մեսյո,— ասաց քելները։

— Որևէ բան... ինձ համար որևէ բան բերեք։

— Մի բաժակ պերնո բերե՞մ։

― Այո...

Ռավիկն աչքերը փակեց։ Հետո դանդաղորեն նորից բացեց։ Մարդը դեռ նստած էր իր տեղում։ Այս անգամ արդեն սխալ լինել չէր կարող։

Հաակեն նստած էր դռան կողքին գտնվող սեղանի մոտ։ Նա, մենակ էր ճաշում։ Նրա առաջ դրված էր արծաթյա ափսեով երկու կեսական լանգուստ և սառույցով դույլի մեջ՝ մի շիշ շամպայն։ Քելներներից մեկը հենց այդտեղ սեղանի մոտ կանգնած, պոմիդորից սալաթ էր պատարստում։ Ռավիկն այդ բոլորը տեսնում էր այնքան պարզ, կարծես ուղղակի իր աչքի առաջ փորագրված լիներ մոմե թերթիկի վրա։ Հաակեն ձեռքը մեկնեց դեպի սառը շամպայնը, և Ռավիկը տեսավ նրա կնիքով մատանին, որի գերբը քանդակված էր կարմիր քարի վրա։ Նա իսկույն ճանաչեց և մատանին և Հաակեի սպիտակ մսեղ ձեռքը։ Ռավիկը դա տեսել էր դեռ այն ժամանակ, երբ զարհուրելի ու մեթոդիկ կտտանքների ենթարկելուց հետո, իրեն ուժասպառված ու անզոր կուրացուցիչ լույսով ողողված պատժասեղանի վրայից մի կողմ էին շպրտում։ Հետո գլխին դույլով սառը ջուր էին լցնում, և նորից նրա գիտակցությունը տեղն էր գալիս։ Հաակեն զգուշորեն ոտքերը ետ էր դնում, որպեսզի հանկարծ չթրջի խնամքով, անթերի արդուկված համազգեստը։ Դեպի Ռավիկը մեկնելով իր սպիտակ մսեղ ձեռքը, նա հանգիստ, մեղմ ձայնով ասում էր.

— Սա դեռ սկիզբն է։ Այստեղ սարսափելի ոչինչ չկա։ Հը, անունները ուզո՞ւմ եք տալ։ Թե՞ մի քիչ ավելի հուպ տանք։ Մենք հնարավորություններ շատ ունենք։ Ձեր եղունգները, ինչպես տեսնում եմ, դեռ իրենց տեղում են։

Հաակեն հայացքը բարձրացրեց ու նայեց ուղիղ Ռավիկի աչքերին։ Ռավիկը ուժերի վիթխարի լարումով միայն իրեն ստիպեց մնալ տեղում նստած։ Նա վերցրեց պերնոյի բաժակը, մի կում խմեց վրայից և հայացքը փոխադրեց սալաթի ափսեի վրա ու այնպես սկսեց նայել, կարծես ուզում էր իմանալ, թե ինչպես են պատրաստել։ Նա չգիտեր, Հաակեն իրեն ճանաչե՞ց, թե չէ։ Քրտինքը վայրկենապես պատեց նրա մեջքը։

Փոքր-ինչ հետո Ռավիկը նորից աչքը գցեց Հաակեի սեղանի կողմը։ Հաակեն ափսեի վրա կռացած իր լանգուստն էր ուտում։ Լույսը արտացոլվում էր նրա ողորկ ճաղատի վրա, Ռավիկը նայեց շուրջը։ Ռեստորանն արդեն լցվել էր մարդկանցով։ Որևէ բան անել հնարավոր չէր։ Նա իր մոտ ոչ մի զենք չուներ։ Բավական է հարձակվեր Հաակեի վրա, մի վայրկյան հետո տասնյակ մարդիկ կխառնվեին ու անմիջապես կբաժանեին նրանց։ Երկու րոպե անց ոստիկանությունն արդեն կհայտնվեր։ Մնում էր միայն մի բան — սպասել, գնալ Հաակեի հետևից և անպայման պարզել, թե նա որտեղ է ապրում։

Ռավիկն ստիպեց իրեն մի սիգարետ վառել և հայացքը շրջեց Հաակեի կողմը այնքան ժամանակ, մինչև որ սիգարետը ծխեց, վերջացրեց։ Հետո դանդաղ, կարծես ինչ-որ մեկին փնտրելով, աչքերը ման ածեց շուրջը և նոր միայն զգուշորեն նայեց Հաակեին։ Հաակեն լանգուստն արդեն կերել-վերջացրել էր և, անձեռոցիկը վերցրած, բերանն էր սրբում։ Նա այդ անում էր ոչ թե մեկ, այլ երկու ձեռքով։ Անձեռոցիկը փոքր-ինչ ձգած, նա թեթևորեն այս ու այն կողմ էր տանում նախ վերևի, ապա ներքևի շրթի վրայով, ինչպես որ այդ անում է շրթներկը շրթունքներից սրբող կինը։ Այդ նույն ժամանակ նա նայում էր ուղիղ Ռավիկի աչքերին։

Ռավիկը հայացքը փոխադրեց ուրիշ սեղանի վրա։ Նա զգաց, որ Հաակեն շարունակում է իրեն նայել։ Հետո գլխի շարժումով մոտ կանչեց քելներին և նորից մի բաժակ պերնո պա տվիրեց։ Քելներներից մի ուրիշը մոտեցավ Հաակեի սեղանին, հավաքեց լանգուստի մնացորդները և դատարկ բաժակը լցրեց։ Հետո գնաց և իսկույն նորից վերադարձավ, մատուցարանի վրա բերելով պանրի տարբեր տեսակներ, Հաակեն վերցրեց հյուսովի ծղոտի վրա դրած մի բաժին բրի։

Ռավիկր կրկին մի սիգարետ վառեց։ Հետո մի պահ սպասելուց հետո, աչքը արագ գցեց Հաակեի կողմը և զգաց, որ նա հետևում է իրեն։ Դա արդեն պատահական լինել չէր կարող։ Ռավիկի մարմինը փշաքաղվեց։ Եթե Հաակեն ճանաչել է իրեն, ուրեմն... Ռավիկը մոտ կանչեց կողքից անցնող քելներին։

― Դուք չէի՞ք կարող իմ պերնոն դուրս տանել տերրաս։ Ես կուզեի տերրասում նստել։ Այնտեղ ավելի հով է։

Քելները տատանվեց։

— Լավ կլիներ, եթե դուք այստեղ վճարեիք, մեսյո։ Դրսում ուրիշ քելներ է սպասարկում։ Իսկ հետո ես ձեր բաժակը դուրս կբերեմ այնտեղ։

Ռավիկը գլուխը տմբացրեց ու գրպանից հանեց փողը։

— Որ այդպես է, ես սա այստեղ կխմեմ, իսկ դրսում՝ այնտեղի քելներին կպատվիրեմ։ Որպեսզի թյուրիմացություն չլինի։

— Ինչպես կամենում եք, մեսյո։ Շնորհակալ եմ, մեսյո։

Ռավիկն առանց շտապելու խմեց իր բաժակի պերնոն։ Նա գիտեր, որ Հաակեն այս բոլորը լսեց։ Երբ ինքը քելների հետ խոսում էր, Հաակեն դադարեցրեց ուտելը և ականջները սրեց։ Հիմա նա նորից սկսեց ուտել։ Ռավիկը մի քիչ էլ նստեց, աշխատելով որքան կարելի է իրեն հանգիստ պահել։ Եթե Հաակեն ճանաչել է իրեն, ուրեմն, մնում է միայն մի բան — այնպես ձևացնել, որ իբրև թե ինքը չի ճանաչել Հաակեին և, թաքնվելով, հետևել նրան։

Ռավիկը մի քանի րոպեից հետո վեր կացավ և, առանց շտապելու, դուրս գնաց տերրաս։ Տերրասում գրեթե բոլոր սեղանները զբաղեցրած էին։ Նա այդպես մնաց կանգնած, մինչև որ, վերջապես, գտավ մի տեղ, որտեղից կարող էր աչքի պոչով հետևել ռեստորանի ներսում գտնվող Հաակեի սեղանին։ Իրեն Հաակեին նա չէր տեսնում, բայց անպայման կտեսներ, եթե նա տեղից կանգներ՝ գնալու։

Ռավիկը մի բաժակ պերնո պատվիրեց և վճարեց տեղնուտեղը։ Նա ուզում էր պատրաստ լինել՝ ուզած րոպեին գնալու համար։


— Ռավիկ...— ձայն տվեց ինչ-որ մեկը։

Նա անսպասելիությունից այնպես ցնցվեց, կարծես հանկարծակի հարվածեցին։ ժոանը կանգնած էր նրա կողքին։ Ռավիկը ապուշ կտրած աչքերով նրան էր նայում։

— Ռավիկ...— կրկնեց Ժոանը։— Դու այլևս ինձ չե՞ս ճանաչում։

— Ինչպե՞ս կարող եմ չճանաչել... իհարկե ճանաչում եմ...

Ռավիկի աչքերը Հաակեի սեղանի վրա էին։ Քելները Հաակեին սուրճ էր տալիս։ Ռավիկը հանգիստ շունչ քաշեց։ Դեռ ժամանակ կար։

— Ժոան,— դժվարությամբ ասաց Ռավիկը,— ինչպե՞ս ես ընկել այստեղ։

— Դա ի՞նչ հարց է։ Փարիղում ո՞վ է, որ «Ֆուքեում» չի լինում ։

— Դու մենա՞կ ես։

— Այո։

Ռավիկը նոր միայն գլխի ընկավ, որ մինչև հիմա Ժոանը կանգնած է, իսկ ինքը նստած։ Նա իսկույն տեղից վեր կացավ, բայց այնպես կանգնեց, որ հնարավոր լինի աչքի պոչով հետևել Հաակեի սեղանին։

— Ես այստեղ մի քիչ գործ ունեմ, Ժոան,— արագ վրա բերեց Ռավիկը, առանց նրան նայելու։— Ես քեզ չեմ կարող բացատրել, թե ինչ է։ Բայց դու օգտակար լինել չես կարող։ Ինձ պետք է մենակ թողնես։

— Ես կսպասեմ,— Ժոանը նստեց։— Ուզում եմ տեսնել, թե դա ինչպիսի կին է։

— Ի՞նչ կին,— հարցրեց Ռավիկը առանց հասկանալու։

— Այն կինը, որին դու սպասում ես։

— Ես ոչ մի կնոջ չեմ սպասում։

— Բա ո՞ւմ ես սպասում:

Ռավիկը մոլորված նրան նայեց։

— Դու չես ուզում ինձ ճանաչել,— ասաց Ժոանը։— Ուզում ես ինձանից ազատվել։ Մի տեսակ հուզված ես։ Ես գիտեմ, որ կնոջ ես սպասում։ Եվ ուզում եմ տեսնել, թե ով է նա։

Հինգ րոպե, մտածեց Ռավիկը։ Գուցե նաև տասը կամ նույնիսկ տասնհինգ րոպե տևի սուրճ խմելը։ Երևի Հաակեն դեռ սիգարետ էլ ծխի։ Ըստ երևույթին, միայն մի սիգարետ։ Ուրեմն, ինքը պետք է այնպես անի, որ մինչև այդ Ժոանից գլուխն ազատի։

— Լավ,— ասաց Ռավիկը։— Ես քեզ արգելել չեմ կարող։ Բայց, խնդրում եմ, նստես որևէ ուրիշ տեղ։

Ժոանը չպատասխանեց։ Նրա աչքերը ավելի պայծառացան, իսկ դեմքը պրկվեց ու կենտրոնացավ։

— Ես ոչ մի կնոջ չեմ սպասում, Ժոան,— նորից ասաց Ռավիկը։— Բայց եթե անգամ սպասեմ էլ, դա քո ի՞նչ դործն է։ Քեզ ծիծաղելի մի դարձրու, մի կողմից դերասանիդ հետ ես քարշ գալիս, մյուս կողմից էլ խանդի տեսարաններ ես սարքում։

ժոանը լուռ էր։ Նա աչքերը շրջեց Ռավիկի հայացքի ուղղությամբ, փորձելով տեսնել, թե նա ում է նայում։

— Արի վերջ տանք դրան,— ասաց Ռավիկը։

— Հը, ուրիշի հե՞տ է նստած,— հեգնանքով ասաց ժոանը։

Ռավիկը հանկարծ տեղում նստեց։ Հաակեն լսել էր, թե ինքն ինչպես քելներին ասաց, որ ուզում է դուրս գալ տերրաս։ Եթե Հաակեն իրեն ճանաչել է, ուրեմն, զգուշացած կլինի և հիմա արդեն հետևում է իրեն։ Եթե այդպես է, ավելի բնական կլինի, որ ինքը տերրասում նստի կնոջ հետ և ոչ թե մենակ։

— Լավ,— ասաց Ռավիկը։— Մի գնա, մնա այստեղ։ Իսկ այն, ինչ դու մտածում ես, պարզապես հիմարություն է։ Ես կնստեմ քեզ հետ, բայց հանկարծ վեր կկենամ ու կգնամ։ Դու ինձ կուղեկցես մինչև որևէ տաքսի նստելը, որից հետո ես կգնամ մենակ։ Համաձա՞յն ես։

— Սա ի՞նչ խորհրդավորություններ են։

— Այստեղ ոչ մի խորհրդավորություն չկա։ Պարզապես կա մեկը, որին ես երկար ժամանակ չեմ տեսել։ Ուզում եմ իմանալ, թե նա որտեղ է ապրում։ Ուրիշ ոչինչ։

— Դա կի՞ն է։

— Ոչ։ Տղամարդ է։ Եվ ուրիշ ոչինչ ասել ես քեզ չեմ կարող։

Քելները եկավ և կանգնեց նրանց սեղանի մոտ։

— Ի՞նչ ես ուզում խմել,— հարցրեց Ռավիկը։

— Կալվադոս։

— Մի բաժակ կալվադոս բերեք։

Քելները քստքստացնելով հեռացավ։

— Իսկ դու կալվադոս չե՞ս խմելու։

― Ոչ։ Ես սա եմ խմելու, պերնո,— ասաց Ռավիկը, ցույց տալով առջևի բաժակը։

Ժոանը զննող հայացքով նայեց նրան։

― Դու չգիտես, թե մեկ-մեկ ես ինչպես եմ քեզ ատում։

— Ինչ կա որ, պատահում է։

Ռավիկը աչքը սահեցրեց Հաակեի սեղանի վրայով։ Ապակի է, մտածեց նա։ Խժվժացող, մի տեսակ հոսուն, թափանցիկ ապակի։ Փողոցը, սեղանները, մարդիկ — բոլորը սուզվեց ապակու դողդոջուն Ժելյեի մեջ։

— Ինչքա՞ն ես սառը, էգոիստ...

— Ժոան,— ասաց Ռավիկը։— Թող մնա, մի ուրիշ անգամ մենք այս մասին կխոսենք։

Ժոանը լռեց։ Քելներր սեղանին դրեց պատվիրած կալվադոսը։ Ռավիկն իսկույն վճարեց։

— Դո՛ւ քաշեցիր ինձ այս ամբողջ պատմության մեջ,— ասաց Ժոանը վրդովված տոնով։

— Գիտեմ...

Ռավիկը մի վայրկյան աչքը գցեց Հաակեին, որի սպիտակ մսեղ ձեռքը շաքար էր վերցնում։

— Դո՜ւ։ Միա՜յն ու միայն դո՛ւ։ Երբեք դու ինձ չես սիրել։ Պարզապես խաղացել ես ինձ հետ։ Եվ տեսնելով, որ ես քեզ սիրում եմ, միշտ արհամարհել ես իմ սերը։

― Այո, դա ճիշտ է։

— Ի՞նչ,

— Դա ճիշտ է,— ասաց Ռավիկը, առանց Ժոանին նայելու։— Բայց հետագայում արդեն ուրիշ կերպ դառավ։

— Այո, հետագայում։ Երբ ամեն ինչ խճճվել էր։ Երբ արդեն չափազանց ուշ էր... Ամեն ինչի մեղավորը դու ես։

— Գիտեմ։

— Խնդրում եմ ինձ հետ այդպես չխոսես։— Ժոանի դեմքը զայրույթից սփրթնել էր։— Դու նույնիսկ չես էլ լսում, թե ես ինչ եմ ասում։

— Ոչ, ես լսում եմ։

Ռավիկր նայեց Ժոանին։ Պետք է խոսել, խոսել որևէ բանի մասին, միայն խոսել, ինչ — դա կարևոր չէ։

— Հը, ի՞նչ է։ Կռվե՞լ ես դերասանիդ հետ։

— Այո, կռվել եմ։

― Ոչինչ, հետո կհաշտվեք։

Անկյունից, որտեղ Հաակեի սեղանն էր, կապույտ ծուխ բարձրացավ։ Քելները նորից էր սուրճ լցնում նրան։ Հաակեն, ինչպես երևում է, չէր շտապում։

— Եu կարող էի և չխոստովանել քեզ։ Կարող էի ասել, որ պատահաբար եմ անցել այստեղ։ Բայց ես այդպիսին չեմ։ Ինչո՞ւ կեղծել։ Ես փնտրում էի քեզ։ Նրանից ուզում եմ հեռանալ։

— Դա նոր պատճառաբանություն չէ։ Միշտ էլ այդպես են ասել։

— Ես նրանից վախենում եմ։ Նա սպառնում է ինձ։ Ասում է, որ ինձ կսպանի։

— Ի՞նչ։— հանկարծ աչքերը բարձրացրեց Ռավիկը։— Ի՞նչ ասացիր։

— Ասացի, որ նա ուզում է ինձ սպանի։

— Ո՞վ։— Ժոանի ասածների կեսը նա չէր լսել։ Բայց հետո հասկացավ։— Հաա՜,— ասաց նա և իսկույն ավելացրեց,— ես չեմ կարծում, թե դու այդ լուրջ ես ընդունում։

— Նա սոսկալի տաքարյուն է։

— Հիմարություն է դուրս տալիս։ Ով սպառնում է սպանել, նա երբեք մարդ չի սպանում։ Համենայն դեպս, դերասանն այդպիսի բան անող չէ։

Ի՞նչ եմ ասում, մտածեց նա։ Այս բոլորն ի՞նչ է նշանակում։ Ես ի՞նչ եմ անում այստեղ։ Ինչ-որ ձայն, ինչ-որ դեմք, ինչ-որ աղմուկ ականջներիս մեջ։ Ես ի՞նչ գործ ունեմ այստեղ։

— Դու ինչո՞ւ ես այդ բոլորն ինձ պատմում,— հարցրեց նա Ժոանին։

— Ես ուզում եմ նրանից հեռանալ։ Ուզում եմ նորից գալ քեզ մոտ։

Եթե նա հանկարծ տաքսի բռնի, ամենաքիչը մի քանի վայրկյան կանցնի, մինչև ես նույնպես տաքսի վարձեմ, մտածեց Ռավիկը։ Իսկ եթե նրա տաքսին շարժվի, ես արդեն չեմ հասցնի հետևից գնալ, արդեն ուշ կլինի։

Նա տեղից կանգնեց։

— Դու սպասիր այստեղ, ես այս րոպեիս գալիս եմ։

— Ո՞ւր ես գնում...

Ռավիկը չպատասխանեց։ Նա դուրս եկավ տերրասից և, անցնելով մայթը, իսկույն մի տաքսի կանգնեցրեց։

— Ահա ձեզ տասը ֆրանկ։ Մի քանի րոպե չե՞ք կարող ինձ սպասել այստեղ։ Ես ռեստորանում մի քիչ գործ ունեմ։

Վարորդը նայեց փողին, հետո՝ Ռավիկին։ Ռավիկն աչքով արեց վարորդին, վարորդն էլ իր հերթին աչքով արեց և սկսեց փողի հետ խաղ անել։

— Սա ես ձեզ վճարից դուրս եմ տալիս,— ասաց Ռավիկը։— Դուք, երևի, արդեն հասկանում եք, բանն ինչումն է։

— Հասկանում եմ,— վարորդը քմծիծաղեց։— Շատ լավ, ես ձեզ այստեղ կսպասեմ։

― Միայն թե այնպես կանգնեցրեք, որ ուզած րոպեին շարժվի։

— Աչքիս վրա, մեսյո։

Ռավիկն, արագ-արագ ճեղքելով բազմությունը, հասավ իր սեղանին։ Հանկարծ նրա շունչը քիչ մնաց կտրվեր։ Հաակեն կանգնած էր դռան շեմին ժոանը նրա հետևից ինչ-որ բան ասաց, բայց Ռավիկը չհասկացավ։

— Սպասիր,— ասաց նա ժոանին։— Այդտեղ սպասիր, ես այս րոպեիս գալիս եմ։ Մի վայրկյան միայն։

— Ոչ։— Նա աեղից կանգնեց։— Դու դեռ կփոշմանես։

Ժոանը քիչ էր մնացել հեկեկա։

Ռավիկն իրեն ստիպեց ժպտալ և ամուր բռնեց Ժոանի ձեռքից։ Հաակեն դեռ կանգնած էր իր տեղում։

— Նստիր,— ասաց Ռավիկը։— Մի րոպե սպասիր։

— Ոչ մի վայրկյան։

Ժոանը ճգնում էր ձեռքն ազատել Ոավիկից։ Եվ Ռավիկր բաց թողեց․ նա աշխատում էր ուշադրություն չգրավել։ ժոանն արագ-արագ սեղանների արանքով գնաց դեպի ելքը և դուրս եկավ դռնից։ Հաակեն նայեց նրա հետևից: Հետո դանդաղորեն հայացքը նորից սահեցրեց Ռավիկի վրայով ու կրկին դարձրեց այն կողմը, ուր Ժոանը գնաց։ Ռավիկը նստեց։ Հանկարծ արյունը խփեց նրա քունքերին։ Նա գրպանից հանեց դրամապանակը և ձևացրեց, թե ինչ-որ բան է փնտրում, բայց նկատեց, որ Հաակեն սեղանների արանքով դանդաղորեն գալիս է իր կողմը։ Ռավիկն, իբրև անտարբերությամբ, հայացքը շրջեց հակառակ ուղղությամբ, բայց, ըստ երևույթին, դա չէր վրիպել Հաակեի աչքից։

Ռավիկն սպասում էր։ ժամանակն ընթանում էր անասելի դանդաղ։ Հանկարծ նրան համակեց սոսկալի մի սարսափ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Հաակեն շրջվի, նա արագ գլուխը շրջեց ու ետ նայեց, Հաակեն այլևս չկար։ Մի պահ ամեն ինչ գլխին պտտվեց։

— Թույլ տվեք, խնդրեմ,― ասաց նրա կողքին ինչ-որ մեկը։

Ռավիկը չլսեց, նրա ուշադրությունը դռան կողմն էր, Հաակեն ետ չէր գնացել ռեստորան։ Վայրկենապես պետք է դուրս թռչել, մտածեց նա։ Վազել հետևից, հասնել նրան։ Նորից իր հետևին Ռավիկը ձայն լսեց։ Նա անմիջապես շրջվեց ու, հայացքը բարձրացնելով, տեղում քարացավ։ Հաակեն անցավ նրա հետևից ու կանգնեց կողքին։

— Թույլ կտա՞ք,— ասաց Հաակեն, ցույց տալով այն աթոռը, որտեղ մի քանի րոպե առաջ նստած էր Ժոանը։ Այլապես ուրիշ ազատ սեղան չկա։

Ռավիկը գլխով արեց։ Թվում էր, թե լեզուն բռնվել է, խոսել չէր կարողանում, նրա մեջ փոթորկվող արյունը հանկարծ ետ հոսեց, աստիճանաբար այնպես ցամաքելով, կարծես սեղանի տակ էր թափվում, հետո մարմինը կամաց-կամաց սմքեց ու դառավ դատարկ պարկ։ Ռավիկն ամուր սեղմվեց աթոռի թիկնատեղին։ Նրա առաջ սեղանին դեռ դրված էր պղտոր կաթնավուն հեղուկով բաժակը։ Ռավիկը վերցրեց ու խմեց։ Բաժակը մի տեսակ ծանր թվաց։ Բայց ձեռքին չէր դողում։ Դողը նրա երակների մեջ էր։

Հաակեն կոնյակ պատվիրեց։ Մի բաժակ հին կոնյակ։ Նա ֆրանսերեն խոսում էր ծանր գերմանական ակցենտով։ Ռավիկը գլխի շարժումով մոտ կանչեց լրագրավաճառ տղային։

— «Պարի սուար»։

Լրագրավաճառ տղան աչքը գցեց դեպի ռեստորանի մուտքը։ Նա գիտեր, որ պառավ լրագրավաճառն այնտեղ է։ Տղան արագ-արագ ծալած լրագիրը մեկնեց Ռավիկին, փողը վերցրեց ու վայրկենապես ծլկեց։

Հաակեն, ըստ երևույթին, ինձ ճանաչել է, մտածեց Ռավիկը։ Այլապես ինչո՞ւ պետք է մոտենար ու նստեր։ Ինքն այս մոմենտը հաշվի չէր առել։ Հիմա ուզի-չուզի պետք է նստի և սպասի, թե Հաակեն ինչ է անում, որպեսզի ըստ այնմ հարմարեցնի իր գործողությունները։

Նա լրագիրը բացեց, կարդաց վերնագիրը և նորից ծալեց, դրեց սեղանին։ Հաակեն նայեց Ռավիկին։

— Հիանալի երեկո է,— ասաց նա գերմաներեն։

Ռավիկը գլխով արեց։

Հաակեն ժպտաց։

— Լավ աչք ունեմ, ճի՞շտ է։

— Ըստ երևույթին։

— Ես ձեզ նկատեցի, երբ դեռ ներսն էիք նստած։

Ռավիկն անտարբեր քաղաքավարությամբ գլուխը տմբացրեց։ Ներվերը ծայրահեղ լարված էին։ Նա չէր կարողանում գլխի ընկնել, թե ինչ է Հաակեի մտադրությունը։ Այն, որ Ռավիկր անլեգալ էր գտնվում Ֆրանսիայում, նա կարող էր չիմանալ։ Բայց ո՞վ գիտե, գուցե գեստապոն այդ մասին նույնպես տեղյակ է։ Սակայն դրա համար դեռ ժամանակ կար։

— Ես նույնիսկ ձեզ ճանաչեցի,— ասաց Հաակեն։

Ռավիկը նայեց նրան։

— Սպիից,— շարունակեց նա, գլխի շարժումով ցույց տալով Ռավիկի ճակատը։— Այդպիսի սպիներ միայն կորպորանտներն են ունենում։ Նշանակում է, դուք գերմանացի պետք է լինեք։ Կամ, ծայրահեղ դեպքում, Գերմանիայում ուսանած։

Հաակեն ծիծաղեց։ Ռավիկը դեռ նրան էր նայում։ Սա անհնարին է։ Պարզապես չափազանց անհեթեթ, ծիծաղելի բան է։ Ռավիկը հանկարծ մի թեթևություն զգաց և խոր շունչ քաշեց։ Ուրեմն, Հաակեն գաղափար չունի, թե ինքը՝ Ռավիկն ով է։ Սպին նա համարել է ուսանողական մենամարտից մնացած հետք։ Ռավիկը ծիծաղեց։ Ծիծաղում էր Հաակեի հետ միասին: Նա ստիպված էր բռունցքներն այնպես սեղմել, որ եղունգները մտնեն մսի մեջ, և այդպիսով միայն հարկադրեց իրեն վերջ տալ ծիծաղին։

— Ճի՞շտ է,— հարցրեց Հաակեն, հպարտացած իր հայտնագործությունից։

— Միանգամայն ճիշտ է։

Ճակատի սպին։ Նրա գլուխը ջարդել էին գեստապոյում՝ հենց Հաակեի աչքի առաջ։ Արյունը հոսում, լցվում էր աչքերն ու բերանը։ Իսկ հիմա Հաակեն նստել է նրա դիմաց, դա ուսանողական մենամարտի հետք է համարում։ Եվ պարծենում է իր խորաթափանցության համար։

Քելները բերեց Հաակեի պատվիրած կոնյակը։ Հաակեն գիտակ մարդու տեսքով հոտոտեց բաժակը։

— Լա՜վ կոնյակ է,— բացատրեց նա։— Այս տեսակը բաները սրանք գիտեն ինչպես պատրաստել։ Բայց մնացածը․․․— նա Ռավիկին աչքով արեց։— Ինչ կա, չկա հոտած է... Ամբողջ Ֆրանաիան։ Ռանտիեների ժողովուրդ է։ Ապահովությունից ու կուշտ կյանքից բացի, ուրիշ ձգտում չունեն։ Մեր դեմ կորած են։

Ռավիկին թվում էր, թե ինքը խոսել չի կարող։ Իսկ եթե հանկարծ լեզուն բացվի, բաժակը շրմփալով կխփի սեղանին, կջարդի, վերցնելով ամենամեծ ու սուր կտորը, կզոլի Հաակեի երեսն ու աչքերը։ Նա զգուշորեն, կարծես ճիգ գործադրելով, վերցրեց առջևի բաժակը, խմեց և հանդարտորեն ցած դրեց։

— Այդ ի՞նչ է,— հարցրեց նրան Հաակեն։

— Պերնո։ Աբսենտ փոխարինող։

— Ախ, աբսե՜նտ։ Ասում են, դրանից ֆրանսիացիները իմպոտենտ են դառնում, չե՞ք լսել։— Հաակեն քմծիծաղեց։— Ներեցեք, իհարկե։ Ես անձամբ ձեզ նկատի չունեմ։

— Աբսենտը արգելված է,— ասաց Ռավիկը։— Իսկ պերնոն վնասակարություն չունի։ Աբսենտը ամլացնում է և ոչ թե իմպոտենտ դարձնում։ Այդ պատճառով էլ արգելված է։ Պերնոն անիսոնի օղի է։ Համով մատուտակի թրմօղի է հիշեցնում։

Ուրեմն, լեզուս չի բռնվել, կարողացա խոսել։ Եվ խոսեցի նույնիսկ առանց հուզմունքի, մտածեց Ռավիկը։ Նա Հաակեին պատասխանում էր առանց դժվարության, սահուն։ Եվ միայն իր խորքում ինչ-որ տեղ է, որ սուլում ու պտույտ է տալիս սև մրրիկը։ Իսկ մակերեսը հանգիստ է։

― Փարիզո՞ւմ եք ապրում,— հարցրեց նրան Հաակեն։

— Այո։

— Վաղուցվանի՞ց։

— Միշտ։

— Հասկանում եմ,— ասաց Հաակեն։— ֆրանսահպատակ գերմանացի եք։ Այստե՞ղ եք ծնվել։

Ռավիկը գլխով արեց։

Հաակեն խմեց իր կոնյակը։

— Մեր լավագույն մարդկանցից շատերը նույնպես ուրիշ երկրներում ապրող գերմանացիներ են։ Ֆյուրերի տեղակալը Եգիպտոսում է ծնվել։ Ռոզենբերգը՝ Ռուսաստանում։ Դարրեն Արգենտինայից եկած է։ Կարևորը աշխարհայացքն է, ճի՞շտ է։

— Միայն,— ասաց Ռավիկը։

— Ես գիտեի, որ այդպես կպատասխանեք։— Հաակեի դեմքը գոհունակությամբ էր շնչում։ Նա թեթևակի այնպես խոնարհվեց սեղանի վրա, որ թվաց, թե սեղանի տակ կրունկները շրխկացրեց իրար։— Ի միջի այլոց, թույլ տվեք ներկայանալ — ֆոն Հաակե։

Ռավիկն իսկույն կրկնեց նույն արարողությունը։

— Հորն,— ասաց նա։ Դա նրա նախկին կեղծանուններից էր։

— Ֆո՞ն Հորն,— հարցրեց Հաակեն։

— Այո։

Հաակեն գլուխր տմբացրեց։ Նա գնալով ավելի ու ավելի էր վստահությամբ լցվում դեպի Ռավիկը, որի մեջ նա տեսնում էր իր դասակարգի ներկայացուցչին և համախոհին։

— Դուք, ըստ երևույթին, Փարիզը լավ դիտեք, ճի՞շտ է։

— Բավական լավ։

— Ես, իհարկե, նկատի չունեմ թանգարանները։— Հաակեն ատամներր բացեց ազնվակիրթ մարդու ժպիտով։

— Ես հասկանում եմ, դուք ինչ նկատի ունեք։

Արիական գերմարդը, ըստ երևույթին, ուզում է անառակության գնալ, բայց չգիտի որտեղ պարտակի իրեն, մտածեց Ռավիկը։ Եթե ինքը կարողանար դրան քարշ տալ քաղաքի խուլ անկյուններից որևէ մեկը, որևէ հեռավոր գինետուն կամ աչքից հեռու ընկած անշուք մի բոզանոց..., իսկույն անցավ Ռավիկի մըտքով։ Մի խոսքով, որևէ անկյուն, որտեղ ոչ խանգարող լիներ և ոչ էլ արգելող...

— Այստեղ, ձեզ մոտ, երևի, հետաքրքիր ժամանակ անցկացնելու տեղեր շատ կլինեն, ճի՞շտ է,— հարցրեց Հաակեն։

— Դուք նո՞ր եք եկել։

— Ես յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մի երկու-երեք օրով այստեղ եմ լինում։ Հսկողության պես մի բան է։ Շատ կարևոր գործով։ Վերջին տարվա ընթացքում մենք այստեղ շատ բան ենք արել։ Ամեն ինչ կարգի է ընկած և լավ էլ գործում է։ Ես չեմ կարող մանրամասնությունները ձեզ պատմել, բայց... — Հաակեն ծիծաղեց։ Այստեղ բան չկա, որ մարդ չկարողանա գնել։ Շատ ծախու ժողովուրդ է։ Այն, ինչ մեզ պետք է, համարյա ամեն ինչ գիտենք։ Նույնիսկ հետախուզության կարիք չունենք։ Ամեն տեսակի տեղեկություններն իրենք են բերում։ Հայրենիքի դավաճանությունը հայրենասիրության յուրօրինակ տեսակներից է։ Դա բազմապարտիական սիստեմի ուղղակի հետևանքներից է։ Յուրաքանչյուր պարտիա դավաճանում է մյուս պարտիաներին, իսկ միաժամանակ նաև հայրենիքին։ Միայն թե միջից որևէ օգուտ հանեն։ Իսկ մենք, իհարկե, չենք խանգարում, որ այդ օգուտն ունենան։ Այստեղ մենք բազմաթիվ համախոհներ ունենք։ Եվ բոլորը՝ ազդեցիկ ոլորտներում։— Հաակեն բաժակը բարձրացրեց, նայեց, ինչպես պետքն է, և տեսնելով, որ դատարկ է, նորից դրեց սեղանին։— Նրանք նույնիսկ չեն էլ զինվում։ Կարծում են, որ եթե իրենք զինված չլինեն, մենք ոչինչ չենք պահանջի։ Եթե իմանայիք նրանց ինքնաթիռների և տանկերի թիվը, ծիծաղից կթուլանայիք։ Պարզապես ինքնասպանության թեկնածուներ են։

Ռավիկը լուռ լսում էր նրան։ Նա վերին աստիճանի կենտրոնացած էր, բայց, չնայած դրան, շուրջը ամեն ինչ լողում էր, կարծես ինքը ինչ-որ երազ է տեսնում և ահա ուր որ է կարթնանա։ Սեղանը, քելներներր, կյանքի իրիկնային աշխուժությունը, ավտոմեքենաների սահող շարքերը, տանիքների վրա կախված լուսինը, տների ճակատներին հարմարեցված լուսային պայծառ ռեկլամները... և իր դիմաց խոսքաշատ, բազմաթիվ ոճրագործություններ կատարած մի մարդ, որը կործանել էր իր՝ Ռավիկի կյանքը։

Երկու կին հիանալի կոստյումներ հագած անցան նրանց կողքով ու ժպտացին Ռավիկին։ Իվետան ու Մարթան էին՝ «Օզիրիսից»։ Այսօր նրանց ազատ օրն էր։

— Մի տես, ինչ շքեղություն է, սատանան տանի,— ասաց Հաակեն։

Որևէ նրբանցք մտցնել, մտածեց Ռավիկը։ Նեղ, մութ փողոցներից մեկնումեկը խրել... Եվ կամ Բուլոնյան անտառը։

— Այս երկու դամաները սիրո վաճառքով են ապրում,— ասաց Ռավիկը։

Հաակեն նայեց նրանց հետևից։

— Լավիկնե՜րն են։ Դուք, երևի, սրանց մասին լավ տեղեկություններ ունեք, ճի՞շտ է։— Հաակեն մի բաժակ էլ կոնյակ պատվիրեց։— Կարելի է ձեզ մի բաժակ հյուրասիրել։

― Շնորհակալ եմ, ես չէի ուզի պերնոն փոխել։

— Փարիզում պետք է որ լավ հաստատություններ լինեն։ Հետաքրքիր կանանցով, բանով...

Հաակեի աչքերը շողշողում էին։ Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ շողշողում էին գեստապոյի աղոտ լուսավորված նկուղում։

Ես այդ մասին չպետք է մտածեմ, ասաց ինքն իրեն Ռավիկը։ Հիմա դրա ժամանակը չէ։

— Իսկ դուք այդպիսի հաստատություններում ոչ մի անգամ չե՞ք եղել,— հարցրեց Ռավիկը:

— Որոշ տեղեր, մտել եմ։ Պատկերացում ունենալու համար, իհարկե։ Ուզեցել եմ տեսնել, թե մի ժողովուրդ ինչ աստիճանի կարող է ցածրանալ։ Բայց, իհարկե, իսկական տեղերում չեմ եղել։ Այդպիսի տեղերում մարդ պետք է իրեն շատ զգույշ պահի։ Այլապես սխալ քայլ արիր, իսկույն կվարկաբեկվես։

Ռավիկը գլխով արեց։

— Այդ մտահոգության կարիքը չկա։ Այնպիսի տեղեր գոյություն ունեն, որ ոչ մի տուրիստ ոտք չի դրել։

— Իսկ դուք դրանց տեղերը գիտե՞ք։

— Իհարկե, գիտեմ։ Նույնիսկ շատ լավ։

Հաակեն խմեց իր երկրորդ բաժակը։ Նա գնալով դառնում էր ավելի անկեղծ։ Այն կաշկանդվածությունը, որ նա կարող էր ունենալ Գերմանիայում, այստեղ անհետացել էր։ Ռավիկն զգում էր, որ նրա մեջ կասկածները լրիվ բացակայում են։

— Ես հենց այսօր մտադիր էի մի փոքրիկ պտույտ տալ որոշ տեղեր,— ասաց նա Հաակեին։

— Իսկապե՞ ս։

— Այո։ Ես դա ժամանակ առ ժամանակ անում եմ։ Մարդ պետք է ճաշակի այն ամենը, ինչ հնարավոր է։

― Ճիշտ է։ Միանգամայն ճիշտ է։

Հաակեն մի ակնթարթ մտացրիվ նայեց Ռավիկի երեսին։ Հարբեցնել, մտածեց Ռավիկը։ Եթե ուրիշ ոչինչ հնարավոր չլինի, խմեցնել ու քարշ տալ որևէ տեղ։

Հաակեի դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա հարբած չէր, բայց մտածում էր, թե ինչ անի։

— Ափսոս,— ասաց նա վերջապես։— Ես հաճույքով կգայի ձեզ հետ։

Ռավիկը չպատասխանեց։ Նա ուզում էր խոսակցությունն այնպես տանել, որ Հաակեի մեջ ոչ մի կասկած չառաջանա։

— Ես այս գիշեր պետք է մեկնեմ Բեռլին։— Հաակեն նայեց ժամացույցին։— Ժամուկեսից հետո։

Ռավիկն անշարժ և հանգիստ նստած էր։ Ես պետք է հետը գնամ, մտածեց Ռավիկը։ Նա, ըստ երևույթին, որևէ հյուրանոցում է ապրում։ Եվ ոչ թե մասնավոր տան։ Պարզապես հետը կմտնեմ իր համարը և այնտեղ հաշիվը կմաքրեմ։

— Ես երկու ծանոթ ունեմ, նրանց եմ սպասում այստեղ,— ասաց Հաակեն։— Հիմի ուր որ է պետք է գան։ Ինձ հետ են մեկնելու։ Իրերս արդեն կայարանում են։ Մենք այստեղից ուղղակի կայարան ենք գնալու։

Խափանվեց, մտածեց Ռավիկը։ Թե ինչո՞ւ մոտս ատրճանակ չեմ պահում։ Ինչո՞ւ էի ես՝ հիմարս, վերջին ամիսներին անընդհատ ինձ համոզում, թե սխալվել եմ։ Ես կարող էի նրան փողոցում փռել ու թաքնվել մետրոյում։

— Ափսոս,— ասաց Հաակեն։— Բայց գուցե մենք դա մյուս անգամ անեք, հը՞։ Ես երկու շաբաթից հետո էլի այստեղ եմ գալու։

Ռավիկը թեթևացած շունչ քաշեց։

— Լավ,— ասաց նա։

— Դուք որտե՞ղ եք ապրում։ Ես կարող էի ձեզ զանգել։

— «Ուելսի Պրինց» հյուրանոցում։ Այստեղից դուրս գալիս փողոցի մյուս կողմը։

Հաակեն հանեց բլոկնոտը և հասցեն գրեց։ Ռավիկը նայում էր բլոկնոտի կարմիր ու փափուկ կաշվե նրբատես կազմին և բարալիկ ոսկե մատիտին։ Հետաքրքիր է, ինչե՞ր կան այդտեղ գրած, մտածեց Ռավիկը։ Երևի ինչ-որ տեղեկություններ, որոնք ով գիտէ ում է տառապանքների ու տանջանքների մատնելու։

Հաակեն բլոկնոտը դրեց գրպանը։

— Փառահե՜ղ կին էր... այն, որի հետ քիչ առաջ խոսում էիք,— ասաց Հաակեն։

Ռավիկը մի վայրկյան գլխի չընկավ։ Հետո հասկանալով, իսկույն վրա բերեց.

— Ախ հա՜... Այո, շատ լավն է...

― Կինոդերասանուհի՞ է։

― Մոտավորապես այդպիսի մի բան է։

— Լա՞վ ծանոթ է։

— Միանգամայն լավ։

Հաակեն մտազբաղ նայում էր իր առջևում հեռու ինչ-որ տեղ։

— Այստեղ ինձ համար այնքան էլ հեշտ չէ որևէ հաճելի կնոջ հետ ծանոթանալ։ Մի կողմից ժամանակ չկա, մյուս կողմից էլ հուսալի հանգամանքներ...

— Դա կարելի է կազմակերպել,— ասաց Ռավիկը։

— Ճի՞շտ եք ասում։ Իսկ դուք չէի՞ք ուզի։

— Ի՞նչ։

Հաակեն շփոթահար ծիծաղեց։

— Օրինակ, այն դամային, որի հետ խոսում էիք։

— Ամենևին։

— Սատանան տանի, դա վատ չէր լինի։ Ֆրանսուհի է։

— Կարծեմ, իտալուհի։ Ավելի ճիշտ, ինչ-որ տարբեր ազգերի խառնուրդ է։

Հաակեն ժպտաց։

— Վատ չէ։ Տանն այդպիսի բաները, իհարկե, հնարավոր չեն։ Բայց այստեղ մարդ մի տեսակ ինկոգնիտո է, գոնե նշանակալից չափով։

— Դուք ինկոգնիտո՞ եք,— հարցրեց Ռավիկը։

Հարցը մի վայրկյան Հաակեին մոլորեցրեց։ Բայց նա անմիջապես ժպտաց։

— Հասկանո՜ւմ եմ։ Իհարկե, ինձ ճանաչողների համար ես Հաակե եմ... բայց ընդհանրապես, աշխատում եմ, որ դա գաղտնի մնա... ի դեպ, դուք որևէ ծանոթություններ չունե՞ք փախստականների հետ։

— Գրեթե ոչ մի,— զգուշորեն ասաց Ռավիկը։

— Շա՜տ ափսոս։ Մենք հաճույքով մի քանի տեղեկություններ կուզենայինք վերցնել որոշ մարդկանց մասին... ընդ որում, դրա համար, իհարկե, վճարում ենք...— Հաակեն իսկույն ձեռքը բարձրացրեց,— ինքնըստինքյան հասկանալի է, տվյալ դեպքում այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այնուամենայնիվ, նույնիսկ ամենափոքրիկ տեղեկությունը...

Ռավիկը նկատեց, որ Հաակեն աչքը չի հեռացնում իր վրայից։

— Դա հնարավոր է,— ասաց Ռավիկը։— Իհարկե, նախապես դժվար է ասել... Բայց մեկ էլ տեսար մի բան գտնվեց։

Հաակեն իր աթոռը մոտ քաշեց սեղանին։

— Իմ խնդիրներից մեկն էլ այդ է։ Հայտնաբերել ոչ լեգալ կապեր Գերմանիայի և դրսի միջև։ Երբեմն շատ դժվար է որևէ կոնկրետ բան գտնել։ Ռայց մենք այստեղ լավ, հուսալի մարդիկ ունենք։— Նա բազմանշանակորեն հոնքերը բարձրացրեց։— Մեզ մոտ, իհարկե, դա բոլորովին ուրիշ բան է։ Պատվի գործ է։ Հայրենիքի շահեր են, վերջին հաշվով։

— Ի՜նչ խոսք։

Հաակեն աչքերը բարձրացրեց։

— Ահա, վերջապես, և իմ ծանոթները։— Նախապես իմանալով ինչքան է բռնում, նա մի երկու թղթադրամ դրեց հախճապակյա ափսեի մեջ։— Շատ հարմար է, երբ այսպես գներն անմիջապես գրում ու ափսեի մեջ են թողնում։ Սա պետք է նաև մեզ մոտ տարածել։— Նա տեղից կանգնեց և ձեռքը մեկնեց Ռավիկին։— Ցտեսություն, պարոն ֆոն Հորն։ Ինձ համար շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալը։ Ուղիղ տասնչորս օրից հետո ես ձեզ կզանգեմ։— Նա ժպտաց։— Իհարկե, սա խստորեն մեր մեջ է մնում։

― Այդ մասին խոսք լինել չի կարող։ Չմոռանաք զանգահարել։

— Ես ոչինչ չեմ մոռանում։ Ոչ դեմք, ոչ խոստում։ Չեմ կարող ինձ այդպիսի բան թույլ տալ։ Այդ է մասնագիտությունս։

Ռավիկը նույնպես կանգնել էր տեղից։ Նրա մոտ այն զգացումն էր, թե ձեռքով պետք է ծակի իր դեմ բարձրացած ինչ-որ բետոնե մի պատ։ Հետո նա իր ափի մեջ զգաց Հաակեի ձեռքը, որը զարմանալիորեն փոքր էր և փափուկ։

Նա մի քանի վայրկյան մնաց այդպես անվճռական կանգնած և նայում էր Հաակեի հետևից։ Հետո նստեց։ Հանկարծ զգաց, որ դողում է։ Մի քանի րոպե անց քելներին վճարեց ու դուրս եկավ։ Նա գնում էր հենց այն ուղղությամբ, ուր Հաակեն էր գնացել։ Բավական ժամանակ էր անցել, երբ հիշեց, որ Հաակեն ու իր երկու ուղեկիցները տաքսի նստեցին։ Նրան հետևելն այլևս միտք չուներ։ Հյուրանոցից արդեն դուրս էր գրվել։ Եթե հանկարծ Հաակեն նրան մի անգամ էլ այսօր որևէ տեղ պատահականորեն հանդիպի, նշանակում է ինքը շատ զգույշ պետք է լինի։ Ռավիկը շուռ եկավ ու շարժվեց դեպի «Ինտերնացիոնալ»։


― Դու քեզ շատ խելացի ես պահել,— ասաց Մորոզովը։

Նրանք նստած էին Ռոն Պուեն կաֆեում։

Ռավիկը նայում էր իր աջ ձեռքը։ Նա մի քանի անգամ սպիրտով արդեն մաքրել էր։ Գիտեր, որ դա հիմարություն է, բայց ուրիշ կերպ վարվել չէր կարող։ Մաշկը հիմա այնպես էր չորացել, կարծես մագաղաթ լիներ։

— Դու պետք է խելագարված լինեիր, նրան որևէ բան անելու համար,— ասաց Մորոզովը։— Լավ է, որ մոտդ ոչ մի զենք չի եղել։

— Ճիշտ ես ասում,— առանց ներքին համոզմունքի պատասխանեց Ռավիկը։

Մորոզովը նայեց նրա աչքերին։

— Հո դու հիմար չես, որ դատարանի առաջ կանգնես որպես մարդասպան կամ մահափորձ կատարող։

Ռավիկը պատասխան չտվեց։

— Ռավիկ...— Մորոզովը շիշը բարձրացրեց ու թխկալով դրեց սեղանին։— Ֆանտազյորություն մի արա։

— Ես ֆանտազյորություն չեմ անում։ Բայց հասկացիր, երբ մտաբերում եմ, թե ինչ հնարավորություն եմ բաց թողել ձեռքիցս, քիչ է մնում խելագարվեմ։ Եթե դա մի երկու ժամ շուտ լիներ, ես նրան անպայման վերջ տված կլինեի մի տեղ... Կամ մի ուրիշ բան արած կլինեի...

Մորոզովը բաժակները լցրեց։

— Խմիր, օղի է։ Էլի կհանդիպես, ձեռքիցդ չի գնա։

— Ի՞նչ իմանաս։

― Նա դարձյալ գալու է։ Այ, կտեսնես։ Այդպիսի տիպերը սովորաբար էլի վերադառնում են։ Լավ չանգալ ես գցել, հանգիստ մնա։ Կենացդ։

Ռավիկը բաժակր խմեց։

— Ես դեռ կարող եմ հասնել հյուսիսային կայարանը։ Որպեսզի տեսնեմ գնում է, թե չէ։

— Իհարկե, կարող ես։ Դու կարող ես նաև նրան հենց այնտեղ սպանել։ Եվ ամենաքիչը քսան տարով տաժանակրության գնաu։

— Այո։ Կարող էի հետևել — գնո՞ւմ է թե չէ։

— Եվ ընկնել նրա աչքով ու ինչ կա-չկա փչացնել։

— Ես գոնե պետք է հարցրած լինեի, թե սովորաբար ո՞ր հյուրանոցում է իջնում։

— Եվ նրա մեջ ամեն տեսակի կասկածներ շարժեիր։— Մորոզովը նորից լցրեց բաժակները։— Լսիր, Ռավիկ։ Ես քեզ հասկանում եմ, դու հիմա նստել ես և անընդհատ մտածում, թե ամեն ինչ սխալ ես արել։ Ձեռք քաշիր այդ մտքերից։ Եթե ուզում ես, որևէ բան խփիր, ջարդիր։ Մի մեծ բան, բայց ոչ թանկ։ Եթե ինձ ես հարցնում, գնա «Ինտերնացիոնալի» «Արմավենու սրահում» ինչ չկա ջարդիր։

— Դա միտք չունի։

— Ուրեմն, խոսիր։ Պատմիր քեզ հուզող բաների մասին։ Խոսիր մինչև հալդ կտրվի։ Դուրս թափիր, ինչ մեջդ կուտակվել է, և կհանգստանաս։ Դու ռուս չես, այլապես ինձ կհասկանայիր։

Ռավիկը նստած տեղն ուղղվեց։

— Բորիս,— ասաց նա։— Ես գիտեմ, կռիսաներին մարդ պետք է ուղղակի ոչնչացնի և ոչ թե նրանց հետ կռվի մեջ մտնի։ Բայց այդ մասին խոսել ես չեմ կարող։ Պետք է մտածեմ, մտածեմ, թե ինչ կարող եմ անել։ Ես դա պետք է նախապատրաստեմ, ինչպես վիրահատությունը։ Եթե հնարավոր է առհասարակ նման մի բան նախապատրաստել։ Ես պետք է ընտելանամ այդ մտքին։ Դեռ տասնչորս օր ժամանակ ունեմ։ Դա շատ լավ է։ Ուղղակի հիանալի է։ Ես կսովորեմ հանգիստ լինել։ Դու իրավացի ես։ Մարդ կարող է խոսելուց, իր մեջ կուտակվածը դուրս թափելուց հանգստանալ, դառնալ ավելի լրջամիտ։ Բայց դա կարելի է անել նաև անընդհատ միևնույն հարցի շուրջը մտածելու միջոցով։ Այդ մտածումների մեջ ատելությունը դառնում է սառը, հետևողական նպատակ։ Ես իմ մտքերում այնքան եմ սպանելու այդ Հաակեին, որ մինչև նրա վերադարձը դա իմ մեջ սովորույթ դարձած լինի։ Հազարերորդ անգամ մարդ ավելի խելամիտ, ավելի հանգիստ կարող է լինել, քան առաջին անգամ։ Իսկ հիմա արի խոսենք։ Բայց ուրիշ բանից։ Թեկուզև այդ սպիտակ վարդերի մասին։ Ապա մի նայիր դրանց։ Այս գիշերվա տոթում կարծես ձյուն լինեն։ Կարծես գիշերվա անհանգիստ ալեկոծություններից կուտակված փրփուր լինեն։ Հիմա դու գո՞հ ես։

— Ոչ,— ասաց Մ որոզովը։

― Լավ։ Նայիր, օրինակ այս ամռանը։ 1939 թվականի այս ամռանը։ Սրանից վառոդի հոտ է գալիս։ Այս վարդերը նման են այն ձյանը, որը եկող ձմեռ կծածկի եղբայրական գերեզմանները։ Իսկ Փարիզը ուրախությունների մեջ է։ Կեցցե չմիջամտելու դարը։ Մարդկային քարացած սրտերի՛ դարը։ Այս գիշեր շատերն են սպանվելու, Բորիս։ Ամեն գիշեր սպանում են մարդկանց։ Շատերին են սպանում։ Այրվում են քաղաքներ, ինչ-որ տեղ փշալարերի հետևում տնքում են հրեաները, չեխերը մեռնում են անտառներում, չինացիներն այրվում են ճապոնական գազոլինով ողողված, համակենտրոնացման ճամբարներում սուլում է մահվան մտրակը։ Այս բոլորից հետո մի՞թե մենք պետք է սենտիմենտալ կանանց նման նստենք ու արցունք թափենք, երբ անհրաժեշտ է ոճրագործին սպանել։ Մենք պետք է բռնենք նրան ու ոչնչացնենք, ուրիշ ոչինչ, ինչպես հաճախ ենք մեր կամքին հակառակ սպանել միլիոնավոր անմեղ մարդկանց, որոնք մեզանից տարբերվել են լոկ նրանով, որ իրենց համազգեստը մերից չի եղել...

— Այ, ապրես,— ասաց Մորոզովը։— Դա արդեն ուրիշ բան է։ Դու սովորե՞լ ես, թե ինչպես են դանակ բանեցնում։ Դանակն աղմուկ չունի։

— Այսօրվա համար այդքանը բավական է, ինձ հանգիստ թող։ Վերջիվերջո ես պետք է քնեմ։ Թեև հանգիստ եմ ձևանում, բայց սատանան գիտե, կարող եմ քնել, թե չէ։ Հասկանո՞ւմ ես։

— Այո, հասկանում եմ։

— Այս գիշեր ես մտովի անընդհատ սպանելու եմ։ Տասնչորս օրվա մեջ պետք է դառնամ իսկական ավտոմատ։ Հիմա գլխավորը այս երկու շաբաթն անփորձանք ապրելն է։ Այսինքն, հասնել այն օրվան, երբ առաջին անգամ հանգիստ արդեն կարող եմ քնել։ Խմելը չի օգնում։ Քնաբերը՝ նույնպես։ Ինձ պետք է միայն հոգնածությունը քնեցնի։ Որից հետո հաջորդ օրը ես արդեն ինձ ամբողջովին առողջ կզգամ։ Հասկանո՞ւմ ես։

Մորոզովը որոշ ժամանակ լուռ նստած էր։

— Մի կին ճարիր,— ասաց նա։

— Կնո՞ջն ինչ եմ անում։

— Մի բան կանես։ Կնոջ հետ քնելը միշտ էլ լավ է։ Զանգիր Ժոանին, նա կգա։

Ժոանին։ Ճիշտ է։ Չէ՞ որ ինքը ռեստորանում հանդիպեց նրան, ինչ-որ բանի մասին էին խոսում։ Մայց ինչի՞, մոռացել է։

— Դա չեմ անի,— ասաց Ռավիկը։— Ուրիշ առաջարկություններ կա՞ն։ Միայն՝ հասարակ։ Ամենահասարակ տեսակի։

— Տե՜ր աստված։ Կյանքը մի բարդացրու։ Կնոջ հանդեպ ունեցած սիրուց ազատվելու ամենաճիշտ եղանակը ժամանակ առ ժամանակ նրա հետ քնելն է։ Երևակայությանը ազատություն չպետք է տալ։ Ո՞ւմ է պետք բնական ակտը արհեստականորեն դրամատիզացիայի ենթարկելը։

— Այդ ասա,— վրա բերեց Ռավիկը։— Ո՞ւմ է պետք։

— Որ այդպես է, թող գնամ զանգահարեմ։ Մի բան կբստրեմ քո օգտին։ Հո զո՞ւր չեմ գիշերային դռնապան։

— Ոչ մի տեղ մի գնա։ Յոլա կգնանք։ Արի խմենք ու այդ վարդերին նայենք։ Մեռածների դեմքերը նույնպես լուսնի շողերի տակ այդպես սպիտակ են լինում։ Երկնքից թափվող գնդացրային կրակից հետո։ Ես դա Իսպանիայում եմ տեսել։ Երկինքը ֆաշիստների ստեղծագործությունն է, ասաց այն ժամանակ մետաղագործ բանվոր Պաբլո Նոնասը։ Նրա մի ոտը կտրեցինք։ Պաբլոն դառնացած էր իմ դեմ, որովհետև ես չկարողացա նրա այդ ոտքը կոնսերվացիայի ենթարկել սպիրտի մեջ։ Նրա ասելով իր մի քառորդը թաղված էր։ Պաբլոն չգիտեր, որ իր այդ ոտքը շները տարել էին լափել․․․