Changes

Արջը

Ավելացվել է 75 641 բայտ, 10:00, 31 Հուլիսի 2014
Ուրեմն՝ տղան պիտի ատեր ու վախենար Առյուծից։ Բայց ոչ ատում էր, ոչ վախենում։ Երևի ճակատագիր է։ Տղային թվաց, թե ինչ-որ բան է սկսվում (թե ինչ՝ ինքն էլ չգիտեր), արդեն սկսվել էր։ Ինչպես վերջին արարվածը՝ վաղօրոք պատրաստված բեմի վրա։ Սա ինչ-որ բանի վերջի սկիզբն էր, ինքն էլ չգիտեր, թե ինչի, միայն գիտեր, որ ինքը դրանից չի վշտանա, այլ կլինի խոնարհ և հպարտ, քանի որ արժանավոր է գտնվել այդ ինչ-որ բանի մասնիկը լինելու կամ պարզապես տեսնելու համար։
 
 
== 3 ==
 
Դեկտեմբեր էր։ Ամենացուրտ դեկտեմբերը, որ տղան հիշում էր։ Երկու շաբաթվա մեջ արդեն չորս օր նրանք ճամբարում նստած սպասում էին, թե երբ կմեղմանա եղանակը, որպեսզի Առյուծն ու ծերուկ Բենը վերսկսեն ամենամյա մրցարշավը։ Հետո կքանդեին ճամբարն ու տուն կգնային։ Չկանխատեսված լրացուցիչ օրերի պատճառով (երբ եղանակին սպասելուց ու պոկեր խաղալուց բացի ոչինչ չէին անում) վիսկին վերջացել էր, տղային ու Բունին ճամպրուկով ուղարկեցին Մեմֆիս, Մայոր դե Սպեյնն էլ մի երկտող հղեց միսթր Սեմսին՝ օղի թորողին, որպեսզի խմիչքը շատ լինի։ Այսինքն՝ Մայոր դե Սպեյնն ու ՄքՔեզլինը Բունին էին ուղարկում, իսկ տղան պետք է հետևեր, որ Բունը բերի վիսկին, դրա մեծ մասը կամ գոնե կեսը։
 
Թենիի Ջիմը երեքին արթնացրեց նրան։ Տղան արագ հագնվեց՝ դողալով ոչ այնքան ցրտից (որովհետև բուխարու թարմ կրակն արդեն թնդում ու ոռնում էր), որքան խորը ձմեռվա ժամից, երբ արյունն ու սիրտը դանդաղաշարժ են, իսկ մարդը՝ միշտ քնատ։ Նա անցավ տան և խոհանոցի միջև գտնվող բացվածքը, սառած հողի բացվածքը՝ պայծառ ու կարծր գիշերվա ներքո, երբ լույսը բացվելուն դեռ երեք ժամ կար, լեզվով, քիմքով, մինչև թոքերի խորքը ճաշակեց ներթափանցող մութն ու մտավ խոհանոց, որտեղ ճրագի լույսի տակ վառարանի ջերմությունն էր տարածվել՝ մշուշապատելով լուսամուտները, և որտեղ Բունն արդեն նախաճաշում էր՝ ափսեի վրա (թե մեջ) ընկած, իսկ շարժվող ծնոտը կապտել էր երկար ժամանակ չսափրած մորուքից, դեմքը անլվա էր, ձիու բաշ հիշեցնող կոպիտ մազերը՝ չսանրած. այդ քառորդ հնդկացին, չիքասո ցեղի կնոջ թոռը, որը մի օր կարող էր ամուր ու կատաղի բռունցքներով ժխտել իր երակներում օտար արյան գոյությունը, իսկ հաջորդ օրը, սովորաբար վիսկիից հետո, նույն բռունցքներով ու կատաղությամբ պնդում էր, թե հայրը լիարյուն չիքասո է եղել, նույնիսկ առաջնորդ, իսկ մայրը՝ ընդամենը կիսասպիտակամորթ։ Բունը ահռելի հասակ ուներ, երեխայի ուղեղ, ձիու սիրտ և կարծես բզով ծակած աչքեր, որոնցում ոչ խորություն կար, ոչ ստորություն, ոչ շռայլություն, ոչ չարություն, ոչ քնքշություն, ոչ էլ ուրիշ բան. դեմքը տղայի տեսած դեմքերից ամենատգեղն էր։ Կարծես մեկը ֆուտբոլի գնդակից էլ մեծ ընկույզ էր գտել, մուրճով վրան դիմագծեր բացել, հետո ներկել, հիմնականում կարմիր՝ ոչ թե հնդկացու մաշկի պես կարմիր, այլ ավելի պայծառ, ինչպես վիսկիի գույնը, մի խոսքով՝ դրսում ապրող երջանիկ վայրենու դեմք, որի վրա կնճիռները ոչ թե քառասուն տարիների մնացորդ են, այլ արևին ու եղեգնուտի կիսախավարին (որտեղով գազանն էր վազում) աչքերը կկոցելով նայելու հետևանք, դեմք, որը ճաքճքվել էր ճամբարի խարույկներից, որոնց մոտ նա պառկել էր՝ փորձելով քնել նոյեմբերյան կամ դեկտեմբերյան սառը գետնի վրա՝ լուսաբացին սպասելիս, երբ կկարողանար վեր կենալ ու նորից գնալ որսի, կարծես ժամանակը Բունի համար օդ էր, որի միջով նա քայլում էր և ժամանակից ծերանում նույնքան, որքան օդից։ Նա անվախ էր, հավատարիմ, անշրջահայաց և անվստահելի, ոչ մասնագիտություն ուներ, ոչ արհեստ, փոխարենը՝ մի արատ և մի արժանիք, առաջինը վիսկին էր, երկրորդը՝ բացարձակ և անառարկելի հավատարմությունը Մայոր դե Սպեյնին ու տղայի հորեղբորորդի ՄքՔեզլինին։ «Տեղը որ գա՝ երկուսն էլ արժանիք են»,— մայոր դե Սպեյնն էր ասել մի անգամ։ «Կամ՝ երկուսն էլ արատ»,— ասել էր ՄքՔեզլինը։
 
Տղան կերավ նախաճաշն ու լսեց խոհանոցի տակ խմբված շների ձայնը, որոնք արթնացել էին տապակած մսի հոտից կամ, միգուցե, գլխավերևի ոտնաձայներից։ Մի անգամ էլ Առյուծի ձայնը լսեց՝ կարճ ու հրամայական, ինչպես ցանկացած ճամբարի լավագույն որսորդն է մի անգամ դիմում բոլորին, բացի հիմարներից, միայն Մայոր դե Սպեյնի ու ՄքՔեզլինի շներն էին Առյուծին հավասար՝ նրա պես խոշոր էին, ուժեղ, գուցե նույնիսկ քաջ, բայց հիմար չէին, վերջին հիմարին անցյալ տարի ծերուկ Բենն էր սպանել։
 
Երբ վերջացրին նախաճաշը, ներս մտավ Թենիի Ջիմը։ Սայլը դրսում էր։ Աշը որոշեց, որ ինքն է քշելու սայլը մինչև երկաթուղին, որտեղ նրանք ազդանշանելով կկանգնեցնեն գերաններով բեռնված գնացքը, իսկ ամանեղենը թող Թենիի Ջիմը լվանա։ Տղան գիտեր պատճառը։ Ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ էր ծերուկ Աշը Բունի հոգին հանում։
 
Ցուրտ էր։ Սայլի անիվները զարկվում ու թխկթխկում էին սառած գետնի վրա, երկինքը անփոփոխ էր ու պայծառ։ Տղան չէր ղողում, ցնցվում էր դանդաղ ու հաստատուն, քիչ առաջ կերածը դեռևս տաք էր ներսում. մինչ մարմինը ցնցվում էր արտաքուստ, տղայի ստամոքսը կարծես լողում էր։ Բան դուրս չի գա էս առավոտ,— ասաց տղան։— Էսպիսի ցրտին ոչ մի շուն հոտ չի առնի։
 
— Բացի Առյուծից,— ասաց Աշը.– Առյուծին հոտառություն պետք չէ, նրան մենակ արջն է պետք։— Նա ոտքերը քոլքոտ պարկերով էր փաթաթել, խոհանոցի հատակին տեղադրված ծղոտե ներքնակի վրայից վերցրել էր մգդակած վերմակն ու այնպես փաթաթվել, որ պայծառ լուսնկայի ներքո նա տղային լրիվ անծանոթ թվաց։— Առյուծը հազար մետրանոց սառույցի միջով էլ արջին կգտնի։ Ու կբռնի։ Մյուս շները՝ հեչ։ Դրանք Առյուծի հետևից հասնողը չեն, երբ որ Առյուծը արջի հոտն առնի։
 
— Ի՞նչ է եղել մյուս շներին,— ասաց Բունը։— Այ մարդ, քո խելքն ինչ է կտրում։ Փայտ ջարդելը որ չհաշվենք, խոհանոցից առաջին անգամ ես պոչդ դուրս հանում։
 
— Բան էլ չի եղել մյուս շներին,— ասաց Աշը։— Իրենց լավն ու վատը շատ լավ էլ իմանում են։ Ուր է, թե ես էլ դրանց չափ առողջությանս մտիկ անեի։
 
— Մեկ է, էս առավոտ որսի չեմ գնա,— ասաց Բունը (ձայնը խռպոտ էր ու ինքնավստահ)։— Մայորը խոստացավ, որ մինչև իմ ու Այքի վերադառնալը չեմ գնա։
 
— Եղանակն էսօր կոտրվելու է։ Փափկելու է։ Գիշերն արձրև կգա։— Հետո Աշը ծիծաղեց, քրքջաց մգդակած վերմակի մեջ, որը թաքցրել էր նրա դեմքը։— Հլա շարժվեք, տո սատկածներ,— գոռաց ու այնպես ցնցեց սանձերը, որ ջորիներն առաջ թռան ու, նախքան ծանր քայլվածքին վերադառնալը, մի քանի ոտնաչափ թռցրեցին երերացող սայլը։— Համ էլ՝ ասա մի տեսնեմ, թե Մայորն ինչի է ձեզ սպասում։ Իրեն Առյուծն է պետք։ Էդ երբ է եղել, որ դու արջի կամ ուրիշ կենդանու միս բերես ճամբար։
 
*Հիմա Բունը կհայհոյի կամ նույնիսկ կխփի Աշին*՝ մտածեց տղան։ Բայց Բունը չարեց նման բան, երբեք արած չկար, տղան գիտեր, որ երբեք էլ չի անի, չնայած չորս տարի առաջ Բունը Ջեֆերսոնի փողոցում ուրիշից վերցրած ատրճանակով հինգ անգամ կրակել էր մի սևամորթի վրա, նույն հաջողությամբ, ինչ անցյալ աշնանը հինգ անգամ ծերուկ Բենի վրա էր կրակել։
 
— Ոնց թե,— ասաց Բունը։— Մինչև ես հետ չդառնամ, Մայորը ո՛չ Առյուծին բաց կթողնի, ո՛չ էլ մեկել շներին։ Խոստացել է ախր։ Ճիպոտին տուր էդ դանդալոշներին, թե՞ ուզում ես, որ ցրտից սատկեմ։
 
Հասան երկաթուղուն ու կրակ արեցին։ Քիչ հետո գունատվող արևելքի անտառներից դուրս եկավ գերաններով բարձված գնացքը, ու Բունը դրոշակով ազդանշան արեց։ Հետո արգելակման վագոնի տաքության մեջ տղան քնեց, մինչ Բունը, մեքենավարն ու նրա օգնականը զրուցում էին Առյուծի ու ծերուկ Բենի մասին, ինչպես որ հետագայում մարդիկ կխոսեին Սալիվընի ու Քիլրեյնի, իսկ ավելի ուշ՝ Դեմփսիի ու Թանիի մասին։ Կոշտ վագոնի թափահարման ոլ չխկչխկոցի հետ ննջելով և օրորվելով՝ տղան լսում էր նրանց զրույցը ծերուկ Բենի սպանած խոճկորների ու հորթերի, նրա տակնուվրա արած մսուրների, ջարդած թակարդների և, իբր, իր մորթու տակ գտնվող կապարի մասին, ծերուկ Բենը, երկմատնանի արջը, բնակիչն այն երկրի, որտեղ թակարդներից տուժած արջերին հիսուն տարի շարունակ երկմատնանի, երեքմատնանի, կամ Կաղլիկ են ասում, և միայն ծերուկ Բենն էր արտակարգ արջ (գլխավոր արջը, ինչպես Գեներալ Քոմփսընն էր ասում) և այնպիսի հեղինակություն ուներ, ինչպիսին մարդ արարածը կունենար՝ առանց ափսոսալու։
 
Արևածագին հասան Հոուք կայարան։ Իջան տաքուկ վագոնից՝ որսորդական շորերով, ցեխոտ երկարաճիտներով ու աղտոտված կանաչադարչնագույն շալվարներով։ Բունի մազակալած այտերը կապտել էին։ Բայց ամեն ինչ լավ էր։ Հոուք կայարանն, այսինքն, մի սղոցարան էր, մի ճաշարան, երկու խանութ, բեռնավորման համար պատրաստած փողրակ, որը պահեստային գծի վրա էր, իսկ մարդիկ այստեղ նույն երկարաճիտներով ու շորերով էին։ Շուտով Մեմֆիսի գնացքն եկավ։ Բունը կրպակից ադիբուդիի ու կերամաթի երեք փաթեթ գնեց, մի շիշ գարեջուր, և տղան նրա չփչփոցի ներքո նորից քուն մտավ։
 
Բայց Մեմֆիսում արդեն անսովոր էր։ Բարձր շենքերն ու կոշտ սալահատակը, գեղեցիկ կառքերը, ձիաքարշ մեքենաները, օսլայած օձիքներով փողկապավոր մարդիկ, կարծես, շեշտեցին նրանց շորերի կեղտը։ Բունի մորուքն ավելի տգեղ ու չսափրված թվաց, իսկ նման տեսքով նա անտառից անգամ դուրս գալու իրավունք չուներ, կամ գոնե հեռանալու Մայոր դե Սպեյնից, ՄքՔեզլինից, կամ ծանոթ մեկից, որը կասեր. «Չվախենաք, ձեզ վնաս չի տա»։ Բունը քայլում էր կայարանի ողորկ կառամատույցով, դեմքն անընդհատ շարժման մեջ էր, որովհետև լեզվով ատամների արանքից ադիբուդի էր հանում, քայլում էր լոք տալով, կոնքերը՝ ձգված, կարծես սայթաքուն ապակի լիներ ոտքերի տակ, իսկ դեմքի կապույտ խուրձը, կարծես, նոփ-նոր փողաբերանի խարտուք լիներ։ Անցան առաջին խորտկարանը։ Նույնիսկ փակ դռների միջից տղան առավ թեփի ու հին խմիչքի գարշահոտը։ Բունն սկսեց հազալ։ Համարյա կես րոպե հազում էր։
 
— Քո ինչն եմ ասել, էս որտե՞ղ մրսեցի։
 
— Կայարանում,— ասաց տղան։
 
Բունը նորից հազաց, հետո հանգստացավ, նայեց տղային ու ասաց.– Հը՞։
 
— Ճամբարից որ դուրս եկանք, մրսած չէիր, ոչ էլ գնացքում։
 
Բունը աչքերը թարթելով նայեց տղային, հետո դադարեց թարթելը։ Էլ չհազաց, այլ հանգիստ ասաց.
 
— Մի դոլար տուր։ Շուտ արա։ Գիտեմ, որ ունես։ Եթե մոտդ եղել է, հիմի էլ մոտդ է։ Չեմ ասում, թե քծիպ ես, չէ։ Ախր սիրտդ ոչ մի բան չի ուզում։ Երբ ես տասնվեց տարեկան էի, դոլարանոցը ձեռքումս ցնդում էր, չէի էլ հասցնում բանկի անունը կարդալ։ Մի դոլար տուր, Այք։
 
— Ախր խոստացար Մայորին։ ՄքՔեզլինին էլ խոստացար, որ չես խմի մինչև ճամբար հասնելը։
 
— Լավ,— հանգիստ, համբերատար ձայնով ասաց Բունը,— մի դոլարով մարդ ի՞նչ կարող է անել։ Մեկ է, էլ չունես, որ տաս։
 
— Որտեղի՞ց,— ասաց տղան։ Նրա ձայնը նույնպես հանգիստ էր ու սառը՝ զայրույթից (ոչ Բունի վրա), և նա հիշեց. Բունը խռմփում էր խոհանոցի կոշտ աթոռի վրա, ինքը ժամացույցին էր նայում, որպեսզի արթնացնի նրան ու ՄքՔեզլինին ու տասնյոթ մղոն քշեց սայլը դեպի Ջեֆերսոն, որտեղ պիտի հասնեին Մեմֆիսի գնացքին՝ անսանձ, թեքսասյան պոնիով, որ տղան ՄքՔեզլինին համոզել էր թույլ տալ գնելու, և որը ինքն ու Բունը չորս դոլար յոթանասունհինգ սենթով գնել էին աճուրդից ու տուն բերել՝ փշալարով կապկպած երկու զառամյալ զամբիկների միջև, և որը կլպած եգիպտացորեն տեսած էլ չկար ու չգիտեր, թե ինչ է այն, եթե հատիկները բզեզների հետ չշփոթեր, և ի վերջո (ինքը տասը տարեկան էր, իսկ Բունն ամբողջ կյանքում տասը տարեկան էր եղել) Բունն ասաց, որ պոնին հանդարտվել է, նրա գլխին քոլքոտ պարկ անցկացրին, չորս նեգր բռնեցին նրան ու լծեցին երկանիվ սայլին, հագցրին լծասարքը, հետո ինքն ու Բունը բարձրացան սայլ, և Բունն ասաց. «Լավ, տղերք, բաց թողեք դրան», ու սևամորթներից մեկը (Թենիի Ջիմն էր) քոլքոտ պարկը քաշեց-հանեց պոնիի գլխից ու փախավ, իսկ իրենք սայլը զարկեցին բաց դարպասի սյունին ու ջարդեցին առջևի անիվը, միայն թե այդ պահին Բունը բռնեց տղայի օձիքից ու նրան շպրտեց ուղեմերձ փոսի մեջ. տղան մնացյալը հատվածաբար տեսավ. մյուս անիվը զարկվեց կողաբակի դարպասին, կտրեց–անցավ հետնաբակն ու թռավ մինչև պատշգամբ, իսկ սայլի բեկորները ճանապարհով մեկ ցիրուցան եղան, Բունը մի պահ երևաց փորի վրա պառկած, ցայտող փոշու մեջ ու անհետացավ. նա բռնել էր սանձերը, մինչև որ նրանք կտրվեցին։ Իսկ երկու օր հետո պոնիին բռնեցին յոթ մղոնի վրա, երասանի պախուրցը դեռևս վզին էր ու, ասես, երկու մանյակ հագած դքսուհի լիներ։ Տղան տվեց դոլարը։
 
— Լավ,— ասաց Բունը,— դու էլ ներս արի, կմրսես։
 
— Չեմ մրսի,— ասաց տղան։
 
— Լիմոնադ կխմես։
 
— Չեմ ուզում։
 
Դուռը փակվեց նրա հետևում։ Արևն արդեն բարձրացել էր, պայծառ օր էր, չնայած Աշն ասել էր, թե գիշերն անձրևելու է։ Բավականին տաք էր։ Վաղը հաստատ որսի կելնեին։ Ու նորից տղայի սրտում հորդաց ուժը՝ առաջին օրվա պես հինավուրց ու անկեղծ, նա երբեք չէր կորցնի այդ ուժը, որքան էլ որ ծերանար որսորդության համար, չէր կորցնի լավագույնն այս աշխարհում՝ խոնարհությունն ու հպարտությունը։ Հարկավոր չէ մտածել այդ մասին։ Արդեն տղային թվում էր, թե ինքը վազքով վերադառնում է կայարան՝ ահա երկաթուղին, ահա հարավ մեկնող առաջին գնացքը... Հարկավոր չէ մտածել այդ մասին։ Փողոցը մարդաշատ էր, տղան նայում էր նորմանդական բեռնաձիերին, պերշերոններին, կոկիկ կառքերին, որոնցից վերարկուավոր պարոններն ու մուշտակավոր կարմրաթշիկ տիկնայք իջնում էին ու մտնում կայարան, որին կից խորտկարանն էր։ Քսան տարի առաջ նրա հայրը եկել էր Մեմֆիս, որպես գնդապետ Սարթորիսի հեծելազորի անդամ՝ Ֆորեսթի հրամանատարության տակ, անցել էր գլխավոր փողոցով և (պատմում են) մտել էր «Գայոսո» հյուրանոցի նախասրահը, որտեղ յանքիական բանակի սպաները կաշվե աթոռների մեջ նստած թքելիս են եղել գեղեցիկ թքամանների մեջ, ու դուրս էր եկել, անպատիժ...
 
Դուռը բացվեց։ Բունը ձեռքով բերանն էր սրբում։ «Եղավ,— ասաց նա,— գնանք մեր գործին ու ռադներս քաշենք էստեղից»։
 
Գնացին, ու քիչ հետո ճամպրուկը լիքն էր։ Տղան չհասկացավ, թե երբ ու որտեղից Բունը մի շիշ էլ ճարեց։ Իհարկե միսթր Սեմսն էր տվել։ Իրիկնամուտին, երբ Հոուք կայարան հասան, շիշն արդեն դատարկ էր։ Մինչև վերադարձի գնացքը դեռ երկու ժամ կար, գնացին ուղիղ կայարան, ինչպես Մայոր դե Սպեյնն ու հետո ՄքՔեզլինն էին Բունին պատվիրել, հետո հրամայել, հետո տղային ուղարկել նրա հետ, որպեսզի Բունը շարժվի ըստ հրամանի։ Բունը զուգարանում առավ առաջին կումը։ Գլխարկով, համազգեստավոր մեկը մոտեցավ ու ասաց, որ այդտեղ խմել չի կարելի, հետո մի հատ նայեց Բունի դեմքին ու ոչինչ չասաց։ Երկրորդ անգամ Բունը խմեց ռեստորանում, սեղանի տակ բաժակն էր լցնում, երբ տնօրենը (կին էր) ասաց, որ խմել չի կարելի, և Բունը վերադարձավ զուգարան։ Սևամորթ մատուցողին ու ռեստորանում ներկա գտնվողներին (որոնք ստիպված էին լսել, չնայած երբեք լսած չկային Առյուծի մասին, ոչ էլ ուզում էին լսել) Բունը պատմում էր Առյուծի ու ծերուկ Բենի մասին։ Հետո հանկարծ գազանանոցը միտն ընկավ, իմացավ, որ ժամը երեքին էլ գնացք կա, այնպես որ կարող էին ժամանակն անցկացնել գազանանոցում ու գնալ ժամը երեքի գնացքով (Բունը երրորդ անգամն էր վերադառնում զուգարանից), հետո առաջին գնացքով կհասնեին ճամբար, Առյուծի հետ կվերադառնային գազանանոց, որտեղ, ասաց, արջերը պաղպաղակ ու կրկնեփ հրուշակ են ուտում, և այնտեղ Առյուծին կարող են կռվեցնել բոլոր արջերի հետ։
 
Այսպես ուշացան առաջին գնացքից (որին որ սպասում էին), բայց տղան Բունին խցկեց ժամը երեքի գնացքը, ու հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ. Բունն այլևս զուգարան չէր գնում, այլ խմում էր միջանցքում ու մարդկանց գլուխը տանում Առյուծի մասին պատմություններով։ Ոչ մեկը սիրտ չարեց Բունին արգելելու խմել, ինչպես կայարանի մատուցողը սիրտ չէր արել։ Իրիկնամուտին հասան Հոուք կայարան։ Բունը քնած էր։ Տղան վերջապես արթնացրեց, իջեցրեց նրան ու ճամպրուկը և նույնիսկ համոզեց սղոցարանի ճաշարանում մի քիչ հաց ուտել, այնպես որ, երբ բարձրացան անտառ գնացող գնացքի արգելակման վագոն, ամեն ինչ կարգին էր. կարմիր արևը մայր էր մտնում, երկինքն արդեն ամպամած էր, իսկ գետինը հաստատ չէր սառչելու։ Այժմ արդեն տղան քնեց շիկացած վառարանի հետևում, մինչ կոշտ վագոնը ցնցվում էր ու չխչխկում, իսկ Բունը, մեքենավարն ու նրա օգնականը զրուցում էին Առյուծի ու ծերուկ Բենի մասին, որովհետև նրանք գիտեին, թե ինչի մասին է խոսում Բունը, որովհետև բոլորն այստեղ իրենց տանն էին։ «Ամպամած է ու տաք,— ասաց Բունը։— Էգուց Առյուծը դրա հախից կգա»։
 
Առյուծը պիտի լիներ կամ մեկ ուրիշը։ Բայց՝ ոչ Բունը։ Նա սկյուռից մեծ կենդանի խփած չկար, միայն՝ սևամորթ մի կնոջ, այն օրը, երբ որոշել էր սպանել այն սևամորթին։ Վերջինս խոշոր տղամարդ էր, Բունից էլ հազիվ տասը ոտնաչափ հեռավորության վրա, բայց Բունը հինգ անգամ կրակեց Մայոր դե Սպեյնի կառապանից վերցրած ատրճանակով, իսկ նեգրը, որի վրա Բունը կրակում էր, ման էր գալիս՝ մեկուկես դոլարանոց (փոստով ստացած) ատրճանակը ձեռքին, ու տեղնուտեղը կփռեր Բունին, մենակ թե ատրճանակը չկրակեց. հինգ անգամ պարապ չխկչխկաց, իսկ Բունն իր ատրճանակն էր տրաքացնում, նկարազարդ ապակիներով մի լուսամուտ ջարդեց (սա ՄքՔեզլինի վրա նստեց ուղիղ քառասունհինգ դոլար) ու խփեց պատահաբար անցնող սևամորթ կնոջ ոտքին (սրա համար էլ՝ Մայոր դե Սպեյնը վճարեց), այսպես Մայորն ու ՄքՔեզլինը կիսվեցին՝ գունազարդ ապակիով լուսամուտը՝ սևամորթ կնոջ ոտքի դիմաց։ Իսկ այս տարի, պահակակետում կանգնելու առաջին օրը, եղջերուն Բունի վրա հասավ, տղան լսեց Բունի հին, օդամղիչ հրացանի տրաքոցները՝ բումփ, բումփ, բումփ... հետո՝ նրա ձայնը. «Թու, ես քո... Դեմը կտրեք, դեմը կտրեք», ու երբ տղան գնաց դեպքի վայրը, տրաքած հինգ պարկուճներն ու եղջերվի հետքերը քսան քայլ հեռու էին իրարից։
 
Այդ գիշեր ճամբարում հինգ հյուր կար Ջեֆերսոնից՝ միսթր Բայարդ Սարթորիսն ու նրա որդին, Գեներալ Քոմփսընի որդին ու էլի երկու հոգի։ Առավոտյան տղան դուրս նայեց պատուհանից ու լուսաբացի մանրամաղ անձրևի միջով (որ կանխատեսել էր Աշը) տեսավ նրանց՝ բարակ անձրևի տակ կանգնած, պպզած, համարյա քսան հոգի, որոնք տասը տարի ծերուկ Բենին կերակրել էին եգիպտացորենով, խոճկորներով, մինչև անգամ հորթերով, հիմա եկել էին մաշված գլխարկներով ու որսորդական շորերով, որոնք ցանկացած քաղաքաբնակ նեգր դեն կնետեր կամ կրակի կտար, և միայն ռետինե երկարաճիտներն էին ուժեղ ու ապահով։ Ոմանք մաշված, խունացած հրացաններով էին, ոմանք՝ առանց հրացանի։ Մինչ նախաճաշում էին, էլի մի տասնյակ եկավ՝ ձին հեծած կամ ոտքով, ճամբարից տասներեք մղոն ներքև ապրող անտառահատներ, Հոուք կայարանի սղոցարանի բանվորներ, և միակ հրացանը գնացքի մեքենավարի ձեռքում էր։ Այսպիսով, Մայոր դե Սպեյնը մի ամբողջ բանակ էր առաջնորդելու դեպի անտառ, այն տարբերությամբ, որ նրանցից ոմանք զինված չէին, ինչպես վաթսունչորսի և վաթսունհինգի վերջին, մթնող օրերի զինվորները։ Փոքրիկ բակը նեղ էր գալիս նրանց։ Բակը լիքն էր, ինչպես նաև կածանը, որտեղ Մայոր դե Սպեյնը հեծավ իր զամբիկը, մինչ կեղտոտ գոգնոցն հագած Աշը ճենճոտ փամփուշտները խցկեց կարաբինի մեջ ու հանձնեց Մայորին, իսկ ահռելի, կապույտ շունը կանգնել էր ասպանդակի մոտ (այնպես, ինչպես ձին է կանգնում), տպազիոնի գույնի քնատ աչքերն էր ճպճպացնում ու չէր լսում շների կլանչոցը, որոնց Բունն ու Թենիի Ջիմը պահում էին շնաթոկով։
 
— Էսօր Քեյթին Գեներալ Քոմփսընը կքշի,— ասաց Մայոր դե Սպեյնը։— Անցյալ տարի նա արյուն թափեց։ Եթե էն ժամանակ ջորին չխրտներ, ինքը հաստատ...
 
— Չէ,— ասաց Գեներալ Քոմփսընը։— Ես արդեն ծեր եմ ջորու կամ ձիու վրա անտառում վազվզելու ու գոռգոռալու համար։ Բացի այդ, ինձ անցյալ տարի հնարավորություն տրվեց ու ձեռքիցս բաց թողի։ Ես պահակակետում կլինեմ։ Քեյթիին թող այդ տղան քշի։
 
— Չէ,— ասաց ՄքՔեզլինը,— սպասեք։ Այքը հրեն ամբողջ կյանքը կարող է արջ խփել։ Թող ուրիշը...
 
— Չէ,— Գեներալ Քոմփսընն ասաց,— թող Քեյթիին Այքը քշի։ Նա անտառն արդեն ինձնից ու ձեզնից լավ գիտի, իսկ տասը տարի հետո նույնիսկ Ուոլթըրից լավ կիմանա։
 
Սկզբում տղան չհավատաց ականջներին, մինչև որ Մայոր դե Սպեյնը տվեց նրա անունը։ Հետո նա միաչքանի ջորու վրա էր, որը չէր խրտնում վայրի արյունից, տղան նայեց Մայոր դե Սպեյնի ասպանդակի մոտ անշարժ կանգնած շանը, որը տեղով ասես ճառագող լույս լիներ, հորթից անգամ խոշոր էր (ավելի խոշոր, քան տղան կարծում էր)՝ մեծ գլուխ, կրծքավանդակ, որը մեծ էր, ինչպես տղայինը, կապույտ մորթ, որի տակ մկաններն առանց ուրիշի հպումի ցնցվում ու թրթռում էին, քանի որ նրանց արյուն մատակարարող սիրտը չէր սիրում ոչ մարդ, ոչ անշունչ արարած, նա կանգնել էր, ինչպես ձին է կանգնում, բայց և այնպես տարբերվում էր ձիուց, որը ենթադրում է միայն կշիռ և արագություն, մինչդեռ Առյուծը ենթադրում էր ոչ միայն քաջություն և այն ամենը, ինչ կազմում է հետապնդելու և սպանելու կամքն ու ցանկությունը, այլև տոկունություն, երևակայության սահմաններն անցնող տոկալու կամք ու ցանկություն, որը ոչինչ էր դարձնում միսուարյունը, որպեսզի բռնի և սպանի։ Հետո շունը նայեց տղային։ Շարժեց գլուխն ու նայեց նրան շների տափակ ու անհամ ժխորի միջից. դեղին աչքերը Բունի աչքերի պես անհատակ էին, և ինչպես Բունի աչքերում, նրանցում ևս չկար ստորություն, շռայլություն, քնքշություն կամ թշնամանք։ Պարզապես սառը, քնահարբ աչքեր էին։ Հետո, առանց գլուխը թեքելու, շունը թարթեց աչքերը, և տղան հասկացավ, որ շունը իրեն չի նայում ու երբեք էլ չի նայել։
 
Այդ առավոտ նա լսեց առաջին կանչը։ Առյուծն արդեն չքացել էր։ Սեմն ու Թենիի Ջիմը թամբում էին սայլը քաշած ջորուն ու ձիուն, տղան տեսավ, թե ինչպես բարակները դեպի անտառ նետվեցին ու նրանք էլ չքացան՝ հոտոտելով ու վնգստալով։ Հետո ինքը, Մայոր դե Սպեյնը, Սեմն ու Թենիի Ջիմը քշեցին նրանց հետևից ու հազիվ մի հարյուր յարդից, թաց անտառների միջից, լսեցին առաջին կանչը, բարձր, համարյա նույն ողորմելի մարդկային ձայնը, որն արդեն ծանոթ էր տղային, և մյուս շները միացան ձայնին, մինչև որ անտառի կիսախավարն սկսեց զնգալ ու գոռգոռալ։ Ու նրանք քշեցին ձիերը։ Տղային թվաց, թե ինքն իսկապես տեսնում է ահռելի կապույտ շանը՝ անձայն ճեղքել-անցնելիս, նաև արջին՝ այդ աժդահա, շոգեքարշի նման պատիրքը, որին ինքը տեսել էր չորս տարի առաջ՝ գետը կտրելու օրը, և որն հիմա շների առաջն ընկած՝ որոտալով վազելիս կլինի (ավելի արագ, քան տղան պատկերացրել է) և կփախչի նույնիսկ արագավազ ջորիներից։ Տղան կրակոց լսեց։ Անտառը բացվել էր, նրանք արդեն սլանում էին, գոռում–գոչյունը մարում էր առջևում. արագ անցան կրակողից. ճահճուտների բնակիչ էր՝ ուղղություն ցույց տվող ձեռք, վտիտ դեմք, աղաղակից բացված սև բերան՝ լի փչացած ատամներով։
 
Հանկարծ շների աղաղակի երանգը փոխվեց, ու երկու հարյուր յարդի վրա տղան տեսավ նրանց։ Արջը շրջվել էր, Առյուծն առանց դադարի վրա պրծավ, արջը նրան խփեց–շպրտեց մի կողմ ու հարձակվեց վայնասուն կապած ոհմակի վրա, ոտնակոխ անելով սպանեց մեկին, հետո շուռ եկավ ու նորից վազեց։ Հետո նրանք հայտնվեցին շների մակընթաց ալիքի մեջ։ Լսվեց Մայոր դե Սպեյնի ու Թենիի Ջիմի գոչյունը, Թենիի Ջիմի կաշվե մտրակի կրակոց հիշեցնող ձայնը, մինչ նա փորձում էր շներին հետ դարձնել։ Հետո տղան ու Սեմ Ֆադերսը մենակ էին։ Բարակներից մեկն, այնուամենայնիվ, Առյուծի հետ շարունակում էր հետապնդումը։ Տղան ճանաչեց նրա ձայնը։ Այն լակոտն էր, որը դեռևս մի տարի առաջ խելք չուներ, և որը, մյուս շների ստվերում գտնվելով, հիմա էլ մի բան չէր։ Երևի քաջությունը սա է, որ կա, մտածեց տղան։ «Աջ,— նրա հետևից գռռաց Սեմը,— աջ։ Չթողնես գետին մոտենա»։
 
Հիմա նրանք եղեգնուտում էին։ Երկուսն էլ գիտեին արահետը։ Դուրս եկան մացառուտից ու անմիջապես մտան արահետ, որը հատում էր եղեգնուտն ու դուրս գալիս դեպի բարձր լեռնաշարքը։ Տղան լսեց Ուոլթըր Յուելի հրացանի միօրինակ թնդյունը, հետո էլի երկուսը։ «Չէ,— Սեմն ասաց,— լսում եմ շանը։ Կանգ չառնես»։
 
Նրանք դուրս եկան ճարճատող ու շվացնող եղեգնուտի անկտուր թունելից ու քառատրոփ սլացան դեպի բաց լեռնաշարքը, որի տակ կիսախավարում ոչինչ չարտացոլող դեղին, թանձր գետը, կարծես, կանգ էր առել։ Հիմա տղան էլ էր լսում սլացող շան ձայնը։ Կանչը խելահեղ կաղկանձ էր, իսկ Բունը վազում էր քարափով, բամբակյա պարանով կապված հին հրացանը ցնցվում ու խփվում էր մեջքին։ Նա շուռ եկավ, կատաղած հետևեց դեպի տղան, թռավ ջորու վրա ու նստեց տղայի հետևում։ «Էն անտեր նավակը,— գռռաց Բունը,— մեկել ափին է»։ Կտրեց ու անցավ։— Առյուծը ոնց էր մոտեցել։ Մյուս շունն էլ հետը։ Առյուծն էնքան էր մոտ, որ չէի կարող կրակել։ Դե գնա,— նա կրունկներով խփեց ջորու կողերին։— Գնա։
 
Արագ իջան ափով, գայթելով տաք ու թաց հողի վրա, սուրացին ուռինեի միջով ու մտան ջուրը։ Տղան ոչ ցնցում զգաց, ոչ սառնություն, նա ջորու մի կողմում էր, մի ձեռքով բռնել էր առաջին թամբակեռից, մյուսով հրացանն էր ջրից բարձր պահել, իսկ Բունը հակառակ կողմում էր։ Սեմը գալիս էր նրանց հետևից, հետո գետը լի էր շներով, որոնք ջորիներից արագ էին լող տալիս, նրանք արդեն ափն էին ճանկռում, երբ ջորիները դեռ գետի հատակին չէին դիպել։ Մայոր դե Սպեյնը գոռում էր ափից ու, հետ նայելով, տղան տեսավ, որ Թենիի Ջիմն ու մյուս ձին ևս ջուրն են մտնում։
 
Այժմ վերեի անտառն ու անձրեից ծանրացած օդը միահամուռ աղաղակ էին դարձել, շուրջբոլորը թնդյուն էր, որն արձագանքում էր, զարկվում ափին, հետ դառնում ու այնպես զնգում, որ տղային թվաց, թե երկրամասի բոլոր որսկան շներն իր վրա են հաչում։ Երբ ջորին դուրս եկավ ջրից, տղան անմիջապես հեծավ։ Բունը չփորձեց բարձրանալ, ափի զառիվերն ելնելիս նա բռնեց ասպանդակից, հետո մտան մացառուտ, որը բոլորապատել էր քարափը, ու տեսան արջին՝ կանգնած, ծառին թիկն տված, մինչ կլանչող շները պտտվում էին նրա շուրջը, և Առյուծը նորից վրա պրծավ՝ հսկայական ցատկ գործելով։
 
Այս անգամ արջը չխփեց նրան։ Երկու թաթերով բռնեց Առյուծին, համարյա թե սիրահարի պես, ու երկուսով տապալվեցին։ Տղան արդեն իջել էր ջորուց։ Նա հետ քաշեց հրացանի երկու շնիկները, բայց բարակների խայտաբղետ մարմիններից բացի ոչինչ չտեսավ, մինչև որ արջը նորից ոտքի կանգնեց։ Բունն ինչ-որ բան էր բղավում, տղան չհասկացավ, թե ինչ. նա տեսավ արջի կոկորդից կառչած Առյուծին, տեսավ կռացած արջին, որը թաթով խփեց շներից մեկին ու հինգ-վեց ոտնաչափ նրան մի կողմ շպրտեց, ու բարձրանում էր, բարձրանում, կարծես երբեք կանգ չէր առնելու, ուղղվելու էր ու թաթերով պատառոտելու էր Առյուծի փորը։ Բունը վազեց։ Տղան տեսավ նրա ձեռքի դանակի փայլը, Բունը խառնվեց շներին, ոտքերով մի կողմ հրեց նրանց ու թիկունքից նետվեց արջի վրա, ինչպես որ ջորուն էր հեծնում, ոտքերը շղթայակցեց արջի փորին, ձախ ձեռքն արջի կոկորդի տակ էր, որտեղից Առյուծն էր կառչել, և մինչ արջը բարձրանում-իջնում էր, միայն դանակի փայլն էր երևում։
 
Արջը միայն մի անգամ ընկավ։ Մի պահ նրանք ասես քանդակ լինեին, կառչած շունը, արջը, նրան հեծած Բունը, որը ջանում էր դանակն ավելի խորը մտցնել։ Հետո գլորվեցին. Բունի ծանրությունը նրանց թիկունքակողմ ներքև գցեց, ու Բունը հայտնվեց ներքեում։ Սկզբում արջի կռնակը երևաց, բայց Բունը մի ակնթարթում նորից թռավ վրան։ Դանակը ձեռքից բաց չէր թողել, ու տղան նորից տեսավ նրա բազկի և ուսի անվերջ փոքրացող շարժումը, մինչ Բունը խրում էր դանակը, հետո արջը հանկարծ ուղղվեց, իր հետ բարձրացնելով մարդուն ու շանը, շուռ եկավ, մի քանի քայլ արեց դեպի անտառը, ինչպես մարդը կքայլեր, ու ջախջախվեց գետնին։ Ո՛չ փուլ եկավ, ո՛չ տապալվեց, այլ ասես ջարդուփշուր եղավ, ինչպես հսկայական ծառն է տապալվում, ու թվաց, թե երեքն էլ՝ մարդը, շունը, արջը, ցրիվ եկան։
 
Տղան ու Թենիի Ջիմը առաջ վազեցին։ Բունը չոքել էր արջի գլխի մոտ։ Նրա ձախ ականջը պատռվել էր, վերարկուի ձախ թևքը չկար, աջ երկարաճիտը ծնկից մինչև ոտնաթմբիկը ճղվել էր, ոտքի, ձեռքի ու դեմքի արյունը ողողվում էր բարակ անձրևից, բայց ոչ մի վայրի արտահայտություն, դեմքը լրիվ խաղաղված էր։ Միասին նրանք Առյուծի երախը հանեցին արջի կոկորդից։ «Կամաց, գրողը տանի,— ասաց Բունը։— Չե՞ք տեսնում, որ փորոտիքը թափած է»։ Բունը հանեց վերարկուն, հետո նույն հանգիստ ձայնով ասաց Թենիի Ջիմին.
 
— Նավակն էստեղ բեր։ Ափին է, ինքս եմ տեսել։
 
Թենիի Ջիմը ոտքի ելավ ու գնաց։ Հետո տղան չէր հիշում՝ Թենիի Ջիմը կանչեց, թե ինքը պատահաբար բարձրացրեց հայացքն ու տեսավ, որ Ջիմը կռացել է Սեմ Ֆադերսի վրա, որը բերանքսիվայր անշարժ պառկած էր կոխկրտված ցեխի մեջ։
 
Ջորին նրան չէր գցել։ Տղան հիշեց, որ նույնիսկ նախքան Բունի վազելը Սեմն իջել էր ջորուց։ Երբ Սեմին շրջեցին, վրան ոչ մի նշան չկար, աչքերը բաց էին, ու նա ինչ-որ բան ասաց անծանոթ լեզվով, որով Սեմն ու Ջո Բեյքըրն էին միշտ խոսում։ Սակայն շարժվել չէր կարող։ Թենիի Ջիմը բերեց մակույկը, լսեցին, թե նա ինչպես կանչեց գետի մյուս ափին կանգնած Մայոր դե Սպեյնին։ Բունը Առյուծին փաթաթեց իր վերարկուի մեջ ու նրան տարավ դեպի մակույկը, հետո տարան Սեմին, հետ դարձան, Թենիի Ջիմի շնափոկով արջին կապեցին միաչքանի ջորու թամբի կամարից, քաշեցին մինչև մակույկը, տեղավորեցին, իսկ Թենիի Ջիմին թողեցին, որպեսզի ձիու և երկու ջորիների հետ լողալով անցնի գետը։ Մայոր դե Սպեյնը բռնեց մակույկի քիթը, Բունը դուրս ցատկեց, երբ մակույկը դեռ ափին չէր էլ հպվել։ Նա նայեց ծերուկ Բենին ու հանգիստ ասաց. «Բա»։ Հետո քայլելով մտավ ջուրը, կռացավ-հպվեց Սեմին, ու Սեմը նայեց նրան, բայց ոչինչ չասաց իր անծանոթ լեզվով, որը միայն Ջո Բեյքըրն էր հասկանում։
 
— Դուք չգիտե՞ք, թե ինչ է եղել,— ասաց Մայոր դե Սպեյնը։
 
— Ոչ, սըր,— տղան ասաց։— Ջորին որ չէր։ Ոչ մի բան էլ չէր։ Նա ջորուց իջել էր, երբ որ Բունը արջի վրա գնաց։ Հետո մեկ էլ նայեցինք ու տեսանք, որ ընկած է գետնին։
 
Բունը բղավում էր Թենիի Ջիմին, որը դեռևս գետի մեջտեղում էր.
 
— Շուտ արա, այ տղա, բեր էդ ջորուն։
 
— Ի՞նչ ես անում ջորին,— ասաց Մայոր դե Սպեյնը։
 
Բունը նույնիսկ չնայեց նրան.
 
— Հոուք կայարան եմ գնում, բժշկի հետևից,— ասաց նա հանգիստ ձայնով, դեմքը նույնպես անխռով էր՝ պայծառ, նոսրացող արյան տակ։
 
— Դու ինքդ բժշկի կարիք ունես,— ասաց Մայոր դե Սպեյնը։— Թող Թենիի Ջիմը...
 
— Թքած,— ասաց Բունը։ Նա նայեց Մայոր դե Սպեյնին։ Դեմքը տակավին անխռով էր, միայն ձայնն էր բարձր։— Չե՞ք տեսնում՝ ոտքերն է տնկում։
 
— Բուն,— Մայոր դե Սպեյնն ասաց։ Նրանք նայեցին իրար։ Բունը մի գլուխ բարձր էր Մայոր դե Սպեյնից, նույնիսկ տղան հիմա Մայորից բարձրահասակ էր։
 
— Բժիշկ է պետք,— ասաց Բունը։— Չե՞ք տեսնում...
 
— Լավ,— Մայոր դե Սպեյնն ասաց։ Թենիի Ջիմը դուրս եկավ ջրից։ Ձին ու առողջ ջորին արդեն առել էին ծերուկ Բենի հոտը, մինչև քարափի գագաթը խրտնած ծառս էին լինում՝ Թենիի Ջիմին քարշ տալով իրենց հետ, մինչև որ վերջինս հազիվհազ կապեց նրանց ու հետ դարձավ։ Մայոր դե Սպեյնը մերակից արձակեց կողմնացույցի կաշվե փոկն ու տվեց Թենիի Ջիմին։
 
— Կգնաս ուղիղ Հոուք կայարան,— ասաց նա։— Կբերես դոկտոր Քրոֆորդին։ Ասա, որ երկու հոգի նրա կարիքն են զգում։ Վերցրու իմ զամբիկը։ Էստեղից կգտնես ճանապարհը։
 
— Այո, սըր,— Թենիի Ջիմն ասաց։
 
— Լավ,— ասաց Մայոր դե Սպեյնը։— Գնա։— Նա դարձավ տղային։– Ջորիների ու ձիու հետ հետ դարձիր ու սայլը բեր։ Մենք նավակով կիջնենք մինչև Ջրարջի կամուրջը։ Էնտեղ էլ մեզ սպասիր։ Կգտնես։
 
— Այո, սըր,— ասաց տղան։
 
— Լավ։ Գնա։
 
Տղան վերադարձավ սայլի մոտ։ Միայն հիմա հասկացավ, թե որքան էին հեռու գնացել։ Արդեն կեսօրն անց էր, երբ ջորիներին արահետ հանեց ու ձիու երասանը կապեց դարպասին։ Երեկոյան կողմ հասավ Ջրարջի կամուրջ։ Մակույկն արդեն այնտեղ էր։ Նախքան մակույկը, և մինչև անգամ ջուրը տեսնելը, տղան թռավ թեքվող սայլից և, սանձը բաց չթողնելով, պտտվեց սայլի շուրջը՝ մինչև որ բռնեց լկամը, հետո՝ առաջ ընթացող առողջ ջորու ականջը, հողի մեջ թաղեց կրունկներն ու այդպես պահեց, մինչև Բունը մոտեցավ ափից։ Ձիու պարանը կտրվել էր, և նա ճանապարհով փախել էր ճամբար։ Նրանք շրջեցին սայլը, արձակեցին ջորիներին, իսկ տղան առողջ ջորուն հեռու տարավ ու կապեց։ Բունն արդեն Առյուծին տեղավորել էր սայլի մեջ, Սեմը նստած էր մակույկում, ու երբ բարձրացրին նրան, փորձեց քայլել ափից մինչև սայլը, փորձեց մագլցել սայլի մեջ, բայց Բունը չսպասեց, վերցրեց Սեմին ու տեղավորեց նստոցի վրա։ Հետո ծերուկ Բենին նորից կապեցին միաչքանի ջորու թամբից, քարշ տվեցին գետափով, երկու ձող դրեցին սայլի պոչին ու արջին դրեցին սայլը, տղան գնաց ու բերեց ջորուն, Բունը հազիվհազ անցկացրեց լծափոկը՝ մի քանի անգամ բռունցքով խփելով կենդանու դեմքին, մինչև որ ջորին անցավ իր տեղն ու սկսեց դողալ։ Հետո անձրև թափվեց, կարծես ամբողջ օրը նրանց էր սպասելիս եղել։
 
Անձրևի տակ վերադարձան ճամբար՝ մշուշոտ ու անտեսանելի խավարի միջով, ու դեռ լույս չտեսած՝ լսեցին եղջյուրի ձայնն ու նրանց ուղղություն տվող հաճախակի կրակոցները։ Երբ հասան Սեմի փոքրիկ հյուղակը՝ նա փորձեց ոտքի կանգնել, նորից խոսեց իր նախահայրերի լեզվով, հետո հստակ ասաց.
 
— Թողեք իջնեմ։ Թողեք իջնեմ։
 
— Նա կրակ չունի,— ասաց Մայորը և խստորեն ավելացրեց։— Գնացինք։
 
Բայց Սեմն հիմա մարտնչում էր ու փորձում ոտքի կանգնել։
 
— Թողեք իջնեմ,— ասաց նա։— Թողեք տուն գնամ։
 
Տղան կանգնեցրեց սայլը, Բունն իջավ ու իջեցրեց Սեմին։ Այս անգամ չսպասեց, որ Սեմը քայլի, վերցրեց նրան ու տարավ հյուղակ. Մայոր դե Սպեյնը օջախի հանգչող մոխրից մարխ վառեց, որով և վառեց լամպը, Բունը Սեմին պառկեցրեց մահճակալի վրա, քաշեց-հանեց նրա երկարաճիտները, իսկ Մայոր դե Սպեյնը ծածկեց նրան։ Տղան ներսում չէր, ջորիներին էր պահել, այսինքն՝ առողջին, որը փորձում էր նորից փախչել, քանի որ սայլի կանգ առնելուն պես ծերուկ Բենի հոտը մշուշոտ մթնում առաջ քաշվեց։ Իսկ ներսում Սեմի աչքերը հավանորեն կրկին բաց էին. խորաթափանց այդ հայացքը, որ հյուղակի մեջ էլ ամեն ինչ տեսնում էր՝ թե մեռած արջին և թե մեռնող շանը։ Հետո նրանք շարունակեցին ճամփան՝ դեպի կրակոցների ու եղջյուրի ձայնը, որոնք, կարծես, մարում էին մշուշապատ, թանձր օդում, մինչև որ նոր կրակոցները խառնվեցին նախորդին, դեպի տունը, որի պատուհաններում պայծառ լույս էր վառվում։ Բունը, արյունոտ ու առաջվա պես հանգիստ, ներս մտավ՝ փաթաթած վերարկուն գրկած։ Առյուծին ու արնոտ վերարկուն նա դրեց ծղոտե ներքնակով անթարմ մահճակալի վրա, որը սավան չուներ, և որը մինչև անգամ կնոջ պես ձեռներեց Աշը չէր կարողանում հարդարել։
 
Սղոցարանի բժիշկն արդեն այնտեղ էր։ Բունը բժշկին չթողեց իրեն ձեռք տալ, մինչև Առյուծին չնայեր։ Բժիշկը սիրտ չարեց Առյուծին քլորոֆորմ տալ։ Նա փորոտիքը տեղը դրեց ու կարեց առանց քլորոֆորմի, մինչ Մայոր դե Սպեյնը բռնել էր Առյուծի գլուխը, իսկ Բունը՝ ոտքերը։ Բայց Առյուծը չէր էլ փորձում շարժվել։ Լուռ պառկել էր՝ դեղին աչքերն ինչ-որ կետի հառած, մինչ հին ու նոր որսորդական շորեր հագած մարդիկ հավաքվել էին հեղձուկ, փոքրիկ սենյակում, որտեղ Բունի մարմնի ու շորերի կծվահոտն էր տարածվել, ու լուռ նայում էին։ Հետո բժիշկը սրբեց, ախտահանեց ու կապեց Բունի դեմքը, ձեռքն ու ոտքը, որից հետո գնացին Սեմ Ֆադերսի հյուղակը, առջևից տղան էր գնում՝ լապտերը ձեռքին, նրան հետևում էին բժիշկը, ՄքՔեզլինը, Մայոր դե Սպեյնն ու Գեներալ Քոմփսընը։ Թենիի Ջիմը վառել էր օջախը և նրա կողքին պպզած՝ ննջում էր։ Բունը Սեմին պառկեցրել էր անկողնակին, ու Մայոր դե Սպեյնը ծածկել էր վրան, նա չէր շարժվել, բայց բացեց աչքերն ու հերթով նայեց դեմքերին, և երբ ՄքՔեզլինը ձեռքը դրեց նրա ուսին ու ասաց. «Սեմ, բժիշկն ուզում է քեզ նայել»՝ Սեմը ձեռքերը հանեց վերմակի տակից ու շոշափելով սկսեց փնտրել շապիկի կոճակները, մինչև որ ՄքՔեզլինն ասաց. «Կաց, մենք կանենք»։ Նրանք հանեցին Սեմի շորերը։ Սեմը լուռ պառկել էր (պղնձագույն, համարյա անմազ մարմին՝ ծերունու մարմին, ինքն էլ՝ ծերունի, վայրի մի մարդ, որը սերում էր անտառներից և չուներ զավակ, արյունակից ու ցեղակից), անշարժ, աչքերը բաց էին, բայց այլևս չէին նայում որեէ մեկին, բժիշկը զննեց նրան, հետո վեր քաշեց վերմակը, լսափողակը նորից պայուսակի մեջ դրեց, վերցրեց պայուսակը, և միայն տղան հասկացավ, որ Սեմը մեռնելու է։
 
— Ուժասպառ է եղել,— ասաց բժիշկը։— Կարող է կաթված է։ Նրա տարիքում դեկտեմբերին գետում լողալ... Կանցնի։ Մի երկու օր թող պառկած մնա։ Նրա հետ մարդ լինելո՞ւ է այստեղ։
 
- Նրա հետ մարդ լինելու է,— ասաց Մայոր դե Սպեյնը։
 
Վերադարձան տուն, այն կծվահոտ սենյակը, որտեղ Բունը ծղոտե ներքնակին նստած՝ գրկել էր Առյուծի գլուխը, նրանք, ովքեր ինչ-որ ժամանակ որսի էին գնացել Առյուծի հետևից, և նրանք, ովքեր երբեք տեսած չկային շանը, լուռ գալիս նայում էին նրան ու հեռանում։
 
Հետո լույսը բացվեց, ու բոլորը դուրս եկան բակ՝ ծերուկ Բենին նայելու, որի աչքերը նույնպես բաց էին, մաշված ատամները դուրս էին ցցվել խճճված շրթունքներից, եկան նայելու նրա խեղված ոտքին, մաշկի տակի կոշտ գնդերին, որոնք հին փամփուշտներ էին (ընդամենը հիսուներկու հատ, թե խոշոր մանրագնդակ, թե սովորական), ձախ ուսի տակի համարյա անտեսանելի բացվածքին, որտեղ Բունի դանակն ի վերջո գտել էր նրա կյանքը։ Հետո Աշը շերեփով թավան ծեծեց ու կանչեց նախաճաշի, և առաջին անգամ տղան, մինչ իրենք ուտում էին, չլսեց շների ձայնը խոհանոցի տակից։ Կարծես թե ծեր արջը, նույնիսկ անշունչ ընկած բակում, դեռևս նրանց սրտերն այնպիսի սարսափով էր լցնում, որին իրենք առանց Առյուծի անզոր էին դիմակայելու։
 
Գիշերն անձրևը կտրվել էր։ Ծեգին թույլ արև հայտնվեց՝ մշուշ ու ամպ քշելով, ընդսմին տաքացնելով օդն ու գետինը. սպասվում էր մեկն այն անհողմ դեկտեմբերյան օրերից, որ լինում է Միսիսիփիի շրջանում, մի տեսակ ոսկե աշուն՝ ոսկե աշնան մեջ։ Առյուծին տարան առջևի պատշգամբը՝ արևի տակ։ Բունի մտահաղացումն էր։ «Գրողը տանի, ասաց նա,— Առյուծն էդ ե՞րբ է ուզել տանը մնալ։ Ես եմ նրան զոռով պահել, ու դուք լավ գիտեք»։ Բունը վերցրեց լինգը, մահճակալի տակ թուլացրեց հատակի տախտակները, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել ներքնակն ու մահճակալը, և առանց Առյուծի դիրքը փոխելու, նրան պատշգամբ տարան ու դրեցին՝ դեմքով դեպի անտառները։
 
Հետո տղան, բժիշկը, ՄքՔեզլինն ու Մայոր դե Սպեյնը գնացին Սեմի հյուղակը։ Այս անգամ Սեմը չբացեց աչքերը, շնչառությունը հանդարտ էր, այնքան խաղաղ, որ նույնիսկ կարծեցին, թե չի շնչում։ Բժիշկը նույնիսկ չհանեց լսափողակը, նույնիսկ չդիպավ Սեմին։
 
— Ամեն ինչ կարգին է,— ասաց նա։— Նույնիսկ չի մրսել։— Պարզապես ձեռ է քաշել։
 
— Ձեռ է քաշե՞լ,— ասաց ՄքՔեզլինը։
 
— Հա։ Ծեր մարդիկ մեկ-մեկ անում են։ Հետո մի լավ քնում են կամ խմում, ու փոխում են մտքները։
 
Վերադարձան տուն։ Իսկ հետո մարդիկ սկսեցին գալ. ճահճուտների նիհար բնակիչներ, որոնք թակարդով որս էին անում, ուտում քինաքինա, ջրարջ ու գետի ջուր խմում, հովտի եզրին գտնվող եգիպտացորենի ու բամբակի փոքրիկ դաշտերի գյուղացիներ, որոնց դաշտերը, մսուրքներն ու խոզանոցները ծեր արջն ավերել էր. անտառահատներ, սղոցարանի բանվորներ ու քաղաքաբնակներ, որոնց շներին սպանել էր ծերուկ Բենը, որոնց թակարդները ջարդել էր, և որոնց արճիճե գնդակները նրա մաշկի տակ էին։ Եկան ձի հեծած, ոտքով, սայլերով, մտան բակ ու նայեցին արջին, հետո գնացին պատշգամբ ու նայեցին Առյուծին, փոքրիկ բակում ասեղ գցելու տեղ չկար, համարյա մի հարյուր հոգի կանգնել ու պպզել էին քնկոտ արևաշողի տակ, հանգիստ խոսում էին որսի, շների, արջի, եղնիկի, այս աշխարհից գնացած մարդկանց մասին, իսկ ահռելի, կապույտ շունը ժամանակ առ ժամանակ բացում էր աչքերը՝ հիշելու կամ համոզվելու, որ անտառները կան, այնտեղ են։ Իրիկնամուտին նա մեռավ։
 
Հենց այդ գիշեր էլ Մայոր դե Սպեյնը քանդեց ճամբարը։ Առյուծին տարան անտառ, այսինքն՝ Բունը տարավ, փաթաթել էր իր մահճակալի մգդակած վերմակով, ճիշտ այնպես, ինչպես նախորդ օրը ոչ մեկին չէր թողել դիպչելու Առյուծին, մինչև որ եկել էր բժիշկը։ Բունն, ուրեմն, Առյուծին տանում էր, իսկ տղան, Գեներալ Քոմփսընը, Ուոլթըրն ու էլի մի հիսուն հոգի լապտերներով ու սոճու վառած կոներով հետևում էին նրան, ամեն տեղից եկած մարդիկ, Հոուք կայարանից ու ավելի հեռվից, որոնք կեսգիշերին էին ճանապարհ ընկնելու անտառից, ճահճուտների բնակիչներ, որոնք նույնիսկ ոտքով էին գնալու մինչև հասնեին իրենց խրճիթները։ Բունը ոչ մեկին չթողեց փորելու գերեզմանը, ինքը փորեց ու թաղեց Առյուծին, հետո Գեներալ Քոմփսընը կանգնեց շիրիմի գլխամասում, մինչ սոճու կոները հանգչում էին, և խոսեց այնպես, ինչպես կխոսեր մարդու շիրիմի վրա։ Հետո վերադարձան ճամբար։ Մայոր դե Սպեյնը, ՄքՔեզլինն ու Աշը ամեն ինչ կապկպել էին։ Ջորիները կցված էին սայլին, ամեն ինչ պատրաստ էր շարժվելու համար, խոհանոցում վառարանը սառն էր, սեղանին ուտելիք էր դրված, և միայն սուրճն էր տաք, ու տղան վազելով մտավ խոհանոց, որտեղ Մայոր դե Սպեյնն ու ՄքՔեզլինը հենց նոր կերել֊վերջացրել էին, ու ճչաց.
 
— Ոնց թե, էս ի՞նչ եք անում։ Ես չեմ գալիս։
 
— Գնում ենք,— ՄքՔեզլինն ասաց։— Մայորն ուզում է տուն վերադառնալ։
 
— Ես չեմ գալիս,— ճչաց տղան։— Ես մնում եմ։
 
— Երկուշաբթի դպրոցում պիտի լինես։ Առանց էդ էլ մի շաբաթ բաց թողիր։ Հիմի մինչև երկուշաբթի հասցնելու ես։ Սեմն արդեն լավ է։ Հո լսեցիր դոկտոր Քրոֆոբդի ասածը։ Բունն ու Թենիի Ջիմը կմնան, մինչև Սեմը ոտքի ելնի։
 
Տղայի շունչը կտրվում էր, բոլորը խոհանոց էին եկել, տղան համարյա խելագարի պես հերթով նայում էր նրանց դեմքերին։ Բունը մի շիշ հանեց, շուռ տվեց գլխիվայր, ձեռքի ափով մի քանի անգամ հարվածեց, հետո ատամներով քաշեց-հանեց խցանն ու թքեց։
 
— Բա ոնց, դպրոց գնալ է պետք,— խմելով ասաց նա։— Թե չէ ինքս պոչդ կխուզեմ, թե որ Քեզը չխուզի, ուզում ես տասնվեց տարեկան եղիր, ուզում ես՝ վաթսուն։ Առանց կրթության ինչ ես դառնալու։ Ի՞նչ կլիներ Քեզի հալը։ Բա իմ հալը ի՞նչ կլիներ, թե որ դպրոց չգնայի։
 
Տղան նորից նայեց ՄքՔեզլինին։ Շնչելը գնալով դժվարանում էր, ուր որ է կտրվելու էր շունչը, կարծես խոհանոցի օդը շատ էր քիչ այդքան մարդու համար։
 
— Էսօր հինգշաբթի է։ Կիրակի օրը ձիերից մեկով կգամ։ Ես կիրակի կգամ։ Կիրակի գիշերն էլ կսովորորեմ բոլոր բաց թողած դասերը,— առանց իսկ հուսահատության ասաց տղան։
 
— Չէ, քեզ բան եմ ասում,— ասաց ՄքՔեզլինը։— Նստիր ու հացդ կեր։ Գնում ենք...
 
— Սպասիր, Քեզ,— Գեներալ Քոմփսընն ասաց։ Տղան Գեներալ Քոմփսընի տեղից վեր կենալը չէր տեսել, մինչև որ ուսին զգաց նրա ձեռքը։— Էդ ինչո՞ւ, ախպերացու։
 
— Ես պետք է մնամ,— ասաց տղան։— Պետք է մնամ։
 
— Լավ,— ասաց Գեներալ Քոմփսընը,– կարող ես մնալ։ Եթե մի շաբաթվա բաց թողածը քեզ էնպես է հետ թողնելու, որ պիտի մի լավ քրտնես վարձու վարժապետի հանձնարարածի վրա, ավելի լավ է էլ գիրք չբացես։ Իսկ դու, Քեզ, ձենդ կտրի՛,— ավելացրեց նա, չնայած ՄքՔեզլինը ոչինչ չէր ասել։— Մի ոտդ ագարակում է, մյուսը՝ դրամատանը։ Դու դեռ կարգին բռնելու տեղ չունես, իսկ էս տղան արդեն ծերություն էլ է տեսել, ավելի շուտ, քան դուք, անիծյալ սարթորիսներդ ու էդմոնդսներդ, դրամատուն եք հորինել, որպեսզի չիմանաք, թե էս տղան ինչեր գիտեր նախքան ծնվելը, ու ինչից երևի վախենում էր, բայց առանց վախենալու հո գնաց կողմնացույցով մի տասը մղոն, որովհետև ուզում էր արջին մտիկ անել, էն արջին, որին ոչ մեկս էնքան չէինք մոտեցել, որ կարողանայինք խփել, մտիկ է արել արջին ու գիշերով հետ դարձել տասը մղոնը։ Երևի ագարակի ու դրամատան տարբերությունը հենց էդ է որ կա։— Եվ տղային։– Բայց գոնե կասե՞ս պատճառը։
 
Ի՞նչ պիտի ասեր տղան։ «Ես պետք է մնամ»։
 
— Լավ,— ասաց Գեներալ Քոմփսընը։— Ուտելու բան շատ կա։ Իսկ կիրակի տուն կգաս, չէ՞, ոնց որ ՄքՔեզլինին խոստացար։ Կիրակի գիշերը չէ, կիրակի։
 
— Այո, սըր,— տղան ասաց։
 
— Լավ,— ասաց Գեներալ Քոմփսընը։— Նստեք հաց կերեք, տղերք,— ասաց։— Ու շարժվենք։ Մինչև տուն հասնենք՝ ցուրտը կընկնի։
 
Կերան։ Սայլն արդեն բեռնավորված սպասում էր. մնում էր միայն նստել։ Բունը պիտի քշեր մինչև ճանապարհը, որտեղ ագարակատիրոջ ախոռում թեթև կառքն էին թողել։
 
Նա կանգնեց սայլի մոտ, երկնքի դեմ երևաց ուրվագիծը, գլխի չալմայով ասես շեյթան լիներ, բոլորից բարձրահասակն էր ու այդպես կանգնած խմում էր։ Հետո շպրտեց շիշը՝ առանց նույնիսկ այն իջեցնելու, ու դատարկ շիշը գլորվեց-շողշողաց աղոտ լուսնաշողի տակ։ «Ով որ գալիս է,— ասաց նա,— նստեք էս անտեր սելը։ Ով որ մնում է՝ քաշվեք էդ անտեր ճամփից»։ Նստողները նստեցին։ Բունը նստեց Գեներալ Քոմփսընի կողքին, ու սայլը շարժվեց դեպի մշուշը, մինչև որ տղան այլևս չէր տեսնում ոչ սայլը, ոչ նրա շարժվող թարձրությունը՝ գիշերվա մեջ։ Բայց երկար ժամանակ դեռ լսում էր նրա ձայնը՝ փայտե կմախքի հանդարտ խփոցները, մինչ սայլը թեքվում էր անվակոսից անվակոս։
 
Իսկ Բունի ձայնը տղան լսում էր նույնիսկ այնժամ, երբ այլևս ոչինչ չէր լսվում։ Բունը խռպոտ ձայնով երգում էր, աններդաշնակ ու բարձր։
 
Դա հինգշաբթի օրն էր։ Շաբաթ առավոտյան Թենիի Ջիմը գնաց՝ ՄքՔեզլինի բեռնաձիով, որը վեց տարի անտառից դուրս չէր եկել, իսկ երեկոյան կողմ նրա ուժասպառ ձին մոտեցավ ճաշարանին, որտեղ ՄքՔեզլինը տնվորներին ու վարձու բանվորներին եկող շաբաթվա օրաբաժիններն էր տալիս, և այս անգամ ՄքՔեզլինը կանխեց սպասելու ամեն անհրաժեշտություն ու վտանգ, մինչ լծում էին Մայոր դե Սպեյնի կառքը։ Թենիի Ջիմը քնեց հետևի նստոցին, իսկ ՄքՔեզլինը կառքը քշեց դեպի Ջեֆերսեն, այստեղ սպասեցին, մինչև Մայոր դե Սպեյնը հագավ երկարաճիտերն ու վերարկուն, հետո գիշերվա մթնում գնացին էլի մի երեսուն մղոն, իսկ կիրակի առավոտ կանուխ տեղափոխվեցին սպասող զամբիկի ու ջորու վրա, և մինչ արևը բարձրանում էր, մտան թավ անտառ ու հասան ցածր լեռնաշարքին, որտեղ Առյուծին էին թողել, երևաց կոշտ գերեզմանաթումբը (Բունի բահի հետքերը դեռևս թարմ էին), իսկ դրանից այն կողմ չորս ձողերով շրջափակված նորատունկ ծառերի հարթակն էր, վրան՝ ծածկոցով փաթաթված կապոց. Բունն ու տղան պպզել էին հարթակի ու գերեզմանաթմբի արանքում, հետո Բունը (նա հանել էր վիրակապը, ու ծերուկ Բենի մագիլներից մնացած սպիները արևի տակ ասես քարացած ձյութի շերտեր լինեին) թռավ տեղից ու նրանց վրա քաշեց հրացանը, որով դեռևս ոչ մի բանի դիպուկ խփած չկար, չնայած ՄքՔեզլինը արդեն իջել էր ջորուց, երկու ոտքերն էլ ազատ էր ասպանդակներից, ցատկել էր նախքան ջորու կանգ առնելն ու հիմա քայլում էր դեպի Բունը։
 
— Չմոտենաս,— ասաց Բունը։— Մեկ է, չպիտի ձեռք տաս նրան։ Չմոտենաս, ՄքՔեզլին։
 
Բայց ՄքՔեզլինը մոտենում էր արագ, անշտապ։
 
— Քեզ,— ասաց Մայոր դե Սպեյնը։ Հետո ասաց.– Բուն։ Ա՛յ Բուն։— Հետո ինքն էլ իջավ, ու տղան փութով հասավ գերեզմանաթմբին, հաստատուն շարժումով մեկնեց ձեռքն ու մեջտեղից բռնեց հրացանը, այնպես որ ինքն ու Բունը դեմառդեմ կանգնել էին Առյուծի գերեզմանի երկու կողմերում, ու երկուսն էլ բռնել էին հրացանը։ Բունի հոգնած, այլայլված ու գազանի մագիլներից այլանդակված դեմքը մի գլուխ բարձր էր ՄքՔեզլինից։ Հետո Բունը սկսեց ծանր հևալ, կարծես բովանդակ անտառի ու ամայության օդը չէր բավականացնում բոլորին և իրեն։
 
— Բաց թող, Բուն,— ասաց ՄքՔեզլինը։
 
— Լողլող շանորդի,— ասաց Բունը։— Չե՞ս իմանում, որ մի վայրկյանում կվերցնեմ ձեռքիցդ, չես իմանում, որ էս հրացանը շարֆի նման կփաթաթեմ վզիդ։
 
— Գիտեմ,— ասաց ՄքՔեզլինը։— Բաց թող, Բուն։
 
— Ինքն էսպես ուզեց։ Ինքն է ասել, մեկ առ մեկ ասաց, թե ոնց է ուզում։ Մեկ է, չեմ թողնի ձեռք տաք նրան։ Ոնց որ ինքն ասաց՝ էդպես էլ արել ենք։ Էստեղ նստել եմ, որ վայրի կատուներին ու աղվեսներին մոտ չթողնեմ։ Մեկ է, չեմ թողի...
 
Հրացանն արդեն ՄքՔեզլինի ձեռքում էր. ներքև թեքած՝ նա դուրս քաշեց սեղմակը, ու հինգ պարկուճներն այնպես արագ դուրս թռան, որ վերջինի դուրս գալուց առաջինը դեռ գետնին չէր հասել։ ՄքՔեզլինը գցեց հրացանը՝ առանց հայացքը Բունից հեռացնելու։
 
— Բուն, դո՞ւ ես սպանել։
 
Բունն այնպես շարժվեց, կարծես հարբած լիներ ու մի պահ՝ նաև կույր, ձեռքը պարզած՝ խարխափելով հասավ հաստափոր ծառին, կանգ առավ նախքան ծառին հասնելը, հետո երկու ձեռքերը տարածելով՝ առաջ նետվեց, բռնեց ծառը, շրջեց ուժասպառ սպիավոր դեմքն ու սկսեց ծանր շնչել։ ՄքՔեզլինը մոտեցավ նրան՝ առանց աչքերը կտրելու Բունի աչքերից։
 
— Դո՞ւ ես սպանել։
 
— Ես չեմ սպանել,— ասաց Բունը։— Ես չեմ սպանել։
 
— Ճիշտն ասա։ Ես կանեի, եթե ինձ խնդրեր։
 
Հետո շարժվեց տղան։ Նա երկուսի արանքում էր՝ դեմքով դեպի ՄքՔեզլինը, արցունքները քրտինքի նման այնպես թափվեցին, կարծես ոչ միայն աչքերն էին լալիս, այլև ամբողջ դեմքը։
 
— Հանգիստ թողեք նրան,— ճչաց նա։— Ի՞նչ եք կպել, հանգիստ թողեք նրան։
Վստահելի
1318
edits