Changes

Զսպաշապիկ

Ավելացվել է 96 401 բայտ, 08:38, 18 Օգոստոսի 2014
== Գլուխ IV ==
Իսկ առայժմ ես սարսափի ճիրաններում էի՝ ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում մենախցերում, նախապատրաստվող փախուստը բացահայտվելուց հետո։ Սպասման անսահմանորեն երկար ժամերի ընթացքում ոչ մի վայրկյան իմ գլխից չէր հեռանում այն միտքը, որ վաղ թե ուշ ես էլ եմ գնալու այն նույն ճանապարհով, ինչպես և մյուս բանտարկյալները, որ ուրիշների պես ինձ ևս ենթարկելու են հարցաքննության հրեշավոր տանջանքներին, իսկ հետո ետ են բերելու մարդկային կերպարանքս կորցրած վիճակում և նետելու են մենախցի երկաթակոփ դռան հետևը, քարե հատակին։
Ապուշնե՜ր։ Կարծես նրանք կարող են ինձ զրկել իմ անմահությունից փայտե տախտակամածի և պարանից պատրաստած անշնորհք հարմարանքի միջոցով։ Օհ, ո՛չ, ես դեռ անթիվ-անհամար հարյուրամյակներ դարձյալ ու դարձյալ կթափառեմ այս գեղատեսիլ աշխարհում։ Եվ կլինեմ ոչ թե մի անմարմին ոգի, այլ տիրակալ և հողագործ, գիտնական և տգետ, ես կբազմեմ գահին և կտառապեմ լծի տակ։
 
 
== Գլուխ V ==
 
Չափից դուրս ծանր ու ձանձրալի էին մեկուսարանում անցկացրած իմ առաջին շաբաթները, և ժամերը ձգվում էին ծայր աստիճան դանդաղ ու թվում էին անվերջանալի։ Ժամանակի ընթացքը զգացվում էր ցերեկվա ու գիշերվա հաջորդականությամբ և վերակացուների հերթափոխով։ Ցերեկները մի փոքր միայն լուսավորվում էր իմ մեկուսարանը, և դա էլ շատ ավելի լավ էր, համեմատած գիշերային անթափանց խավարի հետ։ Մեկուսարանում ցերեկը լոկ մածուցիկ, դժգույն աղջամուղջ է, որը թափանցում է դրսից, այնտեղից, ուր բերկրանքով փայլում է արեգակնային լույսը։
 
Լույսը երբեք այնքան չի լինում, որ հնարավոր լինի կարդալ։ Հա, ի դեպ ասեմ, որ կարդալու բան էլ չկա։ Մնում է միայն պառկել ու մտածել, մտածել։ Իսկ ես դատապարտված էի ցմահ բանտարկության, դա նշանակում էր, որ ինձ վիճակված է,— եթե միայն չկարողանամ չեղած տեղից հրաշագործությամբ երեսունհինգ ֆունտ դինամիտ ստեղծել,— կյանքիս մնացյալ տարիներն ապրել քար լռության և խավարի մեջ։
 
Ինձ որպես անկողին էր ծառայում քարե հատակին նետած բարալիկ, փտած դարմանով լեցուն ներքնակը։ Վրաս ծածկում էի հնամաշ, աղտոտ վերմակ։ Խցում այլևս ոչինչ չկար, ո՛չ սեղան, ո՛չ աթոռ, ոչինչ, բացի դարմանե այդ ներքնակից և բարալիկ, ժամանակի ընթացքում բոլորովին մաշված վերմակից։ Իսկ ես վարժվել էի քիչ քնել ու շատ մտածել։ Մեկուսարանում բանտարկված մարդը իր մտքերի հետ միայնակ մնալով, զզվացնելու աստիճան ձանձրացնում է ինքն իրեն, և ինքն իրենից կարողանում է փրկվել միայն քնելու միջոցով։ Տարիներ շարունակ ես քնել եմ օրվա մեջ միջին հաշվով հինգ ժամից ոչ ավելի։ Հիմա ես քնի մշակույթով եմ զբաղվում։ Դրանից ես մի գիտություն եմ ստեղծել։ Սովորեցի քնել տասը, հետո տասներկու, և վերջապես, նույնիսկ տասնչորսից տասնհինգ ժամ՝ օրվա ընթացքում։ Բայց դա արդեն վերջին սահմանն էր, ու մնացյալ ժամանակը կամա թե ակամա ստիպված էի աչալուրջ պառկել ու մտածել, մտածել։ Իսկ աշխույժ խելքով ու երևակայությամբ օժտված մարդու համար դա դեպի խելագարություն տանող ուղիղ ճանապարհն է։
 
Արթմնի ժամերս որևէ բանով մի փոքր թեկուզ լցնելու համար դիմում էի տարբեր հնարամտությունների։ Ես անդադար քառակուսի և խորանարդ աստիճանների էի բարձրացնում ամեն տեսակի թվեր, ստիպելով ինքս ինձ կենտրոնանալ, և մտքումս հաշվում էի ամենաանհավանական երկրաչափական պրոգրեսիաներ։ Կատակի համար նույնիսկ փորձեցի շրջանի քառակուսիականը գտնել․․․ Սակայն ինքս ինձ բռնեցի այն փաստի վրա, որ սկսում եմ հավատալ այդ անլուծելի խնդրի լուծման հնարավորությանը։ Հասկանալով, որ դա ևս սպառնում է խելագարությամբ, հրաժարվեցի շրջանի քառակուսիականի որոնումներից, թեև, հավատացեք, դա ինձ համար մեծ զոհողություն էր, քանի որ մտքի նմանօրինակ վարժությունները սքանչելի կերպով օգնում էին սպանելու ժամանակը։
 
Փակ աչքեըով ու սևեռուն ուշադրությամբ ես պատկերացնում էի շախմատային խաղատախտակ, և ինքս ինձ հետ խաղում էի չափազանց երկարաձիգ շախմատային պարտիաներ։ Բայց այս դեպքում էլ հասնելով կատարելության, խաղը կորցրեց իր հետաքրքրությունը։ Դա միայն ժամանակի վատնում էր և ուրիշ ոչինչ, քանի որ իսկական պայքարը երբեք հնարավոր չէ այն դեպքում, երբ խաղում ես ինքդ քեզ հետ։ Փորձեցի իմ անձը երկուսի բաժանել և հակադրել մեկը մյուսին, սակայն բոլոր փորձերս ապարդյուն եղան․ ես միշտ ինձ զգում էի մի խաղացող, որը խաղում է երկուսի փոխարեն, և չէի կարողանում մտածել ոչ միայն խաղի մի ամբողջական ծրագիր, այլև նույնիսկ թեկուզ մեկ քայլ, որն անմիջապես հայտնի չլիներ իմ խաղընկերոջը։
 
Եվ Ժամանակն անցնում էր դանդաղ, անտանելի կերպով ձանձրալի։ Ես խաղում էի ճանճերի, սովորական ճանճերի հետ, որոնք իմ զնդանն էին գալիս նույն այն ճանապարհով, որտեղից թափանցում էր աղոտ ու մոխրագույն լույսը, և համոզվեցի, որ նրանց համար էլ մատչելի է մոլուցքի զգացողությունը։ Օրինակ, իմ խցի հատակին պառկած, ես պատի վրա, հատակից երեք ֆուտ վեր, մտովի մի գիծ էի քաշում։ Քանի դեռ ճանճը նստած էր լինում պատին այդ գծից վեր, ես նրան ձեռք չէի տալիս։ Բայց հենց որ նրանք գծից ցած էին իջնում, փորձում էի որսալ խեղճերին։ Ես շատ զգույշ էի, ջանում էի չվնասել նրանց նուրբ թևերը, և շուտով նրանք ինձնից էլ լավ հասկացան, թե որտեղով է անցնում այդ երևակայական գիծը։ Երբ խաղալու ցանկություն էին ունենում, նրանք պատին նստում էին երևակայական գծից վար, և պատահում էր, որ ճանճերից մեկնումեկը ինձ հետ զվարճանում էր մեկ ժամ շարունակ։ Հոգնելով, նա թռչում էր անվտանգ գոտի և հանգստանում էր այնտեղ։
 
Գրեթե մեկ տասնյակ ճանճերի մեջ, որո նք բնակվում էին իմ խցում, կար միայն մի ճանճ, որը չէր կամենում մասնակցել այդ զվարճալի զբաղմունքին։ Նա համառորեն հրաժարվում էր խաղից, և հասկանալով, որ պատի որոշակի տեղից ցած իջնելը վտանգավոր բան է, միշտ ջանում էր չանցնել սահմանը։ Այդ ճանճը մռայլ, հիասթափված մի արարած էր, ինչպես ասում էին մեր բանտում, ըստ երևույթին, աշխարհի հետ նա իր հաշիվներն ուներ։ Մյուս ճանճերի հետ էլ նա երբեք չէր խաղում։ Սակայն ուժեղ և առողջ ճանճ էր։ Ես բավականին երկար ժամանակ եմ նրան հետևել և այդ իսկ պատճառով հնարավորություն եմ ունեցել համոզվելու դրանում։ Խաղի նկատմամբ նրա ունեցած գարշանքը բնավորության, և ոչ թե ֆիզիկականի յուրահատուկ գիծն էր։
 
Հավատացեք, ես իմ բոլոր ճանճերին էլ ճանաչում էի։ Ինձ ապշեցնում էին նրանց միջև գոյություն ունեցող անսահման քանակությամբ տարբերությունները։ Օ՜հ, այո՛, ամեն մի ճանճ ուներ վառ ընդգծված անհատականություն, և մյուսներից տարբերվում էր ոչ միայն չափերով, գունավորմամբ, ուժով ու թռիչքի արագությամբ, ոչ միայն թռչելու ոճով և խաղի ժամանակ դրսևորող հնարանքներով, ոչ միայն իրենց ցատկումներով, ոչ միայն նրանով, որ պտտվում-պտտվում և սկզբում նետվում էր դեպի մի կողմ, իսկ հետո՝ մյուս, և, հանկարծ, վայրկյանի ինչ֊որ աննշան մասերի ընթացքում, դիպչում էր պատի վտանգավոր տեղամասին կամ այնպես էր ձևացնում, թե դիպչում է, որպեսզի ճիշտ նույն պահին էլ թռչի և նստի մի ուրիշ տեղ, ո՜չ․ նրանք բոլորն էլ իրարից խիստ կերպով տարբերվում էին իմացականությամբ և բնավորությամբ, որն արտահայտվում էր բավականին նուրբ հոգեբանական երանգներով։
 
Ես ուսումնասիրել եմ նյարդային և սառնարյուն ճանճերի։ Մի անչափահաս ճանճ կար, որը երբեմն իսկական կատաղության մեջ էր ընկնում, բարկանալով մերթ ինձ վրա, մերթ իր ընկերների։ Երբևէ վիճակվե՞լ է ձեզ ականատես լինել, թե ինչպես է կանաչ մարգագետնում, ափերից դուրս ժայթքող ուժերի առատությունից ու երիտասարդական ավյունից կրակված, քացի-քացի տալով դիվահարի պես, սուրում մտրուկը կամ հորթուկը։ Ուրեմն, ես էլ մի այդպիսի ճանճ ունեի, բոլորի մեջ ամենամոլի խաղասերը, ու երբ նրան հաջողվում էր երեք-չորս անգամ անպատիժ կերպով դիպչել արգելված գոտուն և խուսափել ձեռքիս թավշի պես փափուկ ու գողունի թափահարումից, նա այնպիսի վայրագ հիացմունքի և ուրախության մեջ էր ընկնում, այնպես էր ապրում իմ դեմ տարած հաղթանակը, որ սկսում էր մոլեգին մի արագությամբ պտտվել իմ գլխավերևում մերթ այս, մերթ մյուս ուղղությամբ, սակայն անընդհատ միևնույն շրջագծով։
 
Ավելին, ես միշտ նախօրոք գիտեի, թե երբ է այս կամ այն ճանճը խաղի մեջ մտնելու որոշում կայացնելու։ Ձեր ուշադրությունը չեմ ծանրաբեռնի այն փոքրիկ մանրամասնությունների նկարագրությամբ, որոնց ես ականատես եմ եղել, չնայած հենց այդ մանրամասնություններն էլ ինձ օգնել են, որպեսզի զնդանում փակվելուս շրջանում բանականությունս չկորցնեմ։ Սակայն այդ դեպքի մասին, այնուամենայնիվ, ես պատմելու եմ․ այդ դեպքը մեխվել է իմ հիշողության մեջ։ Մի անգամ այդ նույն միզանտրոպ ճանճը, որը մյուսներից տարբերվում էր իր մռայլ բնույթով և երբեք խաղի մեջ չէր մտնում, մոռացկոտությամբ նստեց պատի արգելված դոտում և տեղնուտեղը ընկավ իմ բռունցքի մեջ։ Հապա պատկերացրեք, թե նա ինչպես էր գազազել ամենաքիչը մեկ ժամ շարունակ։
 
Իսկ մենության ժամերը ձգվում էին տաժանելի դանդաղությամբ․ այդ ժամերը հնարավոր չէր ո՛չ սպանել, ո՛չ էլ կարճել թեկուզև ամենախելացի ճանճերի օգնությամբ։ Քանի որ, ի վերջո, ճանճերը լոկ ճանճեր են, իսկ ես մարդկային գիտակցությամբ ու գործարար ուղեղով մի մարդ էի, հագեցած բազում գիտական և այլ կարգի գիտելիքներով, մի այնպիսի ուղեղի տեր մարդ, որը միշտ ծարավ է զբաղմունքի, սակայն որևէ բան չկար զբաղվելու համար, և իմ ուղեղը հալումաշ էր լինում մտորումների ստրկության ներքո։ Ես հիշում էի Ասթիի խաղողի այգիները, որտեղ անցյալ տարի ամառային արձակուրդին փորձեր էի դնում, խաղողի մեջ և որթերում մոնոսախարիդների պարունակությունը որոշելու եղանակը որոնելով։ Ես արդեն ավարտելու վրա էի փորձերի այդ շարքը։ «Որևէ մեկը կշարունակի՞ արդյոք իմ աշխատանքը,— մտածում էի ես։— Իսկ եթե շարունակի, ապա ինչպիսի՞ն կլինի արդյունքը»։
 
Հիշեցեք, որ աշխարհն ինձ համար մեռած էր։ Դրսից ոչ մի լուր չէր թափանցում իմ զնդանը։ Գիտության զարգացումը վիթխարի քայլերով առաջադիմում էր, իսկ ինձ էլ հազարավոր տարատեսակ հարցեր էին հետաքրքրում։ Վերցնենք թեկուզ թրիպսիկի օգնությամբ կազեինի հիդրոլիզի իմ տեսությունը, որը պրոֆեսոր Ուոլթերը ստուգել էր իր լաբորատորիայում։ Իսկ պրոֆեսոր Շլամները աշխատակցում էր ինձ, ջանալով կենդանական ու բուսական ճարպերում ֆիտոստերին հայտնաբերել։ Այդ աշխատանքը, անկասկած, հիմա էլ է տարվում, բայց ինչպիսի՞ն են արդյունքները։ Այն միտքը, թե այնտեղ, շատ մոտիկ, բանտի պատերից անմիջապես այն կողմ եռում է գիտական կյանքը, իսկ ես ոչ միայն չեմ կարող մասնակցություն ունենալ, այլև ոչինչ չգիտեմ այդ մասին, խենթացնում էր ինձ։ Նրանք աշխատում էին, Իսկ ես իմ խցի հատակին պառկած խաղում էի ճանճերի հետ։
 
Սակայն զնդանի լռությունը ոչ միշտ էր լիակատար։ Մեկուսարան նետվելուս հենց առաջին օրերից երբեմն լսում էի թույլ և խուլ թրխկոցներ, որոնք սկսվում էին ամենաանորոշ ժամերի։ Իսկ շատ հեռուներից հնչում էին պատասխան թրխկոցները, որոնք առավել խուլ էին և առավել թույլ։ Այդ թրխկոցները գրեթե միշտ դադարում էին վերակացուների բղավոցներից։ Իսկ հաճախ էլ, երբ թրխկոցները շարունակում էին համառորեն հնչել, հերթապահ վերակացուները օգնության էին կանչում իրենց ընկերներին, և ինձ հասնող աղմուկից կռահում էի, որ մեկնումեկին զսպաշապիկ են հագցնում։
 
Ամեն ինչ պարզ էր օրը ցերեկվա պես։ Ես գիտեի, ինչպես և գիտեր Սեն-Քվենտին բանտի ամեն մի կալանավոր, որ մեկուսարանում նստած երկու բանտարկյալները Էդ Մորելն ու Ջեկ Օպենհեյմերն էին։ Ես կռահում էի, որ նրանք են թրխկացնելով խոսում իրար հետ և այդ իսկ պատճառով համապատասխան պատժի ենթարկվում։
 
Ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ նրանց օգտագործած ծածկագիրը չափազանց պարզ է, բայց և այնպես իզուր տեղը բավականին ջանք թափեցի, փորձելով այն հասկանալ։ Ծածկագիրը չէր կարող պարզ չլինել, սակայն որքան էք տանջվեցի, ոչ մի կերպ չհաջողվեց գուշակել բանալին։ Բայց երբ ի վերջո գտա գաղտնիքը, իսկապես որ ծայր աստիճան պարզունակ էր, ընդ որում ամենապարզը հատկապես այն էր, ինչն անրնդհատ շփոթության էր մատնում ինձ։ Նրանք ոչ միայն ամեն օր փոփոխում էին ծածկագրի ելման տառը, ո՜չ, նրանք այդ տառը փոխում էին ամեն անդամ, թրխկոցների միջև ընկած ամենակարճ դադարից հետո, երբեմն էլ նույնիսկ հենց թրխկոցների կեսին։
 
Եվ վրա հասավ այն օրը, երբ ես որսացի ծածկագրի սկիզբը և անմիջապես մեկնաբանեցի բավականին պարզ ու որոշակի երկու նախադասություն։ Իսկ հաջորդ անգամ, երբ նրանք դարձյալ սկսեցին թրխկացնել, ես դարձյալ չկարողացա որևէ բառ հասկանալ։ Բայց այն առաջին անգամվա՜նը․․․
 
«Լսիր․․․ Էդ․․․ դու հիմա․․․ ի՞նչ․․․ կտայիր․․․ մի պտղունց․․․ ծխախոտի․․․ և․․․ թղթի․․․ կտորի․․․ համար»,— հարցնում էր նա, ում թրխկոցները հեռվից էին լսվում։
 
Ես հազիվ զսպեցի ուրախության իմ ճիչը․ ահավասիկ այն թելը, որն ինձ կկապի ընկերներիս հետ։ Ահավասիկ՝ հաղորդակցման միջոցը։ Ես ագահորեն ականջ էի դնում, և շուտով ինձ հասավ ավելի մոտիկից լսվող պատասխան թրխկոցը։ Երևի Էդ Մորելն էր թրխկացնում։
 
«Հինգ․․․ սենթանոց․․․ տուփի․․․ համար․․․ ես․․․ կհամաձայնեի․․․ քսան․․․ ժամ․․․ զսպաշապիկ․․․ հագնել․․․»
 
Եվ սրա վրա թրխկոցն ընդհատվեց վերակացուի կոպիտ բղավոցով․
 
— Էդ, վերջ տուր։
 
Կողքից դիտողին կարող է թվալ, թե զնդանում ցմահ բանտարկության դատապարտված կալանավորն այլևս կորցնելու բան չունի, ավելի վատթարը լինել չի կարող և այդ պատճառով էլ վերակացուն անզոր է նրան հնազանդեցնել և պահանջել, որ թրխկոցը դադարեցնի։ Բայց չէ՞ որ զսպաշապիկ էլ գոյություն ունի։ Կարող են նաև սննդից զրկել։ Եվ, վերջապես, գոյություն ունեն ծարավի տառապանքները։ Ու ձեծը։ Իսկ իր փոքրիկ խցում նստած կալանավորը անօգնական է, բոլորովին անօգնական։
 
Մի խոսքով թրխկոցը դադարեց, իսկ գիշերը, երբ նորից սկսվեց, կանգնեցի փակուղու առաջ։ Նրանք փոխել էին ծածկագրի ելման տառը, ըստ երևույթին, այդ մասին ունենալով նախնական պայմանավորվածություն։ Բայց ես արդեն կռահել էի հիմնական սկզբունքը, և մի քանի օր անց, երբ նրանք դարձյալ սկսեցին ինձ ծանոթ տառից, հրավերի չսպասեցի։
 
— Ողջունում եմ ձեզ,— թրխկացրեցի ես։
 
— Ողջույն, անծանոթ,— պատասխանեց Մորելը։
 
Իսկ Օպենհեյմերն ավելացրեց,
 
— Բարի եկաք մեր քաղաքը։
 
Նրանք հետաքրքրվեցին իմ անձնավորությամբ, հարցրեցին, թե մենախցում բանտարկության ինչպիսի ժամկետի եմ դատապարտված և ինչ պատճառով։ Սակայն սկզբում այդ բոլոր հարցերին կարևորություն չտվեցի, շտապելով պարզել, թե ինչ համակարգով են նրանք փոխում ծածկագրի ելման տառերը։ Բացատրությունը լսելուց հետո մենք մի քիչ էլ զրուցեցինք։ Դա նշանակալի օր էր․ չէ՞ որ երկու ցմահ բանտարկյալներ անսպասելի կերպով ձեռք բերեցին բախտակից մի ընկեր ևս։ Ճիշտ է, սկզբում նրանք իրենց ընկերակցության մեջ ինձ ընդունեցին այսպես ասած, փորձաշրջանով։ Հետագայում, իհարկե, խոստովանեցին, որ վախեցել են, թե լրտես կլինեմ, որին հանձնարարել են որևէ կեղծ մեղադրանք սարքել իրենց վրա։ Օպենհեյմերի հետ մի այդպիսի դեպք արդեն պատահել էր, և նա բավականին թանկ էր վճարել իր վստահության համար, որը և օգտագործել էր բանտապետ Ազերթոնի ուղարկած լրտեսը։
 
Ի զարմանս ինձ,— քիչ էր մնում ասեի՝ ի ուրախություն ինձ,— երկու կալանավոր ընկերներս էլ լսել էին իմ մասին, որպես «անուղղելիի»։ Իմ փառքը, կամ, ավելի համեստ ասած, հռչակը, թափանցել էր նույնիսկ այն տապանը, ուր տասը տարի շարունակ տառապել էր Օպենհեյմերը։
 
Նրանց շատ բան ունեի պատմելու բանտում և բանտից դուրս տեղի ունեցած դեպքերից։ Նրանք ոչինչ չէին լսել քառասուն ցմահ բանտարկյալների մտացածին փախուստի նախապատրաստության, գոյություն չունեցող դինամիտի որոնումների, մի խոսքով այն դավաճանական ծուղակի մասին, որի մեջ քաշել էր մեզ Սեսիլ Ուինվուդը։ Նրանք ինձ ասացին, որ երբեմն վերակացուների միջոցով ինչ֊ինչ լուրեր են թափանցում մեկուսարան, բայց վերջին երկու ամիսներին ոչ մի տեղեկություն չի հասել իրենց։ Այդ ժամանակամիջոցում մեկուսարանները հսկող վերակացուները պատկանում էին ամենաբութ և ամենակատաղիների թվին։
 
Այդ օրը հերթապահություն ստանձնող ամեն մի վերակացու թրխկոցների համար մեր գլխին լուտանքի տարափ էր տեղում։ Բայց մենք չէինք կարող համբերել։ Ողջ-ողջ թաղված երկու հոգուն հանկարծ ավելացել էր ևս մեկը, և մենք շատ բան ունեինք իրար ասելու, իսկ մեր առանց այն էլ դանդաղկոտ զրայցը կրիայի քայլերով էր առաջ շարժվում, քանի որ այդպիսի միջոցով մարդկանց հետ հաղորդակցվելու փորձ դեռևս չունեի։
 
— Սպասիր, գիշերը հերթապահելու է Խծուծը,— թրխկացրեց ինձ Մորելը։— Նա գրեթե ամբողջ հերթապահության ընթացքում խռմփացնում է, և մենք կկարողանանք սրտներս բանալ։
 
Այո, մենք այդ գիշեր քաղցր զրույց ունեցանք։ Ոչ մի վայրկյան մեր աչքը չփակվեց։ Խծուծ Ջոնսը մաղձոտ ու չար մի մարդ էր չնայած իր մարմնեղությանը, բայց մենք օրհնում էինք այդ մարմնեղությունը, քանի որ դա նրան ստիպում էր թաքուն ննջել։ Բայց և այնպես, մեր անընդհատ թրխկոցները կատաղեցրին Խծուծին, որովհետև նրան խանգարում էինք քնել, և նա նորից ու նորից բղավում էր մեղ վրա։ Գիշերային մյուս հերթապահները ևս անիծում էին մեզ։ Իսկ առավոտյան նրանք բանտային իշխանություններին հայտնեցին, որ կալանավորները ամբողջ գիշեր թրխկացրել են և մենք էլ ստիպված եղանք փոխհատուցել մեր փոքրիկ երջանկության համար․ առավոտյան ժամը իննին հայտնվեց կապիտան Ջեմին մի քանի հպատակների ուղեկցությամբ, և մեզ զսպաշապիկներ հագցրեցին։ Քսանչորս ժամ շարունակ, մինչև հետևյալ առավոտվա ժամր տասը, առանց հաց ու ջրի։ Զսպաշապիկ հագած, մենք ընկած էինք քարե հատակին է դրանով իսկ վճարելով այն բանի համար, որ մեզ թույլ ենք տվել զրուցել իրար հետ։
 
Օ՜հ, մեր բանտապանները կատարյալ գազաններ էին։ Եվ նրանք մեզ հետ այնպես էին վարվում, որ դիմանալու համար մենք ևս պետք է անողոք լինեինք ու պետք է գազանների վերածվեինք։ Կոպիտ աշխատանքից կոպտանում են մարդու ձեռքերը։ Ղաժան բանտապանների ձեռքին դաժանաբարո են դառնում կալանավորները։ Մենք շարունակում էինք թրխկացնել, և որպես պատիժ, մեզ հաճախակի զսպաշապիկ էին հագցնում։ Օրվա լավագույն ժամանակը գիշերն էր, իսկ երբեմն էլ, երբ մեր մշտական տանջարարների փոխարեն պատահաբար հերթապահում էր մեկ ուրիշը, մենք սկսում էինք թրխկացնել մինչև լույս։
 
Հավիտենական խավարում ապրողներիս համար օրերն ու գիշերները միաձուլվել էին։ Ցանկացած ժամին կարող էինք քնել, իսկ թրխկացնելու հնարավորություն դեպքից դեպք էր ընձեռվում։ Մենք իրար պատմեցինք մեր ամբողջ կյանքը, և ես ու Մորելը ժամերով լուռ պառկած ականջ էինք դնում հեռվից լսվող թույլ, խուլ ձայներին։ Օպենհեյմերն էր դա, որ դանդաղ, բառ առ բառ թրխկացնում էր իր կյանքի պատմությունը․ պատմում էր Սան-Ֆրանցիսկոյի հետնախորշերում անցկացրած մանկության մասին, պատմում էր այն ելուզակախմբի մասին, որը փոխարինել էր դպրոցին, պատմում էր ամեն տեսակի չարագործությունների ու արատների հետ ծանոթ լինելու մասին, այն մասին, որ տասնչորս տարեկան հասակում կարմիր լապտերների թաղամասում եղել է բանբեր տղա, ինչպես է առաջին անգամ ընկել ոստիկանության ճանկը, պատմում էր գողությունների ու կողոպուտների մասին, և դարձյալ գողությունների ու կողոպուտների մասին, և վերջապես, ընկերոջ դավաճանության և բանտի ներսում իր կատարած արյունահեղ հաշվեհարդարի մասին։
 
Ջեկ Օպենհեյմերին անվանել էին «Վագրամարդ»։ Մի ճարպիկ լրագրող էր մարդկանց բերանը գցել այդ չար արտահայտությունը, որին վիճակված էր շատ ավելի երկար ապրել, քան այդ մականունը կրող մարդը։ Սակայն Ջեկ Օպենհեյմերի մեջ ես տեսնում էի իսկական մարդկային գծեր։ Նա վստահելի ու հավատարիմ ընկեր էր եղել։ Երբեք ոչ ոքի չէր մատնել, թեև բազում անգամներ ենթարկվել էր պատժի։ Նա խիզախ մարդ էր։ Համբերատար, անձնազոհության ընդունակ մարդ։ Ես կարող էի այդ մասին մի երկար պատմություն պատմել, սակայն Ժամանակ չունեմ։ Նա էլ կրքոտությամբ ատում էր անարդարությունը։ Երբ բանտում Ջեկ Օպենհեյմերը մարդ էր սպանել, ապա դա կատարել էր արդարամտության սուր զգացողությունից դրդված։ Եվ սքանչելի խելքի տեր մարդ էր։ Ոչ ցմահ բանտարկությունը, ոչ էլ մեկուսարանում անցկացրած տասը տարիները չէին մթագնել նրա բանականությունը։
 
Մորելը ևս բարեհոգի, հավատարիմ ընկեր և նույնքան խելացի մարդ էր։ Ըստ էության Սեն-Քվենտին բանտի երեք մեն ախելացի մարդիկ (մի ոտքով գերեզմանում լինելով, ես իրավունք ունեմ հայտարարել այս, չվախենալով, թե ինձ կմեղադրեն անհամեստության մեջ) մեկուսարաններում փտում էին կողք-կողքի։ Այժմ, կյանքիս ճանապարհի ավարտին, նայելով ետ և հիշելով այն ամենը, ինչ սովորեցրել է ինձ բանտը, գալիս եմ այն եզրակացության, որ խելքի ուժն ու խորությունը անհամատեղելի են հնազանդության հետ։ Հիմար մարդիկ, վախկոտ մարդիկ, խիզախությամբ չօժտված մարդիկ, մարդիկ, որոնք չունեն ընկերասիրության անխորտակ զգացողություն և ճշմարտության ու արդարամտության նկատմամբ կրքոտ ձգտում — ահավասիկ սրանք են, որոնցից ստեղծվում են օրինակելի բանտարկյալներ։ Ես երախտապարտ եմ աստվածներին, որ Ջեկ Օպենհեյմերը, Էդ Մորելը և ես երբեք չենք եղել օրինակելի բանտարկյալներ։
 
 
== Գլուխ VI ==
 
Այն երեխան, որ հիշողությունը բնութագրել է որպես «մի բան, որի օգնությամբ մոռանում են», այնքան էլ սխալ չի եղել։ Մոռանալու ընդունակությունը առողջ ուղեղի յուրահատկություն է։ Չմոռացվող հիշողությունները մտագարություն և խելագարություն են նշանակում։ Եվ մեկուսացված խցում, որտեղ ինձ պաշարել էին չմոռացվող հիշողությունները, ես մոռանալու միջոցներ էի որոնում։ Բայց ճանճերի հետ զվարճանալով, ինքս ինձ հետ շախմատ խաղալով, ընկերներիս հետ թրխկոցներ փոխանակելով, ես միայն գտնում էի մասնակի մոռացում, բայց չէ՞ որ լրիվ մոռացում էի որոնում։
 
Մնացել էին այլ ժամանակների ու այլ աշխարհների մասին հիշողություններ— «շողի փոքր-ինչ զրնգացող ցոլքեր», ինչպես գրել է Ուորդսվորթը։ Մի՞թե երեխան մեծանալով, անվերադարձ կորցնում է այդ հիշողությունները։ Մի՞թե այդ հիշողությունները մեկընդմիշտ ջնջվում են։ Թե՞ այլ ժամանակների ու այլ աշխարհների մասին հուշերը շարունակում են ննջել, թաղված լինելով ուղեղի բջիջների խորքերում, ինչպես Սեն-Քվենտին բանտի մեկուսարանում ես եմ թաղված։
 
Հայտնի են դեպքեր, երբ մեկուսացված ցմահ բանտարկության դատապարտված մարդիկ ներում են ստացել և, ասես հարություն առնելով, նորից հիացել են արևի լույսով։ Հապա էլ ինչո՞ւ չի կարող հարություն առնել ուրիշ կյանքի մասին եղած մանկական հուշը։
 
Բայց ինչպե՞ս արթնացնել այդ հուշը։ Մոռանալ ներկան և այն ամենը, ինչ ընկած է ներկայի և մանկության միջև, վճռեցի ես։
 
Իսկ ինչպե՞ս հասնել դրան։ Հիպնոսի օգնությամբ։ Եթե հիպնոսի օգնությամբ ինձ հաջողվի քնեցնել գիտակցությունս և արթնացնել իմ ենթագիտակցությունը, ապա հաղթանակը տարած կլինեմ. այդ դեպքում իմ ուղեղում կրնկի վրա կբացվեն բանտի բոլոր դռները և կալանավորված հուշերը դուրս կգան դեպի ազատություն, դեպի արև։
 
Ես այսպես էի դատում, իսկ թե ինչպիսին եղավ արդյանքը դուք կիմանաք հետագայում։ Բայց սկզբում ես ուզում եմ պատմել իմ սեփական մանկական հիշողությունները այլ ժամանակների մասին։ Ինձ, ինչպես և բոլոր երեխաներին, տանջել է այն հուշը, թե ով եմ եղել ես վաղընջական ժամանակներում։ Դա տեղի ունեցավ այն օրերին, երբ ես նոր էի միայն դարձել իմ «ես»֊ը, և մյուս կյանքերիս յուրահատուկ բնավորությունները դեռևս չէին քարացել և չէին բյուրեղացել իմ նոր անձի մեջ, որը մի քանի կարճ տարի կոչվում էր Դարրել Սթենդինգ։
 
Ես միայն մի դեպք կպատմեմ, որը պատահել է Միննեսոթի մեր հին ֆերմայում։ Գիշերելու համար մեր տանը իջևանեց Չինաստանից վերադարձած մի առաքելական, որին Առաքելությունների խորհուրդն ուղարկել էր ֆերմերներից նվիրատվություններ հավաքելու։ Այն, ինչ ուզում եմ պատմել, տեղի ունեցավ ընթրիքից հետո, խոհանոցում, երբ մայրս արդեն պատրաստվում էր քնեցնել ինձ, իսկ առաքելականը նրան ցույց էր տալիս Սուրբ Երկրի լուսանկարները։
 
Բնականաբար, ես վաղուց արդեն մոռացած կլինեի այն, ինչ պատրաստվում եմ ձեզ պատմել, եթե հետագայում բազմիցս լսած չլինեի, թե ինչպես է հայրս այդ մասին պատմում զարմացած ունկնդիրներին։
 
Լուսանկարներից մեկը տեսնելով, ես բացականչեցի և սկսեցի ավելի ուշադիր զննել սկզբում ագահաբար, իսկ հետո հիասթափությամբ։ Սկզբում դա ինձ այնքան ծանոթ թվաց, ասես հորս ցախատան լուսանկարը լիներ, իսկ հետո հանկարծ դարձավ օտարոտի։ Սակայն ես շարունակեցի զննել այդ լուսանկարը և պատկերը նորից դարձավ սիրտ ճմլելու աստիճան ծանոթ։
 
— Գավիթի Աշտարակն է,— բացատրեց առաքելականը դիմելով մորս։
 
— Ո՛չ,— խորին համոզմունքով գոչեցի ես։
 
— Քո կարծիքով ուրի՞շ անուն ունի,— հարցրեց առաքելականը։
 
Ես գլխով արեցի։
 
― Իսկ ինչպե՞ս է կոչվում, հապա՞, տղաս։
 
― Կոչվում է...— ես ուզում էի պատասխանել, բայց լեզուս կապ ընկավ։— Մոռացել եմ։
 
— Աշտարակի տեսքը ոնց որ փոխված լինի,— փոքր-ինչ լռելուց հետո ավելացրի ես։— Ամբողջովին վերակառուցել են։
 
Այստեղ առաքելականը լուսանկարների կապուկից հանեց մեկ ուրիշը և պարզեց մորս։
 
— Այս վայրում եղել եմ կես տարի առաջ, միսիս Սթենդինգ,— ասաց նա, և մ ատնացույց անելով, ավելացրեց։— Սա Յոպպեի դարպասն է, որտեղից ես ուղիղ գնացի դեպի Գավիթի Աշտարակը։ Աշտարակը սա է, ետին պլանում, մատիս տակ։ Բոլոր աստվածաբան գիտնականները այս հարցում համակարծիք են։ Էլ Կուլաքը այն անվանում է․․․
 
Այստեղ ես դարձյալ ընդհատեցի նրան և լուսանկարի ձախ անկյունում ցույց տալով ավերակները, բացականչեցի․
 
— Պետք է որ այստեղ լինի։ Հրեաներն են անվանում այնպես, ինչպես դուք ասացիք։ Իսկ մենք այլ անուն ենք աալիս։ Մենք անվանում ենք... Մոռացա...
 
— Լսեք, սրա՜ն լսեք,— ծիծաղեց հայրս։— Քիչ է մնում, որ հավատանք, թե եղել է այնտեղ։
 
Ես ինքնավստահ գլխով արեցի, քանի որ չէի կասկածում, թե ինձ վիճակվել է լինել այդ վայրերում, չնաչած տարօրինակ կերպով շատ փոփոխություններ էին եղել։ Հայրս ավելի բարձր քրքջաց, իսկ առաքելականը կարծեց, թե ես իրեն ձեռք եմ առնում։ Նա մի լուսանկար ևս ցույց տվեց․ քարալանջ ձորակով կտրված մի անապատ, որտեղ ոչ ծառի հետք կա և ոչ էլ խոտի։ Քիչ հեռվում երևում էր հարթ տանիքներով խղճուկ հյուղակների մի կույտ։
 
— Իսկ սա՞ որն է, տղա՛ս,— հարցրեց առաքելականը։
 
Եվ ես հիշեցի։
 
— Սամարիան,— առանց մտածելու պատասխանեցի ես։
 
Հայրս ծափ զարկեց, իսկ մայրս բոլորովին շփոթվեց, չհասկանալով, թե ինչ է կատարվում ինձ հետ․ առաքելականը կարծես բարկացավ։
 
— Տղան չի սխալվում,— ասաց նա։— Այս գյուղն իրոք գտնվում է Սամարիայում։ Ես անցել եմ այս կողմերով։ Դրա համար էլ գնեցի լուսանկարը։ Իսկ տղան անպայման տեսել է ուրիշ այսպիսի լուսանկարներ։
 
Բայց հայրս ու մայրս սկսեցին հավատացնել նրան, որ այդպիսի բան չի կարող եղած լինել։
 
— Միայն թե նկարում իսկականի նման չէ,— քաջալերվեցի ես, և իմ հիշողությունն այդ ընթացքում մանրամասն վերականգնեց տեղանքի արդեն անհետացած բոլոր առանձնահատկությունները։ Ընդհանուր բնույթը մնացել էր նախկինը, ինչպես և պահպանվել էին հեռու բլուրների ուրվագծերը։ Ես մատնացույց անելով, բարձրաձայն սկսեցի թվարկել բոլոր փոփոխությունները։
 
— Տներն այստեղ էին, աջ կողմում։ Իսկ այստեղ գյուղեր կային, շատ գյուղեր, խոտն էլ շատ էր, այծերն էլ։ Կարծես հիմա աչքերիս առաջ լինի։ Երկու տղա այծ են արածացնում։ Իսկ այստեղ շատ մարդիկ կան և բոլորն էլ քայլում են մեկի հետևից։ Իսկ այնտեղ,— ես մատնացույց արեցի այն վայրը, ուր քիչ առաջ ասել էի, թե գյուղ է եղել,— իսկ այնտեղ բազմաթիվ թափառաշրջիկներ կան։ Ցնցոտիների մեջ են։ Հիվանդ։ Նրանց դեմքը, ձեռքերն ու ոտքերը խոցերով են ծածկված։
 
— Նա այդ ամենի մասին կամ եկեղեցում է լսել, կամ էլ մի ուրիշ տեղ․․․ Ավետարան ըստ Ղուկասի, բորոտների ապաքինումը,— ինքնագոհ մի ժպիտով ասաց առաքելականը։— Իսկ թափառաշրջիկները քանի՞ հոգի են, տղաս։
 
Հինգ տարեկան հասակում ես արդեն կարողանում էի համրել մինչև հարյուրը, և մտքումս նրանց հաշվելով, ասացի.
 
— Տասը հոգի։ Նրանք թափահարում են ձեռքերն ու գոռում մյուսների վրա։
 
— Բայց չե՞ն մոտենում նրանց,– հարցրեց առաքելականը։
 
Ես գլուխս օրորեցի։
 
— Ո՛չ, կանգնած գոռում են, ասես դժբախտություն է պատահել։
 
— Շարունակիր,— պահանջեց առաքելականը։— Ուրիշ ի՞նչ է տեղի ունենում։ Ի՞նչ է անում այն մարդը, որը, ինչպես ասացիր, առաջնորդում է թափորը։
 
— Բոլորն էլ կանգ առան, և այդ մարդը ինչ֊որ բան է ասում հիվանդ թափառաշրջիկներին։ Այծարած տղաներն էլ կանգ առան, որպեսզի դիտեն։ Բոլորը նայում են։
 
― Հետո՞։
 
— Ոչինչ։ Հիվանդ թափառաշրջիկները գնում են գյուղ։ նրանք այլևս չեն գոռում, և արդեն առողջ տեսք ունեն։ Իսկ ես իմ նժույգին հեծած, նայում եմ։
 
Այս խոսքիս վրա իմ բոլոր ունկնդիրները ծիծաղեցին։
 
— Եվ ես մեծ մարդ եմ,— գոչեցի ես բարկանալով։— Մի երկար թուր էլ ունեմ։
 
— Դրանք այն տասը բորոտներն են, որոնց Քրիստոսը ապաքինեց Երուսաղեմի ճանապարհին, Երիքովի մոտակայքում,— բացատրեց առաքելականը իմ ծնողներին։— Այս տղան երևի մոգական լապտերի ներկայացմանն է եղել և տեսել է նշանավոր կտավների դիապոզիտիվները։
 
Բայց թե՛ հայրս, թե՛ մայրս միանգամայն վստահ էին, որ ես կյանքումս ոչ մի անգամ մոգական լապտեր չեմ տեսել։
 
— Մի ուրիշ բան էլ ցույց տվեք,— խնդրեց հայրս։
 
— Այստեղ շատ բան այնպես չէ, ինչպես պետք է լիներ,— դժգոհեցի ես, դիտելով լուսանկարը, որն ինձ պարզեց առաքելականը։— Միայն այս բլուրն ու մյուս բլուրներն են իրենց տեղերում։ Այստեղ պետք է ճանապարհ լիներ։ Իսկ այստեղ՝ բարձր, քարե պարիսպներով այգիներ ու տներ։ Իսկ մյուս կողմից պետք է լինեին ժայռախոռոչներ, որտեղ նրանք թաղում էին իրենց հանգուցյալներին։ Տեսնո՞ւմ եք այս վայրը։ Այստեղ նրանք քարկոծում էին մարդկանց, մինչև որ բոլորին սպանեցին։ Աչքովս չեմ տեսել։ Այդ մասին ինձ միայն պատմել են։
 
— Իսկ սա ի՞նչ բլուր է,— հարցրեց առաքելականը, մատնացույց անելով պատկերի կենտրոնում գտնվող բարձունքը, որի համար երևի, լուսանկարել էին այդ բնանկարը։— Գիտե՞ս, թե ինչպես է կոչվում։
 
Ես գլուխս օրորեցի։
 
— Անուն չունի։ Այստեղ մարդկանց են սպանել։ Քանի անգամ էլ ինքս եմ ականատես եղել։
 
— Այն, ինչ նա ասում է, այժմ համապատասխանում է մեծ հեղինակություններից շատերի կարծիքին,— իմ պատասխանից բավարարված, հայտարարեց առաքելականը։— Այս բլուրը Գողգոթան է, «Գանգերի բլուրը», բայց հավանական է, որ այդ անունը տվել են, քանի որ բլուրը գանգի ձև ունի։ Լապա նայեցեք, իսկապես, որ նմանություն կա։ Այստեղ խաչեցին․․․– նա լռեց ու դարձավ դեպի ինձ,— Այստեղ ո՞ւմ են խաչել, պատանի գիտնական։ Ասա, տեսնենք դու ուրիշ ի՞նչ ես տեսնում։
 
Այո, ես տեսնում էի (հայրս հետո պատմում էր, որ աչքերս թռել էին ճակատիս), բայց համառելով գլուխս օրորեցի ու փնթփնթացի․
 
— Չեմ ասի, որովհետև ծիծաղում եք վրաս։ Ես տեսել եմ, որ այստեղ շատ մարդկանց են սպանել։ Երկար ժամանակ գամած են թողել նրանց... Ես տեսել եմ, բայց ոչինչ չեմ ասի։ Ես երբեք սուտ չեմ ասում։ Ուզո՞ւմ եք մայրիկիս հարցրեք, սուտ ասո՞ւմ եմ արդյոք։ Կամ էլ հարցրեք հայրիկիս։ Սուտ ասելու համար հայրիկս կաշիս կքերթեր։ Հապա, հարցրեք նրան։
 
Եվ առաքելականին այլևս չհաջողվեց որևէ բան իմանալ ինձնից, թեև հրապուրում էր այնպիսի լուսանկարներով, որոնցից գլուխս պտտվում էր, այնքան որ շատ էին հուշպատկերները։ Բառերն իրենք իրենց ուզում էին դուրս թռչել իմ բերանց, բայց համառելով, կուլ էի տալիս դրանք ու լռում։
 
― Ենթադրում եմ, որ այս տղայից Սուրբ Գրքի հրաշալի գիտակ կստացվի,— ծնողներիս ասաց առաքելականը, երբ ես նրանց բարի գիշեր մաղթելով, գնացի քնելու։— Բայց գուցե այդպիսի հարուստ երևակայության շնորհիվ նշանավոր գրո՞ղ կդառնա։
 
Դա ապացուցում է, թե որքան սխալ են լինում մարգարեությունները։ Ահավասիկ, հիմա նստած եմ Մարդասպանների Միջանցքում և գրում եմ այս տողերը իմ վախճանի, ավելի ճիշտ՝ Դարրել Սթենդինգի վախճանի սպասման մեջ, քանի որ շուտով այստեղից կտանեն նրան, և պարանոցին գցելով օղակը, կփորձեն խորասուզել խավարի մեջ, և ինքս ինձ ժպտում եմ։ Ես ո՛չ Սուրբ Գրքի գիտակ դարձա, ո՛չ էլ մոդայիկ վիպասան։ Ընդհակառակը, նախքան ինձ հինգ տարով մենախցում ողջ-ողջ թաղելը, ես այնպիսի բանով էի զբաղվում, որի մասին առաքելականի մտքով նույնիսկ չէր անցնի․ ես գյուղատնտեսության գիտակ մարդ էի, հողագիտության պրոֆեսոր, աշխատանքի անարտադրողական ծախսերի իջեցման գծով մասնագետ, ինտենսիվ գյուղատնտեսության էքսպերտ, լաբորատորիաներում աշխատող հետազոտող-գիտնական, որտեղ բացարձակ օրենք են ճշգրտություն ու մանրադիտակի ներքո ստուգված փաստերը։
 
Ահավասիկ, ամառային այս շոգ օրը նստած եմ այստեղ, Մարդասպանների Միջանցքում, և իմ հուշերի գրառումը դադարեցնում եմ միայն նրա համար, որպեսզի ականջ դնեմ քնկոտ օդում լսվող ճանճերի հանգստացնող բզզոցին և որսում այն մեղմ խոսակցության բեկորները, որ իրար հետ սկսում են ձախակողմյան խցիկի մարդասպան նեգր Ջոսեֆ Ջեկսոնն ու աջակողմյան խցիկի մարդասպան իտալացի Բամբեչչոն։ Մի վանդակադռնից դեպի մյուս վանդակադուռը, որոնց արանքում գտնվում է իմ մենախցի վանդակադուռը, նրանք կարծիքներ են փոխանակում բորբոքված վերքերի համար ծխախոտի խյուսի՝ վարակը կանխող և ապաքինող հատկությունների մասին։
 
Եվ, իմ քարացած ձեռքում սեղմած ինքնահոսին նայելով, ես հիշում եմ իմ մյուս ձեռքերը, որոնք վաղուց անցյալի գիրկը գնացած ժամանակներում սեղմել են վրձին, սագի փետուր ու երկաթե գրիչ, և մտքումս հարց եմ տալիս ինքս ինձ, պատահե՞լ է, որ այդ առաքելականը իր մանկության տարիներին որսած լինի շողի փոքր-ինչ զրնգացող ցոլքեր և գեթ մի ակնթարթ վերապրած լինի անցյալ օրերին միջաստղային տարածություններում թափառելու բերկրանքը։
 
Բայց դառնանք այն օրերին, որոնք ես անց եմ կացրել մենախցում, երբ արդեն սովորել էի թրխկացնելու ծածկագիրը, սակայն նաև ապրում էի տառապալից դանդաղությամբ անցնող ժամերը, երբ արթուն վիճակում էր իմ գիտակցությունը։ Ինքնահիպնոսի օգնությամբ, որին դիմում էի ոչ առանց հաջող արդյունքի, ես սովորեցի գիտակցությունս քնեցնել և արթնացնել, ազատ արձակել իմ ենթագիտակցությունը։ Բայց պարզվեց, որ ենթագիտակցությունս չգիտե և չի ուզում ճանաչել ոչ մի օրենք։ Նա թափառում էր մղձավանջների աշխարհում, որտեղ երևույթների, ժամանակի և անձնավորությունների միջև ոչ մի կապ չկար։ Ինքս ինձ հիպնոսացնում էի ծայրահեղորեն պարզ միջոցներով։ Ներքնակիս վրա ծալապատիկ նստած, ես սկսում էի լարված դիտել դեղնավուն դարմանի ծպեղը, որը փակչել էր խցիկիս պատին, դռան մոտ, ուր լույսն ավելի առատ էր։ Ես նայում էի այդ պայծառ կետին, աչքերս գրեթե կիպ մոտեցնելով ու վեր հափռելով, որպեսզի լարումն ավելի ուժեղ լինի։ Միաժամանակ ես թուլացնում էի կամքս և տրվում էի գլխապտույտի, որն անպայման տիրում էր ինձ։ Ու երբ զգում էի, թե ուր որ է կկորցնեմ հավասարակշռությունս ու կփռվեմ մեջքիս, փակում էի աչքերս և բութ անզգայացման մեջ, ընկնում էի ներքնակի վրա։ Իսկ հետո կես ժամ, կամ տասը րոպե, երբեմն էլ մի Ժամ շարունակ ես ագահաբար նետվում էի երկրի վրա իմ հավերժական վերադարձների մասին հիշողություններիս պահեստները, սակայն դարաշրջաններն ու երկրները չափազանց արագ էին փոփոխվում։ Արթնանալով, ես գիտակցում էի, որ այդ ամբողջ խայտաբղետ ու անհեթեթ գեղադիտակը միաձույլ էր Դարրել Սթենդինգի անձնավորության հետ։ Եվ լոկ այդքանը։ Ինձ երբեք չհաջողվեց լրիվ վերապրել մի որևէ գոյավիճակ, չհաջողվեց իմ գիտակցության մեջ որսալ ժամանակի և տարածության համընկնելու ընդհանուր որևէ կետ։ Իմ երազները, եթե միայն կարելի է դրանք երազ անվանել, զուրկ էին համակարգումից և տրամաբանությունից։
 
Ահավասիկ նման թափառումների մի օրինակ։ Ենթագիտակցության տիրապետության տակ տասնհինգ րոպեանոց մի կարճատև ժամանակամիջոցում ես սողում ու ոռնում էի նախնադարյան աշխարհի տիղմերում և Հաասի հետ նստել էի օդանավ, ճեղքելով քսաներորդ դարի մթնոլորտը։ Արթնանալով հիշեցի, որ ես, Դարրել Սթենդինգս, բանտարկությունից մեկ տարի առաջ Հաասի հետ թռել եմ Խաղաղ օվկիանոսի վրայով դեպի Սանտա-Մոնիկա։ Արթնանալով, ես չկարողացա հիշել, թե երբ եմ սողացել ու ոռնացել նախնադարյան տիղմում։ Այսուհանդերձ, ես եկա մի եզրակացության, որ ինչ-որ կերպ իրոք հիշել եմ հինավուրց անցյալը, և այդ անցյալը իրականություն է եղել ինչ-որ նախնական գոյավիճակի համար, երբ ես դեռ Դարրել Սթենդինգը չէի, այլ ուրիշ մի մարդ կամ կենդանի, որը սողացել է ու ոռնացել։ Պարզապես, դեպքերից մեկը ժամանակի մեջ ինձնից շատ ավելի հեռու է եղել։ Սակայն այդ երկու դեպքն էլ իրականում տեղի են ունեցել, այլապես ինչպե՞ս կարող էի դրանց մասին վերհիշել։
 
Օհ, պայծառ կերպարների ու եռուն կյանքի այդ հերթափոխը․․․ Մի քանի րոպեով ազատ արձակելով իմ ենթագիտակցությունը, ես հասցնում էի լինել արքայական պալատներում, նստել այնտեղ աղից վեր ու աղից վար, հասցնում էի լինել խեղկատակ, զորական, գրագիր և վանական, ես հասցնում էի լինել սեղանի գլխին բազմած տիրակալ, իմ աշխարհիկ իշխանությունը հենվում էր իմ սրի և իմ ամրոցի պատերի հաստության և իմ բազմաթիվ զորականների վրա, բայց հոգևոր իշխանությունը ևս պատկանում էր ինձ, քանի որ քահանաներն ու ճարպակալած աբբաները նստում էին ինձնից վար, գինի էին պարզում ինձ և հյուրասիրվում իմ տապակածով։
 
Ես կրում էի ցուրտ երկնքի տակ քարշ եկող ստրուկի երկաթե օղակապը և սիրում էի թագավորական տների արքայադստրերին՝ արևադարձային արևաբույր գիշերներին, երբ սևամորթ գերիները սիրամարգի փետուրներից պատրաստած հովհարներով ցրում էին տոթը, իսկ հեռվում, շատրվաններից ու արմավենիներից անդին թնդում էին առյուծների մռնչյունները ու շնագայլերի ողբը։ Ցուրտ անապատում ես ձեռքերս տաքացնում էի ուղտերի գոմաղբից վառած խարույկի վրա, փորիս վրա պառկում էի ցամաքած ջրհորի մոտ, արևից տապակված օշինդրի ժլատ ստվերում, և խռպոտ շշուկով ջուր էի պաղատում, շուրջս, աղակալած հարթավայրում ցրված էին մարդկանց ու կենդանիների ոսկորներ, որոնք ինչ-որ ժամանակ ջուր էին պաղատել ու հետո՝ մեռել։
 
Ես նավի ղեկապետ եմ եղել ու վարձու մարդասպան, եղել եմ գիտնական ու ճգնավոր, բարձունքի վրա կառուցած վանքի անդորր կիսախավարում ես հակվել եմ վիթխարի, փոշեթաթախ ձեռագրերի էջերին, իսկ բլրալանջին, վանքի ցանկապատերի ներքո գյուղացիները բանում էին խաղողի այգիներում ու ձիթապտղի պուրակներում, թեև արևն արդեն մայր էր մտել, և հովիվներն էլ արոտավայրերից քշում էին մկկացող այծերին ու բառաչող կովերին․ այո, ես առաջնորդել եմ ապստամբների բարձրագոչ ամբոխին՝ հինավուրց, արդեն մոռացության տրված քաղաքների փողոցներով, որոնց սալարկը մաշվել էր կառքերի անիվների ու նժույգների սմբակների տակ. հանդիսավորությամբ ու մռայլադեմ ես օրենք եմ հրապարակել, մատնանշել եմ հանցանքի լրջությունը և մահվան եմ դատապարտել մարդկանց, որոնք Դարրել Սթենդինգի պես Ֆոլսեմում օրինազանցություն են կատարել։ Եվ նավի տախտակամածից գլխապտույտ բարձրության վրա, դողացող կայմահարթակից ես նայել եմ արևածուփ ջրին, որի փիրուզե խորքերում առկայծում էին կորալլները, և նավն ուղղել եմ դեպի հանդարտ, հայելափայլ ծովալճակները, և խարիսխները որոտընդոստ աղմուկով ընկղմվել են արմավենիներով ծածկված կորալլների ավազով հարուստ լողափերին մոտիկ. և ես մարտնչել եմ վաղուց ի վեր մոռացության տրված ճակատամարտերում, երբ կոտորածը չէր դադարում նույնիսկ ամբողջ գիշեր ու շարունակվում էր եղեռնը փայլատակող աստղերի ներքո, իսկ հեռավոր ձյունափայլ բարձունքներից եկող զով քամին անզոր էր պաղեցնելու ճակատամարտի հուրը։ Ու ես դարձյալ դառնում էի փոքրիկ Դարրել Սթենդինգը, որը ոտաբոբիկ քայլում էր միննեսոթյան ֆերմայի ցողաթաթախ գարնանային մարգագետիններով, ցրտից կարմրատակած ձեռքերով կերակրում էր կովերին մսուրքի մոտ, որն առլեցուն էր անասունների քուլա-քուլա շնչով, և կիրակնօրյա քարոզներում սարսափած լսում էր ահեղագույն աստծո մեծության, Նոր Երուսաղեմի և դժոխային տառապանքների մասին։
 
Ահավասիկ ինչպիսի կցկտուր, ակնթարթային տեսիլքներ էին այցելում ինձ այն ժամանակ Սեն֊Քվենտին բանտի մենախցում, երբ դարմանի փայլուն ծպեղին նայելիս, կորցնում էի գիտակցությունս։ Որտեղի՞ց էին այդ տեսիլքները հայտնվում։ Չէ՞ որ իմ մթին զնդանում ես դրանք չէի կարող ստեղծել ոչնչից, ճիշտ այնպես, ինչպես ոչնչից չէի կարող ստեղծել երեսունհինգ ֆունտ դինամիտ, որի մասին այդպիսի համառությամբ ինձնից տեղեկություն էին կամենում ստանալ կապիտան Ջեմին, բանտապետ Ազերթոնր և բանտային խորհուրդը։
 
Ես Դարրել Սթենդինգն եմ, ծնված ու մեծացած Միննեսոթում գտնվող ֆերմայում, անցյալում՝ հողագիտության պրոֆեսոր, ապա՝ «անուղղելի» կալանավոր Սեն-Քվենտին բանտում, իսկ այժմ՝ Ֆոլսեմում մահապատժի ենթարկված մարդ։ Եվ այն, ինչի մասին գրում եմ, այն, ինչ ես կորզել եմ իմ ենթագիտակցության ամբարներից, Դարրել Սթենդինգին չեն պատկանում։ Ես, Միննեսոթում ծնված և Կալիֆորնիայում կախաղանի դատապարտված Դարրել Սթենդինգս, երբեք չեմ սիրահարվել արքայադուստրերին, երբեք գոտեմարտի մեջ չեմ մտել նավերի ճոճվող տախտակամածերի վրա, չեմ խեղդվել նավի գինու նկուղում ռոմ խմելիս, հարբած նավաստիների մահվան երգերի ու ճիչերի տակ, երբ նավը մաքառում և ճարճատում էր մթամած խութերի ատամների մեջ և ջուրն էլ քչքչում գլխավերևս, ոտքերիս տակ, իմ շուրջը։
 
Այս ամենը ոչ մի առնչության չունեն Դարրել Սթենդինգի կքանքի հետ, բայց և այնպես, ես, Դարրել Սթենդինգս, այդ բոլորը գրել եմ իմ հիշողության գաղտնարաններում, հիպնոասցնելով ինձ Սեն-Քվենտինի մենախցում։ Այս բոլոր դեպքերը չեն պատկանում Դարրել Սթենդինգին ճիշտ այնպես, ինչպես և նրան չէր պատկանում լուսանկարի հուշած «Սամարիա» բառը, երբ նրա մանկական շուրթերն արտաբերեցին այն։
 
Հնարավոր չէ ոչնչից որևէ բան ստեղծել։ Ինչպես մենախցում նստած ես չէի կարող ոչնչից երեսունհինգ ֆունտ դինամիտ ստեղծել, այնպես էլ նույն մենախցում չէի կարող ոչնչից ստեղծել ժամանակի և տարածության մեջ գտնվող տեսիլքները. չէ՞ որ դրանք Դարրել Սթենդինգի կյանքի հետ որևէ առնչություն չունեին։ Այդ ամենը թաքնված էր իմ գիտակցության խորքերում, իսկ ես դեռ նոր էի սկսել գտնել նրանց տանող ուղին։
 
 
== Գլուխ VII ==
 
Հենց դրանում էր ամբողջ դժբախտությունը. ես գիտեի, որ իմ ուղեղում թաքցված է այլ կյանքերի մասին հիշողությունների մի գանձարան, սակայն ինձ հաջողվում էր խենթի պես միայն դես ու դեն ընկնել այդ հիշողությունների հետևից։ Ես գանձարան ունեի, սակայն չունեի նրա բանալին։
 
Հիշեցի Սթեյթոն Մոզեսի<ref>Սթեյթոն Մոզես — հոգեկան հիվանդ, նրա զառանցանքներն օգտագործում էին փորձելով ապացուցել «ոգիների վերաբնակեցման» հնարավորությունը։ Մոզեսը պնդում էր, որ ինքն արդեն գոյություն է ունեցել իր թվարկած պատմական անձանց կերպարանքով։</ref>, այդ քահանայի հիվանդության մասին, որի մեջ հաջորդաբար արթնանում էին սուրբ Հիպոլիթի, Պղուտոսի, Արենոդորեսի և Էրազմ Ռոտտերդամցու Հրոցին անունով ընկերոջ անձնավորությունները։ Իսկ հետո, օգտագործելով գնդապետ Դերոշի<ref>Գնդապետ Դերոշ — դիլետանտ փորձարար, շատ դեպքերում՝ խաբեբա, գրքերի հեղինակ, որտեղ նա փորձում էր ապացուցել «ոգիների վերաբնակեցման» տեսությունը։</ref> փորձարկումները, որոնց մասին ես կարդացել էի անցած գործունյա օրերիս, լիակատար վստահություն զգացի, որ Սթեյթոն Մոզեսը իր նախորդ կյանքերում իսկապես որ եղել է այն մարդիկ, որոնց անձնավորությանները երբեմն, թվում էր, թե արթնանում են նրա մեջ։ Ճիշտն ասած, նրանք և նա միևնույն մարդն էին։ Նրանք բոլորն էլ եղել են վերադարձի հավերժական շղթայի սոսկական օղակներ։
 
Սակայն առանձնահատուկ համառությամբ ես ջանում էի հիշել գնդապետ Դերոշի փորձերը։ Հիպնոսացմանը հեշտությամբ ենթարկվող անձինք ընտրելով, նա, ըստ իր պնդումհերի, ժամանակի մեջ վերադառնում էր նրանց նախնիներին. նա նկարագրել է իր փորձերը Իզեր դեպարտամենտի Վուարոնում ապրող տասնութամյա օրիորդ Ժողեֆինայի հետ։ Ժոզեֆինային հիպնոսացնելով, գնդապետ Դեբոշը նրան ուղարկամ էր ետ՝ պատանեկան և մանկության տարիների վրայով մայրական արգանդի խավարից էլ անդին, այն լուռ ու մութ տարիներից էլ առաջ, երբ նա, Ժոգեֆինան, դեռևս չէր ծնվել, ուղարկում էր դեպի նախորդ գոյավիճակների լույսին ու կյանքին, մռայլ, փնթփնթան ու հիվանդ ծերունու կերպարով, որի անունն էր Ժան-Կլոդ Բուրդոն, որը ծառայել էր Բեզանսոնի 7-րդ հրետանային գնդում և իր վերջին տարիներին անկողնին գամված լինելով, վախճանվել էր յոթանասուն տարեկան հասակում։ Գնդապետ Դերոշը դրանից հետո հիպնոսացնում էր Ժան֊Կլոդ Բուրդոնի ստվերը և նրան ուղարկում էր ավելի հեռուն երբ, մանկության, ծննդի և չգոյության խավարից էլ անդին, մինչև որ նա նորից տեսնում էր լույսն ու կյանքը իր նախորդի կերպարով, որը Ֆիլոմեն Քատերոն անունով մի չարամիտ պառավ էր։
 
Սակայն որքան էլ ջանում էի, զնդան թափանցող լույսի դժգույն ճառագայթի տակ փայլփլող հարդաշյուղը ոչ մի կերպ չօգնեց ինձ ստանալու իմ նախորդ գոյավիճակների համար ամբողջական մի պատկեր։ Վերջ ի վերջո, բազմաթիվ անհաջողություններից հետո վճռեցի, որ մահվան միջով անցնելուց հետո միայն կկարողանամ հարություն տալ իմ նախորդ գոյավիճակների լիակատար ու պարզ հիշողություններին։ Բայց կյանքն իմ մեջ ամուր էր նստած։ Ես, Դարրել Սթենդինգս, չէի կամենում մեռնել և բանտապետ Ազերթոնին ու կապիտան Ջեմիին թույլ չտվեցի սպանել ինձ։ Ապրելու պահանջը իմ ներսում միշտ էլ այնքան վիթխարի է եղել, որ, երևի, միայն դրա շնորհիվ է, ես դեռ այստեղ եմ, ուտում եմ ու քնում, մտածում եմ ու տենչում, գրում եմ իմ տարբեր «ես»-երի մասին այս պատմությունը և սպասում եմ անխուսափելի այն օղակին, որն իմ գոյավիճակների երկարուձիգ շղթայում կավարտի ո՛չ հարատև պարբերություններից ևս մեկը։
 
Եվ այդ ժամանակ միայն ես ապրելիս զգացի մահը, այդ ժամանակ ես վարժվեցի դրան։ Ինչպես դուք հետագայում կկարդաք, դա ինձ սովորեցրեց Էդ Մորելը։ Իսկ այդ ամենի սկիզբը դրեցին բանտապետ Ազերթոնը և կապիտան Ջեմին։ Մի գեղեցիկ օր նրանց դարձյալ տիրեց կատաղի մի խուճապ այն մտքից, որ բանտում դինամիտ է թաքցված և որի գոյությանը նրանք անվերապահորեն հավատում էին։ Նրանք եկան իմ մենախուցը և ուղղակիորեն հայտնեցին, որ մահվան տառապանքներ կպատճառեն ինձ զսպաշապիկով, եթե չխոստովանեմ, թե որտեղ է թաքցված դինամիտը։ Նրանք վստահեցրին, որ ամեն բան կարվի բոլոր կանոններով ու ոչ մի կերպ չի վնասի իրենց պաշտոնական դիրքին և համբավին։ Բանտի արխիվում կգրվի, որ ես մեռել եմ հիվանդությունից։ Օ՜հ, բամբակում պահված իմ սիրելի քաղքենինե՜ր։ Հավատացեք ինձ, հիմա էլ բանտերում սպանում են մարդկանց, ինչպես նրանց սպանում էին միշտ՝ սկսած այն օրից, երբ կառուցվել է առաջին բանտը։ Ես լավ գիտեի, թե զսպաշապիկը ի՜նչ տառապանքներ ու սարսափներ է սպառնում ինձ։ Տեսել եմ այնպիսի մարդկանց, որոնք մեկընդմիշտ խեղանդամվել են զսպաշապիկով, տեսել եմ, թե ինչպես մարդիկ,— ուժեղ, այնքան ուժեղ մարդիկ, որոնց օրգանիզմը չէր ընդունում բանտային թոքախտը,— մի քանի ժամ զսպաշապիկ կրելուց հետո կորցրել են ոգու արիությունը, փշրվել են ու կես տարի անց մեռել են թոքախտից։ Շիլ Ուիլսոնը, որի սիրտը թույլ էր և այդ մասին ոչ ոք չէր կասկածում, զսպաշապիկի մեջ մեռավ նախքան պատժաժամի ավարտը, իսկ տգետ ու կասկածամիտ բանտային բժիշկը նայում էր նրան ու ժպտում։ Տեսել եմ, որ մարդիկ զսպաշապիկ հագնելուց կես ժամ անց խոստովանել են այն ամենը, ինչ եղել է, և այն ամենը, ինչ չի եղել բնավ, դրանով իսկ զրկվելով բոլոր այն զեղջումներից, որոնք վաստակել էին իրենց անբիծ վարքագծով։
 
Ես իմ սեփական հուշերն ունեմ զսպաշապիկի մասին։ Մարմինս ծածկված է հազարավոր սպիներով, որոնք ինձ հետ կառափնարան կտանեմ, և եթե հարյուր տարի էլ ապրելիս լինեի, միևնույն է, այդ սպիները ինձ հետ գերեզման կիջնեին։ Թերևս, սիրելի քաղքենի, դու, քո շղթայակապ շներին թույլատրելով օգտագործել զսպաշապիկը ու այդ աշխատանքի դիմաց վճարելով նրանց, թերևս դու ինքդ չգիտես, թե ինչ բան է դա։ Այդ իսկ պատճառով ավելի մանրամասն կպատմեմ զսպաշապիկի մասին, որպեսզի դու հասկանաս, թե ինչպես եմ ես տեսել մահը՝ ապրելիս, ինչպես եմ կարճ ժամանակով դարձել ժամանակի ու տարածության տիրակալ և լքել բանտի պարիսպները՝ աստղերի միջև թափառելու համար։
 
Դու երբևէ տեսե՞լ ես բրեզենտե ծածկոցներ կամ ռետինե վերմակներ, որոնց եզրերին պղնձե օղակներ են ամրացված։ Հապա, պատկերացրու հաստ բրեզենտի մի կտոր չորս ու կես ֆունտ երկարությամբ և երկու կողմերից բավականին խոշոր օղակներով։ Այդ կտորի լայնությունը միշտ էլ ավելի պակաս է, քան այն, որ անհրաժեշտ է մարդու մարմինը գրկելու համար։ Բացի այդ, կտորը տձև է. ուսատեղերն ու ազդրատեղերը լայն են, իսկ գոտկատեղը՝ նկատելի կերպով նեղ։
 
Զսպաշապիկը փռում են հատակին։ Այն մարդուն, որին պետք է պատժեն կամ տանջեն՝ նրանից խոստովանություն կորզելու նպատակով, կարգադրում են փորի վրա պառկել բրեզենտին։ Եթե նա հրաժարվում է՝ ծեծում են, որից հետո պառկում է կամովին, այսինքն պառկում է շղթայակապ շների կամքով, այսինքն քո կամքով, թանկագին իմ քաղքենի, որ կերակրում ես շղթայակապ շներին ու պարգևատրում նրանց այն բանի համար, որ նրանք կատարում են քո անձին այնքան տհաճ պարտականությունը։
 
Մարդը պառկում է փորի վրա։ Նրա ողնաշարի երկայնքով հնարավորին չափ ձգում են զսպաշապիկի եզրերը։ Հետո օղակների միջով պարան են հագցնում, ինչպես կոշիկի կապը, և բրեզենտը մարդու վրա կապում են ճիշտ կոշիկի պես։ Միայն թե այնպես են կապում, որ ոչ ոքի մտքով չի անցնի այդպես կապել իր կոշիկը։ Բանտային ժարգոնով դա կոչվում է «փորկապ ձգել»։ Այն դեպքում, երբ կապելն հանձնարարվում է դաժան ու հիշաչար վերակացուներին և կամ այդպես է կարգագրում շեֆը, վերակացուն, զսպաշապիկն ավելի ամուր ձգելու համար, ոտքով հենվում է պառկած մարդու մեջքին։ Դուք, երևի, պատահել է, որ ձեր կոշիկը շատ ամուր եք կապել, հապա հիշեցեք, քայլելուց կես ժամ անց ինչպիսի անտանելի ցավեր են սկսվում։ Հավանաբար դուք չեք մոռացել, որ այդպիսի ցավերից քիչ անց շտապել եք քանդել կոշիկի կապերը, քանի որ մի քայլ անգամ անելու հնարավորություն չեք ունեցել։ Շատ գեղեցիկ։ Այժմ փորձեք պատկերացնել, որ ճիշտ այդպես էլ, միայն թե շատ ավելի ամուր, կապել են ձեր մարմինը, և որ ճնշումը ոչ միայն ձեր ոտքի վրա է, այլ ձեր ամբողջ մարմնով մեկ, որ ձեր սիրտը, ձեր թոքերը և կենսականորեն կարևոր մնացյալ օրգանները այն աստիճան են սեղմված, որ շուտափույթ մահն անխուսափելի է թվում։
 
Շատ լավ հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ մենախցում մաշկիս վրա զգացի զսպաշապիկի ինչ լինելը։ Դա իմ «անուղղելիության» շրջանի սկզբում էր, այն բանից հետո, երբ հայտնվելով բանտում, օրական հարյուր յարդ կտավ էի գործում ջուլհակային արհեստանոցում․ դա իմ սովորական նորման էր․ և այդ գործն ավարտում էի սահմանվածից երկու ժամ առաջ։ Այո, ես շուտ էի վերջացնում, կտավն էլ ստացվում էր շատ ավելի որակյալ, քան դա պահանջվում էր օրենքով։ Սակայն, եթե հավատալու լինենք բանտային հաշվետվություններին, առաջին անգամ ինձ զսպաշապիկ հագցրրեցին, որովհետև կտավն ստացվում էր «անհարթ» և «քարկապով», այլ կերպ ասած՝ այն պատճառով, որ ես, նոր կալանավորս, աշխատանքի արտադրողականության մասին գիտակ մարդս, շարժումների խնայողության հարցով զբաղվող էքսպերտս, փորձել էի արհեստանոցի հիմար պետին սովորեցնել այն, ինչի մասին նա ամենաչնչին պատկերացումն իսկ չուներ։ Արհեստանոցի պետը կապիտան Ջեմիի ներկայությամբ ինձ կանչեց իր սեղանի մոտ և, ցուցադրելով բոլորովին խոտան ու անպետք մի կտավ, որը հեռավոր նմանություն իսկ չուներ իմ գործածի հետ, պահանջեց, որ ավելի լավ աշխատեմ։ Ես այդպիսի երեք նախազգուշացում ստացա։ Երրորդը, ջուլհականոցի օրենքների համաձայն, նշանակում է պատիժ։ Եվ ինձ պատժեցին․ քսանչորս Ժամով զսպաշապիկ հագցրին։
 
Ինձ տարան մենախուց և հրամայեցին փորի վրա պառկել հատակին փռած բրեզենտին։ Ես հրաժարվեցի․ բանտապաններից Մորիսոն անունով մեկը բթամատներով սկսեց հարվածել կոկորդիս։ Բանտի ավագ Մոբինսը, որն ինքն էլ կալանավոր էր, բռունցքներով հարձակվեց վրաս։ Ի վերջո, ինչպես հրամայված էր, ես պառկեցի։ Իսկ նրանք իմ համառությունից գազազած, փոկերը չափազանց պիրկ ձգեցին։ Եվ հետո ինձ այնպես շրջեցին մեջքի վրա, ասես գերան լինեի։
 
Սկզբում դա այնքան էլ սարսափելի չէր։ Երբ մենախցի դուռը չրխկաց, երբ սողնակները ճռնչոցով մտան իրենց բներն ու ես միայնակ մնացի խավարում, առավոտյան ժամը տասնմեկն էր։ Մի քանի րոպե ամբողջ մարմնովս մեկ կաշկանդվածության տհաճ մի զգացողություն էի ապրում, և ուզում էի արդեն մտածել, թե դա կանցնի, հենց որ վարժվեմ իմ այս վիճակին։ Զո՜ւր հույսեր։ Սիրտս սկսեց կատաղորեն խփել, իսկ թոքերս, ինձ թվում էր, ոչ մի կերպ չէին կարողանում կլանել անհրաԺեշտ քանակությամբ օդ։ Խեղդվելու այդ զգացողությունը անասելի կերպով զարհուրելի էր, և սրտիս յուրաքանչյուր զարկը սպառնում էր պատառոտել առանց այն էլ պայթելու պատրաստ թոքերս։
 
Այդ տառապանքի անսահմանորեն երկար ժամերից հետո (այժմ, հիմնվելով իմ հարուստ կենսափորձին, ենթադրում եմ, որ իրականում երեսուն րոպե էլ չէր անցել) ես սկսեցի բղավել, գոռալ, գոչել ու ոռնալ մահամերձ հուսահատության մեջ։ Ամենից զարհուրելին սրտումս զգացվող ցավն էր։ Դա սուր, մի տեղ կենտրոնացած ցավ էր, մոտավորապես այնպիսին, որպիսին լինում է պլևրիտի ժամանակ, միայն թե այս դեպքում այդ ցավը մղկտացնում էր սիրտս։
 
Մեռնելը դժվար բան չէ, բայց մեռնել այդքան դանդաղ, այդ աստիճան սոսկալի կերպով, անտանելի էր։ Սարսափից ես խենթանում էի թակարդն ընկած վայրի կենդանու պես, բղավում էի ու ոռնում այնքան ժամանակ, մինչև հանկարծ կռահեցի, որ նմանօրինակ երգեցողական վարժություններից սաստկանում են միայն սրտիս ցավերը, իսկ թոքերումս օդի պաշարն ավելի է նվազում։
 
Լռեցի, և երկար ժամանակ պառկել էի բոլորովին հանգիստ. դա մի ամբողջ հավիտենականություն էր, գոնե ինձ այդպես թվաց այն ժամանակ, թեև հիմա գիտեմ, որ անցել էր ընդամենը քառորդ ժամ։ Խեղդուկից գլուխս պտտվեց, իսկ սիրտս սկսեց այնպես արագ աշխատել, որ ասես ուր որ է պատառ-պատառ կաներ վրաս քաշած բրեզենտը։ Հետո դարձյալ կորցրեցի ինձ ու մի խենթ ճիչ արձակեցի՝ ներում թախանձելով։
 
Եվ հանկարծ հարևան մենախցից մի ձայն լսվեց։
 
— Ձայնդ կտրիր,— բղավեց մեկը, թեև ինձ հասավ միայն մի թույլ շշուկ։— Զայնդ, արդեն ձանձրացնում ես։
 
— Մեռնում եմ,— շարունակեցի ճչալ ես։
 
— Թքիր ու մոռացիր այդ մասին,— լսվեց պատասխանը։
 
— Բայց ես իրոք մեռնում եմ,—համառեցի ես։
 
— Այգ դեպքում ինչո՞ւ ես աղմկում,— հարցրեց իմ անտեսանելի զրուցակիցը։— Այ, շուտով կմեռնես, և ամեն բան կվերջանա։ Դե, շուտ արա, փչիր շունչդ, միայն թե առանց աղմկելու։ Անուշ քնել էի, իսկ դու արթնացրիր քո այդ ճիչերով։
 
Այդ անսիրտ վերաբերմունքն ինձ այնքան վրդովմունք պատճառեց, որ կարողացա տիրապետել ինքս ինձ, դադարեցի բղավել, իմ կրծքից պոկվում էին միայն խուլ հառաչանքներ։ Դարձյալ մի հավիտենականություն անցավ՝ ընդամենը տասը րոպե։ Իսկ հետո մարմինս սկսեց ծակծկել և աստիճանաբար թմրել, դա ճիշտ այնպիսի զգացողության էր, որպիսին լինում է, երբ թմրեցնում ես ոտքդ։ Սկզբում ես դիմանում էի, իսկ թմրությունը շարունակում էր սաստկանալ, ու ես դարձյալ վախեցա։
 
— Թողնելո՞ւ ես, որ քնեմ, թե՞ չէ,— լսվեց հարևանիս գրգռված ձայնը։— Իմ վիճակը քոնից թեթև չէ։ Իմ զսպաշապիկն էլ ձգել են այնքան, որքան քոնը, ու ես ուզում եմ հնարավորին չափ շուտ քնել, մոռանալ ամեն բան։
 
— Իսկ քեզ վաղո՞ւց են հագցրել,— հարցրեցի ես, չկասկածելով, որ նրան ևս տանջանքի այնպիսի հարյուրամյակներ են սպասվում, ինչպիսիք արդեն կրել եմ։
 
— Երեկ չէ առաջին օրը,— պատասխանեց նա։
 
— Ո՜չ, ո՜չ․․․ Ե՞րբ են զսպաշապիկ հագցրել,— ճշտեցի ես։
 
― Երեկ չէ առաջին օրը, բարեկամ։
 
— Տե՜ր աստված,— գոչեցի ես։
 
— Այո, բարեկամ, ես արդեն հիսուն ժամ կլինի, ինչ զսպաշապիկի մեջ եմ, ու, ինչպես տեսնում ես, չեմ թնկթնկում, թեև նրանք իմ փորկապը ձգել են ոտքով մեջքիս հենվելով։ Մի կասկածիր, լավ են ձգել։ Տեսնո՞ւմ ես, միայն դու չես ընկել այդպիսի դժբախտության մեջ։ Եվ դեռ ընդամենը մեկ ժամ էլ չես պառկել։
 
― Ո՜չ, մի քանի ժամ եմ պառկել,— առարկեցի ես։
 
— Եթե ուզում ես, այդպես կարծիր, բարեկամ, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Քեզ ասում եմ, որ մի ժամ էլ չես պառկել․ ես ախր լսեցի, թե երբ քեզ կապկպեցին։
 
Դա ինձ անհավանական թվաց։ Դեռ մի ժամ էլ չի անցել, իսկ ես արդեն մի հազար անգամ մեռա ու կենդանացա։ Իսկ այդքան անվրդով, հանգիստ, ու չնայած սկզբում կոպիտ, բայց այժմ իմ բարեհամբույր հարևանը զսպաշապիկ հագած պառկել է արդեն հիսուն ժամ։
 
— Իսկ դեռ երկա՞ր են քեզ այդպես պահելու,— հարցրեցի ես։
 
— Գրողը տանի նրանց, որտեղի՞ց իմանամ։ Կապիտան Ջեմին ատամ ունի վրաս ու այստեղից չի արձակի ինձ, մինչև որ շունչս չփչեմ։ Իսկ հիմա, բարեկամ, ականջ դիր խորհրդիս։ Աչքերդ փակիր ու մոռացիր ամեն ինչ։ Թնկթնկալով գործին չես օգնի։ Իսկ մոռանալու համար անհրաժեշտ է մոռանալ։ Ա՛յ, փորձիր հերթով հիշել բոլոր ծանոթ աղջիկներին, և մի երկու ժամ կկարողանաս այդպես կարճել։ Հավանաբար ուղեղդ կմթագնի։ Հերն էլ անիծած։ Այստեղ ժամանակն ախր բոլորովին աննկատ է անցնում։ Իսկ երբ աղջիկները վերջանան, մտածիր տղաների մասին, որոնց վրա դու ատամ ունես, և մտածիր նաև, թե ինչպես նրանց հետ կմաքրեիր հաշիվներդ, եթե ձեռքդ ընկնեին և թե ինչպես հաշվեհարդար կտեսնես, եթե նրանք հայտնվեն քո դիմաց։
 
Այդ մարդուն Ֆիլադելֆիացի Շիկահեր էին անվանում։ Նա ռեցիդիվիստ էր և Ալամեդի փողոցներում կատարած կողոպուտի համար հիսուն տարի էր վաստակել։ Երբ մենախցում պառկած նա խոսում էր ինձ հետ, արդեն տասներկու տարի նստել էր. իսկ այդ դեպքը տեղի ունեցավ յոթ տարի առաջ։ Նա մեկն էր այն քառասունից, որոնց համոզել էր Սեսիլ Ուինվուդը։ Ֆիլադելֆիացի Շիկահերը այդ պատմությունից հետո զրկվեց արտոնություններ ունենալու իրավունքից։ Հիմա նա արդեն հասակն առած մարդ է և առաջվա պես գտնվում է Սեն-Քվենտին ում։ Եվ եթե ողջ մնա մինչև ժամկետի վերջը, ապա բանտից դուրս կգա հալից ընկած մի ծերունի դարձած։
 
Ես դիմացա իմ պատժի քսանչորս Ժամերին, բայց դրանից հետո այլևս երբեք չկարողացա լինել նախկին մարդը։ Օ՜հ, ես նկատի ունեմ ոչ թե ֆիզիկական վիճակս, թեև հաջորդ օրն առավոտյան, երբ ինձ արձակեցին, ես կիսակաթվածահար վիճակումն էի և գրեթե առանց գիտակցության, այնպես որ բանտապաններն ստիպված մի քանի աքացի տվեցին ինձ, որպեսզի ի վերջո ոտքի կանգնեմ։ Բայց ես ուրիշ մարդ դարձա հոգեկան ու բարոյական առումով։ Անմարդկային ֆիզիկական տանջանքները ստորացրին ինձ, վիրավորեցին արդարամտության մասին իմ ունեցած հասկացողությունը։ Այդպիսի պատիժները մարդուն չեն փափկացնում։ Զսպաշապիկի հետ ունեցած իմ առաջին իսկ ծանոթությունը սիրտս հագեցրեց դառնությամբ և այրող ատելությամբ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի էին աճում։ Տե՜ր աստված... Բավական է միայն վերհիշեմ, թե ի՜նչ օրը գցեցին ինձ... Քսանչորս ժամ զսպաշապիկ հագա՜ծ։ Երբ այն առավոտ աքացիներով ինձ ստիպեցին ոտքի կանգնել, ես չէի կասկածում, որ կգա մի այնպիսի ժամանակ, երբ զսպաշապիկով անցկացրած քսանչորս ժամը ինձ համար դատարկ բան կթվա, երբ հարյուր ժամ զսպաշապիկով անցկացնելուց հետո կժպտամ նրանց, ովքեր արձակելիս կլինեն իմ կապերը, երբ երկուհարյուր քառասուն ժամ հետո իմ շուրթերին կխաղա միևնույն ժպիտը։
 
Այո՜, երկու հարյուր քառասո՜ւն ժամ։ Բամբակում պահված սիրելը քաղքենի, դու արդյոք գիտե՞ս, թե դա ինչ է նշանակում։ Նշանակում է զսպաշապիկ հագած անցկացնել տասը օր ու տասը գիշեր։ Օ՜հ, իհարկե, քրիստոնեական երկրներում Քրիստոսի ծննդից տասնինը դար հետո այդպիսի բաներ տեղի չեն ունենում։ Ես չեմ խնդրում, որ դու ինձ հավատաս։ Ինքս էլ դրան չեմ հավատում։ Ես միայն այն դիտեմ, թե Սեն-Քվենտինում ինչպես վարվեցին ինձ հետ, և ես դիմացա, ծիծաղեցի նրանց վրա, ու ինձնից ազատվելու եզակի հնարավորություն թողեցի միայն՝ բանտապանի քիթը ջարդելու համար մահապատժի ենթարկել ինձ։
 
Այս տողերը գրում եմ Քրիստոսի ծննդից հետո հազար ինը հարյուր տասներեք թվականին, և Քրիստոսի ծննդից հետո հազար ինը հարյուր տասներեք թվականին, հենց այս նույն պահին, Սեն-Քվենտինի մենախցերում զսպաշապիկ հագած մարդիկ են պառկած։
 
Քանի դեռ կշարունակվի իմ կյանքերի շղթան, ես երբեք չեմ մոռանա, թե այն առավոտ ինչպես բաժանվեցի Ֆիլադելֆիացի Շիկահերից։ Այն ժամանակ նա զսպաշապիկով անց էր կացրել արդեն յոթանասունչորս ժամ։
 
— Տեսնո՞ւմ ես, բարեկամ, դու ողջ-առողջ ես,— ձայն տվեց նա ինձ, երբ ես ճոճվելով, դուրս եկա մենախցից ու քարշ տալով ոտքերս, քայլեցի միջանցքով։
 
— Ձա՛յնդ, Շիկահեր,— բղավեց վերակացուն։
 
— Է՞լ ինչ կուզեիր,— լսվեց պատասխանը։
 
— Ես դեռ քո հախիցը կգամ, Շիկահեր,— սպառնաց վերակացուն։
 
— Կարծո՞ւմ ես,— քնքշորեն հարցրեց Ֆիլադելֆիացի Շիկահերը, և ապա չարությամբ նետեց ատամների արանքից.— էլ ոնց պետք է իմ հախից գաս, փտած դդում։ Դու քո այդ գործն էլ չէիր ունենա, եթե եղբորդ ծանոթությունները չլինեին։ Իսկ մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի հոտած աղբահորում են ավարտվում եղբորդ ծանոթությունները։
 
Դա սքանչելի էր. սքանչելի էր արիությունը այդ մարդու, որը կարողացել էր իր ներսում խեղդել գազանային համակարգի նկատմամբ ունեցած վախը։
 
— Ցտեսություն, բարեկամ,— իմ հետևից բղավեց Ֆիլադելֆիացի Շիկահերը։— Ողջ լինես։ Խելացի եղիր ու սիրիր բանաապետին։ Երբ հանդիպես, նրան ասա, որ ինձ տեսել ես, բայց չես լսել, որ ես մեկին վիրավորած լինեմ։
 
Վերակացուն կատաղությունից կարմրատակեց, և Շիկահերի կատակի համար ես բազմաթիվ աքացիներ ու հարվածներ վաստակեցի։
 
----
<references/>
Վստահելի
1318
edits