«Մարտին Իդեն, Գլուխ XXXIX»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXVIII|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XL}} Հաջորդ օր...»:) |
(Տարբերություն չկա)
|
00:22, 4 Հունվարի 2015-ի տարբերակ
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXVIII | Մարտին Իդեն, Գլուխ XL ▶ |
Հաջորդ օրը, առավոտյան սուրճ խմելիս, Մարտինը սովորականի պես թերթ էր կարդում։ Նա կյանքում առաջին անգամ տեսավ իր անունը տպված թերթի առաջին էջում՝ խոշոր տառերով։ Նա մեծ զարմանքով կարդաց այնտեղ, որ ինքը հանդիսանում է Օքլենդի ամենանշանավոր սոցիալիստներից մեկը։ Նա աչքի անցկացրեց այն բոցավառ ճառը, որը նրա փոխարեն գրել էր երիտասարդ թղթակիցը, և սկզբում վրդովվեց այդ անամոթ հերյուրանքից, բայց ի վերջո ծիծաղելով դեն շպրտեց թերթը։
— Կամ դա գրել է մի հարբած մարդ և կամ դրա հետևում թաքնված է ինչ-որ ոճրապարտ չարամտություն,— ասաց Մարտինը Բրիսենդենին, որը ճաշից հետո եկավ նրա մոտ և հոգնած ընկավ միակ աթոռի վրա։ Մարտինն ըստ սովորության նստած էր մահճակալին։
— Միևնույն չէ՞ ձեզ համար,— ասաց Բրիսենդենը,— մի՞թե դուք նշանակություն եք տալիս թերթ կարդացող բուրժուա խոզերի կարծիքին։
Մարտինը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ։
— Իհարկե, ես ոչ մի գործ չունեմ նրանց հետ, միայն թե վախենում եմ, որ դա փչացնի իմ հարաբերությունները Ռութի ընտանիքի հետ։ Նրա հայրը շարունակ պնդում է, որ ես սոցիալիստ եմ, իսկ այդ թշվառական հոդվածը կհաստատի նրա կարծիքը։ Հոր կարծիքը նշանակություն չունի ինձ համար, բայց դա կարող է տհաճ հետևանքներ ունենալ։ Ես ուզում եմ կարդալ ձեզ համար իմ այսօրվա գրածը... իհարկե, դարձյալ նույն «Ուշացածից». մոտավորապես կեսն արդեն պատրաստ է։
Մարտինը նոր էր սկսել կարդալ, երբ Մարիան բացեց դուռը և ներս թողեց վայելուչ հագնված մի երիտասարդի, որն արագ նայեց չորս կողմը, աչքերը հառեց նավթավառին ու խոհանոցին և, վերջապես, Մարտինին։
— Նստեցե՛ք,— ասաց Բրիսենդենը։
Մարտինը տեղ տվեց հյուրին նստելու և հարցական հայացքն ուղղեց վրան։
— Ես լսեցի ձեր երեկվա ճառը, միստր Իդեն,— սկսեց երիտասարդը կարճատև լռությունից հետո,— ես կուզենայի հարցազրույց ունենալ ձեզ հետ։
Բրիսենդենը բարձրաձայն և սրտանց քրքջաց․
— Միաբան-սոցիալի՞ստ եք,— հարցրեց թղթակիցը՝ արագ հայացք գցելով Բրիսենդենի վրա, և կարծես մտովի հաշվի առնելով այն էֆեկտը, որը կստացվի, եթե նկարագրի այդ կենդանի դիակին։
— Եվ սա՞ է գրել այդ հաշվետվությունը,— բացականչեց՝ Մարտինը,— այս երեխա՞ն։
— Ինչո՞ւ դուք չեք թակում նրան,— հարցրեց Բրիսենդենը։— Ես հիմա հազար դոլլար կտայի, որպեսզի առողջ թոքեր ունենայի միայն հինգ րոպեի համար։
Երիտասարդ լրագրողը բավական շփոթվեց նրանց այդ խոսակցությունից, որը վերաբերում էր իրեն, և տեղի ունեցավ իր անձի շուրջը։ Բայց նա հենց նոր էր արժանացել խմբագրի գովեստին՝ սոցիալիստական միտինգի մասին իր փայլուն հաշվետվության համար և հանձնարարություն էր ստացել հարցազրույց ունենալ Մարտին Իդենի՝ գոյություն ունեցող իրավակարգի կազմակերպված թշնամիների լիդերի հետ։
— Դուք չե՞ք առարկի, եթե մենք լուսանկարենք ձեզ, միստր Իդեն,— հարցրեց նա։― Ես ինձ հետ բերել եմ լուսանկարչին, բայց նա ասում է, որ պետք է շտապել։ Քիչ հետո արևը մայր կմտնի։ Ձեզ հետ կարող ենք զրուցել լուսանկարվելուց հետո։
— Լուսանկարի՞չ,— մտածկոտ ասաց Բրիսենդենը․— թակեցե՛ք դրան, Մարտի՛ն, թակեցե՛ք։
— Երևի ես ծերանում եմ,— պատասխանեց Մարտինը։— Գիտեմ, որ հարկավոր է թակել նրան, բայց դրա համար պահանջվող էներգիան պակասում է։ Բացի այդ, արժե՞ արդյոք։
— Հանուն նրա խեղճ մոր,— առարկեց Բրիսենդենը։
— Դա ծանրակշիռ նկատառում է,— համաձայնեց Մարտինը,— բայց այդքան թափ չունեմ։ Չէ՞ որ մեկին թակելու համար անհրաժեշտ է էներգիա վատնել։ Արժե՞ արդյոք։
— Իսկապես որ չարժե,— ուրախ տոնով միջամտեց լրագրողր, բայց միաժամանակ սկսեց անհանգիստ նայել դեպի դուռը։
— Բայց սրա հոդվածում ճշմարիտ և ոչ մի բառ չկար,— շարունակեց Մարտինը՝ խոսքն ուղղելով Բրիսենդենին։
— Հասկանո՞ւմ եք, դա միայն ընդհանուր գծերով նկարագրություն էր․․․— համարձակվեց բացատրել երիտասարդը։— Վերջ ի վերջո դա ձեզ համար հիանալի ռեկլամ է․․․ ինքներդ կհամաձայնեք, որ դա այդպես է։
— Դա լավ ռեկլամ է ձեզ համար, Մարտին,— հանդիսավորությամբ հայտարարեց Բրիսենդենը։
— Այո՛, այո՛, ես էլ պետք է համաձայնեմ, որ դա ռեկլամ է ինձ համար։
— Թույլ տվեք իմանալ, միստր Իդեն, որտե՞ղ եք ծնվել,— հարցրեց թղթակիցը՝ դեմքին տալով լարված ուշադրության արտահայտություն։
— Նկատո՞ւմ եք, որ սա ոչինչ չի նոթագրում,— ասաց Բրիսենդենը,— սա հիշողության մեջ է պահում այդ ամենը։
— Դա բավական է ինձ համար,— երիտասարդը ամեն կերպ ջանում էր թաքցնել իր անհանգստությունը,— փորձառու ռեպորտյորը երբեք չի նոթագրում։
— Երևի դուք երե՞կ էլ չեք նոթագրել։
Բայց Բրիսենդենը չարին չհակառակելու գաղափարի հետևորդ չէր, այդ պատճառով էլ հանկարծ բղավեց՝ փոխելով տոնը․
— Մարտի՛ն, եթե դուք չծեծեք սրան, ես կծեծեմ՝ թեկուզ տեղնուտեղը ընկնեմ գետին ու մեռնեմ։
― Մի անգամ եթե հասցնեմ, բավական կլինի՞,— հարցրեց Մարտինը։
Բրիսենդենը մտածեց և հավանություն հայտնեց գլխի շարժումով։
Հաջորդ վայրկյանին թղթակիցը երեսնիվայր փռվել էր, և նրա գլուխը ուժգին սեղմված էր Մարտինի ծնկների արանքում։
— Միայն թե մի՛ կծեք,— նախազգուշացրեց Մարտինը,— ապա թե ոչ ես ստիպված կլինեմ ջարդել ձեր համակրելի, մռութը, իսկ դա ափսոս կլինի։
Մարտինի աջ ձեռքը սկսեց համաչափ բարձրանալ ու իջնել։ Երիտասարդը ճչում էր, աշխատում էր դուրս պրծնել, հայհոյում էր, բայց չէր համարձակվում կծել։ Բրիսենդենը հանգիստ դիտում էր այդ տեսարանը։ Միայն մի անգամ նա չզսպեց իրեն, վերցրեց դատարկ շիշն ու բացականչեց․
— Թույլ տվեք մի անգամ էլ ես խփեմ։
— Դժբախտաբար, ես այլևս չեմ կարող,— ասաց վերջապես Մարտինը,— ձեռքս թմրեց։
Նա բռնեց թղթակցի օձիքից և շպրտեց նրան մահճակալին։
— Ես կհայտնեմ ոստիկանություն․ ձեզ կձերբակալեն,— բղավում էր թղթակիցը։ Նրա այրվող այտերի վրայով զայրույթի արտասուքներ էին թափվում։― Դուք պատասխանատու կլինեք. զգուշացեք։
— Զարմանալի է,— ասաց Մարտինը,— սա ոչ մի կերպ չի հասկանում, որ սայթաքուն ճանապարհով է գնացել։ Անազնիվ, անվայել, անարժան է տղամարդու համար ստել իր մերձավորի նկատմամբ, ինչպես արել է սա, բայց դեռ չի հասկանում։
— Սա եկել է մեզ մոտ, որպեսզի բացատրենք նրան,— ասաց Բրիսենդենը։
— Այո, սա ինձ մոտ եկավ՝ նախապես զրպարտելով և խայտառակելով ինձ։ Հիմա իմ խանութպանը, հավանաբար, կմերժի ապառիկ ապրանք բաց թողնել ինձ։ Բայց վատն այն է, որ այս խեղճ տղան արդեն երբեք չի հեռանա այս ճանապարհից՝ մինչև որ նրանից չստացվի առաջնակարգ լրագրող և առաջնակարգ սրիկա։
— Դուք դեռ ժամանակ ունեք նրան ուղիղ ճամփի բերելու,— առարկեց Բրիսենդենը։― Ա՛հ, ինչո՞ւ դուք ինձ թույլ չտվիք գեթ մի անգամ խփել նրան. ես կուզենայի մասնակցել այդ բարի գործին։
— Երկուսիդ էլ բանտ կնստեցնեն,— հեծկլտում էր այդ մոլորված հոգին.— կոպիտ գազաններ։
— Սրա մռութը շատ սիրուն և շատ տկար է,— ասաց Մարտինը գլուխը շարժելով,— ինձ թվում է, թե ես իզուր թմրեցրի ձեռքս։ Այս երիտասարդն անուղղելի է, անկասկած, առաջնակարգ լրագրող կդառնա, ամենևին խիղճ չունի։ Դա էլ բավական է այդ ասպարեզում առաջադիմելու համար։
Դրանից հետո երիտասարդը սրընթաց դուրս թռավ սենյակից՝ սարսափով անցնելով Բրիսենդենի մոտով, որը շարունակում էր շարժել ձեռքի շիշը։
Հաջորդ օրը Մարտինն իր մասին շատ նոր ու հետաքրքրական բաներ իմացավ։ «Այո՛, բանից դուրս է գալիս, որ մենք հասարակության թշնամիներ ենք,— ասել էր նա մամուլի ներկայացուց չի հետ զրուցելիս,— բայց մենք անարխիստ չենք. մենք սոցիալիստ ենք»։ Երբ թզթակիցը Մարտինի հետ խոսելիս նկատել է, որ այդ երկու դպրոցների միջև առանձին տարբերություն չկա, Մարտինն իր ուսերն է թոթվել իբրև լռելյայն համաձայնության նշան։ Մարտինի դեմքը, ինչպես պարզվել է, անհամաչափ է և ունի այլասերման բոլոր հատկանիշները։ Առանձնապես բնորոշ են եղել կոշտաշատ ձեռքերն ու փայլատակող աչքերը։
Մարտինը կարդաց նաև, որ գրեթե ամեն երեկո նա իբր ելույթ է ունենում Սիթի-Հոլլ զբոսայգում բանվորական միտինգներին և բոլոր անիշխանականներից ու ագիտատորներից որոնք այնտեղ թունավորում են ժողովրդի միտքը, ամենահաջողն է, որովհետև առավել հեղափոխական ճառեր է արտասանում։ Թղթակիցը մանրամասն նկարագրել էր նրա խցիկը, առանց մոռանալու նավթավառն ու միակ աթոռը, և վառ գույներով նկարագրել էր նրա բարեկամին՝ մեռելի դեմքով թափառաշրջիկին, այնքան գունատ, որ կարծես քսան տարվա բանտարկությունից հետո նոր էր ազատ արձակվել։
Երիտասարդ թղթակիցը մեծ ճարպկություն էր հայտնաբերել։ Նա հոտառությամբ պարզել էր Մարտին Իդենի կենսագրությունը, ձեռք էր բերել միստր Հիգգինբոթամի խանութի լուսանկարը, ինչպես և նրա՝ Բեռնարդ Հիգգինբոթամի լուսանկարը, խանութի դռանը կանգնած։ Այդ ջենտլմենը նկարագրված էր որպես պատվավոր ու ողջամիտ վաճառական, որը ոչ միայն չէր բաժանում իր աներձագի սոցիալիստական հայացքները, այլև խզել էր ամեն հարաբերություն նրա հետ։ Նրա ասելով Մարտին Իդենը պարզապես ծույլ էր և գործից փախչող, չնայած, որ քանիցս նրան արված են նպաստավոր առաջարկներ, և, անկասկած, վաղ թե ուշ բանտ է նստելու։ Հարցազրույց է արել նաև Հերման ֆոն Շմիդտի հետ։ Նա Մարտինին անվանել է «Ընտանիքի հրեշը» և, ինչպես պարզվել է, նույնպես կապ չի պահպանում նրա հետ։ «Նա ուզում էր ինձ շահագործել,— ասել է Հերման ֆոն Շմիդտը ի միջի այլոց,— բայց ես չընկա նրա ծուղակը։ Այնպես արեցի, որ այլևս չթափառի այս կողմերը․ այդպիսի անզգամից չի կարելի լավ բան սպասել»։
Այս անգամ Մարտինը լրջորեն զայրացավ։ Բրիսենդենն այդ բոլորը համարում էր զվարճալի մի կատակ, բայց չէր կարողանում հանգստացնել Մարտինին։ Մարտինը գիտեր, որ հեշտ չի լինելու Ռութի հետ բացատրվելը․ բացի այդ, նրա հայրը, հավանաբար, կջանա օգտվել այս անմիտ հերյուրանքից, որպեսզի քանդի նրանց նշանդրեքը։ Մարտինի մռայլ ենթադրությունները շուտով հաստատվեցին։ Հաջորդ օրն իսկ փոստատարը նամակ բերեց Ռութից։ Նախազգալով կորձանումը, նա անմիջապես բացեց ծրարը և սկսեց կարդալ կանգնելով բաց դռան առաջ, հենց այնտեղ, ուր փոստատարը հանձնել էր նամակը։
Կարդալիս Մարտինը մեքենաբար ձեռքով խառնում էր գրպանը այնտեղ փնտրելով ծխախոտ և թուղթ, որոնք առաջներում միշտ էլ պահում էր գրպանում։ Նա չէր գիտակցում, որ իր գրպանը վաղուց դատարկ է, մինչև անգամ հաշիվ չէր տալիս, թե ինչ է որոնում այնտեղ։
Նամակը գրած էր հանգիստ տոնով։ Ցասումի ոչ մի հետք չկար այնտեղ, բայց ամբողջ նամակը՝ առաջին տողից սկսած մինչև վերջինը, համակված էր վիրավորանքով ու հիասթափությամբ։ Ռութը գրում էր, որ Մարտինը չարդարացրեց նրա հույսերը։ Նա կարծում էր, որ Մարտինը վերջ է տվել իր սոսկալի սովորություններին, որ, հանուն իր նկատմամբ ունեցած սիրո, իրոք պատրաստ է համեստ ու պարկեշտ կյանք վարել։ Իսկ հիմա հայրիկն ու մայրիկը վճռականապես պահանջեցին, որ նշանդրեքը քանդվի։ Եվ Ռութը չէր կարող չընդունել, որ նրանց պատճառաբանությունները հիմնավոր են։ Երկուսի հարաբերություններից ոչ մի լավ բան չի կարող ստացվել, դա հենց սկզբից սխալ էր։ Նամակում կար միայն մի կշտամբանք, որն առանձնապես դառը թվաց Մարտինին․ «Երանի թե դուք ուզենայիք ծառայության մտնել, ջանայիք գրավել կյանքում որևէ տեղ,— գրում էր Ռութը.— բայց դա անհնար է, դուք անցյալում ապրել եք չափազանց անառակ ու անկարգ կյանքով։ Ես հասկանում եմ, որ դուք կշտամբելի չեք այդ բանում։ Դուք վարվում էիք ձեր բնավորության համաձայն և ձեր նախկին սովորություններին համապատասխան։ Եվ ես չեմ կշտամբում ձեզ, Մարտին, մի՛ մոռանաք այդ։ Պարզվեց, որ իմ հայրիկն ու մայրիկը իրավացի էին, մենք իրար չենք սազում, և պիտի ուրախ լինենք, որ դա պարզվեց ոչ չափազանց ուշ... Մի փորձեք տեսնվել ինձ հետ,— եզրափակում էր Ռութը,— այդ տեսակցությունը հավասարապես դժնդակ կլինի և՛ մեր երկուսի, և՛ իմ մայրիկի համար։ Առանց այն էլ ես զգում եմ, որ շատ վիշտ եմ պատճառել նրան և բավական ժամանակ է հարկավոր ինձ փարատելու համար այդ վիշտը»։
Մարտինն ուշադիր կարդաց նամակը կրկին ու կրկին։ Հետո նա նստեց ու սկսեց գրել պատասխանը․ նա շարադրեց այն ամենը, ինչ ասել էր սոցիալիստական միտինգում՝ մեղադրելով թերթին ամենաանխիղճ զրպարտության մեջ։ Նամակի վերջում նա խոսեց իր ջերմ ու անփոփոխ սիրո մասին։ «Անպայման պատասխանեցեք ինձ,— գրեց նա,— գրեք միայն մի բան՝ սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ․ դա ամենագլխավորն է»։
Բայց անցավ մի օր, երկու օր, և պատասխան չկար։ «Ուշացածը» մնում էր բաց, շարունակ նույն էջի վրա, իսկ սեղանի տակ գրվածքների կույտը շարունակում էր աճել։ Նա կյանքում առաջին անգամ զգում էր անքնության տանջանքը։ Նա երեք անգամ գնաց Մորզերի մոտ, բայց երեք անգամ էլ սպասավորը հրաժարվեց ներս թողնել նրան։ Բրիսենդենը պառկել էր անկողնում, և Մարտինը հաճախ գնալով նրա մոտ, չէր համարձակվում հայտնել նրան իր դառնությունները։
Իսկ Մարտինը շատ դառնություններ ուներ։ Լրագրողի անարգ արարմունքի հետևանքները գերազանցեցին այն ամենը, ինչ սպասում էր նա։ Փորթուգալացի նպարավաճառը իրոք մերժեց ապառիկ մթերք տալ նրան, իսկ կանաչավաճառ ամերիկացին հայտարարեց, որ Մարտինը հայրենիքի դավաճան ու թշնամի է և, հայրենասիրության նոպայով բռնված, մինչև անդամ ջնջեց Մարտինի հաշիվը՝ արգելելով նրան գալ իր խանութը պարտք վճարելու համար։ Բոլոր հարևան բնակիչները թշնամաբար էին տրամադրված Մարտինի նկատմամբ, և նրանց վրդովմունքն օրեցօր աճում էր։ Ոչ ոք չէր ցանկանում հարաբերություն պահպանել դավաճան սոցիալիստի հետ։ Խեղճ Մարիան տանջվում էր սարսափով ու տարակույսներով, բայց շարունակում էր լոյալ մնալ։ Դրացի երեխաները, որոնք արդեն մոռացել էին ժամանակին Մարտինին այցելած շքեղ կառքի մասին, հիմա հեռվից բղավում էին. «խուլիգան» և «թափառաշրջիկ»։ Միայն Մարիայի երեխաներն էին մնում անհողդողդ, պաշտպանում էին նրան, մինչև անգամ բազմիցս ճակատամարտ էին մղել նրա պատճառով, և Մարիան, տեսնելով իր երեխաների երեսին կապտած տեղեր ու նրանց ջարդված քթերը, էլ ավելի էր հուսահատվում։
Մի օր փողոցում պատահելով Գերտրուդային՝ Մարտինը նրանից իմացավ այն, ինչ նա ենթադրում էր և դրանից առաջ․ այն, որ Բեռնարդ Հիգգինբոթամը սարսափելի չարացել է Մարտինի վրա, գտնում է, որ նա խայտառակել և հասարակական անարգանքի նշավակ է դարձրել ամբողջ ընտանիքը։ Նա պահանջել է, որ Մարտինը չհամարձակվի ոտք դնել իրենց տունը։
— Հեռացիր որևէ տեղ, Մարտի՛ն,— խնդրում էր Գերտրուդան։― Մեկնիր և մտիր որևէ աշխատանքի։ Երբ այս բոլորն անցնի, կարող ես նորից վերադառնալ։
Մարտինը գլուխը շարժեց և ոչ մի բավարար բացատրություն չտվեց։ Եվ ինչպե՞ս կարող էր բացատրել։ Նրա և իր ընտանիքի անդամների միջև անդունդ էր բացվել․ նա արդեն չէր կարող անցնել այդ անդունդից։ Ծիծաղելի էր Գերտրուդային բացատրել նիցշեականության և սոցիալիզմի միջև եղած տարբերությունը։ Ոչ մի լեզվում չկան այնպիսի բառեր, որոնցով նա կարողանար բացատրել այդ մարդկանց իր հայացքներն ու արարքները։ Նրանց բոլոր դատողությունները հանգում էին մի բանի՝ գործ գտիր. դա էր միշտ առաջին և վերջին խոսքը։ Դրանով էլ սպառվում էր նրանց հասկացողությունների ամբողջ շրջանակը՝ գործ գտիր, ծառայության մտիր։ «Ողորմելի բթամիտ ստրուկներ,— մտածում էր Մարտինը՝ լսելով Գերտրուդային։― Զարմանալի չէ, որ ուժեղները տիրացել են աշխարհին։ Ստրուկներին կործանել է հենց իրենց սեփական ստրկամտությունը։ «Ծառայությունը» նրանց համար ոսկե կուռք է, որին նրանք խոնարհ երկրպագում են»։
Երբ Գերտրուդան դրամ առաջարկեց նրան, Մարտինը նորից բացասաբար շարժեց գլուխը, թեև գիտեր, որ մի քանի օրից դարձյալ ստիպված կլինի գրավ դնել իր կոստյումը։
— Դու առայժմ մի՛ գնա Բեռնարդի մոտ,— պաղատում էր Գերտրուդան։― Կանցնի մի երկու ամիս, նա կխաղաղվի, այն ժամանակ դու, կարող ես մինչև անգամ խնդրել նրան, որ քեզ ծառայության վերցնի որպես սայլապան, եթե ուզես։ Իսկ եթե ես հարկավոր լինեմ քեզ, մեկին ուղարկիր իմ հետևից, երբ կամենաս, և ես կգամ քեզ մոտ․ լսո՞ւմ ես։
Գերտրուդան լաց եղավ և գնաց իր գործին, իսկ Մարտինը նայելով նրա ծանր, հոգնած քայլվածքին, զգաց, որ իր սիրտը ճմլվում է անտանելի թախիծից։ Եվ երբ նայում էր քրոջ հետևից, նիցշեականությունն հանկարծ սկսեց երերալ ու քանդվել։ Շատ հեշտ էր վերացականորեն խոսել ստրուկների դասակարգի մասին, բայց այնքան էլ հեշտ չէր տեսությունները կիրառել մերձավորների նկատմամբ։ Իսկ եթե հարկավոր է ուժեղի կողմից ճնշվող տկարի օրինակ, դրա ամենալավ ապացույցը հենց Գերտրուդան էր։ Մարտինը մինչև անգամ ծիծաղեց այդ պարադոքսի վրա։ Ի՞նչ նիցշեական է ինքը, եթե անձնատուր է լինում սենտիմենտների, և իրականության հետ առաջին իսկ ընդհարման ժամանակ իր հայացքները սկսում են տատանվել․ և վերջ ի վերջո այս րոպեին նույն այդ ստրկական բարոյականությունը չէ՞, որ հայտնաբերվում է նրանում։ Մի՞թե քրոջը խղճալը ստրկական զգացում չէ. իսկական ուժեղ մարդը պիտի բարձր մնա խղճահարությունից և կարեկցությունից։ Այդ զգացումները ծնունդ են առնում նկուղներում և հանդիսանում են լոկ թույլերի ու դժբախտների հոգեվարքն ու մահամերձ ջղաձգությունները։