«Մարտին Իդեն, Գլուխ XL»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXIX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLI}} «Ուշացածի...»:) |
(Տարբերություն չկա)
|
16:33, 4 Հունվարի 2015-ի տարբերակ
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXIX | Մարտին Իդեն, Գլուխ XLI ▶ |
«Ուշացածի» վրա աշխատանքն առաջ չէր գնում։ Խմբագրություններին ուղարկած բոլոր գրվածքները վաղուց հանգստավետ տեղ էին գտել սեղանի տակ, միայն մի գրվածք դեռ շարունակում էր դեգերել․ դա Բրիսենդենի «Աստղաբաշխական օրագրությունն» էր։ Մարտինի հեծանիվն ու սև կոստյումը նորից գրավ դրվեցին, իսկ գրամեքենայի վճարը սովորականի պես հետաձգվել էր։ Բայց այդ բոլորն արդեն բնավ չէին անհանգստացնում Մարտինին։ Նա պետք է նոր նպատակակետ գտնի կյանքում, իսկ քանի դեռ այդ հենարանը չկա, կյանքն ասես թե կանգ էր առել։
Մի քանի շաբաթ անց պատահեց այն, ինչ նա վաղուց էր սպասում, փողոցում հանդիպեց Ռութին։ Ճիշտ է, նա մենակ չէր, այլ իր եղբայր նորմանի հետ։ Եվ նրանք երկուսն էլ այնպես ձևացրին, որ իբր թե Մարաինին չճանաչեցին, իսկ երբ նա ուզեց մոտենալ, Նորմանը փորձեց արգելք հանդիսանալ։
— Եթե դուք համարձակվեք մոտենալ իմ քրոջը,— ասաց նա,— ես ոստիկան կկանչեմ, իմ քույրը չի ցանկանում խոսել ձեզ հետ, և ձեր աներեսությունը վիրավորական է։
— Լավ կլինի կռիվ չսկսենք,— մռայլադեմ պատասխանեց Մարտինը,— կանչե՛ք ոստիկանին. այդ դեպքում ձեր անունը կերևա թերթերում. իսկ հիմա մի կողմ քաշվեք։ Ես պետք է խոսեմ Ռութի հետ։
— Ես ուզում եմ ձեր բերանից լսել այդ,― ասաց Մարտինը Ռութին։
Ռութը գունատվեց ու սարսռաց, բայց կանգ առավ և հարցական հայացքով նայեց նրան։
— Պատասխանեցե՛ք իմ հարցին, որը տվել եմ ձեզ իմ նամակում,— ասաց նա։
Նորմանը պատրաստվում էր մի անհամբեր շարժում անել, բայց Մարտինը իր հայացքով զսպեց նրան։
Ռութը շարժեց գլուխը։
— Դուք ձեր սեփական կամքո՞վ գործեցիք,— հարցրեց նա։
— Այո՛,― ասաց Ռութը հանդարտ, բայց հաստատ,— ես գործել եմ իմ սեփական կամքով։ Դուք այնքան խայտառակեցիք ինձ, որ հիմա ամաչում եմ հանդիպել իմ ծանոթներին։ Այժմ բոլորը խոսում են իմ մասին։ Ահա այն ամենը, որ ես կարող եմ ասել ձեզ։ Դուք ինձ դժբախտացրիք, ես այլևս չեմ ուզում տեսնել ձեզ։
— Ծանոթնե՜ր, բամբասա՜նք, թերթերի ստե՜ր․․․ Այդպիսի բաները չեն կարող սիրուց ավելի ուժեղ լինել, նշանակում է պարզապես դուք ինձ երբեք չեք սիրել։
Ռութի դժգույն դեմքը հանկարծ կարմրատակեց։
— Այն բոլորից հետո, ինչ պատահհլ է,— ասաց նա,— Մարտի՛ն, դուք ինքներդ չեք գիտակցում, թե ի՞նչ եք ասում։ Ո՞ւմ տեղ եք դնում ինձ։
— Տեսնում եք, որ Ռութը չի ուզում խոսել ձեզ հետ,— բա ցականչեց Նորմանը, և քույր ու եղբայր թևանցուկ հեռացան։
Մարտինը նայեց նրանց հետևից և նորից մեքենաբար ձեռքը կոխեց գրպանը՝ թուղթ և ծխախոտ հանելու, բայց դրանք չկային այնտեղ։
Մինչև հյուսիսային Օքլենդ ճանապարհը կարճ չէր, բայց միայն գալով իր սենյակը՝ Մարտինը հասկացավ, որ անցել է այդ ճանապարհը։ Սթափվելով՝ նա տեսավ, որ նստել է մահճակալին. նայեց չորս կողմը ցրված, ինչպես նայում է զարթնած լուսնոտը։ Սեղանին տեսնելով «Ուշացածը», Մարտինը մոտ քաշեց աթոռն ու վերցրեց գրիչը։ Նրա բնավորության հատկանշական գիծն էր՝ մինչև վերջը հասցնել սկսած գործը. իսկ նրա առաջ դրված էր չավարտած աշխատությունը։ Նա մի կողմ էր դրել դա, մի այլ գործով զբաղվելու համար։ Հիմա այդ գործը վերջացել էր, և հարկավոր էր դարձյալ վերադառնալ «Ուշացածին»։ Հետո ի՞նչ է անելու՝ Մարտինը չգիտեր։ Նա գիտեր միայն այն, որ իր կյանքում բեկում է առաջացել։ Նա վերջացրեց հատվածը, և մնում էր ավարտել նախադասությունը, նախքան վերջակետ դնելը։ Ապագան չէր հետաքրքրում նրան։ Իր ժամանակին նա կիմանա, թե ինչ է սպասում իրեն ապագայում։ Նրան այլևս ոչինչ չէր հետաքրքրում. նա անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ։
Մարտինը հինգ օր աշխատեց «Ուշացածի» վրա՝ առանց որևէ տեղ գնալու, առանց տեսակցելու որևէ մեկի հետ և գրեթե առանց մի բան ուտելու։ Վեցերորդ օրն առավոտյան փոստատարը բերեց «Պարթենոնի» հրատարակչից մի նամակ։ Բանալով ծրարը. նա անմիջապես տեսավ, որ «Աստղաբաշխական օրագրությունը» ընդունվել է։
«Այդ պոեմը մենք տվեցինք կարդալու միստր Քարտըայթ Բրյուսին,— գրում է հրատարակիչը,— և նա այնքան նպաստավոր արտահայտվեց, որ հաճույքով կտպենք այդ գործը մեր հանդեսում։ Եթե մենք հետաձգում ենք պոեմի հրատարակությունը օգոստոս ամսվան, դա լոկ նրա համար, որ հուլիսի համարն արդեն շարված է։ Միստր Բրիսենդենին հաղորդեցեք մեր ամենախորին երախտագիտությունն ու հիացյմունքը։ Խնդրում ենք ուղարկել նրա դիմանկարն ու կենսագրական տվյալները։ Եթե մեր առաջարկած հոնորարն անբավարար լինի, հաճեցեք հեռագրել, թե ինչպիսի պայմաններ ընդունելի կհամարեք»։
Քանի որ առաջարկած հոնորարը կազմում էր երեք հարյուր հիսուն դոլլար, Մարտինը վճռեց, որ չարժե հեռագրել։ Մնում է միայն Բրիսենդենի համաձայնությունն առնել։ Վերջ ի վերջո իրավացի դուրս եկավ Մարտինը։ Գտնվեց մի խմբագիր, որը որոշ չափով հասկանում էր իսկական պոեզիան։ Հոնորարն էլ հրաշալի էր՝ մինչև անգամ «դարաշրջանի պոեմի» համար։ Բացի այդ, Մարտինը գիտեր, որ Բրիսենդենը Քարտրայթ Բրյուսին համարում էր բոլոր քննադատներից միակը, որն արժանի էր հարգանքի։
Մարտինը դուրս եկավ տնից, նստեց տրամվայ և նայելով ճանապարհին երևացող ու անհետացող տներին ու խաչմերուկներին՝ ցավով մտածում էր, որ իրեն արդեն չի հուզում ոչ իր բարեկամի հաջողությունը, ոչ իր սեփական հաղթանակը։ Միացյալ Նահանգների լավագույն քննադատը արժանավորապես գնահատել էր պոեմը և, հետևաբար, Մարտինը չէր սխալվում՝ պնդելով՝ որ իսկական գեղարվեստական գործը կարող է իր ուղին հարթել մամուլում լույս տեսնելու համար։ Բայց Մարտինն արդեն չուներ նախկին խանդավառությունը և շատ լավ էր հասկանում, որ ուզում է ավելի շուտ պարզապես տեսնել Բրիսենդենին, քան հաղորդել նրան ուրախալի նորությունը։ Միայն հիմա Մարտինի մտքովն անցավ, որ «Ուշացաձի» վրա աշխատանքի հինգ օրվա ընթացքում ոչ մի անգամ չի հիշել Բրիսենդենին և նրանից ոչ մի տեղեկություն չունի։ Առաջին անգամ լինելով՝ Մարտինը հասկացավ, որ գտնվում է հոգեկան ինչ֊որ անզգայական վիճակում, և նա ամոթ զգաց իր բարեկամի առաջ։ Բայց և այդ ամոթը այնքան էլ սաստիկ չէր։ Ոչ մի հույզ չէր ալեկոծում իրեն, բացի ստեղծագործական հույզերից, որոնք առաջանում էին «Ուշացածի» վրա աշխատելիս, մյուս բաների նկատմամբ նա անտարբեր էր. կարծես ինչ֊որ մոռացության մեջ էր գտնվում։ Մարդաշատ փողոցները, որոնցով անցնում էր տրամվայը, նրան թվում էին հեռավոր ու անիրական, և նա շատ չէր զարմանաք եթե եկեղեցու մեծ զանգակատունը քանդվեր ու փոշի դառնար իր գլխի վերև։
Մտնելով հյուրանոց, նա ուղղակի գնաց Բրիսենդենի սենյակը և ապշած կանգ առավ։ Սենյակը դատարկ էր և բոլոր առարկաներն այնտեղից դուրս էին բերել։
— Մի՞թե միստր Բրիսենդենը մեկնել է այլ տեղ,― հարցրեց Մարտինր դռնապանին։— Նա չի՞ թողել իր հասցեն։
— Դուք ոչինչ չե՞ք լսել,— հարցրեց մյուսն իր հերթին։
Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։
— Բոլոր թերթերը գրեցին դրա մասին, նրան գտան մեռած իր մահճում։ Ինքնասպանություն, կրակել էր գլխին։
— Նրան արդեն թաղե՞լ են։
Մարտինին թվաց, թե օտար, անծանոթ մի ձայն տվեց այդ հարցը։
— Ո՛չ, հետաքննությունից հետո դիակն ուղարկվեց արևելք։ Նրա հարազատների կողմից հրավիրված փաստաբանները կարգադրեցին ամբողջ այդ գործը։
— Ինչո՞ւ նրանք այդպես շտապեցին,― հարցրեց Մարտինը։
— Ինչպե՞ս թե շտապեցին. դա պատահել է հինգ օր առաջ։
— Հինգ օր առա՞ջ։
— Այո, հինգ օր։
— Ահա թե ի՜նչ,― ասաց միայն Մարտինը և հյուրանոցից դուրս եկավ։
Ճանապարհին նա մտավ հեռագրատուն և հաղորդեց «Պարթենոնի» հրատարակչին, որ կարող է տպել պոեմը։ Հեռագիրն ուղարկեց վերադիր վճարով, որովհետև գրպանում մնում էր միայն հինգ սենթ վերադարձի համար։
Վերադառնալով տուն՝ Մարտինը նորից աշխատանքի անցավ։ Անցնում էին օրեր ու գիշերներ, և նա սեղանի առաջ նստած գրում էր։ Նա գնում էր միայն լոմբարդ, ուտում էր անտարբեր, եթե լինում էր որևէ բան, և նույնպես անտարբեր յոլա էր գնում առանց ուտելու, երբ բոլոր մթերքները սպառված էին լինում։ Թեև ամբողջ վիպակը նախապես հիմնովին մշակված էր գլուխ առ գլուխ և բոլոր մանրամասնություններրով, բայց նա հանկարծ վճռեց այլ կերպ կառուցել կոմպոզիցիան, որի հետևանքով վիպակը երկարեց քսան հազար բառով։ Ոչ մի անհրաժեշտություն չկար այդքան մանրակրկիտ մշակելու այդ վիպակը, բայց այլ կերպ աշխատել չէր կարող։ Նա գրում էր կարծես անզգայացած՝ վերանալով իրեն շրջապատող աշխարհից։ Նա դիմում էր իր անցյալ կյանքի ստեղծագործական ունակություններին, ինչպես ուրվականը ման է գալիս իրեն ծանոթ վայրերում։ Նա հիշեց, որ մեկը ինչ֊որ տեղ ասել է, թե ուրվականը մեռած մարդու ոգին է, բայց չի գիտակցում, որ ինքը մեռել է։ Եվ ահա Մարտինը մի պահ մտածեց, թե իր հետ էլ տեղի չի՞ ունենում արդյոք այդպիսի բան։
Վերջապես հասավ այն օրը, երբ «Ուշացածը» ավարտվեց։ Գրամեքենաների խանութի գործակալը եկավ և, մահճակալին նստած, սպասեց, որ Մարտինր վերջացնի գրելը։ Մարտինը մեքենագրեց՝ «վերջ» և դա նրա համար իսկապես վերջ էր։ Որոշ թեթևացման զգացումով նա տեսավ, թե ինչպես գործակալը վերցրեց ու տարավ գրամեքենան։ Դրանից հետո նա ընկավ մահճակալին, բոլորովին թուլացել էր քաղցից։ Արդեն երեսունվեց ժամ էր, ինչ ոչինչ չէր կերել և մինչև անգամ մոռացել էր ուտելը։ Նա անշարժ պառկած էր մահճակալին, և ինչ֊որ մշուշ աստիճանաբար պատում էր նրա գիտակցությունը։ Կիսաքուն վիճակում նա մրթմրթում էր անծանոթ մի հեղինակի ոտանավորը, որը հաճախ կարդացել էր Բրիսենդենը։ Մարիան դռան հետևում կանգնած, անհանգիստ լսում էր նրա միօրինակ մրմունջը։ Բառերը ոչ մի նշանակություն չունեին Մարիայի համար. նրան վախեցնում էր այն, որ Մարտինը ինքնիրեն խոսում էր։
Հեռո՛ւ, քնա՛ր,
Իմ երգին՝ վերջ․․․
Երգերը մեղմ թրթռացին,
Հանց տրտմության տեսիլներ սին,
Լուսե հեռվում խոր սուզվեցին․․․
Հեռո՛ւ, քնա՛ր,
Իմ երգին՝ վերջ...
Երբեմն ես էլ էի երգում
Կանաչավառ այս անտառում,
Ուրախ էի ես անվերջ։
Իսկ հիմա չեմ կարող երգել,
Արցունքներն են ձայնս խեղդել,
Ծիրմիս ճամփան եմ լուռ բռնել...
Հեռո՛ւ, քնա՛ր,
Իմ երգին՝ վերջ․․․
Մարիան այլևս չկարողացավ զսպել իրեն, վազեց դեպի վառարանը, վերցրեց մի աման ապուր, մեջը լցրեց միս ու բանջարեղեն և փութաց Մարտինի մոտ։ Հենվելով դաստակին՝ Մարտինը սկսեց ուտել և հավաստիացնել Մարիային, որ բնավ էլ չէր զառանցում և բոլորովին առողջ է։
Երբ Մարիան դուրս եկավ, Մարտինը նստեց մահճակալին և երկար մնաց այդ վիճակում՝ կուչ եկած և անմիտ նայելով մի կետի։ Հանկարծ նրա աչքն ընկավ առավոտյան փոստով ստացված մի հանդեսի։ Դա «Պարթենոնն» է, մտածեց նա, օգոստոսի համարը, որի մեջ տպված պետք է լինի «Աստղաբաշխական օրագրությունը»։ Ա՜հ, երանի Բրիսենդենը ողջ լիներ։
Նա թերթեց հանդեսը և հանկարծ ապշությունից քարացավ․ «Աստղաբաշխական օրագրությունը» զարդարված էր շքեղ վերնագրով և լուսանցքներում զետեղված էին Բերդսլիի ոճով նկարված զարդանկարներ։ Վերնագրի կողքին տպված էր Բրիսենդենի դիմանկարը, իսկ մյուս կողմում՝ բրիտանական դեսպանորդ սըր Ջոն Վելյուի դիմանկարը։ Խմբագրական ծանոթության մեջ ասվում էր, որ վերջերս սըր Ջոն Վելյուն ասել է, թե Ամերիկայում բանաստեղծներ չկան, և «Պարթենոնը», տպելով «Օրագրությունը», ուզում է պատասխանել նրան. «Ահա , սըր Ջոն Վելյու, ծանոթացե՛ք»։ Հիշատակված էր և Քարտրայթ Բրյուսի անունը, որպես ամերիկյան մեծագույն քննադատի, և մեջբերվել էին նրա խոսքերը. «Մեզանում դեռ չի տպվել «Օրագրության» նման ոչ մի բան»։ Ծանոթությունը վերջանում է այսպես.
«Մենք այժմ չենք կարող գնահատել «Օրագրության» բոլոր գեղեցկությունները, թերևս մենք երբեք չկարողանանք էլ լրիվ գնահատել դրանք. բայց կարդալով և վերընթերցելով այդ պոեմը մենք հիացել ենք միստր Բրիսենդենի բառապաշարի հարստությամբ և բազմիցս հարցրել ենք մեզ, թե ինչպես և որտեղից միստր Բրիսենդենը կարող էր քաղել բառերի այսպիսի պաշար և այդքան ճարտարությամբ շարահյուսել դրանք»։
Դրան հետևում էր ինքը՝ պոեմը։
«Լավ է, որ դու մեռար, խե՜ղճ Բրիս»,— մտածեց Մարտինը՝ գետնին գցելով ժուռնալը։
Այդ բոլորն անարգ ու զզվելի էր՝ սիրտ խառնելու չափ, բայց իսկական զզվանք Մարտինը չէր զգում։ Նա ուզում էր բարկանալ, բայց պակասում էր էներգիան այդ անելու համար։ Մարտինը կարծես բթացել էր, արյունը սառել էր նրա երակներում և չէր ուզում այլևս ո՛չ եռալ, ո՛չ էլ պղտորվել։ Վերջ ի վերջո ի՞նչ առանձին բան է պատահել։ Այդ բոլորը կատարելապես համապատասխանում է բուրժուական հասարակության սովորություններին, որի հանդեպ Բրիսենդենն անչափ խոր ատելություն էր տածում։
— Խե՜ղճ Բրիս,— մրմնջաց Մարտինը,— նա երբեք ինձ չէր ների այդ բանը։
Մեծ ճիգով վեր կենալով՝ Մարտինը դուրս քաշեց արկղը, ուր առաջներում գրամեքենայի համար թուղթ էր պահում։ Քրքրելով արկղը՝ նա այնտեղից հանեց իր բարեկամի գրած տասնյակ ոտանավորները։ Նա դանդաղորեն մի առ մի պատռեց դրանք և գցեց զամբյուղը։ Վերջացնելով այդ գործը՝ նա նորից նստեց մահճակալին և իր տրտում հայացքն ուղղեց դեպի դատարկ տարածություն։
Որքան ժամանակ նա նստած մնաց այդպես, ինքն էլ չէր իմանում, վերջապես մշուշապատ տարածությունից նրա առաջ կանգնեց պայծառ, սպիտակ, երկար մի շերտ։ Դա շատ տարօրինակ էր։ Բայց ուշադիր նայելով, Մարտինը տեսավ, որ դա մակընթացության գիծն է Խաղաղ օվկիանոսում՝ կորալյան խութերի շարքում։ Մի ակնթարթ հետո Մարտինը սպիտակ փրփուրի մեջ տեսավ փոքր, խարխուլ մի մակույկ։ Բրոնզագույն, երիտասարդ մի աստված, ծիրանագույն կերպասով գոտևորված, նստած էր մակույկի հետևի մասում, մխրճելով թիերը շողշողուն ալիքների մեջ, Մարտինը ճանաչեց նրան։ Դա Մոտին էր՝ բնիկների պարագլուխ Թամիի կրտսեր որդին։ Հետևաբար դա տեղի էր ունենում Թաիթիի ափերին, և կորալյան խութի հետևում տարածվում էր Պապարա հիասքանչ երկիրը, ուր հենց գետաբերանի մոտ գտնվում էր պարագլխի եղեգնյա հյուղակը։ Երեկոյան դեմ էր, և Մոտին վերադառնում էր ձկնորսությունից։ Նա սպասում էր մեծ կոհակին, որը խութի վրայով կանցկացներ նրան։ Մարտինը տեսավ և ինքն իրեն՝ նստած մակույկում, ինչպես նա նստել էր շատ անգամ, սպասելով Մոտիի ազդանշանին, որպեսզի մոլեգին աշխատի թիերով, հենց որ նրանց վրա հասնի փիրուզագույն հսկայական կոհակը։ Հետևյալ պահին նա արդեն հանդիսատես չէր. իրոք նստել էր մակույկում և մոլեգին թիավարում էր՝ Մոտիի վայրենի աղաղակների ուղեկցությամբ։ Նրանք արագ սուրացին առաջ, գոռոցի ու շաչյունի միջև, թրջվելով ցայտող կաթիլներից, և հանկարծ հասան խաղաղ, անշարժ մի լճակի։ Մոտին ծիծաղելով սրբում էր իր աչքերին ցայտած աղի ջուրը, իսկ մակույկը հանդարւգ սահում էր դեպի կորալյան ափը, ուր բարձրաբերձ հնդնկուզենիների մեջ գտնվում էր Թամիի հյուղակը, մայր մտնող արևի ճառագայթներից ոսկեզօծված։
Սակայն այդ տեսիլը հանկարծ մշուշով պատվեց, և Մարտինի աչքերի առաջ նորից պարզվեց իր նեղլիկ խցի անկարգ վիճակը. նա զուր էր ճգնում դարձյալ տեսնել Թաիթին։ Նա գիտեր, որ հիմա արմավենիների պուրակում հնչում են երգեր, իսկ աղջիկները լուսնկա գիշերով պարում են, բայց նա ոչինչ չէր կարող տեսնել բացի թղթերով ծածկված սեղանից, դատարկ տեղից, ուր առաջ գրամեքենան էր դրված, և վաղուց չլվացված պատուհանից։ Նա մի հառաչ արձակելով՝ փակեց աչքերն ու քնեց։