«Մարտին Իդեն, Գլուխ XLVI»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLV|հաջորդ=}} — Գիտե՞ս բանն ինչումն է, Ջո՛,― ս...»:)
(Տարբերություն չկա)

21:48, 4 Հունվարի 2015-ի տարբերակ

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XLV


— Գիտե՞ս բանն ինչումն է, Ջո՛,― սկսեց Մարտինը՝ հաջորդ առավոտ ողջունելով աշխատանքի իր հին ընկերոջը․— այստեղ Քսանութերորդ փողոցում կա մի ֆրանսիացի։ Նա դրամ է հավաքել և պատրաստվում է վերադառնալ Ֆրանսիա։ Նա ունի շատ լավ, հիանալի սարքավորված լվացքատուն։ Քեզ համար դա ուղղակի գյուտ է, եթե միայն դու ուզում ես վերադառնալ նստակյաց կյանքի։ Ահա քեզ դրամ․ գնի՛ր քեզ վայելուչ մի կոստյում և գնա խոսիր նրա հետ։ Տուր իմ անունը, և նրանք քեզ ցույց կտան ամեն բան: Եթե լվացքատունը հավանես և գտնես, որ դա արժե նրա ուզած գինը՝ տասներկու հազար դոլլար, ասա ինձ, և լվացքատունը կլինի քոնը։ Իսկ հիմա կորի՛ր․ ես զբաղված եմ։ Մենք կխոսենք հետո։

— Ահա՜, թե ինչ, Մարտ,— դանդաղ ասաց Ջոն՝ զսպելով իր մեջ եփ եկող ցասումը․— ես այստեղ եկա, որ տեսակցեմ քեզ հետ, հասկացա՞ր, ոչ թե նրա համար, որ քեզանից նվեր ստանամ մի լվացքատուն։ Եկա քեզ մոտ որպես հին բարեկամի մոտ, իսկ դու ինձ խցկում ես լվացքատուն։ Ահա, թե ես ինչ կասեմ քեզ այդ մասին․ գրողը տանի քո լվացքատունը, քեզ էլ հետը։

Նա վեր կացավ և ուզում էր դուրս գալ, բայց Մարտինը բռնեց նրա ուսերից և դեմքը դարձրեց իր կողմը։

— Լսիր, Ջո՛,― ասաց նա,— եթե դու այդպիսի հիմարություններ դուրս տաս, ես քեզ մի լավ կտրորեմ՝ հանուն մեր հին բարեկամության, հասկացա՞ր։ Ուզո՞ւմ ես։

Ջոն խոյացավ և ուզում էր հրել Մարտինին, բայց իրեն բռնող ձեռքերը չափազանց ուժեղ էին։ Երկուսով սկսեցին իրար հետևից վազ տալ սենյակում, բախվեցին աթոռին, որը ջարդուփշուր եղավ և վերջապես տապալվեցին հատակին։ Ջոն պառկած էր կռնակին, իսկ Մարտինը նստել էր նրա վրա՝ ծնկով ճնշելով նրա կուրծքը։ Ջոն հազիվ շունչ քաշեց, երբ Մարտինն ազատ թողեց նրան։

— Հիմա արդեն կարելի է խոսել,— ասաց Մարտինը,— ինչպես տեսնում ես, ավելի լավ է գլուխ չդնել ինձ հետ։ Ես ուզում եմ առաջին հերթին վերջացնել լվացքատան խնդիրը, հետո կգաս, և մենք կխոսենք մի այլ բանի մասին, ինչպես անում էինք անցյալում։ Ասացի քեզ, չէ՞ որ հիմա ես զբաղված եմ, ինքդ տես։

Հենց այդ րոպեին սպասավորը բերեց առավոտյան փոստը՝ նամակների և ամսագրերի մի մեծ կապոց։

— Հնարավո՞ր է կարդալ այս ամենը և միաժամանակ խոսակցել։ Գնա, պարզիր լվացքատան խնդիրը և վերադարձի՛ր այստեղ։

— Լավ,— դժկամությամբ համաձայնեց Ջոն։— Ես կարծեցի, թե դու պարզապես ուզում ես ազատվել իմ ներկայությունից, բայց հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ։ Միայն թե բոքսում դու ինձ չես կարող հաղթել, Մարտ։ Գրազ կգամ ինչով ուզում ես։

— Լավ մենք հետո ձեռնոցներ կհագնենք ու կփորձենք,— ասաց Մարտինը ծիծաղելով։

— Անպայման, հենց որ ես գնեմ լվացքատունը։— Ջոն երկարեց իր բռունցքը։— Տեսնո՞ւմ ես․ ես քեզ երկու հարվածով կտապալեմ։

Երբ նա վերջապես գնաց, Մարտինը շունչ քաշեց թեթևացած։ Նա սկսել էր խուսափել մարդկանցից, օրեցօր նրա համար ավելի դժվար էր դառնում շփվել մարդկանց հետ։ Նրանց ներկայությունը ճնշում էր Մարտինին, իսկ զրուցելու անհրաժեշտությունը՝ կատաղեցնում։ Մարդկանց հետ հանդիպելիս նա անհանգստություն էր զգում և հանգստանում էր միայն այն ժամանակ, երբ հաջողվում էր պոկ գալ նրանցից։

Ջոյի գնալուց հետո Մարտինը իսկույն չսկսեց աչքի անցկացնել փոստը։ Նա գրեթե կես ժամ նստած մնաց բազկաթոռին՝ առանց որևէ բան անելու, իսկ գլխում միայն հազվադեպ թռչում անցնում էին ինչ֊որ անհարիր մտքեր՝ քնաթաթախ մարդու գիտակցության կարճատև ցոլքեր։

Վերջապես նա ոտքի կանգնեց և սկսեց ծանոթանալ նամակների բովանդակությանը։ Գրեթե մի դյուժին նամակն երում խնդրում էին նրան ուղարկել իր ինքնագիրը․ այդպիսի նամակները նա ճանաչում էր հենց առաջին հայացքից․ հետո գալիս էին պրոֆեսիոնալ խնդրարկուների նամակներ, զանազան պարզամիտների և զանազան ծրագրեր հղացողների նամակներ՝ սկսած հավերժական շարժիչի մոդել հնարած գյուտարարից և երկրի մակերևույթին սնամեջ գնդի ներքին մասը լինելն ապացուցող մաթեմատիկոսից մինչև այն մարդը, որը ֆինանսական օգնություն էր խնդրում՝ գնելու համար մի թերակղզի հարավային Կալիֆորնիայում, ուր նա ուզում է կոմունիստական հասարակություն հիմնել։ Կային նամակներ իր հետ ծանոթանալ ցանկացող կանանցից։ Նամակներից մեկը ժպիտ առաջացրեց նրա մեջ, նրա հեղինակը, ցանկանալով ապացուցել, որ ինքը բարոյական ու երկյուղած աղջիկ է, նամակին առդրել էր եկեղեցում իր մշտական տեղի վճարման ստացականը։

Հրատարակիչներն ու խմբագիրները նրան հեղեղում էին նամակներով․ ոմանք ծնրադիր խնդրում էին նրանից հոդվածներ, ուրիշները ծնկաչոք պաղատում էին ուղարկել նոր գրքեր․ բոլորը ծարավի էին նրա գրվածքներին, խեղճ գրվածքներին, որոնք ուղարկելու համար նա ժամանակին գրավ էր դնում իր բոլոր իրերը։ Կային և անսպասելի չեքեր՝ վճար անգլիական հրատարակությունների համար, վճար օտար լեզուների թարգմանության իրավունքի համար։ Մարտինի անգլիական գործակալը հաղորդում էր, որ Գերմանիայում իրավունք են ստացել հրատարակելու նրա գրքերից երեքը։ Նրա գրքերը թարգմանում էին և Շվեդիայում, բայց այդ երկիրը չէր մասնակցում Բեռնի կոնվենցիային, այնպես որ այդ թարգմանությունների համար չէր կարելի հոնորար ստանալ։ Հարցապնդում էր ստացվել և Ռուսաստանից, նույնպես զուտ ձևական, որովհետև Ռուսաստանն էլ չէր մասնակցում այդ կոնվենցիային։

Մարտինն աչքի անցկացրեց թերթի կտրոնների մի ամբողջ կույտ, որոնք ուղարկված էին հատուկ բյուրոյի կողմից, նա կարդաց, թե ինչ են գրում նրա անձնավորության ու փառքի մասին, որն աճում էր անասելի արագ։ Մարտին Իդենը հոյակապ մի ժեստով ամբոխին նետեց միանգամից իր բոլոր գրվածքները։ Ակներև է, որ դրանով էլ բացատրվում է նրա հանկարծական փառքը։ Նա գրոհով նվաճեց ամբոխին, ինչպես այդ պատահել էր նաև Կիպլինգի հետ, երբ սա պառկած էր մահամերձ, և ամբոխը, հնազանդվելով հոտային զգացմունքին, հանկարծ սկսեց կարդալ նրա գրքերը։ Մարտինը հիշեց, որ նույն ամբոխը մի քանի ամիս հետո, ոչ մի բան չհասկանալով կարդացածից, նույն Կիպլինգին ցեխի մեջ տրորեց։ Այդ միտքը դառը ժպիտ առաջացրեց Մարտինի մեջ։ Ո՞վ կարող է ասել, որ մի քանի ամսից նրան էլ չի սպասում նույն բանը։ Բայց նա կխաբի ամբոխին։ Նա այն ժամանակ կլինի արդեն հեռու, օվկիանոսում, իր եղեգնյա տնակում, մարգարտի առևտրով կզբաղվի, ստորջրյա խութերի վրայով կթռչի կանցնի, շնաձկներ կորսա, վայրի այծի որսի կգնա՝ Թայոհայեին մոտիկ մի հովտում։

Եվ այդ րոպեին իր դրության անհուսալիությունը պարզ պատկերացավ նրա աչքին։ Նա հանկարծ հասկացավ, որ գտնվում է Ստվերների հովտում։ Նրա ամբողջ կյանքն անցյալում էր․ նա նսեմացել է, թառամել ու թեքվում է դեպի մահը։ Մարտինը հիշեց, թե նա այժմ որքան շատ է քնում և ինչպես է ուզում շարունակել քնել, իսկ մոտիկ անցյալում ատում էր քունը։ Քունը նրանից գողանում էր կյանքի ամենաթանկագին ժամերը։ Նա այն ժամանակ քսանչորս ժամից միայն չորսն էր հատկացնում քնելուն և, նշանակում է, չորս ժամ քիչ էր ապրում։ Նա ինչպե՜ս քնից ճնշված էր զգում իրեն այն ժամանակ, և ինչպե՜ս հիմա ճնշված է զգում իրեն կյանքից․ կյտնքը տխուր է, նրանից դառը համ է մնում։ Ահա, թե ինչն էր տանում նրան դեպի կորուստ։ Կյանքին չգձտող մարդիկ մահվան ճանապարհն են փնտրում։ Ինքնապահպանման հին բնազդը զարթնեց նրա մեջ։ Այո, նրան հարկավոր էր շտապ մեկնել։ Նա նայեց սենյակի չորս կողմը և սարսափեց այն մտքից, թե պետք է դարսել ու կապել իրերը։ Սակայն դա շտապ չի, առայժմ կարելի է զբաղվել գնումներով։

Գլխարկը դնելով՝ Մարտինը դուրս եկավ և ամբողջ առավոտն անցկացրեց զինավաճառի խանութում, ջոկելով հրարաններ, փամփուշտներ և ձկնորսական հանդերձանք։ Ապրանքների պահանջը շատ հաճախ փոխվում է, այդ պատճառով նա վճռեց, որ Թաիթի հասնելուց հետո կպատվիրի առևտրի համար անհրաժեշտ բոլոր բաները։ Ապրանքները կարելի էր պատվիրել մինչև անգամ Ավստրալիայում, այդ միտքը շատ ուրախացրեց նրան։ Այն գիտակցությունը, թե պիտի անել ու ձեռնարկել ինչ֊որ բան, նրա համար հիմա անհանդուրժելի էր։ Վերադառնալով հյուրանոց՝ նա հրճվանքով մտածում էր իր հանգստավետ բազկաթոռի մասին, որը պատրաստ էր ընդունել նրան, և քիչ էր մնացել, որ ֆշշար կատաղությունից՝ տեսնելով, որ Ջոն սպասում է իրեն այդ բազկաթոռին նստած։

Ջոն հիացած էր լվացքատնով։ Այնտեղ ամբողջ սարքավորումը կարգին էր և կարելի էր սկսել աշխատեցնել թեկուզ վաղը։ Մարտինը պառկեց մահճակալին և կիսախուփ աչքերով լսում էր այն, ինչ պատմում էր Ջոն։ Մարտինի մտքերը սավառնում էին հեռվում, գրեթե գիտակցության սահմաններից դուրս։ Երբեմն նա իր վրա ճիգ էր գործ դնում, որ մի բանով պատասխանի Ջոյին․ չէ՞ որ նա սիրում էր Ջոյին։ Բայց Ջոն չափազանց կենսունակ էր, այնպես որ հիմա նրա հետ շփվելը Մարտինի հյուծված մտքի համար հիվանդագին ազդեցություն էր գործում։ Դա չափազանց մեծ բեռ էր նրա հոգնատանջ հոգու համար։ Երբ Ջոն հանկարծ հիշեցրեց նրան, որ մի օր իրենք երկուսն էլ ձեռնոց կհագնեն՝ բռնցքամարտի մրցության համար, Մարտինը քիչ էր մնացել, որ գոռա ցավից։

— Մի՛ մոռանա, Ջո՛, որ դու լվացքատանդ պետք է սահմանես այն կարգուկանոնը, որի մասին խոսում էիր «Տաք աղբյուրներում»։ Ո՛չ մի արտաժամյա աշխատանք, ո՛չ մի գիշերային աշխատանք, վայելուչ վճար բանվորներին։ Ոչ մի դեպքում երեխաներին չաշխատացնես, ոչ մի դեպքում, հասկանո՞ւմ ես։

Ջոն գլխով արեց և գրպանից հանեց հուշատետրը։

— Այսօր նախաճաշից առաջ ես սահմանել եմ լվացքատան կանոնները, ահա՛, լսիր։

Նա սկսեց կարդալ, իսկ Մարտինը հավանություն էր տալիս, շարունակ մտածելով, թե Ջոն վերջապես ե՞րբ կհեռանա։ Արդեն բավական ուշ էր, երբ Մարտինը զարթնեց։ Աստիճանաբար նրա գիտակցությունը վերադարձավ իսկական կյանքի փաստերին։ Սենյակում մարդ չկար․ անկասկած, Ջոն աննկատելիորեն հեռացել է՝ տեսնելով, որ Մարտինը քնել է։ «Դա մի փափկանկատություն է նրա կողմից», մտածեց Մարտինը։ Հետո նա աչքերը փակեց և նորից քնեց։

Հաջորդ օրերը Ջոն շատ էր զբաղված լվացքատան կազմակերպական գործերով և շատ չէր ձանձրացնում Մարտինին։ Միայն նրա մեկնումի նախօրյակին թերթերում հաղորդվեց, որ Մարտին Իդենը մեկնում է «Մարիպոզա» նավով։ Հնազանդվելով ինքնապահպանման նույն բնազդին՝ նա դիմեց բժշկին, խնդրելով քննել իրեն։ Ամեն բան կարգին էր․ թոքերն ու սիրտը ուղղակի հիանալի էին։ Որքան կարող էր դատել բժիշկը, նրա բոլոր օրգանները կատարելապես առողջ էին և գործում էին բոլորովին նորմալ։

— Դուք ոչ մի հիվանդություն չունեք, միստր Իդեն,— ասաց բժիշկը,— բացարձակապես՝ ո՛չ մի հիվանդություն․ ձեր օրգանիզմը հրաշալի է։ Ես պարզապես նախանձում եմ ձեզ․ դուք հոյակապ առողջություն ունեք։ Ի՜նչ կրծքավանդակ․․․ այդ կրծքավանդակը և ձեր հզոր ստամոքսը առողջության և ուժի գրավականն են։ Մարդկային այդպիսի նմուշ պատահում է հազարից, մինչև անդամ տասը հազարից մեկը։ Դուք կարող եք ապրել մինչև հարյուր տարի, եթե որևէ դժբախտ դեպք չպատահի։

Եվ Մարտինը համոզվեց, որ Լիզզիի ախտորոշումը ճիշտ էր․ ֆիզիկապես նա բոլորովին առողջ է։ Բայց նրա գլխին մի բան է պատահել, և միայն ուղևորությունը, օվկիանոսային ճամփորդությունը կարող է լիովին վերականգնել մեխանիզմի խանգարված աշխատանքը։ Ամենից վատն այն է, որ հիմա, մեկնումի պահին, Մարտինը հանկարծ կորցրեց որևէ տեղ գնալու թանկությունը։ Խաղաղ օվկիանոսը, ինչպես թվում էր նրան, ոչնչով լավ չի բուրժուական քաղաքակրթությունից։ Մեկնումի միտքը ոչնչով չէր ոգևորում նրան, ընդհակառակը, առաջիկա նոր հոգնությունը միայն ընկճում էր նրան, և նա կգերադասեր արդեն նավի վրա գտնվել և այլևս ոչնչի մասին հոդ չտանել ու չմտածել։

Վերջին օրը նրա համար իսկապես տանջանք էր։ Թերթերում կարդալով նրա մեկնումի մասին՝ Բեռնարդ Հիգգինբոթամը, Գերտրուդան և ընդհանրապես բոլոր ազգականները եկան նրան հրաժեշտ տալու։ Հետո կարիք եղավ վերջացնել մի քանի գործեր, վճարել հաշիվներ, բավարարել պնդերես թղթակիցներին։ Լիզզի Քոննոլլիին նա հապճեպ հրաժեշտ տվեց երեկոյան դպրոցի դռան առաջ։ Վերադառնալով հյուրանոց՝ իր սենյակում գտավ Ջոյին, որն ամբողջ ցերեկը զբաղվել էր լվացքատանը և միայն երեկոյան դեմ ազատվել ու եկել հրաժեշտի։ Դա լցրեց Մարտինի համբերության բաժակը, բայց նա այնուամենայնիվ, ստիպեց իրեն կես Ժամ լսելու իր բարեկամի շաղակրատությունը, ջղայնությունից սեղմելով բազկաթոռի արմունկները։

— Նկատի ունեցիր, Ջո՛,― ասաց նա ի միջի այլոց,― որ քեզ ոչինչ չի կապում այդ լվացքատան հետ, ուզածդ րոպեին կարող ես վաճառել և դրամը լրիվ տալ քամուն։ Հենց որ այդ բոլորը ձանձրացնի քեղ և ուզենաս դարձյալ թափառաշրջիկ կյանք վարել, լուծարքի ենթարկիր այդ ամենը և գնա: Ջանա ապրել այնպես, ինչպես ուզում ես։

Ջոն գլուխը շարժեց բացասաբար։

— Ո՛չ, հերիք է, ես այլևս չեմ չափչփի ճամփաները։ Թափառաշրջիկի կյանքը լավ է ամեն տեսակետից, բացի մեկից, այսինքն՝ ես ուզում եմ ասել, աղջիկներից։ Ես չեմ կարող առանց նրանց․ ի՜նչ ուզում ես արա․ դու ինքդ հասկանում ես, թափառել հարկավոր է մենակ։ Երբ անցնում ես մի տան առաջով, ուր նվագում են, պարում են լավիկ, սպիտակ շորեր հագած աղջիկներ, պատուհանից ինձ են նայում, ժպտում են։ Է՜հ, սատանա՛ն տանի, այդ րոպեին կյանքը տհաճ է դառնում։ Ես սիրում եմ դաշտահանդեսներ, պարեր, շրջագայություններ լուսնկա գիշերով և նման բաներ։ Այլ բան է լվացքատունը՝ վայելուչ կոստյում, գրպանում մի բուռ դոլլարներ երբ կարիք կա ծախսելու։ Ես երեկ հանդիպեցի այստեղ մի աղջկա։ Թվում էր, թե հենց հիմա կամուսնանայի նրա հետ, ազնիվ խոսք։ Ամբողջ ցերեկը, որ հիշում եմ, հոգիս հրճվում է։ Աչքերն անչափ սիրալիր, իսկ ձայնը՝ պարզապես երաժշտություն։ է՜հ, Մարտ, ինչո՞ւ չես ամուսնանում, քո այդ դրամներով կարող ես ամուսնանալ ամենաառաջին գեղեցկուհու հետ։

Մարտինը դառնորեն ժպտաց և իր հոգու խորքում զարմացավ, թե ինչու առհասարակ մարդը ցանկություն է ունենում ամուսնանալու։ Դա նրան տարօրինակ ու անհասկանալի էր թվում։

«Մարիպոզայի» տախտակամածին կանգնած, նավի մեկնումից անմիջապես առաջ, Մարտինը ճանապարհ գցողների բազմության մեջ նկատեց Լիզզի Քոննոլլիին։ «Նրան տա՛ր քեզ հետ,― շշնջաց ներքին մի ձայն։— Չէ՞ որ շատ հաճելի բան է մեծահոգի լինել, իսկ այդ աղջիկը, չափազանց երջանիկ կլինի»։ Մի վայրկյան այդ միտքը փորձության ենթարկեց նրան, բայց իսկույն դրան հաջորդեց խուճապային սոսկումը․ նրա խոշտանգված սիրտը խիստ բողոքում էր դրա դեմ։ Նա հեռացավ շոգենավի եզրից ու մրմնջաց ինքն իրեն․ «Ո՛չ սիրելիս, դու չափազանց ծանր հիվանդ ես»։

Մարտինը իջավ իր նավասենյակը և նստաձ մնաց այնտեղ՝ մինչև որ նավը բաց ծով դուրս եկավ։ Ընդհանուր նավասենյակում ճաշի ժամանակ նրան հատկացրին պատվավոր մի տեղ՝ նավապետի աջ կողմը և նա անմիջապես համոզվեզ, որ «Մարիպոզայի» ուղևորների շրջանում նա ամենանշանավոր ու կարևոր մարդն է։ Բայց դեռ երբեք ոչ մի նշանավոր անձնավորություն իրեն շրջապատող հասարակությանը այդպես չէր հուսախաբել։ Իր ժամանակի մեծագույն մասը մեծ մարդն անց էր կացնում տախտակամածի վրա, կիսախուփ աչքերով, իսկ երեկոյան բոլորից առաջ էր գնում քնելու։

Երկու օր անց ուղևորները կազդուրվեցին ծովային հիվանդությունից և առավոտից մինչև երեկո խռնվում էին սրահներում և տախտակամածի վրա։ Մարտինն ինչքան շատ էր զննում նրանց, այնքան շատ էր զայրանում նրանց վրա․ սակայն նա հասկանում էր, որ ինքն անիրավացի է։ Վերջ ի վերջո նրանք լավ և բարեմիտ մարդիկ են․ նա չէր կարող չընդունել այգ, բայց և այնպես մտովի ավելացնում էր․ այդպես է ամբողջ բուրժուազիան՝ իր հոգեկան ողորմելիությամբ և իմացական դատողությամբ: Մարտինը ձանձրանում էր այդ մարդկանց հետ զրուցելիս, որոնք անչափ հիմար ու բթամիտ էին թվում, իսկ երիտասարդների աղմկալի զվարճությունը ջղայնացնում էր նրան։ Երիտասարդները բնավ հանգիստ չէին նստում․ նրանք տախտակամածի վրա թռվռում էին շարունակ, հիանում էին դելֆիններով, ցնծության աղաղակներով էին ողջունում թռչող ձկների երամները։

Մարտինը ջանում էր ինչքան կարելի է շատ քնել։ Նախաճաշից հետո նա հարմարվում էր բազկաթոռին՝ ձեռքին ունենալով մի հանդես, որը չէր կարողանում կարդալ մինչև վերջ։ Տպված տողերը հոգնեցնում էին նրան։ Նա զարմանում էր, թե ինչպես է լինում, որ մարդիկ գրելու նյութ են գտնում, և չկարողանալով լուծել այդ առեղծվածը խաղաղ քնում էր աթոռին։ Երկրորդ նախաճաշի զանգը արթնացնում էր նրան, և նա բարկանում էր, որ հարկավոր է արթնանալ։

Մի անգամ, ցանկանալով թոթափել իրենից այդ քնկոտ թմրությունը, Մարտինը գնաց կամրջակը՝ նավաստիների մոտ։ Սակայն նավաստիներն էլ, թվում էր, փոխվել են, փոխվել են այն ժամանակից ի վեր, երբ ինքն էլ նավաստի էր։ Նա իր մեջ չէր գտնում ոչ մի ընդհանուր բան այդ բթամիտ, ձանձրալի, անասնանման մարդկանց հետ։ Նա բոլորովին վհատվել էր։ Այստեղ վերևում, Մարտին Իդենը ինքնըստինքյան ոչ ոքի հարկավոր չէր, իսկ վերադառնալ իր դասակարգի մարդկանց մոտ, որոնց նա ճանաչում և ժամանակին սիրում էր, նույնպես արդեն չէր կարող։ Նրանք հարկավոր չէին իրեն։ Նրանք նույնպես զայրացնում էին Մարտինին, ինչպես և առաջին կարգի տխմար ուղևորները։

Կյանքը տանջալից էր Մարտին Իդենի համար, ինչպես պայծառ լույսը հիվանդ աչքերով մարդու համար։ Կյանքը փայլում էր նրա առաջ և շողշողում ծիածանի բոլոր գույներով, և նրան ցավ էր պատճառում, անտանելի ցավ։

Մարտինը կյանքում առաջին անգամ էր ճամփորդում առաջին կարգի տոմսով։ Անցյալում այդպիսի նավերի վրա ճամփորդելիս նա կամ կանգնած էր լինում օրապահության, կամ քրտինք էր թափում հնոցարանի խորքում։ Այդ օրերին նա հաճախ գլուխը դուրս էր հանում դռնակից և նայում էր շքեղ հագնված ուղևորների բազմությանը, որոնք շրջագայում էին տախտակամածին, ծիծաղում էին, զրուցում, ոչինչ չէին անում, տախտակամածի վրա քաշած ծածկոցը պաշտպանում էր նրանց արևից և քամուց, իսկ ժիր մատուցողները վայրկենապես կատարում էին նրանց ամենափոքր ցանկությունները։ Նրան, ածուխի այդ հեղձուցիչ ծակից դուրս եկողին, այդ ամենը պատկերանում էին որպես դրախտ։ Իսկ հիմա նա ինքը, որպես պատվավոր ուղևոր, ճաշասեղանի շուրջը նստում էր նավապետի աջ կողմը, բոլորն ակնածանքով էին նայում իրեն, իսկ ինքը կարոտն է քաշում կամրջակի և հնոցի, որպես կորած դրախտի։ Նա չգտավ նոր դրախտ, իսկ հինն անդարձ կորցրել է։

Որպեսզի մի կերպ ժամանակ անցկացնի, Մարտինը փորձեց զրուցել շոգենավի ծառայողների հետ։ Նա զրուցեց մեխանիկի օգնականի՝ ինտելիգենտ և դուրեկան մի մարդու հետ, որը միանգամից նրա վրա ընկավ սոցիալիստական քարոզով և նրա բոլոր գրպանները լցրեց պամֆլետներով ու թռուցիկներով։ Մարտինն անտարբեր լսեց ստրկական բարոյականության պաշտպանության համար նրա բերած բոլոր փաստարկությունները և հիշեց իր սեփական նիցշեական փիլիսոփայությունը։ Բայց վերջ ի վերջո ինչի՞ համար է այս բոլորը։ Նա հիշեց Նիցշեի ամենախելացնոր դրույթներից մեկը, որով այդ խենթը տարակույսի տակ է առնում մինչև անգամ ճշմարտությունը։ Թերևս իրավացի է Նիցշեն, թերևս ոչ մի բանում երբեք չի եղել, չկա և չի լինի ճշմարտություն, թերևս ճշմարտության հասկացողությունն էլ անիմաստ բան է։ Բայց նրա ուղեղը շուտով հոգնեց, և նա ուրախությամբ նստեց բազկաթոռին ու նիրհեց։

Որքան էլ ճնշող էր նրա գոյությունը շոգենավում, ավելի մեծ գլխացավանք էր սպասում նրան, երբ նավը հասներ Թաիթի, և նա դուրս գար ցամաք։ Ինչքա՜ն կամքի ուժ հարկավոր կլիներ լարել։ Պետք է հոգալ ապրանքների մասին, գտնել Մարքիզյան կղզիները գնացող նավ, անել հազար ու մի անհրաժեշտ և հոգնեցուցիչ բան։ Եվ ամեն անգամ, որ մտածում էր այդ բոլորի մասին, սկսում էր պարզ ըմբըռնել իրեն սպառնացող վտանգը։ Այո, նա արդեն գտնվում էր Ստվերների Հովտում, և ամենասոսկալին այն էր, որ վախ չէր զգում։ Եթե գեթ մի քիչ վախենար, կարող էր վերադառնալ դեպի կյանք․ բայց նա չէր վախենում, և այդ պատճառով ավելի խորն էր մխրճվում խավարի մեջ։ Կյանքում ոչինչ չէր ուրախացնում նրան, մինչև անգամ այն, ինչ ժամանակին ինքն անչափ սիրում էր։ Ահա «Մարիպոզային» ընդառաջ փչեց վաղուց ծանոթ հյուսիս-արևելյան պասսատը, բայց այդ քամին, որը ժամանակին արբեցնում էր նրան որպես գինի, հիմա միայն ջղայնացնում էր։ Նա հրամայեց, որ տեղափոխեն իր բազկաթոռը, որպեսզի խուսափի պասսատից՝ հին օրերի ու գիշերների այդ բարի ընկերոջ անկոչ շոյանքից։

Սակայն Մարտինն առանձնապես դժբախտ զգաց իրեն այն օրը, երբ «Մարիպոզան» մտավ արևադարձային գոտին։ Նրա քունը փախավ։ Առաջ նա չափազանց շատ էր քնում, իսկ հիմա ակամա պետք է արթուն մնա, դեգերի տախտակամածին և հանդուրժի կյանքի շլացուցիչ փայլը։ Նա լուռ ճեմում էր։ Օղը խոնավ էր ու տաք, իսկ հաճախակի հանկարծական տեղատարափ անձրևները չէին հովացնում։ Ապրելը ցավ էր պատճառում Մարտինին։ Երբեմն ուժասպառ լինելով, ընկնում էր բազկաթոռին, բայց, մի քիչ հանգստանալուց հետո վեր էր կենում և նորից սկսում քայլել։ Նա իրեն ստիպեց մինչև վերջ կարդալ հանդեսը և գրադարանից վերցրեց մի քանի հատոր բանաստեղծություններ։ Սակայն նա չէր կարողանում կենտրոնացնել նրանց վրա իր ուշադրությունը և գերադասեց շարունակել իր շրջագայությունը։

Երեկոյան Մարտինը բոլորից հետո իջավ իր նավասենյակը, բայց, չնայած ուշ էր, չէր կարողանում քնել։ Կյանքից հանգստանալու միակ միջոցը դադարեց գործելուց․ դա արդեն ամեն չափ ու սահմանից անց է։ Նա վառեց լույսը և վերցրեց Սուինբեռնի ոտանավորների մի հատորիկը։ Մարտինը մի որոշ ժամանակ թերթեց դա և հանկարծ նկատեց, որ հետաքրքրությամբ է կարդում ։ Վերջացնելով մի ոտանավորի ընթերցումըհ սկսեց կարդալ հաջորդը, բայց վերադարձավ արդեն ընթերցածին։ Հետո գիրքը դնելով կրծքին, նա տարվեց մտքերով։ Այո՛, դա է, որ կա, հենց դա է։ Տարօրինակ է, որ նա առաջ չէր մտածել այդ մասին։ Դա ամեն ինչի բանալին է, նա միշտ էլ անգիտակցորեն գնացել է այդ ճանապարհով, իսկ հիմա Սուինբեռնը ցույց տվեց նրան լավագույն ելքը։ Նրան հանգիստ էր հարկավոր, և հանգիստը սպասում էր նրան։ Մարտինը նայեց լուսանցույցին։ Դա բավականաչափ լայն էր։ Երկար օրերից հետո նրա սիրտն առաջին անգամ բաբախեց ուրախությունից․ վերջապես, նա գտել էր հիվանդության ճարը։ Նա վերցրեց գիրքն ու կարդաց բարձրաձայն․

Բյուր վայելքներից հոգնած կարևեր,
Հոգնած մշտուրախ խնջույքներից,
Չիմանալով ահ ու ցանկություններ,
Մենք շնորհակալ ենք աստվածներից
Այն բանի համար, որ սիրտը մարդու
Կրծքի տակ հավետ չէ թպրտալու,
Որ բոլոր գետերը այս աշխարհում
Մի օր ծովի մեջ են թափվելու։

Մարտինը նորից նայեց լուսանցույցին․ Սուինբեռնը ցույց է տվել նրան ելքը։ Կյանքը տաժանելի է, ավելի ճիշտ՝ տաժանելիորեն անտանելի ու տաղտկալի է դարձել։ «Որ սիրտը մարդու, կրծքի տակ հավետ չէ թպրտալու», այս տողը համակեց նրան խորին երախտագիտությամբ։ Դա աստվածների միակ բարերարությունն է աշխարհին։ Երբ կյանքը դարձել է տաժանելի ու անտանելի, ինչքա՜ն հեշտ է ազատվել նրանից՝ մոռանալով իրեն հավերժական քնի մեջ։

Ինչո՞ւ է սպասում, արդեն ժամանակն է։

Գլուխը դուրս հանելով լուսանցույցից՝ Մարտինը նայեց կաթնագույն սպիտակ փրփուրներին։ «Մարիպոզան» շատ խորն էր նստած ջրի մեջ, և եթե նա ձեռքերով կախվի, ոտքերը կհասնեն ջրին։ Ճողփյուն չի լինի, ոչ ոք չի լսի։ Ջրի կաթիլները թրջեցին նրա երեսը, շրթունքներին զգաց աղի ջրի համը, դա դուր եկավ նրան։ Նա մինչև անգամ մտածեց․ չգրե՞լ արդյոք իր կարապի երգը, բայց իսկույն ծիծաղեց իր վրա։ Մանավանդ որ ժամանակ չկար․ նա անչափ ուզում էր շուտով վերջացնել։

Ավելի ապահով լինելու համար, նավասենյակի լույսը հանգցնելուց հետո՝ Մարտինը իր ոտքերը մտցրեց լուսանցույցի մեջ։ Ուսերը չէին անցնում․ այդ պատճառով հարկ եղավ ուժ գործադրել, մի ձեռքով ամուր սեղմելով իրանը։ Շոգենավի հանկարծակի ցնցումն օգնեց նրան, և նա սողանցավ ու ձեռքերով կախվեց։ Հենց որ ոտքերը դիպան ջրին, բաց թողեց ձեռքերը։ Սպիտակ գոլ ջուրը գրկեց նրան։ «Մարիպոզան» անցավ նրա կողքով որպես ահագին սև պատ՝ փայլելով մի քանի լուսանցույցներով, որոնց մեջ լամպերը դեռ չէին հանգցրած։ Շոգենավն արագ էր գնում։ Հազիվ նա կարողացավ մտածել այդ մասին, և արդեն գտնվում էր նավախելից հեռու․ նա սկսեց հանգիստ լող տալ օվկիանոսի փրփրադեզ մակերեսում։

Նրա մարմնի սպիտակությունից հրապուրված թյուննոս ձուկը կծեց նրան, և Մարտինը ծիծաղեց։ Ցավը հիշեցրեց Նրան, թե ինչու է ինքը ջրի մեջ։ Թվում էր, թե բոլորովին մոռացել է իր գլխավոր նպատակը։ «Մարիպոզայի» լույսերն արդեն անհետանում էին հեռվում, իսկ Մարտինը դեռ լողում ու լողում էր՝ կարծես ուզում էր լողալով հասնել մինչև մոտակա ծովափը, որը այդտեղից հարյուրավոր մղոն հեռու էր։

Դա կյանքի անգիտակցական բնազդն էր։ Մարտինը դադարեց լող տալուց, բայց որ ալիքները միացան նրա վրա, նորից սկսեց աշխատել ձեռքերով։ «Ապրելու կամք»,― մտահեց նա և արհամարհանքով ծիծաղեց։ Այո, նա կամք ունի, և բավականաչափ հաստատուն կամք, որպեսզի մի վերջին ճիգով քայքայի իրեն և դադարի գոյություն ունենալուց։ Նա ուղղահայաց դիրք ընդունեց։ Նայեց աստղերին և միաժամանակ արտաշնչեց իր թոքերից ամբողջ օդը։ Ձեռքերի և ոտքերի արագ և հուժկու շարժումով նա մինչև կրծքի կեսը բարձրացավ ջրից, որպեսզի ավելի ուժեղ և արագ խորասուզվի։ Հետո նա, առանց շարժում անելու, ընկղմվեց որպես սպիտակ արձան դեպի ծովի հատակը։ Խորասուզվելով՝ նա սկսեց ջուր կուլ տալ, ինչպես հիվանդը կուլ է տալիս թմրադեղ, որպեսզի շուտով անզգայանա։ Բայց երբ ջուրը խուժեց դեպի կոկորդն ու սկսեց խեղդել նրան, ակամա, բնազդական մի ճիգով ելավ ջրի մակերեսն ու դարձյալ տեսավ իր գլխի վերև աստղերը։

«Ապրելու կամք», նորից մտածեց նա արհամարհանքով՝ իզուր ջանալով չշնչել գիշերային զով օդն իր ցավազգայուն թոքերով։ Լավ, նա կփորձի մի այլ միջոց։ Նա մի քանի անգամ ուժեղ շունչ առավ։ Կարելի եղածին չափ օդ ծծելով՝ նա վերջապես սուզվեց գլխիվայր, ամբողջ ուժով։ Նա ընկղմվում էր ավելի ու ավելի խորը։ Բաց աչքերով նա տեսնում էր կապտավուն ֆոսֆորային լույսը։ Թյուննոսները, որպես ուրվականներ, արագ անցնում էին նրա մոտով։ Նա հույս ուներ, որ նրանք չեն դիպչի իրեն, որովհետև դա կարող էր թուլացնել նրա կամքի լարվածությունը։ Նրանք չդիպան, և Մարտինը մտովի շնորհակալություն հայտնեց կյանքին այդ վերջին գթասրտության համար։

Ավելի ու ավելի խորն էր սուզվում նա՝ զգալով, թե ինչպես թմրում են ձեռքերն ու ոտքերր։ Նա հասկանում էր, որ գտնվում է մեծ խորության մեջ։ Թմբկաթաղանթների վրա․ ճնշումն անտանելի էր դառնում, և կարծես գլուխը տրաքվում էր։ Կամքի անհավատալի ուժով նա ստիպեց իրեն ավելի խորասուզվել, մինչև որ թոքերից ամբողջ օդը դուրս եկավ։ Օդի պղպջակները սահելով անցան նրա այտերի և աչքերի վրայով և արագ սուրացին վերև։ Հետո սկսվեց խեղդվելու տանջանքը։ Բայց նա իր հանգչող գիտակցությամբ հասկացավ, որ այդ տանջանքը դեռևս մահը չէ․ մահը ցավ չի պատճառում։ Դա դեռ կյանքն է, վերջին ցնցումը, կյանքի վերջին տառապանքը։ Դա վերջին հարվածն էր, որ կյանքը հասցնում էր նրան։

Նրա ձեռքերն ու ոտքերը սկսեցին շարժվել ջղաձգորեն և թույլ։ Ուշ է, նա խորամանկությամբ խաբեց ապրելու կամքը։ Նա հիմա արդեն չափազանց խոր է սուզվել։ Արդեն չի կարող ջրի երես բարձրանալ։ Թվում էր, թե հանդարտ ու համաչափ լողում է տեսիլքների անծայր ծովում։ Ծիածանի շողը պատեց նրան, և նա կարծես ձուլվեց՝ դրա մեջ։ Իսկ ա՞յն, ինչ է․ ասես, փարոս լինի։ Բայց դա նրա ուղեղում վառվող, սպիտակ լույսն էր։ Դա ավելի ու ավելի վառ էր փայլում։ Ինչ-որ տեղից սոսկալի դղրդյուն լսեց, և Մարտինին թվաց, թե ինքը հսկայական թեք սանդուղքից գլխիվայր թռչում է դեպի մութ անդունդը։ Նա պարզ հասկացավ այդ։ Նա թռչում է դեպի մութ անդունդը և այն պահին, երբ նա հասկացավ այդ, գիտակցությունն ընդմիշտ լքեց նրան։