«Երեք ուսանող»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 136. Տող 136.
 
:    Թանձրացող խավարում երեք դեղին քառակուսիներ առկայծեցին  մեր առջև։
 
:    Թանձրացող խավարում երեք դեղին քառակուսիներ առկայծեցին  մեր առջև։
 
:    ― Երեք թռչնակներն էլ իրենց բներում են, ― ասաց Հոլմսը վերև նայելով։
 
:    ― Երեք թռչնակներն էլ իրենց բներում են, ― ասաց Հոլմսը վերև նայելով։
:    ― Էհե՛, իսկ սա՞ ինչ է։ Նրանցից մեկը, կարծես, իր տեղը չի գտնում։
+
:    ― Էհե՜, իսկ սա՞ ինչ է։ Նրանցից մեկը, կարծես, իր տեղը չի գտնում։
 
:    Նա խոսում էր հնդիկի մասին, որի մուք ուրվագիծը հանկարծ հայտնվեց իջեցված վարագույրի ֆոնին։ Ուսանողը արագ ետ ու առաջ էր քայլում սենյակում։
 
:    Նա խոսում էր հնդիկի մասին, որի մուք ուրվագիծը հանկարծ հայտնվեց իջեցված վարագույրի ֆոնին։ Ուսանողը արագ ետ ու առաջ էր քայլում սենյակում։
 
:    ― Կցանկանայի տեսնել նրան, ― ասաց Հոլմսը։ ― Դա կարելի՞ է անել։
 
:    ― Կցանկանայի տեսնել նրան, ― ասաց Հոլմսը։ ― Դա կարելի՞ է անել։

21:43, 24 Հունվարի 2013-ի տարբերակ

Երեք ուսանող

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»

    1895 թվականին մի շարք հանգամանքների բերումով, այստեղ կանգ չեմ առնի դրանց վրա, միստր Հոլմսն ու ես հայտնվեցինք մեր հայտնի համալսարանական քաղաքներից մեկում, ուր անցկացրինք մի քանի շաբաթ և այդ ընթացքում բախվեցինք քիչ խճճված, բայց խիստ ուսանելի մի պատահարի, որի մասին էլ պատրաստվում եմ պատմել։ Հասկանալի է, ցանկացած մանրամասները, որոնք թույլ կտան ընթերցողին որոշելու, թե որ քոլեջում է կատարվել դեպքը կամ ով է հանցագործը, տեղին չեն և նույնիսկ վիրավորական են։ Այդքան ամոթալի պատմությունը կարելի էր մոռացության մատնել առանց ափսոսանքի։ Սակայն չափավոր պատշաճությամբ արժե պատմել, քանի որ այդտեղ բացահայտվեցին ընկերոջս զարմանալի ընդունակությունները։ Իմ պատմության մեջ կաշխատեմ խույս տալ այն ամենից, ինչը թույլ կտա գուշակել, որտեղ է հատկապես դա կատարվել կամ ում մասին է խոսքը։
    Այդ ժամանակ իջևանել էինք գրադարանից ոչ հեռու գտնվող կահավորված մի սենյակում, որտեղ Հոլմսն ուսումնասիրում էր հին անգլիական ձեռագրերը․ նրա աշխատանքները հանգեցրին այնքան շշմեցնող արդյունքների, որ դրանք կարող են նյութ ծառայել ապագա պատմվածքներիս համար։ Մի երեկո մեզ այցելեց մի ծանոթ․ Սուրբ Ղուկաս քոլեջի դասավանդողներից մեկը՝ միստր Հիլթոն Սոմսը։ Նա բարձրահասակ էր և նիհար, թողնում էր ջղագրգիռ ու դյուրաբորբոք մարդու տպավորություն։ Սակայն այս անգամ պարզապես չէր կարողանում իրեն տիրապետել և ամեն ինչից երևում էր, որ կատարվել է արտակարգ ինչ-որ բան։
    ― Միստր Հոլմս, չե՞ք կարող ձեր թանկագին ժամանակից մի քանի ժամ տրամադրել ինձ։ Մեր քոլեջում անախորժ պատմություն է տեղի ունեցել և, հավատացեք, եթե երջանիկ պատահականությամբ մեր քաղաքում չգտնվեիք, չէի իմանա ինչպես վարվել։
    ― Ես շատ եմ զբաղված և չէի ցանկանա շեղվել իմ գործերից, ― պատասխանեց ընկերս։ ― Խորհուրդ կտայի դիմել ոստիկանությանը։
    ― Ոչ, ոչ, հարգարժան սըր, դա անհնար է։ Եթե գործին պաշտոնական ընթացք տանք, այն արդեն չես կանգնեցնի, իսկ սա այնպիսի դեպք է, երբ հարկավոր է ցանկացած ճանապարհով խույս տալ հրապարակումից, որպեսզի քոլեջի վրա ստվեր չնկնի։ Ձեր նուրբ վարվեցողությամբ հայտնի եք ոչ պակաս, քան ամենաբարդ գործերի հետաքննության տաղանդով և ձեզնից բացի ուրիշ ոչ մեկին չէի դիմի։ Աղաչում եմ, միստր Հոլմս, օգնեք ինձ։
    Սիրելի Բեյքր-Սթրիթից հեռու գտնվելը բնավ չէր մեղմացրել ընկերոջս բնավաորությունը։ Առանց թերթի կտրվածքներից կազմված իր ալբոմի, առանց քիմիական պրեպարատների և սովորական դարձաց անկարգության Հոլմսն իրեն անհարմար էր զգում։ Նա դժգոհ թափ տվեց ուսերը, որպես համաձայնության նշան, և մեր այցելուն հուզվելով և թափահարելով ձեռքերը, սկսեց աճապարանքով շարադրել գործի էությունը։
    ― Պատկերացնում եք, միստր Հոլմս, վաղը Ֆորթեսքյուի թոշակի մրցության առաջին քննությունն է, և ես քննողներից մեկն եմ։ Հունարեն եմ դասավանդում, և առաջին քննությունն էլ հենց հունարենից է։ Թոշակի թեկնածուներին թարգմանության համար տալիս եմ մի մեծ հատված անծանոթ տեքստից։ Այդ հատվածը տպագրվում է տպարանում, և, իհարկե, եթե թեկնածուն կարողանա նախաօրոք դա պատրաստել, ապա մեծ առավելություն կունենա մյուսների համեմատ։ Ահա թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի քննության նյութը գաղտնի մնա։
    Այսօր, առավոտյան ժամը երեքին, տպարանից ստացվեցին տեքստի շարվածասյուները։ Առաջադրանքը տրված է Ֆուկիդդիդոսից՝ կես գլուխ։ Պարտավոր եմ այն մանրամասն ստուգել՝ տեքստում ոչ մի սխալ չպետք է լինի։ Չորսն անց կեսին աշխատանքը դեռ չէի ավարտել, իսկ բարեկամիս խոստացել էի թեյել նրա մոտ։ Գնալիս շարվածասյուները սեղանին էի թողել։ Բացակայել եմ մեկ ժամից ավելի։
    Հավանաբար, դուք գիտեք, միստր Հոլմս, ինչպիսին են մեր քոլեջի դռները՝ մեծ, կաղնեփայտից, ներսից կանաչ մահուդով պատած։ Վերադարձիս զարմանքով նկատեցի, որ բանալին դռան վրա էր։ Քիչ էր մնում մտածեի, թե ինքս եմ մոռացել բանալին փականքում, բայց պրպտելով գրպաններս՝ գտա այն։ Երկրորդ բանալին, որքան ինձ հայտնի է, ծառայիս՝ Բենիսթերի մոտ է, որն արդեն տասը տարի է, ծառայում է ինձ մոտ, և նրա ազնվությունը կասկածից վեր է։ Ինչպես պարզվեց, դա իսկապես նրա բանալին էր․ նա մտել էր իմանալու՝ թեյ մատուցելու ժամանակը չէ՞ արդյոք, և դուրս գալիս բանալին մոռացել էր դռան վրա։ Բենիսթերը, ըստ երևույթին, մտել էր իմ գնալուց մի քանի րոպե անց։ Ուրիշ անգամ ուշադրություն չէի դարձնի նրա մոռացկոտությսն վրա, բայց այդ օրն ինձ համար խիստ ողբալի դարձավ։
    Հազիվ էի նայել գրասեղանին, երբ հասկացա, որ մեկը խառնշտել է թղթերս։ Շարվածասյուները երեք երկար թղթերի վրա էին։ Երբ գնացի, դրանք սեղանին էին։ Իսկ հիմա մեկը գտա հատակին, մյուսը պատուհանի մոտի փոքր սեղանին էր, երրորդն այնտեղ՝ ուր թողել էի․․․
    Հոլմսն առաջին անգամ ընդհատեց զրուցակցին։
    ― Հատակին ընկած էր առաջին կեսը, պատուհանի մոտ՝ երկրորդը, իսկ երրորդն այնտեղ՝ որտեղ թողե՞լ էիք։
    ― Միանգամայն ճիշտ է, միստր Հոլմս։ Զարմանալի է։ Ինչպե՞ս կարողացաք գուշակել։
    ― Շարունակեք ձեր պատմությունը, այդ ամենը շատ հետաքրքիր է։
    ― Մի պահ մտքովս անցավ, որ Բենիսթերն իրեն աններելի ազատություն է թույլ տվել՝ նայել է թղթերս։ Բայց նա կտրականապես ժխտում է, և ես նրան հավատում եմ։ Հնարավոր է և ուրիշ բան․ ինչ-որ մեկն անցել է սենյակի մոտով, նկատել է դռան վրայի բանալին և, իմանալով, որ այնտեղ չեմ, որոշել է նայել քննական տեքստը։ Խոսքը գնում է մեծ գումարի մասին՝ թոշակը շատ բարձր է, և մարդը, որը միջոցների մեջ խտրություն չի դնում, հաճույքով համարձակության կդիմի ապահովելու համար իր առավելությունը։
    Բենիսթերը շատ վշտացած էր։ Քիչ էր մնում ուշագնաց լիներ, երբ պարզվեց, որ շարվածասյուները եղել են ուրիշի ձեռքում։
    Մի կում բրենդի տվեցի խմելու, և մինչ ես զննում էի սենյակը, նա ուժասպառ նստեց բազկաթոռին։ Ցիրուցան եղած թղթերից բացի շուտով նկատեցի անկոչ հյուրի ուրիշ հետքեր ևս։ Պատուհանի մոտ դրված սեղանին թափված էին մատիտի տաշեղներ։ Հենց այդտեղ էլ գտա միջուկի կոտրված մի ծայր։ Հավանաբար, այդ սրիկան տեքստն արտագրել էր մեծագույն արագությամբ, կոտրել էր մատիտի ծայրը և ստիպված նորից էր սրել։
    ― Հիանալի է, ― արձագանքեց Հոլմսը։ Գնալով պատմությունը ավելի ու ավելի էր հետաքրքրում նրան և կրկին համակում բարձր տրամադրությամբ։ ― Ձեր բախտը բերել է։
    ― Դա դեռ բոլորը չէ։ Գրասեղանս նոր է, երեսպատված հիանալի կարմիր կաշվով։ Եվ Բենիսթերի հետ պատրաստ ենք երդվելու, որ սեղանի կաշին հարթ էր, անբիծ։ Իսկ այժմ սեղանի մակերեսին երեք դյույմի չափ կտրվածք տեսա՝ ոչ թե քերծվածք, այլ հենց կտրվածք։ Եվ ոչ միայն դա, սեղանի վրա գտա մուգ մածկանի կամ կավի մի գնդիկ, որի մեջ թեփի նման ինչ-որ խարտվածքներ են երևում։ Հավատացած եմ, այդ հետքերը թողել է թղթերը խառնշտող մարդը։ Չարագործին մատնող ուրիշ ոչ մի հետք կամ հանցանշան չէր մնացել։ Գլուխս լրիվ կկորցնեի, եթե, ի երջանկություն ինձ, չհիշեի, որ հիմա մեր քաղաքում եք։ Եվ որոշեցի դիմել ձեզ։ Աղաչում եմ, միստր Հոլմս, օգնեք ինձ։ Ինչ գնով էլ լինի, հարկավոր է գտնել այդ մարդուն, այլապես հարկ կլինի մինչև նոր նյութի պատրաստելը հետաձգել քննությունը, բայց դա բացատրություն կպահանջի, և այդ ժամանակ աղմուկից խուսափել չի լինի․ դա ստվեր կգցի ոչ միայն մեր քոլեջի, այլև ողջ համալսարանի վրա։ Ես մի ցանկություն ունեմ՝ թույլ չտալ ոչ մի հրապարակում։
    ― Ուրախ կլինեմ զբաղվելու այդ գործով և օգնելու ձեզ, ― ասաց Հոլմսը տեղից բարձրանալով և վերարկուն հագնելով։ ― Դեպքը հետաքրքիր է։ Շարվածասյուները ստանալուց հետո ինչ-որ մեկը եկե՞լ է ձեզ մոտ։
    ― Հնդիկ ուսանող Դաուլատ Ռասը, ապրում է նույն շքամուտքում և եկավ քննության հետ կապված ինչ-որ բան իմանալու։
    ― Նա է՞լ պետք է քննություն հանձնի։
    ― Այո։
    ― Շարվածասյուները փռված էին սեղանի՞ն։
    ― Որքան հիշում եմ, խողովակաձև ոլորված էին։
    ― Բայց զգացվու՞մ էր, որ դա շարվածասյուն է։
    ― Հավանաբար։
    ― Ձեր սենյակում ուրիշ ոչ ոք չի՞ եղել։
    ― Ոչ սըր։
    ― Որևէ մեկը գիտե՞ր , որ շարվածասյուները ուղարկելու են ձեզ։
    ― Միայն գրաշարը։
    ― Իսկ ծեր ծառան, Բենիսթե՞րը։
    ― Իհարկե ոչ։ ոչ ոք չգիտեր։
    ― Որտե՞ղ է այժմ Բենիսթերը։
    ― Նա այդպես էլ մնաց իմ գրասենյակում, բազկաթոռին նստած։ Ես շտապեցի ձեզ մոտ։ Իսկ նա այնքան վատ էր, որ չէի կարող տեղից շարժել։
    ― Դուք դուռը չկողպեցի՞ք։
    ― Թղթերը կողպեցի դարակում։
    ― Ուրեմն, միստր Սոմս, եթե ընդունենք, որ հնդիկը չի իմացել , ապա այն մարդը, որի ձեռքում հայտնվել են շարվածասյուները, դրանք պատահականորեն է գտել, նախապես չիմանալով, որ դրանք ձեզ մոտ են։
    ― Իմ կարծիքով, այո։
    Հոլմսը խորհրդավոր ժպտաց։
    ― Դե, ― ասաց նա, ― գնանք։ Դեպքը ձեր ճաշակով չէ, Ուոտսոն, այստեղ հարկավոր է մտածել, ոչ թե գործել։ Լավ, գնանք, եթե ցանկանում եք։ Միստր Սոմս, ես ձեր տրամադրության տակ եմ։
    Մեր ընկերոջ հյուրասենյակի ցածր, երկարուկ, կապարե ապակեկալներով պատուհանը նայում էր քոլեջի հինավուրց բակի քարաքոսապատ թփուտներին։ Գոթական դռան ետևից սկսվում էր մաշված աստիճաններով քարե սանդուղքը։ Առաջին հարկում տեղավորված էին դասավանդողների սենյակները։ Վերևի հարկերում ապրում էին երեք ուսանողներ, որոնց սենյակները գտնվում էին մեկը մյուսի վրա։ Երբ հասանք, արդեն մթնում էր։ Հոլմսը կանգ առավ և ուշադիր նայեց պատուհանին։ Հետո մոտեցավ, կանգնեց ոտնաթաթերի վրա և, վիզը երկարացնելով, նայեց սենյակի ներսը։
    ― Ակնհայտ է, որ դռնից է մտել։ Միայն փոքրիկ օդանցքն է բացվում, պատուհանը՝ ոչ, ― հայտնեց մեր կրթված ուղեկիցը։
    ― Ահա թե ինչ, ― արձագանքեց Հոլմսը և անհասկանալի ժպտալով նայեց մեր ուղեկցին։ ― Դե ինչ, եթե այստեղ ոչինչ իմանալ հնարավոր չէ, մտնենք տուն։
    Տանտերը մեզ ուղեկցեց սենյակ։ Մենք կանգ առանք դռան շեմին, իսկ Հոլմսն սկսեց ուշադիր ուսումնասիրել գորգը։
    ― Դժբախտաբար, հետքեր չկան, ― ասաց նա։ ― Դե, չոր եղանակին դրանք չէին էլ կարող լինել։ Ձեր սպասավորը, հավանաբար, արդեն գիտակցության է եկել։ Կարծում եք, ձեր գնալուց հետո այդպես էլ մնացել է բազկաթոռին նստա՞ծ։ Ո՞ր բազկաթոռին։
    ― Այնտեղ, պատուհանի մոտի։
    ― Հասկանալի է։ Այն փոքր սեղանի մոտ։ Այժմ դուք էլ մտեք։ Գորգի ուսումնասիրությունը վերջացրի։ Հիմա զբաղվենք սեղանով։ Դժվար չէ գուշակել, թե ինչ է այստեղ կատարվել։ Ինչ-որ մեկը մտել է սենյակ և սկսել թերթ առ թերթ շարվածասյուները գրասեղանից տեղափոխել պատուհանի մոտի փոքրիկ գրասեղանին․ այդտեղից կարող էր հետևէլ բակին և ձեր հայտնվելու դեպքում հարկ եղած րոպեին թաքնվել։
    ― Ինձ տեսնել չէր կարող, ― ընդհատեց Սոմսը։ ― Ես մտա բակի դռնակից։
    ― Ահա, հրաշալի է։ Ամեն դեպքում, հենց այդ նպատակով է շարվածասյուներով տեղավորվել պատուհանի մոտ։ Ցույց տվեք ինձ երեք թղթերն էլ։ Ոչ մեկի վրա մատնահետքեր չկան։ Այդպես, սկզբում այստեղ է տեղափոխել առաջինը և և արտագրել։ Որքա՞ն ժամանակ է դրան հարկավոր, եթե կրճատի բառերը։ Քառորդ ժամ, ոչ պակաս։ Հետո նետել է այդ թերթը և վերցրել հաջորդը։ Հասել է կեսին, բայց հենց այդտեղ վերադարձել եք դուք, և նա ստիպված է եղել անմիջապես չքվել։ Այնպես է շտապել, որ չի հասցրել նույնիսկ տեղը դնել թղթերը և ոչնչացնել հետքերը։ Երբ աստիճաններով բարձրանում էիք, պատահաբար արագ հեռացող քայլերի ձայն չլսեցի՞ք։
    ― Կարծես թե ոչ։
    ― Եվ այսպես, անծանոթը պատուհանի մոտ տենդագին արտագրում էր շարվածասյուները, երբ կոտրեց մատիտը, և, ինչպես տեսնում եք, ստիպված էր նորից սրել։ Սա շատ հետաքրքիր է, Ուոտսոն։ Մատիտն այնքան էլ սովորական չէ։ Շատ հաստ, փափուկ միջուկ, արտաքինից մուգ կապույտ, գործարանատիրոջ ազգանունը վրան դրոշմված արծաթյա տառերով, և մնացած մասը մեկուկես դյույմից երկար չէ։ Գտեք ճիշտ այդպիսի մատիտ, միստր Սոմս, և հանցագործը ձեր ձեռքում է։ Եթե ավելացնեմ, որ նա ունի բութ սայրով փոքր դանակ, ապա դուք կունենաք մի հանցանշան ևս։
    Միստր Սոմսին մի փոքր շշմեցրեց տեղեկությունների այդ հեղեղը։
    ― Հասկանում եմ ձեր մտքերի ընթացքը, ― ասաց նա, ― բայց դուք ինչպե՞ս կռահեցիք մատիտի չափսը։
    Հոլմսը նրան մեկնեց «HH» տառերով Փոքրիկ տաշեղը, որոնց վրայից թափվել էր ներկը։
    ― Հիմա պա՞րզ է։
    ― Ոչ, վախենամ թե՝ հիմա էլ ոչ բոլորովին․․․
    ― Տեսնում եմ, որ միշտ անարդարացի եմ եղել ձեր նկատմամբ, Ուոտսոն։ Պարզվում է, դուք միակը չեք ձեր տեսակի մեջ։ Ի՞նչ են նշանակում Այս«HH» տառերը։ Ինչպես հայտնի է, ամենից հաճախ հանդիպում են Իոհան Ֆաբեն գործարանատան մատիտները։ Ուրեմն «HH»-ը գործարանատիրոջ անվան վերջնատառերն են։
    Հոլմսն այնպես թեքեց փոքր սեղանը, որ էլեկտրական լույսն ընկնի նրա վրա։
    ― Եթե ողորկ փայտին դրված բարակ թղթի վրա գրեն, փայտի վրա հետքեր կմնան։ Ոչ, ոչինչ նկատելի չէ։ Այժմ գրասեղանը։ Այս գնդիկը հավանաբար հենց այն մուգ կավն է, որի մասին ասացիք։ Կիսաբուրգ հիշեցնող այս կավի մեջ ձեր ասածի պես նկատելի են խարտվածքներ։ Այդպես, այդպես, շատ հետաքրքիր է։ Այժմ սեղանի վրայի կտրվածքը․ կաշին պարզապես պատռված է։ Պարզ է։ Սկսվում է բարակ քերծվածքով և վերջանում կողերը քրքրված անցքով։ Խորապես երախտապարտ եմ այս հետաքրքիր դեպքի համար, միստր Սոմս։ Ու՞ր է տանում այս դուռը։
    ― Իմ ննջարանը։
    ― Դուք այնտեղ մտե՞լ եք քննական տեքստի վրա կատարված ոտնձգությունը հայտնաբերելուց հետո։
    ― Ոչ, անմիջապես նետվեցի ձեզ մոտ։
    ― Թույլ տվեք նայել ննջասենյակը․․․ Ինչ հաճելի հնաոճ սենյակ է։ Բարի եղեք, սպասեք, հատակը պիտի զննեմ։ Ոչ, հետաքրքիր ոչինչ չկա։ Իակ սա ի՞նչ հաստ վարագույր է։ Այդպես, հետևում հագուստ է կախված։ Եթե որևէ մեկին հարկ լիներ թաքնվել այս սենյակում, այստեղ կմտներ, մահճակալը բավականին ցածր է, իսկ պահարանը՝ նեղ։ Այստեղ, իհարկե, ոչ ոք չկա՞։
    Հոլմսը ձեռքը գցեց վարագույրին, և նրա մի փոքր լարված և նույնիսկ զգուշավոր կեցվածքից երևում էր, որ պատրաստ է ցանկացած անակնկալի։ Ետ քաշեց վարագույրը, բայց այնտեղ մեկ-երկու կոստյումից բացի ուրիշ ոչինչ չտեսանք։ Հոլմսը շրջվեց և անսպասելի կռացավ հատակին։
    ― Դե, իսկ սա՞ ինչ է, բացականչեց նա։
    Հատակին ընկած էր մուգ, ճիշտ այնպիսի բուրգիկ, ինչպիսին կար գրասեղանի վրա։ Հոլմսն այն մոտեցրեց լամպին։
    ― Ձեր հյուրը, ինչպես տեսնում եք, հետքեր է թողել ոչ միայն հյուրասենյակում, այլև ննջարանում, միստր Սոմս։
    ― Ի՞նչ էր նրան այստեղ հարկավոր։
    ― Իմ կարծիքով, դա միանգամայն պարզ է։ Դուք եկել եք ոչ այն կողմից, որտեղից ձեզ սպասում էր, և ձեր քայլերը լսեց այն ժամանակ, երբ արդեն դռան մոտ էիք։ Ի՞նչ էր մնում նրան անել։ Հափշտակել իր բոլոր իրերն ու նետվել ձեր ննջարանը։
    ― Տեր աստված, միստր Հոլմս, ուրեմն այդ ամբողջ ժամանակ, երբ խոսում էի Բենիսթերի հետ, սրիկան նստած է եղել ննջարանում, ինչպես թակարդում, իսկ մենք այդ մասին նույնիսկ չենք էլ կասկածել։
    ― Նման մի բան։
    ― Բայց, հնարավոր է, որ ամեն ինչ այլ կերպ է եղել, միստր Հոլմս։ Չգիտեմ, ուշադրություն դարձրի՞ք, արդյոք, ննջարանի պատուհանին։
    ― Փոքր ապակիներ, կապարե շրջանակ, երեք փեղկ՝ մեկը ծղխնիներով և բավականին մեծ, որով կարող է մարդ անցնել։
    ― Միանգամայն ճիշտ է։ Եվ այդ պատուհանը նայում է դեպի բակի անկյունը, այնպես որ բակի կողմից նրա մի մասը չի երևում։ Հանցագործը կարող էր ննջարան սողոսկել, հետքերը թողնելով վարագույրի ետևում, այդտեղից անցնել հյուրասենյակ և, վերջապես հայտնաբերելով, որ դուռը փակված չէ, փախչել այդտեղից։
    Հոլմսն անհամբեր տարուբերեց գլուխը։
    ― Եկեք ողջամտորեն դատենք, ― ասաց նա։ ― Ինչպես ձեր խոսքերից հասկացա, այդ սանդուղքից օգտվում են երեք ուսանող և սովորաբար նրանք անցնում են ձեր դռան մոտով։
    ― Այո, նրանք երեքն են։
    ― Եվ բոլորն էլ պետք է հանձնե՞ն այդ քննությունները։
    ― Այո։
    ― Հիմք ունե՞ք նրանցից որևէ մեկին ավելի կասկածելու։
    Սոմսը մի պահ հապաղեց։
    ― Բավականին նրբանկատ հարց է, ― ասաց նա։ ― Չեմ ցանկանում ենթադրություններ անել, երբ ապացույցներ չկան։
    ― Բայց, այնուամենայնիվ, դուք կասկածներ ունեք։ Պատմեք մեզ, իսկ ապացույցների մասին ինքս կհոգամ։
    ― Այդ դեպքում մի քանի խոսքով կպատմեմ երեքի մասին էլ։ Անմիջապես իմ վերևում ապրում է Հիլքրիսթը, ընդունակ ուսանող է, գերազանց մարզիկ, ռեգբի և կրիկետ է խաղում քոլեջի թիմում և արգելավազքում ու հեռացատկում առաջին տեղն է գրավել։ Միանգամայն պատվարժան երիտասարդ է։ Հայրը՝ տխրահռչակ Ջեյբս Հիլքրիթսը, սնանկացավ ձիարշավարանում։ Որդուն ոչ մի գրոշ չմնաց, բայց նա աշխատասեր և ժրաջան պատանի է։ Շատ բանի կհասնի։
    Երկրորդ հարկում բնակվում է հնդիկ Դաուլատ Ռասը։ Հանգիստ է, իքնամփոփ, ինչպես հնդիկների մեծ մասը։ Հաջողությամբ պարապում է, չնայած հունարենը նրա թույլ կողմն է։ Աշխատում է համառորեն և մեթոդներով։
    Ամենավերևում Մայլս Մակլարենի սենյակն է։ Երբ գործ է ձեռնարկում, բացառիկ հաջողության է հասնում։ Մեր ամենատաղանդավոր ուսանողներից է, բայց քմահաճ է, անխոհեմ և զուրկ որևէ սկզբունքից։ Առաջին կուրսում խաղաթղթերի հետ կապված ինչ-որ մութ պատմության համար նրան քիչ էր մնում հեռացնեին։ Ամբողջ կիսամյակում ոչինչ չի արել և պետք է, որ շատ վախենա այս քննությունից։
    ― Ուրեմն դուք նրա՞ն եք կասկածում։
    ― Չեմ կարող պնդել, բայց երեքից հավանաբար միայն նրան կարող եմ քիչ երաշխավորել։
    ― Հասկանում եմ։ Իսկ այժմ, միստր Սոմս, ծանոթացրեք մեզ Բենիսթերի հետ։
    Սպասավորը կարճահասակ, ալեխառն մազերով, գունատ, մաքուր սափրված, հիսուն տարեկան մարդ էր։ Նա դեռ ամբողջովին ուշքի չէր եկել իր կյանքի խաղաղ ընթացքը խախտող ցնցումից։ Նրա թմբլիկ դեմքը ջղաձգվում էր նյարդային ցնցումից, ձեռքերը դողում էին։
    ― Մենք փորձում ենք պարզաբանել այս տհաճ պատմությունը, Բենիսթեր, ― նրան դիմեց տերը։
    ― Հասկանում եմ, սըր։
    ― Եթե չեմ սխալվում, դուք բանալին թողել էիք դռան վրա՞, ― հարցրեց Հոլմսը։
    ― Այո, սըր։
    ― Ինչ տարօրինակ է, որ դա պատահել է հենց այն օրը, երբ սենյակում այդքան կարևոր թղթեր կային։
    ― Այո, սըր, շատ տհաճ է։ Բայց ես բանալին մոռացել եմ նաև առաջներում։
    ― Դուք ե՞րբ սենյակ մտաք։
    ― Մոտավորապես չորսն անց կեսին։ Սովորաբար այդ ժամին ես միստր Սոմսին թեյ եմ մատուցում։
    ― Ինչքա՞ն մնացիք այնտեղ։
    ― Տեսա, որ տեղում չէ, անմիջապես դուրս եկա։
    ― Դուք նայեցի՞ք սեղանի վրայի թղթերը։
    ― Ոչ, սըր, ինչպես կարելի է։
    ― Ինչու՞ բանալին դռան մեջ թողիք։
    ― Ձեռքիս սկուտեղ կար։ Ուզում էի բանալու ետևից հետո գալ։ Եվ մառացա։
    ― Դուռը զսպանակային փականք ունի՞։
    ― Ոչ, սըր։
    ― Ուրեմն, ամբողջ ժամանակ բա՞ց է մնացել։
    ― Այո, սըր։
    ― Եվ հե՞շտ էր սենյակից դուրս գալը։
    ― Այո, սըր։
    ― Դուք շա՞տ անհանգստացաք, երբ միստր Սոմսը վերադարձավ և կանչեց ձեզ։
    ― Այո, սըր։ Իմ ողջ ծառայության ընթացքում այսպիսի բան երբեք չի պատահել։ Քիչ էր մնում ուշաթափվեի , սըր։
    ― Դա հեշտ է հասկանալ։ Իսկ դուք որտե՞ղ էիք, երբ վատացաք։
    ― Որտե՞ղ, սըր։ Ահա այնտեղ, դռան մոտ։
    ― Տարօրինակ է, դուք նստել էիք անկյունի բազկաթոռին։ Ինչու՞ ընտրեցիք հեռու դրված բազկաթոռը։
    ― Չգիտեմ, սըր, ինձ համար մեկ էր, թե որտեղ կնստեի։
    ― Իմ կարծիքով, նա այնքան էլ պարզ չի հիշում, թե ինչ է կատարվել, միստր Հոլմս։ Նրա տեսքը սարսափելի էր, մեռելի պես գունատվել էր։
    ― Ձեր տիրոջ գնալուց հետո որքա՞ն ժամանակ մնացիք այստեղ։
    ― Մեկ րոպեից ոչ ավելի։ Հետո փակեցի դուռը և գնացի սենյակս։
    ― Դուք ու՞մ եք կասկածում։
    ― Սըր, չեմ կարող ասել։ Չեմ կարծում, թե ողջ համալսարանում գտնվի մի ջենտլմեն, որը հանուն օգուտի ընդունակ լինի նման արարքի։ Ոչ, սըր, չեմ կարող դրան հավատալ։
    ― Շնորհակալ եմ ձեզանից, սա է ամբողջը, ― ամփոփեց Հոլմսը։ ― Հա, մի հարց ևս։ Երեք ջենտլմեններից որևիցե մեկին, որոնց մոտ ծառայում եք, պատմե՞լ եք այս անախորժության մասին։
    ― Ոչ, սըր, ոչ մեկին։
    ― Իսկ տեսե՞լ եք նրանցից որևէ մեկին։
    ― Ոչ, սըր, ոչ մեկին։
    ― Հիանալի է։ Այժմ, միստր Սոմս, ձեր թույլտվությամբ կստուգենք բակը։
    Թանձրացող խավարում երեք դեղին քառակուսիներ առկայծեցին մեր առջև։
    ― Երեք թռչնակներն էլ իրենց բներում են, ― ասաց Հոլմսը վերև նայելով։
    ― Էհե՜, իսկ սա՞ ինչ է։ Նրանցից մեկը, կարծես, իր տեղը չի գտնում։
    Նա խոսում էր հնդիկի մասին, որի մուք ուրվագիծը հանկարծ հայտնվեց իջեցված վարագույրի ֆոնին։ Ուսանողը արագ ետ ու առաջ էր քայլում սենյակում։
    ― Կցանկանայի տեսնել նրան, ― ասաց Հոլմսը։ ― Դա կարելի՞ է անել։
    ― Դրանից հեշտ բան չկա, ― պատասխանեց Սոմսը։ Մեր սենյակները քոլեջում ամենահներն են և զարմանալի չէ, որ դրանք տեսնելու համար այստեղ շատ այցելուներ են լինում։ Գնանաք, ինքս կուղեկցեմ։
    ― Խնդրում եմ, ոչ մեկի ազգանունը չտաք, ― խնդրեց Հոլմսը, երբ բախեցինք Հիլքրիստի դուռը։
    Մեր առջև դուռը բացեց բարձրահասակ, բարեկազմ, շիկահեր մի պատանի և լսելով մեր այցելության նպատակը, հրավիրեց ներս։
    Սենյակն, իսկապես, միջնադարյան ինտերիերի հետաքրքիր նմուշ էր։ Հոլմսին այնպես հրապուրեց մի մանրուք, որ նա որոշեց հենց այդտեղ դա արտանկարել ծոցատետրում, կոտրեց մատիտը և ստիպված էր սենյակի տիրոջից խնդրել մեկ ուրիշը, իսկ վերջացրեց նրանով, որ դեռ գրչահատ էլ խնդրեց։ Նույնատիպ հետաքրքիր պատմություն պատահեց նաև լռակյաց հնդիկի սենյակում, որը կարճահասակ, կեռքիթ մարդ էր։ Նա կասկածամտորեն նայեց մեզ և բացահայտորեն ուրախացավ, երբ Հոլմսի ճարտարապետական ուսումնասիրությունները վերջացան։ Նկատելի չէր, թե այդ այցելությունների ժամանակ Հոլմսը գտավ որոնած հանցանշանը։ Երրորդ ուսանողի մոտ էլ անհաջողություն էր սպասում։ Երբ բախեցինք դուռը, նա չցանկացավ բացել և, ի լրումն, հայհոյանքների հեղեղ տեղաց։
    ― Թքած ունեմ, թե դուք ով եք։ Կորեք գրողի ծոցը, ― դռան ետևից մեզ հասավ զայրացած ձայնը։ ― Վաղը քննություն է, և ես թույլ չեմ տա ինձ գործից կտրել։
    Մեր ուղեկիցը կարմրեց զայրույթից։
    ― Անտաշ, ― բարկացավ Սոմսը երբ աստիճաններով իջնում էինք։ ― Իհարկե, նա չէր կարող իմանալ, որ ես եմ դուռը թակողը։ Բայց ամեն դեպքում նրա այս արարքը ծայրաստիճան անքաղաքավարի է, իսկ տվյալ իրավիճակում, նույնիսկ կասկածելի։
    Հոլմսի ռեակցիան բավականին անսովոր էր։
    ― Դուք կարո՞ղ եք ճշտորեն ասել, թե ինչ հասակ ունի նա, ― հարցրեց Հոլմսը։
    ― Ճիշտն ասած, միստր Հոլմս, չեմ կարող երաշխավորել։ Նա հնդիկից բարձր է, բայց ոչ որպես Հիլքրիստը։ Մոտ հինգ ֆուտ և վեց դյույմ։
    ― Դա շատ կարևոր է, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ այժմ, միստր Սոմս, թույլ տվեք ձեզ բարի գիշեր մաղթել։
    Մեր ուղեկիցը շփոթված և վախեցած բացականչեց․
    ― Բարերար աստված, միստր Հոլմս, մի՞թե դուք ինձ կլքեք այսպիսի րոպեին։ Կարծես այնքան էլ չեք հասկանում, թե ինչ վիճակում է գործը։ Վաղը քննություն է։ Ես պարտավոր եմ ամենավճռական միջոցներ ձեռնարկել հենց այս երեկո։ Չեմ կարող թույլ տալ, որ քննությունն անց կացվի, եթե ինչ-որ մեկին հայտնի են նյութերը։ Պետք է դուրս գալ այս վիճակից։
    ― Ամեն ինչ թողեք ինչպես կա։ Վաղն առավոտյան կայցելեմ, և ամեն ինչ կքննարկենք։ Ով գիտե, գուցե մինչ այդ ինչ-որ էական առաջարկներ ունենամ։ Իսկ այժմ ոչ մի բան մի ձեռնարկեք, բացարձակապես ոչինչ։
    ― Լավ, միստր Հոլմս։
    ― Եվ միանգամայն հանգիստ եղեք։ Անպայման ինչ-որ բան կմտածենք։ Հետս կվերցնեմ սև կավե գնդիկը, ինչպես նաև մատիտների տաշեղները։ Ցտեսություն։
    Երբ դուրս եկանք մութ բակ, նորից նայեցինք պատուհաններին։ Հնդիկը դարձյալ քայլում էր սենյակում։ Մնացածները չէին նշմարվում։
    ― Դե, Ուոտսոն, ի՞նչ եք մտածում այս մասին, ― հարցրեց Հոլմսը փողոցում։ ― Խիստ նման է ազատ ժամանակ զվարճացնող խաղի՝ երեք խաղաթղթերով աճպարարության նման, չէ՞։ Ահա ձեզ երեքը։ պետք է դրանցից մեկը։ Ընտրեք։ Ո՞վ է նա, ձեր կարծիքով։
    ― Վերջին հարկի զայրացկոտը։ Հիմար համբավ էլ ունի։ Բայց հնդիկն էլ միանգամայն կասկածելի է։ Ի՞նչ է ամբողջ ժամանակ ետ ու առաջ քայլում։
    ― Դե, դա ոչ մի բան չի ասում։ Շատերն են ետ ու առաջ քայլում, երբ անգիր են սովորում։
    ― Շատ անբայրացկամ նայեց մեզ։
    ― Դուք էլ ճիշտ այդպես կնայեիք, եթե դժվար քննության նախօրյակին ձեզ մոտ խուժեին հաճույք որոնող անգործները։ Հենց դրանում, ոչ մի հատուկ բան չկա։ Ե՛վ մատիտները, և՛ դանակները բոլորի մոտ կարգին են։ Ոչ, միտքս ուրիշ մարդ է զբաղեցնում։
    ―Ո՞վ։
    ― Բենիսթերը՝ սպասավորը։ Ինչ-որ ձևով մասնակից է այս պատմությանը։
    ― Ինձ ազնիվ, անբասիր մարդ թվաց։
    ― Ինձ էլ։ Դա էլ հենց զարմանալի է։ Ի՞նչու ազնիվ, անբասիր մարդուն․․․ Ահա և մեծ գրենական պիտույքների խանութը։ Որոնումներն այստեղից սկսենք։
    Քաղաքում ընդամենը չորս փոքր-ինչ կարգին գրենական պիտույքների խանութ կար․ յուրաքանչյուրում Հոլմսը ցույց տվեց մատիտի տաշեղները և հարցրեց, թե խանութում կա՞ն նման մատիտներ։ Բոլոր տեղերում էլ պատասխանեցին, որ այդպիսի մատիտ կարելի է պատվիրել, բայց չափով արտասովոր է և վաճառքում հազվադեպ է պատահում։ Ընկերոջս, հավանաբար, առանձնապես չվհատեցրեց անհաջողությունը՝ նա միայն ուսերը թոթվեց կատակող հնազանդությամբ։
    ― Բան դուրս չեկավ, իմ թանկագին Ուոտսոն։ Ամենահուսալի և որոշիչ հանցանշանը մեզ ոչ մի բանի չհանգեցրեց։ Բայց, ճիշտն ասած, հավատացած եմ, որ մենք առանց դրա էլ ամեն ինչից գլուխ կհանենք։ Աստված իմ, արդեն ժամը ինն է, բարեկամս, իսկ որքան հիշում եմ, տանտիրուհին յոթն անց կեսին կանաչ ոլոռ խոստացավ։ Տեսեք, Ուոտսոն, որպեսզի դեպի ձեր ծխախոտն ունեցած մոլի հակումն ու միշտ ճաշից ուշանալու հիմար սովորությունը չզրկեն ձեզ բնակարանից, ինչպես և, աստված մի արասցե, ինձ։ Դա, իսկապես, տհաճ կլինի, համենայն դեպս, հիմա, քանի դեռ չենք լուծել նյարդային դասախոսի և երեք ջանադիր ուսանողների հետ կապված տարօրինակ պատմությունը։
    Այդ օրը Հոլմսն այլևս չանդրադարձավ այդ գործին, չնայած մեր ուշ ժամի ճաշելուն, երկար նստեց խոր մտորումների մեջ։ Առավոտյան ժամը ութին, երբ հենց նոր էի վերջացրել հարդարանքս, եկավ սենյակս։
    ― Դե, Ուոտսոն, ― ասաց նա, ― ժամանակն է ուղևորվելու Սուրբ Ղուկասի քոլեջը։ Դուք կարո՞ղ եք մեկ անգամ դիմանալ առանց նախաճաշի։
    ― Իհարկե։
    ― Մինչև մեր տեղ հասնելը Սոմսը ասեղների վրա կզգա իրեն։
    ― Իսկ դուք նրա համար բարի լուրեր ունե՞ք։
    ― Կարծես թե կա։
    ― Դուք լուծեցի՞ք այդ հանելուկը։
    ― Այո, իմ թանկագին Ուոտսոն։
    ― Մի՞թե ձեզ հաջողվեց գտնել նոր հանցանշաններ։
    ― Պատկերացրեք, այո։ Այսօր արթնացա համարյա լուսաբացին, ժամը վեցին արդեն ոտքի վրա էի և ոչ ապարդյուն։ Երկու ժամ թափառեցի շրջակայքում, չափչփեցի հավանորեն հինգ մղոնից ոչ պակաս և ահա, տեսեք։
    Նա ինձ մեկնեց ձեռքը՝ ափի մեջ մուգ կավից պատրաստված երեք փոքրիկ բուրգ կար։
    ― Լսեք, Հոլմս, բայց երեկ միայն երկուսն ունեիք։
    ― Երրորդն ավելացավ այսօր առավոտյան։ Հասկանալի է, որ որ առաջին և երկրորդ բուրգերն էլ նույն ծագումն ունեն, ինչ որ երրորդը։ Այդպե՞ս չէ, Ուոտսոն։ Դե, գնանաք, հարկավոր է վերջ դնել մեր ընկերոջ՝ Սոմսի տանջանքներին։
    Եվ իսկապես, դժբախտ դասախոսին գտանք ամենաողբալի վիճակում։ Մի քանի ժամից սկսվելու էր քննությունը, և նա դեռ չգիտեր ինչպես վարվել՝ հրապարակել կատարվածը, թե թույլ տալ մեղավորին մասնակցելու բարձր թոշակի համար անցկացվող քննությանը։ Հուզմունքից տեղը չէր գտնում և առաջ պարզած ձեռքերով նետվեց դեպի Հոլմսը։
    ― Ինչ երջանկություն է, որ եկաք։ Իսկ ես վախենում էի, թե հանկարծ հուսահատվել և որոշել եք հրաժարվել այս գործից։ Դե, ինչպե՞ս վարվեմ։ Սկսե՞մ քննությունը։
    ― Անկասկած։
    ― Իսկ սրիկան․․․
    ― Նա չի մասնակցի։
    ― Ուրեմն գիտե՞ք ով է նա։
    ― Կարծես թե գիտեմ։ Իսկ որպեսզի այս պատմությունը չհրապարակվի, մեր ուժերով դաշտային դատարանի նման մի բան կկազմակերպենք։ Նստեք, խնդրեմ, այ այնտեղ, Սոմս։ Ուոտսոն, դուք՝ այստեղ։ Իսկ ես կզբաղեցնեմ մեջտեղի բազկաթոռը։ Կարծում եմ, հիմա բավականին պատկառազդու տեսք ունենք և կստիպենք հանցագործին սարսռալ։ Խնդրում եմ, կանչեք սպասավորին։
    Բենիսթերը ներս մտավ և, տեսնելով ահեղ դատարանը, վախից և զարմանքից ետ ընկրկեց։
    ― Փակեք դուռը, Բենիսթեր, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ այժմ երեկվա մասին պատմեք ողջ ճշմարտությունը։
    Սպասավորի դեմքը փոխվեց։
    ― Ես ձեզ ամեն ինչ պատմել եմ, սըր։
    ― Ոչինչ չունե՞ք ավելացնելու։
    ― Ոչինչ, սըր։
    ― Դե ինչ, այդ դեպքում ես պետք է իմ ենթադրություններից որոշ բան ասեմ։ Երեկ, նստելով այս բազկաթոռին, ցանկացել եք ինչ-որ իր թաքցնել, որը կարող էր մերկացնել անկոչ հյուրին։
    Բենիսթերը կտավի պես սփրթնեց։
    ― Ոչ, ոչ, սըր, ոչ մի նման բան․․․
    ― Սա միայն ենթադրություն է, ― մեղմաձայն խոսեց Հոլմսը։ ― Անկեղծորեն խոստովանում եմ, որ ես չեմ կարող դա հաստատել։ Բայց այդ ենթադրությունը միանգամայն հնարավոր է․ բավական էր, որ Սոմսն անհետանար դռան ետևում, երբ անմիջապես դուրս թողեցիք ննջարանում թաքնված մարդուն։
    Բենիսթերը լիզում էր չորացած շրթունքները։
    ― Այնրեղ ոչ ոք չկար, սըր։
    ― Ինձ համար ցավալի է դա լսելը, Բենիսթեր։ Մինչև այժմ կարծես ճիշտ էիք խոսում, բայց հիմա, անտարակույս, ստեցիք։
    Սպասավորի դեմքը մռայլ համառողի տեսք ստացավ։
    ― Այնրեղ ոչ ոք չկար, սըր։
    ― Արդյո՞ք այդպես է, Բենիսթեր։
    ― Այո, սըր, ոչ ոք։
    ― Ուրեմն, մեզ նոր ոչինչ չեք կարող հաղորդել։ Խնդրում եմ դուրս չգաք սենյակից։ Կանգնեք, ա՛յ, այստեղ, ննջարանի դռան մոտ։ Իսկ այժմ, Սոմս, ձեզնից ցանկանում եմ մի շնորհ խնդրել։ Բարի եղեք, բարձրացեք Հիլքրիստի մոտ և խնդրեք նրան այստեղ գալ։
    Մի րոպե անց դասախոսը վերադարձավ իր ուսանողի հետ։ Նա հոյակապ կազմվածքով մի երիտասարդ էր, բարձրահասակ, ճկուն ու շողշողուն առաձգական քայլվածքով և հաճելի, շիտակ դեմքով։ Նրա կապույտ աչքերի տագնապալի հայացքը սահեց մեզնից յուրաքանչյուրի վրա և վերջապես չթաքնված սարսափով կանգ առավ անկյունում նստած Բենիսթերի վրա։
    ― Ծածկեք դուռը, ― ասաց Հոլմսը։ ― Ահա թե ինչ, միստր Հիլքրիստ, մենք հինգ հոգով ենք, ուրիշ ոչ ոք չկա, և ոչ մեկն էլ երբեք չի լսի այն, ինչ հիմա կխոսվի այստեղ։ Մեկս մյուսիս հանդեպ ծայրաստիճան անկեղծ կլինենք։ Բացատրեք, միստր Հիլքրիստ, թե ինչպես դուք, ազնիվ մարդ լինելով հանդերձ, կարողացաք կատարել երեկվա արարքը։
    Դժբախտ պատանին ընկրկեց և նախատինքով նայեց Բենիսթերին։
    ― Օ՛, ոչ, միստր Հիլքրիստ, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել, ոչ մի բառ, ― բացականչեց սպասավորը։
    ― Այո, դա ճիշտ է, ― նկատեց Հոլմսը։ ― Բայց ձեր վերջին հայացքը հավասարազոր է մեղքի խոստովանությանը և այժմ, սըր, ― ավելացրեց Հոլմսը, նայելով Հիլքրիսթին, ― ձեզ մնում է միայն մի բան, անկեղծորեն պատմել մեզ ամեն ինչ։
    Հիլքրիսթի դեմքն աղավաղվեց ջղաձգությունից, փորձեց տիրապետել իրեն, բայց հաջորդ պահին սեղանի մոտ ծնկի իջավ և ձեռքերով ծածկելով դեմքը՝ պոռթկաց անզուսպ հեկեկոցներով։
    ― Հանգստացեք, հանգստացեք, ― մեղմ ասաց Հոլմսը, ― մարդուն հատուկ է սխալվելը և, իհարկե, ոչ մեկի մտքով չի անցնի ձեզ անուղղելի հանցագործ համարել։ Հավանորեն, ձեզ համար ավելի հեշտ կլինի, եթե ինքս պատմեմ միստր Սոմսին, թե ինչ է կատարվել, որտեղ սխալվեմ, կուղղեք ինձ։ Պայմանավորվեցի՞նք։ Լավ, լավ, մի պատասխանեք, եթե ձեզ համար դժվար է։ Լսեք և հետևեք, որպեսզի ձեր նկատմամբ փոքր իսկ անարդարություն թույլ չտամ։
    Գործն ինձ համար սկսեց պարզվել այն րոպեներից, միստր Սոմս, երբ ինձ բացատրեցիք, որ ոչ ոք, նույնիսկ Բենիսթերը, չէր կարող իմանալ, որ շարվածասյուները գտնվում են ձեր սենյակում։ Գրաշարն, ինչ խոսք, բացառվում էր, նա կարող էր տեքստն արտագրել դեռևս տպարանում։ Հնդիկը նույնպես բացառվում էր, չէ՞ որ շարվածասյուները փափաթված էին գլանաձև, և նա, իհարկե, չէր կարող գուշակել, թե դա ինչ է։ Մյուս կողմից, ուրիշի սենյակ է մտնում ինչ-որ մարդ և դա կատարվում է հենց այն օրը, երբ սեղանին դրված էր քննական տեքստը։ Այդպիսի զուգադիպություն, իմ կարծիքով, անհավանական է։ Եվ ես եզրակացրի՝ մտնողը գիտեր սեղանին դրված տեքստի մասին։ Որտեղի՞ց իմացավ։
    Երբ մոտեցա ձեր տանը, ուշադիր նայեցի պատուհանին։ Ինձ զվարճացրեց ձեր ենթադրությունը՝ կարծես ես հնարավորություն էի փնտրում սենյակ մտնել պատուհանից ցերեկվա ժամին, բոլորի աչքի առաջ, ովքեր ապրում են դեմ հանդիման։ Իհարկե, անհեթեթ միտք է։ Մտովի հաշվեցի, թե ինչ հասակ պետք է ունենա մարդը, որպեսզի պատուհանի մոտով անցնելիս նկատի սեղանին դրված թղթերը։ Ես վեց ֆուտ հասակ ունեմ, և միայն ոտքերիս ծայրերի վրա կանգնելով տեսա սեղանը։ Այդ ժամանակ մտածեցի․ առաջին հերթին պետք է զբաղվել երեք ուսանողներից ամենաբարձրահասակով։
    Երբ ներս մտանք, և ես զննեցի սենյակը, պատուհանի մոտի փոքր սեղանն իրենից հանելուկ էր ներկայացնում, քանի դեռ չէիք հիշատակել, որ Հիլքրիսթը զբաղվում է հեռացատկով։ Այդ ժամանակ ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, չէր բավարարում մի քանի ապացույց, և ես շտապեցի ձեռք բերել։
    Այժմ լսեք, թե ինչպես է ամեն ինչ կատարվել։ Այդ երիտասարդն ամբողջ օրն անցկացրել է մարզահրապարակում՝ մարզացատկեր է կատարել։ Տուն վերադառնալիս նրա մոտ էին մարզական կոշիկները, որոնք, ինչպես գիտեք, ներբաններին սեպեր ունեն։ Ձեր պատուհանի մոտով անցնելիս, իր բարձր հասակի շնորհիվ, սեղանին տեսել է խողովակաձև ոլորած թուղթը և գլխի ընկել, թե դա ինչ կարող է լինել։ Ոչ մի փորձանգ չէր պատահի, եթե չնկատեր սպասավորի պատահաբար մոռացած բանալին։ Նրան տիրեց անհաղթահարելի ցանկություն՝ մտնել և ստուգել․ իսկապե՞ս դրանք շարվածասյուներն են։ Այդտեղ վտանգ չկար․ չէ որ նա կարող էր ձևացնել, թե ձեզ մոտ գործով է եկել։ Տեսնելով, որ դրանք իսկապես շարվածասյուներն են, նա չկարողացավ գայթակղությունը զսպել։ Կոշիկները դրեց սեղանին։ Իսկ ի՞նչ դրեցիկ պատուհանի մոտի բազկաթոռին։
    ― Ձեռնոցները, ― ցածրաձայն պատասխանեց երիտասարդը։
    ― Ուրեմն, բազկաթոռին ձեռնոցներն էին, ― Հոլմսը հաղթական նայեց Բենիսթերին։ ― Իսկ հետո վերցրեց առաջին թերթը և փոքր սեղանի վրա սկսեց արտագրել։ Վերջացնելով առաջինը, ձեռնամուխ եղավ երկրորդին։ Նա կարծում էր, թե դուք կվերադառնաք պատուհանից նկատելի դարպասով։ Իսկ դուք, միստր Սոմս, վերադարձաք կողքի դռնակից։ Հանկարծակի, ուղիղ շեմին լսվեցին ձեր քայլերը։ Մոռանալով ձեռնոցների մասին, ուսանողը հափշտակեց կոշիկները և նետվեց ննջասենյակ։ Տեսնու՞մ եք սեղանի վրայի ճանկռվածքները, որոնք այս կողմից քիչ են նկատելի, իսկ ննջարանի կողմից կտրուկ աչքի են զարնում։ Դա իրոք վկայում է, որ կոշիկը քաշել են այդ ուղղությամբ, և որ մեղավորը թաքնվել է ննջասենյակում։ Հողը, որ կպել էր սեպերից մեկին, մնացել էր սեղանին, իսկ մյուս սեպին կպած գունդն ընկել էր ննջասենյակի հատակին։ Ավելացնեմ, որ ես առավոտյան գնացի մարզահրապարակ․ այն մասը ուր մարզվում են ցատկորդները, ծածկված էր մուգ կավով։ Վերցրի կավի մի գնդիկ և մի քիչ էլ նուրբ դեղնավուն թեփ, որով ծածկում են հողը, որպեսզի մարզիկը ցատկելիս չսայթաքի։ Ամեն ինչ պատմածիս պե՞ս է եղել, միստր Հիլքրիսթ։
    Ուսանողն այժմ նստած էր ձգված։
    ― Այո, սըր, ճիշտ այդպես, ― ասաց նա։
    ― Աստված իմ, դուք ավելացնելու ոչինչ չունե՞ք, ― բացականչեց Սոմսը։
    ― Ունեմ, սըր, բայց չեմ կարողանում ուշքի գալ, ծանր է ինձ համար այս խայտառակ մերկացումը։ Այս ողջ գիշեր չեմ քնել և առավոտյան կողմ, միստր Սոմս, ձեզ նամակ եմ գրել։ Ավելի շուտ, քան իմացա, որ ամեն ինչ բացահայտվել է։ Ահա այդ նամակը, սըր։ « Ես որոշեցի չհանձնել քննությունը։ Վերջերս ինձ առաջարկեցին ընդունվել ռոդեզիական բանակ, որպես սպա, և մոտ օրերս մեկնում եմ Հարավային Աֆրիկա»։
    ― Շատ ուրախ եմ, որ դուք չեք ցանկացել օգտվել այդքան անազնիվ քայլից, ― ասաց Սոմսը։ ― Բայց ի՞նչը ձեզ ստիպեց նման որոշում ընդունել։
    Հիլքրիսթը մատնացույց արեց Բենիսթերին։
    ― Նա ինձ ստիպեց ճիշտ ճանապարհ ընտրել։
    ― Լսեք, Բենիսթեր, ― ասաց Հոլմսը, ― պատմածիցս պարզ է, որ միայն դուք կարող էիք սենյակից դուրս թողնել այս երիտասարդին, չէ որ միստր Սոմսը ձեզ մենակ էր թողել, իսկ գնալիս դուք պետք է փակեիք դուռը։ Ինչպես տեսնում եք, պատուհանից փախչել հնարավոր չէ։ Արդյոք չէիք համաձայնի մեզ հայտնել այս պատմության չբացահայտված վերջին էջը և բացահայտել ձեր արարքի դրդապատճառները։
    ― Ամեն ինչ պարզ է, եթե, իհարկե, իմանաք պատճառը։ Բայց գուշակել հնարավոր չէ, անգամ ձեր խելքով։ Ժամանակին ծառայապետ եմ եղել այս երիտասարդ ջենտլմենի հոր՝ սըր Հիլքրիսթի մոտ։ Երբ սըր Հիլքրիսթը սնանկացավ, աշխատանքի ընդունվեցի այս քոլեջում, բայց հին տիրոջս չմոռացա, իսկ այն ժամանակ նրա համար խիստ դժվար էր։ Ի հիշատակ անցած օրերի, ծառայում էի նրա որդուն։ Այսպիսով, սըր, երբ միստր Սոմսը երեկ տագնապ բարձրացրեց, ես աշխատասենյակ մտա և բազկաթոռին տեսա միստր Հիլքրիսթի ձեռնոցները։ Դրանք անմիջապես ճանաչեցի և ամեն ինչ հասկացա։ Միայն թե այն չպետք է տեսներ միստր Սոմսը, այլապես գործը վատ կվերջանար։ Ոչ մեռած, ոչ կենդանի ընկա բազկաթոռին և չշարժվեցի, մինչև միստր Սոմսը չմեկնեց ձեր ետևից։ Այդ ընթացքում ննջասենյակից դուրս է գալիս երիտասարդ տերս և ամեն ինչ խոստովանում է։․․ Բայց չէ որ մանուկ հասակում նրան շատ եմ օրորել, ինչպես չօգնեի։ Նրան ասացի այն ամենը, ինչ կասեր հանգուցյալ հայրը, բացատրեցի, որ այդպիսի արարքից բարիք չի սպասվի և բաց թողեցի նրան։ Կարելի՞է դրա համար ինձ մեղադրել։
    ― Իհարկե, ոչ, ― անկեղծորեն համաձայնեց Հոլմսը, վեր կենալով բազկաթոռից։ ― Դե, ահա, Սոմս, գաղտնիքը բացահայտված է, իսկ մեզ տանը սպասում է նախաճաշը։ Գնանաք, Ուոտսոն։ Հուսով եմ, սըր, որ Ռոդեզիայում ձեզ սպասում է փայլուն ապագա։ Մեկ անգամ դուք սայթաքել եք։ Բայց այսուհետև ամեն ինչում թող ղեկավարեն միայն վեհ զգացմունքները։