Changes

Կերպարանափոխություն

Ավելացվել է 62 754 բայտ, 12:28, 16 Փետրվարի 2015
{{ԵրեքԱստղ}}
 
Որովհետև ոչ ոք չէր համարձակվում հեռացնել խնձորը, այն որպես ակնառու հիշատակ մնաց մարմնի մեջ և մոտ մեկ ամիս տառապանք պատ ճառեց Գրեգորին, իսկ հորը երևի հիշեցնում էր, որ չնայած իր տխուր ու զզվելի տեսքին, Գրեգորն ևս ընտանիքի անդամ է, որ չի կարելի թշնամաբար վարվել նրա հետ, այլ, ընդհակառակը, ընտանիքի անդամների պարտքն է կուլ տալ զզվանքն ու համբերել, ուրիշ ոչինչ, քան համբերել։ Եվ եթե Գրեգորը վերքի պատճառով այժմ, հավանական է, կորցրել էր շարժունակությունը և իր սենյակի միջով անցնելու համար, ինչպես ծեր հաշմանդամի` երկար ժամանակ էր անհրաժեշտ նրան (առաստաղի վրա սողալու մասին մտածելն անգամ ավելորդ էր), ապա վիճակի վատթարացման փոխարեն նա, իր կարծիքով, լրիվ բավարարող փոխհատուցում ստացավ, որովհետև երեկոյան կողմ հյուրասենյակի դուռը, որ նախկինում ինքը մեկ-երկու ժամ ուշադիր զննելու սովորություն ուներ, բացվում էր միշտ, իսկ ինքը թույլտվություն ստացավ իր սենյակի մթության մեջ պառկած՝ հյուրասենյակի համար աննկատ, նայել լուսավորված սեղանի շուրջ նստած ողջ ընտանիքին և, իհարկե բոլորի թույլտվությամբ, լսել նրանց խոսակցությունները, մի բան, որ միանգամայն այլ էր, քան առաջ։ Իհարկե, դրանք այլևս նախկինի այն աշխույժ զրույցները չէին, որոնց մասին Գրեգորը որոշակի պահանջով էր մտածում, երբ հյուրանոցային փոքր սենյակներում հոգնած, ստիպված էր խոնավ անկողինը մտնել։ Այժմ երեկոները մեծ մասամբ խաղաղ էին անցնում։ Հայրն ընթրիքից հետո շուտով քնում էր բազկաթոռի մեջ, մայրն ու քույրը իրար զգուշացնում էին լուռ մնալ, լույսի տակ խորը կռացած մայրը նորաձևության խանութի համար նուրբ սպիտակեղեն էր կարում, քույրը, որ վաճառողուհի էր աշխատում, երեկոները սղագրություն ու ֆրանսերեն էր սովորում, որպեսզի երբևէ կարողանար ավելի լավ պաշտոնի հասնել։ Հայրը երբեմն արթնանում էր և, կարծես տեղյակ չլինելով, թե քնած է եղել, ասում էր մորը.
 
― Այս ի՞նչ երկար ես կարում այսօր։
 
Իսկ երբ անմիջապես նորից քուն էր մտնում, մայրն ու քույրը հոգնած ժպտում էին իրար։
 
Ինչ-որ անհասկանալի համառությամբ հայրը հրաժարվում էր տանը հագից հանել համազգեստը, ու մինչ քնազգեստը մնում էր կախիչից կախված, նա լրիվ հագնված նիրհում էր իր տեղում, այդպես նա կարծես միշտ պատրաստ էր ծառայությանը և անգամ տան մեջ սպասում էր վերադասի ձայնին։ Դա էր պատճառը, որ չնայած մոր ու քրոջ՝ մաքրության վերաբերյալ հոգատարությանը, հենց սկզբից ոչ նոր համազգեստը կորցրել էր իր մաքուր տեսքը, և Գրեգորն հաճախ էր երեկոները նայում գնալով ավելի շատ պիսակներով ծածկվող, անընդհատ մաքրած ոսկեկոճակներով փայլող շորին, որի մեջ ծերունին, թեև ոչ հարմար տեղավորված, բայց հանգիստ քնով քնած էր։
 
Հենց ժամը տասն էր խփում, մայրը փորձում էր ցածրաձայն խոսելով արթնացնել հորը, համոզում էր անկողին մտնել, բազկաթոռին նստած, նա հանգիստ չէր քնում, իսկ դա նրան, որ ժամը վեցին պետք է ծառայության մեջ լիներ, շատ անհրաժեշտ էր։ Սակայն բանկում ծառայության անցնելուց ի վեր իրեն համակած համառությամբ հայրը ձգտում էր ավելի երկար մնալ սեղանի մոտ, թեև կանոնավոր քնում էր այնտեղ, ու հետո հարկավոր էր մեծ ջանքեր գործադրել, որ կարողանային համոզել նրան բազկաթոռը մահճակալի հետ փոխանակել։ Մայրն ու քույրը ինչքան ուզում է զգուշացնեին նրան, միևնույն է, հայրը քառորդ ժամի չափ աչքերը փակ թափահարում էր գլուխը և վեր չէր կենում։ Մայրը քաշում էր թեքից, քնքուշ բառեր էր շշնջում ականջին, մորն օգնելու համար քույրը թողնում էր գործը, սակայն հոր վրա ոչինչ չէր ազդում։ Նա միայն ավելի խորն էր խրվում բազկաթոռի մեջ, աչքերը բացում էր, երբ կանայք նրա անութներից էին բոնում, հերթով նայում էր մեկ մայրիկին, մեկ՝ քրոջը ու ասում էր սովորաբար.
 
— Սա էլ կյա՞նք է։ Սա է իմ ծեր օրերի հանգիստը։— Եվ երկուսին հենվելով, դժվարությամբ վեր էր կենում (կարծես ինքն իր համար մեծագույն բեռ դարձած լիներ), թողնում, որ նրանք մինչև դռները ուղեկցեին, հետո թափ էր տալիս իրեն ու այնտեղից ինքնուրույն գնում։ Հոր հետևից վազելու և նրան ննջասենյակում էլ օգնելու համար մայրը շտապ մի կողմ էր դնում կարը, քույրը՝ գրիչները։
 
Աշխատանքից ուժասպառ ու գերհոգնած այս ընտանիքում էլ ո՞վ ժամանակ ուներ Գրեգորի մասին ավելի շատ հոգ տանել, քան անհրաժեշտ էր։ Տնտեսությունը գնալով սահմանափակվում էր, հիմա արդեն աղախնին էլ էին ազատել, մի հսկա, մեծոսկր, մազերը սպիտակ սպասուհի էր առավոտներն ու երեկոները գալիս, որ տան ամենադժվար գործերն աներ, իսկ մնացած գործը՝ վերջ չունեցող կարի հետ մեկտեղ, մայրն էր հոգում։ Նույնիսկ այնպես ստացվեց, որ ընտանիքի ունեցած մի քանի զարդերը, որ մայրն ու քույրն էին օգտագործում Երջանիկ խրախճանքների և տոնակատարությունների ժամանակ, նույնպես վաճառվեցին, իսկ Գրեգորն այդ մասին իմացավ գների վերաբերյալ երեկոյան ընդհանուր քննարկումից։ Սակայն ամենամեծ գանգատը շարունակ այն էր, որ հնարավոր չէր հեռանալ այժմյան պայմաններում չափից դուրս մեծ բնակարանից, որովհետև հնարավոր չէր Գրեգորին տեղափոխելու հնարը գտնել։ Գրեգորը շատ լավ հասկանում էր, որ տեղափոխվելուն միայն ինքը չէր խանգարում, իրեն կարելի էր մի քանի օդանցք ունեցող համապատասխան մեծության արկղի մեջ առանց դժվարության նոր բնակարան տանել, իսկ բնակարանը փոխելու ցանկությունից կատարյալ հուսալքությունն էր ետ պահում, և այն միտքը, թե դժբախտությունն իրենց ավելի շատ է ընկճել, քան որևէ մեկին՝ բարեկամների ու ծանոթների շրջանում։ Ինչ որ կյանքն էր պահանջում այս խեղճուկրակ մարդկանցից, մինչև վերջ անում էին. հայրը բանկի նույնիսկ փոքր պաշտոնյայի համար էր նախաճաշ բերում, մայրն անծանոթ մարդկանց համար սպիտակեղեն կարելով էր սպառում իրեն, քույրը հաճախորդների հրամանով այսուայնկողմ էր վազվզում վաճառասեղանի հետևում, դրանից ավելի ընտանիքի ուժերը չէին բավականացնում։ Եվ Գրեգորի վերքը սկսում էր նորի նման մրմռալ, երբ մայրն ու քույրը հորն անկողնում պառկեցնելուց հետո վերադառնում էին սենյակ, գործը թողած՝ նստում գլուխ-գլխի, ու մայրը Գրեգորի սենյակը ցույց տալով ասում էր. «Այդ դուռը փակիր, Գրետա»,― Երբ ինքը նորից պառկում էր մթության մեջ, իսկ կողքի սենյակում կանայք լաց էին լինում իրար գրկած կամ առանց արտասվելու աչքերը սեղանին էին հառում։ Գրեգորն օրեր ու գիշերներ անցկացնում էր համարյա առաեց աչք կպցնելու։ Երբեմն նա մտածում էր, որ դուռն հաջորդ անգամ բացվելու պահից առաջվա պես իր ձեռքը կվերցնի ընտանիքի գործերը, երկար ժամանակ անց կրկին նրա միտքն էին գալիս շեֆը, հավատարմատարը, գործակատարներն ու աշակերտները, այնքան տխմար դռնապահը, տարբեր ֆիրմաներում աշխատող երկու-երեք ընկերները, գավառային հյուրանոցի հավաքարարուհին (թռուցիկ, սրտամոտ հիշողություն), գլխարկների խանութի գանձապահուհին, որին նա ուզում էր լուրջ մտքով, բայց դանդաղում էր։ Նրանք բոլորը հայտնվում էին անծանոթ ու արդեն մոռացված մարդկանց հետ միախառնված, բայց, փոխանակ օգնեին իրեն ու ընտանիքին, անմատչելի էին ընդհանրապես, և Գրեգորը գոհ էր, որ նրանք կրկին անհետանում էին։ Հետո նա նորից կատաղում էր, որ աչքաթող էին արել իրեն, և փոխում էր մտադրությունը, այլևս չէր ուզում հոգ տանել ընտանիքի մասին ու թեև չէր էլ պատկերացնում, թե ինչ էր ուզում սիրտը, ծրագրեր էր մշակում, թե ինչպես կարող է հասնել ու, թեպետ սոված չէր, վերցներ այն, ինչի ինքն էր իրեն, համենայնդեպս, արժանի համարում։ Հիմա քրոջն այնքան էլ չէր մտահոգում եղբորն առանձնահատուկ հաճույք պատճառելը, և նա՝ նախքան առավոտներն ու ցերեկները խանութ վազելը, ուտելիքը՝ ինչ պատահեր, ոտքով շտապ ներս էր հրում, որ երեկոյան, առանց ուշադրություն դարձնելու, արդյոք Գրեգորը համտեսե՞լ էր միայն, թե՞ բացարձակ ձեռք չէր տվել (ի դեպ, սա ավելի հաճախ էր կրկնվում), ավելի մի հարվածով կրկին դուրս շփեր դրանք։ Սենյակը, որ Գրետան արդեն երեկոներն էր հավաքում, այլևս հնարավոր չէր ավելի արագ մաքրել, պատերի երկայնքով կեղտի շերտեր էին ձգվում, այսուայնտեղ փոշու և աղտեղության կույտեր էին ընկած։ Սկզբնական շրջանում, երբ քույրը ներս էր գալիս, Գրեգորը՝ ձգտելով նախատել նրան, դիտավորյալ այն անկյունում էր կանգնում, ուր հատկապես շատ էին կեղտն ու փոշին։ Բայց նա թեկուզ շաբաթներով էլ մնար այնտեղ, միևնույն է, քույրն իր վերաբերմունքը չէր փոխի։ Նա, ինչ խոսք, Գրեգորից ավելի լավ էր տեսնում կեղտը ու հենց միտումնավոր էլ թողնում էր։ Միաժամանակ քույրն ուշքի էր եկել այն նոր զգացումից, որ Գրեգորի սենյակն հավաքելը միայն իր վրա է մնացել, ընտանիքի մյուս անդամներն էլ էին նկատել դա։
 
Մի անգամ մայրը մի քանի տաշտ ջուր օգտագործելուց հետո հիմնովին մաքրեց սենյակը (առատ խոնավությունը վատ էր անդրադառնում Գրեգորի վրա, և նա՝ դառնացած ու անշարժ, երկար մեկնվել էր բազմոցին), սակայն տույժից խուսափել չկարողացավ։ Քույրն հազիվ էր սենյակի փոփոխությունը նկատել, մինչև հոգու խորքը վիրավորված մտավ հյուրասենյակ և չնայելով մոր՝ թախանձագին պարզած ձեռքերին, հիստերիկ լացով հեծկլտաց։ Ծնողները (բազկաթոռին նստած հայրը ցնցվեց) սկզբում զարմացած ու անօգնական նայեցին իրար, հետո նրանք էլ սկսեցին․ հայրն աջ էր դառնում, մորն էր նախատում, որ Գրեգորի սենյակը մաքրելը քրոջը չէր թողել, ձախ էր դառնում, քրոջ վրա էր բղավում, թե այլևս իրավունք չի ունենա Գրեգորի սենյակը մտնել, մայրը փորձում էր ննջասենյակ տանել հուզմունքից այլևս իրեն չճանաչող հորը, հեծկլտոցից ցնցվող քույրը փոքր բռունցքներով սեղանն էր թմբկահարում, իսկ Գրեգորը կատաղությունից բարձր ֆշշացնում էր, որ ոչ մեկի մտքով չէր անցնում փակել դուռն ու այդ տեսարանից խնայել իրեն։
 
Եթե աշխատանքից հետո հոգնած քույրը ձանձրանում էր առաջվա պես Գրեգորի մասին հոգալուց, ապա նաև կարիք չկար, որ մայրն այսուհետ միջամտեր քրոջ գործերին, իսկ Գրեգորին պետք չէր աչքաթող արված լինել, որովհետև հիմա արդեն աղախին կար տանը։ Այս ծեր այրին, որ շնորհիվ իր ոսկրային ամուր կառուցվածքի հավանաբար ավելի մեծ դժվարությունների էր դիմացել, բացարձակ չէր վախենում Գրեգորից։ Առանձնապես հետաքրքրասեր չլինելով, նա մի անգամ պատահաբար բացել էր սենյակի դուռը և տեսնելով այսուայնկողմ վազվզող Գրեգորին, թեև նրան ոչ ոք չէր հալածել, անակնկալի եկած, ձեռքերը գոգը դրած, զարմանքից քարացել էր։ Այդ օրվանից սկսած նա երբեք չէր մոռանում առավոտներն ու երեկոները կարճ ժամանակով բացել Գրեգորի սենյակի դուռն ու նայել ներս։ Առաջին օրերին աղախինը նույնիսկ մոտ էր կանչում նրան, այնպիսի խոսքեր էր ասում, որոնք, իր կարծիքով, մտերմիկ հնչողություն ունեին։
 
— Հապա մի մոտ արի, ծեր աղբաբզեզ,― ասում էր նա կամ.— հապա մի այս ծեր աղբաբզեզին տեսեք։
 
Աղախնի դիմելաձևերին Գրեգորը չէր պատասխանում, մնում էր տեղում պառկած, կարծես դուռը չէր բացվել, այս աղախնին գոնե հրամայած լինեին խանգարելու փոխարեն ամեն օր սենյակը մաքրել։
 
Մի անգամ (անձրևն ուժեղ բախում էր պատուհանները, մոտեցող գարնան նախանշանն էր Երևի), վաղ առավոտյան, երբ աղախինը կրկին սկսեց սովորական ձևով խոսել, Գրեգորն այն աստիճան էր դառնացած, որ կարծես հարձակվելու մտադրությամբ, բայց դանդաղ ու թույլ, նրա կողմը շուռ եկավ։ Վախենալու փոխարեն աղախինը պարզապես ձեռքն առավ դռան մոտ դրված աթոռն, ու ինչպես որ նա էր բերանը լայն բացած կանգնել, մտադրությունը պարզ էր՝ բերանը այն ժամանակ կփակեր, երբ ձեռքի թիկնաթոռը Գրեգորի մեջքին իջներ։
 
— Ուրեմն շարունակություն չի՞ ունենա,― երբ Գրեգորը իր նախկին դիրքին շրջվեց, հանգիստ հարցրեց նա ու աթոռը դրեց տեղը։
 
Գրեգորն հիմա համարյա չէր սնվում։ Միայն, երբ պատահաբար անցնում էր ուտելիքի մոտով, զբաղվելու համար մի պատառ էր առնում բերանը, ժամերով ծամում էր ու մեծ մասամբ թքում էր կրկին։ Սկզբում նա մտածում էր, թե սնվելուց ետ պահողը սենյակի վիճակի պատճառած տխրությունն է, սակայն հենց այդ փոփոխությունների հետ նա շատ շուտ հաշտվեց։
 
Տան մեջ մի սովորություն էր առաջացել. Գրեգորի սենյակն էին տեղափոխում այն բոլոր իրերը, որ ուրիշ տեղ հնարավոր չէր դնել։ Նման իրեր շատ կային արդեն, որովհետև սենյակներից մեկը վարձով տրամադրել էին երեք կենվորների։ Այդ լրջադեմ պարոնները, Գրեգորը մի անգամ դռան ճեղքից տեսել էր, որ բոլոր երեքն էլ մորուք ունեին, մանրախնդիր էին ոչ միայն իրենց սենյակի, այլև, քանի որ այստեղ էին սենյակ վարձել, ողջ տնտեսության առանձնապես խոհանոցի մաքրության հարցում, կեղտոտ հնոտի ու պետք չեկող իրեր տանել չէին կարոդ։ Դրանից բացի, նրանք մեծ մասամբ բերել էին կահավորման իրենց իրերը, և այդ պատճառով շատ բան ավելորդ էր դարձել, որ թեև վաճառել չէր կարելի, բայցև ափսոս էր դեն նետել։ Այդ ամենը հայտնվում էր Գրեգորի սենյակում։ Նույն ձևով այստեղ հայտնվեցին մոխրի արկղն ու խոհանոցի աղբամանը, ինչ առաջին հայացքից անպետք էր թվում, այդ հարցում շատ եռանդուն աղախինը դրանք պարզապես Գրեգորի սենյակն էր նետում։ Գրեգորը, բարեբախտաբար, մեծ մասամբ տեսնում էր ներս գցվող իրն ու այն պահող ձեռքը։ Երևի աղախինը մտադիր էր ժամանակ և առիթ լինելու դեպքում կրկին հանել դրանք կամ բոլորը միասին միանգամից դեն նետել, սակայն իրականում ամեն ինչ մնում էր այնտեղ, ուր հայտնվել էր առաջին պահին, եթե, իհարկե, նախ՝ Գրեգորը չէր ստիպված, որովհետև սողալու համար որևէ ազատ տեղ չուներ, հետո՝ աճող հաճույքով, թեև նման պտույտներից հետո մահու չափ հոգնած ու տխուր, ժամերով անշարժ պառկում էր կրկին, շրջում հնոտիների մեջ ու շուռ տալիս դրանք։ Քանի որ կենվորները երբեմն նաև տանը՝ ընդհանուր հյուրասենյակում էին ընթրում, երեկոներ էին լինում, որ Գրեգորի սենյակի դուռը փակ էր մնում։ Ի դեպ, նա շատ հեշտ հրաժարվեց դուռը բաց թողնելուց, որովհետև միևնույն է, նաև բաց ժամանակ չէր օգտվում դրանից, այլ, թեև ընտանիքը չէր նկատում, պառկում էր սենյակի ամենամութ անկյունում։ Մի անգամ, սակայն, աղախինը մի փոքր բաց էր թողել հյուրասենյակի դուռը, և այն բաց մնաց նաև, երբ կենվորները երեկոյան վերադարձան ու լույսերը վառեցին։ Նրանք նստեցին սեղանի վերևի կողմում, ուր նախկինում հայրը, մայրը և Գրեգորն էին սեղան նստում, բացեցին անձեռոցիկներն ու դանակ-պատառաքաղները վերցրին ձեռքները։ Մի սկուտեղ միսը ձեռքին՝ դռան մեջ անմիջապես հայտնվեց մայրը, իսկ նրա հետևից՝ քույրը՝ ափսեի մեջ բարձր դարսած կարտոֆիլով։ Կերակուրներից խիտ գոլորշի էր բարձրանում։ Կենվորներն այնպես կռացան սկուտեղների վրա, կարծես ուզում էին ստուգել խորտիկները՝ նախքան ուտելը։ Եվ իրոք, մեջտեղում նստած այն մի պարոնը, որ երևի հեղինակություն էր հանդիսանում մյուս երկուսի համար, հենց սկուտեղի վրա մի կտոր միս կտրատեց, բացահայտորեն ցանկանալով ստուգել՝ արդյոք միսը բավական փափո՞ւկ է և արդյո՞ք ետ՝ խոհանոց ուղարկելու ենթակա չէ։ Նա գոհ էր, և մայրն ու քույրը, որ լարված հետևում էին նրան, թեթևացած շունչ քաշեցին ու ժպտացին։
 
Զամզաները արդեն խոհանոցում էին սնվում, բայց չնայած դրան, նախքան խոհանոց գնալը հայրը մտավ սենյակ, գլուխը թեթևակի խոնարհելով ողջունեց ու գլխարկը ձեռքին պտտվեց սեղանի շուրջը։ Կենվորները ոտքի ելան ու ինչ-որ բան փնթփնթացին մորուքների մեջ։ Հետո, երբ նրանք մենակ մնացին, ուտում էին համարյա լիակատար լռության մեջ։ Գրեգորի համար զարմանալին այն էր, որ ընթրիքի բազմաբնույթ աղմուկների միջից շարունակ նրանց ատամների կրճտոցն էր լսվում, դրանով ասես բացատրում էին նրան, թե ուտելու համար ատամներ ունենալ է հարկավոր, ու թեկուզ ծնոտները շատ գեղեցիկ էլ լինեն, բայց երբ ատամ չկա, դրանցով չի կարելի ոչնչի հասնել։
 
— Ա՜յ թե ախորժակ ունեմ,― մտահոգ ինքնիրեն ասաց Գրեգորը։— Բայց այս բաները չեմ ուզում։ Ինչպե՞ս են մեր կենվորները սնվում, իսկ ես մեռնում եմ։
 
Գրեգորը չէր հիշում, որ իր կերպարանափոխությունից հետո երբևէ ջութակի նվագ լսած լիներ, բայց այդ երեկոյան խոհանոցից երաժշտություն լսվեց։ Կենվորներն արդեն ավարտել էին ընթրիքը, մեջտեղում նստած պարոնը մի թերթ էր հանել, մյուս երկուսին մեկական էջ էր տվել, ու այժմ նրանք աթոռների թիկնակներին ետ ընկած կարդում ու ծխում էին, իսկ երբ ջութակի նվագը լսվեց, նրանք կենտրոնացան, վեր կացան տեղերից ու ոտնաթաթերի վրա գնացին դեպի նախասենյակի դուռը, ուր կանգնեցին իրար սեղմված։ Խոհանոցում նստածները երևի լսել էին նրանց մոտենալը, որովհետև հայրը հարցրեց.
 
— Գուցե պարոններին դուր չի՞ գալիս նվագը։ Կարելի է իսկույն դադարեցնել։
 
— Ընդհակառակը,— առարկեց պարոններից մեջտեղինը,— արդյոք օրիորդը չէ՞ր կամենա մեզ մոտ գալ ու սենյակում նվագել։ Այստեղ Երևի ավելի հարմար ու հաճելի կլինի։
 
— Օ, խնդրեմ,― այնպես բացականչեց հայրը, կարծես ինքն էր ջութակահարը։ Պարոնները վերադարձան սենյակ ու սպասեցին։ Շուտով երևաց նոտակալը բռնած հայրը, մայրը նոտաներն էր բերում, քույրը՝ ջութակը։ Քույրը հանգիստ նախապատրաստվեց, ծնողները, որ առաջ երբեք սենյակ վարձով չէին տվել և այդ պատճառով չափազանցնում էին կենվորների հանդեպ ունեցած իրենց սիրալիր վերաբերմունքը, բնավ չհամարձակվեցին իրենց սեփական բազկաթոռներին նստել։ Հայրը, աջ ձեռքը համազգեստի կոճակած բաճկոնի երկու կոճակների արանքը խցկելով, հենվեց դռանը, մայրը, սակայն, ընդունեց պարոններից մեկի առաջարկած բազկաթոռն ու թողնելով այն դիրքով, ինչ պարոնն էր պատահաբար դրել, անհամարձակ նստեց անկյունում։
 
Քույրն սկսեց նվազել։ Հայրն ու մայրը՝ ամեն մեկն իր անկյունից, ուշադիր հետևում էին նրա ձեռքերի շարժումներին։ Նվագից մղված, Գրեգորն համարձակվեց մի փոքր առաջ գալ և գլուխն արդեն համարյա, հյուրասենյակ էր մտցրել։ Հիմա նա հազիվ թե զարմանում էր, որ վերջերս շատ քիչ էր հաշվի նստում մյուսների ներկայության հետ, մինչդեռ ընտանիքի անդամների հանդեպ ցուցաբերած ուշադրությունը առաջ իր հպարտությունն էր։ Եվ հենց ներկա վիճակով նա թաքնվելու ավելի շատ պատճառ ուներ, որովհետև սենյակում նստած ու չնչին շարժումից պար բռնող փոշուց ինքն էլ էր ամբողջովին փոշեկոլոլ, մեջքին ու կողերից կախ ընկած թելերը, մազերն ու ուտելիքի ավելցուկները նա քարշ էր տալիս իր հետ, ամեն ինչի հանդեպ ունեցած անտարբերությունը չափից դուրս մեծ էր, որ նա, աոաջվա պես՝ օրվա ընթացքում մի քանի անգամ պառկեր ու մեջքը գորգին քսեր։ Չնայած այդ վիճակին, նա բոլորովին չվախեցավ մի փոքր առաջ սողալ հյուրասենյակի հատակի վրա։
 
Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրան, ջութակի նվագը համակել էր ընտանիքին, իսկ կենվորները, որ մինչ այդ ձեռքները գրպանները դրած շատ մոտ էին կանգնել նոտակալի թիկունքում (այնտեղից նրանք կարոդ էին նայել նոտաներին, իսկ դա, հաստատ, պետք է որ խանգարեր քրոջը), շուտով գլուխները խոնարհած, կիսաձայն զրուցելով քաշվեցին դեպի պատուհանը և մտահոգ հոր հայացքի տակ կանգնեցին այնտեղ։ Տեսարանը չափից դուրս խոսուն էր. նրանք կարծես հիսաթափված էին, որ ենթադրել էին գեղեցիկ ու գրավիչ երաժշտություն լսել, կուշտ էին ողջ ներկայացումից և միայն քաղաքավարությունից ելնելով էին թույլ տալիս իրենց հանգիստը խանգարել։ Հատկապես նրանց՝ սիգարի ծուխը քիթ ու բերանից փչելու ձևից կարելի էր եզրակացնել, որ նրանք շատ էին նյարդայնանում։ Մինչդեռ քույրն այնքան լավ էր նվագում։ Նրա դեմքը մի կողքի էր թեքված, զննող ու տխուր հայացքը սահում էր նոտաների վրայով։ Գրեգորը մի փոքր էլ առաջ սողաց, ու, որպեսզի հնարավորություն ունենար բռնել քրոջ հայացքը, գլուխը հպեց հատակին։ Մի՞թե նա անասուն էր, որ այդպես համակվել էր երաժշտությամբ, թվում էր, թե ահա տեսնում է իր տենչած, անծանոթ ուտելիքի ճանապարհը։ Նա հաստատ որոշել էր ընդհուպ մինչև քույրը սողալ, նրա շրջազգեստից քաշել ու հասկացնել, որ եթե ուզում է, կարող է ջութակը վերցնել ու իր սենյակը գալ, որովհետև այստեղ ոչ ոք նրա նվագն այնպես չէր գնահատում, ինչպես պետք էր։ Իր սենյակից նա այլևս դուրս չէր թողնի քրոջը, գոնե քանի դեռ ինքը ողջ էր, սարսափազդու արտաքինն առաջին անգամ կծառայեր իրեն, նա սենյակի բոլոր դռների մոտ կլիներ միաժամանակ և կփնչացներ հարձակվողներին ի հանդիման, քույրը ոչ թե ստիպված, այլ ինքնակամ կմնար մոտը, կողքի հետ կնստեր բազմոցին, ականջն իր կողմը կթեքեր, և Գրեգորը կհավաստիացներ նրան, որ կոնսերվատորիա ուղարկելու հաստատ մտադրություն էր ունեցել, և եթե այս դժբախտությունը վրա հասած չլիներ, ինքը անցած Ծննդյան տոներին (Ծննդյան տոները պետք է որ արդեն անցած լինեին), առանց որևէ մեկի առարկության մասին մտածելու, հայտնած կլիներ այդ լուրը։ Եղբոր բացատրությունից ազդված քույրը լաց կլիներ, իսկ Գրեգորը կբարձրանար մինչև նրա ուսն ու կհամբուրեր պարանոցը, որին քույրը՝ խանութում աշխատելուց ի վեր, ժապավեն կամ օձիք չէր կապում։
 
― Պարոն Զամզա։― Հորը ձայն տվեց մեջտեղի պարոնն ու, առանց որևէ բառ ասելու, ցուցամատը պարզեց դանդաղ առաջ սողացող Գրեգորի կողմը։ Ջութակը լռեց, մեջտեղի պարոնը գլուխը թափահարելով սկզբում ժպտաց ընկերներին, հետո նայեց Գրեգորին։ Թեև կենվորները բոլորովիէ անհանգստացած չէին, և Գրեգորի արտաքինը նրանց կարծես ավելի է հետաքրքրում, քան ջութակի նվագը, սակայն հայրը Գրեգորին սենյակ քշելու փոխարեն առաջնահերթ համարեց կենվորներին հանգստացնելը, շտապեց նրանց կողմը, փորձեց տարածած ձեռքերով նրանց ետ հրել սենյակ ու միաժամանակ իր մարմնով փակել նրանց տեսադաշտը, զրկել Գրեգորին նայելու հնարավորությունից։ Կենվորնեըն այժմ, իրոք, փոքր-ինչ զայրացան, սակայն հասկանալի չէր՝ հոր վերաբերմունքն էր նրանց զայրույթի պատճառը, թե՞ կռահելը, որ Գրեգորի նման հարևան են ունեցել և ոչնչից տեղյակ չեն եղել։ Նրանք հորից բացատրություն պահանջեցին, իրենց հերթին բարձրացրին ձեռքերը և մորուքների հետ անհանգիստ խաղալով, դանդաղ ընկրկեցին դեպի իրենց սենյակը։ Քույրը որոշ ժամանակ կանգնել էր ջութակն ու կնտնտոցը ձեռքերում պահած, այնպես էր նայում նոտաներին, կարծես շարունակում էր նվագել, սակայն շուտով հաղթահարեց նվագի ընդհատման պաաճառած շփոթմունքը, սթափվեց ու գործիքը օդի պակասություն զգացող, արագ-արագ շնչող մոր ծնկներին դնելով, վազեց կողքի սենյակը, որին կենվորները հոր ճնշման տակ ավելի արագ էին մոտենում։ Անկողինների վերմակներն ու բարձերը վեր-վեր էին թռչում ու քրոջ վարժ ձեռքերի տակ կարգի բերվում։ Դեռ մինչև պարոնները սենյակ կհասնեին, նա ավարտեց մահճակալներն հարդարելն ու դուրս սահեց։ Թվում էր, թե հայրն այնպես էր համակվել իր տարօրինակ համառությամբ, որ մոռացել էր կենվորների հանդեպ հանդես բերած ամեն մի հարգանք, նա հրում էր ու հրում, մինչև որ մեջտեղի պարոնը սենյակի դռան մեջ աղմուկով դոփեց ոտքը և կանգնեցրեց հորը։
 
― Ես հայտարարում եմ,― ասաց նա, բարձրացրեց ձեռքը և հայացքով փնտրեց մորն ու քրոջը,― որ այս տան մեջ ու այս ընտանիքում տիրող նողկալի պայմաններն հաշվի առնելով, այստեղ նա առանց երկար մտածելու թքեց հատակին,― անհապաղ հրաժարվում եմ իմ սենյակում մնալ։ Ես, իհարկե, նույնիսկ նվազագույնը չեմ վճարի այն օրերի համար, որ ապրել եմ այստեղ ու մի բան էլ կմտածեմ դեռ, թե չե՞մ կարող արդյոք որևէ պահանջով, հավատացեք ինձ, արդյոք չե՞մ կարող շատ հեշտ հիմնավորվող որևէ պահանջով ձեր դեմ հանդես գալ։ Նա լռեց ու երևի ինչ-որ բանի էր սպասում, ուղիղ դիմացը նայեց։ Եվ իրոք, երկու ընկերները իսկույն շարունակեցին նրա խոսքը.
 
— Մենք ևս անհապաղ հրաժարվում ենք սենյակից,― հետո մեջտեղի պարոնը ձեռքը մեկնեց բռնակին ու աղմուկով փակեց դուռը։
 
Հայրը խարխափելով, ճոճվելով քայլեց դեպի բազկաթոռն ու ընկավ մեջը։ Թվում էր, թե նա սովորականի պես նիրհում է, բայց այնպես, ինչպես նա էր ուժասպառ խոնարհել գլուխը, երևում էր, որ քնած չէ բոլորովին։ Իսկ Գրեգորը ողջ ժամանակ պառկած էր նույն տեղում, ուր կենվորներն էին նրան նկատել։ Ծրագրերի ձախողման պատճառած հիասթափությունը, հնարավոր է նաև երկար սոված մնալու հետևանքով զգացվող թուլությունը նրան թույլ չէր տալիս շարժվել։ Նա որոշակի վախ էր զգում, թե արդեն հաջորդ պահին ընտանիքի անդամներն էլ հանգստանալու համար ուր որ է կպոռթկային։ Նույնիսկ ջութակը, որ մոր դողացող մատների սակից սահեց ու զրնգոցով ընկավ գոգից, չվախեցրեց նրան։
 
― Սիրելի ծնողներ,― ասաց քույրն ու որպես նախաբան ձեռքով խփեց սեղանին,― այսպես շարունակվել չի կարող։ Եթե դուք չեք զգում դա, ապա ես զգում եմ։ Այս հրեշի ներկայությամբ չեմ ուզում եղբորս անունը տալ, կասեմ միայն, որ մենք պետք է փորձենք ազատվել սրանից։ Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք սրան խնամելու և հանդուրժելու համար, և կարծում եմ, որ ոչ ոք չի կարող նվազագույնս նախատել մեզ։
 
― Նա հազար անգամ ճիշտ է, ինքնիրեն խոսեց հայրը։ Մայրը դեռ չէր կարողանում անկաշկանդ շնչել ու խելագար արտահայտությամբ աչքերը փայլեցնելով, սկսեց խուլ հազալ ափի մեջ։ Քույրն շտապեց մոր կողմն ու բռնեց նրա ճակատը։
 
Քրոջ խոսքերը, երևի, որոշակի մտքերի էին հանգեցրել հորը, նա ուղղվել էր, խաղում էր կենվորների ընթրիքից հետո սեղանի վրա մնացած ափսեների արանքում դրված իր գլխարկի հետ և երբեմն նայում էր հանգիստ պառկած Գրեգորին։
 
― Պետք է փորձենք ազատվել սրանից,― քույրն այժմ միայն հորը դիմեց, որովհետև հազով բռնված մայրը ոչինչ չէր լսում։― Ես համոզված եմ, որ սա երկուսիդ էլ գերեզման կտանի։ Եթե պետք է չարչարվենք այնպես, ինչպես հիմա ենք տանջվում, ապա տանը այլևս անհնար է դիմանալ այս հավերժ տանջանքին։ Ես այլևս չեմ կարող։ Քույրն սկսեց այնպես լաց լինել, որ նրա արցունքները մոր դեմքի վրայով ցած հոսեցին, իսկ մայրը ձեոքի մեխանիկական շարժումներով սրբում էր դեմքը։
 
― Իսկ ի՞նչ անենք, աղջիկս,― կարեկցանքով և ակներևաբար հասկանալով նրա վիճակը, հարցրեց հայրը։
 
Ի նշան նախկին վստահության փոխարեն լաց լինելիս նրան պաշարած անօգնականության, քույրը միայն ուսերը թոթվեց։
 
― Ա՛յ, թե մեզ հասկանար,― խոսեց հայրը, շարունակելով լացը, քույրը ուժեղ թափ տվեց ձեռքը և ցանկացավ ցույց տալ, որ դրա վրա չարժե հույս դնել։― Այ, թե մեզ հասկանար, կրկնեց հայրը և աչքերը փակելով, ընդունեց այդ մտքի անհնարինության վերաբերյալ դստեր համոզվածությունը,― միգուցե որևէ համաձայնություն հնարավոր լիներ, բայց այսպես...
 
― Նա պետք է չքվի,― բղավեց քույրը,― դա է միակ ելքը, հայր։ Դու պետք է սոսկ ազատվես այն մտքից, թե սա Գրեգորն է։ Այն, որ մենք այսքան ժամանակ այդպես ենք մտածել, մեզ համար իսկական դժբախտություն է դարձել։ Լավ, սա ինչպե՞ս կարող է Գրեգորը լինել։ Եթե սա Գրեգորը լիներ, վաղուց կհասկանար, որ մարդկանց և նման մի անասունի՝ համատեղ կյանքն անհնար է, և կամովին կհեռանար։ Այդ ժամանակ մենք ոչ մի եղբայր չէինք ունենա, բայց կշարունակեինք ապրել և կկարողանայինք պատվով պահել նրա հիշատակը։ Իսկ այսպես այս կենդանին հալածում է մեզ, քշում է կենվորներին, բացահայտորեն ուզում է գրավել ողջ բնակարանը ու գիշերելու համար փողոցում թողնել մեզ։ Նայիր հապա, հայրիկ,— հանկարծ բղավեց նա,— նա սկսում է նորից։
 
Գրեգորի համար բացարձակ անհասկանալի մի սարսափով քույրը նույնիսկ մոր մոտից փախավ, ուղղակի ետ վանեց նրա բազկաթոռը, ցույց տալով, թե ավելի լավ է մորը զոհել, քան Գրեգորի մոտ մնալ, արագ անցավ հոր թիկունքը, որ, միայն աղջկա վարքից անհանգստացած, ոտքի էր ելել և, կարծես պաշապանելու նպատակով, ձեռքերը պահել էր աղջկա դիմացը։
 
Սակայն Գրեգորի մտքով բնավ չէր անցնում ինչ-որ մեկին, աոավել ևս՝ քրոջը վախեցնել։ Նա պարզապես սկսել էր շուռ գալ, որ սենյակ վերադառնար, բայց դա անհանգստացնող տպավորություն էր թողել, որովհետև նրա անմխիթար վիճակը պատճառ էր դարձել, որ նա դժվարին շրջադարձերի ժամանակ նաև գլխի շարժումներով օգներ ինքնիրեն, շրջվելու ժամանակ գլուխը բազմիցս բարձրացրեց ու խփեց հատակին։ Նա մի պահ դադարեց ու շուրջը նայեց։ Լավ մտադրությունը, երևում է, հասկացել էին, իսկ կատարվածը սոսկ ակնթարթային սարսափ էր եղել։ Բոլորը լուռ ու տխուր նայում էին։ Մայրը՝ ամուր իրար սեղմած ոտքերը մեկնած, հոգնածությունից համարյա փակվող աչքերով, պառկել էր բազկաթոռի մեջ, հայրն ու քույրը կողք-կողքի էին նստած, քույրը ձեռքը հոր վզովն էր գցել։
 
— Երևի արդեն կարող եմ շրջվել,― մտածեց Գրեգորն ու վերսկսեց իր աշխատանքը։ Նա չէր կարող զսպել իրեն, լարվածությունից փնչացնում էր և երբեմն-երբեմն հանգստանալու կարիք ուներ։ Իսկ ընդհանրապես ոչ ոք չէր շտապեցնում, ամեն ինչ նրան էր թողնված, և երբ շուռ եկավ, ուղիղ գծով անմիջապես սենյակ վերադարձավ։ Նրան զարմացնում էր իրեն սենյակից բաժանող հեռավորությունը և չէր հասկանում, թե ինչպես էր ինքը այդքան թույլ լինելով քիչ առաջ անցել նույն ճանապարհն ու համարյա չէր նկատել։ Շարունակ արագ սողալու մասին մտածելով, նա հազիվ էր ուշադրություն դարձնում, որ ընտանիքը ոչ մի բառով, ոչ մի բացականչությամբ չարձագանքեց իրեն։ Միայն, երբ ինքն արդեն դռների մեջ էր, գլուխը թեթևակի շրջեց (լավ շրջել չէր կարող, որովհետև պարանոցն ընդարմանում էր), բայց տեսավ, որ իր շուռ գալուց հետո թիկունքում ոչինչ չէր փոխվել, միայն քույրն էր ոտքի կանգնել։ Գրեգորի հայացքը վերջին անգամ սահեց արդեն քուն մտած մոր վրայով։ Հազիվ էր նա սենյակ մտել, դուռն արագ վրա խփվեց ու փականն ամուր փակվեց։ Թիկունքում հնչած հանկարծակի աղմուկից Գրեգորն այնպես սարսափեց, որ ոտիկները ծալվեցին։ Քույրն էր շտապել, նա պատրաստ կանգնել-սպասել էր, հետո անաղմուկ առաջ էր ցատկել։ Գրեգորը բացարձակ չէր լսել նրա մոտենալը։
 
— Վերջապես,― բանալին փականում պտտեցնելով, ծնողներին ձայն տվեց քույրը։
 
― Եվ ի՞նչ,― ինքնիրեն հարցրեց Գրեգորն ու մութի մեջ շուրջը նայեց։ Նրա համար շուտով պարզ դարձավ, որ այլևս անկարող է առաջ գնալ։ Բայց դա չզարմացրեց նրան, նա ավելի շուտ անհավատալի համարեց այն, որ կարողացել է մինչև այժմ իր բարակ ոտիկների վրա շարժվել։ Իսկ ընդհանուր առմամբ, իրեն համեմատաբար հանգիստ էր զգում։ Թեև նրա ողջ մարմինը ցավում էր, բայց թվում էր, թե ցավերն աստիճանաբար ավելի ու ավելի էին թուլանում և կանցնեին ի վերջո։ Թիկունքի հոտած խնձորը, փոշու փափուկ շերտով ծածկված շրջապատը նա հազիվ էր զգում։ Սիրով ու հուզմունքով նա մտածեց ընտանիքի մասին։ Իր կարծիքը այն մասին, որ ինքը պետք է չքվի, ավելի որոշակի էր, քան քրոջը։ Նա մնաց խաղաղ ու դատարկ հիշողություններով պաշարված, մինչև աշտարակի ժամացույցը առավոտվա ժամը երեքը խփեց։ Երբ դրսում՝ պատուհանի դիմաց, լուսավորվել սկսեց, նա դեռ ողջ էր։ Հետո նրա գլուխը կամքից անկախ կախվեց, և վերջին շունչը թույլ դուրս եկավ պնչերից։
 
Երբ առավոտ վաղ եկավ աղախինը (թեև ծնողներն ինչքան էլ խնդրել էին անաղմուկ շարժվել, նա շտապելուց բոլոր դռներն այնպիսի ուժով էր վրա դնում, որ ներս մտնելու պահից սկսած ողջ բնակարանում այլևս հնարավոր չէր քնել), Գրեգորին կատարած սովորական կարճ այցի ժամանակ սկզբում առանձնահատուկ ոչինչ չնկատեց, մտածեց, թե նա դիտավորյալ է անշարժ պառկել ու վիրավորված ձևանում, որովհետև նրան ամեն ինչի ընդունակ էր համարում։ Քանի որ այդ պահին երկար ավելը ձեռքին էր, փորձեց դրանով խուտուտ տալ Գրեգորին, իսկ երբ դա էլ հաջողություն չունեցավ, զայրացավ, թեթևակի բզեց Գրեգորին ու տեղից անարգել հրելուց հետո կենտրոնացավ։ Նա շուտով հասկացավ, թե ինչ է կատարվել, լայն չռեց աչքերը, սուլեց ու էլ չկանգնեց, թափով բացեց ննջասենյակի դուռը և բարձր ձայնով կանչեց.
 
― Եկե՜ք, տեսեք ի՜նչ է եղել։ Նա սատկել է։ Պառկած է այնտեղ։ Իրոք սատկած է։
 
Զամզա զույգը ուղիղ նստեց անկողնում, նրանք պետք է նախ աղախնի պատճառած սարսափը հաղթահարեին, մինչև կհասկանային, թե ինչ էր ասում նա։ Հետո տեր ու տիկին Զամզաները՝ ամեն մեկն իր կողմից, փութով իջան անկողնուց (պարոն Զամզան ուսերին վերմակ գցեց, տիկին Զամզան միայն գիշերանոցով էր) և դուրս եկան, այդպես մտան Գրեգորի սենյակը։ Ընթացքում բացվեց նաև հյուրասենյակի դուռը, ուր կենվորների գալուց ի վեր Գրետան էր քնում։ Նա լրիվ հագնված էր, կարծես բոլորովին չէր քնել գիշերը, գունատ դեմքն էլ էր կարծես դա ապացուցում։
 
 
— Մեռա՞ծ է,― չնայած ինքն անձամբ կարող էր ստուգել կամ առանց ստուգելու էլ կարելի էր հասկանալ, հարցրեց տիկին Զամզան ու Նայեց աղախնին։
 
— Կարծում եմ,― ասաց աղախինն ու որպես ապացույց, ավելով խփեց Գրեգորի դիակին, բավական հեռու հրեց։ Տիկին Զամզան անհանգիստ շարժում արեց, ըստ երևույթին ուզեց բռնել ավելը, բայց ձեռքը ետ քաշեց։
 
― Դե,― խոսեց պարոն Զամզան։— Այժմ կարող ենք շնորհակալ լինել աստծուն,― նա խաչակնքվեց, և երեք կանայք հետևեցին նրա օրինակին։ Գրետան աչքերը չէր հեռացնում եղբոր դիակից։
 
— Տեսեք, թե ինչ նիհարն էր,― ասաց նա։― Ախր ամբողջ ժամանակ ոչինչ չէր ուտում։ Կերակուրներն ինչպես ներս էին գնում, այնպես դուրս էին գալիս։ Գրեգորի մարմինն, իրոք որ, չոր էր ու տափակ։ Այդ նիհարությունը միայն այժմ կարելի էր նկատել, որովհետև Գրեգորն այլևս չէր շարժվում, ոչինչ չէր շեղում դիմացինի հայացքը։
 
— Գրետա, մի րոպե մեզ մոտ արի,― ցավախառն ժպիտով ասաց տիկին Զամզան, և Գրետան, ոչ առանց դիակի կողմը շրջվելու, ծնողների հետևից ննջասենյակ գնաց։ Աղախինը փակեց սենյակի դուռը և լայն բացեց պատուհանը։ Վաղ առավոտ էր, բայց թարմ օդին արդեն գոլորշու գաղջություն կար խառնված, մարտի վերջն էր։
 
Իրենց սենյակներից ելան երեք կենվորներն ու զարմանքով փնտրեցին նախաճաշը, մոռացել էին մատուցել։
 
— Ո՞ւր է նախաճաշը, մռայլ հարցրեց աղախնին մեջտեղի պարոնը։
 
Սա մատը դրեց բերանին ու անձայն, արագ գլխով արեց պարոններին, որ Գրեգորի սենյակը մտնեին։ Նրանք իրոք հետևեցին աղախնի նշանին, ձեռքերը թեթևակի մաշված շորերի գրպանները դրած (սենյակում լույս էր արդեն) կանգնեցին Գրեգորի դիակի շուրջը։ Ննջասենյակի դուռը բացվեց, ու հայտնվեց լիվրե հագած պարոն Զամզան. նրա մի կողմում կինն էր, մյուսում՝ դուստրը։ Բոլոր Երեքն էլ արտասված էին, Գրետան մինչև հիմա դեմքը հպում էր հոր թևին։
 
— Անհապաղ հեռացեք իմ բնակարանից,― ասաց պարոն Զամզան ու կանանց ձեռքերը բաց չթողնելով, ցույց տվեց դուռը։
 
― Ինչպե՞ս եք պատկերացնում մեր հեռանալը,― փոքր-փնչ շփոթված, քաղցր-մեղցր ժպտալով, հարցրեց մեջտեղի պարոնը։ Մյուս երկուսը անընդհատ շփում էին մեջքներին դրած ձեռքերը, ասես ուրախանալով․ մեծ վեճ էին ակնկալում, որ, սակայն, պետք է նպաստավոր արդյունք ունենար իրենց համար։
 
— Ես ինչպես ասում եմ, այդպես էլ պատկերացնում եմ,― պատասխանեց պարոն Զամզան ու ուղեկցուհիների հետ մի գծով գնաց դեպի կենվորը։ Սա մի պահ կանգնել էր ու լուռ նայում էր հատակին, նրա գլխում հանգամանքները, ըստ երևույթին, վերադասավորվում էին։
 
― Եթե այդպես է, կգնանք,― ասաց նա ու, կարծես իր նոր ընդունած որոշման համար դրվատանք սպասելով, հանկարծակի հնազանդությամբ նայեց պարոն Զամզային։ Պարոն Զամզան լայն բացված աչքերով նայեց նրան ու մի քանի անգամ գլխով արեց։ Դրանից հետո մեջտեղի պարոնը մեծ քայլերով իսկույն նախասենյակ գնաց։ Երկու ընկերները, որ հանգիստ էին թողել իրենց ձեռքերն ու ականջ էին դնում խոսակցությանը, վախենալով, թե պարոն Զամզան կարող է իրենցից առաջ նախասենյակ մտնել ու խախտել ղեկավարի հետ ունեցած իրենց կապը, անմիջապես շտապեցին նրա հետևից։ Նախասենյակում բոլոր երեքը կախիչից վերցրեցին գլխարկները, ցուպապահոցից հանեցին ձեռնափայտերը, լուռ խոնարհվեցին ու թողեցին բնակարանը։ Մի, ինչպես երեում է բացարձակ անհիմն անվստահությամբ պարոն Զամզան ևս երկու կանանց հետ դուրս եկավ հարթակ։ Աստիճանների ճաղերին հենված, նրանք հետևում էին պարոնների դանդաղ ներքև իջնելուն։ Սանդղատան ամեն հարկի ոլորանում նրանք անհետանում էին ու մի քանի ակնթարթ անց նորից հայտնվում։ Ինչքան ներքև էին իջնում, Զամզա ընտանիքը այնքան ավելի էր կորցնում նրանց հանդեպ ունեցած հետաքրքրությունը, իսկ երբ նրանց ընդառաջ եկավ հպարտ կեցվածքով, մատուցարանը գլխին դրած մսագործի աշակերտն ու քիչ անց նրանցից վեր բարձրացավ, պարոն Զամզան կանանց հետ հեռացավ աստիճաններից, և բոլոր երեքը, կարծես թեթևացած, վերադարձան բնակարան։
 
Նրանք որոշեցին այդ օրը հանգստանալ ու զբոսնել։ Աշխատանքն ընդհատելը ընտանիքը ոչ թե վաստակել էր, այլ նույնիսկ անհրաժեշտ էր։ Այսպիսով, նրանք նստեցին սեղանի մոտ ու ներողություն հայտնող երեք նամակ գրեցին, պարոն Զամզան՝ տնօրինությանը, տիկին Զամզան՝ պատվիրատուին, Գրետան՝ խանութի տիրոջը։ Գրելու պահին ներս մտավ աղախինը, որ տեղեկացներ, թե առավոտյան աշխատանքն ավարտել է և գնում է։ Գրելով զբաղված՝ երեքն էլ առանց նրա կողմը նայելու, գլխով արեցին, միայն, երբ աղախինը համառորեն չէր ուզում հեռանալ, նրանք զայրացած բարձրացրին գլուխները։
 
― Դե՞,― հարցրեց պարոն Զամզան։ Աղախինը կանգնել էր դռան մեջ և այնպես էր ժպտում, կարծես ընտանիքին մի մեծ երջանկություն էր ավետելու, սակայն կխոսեր միայն, երբ ընտանիքի անդամները ինչպես հարկն է հետաքրքրվեին։ Գլխարկին կպցրած ջայլամի ցից, փոքր փետուրը, որ արդեն նրա ծառայության սկզբից էր զայրացնում պարոն Զամղային, թեքվում էր բոլոր ուղղություններով։
 
― Դե, էլ ի՞նչ եք ուզում իսկապես,― հարցրեց տիկին Զամզան. աղախինը ամենաշատը նրանից էր ակնածում։
 
― Հա,― ասաց նա և բարեկամաբար ծիծաղելու պատճառով չկարողացավ անմիջապես շարունակել իր ասելիքը։― Ուզում էի ասել, որ էլ չմտածեք, թե ինչպես պետք է այն բանը կողքի սենյակից դուրս տարվի։ Արդեն արված է։
 
Տիկին Զամզան ու Գրետան, երևի ցանկանալով գրելը շարունակել, կռացան իրենց նամակների վրա, իսկ պարոն Զամզան, նկատելով, որ աղախինը մտադիր է իր արածի մանրամասները նկարագրել, առաջ պարզեց ձեռքն ու վճռականորեն կանխեց նրան։ Որովհետև թույլ չտվեցին խոսել, աղախինը հիշեց, որ շատ է շտապում, բացահայտ վիրավորանքով «ցտեսություն բոլորին» ասաց, կտրուկ շուռ եկավ և դուռը սարսափելի ուժով վրա դրեց, հեռացավ բնակարանից։
 
— Երեկոյան նա ազատ կարձակվի,― ասաց պարոն Զամզան, բայց ոչ կինը, ոչ աղջիկը չարձագանքեցին, որովհետև նրանց թվում էր, թե աղախինը կրկին խանգարել է ընտանիքի հազիվ ձեռք բերված անդորրը։ Նրանք վեր կացան, մոտեցան պատուհանին և կանգնեցին իրար գրկած։ Պարոն Զամզան բազկաթոռի մեջ շուռ եկավ, մի պահ լուռ զննում էր նրանց։
 
— Հապա այստեղ եկեք,― կանչեց նա։— Թողեք վերջապես հին բաները և մի փոքր էլ ինձ ուշադրություն դարձրեք։
 
Կանայք անմիջապես շտապեցին նրա մոտ, գուրգուրեցին նրան ու արագ վերջացրին նամակները։
 
Հետո երեքը միասին դուրս ելան բնակարանից (մի բան, որ արդեն ամիսներ ի վեր չէին արել) և էլեկտրագնացքով մեկնեցին քաղաքից դուրս։ Միայն նրանք էին նստած տաք արևով ողողված վագոնում։ Տեղերում հարմար ետ ընկած, նրանք ապագայի հեռանկարներն էին քննարկում, և պարզվեց, որ մոտիկից նայելիս դրանք այնքան էլ վատ չէին, որովհետև, թեև նրանք առիթ չէին ունեցել գործերի մասին խոսել իրար հետ, բոլոր երեքի գործերն էլ ձեռնտու էին չափից դուրս և խոստումնալից։ Վիճակը վայրկենապես կլավանար իհարկե, եթե այժմյան բնակարանը փոխեին։ Հիմա նրանք Գրեգորի վարձած բնակարանից ավելի փոքր, էժան, ավելի լավ դիրք ունեցող ու ընդհանրապես ավելի հարմար տուն էին ուզում։ Այդպես զրուցելու ընթացքում Զամզա ամուսինները համարյա միաժամանակ նկատեցին աշխուժությունը վերագտնող իրենց աղջկան, թե ինչպիսի գեղեցիկ ու փարթամ աղջիկ էր դարձել նա, չնայած այն հանգամանքին, որ կրած չարչարանքներից նրա այտերը գունատվել էին։ Աստիճանաբար դադարեցնելով խոսելը և, համարյա բնազդաբար, հայացքներով համաձայնության գալով, նրանք մտածեցին, որ դստեր համար մի կտրիճ ամուսին փնտրելու ժամանակն է արդեն, և նրանց թվաց, թե աղջիկը հաստատեց իրենց նոր, բարի մտադրություններն ու երազանքները, երբ տեղ հասնելուն մոտ առաջինը բարձրացավ տեղից ու ձգեց իր ջահել մարմինը։
Վստահելի
1318
edits