Changes

Սպիտակ ժանիք

Ավելացվել է 35 746 բայտ, 08:40, 18 Փետրվարի 2015
/* Գլուխ I։ Թշնամին */
== Գլուխ I։ Թշնամին ==
 
Եթե Սպիտակ Ժանիքի խառնվածքի մեջ կար իր ցեղակիցների հետ մերձենալու թեկուզ նվազագույն հնարավորություն, ապա այդ հնարավորությունը անդարձ ջնջվեց, երբ նա դարձավ լծվածքի առաջընթացիկը։ Շներն ատեցին նրան, ատեցին, որովհետև Միթ֊Սան միշտ էլ մսի մի լրացուցիչ կտոր էր նետում նրան, ատեցին այն բոլոր իրական ու երևակայելի գերազանցությունների համար, որ նա վայելում էր․ ատեցին, որովհետև նա միշտ էլ լծվածքի առջևից էր վազում և հենց միայն իր թավամազ պոչի ու արագավազ ոտքերի տեսքով կատաղության էր հասցնում նրանց։
 
Սպիտակ Ժանիքն էլ ճիշտ այդպիսի ատելությամբ տոգորվեց նրանց հանդեպ։ Առաջընթացիկի դերը նվազագույն բավականություն անգամ չէր պատճառում նրան։ Գերագույն ճիգով էր նա հաշտվում այն բանի հետ, որ ստիպված է փախչել զիլ հաչող շներից, որոնք երեք տարի շարունակ գտնվում էին իր իշխանության տակ։ Բայց պետք էր հաշտվել դրան, ապա թե ոչ նրան մահ էր սպառնում, իսկ նրա մեջ եռացող կյանքը մահանալ չէր ուզում։ Հենց որ Միթ֊Սան շարժվելու հրաման էր տալիս, բոլոր շները հաչելով ընկնում էին Սպիտակ Ժանիքի հետևից։
 
Պաշտպանվել չէր կարող նա. հենց որ գլուխր շրջում էր դեպի շները, Միթ֊Սան մտրակը շրմփացնում էր նրա դնչին։ Սպիտակ Ժանիքին մնում էր միայն մի բան՝ սլանալ առաջ։ Նա չէր կարող դիմադրել այդ ամբողջ ոռնացող ոհմակի հարձակմանը պոչով ու հետևի ոտքերով․ այդպիսի զենքով անհնար է պաշտպանվել բազմաթիվ անգութ ժանիքներից։ Եվ Սպիտակ Ժանիքը արշավում էր՝ յուրաքանչյուր ոստյունով բռնանալով իր խառնվածքի վրա և նվաստացնելով իր հպարտությունը, իսկ այդպես հարկադրված էր լինում վազել ամբողջ օրը։
 
Այսպիսի ինքնաբռնադատումը անպատիժ չի անցնում։ Եթե մարմնի վրա աճած մազին ստիպեն աճել դեպի մաշկի խորքը, ապա դա տանջալի ցավ կպատճառի։ Նույնն էլ տեղի էր ունենում Սպիտակ Ժանիքի հետ։ Իր ամբողջ էությամբ նա ձգտում էր գլուխն ազատել կրնկակոխ իրեն հետապնդող շներից, բայց աստվածների կամքը խախտել չէր կարելի, մանավանդ որ նրանց կամքը փաստարկվում էր եղջերուի աղիքներից հյուսված երեսուն ոտնաչափանոց մտրակի հարվածներով։ Եվ Սպիտակ Ժանիքը հանդուրժում էր այդ ամենը՝ ներս գցելով այնպիսի ատելություն ու չարություն, որին ընդունակ էր նրա վայրագ ու աննկուն բնավորությունը։
 
Եթե մի որևէ կենդանի արարածի կարելի լիներ անվանել իր ցեղակիցների թշնամին, ապա դա վերաբերում էր հատկապես Սպիտակ Ժանիքին։ Նա երբեք գութ չէր հայցում և ինքն էլ ոչ ոքի չէր խնայում։ Նրա մարմնից անպակաս էին վերքերն ու սպիները․ շներն էլ իրենց հերթին շարունակ ծածկված էին լինում նրա ատամների հետքերով։ Ի հակադրություն շատ առաջընթացիկների, որոնք ապաստանում էին աստվածների պաշտպանությանը, հենց որ շներին արձակում էին, Սպիտակ Ժանիքը արհամարհում էր այդ պաշտպանությունը։ Նա անվախ ման էր գալիս իջևանատեղում և գիշերն էր շների դատաստանը տեսնում այն ամենի համար, ինչ ստիպված էր լինում հանդուրժել ցերեկը։ Այն ամիսներին, երբ Սպիտակ Ժանիքը դեռ առաջընթացիկ չէր, այժմյան լծակիցները սովորաբար աշխատում էին չընկնել նրա ճանապարհի վրա։ Հիմա դրությունը փոխվել էր։ Առավոտից մինչ երեկո տևող հետապնդումը, այն գիտակցությունը, որ Սպիտակ Ժանիքը ամբողջ ցերեկր փախչում էր նրանցից, գտնվում էր նրանց իշխանության ներքո, այս ամենը շներին թույլ չէր տալիս նահանջել նրա առջևից։ Հենց որ նա հայտնվում էր ոհմակի մեջ, անմիջապես կռիվ էր սկսվում։ Իջևանում կատարած նրա թափառումներին ուղեկցում էին մռնչոցը, գզվռտոցը, վնգստոցը։ Նրա շնչած օդն իսկ հագեցած էր ատելությամբ ու չարությամբ, և դա սաստկացնում էր միայն նրա ներսում եղած ատելությունն ու չարությունը։
 
Երբ Միթ֊Սան լծվածքին հրամայում էր կանգ առնել, Սպիտակ Ժանիքը հնազանդվում էր նրա կանչին։ Առաջին օրերին այդ դադարը իրարանցում էր առաջացնում շների մեջ, և բոլորն էլ հարձակվում էին ատելի առաջընթացիկի վրա։ Բայց այդ միջոցին դեպքը բոլորովին այլ ընթացք էր ստանում՝ մտրակը թափահարելով Սպիտակ Ժանիքին օգնության էր հասնում Միթ֊Սան։ Եվ շները վերջապես հասկացան, որ եթե սահնակը կանգ է առնում Միթ֊Սայի հրամանով, ապա լավ է առաջընթացիկին չդիպչել։ Բայց եթե Սպիտակ Ժանիքը ինքնակամ է կանգ առնում, նշանակում է՝ կարելի է նրա դատաստանը տեսնել։
 
Շուտով Սպիտակ ժանիքը դադարեց առանց հրամանի կանգ առնել։ Այդպիսի դասեր արագ են յուրացվում։ Ասենք Սպիտակ Ժանիքը չէր էլ կարող չսերտել դրանք, այլապես ողջ չէր մնա այն խստաշունչ միջավայրում, որ պատրաստել էր նրա համար կյանքը։
 
Սակայն այդ դասերը զուր էին անցնում շների համար․ սրանք հանգիստ չէին թողնում նրան հանգրվանումների պահերին։ Ցերեկվա հալածանքը և մոլագար հաչոցը, որի մեջ շները ներդնում էին իրենց ամբողջ ատելությունը Սպիտակ Ժանիքի հանդեպ, մոռացնել էր տալիս նրանց այն, ինչ եղել էր նախորդ գիշերը․ հաջորդ գիշերը դասը կրկնվում էր, բայց առավոտյան դրանից հետք անգամ չէր մնում։ Բացի դրանից, Սպիտակ Ժանիքի հանդեպ շների տածած թշնամանքը սնվում էր մի ուրիշ, բավական կարևոր հանգամանքով, սրանք այլ ցեղ էին նկատում նրա մեջ, և դա միանգամայն բավական էր նրանց իրար հակադրելու համար։
 
Նրանք բոլորն էլ, Սպիտակ ժանիքի նման, ընտելացված գայլեր էին, բայց նրանց հետևում կար մի քանի ընտելացված սերունդ։ Շատ բան էր արդեն անհետացել այն ամենից, ինչով գայլին օժտում է հեռավոր Հյուսիսը, և շների համար այդ ամայությունը պարունակում էր միայն անորոշություն, մշտական սպառնալիք ու թշնամություն։ Բայց Սպիտակ Ժանիքի արտաքինը, նրա բոլոր հակումներն ու բնազդները ցույց էին տալիս, որ ամուր կապ ունի նա խուլ Հյուսիսի հետ. նա դրա խորհրդանշանն էր ու մարմնացումը։ Ուստի և շները ատամ կրճտելով նրա վրա՝ դրանով իսկ պահպանում էին իրենց այն կործանումից, որ դարանել էր անտառների աղջամուղջում և մարդու խարույկներն ամեն կողմից պարուրած խավարում։
 
Ասենք, մի դաս լավ սերտեցին շները՝ պետք է միասին լինել։ Սպիտակ ժանիքր շատ վտանգավոր հակառակորդ էր, և ոչ ոք սիրտ չէր անում միայնակ հանդիպել նրան։ Շներն ամբողջ ոհմակով էին հարձակվում նրա վրա, ապա թե ոչ մի գիշերվա մեջ դրանց հաշիվը կմաքրեր նա։ Եվ Սպիտակ Ժանիքին չէր հաջողվում իր թշնամիներից ոչ մեկի դատաստանը տեսնել։ Նա հակառակորդին գցում էր դետին, բայց ոհմակը անմիջապես հարձակվում էր նրա վրա ու չէր թողնում խածնի շան կոկորդը։ Կռվի նվազագույն նշան նկատելիս ամբողջ ոհմակը համերաշխ զինվորագրվում էր իր պարագլխի դեմ։ Շները մշտապես գզվռտում էին իրար մեջ, սակայն բավական էր, որ նրանցից մեկն ու մեկը սկսի կռվել Սպիտակ Ժանիքի հետ, երբ վայրկենապես մոռացվում էին մյուս բոլոր վեճերը։
 
Բայց և այնպես, հակառակ իրենց բոլոր ջանքերին, նրանք Սպիտակ Ժանիքին չէին կարողանում գզգզել։ Սա նրանց համար շատ էր դյուրաշարժ, շատ էր ահեղ ու խելացի. խուսափում էր այն տեղերից, ուր կարելի էր ծուղակն ընկնել, և միշտ էլ խույս էր տալիս, երբ ոհմակը աշխատում էր օղակել նրան։ Եվ ոչ մի շան մտքով անգամ չէր անցնում, թե կարելի է ցած գցել Սպիտակ ժանիքին։ Նրա ոտքերը նույնպիսի համառությամբ կառչում էին գետնին, ինչպիսի համառությամբ ինքն էր կառչում կյանքից։ Ուստի և այն անվախճան պատերազմում, որն Սպիտակ Ժանիքը մղում էր ոհմակի դեմ, կյանքը պահելն ու ոտքի վրա կանգնած մնալը նրա համար համանշանակ հասկացողություններ էին, և ոչ ոք ավելի լավ չէր իմանում այդ, քան նա ինքը։
 
Այսպիսով, Սպիտակ Ժանիքը դարձավ իր ցեղակիցների անհաշտ թշնամին, թշնամին գայլերի, որոնք տաքացել էին մարդու վառած խարույկի մոտ ու քնքշացել մարդկային զորության փրկարար հովանու տակ։ Այդպես էր դարձրել նրան կյանքը։ Նա արյան վրեժ էր հայտարարել բոլոր շներին և այնպիսի դաժանությամբ էր վրեժ լուծում, որ նույնիսկ Գորշ Ջրշունը, որը պակաս ցասկոտն ու վայրագը չէր, չէր կարող չզարմանալ Սպիտակ Ժանիքի չարահոգության վրա։ «Էս շան թայը չկա»,— ասում էր Գորշ Ջրշունը։ Եվ այլ ավանների հնդկացիները հաստատում էին նրա խոսքը՝ հիշելով, թե ինչպես էր Սպիտակ Ժանիքը իրենց շների դատաստանը տեսնում։
 
Սպիտակ Ժանիքը մոտ հինգ տարեկան էր, երբ Գորշ Ջրշունը տարավ նրան իր հետ երկարատև ուղևորության, և Ժայռոտ Լեռների մերձակա ավաններում, Մաքենզի և Պորքյուփայն գետերի երկայնքով մեկ, ընդհուպ մինչև Յուքոնը, երկար ժամանակ հիշում էին Սպիտակ Ժանիքի դատաստանը շների հետ։ Նա հաճույք էր ստանում իր վրեժխնդրությունից։ Օտար շները ոչ մի վատ բան չէին սպասում նրանից, առիթ չէին ունեցել հանդիպելու մի հակառակորդի, որն այդքան հանկարծակի հարձակվեր։ Նրանք չէին իմանում, թե գործ ունեն մի թշնամու հետ, որը սպանում է մի հարվածքով, ինչպես կայծակը։ Այլ ավաններում շները մոտենում էին Սպիտակ Ժանիքին կռվախնդիր տեսքով, իսկ սա առանց ժամանակ կորցնելու նախնական արարողությունների համար՝ խոյանում էր նրանց վրա ամեհի կերպով, ինչպես պողպատե արձակված զսպանակ, բռնում էր հակառակորդի կոկորդը և սպանում՝ չթողնելով, որ զարմանքից ուշքի գա։
 
Սպիտակ Ժանիքը դարձավ փորձված մարտիկ։ Նա կռվում էր հաշվանկատ, երբեք իզուր տեղը ուժ չէր վատնում, պայքարը չէր ձգձգում։ Նա գրոհում էր և եթե պատահեր վրիպի, անմիջապես ետ էր նետվում։ Սպիտակ Ժանիքն էլ բոլոր գայլերի պես խուսափում էր հակառակորդի հետ երկարատև շփում ունենալուց։ Նա չէր հանդուրժում դա։ Այդ շփումը վտանգ էր պարունակում և կատաղեցնում էր նրան։ Նա ուզում էր ազատ լինել, ուզում էր հաստատ կանգնել ոտքերի վրա։ Խուլ Հյուսիսը Սպիտակ Ժանիքին բաց չէր թողնում իր ամուր գրկից և իր իշխանությունն էր հասաատում նրա վրա։ Ամենավաղ մանկության օրերից իր նմանների հասարակությունից խորթացած լինելը միայն սաստկացնում էր նրա ազատաբաղձությունը։ Հակառակորդին անմիջականորեն մոտիկ լինելը ինչ֊որ սպառնալիք էր պարունակում. Սպիտակ ժանիքը կասկածում էր, թե ծուղակ կա այդտեղ, և չէր կարողանում ազատվել այդ ծուղակի պատճառած վախից։
 
Օտար շները չէին կարող չափվել նրա հետ։ Սպիտակ Ժանիքը խույս էր տալիս նրանց ժանիքներից, նրանց հախից գալիս էր ու անվնաս փախչում։ Իհարկե, ամեն մի կանոն իր բացառություններն ունի։ Լինում էր և այնպես, որ Սպիտակ Ժանիքի վրա հարձակվում էին միանգամից մի քանի հակառակորդ, և նա ժամանակ չէր ունենում՝ փախչել դրանցդից, երբեմն էլ սաստիկ տուժում էր մի որևէ միայնակ շնից։ Բայց դա հազվադեպ Էր լինում։ Սպիտակ Ժանիքը դարձավ այնպիսի վարժ մարտիկ, որ պատվով էր դուրս գալիս դրեթե բոլոր կռիվներից։
 
Նա ուներ մի արժանիք ևս՝ կարողանում Էր ճիշտ հաշվել ժամանակն ու հեռավորությունը։ Անշուշտ դա արվում Էր բոլորովին անգիտակցաբար։ Պարզապես տեսողությունը երբեք չէր խաբում նրան, և ամբողջ օրգանիզմը, որ ավելի լավ էր կազմված, քան մյուս շներինը, աշխատում էր ճշգրիտ ու արագ․ մտավոր ու ֆիզիկական ուժերի համադրումը ավելի կատարյալ էր, քան նրանցը։ Երբ տեսողական նյարդերը Սպիտակ Ժանիքի ուղեղին էին հաղորդում շարժվող պատկերը, նրա ուղեղը առանց որևէ ճիգ գործադրելու որոշում էր այն տարածությունն ու ժամանակը, որ անհրաժեշտ էր այդ շարժումն ավարտելու համար։ Այսպիսով նա կարող էր խույս տալ շան ոստյունից կամ ժանիքներից և միաժամանակ օգտագործել յուրաքանչյուր վայրկյանը, որպեսզի ինքը հարձակվեր հակառակորդի վրա։ Բայց սրա համար չարժե գովեստներ շռայլել նրա հասցեին. բնությունն ավելի լիաբուռն էր պարգևել նրան, քան մյուսներին․ ուրիշ ոչինչ։
 
Ամառ էր, երբ Սպիտակ ժանիքը եկավ Ֆորտ֊Յուքոն։ Ձմռան վերջին Գորշ Ջրշունը կտրեց անցավ Մաքենզիի և Յուքոնի միջև եղած ջրբաժան գիծը և ամբողջ գարնանը որս էր անում ժայռոտ Լեռների արևմտյան ճյուղավորումների վրա։ Իսկ երբ Պորքյուփայն գետը սառույցից ազատվեց, Գորշ Ջըըշունը պիրոգա՝ մակույկ շինեց ու իջավ այն տեղը, ուր այս գետը միախառնվում է Յուքոնին, ուղիղ Բևեռային շրջանի մոտ։ Այդտեղ էլ գտնվում էր Հուդզոնի ծոցի Ընկերության ամրոցը, ուր կային բազմաթիվ հնդկացիներ, ուտելիքի պաշար. ամենուրեք աննախընթաց աշխուժություն էր տիրում։ 1898 թվականն էր, և ոսկեխույզները հազարներով բարձրանում էին Յուքոնն ի վեր՝ դեպի Դոուսոն ու Քլոնդայկ։ Ուղևորության նպատակին հասնելու համար դեռ հարյուրավոր մղոններ էր մնում նրանց, մինչդեռ նրանցից շատերը արդեն մի տարի էր, ինչ ճանապարհ էին գալիս. ոչ մեկը հինգ հազար մղոնից պակաս չէր կտրել, իսկ ոմանք էլ այդտեղ էին եկել աշխարհի մյուս ծայրից։
 
Ֆորտ֊Յուքոնում Գորշ Ջրշունը կանգ առավ։ Ոսկու տենդի լուրերը հասել էին նաև նրա ականջին, և նա իր հետ բերել էր մի քանի հակ մորթի ու մի հակ էլ թաթպան և մոքասին։ Գորշ Ջրշունը երբեք սիրտ չէր անի այդպիսի հեռավոր ուղևորություն կատարել, եթե մեծ վաստակ անելու հույսը չբերեր նրան այստեղ։ Բայց այն, ինչ Գորշ Ջրշունը տեսավ, գերազանցեց նրա բոլոր ակնկալությունները։ Իր ամենաանզուսպ երազանքների պահին նա հույս ուներ, թե մորթիները վաճառելուց կշահի հարյուր տոկոս, մինչդեռ համոզվեց, որ կարելի է հազար էլ շահել։ Եվ որպես իսկական հնդկացի՝ Գորշ Ջրշունը ձեռնամուխ եղավ գործին առանց շտապելու, որոշելով նստել այդտեղ թեկուզ մինչև աշուն, միայն թե հաշիվներում չսխալվի ու չէժանացնի։
 
Ֆորտ֊Յուքոնում Սպիտակ Ժանիքը առաջին անգամ սպիտակ մարդիկ տեսավ։ Հնդկացիների համեմատությամբ նրանք թվում էին այլ ցեղի էակներ աստվածներ, որոնց իշխանությունը հենվում էր ավելի մեծ զորության վրա։ Այդ վստահությունն ինքնաբերաբար եկավ Սպիտակ ժանիքին. կարիք չկար, որ նա լարեր իր մտածողական ունակությունները՝ սպիտակ աստվածների զորությանը համոզվելու համար։ Նա միայն զգում էր այդ, բայց զգում էր արտակարգ ուժով։ Հնդկացիների կառուցած վիգվամները մի ժամանակ նրան թվում էին մարդու մեծության վկայություն, իսկ հիմա նրան ապշեցնում էին հսկայական ամրոցը և հաստ գերաններից շինված տները։ Այս ամենը հզորության ապացույց էր։ Սպիտակ աստվածները ուժեղ էին։ Նրանց իշխանությունը ավելի հեռուն էր տարածվում Սպիտակ Ժանիքի նախկին աստվածների իշխանությունից, որոնց մեջ ամենահզոր արարածը Գորշ Ջրշունն էր։ Բայց Գորշ Ջրշունն էլ ոչնչություն էր թվում սպիտակամորթ աստվածների համեմատությամբ։
 
Անշուշտ Սպիտակ ժանիքը միայն զգում էր այդ և պարզ հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է զգում։ Սակայն կենդանիները մեծ մասամբ գործում են հատկապես այդպիսի զգացողությունների հիման վրա, և Սպիտակ Ժանիքի ամեն մի քայլը՝ այժմ ցույց էր տալիս, թե որքան է նա հավատում սպիտակ աստվածների հզորությանը։ Մեծ զգուշությամբ էր նա վերաբերվում նրանց։ Ո՜վ գիտե, թե ինչ անհայտ արհավիրք կամ մի նոր աղետ կարելի է սպասել գրանցից։ Սպիտակ ժանիքը հետաքրքրությամբ էր հետևում սպիտակ աստվածներին, բայց վախենում էր երևալ նրանց ճամփի վրա։ Առաջին մի քանի ժամվա ընթացքում նա բավարարվեց հեռվից զգուշությամբ հետևելով նրանց, բայց տեսնելով, որ սպիտակ աստվածները ոչ մի վնաս չեն հասցնում իրենց շներին, ավելի մոտեցավ։
 
Սպիտակ Ժանիքն էլ իր հերթին հանուր ուշադրության արժանացավ, գայլի նման լինելը անմիջապես աչքի ընկավ, և մարդիկ նրան մատնացույց էին անում իրար։ Դա մղեց Սպիտակ Ժանիքին զգույշ լինել։ Հենց որ մեկն ու մեկը մոտենում էր նրան, նա մերկացնում էր ատամները ու մի կողմ նետվում։ Եվ այդպես էլ մարդիկ չէին կարողանում ձեռք տալ նրան, և լավ է որ չէին կարողանում։
 
Շուտով Սպիտակ Ժանիքն իմացավ, որ այդ աստվածներից շատ քչերը, ընդամենը տասը մարդ, մշտապես ապրում են ամրոցում։ Երկու֊երեք օրը մեկ ափին էր մոտենում մի շոգենավ (սպիտակ աստվածների ամենազորության ևս մի մեծ ասրս ցույց) և մի քանի ժամ մնում էր նավամատույցի մոտ։ Աստվածները գալիս էին շոգենավերով ու նորից մեկնում։ Թվում էր, թե այդ մարդիկ անհամարեն։ Առաջին իսկ երկու օրը Սպիտակ Ժանիքն այնքան մարդ տեսավ, որքան հնդկացի չէր տեսել իր ամբողջ կյանքում։ Եվ ամեն օր ժամանում էին նրանք, ման էին գալիս ամրոցում ու կրկին մեկնում գետն ի վեր։
 
Բայց եթե սպիտակ աստվածները ամենազոր էին, ապա նրանց շներն անպետք էին։ Սպիտակ Ժանիքը շուտ համոզվեց դրանում՝ բախվելով այն շներին, որոնք ափ էին ելնում իրենց տերերի հետ։ Դրանցից ոչ մեկը մյուսին նման չէր. ոմանք կարճ, խիստ կարճ ոտքեր ունեին, ոմանք էլ երկար, խիստ երկար։ Խիտ մորթու փոխար են նրանք ծածկված էին կարճ մազով, ոմանք էլ համարյա թե մազ չունեին։ Եվ այդ շներից ոչ մեկը կռվել չէր իմանում։
 
Ատելություն տածելով իր ամբողշ ցեղի հանդեպ՝ Սպիտակ Ժանիքը կարծում էր, թե պարտավոր է կռվի բռնվել այդ շների հետ։ Մի քանի ընդհարումից հետո նա խոր արհամարհանքով համակվեց նրանց նկատմամբ. այդ շները իրենց ցույց տվեցին անշնորհք, անօգնական, և ճգնում էին հաղթել Սպիտակ ժանիքին միայն ուժով, մինչղեռ ինքը հասնում էր դրան ճարպկությամբ ու խորամանկությամբ։ Շները հաչելով էին հարձակվում նրա վրա։ Սպիտակ ժանիքը ցատկում էր մի կողմ։ Շներն այլևս չէին տեսնում նրան, և այն ժամանակ նա խոյանում էր դրանց վրա կողքից, ուսով ցած գլորում և հափռում կոկորդը։
 
Հաճախ այդ խածնումը մահացու էր լինում, և նրա հակառակորդը թպրտում էր ցեխի մեջ, հնդկացիների շների ոտքերի տակ, որոնք հենց այդ րոպեին էին սպասում, երբ հնարավոր կլինի ամբողջ ոհմակով գրոհ տալ ու պատառ-պատառ անել օտար շանը։ Սպիտակ Ժանիքը իմաստուն էր։ Նա վաղուց արդեն գիտեր, որ աստվածները զայրանում են, երբ որևէ մեկը սպանում է իրենց շներին։ Սպիտակ աստվածները բացառություն չէին։ Ուստի և հակառակորդին տապալելով գետին ու խածնելով նրա կոկորդը նա փախչում էր մի կողմ և ոհմակին թույլ էր տալիս ավարտել իր սկսած գործը։ Այդ միջոցին վրա էին հասնում սպիտակամորթ մարդիկ և իրենց զայրույթը թափում ոհմակի վրա, իսկ Սպիտակ Ժանիքը ջրից չոր էր դուրս գալիս։ Սովորաբար նա կանգնում էր մի կողմ ու դիտում, թե ինչպես իր ցեղակիցներին ծեծում են քարով, մահակով, կացնով ու այն ամենով, ինչ ընկնում էր մարդկանց ձեռքի տակ։ Իմաստուն էր Սպիտակ ժանիքը։
 
Սակայն նրա ցեղակիցները նույնպես մի որոշ բան սովորել էին, հասկացել էին, որ ամենազվարճալին սկսվում է այն րոպեին, երբ շոգենավը մոտենում է ափին։ Ահա շները դուրս նետվեցին շոգենավից, և նրանցից երկու-երեքը վայրկենապես բզկտվեցին։ Այն ժամանակ մյուսներին մարդիկ քշում են ետ և ձեռնամուխ լինում մի դաժան դատաստանի։ Մի անգամ սպիտակ մի մարդ, որի աչքի առաջ բզկտեցին նրա սեթթերին, քաշեց ատրճանակը, վեց անգամ իրար հետևից կրակեց, և ոհմակից վեց շուն գետին փռվեցին անկենդան։ Սա սպիտակ մարդկանց հզորության ևս մի դրսևորումն էր և երկար ժամանակ դուրս չեկավ Սպիտակ Ժանիքի մտքից։
 
Սպիտակ Ժանիքը հրճվում էր այդ ամենից, չէր ափսոսում իր ցեղակիցներին և այդպիսի ընդհարումներից անվնաս մնալու հնարը գտնում էր։ Սկզբնական շրջանում սպիտակ մարդկանց շների հետ կռվելը պարզապես զվարճացնում էր նրան, հետո արդեն կարգին ոգևորվեց դրանով։ Այլ գործ չուներ նա։ Գորշ Ջրշունը զբաղված էր առևտրով, հարստանում էր։ Եվ Սպիտակ Ժանիքը թրև էր գալիս նավամատույցի մոտերքը և հնդկական անառակ շների ոհմակի հետ սպասում շոգենավերի գալուն։ Հենց որ շոգենավը մոտենում էր նավամատույցին, սկսվում էր զվարճությունը։ Այդ միջոցին, երբ սպիտակ մարդիկ անակնկալից ուշքի էին գալիս, շների ոհմակը ցրվում էր ամեն կողմ և սպասում հաջորդ շոգենավին։
 
Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքին չէր կարելի համարել շների ոհմակի անդամ։ Նա չէր խառնվում դրան, մեկուսի էր պահում իրեն, երբեք չէր կորցնում իր անկախությունը, և շները նույնիսկ վախենում էին նրանից։ Ճիշտ է, նա համերաշխ էր գործում նրանց հետ, կռփվ էր գցում օտար շան հետ ու տապալում գետին։ Այն ժամանակ հարձակվում էր ոհմակը և օտարականի հաշիվը մաքրում, իսկ Սպիտակ Ժանիքը անմիջապես ծլկում էր՝ թողնելով, որ ոհմակը պատիժն ստանա կատաղած աստվածներից։
 
Մեծ ջանք պետք չէր այդպիսի կռիվ հրահրելու համար։ Բավական էր, որ Սպիտակ Ժանիքը երևա նավամատույցի մոտ, երբ օտար շները ափ էին իջնում, և ահա անմիջապես հարձակվում էին նավի վրա։ Այդպես էր հրամայում նրանց բնազդը։ Շները Սպիտակ Ժանիքից հեռավոր հյուսիսի, անհայտի, սարսափի, մշտնջենական սարսափի հոտն էին առնում, զգում Էին, որ նա այն Է, ինչ մարդկանց խարույկները շրջապատող խավարում գաղտագողի ման Է գալիս, երբ իրենք մոտենալով այդ խարույկներին՝ հրաժարվում էին իրենց նախկին բնազդներից և վախենում խուլ Հյուսիսից, որը լքել էին, որին դավաճանել էին։ Հյուսիսի հանդեպ զգացած այդ վախը սերնդից սերունդ անցնում Է շներին։ Հյուսիսային ամայությունը սպառնում էր սպանել նրանց, բայց նրանց տիրակալները իրավունք էին տվել նրանց սպանելու այդտեղից եկած ամենայն կենդանի արարած։ Եվ օգտվելով այդ իրավունքից՝ նրանք պաշտպանում էին թե՛ իրենց և թե՛ նրանց իրենց հասարակության մեջ առած աստվածներին։
 
Այդ պատճառով էլ հարավային ծագում ունեցող շները, որոնք կամրջակով իջնում էին Յուքոնի ափը, բավական է, որ տեսնեին Սպիտակ Ժանիքին, որպեսզի հարձակվելու և նրան բզիկ~բդիկ անելու անդիմադրելի ցանկություն ունենան։ Այդ եկածների մեջ լինում էին և քաղաքի շներ, սակայն հեռավոր Հյուսիսի հանդեպ ունեցած բնազդական վախը պահպանվել էր նաև նրանց մեջ։ Օրը ցերեկով նրանց առաջ ցցված գայլանման գազանին նրանք նայում Էին ոչ միայն իրենց աչքով, այլև Սպիտակ Ժանիքին դիտում էին նախնիների աչքով, և բոլոր նախորդ սերունդներից ժառանգած հիշողությունը թելադրում Էր նրանց, թե իրենց առաջ կանգնած է մի գայլ, որի հանդեպ իրենց ցեղը հնամենի թշնամանք է տածում։
 
Այդ ամենը հաճույք Էր պատճառում Սպիտակ Ժանիքին։ Եթե հենց միայն իր տեսքով նա մղում Է շներին կռվի նետվելու, ավելի լավ իր և ավելի վատ նրանց համար։ Նրանք զգում էին, որ Սպիտակ ժանիքը իրենց օրինական որսն Է, և ճիշտ այդպես էլ ինքն էր վերաբերվում նրանց։
 
Զուր չէր, որ Սպիտակ Ժանիքը առաջին անգամ ցերեկվա լույս տեսավ մեկուսացած որջում և իր առաջին իսկ գոտեմարտերում ունեցավ այնպիսի հակառակորդներ, ինչպես ճերմակ կաքավը, աքիսը և լուսանը։ Եվ զուր չէր, որ նրա վաղ մանկությունը մռայլվել էր Լիփ֊Լիփի և շահել շների ամբողջ ոհմակի հետ ունեցած թշնամությամբ։ Եթե նրա կյանքը այլ կերպ դասավորվեր, նա էլ այլ կլիներ։ Եթե ավանում չլիներ Լիփ֊Լիփը, ապա Սպիտակ Ժանիքը կբարեկամանար մյուս լակոտների հետ, ավելի կնմանվեր շան և ավելի համբերատարությամբ կվերաբերվեր իր ցեղակիցներին։ Եթե Գրորշ Ջրշունը ավելի մեղմ ու բարի լիներ, կկարողանար նրա մեջ առաջացնել բարեկամության ու սիրո զգացմունք։ Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Կյանքը խիստ վարվեց Սպիտակ Ժանիքի հետ, և նա դարձավ մռայլ, ինքնամփոփ, չարամիտ գազան, իր ցեղակիցների թշնամին։
== Գլուխ II։ Խելագար աստվածը ==
Վստահելի
1318
edits