Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ, ու նա կարողացավ երազն ու իրականությունը տարբերել իրարից: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին, ու այնքան հեռացան, մինչև ընկան օրքերի ճանկը: Նրանք կանգնած ականջ էին դնում, ու եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է օրքերը անգամ չնկատեին: Ինքն ու Մերին կարելի է ասել իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին դուրս քաշեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց ետևից փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց, մնացածները փախուստի դիմեցին: Հոբիթները սլացան դեպի ճամբար, բայց նրանց շատ հեռանալ չհաջողվեց, նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տեղատարափ տարափ տեղաց: Նա դուրս քաշեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, ու թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում, վերջինը, որ նա տեսավ Բորոմիրն էր, գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
-Երևի ինչ որ ծանր բանով հարվածել են գլխիս,- ենթադրեց հոբիթը,- հետաքրքիր է ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրի հետ: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք և ու՞ր են նրանց իրենց քարշ տալիս:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտր խառնում էր:
-Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,- մտածեց նա,- մեկ է ինձնից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել ու նրանց ուղեբեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշն այդ ուղեբեռը կրկին ետ վերադարձներ: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզնից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց ու իրենց զզվելի լեզվով ինչ որ բան կռկռաց հարևանին: -Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են փոքրիկ հիմար,- ասաց նա շրջվելով դեպի Փինը ու անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն,- ու քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարյին այս ու այնտեղ պառկել: Դեռ կհասցնես փոշմանել որ ոտքեր ունես: -Ինձ որ մնար դու կփոշմանեիր որ ընդանրապես աշխարհ ես եկել,- շարունակեց մյուսը,- այ թե կճղճղաիր փոքրիկ առնետ: Նա կռացավ Փինի վրա ու ցուցադրեց դեղնած ժանիքները: -Հանգստացիր թե չէ այ սրա համը կտեսնես,- ասաց նա ու սկսեց Փինի գլխավերևում տարուբերել սև բռնակով երկար ատամնավոր դաշույնը,- լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկել տեսար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծվա՛ծ լինեն այդ իզենգարդցիները: Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ: Ու անեծքների տարափ տեղաց ատամները կրճտացնելով ու թուքը շաղ տալով: Վախեցած Փինը հանդարտվեց ու լռեց, չնայած ձեռքերն ու կոճերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը շատ ձայներ էին լսվում, ու չնայած օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընդանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց որ հասկանում է համարյա ամեն ինչ՝ օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում: Ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին, ու ստիպված էին համընհանուր լեզվով խոսել որպեսզի իրար հասկանաին: Օրքերը կատաղած վիճում էին թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին: -Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,- բողոքեց ինչ որ մեկը,- հիմա չարաճճիություն անելու ժամանակը չէ: -Ոչինչ չես կարող անել,- առարկեց մյուսը,- բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել: -Հրամանը մնում է հրամա՛ն,- թավ ձայնով գոռաց երրորդը,- մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ:» Ահա այդպե՛ս: