Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուքը */
-Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, բայց հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնենք:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր, ինչքան թվում էր, բավականին երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող քիվըելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր թե գարունն էր է այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում քիվ նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ: -Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք: Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեյին, ակնհայտ երևում էր որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեց նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին ու վերջին աստիճանը հաղթահարելով հայտվեցին չորացած ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չէին խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրին դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, թեքվելով անտառի կողմը: -Քամին փոխվում է,- նկատեց Մերին,- նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ: -Հա, ցուրտ է,- համաձայնվեց Փինը,- վախենամ այս լավ եղանակը միայն խաբկանք էր և շուտով ամեն ինչ նորից մոխրագույն ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերից ներքո: Այն նւույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ: -Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը,- շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛: Շրջվեք, շրջվեք: Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի զարմանահրաշ դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Հսկայական՝ տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլուխ ուներ, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ: Դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ: Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանձում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկար, դանդաղ ու խորունկ մտքերով: