Changes
/* 13 */
― Առայժմ, ― ասում եմ։ Ես նրան շնորհակալություն չհայտնեցի։ Եվ լավ է, որ չհայտնեցի։
==14==
Նա գնաց, իսկ ես նստեցի բազկաթոռին ու իրար ետևից երկու սիգարետ ծխեցի։ Դրսում արդեն լույսը բացվում էր։ Տեր աստվա՜ծ, այս որքան վատ եմ զգում ինձ։ Այնպիսի դատարկություն էր, որ պատկերացնել անգամ չեք կարող։ Ու ես սկսեցի բարձրաձայն զրուցել Ալլիի հետ։ Հաճախ եմ նրա հետ զրուցում, երբ թախիծը պատում է հոգիս։ Ես նրան ասում եմ․ թող վերցնի հեծանիվը ու ինձ սպասի Բոբի Ֆելոնի տան մոտ։ Բոբի Ֆելոնը ապրում էր Մեյնում, մեր տան մոտ, դա վաղուց էր։ Եվ ահա թե ինչ եղավ։ Ես ու Բոբին որոշել էինք հեծանիվներով գնալ Սեդերիգս լճի մոտ։ Մտադիր էինք նախաճաշ վերցնել ու այն ամենը, ինչ անհրաժեշտ կլիներ, և մեր փոքր տրամաչափի հրացանները․ մենք շատ փոքր էինք ու կարծում էինք, թե փոքր տրամաչափի մեր հրացաններով կարող ենք որս խփել։ Մի խոսքով, Ալլին լսել էր ինչպես ենք պայմանավորվում, ու խնդրում էր իրեն էլ վերցնենք, իսկ ես նրան չվերցրի, ասացի՝ դեռ փոքր ես։ Իսկ հիմա, երբ թախիծը համակում է սիրտս, ես նրան ասում եմ․ «Լավ, վերցրու հեծանիվդ ու ինձ սպասիր Բոբի Ֆելոնի տան մոտ։ Միայն թե մի՛ ուշանա»։
Ոչ թե ես նրան երբեք ինձ հետ չէի տանում։ Չէ՛, տանում էի։ Բայց այդ օրը չտարա։ Իսկ նա բոլորովին չէր նեղացել, ― նա երբեք չէր նեղանում, ― բայց ես միշտ այդ մասին հիշում էի, երբ շատ էի տխուր լինում։
Վերջապես, այնուամենայնիվ, հանվեցի ու պառկեցի։ Պառկեցի ու մտածում եմ, աղոթե՞մ, թե չէ։ Բայց բան չստացվեց։ Չեմ կարողանում աղոթել, նույնիսկ երբ ուզում եմ։ Նախ՝ ես մասամբ աթեիստ եմ։ Քրիստոսն ընդհանրապես ինձ դուր է գալիս, բայց աստվածաշնչային մնածաց խառնափնթորությունը՝ ոչ այնքան։ Վերցնենք հենց թեկուզ առաքյալներին։ Ճիշտն ասած, նրանք ինձ սոսկալի կատաղեցնում են։ Իհարկե, երբ Քրիստոսը մեռավ, նրանք իրենց վատ չպահեցին, բայց քանի դեռ կենդանի էր, նրանցից միայն վնաս էր տեսնում։ Անընդհատ խաբում էին նրան։ Աստվածաշնչի մեջ ամենից քիչ ինձ առաքյլալներն են դուր գալիս։ Ճիշտն ասած, Քրիստոսից հետո ես Աստվածաշնչից սիրում եմ այն խենթուկին, որ ապրում էր քարանձավում ու ամբողջ ժամանակ իրեն ճանկռոտում էր քարերով և այլ բաներով։ Ես այդ ողորմելի հիմարին տասն անգամ ավելի եմ սիրում, քան առաքյալներին։ Երբ Հուտտոնի դպրոցում էի, ես միշտ վիճում էի մեր հարկում ապրող մի տիպի՝ Արթուր Զայլդսի հետ։ Այդ Զայլդսը կվակեր<ref>Քրիստոնեական բողոքական աղանդ, որ առաջացել է XVII դ․ Անգլիայում։ Լայնորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայում։</ref> էր և միշտ Աստվածաշունչ էր կարդում։ Նա լավ տղա էր, ես սիրում էի նրան, բայց Աստվածաշնչի հարցում մենք տարբեր կերպ էինք դատում, հատկապես առաքյալների հարցում։ Նա ինձ համոզում էր, որ եթե ես առաքյալներին չեմ սիրում, ուրեմն Քրիստոսին էլ չեմ սիրում։ Նա ասում էր, քանի որ Քրիստոսն ինքն է իր առաքյալներին ընտրել, ուրեմն պետք է նրանց սիրել։ Իսկ ես ասում էի․ գիտեմ, որ նա ինքն է ընտրել, բայց ընտրել է պատահմամբ։ Ասում էի, որ Քրիստոսը ժամանակ չուներ ընտրություն կատարելու, ես բոլորովին էլ չեմ մեղադրում նրան։ Մի՞թե նա մեղավոր էր, որ ժամանակ չուներ։ Հիշում եմ, մի անգամ հարցրի Զայլդսին․ ինչ է կարծում նա, Հուդան, որ մատնեց Քրիստոսին, ինքնասպանություն կատարելուց հետո դժո՞խք ընկավ, թե չէ։ Զայլսը ասում է, իհարկե, ընկավ։ Եվ այստեղ ոչ մի կերպ չէի կարողանում համաձայնել նրա հետ։ Ես ասում եմ․ գրազ կգամ հազար դոլարով, որ Քրիստոսը ոչ մի դեպքում այդ ողորմելի Հուդային դժոխք չէր ուղարկի։ Ես հիմա էլ գրազ կգայի հազար դոլարով, եթե այդքան ունենայի։ Այդ առաքյալներն, օրինակ, անպայման դժոխք կուղարկեին Հուդային, առանց տատանվելու։ Իսկ Քրիստոսը՝ ո՛չ, գլխովս եմ երդվում։ Այդ Զայլդսն ասում էր, որ ես այդպես եմ մտածում որովհետև եկեղեցի չեմ գնում։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, չեմ գնում։ Նախ՝ իմ ծնողները տարբեր հավատի են, ու մեր ընտանիքում բոլոր երեխաներս աթեիստներ ենք։ Անկեղծ ասած, ես հոգևորականներին տանել չեմ կարողանում։ Բոլոր դպրոցներում, որտեղ որ ես սովորել եմ, բոլոր հոգևորականներն էլ հենց որ սկսում էին քարոզել, նրանց ձայնը դառնում էր քաղցր֊մեղցր, անտանելի։ Օ՛հ, ատում եմ դրանց։ Չեմ հասկանում, թե ինչու չեն կարողանում սովորական ձայնով խոսել։ Այնքան են ծռմռվում, որ անհնար է լսելը։
Մի խոսքով, երբ պառկեցի, ոչ մի աղոթք չեկավ միտքս։ Հենց ուզում էի մի աղոթք հիշել, այդ Սանիի ձայնն եմ լսում, որ ինձ հիմարիկ անվանեց։ Ի վերջո նստեցի անկողնուս մեջ ու մի սիգարետ էլ ծխեցի։ Փենսիից դուրս գալուց հետո երևի արդեն երկու տուփ սիգարետ ծխած կլինեի։
Ու հանկարծ հենց որ պառկեցի, ինչ֊որ մեկը ծեծեց դուռը։ Հույսով մտածում էի, որ երևի իմ դուռը չեն ծեծում, բայց հրաշալի հասկանում էի, որ հենց իմ դուռն է։ Չգիտեմ ինչու, բայց անմիջապես հասկացա ով է։ Ես շատ զգայուն եմ։
― Ո՞վ է, ― հարցնում եմ։ Շատ վախեցա։ Այդպիսի հարցերում վախկոտ եմ։
Նորից ծեծեցին։ Միայն թե ավելի ուժգին։
Վերջապես վեր կացա, միայն պիժամայով, ու բացեցի դուռը։ Նույնիսկ լույսը վառելու հարկ չեղավ․ արդեն առավոտ էր։ Շեմքին կանգնած էին այդ Սանին ու Մոիրսը՝ պզուկոտ վերելակավարը։
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում եմ։ ― Ի՞նչ եք ուզում։ ― Ձայնս սոսկալի դողում էր։
― Դատարկ բան, ― ասում է այդ Մորիսը։ ― Ընդամենը հինգ դոլար։ ― Նա խոսում էր երկուսի փոխարեն, իսկ աղջնակը կանգնել էր բերանը բաց և ոչինչ չէր ասում։
― Ես նրան արդեն վճարել եմ, ― ասում եմ։ ― Ես նրան հինգ դոլար եմ տվել։ Իրեն հարցրեք։ ― Օհ, ինչպե՜ս էր դողում ձայնս։
― Տասը պետք է տաք, շեֆ։ Ես ձեզ ասացի, տասը ժամանակավորապես, տասնհինգ՝ ամբողջ գիշերվա համար։ Ես ձեզ ասացի, չէ՞։
― Ճիշտ չէ, չեք ասել։ Դուք ասացիք՝ հինգ ժամանակավորապես, տասնհինգ՝ ամբողջ գիշերվա համար, ես շատ լավ եմ լսել․․․
― Շուտ արեք, շեֆ։
― Ինչի՞ համար, ― հարցնում եմ։ Աստված իմ, սիրտս այնպես էր տրոփում, որ ասես հիմա դուրս է թռչելու։ Գոնե հագնված լինեի։ Անտանելի է պիժամայով կանգնել, երբ այդպիսի բան է կատարվում։
― Դե, տվեք, շեֆ, տվե՛ք, ― ասում է Մորիսը։ Ու այնպես է հրում իր կեղտոտ թաթով, որ քիչ է մնում շրմփամ հատակին․ շատ ուժեղ էր շան որդին։ Ու դեռ չէի սթափվել, որ երկուսն էլ հայտնվեցին սենյաակում։ Այնպիսի տեսք ունեին, ասես թե իրենց սենյակն էր։ Սանին նստեց լուսամուտագոգին։ Մորիսը նստեց բազկաթոռին ու արձակեց օձիքը․ նրա հագին վերելակավարի համազգեստ էր։ Տեր աստված, ինչպե՜ս էի նյարդայնանում։ ― Դե լավ, շեֆ, հանեք փողերը, ես պիտի գործի գնամ։
― Ձեզ արդեն ասացի, այլևս ոչ մի ցենտ պարտք չեմ։ Ես նրան հինգանոց եմ տվել։
― Հերիք է աչքներիս թոզ փչեք, փողը դրեք սեղանին։
― Ինչի՞ համար պետք է հինգ դոլար տամ, ― ասում եմ ես, ու ձայնս այնպե՜ս է դողում։ ― Դուք ուզում եք ինձ կողոպտել։
Մորիսը մինչև վերջ արձակեց բաճկոնի կոճակները։ Դրա տակ կեղծ օձիք էր, առանց վերնաշապկի։ Նա հաստ, մազոտ ու վիթխարի փոր ուներ։
― Ոչ ոք ոչ ոքի չի ուզում կողոպտել, ― ասում է նա։ ― Փողը տվեք, շեֆ։
― Չեմ տա։
Դեռ խոսքս բերանումս՝ նա վեր կացավ ու եկավ ինձ վրա։ Նա այնպիսի տեսք ուներ, ասես սոսկալի հոգնած էր կամ ուղղակի զահլան գնացել էր։ Տեր աստված, ինչպե՜ս վախեցա։ Հիշում եմ, ձեռքերս խաչեցի կրծքիս։ Ամենավատն այն էր, որ ես պիժամայով էի։
― Փողը տվեք, շեֆ, ― նա կիպ մոտեցավ ինձ։ Անվերջ նույն բանն էր կրկնում։ ― Տվեք փողը, շե՛ֆ։ ― Իսկակա՜ն կրետին։
― Չե՛մ տա։
― Շեֆ, դուք ինձ համբերությունից հանում եք։ Ստիպված կլինեմ ձեզ հետ կոպտորեն վարվել։ Չեմ ուզում ձեր քեֆին կպչեմ, բայց երևում է ուրիշ ճար չկա։ Դուք մեզ պարտք եք հինգ դոլար։
― Ես ոչ մի բան էլ պարտք չեմ, ― ասում եմ։ ― Իսկ եթե մատով դիպչեք ինձ, այնպես կգոռամ, որ ամբողջ հյուրանոցը գլխիդ կհավաքեմ։ Ոստիկանությանը, բոլորին ոտքի կհանեմ, ― խոսում եմ, բայց ձայնս դոնդողի պես դողում է։
― Դե գոռա՛։ Գոռա՛, ինչքան քեֆդ կտա։ Սկսի՛ր։ Ուզում ես, ծնողներդ իմանան, որ գիշերն աղջկա հետ ես անցկացրե՞լ։ Հլա դեռ լավ ընտանիքի զավակ ես համարվում։ ― Շա՜տ խորամանկն էր այդ շան որդին։ Շա՜տ։
― Ինձ հանգիստ թողեք։ Ուրիշ բան, եթե ասած լինեիք՝ տասը։ Դուք որոշակիորեն ասացիք․․․
― Փողը տալի՞ս եք, թե չէ, ― նա ինձ դեմ տվեց դռանը։ Իր փրչոտ ուռած փորը ուղղակի գցել էր վրաս։
― Հանգիստ թողեք ինձ ու կորեք իմ սենյակից, ― ասացի ես։ Իսկ ինքս ձեռքերս խաչել ու տեղիցս էլ չեմ շարժվում։ Տեր աստված, ինչպիսի՜ ոչնչություն եմ ես։
Հանկարծ Սանին խոսեց․ մինչ այդ նա լուռ էր։
― Լսիր, Մորիս, վերցնե՞մ դրա դրամապանակը։ Այ, այնտեղ է, այն բանի վրա․․․
― Այո՛, այո՛, վերցրու։
― Արդեն վերցրի, ― ասում է Սանին ու ինձ ցույց տալիս հինգ դոլարանոցը։ ― Տե՞ս, ավելին չեմ վերցնում, միայն պարտքս։ Ես գող չեմ։ Մենք գող չենք։
Ու հանկարծ ես լաց եղա, չեմ ուզում լալ, բայց լալիս եմ։
― Հա՜, գող չեք։ Հինգ դոլարը գողանում են ու ասում՝ գող չենք։
― Ձա՛յնդ, ― ասում է Մորիսն ու հրում ինձ։
― Թող կորչի, լսո՞ւմ ես, ― ասում է Սանին։ ― Արի գնանք։ Մենք մեր պարտքն ստացանք։ Գնա՛նք։ Լսո՞ւմ ես, գնանք այստեղից։
― Գալիս եմ, ― ասում է Մորիսը, բայց կանգնած է դեռ։
― Մորիս, լսո՞ւմ ես, ասում եմ, թո՛ղ դրան։
― Իսկ ո՞վ է նրան ձեռք տալիս որ, ― պատասխանում է նա անմեղ ձայնով։ Ու հանկարծ այնպես է հասցնում պիժամայիս։ Չեմ ասում, որ մասիս, բայց սոսկալի ցավ զգացի։ Ես գոռացի, որ նա կեղտոտ, ստոր կրետին է։
― Ի՞նչ ասացիր, ― ասում է։ Ու ձեռքը դրել է ականջին ինչպես խուլը։ ― Ինչ ասացի՞ր։ Ես ո՞վ եմ։
Իսկ ես կանգնած զռում եմ։ Կատաղությունս գալիս է, համբերությունից հանեց ինձ։
― Դու ստոր, կեղտո՛տ կրետին ես, ― ասում եմ։ ― Կեղտոտ կրետին ես, խաբեբա, իսկ մի երկու տարի հետո մուրացիկ ես դառնալու, փողոցներում ողորմություն հավաքես։ Բլուզդ փսլնքոտած, կեղտոտ, հոտած ման ես գալու փողոցներում․․․
Այստեղ նա այնպս հասցրեց, որ չկարողացա մի կողմ թեքվել, սոսկալի հարված զգացի փորիս։
Գիտակցությունս չկորցրի, որովհետև հիշում եմ, հատակին ընկած նայում էի, թե ինչպես գնացին նրանք ու իրենց ետևից ծածկեցին դուռը։ Երկար ժամանակ վեր չէի կենում տեղիցս, ինչպես այն ժամանակ Ստրեյդլեյթերի հետ կռվելուց հետո․․․ Բայց հիմա ինձ թվում էր, թե մեռնում եմ, ազնիվ խոսք։ Թվում էր, թե խեղդվում եմ, շունչս կտրվում էր, չէի կարողանում արտաշնչել։ Իսկ երբ ելա և գնացի լոգարան, չէի կարող նույնիսկ կռանալ, երկու ձեռքով բռնել էի փորս։
Բայց ես, հավանաբար, խենթ եմ, աստված վկա, գիժ եմ ուղղակի։ Լոգարան գնալիս երևակայեցի, թե իբր գնդակ կա աղիքներիս մեջ։ Երևակայեցի, թե Մորիսը կրակել է ինձ վրա։ Ու հիմա գնում եմ լոգարան, որպեսզի մի կում հին վիսկի խմեմ, նյարդերս հանգստացնելու համար, և գործի անցնեմ։ Պատկերացրի, որ դուրս եմ գալիս լոգարանից արդեն հագնված, ատրճանակը ձեռքիս, ու թեթևակի օրորվում եմ։ Ու իջնում եմ աստիճաններով, վերելակ, իհարկե, չեմ նստում։ Գնում եմ բազրիքից բռնած, արյունը կաթում է բերանիս անկյունից։ Ես մի քանի հարկ այդպես ցած կիջնեի փորս բռնած, արյունը կհոսեր հատակի վրա, ու հետո կկանչեի վերելակը։ Ու հենց որ այդ Մորիսը բացեր դուռը, տեսներ ինձ ատրճանակը ձեռքիս, կգոռար սարսափից, վայնասուն կբարձրացներ, որպեսզի ձեռք չտամ իրեն։ Բայց ես նրան ցույց կտայի։ Միանգամից վեց գնդակ կարձակեի նրա ճարպոտ ու փրչոտ փորի մեջ։ Հետո ատրճանակը՝ կնետեի վերելակի հորը, իհարկե, նախապես մաքրելով մատնահետքերս։ Ապա կսողայի իմ համարը ու կզանգահարեի Ջեյնին, որպեսզի նա գար ու կապեր իմ վերքը։ Ու պատկերացնում էի, թե նա ինչպես է սիգարետը բռնել իմ շրթունքների մոտ, իսկ ես ծխում եմ ու արնաքամ լինում։
Անիծյալ կինս։ Այ թե ինչ օրի է գցում մարդուն։ Ինքներդ էլ հասկանում եք․․․
Ես լոգարանում նստեցի մոտ մի ժամ, լոգանք ընդունեցի, մի քիչ ուշքի եկա։ Հետո անկողին մտա։ Երկար ժամանակ չէի կարողանում քնել, ― բոլորովին չէի հոգնել, ― բայց ի վերջո քնեցի։ Շատ էի ուզում վերջ տալ կյանքիս։ Պատուհանից դուրս նետվել։ Թերևս դուրս նետվեի, եթե համոզված լինեի, որ որևէ մեկը անմիջապես կմոտենա ու կծածկի ինձ։ Չէի ցանկանա, որ ինչ֊որ հետաքրքրասեր ապուշներ հավաքվեն նայելու, թե ես ինչպես եմ ընկած արնաշաղախ վիճակում։