Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Ավելացվել է 56 718 բայտ, 15:56, 16 Մարտի 2015
/* 24 */
― Շատ շնորհակալություն, ― ասում եմ։ ― Ցտեսություն։ ― Վերջապես վերելակն եկավ։ Ես փակեցի դուռը, սկսեցի իջնել։ Տեր աստվա՜ծ, ինչպես էի դողացնում։ Քրտինքս էլ վրա էր տվել։ Երբ ինձ հետ անսպասելի բան է տեղի ունենում, քրտինքս վրա է տալիս։ Իսկ դպրոցում մի քսան անգամ ամեն տեսակ այլանդակություններ էի հանդիպել։ Մանկուց սկսած։ Ատում եմ։
 
 
==25==
 
 
Երբ դուրս եկա տնից, սկսել էր լուսանալ։ Սոսկալի ցուրտ էր, բայց ինձ համար հաճելի էր, որովհետև քրտնել էի։
 
Բոլորովին չգիտեի, թե ուր գնամ։ Քույրիկիս փողերով հյուրանոցում համար վարձել չէի ուզում։ Վերջ ի վերջո, ոտքով գնացի մինչև Լեքսինգտոն և մետրո նստեցի մինչև Կենտրոնական կայարան։ Ճամպրուկներս կայարաում էին, ու ես որոշեցի քնել սպասասրահում, այնտեղ, ուր ամրացված են այդ անիծյալ նստարանները։ Այդպես էլ արեցի։ Սկզբում ոչինչ, մարդիկ քիչ կային, կարելի էր պառկել, ոտքերը մեկնել նստարանի վրա։ Բայց ես չեմ ուզում այդ մասին պատմել, բավական զզվելի զգացում է։ Ավելի լավ է, այնտեղ մի՛ գնացեք։ Լուրջ եմ ասում։ Թախիծ է պատում հոգիդ։
 
Քնեցի մինչև ժամը ինը, այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ լցվեցին, հարկադրված եղա ոտքերս քաշել։ Իսկ ոտքերս կախած ես չեմ կարողանում քնել։ Նստեցի։ Գլուխս առաջվա պես ցավում էր։ Նույնիսկ ավելի ուժեղ։ Իսկ տրամադրությունս այնքան վատ էր, որ կյանքումս երբեք այդքան վատ տրամադրություն չեմ ունեցել։
 
Չէի ուզում մտածել միստր Անտոլինիի մասին, բայց չէի կարող չմտածել․ ի՞նչ է ասելու իր կնոջը, երբ սա տեսնի, որ այնտեղ չեմ գիշերել։ Բայց ինձ դա չէր անհանգստացնում, ես հրաշալի գիտեի, որ միստր Անտոլինին բավականաչափ խելացի է և պատասխան կգտնի։ Կասի, որ տուն եմ գնացել, և վերջ։ Դա ինձ շատ չէր անհանգստացնում։ Ինձ մի ուրիշ բան էր տանջում, այն, թե ինչպես արթնացա ես նրա ձեռքի հպումից։ Հասկանո՞ւմ եք, հանկարծ սկսեցի մտածել՝ գուցե ես անտեղի ենթադրեցի, թե նա ուզում է ինձ կպչել։ Գուցե պարզապես ուզում էր շոյել գլուխս, գուցե սիրում է շոյել երեխաների գլուխը, երբ նրանք քնած են։ Մի՞թե կարող ես հաստատ ասել։ Երբեք չես կարող։ Մտածեցի նույնիսկ, որ պետք է ճամպրուկներն առնեի ու վերադառնայի նրանց տուն, ինչպես խոստացել էի։ Հասկանո՞ւմ եք, ես մտածեցի, որ եթե նույնիսկ նա տարօրինակություններ ունի, միևնույն է, իմ հանդեպ շատ լավ է վերաբերվել։ Չի բարկացել, որ գիշերվա կեսին արթնացրել եմ նրան, ասաց՝ արի թեկուզ հիմա, եթե հարկավոր է։ Եվ ինչպե՜ս էր ջանք թափում, ամեն տեսակ խորհուրդներ էր տալիս մտածելակերպի և այլնի մասին, և ինչպես միայն նա չվախեցավ ու մոտեցավ այն տղային՝ Ջեյմս Քասլին, երբ նա ընկած էր մեռած, հիշո՞ւմ եք, ես ձեզ պատմել եմ։ Ես նստել մտածում էի այդ ամենի մասին։ Ու որքան շատ էի մտածում, այնքան ընկնում էր տրամադրությունս։ Ինձ տանջում էր այն միտքը, թե հարկավոր է վերադառնալ նրա տուն։ Հավանաբար, նա իսկապես հենց այնպես էր շոյում գլուխս։
 
Ու որքան շատ էի մտածում դրա մասին, այնքան ավելի էի տանջվում ու տխրում։ Այդ ժամանակ հակառակի պես սկսեցին աչքերս էլ ցավել։ Ցավում են, կսկծում անիծվածների պես, այն պատճառով, որ անքուն եմ։ Հետո հարբուխ սկսվեց, ես էլ թաշկինակ չունեի։ Ճամպրուկներիս մեջ կային, բայց չէի ուզում ճամպրուկները վերցնել պահպանման կետից ու բոլորի աչքի առաջ բացել։
 
Կողքիս նստարանի վրա ինչ֊որ մեկը ամսագիր էր մոռացել, սկսեցի կարդալ։ Գուցե, դադարեմ միստր Անտոլինիի ու հազար ու մի բաների մասին մտածելուց, գոնե ժամանակավորապես մոռանամ։ Բայց այդ անիծյալ հոդվածից հարյուրապատիկ վատացա։ Այնտեղ բազմապիսի հորմոնների մասին էր գրված։ Նկարագրված էր, թե ինչպիսի տեսք պետք է ունենանք, ինչպիսի դեմք, աչքեր, եթե ձեր բոլոր հորմոնները կարգին են, իսկ իմ տեսքը ճիշտ հակառակն էր․ ես ճիշտ այնպիսի տեսք ունեի, ինչպես հոդվածում նկարագրվածը, որի բոլոր հորմոնները խախտված էին։ Սկսեցի սոսկալի անհանգստանալ, թե ինչ է պատահել իմ հորմոններին։ Հետո սկսեցի մեկ ուրիշ հոդված կարդալ․ ինչպես կանխավ որոշել՝ քաղցկեղ ունե՞ս, թե ոչ։ Այնտեղ գրված էր, որ եթե բերանում խոցեր կան, որոնք երկար ժամանակ չեն բուժվում, նշանակում է, ամենայն հավանականությամբ դու հիվանդ ես քաղցկեղով։ Իսկ իմ շրթունքին ներսի կողմից արդեն երկու շաբաթ էր, որ վերք կար։ Հը՜մ, ուրախ ամսագիր է, խոսք չկա։ Ես մի կողմ նետեցի այն ու գնացի ման գալու։ Հաշվեցի, որ եթե քաղցկեղ ունեմ, ապա երկու֊երեք ամսից հետո կմեռնեմ։ Լրջորեն այդպես էլ մտածում էի։ Հաստատ համոզված էի, որ կմեռնեմ։ Ու տրամադրությունս դրանից, պարզ է, չէր լավանում։
 
Կարծես թե անձրև էր գալիս, բայց ես, միևնույն է, գնացի զբոսնելու։ Նախ հարկավոր էր նախաճաշել։ Ախորժակ չունեի, բայց, հասկանում էի, որ, այնուամենայնիվ, հարկավոր է ամրապնդվել։ Համենայն դեպս, մի որևէ սննդավետ բան ուտել։ Գնացի դեպի արևելյան թաղամասերը, որտեղ ռեստորանները համեմատաբար էժան են․ չէի ուզում շատ ծախսել։
 
Ճանապարհին տեսա, թե ինչպես երկու մարդ տոնածառ էին իջեցնում մեքենայից։ Եվ մեկը անընդհատ ձայն էր տալիս մյուսին՝ բռնիր այդ գրողի տարած տիկնիկը, ամուր բռնիր, դրան այդպես է պետք։ Շատ գեղեցիկ է այդպես խոսել Ծննդյան տոնածառի մասին։ Բայց չգիտեմ ինչու ծիծաղս եկավ, ու ես քրքրջացի։ Ավելի վատ չէր կարող լինել, սիրտս սկսեց խառնել, քիչ էր մնում ետ տայի, բայց հետո անցավ, ինքս էլ չգիտեմ ինչպես։ Չէ՞ որ ես որևէ հնացած բան չէի կերել, բացի այդ էլ, դիմացկուն ստամոքս ունեմ։
 
Մի խոսքով, առայժմ ամեն ինչ անցավ, ու ես որոշեցի ուտել։ Մտա մի շատ էժանագին ռեստորան և փքաբլիթներ ու սուրճ պատվիրեցի։ Միայն թե փքաբլիթները չկերա, չկարողացա ուտել։ Եթե տրամադրությունդ շատ է ընկած, դժվար է կուլ գնում։ Բայց մատուցողը հիանալի մարդ էր։ Նա փքաբլիթները ետ տարավ ու ինձնից ոչինչ չվերցրեց։ Ես միայն սուրճ խմեցի ու գնացի Հինգերորդ ավենյուի կողմը։
 
Երկուշաբթի էր, մոտենում էին Ծննդյան տոները, և խանութներում աշխույժ առևտուր էր գնում։ Հինգերորդ ավենյուում շատ հաճելի էր։ Տոնական տրամադրություն էր զգացվում։ Բոլոր անկյուններում մորուքավոր Կլաուսներ էին կանգնած, զնգզնգում էին զանգակները, և փրկության բանակի կանայք, նրանք, որոնք երբեք չեն ներկում շրթունքները, նույնպես զանգակներ էին հնչեցնում։ Ես անվերջ որոնում էի այն երկու միանձնուհիներին, որոնց հետ նախաճաշել էի նախորդ օրը, բայց նրանք ոչ մի տեղ չէին երևում։ Ինչևէ, այդպես էլ գիտեի, որովհետև նրանք ասացին, որ եկել են Նյու֊Յորք ուսուցչություն անելու, բայց և այնպես որոնում էի։ Համենայն դեպս, տրամադրությունս հանկարծ տոնական դարձավ։ Մայրերի հետ հազարավոր երեխաներ էին դուրս գալիս ավտոբուսներից, ելումուտ անում խանութները։ Ի՜նչ լավ կլիներ, եթե Ֆիբին ինձ հետ լիներ։ Նա այնքան փոքր չէ, որ գժվի խաղալիքների համար, բայց սիրում է նայել ամբոխին ու հազար ու մի խենթություններ հորինել։ Անցյալ Ծննդյան տոներին նրան քաղաք տարա գնումներ կատարելու։ Ի՜նչ ասես, որ չարեցինք։ Կարծեմ դա Բլունինգդեյլի մոտ էր։ Մենք մտանք կոշիկի խանութ ու ձևացրինք, թե քրոջս հարկավոր են այդ երկարաճիտ լեռնային կոշիկներից, գիտե՞ք, ա՛յն, որ հարյուր անցքեր ունեն կապիչների համար։ Ուղղակի գժվացրինք այդ վաճառողին։ Իմ Ֆիբին մի քսան զույգ փորձեց, ու ամեն անգամ վաճառողը ստիպված էր լինում նրա կոշիկի կապիչներն ամրացնել մինչև ծունկը։ Խոզություն էր, իհարկե, բայց Ֆիբին ուղղակի մեռնում էր։ Վերջ ի վերջո մենք մի զույգ տնային կոշիկներ գնեցինք և խնդրեցինք ուղղարկել տուն։ Վաճառողը հրաշալի մարդ դուրս եկավ։ Իմ կարծիքով նա հասկանում էր, որ մենք խաղում ենք, որովհետև Ֆիբին անվերջ քրքջում էր։
 
Ես քայլում էի հինգերորդ ավենյուով, քայլում էի առանց փողկապի, գնում էի ու գնում։ Եվ հանկարծ մի սոսկալի բան կատարվեց ինձ հետ։ Ամեն անգամ, երբ հասնում էի թաղամասի վերջը և մայթից իջնում էի սալարկուղի, ինձ սկսում էր թվալ, որ ոչ մի կերպ չեմ կարողանալու անցնել մյուս կողմը։ Թվում էր, թե հանկարծ կգլորվեմ ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ, ու ինձ այլևս չեն տեսնի մարդիկ։ Օ՛հ, որքա՜ն վախեցա, նույնիսկ չեք կարող պատկերացենլ։ Ես ամբողջապես քրտնել էի, ամբողջ վերնաշապիսկս ու սպիտակեղենս ջուր էին դարձել։ Եվ սկսեցի մի բան անել։ Հենց որ հասնում էի անկյունին, սկսում էի խոսել իմ եղբոր՝ Ալլիի հետ։ Ես նրան ասում էի․ «Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, խնդրում եմ քեզ»։ Ու հենց որ բարեհաջող հասնում էի մյուս մայթը, ասում էի․ «Շնորհակալություն»։ Ու այդպես բոլոր անկյուններում նորից էի սկսում։ Բայց կանգ չէի առնում։ Կարծեմ, վախենում էի կանգ առնել, ճիշտն ասած, լավ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ հասա Վաթսուներորդ փողոցին, կենդանաբանական այգու մոտով, աստված գիտե, թե ուր։ Այստեղ նստեցի նստարանին։ Քրտինքը կարկտի պես թափվում էր վրայիցս։ Մոտ մի ժամ երևի նստեցի այդ նստարանին։ Վերջապես որոշեցի, թե ինչ պետք է անեմ։ Որոշեցի մեկնել։ Որոշեցի, որ այլևս տուն չեմ վերադառնա և ոչ մի դպրոց էլ չեմ ընդունվի։ Որոշեցի, որ կհանդիպեմ քրոջս, փողը կտամ իրեն, իսկ հետո դուրս կգամ խճուղի ու պատահական մեքենաներով կգնամ հեռո՜ւ Արևմուտք։ Որոշեցի նախ դուրս գալ Հոլլենդ֊Թաննել, այնտեղից պատահական մեքենայով ավելի հեռու, հետո՝ էլի, այնպես որ մի քանի օր հետո կլինեմ հեռավոր Արևմուտքում, որտեղ տաք ու գեղեցիկ է, և որտեղ ոչ ոք ինձ չի ճանաչում։ Ու այնտեղ աշխատանք կճարեմ ինձ համար։ Մտածեցի, որ հեշտությամբ աշխատանք կճարեմ մի որևէ բենզակայանում, կսպասարկեմ ուղևորներին։ Մի խոսքով ինձ համար բոլորովին միևնույն էր, թե ինչ աշխատանք կանեի, միայն թե ոչ ոք ինձ չճանաչեր ու ես էլ ոչ ոքի չճանաչեի։ Որոշեցի ահա թե ինչ անել․ խուլ ու համր ձևանալ։ Այդ դեպքում հարկ չէր լինի ոչ մեկի հետ ոչ մի տեսակ անմիտ հիամար խոսակցություններ ունենալ։ Եթե որևէ մեկը ցանկանա ինձ հետ խոսել, հարկադրված կլինի թղթի վրա գրել ու ցույց տալ ինձ։ Դա վերջ ի վերջո կձանձրացնի նրանց, ու ես ամբողջ կյանքումս կազատվեմ խոսակցություններից։ Բոլորը կհամարրեն, որ ես դժբախտ ու խուլ հիմար եմ ու հանգիստ կթողնեն ինձ։ Ես վառելանյութ կլցնեմ նրանց հիմար մեքենաները, դրա դիմաց աշխատավարձ կստանամ, ետ գցած փողերովս խրճիթ կշինեմ և մինչև կյանքիս վերջը կապրեմ այնտեղ։ Խրճիթը կշինեմ անտառի եզրին, միայն ոչ թավուտում, ես սիրում եմ, որ արևը լավ է լուսավորում։ Ինքս էլ ճաշ կպատրաստեմ, իսկ հետագայում, երբ ցանկանամ ամուսնանալ, գուցե հանդիպեմ մի որևէ խուլ ու համր գեղեցկուհու, և մենք ամուսնանանք։ Նա ինձ հետ կապրի խրճիթում, իսկ եթե կուզի ինչ֊որ բան ասել, նա էլ կգրի թղթի վրա։ Երբ երեխաներ ունենանք, մենք նրանց թաքուն կպահենք բոլորից։ Շատ գրքեր կառնենք նրանց համար ու ինքներս էլ գրել֊կարդալ կսովորեցնենք։
 
Ես ուղղակի բորբոքվել էի, ազնիվ խոսք։ Իհարկե, հիմարություն էր մտածել, թե խուլ ու համր կձևանամ, բայց միևնույն է, ինձ դուր էր գալիս պատկերացնել, թե դա ինչպես է լինելու։ Ու հաստատ որոշեցի գնալ դեպի Արևմուտք։ Մնում էր միայն հրաժեշտ տալ Ֆիբիին։ Ես վեր թռա ու գժի պես սլացա փողոցով, ճիշտն ասած, քիչ մնաց ընկնեի մեքենայի տակ, ուղիղ գրախանութ վազեցի, բլոկնոտ ու մատիտ գնեցի։ Որոշեցի երկտող գրել Ֆիբիին, թե որտեղ և ինչպես հանդիպենք, որպեսզի կարողանամ հրաժեշտ տալ և վերադարձնել նվերի փողերը։ Երկտողը կտանեմ դպրոց, այնտեղ գրասենյակի աշխատողներից որևէ մեկին կխնդրեմ հանձնել Ֆիբիին։ Եվ, բլոկնոտն ու մատիտը գրպանս դնելով, վազեցի դեպի դպրոց․ ես չափից շատ էի հուզվում, չէի կարող երկտողը գրախանութում գրել։ Շատ էի շտապում, հարկավոր էր երկտողը ժամանակին հասցնել, քանի դեռ նա տուն չէր գնացել նախաճաշելու, շատ քիչ ժամանակ էր մնացել։
 
Դպրոցը լավ էի ճանաչում, որովհետև փոքր ժամանակ ինքս էլ այնտեղ էի գնում։ Երբ բակ մտա, մի տեսակ դարձա։ Չէի կարծում, թե ամեն ինչ այդպես լավ կհիշեմ, բայց, պարզվեց, ամեն ինչ հիշում էի։ Ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես իմ ժամանակ։ Նույն վիթխարի մարմնամարզական դահլիճը ցածում, որտեղ միշտ լավ չէր լուսավորվում, նույն մետաղալարի ցանցերը լամպերի շուրջը, որպեսզի գնդակը կպչելիս չջարդվեն։ Հատակին նույն սպիտակ շրջանագծերը զանազան խաղերի համար։ Եվ բասկետբոլային նույն օղակները առանց ցանցի․ միայն տախտակե պատվանդանն էր և օղակը։
 
Ոչ ոք չէր երևում, հավանաբար, այն պատճառով, որ պարապմունքի ժամ էր, և դասամիջոցը դեռ չէր սկսվել։ Ես միայն մի փոքրիկի տեսա՝ մի սևամորթ տղայի, որ վազում էր զուգարան։ Նրա գրպանից դուրս էր ցցվել փայտե համարը, մեզ էլ էին այդպիսի համար տալիս, ի նշան դասից դուրս գալու թույլտվության։
 
Սիրելի Ֆիբի․
 
Չեմ կարող մինչև չորեքշաբթի սպասել, դրա համար էլ այսօր երեկոյան ճանապարհ կընկնեմ դեպի Արևմուտք։ Ինձ սպասիր թանգարանում, մուտքի մոտ, տասներկուսն ան տասնհինգ, եթե կարող ես, և ես քո նվերի փողերը կվերադարձնեմ։ Շատ քիչ եմ ծախսել։
 
Համբուրում եմ։ Հոլդեն։
 
Թանգարանը ուղղակի դպրոցի կողքին էր, միևնույն է, նախաճաշից հետո Ֆիբին այնտեղով պիտի անցներ, ու գիտեի, որ նա ինձ կհանդիպի։
 
Աստիճաններով բարձրացա դիրեկտորի գրասենյկը, որպեսզի խնդրեմ որևէ մեկին՝ երկտողը հանձնել քույրիկիս։ Ես մի տասը տակ ծալեցի թուղթը, որպեսզի ոչ ոք չկարդա։ Այդ գարշելի դպրոցներում ոչ ոքի հնարավոր չէ վստահել։ Բայց եղբոր երկտողը, գիտեի, որ անպայման կհանձնեն։
 
Երբ աստիճաններով վեր էի բարձրանում, էլի սիրտս խառնեց․ բայց հետո անցավ։ Մի քիչ նստեցի, հետո լավ զգացի ինձ։ Ինչ֊որ մեկը պատի վրա անպատկառ բառ էր գրել։ Ես զայրույթից ուղղակի կատաղեցի։ Պատկերացրի, որ Ֆիբին ու մյուս երեխաները կարող են կարդալ ու հարցնել, թե դա ինչ բան է, իսկ մի որևէ կեղտոտ տղա նրանց կբացատրի, այն էլ հիմարավարի, թե դա ինչ է նշանակում, և երեխաները կսկսեն նման բաներ մտածել ու հուզվել։ Ես պատրաստ էի սպանել գրողին։ Պատկերացրի, որ մի որևէ սրիկա, անբարոյական իր կարիքի համար գիշերով մտել է դպրոց, իսկ հետո պատի վրա գրել այդ խոսքերը։ Ու պատկերացրի, թե ինչպես եմ նրան բռնում հանցանքի վայրում և գլուխը խփում քարե աստիճաններին, մինչև որ սատկում է արնաշաղախ եղած։ Բայց մտածեցի, որ համարձակությունս չի բավարարի։ Ես ինձ գիտեմ։ Եու դրանից ավելի վատ զգացի։ Ճիշտն ասած, համարձակությունս չբավարարեց նույնիսկ դա պատից մաքրել։ Վախեցա, հանկարծ ուսուցիչներից որևէ մեկը տեսնի մաքրելիս ու կարծի, թե ես եմ գրել։ Բայց հետո, այնուամենայնիվ, մաքրեցի։ Մաքրեցի ու գնացի դիրեկտորի գրասենյակ։
 
Դիրեկտորն այնտեղ չէր, բայց գրամեքենայի ետևում նստած էր հարյուրին մոտ մի պառավ։ Ասացի, որ ես 4֊րդ «բ»֊ի Ֆիբի Քոլֆիլդի եղբայրն եմ և շատ եմ խնդրում այս երկտողը հանձնել նրան։ Ասացի, որ դա շատ կարևոր է, որովհետև մայրիկը վատառողջ է ու նախաճաշ չի պատրաստել Ֆիբիի համար, և որ ես պիտի հանդիպիեմ Ֆիբիին ու նրան կերակրեմ նախաճաշարանում։ Պառավը շատ բարեհամբյուր կին դուրս եկավ։ Նա վերցրեց երկտողը, հարևան սենյակից կանչեց ինչ֊որ մի կնոջ, և սա երկտողը տարավ հանձնելու Ֆիբիին։ Հետո ես մի քիչ զրուցեցի այդ հարյուրամյա կնոջ հետ։ Նա շատ բարեհամբյուր կին էր, ու ես պատմեցի, որ մենք բոլորս՝ ես ու իմ եղբայրները, այդ դպրոցում ենք սովորել։ Նա հարցրեց, թե հիմա որտեղ եմ սովորում, ասացի՝ Փենսիում, և նա ասաց՝ Փենսին շատ լավ դպրոց է։ Եթե նույնիսկ ցանկանայի բռնությամբ նրան խելքի բերել, համարձակությունս չէր բավարարի։ Թող նա էլ կարծի, թե Փենսին լավ դպրոց է։ Հիմարություն է մարդու գլուխը մի նոր բան մտցնել, երբ նա արդեն հարյուր տարու մեջ է։ Բացի այդ էլ, նրանք այդպիսի բաներ չեն սիրում։ Հետո ես հրաժեշտ տվի ու գնացի։ Նա ետևիցս ծղրտաց՝ «Բարի ճանապա՜րհ», ճիշտ ինչպես ծերունի Սպենսերը, երբ մեկնեցի Փենսիից։ Տեր աստվա՜ծ, որքան եմ ատում այդ սովորությունը, ետևից ծղրտալ՝ «Բարի ճանապարհ»։ Դրանից տրամադրությունս ընկնում է։
 
Մյուս սանդուղքով իջա ու նորից պատի վրա լկտիություններ տեսա գրած։ Փորձեցի մաքրել, բայց այս անգամ ինչ֊որ սուր գործիքով էր փորագրված։ Հնարավոր չէր մաքրել։ Եվ անօգուտ էր։ Մարդ եթե միլիոն տարի էլ ժամանակ ունենա, դարձյալ չի հասցնի բոլոր լկտիությունները մաքրել բոլոր պատերի վրայից։
 
Ես նայեցի մարմնամարզական դահլիճի ժամացույցին, ընդամենը երկուսից քսան էր պակաս։ Մինչև ընդմիջումը դեռ շատ ժամանակ կար։ Բայց ես, այնուամենայնիվ, գնացի թանգարան։ Միևնույն է, ուրիշ գնալու տեղ չունենք։ Մտածեցի՝ ավտոմատից չզանգահարե՞մ Ջեյն Գալլահերին, նախքան Արևմուտք գնալս, բայց տրամադրություն չունեի։ Համ էլ համոզված չէի, թե վերադարձած կլինի։ Գնացի թանգարան ու սկսեցի սպասել այնտեղ։
 
Մինչ ես սպասում էի Ֆիբիին թանգարանի մուտքի մոտ, երկու երեխա մոտեցան ու ինձ հարցրին, թե չգիտե՞մ, արդյոք, որտեղ են մումիաները։ Հարցնողի տաբատն արձակված էր։ Ես նրան ասացի՝ կոճկիր։ Եվ նա սկսեց կոճկել իմ աչքի առաջ, առանց ամաչելու, նույնիսկ սյան ետևը չանցավ կամ մի անկյուն չքաշվեց։ Ծիծաղելի է։ Ես հավանաբար կքրքջայի, բայց վախեցա էլի սիրտս խառնի, ու զսպեցի ինձ։
 
― Որտե՞ղ են այդ մումիաները, հը՞, ― կրկնեց տղան։ ― Դուք չգիտե՞ք որտեղ են։
 
Ես որոշեցի նրան բարկացնել։
 
― Մումիանե՞րը, իսկ ի՞նչ բան են դրանք։
 
― Դե, դուք էլ գիտեք, էլի՛, դիակները։ Այն, որ պուրգերի մեջ են պահում։
 
Պուրգերի՞, այ քեզ ծիծաղ, ուզում է ասել՝ բուրգերի։
 
― Իսկ ինչո՞ւ դպրոցում չեք, երեխաներ, ― հարցնում եմ։
 
― Դաս չունենք, ― ասում է այն մեկը, որ անընդհատ խոսում է։ Տեսա, որ խաբում է սրիկան։ Բայց, միևնույն է, մինչև Ֆիբիի գալն անելիք չունեի ու նրանց տարա այնտեղ, որտեղ մումիաներն էին գտնվում։ Առաջ ճիշտ գիտեի, որտեղ են գտնվում, բայց հարյուր տարի կլիներ, որ այնտեղ չէի մտել։
 
― Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է տեսնել մումիաները, ― հարցնում եմ։
 
― Ըհը՛։
 
― Իսկ քո ընկերը հա՞մր է, ինչ է։
 
― Նա ոչ թե ընկերս է, այլ՝ եղբայրս։
 
― Մի՞թե նա չի կարողանում խոսել, ― հարցնում եմ։ ― Դու ի՞նչ է, խոսել չգիտե՞ս։
 
― Գիտեմ, ― պատասխանում է, ― միայն թե չեմ ուզում։
 
Վերջապես գտանք այն սրահի մուտքը, որտեղ գտնվում են մումիաները։
 
― Իսկ դուք գիտե՞ք, եգիպտացիներն ինչպես էին թաղում իրենց մեռելներին, ― հարցնում եմ զրուցասերին։
 
― Ոո՜չ։
 
― Հարկավոր է իմանալ։ Դա շատ հետաքրքիր է։ Նրանք փաթաթում էին դիակների գլուխները այնպիսի գործվածքներով, որոնք ներծծված էին հատուկ գաղտնի նյութով։ Ու այդ դիակները կարելի էր պահել թեկուզև հազար տարի, միևնույն է, դրանց գլուխները չէին փտի։ Եգիպտացիներից բացի ոչ ոք չէր կարողանում անել այդ բանը։ Ժամանակակից գիտութունը նույնիսկ չգիտի ինչպես էր արվում դա։
 
Մումիաները տեսնելու համար հարկավոր էր անցնել շատ նեղլիկ միջանցքով, որը պատված էր ուղղակի փարավոնների գերեզմանից վերցված սալաքարերով։ Բավական սահմռկեցուցիչ տեղ է, և տեսա, թե ինչպես այդ երկու քաջերը, որոնց տանում էի, կարգին վախենում են։ Կատվի ձագերի պես սեղմվել էին ինձ, իսկ չխոսկանը նույնիսկ կառչել էր իմ թևքից։
 
― Գնանք տուն, ― հանկարծ ասաց նա։ ― Ես արդեն ամեն ինչ տեսա։ Շո՛ւտ գնանք։ ― Նա շուռ եկավ ու փախավ։
 
― Նա վախկոտ է, ամեն ինչից վախենում է, ― ասաց մյուսը։ ― Առայժմ, ― և նույնպես վազեց եղբոր ետևից։
 
Ես մենակ մնացի գերեզմանաքարերի մեջ։ Ինձ դուր էր գալիս այդտեղ։ Ու հանկարծ պատի վրա տեսա, գուշակեցեք, թե ինչ։ Դարձյալ լկտիություններ։ Կարմիր մատիտով, ուղղակի ապակեպատ ցուցափեղկի տակ, քարի վրա։
 
Ամբողջ դժբախտությունն էլ հենց այդ է։ Անհնար է գտնել մի խաղաղ, հանգիստ անկյուն։ Չէ, այս աշխարհում այդպիսի տեղ չկա։ Երբեմն մտածում ես, իսկ գուցեև կա, բայց մինչև հասնես այնտեղ, որևէ մեկը թաքուն առաջ կանցնի քեզնից ու մի որևէ անվայել բան կգրի ուղղակի քթիդ տակ։ Ինքներդ ստուգեցեք։ Ինձ երբեմն թվում է, ա՛յ, կմեռնեմ․ կընկնեմ գերեզմանոց, հուշարձան կդնեն գերեզմանիս, վրան կգրեն «Հոլդեն Քոլֆիլդ», ծննդյան ու մահվան թիվը, և այդ ամենի տակ էլի որևէ մեկը անվայել բան կխզբզի։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։
 
Ես դուրս եկա մումիաների դահլիճից ու գնացի զուգարան։ Լուծ էի ընկել, ճիշտն ասած։ Բայց դրանից չվախեցա, վախեցա մեկ այլ բանից։ Զուգարանից դուրս գալու ժամանակ կորցրի գիտակցությունս։ Բախտս բերեց դեռ, որ հաջող ընկա։ Կարող էի գլուխս ջարդել հատակին խփելուց, բայց ուղղակի կողքիս վրա ընկա։ Տարօրինակ զգացում է դա։ Սակայն ուշաթափությունից հետո ես ինձ լավ զգացի։ Ձեռքս, ճիշտ է, ցավում էր, բայց գլուխս էլ շատ չէր պտտվում։
 
Արդեն տասներկուսն անց տասն էր, և ես գնացի մուտքի մոտ ու սպասեցի իմ Ֆիբիին։ Մտածեցի, որ գուցե վերջին անգամ եմ տեսնում նրան։ Եվ ընդհանրապես հարազատներիցս այլևս ոչ մեկին չեմ տեսնի։ Այսինքն, իհարկե, կտեսնեմ որևէ մեկին, միայն թե ոչ շուտ։ Գուցե տուն կգամ, երբ երեսունհինգ տարեկան լինեմ, եթե նրանցից որևէ մեկը հանկարծ հիվանդանա ու ցանկանա մահից առաջ տեսնել ինձ․ դա միակ բանն է, որի պատճառով կարող եմ թողնել իմ խրճիթն ու վերադառնալ տուն։ Ես նույնիսկ պատկերացրի, թե ինչպես կվերադառնամ։ Գիտեմ, մայրիկը սոսկալի կհուզվի, լաց կլինի, կխնդրի մնալ, չվերադառնալ իմ խրճիթը, բայց ես, այնուամենայնիվ, կգնամ։ Ես անմատչելի կմնամ, ինչպես սատանան։ Կհանգստացնեմ մայրիկին, կգնամ սենյակի մյուս ծայրը, կհանեմ ծխախոտատուփը ու կծխեմ սառը հանգստությամբ։ Ես նրանց կհրավիրեմ ինձ մոտ, եթե ցանկանան, բայց չեմ ստիպի։ Այնպես կանեմ, որ Ֆիբին հյուր գա ինձ ամռանը, և՛ Ծննդյան տոերին, և՛ զատկի արձակուրդին։ Դ․ Բ֊ն էլ թող գա, թող ապրի ինձ մոտ, երբ աշխատելու համար մի խաղաղ անկյունի կարիք կունենա։ Բայց թույլ չեմ տա, որ իմ խրճիթում որևէ սցենար գրի, միայն պատմվածքներ և գրքեր։ Ես այդպիսի կարգ կհաստատեմ՝ ոչ մի կեղծիք թույլ չեմ տա իմ տանը։ Իսկ ով նույնիսկ թեթևակիորեն փորձի կեղծիք կատարել, թող անմիջապես թողնի և հեռանա։
 
Հանկարծ նայեցի հանդերձարանի ժամացույցին և տեսա, որ մեկից քսանհինգ է պակաս։ Ես վախեցա, հանկարծ գրասենյակի պառավը պատվիրած լինի այն կնոջը՝ երկտողը չտալ Ֆիբիին։ Վախեցա, թե հանկարծ նա այրած լինի երկտողս կամ դեն նետած։ Շատ վախեցա։ Ես շատ էի ուզում քույրիկիս տեսնել մեկնելուց առաջ։ Եվ, բացի այդ, փողն էլ ձեռքիս էր։
 
Հանկարծ տեսա նրան։ Տեսա ապակե դռան ետևից։ Եվ նկատեցի, որովհետև նրա գլխին իմ արտառոց որսորդական գլխարկն էր, տասը մղոնի վրա էլ կտեսնես այդ գլխարկը։
 
Դուրս եկա ու սկսեցի իջնել աստիճաններով։ Մի բան միայն չեի հասկանում՝ ո՞ւր էր տանում այդ վիթխարի ճամպրուկը։ Նա անցնում էր Հինգերորդ ավենյուն ու մի կերպ քարշ էր տալիս մի վիթխարի, անհեթեթ ճամպրուկ։ Հազիվ֊հազ էր տանում։ Երբ մոտեցա, հասկացա, որ դա իմ հին ճամպրուկն է, որ դեռ Հուտտոնի դպրոցում ունեի։ Ոչ մի կերպ չէի հասկանում, թե դա նրա ինչին էր պետք։
 
― Աա՜, ― ասաց նա մոտենալով։ Ուղղակի շունչը կտրվում էր այդ հիմար ճամպրուկի երեսից։
 
― Կարծում էի, թե էլ չես գա, ― ասում եմ։ ― Ինչի՞ համար ես քարշ տալիս այս ճամպրուկը։ Ինձ ոչինչ հարկավոր չէ։ Ես թեթև եմ գնալու։ Նույնիսկ պահ տվածս ճամպրուկները չեմ վերցնելու։ Այդ ի՞նչ ես լցրել։
 
Նա ցած դրեց ճամպրուկը։
 
― Իմ իրերն են, ― ասում է։ ― Ես գալիս եմ քեզ հետ։ Կարելի՞ է։ Հա՞։ Ինձ էլ կտանե՞ս։
 
― Ի՜նչ, ― քիչ էր մնում վայր ընկնեի։ Ազնիվ խոսք, գլուխս պտտվեց, ուր որ է ուշաթափվելու էի։
 
― Ամեն ինչ ետնամուտքով եմ իջեցրել, որպեսզի Չարլինան չտեսնի։ Ծանր չէ։ Ընդամենը երկու շոր է, կոշիկներս, սպիտակեղեն, գուլպաներ և զանազան մանրուք։ Դու փորձիր բարձրացրու։ Շատ թեթև է, դե, փորձիր․․․ Կարելի՞ է, ես էլ գամ քեզ հետ, Հոլդեն։ Կարելի՞ է, հը՞։ Խբդրում եմ, կարելի՞ է, ես էլ․․․
 
― Չէ՛, չի՛ կարելի, լռի՛ր։
 
― Ինչո՞ւ չի կարելի։ Խնդրում եմ, ի՛նձ էլ վերցրու․․․ Հը՞, Հոլդեն, խնդրում եմ։ Ես քեզ չեմ խանգարի, միայն կգամ քեզ հետ, և վերջ։ Եթե կուզես, շորերս էլ չեմ վերցնի, միայն․․․
 
― Ոչինչ էլ չես վերցնի։ Եվ ոչ էլ կգաս։ Ես մենակ եմ գնում։ Ձայնդ կտրիր։
 
― Լա՜վ, էլի, Հոլդեն, խնդրում եմ։ Ես շատ, շատ, շատ․․․ Նույնիսկ չես նկատի։
 
― Դու ոչ մի տեղ չես գա։ Լռիր, լսո՞ւմ ես։ Այստեղ տուր ճամպրուկը։
 
Ես վերցրի ճամպրուկը։ Շատ էի ուզում հասցնել նրա հետույքին։ Եվս մի պահ, ու արդեն պետք է հասցնեի։ Լուրջ եմ ասում։
 
Բայց այստեղ նա լաց եղավ։
 
― Իսկ ես կարծում էի, դու պատրաստվում ես թատրոնում խաղա՜լ։ Կարծում էի, ուզում ես Բենեդիկտ Առնոլդի դե՜րը կատարել այդ պիեսում, ― ասում եմ։ Ձայնս դարձավ զայրալից, զզվելի։ ― Այս ի՜նչ ես արել, հը՞։ Ի՛նչ է, չե՞ս ուզում խաղալ այդ ներկայացման մեջ։
 
Այատեղ նա ավելի ուժգին լաց եղավ, ու ես նույնիսկ ուրախացա։ Հանկարծ ցանկացա, որ նա շատ խիստ լաց լինի։ Սոսկալի զայրացած էի նրա վրա։ Իմ կարծիքով, ես զայրացած էի, որ նա ուզում է հրաժարվել իր դերից ու մեկնել ինձ հետ։
 
― Գնա՛նք, ― ասում եմ։ Ես նորից սկսեցի աստիճաններով բարձրանալ թանգարան։ Որոշեցի, որ այդ հիմար ճամպրուկը կհանձնեմ հանդերձարան, իսկ ժամը երեքին, դասից տուն գնալիս, նա կտանի իր հետ։ Գիտեի, որ դպրոց տանել չի կարող։ ― Դե գնանք, ― ասում եմ։
 
Բայց նա թանգարան չեկավ։ Չուզեց ինձ հետ գալ։ Ես մենակ գնացի, ճամպրուկը հանձնեցի հանդերձարան ու նորից ցած իջա։ Նա դեռ կանգնած էր մայթին, բայց երբ մոտեցա, շուռ եկավ թիկունքով դեպի ինձ։ Դա կարողանում է անել։ Թիկունքը կդարձնի քեզ, ու վերջ։
 
― Ես ոչ մի տեղ չեմ գնում։ Միտքս փոխեցի։ Վե՛րջ տուր լացիդ, լսո՞ւմ ես։ ― Հիմարություն էր այդ ասելը, որովհետև նա արդեն չէր լալիս։ Բայց ես, համենայն դեպս, ասացի․ «Վերջ տուր լացիդ»։ ― Դե գնանք։ Ես քեզ կտանեմ դպրոց։ Շուտ արա, գնա՛նք։ Դու ուշանում ես։
 
Նա նույնիսկ չպատասխանեց ինձ։ Փորձեցի բռնել ձեռքը, բայց նա ետ քաշեց։ Ու ամբողջ ժամանակ երեսը շուռ էր տալիս ինձնից։
 
― Նախաճաշե՞լ ես, ― հարցնում եմ։ ― Դու արդեն նախաճաշե՞լ ես։
 
Չի ուզում պատասխանել։ Եվ հանկարծ հանեց իմ որսորդական գլխարկն ու շպրտեց գրեթե երեսիս։ Իսկ ինքն էլի շուռ եկավ։ Ծիծաղս եկավ, ես լռեցի։ Միայն գետնից վերցրի գլխարկն ու դրի գրպանս։
 
― Լավ, գնանք, ես քեզ կուղեկցեմ մինչև դպրոց։
 
― Այլևս ես դպրոց չեմ գնալու։
 
― Ի՞նչ ասեի։ Կանգ առա, լռեցի, հետո ասում եմ․
 
― Չէ, դպրոց անպայման պետք է գնաս։ Դու ախր պետք է խաղաս այդ ներկայացման մեջ, ճի՞շտ է։ Ուզում ես Բենեդիկտ Առնո՞լդ լինես։
 
― Ո՛չ։
 
― Ճիշտ չէ, ուզում ես։ Այն էլ ինչպե՜ս ես ուզում։ Դե, վերջ տուր, գնանք։ Նախ ես ոչ մի տեղ էլ չեմ գնում։ Ճիշտ եմ ասում։ Կվերադառնամ տուն։ Միայն քեզ տանեմ դպրոց, վերադառնալու եմ տուն։ Նախ կգնամ կայարան, կվերցնեմ ճամպրուկներս, իսկ հետո ուղիղ տուն․․․
 
― Իսկ ես քեզ ասում եմ, որ այլևս դպրոց չեմ գնալու։ Ինչ ուզում ես արա, դպրոց է՛լ չեմ գնալու։ Եվ ընդհանրապես ձայնդ կտրիր։
 
Կյանքում առաջին անգամ նա ինձ ասաց՝ «ձայնդ կտրիր»։ Կոպտորեն, ուղղակի սարսափելի էր։ Սարսափելի էր լսել։ Ավելի վատ էր, քան փողոցային հայհոյանք լսեի։ Ու չի նայում իմ կողմը, իսկ երբ փորձում եմ ձեռք տալ ուսին, կամ բռնել ձեռքը, դուրս է պրծնում։
 
― Լսիր, ուզո՞ւմ ես զբոսնել, ― հարցնում եմ, ― ուզո՞ւմ ես միասին գնանք կենտրոնական այգի։ Եթե այսօր թույլ տամ դպրոց չգնաս և տանեմ կենդանաբանական այգի, վերջ կտա՞ս հիմարություններիդ։ ― Չի պատասխանում, իսկ ես կրկնում եմ ասածս․ ― Եթե թույլ տամ բաց թողնել երեկոյան պարապմունքները և տանեմ զբոսանքի, դու վերջ կտա՞ս մոծակներ քշելուն։ Խելացի կվարվե՞ս, վաղը կգնա՞ս դպրոց։
 
― Կուզեմ կգնամ, կուզեմ՝ չէ, ― ասաց ու նետվեց դեպի փողոցի մյուս կողմը, չնայեց նույնիսկ՝ մեքենա է գալիս, թե ոչ։ Երբեմն նա ուղղակի գժվում է։
 
Սակայն ես նրա ետևից չգնացի։ Գիտեի, որ նա ինքը իմ ետևից խելոք կգա, և կամաց ճամփա ընկա դեպի կենդանաբանական այգի, փողոցի մյուս կողմով, իսկ նա՝ մյուս։ Ձևացնում է, թե իմ կողմը չի նայում, բայց աչքի պոչով բարկությամբ նայում է, թե ուր եմ գնում։ Այդպես էլ գնացինք ամբողջ ճանապարհը, մինչև կենդանաբանական այգի։ Ես անհանգստացա միայն, երբ անցավ երկհարկանի ավտոբուսը, որովհետև նրան կորցրի տեսադաշտից։
 
Բայց երբ մոտեցանք այգուն, ձայն տվի։
 
― Է՛յ, Ֆիբի, ես գնում եմ կենդանաբանական այգի։ Արի այստեղ։
 
Նա չնայեց էլ իմ կողմը, բայց հասկացա, որ լսեց։ Երբ սկսեցի իջնել այգու աստիճաններից, շուռ եկա ու տեսա, որ անցավ փողոցը և նույնիսկ գալիս է իմ ետևից։
 
Կենդանաբանական այգում մարդ քիչ կար, գարշելի եղանակ էր, բայց ավազանի շուրջը, որտեղ ծովացուլերն էին լողանում, հանդիսատեսներ էին հավաքվել։ Ես պետք է անցնեի, բայց իմ Ֆիբին կանգնեց ու սկսեց դիտել, թե ինչպես են կերակրում ծովացուլերին, ― նրանց համար ձուկ էին նետում, ― ես էլ դարձա։ Մտածում էի, հիմա կմոտենամ նրան և այլն։ Մոտեցա, կանգնեցի ետևում և ձեռքս դրի ուսին, բայց նա պպզեց ու դուրս պրծավ ձեռքիս տակից, նա հեշտությամբ կպոկվի քեզնից, եթե ուզենա։ Նայում է՝ ինչպես են կերակրում ծովացուլերին, իսկ ես կանգնել եմ ետևը, բայց ձեռքս չեմ դնում ուսին, ընդհանրապես ձեռք չեմ տալիս, վախենում եմ՝ հանկարծ թողնի, փախչի։ Տարօրինակ են այդ երեխաները։ Նրանց հետ պետք է զգույշ վարվես։
 
Կողքովս չի ուզում քայլել, ― մենք արդեն հեռացել ենք ավազանից, ― բայց, այնուամենայնիվ, շատ հեռու չի գնում։ Նա ճանապարհի մի կողմով է գնում, ես՝ մյուս։ Դա էլ մի հաճելի բան չէ, բայց ավելի լավ է, քան մեկ մղոն հեռավորության վրա մնալը, ինչպես առաջ։ Գնացինք առջերին տեսնելու փոքրիկ բլրակի վրա, բայց այնտեղ տեսնելու բան չկար։ Միայն մի արջ դուրս եկավ՝ սպիտակ, բևեռային։ Իսկ մյուսը՝ գորշը, մտել էր որջը և դուրս չէր գալիս։ Կոզքիս՝ ականջներին հասնող կովբոյական գլխարկով մի տղա էր կանգնած ու ամբողջ ժամանակ կրկնում էր․
 
― Հայրիկ, ստիպիր, թող դուրս գա։ Հայրիկ, ստիպիր, թող դուրս գա։
 
Ես նայեցի Ֆիբիին, բայց նա նույնիսկ չծիծաղեց։ Գիտեք, երեխաներն ինչպես են նեղանում, նրանք նույնիսկ չեն ծիծաղում, ոչ մի գնով։
 
Արջերի մոտից գնացինք դեպի ելքը, անցանք կենդանաբանական այգու փողոցը, հետո դուրս եկանք փոքրիկ թունելով, որտեղից միշտ վատ հոտ է գալիս։ Այդտեղով դուրս ես գալիս կարուսելների մոտ։ Իմ Ֆիբին դեռևս չէր խոսում, բայց արդեն գրեթե կողքովս էր գնում։ Ուզում էի բռնել նրա վերարկուի գոտուց, բայց թույլ չտվեց։
 
― Ձեռքդ քաշիր, խնդրեմ, ― ասում է։ Դեռևս թթված էր ինձ վրա։ Բայց մենք գնալով մոտենում էինք կարուսելներին, ու արդեն լսվում էր երաժշտության ձայնը․ այնտեղ միշտ նվագում էին «Օ Մերի»։ Մի հիսուն տարի առաջ էլ նրանք այդ երգն էին նվագում, երբ ես փոքրիկ էի։ Կարուսելների ամենալավ բանը դա է, որ երաժշտությունը միշտ նույնն է։
 
― Իսկ ես կարծում էի կարուսելը ձմռանը փակվում է, ― հանկարծ ասում է Ֆիբին։ Առաջին անգամ խոսեց հետս։ Երևի մոռացել էր, որ նեղացած է։
 
― Հավանաբար, այն պատճառով, որ շուտով Ծննդյան տոնն է, ― ասում եմ։
 
Նա ոչինչ չպատասխանեց։ Երևի հիշեց, որ վիրավորված է։
 
― Ուզո՞ւմ ես կարուսել նստել, ― հարցնում եմ։ Գիտեմ, որ շատ է ուզում։ Երբ նա շատ պստլիկ էր, ես, Ալլին ու Դ․ Բ֊ն նրան բերում էինք այստեղ, և նա գժվում էր կարուսելի համար։ Ուղղակի պոկել չէինք կարողանում կարուսելից։
 
― Ես արդեն մեծ եմ, ― ասում է։ Կարծում էի, չի պատասխանի, բայց պատասխանեց։
 
― Հիմարություն։ Նստիր, ես քեզ կսպասեմ։ Գնա՛, ― ասացի։ Մենք արդեն մոտեցել էինք կարուսելին։ Մի քանի երեխաներ էլ կային այնտեղ, շատ փոքրիկներ, իսկ ծնողները նստարաններին նստած սպասում էին։ Ես մոտեցա տոմսավաճառի պատուհանին և իմ Ֆիբիի համար տոմսակ գնեցի։ Գնեցի ու տվի նրան։ Նա արդեն բոլորովին մոտ էր կանգնել։ ― Ահա՛, ― ասում եմ, ― չէ, սպասիր, մի րոպե, վերցրու քո նվերի փողերը, բոլորը վերցրու։ ― Ուզում էի բոլորը վերադարձնել նրան։
 
― Չէ, քեզ մոտ պահիր, պահիր մոտդ, ― ասում է ու հանկարծ ավելացնում է․ ― խնդրում եմ, պահիր։
 
Մի տեսակ անհարմար ես զգում, որ քեզ այդպես խնդրում են, հատկապես երբ դա քո փոքրիկ քույրիկն է։ Ես նույնիսկ հուզվեցի։ Բայց փողը ստիպված դրեցի գրպանս։
 
― Իսկ դու նստելո՞ւ ես, ― հարցրեց նա ու մի հրաշալի հայացքով նայեց ինձ։ Երևում էր, որ բարկությունը բոլորովին անցել էր։
 
― Հաջորդ անգամ գուցե։ Հիմա կնայեմ քեզ, տոմսակը մո՞տդ է։
 
― Այո։
 
Դե գնա, իսկ ես կնստեմ այստեղ, նստարանին, կնայեմ քեզ։
 
Ես նստեցի նստարանին, իսկ նա գնաց դեպի կարուսելը։ Պտտվեց չորս կողմը։ Այսինքն՝ ամբողջ կարուսելի շուրջը։ Հետո ընտրեց ամենամեծ ձին, գզգզված, պառավ կարմիր խալավորին։ Այդ ժամանակ կարուսելը պտտվեց, ու ես տեսա, թե նա ինչպես սլացավ։ Նրա հետ պտտվում էին նաև մի քանի երեխա՝ հինգ թե վեց, և նվագում էին «Ծուխը պատում է աչքերդ» երգը։ Այնպե՜ս ուրախ էր, զվարճալի։ Ու բոլոր երեխաները աշխատում էին բռնել ոսկե օղակը, իմ Ֆիբին նույնպես։ Ես նույնիսկ վախեցա՝ հանկարծ չընկնի՞ այդ անտեր ձիու վրայից, բայց ոչինչ հնարավոր չէր ո՛չ ասել, ո՛չ անել։ Երեխաներն այդպես են, եթե արդեն որոշել են բռնել ոսկե օղակը, ապա չպետք է նրանց խանգարել։ Կընկնեն՝ կընկնեն, բայց այդ ժամանակ չպետք է խոսել։
 
Երբ պտույտը վերջացավ, նա իջավ ձիուց և եկավ ինձ մոտ։
 
― Հիմա էլ դու նստիր։
 
Չէ, ավելի լավ է նայեմ քեզ։ ― Ես մի քիչ էլ տվի նրան իր փողերից։ ― Գնա մի տոմս էլ գնիր։ ― Նա վերցրեց փողը։
 
― Ես էլ չեմ բարկանում քեզ վրա, ― ասում է։
 
― Տեսնում եմ, վազիր, հիմա կպտտվի։ ― Ու մեկ էլ նա՝ համբուրեց ինձ։ Հետո մեկնեց ափը։
 
― Անձրև, հիմա անձրև կգա։
 
― Տեսնում եմ։
 
Գիտե՞ք ինչ արեց նա, քիչ մնաց ուշքս գնար։ Ձեռքը մտցրեց գրպանս, դուրս քաշեց որսորդական կարմիր գլխարկը ու դրեց գլխիս։
 
― Իսկ դու չե՞ս ուզում դնես, ― հարցնում եմ։
 
― Նախ դու դիր, ― ասում է։
 
― Լավ։ Դե վազիր, թե չէ բաց կթողնես այս պտույտը։ Եվ քո ձին էլ կզբաղեցնեն։
 
Բայց նա չէր հեռանում մոտիցս։
 
― Դու ճի՞շտ էիր ասում։ Իսկապե՞ս ոչ մի տեղ չես գնալու։ Իսկապե՞ս վերադառնալու ես տուն։
 
― Այո, ― ասացի ես։ Ու չէի խաբում։ Իսկապես վերադարձա տուն։ ― Դե շո՛ւտ արա, ― ասում եմ։ ― Հիմա կսկսվի։
 
Նա վազեց տոմսակ գնեց ու վերջին պահին հասավ կարուսելի մոտ։ Էլի պտտվեց շուրջբոլորը։ Մինչև որ գտավ իր նախկին ձին։ Հեծավ, ձեռքը թափահարեց իմ կողմը, ես էլ ձեռքս թափահարեցի։
 
Ու այդ ժամանակ սոսկալի անձրև սկսվեց։ Իսկական տեղատարափ, աստված վկա։ Բոլոր մայրիկներն ու տատիկները, մի խոսքով, ովքեր կային, վազեցին կարուսելի տանիքի տակ, որպեսզի մինչև ոսկորները չթրջվեն, իսկ ես այդպես էլ մնացի անձրևի տակ նստած։ Սոսկալի թրջվեցի։ Հատկապես օձիքս ու տաբատս։ Որսորդական գլխարկը ինչ֊որ չափով ինձ պաշտպանում էր, բայց, այնուամենայնիվ, մինչև վերջին թելը թրջվեցի։ Ու ինձ համար միևնույն էր։ Հանկարծ այնպես երջանիկ զգացի ինձ, որ Ֆիբին պտտվում էր կարուսելով։ Քիչ էր մնում երջանկությունից գոռայի, ճիշտն ասած։ Ինքս էլ չեմ հասկանում ինչու։ Նա այնքա՜ն լավն էր, այնքա՜ն ուրախ էր պտտվում, իր կապույտ վերարկուն հագին։ Ափսո՜ս, որ դուք չեք տեսել նրան, աստված վկա։
 
 
==26==
 
 
Ահա և բոլորը, այլևս ոչինչ չեմ պատմելու։ Իհարկե, կարող էի պատմել, թե ինչ կատարվեց տանը, և ես ինչպես հիվանդացա, և ո՛ր դպրոցն են պատրաստվում ուղարկել ինձ աշնանը, երբ այստեղից դուրս գրեն, բայց այդ մասին չարժե խոսել։ Հավես չկա, ազնիվ խոսք։ Հետաքրքիր չէ։
 
Շատերը, հատկապես այդ հոգեվերլուծողը, որ գալիս է այս սանատորիան, հարցնում են ինձ՝ կարգին սովորելո՞ւ եմ, երբ աշնանը դպրոց ընդունվեմ։ Իմ կարծիքով դա զարմանալի հիմար հարց է։ Մարդ նախօրոք ինչպե՞ս կարող է ասել, թե ինչ է անելու։ Նախապես ոչինչ չես կարող իմանալ։ Ինձ թվում է, թե պիտի սովորեմ, բայց ի՞նչ իմանամ։ Եվ հիմարություն է հարցնել, ազնիվ խոսք։
 
Դ․ Բ֊ն ուրիշների նման չէ, բայց նա էլ է զանազան հարցեր տալիս։ Շաբաթ օրը եկել էր ինձ մոտ այն անգլուհու հետ, որը պետք է նկարահանվի նրա ֆիլմում։ Շատ է կոտրատվում այդ անգլուհին, բայց փոխարենը շատ գեղեցիկն է։ Եվ երբ նա գնաց միջանցքի ծայրին գտնվող կանացի սենյակը, Դ․ Բ֊ն ինձ հարցրեց, թե ինչ եմ մտածում այն մասին, ինչ որ կատարվեց, այն մասին ինչ որ ձեզ պատմեցի։ Բոլորովին չգիտեի ինչ պատասխանեմ։ Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Ափսո՜ս, որ շատերին եմ պատմել այս ամենը։ Գիտեմ միայն, որ մի տեսակ զգում եմ այն մարդկանց կարիքը, ում մասին որ պատմել եմ։ Օրինակ՝ Ստրեյդլեյթերի կամ թեկուզ այդ Էկլիի։ Երբեմն թվում է, թե նույնիսկ այդ ստոր Մորիսին եմ կարոտում, տարօրինակ բան է։ Եվ լավ կանեք, որ դուք ոչ մեկին ոչինչ չպատմեք։ Թե չէ ամեն ինչ պատմում եք, հետո տխրում եք առանց դրանց։
Ադմին, Վստահելի
1876
edits