Ջիմլին տապարն ուսը գցած քայլում էր Լեգոլասի կողքից:
–Վերջապե՛սշարժվեցինք,– ասում էր ասաց նա: –Մարդիկ մինչև գործին անցնելը շատ են երկար բարակ խոսում, իսկ իմ ձեռքերը քոր են գալիս, տապարս անհամբեր է: Թեպետ չեմ կասկածում, որ ռոհանցիները ուժեղ կռվողներ են, բայց ձիերի վրա կռվել՝ դա ինձ համար չէ: Ինչպե՞ս պետք է կռվեմ ձիու վրա նսատած: Չէ, ավելի լավ է կռվեմ իմ սեփական ոտքերի վրա ամուր կանգնած, ոչ թե պարկի պես ճոճվեմ Գենդալֆի թիկունքին: –Անվտանգ տեղ է,– ծիծաղեց Լեգոլասը,– բայց մի տխրիր, Գենդալֆը կռիվը սկսելուց առաջ քեզ գետնին կիջեցնի, և, կարծում եմ Լուսաչն էլ չի առարկի: Տապարը հեծյալի զենք չէ: –Դե թզուկներից ի՞նչ հեծյալ,– տապարի սայրը շոյելով փնթփնթաց Ջիմլին: –Ձիու վրայից երևի միայն մարդկանց ծոծրակները սափրելն է հարմար, ոչ թե օրքերի գլուխներ թռցնելը: Դարպասի մոտ մեծ զորք էր հավաքվել: Այնտեղ և ծերեր կային և երիտասարդներ, հազարից ավելի մարդ էր եկել և բոլորն էլ ձիերին հեծնած պատրաստ սպասում էին: Նիզակների պատը երիտասարդ անտառ էր հիշեցնում: Թեոդենին դիմավորեցին բարձր և ուրախ կանչերով, ապա բերեցին թագավորական նժույգին՝ Սպիտակաբաշ անունով: Արագորնին և Լեգոլասին նույնպես նժույգներ տվեցին: Ջիմլին իրեն անհարմարավետ էր զգում և արդեն խոժոռվել էր, երբ Էոմերը մոտեցավ նրան: