«Լավ է բռնվում ձկնիկ֊բանանիկը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Լավ է բռնվում ձկնիկ բանանիկը |հեղինակ = Ջերոմ Սելինջեր |թարգմանիչ = Ամալյա...»:)
(Տարբերություն չկա)

17:06, 23 Մարտի 2015-ի տարբերակ

Լավ է բռնվում ձկնիկ բանանիկը

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր
թարգմանիչ՝ Ամալյա Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»


Հյուրանոցում իննսունյոթ նյույորքցիներ էին ապրում, ռեկլամի գործակալներ, ու այնպես էին ծանրաբեռնել միջքաղաքային հեռախոսը, որ 507֊րդ համարի երիտասարդ կինը ստիպված եղավ սպասել կես օր, գրեթե մինչև երկուս անց կեսը, մինչև որ նրա պատվերը միացրին։ Բայց նա ժամանակն իզուր չէր կորցնում։ «Սեքսը կամ հաճույք է, կամ դժոխք» վերնագրով մի փոքրիկ հոդված կարդաց կանանց ամսագրում, որ գրպանի գրքույկի չափսեր ուներ։ Լվաց սանրերը և խոզանակը, մաքրեց բեժագույն կոստյումի վրայի բիծը, ուղղեց պատրաստի գնված բլուզի կոճակի տեղը։ Պոկեց խալի վրա բուսած երկու մազը։ Ու երբ, վերջապես, հեռախոսավարուհին զանգահարեց, նա բազմոցին նստած արդեն ավարտում էր ձախ ձեռքի եղունգների լաքապատումը։

Բայց նա այնպիսիներից չէր, ովքեր մի կողմ են նետում գործը մի ինչ֊որ հեռախոսային զանգի պատճառով։ Նրա տեսքից կարելի էր կարծել, թե նրա մեծանալուց ի վեր այդպես անընդմեջ զանգահարել է հեռախոսը։

Հեռախոսը զնգում էր, իսկ նա փոքրիկ վրձինով լաք էր քսում ճկույթի եղունգին, խնամքով շրջանցելով լուսնիկը։ Հետո ամրացրեց լաքի սրվակի կափարիչը և, ոտքի կանգնելով, օդում թափահարեց ձախ, դեռևս չչորացած ձեռքը։ Մյուսով, որ արդեն չորացել էր, բազմոցի վրայից վերցրեց լիքը մոխրամանը և գնաց դեպի գիշերասեղանը․ հեռախոսն այնտեղ էր դրված։ Նստելով լայն, արդեն կարգի բերված անկողնու եզրին, հինգերորդ թե վեցերորդ ազդանշանից հետո վերցրեց հեռախոսափողը։

― Ալո, ― ասաց նա, իրենից հեռու պահելով ձեռքի չռված մատները և ջանալով դրանք չհպել սպիտակ մետաքսե խալաթին․ նրա հագին, բացի կոշիկներից, ուրիշ բան չկար, մատանիները դրված էին լոգարանում։

― Միացնում եմ Նյու֊Յորք, միսիս Գլաս, ― ասաց հեռախոսավարուհին։

― Լավ, շնորհակալություն, ― ասաց ջահել կինը և մոխրամանը դրեց գիշերասեղանի վրա։

Լսվեց կանացի ձայն․

― Մյուրիե՞լ։ Դո՞ւ ես։

Երիտասարդ էակը լսափողը հեռացրեց ականջից․ ― Այո, մայրիկ։ Բարև, ինչպե՞ս եք դուք այդտեղ։

― Սոսկալի անհանգիստ եմ քեզ համար։ Ինչո՞ւ չէիր զանգահարում։ Ինչպե՞ս ես, Մյուրեիել։

― Ես երեկ էլ, նախորդ օրը երեկոյան էլ փորձեցի զանգահարել, բայց հեռախոսն այստեղ․․․

― Հը, ինչպե՞ս ես, Մյուրիել։

Մյուրիելը մի քիչ լսափողը ետ քաշեց ականջից։

― Հիանալի։ Միայն սոսկալի շոգ է։ Ֆլորիդայում այսպիսի շոգ դեռ չի եղել․․․

― Ինչո՞ւ չէիր զանգահարում, այնպես անհանգիստ էի, որ․․․

― Մայրիկ, սիրելիս, մի՛ գոռա, ես հրաշալի լսում եմ քեզ։ Երկու անգամ փորձել եմ զանգահարել։ Եվ անմիջապես․․․

― Ախր ես երեկ հայրիկիդ ասացի, որ երևի երեկոյան զանգ կտաս։ Չէ, նա միևնույն է․․․ ― Ասա, ինչպե՞ս ես Մյուրիել։ Միայն թե ճիշտն ասա։

― Դե, ամեն ինչ հրաշալի է։ Բավական է անընդհատ նույն բանը հարցենո․․․

― Ե՞րբ եք եկել։

― Չեմ հիշում, չորեքշաբթի առավոտն էր, կարծեմ։

― Ո՞վ էր վարում մեքենան։

― Նա ինքը, ― պատասխանեց աղջիկը։ ― Միայն թե ախուվախ մի՛ անի։ Նա շատ զգուշորեն էր վարում։ Ես ուղղակի զարմանում էի։

― Նա ի՞նքն էր վարում։ Բայց Մյուրիել, դու ազնիվ խոսք ես տվել ինձ․․․

― Մայրիկ, դե ես քեզ արդեն ասացի, ― ընդհատեց դուստրը, ― նա շատ զգույշ էր վարում։ Ի դեպ, ժամում հիսուն կիլոմետրից ոչ ավելի, ոչ մի անգամ․․․

― Իսկ նա օյիններ չէ՞ր անում, դե, հիշո՞ւմ ես, ինչպես այն ժամանակ, ծառերի հետ։

― Մայրիկ, ես քեզ ասում եմ, որ նա շատ զգույշ էր վարում։ Վերջ տուր, խնդրում եմ։ Ես խնդրեցի նրան ճամփի մեջտեղով գնալ, և նա լսեց ինձ, հասկացավ։ Նա նույնիսկ ջանում էր չնայել ծառերին, երևում էր, թե ինչպես է ջանում։ Ի դեպ, հայրիկն արդեն վերանաորոգմա՞ն է տվել այն մեքենան։

― Դեռ չէ։ Չորս հարյուր դոլար են պահանջում հենց միայն․․․

― Բայց, Մայրիկ, Սիմորը խոստացել է հայրիկին, որ ինքը կվճարի։ Չեմ հասկանում, էլ ինչո՞ւ ես․․․

― Տեսնենք, տեսնենք։ Իսկ նա ինչպե՞ս էր պահում իրեն մեքենայում և ընդհանրապես։

― Լավ, ― ասաց դուստրը։

― Նա էլ քեզ այն սոսկալի անունով չէ՞ր կոչում․․․

― Չէ, նա ինձ անունով է կոչում։

― Ինչպե՞ս։

― Դե, քեզ համար միևնույն չէ՞, մայրիկ։

― Մյուրիել, ինձ անհրաժեշտ է իմանալ, հայրիկն ասում է․․․

― Դե լավ, լավ, նա ինձ ասում է 1948 թվականի թողարկման Սուրբ թափառաշրջիկ, ― ասաց աղջիկն ու ծիծաղեց։

― Այդտեղ ոչ մի ծիծաղելի բան չկա, Մյուրիել։ Բոլորովին ծիծաղելի չէ։ Դա սոսկալի է։ Չէ, դա ուղղակի շաը տխուր է։ Երբ մտածում ես, թե մենք․․․

― Մայրիկ, ― ընդհատեց նրան աղջիկը, ― սպասիր, լսիր։ Հիշո՞ւմ ես, ինչ֊որ գերմաներեն բանաստեղծություններ էին։ Ի՞նչ եմ արել ես այն։ Գլուխ եմ ջարդում, բայց չեմ կարողանում հիշել․․․

― Քեզ մոտ է։

― Համոզվա՞ծ ես։

― Իհարկե։ Այսինքն, ինձ մոտ է։ Ֆրեդի սենյակում է։ Այստեղ ես թողել, պահարանում է․․․ Ի՞նչ է պատահել որ։ Իրեն պե՞տք է։

― Չէ, նա ճանապարհին, այստեղ գալիս հարցնում էր դրա մասին։ Շատ էր ուզում իմանալ, կարդացե՞լ եմ, թե չէ։

― Բայց գիրքը գերմաներեն է։

― Այո, մայրիկ։ Նրա համար միևնույն է, ― ասաց աղջիկն ու ոտքը գցեց ոտքին։ ― Նա ասում է, որ դա մեր դարի միակ լավագույն բանաստեղծի գործն է։ Ասում է, ես պետք է գոնե դրա թարգմանությունը ձեռք բերեի։ Կամ էլ՝ գերմաներեն սովորեի, ասացե՜ք, խնդրեմ։

― Սոսկալի է։ Սոսկալի է։ Չէ դա շատ տխուր բան է․․․ Հայրիկը երեկ ասում էր․․․

― Մի վայրկյան, մայրիկ, ― ասաց աղջիկը։ Նա գնաց դեպի պատուհանը, սիգարետ վերցրեց բազմոցի վրայից, վառեց և նորից նստեց մահճակալին։ ― Մայրիկ, ― ասաց նա ծուխ արձակելով։

― Մյուրիել, ուշադիր լսիր ինձ։

― Լսում եմ։

― Հայրիկը խոսել է բժիշկ Սիվետսկու հետ․․․

― Եվ ի՞նչ, ― ասաց աղջիկը։

― Նա ամեն ինչ պատմել է բժշկին։ Համենայն դեպս, ինձ է այդպես ասում, բայց դե, ճանաչում ես հայրիկիդ։ Ծառերի մասին էլ։ Պատուհանի հետ կապված պատմությունն էլ։ Եվ այն, ինչ֊որ ասել էր տատիկիդ, երբ նա քննարկում էր, թե իրեն ինչպես պետք է թաղել, և այլն, թե ինչ արեց այն հրաշալի գունավոր բացիկները, հիշո՞ւմ ես, Բերմուդյան կղզիները, մի խոսքով, ամեն ինչ։

― Ե՞վ, ― ասաց աղջիկը։

― Եվ այսպես։ Նախ նա ասաց, թե ուղղակի հանցագործություն է, որ զինվորական բժիշկները նրան ազատել են հոսպիտալից, ազնիվ խոսք։ Նա որոշակիորեն հայրիկին ասել է, թե բոլորովին չի բացառվում, որ Սիմորը կարող է լիովին կորցնել ինքնատիրապետումը։ Ազնիվ, ազնիվ խոսք։

― Ո՞վ է, ազգանունն ի՞նչ է։

― Չեմ հիշում, Ռիզեր է, ինչ է։ Ասում են շատ լավ բժիշկ է։

― Ոչ մի անգամ չեմ լսել։

― Դա դեռ չի նշանակում, թե նա վատն է։

― Ինձ մի կոպտիր, Մյուրիել, խնդրում եմ։ Մենք սոսկալի անհանգստանում ենք քեզ համար։ Հայրիկը նույնիսկ ուզում էր հեռագրել քեզ, որպեսզի վերադառնաս տուն, և հետո․․․

― Չէ, մայրիկ, ես դեռևս չեմ վերադառնա, հանգստացիր։

― Մյուրիել, ազնիվ խոսք, բժիշկ Սիվետսկին ասաց, որ Սիմորը կարող է վերջնականապես կորցնել․․․

― Մայրիկ, մենք դեռ նոր ենք եկել։ Այսքան տարիների ընթացքում ես առաջին անգամ եմ իսկապես հանգստանում, հո չեմ հավաքի իրերս ու թռչեմ տուն։ Իսկի չէմ էլ կարող գալ։ Այնպես եմ այրվվել արևի տակ, որ հազիվ եմ ման գալիս։

― Վառվե՞լ ես։ Եվ շա՞տ։ Ինչո՞ւ «բրոնզե կրեմ» չես քսել, չէ որ դրել էի ճամպրուկիդ մեջ։ Ուղիղ այն բանի․․․

― Քսել եմ, քսել եմ։ Եվ այնուամենայնիվ, այրվել եմ։

― Այ քեզ սոսկալի բա՜ն։ Որտե՞ղդ է այրվել։

― Ամբողջապես, մայրիկ, ամբողջապես այրվել եմ, ոտքից գլուխ։

― Այ քեզ սոսկալի բա՜ն։

― Ոչինչ, կլավանամ։

― Լսիր, իսկ դու խոսե՞լ ես այդ հոգեբույժի հետ։

― Այո, մի քիչ։

― Ի՞նչ ասաց նա։ Եվ որտե՞ղ էր այդ ժամանակ Սիմորը։

― Ծովահայաց հյուրասենյակում դաշնամուր էր նվագում։ Եկած օրվանից նա երկու երեկո է նվագում է։

― Ի՞նչ ասաց բժիշկը։

― Առանձնապես ոչինչ։ Նա ինքը խոսեց ինձ հետ։ Ես նստած էի նրա կողքին, «բինգո» էինք խաղում, և նա ինձ հարցրեց՝ ձեր ամուսի՞նն է նվագում այն սենյակում։ Ասացի՝ այո։ Հարցրեց, թե Սիմորը վերջերս չի՞ հիվանդացել։ Եվ ես ասացի․․․

― Իսկ ինչո՞ւ նա հանկարծ այդպիսի բան հարցրեց։

― Չգիտեմ, մայրիկ։ Երևի այն պատճառով, որ Սիմորը շատ գունատ է ու նիհարած։ Մի խոսքով, «բինգոյից» հետո նա ու իր կինը ինձ հրավիրեցին մի բան խմելու։ Ես համաձայնեցի։ Նրա կինը հրեշ է։ Հիշո՞ւմ ես, այն սոսկալի երեկոյան հագուստը, որ տեսանք Բոնվիտի ցուցափեղկում։ Դու դեռ ասացիր, որ այդ հագուստի համար բարալիկ֊մարալիկ աղջիկ է պետք․․․

― Այն կանա՞չը։

― Այ, հենց այդ էր հագին։ Իսկ որ կոնքերը տեսնե՜ս։ Անընդհատ կպչում էր ինձնից, թե Սիմորը այն Սյուզաննա Գլասի հարազատը չէ՞, որ Մեդիսոն֊ավենյուի վրա արհեստանոց ունի՝ գլխարկների։

― Իսկ ամուսինն ի՞նչ էր ասում, այդ բժիշկը։

― Առանձնապես ոչինչ։ Ընդհանրապես մենք նստած էինք բարում, սոսկալի աղմուկ էր։

― Հա, բայց նրան ասացի՞ր, թե Սիմորն ինչ էր ուզում անել տատիկի բազկաթոռը։

― Չէ, մայրիկ, ոչ մի մանրամասնություն ես նրան չեմ պատմել։ Բայց գուցե մեկ ուրիշ անգամ էլ կհաջողվի նրա հետ խոսել։ Ամբողջ օրը բարում նստած է լինում։

― Իսկ նա չէ՞ր ասում, թե կարող է պատահի, դե մի խոսքով, որ Սիմորի մոտ ինչ֊որ տարօրինակություններ հանդես գան։ Որ դա քեզ համար վտանգավոր է։

― Դե չէ, ― ասաց աղջիկը։ ― Հասկանում ես, մայրիկ, դրա համար նա պետք է հազար ու մի տեղեկություններ հավաքի։ Մանկության մասին և այլն։ Ասացի, չէ՞, որ շատ քիչ ենք խոսել․ բարում սոսկալի աղմուկ էր։

― Դե ինչ արած․․․ իսկ ինչպե՞ս է քո կապույտ վերարկուն։

― Ոչինչ։ Ուսերի տակից մի քիչ ձգեցի աստառը։

― Իսկ այդտեղ ընդհանրապես ինչպե՞ս են հագնվում։

― Շատ վատ։ Ոչ մի բանի նման չեն։ Ամեն տեղ՝ պսպղաններ են կպցում, աստված գիտե, թե ինչ է։

― Ձեր համարը լա՞վն է։

― Ոչինչ։ Միանգամայն տանելի է։ Այն համարը, որտեղ ապրել էինք մինչև պատերազմը, չհաջողվեց վերցնել, ― ասաց աղջիկը։ ― Հասարակությունը այս տարի սոսկալի է։ Մի տեսնես, թե ում հետ ենք սեղան նստում։ Հենց անմիջապես կողքներիս, հարևան սեղանի մոտ, այնպիսի տեսք ունեն, ասես բեռնատարով են եկել։

― Հիմա ամեն տեղ էլ այդպես է։ Կիսաշրջազգեստդ հագնո՞ւմ ես։

― Շատ է երկար, ասել եմ քեզ, չէ։

― Մյուրիել, վերջին անգամ պատասխանիր ինձ, ինչպե՞ս ես։ Ամեն ինչ կարգի՞ն է։

― Այո, մայրիկ, այո, ― ասաց աղջիկը։ ― Հարյուր անգամ՝ այո։

― Եվ չե՞ս ուզում տուն վերադառնալ։

― Ոչ, մայրիկ, ոչ։

― Հայրիկը երեկ ասաց, որ պատրաստ է քեզ փող տալ, որպեսզի մենակ մեկնես որևէ տեղ և ամեն ինչ մի լավ կշռադատես։ Դու հրաշալի ճանապարհորդություն կարող ես կատարել նավով։ Երկուսս էլ կարծում ենք, որ քեզ․․․

― Ոչ, շնորհակալություն, ― ասաց աղջիկը և ուղիղ նստեց։ ― Մայրիկ, այս խոսակցությունը կընկնի․․․

― Որ մտածում եմ, թե ինչպես սպասեցիր այդ տղային ամբողջ պատերազմի ընթացքում, այսինքն, որ մտածում եմ, թե այդ բոլոր ջահել կանայք․․․

― Մայրիկ, արի վերջացնենք խոսակցությունը․ Սիմորը ուր որ է կգա։

― Իսկ ու՞ր է նա։

― Լողափում։

― Լողափո՞ւմ, մենա՞կ։ Նա իրեն լա՞վ է պահում լողափում։

― Լսիր, մայրիկ, դու այնպես ես խոսում նրա մասին, ասես նա կատաղի խելագար լինի։

― Չէ, ինչ ես ասում, Մյուրիել։

― Համենայն դեպս, ձայնդ այդպիսին է, իսկ նա իր համար պառկած է ավազներին, նույնիսկ խալաթը չի հանում։

― Չի՞ հանում խալաթը։ Ինչո՞ւ։

― Չգիտեմ։ Երևի այն պատճառով, որ այդպես գունատ է։

― Տեր աստված։ Բայց նրան անհրաժեշտ է արևը։ Դու չե՞ս կարողանում ստիպել նրան։

― Դու Սիմորին գիտես, չէ՞, ― ասաց աղջիկը ու նորից ոտքերը խաչաձևեց։ ― Ասում է․ ― Չեմ ուզում, որ ամեն մի ապուշ աչք տնկի իմ վիտվածքների վրա։

― Բայց նրա վրա վիտվածքներ չկան։ Թե՞ բանակում ինչ֊որ բաներ է վիտել։

― Չէ, մայրիկ, չէ, սիրելիս, ― ասաց աղջիկն ու ելավ տեղից։ ― Գիտես ինչ, արի վաղը ես զանգահարեմ քեզ։

― Մյուրիել, լսիր ինձ, միայն թե ուշադիր։

― Լսում եմ, մայրիկ, ― նա մի ոտքից մյուսի վրա էր կանգնում։

― Հենց որ մի տարօրինակ բան է ասել կամ արել, հասկանո՞ւմ ես, անմիջապես զանգ տուր ինձ։ Լսո՛ւմ ես։

― Մայրիկ, բայց ես չեմ վախենում Սիմորից։

― Մյուրիել, խոստացիր ինձ։

― Լավ։ Խոստանում եմ։ Ցտեսություն, մայրիկ։ Համբուրիր հայրիկին։ ― և նա կախեց լսափողը։


― Սիմի Գլաս, Ոսկեմազ, ― ասաց Սիբիլա Կարպենտերը, որ հյուրանոցում ապրում էր իր մայրիկի հետ։ ― Ո՞ւր է Ոսկեմազիկը։

― Փիսիկս, հանգիստ մնա, չարչարում ես մայրիկին։ Ուղիղ կանգնիր, լսո՞ւմ ես։

Միսիս Կարպենտերը արևայրուկի դեմ յուղ էր քսում Սիբիլայի ուսիկներին, թիկունքին և թևիկների նման նիհար թիակներին։ Սիբիլան, մի կերպ իրեն պահելով վիթխարի, ձիգ փչած գնդակի վրա, նստել էր դեմքով դեպի օվկիանոսը։ Նրա հագին դեղձանիկի նման դեղին լողազգեստ էր, վարտիքից ու կրծքակալից կազմված լողազգեստ, թեև առաջիկա ինը֊տաս տարին նա դեռևս կարող էր հիանալի յոլա գնալ առանց կրծքակալի։

― Սովորական մետաքսե գլխաշոր է, բայց դա միայն մոտիկից ես զգում, ― բացատրում է միսիս Կարպենտերի կողքի բազկաթոռին նստած կինը։ ― Հետաքրքիր է, ինչպե՞ս է կարողանում այդպես կապել։ Ուղղակի սքանչելի է։

― Այո, հավանաբար, լավն է, ― ասաց միսիս Կարպենտերը։ ― Սիբիլոչկա, փիսիկս, հանգիստ նստիր։

― Իսկ ո՞ւր է ոսկեմազը, ― հարցրեց Սիբիլան։

Միսիս Կարպենտերը հառաչեց․ ― Ահա՛, ― ասաց նա և ամրացրեց սրվակի կափարիչը։ ― Հիմա գնա, խաղ արա, փիսիկս։ Մայրիկը կգնա հյուրանոց և մարտինի կխմի միսիս Հաբելի հետ։ Իսկ ձիթապտուղը կբերի քեզ։

Ազատություն ստանալով՝ Սիբիլան վազեց մինչև լողափ, հետո շրջվեց դեպի ձկնորսական տաղավարը։ Ճանապարհին կանգ առավ, ոտքով խփեց ավազից սարքված պալատի թաց ավերակներին և շուտով բավական հեռացավ առողջարանի լողափից։

Նա մի քառորդ մղոն անցավ և հանկարծ սկսեց վազել ուղիղ դեպի ափի ավազաբլուրը։ Հասավ այնտեղ, ուր մեջքի վրա պառկած էր մի երիտասարդ։

― Կգա՞ս գնանք լողանալու, Սիմի Գլաս, ― հարցրեց աղջիկը։

Երիտասարդը ցնցվեց, անմիջապես բռնեց լողախալաթի օձիքից։ Հետո շուռ եկավ փորի վրա, և երշիկի նման ոլորված սրբիչն ընկավ նրա աչքերի վրայից։ Նա կկոցված աչքերով նայեց Սիբիլային։

― Ա՜, ողջույն, Սիբիլոչկա։

― Կգա՞ս լողանալու։

― Քեզ էի սպասում, ― ասաց նա։ ― Ի՞նչ նորություններ կան։

― Ի՞նչ, ― հարցրեց Սիբիլան։

― Ինչպիսի՞ նորություններ կան։ Ի՞նչ կա ծրագրում։

― Հայրիկս վաղը գալու է ինքնաթիռով, ― ասաց Սիբիլան, ոտքով խփելով ավազին։

― Միայն թե աչքերս մի՛ լցնի, փոքրիկս, ― ասաց երիտասարդը՝ բռնելով Սիբիլայի ոտիկը։ ― Այո, ժամանակն է, որ հայրիկդ գա։ Ես ժամ առ ժամ սպասում եմ նրան։ Այո, ժամ առ ժամ։

― Իսկ այն մորաքույրն ո՞ւր է, ― հարցրեց Սիբիլան։

― Այն մորաքո՞ւյրը, ― երիտասարդը ավազը թափ տվեց նոսր մազերի վրայից։ ― Դժվար է ասել, Սիբիլոչկա։ Նա կարող է լինել հազար տեղ։ Ասենք՝ վարսավիրի մոտ։ Մազերն է շեկացնում։ Կամ իր սենյակում տիկնիկներ է կարում ազքատ երեխաների համար։ ― Երիտասարդը դեռ պառկած էր երեսնիվայր, միայն հիմա բռունցքներն իրար վրա դրեց և ծնոտը հենեց դրանց։ ― Ավելի լավ կանես հեշտ հարցեր տաս ինձ, Սիբիլոչկա, ― ասաց նա։ ― Այդ ի՞նչ գեղեցիկ կոստյում ունես, սքանչելի է ուղղակի։ Կյանքումս ամենից շատ կապույտ լողազգեստն եմ սիրում։

Սիբիլան նայեց նրան, հետո՝ իր այրված փորիկին․ ― Բայց սա դեղին է, ― ասաց նա։ ― Բոլորովին դեղին։

― Ճի՞շտ ես ասում։ Հապա մոտ արի։

Սիբիլան մի քայլ առաջ եկավ։

― Դու միանգամայն իրավացի ես։ Հիմար եմ ես, հիմար։

― Կգա՞ս լողանանք, ― հարցրեց Սիբիլան։

― Հարկավոր է մտածել։ Նկատի առ, Սիբիլոչկա, որ ես լրջորեն կշռադատում եմ այդ առաջարկությունը։

Սիբիլան ոտքով խփեց փչովի ներքնակին, որ նրա զրուցակիցը բարձի տեղ դրել էր գլխի տակ․ ― Հարկավոր է փչել, ― ասաց աղջնակը։

― Իրավացի ես։ Այո, հարկավոր է փչել և ուժեղ փչել, քան մտադիր էի անել միչև հիմա։

Նա բռունցքները հանեց և ծնոտը հենեց ավազին։ ― Սիբիլոչկա, ― ասաց, ― դու շատ գեղեցիկ ես։ Հաճելի է քեզ նայելը։ Պատմիր ինձ քո մասին։ ― Նա մեկնեց ձեռքը և բռնեց Սիբիլայի կոճերից։ ― Ես այծեղջյուր եմ, իսկ դո՞ւ ով ես։

― Շերոն Լիպշյուցն ասում էր, որ դու նրան նստեցրել ես դաշնամուրի աթոռին, ― ասաց Սիբիլան։

― Մի՞թե Շերոն Լիպշյուցն հենց այդպես էլ ասաց։

Սիբիլան եռանդուն գլխով արեց։

Նա բաց թողեց երեխայի կոճերը, ձեռքերը խաչեց և այտը հենեց արմունկին։

― Ոչինչ չես կարող անել, ― ասաց նա։ ― Ինքդ էլ գիտես, թե դա ինչպես է լինում, Սիբիլոչկա։ Նստած նվագում եմ։ Դու չես երևում։ Իսկ Շերոն Լիպշյուցը գալիս նստում է կողքիս աթառակին։ Ինչ անեի, հրեի՞ նրան։

― Հրեիր։

― Դե, չէ՜, այդպես չեղավ։ Ես ընդունակ չեմ դրան։ Բայց գիտե՞ս ինչ արեցի, գուշակիր։

― Ի՞նչ։

― Ես ձևացրի, թե դա դու ես։

Սիբիլան անմիջապես կռացավ ու սկսեց փորփորել ավազը։ ― Գնա՞նք լողանալու, ― ասաց նա։

― Համաձայն եմ, ― ասաց նրա զրուցակիցը։ ― Կարծեմ, դրան ընդունակ եմ։

― Մեկ էլ որ գա, հրիր, ― ասաց Սիբիլան։

― Այդ ո՞ւմ։

― Շերոն Լիպշյուցին։

― Ա՜խ, Շերոն Լիպշյուցին։ Այդ ինչու մտքիցդ դուրս չի գալիս նա։ Երազո՞ւմ էլ նրան ես տեսնում․․․

Նա հանկարծ վեր թռավ, նայեց օվկիանոսին։ ― Լսիր, Սիբիլոչկա, գիտե՞ս հիմա ինչ կանենք։ Կփորձենք ձկնիկ֊բանանիկ բռնել։

― Ի՞նչ։

― Ձկնիկ֊ բանանիկ, ― ասաց նա ու արձակեց խալաթի գոտին։ Նա հանեց խալաթը։ Նրա ուսերը սպիտակ էին, նեղլիկ, լողակ֊ոտնաթաթերը՝ կապույտ։ Նա խալաթը ծալեց սկզբում երկարությամբ, հետո երեք տակ արեց։ Բացելով ոլորված սրբիչը, որով աչքերն էր ծածկել, փռեց ավազին և խալաթը դրեց վրան։ Կռանալով՝ վերցրեց փչովի ներքնակը և դրեց թևատակին։ Ազատ ձախ ձեռքով բռնեց Սիբիլայի թաթիկը։

Նրանք գնացին դեպի օվկիանոս։

― Դու երևի ոչ մի անգամ ձկնիկ֊բանանիկ չես տեսել, ― հարցրեց նա։

Սիբիլան տարուբերեց գլուխը։

― Չի կարող պատահել։ Ինչո՞ւ, որտե՞ղ ես ապրում։

― Չգիտեմ, ― ասաց Սիբիլան։

― Այդ ինչպե՜ս չգիտես։ Չի կարող պատահել։ Նույնիսկ Շերոն Լիպշույցը գիտի, թե որտեղ է ապրում, իսկ նա նույնպես երեքուկես տարեկան է։

Սիբիլան կանգ առավ ու քաշեց ձեռքը։ Ապա մի աննշան խեցի վերցրեց ու սկսեց զննել ընդգծված հետաքրքրությամբ։ Հետո դեն նետեց։

― Շոճու անտառ, Կոննետիկատ, ― ասաց աղջնակն ու փորը ցցած առաջ գնաց։

― Շոճու անտառ, Կոննետիկատ, ― կրկնեց նրա ուղեկիցը։ ― Իսկ դա պատահմամբ Սոճու անտառը չէ՞ Կոննետիկատում։

Սիբիլան նայեց նրան․ ― Ես այնտեղ եմ ապրում, ― ասաց նա անհամբերությամբ։ ― Ես ապրում եմ Շոճու անտառում, Կոննետիկատում։ ― Նա վազ տվեց մի քանի քայլ, ձախ ձեռքով բռնեց ձախ ոտնաթաթը ու ոստոստեց մի ոտքի վրա։

― Այդ ի՜նչ լավ բացատրեցիր ամեն ինչ, ուղղակի սքանչելի էր, ― ասաց նրա ուղեկիցը։

Սիբիլան բաց թողեց ոտնաթաթը․ ― «Նեգրիկ Սամբոն» կարդացե՞լ ես, ― հարցրեց աղջնակը։

― Ի՜նչ տարօրինակ է, որ դու հարցրիր ինձ այդ բանը, ― ասաց նրա ուղեկիցը։ ― Հասկանո՞ւմ ես, միայն երեկ երեկոյան եմ վերջացրել։ ― Նա կռացավ, բռնեց Սիբիլայի թաթիկը։ ― Քեզ դո՞ւր է եկել, ― հարցրեց նա։

― Իսկ վագրերը վազվզո՞ւմ էին ծառի շուրջը։

― Այոո՜, ես նույնիսկ մտածեցի․ ե՞րբ են վերջապես կանգ առնելու դրանք։ Կյանքում այդքան վագր չեմ տեսել։

― Նրանք ընդամենը վեցն էին։

― Ընդամե՞նը, ― հարցրեց ուղեկիցը։ ― Քո կարծիքով դա քի՞չ է։

― Դու մոմ սիրո՞ւմ ես, ― հարցրեց Սիբիլան։

― Ի՞նչ, ― նորից հարցրեց նա։

― Դե, մեղրամոմ, էլի՛։

― Շատ եմ սիրում, իսկ դո՞ւ։

Սիբիլան գլխով արեց։ ― Դու ձիթապտուղ սիրո՞ւմ ես։

― Ձիթապտո՞ւղ։ Հապա ինչպե՜ս։ Ձիթապտուղը մեղրամոմով։ Առանց դրան ուղղակի չեմ կարող։

― Դու Շերոն Լիպշյուցին սիրո՞ւմ ես, ― հարցրեց աղջնակը։

― Այո՛, այո՛, իհարկե, ― ասաց նրա ուղեկիցը։ ― Եվ շատ եմ սիրում նրան այն բանի համար, որ երբեք չի նեղացնում շնիկներին մեր հոլլում, հյուրանոցում։ Օրինակ՝ այն թզուկ բուլդոգին, որ այն կնոջն է, Կանադայից եկածինը։ Դու երևի չես հավատում, բայց այդպիսի աղջիկներ կան, որ սիրում են փայտով խփել այդ բուլդոգին։ Իսկ, ա՛յ, Շերոնը՝ երբե՛ք։ Նա ոչ մեկին չի նեղացնում, չի բարկացնում։ Ա՛յ, դրա համար էլ սիրում եմ նրան։

Սիբիլան լռեց։

― Իսկ ես սիրում եմ մոմ ծամել, ― ասաց նա վերջապես։

― Դա բոլորն էլ սիրում են, ― ասաց նրա ուղեկիցը, ոտքով փորձելով ջուրը։ ― Ո՜ւհ, սառն է։ ― Նա փչովի ներքնակը դրեց ջրի վրա։ ― Չէ, սպասիր, Սիբիլոչկա, Արի մի քիչ հեռանանք։

Նրանք գնացին ծանծաղուտով, մինչև որ ջուրը հասավ Սիբիլայի գոտկատեղին։ Այդ ժամանակ երիտասարդը գրկեց նրան ու դրեց ներքնակի վրա։

― Իսկ դու երբեք լաղագլխարկ չե՞ս դնում, գլուխդ չե՞ս ծածկում, ― հարցրեց երիտասարդը։

― Բաց մի՛ թողնիր ինձ, ― հրամայեց աղջնակը։ ― Ամուր բռնիր։

― Ներեցեք, միսս Կարպենտեր։ Ես իմ գործը գիտեմ, ― ասաց նրա ուղեկիցը։ ― Իսկ դու ավելի լավ է նայիր ջրին, հետևիր ձկնիկ֊բանանիկին։ Այսօր շատ լավ է բռնվում ձկնիկ֊բանանիկը։

― Իսկ ես չեմ տեսնում դրանց։

― Միանգամայն հասկանալի է։ Դրանք շատ տարօրինակ ձկնիկներ են։ Շատ տարօրինակ։ ― Նա ներքնակն առաջ հրեց։ Ջուրը դեռ նրա կրծքին չէր հասել։ ― Եվ տխուր էլ կյանք ունեն, ― ասաց նա։ ― Գիտե՞ս ինչ են անում նրանք, Սիբիլոչկա։

Աղջնակը տարուբերեց գլուխը։

― Հասկանո՞ւմ ես, նրանք լողում են, մտնում քարանձավը, իսկ այնտեղ շա՜տ բանան կա։ Քարանձավ մտենլիս որ տեսնես՝ սովորական ձկնիկներ են։ Բայց այնտեղ իրենց խոզավարի են պահում։ Մի այդպիսի ձկնիկ֊բանանիկ լողաց քարանձավով ու այնտեղ յոթանասունութ հատ բանան կերավ։ ― Նա լաստը իր փոքրիկ ուղևորի հետ միասին հրեց դեպի հորիզոնը։ ― Եվ դրանից նրանք այնպե՜ս են հաստանում, իհարկե, որ այլևս չեն կարողանում դուրս գալ։ Դռնից դուրս գալ չեն կարողանում։

― Էլ մի՛ քշիր, ― ասաց Սիբիլան։ ― Իսկ հետո ի՞նչ է լինում։

― Ե՞րբ հետո, ինչի՞ մասին ես հարցնում։

― Ձկնիկ֊բանանիկների մասին։

― Ա՜խ, ուզում ես ասել, այդպես կշտանալուց հետո ինչ են անում, հա՞, որ չեն կարողանում դուրս գալ քարանձավից։

― Այո, ― ասաց աղջնակը։

― Տխուր է, դժվարանում եմ քեզ ասել, Սիբիլոչկա։ Մեռնում են նրանք։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Սիբիլան։

― Հիվանդանում են բանանային տենդով։ Դա սոսկալի հիվանդություն է։

― Տես, ալիքը գալիս է, ― տագնապով ասաց Սիբիլան։

― Արի չնկատելու տանք, ― ասաց նրա ուղեկիցը, ― արի արհամարհերնք նրան։ Ես ու դու հպարտ ենք։ ― Նա բռնեց Սիբիլայի կոճերից ու ներքև սեղմեց։ Լաստը բարձրացավ ալիքի կատարը։ Ջուրը ողողեց Աիբիկայի մազերը, բայց նրա ճիչի մեջ միայն ոգևորություն կար։

Երբ լաստը ուղղվեց, աղջիկը թաթիկով ետ քաշեց ճակատին կպած թաց մազափունջը և ասաց․ ― Իսկ ես տեսա նրան։

― Ո՞ւմ, իմ ուրախություն։

― Ձկնիկ֊բանանիկին։

― Չի՛ կարող պատահել, ― ասաց նրա ուղեկիցը։ ― Իսկ նրա բերանում բանաններ կայի՞ն։

― Այո՛, ― ասաց Սիբիլան, ― վե՛ց հատ։

Երիտասարդը հանկարծ բռնեց Սիբիլայի թաց ոտիկը, որ կախված էր լաստից ցած, և համբուրեց ներբանը։

― Թո՛ւհ, ― ասաց աղջնակը։

― Դու ինքդ ես «թուհ»։ Ետ ենք գնում, բավական է։

― Չէ՛։

― Ափսո՜ս, ափսո՜ս, ― ասաց երիտասարդը և լաստը քշեց դեպի ափ, որտեղ Սիբիլան թռավ ավազի վրա։ Երիտասարդը ներքնակը դրեց թևի տակ և տարավ դեպի ափ։

― Մնաս բարով, ― գոչեց Սիբիլան ու առանց փոքր֊ինչ ափսոսալու վազեց դեպի հյուրանոց։


Երիտասարդը հագավ խալաթը, ամուր ծածկեց օձիքը, սրբիչը մտցրեց գրպանը։ Նա բարձրացրեց թաց, լպրծուն անհարմար ներքնակը և դրեց թևի տակ։ Հետո տաք ու փափուկ ավազի վրայով մենակ գնաց դեպի հյուրանոց։

Ներքնահարկում (հյուրանոցի դիրեկցիան խնդրել էր, որ լողացողները վերև բարձրանային միայն այդտեղով) քթին ցինկաքսուկ քսած մի կին երիտասարդի հետ վերելակ մտավ։

― Տեսնում եմ, նայում եք իմ ոտքերին, ― ասաց երիտասարդը, երբ վերելակը բարձրանում էր։

― Ներեցեք, լավ չլսեցի, ― ասաց կինը։

― Ես ասացի, տեսնում եմ, դուք նայում եք իմ ոտքերին։

― Ներեցեք, բայց ես հատակին էի նայում, ― ասաց կինը և շրջվեց դեպի վերելակի դուռը։

― Ուղում եք նայել ոտքերիս՝ այդպես էլ ասեք, ― ասաց երիտասարդը։ ― Ի՞նչ իմաստ ունի անվերջ ձևանալ, գրողը տանի։

― Թողեք դուրս գամ ես, ― արագ ասաց կինը վերելակավարին։

― Վերելակի դուռը բացվեց, և կինը դուրս եկավ առանց ետ նայելու։

― Իմ ոտքերը միանգամայն նորմալ են, ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այդպես աչք տնկելու, ― ասաց երիտասարդը։ ― Հինգերորդը, խնդրեմ։ ― Եվ նա խալաթի գրպանից հանեց համարի բանալին։

Դուրս գալով հինգերորդ հարկում՝ նա գնաց միջանցքով և իր բանալիով բացեց 507֊րդ համարը։ Այնտեղ նոր կաշվե ճամպրուկների ու եղունգների լաքի հոտ էր փչում։

Նա նայեց երիտասարդ կնոջը, որ քնած էր մահճակալներից մեկի վրա։ Մոտեցավ իր ճամպրուկին, բացեց և վերնաշապիկների ու վարտիքների կույտի տակից հանեց ռազմաավարային մի ատրճանակ։ Հանեց փամփուշտակալը, նայեց, կրկին դրեց տեղը։ Լարեց հրահանը։ Հետո մոտեցավ դատարկ մահճակալին, նստեց, նայեց ջահել կնոջը, բարձրացրեց ատրճանակը և գնդակ արձակեց իր աջ քունքին։