Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3189 բայտ, 15:17, 4 Ապրիլի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,– ասաց Թեոդենը,– թեկուզ կարճ ժամանակով:
Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին, ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ հետո հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը, և լուսնի շողերից լուսավորվելով քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում: –Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,– հարցրեց Արագորնը: –Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի: –Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,– ասաց Էոմերը,– բայց նման բան թերևս ես էլ չեմ տեսել: Բայց այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն ինչ որ նորություն է մեզ համար պատրաստում: Երևի եռացրել է Իզենի ջրերը, այդ պատճառով էլ հունը դատարկ է: –Ամեն ինչ հնարավոր է,– համաձայնվեց Գենդալֆը: –Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ: Ջոկատը ճամբար խփեց Իզենի լուռ, դատարկ հունի ափին: Ով կարող էր քնել՝ քնեց: Սակայն գիշերվա կեսին ժամապահների ճիչը արթնացրեց բոլորին: Լուսին չկար, գլխավերևում առկայծում էին աստղերը, իսկ գետանցումի կողմից ինչ որ սև՝ գիշերվա խավարից էլ սև, ամպ էր սողում գետի երկու ափերով՝ դանդաղ մոտենալով ճամբարին: –Տեղից չշարժվե՛ք,– հրամայեց Գենդալֆը: –Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի: Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և ասես ի պատասխան հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևեց, բայց վերջ ի վերջո խավարը ցրվեց, սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ և կորավ լեռներում:
Վստահելի
1342
edits