«Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն |հեղինակ =Լեո |թարգմանիչ =...»:) |
չ |
||
Տող 27. | Տող 27. | ||
Այս միևնույն ճակատագիրն էր վիճակված և մարդկային քաղաքակրթության ամենափառավոր օրրանը կազմող Եգիպտոսին։ Նրա իսկական պատմությունը մնում էր անհայտության մեջ։ Բերոզոսի ժամանակակից մի եգիպտացի քուրմ, Մանեթոն անունով, նույնպես գրեց, դարձյալ հունարեն լեզվով, Եգիպտոսի պատմությունը, օգտվելով երկրի հիշատակարաններից։ Բայց այս գործի ամբողջությունն էլ չկա։ Դարձյալ պատառիկներ են միայն մնացել։ | Այս միևնույն ճակատագիրն էր վիճակված և մարդկային քաղաքակրթության ամենափառավոր օրրանը կազմող Եգիպտոսին։ Նրա իսկական պատմությունը մնում էր անհայտության մեջ։ Բերոզոսի ժամանակակից մի եգիպտացի քուրմ, Մանեթոն անունով, նույնպես գրեց, դարձյալ հունարեն լեզվով, Եգիպտոսի պատմությունը, օգտվելով երկրի հիշատակարաններից։ Բայց այս գործի ամբողջությունն էլ չկա։ Դարձյալ պատառիկներ են միայն մնացել։ | ||
− | '''2. Հայոց պատմություն։''' Հայ ազգի սկզբնավորության և նախնական ժամանպկների մասին աղքատիկ և կցկտուր մի քանի տեղեկություններ են հաղորդել հույն մատենագիրները (Հերոդոտ, Ստրաբոն)։ Թեև Մովսես Խորենացին դատապարտում էր իր նախնիների «անիմաստասեր բարքը» և գանգատվում է, որ նրանք գրավոր հիշատակարաններ չեն թողել<ref>Մովսեսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփղիս, 1913, գիրք Ա, գ։</ref>, բայց հայտնի է, որ Տիգրան Մեծի հրամանով Մետրոդորոս անունով հույնը գրել է, հունարեն լեզվով, Հայաստանի պատմությունը<ref> | + | '''2. Հայոց պատմություն։''' Հայ ազգի սկզբնավորության և նախնական ժամանպկների մասին աղքատիկ և կցկտուր մի քանի տեղեկություններ են հաղորդել հույն մատենագիրները (Հերոդոտ, Ստրաբոն)։ Թեև Մովսես Խորենացին դատապարտում էր իր նախնիների «անիմաստասեր բարքը» և գանգատվում է, որ նրանք գրավոր հիշատակարաններ չեն թողել<ref>Մովսեսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփղիս, 1913, գիրք Ա, գ։</ref>, բայց հայտնի է, որ Տիգրան Մեծի հրամանով Մետրոդորոս անունով հույնը գրել է, հունարեն լեզվով, Հայաստանի պատմությունը<ref>Проф. Халатянц, «Очерки истории Армении», М., 1910, с. 31.</ref>։ Դժբախտությունն այն է, որ այդ գործը ավելի վատթար բախտի է ենթարկվել, քան Կտեսիասի, Բերոզոսի և Մանեթոնի գործերը։ Այդ հայկական պատմությունից նույնիսկ փշրանքներ էլ չեն մնացել։ |
Այնուհետև հայոց հին պատմության մի հատիկ աղբյուր է երևան գալիս Տիգրան Մեծից 6֊7 դար հետո։ Դա մի ոմն Մար-Աբաս Կատինա կամ Մարաբա Մծուրնացի Ասորու գիրքն է։ Այդ աղբյուրը մեզ հասել է երկու խմբագրությամբ, մեկը դրված է Սեբեոսի (7-րդ դար) պատմագրության սկզբում<ref>«Պատմութիւն Սեբէոս եպիսկոպոսի ի Հերակլն», Պետերբուրգ, 1879, դպր․ Ա․։</ref>, մյուսը՝ Մովսես Խորենացու (այժմ համարվում է 7—8֊րդ դարերի հեղինակ) հռչակավոր պատմության մեջ<ref>Գիրք Ա, Թ։</ref>։ Երկու խմբագրությունները միևնույն տեղից ծագում ունին, այն է Մծբինի Արշակունի արքունիքից։ Առաջին խմբագրությունը համառոտ է, երկրորդը՝ ընդարձակված և բացատրված։ | Այնուհետև հայոց հին պատմության մի հատիկ աղբյուր է երևան գալիս Տիգրան Մեծից 6֊7 դար հետո։ Դա մի ոմն Մար-Աբաս Կատինա կամ Մարաբա Մծուրնացի Ասորու գիրքն է։ Այդ աղբյուրը մեզ հասել է երկու խմբագրությամբ, մեկը դրված է Սեբեոսի (7-րդ դար) պատմագրության սկզբում<ref>«Պատմութիւն Սեբէոս եպիսկոպոսի ի Հերակլն», Պետերբուրգ, 1879, դպր․ Ա․։</ref>, մյուսը՝ Մովսես Խորենացու (այժմ համարվում է 7—8֊րդ դարերի հեղինակ) հռչակավոր պատմության մեջ<ref>Գիրք Ա, Թ։</ref>։ Երկու խմբագրությունները միևնույն տեղից ծագում ունին, այն է Մծբինի Արշակունի արքունիքից։ Առաջին խմբագրությունը համառոտ է, երկրորդը՝ ընդարձակված և բացատրված։ |
Ընթացիկ տարբերակը 22:48, 12 Ապրիլի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Լեո |
Բովանդակություն
Նախապատրաստություն
Ա։ Պատմության աղբյուրները
1. Ընդհանուր պատմություն։ 2. Հայոց պատմություն։ 3. Խոսում են մեռած լեզուները։ 4. Վանյան սեպգիրներ։ 5. Օժանդակ գիտություններ։
Ա. Հին գիտություն
1. Ընդհանուր պատմություն։ Մինչև 19-րդ դարը պատմագրական գիտությունը շատ ընդարձակ տեղեկություններ չուներ Առաջավար Ասիայի պատմության ամենահին շրջանների մասին։ Պատմության աղբյուրները այն նյութերն էին, օրոնք ամփոփված էին հին մատենագրությունների մեջ։
Գլխավոր և ամենահին մատյանը Աստվածաշունչն էր, որի մեջ, ինչպես հայտնի է, պատմությունն սկսվում է աշխարհի ստեղծագործությունից։ Դա մի տեսակ ընդհանուր պատմություն է, ուր հանդես եկողը միայն հրեական ազգը չէ, այլ և այն օտար ցեղերը, որոնց հետ հարադրություններ և շփումներ են ունեցել հրեաները, այն է՝ Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան, Փյունիկիա, Պարսկաստան և այլն։
Աստվածաշնչից հետո հին հունական մատենագրությունն էր, որ տալիս էր ավելի ընդարձակ պատմական, ազգագրական և աշխարհագրական տեղեկություններ Առաջավոր Ասիայի մասին։ Բայց այստեղ էլ հնագույն շրջանները մնում էին անհայտ ու մութ։ Ամենահին հույն հեղինակը, որ գրել է պատմությոն, և այդ պատճառով էլ կոչվում է «պատմահայր», Հերոդոտ Հալիկարնասցին է, որ ապրում էր 480-426 թվականներին Քրիստոսից առաջ։ Խելոք, կրթված Հերոդոտը ճանապարհորդել է իր ժամանակի քաղաքակիրթ երկրներում, ուսումնասիրել է նրանց բնակիչների սովորությունները, կյանքը, հավաքել է ավանդություններ և զետեղել է այդ բոլորը իր «Պատմության» մեջ, որի գլխավոր առարկան Հունաստանն է։
Հերոդոտի ժամանակակից էր Կտեսիաս հույն բժիշկը, որ պարսից Արտաքսերքսես Բ թագավորի ժամանակ (404—358 թ․ Ք. ա.) ապրում էր նրա արքունիքում իբրև բժիշկ։ Այդտեղ նա գրեց «Պարսկաստանի և Հնդկաստանի Պատմությունը», որից, սակայն, միայն հատկտորներ են մնացել, իսկ ամբողջ գործը կորել է։ Նույն ժամանակների հեղինակ է Քսենոֆոնը, փիլիսոփա և զորավար (430—355 թ. Ք. ա), որ իր երկու նշանավոր աշխատությունների մեջ («Կյուրոպեդիա» և «Անաբազիս») թողել է ընդարձակ և հետաքրքրական տեղեկություններ Պարսկաստանի մասին։
Պակասավոր էր մանավանդ Բաբելոնի և Ասորեստանի պատմությանը։ Այս երկու երկրների պատմական և քաղաքակրթական ահագին գերը համարյա միանգամայն անհայտ էր մնում հին գիտության, որովհետև նրանք չունեին իրենք սեփական պատմությունը, իսկ օտար աղբյուրները (Աստվածաշունչ, Հերոդոտ) կցկտուր տեղեկություններ էին տալիս նրանց փառավոր և երկարատև անցյալից։ Այս պակասությունը լրացրեց Բաբելոնի գիտնական քուրմերից մեկը, Բերոզոս անունով, որ ապրում էր Սելևկյան թագավորների ժամանակ (260—246 թ. Ք. ա.)։ Նա հունական լեզվով գրեց «Քաղդեայի Պատմությունը», տեղեկություններ քաղելով հին քաղդեական գրադարաններից և հիշատակարաններից։ Բայց այս կարևոր աշխատությունն էլ կորել է և նրանից մի քանի հատկտորներ են մնացել հետագա ժամանակների մատենագրությունների մեջ։
Այս միևնույն ճակատագիրն էր վիճակված և մարդկային քաղաքակրթության ամենափառավոր օրրանը կազմող Եգիպտոսին։ Նրա իսկական պատմությունը մնում էր անհայտության մեջ։ Բերոզոսի ժամանակակից մի եգիպտացի քուրմ, Մանեթոն անունով, նույնպես գրեց, դարձյալ հունարեն լեզվով, Եգիպտոսի պատմությունը, օգտվելով երկրի հիշատակարաններից։ Բայց այս գործի ամբողջությունն էլ չկա։ Դարձյալ պատառիկներ են միայն մնացել։
2. Հայոց պատմություն։ Հայ ազգի սկզբնավորության և նախնական ժամանպկների մասին աղքատիկ և կցկտուր մի քանի տեղեկություններ են հաղորդել հույն մատենագիրները (Հերոդոտ, Ստրաբոն)։ Թեև Մովսես Խորենացին դատապարտում էր իր նախնիների «անիմաստասեր բարքը» և գանգատվում է, որ նրանք գրավոր հիշատակարաններ չեն թողել[1], բայց հայտնի է, որ Տիգրան Մեծի հրամանով Մետրոդորոս անունով հույնը գրել է, հունարեն լեզվով, Հայաստանի պատմությունը[2]։ Դժբախտությունն այն է, որ այդ գործը ավելի վատթար բախտի է ենթարկվել, քան Կտեսիասի, Բերոզոսի և Մանեթոնի գործերը։ Այդ հայկական պատմությունից նույնիսկ փշրանքներ էլ չեն մնացել։
Այնուհետև հայոց հին պատմության մի հատիկ աղբյուր է երևան գալիս Տիգրան Մեծից 6֊7 դար հետո։ Դա մի ոմն Մար-Աբաս Կատինա կամ Մարաբա Մծուրնացի Ասորու գիրքն է։ Այդ աղբյուրը մեզ հասել է երկու խմբագրությամբ, մեկը դրված է Սեբեոսի (7-րդ դար) պատմագրության սկզբում[3], մյուսը՝ Մովսես Խորենացու (այժմ համարվում է 7—8֊րդ դարերի հեղինակ) հռչակավոր պատմության մեջ[4]։ Երկու խմբագրությունները միևնույն տեղից ծագում ունին, այն է Մծբինի Արշակունի արքունիքից։ Առաջին խմբագրությունը համառոտ է, երկրորդը՝ ընդարձակված և բացատրված։
Երկու խմբագրություններն էլ անցել են քրիստոնյա, այն էլ եկեղեցական գրողների ձեռքով, ուստի ենթարկվել են քրիստոնեության խիստ ազդեցության։ Հայ պատմության այդ միակ աղբյուրը հարմարեցված է Աստվածաշնչի ավանդություններին, մի գրքի, որ քրիստոնյաների համար մեծագույն և անհերքելի հեղինակությունն էր։ Որոնելով հայ ազգի ծննդաբանությունը, աղբյուրի քրիստոնյա խմբագրողները պետք է ենթարկվեին այն ազգաբանական ցուցակին, որ տալիս է Ծննդոց գիրքը իր տասներորդ գլխում։ Իր պատմության սկզբում Խորհնացին ամենայն պարզամտությամբ ասում է.
«Եւ սկսայց յորոց և այլքն, որք յեկեղեցւոջ և ոյք ըստ Քրիստոսի, աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս ի սկզբան առասպելս, բայց եթէ զկնիսն՝ ժամանակ ինչ արգելք և զարս յայտնիս, որում և աստուածայինքն ի ճահ գայցեն պատմութիւնք բանից, մինչև ի հարկէ երթալ հասանիցիմք ի հեթանոսական զրուցակարգութիւնս, սակայն և ի նոցանէ, զոր ինչ հաւաստին կարծեմք առնուլ»[5]։
Այս ծրագիրը միանգամայն պարզ կերպով բնորոշում է, թե ինչ տեսակ պատմություն կարող էր տալ Խորենացին կամ մի այլ քրիստոնյա եկեղեցական։ Հավատարիմ մնալով այդ քրիստոնեական պարտականության, նա հայ ազգի ծագումը զետեղում է Ծննգոց գրքի ազգաբանական միջավայրում։ Դրան նպաստում է մանավանդ Նոյի տապանի ավանդությունը, որ, ինչպես հայտնի է, Արարատ սարի հետ է կապված։ Ստեղծվում է արհեստական ժամանակագրություն, որ պահանջում է մի շարք հերյուրումներ և կեղծումներ։ Հայկ նահապետի սերունդների կամ «Հայկազյան շրջանի» տիրապետությունը դուրս է գալիս շարունակված 1800 տարի[6]։ ժամանակի այդ ահագին տարածությունը լցնելու համար շարվեցին 59 տիրողներ, որոնցից 32-ը սոսկ անուններ են, առանց պատմության, առանց նույնիսկ մոտավոր ժամանակագրական ցուցմունքների, իսկ 27-ը միայն չոր կմախքներ չեն, այլ ունին իրենց նյութը։
Այդ նյութն անշուշտ Հայաստանում է կազմված և նրա մեջ ամեն ինչ մտացածին չէ, ինչպես կարծում են շատերը, այլ կան շատ ավանդական տարրեր, որոնց նշանները շատ տեղ են երևում։ Բայց այդ ավանդական տարրերի նշանակությունն էլ կասկածի տակ է դրված շնորհիվ այն հանգամանքի, որ ժամանակագրությունը Աստվածաշնչին հարմարեցրած լինելու համար չափազանց շատ է արհեստականացրած, շատ է ձգձգված։ Խորենացին, ինչպես երևում է նրա վերոհիշյալ խոսքերից, «Հայկազյան» անվանված շրջանի պատմական ավանդությունները հավատարիմ արձանագրողի դերը չէ կատարել, այլ այդ ավանդությունները կարկատելու, դրանց վրա պատմություն շինելու, հերյուրելու և այդպիսով քրիստոնեական նպատակին արհեստականորեն ծառայեցնելու դերը։
Հին հայ պատմագրական գիտության համար Խորենացին նույնպիսի հեղինակություն էր, ինչպես Աստվածաշունչը։ Օտար աղբյուրները միանգամայն արհամարհվում էին։ Երկրորդ մեծ հեղինակություն է դառնում 18-րդ դարի հեղինակ Հ. Միքայել Չամչյանը։ Սխոլաստիկ աստվածաբանության վրա հիմնված, նա ավելի ևս մեծացնում է հրեական ավանդությունների ազդեցությունը հայոց պատմության սկզբնավորության մեջ, առանց հիմքերի, լոկ երևակայությամբ, մանրամասն ժամանակագրություն է կազմում՝ «Հայկազյան» շրջանի ամբողջ ժամանակամիջոցը բաժանելով 59 տիրողների մեջ և յուրաքանչյուր տիրողին հատկացնելով տարիների համարյա միատեսակ թիվ (միջին հաշվով 30—35 տարի)։
Բ։ Նոր գիտություն
3. Խոսում են մեռած լեզուները։ 19-րդ դարի ահագին գիտական շարժումները, որոնք մարդկային մտքի հոյակապ նվաճումներն էին բազմացնում կյանքի բոլոր շրջաններում, ի միջի այլոց կարողացան նաև կենդանություն տալ Արևելքի հին, վաղուց մեռած լեզուներին։
Եգիպտոսում, Սիրիայում, Հայաստանի լեռներում, Իրանի հարավ-արևմտյան մասերում քարե հուշարձանների և ժայռերի վրա գծագրված զանազան ձևի նշաններ էին մնացել հնության անհիշելի դարերից։ Այդ լուռ հուշարձանների առջև դարեր էին թավալվել, պատմական ահավոր շարժումներ և կերպարանափոխություններ էին տեղի ունեցել, սերունդների երկար շարքեր էին եկել֊գնացել, ազգեր էին իրար հաջորդել, բայց ոչ ոք չէր կարողացել հասկանալ, թե ինչ են այդ նշանները, խոսե՞լ են նրանք երբևիցե մարդկային լեզվով։ Հին ժամանակների մի առեղծված՝ նրանք շատ շատերին են հիացրել, ինչպես և մեր Խորենացուն[7], բայց եղել են միշտ մի խոր, անթափանցելի խորհրդավորություն, գերեզմանի գաղտնիք։
19-րդ դարն էր, որ բաց արավ այգ գաղտնիքը, խոսեցնել տվեց բազմադարյան լռության մատնված հիշատակարանները։ Սակայն այս մեծ գործը միանգամից, հրաշքով չկատարվեց։ Պետք եղավ բազմաթիվ գիտնականների միահամուռ աշխատակցությունը։ Աշխատանքն սկսված էր 19-րդ դարից առաջ։ Եվ Իրանն էր, որ սկսել տվեց այդ աշխատանքը, գաղտնիքը լուծելու բանալին էլ տվեց։
17-րդ դարում կաթոլիկ հոգևորականությունը առաքելություններ հիմնեց Իրանում (մասնավորապես Սպահան և Նոր-Ջուղա, հայերի համար)։ Այդ միսիոներները ուշադրություն դարձրին երկրի հնությունների վրա, սկսեցին նկարագրել նրանց։ Ամենից շատ ուշադրություն գրավում էր մի շատ նշանավոր, թեև միանգամայն ավերակ հնություն։ Շիրազից 12 մղոն հեռու մի բարձրության վրա գտնվում է Իստահր գյուղը։ Նրանից ցած, դաշտի վրա, փռված էն ավերակներ, որոնց մեջ բարձրանում են քանդված շինությունների բարակ սյուներ։ Հայտնի էր, որ սա հին Պերսեպոլիս[8] քաղաքն է, ուր հաստատված էր Աքեմենյան թագավորների գահը։ Այստեղից էին դարեհները, քսերքսեսները հրամայում իրենց ստեղծած Իրանին, որ պարունակում էր իր մեջ այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի մեծագույն մասը, սկսած Հունաստանի սահմաններից և Եգիպտոսից մինչև Հնդկաստան։ Աքեմենյանների այդ պետությունը և այդ մայրաքաղաքը Ալեքսանդր Մակեդոնացու ձեռքն անցան։ Մի գինեխմության ժամանակ Ալեքսանդրը, մի հույն հարճի թելադրությամբ, իր ձեռքով հրդեհեց Աքեմենյանների պալատը՝ իբրև վրեժ այն արշավանքի համար, որ այդ պալատի տերերից մեկը, Քսերքսեսը, կատարել էր դեպի Հունաստան[9], Ավերակները չկենդանացան այն ժամանակից, մայրաքաղաքը անբնակ դարձավ և ներկայացնում էր քարերի կույտ։
17-րդ դարի այցելուները՝ միսիոներներ և ճանապարհորդներ (նշանավոր Շարդենը) ուշադրության դարձրին, որ այդ ավերակների վրա կան քանդակներ, որոնք ներկայացնում են սեպի ձև ունեցող գծեր զանազան դիրքերով (ուղղաձիգ, թեք, հորիզոնական), որոնք խմբեր են կազմում։ Ի՞նչ էին դրանք։ Առաջին անգամ իտալացի Պիետրո Դելլա-Վալլեն էր (1620 թ.), որ տեղն ու տեղը ուսումնասիրելով այդ նշանները, կարծիք հայտնեց, թե դրանք տառեր են և պետք է կարդացվին ձախից դեպի աջ։ Սակայն Եվրոպայում այդ նշանագրերը առանձին հետաքրքրություն չզարթեցրին, և մի դար անցած՝ անգլիացի Թոմաս Հեյդը, որ արևելագետի համբավ ուներ, ասում էր իր մի աշխատության մեջ, թե չարժե էլ ուշադրություն դարձնել դրանց վրա, քանի որ դրանք իսկապես գրեր չեն, այլ քանդակագործ վարպետի խազեր։ Մի տեսակ զարդեր են, որոնք հարկավոր են եղել նկարի բաց տեղերը լցնելու համար։
Սակայն այս իբր թե գիտնական վճռով իրանական նշանագրերի բախտը ընդմիշտ չէր որոշվում։ 1765 թվին ավերակներն այցելեց դանիացի Նիբուրը, որ նշանավոր գործ կատարեց, մանրամասն ուսումնասիրելով նշանագրերի բնավորությունը, դասավորության եղանակը։ Նա էր, որ ցույց տվեց, թե սեպագիր արձանագրությունները երեք խմբերի են բաժանվում, որովհետև գրված են երեք տարբեր լեզուներով։ Գրության օրենքները գտնված էին։ Մնում էր կարդալը։ Ահա այդ էր ամենադժվարը։
Մինչև այդ՝ նույն 18-րդ դարում տեղի ունեցավ մի ուրիշ նշանավոր գյուտ։ Գտնվեց հին պարսկական լեզուն, և այս գյուտը շատ նպաստեց բևեռագրերի վերծանության։ Ինչպես հայտնի է, երբ արաբները նվաճեցին Իրանը (7-րդ դար), համարյա բոլոր այն պարսիկները, որոնք չկամեցան իրենց կրոնից հրաժարվել և իսլամն ընդունել, հարկադրված եղան հեռանալ իրենց հայրենիքից։ Նրանք իրենց հետ տարան իրենց պաշտամունքը, իրենց սրբազան գրքերը։ Սկզբում այդ զրադաշտականները կամ գեաբրները բնակություն հաստատեցին Օրմուզ կղզում և ապա անցան Հնդկաստան։ Այստեղ էլ նրանք երկար դարեր տառապանքներ էին կրում, տեղից տեղ անցնելով ու իրենց համար ապահով մի ապաստանարան որոնելով։ Հնդկաստանում էր, որ գեաբրները հանդիպեցին եվրոպացիներին, որոնք և ծանոթացան նրանց կրոնի և արարողությունների հետ։ Նույնիսկ նրանց սրբազան գրքերի մի քանի կտորներն անցան եվրոպացիների ձեռքը, որոնք Եվրոպա փոխադրեցին այդ կտորները։ Հետաքրքրություն ծագեց. զրադաշտական կրոնի մասին շատ վայրիվերո, կցկտուր տեղեկություններ էին մնացել հին հունական գրականության մեջ։ Ուսումնասիրել այդ կրոնը նրա իսկական աղբյուրներով— ահա ինչ ցանկություն էին հարուցանում հնդկաստանից բերած կտորները։
Այդ ցանկությամբ, վառվեց մի երիտասարդ ֆրանսիացի, Անքետիլ Դյուպերրոն անունով։ 1754 թվին նա ճանապարհորդեց Փարիզից Հնդկաստան՝ զրադաշտական գրքեր որոնելու համար։ Նրան հաջողվեց իր որոնածը գտնել, բայց ութ տարվա տառապանքների գնով։ Սուրաթ քաղաքի շրջականերում ապրող գեաբրների մոտ նա գտավ Զենդ-Ավեստան։ Սակայն իրենք՝ գեաբրները համարյա այլևս չէին հասկանում այդ գրքի լեզուն՝ զենդերենը։ Ինչ որ գիտեին այդ լեզվից, սովորեցրին Դյուպերրոնին, և սա, թանկագին գյուտը վերցրած, արկածալից ճանապարհորդություն սկսեց՝ հայրենիք վերադառնալու համար։ Այստեղ նա թարգմանեց Զենդ֊Ավեստան. բայց միանգամայն անհաջող էր այդ թարգմանությունը, որովհետև Անքետիլի ծանոթությունը զենդերեն լեզվի հետ չափազանց անբավարար էր և սխալ։ Զենդերեն լեզուն այստեղ, Եվրոպայում, պիտի նոր հայտնագործվեր։ Իսկ այս բանը վերապահված էր արդեն 19-րդ դարին։
Բայց նույն 18-րդ դարին պատկանում է և մի այլ նշանավոր նախպատրաստություն։ Դարի վերջերում ֆրանսիական զորքերը, Նապոլեոնի հրամանատարությամբ, գրավեցին Եգիպտոսը։ Փարավոնների երկրի հին մեծ հիշատակարանների առատությունը հիացնում էր ամենքին, սկսած գլխավոր հրամանատարից։ Այս արշավանքը մի առիթ էր, որ եվրոպացիները, գլխավորապես ֆրանսիացիները, իրենց ուշադրությունը կենտրոնացնեն եգիպտական հնությունների վրա։ Ամենից շատ հետաքրքրողը, իհարկե, եգիպտական գրությունն էր, որով ծածկված էին հիշատակարաններից շատերը։ Այս արդեն իրանական սեպագրությունը չէր, այլ գրության մի ուրիշ ձև, որ միտքը արտահայտում է գաղափարանշաններով, զանազան առարկաների պատկերների միջոցով։ Այդ ձևը կոչվում է «մեհենադրոշմ» (հիերոգլիֆ)։
Լուսանում է 19-րդ դարը, նրա հետ և այս բոլոր հին առեղծվածները։ 1802 թ. սեպտեմբերի 4-ին գերմանացի երիտասարդ գիտնական Գեորգ֊Ֆրիդրիխ Գրետեֆենդը կարդում է Գյոտինգենի ակադեմիական ժողովում իր զեկուցումը Աքեմենյան սեպագրությունների մասին։ Նա գտել էր այդ գրությունը կարդալու սրամիտ միջոցը։ Առաջին քայլն արված էր, բևեռագիտության հիմքը դրված էր։ Բայց Գրետեֆենդը արևելյան լեզուների մասնագետ չէր և նրա նշանավոր գյուտը ամբողջացած չէր։ Նրա գծած ուղղությամբ սկսեցին աշխատել նշանավոր արևելագետ Սեն-Մարտենը, Լասսենը և ուրիշները։ Բայց վախճանական լուծումը վերապահված էր ֆրանսիացի մյուս նշանավոր արևելագետ Էոժեն Բյուրնուֆին (1801—1852)։ Սա էր, որ գտավ զենդ լեզվի օրենքները և կազմեց նրա քերականությունը, թարգմանեց Զենդ-Ավեստայի մի քանի գրքերը։ Զենդերենը Աքեմենյանների լեզուն էր, որով գրված էին և նրանց արձանագրությունները։ Տալով նրա ճիշտ ուսումնասիրությունը, Բյուրնուֆը թե՛ այդ և թե՛ սանսկրիտ լեզուների օգնությամբ գտավ սեպագիր արձանագրության և այն կետերը, որոնց վրա այնքան աշխատանք էին վատնել գիտնականները, և սրանք մնացել էին անվերծանելի[10]։
Մինչդեռ Եվրոպայում բևեռագիտությունն այսպիսի քայլեր էր անում, անգլիացի սըր Հենրի Ռաուլինսոնը անկախ կերպով նույն գործի վրա աշխատում էր Պարսկաստանում։ Նա զինվորական և դիվանագիտական գործիչ էր, բայց պակաս ընդունակություն չցույց տվեց հնագիտության և լեզվագիտության մեջ։ Հնդկաստանի անգլիական բանակում էր ծառայում, երբ նշանակվեց պարսկական զորքերի հրահանգիչ։ Իր այս պաշտոնի գործերով երկար ժամանակ մնաց Քիրմանշահ քաղաքում՝ բոլորովին կտրված քաղաքակիրթ աշխարհից։ Այդտեղ, այն հին մեծ ճանապարհի վրա, որ բանակների անցքն էր Իրանից դեպի Միջագետք, բարձրանում է Բիսութուն սարը, որի ժայռերի վրա փորված էր Դարեհի հռչակավոր մեծ սեպաձև արձանագրությունը։ Ռաուլինսոնն ընդօրինակեց նրան և երկար աշխատելով ինքնաբերաբար գտավ նրան կարդալու միջոցը այնպես, ինչպես գտնված էր Եվրոպայում։ 1836 թվին նա սկսեց իր այդ գիտական աշխատությունները մաս-մաս ուղարկել Լոնդոնի Ասիական Ընկերության։ 1843 թվականին պարսկական սեպագրություններն արդեն կարդացված ու թարգմանված էին։
Ճշտվեց առաջին ուսումնասիրողների այն դիտողությունը, որ արձանագրությունները երեք լեզվով են գրված։ Կարդացվեց նախ պարսկերեն (զենդ) լեզուն։ Մնացած երկու լեզուներից մեկը անվանեցին մեդական կամ մարական (ավելի ճիշտ՝ էլամական)։ Իսկ երրորդը ասսուրական լեզուն էր։ Գտնելով պարսկականի բանալին, այնուհետև դժվար չէր գտնել և ասորականի բանալին։ Կենդանանում էր և մի ուրիշ մեծ պատմական լեզու։
Բայց մինչև այդ՝ վերծանելի դարձան Եգիպտոսի մեհենադրոշմ արձանագրությունները։ Այստեղ արդեն հարկավոր չեղան դարերի դիտողություններ։ Ֆրանսիացի գիտնական ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը 1814-ին գնաց Եգիպտոս՝ տեղն ու տեղն ուսումնասիրելու նրա հնությունները, և 1822֊ին հայտնեց գիտնական աշխարհին իր անմահ գյուտը, որով մեհենադրոշմի ընթերցումը դառնում էր իրականություն։ Ծնվում էր ընդարձակ մի գիտություն, որ և կոչվեց եգիպտագիտություն։ Այնուհետև Եգիպտոսը դարձավ զանազան երկրներում կազմակերպված գիտնական արշավախմբերի մանրակրկիտ հետազոտությունների վայր։ Կառավարությունները միջոցներ չխնայեցին ընդարձակ պեղումներ կատարելու համար, և եվրոպական թանգարանները լցվեցին եգիպտական հնություններով։ Դուրս եկան բազմաթիվ նոր արձանագրություններ քարերի վրա և գրություններ «պապիրուս» անվանված թղթի վրա։ Եվ ամենախորին հնության ծոցից (Քրիստոսից 4֊5 հազար տարի առաջ) լույս աշխարհ եկավ մի ամբողջ մեծ պատմություն, մի քաղաքակրթություն, որի չափերի մասին հասկացողություն անգամ չէին ունեցել մինչև այդ։ Եգիպտագիտությունն ստեղծեց մի ահագին գրականություն։ Նրա ասպարեզում գիտնական հռչակի փայլ ստացան շատերը, ինչպես Լեպսիուս և Բրյուգշ գերմանացիները, դը Ռուժե, Մարիետ, Մասպերո, դը Մորգան ֆրանսիացիները։ Փարավոնների հայրենիքը հնությունների մի անհուն շտեմարան է։ Այժմ էլ նույն եռանդով շարունակվում են ուսումնասիրությունները, և Եգիպտոսի հին կյանքը, հազարամյակների պատմությունը գնալով ավելի և ավելի ընդարձակ չափերով է լույս հանում իր բոլոր մանրամասնությունները։
Եգիպտոսից հետո հերթը գալիս էր այն հռչակավոր դաշտավայրին, որ տարածված է Եփրատ և Տիգրիս գետերի մեջ և հասնում է Պարսից ծոցին՝ Միջագետք և Քաղդեա։ Այս դաշտի վրա հազարավոր տարիների փառավոր կուլտուրա, ուժեղ քաղաքական կյանք կային հաստատված։ Բայց, այստեղ պայմաններն ուրիշ էին։ Քար ու ժայռ չկա այս երկրում։ Եվ հնության հիշատակարանները չէին երևում հողի մակերևույթի վրա։ Աղյուսն էր շինությունների ամենագլխավոր նյութը, քարը հեռվից էր բերվում և մասնավոր գործածություն ուներ։ Ավերակները ծածկված էին հողով, ներկայացնում էին անհայտ բլուրներ դաշտի վրա։ Ճանապարհորդները մի քանի կտորներ էին գտել այդ կողմերում և տարել Եվրոպա։ Դրանք միայն ցույց էին տալիս եռանդուն և լուրջ, բազմածախս որոնումների անհրաժեշտությունը։ Եվրոպական կառավարություններն էին, որ սկսեցին այդ գործը։ Եվ ամենից առաջ ֆրանսիական կառավարությունը։ 1842 թվականին նա Մոսուլում հաստատեց փոխհյուպաաոսություն՝ հատկապես այն նպատակով, որ նա դառնա հնագիտական աշխատանքների կայարան։ Այդ պաշտոնը հանձնվեց Ալեքսանդրիայի հյուպատոս Բոտտային, որ և իսկույն գործի կպավ, ձեռքի տակ ունենալով կառավարության կողմից նշանակված հատուկ գումարներ։
Մոսուլից էր սկսվում գործը, որովհետև այդ քաղաքի մոտ պիտի լիներ հռչակավոր Նինվե մայրաքաղաքը, որ կործանվել էր, ինչպես կարծում են, 625 թ. առաջ։ Բոտտան պեղումներ սկսեց Կույունջիկ գյուղում, բայց շուտով դադարեցրեց աշխատանքը, որովհետև մի գյուղացի ցույց տվեց, թե Խորսաբադ գյուղի բլուրը շատ հնություններ է պարունակում։ Եվ իրավ, Բոտտայի պեղումներն այնտեղ բաց արին մի ամբողջ արքունական պալատ։ Աշխատանքները շարունակվեցին մոտ երկու տարի։ Երևան հանվեց մի բոլորովին նոր աշխարհ՝ ասորական կուլտուրան իր հարուստ արվեստով, իր արձանագրություններով։ Հնություններից ինչ որ կարելի էր տեղափոխել, ուղարկվեց Փարիզ։
Բոտտայի պեղումների ժամանակ Ասորեստանի կողմերում ճանապարհորդում էր երիտասարդ անգլիացի սըր Հենրի Լեյարդը, նա էլ լցվեց այդպիսի գործեր կատարելու ցանկությամբ։ Եվ Կ. Պոլսի անգլիական դեսպան սըր Ստրատֆորդ Կաննինգի աջակցությամբ և հայթայթած դրամական միջոցներով նա 1845-ին սկսեց պեղումներ կատարել։ Նրա անսովոր եռանդը, տոկունությունը, վառվռուն սերը դեպի հնագիտությունը հաղթեցին բոլոր տեղական դժվարություններն ու արգելքները։ Պեղումները նա սկսեց այնտեղ, ուր կիսատ էր թողել Բոտտան, Կույունջիկ գյուղում[11]։ Այդտեղ նրան սպասում էր մի մեծ պատիվ։ Բոտտայի բաց արած պալատը Նինվեն չէր։ Լեյարդի պեղումներն էին, որ Կույունջիկի թումբի տակից լույս հանեցին տիեզերահռչակ Նինվեն։ Անգլիական կառավարությունը հովանավորեց երիտասարդ հնասերին, առատ միջոցներ դրեց նրա տրամադրության տակ։ Եվ փոխարենը լիուլի վարձատրվեց։ Լեյարդը շարունակեց իր աշխատանքները և ուրիշ տեղերում։ Նա ընդհատումներով գործեց մինչև 1852 թվականը և այնուհետև անցավ Քաղդեա՝ այնտեղ ևս շարունակելու պեղումները։ Եվ նրա անխոնջ աշխատանքներով Բրիտանական Մուզեոնը լցվեց ասորա֊բաբելոնական հնություններով։ Ասորեստանում Լեյարդին հաջորդեցին Ռաուլինսոնը և ուրիշները։ Անգլիական և ֆրանսիական կառավարությունների մեջ մի ազնիվ մրցակցություն տեղի ուներ հնագիտական ուսումնասիրությունների վերաբերմամբ։ Թեև մեծ բաժինը Անգլիային էր ընկնում, բայց ֆրանսիական կառավարությունն էլ մի ամբողջ գիտնական արշավախումբ ուղարկեց Բաբելոնն ուսումնասիրելու, համար։ Պեղումները նորանոր հայտնագործություններ էին անում։
Այս բոլոր աշխատությունները գիտնական աշխարհին անհուն նյութեր հայթայթեցին։ Բևեռագիտության այն ճյուղը, որ վերաբերվում է բախելա-ասորական աշխարհին, ընդարձակվեց, ահագին ծավալ առավ և ստացավ ասորագիտություն անունը։ Ասորական բևեռագիտությունների ընթերցանությունն էլ միանգամայն հաստատուն գիտական հիմքերի վրա դրվեց։ Եվ երկու հռչակավոր երկրների— Քաղդեայի և Ասորեստանի հին կյանքն էլ լուսաբանվեց ամենայն մանրամասնություններով։ Թե ինչ տեսակ հարստություն էին ներկայացնում գետնի տակից փորված նյութերը, կարելի է հասկացողություն կազմել այն մի փաստից, որ Լեյարդի պեղումները, ի միջի այլոց բաց արին ասորական վերջին թագավոր Ասսուրբանիպալի պալատը, որի մեջ գտնվեց մի ամբողջ մեծ մատենադարան։ Ասորեստանցիները գրում էին աղյուսների վրա, որոնց երկու երեսը ծածկում էին մանր սեպագրություններով։ Նինվեի այդ մատենադարանում գտան մոտ տասը հազար այդպիսի աղյուսներ։ Մատենադարանը բաղկացած էր վեց բաժանմունքներից՝ պատմության, իրավաբանական վավերագրեր, բնական գիտություններ, կախարդություն, դավանանքներ, առասպելներ[12]։
Ներկայումս էլ դեռ շարունակվում են ոչ միայն սեպագրությունների ուսումնասիրությունները, այլև պեղումները։ Այսպես, 1889 թվականից ֆրանսիական կառավարությունը մի քանի անգամ գիտնական արշավախմբեր ուղարկեց, հնագետ ժ․ դը Մորգանի առաջնորդությամբ, հատկապես Շոշի ավերակները (հարավային Իրանում, հին Քաղդեային սահմանակից) ուսումնասիրելու համար։ Նշանավոր եղան այդ արշավախմբերի պեղումներն ու հետազոտությունները. երևան հանվեց հին Էլամը, մի ինքնուրույն քաղաքակրթություն, որ շատ նշանավոր պատմական դեր է կատարել հին աշխարհում։ Առհասարակ բևեռագիտության մեջ իրենց գիտական աշխատություններով հռչակ են ստացել Ժյուլ Օպպերտ, Ժոախիմ Մենան, Սմիթ, Սեյս, Հինքս, Ֆրանսուա Լընորման, Շեյլ և ուրիշները։
4. Վանյան սեպագիրներ։ Սեպաձև արձանագրությունների հարուցած մեծ հետաքրքրությունը գիտական հետախուզությունների մի հոսանք էլ ուղղեց դեպի Հայաստան։
Մովսես Խորենացին[13] շատ գեղեցիկ և ճիշտ կերպով նկարագրում է Վան քաղաքի դիրքն ու հնությունները։ Ամենից շատ նրան և նրա ժամանակակիցներին հիացրել են հին շինությունները։ Նա մանրամասն նկարագրում է մեծագործ և զարմանալի ջրանցքը, քարակոփ շինությունները, ապարանքները։ Եվ խոսք չգտնելով դրանց թողած տպավորությանը պատկերացնելու համար, գրում է․ «Այլ ասեմք միայն թէ ամենայն թագաւորականաց գործոց, որպէս լոռաք առաջին և վեհագոյն համարեալ»։ Բայց հայ պատմահայրը պակաս զարմացած չէ և Վանի ժայռի վրա։ Նա ասում է. «Զամենայն երեսս քարին իբր գրյալ զմոմ հարթեալ, բազում գիրս ի նմա գրեաց, որոյ հայեցուածն միայն զամենայն ոք ի զարմանս ածէ»։ Եվ այդպիսի զարմանալի գրություն ոչ միայն Վանում։ «Եւ ոչ միայն այս, այլ և ի բազում ստեղիս յաշխարհին Հայոց արձանս հաստատեալ, նովին գրով յիշատակ ինչ հրամայէ գրել, և ի բազում տեղիս սահմանս նովին գրով հաստատէր»։0
Բայց ո՞վ է այդ գրողը, ո՞վ է այդ բոլոր զարմանալի ձեռնարկությունների հեղինակը։ Մի անձ միայն, պատասխանում է Խորենացին, և այդ անձը՝ Ասորեստանի հռչակավոր թագուհի Շամիրամն էր։
19-րդ դարի գիտությունը, սակայն, գտավ և այդ մեծագործությունների հեղինակին, որ մի անհատ չէր, այլ մի ամբողջ ազգ։ Որովհետև սեպաձև արձանագրությունները Վանում և նրա շրջականերում էին հայտնագործվում, ուստի նրանք կոչվեցին Վանյան։ Բայց հետո, երբ արձանագրություններ գտնվեցին բավական թվով և ուրիշ տեղերում, այդ անունը փոխվեց Ուրարտական անունով։ Պատմությունը երախտագիտաբար պահում է և այն մարդկանց անունները, որոնք գտել են այդ տեսակի սեպագրություններ և մատչելի են դարձրել նրանց գիտնականների հետազոտություններին։
Առաջին եվրոպացի գիտնականը, որ գնաց Վան՝ հատկապես սեպաձև արձանագրություններն ուսումնասիրելու համար, պրոֆեսոր Շուլցն էր, որին ուղարկել էր ֆրանսիական կառավարությունը 1827 թվին։ Հետևյալ տարին Շուլցն ընդօրինակեց 38 արձանագրություն, որոնցից 18 Վանի մեջ և նրա արվարձաններում, 1 արձանագրություն Լեզք գյուղում, 2-ը՝ Շուշանց, 2-ը՝ Արտամետ, 1֊ը՝ Սըղգա գյուղերում, 9-ը՝ Վարազի լեռան զանազան կողմերում, 1-ը՝ Ախթամար կղզում, 1֊ը՝ Մանազկերտում, 2-ը՝ Արճեշում, 1 -ը՝ Կելիշին գյուղի մոտ, թուրք-պարսկական սահմանի վրա։ Այդ ընդօրինակումներն ուղարկեց Փարիզ, բայց ինքն այլևս չկարողացավ վերադառնալ Եվրոպա։ Նոր ձեռնարկությունը, որ ահագին գիտական հետաքրքրություն պիտի շարժեր և նոր հորիզոն բաց աներ մարդու մտքի առջև, կարծեց զոհ էր պահանջում առաջին ևեթ քայլում․― Շուլցն սպանվեց մի քուրդ ցեղապետի ձեռքով։
Այս ընդօրինակությունները ուշ միայն, 1840 թվին, հրատարակվեցին Փարիզի «Journal Asiatique» ուսումնաթերթի մեջ, նույն այդ միջոցին գերմանացի մի սպա, Մյոցբախ, գտավ մի սեպաձև արձանագրություն Մալաթիայում[14]։ Շուլցի մեծ գործը բավական էր, որ եվրոպացի գիտնականները առանձին ուշադրություն դարձնեն Հայաստանի վրա, Ասորեստանում և Բաբելոնում աշխատող ասորագետները հատուկ ճանապարհորդություններ կատարեցին այս նոր սեպագրությունները տեսնելու համար[15]։ Նույն 40֊ական թվականներին ֆրանսիացի դը Սոլոք գիտնականը մի սեպաձև արձանագրություն գտավ Բասենում, Հասան֊Կալեի մոտ[16], իսկ մեզ քաջածանոթ Լեյարդը 4 արձանագրություն Վանում արտագրեց և մի հատ էլ Պալուի մոտ, Եփրատի վրա։
1860-ական թվականներից բևեռաձև արձանագրություններ երևան են հանում և Ռուսական Հայաստանի սահմաններում։ Այս պատիվը պատկանում է (Մեսրոպ վարդապետ Սմբատյանին՝ Էջմիածնի միաբանության անդամ, հետո արքեպիսկոպոս), որ չունենալով ոչ մի մասնագիտական պատրաստություն, նույնիսկ փոքր ի շատե ընդարձակ կրթություն, այլ լինելով լոկ հնություններ սիրող, ուշադրության առարկա է դարձնում սեպաձև արձանագրությունները և հետզհետե, տասնյակ տարիների ընթացքում, գտնում է այդպիսի արձանագրություններ և հաղորդում գիտնականներին։ Առաջին արձանագրությունը նա գտել է Երևանից Դիլիջան տանող խճուղու Էլար իջևանում 1862 թվականին։ Տեղացի քահանան պատմում է նրան, թե այդտեղ գտնվող մի հին բերդի ետևում, ժայռի վրա, փորված են ինչ-որ տարօրինակ նշաններ― ծաղիկնե՞ր արդյոք— ոչ ոք չէ կարողանում բացատրել։ Մեսրոպ վարդապետը տեսնում է ցույց տված ժայռը և որովհետև նա կարդացած էր Վենետիկի «Բազմավեպ» ամսագրի մեջ մի քանի հոդվածներ սեպագրերի մասին, ուստի իսկույն ըմբռնում է, որ Էլարի այս արձանագրությունն էլ սեպաձև է։ Եվ ընդօրինակելով արձանագրությունը, ուղարկում է Մոսկվա Մսեր մագիստրոս Մսերյանցին, որ և հրատարակում է «Համբավաբեր Ռուսիո» հայերեն շաբաթաթերթի մեջ 1863֊ին[17]։ Այնուհետև Սմբատյանն արտագրեց, նույն 1862֊ին, մի մեծ սեպաձև արձանագրություն (20 տող), որ փորագրված էր Սևանի լճի հարավային ափին ցցված մի ժայռի վրա, Քյոլաղրան (Ծովինար) գյուղի մոտ։ Այդ աշխատանքը հեշտ չկատարվեց, քանի որ պետք էր նավակով մոտենալ այն ժայռին, որի վրա փորված էր արձանագրությունը[18]: Մի ուրիշ արձանագրություն էլ գտնվեց Ադամխան գյուղի մոտ, նույն լճի հարավ֊արևմտյան անկյունում։ Այս երկու արձանագրություններն էլ հրատարակվեցին «Համբավաբեր Ռուսիո» թերթի մեջ։
1864 թվին ակադեմիկոս Կեստները իր ճանապարհորդության միջոցին երկու սեպագիր արձանագրություններ գտավ․ մեկը Ալեքսանդրապոլից (Լենինական) 7 վերստ հյուսիս, Դանլիջա գյուղի մոտ, մյուսը՝ Մեծ Մասիսի ստորոտում, Տաշբուրուն գյուղի մոտ։ Այդ արձանագրությունները հրատարակվեցին Պետրոգրադի ակադեմիայի պաշտոնական հրատարակությունների մեջ[19]։ Մի քանի տարուց հետո, այն է՝ 1869-ին Մեսրոպ վարդապետ Սմբատյանը սեպաձև արձանագրություն գտավ Արարատյան երկրի մի ուրիշ վայրում— Սարդարաբադի գավառում, Արաքսի ձախ ափին, Թափադիրի (Հայկավան) հայ գյուղի մոտ, այն բլուրի վրա, ուր ենթադրվում է, թե գտնվում էր Արմավիր քաղաքը։ Արձանագրությունը մի կտոր քարի վրա էր, որ փոխադրվեց Էջմիածին, իսկ նրա ընդօրինակությունը տպագրվեց «Արարատ» ամսագրի մեջ[20]։ Ապագան ցույց տվեց, որ այս տեղը նախահայկական շրջանում մի շատ կարևոր կենտրոն է եղել։ Մեսրոպ եպիսկոպոսը զանազան ժամանակ գտավ այդտեղ նորանոր սեպագիր արձանագրություններ, ընդամենը 12 հատ[21]։
1878 թվին Ա. Երիցյանը մի սեպագիր արձանագրություն գտավ Սարիղամիշում, Կարսի մոտ, որ ուղարկվեց Թիֆլիսի թանգարանը։ 1883 թվականին, դարձյալ Սևանի լճի եզերքներում, այն է Օրդակլու (Լճաշեն) (Հյուսիս-արևմտյան անկյունում) և Զախալու (Ծովակ) (հարավ֊արևելյան) գյուղերի մոտ, երևան հանվեցին երկու արձանագրություն, իսկ հետևյալ 1884-ից մի նոր արձանագրություն, այս անգամ արդեն Արագած սարի հյուսիս-արևմտյան կողմում, Ղուլիջան գյուղի մոտ[22]։ 1886-ին երկու նոր արձանագրություն գտնվեցին Տաշբուրուն գյուղում, ուր, հայ հնասերների կարծիքով, հին Ցոլակերտ բերդն էր գտնվում։ Այս բոլոր արձանագրությունները Մեսրոպ եպ․ Սմբատյանի ձեռքով հրատարակվեցին «Արարատ» ամսագրի մեջ։
1870-ական թվականների վերջում վերսկսվեցին հնագիտական խուզարկությունները Թուրքաց հայաստանում, գլխավորապես Վանի շրջակայքում։ Վանի անգլիական հյուպատոս կապիտան Քլեյտըն և անգլիացի ասորագետ Հորմուզդ Ռասսամ, որ առաջներում Լեյարդի օգնականն էր եղել Նինվեի պեղումների ժամանակ, 1879—1880 թվականներին ձեռնարկեցին պեղումների՝ նախահայկական հնություններ երևան հանելու համար։ Պաղումները կատարվեցին այն բարձրության վրա, որ գտնվում է Վանի հյուսիս-արևելյան կողմում և կոչվում է Զըմբզըմբ֊դաղ և որի գագաթի վրա գտնվող ավերակները կոչվում են Թոփրաք֊Կալե (Հողե բերդ)։ Որ այս հնությունը պետք է լիներ մի նշանավոր նախահայկական կենտրոն, այդ ցույց էր տալիս և նույն Զըմբզըմբ-դաղի արևելյան ծայրում գտնվող Մհերի դուռ (Մհեր կափուսի) ժայռը, որի վրա մի շատ մեծ սեպագիր արձանագրություն է փորված։ Երկու անգլիացիների պեղումները նշանավոր հետևանքներ տվին, սակայն նրանց անփութության շնորհիվի հողի տակ գտնված իրերի մեծ մասը հափշտակեցին բանվորները[23]։ Այնուամենայնիվ մի մասը եվրոպական թանգարանների (օր.՝ Լոնդոնի և Բեռլինի) սեփականություն դարձավ։ Նախահայկական կուլտուրայի վերին աստիճանի հետաքրքրական հիշատակարաններ էին այդ պեղումներից հանված իրերը։ Հորմուզդ Ռասսամը բացի դրանից գտավ և ընդօրինակեց մինչև 14 հատ նոր սեպաձև արձանագրություններ, որոնցից 1-ը՝ Վանի մեջ, 2-ը՝ Ծըվստան գյուղում, 3-ը՝ Շուշանց գյուղում, 2-ը՝ անհայտ տեղերում և 1-ը՝ Արճեշի մոտերքը։ Այս արձանագրությունները հրատարակեց մեծանուն ասորագետ պրոֆեսոր Սեյսը (Օքսֆորդի համալսարան) նախահայկական արձանագրությունների շարքի մե[24]։ Իսկ հյուպատոս Քլեյտընը մի սեպաձև արձանագրություն գտավ 1881-ին Մուշի դաշտում։ Հաջորդ տարին պրոֆեսոր Վունշը մի արձանագրություն երևան հանեց Վանի մոտ գտնվող Սալախան գյուղի արևելյան կողմում։ 1885-ին մի արձանագրություն ուղարկվեց Խոշաբի Աստվածաշեն գյուղից Վանի վաճառական Տեվկանցին։ Դոկտոր Պոլակն ընդօրինակեց նրան։ Այս երկու արձանագրությունը հրատարակեց դոկտոր Դ֊Հ. Մյուլլերը Վիեննայում 1886-ին[25]։
1888—1889 թվականներին երկու ֆրանսիացի կրոնավորներ՝ Մյոլլեր֊Սիմոնի և աբբա Հիվերնա Վանում տեղեկություններ հավաքելով, պարզեցին, որ դեռ շատ կան անծանոթ մնացած սեպագրություններ։ Կաթոլիկ միսիոնար Դյուպլանը տվեց նրանց երկու արձանագրությունների (մեկը Վանի, մյուսը Բադնոցի մեջ գտնված) ընդօրինակությունները, մի արձանագրություն էլ տվեց ամերիկացի միսիոնար Ռեյնոլդսը։ Աբբա Հիվերնան կարողացավ մի արձանագրություն ընդօրինակել Եդի-Քիլիսե տեղում և յոթ հատ հատակտորներ Վանում[26]։ 1891-ին Ժ․ դը Մորգանը Կելիշինի սյունի վրա, բացի արդեն ծանոթ արձանագրություններից, գտավ մի ուրիշը, որ աննկատելի էր մնացել մինչև այդ[27]։ Միևնույն տարին Վանի անգլիական հյուպատոս Դեվեյը գտավ և ընդօրինակեց մի նոր արձանագրություն[28]։
Դարձյալ 1891 թվականին գերմանացի ուսումնական դոկտոր Վոլդեմար Բելքը, որ քիմիկոսի պաշտոնով ծառայում էր Գետաբեկի պղնձահանքում, մի երկար ճանապարհորդություն կատարեց Գանձակի և Երևանի նահանգներոէմ և Ասիական Թուրքիայի Վանի և Էրզրումի վիլայեթներում, հատկապես սեպաձև արձանագրություններ ուսումնասիրելու համար։ Անդրկովկասի սահմաններում նա առանձին հաջողություն չունեցավ։ Կամենալով ճշտել ուրարտական արձանագրությունների տարածման հյուսիսային սահմանները, հնախույզ գերմանացին մանրակրկիտ որոնումներ արավ Կուր և Արաքս գետերի մեջ բարձրացած լեռնաշխարհում, բայց նոր բան չգտավ և բավականացավ արդեն հայտնի մի քանի արձանագրություններ նորից արտագրելով։ Անհամեմատ արդյունավոր հանդիսացան Բելքի հնախուզությունները Թուրքաց Հայաստանի սահմաններում։ Այդտեղ նրան հաջողվեց գտնել, գլխավորապես զանազան մասնավոր տներում, դեռ անհայտ 7 հատ սեպագրություններ[29], որրոնցից 4 հատ Արտամետ, 1 հատ Իշխանագոմ գյուղերում, 1 հատ Վանում, և 1 հատ Քեշիշ֊գյոլ տեղում, Վանի մոտ, Վարագի լեռների սահմանում։ Միաժամանակ դոկտոր Բելքը մի քանի հնագիտական հետախուզություններ արավ ուրարտական հնությունների շրջանում և ցույց տվեց գիտնական աշխարհին, թե անհրաժեշտ է ավելի ընդարձակ ուսումնասիրություններ կատարել տեղն ու տեղը, մանավանդ շարունակել եռանդով որոնել սեպագրություններ, որոնցից, ինչպես հավատացած էր նա, դեռ շատ պիտի գտնվեին։
Եվ այս միանգամայն ճիշտ էր։ Նույն տարին Երևանի հանդում, Գանլի֊Թափա (Արինբերդ) տեղում, սեպագիր արձանագրությամբ ծածկված մի քար գտավ նորքեցի Նազար Մաթևոսյանը[30]։ 1892-ին մի նոր սեպագիր արձանագրություն գտնվեց դարձյալ Հին Արմավիրի մոտերքը, Սարդարաբադ (Հոկտեմբերյան) գյուղում, Էջմիածնի միաբան Գալուստ Տեր֊Մկրտչյանի ջանքերով[31]։
Դոկտոր Բելքի, ինչպես և նրանից առաջ Հիվերնայի և Մյուլլեր֊Սիմոնի կատարած ուսումնական ճանապարհորդությունները, որոնց մի մասը, ինչպես տեսանք, տեղի ունեցավ Ռուսական Հայաստանի սահմաններում, դրդիչ հանդիսացան, որ ռուս գիտնականներն էլ առանձին ուշադրություն դարձնեն գոնե իրենց պետության սահմաններում եղած արձանագրությունների ուսումնասիրության վրա։ Մոսկվայի Ռուսաց Կայսերական Հնագիտական Ընկերության հանձնարարությամբ 1893-ի ամառը Անդրկովկաս ուղևորվեցին նրա անդամներից երկուսը, Մ. Նիկոլսկին և Ա․ Իվանովսկին, որոնք մանրամասն ուսումնասիրությունների ենթարկեցին Գանձակի և Երևանի նահանգներում գտնված սեպագրությունները, վերցրին նրանց ճիշտ ընդօրինակությունները և պարզեցին շատ պատմական և աշխարհագրական հանգամանքներ, որ ցույց էին տալիս արձանագրությունների տեղերր։ Այդ հետազոտությունները հրատարակվեցին 1894֊1896 թվականներին և բարձր գնահատություն գտան եվրոպական մասնագետ շրջանների մեջ[32]։ Մինչև այս աշխատության հրատարակումը՝ 1895-ին մի նոր արձանագրություն էլ գտնվեց Արաքս գետի աջ ափին, Արմավիրից ոչ հեռու, Կարակալա անունով ավերակների մոտ։ Այդ արձանագրությունը էստամպաժով ընդօրինակեց Մեսրոպ վարդապետ (հետո եպիսկոպոս) Տեր֊Մովսիսյանը[33]։ Նույն այդ տարին էլ Բադնոց գյուղի (Թուրքաց Հայաստան) եկեղեցում մի արձանագրություն գտավ դոմինիկյան կաթոլիկ կրոնավոր, միևնույն ժամանակ և հայտնի բևեռագետ Շեյլը[34]։
Բայց նախահայկական հնագիտության տարեգրությունների մեջ առանձնապես պետք է շեշտել 1898 և 1899 թվականները, երբ գերմանացի երկու գիտնականներ, մեկը մեզ արդեն ծանոթ դոկտոր Վոլգեմար Բելք և մյուսը պրոֆեսոր Լեման-Հաուպտ, մասնագիտությամբ ասորագետ, երկար ճանապարհորդություններ կատարեցին Անդրկովկասում, Պարսկաստանում և Ասիական Թուրքիայում, նպատակ ունենալով «ծանոթանալ Խալդյան (Վանյան, Ուրարտական) բևեռագիր արձանագրությունները կրկին համեմատել, նույն կարգի ուրիշ կարգի բևեռագրություններ փնտրել և միանգամայն իրենց անցած երկրներն ըստ կարելիության և պիտոյից՝ աշխարհագրորեն ուսումնասիրել»[35]։ Ուսումնական արշավանքը դրամական առատ նպաստներ ստացավ. դրանց մեջ էին և Վիլհելմ կայսրի, գիտությունների ակադեմիայի և այլ հաստատությունների նպաստները։ Եվ այդ ուղևորությունն ընդհանրապես մեծ նշանակություն ստացավ նախահայկական պատմության ուսումնասիրման համար, մամնավորապես մեծ էին նրա արդյունքները Թուրքաց Հայաստանում և հատկապես Վանում, ուր չնայած նախորդ այցելուների խուզարկություններին, գերմանացի գիտնականները գտան բազմաթիվ նոր արձանագրություններ։ Մինչև այդ գտնված և հրատարակված էին մոտ 80 արձանագրություններ, Բելքն ու Լեմանը դրանցից 70 հատ նորից համեմատեցին և ստուգեցին և բացի դրանցից գտան մոտ 60 հատ նոր արձանագրություններ, որոնցից, սակայն, 10 հատի նկարագրությունն են տվել, մնացածների մի մասը հատակտորներից են բաղկացած։ Գլխավոր արձանագրություններից մեկը գտնված է Կոչանլու գյուղի մոտ, Մանազկերտից ոչ հեռու և ասորական է, և մի-մի հատ Վանի բերդի ժայռերի վրա, Վանի «Գարշան» մզկիթում, ս. Սահակ, և երկուսը ս․ Պողոս եկեղեցիներում, Խարակոնիս գյուղի մոտ, Արձակ լճի վրա, երեք հատ Արճեշի շրջանում, մի հատ էլ Քեշիշ֊Գյոլի մոտերքը։ Նշանավոր է և այն արձանագրությունը, որ գտնվում է Ուրմիայի լճի հարավային կողմերում, Ռվանդուզի Սետկան գյուղի մոտ, Կիլիշենից ոչ հեռու։ Գիտեին, որ կա այդպիսի մի արձանագրություն, բայց Բելքն ու Լեմանն էին, որ առաջին անգամ, ահագին դժվարություններով, ընդօրինակեցին արձանագրությունը, որ ցույց է տալիս ուրարտական իշխանության տարածման հարավային ծայրը։ Երկու գիտնականները նույնպես պեղումներ կատարեցին մեզ ծանոթ Թոփրաք֊Կալեի ավերակների մեջ և առանձնապես հետամուտ եղան նախահայերի կուլտուրայի ուսումնասիրությունը նորանոր հետաքրքրական փաստերով հարստացնելու համար։
Գիտական այդ մեծ արշավանքի տարին (1899) Մարգար Յաղուբյան անունով հայը, աշակերտ Խարբերդի ամերիկյան կոլեջի, գտավ մի սեպագրություն Կիզիլ-Կալա գյուղի կողքին, Խարբերդի մոտ[36]։ Իսկ հետևյալ տարին, 1900-ին, մի մեծ սեպաձև արձանագրություն երևան հանեց Խաչիկ վարդապետ Դատյանը Էջմիածնի մոտ, Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղելու միջոցին[37]։ Տասը տարուց հետո (1910) մի արձանագրություն գտավ գերմանացի կոմս Կանից Մակուի խանության մեջ։ Այդ արձանագրությունը հրատարակել և թարգմանել է պրոֆեսոր Սեյսը 1912֊ին[38]։
Նույն այս 1912֊ին Էջմիածնի միաբանության անդամ Հուսիկ արքեպիսկոպոս Մովսիսյանի ջանքերով արտագրվեցին և հրատարակվեցին[39] երկու սեպագրություններ, որոնք գտնվել էին թուրքական Բասենի և Ալաշկերտի սահմաններում, Դելի֊Բաբա և Յազլի֊Դաշ գյուղերում։ Գտնողն ու արտագրողը Կ. Տեր֊Ալեքսանդրյանն էր։ Առաջին արձանագրությունը, բաղկացած 9 տողից, Դելի֊Բաբայի հայոց եկեղեցու պատի մեջ է, երկրորդը, Յազլի֊Դաշ գյուղում, բաղկացած է մի տողից միայն։ Դարձյալ նռւյն 1912֊ի աշնանը Էջմիածնի միաբանության անդամ Գաբեգին վարդապետ Հովսեփյանը իր հնագիտական ճանապարհորդության միջոցին Երևանի նահանգի Թալիշ (Հին Արուճ) գյուղում տեսավ և Էջմիածին փոխադրեց մի քարի վրա փորագրված մի սեպաձև արձանագրություն, որ պատահաբար գտել էր նույն գյուղի բնակիչ Պետրոս Կարապետյանը[40]։
Ուրարտագիտության համար բեղմնավոր շրջան հանդիսացավ և 1916 թվականի ամառը, երբ ակադեմիկոս Մառը պեղումներ կատարեց Վանում։ Պեղումներր երևան հանեցին հողի տակ ծածկված մի խոշոր արձան իր պատվանդանով, որոնք ծածկված են սեպագրություններով[41]։
Այս է 88 տարիների ընթացքում հավաքված սեպագրական մթերքը, որի վրա գլխավորապես պիտի կառուցվի Հայաստանի պատմությունը նախահայկական շրջանում։
Բայց հավաքելը բավական չէր։ Ավելի դժվար խնդիր էր դրվում մասնագետ եվրոպացի գիտնականարի առջև— արձանագրությունների վերծանությունը։ Այս ուղղությամբ երկար աշխատած, բայց արդյունքի չհասած եվրոպացի գիտնականներից կհիշատակենք Էդուարդ Հինքսին (1848)։ Ամենադժվար հարցն այն էր, թե ինչ լեզվով են գրված այդ սեպաձև արձանագրությունները։ Առաջին հայացքից ավելի քան հավանական էր թվում, թե այդ լեզուն պիտի լինի հայերենը։ Այսպես հայտարարեցին Վենետիկի Մխիթարյան վարդապետները դեռ 1845֊ին, երբ նոր էին հրատարակվել Շուլցի ընդօրինակած արձանագրությունները։ Գիտնական վարդապետների համար այս հանգամանքը պարզ էր այն պատճառով, որ Խորենացու վկայությամբ Վանի արձանագրությունները գրել է Շամիրամ թագուհին։ Իսկ Շամիրամը, գրելով ժողովրդի համար, պիտի, իհարկե, գործածեր նրա լեզուն։ Եվ որովհետև հայկական տառերի գյուտի պատմությունն ասում է, թե առաջներում էլ հայերի մեջ գոյություն ուներ գրության ձև, ուստի հետևեցնում էին, թե այդ հին գրությունը պիտի լիներ սեպաձևը[42]։
Այս ուղղությամբ սկսեց աշխատել սեպագրությունների վրա գերմանացի դոկտոր Մորդմանը, հայտնի արևելագետ, որ գերմանական հյուպատոսի պաշտոն ուներ Կ. Պոլսում։ Համոզվելով, որ վանյան սեպագրությունների մեջ խոսում է հին հայերեն լեզուն, գրաբարը, Մորդմանը սկսեց հայերենի միջոցով էլ թարգմանել այդ արձանագրությունները[43]։ Մասնավոր փորձերից անցնելով ընդհանուրին, Մորդմանը 1871 թվականին գերմանական թերթերից մեկում տպեց մի ընդհանուր հոդված վանյան արձանագրությունների մասին, դնելով նրա մեջ իր ընթերցումներով լուսաբանված մի քանի արձանագրություններ[44]։ Այս նախափորձին հետևեց մի ընդարձակ աշխատություն, որ տպվեց 1882֊ին և որի մեջ Մորդմանը տվեց մինչև այդ հայտնի բոլոր սեպաձև արձանագրությունների թարգմանությունը։ Բայց գերմանացի արևելագետի այս անխոնջ ջանքերը վերջ ի վերջո դուրս եկան ապարդյուն։ Նա առհասարակ թույլ ծանոթություն ուներ բևեռագիտության հետ և բոլորովին անծանոթ էր ասորական լեզվին։ Եվ այս պատճառով էր որ վանյան արձանագրություններից մեկը գրված ասսուրական լեզվով, նա բացատրեց դարձյալ իբրև հայերեն լեզվով գրված[45], Մորդմանի աշխատությունը գիտական արժեք չստացավ։
Միաժամանակ առաջացավ և ավելի հավանական ընդունվեց դրան բոլորվին հակառակ մի կարծիք։ Անգլիացի բևեռագետ Ռաուլինսոնը առաջինն էր, որ սկսեց պնդել, թե ուրարտացիները ոչինչ նմանություն չեն ունեցել հայերին և թե վանյան արձանագրությունների լեզուն ոչ մի ազգակցություն չունի հայերենի հետ։ Նույն այս կարծիքն ուներ և Ֆրանսուա Լընորմանը, որ և առաջին անգամ հայտնեց այն միտքը, թե վանյան արձանագրությունների լեզուն ավելի մոտիկ է վրացերնին, հետևաբար կաբելի է ասել, թե նախահայերը արիացիներ չէին, այլ վրացիների հետ միասին պատկանում էին կովկասյան ցեղերի ընտանիքին[46]։ Թեև այդ միջոցին սեպագրությունների վերծանության բանալին իսկապես դեռ չէր գտնվել, բայց ֆրանսիացի նշանավոր արևելագետը իր այդ ցուցմունքով հիմքերն էր գծագրում բազմադարյան անթափանցելի գաղտնիքը բաց անելու համար։ Ապագա հետազոտությունները պիտի ցույց տային միայն այն, որ Լընորմանը իսկապես մի երևելի գյուտ էր արել։ Մի գյուտ, սակայն, որ դեռ հարցի վերջնական լուծումը չէր։ Հարցի լուսաբանությանն էր ծառայում և անվանի հայագետ պրոֆեսոր Քերովբե Պատկանյանի հակաճառությունը Լընորմանի այս գյուտի առիթով։ Պատկանյանը չէր ընդունում, որ սեպագրությունների լեզուն վրացերենի ազգակից լինի, բայց միանգամայն անսխալ չէր գտնում և Մորդմանի սիստեմը։ Իր կողմից նա առաջ էր բերում մի նոր տեսություն․ արձանագրությունների հեղինակները անշուշտ հայերն էին, բայց նրանց այն ժամանակվա գործածական լեզուն կորել է, թողնելով շերտավորումներ հին հայերենի մեջ, շերտավորումներ, որոնք հայոց արիական լեզվի մեջ մի ինչ-որ անծանոթ, ոչ-արիական տարր են կազմում[47]։ Այս հակաճառությունը, սակայն, չէր հերքում Լընորմանի գյուտը, այլ միայն լրացնում էր։
1880-ական թվականների սկզբում վանյան սեպագրությունների վերծանության գործը ամուր գիտական հիմքերի վրա դրվեց, շնորհիվ ֆրանսիացի արաբագետ և ասորագետ Ստանիսլա Գյույարի մի քանի ցուցմունքների, որոնք կարողություն էին տալիս նույնիսկ շոշափել անծանոթ լեզվի քերականական ձևերը[48]։ Այդ ցուցմունքներով առաջնորդվելով, անգլիացի գիտնական Սեյսը սկսեց և մեծ հմտությամբ վերջացրեց բոլոր վանյան արձանագրությունների վերծանության և թարգմանության դժվար գործը։ Օքսֆորդի համալսարանի մեծանուն պրոֆեսորը իր այդ բազմամյա աշխատություններով կենդանացրեց հայաստանի նախահայկական ժամանակների պատմությունը և դարձավ մի պատկառելի հեղինակություն այս շրջանի գրավոր աղբյուրների վերաբերմամբ[49]։
Թեև խորհրդավոր սեպագրությունները կարդացվում և հասկացվում էին, բայց նրանց լեզվի հարցը, այնուամենայնիվ, բաց մնաց։ «Զարմանալի երևնալու չէ,— գրում է հայ բանասերներից մեկը,— թե ինչպես կրնան բևեռագիրներ կարդացվիլ և նաև մեկնվիլ, ասոնցմե ազգի մը ամբողջ պատմոլթյունը հանվիլ, և սակայն լեզվին՝ որով գրված են՝ ինչ կարգի ըլլալուն նկատմամբ տարակույսներ ունենալ։ Ընթերցման մասին որևէ խնդիր չկա։ Վասնզի հայկական բևեռագիրներ-նշանները գրեթե բոլորովին նույնն են նոր Ասորեստանյա բևեռագիրներու նշանաց հետ, ուստի պետք են այնպես կարդացվիլ, ինչպես մյուսները։ Իմաստն ալ մեկնելու մեծ դյուրություն կուտան գաղափարանիշները․․․, այսինչն այլ և այլ գաղափարներ հայտնող որոշ բևեռաձևեր։ Անոնք որ ծանոթ էին ասորեստանյան արձանագրություններեն՝ կը գտնենք հայկականաց մեջ ալ, այնպես որ նշաններուն իմաստը ծանոթ է, բայց կրնա վիճելի ըլլալ թե ինչ կը կարդար արդյոք նախահայ մը այս նշանը տեսնելով։ Օրինակի համար «Աստուած» և «Որդի» գաղափարները նշանակելու համար որոշ նշաններ կան՝ որոնք ասորեստանյա լեզվի մեջ ևս ilu և ablu կը հնչվին․ նույները կան հայկականաց մեջ ալ, բայց ինչ կը կարդացվեին արդյոք՝ կրնա խնդրական ըլլալ։ Մյուս կողմանե բազմաթիվ արձանագրություններ համեմատելով՝ հաճախ ճիշտ նույն տողերն ու խոսքերը, երբեմն ամբողջ արձանագրություններ նույնությամբ կը գտնվին։ Մտադիր աչք մը դյուրավ կը գտնե արդ, որ հաճախ տեղ մը, որուն իմաստը ծանոթ էր գաղափարանիշներեն, ուրիշ համեմատական տեղ մը ամբողջ կամ բեեռատառերով գրված է, որ է ըստ այսմ գաղափարանիշին հնչումը, և ահա գտնվեցավ բառ մը, խոսք մը այն անծանոթ լեզվին։ Եվ այսպես շարունակելով, մանավանդ օգնությամբ Ասորեստանյա արձանագրոլթյանց, որոնցմե բավական բառ անփոփոխ առնված քանդակված կը գտնենք, հասած է այժմ գիտություն այն տեղն, որ քիչ շատ ամեն նախահայ բևեռագիր գոնե մերձավորապես կրնա թարգմանվիլ»[50]։
Ընդհանրապես եվրոպացի գիտնականների մեջ, լեզվի վերաբերմամբ, ամենահավանականն ընդունված է Լընորմանի տեսությունը։ Բայց հայ բանասերների մեջ կան այնպիսիները, որոնք կարծում են, թե վանյան սեպագրությունները բուն ազգային, հայկական են։ Այսպիսիներից մեկն է Հովսեփ վարդապետ Սանտալճյանը, որ 1900 թվականին տպագրեց ֆրանսերեն լեզվով մի ստվպր աշխատություն[51], որ ներկայացված է ֆրանսիական ակադեմիային (արձանագրությունների)։ Այդ աշխատության մեջ Սանտալճյանն ասում է, թե ուրարտական բարբառը, հարկավ, ուրիշ բան չէ և չէ կարող լինել, բայց միայն նախնական հայերենը։ Ապա հայերենի օգնությամբ թարգմանելով բոլոր՝ մինչև այդ հրատարակված արձանագրությունները, հեղինակը վերջացնում է իր այդ գործը մի ամբողջ մեկնաբանական բառգրքույկով։ Այս աշխատությունը թեև եվրոպական գիտության մեջ կարծիքների փոփոխություն չառաջացրեց, բայց անկասկած, նույնպես ունի իր ծանրակշիռ արժեքը լեզվի հարցի մեջ։ Նա ցույց էր տալիս անհրաժեշտությունը որոնելու հայերեն լեզվի մեջ նախաարիական տարրեր, որոնք պիտի նպաստեն վանյան լեզուն մի օր գտնելուն։ Այսպիսով Սանտալճյանը ավելի լայնացնում էր Պատկանյանի տեսությունը, թեև մյուս կողմից մնում էր այն սխալի մեջ, որ վանյան լեզուն, գլխավոր առմամբ, արիական է։
Պրոֆեսոր Պատկանյանի ցույց տված իրողությունը, այն է՝ ոչ֊արիական շերտերի գոյությունը հայերեն լեզվի մեջ, ուսումնասիրությունների առարկա դարձրեց նրա աշակերտ պրոֆեսոր Մառը, որի հետազոտությունները, ըստ երևույթին, ապագայում բավարար լուծում պիտի տան և վանյան արձանագրությունների հարցին։
Արդ, ընդհանրասյես ի՞նչ ստացավ գիտությունը վանյան սեպագիրների շուրջը կատարված այդ բոլոր աշխատանքներից։— Մի նոր հարստություն պատմության համար, որ վեր հանեց մինչև այդ գրավոր տարեգրությունների մեջ միանգամայն անհայտ մնացած, գուցե և միայն անունով հիշատակված մի ինքնուրույն, քաղաքակիրթ ազգ։ Գիտությունը ցույց տվեց, որ Խորենացու զարմանքը գրգռած Վանն ու նրա տարօրինակ արձանագրությունները Շամիրամի գործերը չէին։ Ասորեստանի արձանագրությունների մեջ նախ նաիրի, ապա Ուրարտու անուններով հայտնի երկրները ուշ ժամանակներում միայն ստացել էին Հայաստան անունը։ Մինչև այդ երկիրը պատկանում էր մի ընդունակ, մեծագործ ազգի, որի իսկական անունը դեռ հայտնի չէ, բայց որին գիտնականները տալիս են Խալդ անունը, որովհետև այդ ազգի գլխավոր աստծու անունը Խալդ էր, ուրարտացիներ, որովհետև նրա երկիրը կոչվում էր և Ուրարտու։ Հաճախ գործ են ածում և նախահայեր անունը։ Ահա այդ ազգի մայրաքաղաքն էր Վանը, իսկ քարերի վրա փորած զարմանալի գրությունները նույն այդ ազգի թագավորների գործերն էին պատմում։
Վանի արձանագրությունները հիացմունքով նկարագրող Խորենացին կարո՞ղ էր երևակայել անգամ, թե մի օր նույն այդ նշանները պիտի բաց անեն իրենց լեզուն և նրանց առաջին իսկ խոսքերը այն պիտի լինեն, թե պետք է ջնջել նույն այդ Խորենացու առաջին գիրքը, ուր հայ ազգի սկզբնավորությունն ու 1800-ամյա քաղաքական կյանքն են նկարագրված։ Վանյան սեպագիրները ներկայումս այդ գործն արդեն արել վերջացրել են։ Նրանք հայոց պատմության իբրև առաջարան և նախապատրաստություն գրել են Ուրարտուի պատմությունը։ Իսկ Խորենացու պատմության մի քանի մասերը սոսկ ավանդությունների արժեք ունին։ Ավելի դրական և հաստատուն գիտական ուսումնասիրությունների մեջ դրվեց հայ ազգի ծագումը, նրա երևալը պատմության ասպարեզի մեջ, առաջանալը դեպի այն երկիրը, որ նրա վերջնական հայրենիքը դարձավ։
Մենք դեռ շատ բան չգիտենք նախահայերի շրջանի մասին։ Բյաց գիտությունը շարունակում է իր որոնումները, Եվ ո՞վ գիտե գուցե հեռու չեն այն ժամանակները, երբ նա, հարստացած նոր գյուտերով, կպարզե մի շարք դեռ մութ մնացած հարցեր։
5. Օժանդակ գիտություններ։ Պատմական գիտությունը 19-րդ դարում չբավականացավ հին գրավոր աղբյուրների այն առատությամբ, որ հայթայթում են Եգիպտոսը, Միջագետքը, Հայաստանը, Պարսկաստանը։ Նույն մեծագործ դարում ծնունդ առան մի շարք անկախ գիտություններ, որոնք ուսումնախիրում են մարդուն զանազան տեսակետներից իբրև երկրի արդյունք, իբրև կենդանաբանական տիպ, իբրև զարգացման զանազան ձևեր անցած էակ և այլն։ Պատմագրությունը, որի էական նպատակն է մարդկային քաղաքակրթությունը, չէր կարող չդիմել այդ գիտությունների օգնության, որպեսզի կարողանա թափանցել նաև նախապատմական շրջանները, այն ժամանակները, որոնք տասնյակ հազարավոր տարիների տարածություն ունին և չեն թողել ու չէին կարող թողնել գրավոր հիշատակարաններ։ Ահա այդ օժանդակ գիտությունները.
Երկրաբանությունը (Geologie), ուսումնասիրելով հողային շերտավորումները, դասավորում է բնական երևույթների հաղորդականությունը, առանց, սակայն, կարողանալու հաստատ ժամանակագրության տակ դնել այդ երևույթները։ Դա, այսպես ասած, մեր երկրագնդի պատմությունն է։ Նա արդեն խոշոր գծերով պատկերացնում է մեր մոլորակի կյանքը, բայց դեռ հազարավոր հարցեր ունի, որոնք անլուծելի են մնացել։
Հնէաբանություն, բուսաբանություն (Paleontologie, Botanique)։ Երկրաբանական շերտավորումներին հետևելով ուսումնասիրում է բրածո կենդանիները, բույսերը և այդպիսով երկրի կենդանիների և բույսերի հաջորդականությունը։
Ազգագրություն (Ethnographie): Նախապատմական ժամանակների վերաբերմամբ ուսումնասիրում է պատմություն չունեցող ազգերի արդյունաբերությունն ու արվեստները, ցույց է տալիս այն կերպարանափոխությունները, որ անցել է մարդը քաղաքակրթության ասպարեզում մինչև գրավոր պատմության հասնելը։ Սա դեռ բոլորովին նոր գիտություն է և արդեն մեծ առաջադիմություն է ցույց տվել արևմտյան Եվրոպայի ուսումնասիրության գործում։ Դժբախտաբար, երկրագնդի մյուս կողմերի վերաբերմամբ նա դեռ շատ անկատար աշխատությունների տեր է։
Մարդաբանություն (Anthopologie)։ Ուսումնասիրում է մարդու մարմինը, ինչպես կենդանաբանությունը ուսումնասիրում է կենդանիներին։ Իրապես այդ գիտությունը միայն մարդու կենդանական տիպի մասին է մինչև այժմ տեղեկություններ տվել, մինչդեռ նրանից դեռ սպասվում են ճիշտ ծանոթագրություններ մարդու ծագման, ազգակցության, ընդունակությունների մասին։ Մարդկային ցեղաբանության վերաբերմամբ նա ընդունում է բաժանումներ ըստ կմախքի և գլխավորապես գանգի կազմվածքի և այդ կողմից նա ավելի դրական հիմքեր ունի, քան լեզվաբանությունը, որ բաժանում է մարդկությունը ըստ լեզվական առանձնահատկությունների։ Պատմության մեջ հայտնի են շատ ազգեր, որոնք կորցրել են իրենց բնիկ լեզուն և յուրացրել են օտար լեզուներ։
Ընկերաբանություն (Sociologie)։ Հենվելով սովորությունների, կենցաղի, հավատալիքների վրա, ցույց է տալիս կապակցությունները մարդկանց խմբերի մեջ։
Լեզվաբանություն (Linguistique)։ 19֊րդ դարում շատ զարգացած և ընդարձակված մի գիտություն։ Նա ամբողջ մարդկությունը, ըստ լեզուների բնության, բաժանել է երեք մեծ խմբերի, մանրամասն ուսումնասիրել է այդ խմբերը և տվել է մի շարք թանկագին ցուցմունքներ մարդու քաղաքակրթական զարգացման աստիճանների մասին։ Նա նույնիսկ կարողացել է որոշել տարրերի մթության մեջ կորած մի քանի հարցեր, ցեղերի տեղավորման նախնական շրջանները, նրանց տեղափոխությունների ճանապարհները և այլն։
Ժամանակագրություն (Chronologie)։ Անգիր ժամանակների վերաբերմամբ աշխատում է որոշել երկրաբանական շրջանների տևողալթյունը։ Բայց այստեղ չկան հաստատուն առաջնորդներ և դարաշրջանների որոշումը կախված է այս կամ այն գիտնականի հայեցողություններից, ենթադրություններից։ Այդ պատճառով էլ նախապատմական ժամանակագրության մեջ չկան հաստատուն, ամենքից ընդունված թվանշաններ[52]։
- ↑ Մովսեսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփղիս, 1913, գիրք Ա, գ։
- ↑ Проф. Халатянц, «Очерки истории Армении», М., 1910, с. 31.
- ↑ «Պատմութիւն Սեբէոս եպիսկոպոսի ի Հերակլն», Պետերբուրգ, 1879, դպր․ Ա․։
- ↑ Գիրք Ա, Թ։
- ↑ Գիրք Ա, Գ։ «Եվ կսկսեմ որտեղից սկսում են ուրիշ եկեղեցական և քրիստոնեական պատմագիրները, ավելորդ համարելով կրկնել կռապաշտ պատմագիրների առասպելները սկզբի մասին, բայց եթե ինչ որ կվերաբերվի հետին ժամանակներին և հայտնի մարդկանց, որոնց հարմար կգա Աստվածաշնչի պատմությունը։ Այսպես իհարկե գնալով կհասնենք մինչև հեթանոսական զրույցները, և նրցանից ևս կառնենք միայն այն, ինչ որ հավանական ենք կարծում։ (Թարգմ. Խ. եպ. Ստեփանեի, Պետեր., 1897, եր. 7, Տ. և Эмин, «История Армении Моисея Хоренского», М. 1893, с. 5)։
- ↑ Հ․ Հ․ Գաթըրճեան, «Տիեզերական Պատմութիւն», Վիեննա, 1849, հ. Ա, եր. 87։
- ↑ Գիրք Ա, ԺԶ։
- ↑ Այս քաղաքի հունական անունն է մնացել, թե ինչ անուն ուներ նա պարսիկների մեջ, հայտնի չէ։
- ↑ Joachim Menant, "Les Achemenides", Paris, 1872, p. 31.
- ↑ Joachim Menant, "Les Langues Perdues― Perse", Paris, 1885, p. 101-103.
- ↑ Joachim Menant, "Les Langues Perdues― Assyrie", Paris, 1886, p. 45-71.
- ↑ Joachim Menant, "La bibliotheque du Palais de Ninve", Paris, 1880.
- ↑ Գիրք Ա, գլ․ ԺԶ։
- ↑ S. Guyard, "Melanges d'Assyriologie", Paris, 1883, p. 113.
- ↑ Վանի արձանագրություններից ու հատի ընդօրինակությունը տվել է Վենետիկի Մխիթարյան Հ․ Ներսես Սարգիսյանը իր «Տեղագրութիւն ի Փոքր և ի Մեծ Հայս» աշխատության մեջ (Վենետիկ, 1864, եր․ 258֊263)։
- ↑ H. Hyvernat, "Notices sur la Geographie et l'Historie ancienne de l'Armenie et les Inscriptions du Bassin de Van" (S. P. Miller-Simonis, "Du Caucase au Golg Persique", Paris, 1892, p. 552).
- ↑ №. 83, 7 դեկտ․։
- ↑ Մեսրոպ արքեպիս․ «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ Գավառի», Վաղարշապատ, 1895, եր․ 232֊235։
- ↑ "Bulletin de l'Academie Imperiale des sciences de S. Petersbourg", t. V, p. 428-435, t. VII, p. 275-281.
- ↑ 1869 թ․ № 6, եր․ 138։
- ↑ Վերջին, 12֊րդ արձանագրությունը տե՛ս «Արարատ», 1896, եր․ 512։
- ↑ Արձանագրություն գտնողն էր տեղացի Ներսես Հարությունյանը, որ և հաղորդեց Մեսրոպ եպիսկոպոսին։
- ↑ Линч, «Армения», т. II, с. 19.
- ↑ H. Hyvernat, p. 542-560.
- ↑ J. Sandalgian, "Les Inscriptions Cunéiformes Urartiques", Yenise, 1900, p. 218.
- ↑ Hyvernat, p. 560.
- ↑ J. de Morgan, "Mission Scientifique en Perse", t. IV, I partie, Paris, 1896, p. 266.
- ↑ Sandalgian, p. 55.
- ↑ Sandalgian, p 50 et suiv. Ինքը Բելքը հաշվում էր իր գտած արձանագրությունների թիվը 31, բայց այս թվի մեջ , երևի, մտնում էին և արդեն հայտնի արձանագրությունների նոր, ավելի ճիշտ ընդօրինակումները (տե՛ս «Հանդէս Ամսօրեայ», Վիեննա, 1893, եր․ 23)։
- ↑ Մեսրոպ արքեպիս․, «Գեղարքունի», եր․ 177։
- ↑ «Արարատ» ամսագիր, 1892, եր․ 423 և 554։
- ↑ Материалы по археологии Кавказа, бып. V, клинообразные надписи Закавказья, исследование М. В. Никольского, М. 1896.
- ↑ Ibid, c. 57.
- ↑ Sandalgian, p. 166.
- ↑ Հ․ Յ․ Տ․ ― «Տեղեկագիր քննական ուղևորութիւն ի Հայս Վ․ Բլեքի և Կ․ Ֆ․ Լեմանի» (Հանդէս Ամսօրեայ, 1899, եր․ 281)։
- ↑ Կ․ Բասմաջյան― «հայկական նորագիւտ բևեռագիր մըն ալ» («Բանասէր» ուսումնաթերթ, Փարիզ, 1899, եր․ 289-292)։
- ↑ «Արարատ» ամսագիր, 199 թ․ 8 և 9, եր․ 380։
- ↑ Յ․ Վ․ Սանդալեան― «Նորագիւտ Ուրարտեան սեպագիր արձանագրութիւնք» («Հանդ․ ամսագր․», 1912, էջ 407)։
- ↑ «Արարատ» ամսագիր, 1912, եր․ 189, 576։
- ↑ «Записки Вост. Отделения Импер. Русского Археол. Общества», т. XI, бып. СПБ, 1913. с. LXXVI.
- ↑ «Հորիզոն» լրագիր, 1916, №.111։
- ↑ «Բազմավէպ», Վենետիկ, 1845, եր․ 46։
- ↑ Տե՛ս, օրինակ, Ղալինջայի արձանագրության թարգմանությունը, «Բազմավէպ», 1865, եր․ 232։
- ↑ Թարգմանել և հրատարակել է Գեորգ Աբդուլլահյան ― «Հայ բևեռաձև արձանագրութիւնք, լուսաբանեալ ի Մորթմանայ», Կ․ Պոլիս, 1872, տես և «Արարատ» ամսագիր, 1872, №. 4-6։
- ↑ М. Никольский, «Клинообразные хадписи ванских царей, открытые в пределах России» («Древности восточные», т. I, вып. 3, М., 1893, с. 376).
- ↑ Fr. Lenormant, "Lettres Assyriologiques", Paris, 1871, .t I ("Lettre 2 - Sur l'Ethnographie et l'Historie de lArmenie avant les Achemenides"), p. 124-126.
- ↑ К. Патканян, «Ванские надписи и значение их для истории Предней Азии», СПБ, 1881, с.с. 15, 32.
- ↑ "Journal Asiatique", Paris, 1880, p. 540-543: Տես և Stanislas Guyard, "Les inscriptions de Van" ("Melanges d'Assyriologie", Paris, 1883).
- ↑ Սեյսը իր աշխատությունները հրատարակել է գլխավորապես Լոնդոնի "Journal of the Royal Asiatic Society" ուսումնաթերթի մեջ 1880-ական թվականների սկզբում․ այդտեղ լույս տեսավ մինչև այդ հրատարակված արձանագրությունների թարգմանությունը։ Այնուհետև նոր գտնված արձանագրությունների ընդօրինակություններն ուղարկվում էին նրան, և նա թարգմանում էր և տպագրում նույն ուսումնաթերթում կամ ուրիշ հրատարակությունների մեջ։
- ↑ Հ․ Յ․ Տ․, «Փորձ մը լեզուի Վանեան բևեռագրութեանց», («Հանդէս Ամսօրեայ», 1899, եր․ 16-17)։
- ↑ "Les inscriptions Cuneiformes Urartiques", Venise, 199, L-506, p.p.
- ↑ J. de Morgan, "Les premiers civilisations", Paris, 1909, p.p. 2-29.