Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3545 բայտ, 00:33, 21 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
Թեոդենը լռում էր: Նայելով նրա դեմքին, ոչ ոք չէր կարող ասել, կասկածնե՞րն էին նրան տանջում, թե՞ զայրույթը: Էոմերը չդիմացավ:
— Լսի՛ր ինձ, տիրակա՛լ,— գոչեց նա,— ահա և վտանգը, որի մասին զգուշացնում էր Գենդալֆը: Մի՞թե մենք այդքան թանկ գնով հաղթանակ տարանք միայն դրա համար, որ բերաններս բաց լսենք երկճյուղ թունավոր լեզվին մեղր քսած այս ծեր խաբեբայի զրույցները: Այսպես կխոսեր շներով շրջապատված գայլը, եթե հանկարծ խոսելու ունակություն ձեռք բերեր: Ախր ինչո՞վ կարող է նա քեզ օգնել: Ուղղակի ուզում է ամեն գնով խուսափել արժանի պատժից, ահա և ամենը: Մի՞թե դու բանակցությունների մեջ կմտնես այս դավաճանի և մարդասպանի հետ: Հիշի՛ր Թեոդրեդին, հիշի՛ր Գետանցումը, հիշի՛ր Համայի գերեզմանը, որ Հելմյան Իջվածքում է:
Երկճուղ Թունավոր լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: — Ամեն մեկին մի բան է տրված: Դու քաջարի դյուցազն ես, փառք ու պատիվ քեզ: Տիրակալիդ հրամանով սպանիր առանց խղճալու, դա է քո փառավոր ճակատագիրը, բայց մի խառնվիր պետական գործերին, որոնցից բան չես հասկանում: Բայց եթե քեզ վիճակված է ժառանգել գահը, ապա բարեկամներ ընտրելուց խելամիտ եղիր: Սարումանի բարեկամությունը և Օրթհանքի իշխանությունը մերժելը խելամիտ արարք չէ: Դրանից չի կարելի հրաժարվել, նույնիսկ եթե անցյալում մեր միջև թյուրիմացություններ են եղել: Մեկ ճակատամարտում հաղթանակ տանել դեռ չի նշանակում պատերազմում հաղթել: Այո, դուք հաղթանակ տարաք, բայց շատ կասկածելի դաշնակցի օգնությամբ, որի վրա հույս դնել այլևս չեք կարող: Անտառային այդ արարածները հուսալի դաշնակիցներ չեն: Ինչ իմանաս, գուցե մի օր էլ դուք հայտնվեք անտառի ստվերում, քանզի նրանք ատում են մարդկանց: Թագավոր Թեոդեն, մի՞թե ես մարդասպանի անուն եմ վաստակել միայն այն պատճառով, որ արդար մարտում զոհվել են քո քաջարի ռազմիկները: Երբ պատերազմ է սկսվում, թեև ես պատերազմ չէի ուզում, զոհերն անխուսափելի են: Եթե դու շարունակես ինձ մարդասպան անվանել, ապա ես կպատասխանեմ քեզ, որ այդ դեպքում Էորլի ողջ տոոհմը ոտքից գլուխ թաթախված է արյան մեջ, քանզի ձեր վարած պատերազմների հաշիվը վաղուց խառնվել է, և մեկ անգամ չի եղել, որ դուք եք առաջինը հարձակվել ձեր անհնազանդ ու համարձակ հարևանների վրա: Սակայն հաղթելուց հետո խաղաղություն եք կնքել նրանց հետ, քանզի ավելի լավ է վատ խաղաղություն, քան վեճ ու կռիվ: Եվ այսպես, խոսքը քոնն է, թագավոր Թեոդեն, խաղաղության դաշիննք կնքենք և կրկին դառնանք բարեկամնե՞ր: Դա միայն մենք կարող ենք որոշել, ուրիշ ոչ մեկ: — Այո, մենք խաղաղություն ենք ուզում,— վերջապես դժվարությամբ և խռպոտ ձայնով խոսեց Թեոդենը: Ռոհանցիները ցնծացին ուրախ բացականչություններով, բայց թագավորը բարձրացրեց ձեռքը և արդեն մաքուր ձայնով շարունակեց. — այո, մենք խաղաղություն ենք ուզում և խաղաղություն կտիրի, երբ ոչնչացնենք այն ամենը, ինչը ստեղծել եք դու և քո Սև Տիրակալը: Դու ստախոս ես, Սարուման, իսկ սուտը սրտեր է ապականում: Դու ինձ օգնության ձեռք ես մեկնում, բայց ձեռքի փոխարեն ես տեսնում եմ Մորդորյան ճիրան:
Վստահելի
1342
edits