Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է, ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց.
— Էոմերը ձեզ հե՞տ է: Վերջապե՛ս: Բայց դու ուշացել ես, Էոմե՛ր, և դուք չափազանց քիչ եք: Այն ժամանակվանից, ինչ Թեոդրեդն ընկավ, հաջողությունը թիկունք է դարձրել մեզ: Երեկ մեզ ստիպեցին նահանջել Իզենի այս ափը, և մենք ծանր կորուստներ կրեցինք: Շատերը զոհվեցին գետանցումի վրա: Գիշերը թշնամին համալրվեց մեծաքանակ թարմ ուժերով. երևի Իզենգարդում ոչ մի զինվոր չի մնացել: Որպես հավելում, Սարումանը մեր դեմ զինել է նաև վայրի լեռնեցիներին և Դունլենդի գետամերձ հովվական ցեղերին: Թշնամին ավելի շուտ քանակով է հաղթանակ տանում, քան ուժով: Նրանք գրոհով ճեղքեցին մեր պաշտպանությունը: Ուեսթֆոլդցի Վեսթֆոլդցի Էրքենբրանդը հավաքեց, ում կարողացավ և պատսպարվեց Հելմյան Իջվածքիի ամրոցում, իսկ մնացածները ցրվեցին հարթավայրով մեկ: Որտե՞ղ է Էոմերը: Ասացեք նրան, որ հույս չկա, թող վերադառնա Էորաս, քանի դեռ Իզենգարդի գայլերը այստեղ չեն հասել:
Մինչ այդ պահը Թեոդենը, իր թիկնապահների թիկունքում թաքնված, լուռ լսում էր, բայց երբ հեծյալն ավարտեց իր խոսքը, նա առաջ եկավ: