Changes
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
Ֆրոդոն նամակը կարդաց մտքում, հետո տվեց Փինին և գլխով արեց Սամի կողմը՝ իբր կարդա և տուր նրան:
— Այո՜... այ թե գործ է արել մեր աղավնյակ Նարկիսը... — ասաց նա: — Տես հա՜, որ Գանդալֆն իսկապես նրա մեծ կտորն ականջը չթողնի ու վերջ: Էհ, նամակը ժամանակին ստացած լինեի, հիմա վաղուց արդեն Ազատքում կլինեինք: Բայց ինչ է տեղի ունեցել Գանդալֆի հետ: Նա այնպես է գրում, ասես պատրաստվելիս է եղել կրակի մեջ թռչել: — Իսկ նա արդեն երկար տարիներ է կրակի միջով քայլում,— ասաց Պանդուխտը: — Ուղիղ և առանց տատանվելու: Ֆրոդոն շրջվեց ու մտածկոտ նայեց նրան՝ հիծելով Գանդալֆի «դարձյալը, ի դեպը»: — Ինչու ինձ չասացիր, որ նրա բարեկամն ես,— հարցրեց նա: — Ու հարցը կփակվեր: — Կարծու՞մ ես: Ենթադրենք ասել էի, բայց, միևնույնն է, իմ խոսքին կհավատաի՞ք,— առարկեց Պանդուխտը: — Նամակի մասին ես չգիտեի: Եվ հետո, ինչու պետք է իմ մասին ասեմ ձեզ. դեռ սկզբից ձեր հարցերն է պետք լուծել: Թշնամին շարունակ իմ դեմ թակարդներ է լարում: Ես պարզեցի՝ և պատրաստ էի ձեզ որոշ բաներ բացատրել, սակայն հույս ունեի,— ասաց նա տարօրինակ ժպիտով,— որ դուք ինձ կվստահեք և առանց հատուկ բացատրությունների: Երբեմն ուղղակի հոգնում ես թշնամանքից ու անվստահությունից: Ասենք, իմ տեսքն էլ բարյացակամություն չի տրամադրում: — Դա այդպես է,— թեթևացած ծիծաղեց Փինը, նամակի ընթեցումն ավարտելով: — Բայց մեզ մոտ, Հոբիթստանում ասում են՝ փետուրն արծվի է, ներսը՝ ագռավի: Իսկ դու ի՜նչ տեսք պիտի ունենաս, եթե մեկ-երկու շաբաթ դարան մտած ես եղել: — Դարան մտնելը դատարկ բան է: Երկար տարիներ պետք է Խլուտով մեկ թափառես Հետքագետի նման դառնալու համար,— ասաց Պանդուխտը: — Դուք այդպիսի փորձություններ չեք տեսել... և լավ է, որ չեք տեսել: Փինը հավատաց, բայց Սամը դեռ տարակուսանքով զննում էր Պանդուխտին: — Իսկ մենք ո՞նց իմանաինք, թե դու էն Պանդուխտն ես, որի մասին գրում է Գանդալֆը,— հարցրեց նա կասկածանքով: — Չէ որ դու Գանդալֆի անունն էլ չէիր տալու, եթե նամակը չլիներ: Կարող է պատահել, դու առհասարակ փոխված ես՝ ծեծել ես իսկականին, որ մեզ չգիտես թե ուր տանես: Սրան ի՞նչ կասես: — Կասեմ, որ փորձված ճնճղուկին մղեղով չես խաբի,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ էլի կասեմ քեզ, Սամ Համեստուկ, որ եթե ես սպանեի իսկական Պանդուխտին, ապա քեզ կվերացնեի առանց տեղիցս վեր կենալու: Եթե մատանուն տիրելու միտք ունենաի, այն արդեն իմը կլիներ... Նա վեր կացավ և ասես աճեց: Նրա աչքերում փայլեց դաժան ու տիրական կրակը: Նա թիկնոցը արձակեց և ձեռքը դրեց մինչ այդ չնկատված թրի դաստապանին: Հոբիթները վախենում էին շարժում անգամ անել: Սամը բերանը բաց նայում էր Պանդուխտին: — Մի՛ վախեցեք, ես նույն ինքը Պանդուխտն եմ,— ասաց նա անսպասելի ժպիտով: Ես Արագորնն եմ, Արաթհորնի որդին և ձեր կյանքի գրավականն է իմ կյանքը կամ մահը: Լռությունը երկար տևեց: Վերջապես Ֆրոդոն խոսեց: — Ես այդպես էլ գիտեի, որ դու բարեկամ ես, դեռ նամակից առաջ,— ասաց նա: — Դե, գուցե հաստատ չգիտեի, բայց այնուամենայնիվ հույս ունեի: Այսօր երեկոյան վախեցրիր ինձ և ո՛չ մեկ անգամ, բայց դա այն սահմռկեցնող վախը չէ: Եթե նրանցից լինեիր, դուրսը քահանա, ներսը սատանա կլինեիր: — Դե, այո,— ծիծաղեց Պանդուխտը: — Իսկ ես հայտնի չէ, թե ներսից ինչ եմ, բայց դրսից քահանայություն չսպասեք: Ի դեպ, «Ուրիշ է փայլը հնագույն ոսկու»: — Ուրեմն բանաստեղծությունը ձե՞ր մասին է,— հարցրեց Ֆրոդոն: — Ախր ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ կապ կա... Իսկ որտեղի՞ց գիտես, որ Գանդալֆը հիշատակում է քո մասին, չէ՞ որ նամակը չես կարդացել: — Դե ես չգիտեմ էլ,— պատասխանեց նա: — Միայն թե ես Արագորնն եմ, որ կամ, ուրեմն բանաստեղծությունն էլ իմ մասին է: Պանդուխտը թուրը հանեց պատյանից, և նրանք տեսան, որ համարյա կոթի մոտ շեղբը կոտրված է: — Սրանից օգուտ չկա, ճի՞շտ է, Սամ,— ժպտալով ասաց նա: — բայց մոտենում է ժամանակը, երբ այն նորից կկռեն: Սամը լռեց: — Դե ինչ,— ասաց Պանդուխտը,— ուրեմն, Սամի թույլտվությամբ հարցը որոշված է: Պանդուխտը ձեր ուղեկիցն է: Վաղը մեզ շատ դժվար ճանապարհ է սպասվում: Եթե նույնիսկ մենք առանց խոչընդոտի դուրս գանք Լեռնամոտից, միևնույնն է, դժվար թե առհասարակ աննկատ դուրս գանք: Գոնե պետք է աշխատենք, որ մեզ աչքից կորցնեն. այստեղից դուրս գալու մեկ-երկու անհայտ արահետ կա: Հենց հետապնդողներին մոլորեցնենք՝ կգնանք ուղիղ դեպի Զավերտ: — Դեպի Զավե՞րտ,— անվստահությամբ հարցրեց Սամը: — Էդ Զավերտս ո՞րն է: — Այդ անունով մի սար է, Ուղուց հյուսիս, Ազատքի ճանապարհի կեսին: Սարի գլխից ամեն ինչ երևում է, ա՜յ թե շուրջներս կնայենք: Եթե Գանդալֆը գա մեր հետքերով, նա էլ այնտեղ կգա: Իսկ Զավերտից հետո ավելի դժվար է, ավելի վտանգավոր: — Վերջին անգամ ե՞րբ ես տեսել Գանդալֆին,— հարցրեց Ֆրոդոն: — Դու գիտե՞ս որտեղ է, ինչպես է: — Ոչ, չգիտեմ,— մռայլ պատասխանեց Պանդուխտը: — Գարնանը մենք միասին եկանք Արևմուտքից: Երկար տարիներ ես պահպանում էի Հոբիթստանի սահմանները, քանի նա ուրիշ գործերով էր զբաղված... Ձեր սահմանագծերը համարյա երբեք առանց պահակի չէր թողնում: Վերջին անգամ նրան տեսել եմ մայիսի սկզբին. նա ասաց, որ ձեր գործը պարզվել է, և որ դուք սեպտեմբերի վերջերին կշարժվեք դեպի Ազատք: Ես կարծում էի, թե նա ձեզ հետ է և մեկնեցի իմ գործերով, բայց իզուր, պետք եկած կլինեի: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք ծանոթ ենք, առաջին անգամ եմ տագնապ ապրում: Նրա անձամբ այստեղ չլինելը շատ պատճառներ կարող է ունենալ, բայց ինչ-որ լուր պետք է անպայման ուղարկած լիներ: Իսկ տեղեկատվություն չկար: Վերջապես ինձ լուրեր հասան, որ Գանդալֆը կորել է, իսկ Հոբիթստանում վարգում են Սև Հեծյալները: Դա ինձ Գարալդի էլֆերը պատմեցին: Նրանցից էլ իմացա, որ դուք Բրենդիդուիմքի ճանապարհին եք և որոշեցի սպասել ձեզ Արևմտյան Ուղու մոտ: