Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7963 բայտ, 18:38, 25 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու:
— Ա՛յ քեզ անհամբեր հոբիթ,— ծիծաղեց Գենդալֆը: — Թերևս ամեն հրաշագործի վրա պետք է մեկական հոբիթ նշանակել, որպեսզի նրանք հետևեն իրենց խոսքերին: Ներիր, որ քեզ առանց պատասխանի թողեցի: Առանձնակի շտապելու հարկ չկա. մի քանի ժամ կգնանք, մինչև դուրս գանք հովտից: Այնտեղ էլ կանգ կառնենք: Իսկ առավոտյան քառատրոփ կսլանանք: Սկզբում մենք որոշել էինք միանգամից Էդորաս գնալ, բայց հետո պլանները փոխվեցին: Սուրհանդակներ ուղարկվեցին Հելմյան Իջվածք, որ կզգուշացնեն, որ առավոտյան թագավորը ժամանելու է այնտեղ, իսկ այնտեղից, նոր ռազմիկներ հավաքագրելով, շարժվելու է լեռնային արահետներով դեպի Դունհորոյի թաքստոցը: Այսուհետ բաց երկնքի տակ, առանց թաքնվելու, վտանգավոր է գնալ նույնիսկ գիշերը: Կգնան երկու-երեք հոգուց բաղկացած խմբերով:
— Մեկ քեզանից բառ անգամ չես լսի, մեկ էլ՝ ստացիր մեկ դյուժին,— ծիծաղեց Մերին: — Ախր ես միայն հարցրեցի, երկա՞ր ենք դեռ գնալու: Որտեղի՞ց ամանամ, թե ինչ է այդ Հելմյան Իջվածքը, էլ չասեմ մյուսների մասին: Ես այստեղ ոչ մի բանի տեղ չգիտեմ:
— Եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում, ուրեմն՝ սովորի՛ր: Իսկ ինձ այլևս մի անհանգստացրու, ես պետք է խորհեմ:
— լավ, լավ, հենց նստենք խարույկի շուրջ, կկպչեմ Պանդուխտից, նա քո պես զայրացկոտ չէ: Միայն ասա, ինչու պետք է թաքնվենք, մի՞թե մենք չհաղթեցինք ճակատամարտում:
 
— Հաղթելը հաղթեցինք, բայց դա միայն սկիզբն է: Եվ բացի այդ, հաղթանակի պատճառով մենք հիմա ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան առաջ: Իզենգարդն ու Մորդորը ինչ-որ կերպ կապված են իրար, թեև միչև հիմա չգիտեմ, թե ինչպես են այդքան արագ փոխանակվում նորություններով: Ինչ-որ բաներ գուշակում եմ, բայց վստահ չեմ, ճի՞շտ եմ արդյոք... Այժմ Բարադ-Դուրի Աչքը կրկնակի ուշադրությամբ է զննում Կախարդական Հովիտը և Ռոհանյան հարթավայրը: Ինչքան քիչ բան տեսնի, այնքան լավ:
 
Ոլորապտույտ ճանապարհը առանց շտապելու մոտենում էր հովտի բերանին: Իզենի ջրերի աղմուկը մեկ մոտենում, մեկ հեռանում էր: Սարերից իջավ գիշերը: Մառախուղը ամբողջությամբ ցրվեց, փչեց սառը քամին: Արևելքում փայլեց լուսինը: Աջակողմյան լեռները հետզհետե վերածվեցին մերկ բլուրների: Առջևում փռված էր անծայրածիր, մոխրագույն հարթավայրը:
 
Վերջապես Ջոկատը, թեքվեց աջ և անցնելով մեկ ու կես լիգ փափուկ խոտով ծածկված գորգի վրայով, կանգ առավ կանաչապատ կիրճում, Դոլ-Բարենի՝ Մշուշապատ Լեռնաշխթայի վերջին գագաթի, հովանու ներքո, որի գագաթը ծածկված էր հավամրգու խիտ թփերով: Կիրճի լանջերը պատված էին նախորդ տարվանից մնացած ձարխոտով, բայց բուրավետ հողը արդեն ծածկվել էր գարնանային խիտ, կանաչ բուսականությամբ: Հեծյալները ճամբար խփեցին կիրճի եզրին աճած ալոճենու թփուտների մոտ: Մինչև կեսգիշեր դեռ երկու ժամ կար: Խարույկ վառեցին մի մեծ, ծառի պես տարածված մասուրի թփի արմատների տակ, որը թեև ծեր էր ու կարծրացած, բայց՝ ամուր. ճյուղերի ծայրերին արդեն ուռչում էին պտուղները:
 
Ժամապահներ նշանակվեցին, իսկ մյուսները ընթրեցին, փաթաթվեցին թիկնոցների և ծածկոցների մեջ և քնեցին: Հոբիթները տեղավորվեցին անկյունում, ձարխոտի տերևների կույտի վրա: Մերիի քունը տանում էր, բայց Փինի քունը, չգիտես ինչու, փախել էր: Նա անընդհատ շուռումուռ էր գալիս ու ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել, իսկ ձարխոտի տերևները նրա տակ խշշում էին ու ճարճատում:
 
Մերին չդիմացավ:
 
— Ի՞նչ ես ջարդվում,— հարցրեց նա,— չլինի՞ մրջնանոցի վրա ես պառկել:
 
— Չէ, ուղղակի անհարմար է,— արձագանքեց Փինը: — Փորձում եմ հիշել, թե երբ եմ վերջին անգամ փափուկ անկողնում քնել:
 
Մերին հորանջեց:
 
— Մատներիդ վրա հաշվիր,— խորհուրդ տվեց նա: — Երկար մտածելու ի՞նչ կա, Լորիենից այս կողմ չես քնել:
 
— Չէ, չէ, նկատի ունեմ իսկական անկողին իսկական ննջարանում:
 
— Ուրեմն Ազատքից այս կողմ,— փնթփնթաց Մերին: — Իսկ ես այսօր որտեղ ասես պատրաստ եմ քնել:
 
— Դե քեզ ինչ կա, Մերի,— մի քիչ լռելուց հետո նորից խոսեց Փինը,— դու Գենդալֆի հետ էիր գալիս:
 
— Ու ի՞նչ:
 
— Դե, նրանից շատ բան իմացած կլինես... Թարմ նորություններ:
 
— Իհարկե, սովորականից էլ շատ: Բայց դու ամեն ինչ լսել ես. մենք ձեր կողքից էինք ընթանում ու բարձր էինք խոսում: Եթե որոշել ես էլի ինչ-որ բան կորզել նրանից, վաղը կարող ես նրա հետ գնալ, եթե իհարկե նա դեմ չլինի:
 
— Իսկապե՞ս: Հրաշալի է: Իսկ նա առաջվա պես քչախո՞ս է: Չի փոխվել, չէ՞:
 
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ինչպես բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Թեպետ շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ այդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ հիմա Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և ջարդեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits