Changes
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Բայց նա իմ հետևից չէր չէ՞ թռչում,— սարսռաց Փինը: — Չէ՞ որ նա դեռ չէր կարող իմանալ, որ ես...
— Իհարկե չէր կարող,— հաստատեց Գենդալֆը: — Ուղիղ գծով Օրթհանքից Բարադ-Դուր կլինի երկու հարյուր լիգ: Նույնիսկ նազգուլին այդ տարածությունը թռչելու համար առնվազն երեք-չորս ժամ է անհրաժեշտ: Սակայն Սարումանը, իհարկե, օրքերի ջոկատն ուղարկելուց հետո նայել է Քարին՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում գործերը, և թշնամին, երևի, կարդացել է նրա մտքերը և իմացել ավելի շատ, քան Սարումանը կուզենար: Սուրհանդակը թռչում էր իմանալու, թե ինչով է զբաղված Սարումանը: Բայց դա չի նշանակում, որ քո հետևից չեն գա: Կգան, մի կասկածիր: Կգան, և շատ շուտով: Եվ Սարումանը կհայտնվի ծուղակում: Գերուն հանձնել նա չի կարող, պալանտիր այլևս չունի: Նշանակում է նա կտրված է աշխարհից, և կարևորը՝ Սաուրոնի հարցերը անպատասխան կմնան: Սաուրոնը, բնականաբար, կորոշի, որ Սարումանը թաքցնում է գերուն և դիտմաբ չի նայում Քարին: Իսկ Նազգուլի առջև արդարանալ՝ անիմաստ գործ է: Իզենգարդը, ճիշտ է, ավերված է, բայց հետո՞ ինչ: Տերը դեռ ողջ է և իր համար նստած է աշտարակում: Մի խոսքով, ցանկանում է Սարումանը թե՝ ոչ, Սաուրոնի աչքերում նա կդառնա ապստամբ և անհնազանդ: Սակայն նա հրաժարվեց մեր օգնությունից, իսկ կարող էր մի ակնթարթում ազատվել բոլոր անախորժություններից: Թե ինչ է նա հիմա անելու, դա մեծ առեղծված է: Կարծում եմ, սակայն, որ քանի դեռ նա մնում է Օրթհանքում, նույնիսկ Ինյակը չի կարող նրա հախից գալ: Ըստ երևույթին, նա հույս ունի դիմադրել: Նա նույնիսկ կարող է Նազգուլ գերի վերցնել, կամ գոնե սպանել նրա տակի թևավոր հրեշին... Եթե դա նրա մոտ ստացվի, թող ռոհանցիները ավելի լավ հսկեն իրենց ձիերին: Բայց ինչով կավարտվի այդ ամենը մեզ համար, չեմ կարող ասել: Բացառված չէ, որ զայրույթը կստիպի Սաուրոնին հետաձգել Սարումանի հետ հաշիվները մաքրելը: Նա կարող է Սարումանից իմանալ, որ ես եղել եմ Իզենգարդում և կանգնած եմ եղել Օրթհանքի աստիճաններին, իսկ իմ հետևում կանգնած են եղել նրան այդքան հետաքրքիր հոբիթները: Գուցե նա իմանա նաև, որ հայտնվել է Էլենդիլի ժառանգը և կանգնած է եղել իմ կողքին: Եթե ռոհանյան զրահները չեն շփոթեցրել Օձալեզվին, նա կհիշի, թե ով է Արագորնը և ինչ պահանջներ է նա ներկայացնում: Հենց դրանից էլ ամենաշատը վախենում եմ: Եվ ահա մենք փախչում ենք վտանգից, թեպետ, ճիշտն ասած, ավելի մեծ վտանգին ընդառաջ: Քանզի Լուսաչը տանում է մեզ Խավարի Երկիր, Փերեգրի՛ն Տուկ:
Փինը չպատասխանեց, միայն ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ, ասես նրան պատեց հանկարծակի ցուրտը: Շուրջը միայն անծայրածիր մոխրագույն հարթավայր էր:
— Տեսնու՞մ ես,— ցույց տվեց Գենդալֆը: — Մենք մոտենում ենք Վեսթֆոլդի հովիտներին: Լուսաչը դուրս է եկել ուղի և հիմա սլանում է ուղիղ արևմուտք: Ա՜յ այն մուգ բիծը Արևմտյան Կիրճի մուտքն է. եթե թեքվեինք այնտեղ, կարող էինք այցելել Ագլարոնդ՝ Փայլփլուն Քարանձավներ: Բայց դրանց մասին ինձ հարցեր չտաս. հարցրու Ջիմլիին, երբ կրկին հանդիպես նրան, և կիմանաս այդ ժամանակ, թե ինչ երկար պատասխաններ են ունենում կարճ հարցերը: Սակայն այդ Քարաձավներն այս անգամ դու չես տեսնի. մեր ճանապարհորդության նպատակն այլ է: Շուտով դրանք կմնան հեռու՜ հետևում:
Ինչպես թե, իսկ ես մտածում էի, որ մենք գնում ենք Հելմյան Իջվածք,— զարմացավ Փինը: — Եվ ու՞ր ենք մենք գնում այդ դեպքում:
— Մինաս Թիրիթ, քանի դեռ պատերազմի ալիքները չեն շրջապատել այն:
— Օհո, իսկ այն հեռու՞ է:
— Հեռու է,— պատասխանեց Գենդալֆը:
== Գիրք չորորդ ==