Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2859 բայտ, 16:39, 13 Մայիսի 2015
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
Նա սողաց դեպի աջ՝ արահետ փնտրելով լճակը շրջանցելու համար: Հոբիթները աշխատում էին հետ չմնալ նրանից և, ակամա կրկնելով Գոլլումի շարժումները, մինչև գետին կռացած սողում էին նրա հետևից: «Մի քիչ էլ, ու մենք կվերածվենք ևս երկու փոքրիկ Գոլումների, այո, այո, իմ սքանչելի,— մտածեց Սեմը»:
Վերջապես արահետ գտնվեց, և նրանք, մեկ սողալով, մեկ ճումբից ճումբ թռչկոտելով առաջ շարժվեցին ճահճուտի միջով: Մի քանի անգամ նահանջեցին, մի քանի անգամ խրվեցին ցեխի մեջ, գարշահոտ, ինչպես կեղտաջրերի հորը, և շուտով երեքն էլ մինչև կոկորդները ծածկվեցին լպրծուն, զզվելի տիղմով ու նրանց վրայից գարշահոտություն փչեց:  Ուշ գիշերով, լուսաբացին մոտ, նրանք վերջապես ոտքերի տակ ավելի չոր հող զգացին: Գոլլումը ֆշշացնում էր ու անընդհատ քթի տակ փնթփնթում, բայց գոհ տեսք ուներ: Միայն իրեն հայտնի ինչ-որ նշաններով, կամ հոտառությամբ, կամ իր արտասովոր հիշողությամբ, նա, ըստ երևույթին, հասկացել էր, որ այժմ գտնվում են անվտանգ տեղում և հիմա վստահ էր ու գիտեր, թե ուր գնալ:  — Դե, իսկ հիմա առա՛ջ,— հրամայեց նա: — Խելացի՛, քա՛ջ հոբիթսներ: Նրանք շա՜տ-շա՜տ հոգնել են, իմ սքանչելի, ու մենք էլ ենք հոգնել: Բայց հարկավոր է արագ հեռանալ այստեղից, տանել տիրոջը չար կրակներից հեռու, այո, այո, հեռու:  Այս խոսքերով էլ նա նետվեց առաջ և, գրեթե վազելով սկսեց գնալ եղեգնուտը երկու մասի բաժանող հողի բարակ շերտի վրայով: Հոբիթները սայթաքելով շտապեցին նրա հետևից: Բայց հանկարծ Գոլլումը նորից կանգ առավ, հոտոտեց և անհանգստացած ֆշշացրեց՝ երևում է կրկին ինչ-որ բանից դժգոհ էր:  — Ի՞նչ է պատահել,— փնթփնթաց վրա հասած Սեմը: Նրան թվաց, թե Գոլլումը զզվանքով փնչացնում է: — Ի՞նչ ես էդպես հոտոտում: Ես գարշահոտությունից քիթս եմ սեղմել, որ աչքերս ճակատս չթռչեն: Քո վրայից էլ է գարշելի հոտ գալիս, տիրոջ վրայից էլ: Էստեղ ամեն մի ցողուն գարշելի հոտ է արձակում:  — Այո, այո, և Սեմի վրայից էլ պակաս հոտ չի գալիս,— արձագանքեց Գոլլումը: — Խեղճ Սմեագորլի համար հոտոտելը դժվար է, բայց հնազանդ Սմեագորլը դիմանում է: Նա ուզում է օգնել բարի տիրոջը: Բայց գարշահոտությունը ոչինչ, ոչինչ: Օդում ինչ-որ բան այն չէ: Սմեագորլը զգում է, և դա նրան հեչ դուր չի գալիս:  
Վստահելի
1342
edits