Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
— Ի՞նչ է պատահել,— փնթփնթաց վրա հասած Սեմը: Նրան թվաց, թե Գոլլումը զզվանքով փնչացնում է: — Ի՞նչ ես էդպես հոտոտում: Ես գարշահոտությունից քիթս եմ սեղմել, որ աչքերս ճակատս չթռչեն: Քո վրայից էլ է գարշելի հոտ գալիս, տիրոջ վրայից էլ: Էստեղ ամեն մի ցողուն գարշելի հոտ է արձակում:
— Այո, այո, և Սեմի վրայից էլ պակաս հոտ չի գալիս,— արձագանքեց Գոլլումը: — Խեղճ Սմեագորլի համար հոտոտելը դժվար է, բայց հնազանդ Սմեագորլը դիմանում է: Նա ուզում է օգնել բարի տիրոջը: Բայց գարշահոտությունը ոչինչ, ոչինչ: Օդում ինչ-որ բան այն չէ: Սմեագորլը զգում է, և դա նրան հեչ դուր չի գալիս: Նա կրկին շարժվեց առաջ, սակայն գնալով ավելի էր անհանգստանում, անընդհատ կանգնում էր, վիզը ձգում ու ականջ դնում: Սկզբում հոբիթները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում: Եվ հանկարծ երեքն էլ միանգամից քարացան ու ակնջները սրեցին: Ֆրոդոյի ու Սեմի ականջին հասավ հեռվից եկող երկարաձիգ, կատաղի ու սահմռկեցուցիչ ոռնոցը: Հոբիթները ցնցվեցին ու միաժամանակ զգացին, թե ինչպես օդը տատանվեց ու մահացու սառնություն փչեց: Հետո լսվեց մոտեցող քամու ձայնը: Կրակները տատանվեցին, գունատվեցին ու մարեցին: Գոլլումը չէր շարժվում: Նա կանգնած դուղում էր ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթում: Վերջապես քամին մռնչոցով ու սուլոցով փլվեց ճահիճների գլխին, պատառոտեց մշուշի անթափանց ծածկոցը, և բարձր երկնում երևացին ամպերն ու լուսինը: