Changes
/* Գլուխ չորորդ. Համեմունքներով եփված ճագար */
— Շուտով մի կուշտ կխմենք,— շրթունքները լպստելով հուսադրեց նա: Այնտեղ, ուր գնում ենք, լեռներից լավ ջուր է հոսում դեպի Մեծ Գետը, համեղ ջուր, այո: Գուցե այնտեղ Սմեագորլն ուտելիք էլ գտնի: Նա շատ է սովածացել, այո, շատ, գո՛լլում: — Նա իր մեծ, հարթ թաթերը դրեց նիհարած փորին, և աչքերն առկայծեցին կանաչ կրակով:
Մթնշաղն արդեն խտանում էր, երբ նրանք սողալով դուրս եկան խոռոչից և ճանապարհ ընկան: Երեք աղոտ ստվերներ ցոլացին խոռոչի եզրին և ուրվականների պես լուծվեցին ճամփեզրի քարերին: Լիալուսնին ընդամենը երեք օր էր մնացել, բայց լուսինը գրեթե մինչև կեսգիշեր թաքնված էր սարերի հետևում, այնպես որ ստիպված էին գնալ լիակատար մթության մեջ: Մորդորի ժանիքներից մեկի գլխին կարմիր լույս էր առկայծում, որից բացի ուրիշ ոչինչ չէր հիշեցնում Մորանոնի աչալուրջ պահակների մասին: Այդ կարմիր աչքը ասես հետապնդում էր փախստականներին, մինչ նրանք, սայթաքելով քարերի մեջ, շտապում էին հեռանալ այդ չարագուշակ վայրից: Ճանապարհ դուրս գալ չէին համարձակվում և աշխատում էին, ինչքան հնարավոր է, ճամփեզրից չհեռանալ: Վերջապես կեսգիշերն անց, երբ նրանք արդեն բավականին հոգնել էին (միայն մի անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով), աչքը վերածվեց փոքրիկ կարմիր կետի և շուտով անհետացավ. դա նշանակում էր, որ նրանք շրջանցել էին ամենահյուսիսային ժայռերն ու շրջվել դեպի հարավ: Տարօրինակ թեթևություն զգալով, ճամփորդները կրկին նստեցին հանգստանալու՝ շատ կարճ ժամանակով: Գոլլումն անընդհատ շտապեցնում էր նրանց: Ըստ նրա հաշվարկների, Մորանոնից մինչև Օսգիլիաթի մոտակայքում գտնվող խաչմերուկը մնում էր մոտ երեսուն լիգ, և նա ուզում էր հաղթահարել այդ տարածությունը չորս գիշերվա ընթացքում: Այդ պատճառով էլ հոբիթները, հաղթահարելով հոգնածությունը, կրկին ճանապարհ ընկան և գնացին այնքան ժամանակ, մինչև լուսաբացը սկսեց տարածվել մոխրագույն, անկյանք անապատի վրա: Գրեթե ութ լիգ հաղթահարված էր, բայց հոբիթները ուժասպառ էին եղել, չնայած ռիսկի դիմել էլ պետք չէր: Լույսը բացվեց, և հոբիթները տեսան, որ հողն այստեղ այնքան էլ պատռված ու ճանկռոտված չէ, որքան Մորդորի Դարպասի մոտակայքում: Ձախ կողմում առաջվա պես սպառնալի վեր էին խոյանում լեռները, բայց ճանապարհը, որը առավոտյան լուսի տակ արդեն լավ երևում էր, ավելի ու ավելի էր հեռանում լեռների սև ստորոտից՝ իր տեղը զիջելով հարթ լանջերին, որոնք, ասես մութ ամպերով պարուրված, ամբողջությամբ ծածկված էին մռայլ անտառներով: Ճանապարհի մյուս կողմում, որտեղով քայլում էին հոբիթները, տարածվում էր վայրի, բլրաշատ տափաստանը՝ ծածկված հոնի, ավելի, հավամրգու և այլ անծանոթ թփուտներով: Այստեղ և այնտեղ ցցված էին մի քանի սոճիներ: Գրեթե մոռանալով հոգնածության մասին, հոբինթերը կրկին առույգացան ու հոգով արիացան. ամբողջ կրծքով շնչում էին թարմ, բուրումնավետ օդը, որը հիշեցնում էր նրանց հեռավոր Հյուսիսային Ծայրամասը: Ի՜նչ հրաշալի էր ժամանակավոր ազատվել սարսափից և հայտնվել այս տեղանքում, որը դեռ բոլորովին վերջերս էր հայտնվել Սև Տիրակալի հպատակության և դեռ չէր հասցրել ամայանալ: Բայց հոբիթները չէին մոռացել վտանգի մասին, գիտեին, որ Սև Դարպասն ու աշտարակ ժանիքները դեռ մոտ են, թեև լեռների մռայլ զանգվածը ծածկել էր դրանք տեսադաշտից: Հարկավոր էր հուսալի ապաստան գտնել, որտեղ նրանք կարող էին թաքնվել անցանկալի աչքերից և սպասել մութն ընկնելուն: Օրն անցավ անհանգիստ: Հոբիթները պառկել էին հավամրգու թփերի մեջ և հաշվում էին մեկը մյուսից տաղտկալի, իրարից ոչնչով չտարբերվող ցերեկային ժամերը: Լեռների ստվերը դեռ ընկնում էր նրանց վրա, արևը թաքնվել էր գորշ ամպերի հետևում: Ֆրոդոյին մի քանի անգամ հաջողվեց քնել խորը, խաղաղ քնով՝ այժմ նա կամ լիովին վստահում էր Գոլլումին, կամ էլ նրան հետևելու համար չափազանց հոգնած էր: Բայց Սեմը ննջում էր մի աչքը բաց. հետո ինչ, որ Գոլլումը, թեև երբեմն ցնցվում է, բայց շնթռած է մեռածի պես, անպիտանը՝ այդպիսի երազների համար գլուխը թռցնելն էլ է քիչ (նա ինչ-որ գոլլումային ծածուկ երազներ է տեսնում): Սակայն, հնարավոր է, անքնության պատճառը սովն էր. Սեմը լրջորեն սկսել էր կարոտել տնական տաք, ախորժելի ուտելիքը: Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ էլ հետյոտն զինվորներ չհայտնվեցին՝ գիշերն անցավ խաղաղ: