Changes
/* Գլուխ XLVII */
Քահանան ուշի֊ուշով ունկնդրում էր․ եկեղեցականը նրան թվաց խելացի մարդ և ասածները՝ իմաստալից, ուստի նա ասաց, որ ինքն էլ նույն կարծիքին է, ատելով ատում է ասպետական գրքերը և իր ժամանակին այրել է դոն Կիխոտի բազմաթիվ գրքերը։ Նա պատմեց, թե ինչպես ինքը քննություն կատարեց՝ հիշատակելով, թե որոնք է մատնել կրակի և որոնք խնայել։ Եկեղեցականը շատ ծիծաղեց և ասաց, որ չնյած այդ գրքերի բոլոր պակասություններին, նրանց մեջ քիչ֊շատ լավ բան էլ կա, այն է՝ նրանց նյութը թույլ է տալիս լուսամիտ մարդուն դրսևորել իր ուժերը, որովհետև լայն ու արձակ դաշտ է բացվում նրա առջև, որտեղ նրա գրիչը կարող է անարգել թափ առնել՝ նկարագրելով նավերի խորտակում, ծովի ալեկոծություն, ընդհարումներ և ճակատամարտեր։ Նա կարող է նկարագրել արի կապիտանի, նրան անհրաժեշտ բոլոր հատկություններով, որը գիտե կանխել թշնամու դավերը, որ հռետոր է և ճարտասանությամբ համոզում է կամ հետ է պահում իր զինվորներին, որ խելահաս է՝ խորհրուրդում, արագ՝ գործողության մեջ և հավասարաչափ քաջ է թե՛ սպասողական, թե՛ հարձակողական ժամին։ Նրանք կարող են նկարագրել մերթ ողբալի, մերթ ողբերգական դեպքեր, մերթ անակնկալ ուրուխ անցքեր։ Ահա մի չքնաղ տիկին՝ համեստ, խելացի և զգույշ, ահա քրիստոնյա ասպետ՝ արի և պարկեշտ, ահա մի կոպիտ քյալլագյոզ և պարծենկոտ, ահա՛ և սիրալիր, արի ու նուրբ արքայազն, որ բարի և ուղղամիտ է իրենից ստորադասների նկատմամբ, ահա ազնիվ ու վեհանձն տեր։ Հեղինակը կարող է ներկայացնել աստղագետի, աշխարհագրի և երաժիշտի, մեկին, որ տեղյակ է պետական գործերին, իսկ հարմար առիթով՝ մոգի։ Նա կարող է պատմել մեզ հնարագետ Ուլիսից, բարեպաշտ Էնեոսից, արի Աքիլլեսից, Հեկտորի դժբախտություններից, Սինոնի դավաճանությունից, Էվրիայի բարեկամությունից, Ալեքսանդրի առատաձեռնությունից, Կեսարի քաջությունից, Տրայանոսի մեղմությունից ու ճշմարտասիրությունից, Զոպերի հավատարմությունից, Կատոնի իմաստությունից, մի խոսքով՝ բոլոր հատկություններից, որ մեծ մարդկանց կատարյալ են դարձնում։ Նրանցից է կախված բոլոր այդ հատկությունները մի հերոսի հատկացնել, թե բաժանել մի քանիսի միջև։ Եվ եթե այս ամենը վարպետորեն հնարված լինի և հաճելի ոճով գրված և եթե հնարանքը իրականությունից շատ չշեղվի, ապա գեղեցիկ, երփներանգ թելերից նա անպայման կգործի մի հյուսվածք, որ ավարտված լինելուց հետո այնպիսի գեղեցկություն ու կատարելություն կդառնա, որ կվաստակի պսակ մտավոր երկերի մեջ, որոնց նպատակն է, ինչպես արդեն ասացի, ուսուցանել և հաճույք պատճառել։ Վեպի ազատ ձևը հեղինակին հնարավորություն է տալիս լինել դյուցազներգու, քնարերգակ, ողբերգակ և կատակերգու՝ միացնելով բոլոր տարրերը, որ պարփակված են բանաստեղծության և ճարտասանության հաճելի և քաղցր գիտության մեջ, որովհետև դյուցազներգությունը կարող է գրվել և՛ արձակ, և՛ ոտանավորով։
==Գլուխ XLVIII==
Եկեղեցականը շարունակում է դատողություն անել ասպետական գրքերի և իր նրբամտության արժանի այլ նյութերի մասին
Ձերդ ողորմածության բոլոր ասածները, տեր եկեղեցական, արդարացի են, ― ասաց քահանան, ― առավել ևս արժանի են նախատինքի նման գրքերի արդի հեղինակները, որոնք հոգ չեն տանում լավ շարահյուսության, արվեստի և կանոնների մասին, որոնց հետևելով նրանք կարող էին արձակի մեջ հռչակվել այնպես, ինչպես պոեզիայի երկու իշխանները՝ հույն և հռովմայեցի։<ref>Ըստ երևույթին նկատի են առնվում Հոմերոսն ու Վերգիլիոսը։</ref>
― Ես ինքս մի ասպետական գիրք հորինելու փորձ եմ արել, ― շարունակեց եկեղեցականը, ― հետևելով վերոհիշյալ կանոններին և, ճիշտն ասած, գրեցի ավելի քան հարյուր էջ, ապա, համոզվելու համար, թե գիրքն, իրոք, այնպես է դուրս եկել, ինչպես ինձ է թվում, ես կարդացի նման ընթերցանության սիրահարներին՝ խելացի և բարեկիրթ մարդկաց, ինչպես և ամեն անհեթեթության ականջ կախող տգետներին, և սրա՛նք էլ, նրա՛նք էլ հավանություն տվին։ Այնուամենայնիվ, ես իմ ձեռնարկը չշարունակեցի, որովհետև նախ ինձ թվաց, թե դա անվայել է իմ աստիճանին, ապա՝ տխմարները թվով գերազանցում են խելոքներին։ Եվ թեև սակավաթիվ հասկացող մարդկանց գովասանքը նախընտրելի է, քան բազմաթիվ տգետների նշավակությունը, այնուհանդերձ ես չկամեցա ենթակա լինել անհաստատ ամբոխի անմիտ կարծիքին, չէ՞ որ այդ ամբոխն է նման գրքերի գլխավոր պահանջողը։ Սակայն առանձնապես ինձ համոզեց թողնել այդ գործը և գիրքն ավարտելու միտքը ա՛յն դիտողությունը, որ ես արի հիմիկվա ներկայացրած կոմեդիաներից։ Այդ կոմեդիաները, ասում էի ինքս ինձ, որոնց առնվազն մեծամասնությունը, թե՛ պատմական նյութից, թե՛ հորինածները, անհեթեթ գրվածքներ են, այլանդակություններ, որ ո՛չ գլուխ ունեն, ո՛չ ոտներ և, այնուամենայնիվ, ամբոխը հաճույքով է նայում և հավանում, թեև բնավ հավանելու բաներ չեն։ Նրանց հորինող հեղիակներն ու ներկայացնող դերասանները պնդում են, որ այպես էլ պետք է լինեն, որովհետև հասարակությունն այդ տեսակն է պահանջում և ո՛չ ուրիշը։ Իսկ այն հեղինակները, որ տպավորություն են գործում, զարգացնելով գործողությունը համաձայն կանոնների, բավարարում են մի երեք֊չորս հասկացող հոգու, որոնք ըմբռնում են գեղեցկությունը, մինչդեռ մնացյալները հասկանալու ունայն ճիգեր են գործում, իսկ ավելի ձեռնտու է ապրուստ աշխատել բազմաթիվ մարդկանց միջոցով, քան լավ համբավ՝ աննշան քանակության մարդկանց շնորհիվ։ Նույնը պիտի լինի նաև իմ գրքի հետ՝ ես խանձելու եմ հոնքերս,<ref>Ենթադրվում է՝ գիշերները երկար նստել մոմի տակ։</ref> ձգտելով պահպանել բոլոր վերոհիշյալ կանոնները, և ընկնելու եմ այդ դերձակի դրության մեջ, որ ձրի կարում է, թելն էլ ինքը տալիս։<ref>Ակնարկվում է հետևայլ առածը․ «Մեզ մոտ անկյունում դերձակը ձրի էր կարում և դեռ իր թելելեն էլ վրան էր դնում»։ </ref> Իզուր փորձեցի քանիցս համոզել կոմեդիաների հեղինակներին, որ նրանց հայացքները սխալ են, որ եթե անհեթեթություններ հորինելու փոխարեն նրանք ներկայացնեին ըստ կանոնների գրած պիեսներ, ավելի շատ հասարակություն կգրավեին և ավելի մեծ հռչակ ձեռք կբերեին, բայց նրանք այնքան համառ ու կույր են իրենց կարծիքի մեջ, որ ո՛չ փաստարկումները, ո՛չ ակներևությունն իսկ չեն կարողանում նրանց համոզել։ Հիշում եմ, ինչպես մի օր ես ասացի այդ համառներից մեկին․ «Հիշո՞ւմ եք արդյոք, մի քանի տարի առաջ Իսպանիայում բեմադրվում էին երեք ողբերգություն, որ հորինել է մեր թագավորության հռչակավոր մի պոետ, որոնք այն տեսակ էին, որ զարմացնում, հուզում և հիացնում էին բոլոր հանդիսատեսներին, նույնքան տխմարներին, որքան կիրթ մարդկանց, նույնքան ամբոխին, որքան ընտիր մարդկանց, և նրանք դերասաններին ավելի շահ էին բերում, քան նրանցից հետո բեմադրված երեսուն լավագույն պիեսները»։ «Ձերդ ողորմածությունը, ― պատասխանեց հեղինակը, որի հետ էր խոսակցությունս, անտարակույս, ակնարկում է «Իզաբելան», «Ֆիլիդան» և «Ալեքսանդրան»։<ref>«Իզաբելլա», «Ֆիլիդա» և «Ալեքսանդրա»՝ Արխենսոլայի գրվածքներն են (մահացել է 1613 թվին): «Պատժված քարասրտություն» պիես՝ Լոպե դե Վեգայի, «Նումանսիա»֊ն հենց իր՝ Սերվանտեսի ողբերգությունն է, «Սիրահարված վաճառականը» Ագիլարի դրաման (մահացել է 1623 թվին), «Բարեհաճ թշնամին»՝ Տարրեգիի (մահացել է 1602 թվին)։ Անհատական վշտով լցված այս ամբողջ պասսաժը հին (դասական) թատերագրական համակարգի ջատագովությունն է, համակարգ, որին հարել է ինքը Սերվանտեսը և որն ասպարեզից հեռացել է Լոպե դե Վեագյի շատ ավելի հանրամատչելի դարձած դրամատուրգիան։ Ընդսմին՝ հետաքրքրական է, թե Սերվանտեսը հենց Լոպե դե Վեգայի մի դրաման ինչպիսի անաչառությամբ ու խոհեմությամբ է մտցնում իր տեսակետով «օրինակելի» համարվող պիեսների շարքը։
Այստեղ և շարունակության մեջ անհրաժեշգ է նկատի ունեալ, որ «կոմեդիա» բառը Իսպանիայում ցույց էր տալիս դրամատիկական ստեղծագործության բոլոր տեսակները (սյինքն և՛ դրաման, և՛ տագեդիան)։</ref> «Այո, ― պատասխանեցի ես, ― խոսքս նրանց մասին է։ Նկատի առեք, որ արվեստի բոլոր կանոնները նրանց մեջ խստիվ պահպանված են և չնայած դրան, նրանք երևան եկան այնպես, ինչպես կային և դուր եկան բոլոր հանդիսականներին։ Հետևաբար, մեղավորը հասարակությունը չէ, որ իբր թե անհեթեթ հանդեսներ է պահանջում, այլ նրանք, ովքեր այլ բան ցույց տալ նրան չեն կարողանում։ Դուք անհեթություններ չեք գտնի «Պատժված անշնորհակալության» մեջ, «Նումանսիայի» մեջ, «Սիրահարված վաճառականի» մեջ, «Բարեհաճ թշնամուհու» մեջ և մի քանի այլ պիեսներում, որ գրել են լուսամիտ պոետները, որ նրանց հռչակ են բերել, իսկ դերասաններին մեծ եկամուտ»։ Ես ուրիշ շատ փաստարկումներ ավելացրի սրան, որ նրան հանեմ մոլորությունից, սակայն տեսա, որ նա շփոթվել է, բայց չի համոզվել։
― Ձերդ ողորմածությունը, տեր եկեղեցական, ― ասաց քահանան, ― շոշափում է մի խնդիր, որ իմ մեջ վերստին առաջ է բերում հին թշնամանքը դեպի հիմիկվա կոմեդիաները, որ ավելի նվազ չէ, քան դեպի ասպետական գրքերը տածածս զգացմունքը։ Տուլիոսի ասելով՝<ref>Տուլիոսի ― այսինքն՝ Մարկոս Տուլիոս Ցիցերոնին։</ref> պիեսը պետք է մարդկային կյանքի հայելին լինի, բարքերի օրինակ և ճշմարտության պատկեր, իսկ այժմ բեմադրվող կոմեդիաները անհեթեթության հայելի են, հիմարության օրինակ և վավաշոտության պատկեր։ Եվ, իրավ, կարո՞ղ է ավելի մեծ անհեթեթություն լինել, քան այն, երբ առաջին արարի առաջին տեսարանում մեզ խանձարուրների մեջ փաթաթված երեխա են ցույց տալիս, իսկ երկրորդում դուրս են բերում արդեն հասակ առած, միրուքավոր տղամարդ։ Անհեթեթություն չէ՞ արդյոք ծերունուն արի դուրս բերելը, երիտասարդին՝ երկչոտ, սպասավորին՝ հռետոր, մանկլավիկին՝ խորհրդատու, թագավորին՝ մշակ, իսկ արքայադստերը՝ աղախին։ Ի՞նչ կասեք ժամանակի մասին, որի ընթացքում կարող են կատարվել գործողությունները։<ref>Նկատի է առնվում «ժամանակի միության» կլասիկ կանոնը, որի համաձայն պիեսում նկարագրվող դեպքերը պետք է կատարվեն ոչ ավելի, քան մի օրվա ընթացքում։</ref> Ես տեսել եմ մի պիես, որ առաջին արարը կատարվում է Եվրոպայում, երկրորդը՝ Ասիայում, իսկ երրորդը՝ Աֆրիկայում։ Իսկ եթե պիեսը չորս արար ունենար, ապա չորրորդը ապահովաբար կկատարվեր Ամերիկայում և այդպիսով գործողությունը կծավալվեր աշխարհիս չորս մասերում։<ref>Ավստրալիան այն ժամանակներում դեռևս չէր հայտնագործվել։</ref> Եթե ընդունելու լինենք, որ թատերական գրվածքի հիմքը նմանողությունն է, ապա ի՞նչ բավարարություն կարող է ստանալ անգամ միջակ հանդիսատեսը, տեսնելով, որ պիեսի գործողությունը կատարվում է Պիպին և Մեծն Կառլոս թագավորների օրոք, իսկ գլխավոր հերոսը Հերակլիտ կայսրն է, որին հեղինակը խաչակիր է դարձնում և ստիպում մտնել Երուսաղեմ ու նվաճել Քրիստոսի գերեզմանը։ Գոտֆրիդ Բուլոնացու պես, մինչդեռ այդ անձնավորությունները բաժանված են իրարից ժամանակի ահագին տարածությամբ։ Իսկ եթե թատերական երկը հերյուրանքի վրա է հիմնված, ապա անմտություն չէ՞ միթե նրանց մեջ պատմական փաստեր մտցնելը և մի կույտի մեջ գցել զանազան ժամանակ և տարբեր մարդկանց պատահած դեպքերը, այն էլ արհամարհելով ճշմարտանմանությունը և ակնբախ, ոչ մի բանով չարդարացվող սխալներով։ Ամենից վատն այս է, որ դեռևս գտնվում են տխմարներ, որոնք պնդում են, թե կատարելությունն էլ հենց այդ է, իսկ մնացածը պարապ որոնում է։ Անցնենք հոգևոր ներկայացումներին։ Ինչքա՜ն անհնար հրաշքներ, պարականոն և թյուր ըմբռնած անցքեր կան նրանց մեջ, ի՜նչ հաճախ մեկ սուրբի կատարած հրաշքները վերագրվում են մյուսին։ Ասենք՝ աշխարհիկ պիեսներում էլ հեղինակները խիզախում են առանց որևէ հիմքի և հարգելի պատճառի հրաշքներ դուրս բերել միմիայն այն պատճառով, որ այդ հրաշքները, կամ ինչպես իրենք են անվանում՝ տեսիլները նրանց աչքում հարմարավոր են երևում, ընդունակ ապշեցնել տգետ ամբոխին և ներգրավել նրան թատրոն։ Այդ ամենը կատարվում է ի վնաս ճշմարտության, հակառակ պատմության և խայտառակում է իսպանական գրողներին, որովհետև օտարերկրացիք, որ խստիվ պահպանում են թատերագրության կանոնները, մեզ բարբարոս ու տգետ են համարում՝ տեսնելով մեր հեղինակությունների անհեթեթություններն ու ցնդաբանությունները։ Մենք վատ կարդարանային, եթե ասելու լինեինք, թե հիմնական նպատակը, որ հետապնդում են բարեկարգ պետությունները, թույլատրելով հրապարակային ներկայացումներ, հասարակությանը վայելուչ զվարճություն պատճառելն է և պարապությունից առաջացող վատ հակումներից հեռացնելը և, քանի որ թե՛ լավ, թե՛ վատ պիեսները համահավասար հասնում են այդ նպատակին, ուստի կարիք չկա նրանց վզին օրենքներ փաթաթել և հեղինակներին հարկադրել գրել, իսկ դերասաններին՝ ներկայացնել համաձայն կանոնների, որովհետև, ինչպես արդեն ասացի, ամեն մի թատերագրություն հասնում է իր նպատակին։ Ի պատասխան այդ ամենի՝ ես կասեի հետևյալը․ մենք այդ նպատակին անհամեմատ ավելի հաջող կհասնեինք՝ հորինելով ո՛չ թե վատ, այլ լավ պիեսներ, որովհետև ճարտար ու կանոնավոր կառուցած պիեսների ներկայացումից հետո հանդիսատեսը դուրս է գալիս թատրոնից զվարճացած՝ կատակներից, խրատված՝ բարոյականից, հիացած՝ անցքերից, ավելի իմաստուն՝ դատողություններից, ավելի զգույշ՝ խարդախությունից, ավելի գիտակ՝ օրինակներից, վրդավված՝ արատներից և սիրահարված՝ առաքինությանը, ― որովհետև լավ թատերգությունը պետք է ներշնչի բոլոր այս զգացմունքները անգամ ամենակոպիտ ու բութ հոգուն։ Եվ միանգամայն անհնրաին է, որ բոլոր այս արժանիքներն իր մեջ պարփակող մի պիես չզարճացնի, չբավարարի և չուսուցանի ավելի, քան բոլոր այս հատկություններից զուրկ մի ներկայացում, ― իսկ արդի թատերագրությունների մեծ մասը հենց այդ տեսակ է։ Մեղավորը նման պիեսներ հորինող հեղինակները չեն, ― նրանցից շատերը շատ լավ ըմբռնում են իրենց մոլորությունը և շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք գրել։ Ցավն այն է, որ մեր օրերում, թատերագրությունները պարզապես ապրանք են դառել և հեղինակներն ասում են (և արդարացի են ասում), եթե ըստ ընդունված ձևի գրած չլինեն՝ դերասանները չեն գնի։ Ուստի նրանք աշխատում են հարմարվել դերասանների պահանջներին, որոնք վճարում են նրանց հեղինակությունների համար։ Այս ճշմարտությունը կարելի է հաստատել մեր պետության մեծագույն հեղինակների գրած բազում, ավելի ճիշտ՝ բազմաթիվ թատերագրություններով։ Ինչքա՜ն փայլ, նրբություն, երևելի ոտանավորներ, իմաստուն դատողություններ և խորիմաստ ասություններ կան նրանց մեջ։ Մի խոսքով՝ նրանց լեզուն ու ոճն այնքան վեհ են, որ այդ թատերագրությունները հռչակվել են բովանդակ աշխարհում, և, այնուհանդերձ, նրանցից քչերն են լոկ և ոչ թե բոլորը կատարելության գագաթին հասնում, նրա համար, որ նրանց հեղինակը հակամետ է հարմարվելու դերասանների ճաշակին։<ref>Ակնարկվում է Լոպե դե Վեգան։</ref> Կան հեղինակներ, որոնք այնքան անփույթ են պիեսներ գրում, որ ներկայացումից հետո դերասանները, հալածանքից երկյուղ կրելով, հարկադրված են լինում փախչել, որովհետև քանիցս նրանք թագավորի կամ որևէ ազնվական տոհմի արժանապատվության համար վիրավորական պիեսներ ներկայացնելուց հետո ենթարկվել են հալածանքի։ Չարաշահությունները, որոնց մասին ասացի և շատ ուրիշները, որոնց մասին լռություն են պահպանում, կընդատվեին, եթե մայրաքաղաքում գտնվեր որևէ լուսամիտ և խելացի անձնավորություն, որը, մինչև հրապարակային ներկայացումը, աչքի անցկացներ բոլոր թատերագրությունները, այն էլ այնպես, որ քննության ենթարկվեին ոչ թե մայրաքաղաքում բեմադրվելիք, այլ ընդհանրապես բովանադակ Իսպանիայում ներկայացվելիք պիեսները, որպեսզի առանց այդ անձնավորության հավանության, կնիքի և ստորագրության տեղական իշխանությունները ոչ մի վայրում որևէ ներկայացում թույլ չտային։ Եթե գործն այսպես դրված լիներ, դերասանները, պարտավոր կլինեին ուղարկել մայրաքաղաք պիեսները և ապա աներկյուղ ներկայացնել, իսկ հեղինակները ավելի խնամքով կվերաբերվեին իրենց գործին՝ երկյուղ կրելով գիտակ անձնավորության խիստ դատաստանից։ Այսպիսով մեզանում երևան կգային լավ թատերական գրվածքներ, որ լիովին կծառայեին իրենց նպատակին՝ զվարճացնել ժողովրդին և պահպանել իսպանական գրողների հռչակը։ Միաժամանակ դերասանների եկամուտն ապահովված կլիներ, նրանք վտանգի չէին ենթարկվի, և իշխանոթյունը հարկ չէր ունենա որևէ մեկին հալածելու։ Եվ եթե այդ իսկ անձնավորության կամ որևէ ուրիշին հանձնված լինի մեր օրերում լույս տեսնող ասպետական գրքերի քննությունը, անտարակույս, երևան կգային վեպեր, որ կհասնեին ձերդ ողորմածության ակնարկած կատարելության։ Նրանք կհարստացնեին մեր լեզուն ճարտասանության թանկագին ու հաճելի գանձերով, իրենց փայլով կնսեմացնեին հին վեպերը և ազնիվ հանգիստ կբերեին ոչ միայն պարապ մտքերի համար, այլև ամենազբաղվածներին, որովհետև նետի լարը չի կարող շարունակ լարված մնալ, մարդկային բնությունն էլ ի՛ր թուլության պատճառով ունի կարիք վայելուչ զվարճության։
Այստեղ եկեղեցականի և քահանայի խոսակցությունն ընդհատվեց դալլաքի երևան գալու պատճառով, որ հասնելով նրանց, ասաց․
― Սինյոր լիցենցիատ, ահա՛ այն տեղը, որի մասին ես ասում էի։ Լավ կլինի, որ մենք այստեղ հանգիստ առնենք, իսկ մեր եզները առատ ու թարմ արոտ կգտնեն այստեղ։
― Ես միանգամայն համաձայն եմ, ― պատասխանեց քահանան։
Նա տեղեկացրեց եկեղեցականին, որը հայտարարեց, թե ինքն էլ հաճույքով կհանգստանա նրանց հետ, որովհետև այստեղից բացվող հովիտը շատ գեղեցիկ է տարածվել։ Եվ ահա, այդ հովիտը վայելելու և քահանայի հետ, դեպի որը նրա համակրանք էր զգում, զրուցելու, այլև դոն Կիխոտի սխրագործություններին ամեն մանրամասնություններով տեղեկանալու համար նա հրամայեց իր ծառաներից մի քանիսին գնալ պանդոկ, որ մոտիկ էր գտնվում և այնտեղից ամբողջ հասարակության համար ուտելու բան բերել, որովհետև վճռել էր այս հովտում հանգիստ առնել։ Ծառաներից մեկը պատասխանեց եկեղեցականին, թե պաշարի ետևից գնացած ջորին շուտով պիտի գա, և նրա բերածը բոլորին հերիք կտա և պանդոկում կարիք կլինի միմիայն անասունների համար վարսալ գնել։
― Որ այդպես է, ― ասաց եկեղեցականը, ― տարեք այնտեղ մեր բոլոր գրաստները և շուտով ետ բերեք ջորին։
Այս ամենը տեղի ունենալու միջոցին Սանչոն, օգտվելով իր տիրոջ հետ առանձին խոսելու հնարավորությունից, առանց քահանայի և դալլաքի մշտական ներկայության, որոնք կասկածանքով էին վերաբերվում նրան, մոտեցավ վանդակին, որի մեջ նստած էր դոն Կիխոտը և ասաց․
― Տեր, խիղճս հանգստացնելու համար ես պետք է ասեմ, թե ձեր կախարդված լինելու շուրջը ինչեր են կատարվում։ Այս երկու դիմակ կրողները, տեսնո՞ւմ եք, մեր գյուղի քահանան ու դալլաքն են և ես համոզված եմ, որ նրանք ձեզ այսպես բանտարկված են պահում խանդից, որ դուք գերազանցում եք նրանց ձեր նշանավոր սխրագործություններով։ Իսկ եթե այդպես է, ապա դուրս է գալիս, որ դուք ոչ թե կախարդված եք, այլ ձեզ խաբել են ու ձեռ են առել։ Իբրև ապացույց, թույլ տվեք ձեզ մի հարց տալ և եթե դուք ինձ պատասխանեք իմ սպասածին պես, ապա դուք ակնհայտնի կեպով կհամոզվեք, որ խաբված եք և կհամաձայնեք, որ դուք այլևս կախարդված չեք, այլ խելագարված։
― Հարցրո՛ւ, ինչ որ կամենաս, Սանչո զավակս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես կբավարարեմ քեզ և կպատասխանեմ բոլոր քո հարցերին։ Գալով քո ասածին, թե մեզ հետ եկող այն երկու հոգին իբր թե մեր համագյուղացիներն են ու հին ծանոթներն են՝ քահանան ու դալլաքը, հնարավոր է, որ քեզ այդպես է թվում։ Սակայն դու ոչ մի դեպքում չպիտի կարծես, որ դա, իրոք, այդպես էլ կա։ Ընդհակառակը՝ դու պետք է հավատաս ու հասկանաս, որ եթե նրանք քեզ այդպես են ներկայանում, ապա դա նրանից է, որ ինձ կախարդող կախարդները նրանց պատկերն ու կերպարանքն են ընդունել, որովհետև կախարդները շատ հեշտ ինչ կերպարանք ասես կարող են ընդունել։ Նրանք մեր բարեկամների կերպարանքը հենց նրա համար են ընդունել, որպեսզի քեզ դրդեն կարծելու այն, ինչ որ դու կարծում ես և տանեն քեզ մոլորությունների լաբիրինթոսը, որից քեզ չի հաջողվի դուրս գալ, եթե անգամ դու՝ Թերսևսի թելն ունենալու լինեիր, համ էլ նրա համար, որպեսզի մտքերս շփոթվեն, և ես չկարողանամ գլխի ընկնել, թե այս դժբախտությունը որտեղից հասավ ինձ։ Եթե մեկ կողմից դու ասում ես, թե ինձ ուղեկցում են մեր գյուղացի քահանան ու դալլաքը, իսկ մյուս կողմից ես տեսնում եմ, որ ինձ վանդակի մեջ են գցել և գիտեմ, որ ինձ կարող էին այդպես գերել լոկ գերբնական ուժերը և ոչ թե մարդկային, ապա դու ի՞նչ կկամենայիր, որ ես հետևցրած լինեմ դրանից, եթե ոչ այն, որ ինձ կախարդելու եղանակը գերազանցում է այն ամենը, ինչ որ ինձ պատահել է կարդալ վեպերում կախարդված թափառական ասպետների մասին։ Ուստի դու կարող ես հանդարտվել և սյլևս դրա մասին չմտածել՝ նրանք նույնպիսի քահանա ու դալլաք են, ինչպիսի տաճիկ եմ ե՛ս։ Իսկ հիմա հարցրու ինձնից, ինչ որ կամենաս և ես կպատասխանեմ քեզ, անգամ եթե դու մինչև վաղը ինձ հարցեր տալու լինիր։
Սուրբ կույս Աստվածածին, դու ինձ օգնական, ― բարձրաձայն բացականչեց Սանչոն։ ― Հնարավո՞ր է, որ ձերդ ողորմածությունը այնքան հաստագլուխ ու խելքից պակաս լինի, որ չտեսնի, թե ես զուտ ճշմարտություն եմ ասում և որ ձեր գերությունն ու դժբախտությունը հետևանք է նենգության և ոչ թե կախարդանքի։ Շատ բարի, ես ակնբախ կերպով կապացուցեմ, որ դուք կախարդված չեք։ Աբա, ասացեք՝ թող Աստված օգնի ձեզ ազատվել այս աղետից և հանկարծակի տիրուհի Դուլսինեայի գիրկն ընկնել․․․
― Վերջ տուր կապքի խոսքեր ասելուդ, ― ասաց դոն Կիխոտը, ― և հարցրու վերջապես, ինչ որ ուզում էիր, ես քեզ ասացի, որ ամենայն ճշմարտասիրությամբ կպատասխանեմ։
― Հենց այդ էլ ինձ պետք էր, ― պատասխանեց Սանչոն, ― և ցանկալի է, որ դուք ամենայն անկեղծությամբ, առանց մի բան ավելացնելու և պակասեցնելու, ինչպես վայել ու պարտադիր է ամենքին, ովքեր ձերդ ողորմածության նման նվիրվել են ռազմական գործին և թափառական ասպետի կոչումն են կրում։
― Ասում եմ քեզ՝ ոչ մի սուտ խոսք չեմ ասի, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Դե հարցրու վերջապես։ Դու իմ զահլան տարար, Սանչո, քո առաջաբաններով, ծածկամտությամբ ու առակախոսությամբ։
― Իսկ ես կասեմ, որ վստահ եմ տիրոջ ազնվության ու ճշմարտասիրության մեջ, ուստի, քանի որ տեղը եկավ, ես կհարցնեմ՝ ձերդ ողորմածության վանդակի մեջ ընկնելուց հետո, կամ, ինչպես ինքներդ եք կարծում, այդ վանդակում կախարդվելուց հետո ձեր մեջ ցանկություն կամ պահանջ չի ծագել, ինչպես ասում են, դուրս գնալ փոքր կամ մեծ կարիքով։
― Չեմ հասկանում, Սանչո, ինչ կարիքի մասին է խոսքդ։ Եթե ուզում ես, որ շիտակ պատասխան տամ, պարզիր, թե ինչ է ուզածդ։
― Մի՞թե ձերդ ողորմածությունը չի հասկանում մեծ կամ փոքր կարիքով դուրս գնալը։ Դպրոցում, ծծկեր մանուկներին անգամ սովորեցնում են դրան։ Ասելս այն է, թե ցանկություն չե՞ք ունեցել անել այն, ինչ որ անխուսափելի է։
― Այո՛, այո՛, հասկացա քեզ, Սանչո։ Շա՜տ։ Հիմա էլ հենց ուզում եմ։ Ազատի՛ր ինձ․ խնդրեմ, թե չէ տեղս արդեն աղտոտել է։