|վերնագիր = Տիրակալը
|հեղինակ = [[Նիկոլո Մաքիավելի]]
|թարգմանիչ = Ալբերտ Բարսեղյան(ռուսերենից)
|աղբյուր =
}}
Սովորաբար, նման դեպքերում տիրակալի դիրքը վտանգվում է քաղաքացիական կարգերից անսահմանափակ իշխանության անցնելու ժամանակ, քանի որ տիրակալները ղեկավարում են մագիստրատի միջոցով կամ միահեծան կերպով։ Առաջին դեպքում տիրակալի վիճակը երերուն է ու խոցելի, քանի որ նա լիովին կախված է մագիստրատի անդամների կամքից։ Նրանք ի զորու են ցանկացած և, առավել ևս, ճակատագրական պահի նրան զրկել իշխանությունից, այսինքն կարող են ելնել նրա դեմ կամ չկատարել նրա կարգադրությունները։ Եվ այստեղ, վտանգի դեմ-հանդիման, տիրակալն արդեն չի կարող իր համար բացարձակ իշխանություն ապահովել, որովհետև քաղաքացիներն ու հպատակները սովոր լինելով կատարել մագիստրատի կարգադրությունները, արտասովոր իրավիճակում չեն ենթարկվի տիրակալի հրամաններին։ Այդ պատճառով էլ նման պարագայում տիրակալը միշտ կզգա հուսալի մարդկանց պահանջ, քանզի չի կարելի հավատ ընձայել խաղաղ ժամանակ տեսածիդ, երբ քաղաքացիները զգում են պետության կարիքը և յուրաքանչյուրը շտապում է հավաստիացումներ անել քանի դեռ մահվան շունչը չի զգացել, պատրաստակամություն է հայտնում իր կյանքը զոհել հանուն տիրակալի, բայց, երբ պետությունը վտանգի պահին զգում է իր քաղաքացիների կարիքը, նրանցից քչերն են հրապարակ գալիս։ Եվ նման պահը վտանգավոր է նրանով, որ պատահում է միայն մեկ անգամ։ Ուստի, իմաստուն տիրակալը պետք է միջոցներ ձեռք առնի, որպեսզի քաղաքացիները միշտ և ցանկացած պարագայում զգան տիրակալի ու պետության կարիքը։ Միայն այդ դեպքում նա կարող է հույս դնել նրանց հավատարմության վրա։
== Գլուխ X։ Ուրիշ ինչպես պետք է չափել պետության ուժը ==
Ուսումնասիրելով պետությունների առանձնահատկությունները, պետք է նկատի առնել հարցի մի կողմը ևս։ Անհրաժեշտության դեպքում տիրակալն ի վիճակի՞ է սեփական ուժերով պաշտպանել իրեն, թե նա ունի կողմնակի օգնության կարիք։ Բացատրեմ, որ պաշտպանունակ եմ համարում այն տիրակալներին, ովքեր բավական թվով մարդիկ կամ անհրաժեշտ քանակությամբ փող ունենալով, կարող են պահանջված քանակի զորք ժողովել և մարտի ելնել ցանկացած թշնամու դեմ։ Օգնության կարոտ եմ համարում նրանց, ովքեր թշնամու դեմ մարտադաշտ ելնել չեն կարող և ստիպված են պաշտպանվել քաղաքի պարիսպների ներսում։ Թե ինչ պետք է անել առաջին դեպքում, այդ մասին կխոսենք ավելի ուշ, թեև ինչ֊որ բան վերևում արդեն ասվել է։ Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա ոչինչ չեմ կարող ասել բացի նրանից, որ տիրակալը պետք է ամրացնի ու անհրաժեշտ բոլոր պարագաներով պատսպարի քաղաքր՝ չհոգալով շրջակայքի մասին։ Եթե տիրակալը հուսալիորեն ամրացնի քաղաքն ու հպատակների հետ այնպես վարվի, ինչպես նշվել է վերևում և կավելացվի ստորև, ապա հարևանները կզգուշանան նրա վրա հարձակվել։ Որովհետև, մարդիկ առհասարակ չկամորեն են մասնակցում գժվար ձեռնարկումներին և ինչու պիտի նրանց հեշտ թվա հարձակումն այն տիրակալի վրա, որի քաղաքը հուսալիորեն ամրացված է, իսկ ժողովուրդը չարացած չէ։
Գերմանիայի քաղաքները ամենաազատներից են, ունեն ոչ մեծ շրջակայք, ենթարկվում են կայսերը, երբ իրենք են կամենում, ու չեն վախենում ոչ նրանից, ոչ էլ ուժեղ հարևաններից, որովհետև բավականաչափ ամրապինդ են։ Ուստի բոլորը կհասկանան, որ դրանց գրավումը դժվար ու հոգնեցուցիչ գործ է։ Քաղաքները շրջապատված են ամուր պարիսպներով ու խրամատներով, ունեն պահանջվածի չափ հրետանի, իսկ հանրային պահեստներում պահում են մթերքի, խմիչքի ու վառելիքի տարեկան պաշար։ Ընդսմին, հասարակ ժողովրդին կերակրելու համար և գանձարանը չհյուծելու նպատակով նրանք մեկ տարվա աշխատանք են ապահովում այն բնագավառներում, որոնցով ապրում է քաղաքը։ Եվ, անշուշտ, աչքաթող չանելով այն արհեստները, որոնք կերակրում են հասարակ ժողովրդին։ Ռազմական արվեստը նրանց մոտ հարգի է և խրախուսվում է զանազան միջոցներով։
Այսպիսով, այն տիրակալի վրա, ում քաղաքը հուսալիորեն ամրացված է, իսկ ժողովուրդը չարացած չէ, ոչ ոք չի հարձակվի։ Բայց, եթե դա պատահի էլ, թշնամին խայտառակ կերպով կնահանջի, որովհետև փոփոխվող աշխարհում իրադարձություններն այնպիսի արագությամբ են հաջորդում մեկը մյուսին, որ հազիվ թե որևէ մեկն ի վիճակի լինի քաղաքը պաշարելով մի ամբողք տարի զորքին անգործության մատնել։ Ինձ կարող են առարկել. մարդիկ տեսնելով քաղաքի շրջակայքում հրի մատնված իրենց դաշտերն ու կացարանները, չեն դիմանա երկարատև պաշարմանը, քանզի սեփական հոգսերը մոռանալ կտան տիրակալի նկատմամբ ունեցած հավատարմությունը։ Պատասխանեմ, ուժեղ և համարձակ տիրակալը կհաղթահարի բոլոր դժվարությունները մերթ հպատակներին հուսադրելով, որ շուտով աղետները վերջ կունենան, հիշեցնելով, որ թշնամին անողորմ է, մերթ հնազանդեցնելով չափից ավելի ըմբոստներին։ Բացի այդ, թշնամին սովորաբար դաշտերն այրում ու ամայացնում է քաղաքին մոտենալիս, երբ մարդիկ դեռևս լի են ցասումով ու չհանձնվելու վճռականությամբ։ Բայց, երբ մի քանի օրից նրանց ավյունը սառի, ապա վնասն արդեն հասցված է լինելու և կարիքը պատճառված։ Եվ այդժամ մարդիկ ուրիշ անելիք չեն ունենա բացի իրենց տիրակալին զորավիգ լինելուց։ Հենց իրենք էլ նրանից երախտագիտության կակնկալեն այն բանի համար, որ նրան պաշտպանելով, թույլ տվեցին հրկիզել իրենց տներն ու կողոպտել ունեցվածքը։ Իսկ մարդիկ բնույթով այնպիսին են, որ նույնպիսի կապվածություն են դրսևորում նրանց հանդեպ, ում համար բարիք են գործել, որքան և նրանց, ովքեր նրանց համար են բարիք գործել։ Այսպիսով, բոլոր հանգամանքները քննության ենթարկելուց հետո կասեմ, որ խելացի տիրակալը կարող է ամբողջ պաշարման ընթացքում առանց դժվարության աննկուն պահել քաղաքացիների ոգին, եթե ունի բավականաչափ միջոցներ կերակրելու և պաշտպանելու քաղաքը։
== Գլուխ XI։ Եկեղեցական պետությունների մասին ==
Մեզ մնում է քննության առնել եկեղեցական պետությունները, որոնց մասին կարելի է ասել, որ դրանց տիրանալը դժվար գործ է, քանզի պահանջվում է քաջություն կամ ճակատագրի բարեհաճություն, իսկ պահպանելը հեշտ է, քանի որ չի պահանջվում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Այդ պետությունները հենվում են կրոնով սրբագործված հիմքերի վրա, որոնք այնքան հզոր են, որ դրանք են տիրակալներին պահում իշխանության ղեկի մոտ, անկախ այն բանից, թե վերջիններս ինչպես են իրենց դրսևորում։ Միայն այդ պետություններում տիրակալներն ունեն իշխանություն, որը չեն պաշտպանում, հպատակներ, որոնց չեն կառավարում, և, այդուհանդերձ, նրանց իշխանությունը ոչ ոք չի փորձում խլել։ Նրանց հպատակներն էլ չեն դժգոհում իրենց վիճակից ու չեն կամենում, ասենք չեն էլ կարող նրանցից հեռանալ։ Այնպես որ, միայն այդ տիրակալներն են մշտապես բարեկեցիկ ու անվրդով կյանք վայելում։
Բայց, քանի որ այդ պետությունները ղեկավարվում են վերուստ սահմանված օրենքներով, որոնք անհասանելի են մարդկային բանականությանը, ապա դրանց մասին ես չեմ խոսի, քանզի լոկ ինքնահավան ու հանդուգն մարդը կարող է հանձն առնել քննել աստվածախնամ գործերը։ Այնուամենայնիվ, ինձ կարող են հարցնել, թե ինչպես է եկեղեցին հասել այնպիսի հզորության, որ նրանից վախենում է անգամ Ֆրանսիայի թագավորը։ Եկեղեցուն ինչպես հաջողվեց Իտալիայից վտարել արքային ու ջախջախել վենետիկցիներին, որ նախկինում նրա աշխարհիկ իշխանության հետ հաշվի չէին նստում նույնիսկ մանր իշխաններն ու բարոնները, էլ չենք խոսում Իտալիայի խոշոր պետությունների մասին։ Եթե ինձ այդ մասին հարցնեն, ապա թեև այդ իրադարձությունները քաջ հայտնի են, ես ավելորդ չեմ համարի հիշեցնել, թե ինչպես է պատահել։
Քանի դեռ Կարլը՝ Ֆրանսիայի թագավորը, Իտալիա չէր ներխուժել, երկիրը գտնվում էր պապի, վենետիկցիների, Նեապոլի թագավորի, Միլանի դքսի և ֆլորենցիացիների տիրապետության ներքո։ Այդ իշխողները երկու հիմնական հոգս ունեին․ առաջինը՝ թույլ չտալ, որ Իտալիա ներխուժեն օտարերկրացիները և երկրորդը՝ որ մեկը մյուսին թույլ չտա խախտելու նախկին սահմանները։ Բոլորից ավելի անվստահելի էին վենետիկցիներն ու պապը։ Վենետիկցիների դեմ մյուսները դաշինք կազմեցին, ինչպես եղել էր Ֆեռարայի պաշտպանության ժամանակ, իսկ պապի դեմ օգտագործեցին հռոմեացի բարոններին։ Կոլոննայի և Օրսինիի գլխավորությամբ գործող երկու զորախմբերի բաժանված բարոններն անընդհատ կռիվներ էին հրահրում և, եկեղեցու առաջնորդի քթի տակ նիզակ ճոճելով, սասանում պապականության հզորությունն ու կայունությունը.։Թեև արիակում պապեր էլ էին պատահում ինչպես, օրինակ, Սիքստոսը, այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկին ամբողջ փորձվածությամբ ու բարենպաստ հանգամանքների առկայությամբ հանդերձ չէր հաջողվում գլուխն ազատել այդ պատուհասից։ Դրա մեղավորը նրանց կառավարման կարճատևությունն էր, քանի որ այն տասը տարիների ընթացքում, որքան միջին հաշվով տևում էր ընտրությունից մինչև մահ պապի կառավարումը, նրան հազիվհազ հաջողվում էր ջախջախել թշնամական զորախմբերից միայն մեկին։ Եվ, եթե պապը, ասենք, հասցնում էր համարյա ջախջախել Կոլոննայի կողմնակիցներին, ապա նրա հաջորդը, անձնական թշնամանք տածելով Օրսինիի հանդեպ, թույլ էր տալիս, որ Կոլոննայի զորախումբը վերակազմավորվի և արդեն ժամանակ չէր մնում ջախջախելու Օրսինիին։ Հենց այդ պատճառով էլ Իտալիայում պապի աշխարհիկ իշխանությունը հեղինակություն չուներ։
Բայց, երբ պապական գահին բազմեց Ալեքսանդր VI-ը, նա իր բոլոր նախորդներից շատ ավելի լավ ապացուցեց, թե փողով և ուժով գործելու դեպքում ինչի կարող է հասնել եկեղեցու առաջնորդը։ Օգտվելով ֆրանսիացիների ներխուժումից, նա դուքս Վալենտինոյի միջոցով կատարեց այն ամենն, ինչի մասին պատմել եմ վերևում, այնտեղ, ուր խոսք է գնացել դքսի մասին։ Ճիշտ է, նրա ջանքերն ուղղված էին ոչ թե եկեղեցու, այլ դքսի մեծարմանը, սակայն դրանց շնորհիվ աճեց եկեղեցու հեղինակությունը, որը Ալեքսանդրի մահից և դքսի մեկուսացումից հետո ճաշակեց պապի ջանքերի պտուղները։ Հուլիոս պապը գահ բարձրացավ արդեն հզոր եկեղեցու օրոք, որը տիրում էր Ռոմանիային, հնազանդեցրել էր հռոմեական բարոններին, որոնց ջոկատները ցաքուցրիվ էին եղել Ալեքսանդրի հարվածներից։ Բացի այդ․ բացել էր գանձարանը համալրելու մի նոր աղբյուր, որից, մինչև Ալեքսանդրը, ոչ ոք չէր օգտվել։
Հուլիոսը ոչ միայն շարունակեց այս ամենը, այև գործին մեծ թափ հաղորդեց։ Նա որոշեց միացնել Բոլոնիան, ջախջախել Վենետիկը ու դուրս վռնդել ֆրանսիացիներին և այդ մտահղացումն իրականացրեց ոչ թե իր կամ ուրիշների փառքն ավելացնելու, այլ ի փառս և ի մեծություն եկեղեցու։ Բացի այդ, նա չթողեց, որ Օրսինիի և Կոլոննայի զորախմբերն աճեն։ Թեև այդ պարագլուխներից մեկնումեկը միշտ էլ պատրաստ էր խռովություն սերմանել, նրանց զսպում էր նախ եկեղեցու հզորությունը և ապա իրենց շարքերում կարդինալների բացակայությունը, որոնք միշտ էլ հրահրել են գժտություններ։ Երբեք այդ զորախմբերի միջև հաշտություն չի լինի, եթե նրանց շարքերում կարդինալներ լինեն։ Հռոմում և այլուր զորախմբերի միջև թշնամություն բորբոքելով, կարդինալները խռովության մեջ են ներքաշում բարոններին և, այսպիսով, բարձրաստիճան հոգևոր այրերի իշխանատենչության պատճառով բարոնների միջև անպակաս են գժտություններն ու թշնամանքը։
Նորին սրբազանություն Լևոն պապը ստացել է հզոր եկեղեցի, և, եթե նրա նախորդները պապականությունը հզորացրել են զենքի ուժով, ապա եկեղեցու ներկայիս ղեկավարը հույս է ներշնչում, որ այն է՛լ ավելի կփառաբանի ու կպանծացնի իր բարությամբ, արիակամությամբ և բազում այլ շնորհներով։
== Գլուխ XII։ Զորքերի տեսակների և վարձկան զինվորների մասին ==
Վերևում հանգամանորեն քննարկեցինք այն պետությունների տարատեսակները, որոնք հիշատակել էի սկզբում։ Մասնակիորեն քննության առանք տիրակալների հզորացման և անկման պատճառները, պարզեցինք, թե ինչ միջոցներով են գործել նրանք, ովքեր ցանկացել են նվաճել ու պահպանել իշխանությունը։ Հիմա տեսնենք, թե հարձակման ու պաշտպանության ինչ միջոցներ ունի վերոթվարկյալ պետություններից յուրաքանչյուրը։ Ավելի վաղ արդեն ասվել է, որ տիրակալի իշխանությունը պետք է խարսխվի ամուր հիմքի վրա, այլապես կտապալվի։ Իսկ բոլոր պետություններում, ինչպես ժառանգաբար ստացած, այնպես էլ խառը և նոր, իշխանության համար հիմք են ծառայում լավ օրենքներն ու լավ զորքը։ Բայց լավ օրենքներ չեն լինում այնտեղ, որտեղ լավ զորք չկա, և, ընդհակառակն, որտեղ կա լավ զորք, այնտեղ լավ են նաև օրենքները, ուստի, չխոսելով օրենքների մասին, ուղղակի անցնում եմ զորքին։
Սկսեմ նրանից, որ զորքերը, որոնց միջոցով տիրակալը պաշտպանում է իր երկիրը, լինում են սեփական, դաշնակցային, վարձկան կամ խառը։ Վարձկան և դաշնակցային զորքերը անօգուտ են ու վտանգավոր։ Երբեք ամուր կամ հարատև չի լինի այն իշխանությունը, որը հենվում է վարձկան զորքի վրա, քանզի վարձկանները փառասեր են, անկարգապահ, հակված գժտությունների, ամբարիշտ են բարեկամների նկատմամբ և վախկոտ՝ թշնամու դիմաց, ուխտադրուժ են և սրբապիղծ, առաջին իսկ վճռական գրոհը նրանց պարտության է մատնում։ Իսկ խաղաղ ժամանակ նրանք քեզ կկեղեքեն ոչ պակաս չափով, քան թշնամին պատերազմի ժամանակ։ Դա բացատրվում է նրանով, որ նրանք կռվում են ոչ թե խանդավառության կամ այլ կրքի թելադրանքով, այլ չնչին ռոճիկի համար, ինչն, անշուշտ, բավական չէ, որ նրանք անձնվիրաբար ծառայեն։ Նրանք քեզ սիրով կծառայեն խաղաղ ժամանակ, բայց բավական է պատերազմ սկսվի, որ թիկունքը քեզ դարձնելով փախչեն։
Պե՞տք է արդյոք ապացուցել այն, ինչն առանց այդ էլ պարզ է։ Ուրիշ ինչո՞վ բացատրել Իտալիայի անկումը, եթե ոչ նրանով, որ շատ տարիներ ապավինում էր վարձկանների զենքին։ Ոմանց համար վարձկանները գործել են հաջողությամբ և մեկ անգամ չէ, որ խիզախություն են դրսևորել միմյանց դեմ կռվելիս, բայց, երբ ներխուժեց օտար թշնամին, տեսանք, թե իրականում նրանք ինչ արժեն։ Այնպես որ, Կարլը՝ Ֆրանսիայի թագավորը, իրոք որ Իտալիան նվաճեց առանց ճիգ գործադրելու։ Նա, ով ասել է, թե մենք մեր մեղքերի համար ենք զրկանքներ կրում, ճիշտ է ասել, միայն թե դրանք այն մեղքերը չեն, որոնք նա նկատի է ունեցել, այլ մեր թվարկածները։ Եվ, քանի որ դրանք տիրակալների մեղքերն էին, ապա նրանք էլ ստիպված եղան հատուցել դրա համար։
Ես կուզենայի հանգամանորեն բացատրել, թե ինչ վտանգներով է հղի վարձկան զորքերի ծառայություններին դիմելը։ Կոնդոտիերները տարբեր ձևով են տիրապետում իրենց արհեստին. ոմանք՝ գերազանց, մյուսները՝ միջակ։ Առաջիններին չի կարելի վստահել, որովհետև նրանք իրենք են ձգտելու իշխանության և հանուն դրա կտապալեն կամ քեզ՝ իրենց տիրոջը, կամ ուրիշին՝ քո կարծիքը հարցնելով։ Երկրորդներին չի կարելի վստահել, որովհետև նրանք տանուլ կտան ճակատամարտը։ Ինձ կասեն, թե դա կարելի է սպասել յուրաքանչյուրից, ում ձեռքին զենք կա՝ լինի վարձկան թե ոչ։ Կպատասխանեմ. զորքը գտնվում է կամ տիրակալի կամ հանրապետության տնօրինության ներքո․ առաջին դեպքում տիրակալն անձամբ պիտի զորքը գլխավորի՝ ստանձնելով զորապետի պարտականությունները, երկրորդ դեպքում հանրապետությունը պետք է զորքի հրամանատարությունը հանձնի քաղաքացիներից մեկին, և եթե նա անընդունակ դուրս գա՝ պաշտոնանկ անի կամ սահմանափակի օրենքներով, որպեսզի նա չափը չանցնի։ Մենք փորձից գիտենք, որ միայն տիրակալ-զորավորներն ու զինված հանրապետություններն են մեծագույն հաջողությունների հասել, մինչդեռ վարձկանները միայն վնաս են բերել։
Հռոմն ու Սպարտան դարեր շարունակ անփոփոխ եղել են զինված ու ազատ։ Շվեյցարացիները բոլորից ավելի լավ են զինված և բոլորից ավելի ազատ են։ Հնում Կարթագենը հրավիրեց վարձկաններ, ովքեր մազ էր մնացել Հռոմի հետ առաջին պատերազմի ավարտից հետո տեր դառնային քաղաքին, թեև կարթագենցիներն իրենց քաղաքացիներին էին զորքի գլուխ կարգել։ Էպամինոնդեսի մահից հետո թեբեացիները Փիլիպոս Մակեդոնացուն հրավիրեցին գլխավորելու իրենց զորքերը, նա հաղթական վերադարձից հետո խլեց Թեբեի ազատությունը։ Միլանցիները դուքս Ֆիլիպի մահից հետո ծառայության կանչեցին Ֆրանչեսկո Սֆորցային, ով Կարավաջոյի մերձակայքում ջախջախելով վենետիկցիներին, միացավ թշնամուն՝ ընդդեմ իր տերերի՝ միլանցիների։ Հայր Սֆորցան, ծառայելով Նեապոլի թագուհուն՝ Ջովաննային, անսպասելիորեն լքեց նրան, այնպես որ թագավորությունը փրկելու համար թագուհին փութաց պաշտպանություն խնդրելու Արագոնի թագավորից։
Ինձ կասեն, որ վենետիկցիներն ու ֆլորենցիացիները վարձկանների օգնությամբ մեկ անգամ չէ, որ հաստատել են իրենց գերիշխանությունը և, այդուհանդերձ, նրանց կոնդոտիերները տիրակալներ չեն դարձել ու ազնվորեն պաշտպանել են տերերին։ Դրան կպատասխանեմ, որ ֆլորենցիացիների բախտը պարզապես բերել է. այն քաջարի կոնդոտիերներից, որոնցից արժեր զգուշանալ, ոմանց չվիճակվեց հաղթանակ տանել, մյուսները մրցակիցներ ունեին, երրորդների իշխանատենչ հայացքներն ուղղված էին դեպի այլ տեղավայրեր։ Ինչպե՞ս կարող ենք դատել Ջովաննի Աուկուտայի հավատարմության մասին, եթե նրա անվան դիմաց չի գրված ոչ մի հաղթանակ, բայց բոլորն էլ կհամաձայնվեն, որ, եթե նա հաղթանակով վերադառնար, ֆլորենցիացիները լիովին կհայտնվեին նրա իշխանության ներքո։ Սֆորցան ու Բրաչչոն իրարից աչք չէին հեռացնում․ դրա համար էլ Ֆրանչեսկոն իր շահախնդրություններն ուղղեց Լոմբարդիա, իսկ Բրաչչոն՝ պապական տիրույթներ ու Նեապոլի թագավորություն։ Իսկ ինչպիսի՞ն էր իրադրությունը վերջերս։ Ֆլորենցիացիները ծառայության հրավիրեցին Պաոլո Վիտելիին՝ խելացի և դեռևս առօրյա կյանքում հսկայական հեղինակություն ունեցող մի մարդու։ Եթե նա վերցներ Պիզան, մի՞թե պարզ չէ, որ ֆլորենցիացիները նրանից պրծում չէին ունենա։ Որովհետև, եթե նա ծառայության անցներ հակառակորդի մոտ, նրանք ստիպված պիտի հանձնվեին, իսկ եթե մնար իրենց մոտ, ստիպված պիտի ենթարկվեին նրան։
Իսկ ինչ վերաբերում է վենետիկցիներին, ապա նրանք փայլուն և անվիճելի հաղթանակներ էին տանում լոկ այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմում էին իրենց ուժերով, այսինքն՝ մինչև, ցամաքում ռազմական գործողություններ ծավալելը։ Վենետիկի արիստոկրատիան և զինված հասարակ ժողովուրդր մեկ անգամ չէ, որ ցուցաբերել են մարտական խիզախության օրինակներ՝ կռվելով ծովում, բայց տեղափոխվելով ցամաք, նրանք ընդօրինակեցին ամբողջ Իտալիայում ընգունված զինվորական սովորույթները։ Երբ ցամաքում նրանց նվաճումները դեռ փոքր էին, իսկ նրանց տերությունն անսասան, նրանք իրենց կոնդոտիերներից երկյուղելու պատճառներ չունեին, բայց երբ նրանց տիրույթներն ընդարձակվեցին, իսկ դա տեղի ունեցավ Կարմանյոլայի օրոք, ապա նրանք գիտակցեցին իրենց սխալը։ Կարմանյոլային նրանք գիտեին որպես քաջարի զորավարի, ում գլխավորությամբ նրանք ջախջախեցին Միլանի դքսին, սակայն, տեսնելով, որ Կարմանյոլան կռվելու փոխարեն անվճռականություն է ցուցաբերում, մտածեցին, որ նա չի կարող հաղթել, որովհետև հաղթանակի ձգտում չունի, բայց չհամարձակվեցին նրան հեռացնել, որովհետև վախեցան կորցնել նվաճածը և հարկադրված լինելով ինչ֊որ ձևով իրենցից հեռացնել վտանգը, սպանեցին Կարմանյոլային։ Ավելի ուշ, նրանք վարձեցին Բարտոլոմեո դա Բերգամոյին, Ռոբերտո դա Սան֊Սևերինոյին, կոմս դի Պիտիլյանոյին ու նրանց նմաններին, որոնք էլ վախ էին ներշնչում ոչ թե նրա համար, որ կշահեն, այլ, որ տանուլ կտան ճակատամարտը։ Այդպես պատահեց Վայլայի մոտ, որտեղ վենետիկցիները մեկ օրում կորցրին այն ամենը, ինչ մեծ դժվարությամբ ձեռք էին բերել ութ հարյուրամյակի ընթացքում։ Քանզի, վարձկանները հայտնի են նրանով, որ հարձակվում են դանդաղ ու ծուլորեն, փոխարենը նահանջում են նախանձելի արագությամբ։ Եվ, եթե օրինակներ բերելու համար դիմեցի Իտալիային, որտեղ երկար տարիներ տեր ու տնօրինություն են անում վարձկան զորքերը, ապա գործի օգտի համար կուզենայի հետադարձ հայացք գցել, որպեսզի բացատրում, թե որտեղից են դրանք հայտնվել և ինչպես են այդքան հզորացել։
Պետք է իմանալ, որ ոչ այնքան վաղուց, երբ կայսրությունը թուլացավ, իսկ պապի աշխարհիկ իշխանությունն ամրապնդվեց, Իտալիան բաժան-բաժան եղավ մի քանի պետությունների։ Խոշոր քաղաքներից շատերը ապստամբեցին իրենց կեղեքող նոբիլների դեմ, որոնց հովանավորում էր կայսրը, մինչդեռ քաղաքներին հովանավորում էր եկեղեցին ի շահ իր աշխարհիկ իշխանության։ Քաղաքներից շատերում բնիկ քաղաքացիները դարձան տիրակալներ։ Այդպես Իտալիան գրեթե ամբողջությամբ հայտնվեց պապի ու մի քանի հանրապետությունների իշխանության ներքո։ Սակայն, իշխանության ղեկի մոտ կանգնած հոգևորականներն ու քաղաքացիները զենքի հետ գործ չէին ունեցել և սկսեցին ծառայության հրավիրել վարձկաններին։ Ալբերիգո դա Կոնիոն, որը ծնունդով Ռոմանիայից էր, առաջինը փառաբանեց վարձու զենքը։ Նրա հետևորդներ Բրաչչոն և Սֆորցան ժամանակին իրենց ձեռքում էին պահում ամբողջ Իտալիան։ Նրանց հետքերով գնացին բոլոր նրանք, ում ձեռքի տակ են առ այսօր վարձկան զորքերը։ Նրանց «քաջությունը» հանգեցրեց այն բանին, որ Իտալիան ծայրից ծայր կտրեց֊անցավ Կարլը, ամայացրեց Լյուդովիկոսը, ոտնակոխ արեց Ֆերդինանդն ու անարգեցին շվեյցարացիները։
Վարձկաններն սկսեցին նրանից, որ իրենց մեծարելով, ամենուրեք նվաստացրին հետևակը։ Դա նրանց պետք էր, քանի որ ապրելով զինվորական արհեստով և տիրույթներ չունենալով, չէին կարող կերակրել մեծաքանակ հետևակին, իսկ փոքրաթիվ հետևակը չէր կարող նրանց փառք բերել։ Մինչդեռ, փոքրաքանակ հեծելազորով սահմանափակվելու դեպքում նրանք և կուշտ էին և հարգված։ Բանը հասավ նրան, որ քսանհազարանոց բանակում հետևակ զինվորների թիվը երկու հազարի էլ չէր հասնում։ Հետագայում նրանք անսովոր հնարագիտություն դրսևորեցին՝ իրենց և զինվորներին վտանգից ու զինվորական կյանքի դժվարություններից զերծ պահելու համար․ բախումների ժամանակ նրանք մեկմեկու չեն սպանում, այլ գերի են վերցնում՝ փրկագին չպահանջելով։ Պաշարման ժամանակ գիշերը գրոհի չեն ելնում։ Քաղաքը պաշտպանելիս վրանների վրա հարձակումներ չեն գործում, ռազմաճամբարը ցցերով ու խրամատներով չեն շրջափակում, ձմռանը պատերազմական գործողություններ չեն ձեռնարկում։ Եվ այդ ամենը նրանց թույլատրվում է իրենց իսկ հորինած զինվորական կանոնադրությամբ, որով ղեկավարվելով, ինչպես ասացինք, խուսափում են զինվորական կյանքի վտանգներից ու դժվարություններից։ Ահա այդպես, նրանք Իտալիան մատնեցին խայտառակության ու ստրկության։
== Գլուխ XIII։ Դաշնակցային, խառը և սեփական զորքերի մասին ==
Դաշնակցային զորքերն անօգուտ զորքերի տարատեսակներից են, որոնք պատկանելով ուժեղ տիրակալի, այլոց կողմից հրավիրվում են օգնության և պաշտպանության համար։ Ոչ այնքան վաղուց այդ զորքերի ծառայությունից օգտվեց Հուլիոս պապը Ֆեռարայի դեմ պատերազմելիս․ հիասթափվելով իր վարձկաններից, նա Իսպանիայի թագավոր Ֆերդինանդի հետ պայմանավորվեց, որ վերջինս օգնի հեծելազորով ու հետևակով։ Այդ զորքերն ինքնին կարող են իրենց տիրակալին գերազանց ու օգտավետ ծառայություն մատուցել, բայց օգնության համար նրանց դիմելը հղի է վտանգավոր հետևանքներով, քանզի նրանց պարտությունը կարող է տիրակալի կործանման, իսկ հաղթանակը՝ կախվածության պատճառ, դառնալ։
Չնայած պատմական աշխատություններում կարելի է բազմաթիվ նմանատիպ օրինակների հանդիպել, այնուամենայնիվ, ես կուզենայի կանգ առնել Հուլիոս պապի հետ կապված վերոհիշյալ օրինակի վրա։ Նա ծայրաստիճան անհեռատես գտնվեց, Ֆեռարան նվաճելու համար դիմելով օտարերկրացի տիրակալի։ Եվ կարող էր պատժվել իր թեթևամիտ քայլի համար, եթե, ի բարեբախտություն նրա, ճակատագիրն այլ կերպ չտնօրիներ։ Նրա դաշնակցային զորքերը պարտություն կրեցին Ռավեննայում, բայց շնորհիվ այն բանի, որ անսպասելիորեն հայտնվեցին շվեյցարացիներն ու փախուստի մատնեցին հաղթողներին, պապը կախվածության մեջ չընկավ ոչ թշնամուց, որովհետև նա փախավ, ոչ էլ դաշնակիցներից, որովհետև հաղթանակը ձեռք էր բերվել ոչ նրանց զենքով։ Ֆլորենցիացիները, զորք չունենալով, Պիզայի դեմ դուրս բերեցին տասը հազար ֆրանսիացի, ինչը քիչ էր մնում նրանց համար շատ ավելի ահավոր աղետի պատճառ դառնար, քան մինչ այդ նրանց հետ երբևէ պատահել էր։ Կոնստանդնուպոլսի կայսրը, հարևանների հետ պատերազմելով, տասը հազար թուրք կանչեց Հունաստան, ովքեր պատերազմի ավարտից հետո չցանկացան վերադառնալ տուն, ահա թե ինչպես սկսվեց անհավատների կողմից Հունաստանի ստրկացումը։
Եվ այսպես, թող դաշնակցային զորքեր հրավիրի նա, ում հաղթանակ պետք չէ, քանզի այդ զորքերը վարձկաններից ավելի վտանգավոր են և կարող են դառնալ հրավիրողի գերեզմանափորը։ Նրանք գործում են միասնաբար և ենթարկվում են միայն իրենց տիրակալին, իսկ վարձու զորքերին հաղթանակից հետո և՛ ավելի երկար ժամանակ, և՛ ավելի բարենպաստ հանգամանքներ են պետք քեզ վնասելու համար։ Նրանց շարքերում պակասում է միասնությունը, նրանց դու ես հավաքել ու վճարել, և նա, ում կարգել ես նրանց ղեկավար, չի կարող միանգամից այնքան հզորանալ, որ դառնա քո ախոյանը։ Կարճ ասած, վարձու զորքերում վտանգավոր է անփութաջանությունը, դաշնակցային զորքերում՝ քաջությունը։
Այդ իսկ պատճառով, խելացի տիրակալները միշտ գերադասել են ունենալ իրենց զորքը՝ համոզված լինելով, որ ավելի լավ է պարտություն կրել սեփական զորքով, քան հաղթել ուրիշի զորքի օգնությամբ, քանզի կատարյալ չէ այն հաղթանակը, որը ձեռք է բերվել ուրիշի զենքով։ Առանց տատանվելու դարձյալ կվկայակոչեմ Չեզարե Բորջայի օրինակը. Սկզբում, երբ դուքսը դեռ նոր էր մտել Ռոմանիա, նրա տրամադրության տակ էր ֆրանսիական հեծելազորը, որի օգնությամբ նա գրավեց Իմոլան և Ֆոռլին։ Ավելի ուշ, նա հասկացավ, թե որքան անհուսալի են դաշնակցային զորքերն ու գտնելով, որ իր համար վարձկանները նվազ վտանգավոր կլինեն, օգտվեց Օրսինիի և Վիտելիի ծառայություններից։ Բայց, տեսնելով, որ նրանք փոփոխամիտ են և կարող են դավաճանել, ազատվեց նրանցից ու ստեղծեց սեփական զորք։ Թե զորքերի այդ բոլոր տեսակներից որն էր գերադասելի՝ դժվար չէր հասկանալ, տեսնելով, թե ինչպես փոխվեց դքսի նկատմամբ եղած վերաբերմունքը, երբ նրա մոտ միայն ֆրանսիացիներն էին, հետո Օրսինիի ու Վիտելիի վարձկան զորքերը, և վերջապես սեփական զորքը։ Թեև դքսի նկատմամբ հարգանքը շարունակ աճում էր, այնուամենայնիվ, նրա հետ ամենայն լրջությամբ սկսեցին հաշվի նստել միայն այն բանից հետո, երբ տեսան իր զորքն ունի։
Ես մտադիր էի չշեղվել ոչ վաղ անցյալում Իտալիայում տեղի ունեցած դեպքերից, բայց բերեմ նաև Հիերոն Սիրակուզացու օրինակը, քանի որ նրան վերևում արդեն հիշատակել եմ։ Քաղաքացիների կամոք դառնալով, ինչպես ասվեց, Սիրակուզայի զորքերի պետ, նա շատ շուտ գլխի ընկավ, որ վարձու զորքի տված օգուտը չնչին է, որովհետև այն ժամանակվա կոնդոտիերները հիմիկվաններից գրեթե չէին տարբերվում։ Եվ հասկանալով, որ նրանց չի կարելի ոչ վռնդել, ոչ էլ պահել, հրամայեց կոտորել և այդ ժամանակից ի վեր ապավինում էր միմիայն իր զորքին։ Հիշեցնեմ նաև մի շատ տեղին պատմություն Հին կտակարանից․ երբ Դավիթը մենամարտի կանչեց փղշտացի հսկա Գողիաթին, Սավուղը, Դավթին քաջալերելու համար նրան հագցրեց իր հանդերձները, սակայն սա հրաժարվեց դրանցից, պատճառաբանելով, որ իրեն կաշկանդված է զգում ուրիշի զենքուզրահի մեջ, և, որ գերադասում է թշնամու դեմ գնալ սեփական պարսատիկով ու մահակով։ Միշտ էլ այդպես է լինում՝ ուրիշի զրահները կամ լայն են, կամ նեղ, կամ էլ շատ ծանր։
Լյուդովիկոս XI-ի հայրը՝ Կարլ VII-ը, բարեհաճ ճակատագրի և խիզախության շնորհիվ անգլիացներից Ֆրանսիան ազատագրելով, հասկացավ, թե որքան անհրաժեշտ է զինված լինել սեփական զենքով և հրամայեց ստեղծել մշտական հեծելազոր ու հետևակ։ Ավելի ուշ, նրա որդին՝ Լյուդովիկոսը, արձակեց հետևակն ու ծառայության վերցրեց շվեյցարացիներին։ Այս սխալն ավելի խորացրին նրա հետնորդները, և հիմա դա թանկ է նստում ֆրանսիական թագավորության վրա։ Որովհետև, գերադասությունը շվեյցարացիներին տալով, Ֆրանսիան կոտրեց իր զորքերի մարտական ոգին։ Հետևակի լուծարումից հետո, վարձկան զորքի աջակցությամբ կռվող հեծելազորն արդեն վստահ չէ, որ կարող է սեփական ուժերով ճակատամարտ շահել։ Ստացվում է այնպես, որ շվեյցարացիների դեմ ֆրանսիացիները չեն կարող կռվել, իսկ առանց շվեյցարացիների ուրիշների դեմ չեն համարձակվում։ Հետևաբար, Ֆրանսիայի զորքերը խառն են մասամբ սեփական, մասամբ վարձու և այդ տեսքով մեծապես գերազանցում են ամբողջությամբ վերցված դաշնակցային կամ ամբողջությամբ վերցված վարձու զորքին, բայց մեծապես զիջում են սեփական զինվորներից կազմված զորքին։ Սահմանափակվեմ արդեն հայտնի օրինակով. Ֆրանսիան անհաղթելի կլիներ, եթե կատարելագործեր կամ թեկուզ պահպաներ Կարլի օրոք ստեղծված զորքի կառուցվածքը։ Բայց մարդիկ անխելքության պատճառով հաճախ գեղեցիկ պաճուճանքի մեջ թույնը չեն տեսնում, ինչպես վերևում արդեն ասել եմ թոքախտային տենդի առիթով։
Եթե տիրակալի ուշադրությունից վրիպել է խորացող ախտը, ուրեմն նա մեծ խելքի տեր չէ, քանզի ժամանակին այն նկատելը տրված է քչերին։ Խորհելով Հռոմեական կայսրության անկման մասին, տեսնում ենք, որ նրա անկումն սկսվեց այն պահից երբ, հռոմեացիներն սկսեցին ծառայության վերցնել վարձկան գոթերին, ինչից էլ սկսվեց կայսրության ուժերի հյուծումը։ Ընդ որում, որքան թուլանում էին հռոմեացիները, այնքան ուժեղանում էին գոթերը։ Իբրև եզրափակում կրկնում եմ, որ առանց սեփական զորքի պետությունն անկայուն է, ավելին, այն ամբողջովին կախված է ճակատագրի քմահաճույքից, որովհետև օրհասի ժամին միայն քաջությամբ չես պաշտպանվի։ Իմաստուն մարդկանց կարծիքով ու գնահատմամբ «Qund nihil sit tam infirmum aut instabile, quam fama potentiae non sua vi nixa»<ref>Չկա ոչինչ ավելի անկայուն ու վաղանցիկ, քան հմայքը, որը հենված չէ սեփական ուժի զորության վրա (լատ․)։</ref>։ Սեփական զորքերն ըստ էության կազմվում են հպատակներից, քաղաքացիներից կամ հավատարիմ մարդկանցից, իսկ մնացած բոլորը կամ դաշնակցային են կամ վարձու։ Իսկ թե դրանք ինչպես պետք է կառուցել դժվար չէ եզրակացնել, եթե քննենք հիշատակածս այն չորս անձանց գորձունեությունը և տեսնենք, թե ինչպես էին ստեղծում և զինում իրենց բանակները։ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը՝ Փիլիպոսը և շատ այլ հանրապետականներ ու տիրակալներ, որոնց օրինակն ինձ համար լիովին վստահելի է։
== Գլուխ XIV։ Ինչ պետք է անի տիրակալը ռազմական գործի առնչությամբ ==
Այսպիսով, տիրակալը չպիտի ունենա այլ մտքեր, այլ հոգսեր ու այլ գործեր պատերազմից, ռազմական որոշումներից ու ռազմական գիտությունից բացի, որովհետև պատերազմը միակ պարտականությունն է, որը նա չի կարող ուրիշին հանձնարարել։ Պատերազմելու արվեստն օժտված է այնպիսի զորությամբ, առանց որի չի կարող իշխանությունը պահպանել նա, ով տիրակալ է ծնվել, և իշխանության հասնել հասարակ մահկանացու ծնվածը։ Եվ, ընգհակառակն, երբ տիրակալներն ավելի շատ հաճույքների մասին են հոգացել, քան զինավարժությունների, կորցրել են նաև ունեցած իշխանությունը։ Քամահրանքն այդ արվեստի նկատմամբ իշխանությունը կորցնելու գլխավոր պատճառն է, մինչդեռ, դրան տիրապետելը՝ իշխանության հասնելու գրավականը։
Ֆրանչեսկո Սֆորցան հմուտ ռազմիկ լինեչու շնորհիվ դարձավ Միլանի դուքս, իսկ նրա զավակները, պատերազմի դժվարություններից խուսափելով, կորցրին դքսի տիտղոսը։ Ով ռազմական արվեստին չի տիրապետում, շատ փորձություններ է բերում իր գլխին, և մասնավորապես արժանանում է շրջապատի արհամարհանքին։ Դրանից պետք է ամեն կերպ զգուշանալ, ինչպես կասվի ստորև։ Որովհետև, զինվածն ու անզենը իրար հետ անհամատեղելի են, և երբեք զինվածը հոժար կամքով չի ենթարկվի անզենին, իսկ անզենը երբեք ապահով չի զգա զինված ծառաների շրջապատում։ Ինչպե՞ս կարող են երկու մարդ հաշտ ու խաղաղ ապրել, եթե նրանցից մեկը կասկածում է մյուսին, իսկ սա էլ նրան ատում է։ Այդպես էլ այն տիրակալը, ով գլուխ չի հանում ռազմական գործից, շատ անախորժությունների է հանդիպում, որոնցից մեկն էլ այն է, որ չի վայելում զորքի հարգանքն ու իր հերթին՝ չի կարող նրան վստահել։
Ուստի, տիրակալի մտքով անգամ չպիտի անցնի աչքաթող անել զինավարժությունները և խաղաղ օրերին դրանց պիտի ավելի մեծ ուշադրություն հատկացնի, քան պատերազմի ժամանակ։ Դա պետք է անել նախ գործերով, և ապա այդ մասին անընդհատ մտածելով։ Ինչ վերաբերում է գործերին, ապա տիրակալը պետք է ոչ միայն հետևի զորքում տիրող կարգուկանոնին ու զինավարժություններին, այլև հաճախ ինքն էլ որսի դուրս դա մարմինը կոփելու և միաժամանակ տեղանքն ուսումնասիրելու համար, պարզելու, թե որտեղ և ինչ բարձունքներ կան, դեպի ուր են ձգվում դաշտավայրերը, ինչ տարածք են զբաղեցնում տափարակները, ինչ առանձնահատկություններ ունեն գետերն ու ճահիճները։ Այսպես ուսումնասիրելը կրկնակի օգտակար է։ Ամենից առաջ, դրա շնորհիվ ավելի լավ ես ճանաչում քո երկիրը և կարող ես ավելի ստույգ որոշել թե ինչ միջոցներով այն պաշտպանես։ Ընդսմին, քաջածանոթ լինելով տեղանքներից մեկին, մյուսի առանձնահատկությունները հեշտությամբ ես հասկանում առաջին անգամ այնտեղ ընկնելով, քանզի լեռնալանջերը, դաշտավայրերը, հարթավայրերը, ճահիճներն ու գետերը, ենթադրենք Տոսկանայում, հար և նման են մյուս երկրամասերի բնաշխարհին, ուստի նա, ով ուսումնասիրել է տեղանքից մեկը, արագորեն կկողմնորոշվի մնացած տեղերում։ Եթե տիրակալի համար այս ամենը խորթ է, ապա նա զուրկ է զորապետի գլխավոր հատկությունից, քանզի հենց նշվածի լավ իմացությունն է թույլ տալիս առավեչություն ստանալ այնպիսի հարցերում, ինչպիսիք են թշնամու գտնվելու վայրը որոշելը, ռազմաճամբար խփելը, թշնամուն մոտենալը, կռվի մեջ մտնելն ու ամրոցներ պաշարելը։
Աքայան դսաշինքի պարագլուխ Փիլոպեմենեսին անտիկ հեղինակները շատ գովեստներ են շռայլել մասնավորապես այն բանի համար, որ նա խաղաղ ժամանակ էլ ռազմական գործից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածել։ Ընկերների հետ քաղաքի մերձակայքում շրջելիս, նա հաճախ է կանգ առել ու հարցրել. եթե թշնամին գրավի այն բլուրը, իսկ մեր զորքն այստեղ կանգնած լինի, ապա ո՞ւմ դիրքն է գերադասելի, այդ պայմաններում ինչպե՞ս հարձակվել պահպանելով մարտակարգը, ինչպե՞ս նահանջել, եթե մեզ հարկադրեն նահանջել, ինչպե՞ս հետապնդել հակառակորդին, եթե նա փախուստի դիմի։ Եվ այսպես, առաջ շարժվելով, առաջարկում էր պատերազմի ժամանակ հանդիպող նորանոր իրավիճակներ և ընկերների կարծիքը լսելով, իր կարծիքն էր հայտնում ու դրա օգտին փաստարկներ բերում։ Այսպես, մշտական դատողությունների շնորհիվ նա հասել է այն բանին, որ պատերազմի ժամանակ ոչ մի պատահականություն իրեն անակնկալի չբերի։
Ինչ վերաբերում է մտավարժանքներին, ապա տիրակալր պետք է կարդա պատմական աշխատություններ, ընդսմին, խորությամբ ուսումնասիրի ականավոր զորավարների գործունեությունը, փորձի ըմբռնել, թե ինչպես են նրանք պատերազմել, ինչն է կանխորոշել նրանց հաղթանակներն ու ինչը՝ պարտությունները, որպեսզի հասնի առաջիններին և խուսափի երկրորդներից։ Իսկ ամենագլխավորն է՝ ընդօրինակելով անցյալի մեծագույն հերոսներից շատերին, որպես օրինակ ընտրել հին ժամանածների փառապանծ ու հարգարժան մարդկանցից որևէ մեկին և հիշողության մեջ ամրակայել նրա սխրագործությունները։ Պատմում են, որ Ալեքսանդր Մեծը ընդօրինակում էր Աքիլեսին, Կեսարը՝ Ալեքսանդրին, Սցիպիոնը՝ Կյուրոսին։ Ծանոթանալով Կյուրոսի վարքին, որը գրի է առել Քսենոփոնը, բոլորն էլ կհամաձայնվեն, որ Կյուրոսին ընդօրինակելով՝ Սցիպիոնը շատ բանով է նպաստել իր փառքին, և, որ ողջախոհության, բարեկրթության, մարդկայնության ու առատաձեռնության առումներով Սցիպիոնը հետևել է այն Կյուրոսին, որին մենք գիտենք Քսենոփոնի նկարագրածով։ Խելացի տիրակալը՝ հետևելով նշյալ բոլոր կանոններին, խաղաղ ժամանակ պիտի երբեք անգործության չմատնվի, քանզի նրա բոլոր ջանքերը կփոխհատուցվեն, երբ վրա հասնեն դժվար ժամանակներ, և այդժամ, եթե ճակատագիրը կամենա նրան խորտակել, նա ի զորու կլինի դիմակայել այդ հարվածներին։
== Գլուխ XV։ Թե ինչու են մարդկանց և մասնավորապես տիրակալներին գովաբանում կամ նախատում ==
Այժմ մնում է քննել, թե տիրակալն ինչպես պիտի իրեն պահի հպատակների և դաշնակիցների հետ։ Տեղյակ լինելով, որ այդ մասին շատերն են գրել, ես վախենում եմ մեծամտության մեջ մեղադրվելուց, քանզի միևնույն նյութը պիտի բացատրեմ ուրիշներից մեծապես տարբերվելով։ Սակայն մտքիս դրած լինելով հասկացող մարդկանց համար մի օգտակար բան գրել, նախընտրեցի հետևել ոչ թե կարծեցյալ, այլ իրական ճշմարտությանը, ի տարբերություն այն գրչակների, ովքեր հանրապետություններ ու պետություններ են նկարագրել՝ իրականության փոխարեն մատուցելու ցանկալին։ Բայց այնքան մեծ է այն հասկացությունների միջև, եղած տարբերությունը, թե մարդիկ ինչպես են ապրում և ինչպես պիտի ապրեն, որ նա, ով հանուն պատշաճի մերժում է իրականը, իրեն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, որովհետև ցանկանալով բարի մնալ կյանքի բոլոր հանգամանքներում, նա անխուսափելիորեն կկործանվի բախվելով շատ շատերի հետ, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է բարություն։ Ինչից էլ հետևում է, որ իշխանությունը պահպանել ցանկացող տիրակալը, պետք է ձեռք բերի բարուց հրաժարվելու հմտություն և այն կիրառի ըստ անհրաժեշտության։
Իսկ եթե խոսենք տիրակալների ոչ թե մտացածին, այլ իրական հատկությունների մասին, ապա պետք է ասել, որ տիրակալների և ընդհանրապես բոլոր արտոնյալ մարդկանց մեջ, տեսնում ենք բնավորության զանազան գծեր, որոնք արժանի են գովեստի կամ նախատինքի։ Մասնավորապես ասում են, որ մեկն առատաձեռն է, մյուսը՝ ժլատ, եթե գործածենք տոսկանական բառը, որովհետև մեր լեզվում դա նաև նշանակում է ագահ, դա այն մարդն է, ով ուզում է նաև ուրիշինը խլել, իսկ «կծծի» անվանում ենք նրան, ով շատ ամուր է կառչում իր ունեցվածքին,― մեկը վատնող է, մյուսն՝ ձեռնփակ, մեկը դաժան է, մյուսը՝ գթասիրտ, մեկն ազնիվ է, մյուսը՝ ուխտադրուժ, մեկը ստոր է ու փոքրոգի, մյուսն՝ արիասիրտ է ու համարձակ, սա ներողամիտ է, նա՝ ամբարտավան, այս մեկն անառակ է, մյուսը՝ ողջամիտ, սա խորամանկ է, նա՝ պարզամիտ, սա համառ է, նա՝ համակերպվող, սա թեթևամիտ է, նա՝ ծանրաբարո, սա բարեպաշտ է, նա՝ սրբապիղծ,― և այսպես շարունակ։ Ի՞նչը կարող է տիրակալի համար ավելի գովելի լինել, քան այն, որ նա իր մեջ անձնավորի թվարկյալ բոլոր առաքինությունները։ Բայց, քանի որ մարդն իր էությամբ չի կարող կազմված լինել միայն առաքինություններից, ոչ էլ կարող է անշեղորեն հետևել դրանց, ապա խելամիտ տիրակալր պետք է խուսափի այն արատներից, որոնք կարող են նրան զրկել իշխանությունից, իսկ մնացածներից ուժերի ներածին չափով ձեռնպահ մնա, բայց ոչ ավելին։ Թող տիրակալները չվախենան այնպիսի արատների համար մեղադրանքներ լսելուց, առանց որոնց դժվար կլինի պահպանել իշխանությունը, որովհետև, եթե խորը մտածենք, շատ գործեր կան, որոնք առաջին հայացքից կարող են առաքինի թվալ, բայց իրականում կործանարար են տիրակալի համար, և, ընդհակառակը, թվում է արատ է, բայց գործնականում տիրակալին բարօրություն ու անվտանգություն է բերում
== Գլուխ XVI։ Առատաձեռնության և խնայողության մասին ==
Սկսեմ առաջինից և ասեմ, որ առատաձեռն տիրակալի համբավ ունենալը լավ բան է։ Այնուամենայնիվ, նա, ով անուն վաստակելու համար է առատաձեռնություն ցուցաբերում, ինքն իրեն վնասում է։ Քանզի, եթե դա անես խոհեմաբար ու համեստորեն, դրա մասին ոչ ոք չի իմանա, իսկ քեզ, միևնույնն է, կմեղադրեն ժլատության մեջ։ Այդ իսկ պատճառով, քո առատաձեռության համբավը տարփողելու համար, պիտի ստիպված լինես ավելի ու ավելի մեծ հնարամտության դրսևորել՝ անիմաստ ձեռնարկումներ իրականացնելու նպատակով, ինչի հետևանքով գանձարանը կդատարկվի, որից հետո, չցանկանալով ձեռք քաշել առատաձեռն տիրակալի համբավից, ստիպված կլինես ժողովրդին ծանրաբեռնել չափից ավելի մեծ տուրքերով և դիմել փող կորզելու անվայել միջոցների, ինչով հպատակներիդ մեջ շարունակ աճող ատելություն կհարուցես քո հանդեպ, իսկ ժամանակի ընթացքում, երբ քո առատաձեռնության պատճառով շատերին կաղքատացնես, իսկ ոմանց էլ բարերարություն արած կլինես, առաջին իսկ դժվարությունը քեզ համար կդառնա աղետ, առաջին իսկ վտանգը՝ խորտակում։ Իսկ եթե ժամանակին սթափվես ու կամենաս գործերդ կարգի բերել, քեզ իսկույն կմեղադրեն ժլատության մեջ։
Եվ այսպես, եթե տիրակալը չի կարող առանց իրեն վնասելու առատաձեռնություն դրսևորել այնպես, որ դա ընկալվի հարկ եղածին պես, ապա խելամիտ չի՞ լինի արդյոք հաշտվել ժլատ տիրակալի համբավի հետ։ Քանզի ժամանակի ընթացքում, երբ մարդիկ տեսնեն, որ խնայողության շնորհիվ նա բավարարվում է իր եկամուտներով և ռազմական գործողություններ ձեռնարկելով ժողովրդին լրացուցիչ հարկերով չի ծանրաբեռնում, կհամոզվեն, որ գործ ունեն առատաձեռն տիրակալի հետ։ Եվ նա, իրոք, առատաձեռն կհամարվի բոլոր նրանց կարծիքով, որոնցից ոչինչ չի խլել, իսկ այդպիսիք մեծամասնություն են կազմում, և ժլատ՝ նրանց բոլորի, ում կարող էր հարստացնել, իսկ այդպիսիք հատուկենտ են։ Մեր օրերում միայն այն տիրակալներին է հաջողվել մեծ գործեր կատարել, ովքեր ժլատ են համարվել, մյուսներն անհիշատակ կորել են։ Հուլիոս պապը ցանկանում էր առատաձեռն համարվել միայն մինչև այն պահը, քանի դեռ պապական իշխանության չէր հասել, որից հետո, պատերազմի նախապատրաստվելով, իսպառ մոռացավ առատաձեռնության մասին։ Ֆրանսիայի ներկայիս թագավորը մի քանի պատերազմ վարեց առանց արտակարգ հարկեր մտցնելու միայն այն բանի շնորհիվ, որ կանխատեսելով լրացուցիչ ծախսերը, հույժ խնայողություն էր դրսևորել։ Իսպանիայի ներկայիս թագավորն այդքան պատերազմներ չէր մղի և չէր հաղթի, եթե նրա համար որևէ արժեք ունենար առատաձեռն տիրակալի համբավը։
Եվ այսպես, հպատակներին չթալանելու, պաշտպանության համար միջոցներ ունենալու, չաղքատանալու, արհամարհանքի չարժանանալու և ակամա ագահ չդառնալու համար տիրակալը պետք է չվախենա ժլատի անուն վաստակելուց, քանզի ժլատությունն այն արատներից է, որը նրան թույլ կտա իշխել։ Եթե ինձ ասեն, որ Կեսարն իր ճանապարհը հարթել է առատաձեռնությամբ և ուրիշ շատերն էլ այն բանի շնորհիվ, որ եղել ու համարվել են առատաձեռն, հասել ամենաբարձր աստիճանների, ես կպատասխանեմ՝ կամ դու հասել ես իշխանության, կամ դրան հասնելու ճանապարհին ես։ Առաջին դեպքում առատաձեռնությունը վնասակար է, երկրորդում՝ անհրաժեշտ։ Կեսարը Հռոմում բացարձակ իշխանություն ձեռք բերելու ճանապարհին էր, ուստի առատաձեռնությունը չէր կարող նրան վնասել, բայց նրա իշխանությունը կտապալվեր, եթե դրան հասնելով նա ավելի երկար ապրեր՝ չչափավորելով ծախսերը։ Իսկ, եթե ինձ առարկեն, ասելով, թե շատերն արդեն տիրակալ լինելով զորքերի գլուխն անցած մեծ գործեր են կատարել, ընդսմին, համարվելով անչափ առատաձեռն, ես դրան կպատասխանեմ, որ կարելի է ծախսել կամ քոնը, կամ ուրիշինը։ Առաջին դեպքում գերադասելի է տնտեսել, երկրորդում՝ հնարավորինս առատաձեռն լինել։
Եթե ձեռքիդ տակ զորք կա, որը կերակրվում է ռազմավարով, կողոպուտով, շորթումներով և ուրիշի բարիքով, պետք է անպայման առատաձեռն լինել, այլապես զինվորներր քեզ չեն հետևի։ Եվ միշտ այն ունեցվածքը, որը քոնը կամ քո հպատակներինը չէ, կարող ես ամենայն առատաձեռնությամբ բաշխել, ինչպես արել են Կյուրոսը, Կեսարն ու Ալեքսանդրը, որովհետև ուրիշինը շռայլելով, դու քեզ համար համբավ ես ստեղծում, մինչդեռ, քոնը շռայլելով՝ միայն վնասում ես։ Ոչ մի բան քեզ այնպես չի սպառնում, որքան առատաձեռնությունը, ինչը դրսևորելով միաժամանակ կորցնում ես նաև այն դրսևորելու հնարավորությունը և կամ ընկնում արհամարհանք ծնող աղքատության գիրկը, կամ էլ ցանկանալով աղքատությունից խուսափել, սնանկացնում ես ուրիշներին, ինչով ատելություն ես հարուցում քո հանդեպ։ Մինչդեռ տիրակալն ամենից ավելի պետք է զգուշանա հպատակների արհամարհանքից ու ատելությունից, իսկ առատաձեռնությունը տանում է թե՛ դեպի մեկը, թե՛ դեպի մյուսը։ Ուստի, ավելի խելամիտ կլինի ժլատ համարվելով վատ համբավ ունենալ՝ առանց ատելի լինելու, քան թե կամենալով առատաձեռն համարվել և այդ պատճառով ուրիշներին ակամա սնանկացնելով, միաժամանակ արժանանալ և՛ վատ համբավի, և՛ ատելության։
== Գլուխ XVII։ Դաժանության ու գթասրտության և այն մասին, թե ինչ ներշնչես, որ ավելի լավ լինի՝ սե՞ր, թե՞ վախ ==
Քննելով վերոհիշյալ հատկությունները, կասեմ, որ թեև յուրաքանչյուր տիրակալ կուզենար, որ իրեն գթասիրտ համարեն և ոչ թե դաժան, այնուամենայնիվ, չպիտի չարաշահել գթասրտությունը։ Չեզարե Բորջային շատերն էին դաժան համարում, բայց այդ դաժանությամբ նա կարգուկանոն հաստատեց Ռոմանիայում, միավորեց այն, խաղաղեցրեց ու հնազանդության բերեց։ Ու, եթե խորը մտածենք, դրանով նա ավելի մեծ գթասրտություն ցուցաբերեց, քան Ֆլորենցիայի ժողովուրդը, որը վախենալով դաժանության մեջ մեղադրվելուց, թույլ տվեց ավերել Պիստոյան։ Ուստի, հպատակներին հնազանդ պահելու համար տիրակալը պիտի պատրաստ լինի դաժանության պատճառով իրեն ուղղվելիք մեղադրանքներին։ Մի քանի հաշվեհարդար կազմակերպելով, նա ավելի մեծ գթասրտություն կդրսևորի, քան նրանք, ում ավելորդ գթասրտության պատճառով անկարգություններ են սկսվում։ Քանզի անկարգության հետևանքով, որը կողոպուտների ու սպանությունների պատճառ է դառնում, տուժում է ամբողջ բնակչությունը, մինչդեռ տիրակալի վճռով իրագործվող պատիժներից տուժում են սոսկ հատուկենտ մարդիկ։ Նոր տիրակալին դաժանության համար ավելի քիչ են մեղադրում, քան որևէ մեկ այլ մարդու, քանզի նոր իշխանությանը շատ վտանգներ են սպառնում։ Վերգիլիոսը Դիդոնայի բերանով ասում է.
<poem>
Rea dura, et regni novitas me talia cogunt
Molin et late fines custode tueri<ref>«Երիտասարդ է մեր թագավորությունը, մեձ է վտանգը, միայն դա է ստիպում ինձ այդպես աչալրջորեն պաշտպանել մեր սահմանները» (լատ․)։</ref>
</poem>
Սակայն նոր տիրակալը չպիտի լինի դյուրահավատ ու հապճեպ վճիռներ արձակի։ Նա իրեն պետք է դրսևորի որպես զուսպ, շրջահայաց և ուղղամիտ իշխող, բայց այնպես, որ ավելորդ դյուրահավատությունը չվերածվի անզգուշության, իսկ ավելորդ կասկածամտությունը չչարացնի հպատակներին։
Այս առթիվ կարող է վեճ ծագել՝ տիրակալին սիրե՞լն է գերադասելի, թե՞ նրանից վախենալը։ Ասում են՝ լավն այն է, որ միաժամանակ և՛ սիրում են, և՛ վախենում։ Սակայն սերը դժվարությամբ է համատեղվում վախի հետ, ուստի, եթե հարկադրված ենք ընտրություն կատարել, ապա վախը գերադասելի է։ Որովհետև, մարդկանց մասին ընդհանրապես կարելի է ասել, որ նրանք երախտամոռ են ու փոփոխամիտ, կեղծավոր են ու խաբեբա, վախկոտ ու շահամետ։ Քանի դեռ նրանց համար բարիք ես գործում, նրանք քոնն են ամբողջ հոգով, խոստանում են քեզ համար ոչինչ չխնայել, ոչ իրենց արյունր, ոչ կյանքը, ոչ երեխաներին, ոչ էլ ունեցվածքը, բայց երբ նրանց կարիքը զգաս, իսկույն երես կթեքեն քեզանից։ Եվ վա՜յ այն տիրակալին, ով խոստումներին հավատ ընծայելով, ոչ մի միջոց չի ձեռնարկի ընդդեմ վտանգի։ Քանզի գնված և ոչ թե մեծահոգությամբ ու ազնվությամբ ձեռք բերված բարեկամությունը փորձության պահին քեզ նեցուկ չի լինի։ Բացի դրանից, մարդիկ ավելի քիչ են զգուշանում վիրավորել նրան, ում սիրում են, քան նրան, ումից վախենում են, քանզի սերը գոյատևում է երախտագիտության շնորհիվ, ինչը մարդիկ, ապիկարության պատճառով կարող են հանուն իրենց շահի քամահրել, միչդեռ վախը կենսունակ է պատժի սպառնալիքով, որը քամահրել չես կարող։
Այսուհանդերձ, տիրակալը պետք է վախն այնպես ներշնչի, որ եթե սիրո էլ չարժանանա, ապա գոնե խուսափի ատելությունից, քանզի միանգամայն հնարավոր է վախ ներշնչել առանց ատելության։ Ատելության չարժանանալու համար տիրակալը պետք է խուսափի քաղաքացիների ու հպատակների ունեցվածքի ու նրանց կանանց վրա աչք տնկելուց։ Նույնիսկ, երբ անհրաժեչտ է համարում որևէ մեկին կյանքից զրկել, ապա համապատասխան հիմնավորում ու ակնհայտ պատճառ լինելու դեպքում կարող է դա անել, բայց պետք է զգուշանա ուրիշի ունեցվածքը սեփականելուց, քանզի հնարավոր է, որ մարդիկ քեզ ներեն իրենց հոր սպանությունը, բայց ունեցվածքի կորստի հետ հաշտվել չեն կարող։ Առավել ևս, որ ունեցվածքի առգրավման պատճառներ միշտ էլ կան, ու, եթե սկսես գռփել, ապա ուրիշինը յուրացնելու առիթ միշտ էլ կգտնվի, մինչդեռ որևէ մեկին կյանքից զրկելու հիմքերն անհամեմատ քիչ են և պատրվակ գտնելն ավելի դժվար։
Բայց, երբ տիրակալն իր տնօրինության տակ բազմահազարանոց զորք ունի, առավել ևս չպիտի անհանգստանա դաժան համարվելուց, քանզի, եթե դաժան մարդու համբավ չունենա, չի կարող պահպանել զորքի միասնությունն ու մարտունակությունը։ Հանիբալի զարմանալի գործերի թվում հիշատակում են նաև հետևյալը․ կռվելու համար օտար երկրներ ուղևորվելով, նա իր հսկայաքանակ ու բազմացեղ զորքը զերծ էր պահում խռովություններից ու գժտություններից թե՛ հաղթանակի, թե՛ պարտության օրերին, ինչը կարելի է բացատրել միայն նրա անմարդկային դաժանությամբ, որը նրա խիզախության ու տաղանդի հետ միասին զորքին պատկառանք ու սարսափ էր ներշնչում։ Եթե նա դաժան չլիներ, նրա մյուս հատկություններն էլ ըստ արժանվույն չէին գնահատվի։ Մինչդեռ, պատմական աշխատությունների հեղինակները մի կողմից փառաբանում են բուն սխրանքը, մյուս կողմից՝ առանց խորը մտածելու պարսավում այն ծնող գլխավոր պատճառը։
Թե որքանով է ճիշտ այն պնդումը, թե զորավարի համար բավական չէ օժտված լինել միայն խիզախությամբ ու տաղանդով, ցույց է տալիս Սցիպիոնի օրինակը, որը մի բացառիկ անձնավորություն էր ոչ միայն իր ժամանակակիցների, այլև ընդհանրապես բոլոր մարդկանց մեջ։ Նրա զորքերը Իսպանիայում խռովություն բարձրացրին, քանի որ չափից ավելի մեղմաբարո լինելով, նա զինվորներին ավելի մեծ ազատություն էր տվել, քան թույլատրելի էր զինվորական կանոնադրությամբ։ Հենց այս հատկության համար էլ Ֆաբիոս Մաքսիմուսը սենատում նրան անվանեց հռոմեական զորքի ապականիչ։ Խստակամության նույն այդ պակասի պատճառով Սցիպիոնը չպաշտպանեց լոկրեցիներին։ Լսելով, որ իր լեգատներից մեկը թալանում է նրանց, նա լեգատին չպատժեց անպատկառության համար։ Իզուր չէ, որ սենատում, ցանկանալով նրան արդարացնել, մեկն ասել էր, թե նա պատկանում է մարդկանց այն տեսակին, ում համար ավելի հեշտ է սխալներ չգործել, քան սխալների համար պատժել ուրիշներին։ Ժամանակի ընթացքում Սցիպիոնի բնավորության այդ գծի պատճառով կարող էր տուժել նաև նրա բարի անունն ու մթագնվել փառքը, եթե նա գործեր միանձնյա։ Բայց նա գտնվում էր սենատի իշխանության ներքո, ուստիև նրա բնավորության այդ գծերը ոչ միայն աղետաբեր հետևանքներ չունեցան, այլև ավելի մեծ փառք բերեցին նրան։
Եվ այսպես, վերադառնալով այն վեճին, թե տիրակալին սիրե՞լն է գերադասելի, թե՞ նրանից վախենալը, կասեմ, որ տիրակալներին սիրում են սեփական հայեցողությամբ, բայց վախենում են տիրակալների հայեցողությամբ, ուստի խելացի տիրակալը պետք է հույսը դնի այն բանի վրա, ինչն իրենից է կախված և ոչ թե ուրիշից։ Կարևորն այստեղ լոկ այն է, որ հպատակներիդ մեջ քո հանդեպ ատելություն չհարուցես, ինչպես ասվել է վերևում։
== Գլուխ XVIII։ Այն մասին, թե տիրակալներն ինչպես պիտի իրենց խոսքը պահեն ==
Ավելորդ է ասել, թե որքան գովելի են տիրակալի խոստումնապահությունը, ուղղամտությունն ու բարեխղճությունը։ Սակայն, մենք փորձից գիտենք, որ մեր օրերում մեծ գործեր կատարել հաջողվել է միայն նրանց, ովքեր միշտ երդմնազանց են եղել և կարողացել են, ում որ պետք է մատների վրա խաղացնել։ Այդպիսի տիրակալները շատ ավելի մեծ հաջողությունների են հասել, քան նրանք, ովքեր գերադասել են ազնիվ լինել։
Պետք է գիտենալ, որ թշնամու դեմ կարելի է պայքարել երկու եղանակով․ առաջին՝ օրենքներով, երկրորդ՝ ուժով։ Առաջին եղանակր բնորոշ է մարդուն, երկրորդը՝ գազանին, բայց քանի որ առաջինը հաճախ անբավարար է, ապա ստիպված ենք լինում դիմել նաև երկրորդին։ Այստեղից հետևում է, որ տիրակալը պետք է յուրացնի այն, ինչը բնորոշ է և՛ մարդուն և՛ գազանին։ Արդյո՞ք այլաբանորեն սա չեն մեզ հուշում անտիկ հեղինակները, պատմելով, թե ինչպես են Աքիլեսին ու հնադարյան մյուս հերոսներին դաստիարակության տվել իմաստուն կենտավրոս Քիրոնին։ Այլապես ո՞րն է որպես դաստիարակ կես մարդ֊կես գազան ընտրելու իմաստը, եթե ոչ այն, որ տիրակալն իր մեջ պետք է համատեղի այդ երկու էությունները, քանզի մեկն առանց մյուսի բավականաչափ ուժ չունի։
Այսպիսով, բոլոր գազաններից տիրակալը թող նմանվի երկուսին՝ առյուծին ու աղվեսին։ Առյուծը վախենում է թակարդներից, իսկ աղվեսը՝ գայլերից, ուրեմն պետք է աղվեսի նմանվել, որպեսզի կարողանաս թակարդները շրջանցել և առյուծի, որպեսզի գայլերին վախեցնես։ Միշտ առյուծի նմանվողը, կարող է չնկատել թակարդը։ Այդտեղից հետևում է, որ խելամիտ տիրակալը չի կարող և չպիտի հավատարիմ մնա խոստմանը, եթե դա վնաս է հասցնում իր շահերին և, առավել ևս, եթե արդեն վերացել են այն պատճառները, որոնք նրան հարկադրել են խոստում տալ։ Սույն խորհուրդը կարող էր անարժան համարվել, եթե մարդիկ ազնվորեն տեր կանգնեին իրենց խոսքին, բայց ապիկարության պատճառով նրանք դրժում են խոստումը, ուստի դու էլ պիտի նրանց հետ նույն կերպ վարվես։ Իսկ խոստումը խախտելու հարմար պատրվակ միշտ էլ կգտնվի։ Դրա օրինակները բազմաթիվ են. որքա՜ն խաղաղության պայմանագրեր, որքա՜ն համաձայնություններ ուժի մեջ չմտնելով հող ու մոխիր են դարձրել միայն այն պատճառով, որ տիրակալներն իրենց խոսքին հավատարիմ չեն եղել, ընդ որում, միշտ շահել է նա, ով աղվեսի բնույթ է ունեցել։ Սակայն այդ բնույթը պետք է նաև քողարկել կարողանալ։ Պետք է հնարամտություն դրսևորել խաբելու և կեղծավորություն անելու գործում, թեև մարդիկ այնքան միամիտ են ու այնպես թաղված առօրյա հոգսերի մեջ, որ խաբողը միշտ էլ կգտնի նրան, ով թույլ կտա իրեն հիմարացնել։
Ժամանակի առումով մեզ մոտակա օրինակներից չեմ կարող չհիշել մեկը. Ալեքսանդր VI-ը ամբողջ կյանքում վարպետանում էր խաբեությունների մեջ, բայց նրան հավատացողներ միշտ էլ գտնվում էին։ Ամբողջ աշխարհում չկար մեկը, որը կեղծ երդումներ տալով այդպես հավատացներ, այդպես համոզիչ ձևով խոստանար և այդքան քիչ մտահոգվեր խոստումները կատարելու, մասին։ Այնուամենայնիվ, նրան միշտ հաջողվում էր իր ուզածի պես խաբել, որովհետև, գիտեր նման գործելակերպի օգուտը։ Սրանից հետևում է, որ տիրակալի համար պարտադիր չէ օժտված լինել նշված բոլոր առաքինություններով, բայց հույժ անհրաժեշտ է ցույց տալ, որ օժտված է։ Կհանդգնեմ ավելացնել, որ առաքինություններով օժտված լինելն ու անշեղորեն դրանց հետևելը վնասակար է, մինչդեռ այդպիսին երևալը օգտակար։ Այլ կերպ ասած, մարդկանց աչքում պետք է երևալ կարեկից, խոստումնապահ, գթասիրտ, անկեղծ, բարեպաշտ և իրականում լինել այդպիսին, բայց ներքուստ պետք է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում դրսևորել նաև հակառակը։ Պետք է հասկանալ, որ տիրակալը, հատկապես նոր տիրակալը չի կարող կատարել այն ամենը, ինչը համապատասխանում է լավ մարդու մասին մեր ունեցած պատկերացումներին, քանզի պետությունը պահպանելու համար նա հաճախ է ստիպված լինում երդմնազանց լինել՝ ընդսմին, դրսևորելով անգթություն, դաժանություն ու անազնվություն։ Ներքուստ նա պետք է միշտ պատրաստ լինի փոխել գործելակերպը, եթե դեպքերն այլ ընթացք ստանան, կամ ճակաաագրի քամին այլ ուղղությամբ փչի, այսինքն, ինչպես ասվել է, կարելվույն չափ չհեռանա բարուց, բայց հարկ եղած դեպքում չխորշի նաև չարից։
Եվ այսպես, տիրակալը պետք է աչալրջորեն հետևի, որ բերանից այնպիսի մի խոստում չթռցնի, որը չի կարող կատարվել նշված հինգ առաքինություններով օժտված լինելու դեպքում։ Իրեն տեսնողներին ու լսողներին նա թող ներկայանա իբրև համակ գթասրտություն, ուղղամտություն, մարդկայնություն ու բարեպաշտություն, հատկապես բարեպաշտություն։ Որովհետև, մարդիկ մեծ մասամբ դատում են ըստ արտաքին հատկանիշների, քանզի տեսնել կարող են բոլորը, բայց ի մոտո զննել՝ քչերը։ Ամեն մեկն էլ տեսնում է, թե դու ինչպիսին ես թվում, քչերն են զգում, թե իրականում ով ես դու, սակայն այս վերջինները չեն համարձակվի վիճարկել մեծամասնության կարծիքը, որի թիկունքին պետությունն է կանգնած։ Օրենքից վեր կանգնած բոլոր մարդկանց, հատկապես, տիրակալների գործերի մասին դատում են ըստ արդյունքի, ուստի տիրակալները թող աշխատեն պահպանել իշխանությունն ու հաղթանակ տանել։ Այդ նպատակների համար ինչ միիցներ էլ որ գործադրվեն, դրանք միշտ էլ կարդարացվեն ու կխրախուսվեն, քանզի ամբոխը հմայվում է լոկ արտաքին փայլից, իսկ աշխարհում ամբոխից զատ ուրիշ ոչինչ չկա։ Փոքրամասնությունն այնտեղ ձայն չունի, որովհետև, պետությունը կանգնած է մեծամասնության թիկունքին։ Ներկայիս տիրակալներից մեկը, որի անունը չեմ ուզում տալ, շարունակ իրեն ցուցադրում է որպես խաղաղ և փոխվստահելի հարաբերությունների կողմնակից, մինչդեռ, իրականում թե մեկ և թե մյուս սկզբունքի կատաղի թշնամին է, քանզի, եթե հետևեր իր որդեգրած կեցվածքին, ապա վաղուց զրկված կլիներ կամ հզորությունից կամ պետությունից։
== Գլուխ XIX։ Ինչպես խուսափել ատելությունից ու արհամարհանքից ==
Հիշյալ հատկություններից ամենակարևորները քննարկեցինք, իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանց մասին կխոսեմ համառոտակի, խոհերս նախադրելով մի ընդհանուր կանոնով։ Տիրակալը, ինչպես վերևում մասնավորապես ասվել է, պետք է այնպիսի մի բան չանի, որով կարող է հարուցել հպատակների ատելությունն ու արհամարհանքը։ Եթե դա հաջողվի, ուրեմն նա հասել է իր նպատակին և այլևայլ թերությունները չեն կարող նրան վնասել։ Տիրակալներն ատելություն են հարուցում ընչաքաղցության և իրենց հպատակների ունեցվածքի ու կանանց վրա կատարած ոտնձգությունների պատճառով, որովհետև մարդկանց մեծամասնությունն իր վիճակից գոհ է այնքան ժամանակ, քանի դեռ չեն դիպել նրա արժանապատվությանը կամ գույքին, այնպես որ, եթե տիրակալը ժողովրդի համար ատելի չէ, նրանից դժգոհել կարող են լոկ հատուկենտ գոռոզամիտ մարդիկ, որոնց բերանը դժվար չէ փակել։ Տիրակալներն արհամարհանքի են արժանանում փոփոխամտության, թեթևամտության, փափկակեցության, փոքրոգության ու անվճռականության պատճառով։ Այդ հատկություններից պետք է զգուշանալ, ինչպես կրակից, աշխատելով հակառակն անել՝ յուրաքանչյուր արարքի մեջ ներդնելով մեծահոգություն, անվեհերություն, լրջմտություն ու վճռականություն. հպատակների անձնական գործերին վերաբերող տիրակալի վճիռները պետք է անբեկանելի լինեն՝ ստեղծելով այնպիսի կարծիք, որ ոչ մեկի մտքով անգամ չանցնի, թե կարելի է խաբել կամ խորամանկությամբ գերազանցել նրան։ Իր անվան շուրջը նման կարծիք ստեղծած տիրակալին հարգանքով կվերաբերվեն, իսկ եթե լուր տարածվի, որ նա օժտված է ակնառու արժանիքներով ու վայելում է հպատակների հարգանքը, թշնամիները չեն հանդգնի նրա վրա հարձակվել, կամ նրա դեմ դավադրություն կազմակերպել։ Քանզի տիրակալին երկու վտանգ է դարանակալում. մեկը ներքին հպատակների կողմից, մյուսն արտաքին ուժեղ հարևանների կողմից։ Արտաքին վտանգը կարելի է հաղթահարել լավ զորքի ու լավ դաշնակիցների օգնությամբ, ընդ որում, լավ զորք ունեցողը լավ դաշնակիցներ էլ կգտնի։ Իսկ եթե արտաքին վտանգը հաղթահարվի, ապա երկրի ներսում էլ խաղաղություն կհաստատվի, եթե միայն գաղտնի դավադրություններ չնյութվեն։ Բայց հարձակման դեպքում էլ տիրակալը պիտի չկորցնի արիությունը, քանզի, եթե գործի ասածիս համաձայն, կդիմակայի ցանկացած թշնամու, ինչպես Նաբիդոս Սպարտացին, ում մասին պատմվել է վերևում։
Ինչ վերաբերում է հպատակներիդ, ապա, երբ դրսից վաանգ չկա, միակ բանը, որից պետք է զգուշանալ՝ գաղտնի դավերն են, որոնցից խուսափելու համար, ինչպես արդեն ասվել է, հպատակներիդ մեջ պիտի սեր ու հարգանք ներշնչես անձիդ նկատմամբ։ Դավադրությունը կանխելու բոլոր միջոցներից ամենաստույգը ժողովրդի աչքում ատելի չլինելն է։ Չէ որ դավադիրը միշտ հույս է տածում տիրակալին՝ սպանելով գոհացնել ժողովրդին, բայց, եթե նա համոզված լինի, որ դրանով կշարժի ժողովրդի զայրույթը, կհրաժարվի իր մտադրությունից, քանզի անթիվ են այն դժվարությունները, որոնք ուղեկցում են ցանկացած դավադրությանը։ Ինչպես փորձն է ցույց տալիս, դավադրություններ հաճախ են պատահել, բայց դրանցից քչերն են պսակվել հաջողությամբ։ Իսկ դա բացատրվում է նրանով, որ դավադիրը չի կարող միայնակ գործել և կարող է համաձայնության գալ լոկ նրանց հետ, ովքեր, իր կարծիքով, դժգոհ են իշխանությունից։ Բայց սիրտդ բացելով դժգոհի առջև, դու նրան նույն պահին էլ հնարավորություն ես տալիս դառնալ գոհ մարդկանցից մեկը, որովհետև քեզ մատնելով, նա կարող է իր համար քաղել ամենատարբեր օգուտներ։ Այսպիսով, երբ մի կողմից շահն ակնհայտ է, մյուս կողմից՝ կասկածելի, ընդսմին լի բազում վտանգներով, ապա քեզ չի մատնի լոկ այն գործակիցը, ով կամ ամենահավատարիմ ընկերդ է կամ տիրակալի կատաղի թշնամին։
Կարճ ասած, դավադրի ուղեկիցներն են երկյուղը, կասկածը, հատուցման վախը, իսկ տիրակալը պաշտպանված է իշխանության վեհությամբ, օրենքներով, բարեկամներով ու պետության ամբողջ հզորությամբ, այնպես որ, եթե դրան միանում է նաև ժողովրդի համակրանքը, ապա հազիվ թե որևէ մեկը համարձակվի դավադրություն կազմակերպել։ Քանզի, դավադրի համար վախենալու պատճառ կա դեռ մինչև չարիք գործելը, բայց այն դեպքում, երբ նրա դեմ ժողովուրդն է լարվում, նա վախենալու պատճառ ունի նաև հետո, որովհետև այլևս ոչ ոքից չի կարող ապաստան խնդրել։
Այս առումով ես կարող էի շատ օրինակներ բերել, բայց կսահմանափակվեմ մեկով, որը մեր հայրերը դեռ հիշում էին։ Բոլոնիայի տիրակալ մեսսեր Աննիբալե Բենտիվոլյոն ներկայիս մեսսեր Աննիբալեի պապը, սպանվեց դավադիր Կանեսկիների կողմից, ուրիշ ժառանգ չթողնելով մեսսեր Ջովաննիից բացի, որը տակավին օրորոցի երեխա էր։ Սպանությունից անմիջապես հետո զայրույթով լցված ժողովուրդը կոտորեց բոլոր Կանեսկիներին, որովհետև Բենտիվոլյոների տոհմը այն ժամանակ համրնդհանուր սիրո առարկա էր։ Եվ այդ սերն այնքան զորեղ էր, որ երբ Բոլոնիայում Բենտիվոլյոներից ոչ ոք չմնաց, որն ընդունակ լիներ կառավարելու պետությունը, քաղաքացիները, լսելով Բենտիվոլյոներին արյունակից մի մարդու մասին, որը նախկինում դարբնի որդի էր համարվել, գնացին նրա մոտ Ֆլորենցիա և իշխանությունը հանձնեցին նրան, այնպես որ նա քաղաքը կառավարեց այնքան ժամանակ, քանի դեռ մեսսեր Ջովաննին կառավարելու համար պատշաճ տարիքի չէր հասել։
Խոսքս ավարտելով, մի անգամ էլ ասեմ, որ տիրակալը կարող է չվախենա դավադրություններից, եթե վայելում է ժողովրդի համակրանքը, և, ընդհակառակն, պետք է վախենա բոլորից ու յուրաքանչյուրից, եթե ժողովուրդն ատելություն ու արհամարհանք է տածում նրա հանդեպ։ Բարեշեն պետություններն ու խելացի տիրակալները ջանք չեն խնայում ազնվականությանը չգրգռելու և ժողովրդին սիրաշահելու համար, քանզի դա իշխանավորների ամենակարևոր հոգսերից մեկն է։
Մեր օրերում լավագույնս կառուցված և լավագույնս կառավարվող երկրի օրինակ կարող է ծառայել Ֆրանսիան։ Այնտեղ գործում են թագավորի ազատությունն ու անվտանգությունն ապահովող բազմաթիվ օգտակար հաստատություններ, որոնցից առաջնայինը լիազորություններով օժտված խորհրդարանն է։ Այդ միապետությունը կառուցողը, քաջատեղյակ լիներվ ազնվականության իշխանասիրությանն ու լպիրշությանը, հասկացել է, որ նրա սանձը պիտի ձիգ պահել, մյուս կողմից հաշվի առնելով ազնվականության նկատմամբ տածած ժողովրդի ատելությունը, որը հիմնված է վախի վրա, ցանկացել է պաշտպանել ազնվականությանը։ Սակայն վերոհիշյալը նա չի մտցրել թագավորի պարտականությունների մեջ, որպեսզի ազնվականությունն արքային չմեղադրի ժողովրդին երես տալու, իսկ ժողովուրդը ազնվականությանը հովանավորելու համար ստեղծելով մի միջնորդ հաստատության, որը թագավորին չեզոք պահելով, սանձում է ուժեղներին և սատարում թույլերին։ Դժվար է պատկերացնել ավելի լավ և ավելի կշռադատված համակարգ, ինչպես նաև թագավորի և թագավորության անվտանգության ավելի հուսալի գրավականԼ Այստեղից կարելի է ևս մեկ օգտակար դաս քաղել․ այն, որ տիրակալները հպատակների համար անցանկալի գործերը պետք է հանձնարարեն ուրիշներին, իսկ ցանկալիներն իրենք կատարեն։ Իբրև ամփոփում ասեմ, որ տիրակալը պետք է հարգանք ցուցաբերի ազնվականության նկատմամբ, բայց այնպես, որ ժողովրդի արհամարհանքին չարաժանանա։
Թերևս, շատերը կասեն, որ հռոմեական կայսրերից ոմանց կյանքի և մահվան օրինակը հակասում է վերոհիշյալ կարծիքին։ Ես նկատի ունեմ այն կայսրերին, ովքեր արժանավայել կերպով ապրելով ու քաջակորով լինելով կամ զրկվել են իշխանությունից կամ սպանվել դավադրության հետևանքով։ Ցանկանալով վիճարկել նման առարկությունները, կվերլուծեմ կայսրերից մի քանիսի հատկություններն ու կապացուցեմ, որ նրանց կործանման են հասցրել հենց մատնանշածս պատճառները։ Միաժամանակ, կուզենայի առանձնացնել այն առավել ուսանելին, որ առկա է կայսրերի՝ սկսած Մարկոս֊փիլիսոփայից մինչև Մաքսիմինուս, այսինքն Մարկոսի, նրա որդու Կոմոդի, Պերտինաքսեսի, Հուլիանոսի, Սևերուսի, նրա որդու Անտոնինոս Կարակալլայի, Մաքրինոսի, Հելիոհոբալեսի, Ալեքսանդրի և Մաքսիմինուսի կենսագրության մեջ։
Նախ՝ ասեմ, որ եթե տիրակալը սովորաբար հարկադրված է լինում զսպել ազնվականության փառասիրությունն ու ժողովրդի ապերեսանությունը, ապա հռոմեական կայսրերը ստիպված էին լինում զսպել նաև զորքի դաժանությունն ու ընչաքաղցությունը։Այդ տհաճ պարտականությունը շատերին է կործանման հասցրել, քանզի դժվար է եղել միաժամանակ գոհացնել և՛ ժողովրդին, և՛ զորքին։ Ժողովուրդը խաղաղություն ու անդորր էր տենչում, ուստի գերադասում էր խաղաղասեր կայսրերին, մինչդեռ զինվորները նախապատվությունը տալիս էին ռազմատենչ, մոլեգին, դաժան ու գիշատիչ տիրակալներին, բայց միայն այն պայմանով, որ այդ հատկությունները գործադրվեն ժողովրդի դեմ այնպես, որ իրենք կրկնակի ռոճիկ ստանան ու հագեցնեն իրենց կրքերը։
Այս ամենն անխուսափելիորեն կործանման է հասցրել այն կայսրերին, ովքեր բնածին շնորհք չեն ունեցել կամ ճիգ չեն թափել իրենց անձի նկատմամբ այնպիսի պատկառանք ներշնչել, որպեսզի կարողանան հնազանդ պահել ժողովրդին ու զորքը։ Կայսրերի մեծ մասը, հատկապես նրանք, ովքեր ոչ թե ժառանգաբար են ստացել կայսերական իշխանությունը, այլ օժտվել դրանով, հայտնվելով երկու քարի արանքում, գերադասելով հաճոյանալ զորքին, անտեսել են ժողովրդին։ Բայց նրանք այլ ելք չեն ունեցել, որովհետև, եթե տիրակալը չի կարող խուսափել հպատակներից ոմանց ատելությունից, ապա պետք է նախ փորձի խուսափել համընդհանուր ատելությունից։ Եթե դա հնարավոր չէ, նա պետք է բոոր ջանքերը դործադրի, որպեսզի ատելի չդառնա ավելի ուժեղների համար։ Ահա թե ինչու, նոր տիրակալները, պաշտպանության ավելի սուր կարիք ունենալով, գերադասել են ոչ թե ժողովրդի, այլ զինվորների կողմն անցնել։ Բայց այս դեպքում էլ են ան հաջողություն կրել, եթե չեն կարողացել նրանց մեջ պատշաճ հարգանք ներշնչել։
Նշված պատճառով, չափավորության կողմնակից, արդարամիտ ու դաժանության թշնամի, հեզահամբույր ու գթասիրտ երեք կայսրերից՝ Մարկոսից, Պերտինաքսեսից և Ալեքսանդրից երկուսը տխուր վախճան են ունեցել։ Միայն Մարկոսն է ապրել ու մահացել մեծագույն փառք ու պատվի մեջ, որովհետև կայսերական իշխանությունը ժառանգակալել էր iure hereditario և Ժողովրդի կամ զորքի կողմից ճանաչվելու կարիք չուներ։ Ավելին, նա իր բազում առաքինությունների շնորհիվ վայելում էր հպատակների հարգանքը, ուստի կարողացավ անհրաժեշտ շրջանակներում պահել և ժողովդին և զորքը նրանց համար լինելով ոչ ատելի, ոչ էլ արհամարհելի։ Ի տարբերություն նրա, Պերտինաքսեսը կայսր դարձավ զինվորների կամքին հակառակ, որոնք Կոմոդի օրոք շվայտ կյանքի վարժվելով, չկարողացան համակերպվել ազնվորեն ապրելու Պերտինաքսեսի պահանջներին, և քանի որ նրան ատում էին ու, դրանից բացի, նաև արհամարհում ծերության պատճառով, ուստի նրան սպանեցին կառավարման հենց սկզբում։
Այս կապակցությամբ պետք է նշել, որ լավ գործերով էլ կարելի է սեփական անձի նկատմամբ ատելություն հարուցել ճիշտ այնպես, ինչպես վատ գործերով, ուստի տիրակալը, ինչպես արդեն ասել եմ, հաճախ է ստիպված լինում հանուն պետության պահպանման հրաժարվել լավից, որովհետև եթե հպատակների այն մասը, որի պաշտպանության կարիքն ունի տիրակալը, լինի դա ժողովուրդը, ազնվականությունը թե զորքը, բարոյալքված է, ապա տիրակալն էլ նրանց համակրանքը շահելու համար ստիպված պետք է գործի համապատասխան ձևով։ Այդ դեպքում լավ գործերը կարող են նրան վնասել։ Բայց անցնենք Ալեքսանդրին։ Նա, ինչպես գովեստով պատմում են, այնքան մեղմաբարո մարդ էր, որ նրա կառավարման տասնչորս տարիների ընթացքում առանց դատվելու ոչ ոք մահապատժի չի ենթարկվել։ Եվ, այնուամենայնիվ, նրան արհամարհում էին չափից ավելի փափկակյաց լինելու և մոր խորհրդով շարժվելու համար, ուստի նա ևս սպանվեց զորքերի մեջ տեղ գտած դավադրության հետևանքով։
Ի տարբերություն այդ երեքի, Կոմոդը, Սևերուսը, Անտոնինոս Կարակալլան և Մաքսիմինուսը աչքի էին ընկնում ծայրահեղ ագահությամբ ու դաժանությամբ։ Զորքի համակրանքը շահելու համար նրանք ամեն կերպ հարստահարում ու ճնշում էին ժողովրդին, և Սևերուսից բացի, նրանք բոլորն էլ տխուր վախճան ունեցան։ Իսկ Սևերուսը հռչակվեց այնպիսի քաջագործություններով, որ զինվորների համակրանքը չկորցրեց մինչև կյանքի վերջն ու բարեհաջող կառավարեց, թեև կեղեքում էր ժողովրդին։ Նրա բացառիկ խիզախությունը ժողովրդին վախեցնում ու ապշեցնում էր, իսկ զորքին ակնածանք էր ներշնչում։ Եվ քանի որ որպես նոր տիրակալ նրա կատարած գործերը հիանալի են և ուշագրավ, ապա կուզենայի մանրամասների մեջ չմտնելով, ցույց տալ, թե ինչպես է նա կարողացել նմանվել մեկ առյուծի, մեկ աղվեսի, որոնց, ինչպես արդեն ասել եմ, հարկ է, որ նմանվեն տիրակալները։
Լսելով Հուլիանոս կայսեր թուլակամության մասին, Սևերուսը Սլավոնիայում իր ենթակայության տակ գտնվող զինվորներին համոզեց, որ պետք է գնալ Հռոմ՝ առնելու պրետորականների կողմից սպանված Պերտինաքսես կայսեր մահվան վրեժը։ Այդ պատրվակով էլ նա զորքերը շարժեց դեպի Հռոմ՝ թաքուն պահելով կայսերական իշխանության հասնելու իր մտադրությունը և Իտալիա ժամանեց ավելի շուտ, քան այնտեղ կհասներ նրա գալու լուրը։ Երբ նա մտավ հռոմ, սենատը, վախից դրդված նրան կայսր հռչակեց՝ հրամայելով սպանել Հուլիանոսին։ Սակայն, Սևերուսի ճանապարհին դեռ էլի երկու արգելք կար։ Ասիայում ասիական զորքերի հրամանատար Պեսցենիոս Նիգերն էր իրեն կայսր հռչակել, իսկ արևմուտքում նրա մրցակիցը դարձավ Ալբինոսը։ Երկուսի դեմ բացեիբաց գործելը վտանգավոր էր, ուստի Սևերուսը որոշեց Նիգերի դեմ ճակատամարտ տալ, իսկ Ալբինոսին վերացնել խորամանկությամբ։ Վերջինիս նա գրեց, որ սենատից կայսեր կոչում ստանալով՝ կամենում է այդ պատիվը նրա հետ կիսել, ուստի խնդրում է ընդունել կայսեր տիտղոսն ու սենատի որոշմամբ նրան հռչակում է իշխանակից։ Ալբինոսն այդ ամենն ընդունեց իբրև ճշմարտություն։ Բայց այն բանից հետո, երբ Նիգերի զորքը ջախջախվեց, իսկ նա սպանվեց, և արևելքում գործերը կարգի բերվեցին, Սևերուսը վերադառնալով Հռոմ, սենատին մի բողոք ներկայացրեց, որով Ալբինոսին մեղադրեց երախտամոռության և իր՝ Սևերուսի դեմ մահափորձ կատարելու մեջ, ինչի պատճառով նա իբր հարկադրված է մեկնել Հռոմից, որպեսզի պատժի Ալբինոսին։ Որից հետո նա Ալբինոսին Ֆրանսիայում բռնեցնելով, նրան զրկեց և՛ իշխանությունից, և՛ կյանքից։ Խորհելով Սևերուսի գործողությունների մասին, համոզվում ենք, որ նա գործել է մերթ որպես կատաղի առյուծ, մերթ որպես խորամանկ աղվես, որ նա բոլորին վախ ու հարգանք է ներշնչել և չի հարուցել զորքի ատելու թյունը։ Ուստի մեզ համար զարմանալի չէ, թե ինչպես է նրան՝ նոր տիրակալին հաջողվել այդպես ամրապնդել իր իշխանությունը։ Հպատակներին հարստահարելով, նա ատելի չէր դառնում, որովհետև անխոցելի էր դարձել իր փառքի շնորհիվ։ Նրա որդին՝ Անտոնինոսը, նույնպես նշանավոր դեմք էր, մի իսկական ռազմիկ, որը կարողացավ ոչ միայն ժողովրդի վրա մեծ տպավորություն գործել, այլև խստակյաց ու սակավապետ լինելով՝ շահել նաև զինվորների համակրանքը։ Բայց անսանձ կատաղության ու դաժանության պատճառով, որը նրան դրդեց բազմաթիվ սպանություններ կատարել՝ ոչնչացնելով Ալեքսանդրիայի բոլոր բնակիչներին ու Հռոմի բնակիչների կեսին, նա ատելի դարձավ բոլոր հպատակների աչքում, և սարսափազդու՝ նույնիսկ մերձավորների համար, ուստի սպանվեց իր ցենտուրիոններից մեկի ձեռքով՝ զորքի աչքի առաջ։
Այստեղ տեղին է նշել, որ ամեն ոք, ում համար կյանքը արժեք չունի, կարող է տիրակալի դեմ մահափորձ կատարել, այնպես որ չկա մի ստույգ միջոց, որի շնորհիվ կարելի լիներ խուսափել մոլագար մեկի ձեռքով սպանվելուց։ Բայց դրանից պետք չէ այդքան էլ վախենալ, որովհետև նման մահափորձերը խիստ հազվադեպ են պատահում։
Կարևորն այն է, որ քեզ շրջապատող պաշտոնյաներին ու քեզ մոտ ծառայության մեջ գտնվող մարդկանց չվիրավորես, այսինքն՝ Անտոնինոսի նման չվարվես, որն անարգ մահվան էր դատապարտել այն ցենտուրիոնի եղբորն ու ամեն օր մահվամբ էր սպառնում նաև նրան, պահելով, սակայն, իր թիկնապահների թվում։ Դա անմտություն էր և չէր կարող չավարտվել Անտոնինոսի սպանությամբ, ինչն էլ, ինչպես գիտենք, տեղի ունեցավ։
Հիմա անցնենք Կոմոդին։ Մարկոսի որդին լինելով, նա կարող էր առանց ճիգ թափելու պահպանել ժառանգությամբ իրեն բաժին հասած իշխանությունը։ Եթե նա հետևեր հոր օրինակին, ապա դրանով մեծապես կշահեր և՛ ժողովրդի և՛ զորքերի բարեհաճությունը, բայց որպես դաժան ու եղկելի մարդ, նա սկսեց անկարգապահություն խրախուսելով հաճոյանալ զորքին՝ նրա օգնությամբ ժողովրդին թալանելու համար։ Սակայն, զորքի արհամարհանքին արժանացավ նրանով, որ իր կայսերական աստիճանը նսեմացնելով, արենայում մենամարտի էր բռնվում գլադիատորների հետ, ընդսմին, կատարելով կայսերական մեծությանն անհարիր բազմաթիվ այլ նողկալի գործեր։ Ոմանց համար ատելի, մյուսներից արհամարհված նա սպանվեց իր մերձավորների շրջանում հասունացած դավադրության հետևանքով։
Մնում է պատմել Մաքսիմինուսի հատկությունների մասին։ Սա մի բացառիկ ռազմատենչ մարդ էր, և այն բանից հետո, երբ Ալեքսանդրն իր փափկակեցության պատճառով զայրացրեց զորքին, վերջինս կայսր հռչակեց Մաքսիմինուսին։ Բայց նրան չհաջողվեց երկար կառավարել, որովհետև զորքի մեջ ատելություն ու արհամարհանք առաջացրեց նախ նրանով, որ մի ժամանակ խաշնարած էր եղել Թրակիայում, և այդ հանրահայտ փաստը հպատակների աչքում անպատիվ բան էր համարվում, և ապա կայսր դառնալով, նա չշտապեց Հռոմ գնալ՝ ընդունելու կայսերական տիտղոսանշանները։ Բացի այդ, հռչակվեց դաժանությամբ իր պրեֆեկտների միջոցով Հռոմում և այլուրեք արյունալի հաշվեհարդարներ կազմակերպելով։ Ստորին ծագման պատճառով նրա նկատմամբ եղած արհամարհանքը խորացավ նրա վայրագությունների հանդեպ ունեցած վախից ծնված ատելությամբ։ Այնպես որ, նրա դեմ նախ ոտքի կանգնեց Աֆրիկան, ապա՝ սենատն ու ամբողջ հռոմեական ժողովուրդը և, վերջապես, դավադրության մեջ ներքաշվեց ամբողջ Իտալիան։ Դավադրությանը միացան նաև Ակվիլեան պաշարած նրա զինվորները, որոնք նրա դաժանության ու պաշարման դժվարությունների պատճառով զայրացած լինելով և տեսնելով, որ կայսրը շատ թշնամիներ ունի, սիրտ առան ու սպանեցին նրան։
Ես չեմ անդրադառնա Հելիոհոբալեսին, Մակրինոսին ու Հուլիանոսին, որովհետև դրանք եղել են միանգամայն աննշան ու անփառունակ տիրակալներ, այլ կանցնեմ եզրափակմանը։
Մեր ժամանակներում տիրակալներն այդքան էլ կարիք չունեն զորքին հաճոյանալու։ Ճիշտ է, զորքը հիմա էլ է հոգածություն պահանջում, սակայն դա դյուրավ հաղթահարելի խնդիր է, որովհետև մեր օրերում տիրակալը կարիք չունի շփվելու զինվորների հետ, որոնք անմիջականորեն գտնվում են առանձին նահանգների կառավարիչների ու իշխանությունների ենթակայության ներքո, ինչպես եղել է հռոմեական կայսրության օրոք։ Ուստի, եթե այն ժամանակ ստիպված էին լինում նախ զինվորներին գոհացնել, որովհետև զորքն էր մեծ ուժ ներկայացնում, ապա մեր ժամանակներում թուրքական ու եգիպտական սուլթաններից բացի, բոլոր տիրակալների գլխավոր հոգսը ժողովրդին գոհացնելն է, որովհետև ժողովուրդը մեծ ուժ է ներկայացնում։
Թուրքական սուլթանը մյուս տիրակալներից տարբերվում է նրանով, որ իր տրամադրության տակ ունի տասներկուհազարանոց հետևակ և տասնհինգհազարանոց հեծելազոր, որոնք ապահովում են նրա տերության ամրությունն ու անվտանգությունը։ Այդպիսի տիրակալը հարկադրված է մի կողմ թողնելով մյուս հոգսերը, ջանք թափել զորքի հետ հաշտ լինելու համար։ Նույն կերպ էլ Եգիպտոսի սուլթանը, որը կախման մեջ է զինվորներից։ Նա ստիպված է, թեկուզև ի վնաս ժողովրդի, լեզու գտնել զորքերի հետ։ Նկատի ունեցեք, որ Եգիպտոսի սուլթանի պետությունն իր կառուցվածքով տարբերվում է մնացած բոլոր պետություններից և քրիստոնեական աշխարհում համեմատելի է միայն պապականության հետ։ Այն չի կարելի ժառանգական անվանել, քանի որ սուլթանի հաջորդներ են համարվում ոչ թե նրա զավակները, այլ նա, ով հաջորդ է ընտրվում հատուկ դրա համար լիազորված անձանց կողմից։ Բայց այն չի էլ կարելի նաև նոր անվանել, քանզի այդ կարգը վաղուց է գործում, և սուլթանի առաջ չեն ծառանում այն դժվարություններից և ոչ մեկը, որոնց բախվում են նոր տիրակալները։ Այսպիսով, թեև պետության մեջ նոր սուլթան է ընտրվում, սակայն այնտեղ շարունակում են գործել հին հաստատություններրը՝ իշխանության հաջորդափոխությունն ապահովելով ճիշտ այնպես, ինչպես սովորական ժառանգակալության դեպքում։
Բայց դառնանք խնդրո առարկային։ Վերևում ասվածից հետևում է, որ կայսրերի կործանման գլխավոր պատճառը եղել է կամ նրանց նկատմամբ գոյություն ունեցող ատելությունը կամ արհամարհանքը։ Ուստի հասկանալի է դառնում, թե ինչու են հակոտնյա միջոցներով գործող անձանցից միայն երկուսը երջանիկ վախճան ունեցել, իսկ մյուսները սպանվել անգթաբար։ Բանն այն է, որ Պերտինաքսեսն ու Ալեքսանդրը չհասկացան, որ իրենց համար, որպես նոր տիրակալների, անօգուտ և նույնիսկ վնասակար է ընդօրինակել ժառանգության իրավունքով կայսր դարձած Մարկոսին, իսկ Կոմոդի և Մաքսիմինուսի համար կործանարար եղավ Սևերուսին ընդօրինակելը, որովհետև նրանք օժտված չէին այնպիսի խիզախությամբ, որը նրանց թույլ տար կրկնել նրա արարքները։ Ըստ էության, նոր տիրակալը նոր պետության մեջ չպիտի նմանվի Մարկոսին կամ ընդօրինակի Սևերուսին, բայց պետք է Սևերուսից փոխ առնի այն, առանց որի չի կարելի նոր պետություն ստեղծել, իսկ Մարկոսից այն ամեն լավագույնն ու արժեքավորը, ինչն անհրաժեշտ է արդեն կայունություն ու ամրություն ձեռք բերած պետությունը պահպանելու համար։
== Գլուխ XX։ Ամրոցների և շատ այլ բաների օգտակարության մասին ==
Տիրակալներից ոմանք իրենց իշխանությունն ամրապնդելու համար զինաթափում են հպատակներին, մյուսները նվաճված քաղաքներում քաղաքացիների միջև երկպառակություններ հրահրում, ոմանք կանխամտածված ձևով իրենց համար թշնամիներ են ստեղծում, մյուսները, իշխանություն ձեռք բերելով, գերադասում են արժանանալ նրանց բարեհաճությանը, ում կասկածով են վերաբերվել, ոմանք ամրոցներ են կառուցում, ոմանք էլ կողոպտում ու հիմնահատակ ավերում դրանք։ Դժվար է ասել, թե այդ միջոցներից որն է նախընտրելի, եթե չգիտենք, թե ինչպիսին են եղել հանգամանքներն այն պետություններում, որտեղ կայացվել է այս կամ այն վճիռը։ Այնուամենայնիվ, կփորձեմ խոսել դրանց մասին՝ մանրամասնությունները բաց թողնելով այնքանով, որքանով որ թույլ է տալիս բուն նյութը։
Եվ այսպես, երբեք չի պատահել, որ նոր տիրակալները զինաթափեն հպատակներին, ընդհակառակը, նրանց միշտ զինել են, եթե նրանք եղել են անզեն, որովհետև զինելով հպատակներիդ քո բանակն ես ստեղծում։ Ձեռք բերելով ոմանց, և ամրապնդելով մյուսների հավատարմությունը՝ հպատակներիդ դարձնում ես քեզ կողմնակից։ Բոլոր հպատակներին անհնար է զինել, բայց եթե գերադասություն տրվի թեկուզև նրանց մի մասին, ապա դա թույլ կտա մեծ վստահությամբ հույս դնել նաև մյուսների վրա։ Առաջինները, տեսնելով, որ գերադասությունն իրենց է տրվել, երախտապարտ կլինեն քեզ, իսկ մյուսները կներեն, մտածելով, որ ընտրյալներ են դառնում նրանք, ում վրա ավելի մեծ պարտականություններ են դրված և ովքեր ավելի մեծ վտանգների են ենթարկվում։ Բայց հպատակներիդ զինաթափելով, քո անվստահությամբ կվիրավորես նրանց և դրանով իսկ վախկոտություն ու կասկածամտություն կդրսևորես, իսկ այդ երկու հատկությունների համար տիրակալներին չեն ներում։ Եվ քանի որ առանց զորքի կառավարել չես կարող, ուրեմն պիտի ստիպված լինես դիմել վարձկաններին, իսկ թե ինչ արժեն վարձկան զորքերը, այդ մասին արդեն ասել ենք, բայց դրանք, եթե նույնիսկ ղերազանց զինվորներ էլ լինեն, միևնույն է քեզ չեն կարող պաշտպանել հզոր թշնամիներից ու անհավատարիմ հպատակներից։
Ի դեպ, ինչպես արդեն ասել եմ, նոր տիրակալները նոր պետություններում միշտ սեփական զորք են ստեղծել, ինչը հաստատվում է պատմական բազմաթիվ օրինակներով։ Բայց, եթե տիրակալը նոր տիրույթները միացնում է հին պետությանը, ապա նոր հպատակներին հարկավոր է զինաթափել, բացառություն կատարելով միայն նրանց համար, ովքեր աջակցել են նվաճմանը, բայց պետք է այնպես անել, որ վերջիններս փափկակեցության վարժվեն ու թուլանան, ի վերջո բանը հանգեցնելով նրան, որ ամբողջ զորքի մեջ մնան միայն տիրակալի հարևանությամբ ապրող բնիկ հպատակներ։
Մեր իմաստուն նախնիներից ոմանք այն կարծիքն են հայտնել, որ Պիստոյան պետք է պահել երկպառակություններով, իսկ Պիզան ամրոցներով, ուստի իշխանությունն ամրապնդելու համար իրենց ենթակա որոշ քաղաքներում հրահրել են երկպառակություններ։ Այն օրերին, երբ Իտալիան գտնվում էր հարաբերական հավասարակշռության մեջ, նման գործելակերպը կարող էր արդարացվել։ Բայց հազիվ թե վերոհիշյալ պատգամը պիտանի լինի մեր Ժամանակներում, քանզի համոզված չեմ, որ պառակտումները երբևէ կարող են լավ բանի հասցնել։ Ավելին, թշնամու հարձակման դեպքում պարտությունն անխուսափելի կլինի, որովհետև ավելի թույլ կողմը կմիանա հարձակվողներին, իսկ ուժեղը չի կարող միայնակ պաշտպանել քաղաքը։
Վենետիկցիներն իրենց ենթակա քաղաքներում հավանաբար, նշածս նույն պատճառներով, խրախուսում էին գվելֆների ու գիրելինների թշնամությունը։ Չթողնելով, որ բանն արյունահեղության հասնի, նրանք քաղաքացիներին հրահրում էին միմյանց դեմ, որպեսզի թշնամություն սերմանելով նրանց թուլացնեն։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա վենետիկցիներին օգուտ չտվեց։ Վայլայի մոտ կրած ջախջախիչ պարտությունից հետո, նախ քաղաքներից մի քանիսը, իսկ այնուհետև՝ նաև մյուսները, համարձակվեցին անջատվել նրանցից։
Այսպիսով, նման միջոցները վկայում են իշխողի թուլության մասին, որովհետև ամուր և վճռական իշխանությունը երբեք պառակտում չի հանդուրժի, որը եթե խաղաղ ժամանակ տիրակալի համար օգտակար է, քանզի օգնում է զսպել հպատակներին, ապա պատերազմի ժամանակ ակնհայտորեն ունենում է կործանարար հետևանքներ։
Անվիճելի է, որ, տիրակալներն ազդեցություն են ձեռք բերում խոչընդոտներ հաղթահարելով և թշնամիներին ջախջախելով։ Ահա թե ինչու, ճակատագիրը, կամենալով մեծարել նոր տիրակալին, որին ինքնահաստատումն ավելի է հարկավոր, քան գահը ժառանգողին,― ինքն է նրան թշնամիներ ուղարկում՝ հարկադրելով մենամարտել ու հաղթել նրանց, որպեսզի նրանց դիակների վրայով ըստ հնարավորին՝ ավելի վեր բարձրանա։ Սակայն շատերի կարծիքով, խելացի տիրակալը, բարենպաստ հանգամանքների առկայության դեպքում, ինքը պիտի արհեստականորեն իր համար թշնամիներ ստեղծի, որպեսզի նրանց հաղթելով էլ ավելի մեծարվի։
Հաճախ է պատահում, որ հատկապես նոր տիրակալները ժամանակի ընթացքում համոզվում են, որ առավել նվիրված ու օգտակար են այն մարդիկ, ովքեր սկզբում վստահելի չեն թվացել։ Սիենայի տիրակալ Պանդոլֆո Պետրուչին իր պետությունը կառավարելիս մյուսներից ավելի վստահում էր նրանց, ում նախկինում կասկածելի էր համարել Բայց այստեղ չի կարելի վերացական դատողություններ անել, քանզի ամեն ինչ կախված է փոփոխվող հանգամանքներից։ Կասեմ միայն, որ նախկինում տիրակալի նկատմամբ թշնամաբար տրամադրված անձանց համակրանքը հեշտությամբ կարելի է շահել, եթե նրանց լինել-չլինելու հարցը կախված լինի տիրակալի բարեհաճությունից։ Այսպիսի դեպքերում նրանք կրկնակի եռանդով կծառայեն նրան, որպեսզի գործով ապացուցեն, որ իրենց մասին նախկինում թյուր կարծիք է եղել։ Ուստի, տիրակալի համար նրանք միշտ ավելի օգտակար կլինեն, քան այն մարդիկ, ովքեր չարաշահելով իրենց արտոնյալ վիճակը, մտահոգված են միայն սեփական բարօրությամբ։
Այսպիսով, քննարկվող նյութի թելադրանքով կուզենայի հիշեցնել այն տիրակալներին, ովքեր իշխանության են հասել քաղաքացիների մի մասի օգնությամբ։ Հարկ է խորհել այն դրդապատճառների մասին, որոնցով առաջնորդվել են քեզ օգնողները, ու եթե պարզվի, որ բանը ոչ թե անձնական նվիրվածությունն է, այլ դժգոհությունը նախկին կառավարումից, ապա նրանց բարեկամությունը պահպանելը չափազանց դժվար կլինի, քանզի անհնար է գոհացնել այդ մարդկանց։ Եթե փորձենք անցյալի ու ներկայի օրինակներով հասկանալ դրա պատճառը, կտեսնենք, որ միշտ ավելի դյուրին է ձեռք բերել այն մարդկանց բարեկամությունը, ովքեր գոհ են եղել նախկին իշխանությունից, ուստիև թշնամաբար են ընդունել նոր տիրակալին, քան պահպանել նրանց բարեկամությունը, ովքեր դժգոհ լինելով նախկին իշխանությունից աջակցել են հեղաշրջմանը։
Վաղուց ի վեր տիրակալներն իրենց իշխանությունն ամրապնդելու համար ամրոցներ են կառուցում, դրանց շնորհիվ նախ՝ դավադիր մարդկանց զսպելու և ապա՝ թշնամու անակնկալ հարձակման դեպքում հուսալի պատսպարան ունենալու համար։ Կարող եմ գովեստով խոսել հնուց եկող այդ սովորույթի մասին։ Սակայն, մենք դեռ հիշում ենք, թե ինչպես մեսսեր Նիկոլո Վիտելին քաղաքն իր ձեռքում պահելու համար հրամայեց քարուքանդ անել Չիտա Դի Կաստելլոյի երկու ամրոցները։ Գվիդո Ուբալդոն, վերադառնարվ իր կալվածքները, որտեղից նրան քշել էր Չեզարե Բորջան, հիմնահատակ ավերեց այդ երկրամասի բոլոր ամրոցները՝ կարծելով, որ այդպես ավելի հեշտ կլինի պահպանել պետությունը։ Բոլոնիա վերադառնալուց հետո նույն կերպ վարվեց նաև Բենտիվոլիոների ընտանիքը։ Սրանից հետևում է, որ ամրոցների օգտակար լինելու կամ չլինելու հարցը կախված է հանգամանքներից։ Ու, եթե մի դեպքում դրանք օգտակար են, ապա մյուս դեպքում դրանցից միայն վնաս է գալիս։ Բացատրեմ ավելի հանգամանորեն։ Այն տիրակալներին, ովքեր ժողովրդից ավելի շատ են վախենում, քան արտաքին թշնամիներից, ամրոցները պետք են, իսկ նրանց, ովքեր արտաքին թշնամիներից են ավելի շատ վախենում, քան ժողովրդից, ամրոցներ հարկավոր չեն։ Միլանում դուքս Ֆրանչեսկո Սֆորցայի կառուցած ամրոցը Սֆորցաների ընտանիքին ավելի մեծ վնաս պատճառեց, քան նրանց պետության մեջ տեղի ունեցած բոլոր խռովությունները։ Դրա համար էլ բոլոր ամրոցներից լավագույնը ժողովրդի համար ատելի չլինելն է։ Ինչ ամրոց էլ որ կառուցես, դա քեզ չի փրկի, եթե ժողովուրդը քեզ ատում է, քանզի, երբ ժողովուրդը զենքի է դիմում, նրան օգնելու համար միշտ էլ հայտնվում են օտարերկրացիները։ Մեր օրերում ամրոցները ոչ ոքի չեն օգնել, թերևս, կոմսուհի Ֆոռլիից բացի, նրա ամուսնու՝ կոմս Ջիրոլամոյի մահվանից հետո։ Ամրոցի շնորհիվ կոմսուհուն հաջողվեց թաքնվել ապստամբ ժողովրդից, սպասել մինչև Միլանից օգնություն կգա և վերստին ստանձնել իշխանությունը։ Ժամանակն այնպիսին էր, որ ժողովրդին ոչ ոք չէր կարող դրսից օգնել։ Սակայն, հետագայում ամրոցներն էլ չօգնեցին կոմսուհուն, երբ նրա ամրոցը պաշարեց Չեզարե Բորջան, իսկ ժողովուրդը, որը թշնամաբար էր տրամադրված կոմսուհու հանդեպ, միացավ օտարերկրացիներին։ Այնպես որ, նրա համար և՛ այն ժամանակ, և՛ նախկինում շատ ավելի խելացի կլիներ ոչ թե ամրոցներ կառուցել, այլ փոքր ինչ ջանք թափել ժողովրդի ատելությունը չհարուցելու համար։
Այսպիսով, քննության ենթարկելով ամբողջ ասվածը, կավելցնեմ, որ հավանություն եմ տալիս և ամրոցներ կառուցողներին, և չկառուցողներին, բայց դատապարտում եմ յուրաքանչյուրին, ով հույսը դնելով ամրոցի վրա, մտահոգված չէ, որ ժողովրդի աչքում ատելի է դարձել։
== Գլուխ XXI։ Ինչ պիտի անի տիրակալը հարգանքի արժանանալու համար ==
Ոչ մի բան այնպես չի վեհացնում տիրակալին, որքան ռազմական ձեռնարկումներն ու բացառիկ արարքները. Ներկայիս տիրակալների մեջ ուսանելի է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ Արագոնացու օրինակը։ Նրան կարելի կլիներ անվանել նոր տիրակալ, քանզի սկզբում թույլ լինելով, կարճ ժամանակամիջոցում իր փառքով ու շուքով նա դարձավ քրիստոնեական աշխարհի առաջին թագավորը։ Նրա բոլոր գործերը կրում են մեծության դրոշմ, իսկ որոշ գործեր ուղղակի ապշեցնում են։ Նա իր հզորության հիմքը դրեց Գրենադայի համար մղած պատերազմում, որը ձեռնարկեց գահ բարձրանալուց շատ չանցած։ Նա, նախ պատերազմն սկսեց այն ժամանակ, երբ երկրի ներսում հանգիստ իրավիճակ էր տիրում, և ոչ մեկից երկյուղելու պատճառ չկար։ Ընդսմին, նա պատերազմի մեջ ներգրավեց կաստիլիացի բարոններին և վերջիններս պատերազմով զբաղված լինելով, մոռացան խռովությունների մասին։ Այդ ժամանակամիջոցում նա անաղմուկ իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունն ու նրանց հնազանդեցրեց։ Բանակը պահելու փողը նրան տվեցին եկեղեցին ու ժողովուրդը։ Քանի դեռ պատերազմը շարունակվում էր, նա կազմավորեց նաև բանակը, որը հետագայում նրան փառք բերեց։ Դրանից հետո է՛լ ավելի նշանակալից ձեռնարկումներ ծրագրելով և դարձյալ գործելով որպես հավատի պաշտպան, նա հանդես բերեց բարեպաշտությամբ քողարկված դաժանություն՝ վտարելով մառանոսներին<ref>Առերես քրիստոնեություն ընդունած, սակայն թաքուն հուդայականություն դավանող հրեաներ ու մավրեր (ծանոթ թարգմ․)։</ref> ու նրանցից մաքրելով թագավորությունը։ Դժվար է պատկերացնել ավելի անգութ և միաժամանակ ավելի բացառիկ քայլ։ Նույն պատրվակով նա հողեր գրավեց Աֆրիկայում, զորքերը մտցրեց Իտալիա և, վերջապես, պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի հետ։ Ահա այսպես, նա ծրագրում ու իրականացնում էր մեծ գործեր՝ մշտական հիացմունքի ու լարման մեջ պահելով հպատակներին, որոնք ակնդետ հետևում էին դեպքերի ընթացքին։ Եվ այդ բոլոր ձեռնարկումներն այնպիսի արագությամբ էին հաջորդում մեկը մյուսին, որ տիրակալի դեմ դավեր նյութելու ժամանակ չէր մնում։
Տիրակալի հզորացմանը նպաստում են նաև պետության ներսում ձեռնարկած քայլերը, որոնք վերագրվում են մեսսեր Բեռնաբո դա Միլանոյին, այլ կերպ ասած, երբ որևէ մեկը քաղաքացիական կյանքում որևէ նշանակալի բան է անում վատ կամ լավ, ապա անհրաժեշտ է արժանացնել պարգևի կամ պատժի այնպես, որ դա հնարավորինս ավելի երկար հիշվի։ Բայց տիրակալի համար ամենագլխավորն այն է, որ նա իր բոլոր արարքներով աշխատի իր համար ստեղծել խելամիտ մարդու համբավ։
Տիրակալին նաև հարգում են, երբ նա բացեիբաց իրեն թշնամի կամ բարեկամ է հայտարարում, այսինքն, երբ առանց տատանվելու հանդես է գալիս ի պաշտպանություն մեկի և ընդդեմ մյուսի,― դա միշտ ավելի լավ է, քան չեզոք մնալը։ Որովհետև, երբ երկու հզոր տիրակալ գոտեմարտի են բռնվում, ապա հնարավոր հաղթողը քեզ համար կամ վտանգավոր է, կամ ոչ։ Երկու դեպքում էլ շահավետ է առանց վարանելու մտնել պատերազմի մեջ։ Քանզի առաջին դեպքում պատերազմին չմասնակցելով կդառնաս հաղթողի ավարը՝ հուրախություն և ի գոհացումն պարտվածի։ Այդ ժամանակ այլևս ոչ մեկից չես կարող պաշտպանություն ակնկալել. հաղթողը երեսը շուռ կտա դաշնակցից, որը նրան լքել է փորձության պահին, իսկ պարտվածը չի կամենա քեզ ապաստանել, քանզի զլացել ես նրան օգնության ձեռք մեկնել։ Անտիոքոսը, որին էտոլացիները հրավիրել էին Հունաստան հռոմեացիներին դուրս քշելու համար, բանագնացներ ուղարկեց աքայացիների մոտ, որոնք հռոմեացիների դաշնակիցներն էին, նրանց համոզելու, որ չմիջամտեն։ Հռոմեացիներն, ընդհակառակը, աքայացիներին համոզեցին մտնել պատերազմի մեջ։ Այնժամ, իրենց անելիքը որոշերւ համար աքայացիներր խորհուրդ գումարեցին, որի ժամանակ Անտիոքոսի պատվիրակը նրանց կոչ արեց զենքի չդիմել, իսկ հռոմեացիների պատվիրակն այսպես ասաց․ «Quod autem isti dicunt non interponcndi vos bello nihil magis alienum rebus vestris est, sine gratia, sine dignitate, premium victoris eritis»<ref>«Ինչ վերաբերում է այն որոշմանը, որը ձեզ առաջարկվում է իբրև ձեր պետության համար ամենալավն ու ամենաշահավետը, այն է՝ չմիջամտել պատերազմին, ապա ձեզ համար ավելի վատ բան լինել չի կարող, քանզի այդպիսի որոշում ընդունելով կմնաք առանց պարգևի ու պատվի՝ դառնալով հաղթողի ավարը» (լատ․)։</ref>։
Եվ միշտ թշնամին կոչ է անում մի կողմ քաշվել, մինչդեռ, բարեկամն առաջարկում է դառնալ իր զինակիցը։ Անվճռական տիրակալները, որպես կանոն, գերադասում են չմիջամտել, որպեսզի խուսափեն վերահաս վտանգից, և, որպես կանոն, դա նրանց կործանում է։
Բայց եթե անվարան անցնես կռվողներից մեկի կողմը և քո դաշնակիցը հաղթի, ապա որքան էլ որ նա հզոր լինի, ինչքան էլ որ նրանից կախված լինես, միևնույնն է նա քեզ պարտական է, իսկ մարդիկ այդքան էլ ապերախտ չեն, որ հարվածեն նաև դաշնակցին։ Բացի այդ, հաղթանակը երբեք այնքան կատարյալ չի լինում, որ հաղթողը համարձակվի իրեն սանձարձակ պահել և նույնիսկ կոխկրտել արդարությունը։ Իսկ եթե քո դաշնակիցը պարտվի, նա քեզ կպատսպարի, և քանի դեռ ի վիճակի է կօգնի, այնպես որ դժբախտության առումով կդառնաս նրա բախտակիցը, իսկ բախտն այնպիսի բան է, որ գուցե մի օր ժպտա նրան։
Երկրորդ դեպքում, երբ պատերազմողներից ոչ մեկից էլ վախենալու հարկ չկա, մեկին կամ մյուսին միանալը է՛լ ավելի խելամիտ քայլ կլինի։ Քանզի մեկի օգնությամբ կջախջախես մյուսին, թեև, եթե այդ առաջինը խելացի լինի, պիտի ոչ թե կործանի այլ փրկի հակառակորդին։ Իսկ հաղթանակից հետո դաշնակցիդ կենթարկես քո իշխանությանը, չէ որ միայն քո օգնությամբ է նրա հաղթանակն ապահովվում։
Այստեղ տեղին է նշել, որ ավելի լավ է խուսափել քեզանից ուժեղների հետ դաշինք կնքելուց, եթե դա թելադրված չէ անհրաժեշտությամբ, որովհետև, ուժեղ դաշնակցիդ հաղթանակի դեպքում կհայտնվես նրա բռի մեջ, իսկ տիրակալները պիտի զգուշանան իրենց նմաններից կախման մեջ ընկնելուց։
Վենետիկցիներն, օրինակ, դաշինք կնքեցին Ֆրանսիայի հետ ընդդեմ Միլանի դքսի, թեև կարող էին խուսափել դրանից։ Հենց դա էլ դարձավ նրանց կործանման պատճառը։ Եթե դաշինքից խուսափելու հնարավորություն չկա, ինչպես ֆլորենցիացիների պարագայում, երբ պապն ու Իսպանիան զորքերը շարժեցին դեպի Լոմբարդիա, ապա տիրակալը պարտավոր է մտնել պատերազմի մեջ, ինչի պատճառները վերևում նշել եմ։ Միայն թե մի կարծիր, որ ընդունածդ որոշումն այլընտրանք չունի, ընդհակառակն, պետք է կանխավ հաշտվել այն մտքի հետ, որ բոլոր որոշումներն էլ կասկածահարույց են, քանզի հայտնի բան է մի անախորժությունից խուսափելով ընկնում ես մյուսի մեջ։ Խելացի է նա, ով ծանրութեթև անելով բոլոր հնարավոր անախորժությունները, չարյաց փոքրագույնը համարում է որպես բարիք։
Տիրակալը նաև պետք է հովանավորի տաղանդներին, հյուրընկալի շնորհալի մարդկանց, խրախուսի այս կամ այն արհեստի կամ արվեստի բնագավառում աչքի ընկածներին։ Նա պետք է քաղաքացիներին խթանի հանգիստ խղճով զբաղվել առևտրով, հողագործությամբ ու արհեստներով, որպեսզի ոմանք կարգի բերեն իրենց կալվածքները՝ չվախենալով դրանք կորցնել, մյուսներն առևտուր անեն՝ չվախենալով, որ հարկերի պատճառով կսնանկանան։ Ավելին, նա պետք է պարգևներ ունենա նրանց համար, ովքեր հոգ են տանում քաղաքի կամ պետության բարգավաճման համար։ Նա նաև պետք է ժողովրդին զբաղեցնի տոնակատարություններով ու հանդիսություններով՝ դրանց համար տարվա մեջ հարմար պահ ընտրելով։ Հարգանք ցուցաբերելով համքարությունների նկատմամբ, որոնք միավորում են քաղաքների արհեստավորներին, տիրակալը երբեմն պետք է մասնակցի նրանց ժողովներին՝ իրեն դրսևորելով որպես առատաձեռնության ու մեծահոգության տիպար, ընդսմին, ամենայն բծախնդրությամբ ընդգծելով իր վսեմությունը, ինչը պիտի տեսանելի լինի նրա յուրաքանչյուր շարժման մեջ։
== Գլուխ XXII։ Տիրակալի խորհրդականների մասին ==
Տիրակալի համար պակաս կարևոր չէ խորհրդականների ընտրությունը, իսկ թե ինչպիսին կլինեն նրանք՝ լավ թե վատ, կախված է տիրակալների խոհեմությունից։ Իշխողի խելքի մասին ամենից առաջ դատում են ըստ այն բանի, թե ովքեր են շրջապատում նրան։ Եթե դրանք նվիրված ու ընդունակ մարդիկ են, ապա կարելի է վստահորեն ասել, որ նա խելացի մարդ է, որովհետև կարողացել է նկատել այդ անձանց ընդունակություններն ու անխախտ պահել նրանց նվիրվածությունը։ Եթե նրանք այդպիսին չեն, ապա տիրոջ մասին էլ համապատասխան կարծիք կկազմվի, քանզի վատ օգնականներ ընտրելով, նա արդեն իսկ թույլ է տվել առաջին սխալը։ Նրանք, ովքեր ճանաչում էին Սիենայի տիրակալ Պանգոլֆո Պետրուչոյի օգնական Անտոնիո դե Վենաֆրոյին, կասկած անգամ չունեն իր՝ Պանդոլֆոյի արժանիքների մասին, որ այդպիսի օգնական էր ընտրել։
Քանզի խելքը երեք տեսակի է լինում․ մեկը ինքն է ամեն ինչի հասու դառնում, մյուսը կարող է հասկանալ, թե ինչի է հասել առաջինը, երրորդը՝ ինքը ոչնչի չի հասնում և անկարող է հասկանալ, թե ինչի են հասել մյուսները։ Առաջին խելքը բացառիկ է, երկրորդը՝ երևելի, երրորդն՝ անպետք։ Ասվածից անառարկելիորեն հետևում է, որ Պանդոլֆոյի խելքը եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ տեսակին էր պատկանում, քանզի, եթե մարդը կարող է ուրիշների խոսքերում ու գործերում ճանաչել չարն ու բարին, ապա նա առանձնապես ճարտարամիտ չլինելով էլ՝ իր խորհրդականների ասածների մեջ կտարբերի վատը լավից և լավի համար վարձահատույց կլինի, իսկ վատի համար՝ կպատժի։ Ասենք, նրա օգնականներն էլ չեն համարձակվի տիրակալին խաբել և բարեխղճորեն կծառայեն նրան։
Կա օգնականի արժեքը պարզելու մի անսխալ միջոց. եթե նա ավելի շատ իր մասին է հոգ տանում, քան տիրակալի, և յուրաքանչյուր գործի մեջ իր շահն է փնտրում, ապա երբեք լավ ծառա չի լինի տիրոջ համար։ Վերջինս էլ երբեք չի կարող նրա վրա հույս դնել։ Քանզի այն նախարարը, որին պետական գործեր են վստահված, պարտավոր է մտածել ոչ թե իր, այլ տիրակալի մասին՝ նրան չանհանգստացնելով զանազան մանրուքներով։ Բայց տիրակալն էլ իր հերթին պետք է աշխատի պահպանել իր նախարարի նվիրվածությանը՝ ըստ արժանվույն գնահատելով նրա ծառայությունները, բազմապատկելով նրա կարողությունը, նրան իր հետ կապելով երախտագիտության թելերով, նրա հետ կիսելով պարտականություններն ու մեծարանքները, որպեսզի նա գիտակցի իր անհրաժեշտությունը և, բավականաչափ հարստություն ու պատիվ ունենալով, նոր հարստություններ ու մեծարանքներ չտենչա, ինչպես նաև, իր պաշտոնի վրա դողալով, սարսափի հեղաշրջումներից։ Երբ տիրակալն ու նախարարը երկուստեք իրենց այդպես են դրսևորում, նրանք կարող են միմյանց վստահել, իսկ, երբ նրանք իրենց այլ կերպ են պահում, ապա դա վատ է վերջանում թե մեկի, թե մյուսի համար։
== Գլուխ XXIII։ Ինչպես խուսափել քծնողներից ==
Կուզենայի կանգ առնել ևս մի կարևոր հանգամանքի, ավելի ճիշտ մի թուլության վրա, որից տիրակալները դժվարությամբ են ձերբազատվում, եթե չունեն բացառիկ խելք ու խորաթափանցություն։ Ես նկատի ունեմ քծնանքն ու քծնողներին, որոնք վխտում են տիրակալների շուրջը, քանզի մարդիկ այնքան փառասեր են ու այնքան ինքնահավան, որ մեծ ջանքեր են հարկավոր այդ թուլություններին տուրք չտալու համար։ Բայց ցավն այն է, որ փորձելով քծնանքն արմատախիլ անել, տիրակալը կարող է արհամարհանք հարուցել սեփական անձի նկատմամբ։ Քանզի, քծնանքից պաշտպանվելու այլ միջոց չկա, քան մարդկանց համոզել, որ եթե նրանք քեզ ճշմարտությունն ասեն, նրանցից չես նեղանա, բայց եթե ամեն ոք քեզ ճշմարտությունն ասելու իրավունք ունենա, ապա կդադարեն քեզ պատշաճ ձևով հարգել։
Ուստի, խելացի տիրակալը պետք է ընտրի երրորդ ուղին, այն է՝ առանձնացնի խելացի մարդկանցից մի քանիսին՝ միայն նրանց իրավունք տալով հայտնել իրենց կարծիքը, բայց միայն իր տված հարցերի շուրջ։ Սակայն, պետք է հարցնել ամեն ինչի մասին և լսել պատասխանները, իսկ որոշումներն ընդունել միանձնյա և սեփական հայեցողությամբ։ Խորհրդականների հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրին այնպես վերաբերվել, որ բոլորի համար պարզ դառնա, որ ինչքան ավելի համարձակ արտահայտվեն, այնքան ավելի կգոհացնեն տիրակալին։ Բայց պետք է նրանցից բացի ուրիշ ոչ մեկին չլսել և անխոտոր ընթանալով դեպի նպատակը, հավատարիմ մնալ կայացրած վճռին։ Ով այլ կերպ է վարվում, նա կամ տեղի է տալիս քծնանքին, կամ լսելով տարբեր խորհուրդներ, հաճախ է փոխում իր կարծիքը, որի պատճառով ընկնում է հպատակների աչքից։
Բերեմ մի ժամանակակից օրինակ։ Հայր Լուկան՝ Մաքսիմիլիան կայսեր վստահյալ անձը, խոսելով նորին մեծության մասին, նշել է, որ նա ոչ ոքից խորհուրդ չի հարցնում, ինքնուրույնաբար ոչինչ չի անում հենց այն պատճառով, որ նրա գործելակերպը հակասում է վերը նշվածին։ Ծածկամիտ մարդ լինելով, կայսրն իր մտադրությունները ոչ ոքի չի վստահում, ոչ մեկի խորհուրդին չի դիմում։ Բայց, երբ այդ մտադրությունները կամաց-կամաց սկսում են մարմին ու ձև ստանալ, ապա նրա շրջապատն սկսում է դրանք վիճարկել, և տիրակալը, թուլակամ մարդ լինելով, դրանցից ձեռք է քաշում։ Ուստի, այսօր սկսվածը վաղը դադարեցվում է, և երբեք չես հասկանա, թե կայսրն ինչ է ուզում, ինչ է մտադիր անել, ու չի կարելի հավատ ընծայել նրա խոսքին։
Այսպիսով, տիրակալը միշտ պետք է խորհրդակցի ուրիշների հետ, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է դա ուզում, և ոչ թե այն ժամանակ, երբ դա ուզում են ուրիշները։ Նա պետք է սաստի յուրաքանչյուրին, ում մտքով կանցնի նրան ինքնակոչ խորհուրդներ տալ։ Սակայն, նա ինքը պետք է ամեն ինչի մասին հանգամանալից հարցուփորձ անի, համբերությամբ լսի հարցի վերաբերյալ ճշմարիտ պատասխանները, և ավելին, անհանգստություն ցուցաբերի, նկատելով, որ ինչ֊որ մեկը, ինչ֊ոը պատճառով վախենում է ճշմարտությունն ասել։ Շատերն են ենթադրում, որ տիրակալներից ոմանք, ովքեր խելացի մարդու համբավ են ունեցել, իրենց փառքով պարտական են ոչ թե անձամբ իրենց, այլ մերձավորների խելացի խորհուրդներին, բայց դա սխալ կարծիք է Քանզի, բացառություն չճանաչող կանոնր հավաստում է. անխելք տիրակալին անիմաստ է խելացի խորհուրդներ տալ, եթե միայն նա պատահաբար չվստահի մի իմաստուն խորհրդականի, որը նրա փոխարեն բոլոր որոշումներն ինքը կընդունի։ Ու, թեև նման իրադրությունը բացառված չէ, սակայն այդ տիրակալի վերջը շուտով կգա, քանզի խորհրդականն ինքը կդառնա տիրակալ։ Իսկ երբ տիրակալն ունի մեկից ավելի խորհրդականներ, ապա, եթե խելացի չէ, չի կարող կողմնորոշվել իրարամերժ կարծիքների մեջ, և բացի այդ, խորհրդականներից յուրաքանչյուրը մտածելու է միայն սեփական բարօրության մասին, իսկ տիրակալը դա չի նկատի ու միջոցներ ձեռք չի առնի։ Իսկ այլ խորհրդականներ չեն լինում, քանզի մարդիկ միշտ վատն են, քանի դեռ անհրաժեշտությունը նրանց չի պարտադրում լավը լինել։ Սրանից կարելի է եզրակացնել, որ խելացի խորհուրդները, ովքեր էլ որ դրանք տան, ծնվում են տիրակալների խելամտությունից, և ոչ թե տիրակալների խելամտությունն է ծնվում խելացի խորհուրդներից։
== Գլուխ XXIV։ Թե ինչու Իտալիայի տիրակալները զրկվեցին իրենց պետություններից ==
Եթե նոր տիրակալը խելամտորեն է հետևում նշված կանոններին, նա արագորեն կամրապնդի իր դիրքերը և այդ պետությունում իրեն ավելի ապահով ու վստահ կզգա, քան իշխանությունը ժառանգաբար ստացած լինելու դեպքում։ Քանզի նոր տիրակալի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան ժառանագակալ իշխանի։ Ու, եթե նրա արարքները տոգորված են խիզախությամբ, ապա դրանք մարդկանց համար շատ ավելի հետաքրքիր են ու գրավիչ, քան տոհմի հնությունը։ Չէ որ մարդիկ ավելի շատ ապրում են ոչ թե երեկվա, այլ այսօրվա օրով, ու եթե ներկա պահին բարեկեցություն են ձեռք բերում, ապա գոհանում և ուրիշ բանի հետևից չեն ընկնում։ Ավելին, նրանք սարի պես կկանգնեն նոր տիրակալի թիկունքին, եթե նա գործի պատշաճ ձևով։ Եվ կրկնակի փառքի կարժանանա նա, ով պետություն կստեղծի ու այն կամրապնդի լավ օրենքներով, լավ դաշնակիցներով, լավ զորքով ու ընդօրինակելի արարքներով։ Ճիշտ այդպես երիցս խայտառակ կլինի նա, ով տիրակալ ծնված լինելով՝ անխելքության պատճառով կզրկվի իշխանությունից։
Եթե հիշենք Իտալիայի այն տիրակալներին, ովքեր կորցրել են իշխանությունը, ինչպես օրինակ Նեապոլի թագավորը, Միլանի դուքսը և ուրիշներ, ապա կտեսնենք, որ նրանց առավել խոցելի տեղը եղել է բանակը, ինչի մասին հանգամանորեն խոսվել է վերևում։ Բացի դրանից, նրանցից ոմանք հաշտ չեն եղել ժողովրդի հետ և կամ ժողովրդին իրենց կողմը գրավելով չեն կարողացել մեկուսացնել ազնվականներին։ Քանզի, այնտեղ, որտեղ նման բացթողումներ չկան, տիրակալը չի կարող կորցնել իչխանությունը, եթե բավականաչափ ուժ ունի թշնամու զորքին հակահարված տալու համար։ Փիլիպոս Մակեդոնացին, խոսքս Ալեքսանդր Մեծի հոր մասին չէ, այլ նրա, ով պարտություն կրեց Տիտուս Կվինկցուսից, իր վրա հարձակված մեծ պետությունների՝ Հռոմի և Հունաստանի հետ համեմատած մի ոչ մեծ պետություն ուներ, բայց, ռազմիկ լինելով, ինչպես նաև ընդունակ ժողովրդին իր կողմը գրավելու և իրեն վերնախավից վտանգազերծելու, դիմացավ հռոմեացիների և հույների դեմ մղված բազմամյա պատերազմին ու թեև վերջում մի քանի քաղաք կորցրեց, այնուամենայնիվ, պահպանեց իր թագավորությունը։
Այնպես որ, մեր տիրակալներից նրանք, ովքեր երկար տարիներ իշխելուց հետո զրկվել են իրենց պետություններից, թող մեղքը բարդեն ոչ թե ճակատագրի, այլ իրենց անփութության վրա։ Խաղաղ ժամանակ նրանք չկանխատեսեցին հնարավոր աղետները, մի թերություն, որը ներհատուկ է բոլոր մարդկանց՝ անդորրի ժամանակ չմտածել փոթորկի մասին, իսկ երբ վրա հասան դժվար ժամանակներ, նրանք պաշտպանվելու փոխարեն գերադասեցին փախուստի դիմել, հուսալով, որ հպատակները, գազազելով հաղթողների սանձարձակություններից, իրենց հետ կկանչեն։ Եթե ուրիշ ելք չկա, դա էլ լավ ելք է։ Վատը հանուն դրա մնացած բոլոր ելքերից հրաժարվելն է, ճիշտ այնպես, ինչպես որ չարժե վայր ընկնել, հուսալով, որ քեզ կբարձրացնեն։ Բայց, նույնիսկ, եթե քեզ փորձանքից ազատեն էլ, դա անհետևանք չի մնա, որովհետև կհայտնվեն կախյալ ու նվաստացած վիճակում։ Եվ պաշտպանության լոկ այն միջոցներն են լավ, հիմնավոր ու հուսալի, որոնք կախված են քեզանից ու քո խիզախությունից։
== Գլուխ XXV։ Ինչ ազդեցություն ունի ճակատագրի իշխանությունը մարդկանց գործերի վրա և ինչպես կարելի է դրան դիմակայել ==
Գիտեմ, թե որքան հաճախ են նախկինում պնդել ու հիմա էլ պնդում են, թե աշխարհում ամեն ինչ գտնվում է ճակատագրի ու աստծո իշխանության ներքո, իսկ մարդիկ ոչինչ չեն որոշում և ոչ մի բանի դիմակայել չեն կարող։ Սրանից էլ եզրակացություն է արվում, որ կարիք չկա հոգսերով ծանրաբեռնվել, իսկ ավելի լավ է հաշտվել սեփական բախտի հետ։ Հատկապես վերջին տարիներին շատերը հակվեցին այդ կարծիքի կողմը, քանզի մեր աչքի առաջ այնպիսի անսպասելի փոփոխություններ են կատարվում, որոնց կանխատեսումը վեր է մարդկային ուժերից։ Երբեմն, խորհելով այդ ամենի շուրջը, ես էլ եմ միանում ընդհանուր կարծիքին։
Եվ, այնուամենայնիվ, հանուն այն բանի, որ չկորցնեմ կամքիս ազատությունը, ենթադրում եմ, որ, գուցե, ճակատագիրը տնօրինում է մեր գործերի միայն կեսը, իսկ մյուս կեսը, կամ մոտավորապես կեսը, թողնում է մարդկանց։ Ես ճակատագիրը կնմանեցնեի մի կատաղահոս գետի, որը վարարելով հեղեղում է ափերը, տապալում ծառերը, ավերում տները, իր ճանապարհին սրբում֊տանում է ամեն ինչ։ Բոլորը փախչում, բոլորն ընկրկում են դրա բուռն գրոհի դեմ՝ անզոր լինելով այն կասեցնել։ Այսուամենայնիվ, մի՞թե դա մարդկանց խանգարում է նախազգուշական միջոցներ ձեռք առնել, այսինքն արգելապատնեշներ ու ամբարտակներ կառուցել, որպեսզի գետն ափերից դուրս գալով կամ հոսի դեպի ջրանցքները, կամ էլ դադարեցնի իր անզուսպ ու սպառնալի վազքը։
Ճիշտ այդպես էլ ճակատագիրն իր զորությունը դրսևորում է այնտեղ, որտեղ նրա դեմ որպես արգելք չի ծառանում քաջությունը, և իր գրոհն ուղղում է դեպի այն կողմը, որտեղ արգելապատնեշներ չի տեսնում։ Նայեցեք Իտալիային, որը շնչահեղձ է լինում իր իսկ առաջ բերած բուռն իրադարձությունների հորձանուտում, և կտեսնեք, որ նա նման է մի հարթ տարածքի, որտեղ չկան ոչ ամբարտակներ, ոչ էլ արգելապատնեշներ։ Բայց չէ որ, եթե նա պաշտպանված լիներ քաջությամբ, ինչպես Գերմանիան, Իսպանիան կամ Ֆրանսիան, այդ հորձանքը կարող էր նրան շրջանցել կամ ծայրահեղ դեպքում սոսկալի ավերածությունների պատճառ, չէր դառնա։ Կարծում եմ, այսքանը բավական է ճակատագրին դիմակայելու մասին ընդհանրապես։
Իսկ ինչ վերաբերում է, տիրակալներին, ապա տեսնում ենք, որ նրանցից ոմանք, ովքեր դեռ երեկ բարգավաճում էին, այսօր զրկվում են իշխանությունից, թեև, ինչպես թվում է, նրանց բնավորությունը ոչ հիմնովին ոչ էլ մասամբ չի փոխվել։ Կարծում եմ, դա բացատրվում է այն պատճառներով, որոնք հանգամանորեն քննվեցին վերևում, այսինքն եթե տիրակալն ամբողջ հույսը կապում է ճակատագրի հետ, նա չի կարող դիմակայել դրա հարվածներին։ Կարծում եմ նաև, որ միայն նրանք են շարունակում բարգավաճել, ում գործելակերպը համապատասխանում է ժամանակի ոգուն և կորցնում են նրանք, ում գործելակերպը ժամանակավրեպ է։
Քանզի տեսնում ենք, որ մարդիկ տարբեր եղանակներ են ընտրում իրենց առջև դրած նպատակին այսինքն, հարստության ու փառքի հասնելու համար։ Մեկը գործում է զգուշությամբ, մյուսը՝ շեշտակիորեն, մեկը՝ ուժով, մյուսը՝ հնարագիտությամբ, մեկը՝ համբերատար է, մյուսը՝ ոչ, և յուրաքանչյուրին իր նախընտրած ձևը կարող է հասցնել նպատակին։ Բայց երբեմն տեսնում ենք, որ թեև երկուսն էլ գործել են նույն ձևով, օրինակ՝ զգուշությամբ, բայց երկուսից միայն մեկն է հաջողության հասել, և, ընդհակառակն, թեև երկուսն էլ գործել են յուրովի՝ մեկը զգուշությամբ, մյուսը՝ շեշտակիորեն, երկուսն էլ հավասարապես հաջողության են հասել։ Իսկ դա կախված է հենց այն բանից, որ մի գործելակերպը համապատասխանում է ժամանակի պահանջներին, իսկ մյուսը ոչ։ Ուստի, պատահում է, որ երկուսն էլ, գործելով տարբեր եղանակներով, միատեսակ հաջողության են հասնում, իսկ պատահում է, որ երկուսն էլ գործում են միատեսակ, բայց նրանցից միայն մեկն է նպատակին հասնում։
Դրանով է պայմանավորված նաև բարեկեցության փոփոխությունը։ Նա, ով գործում է զգուշությամբ ու համբերատարությամբ, քանի դեռ ժամանակն ու հանգամանքները բարենպաստ են, բարգավաճում է, բայց բավական է, որ ժամանակն ու հանգամանքները փոխվեն՝ սկսվում է ճգնաժամը, որովհետև նա չի փոխել իր գործելակերպը։ Եվ չկա մեկը, որ կարողանա վերափոխվել, որքան էլ որ խելացի լինի նախ՝ իր էության պատճառով, և երկրորդ՝ մարդն իրեն չի կարող ստիպել շեղվել այն ուղուց, որով ընթանալիս մինչ այդ կայուն հաջողություն է ունեցել։ Ահա թե ինչու, երբ գալիս է թափով գործելու պահը, զգույշ տիրակալը չի կարողանում դա անել, ինչի պատճառով էլ կործանվում է, բայց եթե նրա բնավորությունը ժամանակի ու հանգամանքների թելադրանքով փոխվեր, ապա նրա բարեկեցությունն էլ հարատև կլիներ։
Հուլիոս պապը միշտ գործում էր շեշտակի, ժամանակն ու հանգամանքները նպաստում էին նման գործելակերպին, ուստի նա ամեն անգամ հաջողության էր հասնում։ Հիշենք նրա առաջին ձեռնարկումը՝ Բոլոնիայի զավթումը դեռևս մեսսեր Ջովաննի Բենտիվոլիոյի կենդանության օրոք։ Վենետիկցիները դրան դեմ էին, Իսպանիայի թագավորը նույնպես, Ֆրանսիայի հետ այդ առթիվ բանակցություններ էին վարվում, բայց պապը միայնակ ռազմերթի ելավ իրեն հատուկ անզսպությամբ ու վճռականությամբ։ Եվ ոչ ոք դրան չընդդիմացավ, վենտիկցիները վախից, Իսպանիան՝ հուսալով իր իշխանության մեջ միավորել Նեապոլի թագավորությունը։ Զիջեց նաև Ֆրանսիայի թագավորը, քանզի տեսնելով, որ պապն արդեն արշավանքի է ելել, և ցանկություն ունենալով վենետիկցիների դեմ նրա հետ դաշինք կնքել, մտածեց, որ զինված օգնության ցույց չտալով կարող է բացահայտ վիրավորանք հասցնել նրան։
Այդ շեշտակի ու անակնկալ հարձակումով պապը հասավ այն բանին, ինչին մարդուն մատչելի խելամտությամբ չէր կարող հասնել եկեղեցու որևէ այլ առաջնորդ, քանզի, եթե նա մնար Հռոմում, սպասելով, մինչև, որ ամեն ինչ խաղաղվի ու կարգավորվի, ինչպես յուրաքանչյուր ոք կվարվեր նրա փոխարեն, Ֆրանսիայի թագավորը օգնությունից հրաժարվելու հազար ու մի պատրվակ կգտներ, իսկ մյուսներն էլ հազար ու մի փաստարկ կբերեին ընդդեմ նվաճման։ Ես չեմ խոսի նրա մյուս քայլերի մասին․ բոլորն էլ նույն կարգի էին և բոլորն էլ նրան հաջողվում էին։ Կարճատև կառավարման պատճառով նա այդպես էլ անհաջողության չհանդիպեց, բայց, եթե նա ավելի երկար ապրեր ու գային այնպիսի ժամանակներ, երբ զգուշություն կպահանջվեր, նրա բարեհաջողությունը կավարտվեր, քանզի նա երբեք չէր շեղվի իր էությամբ նախընտրած ուղուց։
Եվ այսպես, իբրև եզրափակում ասեմ, որ ճակատագիրը փոփոխական է, իսկ մարդն՝ իր գործելակերպով՝ համառ, դրա համար էլ քանի դեռ մարդու գործելակերպը համահունչ է ժամանակի ոգուն, նա բարգավաճում է, իսկ երբ այդ դաշնությունը խաթարվում է, բարգավաճումն էլ կանգ է առնում։ Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հարձակումն ավելի լավ է քան զգուշությունը, որովհետև ճակատագիրը կնոջ նման է, և, եթե մեկը կամենում է նրա հետ ընդհանուր լեզու գտնել, պետք է նրան քոթակի, այդպիսիներին նա ավելի շուտ է հանջնվում, քան նրանց, ովքեր սառնությամբ են գործի անցնում։ Ուստիև նա, որպես կին, ջահելների ընկերուհին է, որովհետև նրանք այնքան էլ շրջահայաց չեն, ավելի խիզախ են և ավելի մեծ հանդգնությամբ են նրան զարդեր նվիրում։
== Գլուխ XXVI։ Իտալիան բարբարոսների ձեռքից ազատելու և երկրի տերը դառնալու կոչ ==
Խորհրդածելով ամբողջ ասվածի շուրջը և ինքս ինձ խորհելով, թե Իտալիայի համար չի՞ եկել արդյոք նոր տիրակալի մեծարելու ժամանակը և կա՞, արդյոք, այնտեղ մի նյութ, որից օգտվելով խելացի ու արիակամ մարդը կարենար դրան իր ուզած ձևը տալ՝ ի փառս իրեն և ի բարօրություն հայրենիքի,― եզրակացնում եմ, որ այնքան շատ են նոր տիրակալի հայտնվելուն նպաստող հանգամանքները, որ հազիվ թե որևէ մի այլ ժամանակ դրա համար ավելի հարմար լիներ, քան մերը։ Ինչպես մի ժամանակ Իսրայելի ժողովուրդը պետք է գտնվեր ստրկության մեջ, որպեսզի Մովսեսն իր խիզախությունը դրսևորեր, պարսիկները գտնվեին միդացիների լծի տակ, որպեսզի Կյուրոսն ի հայտ բերեր իր հոգեկան մեծ կորովը, աթենացիները բաժան֊բաժան եղած, որպեսզի Թեսևսն իր սխրանքը գործեր, այդպես էլ հիմա ազգային ոգու զարթոնքի համար հարկ էր, որ Իտալիան հասնի ներկայիս ամոթալի վիճակին՝ ավելի ծանր ստրկության, քան հրեաները, ավելի մեծ ստորացման քան պարսիկները, ավելի խորը մասնատվածության քան աթենացիները։ Չկա այնտեղ ոչ աջաջնորդ, ոչ կարգուկանոն, Իտալիան ջախջախված է, կողոպտված, բզկտված, գետնատարած ու մոխրացած։
Պահեր են եղել, երբ թվացել է, թե մեր առջև նա է, ում աստված կամեցել է դարձնել Իտալիայի փրկիչ, բայց անողորմ ճակատագիրը նրան կասեցրել է նպատակի մատույցներում։ Իտալիան ուժասպառ լինելով սպասում է նրան, ով կամոքի նրա վերքերը, ով ավարառությունից կփրկի Լոմբարդիան, ծանր տուրքերից Նեապոլի թագավորությունն ու Տոսկանան, ով կբուժի նրա թարախակալած խոցերը։ Ինչպե՜ս է Իտալիան աստծուն աղերսում վերուստ առաքել մեկին, ով նրան կազատի բարբարոսների դաժանությունից ու բռնությունից Որքա՜ն լի է նա միավորող դրոշի տակ կանգնելու տենչով ու պատրաստակամությամբ, միայն թե գտնվի դրոշակակիրը։
Եվ ամենամեծ հույսերը նա այժմ կապում է ձեր փառապանծ տան հետ, որը, խիզախության և ճակատագրի բարեհաճության, աստծո և եկեղեցու (որի առաջնորդը ձեր տոհմից է) հովանավորության շնորհիվ, կարող է ստանձնել Իտալիայի ազատագրման գործը։ Դա այնքան էլ դժվար չի լինի, եթե դուք ընդօրինակեք այն այրերի կյանքն ու գործունեությունը, որոնց վերևում հիշատակել եմ։ Որքան էլ որ բացառիկ ու զարմանարժան թվան այդ մարդիկ, այնուամենայնիվ, դրանք մարդիկ են, և նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել մի դիպված, որն ավելի բարեհաջող չի եղել, քան ձերը։ Քանզի նրանց գործն ավելի արդար կամ ավելի հեշտ կամ ավելի աստվածահաճո չի եղել։ Այստեղ հիրավի գործն արդար է,― «Iustum enim est bellum guibus necessarium, et pia arma ibi nulla nisi in armis spes est»<ref>Քանզի այն պատերազմն է արդարացի, որն անհրաժեշտ է, և այն զենքն է սրբազան, որի վրա է միակ հույսը (լատ․)։</ref>։ Այստեղ պայմաններն իսկապես բարենպաստ են, իսկ որտեղ պայմանները բարենպաստ են, այնտեղ դժվարությունները նահանջում են, հատկապես, եթե հետևենք այն այրերի օրինակին, որոնց վերևում հիշատակել եմ։ Մենք ականատես եղանք աստծո առաքած անսովոր, անօրինակ նախանշաններին՝ ծովը հետ քաշվեց, ժայռից ջուր բխեց, երկնից մանանա թափվեց, գետնին ամեն ինչ համընկավ մեծություն՝ գուշակելով ձեր տոհմին, իսկ մնացյալը դուք պիտի անեք։ Աստված ամեն ինչ չէ, որ ինքն է անում, որպեսզի մեզ չզրկի ազատ կամքից ու մեր բաժին փառքից։
Զարմանալի չէ, որ վերոհիշյալ իտալացիներից և ոչ մեկը նպատակին չի հասել, որին, ինչպես կարելի է հուսալ, կհասնի ձեր փառապանծ տունը, և դա նույնիսկ այն դեպքում, երբ Իտալիայում տեղի ունեցած բազմաթիվ հեղաշրջումներից ու ռազմական գործողություններից հետո այնտեղ կարծես թե մարել է մարտական ոգին։ Դա բացատրվում է նրանով, որ հին կարգերը լավը չեն, իսկ լավերը ոչ ոք չի կարողացել մտցնել։ Մինչդեռ ոչ մի գործ տիրակալին այնպես հռչակ չի բերում, որքան նոր օրենքների ու կարգերի հաստատումը։ Ամրապնդվելով ու հավանության արժանանալով, դրանք տիրակալին փառք ու պատիվ են բերում։ Իսկ Իտալիայում բավականաչափ նյութ կա, որին կարելի է ուզած ձևը տալ։ Մեծ է խիզախությունը նրա որդիներից յուրաքանչյուրի մեջ, բայց, ավա՜ղ, փոքր առաջնորդների մեջ։ Ներկա գտնվելով մենամարտերին ու ոչ մեծ ընդհարումներին, կտեսնեք, թե ինչ հնարամտությամբ, ինչ ճարպկությամբ և ուժով են աչքի ընկնում իտալացիները, բայց ճակատամարտի Ժամանակ նրանք անճանաչելիորն փոխվում են։ Այդ ամենի մեղավորը զորապետերի անգիտությունն է։ Եթե մեկն էլ կա, որ գործից հասկանում է, նրան էլ չեն լսում, ու, թեև իրենց գիտակ են համարում բոլորը, ցայժմ չի գտնվել մեկը, որն իր խիզախությամբ ու հաջողակությամբ այնպես աչքի ընկներ, որ նրա առջև, բոլորը խոնարհվեին։ Ուստի, վերջին քսան տարվա րնթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմների ժամանակ միայն իտալացիներից կազմված զորքերը միշտ անհաջողություն են կրել, ինչի վկաներն են ամենից առաջ Տարոն, ապա՝ Ալեքսանդրիան, Կապուան, Ջենովան, Վայլան, Բոլոնիան և Մեստրին։
Եթե ձեր փառապանծ տունը կամենա գնալ այն մեծագույն այրերի հետքերով, որոնք դարձան հայրենիքի փրկիչներ, ապա նախ և առաջ պետք է սեփական զորք ստեղծի, առանց որի բոլոր ձեռնարկումներն անիմաստ կլինեն, քանզի նա չի կարող ունենալ ավելի հավատարիմ, ավելի քաջ, ավելի լավ զինվորներ, որոնք որքան էլ որ անհատապես լավը լինեն, միասին ավելի լավը կլինեն, եթե զորքի առջևում տեսնեն իրենց տիրակալին, որը նրանց հարգում ու մեծարում է։ Այդպիսի զորքը հիրավի անհրաժեշտ է, օտարերկրտցիների ներխուժումը իտալացու քաջությամբ կասեցնելու համար։ Ճիշտ է, իսպանական ու շվեյցարական հետևակը ահեղ է համարվում, սակայն և մեկում և մյուսում կան թերություններ, այնպես որ այլ ձևով կազմված զորքը կարող է ոչ միայն դիմակայել, այլև գերազանցել նրանց։ Քանզի, իսպանացիներր նահանջում են հեծելազորի առջև, իսկ շվեյցարացիներին կարող է սարսափեցնել հետևակը, եթե մարտում համառությամբ նրանց չզիջի։ Արդեն մեկ անգամ չէ, որ համոզվել ենք և էլի կհամոզվենք, որ իսպանացիները նահանջել են ֆրանսիական հեծելազորի առջև, իսկ շվեյցարացիները պարտություն են կրել իսպանական հետևակից։ Վերջինը դեռ մեզ չի հաջողվել ամբողջությամբ տեսնել, բայց բանը դրան էր գնում Ռավեննայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, երբ իսպանական հետևակը դուրս եկավ գերմանական ջոկատների դեմ, որոնք կազմված էին շվեյցարականների նմանողությամբ։ Քաջավարժ իսպանացիներին հաջողվեց, իրենց փոքրիկ վահաններով պաշտպանվելով, առաջանալ ու մտնել թշնամու նիզակների տակ, և, գտնվելով անվտանգության մեջ, նրան մահացու հարվածներ հասցնել այնպես, որ նա դրան ոչինչ չկարողացավ հակադրել, և, եթե իսպանացիների դեմ հեծելազոր դուրս չբերեին, նրանք գլխովին կոչնչացնեին թշնամու հետևակը։ Այսպիսով, ուսումնասիրելով այս կամ այն զորատեսակի թերությունները, պետք է կառուցել նորը, որը կարողանա դիմակայել հեծելազորին և չերկնչի օտար հետևակից, ինչին հասնում են ինչպես զենքի նոր տեսակով, այնպես էլ զորքի նոր կառուցվածքով։ Եվ այդ բոլորը վերաբերում է այն նորամուծություններին, որոնք նոր տիրակալին ամենից ավելի շատ են փառք ու մեծություն բերում։
Այսպիսով, չի կարելի ձեռքից բաց թողնել առիթը։ Այսքան տարիներ սպասելուց հետո Իտալիան թող վերջապես տեսնի իր փրկչին։ Բառերով չեմ կարող արտահայտել, թե օտարերկրացիների ներխուժումներից տուժած բնակիչներն ի՜նչ սիրով կընդունեն նրան, վրեժի ի՜նչ ծարավով, ի՜նչ աներեր հավատով, ի՜նչ արցունքներով։ Ի՞նչ դռներ փակ կլինեն նրա առջև։ Ո՞վ չի հնազանդվի նրան։ Ո՞ւմ նախանձը կփակի նրա ճանապարհը։ Ո՞ր իտալացին նրան հարգ ու պատիվ չի մատուցի։ Բոլորն էլ զգում են, թե ինչ գարշահոտություն է արձակում բարբարոսների տիրապետությանը։ Ուրեմն, թող ձեր փառապանծ տունն այդ պարտականությունը ստանձնի այն քաջությամբ ու հավատով, որով կատարվում են արդար գործերը, որպեսզի նրա դրոշի հովանու ներքո փառավորվի մեր հայրենիքը և նրա առաջնորդությամբ իրականանա Պետրարկայի ասածը․
<poem>
Քաջությունը կխրոխտանա
վայրագության դեմ,
Ու կընկնի ոսոխը,
Քանզի, չի մարել դեռ քաջությունը
Իտալացու սրտում։
</poem>
----
<references/>