Օտարներից մեր պատմությունն ավանդաբար կեղծում են թուրքերը, ադրբեջանցիներն ու վրացիները։ Վերջին ժամանակներս նրանց են միացել քրդերն ու ամերիկացիները, որոնց հորինվածքները կարելի է անվանել զավթողական պատմագրություն։ Առաջին երեքը քաղաքական հստակ նպատակ են հետապնդում` վերջնականապես յուրացնել իրենց սահմաններում գտնվող հայկական տարածքները, ինչպես նաև, այդքանով չբավարարվելով, «հիմնավորումներ» բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրենց ունեցած տարածքային պահանջների համար։ Քրդերն էլ նույն բանն են անում իրենց ապագա պետության համար։ Սրանք ընդհանրապես դնում են Հայկական լեռնաշխարհի պատկանելության հարցը։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա թվում է, թե նրանց էլ պարզապես ինչ֊որ բաներ դուր չեն գալիս մեր պատմության մեջ։ Թեկուզ մեր ծագման հարցը` բնի՞կ է հայ ժողովուրդը, թե՞ եկվոր, կամ թե` հայ ժողովուրդն իսկապե՞ս ծանրակշիռ (կամ գոնե որոշակի) ներդրում ունի տարածաշրջանային պատմության մեջ։ Ակնհայտ է, որ առաջին հայացքից զուտ գիտական հետաքրքրություն ներկայացնող այս հարցերը ևս քաղաքական հեռահար նպատակներ են հետապնդում։ Նրանք փորձում են կռահել, եթե մի օր հայ ժողովուրդը հանկարծ կազմակերպված ժողովուրդ դառնա, ապա կարո՞ղ է իր ժառանգությանը տեր կանգնել և ինչպիսի՞ քաղաքական գործոն կդառնա։ Դատելով ամերիկյան պատմաբանների կատարած հարցադրումների բնույթից, համաշխարհային ծրագրեր կազմողներն ամենևին էլ ոգևորված չեն հայության հնարավոր բարձրացմամբ։
Համաձայնենք, սակայն, որ ամենավտանգավորը սեփական կեղծարարություններն են։ Դա կատարվում է, որովհետև կեղծված պատմությունը կամ, եթե փորձենք քիչ ավելի մեղմ ասել, ոչ ճշմարիտ պատմությունը միշտ էլ ձեռնտու է ապազգային իշխող շրջանակներին (մեզ համար ապազգային են բոլոր այն վարչախմբերը, ովքեր անձնականը վեր են դասում ազգային շահերից)։ Աղավաղումն այս պարագայում հանգեցնում է մոլորության։ Նման պատմություն ունեցող ժողովուրդը դառնում է մոլորյալ, քանզի կորցնում է սեփական պատմական փորձով պայմանավորված բնական կողմնորոշումները։ Իսկ մոլորյալ ժողովուրդն իր հերթին ընդամենը մարդկային անկազմակերպ զանգված է, թեկուզ լինի բազմամիլիոնանոց, և այդպիսի ժողովրդին հեշտ է կառավարել։ «Պատմական ու կոլեկտիվ հիշողության հսկայական մոբիլիզացիոն ներուժը,― կարդում ենք մի ուշագրավ հրապարակման մեջ, ― բացատրում է, թե ինչու է քաղաքական վերնախավը ձգտում այն պահել իր վերահսկողության տակ և ծառայեցնել որոշակի քաղաքական շահերին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ որոշակի պատկերացումներ պատմության և էթնիկ առասպելների մասին ստեղծվում (հորինվում) են քաղաքական վերնախավի կամ մտավորականության առանձին շերտերի կողմից և այնուհետև կրթության համակարգի և քարոզչության միջոցով ներմուծվում լայն հասարակության մեջ։ Այս գործընթացի մեջ հատուկ դեր խաղացող խմբերը` քաղաքական վերնախավը և մտավորականության որոշակի մասը, միշտ չէ, որ շահագրգռված են անցյալի մասին օբյեկտիվ հիշողությունների գոյությամբ. արդյունքում` փորձ է արվում խստորեն վերահսկել պատմական ու կոլեկտիվ հիշողության ձևավորումը։ Այլ կերպ ասած` իշխող վերնախավը ձգտում է, որ հասարակությունը հիշի ոչ թե այն, ինչ տեղի է ունեցել իրականում, այլ այն, ինչ ձեռնտու է հիշել վերնախավի տեսակետից։ Այսպիսի «վերահսկվող» պատմական ու կոլեկտիվ հիշողության առկայությունը թույլ է տալիս հասարակությունը դարձնել ավելի կառավարելի և համախմբել որոշակի քաղաքական նպատակների շուրջ»<ref>Մարության Հ., Կոլեկտիվ և պատմական հիշողությունը տարեդարձային բնույթի նշումներում, հիշատակումներում, <<Մարդ «Մարդ և հասարակություն>> հասարակություն» ամսագիր, թիվ 4, 2012, էջ 62</ref>։
Այս ուղղությամբ գործող գաղափարական աշխղեկները գիտեն, որ կեղծիքի միջոցով հնարավոր է անհատի, հանրության զգալի մասի համար արժեզրկելով իսկական արժեքները` դարձնել նրան իներտ։ Շարունակությունն արդեն ինքնաբերաբար է ստացվում։ Մտածող, տրամաբանող մարդն ընկնում է անորոշության գիրկը։ Նա տեսնում է ներկայացվածի, մատուցվածի անարժեք ու սուտ լինելը, բայց և ինքնուրույն չի կարողանում գտնել իսկականը, արժեքավորը։ Եվ ծնվում է հիասթափությունը, մեռնում է քաղաքացին, ձևավորվում է քաղքենին։ Վերջինիս թվում է, թե ինքը հասկացել է պատմության փիլիսոփայությունը, որն ըստ իրեն` ամբողջովին խաբեությունների շարան է, և նույն սկզբունքով էլ ձգտում է իր կյանքը կարգավորել։ Սկսում է երկակի չափանիշով ապրել` առերես ընդունելով, որ ազնվությունը, հայրենասիրությունը, օրինասիրությունը, կրոնասիրությունը բարձր արժեքներ են, սակայն հոգու խորքում թքում է այդ ամենի վրա, համարելով, որ իրականում ոչ ոք դրանց երբևէ չի հետևել։ Այստեսակ մտածողությունը շատերին հոգեկան հարմարավետություն է պարգևում։ Չնայած` իրականում այդ կոմֆորտն անձին խլուրդի կենսակերպ է թելադրում և առաջին հերթին «Հրաժարիմքի» մի նոր շարք պարտադրում։ Մարդ֊խլուրդը, հանուն իր պատկերացրած բարեկեցության, ներքուստ հրաժարվում է բոլոր այն պարտականություններից, որոնք նորմալ մարդն ունենում է հարազատ հողի ու ժողովրդի հանդեպ։ Եվ նա չի էլ ցանկանում լսել այդ պատմական ճշմարտություն ասվածի մասին, նրա համար մեկ է դառնում, թե աշխարհի որ ծայրում կապրի ինքը և այլևս ինչ ազգության կպատկանի իր թոռը։
Չմոռանանք, որ մեր հոգսը մեր պետությունն է` մեր ամեն ինչի միակ գրավականը։ Եվ եթե վախենում ենք գաղափարական ոլորտում ստի տարածումից, ապա այն պատճառով, որ սուտն ի զորու է խարխլել ցանկացած ամուր պետության հիմքերը։ ԽՍՀՄ֊ը դարձավ աշխարհի հզորագույն տերությունը, բայց ընդամենը 70 տարի գոյատևեց` ինքն իրեն փլուզվեց, որովհետև ստի վրա էր կառուցված (հիշենք Ձմեռային պալատի գրավումից մինչև ԽՍՀՄ֊ի ամենամարդասիրական պետություն լինելու մասին առասպելները)։ Առանց ճշմարտության երկիրն ապագա չունի։ Մեզ հարկավոր է ճիշտ կառուցել ապագա տանող ճանապարհը, համալրել այն ճշմարտության ուղենշաններով, որպեսզի խուսափենք կրկին փակուղի մտնելուց։ Այդպիսի ուղենշան են ծառայում ազգային գաղափարը, ազգային երազանքը, ազգային ծրագիրը, ազգային նպատակը։ Տեղին չենք համարում ստորև մանրամասնել բոլոր այս հասկացություններն առանձին֊առանձին, որովհետև մեր խնդիրն այլ է` հիշեցնել պարզապես, որ դրանք կառուցելիս ճշմարտությունը պետք է յուրաքանչյուրի համար որպես անկյունաքար գործածել։ Ընդ որում, նկատի ունենալով, որ ձևավորված ազգային նպատակը իմաստավորում է նաև անհատ մարդու կյանքը։ Սա չափազանց կարևոր հանգամանք է։ Կյանքի իմաստը ազգային նպատակն իրականացնելու մեջ տեսնող մարդը, քաղաքացին չի թողնի իր երկիրը, չի մտածի զուտ անձնական շահի մասին։ Կյանքը ինքնահոս ընթացքից կփոխակերպվի գիտակցաբար ընտրված գաղափարով առաջնորդվող ոլորտ, հասարակության զարգացումը կընթանա ոչ թե տարերային ջղաձգումներով, այլ կայուն վերընթացով։ Մարդը կարող է երջանիկ զգալ այն գիտակցությունից, որ իր «կյանքը նպաստում է համաշխարհային կամ ազգային զարգացման ընթացքին։ Այդ զգացմունքը և այդ երջանիկ ապրումը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ մենք գիտենք զարգացման ուղղությունը և համոզված ենք, որ մեր կյանքն էլ հարմարվում է այդ ուղղությանը»<ref>Հովհաննիսյան Է., Պետություն և իշխանություն, Երևան, 2002, էջ 13</ref>։
Հայ իրականության մեջ փորձ է արվում մարդկային կյանքը զուտ հայրենասիրական ոգորումների օրինակով համապատասխանեցնել ազգային զարգացման ընթացքին և ուղղությանը։ Սակայն հայրենասիրությունը զգացմունք է, որն անպայման պետք է գաղափարով սնված ու զինված լինի։ Իսկ գաղափարի բաղադրիչներից մեկն էլ պատմությունն է։ Թե՛ գաղափարը, թե՛ պատմությունը կյանքի համար են, և եթե գաղափարը կյանքի ուղենիշ է հանդիսանում, ապա պատմությունը կյանքին կենարար ուժ է հաղորդում։ Գերմանացի փիլիսոփա Դիլթայի եզրակացությամբ, «կյանքը, ըստ էության, նույնական է պատմության հետ, իսկ պատմությունն ընդամենը կյանք է` դիտարկված համամարդկային տեսանկյունից»<ref>Նիկողոսյան Մ., Վիլհելմ Դիլթայի «Ոգու մասին գիտությունների» համակարգի մեթոդաբանական արժեքը, «Վէմ» հանդես, թիվ 1, 2012, էջ 14</ref>։ Ըստ այսմ, քանի որ մարդկային գործունեությունը նպատակաուղղված է կյանքը կազմակերպելուն և բարելավելուն, ապա ճշմարտության որոնումները նույնպես, գիտակցաբար թե անգիտակցաբար, միտված են կյանքը կարգավորելուն։ Նա, ով ձգտում է ճշմարտության` բոլորովին ուրիշ կյանքով է ապրում, քան նա, ով ապրում է առանց ճշմարտության մասին մտածելու։ Ավետարանական խոսք է` «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»<ref>?</ref>։ Ներկա պահին, սակայն, մեզ հետաքրքրում է ոչ թե պատվիրանի կրոնական կամ փիլիսոփայական իմաստը, այլ որ` եթե որևէ տեղ ճշմարտություն գոյություն ունի, ապՀովհաննես, 8, 32ա նշանակում է, որ այն գոյություն ունի ընդհանրապես։ Հետևապես` պատմության մեջ մենք իրավունք չունենք կասկածի տակ առնելու նրա լինելությունը, այլ աներկբայորեն պիտի ընդունենք, որ ճշմարտությունը չափելի ու կշռելի է նաև պատմության մեջ և ամենևին էլ վերացական հասկացություն չէ։ Ճշմարտությունը մեզ կազատի անորոշությունից և կոնկրետություն կհաղորդի մեր կյանքին։ Ահա թե ինչու չի կարելի պատմությունը կեղծել` տուրք տալով անցյալի փառաբանությանը, և այդկերպ լցնել ներկա ժամանակի գաղափարական դատարկությունը։ Հարկավոր է պարզապես լինել սթափամիտ, բայց ոչ սառնասիրտ, ասել հասու ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, և ասել սիրելով հարազատ ժողովրդին, հայրենիքը, պետությունը։ Նկատի ունենանք, որ եթե «առավելապես ճշմարտության հեղինակությամբ է հնարավոր դառնում մարդկային հանրությունը միավորելու գործը, միավորելու որպես ներքնապես միասնական տեսակային միավոր»<ref>Շաքարյան Հ., Փիլիսոփայություն, Երևան, 2005, էջ 157</ref>, ապա տվյալ դեպքում սնամեջ պաթետիկան ուղղակիորեն կարող է դուռ բացել ազգային սնապարծության համար, որից այն կողմ, սակայն, լոկ տեսանելի ու անտեսանելի որոգայթներ են։
Անժխտելի է, որ ազգի համար նոր զանգ է հարկավոր ձուլել, բայց և հաստատ է, որ այն պետք է ձուլել համապատասխան մետաղից, որպեսզի նրա ղողանջը հնչի մեր հոգում։ Ապագա առաջնորդող ազգային գաղափարը պետք է հագեցած լինի միայն և միայն պատմական ճշմարտությամբ…