«Հաղթական կամար - VII գլուխ»–ի խմբագրումների տարբերություն
չ |
չ |
||
(One intermediate revision by one other user not shown) | |||
Տող 19. | Տող 19. | ||
— Մարդ միշտ այդպես է կարծում, քանի դեռ ծեր չի։ | — Մարդ միշտ այդպես է կարծում, քանի դեռ ծեր չի։ | ||
− | — Ես բոլորովին ուրիշ պետք է լինեի։ Երկու շաբաթ է, ինչ բաժանվել եմ։ Պետք է, որ ուրախ լինեի։ Իսկ ես սոսկալի հոգնած | + | — Ես բոլորովին ուրիշ պետք է լինեի։ Երկու շաբաթ է, ինչ բաժանվել եմ։ Պետք է, որ ուրախ լինեի։ Իսկ ես սոսկալի հոգնած եմ զգում ինձ։ Ամեն ինչ կրկնվում է, Ռավիկ։ Ինչո՞ւ է այդպես։ |
— Ոչ մի բան չի կրկնվում։ Մենք ինքներս ենք կրկնվում։ Ուրիշ ոչինչ։ | — Ոչ մի բան չի կրկնվում։ Մենք ինքներս ենք կրկնվում։ Ուրիշ ոչինչ։ | ||
Տող 150. | Տող 150. | ||
— Այս բոլորը նրանք թողին, գնացին,— ասաց տիրուհին,— իսկ ես պահպանեցի։ Հիմա կառավարություններն առանձնապես երկար չեն դիմանում։ Ինչպես տեսնում եք, ես իրավացի եմ եղել — սրանք արդեն կմնան մեզ։ Հյուրանոցային գործերում մարդ պետք է մի քիչ հեռատես լինի։ | — Այս բոլորը նրանք թողին, գնացին,— ասաց տիրուհին,— իսկ ես պահպանեցի։ Հիմա կառավարություններն առանձնապես երկար չեն դիմանում։ Ինչպես տեսնում եք, ես իրավացի եմ եղել — սրանք արդեն կմնան մեզ։ Հյուրանոցային գործերում մարդ պետք է մի քիչ հեռատես լինի։ | ||
− | + | -- անհամապատասխանություն բնագրի հետ. պակասում է մի հատված -- | |
— Դա ճիշտ է։ Իսկ գերմանացիներից չունե՞ք։ | — Դա ճիշտ է։ Իսկ գերմանացիներից չունե՞ք։ | ||
− | — Ոնց չէ։ Մի Հինդենբուրդ | + | — Ոնց չէ։ Մի Հինդենբուրդ ունենք, մի Վիլհելմ կայսր, մի Բիսմարկ և...— հյուրանոցի տիրուհին ժպտաց,— և նույնիսկ անջրանցիկ վերարկուով մի Հիտլեր։ Այնպես որ լրիվ կոմպլեկտը կա։ |
— Ի՞նչ,— հարցրեց Ռավիկը։— Հիտլե՞ր։ Դրա՞ն որտեղից եք գտել։ | — Ի՞նչ,— հարցրեց Ռավիկը։— Հիտլե՞ր։ Դրա՞ն որտեղից եք գտել։ | ||
Տող 167. | Տող 167. | ||
− | Ոսկեկար լիվրե հագած, Մորոզովը կանգնել էր «Շեհերազադե»-ի առաջ։ Նա բացեց տաքսու | + | Ոսկեկար լիվրե հագած, Մորոզովը կանգնել էր «Շեհերազադե»-ի առաջ։ Նա բացեց տաքսու դուռը։ Մեքենայից դուրս եկավ Ռավիկը։ Մորոզովը քմծիծաղեց։ |
— Ինձ թվում էր, դու այլևս չես գա։ | — Ինձ թվում էր, դու այլևս չես գա։ | ||
Տող 229. | Տող 229. | ||
— Այստեղից չի երևում, ով է այդ կինը, նա գնչուների հետ չի նստած։ Ըստ երևույթին, որևէ սեղանի մոտից է վեր կացել։ | — Այստեղից չի երևում, ով է այդ կինը, նա գնչուների հետ չի նստած։ Ըստ երևույթին, որևէ սեղանի մոտից է վեր կացել։ | ||
− | — Ուրեմն, | + | — Ուրեմն, հաճախորդներից է։ Այդպիսի բաներն այստեղ հազվադեպ չեն լինում։ |
— Շատ տարօրինակ ձայն է,— ասաց Կետ Հեգստրեմը։— Միևնույն ժամանակ և տխուր է և խռովահույզ։ | — Շատ տարօրինակ ձայն է,— ասաց Կետ Հեգստրեմը։— Միևնույն ժամանակ և տխուր է և խռովահույզ։ | ||
Տող 287. | Տող 287. | ||
— Ինձ հետ կատարվում է նույնը, ինչ որ ամեն մեկի հետ։ Հիմա աշխարհը լիքն է ակամա արկածախնդիր մարդկանցով։ Նրանց կարելի է հանդիպել ուզածդ հյուրանոցում փախստականների համար։ Եվ յուրաքանչյուրն այնպիսի մի պատմություն ունի, որ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի համար սենսացիա կարող էր լինել։ Իսկ հիմա բավական է մարդ սկսի պատմել, իսկույն բոլորը հորանջում են։ Այստեղ նոր օղի է լցված ձեզ համար, Կետ, խմեցեք... Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։ | — Ինձ հետ կատարվում է նույնը, ինչ որ ամեն մեկի հետ։ Հիմա աշխարհը լիքն է ակամա արկածախնդիր մարդկանցով։ Նրանց կարելի է հանդիպել ուզածդ հյուրանոցում փախստականների համար։ Եվ յուրաքանչյուրն այնպիսի մի պատմություն ունի, որ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի համար սենսացիա կարող էր լինել։ Իսկ հիմա բավական է մարդ սկսի պատմել, իսկույն բոլորը հորանջում են։ Այստեղ նոր օղի է լցված ձեզ համար, Կետ, խմեցեք... Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։ | ||
− | Նվագախումբը սկսեց բլյուզ նվագել։ Դա աղքատ ու ոչինչ չարտահայտող պարի մի եղանակ էր։ Մի քանի զույգ վեր կացան պարելու, Ժոան Մադուն տեղից վեր կացավ ու շարժվեց դեպի ելքը։ Նա այնպես էր քայլում, կարծես դահլիճը դատարկ լիներ։ Հանկարծ Ռավիկը հիշեց Մորոզովի ասածը նրա | + | Նվագախումբը սկսեց բլյուզ նվագել։ Դա աղքատ ու ոչինչ չարտահայտող պարի մի եղանակ էր։ Մի քանի զույգ վեր կացան պարելու, Ժոան Մադուն տեղից վեր կացավ ու շարժվեց դեպի ելքը։ Նա այնպես էր քայլում, կարծես դահլիճը դատարկ լիներ։ Հանկարծ Ռավիկը հիշեց Մորոզովի ասածը նրա վերաբերյալ։ Ժոանն անցավ նրանց սեղանի կողքով։ Ռավիկին թվաց, թե նա իրեն նկատեց, սակայն Ժոանի հայացքը անտարբերությամբ սահեց նրա վրայով դեպի վերև, ինչ-որ տեղ, և նա դահլիճից դուրս եկավ։ |
— Դուք ծանո՞թ եք այդ կնոջը,— հարցրեց Կետ Հեգստրեմը, որը հայացքով հետևում էր Ռավիկին։ | — Դուք ծանո՞թ եք այդ կնոջը,— հարցրեց Կետ Հեգստրեմը, որը հայացքով հետևում էր Ռավիկին։ | ||
— Ոչ։ | — Ոչ։ |
Ընթացիկ տարբերակը 21:08, 4 Հունիսի 2015-ի դրությամբ
Հաղթական կամար | |
◀ Հաղթական կամար - VI գլուխ | Հաղթական կամար - VIII գլուխ ▶ |
— Ես ե՞րբ եմ պառկելու վիրահատության, Ռավիկ,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
— Երբ ուզեք։ Վաղը, վաղը չէ մյուս օրը, ցանկացած ժամանակ։ Մի օր շուտ, մի օր ուշ — ոչ մի նշանակություն չունի։
Կետ Հեգստրեմը կանգնել էր նրա առաջ վայելչակազմ, մի տեսակ երեխավարի, ինքնավստահ, գեղեցիկ և արդեն ոչ այնքան երիտասարդ։
Ռավիկը երկու տարի առաջ հեռացրել էր նրա ապենդիքսը։ Դա Փարիզում Ռավիկի կատարած առաջին վիրահատությունն էր, որը նրան երջանկություն էր բերել։ Այդ ժամանակից ի վեր Ռավիկը միշտ աշխատանք էր ունեցել և ոչ մի անգամ չէր հանդիպել ոստիկանության հարուցած դժվարություններին։ Կետ Հեգստրեմին Ռավիկն իր համար թալիսման էր համարում։
— Այս անգամ ես վախենում եմ,— ասաց Հեգստրեմը։— Չեմ կարող ասել ինչու։ Բայց վախենում եմ։
— Վախենալու ոչինչ չկա։ Սովորական վիրահատություն է։
Նա մոտեցավ լուսամուտին և դուրս նայեց։ Հայացքի առաջ տարածվում էր «Լանկաստեր» հյուրանոցի բակը։ Դարավոր հզոր մի շագանակենի իր ծեր ձեռքերը պարզել էր դեպի թաց երկինքը։
— Այս անձրևն է՜լ,— ասաց Կետ Հեգստրեմը։— Ես Վիեննայից դուրս եկա գալիս էր։ Ցյուրիխում արթնացա շարունակվում էր, հիմա էլ այստեղ եմ, դեռ չի կտրվել։— Նա վարագույրները ետ քաշեց։— Չգիտեմ, ինչ է պատահել ինձ։ Ըստ երևույթին, ծերանում եմ։
— Մարդ միշտ այդպես է կարծում, քանի դեռ ծեր չի։
— Ես բոլորովին ուրիշ պետք է լինեի։ Երկու շաբաթ է, ինչ բաժանվել եմ։ Պետք է, որ ուրախ լինեի։ Իսկ ես սոսկալի հոգնած եմ զգում ինձ։ Ամեն ինչ կրկնվում է, Ռավիկ։ Ինչո՞ւ է այդպես։
— Ոչ մի բան չի կրկնվում։ Մենք ինքներս ենք կրկնվում։ Ուրիշ ոչինչ։
Կետ Հեգստրեմը ժպտաց ու նստեց արհեստական բուխարու մոտ դրված բազմոցին։
— Լավ է, որ ես վերադարձա,— ասաց նա։— Վիեննան ուղղակի զորանոց է դարձել։ Ոչ մի մխիթարություն չկա։ Գերմանացիները ամբողջովին ոտքի տակ են տվել։ Ավստրիացիներն էլ մյուս կողմից են օգնում նրանց։ Ավստրիացիները, Ռավիկ։ Ավստրիական նացիստը ինձ մի տեսակ անբնական էր թվում, թվում էր, թե դա բնության հակասություն է։ Բայց ես նրանց իմ աչքով տեսա։
— Զարմանալու ոչինչ չկա։ Իշխանությունը աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է։
— Այո, և մարդկանց ամենից շատ այլանդակողը։ Հենց այդ պատճառով էլ ես բաժանվեցի։ Այն սքանչելի պորտաբույծը, որի հետ երկու տարի առաջ ամուսնացել էի, հանկարծ մռնչող շտուրմֆյուրեր դարձավ, որը ծերունի պրոֆեսոր Բեռնշտայնին փողոցները լվանալ էր տալիս ու ինքն էլ կանգնած հռհռում նրա վրա։ Այն Բեռնշտայնին, որն ընդամենը մի տարի առաջ նրան փրկել էր երիկամների բորբոքումից։ Եվ դա սոսկ այն պատճառով, որ հոնորարը իբրև թե չափազանց բարձր էր եղել։— Կետը տխուր ժպտաց։— Հոնորար, որը վճարել էի ես և ոչ թե ինքը։
— Ուրեմն, փառք տվեք աստծուն, որ այդպիսի մարդուց հեռացել եք։
— Նա երկու հարյուր հիսուն հազար շիլլինգ էր պահանջում ինձանից՝ ապահարզանի համար։
— Թանկ չէ,— ասաց Ռավիկը։— Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
— Նա ոչինչ չստացավ։— Կետ Հեգստրեմը բարձրացրեց Գեմմայի նման քանդակված նուրբ, անթերի դիմագծերով գլուխը։— Ես նրան ասացի այն ամենը, ինչ մտածում եմ նրա, նրա կուսակցության, նրա ֆյուրերի մասին և հայտնեցի, որ հետ այսու բացեիբաց խոսելու եմ այդ մասին։ Նա սպառնաց ինձ գեստապոյով ու համակենտրոնացման ճամբարով։ Ես ծաղրի ենթարկեցի նրան։ Չէ՞ որ մինչև հիմա ես դեռ ամերիկուհի եմ և գտնվում եմ դեսպանության պաշտպանության տակ։ Ասացի, որ ինձ ոչինչ էլ չի պատահի, թող այդ մասին ինքը մտածի, քանի որ ամուսնացած է ինձ հետ։— Կետը ծիծաղեց։— Այդ մասին նա չէր մտածել։ Իսկ երբ ասացի, իսկույն վախեցավ և դադարեց ինձ խոչընդոտներ հարուցելուց։
Դեսպանություն, պաշտպանություն, հովանավորություն, մտածեց Ռավիկը։ Թվում էր, թե խոսքը ինչ-որ մի այլ մոլորակի մասին է։
— Ինձ զարմացնում է, որ Բեռնշտայնին մինչև հիմա թույլ են տալիս պրակտիկայով զբաղվել,— ասաց նա։
— Այլևս թույլ չեն տալիս։ Նա ինձ թաքուն ընդունեց, առաջին արյունահոսությունից հետո։ Փառք աստծո, որ ես ծննդաբերելու իրավունք չունեմ։ Երեխա ունենալ նացիստից...— նա մի տեսակ ցնցվեց։
Ռավիկը տեղից կանգնեց։
— Ես հիմա պետք է գնամ։ Վեբերը ճաշից հետո ձեզ մի անգամ էլ կնայի։ Բայց ձևականորեն։
— Գիտեմ։ Այնուամենայնիվ, այս անգամ ես սարսափում եմ։
— Կետ, բայց չէ՞ որ սա առաջին անգամը չէ։ Եվ բացի դրանից, սա ավելի հասարակ վիրահատություն է, քան ապենդեկտոմիան, որը ես կատարեցի երկու տարի առաջ։— Ռավիկը թեթևակիորեն գրկեց նրա ուսը։— Դուք առաջին մարդն էիք, որին ես Փարիզում վիրահատեցի։ Դա մոտավորապես առաջին սիրո նման մի բան էր։ Ես պետք է շատ զգույշ լինեմ։ Մանավանդ, որ դուք իմ թալիսմանն եք։ Դուք ինձ երջանկություն բերիք։ Եվ այդ երջանկությունը բերելու եք նաև հետագայում։
— Այո,— ասաց Կետը և նայեց Ռավիկին։
— Դե լավ, Կետ, adieu[^1]։ Երեկոյան ժամը ութին ես կգամ ձեզ տեսնելու։
— Adieu, Ռավիկ, Ես հիմա գնում եմ Մենբոշեի մոտ՝ երեկոյան հագնելու որևէ շոր գնելու համար։ Պետք է այս հոգնածությունից գլուխս ազատեմ։ Եվ սարդոստայնի մեջ ընկած լինելու այս զգացումից։ Վիեննան,— ասաց նա դառը մի ժպիտով,— ուղղակի երազանքների քաղաք է...
Ռավիկը վերելակով իջավ ներքև և բարի կողքով անցավ սրահի միջով, որտեղ մի քանի ամերիկացիներ էին նստած։ Սրահի կենտրոնում դրված էր մի սեղան, սեղանի վրա կարմիր թրաշուշանների մի հսկայական փունջ։ Շուրջը սփռված գորշ լույսի տակ նրանք հին, մակարդված արյան գույն էին հիշեցնում, և միայն այն ժամանակ, երբ ինքը մոտեցավ նրանց, զգաց, որ դրանք թարմ թրաշուշաններ են։ Այդ գույնը նրանք ստանում էին դրսից ընկած լույսի հետևանքով։
«Ինտերնացիոնալ» հյուրանոցի երկրորդ հարկում մեծ իրարանցում էր։ Բազմաթիվ համարների դռներ կրնկի վրա բացված էին, սպասավորներն ու միջանցքային աղախինները այս ու այն կողմ էին վազվզում, իսկ տիրուհին, միջանցքում կանգնած, հրամաններ էր արձակում։
Ռավիկը աստիճաններով բարձրացավ վերև։
— Այս ի՞նչ է պատահել,— հարցրեց նա։
Հյուրանոցի տիրուհին մի ուժեղ, հզոր կրծքով, գլուխը չափազանց փոքր՝ կարճ սև խոպոպներով կին էր։
— Իսպանացիները գնացին,— ասաց նա։
— Գիտեմ։ Իսկ ինչո՞ւ եք այս ուշ ժամին սենյակները մաքրում։
— Վաղն առավոտյան դրանք պետք են։
— Գերմանական նոր էմիգրանտնե՞ր են գալու։
— Չէ, իսպանական։
— Իսպանակա՞ն,— հարցրեց Ռավիկը, որը մի վայրկյան չհասկացավ, թե տիրուհին ինչ նկատի ունի։— Ինչպե՞ս թե... Չէ՞ որ նրանք հենց նոր են գնացել։
Հյուրանոցի տիրուհին նրան նայեց իր սև, շողշողուն աչքերով և ժպտաց։ Դա գործին լավատեղյակ լինելու և պարզ ու հեգնական մի ժպիտ էր։
— Ուրիշներն են գալիս,— ասաց տիրուհին;
— Ի՞նչ ուրիշներ։
— Որոնք հակառակ կողմից են, իհարկե։ Չէ՞ որ միշտ այդպես է լինում։— Տիրուհին ինչ-որ բան ասաց սենյակները մաքրող աղախիններին։ Մեր հյուրանոցը հին հյուրանոց է,— ասաց նա որոշակի հպարտությամբ։— Մեր հյուրերը հաճույքով են վերադառնում մեզ մոտ։ Նրանք արդեն սպասում են իրենց նախկին համարներին։
— Նրանք արդեն սպասո՞ւմ են,— հարցրեց Ռավիկը զարմացած։— Այդ ո՞վ է արդեն սպասում։
— Հակառակ կողմի պարոնայք։ Նրանցից շատերն արդեն ապրել են այստեղ։ Ոմանք, իհարկե, այդ ընթացքում սպանվել են։ Բայց մյուսները սպասում էին Բիարրիցում և Սեն-Ժան դե Լյուզում, մինչև որ մեզ մոտ սենյակներն ազատվեն։
— Նրանք արդեն եղե՞լ են այստեղ։
— Մեսյո Ռավիկ,— տիրուհին զարմացավ, որ նա այդքան դժվար է հասկանում։— Իհարկե, եղել են։ Այն ժամանակ, երբ Պրիմո դե Ռիվերան դիկտատոր էր Իսպանիայում։ Նրանք հարկադրված էին փախչել Իսպանիայից, և այստեղ մեզ մոտ էին ապրում։ Իսկ երբ Իսպանիան հանրապետական դարձավ, նրանք վերադարձան, և հիմա էլ նրանց տեղը եկան մոնարխիստներն ու ֆաշիստները։ Հիմա նրանցից համարյա էլ ոչ ոք չկա, բոլորը գնացել են։ Բայց հիմա էլ հանրապետականներն են նորից վերադառնում։ Իհարկե, նրանք, ովքեր գլուխները պրծացրել են։
— Ճիշտ եք ասում։ Ես այդ մասին չմտածեցի։
Տիրուհին աչք ածեց սենյակներից մեկը։ Մահճակալի վերևից կախված էր նախկին թագավոր Ալֆոնսի լիտոգրաֆիական գունավոր նկարը։
— Դա պատից վերցրու, Ժաննա,— ձայն տվեց տիրուհին։
Սպասուհին նկարը բերեց։
— Բեր, դիր այստեղ։
Տիրուհին նկարը հենեց աջ կողմի պատին ու շարունակեց իր գործը։ Հաջորդ սենյակում կախված էր գեներալ Ֆրանկոյի նկարը։
— Դա էլ վերցրու։ Տար դիր մյուս կողքը։
— Հետաքրքիր է, թե ինչո՞ւ այդ իսպանացիները գնալիս նկարները չեն վերցրել իրենց հետ,— հարցրեց Ռավիկը։
— Էմիգրանտները վերադառնալիս հազվադեպ են իրենց հետ նկարներ տանում,— բացատրեց տիրուհին։— Օտարության մեջ այդ նկարները նրանց համար սփոփանք է։ Իսկ երբ հայրենիք են վերադառնում, դրանց կարիքն արդեն չկա։ Մի կողմից նրանց շրջանակներն են շատ անհարմար՝ տեղից տեղ տանելու համար, մյուս կոդմից էլ ապակիներն են ջարդվում։ Այդպիսի նկարները մեծ մասամբ հյուրանոցներում են մնում։
Տիրուհին միջանցքի պատին հենեց չաղլիկ գեներալիսսիմուսի ևս երկու դիմանկար, Ալֆոնսի մի ուրիշ նկար և մի փոքրիկ դիմանկար էլ գեներալ Կեյպո դե Լիանոյից։
— Սրբապատկերներին ձեռք տալու կարիք չկա, թող կախված մնան,— որոշեց տիրուհին, նկատելով պատից կախած մադոննայի գունեղ պատկերը։— Սրբերը չեզոք են։
— Ոչ միշտ,— ասաց Ռավիկը։
— Ծանր ժամանակները աստված միշտ էլ որևէ շանս ունի։ Ես հաճախ եմ այստեղ տեսել, թե աթեիստներն ինչպես են աղոթում։— Տիրուհին եռանդուն մի շարժումով ուղղեց իր ձախ կուրծքը։— Դուք երբեք աղոթած չկա՞ք, երբ զգացել եք, որ արդեն խեղդվելու վրա եք։
— Իհարկե, աղոթել եմ։ Բայց ես նաև աթեիստ չեմ։ Ես պարզապես դժվարահավատ եմ։
Աստիճանների վրա հայտնվեց միջանցքի սպասավորը, թևի տակ բերելով դիմանկարների մի ամբողջ դաս։
— Չե՞ք ուզում դեկորացիան փոխել,— հարցրեց Ռավիկը։
— Ինչ խոսք։ Մեր գործում հազար ու մի տեսակ տակտ է պահանջվում։ Դրանով է, որ մարդ անուն է հանում։ Հատկապես եթե այնպիսի հաճախորդների հետ գործ ունեք, ինչպիսին մերոնք են։ Ես ձեզ պետք է ասեմ, որ նրանք այս հարցերում շատ նրբանկատ են։ Չեմ կարծում, թե մեկնումեկին դուր կգա, եթե տեսնի, որ իր սենյակի պատից գունեղ ներկով ներկված որևէ երդվյալ թշնամի հպարտությամբ իրեն է նայում, և այն էլ հաճախ ոսկեզօծ շրջանակի միջից։ Ճի՞շտ չեմ ասում։
— Հարյուր տոկոսով։
Տիրուհին, դիմելով միջանցքային սպասավորին, ասաց.
— Այդ նկարները բեր դիր այստեղ, Ադոլֆ։ Ասենք, չէ, ավելի լավ է դիր այն լույս տեղը՝ պատի մոտ, իրար կողքի, որպեսզի երևան։
Միջանցքային սպասավորը փնթփնթալով կռացավ, որպեսզի նկարները դասավորի տիրուհու ցանկության համաձայն։
— Հիմա ի՞նչ եք կախելու այդտեղ,— հետաքրքրված հարցրեց Ռավիկը։— Եղջերուների նկարներ, լանդշաֆտ թե՞ Վեզուվի ժայթքումն ու նման բաներ։
— Դրանք կկախենք այն ժամանակ միայն, եթե սրանք չհերիքեն։ Թե չէ ստիպված կլինեմ հին նկարները ետ տալ։
— Ի՞նչ հին նկարներ։
— Նախկին բերվածները։ Որոնք պարոն էմիգրանտները թողել-գնացել են՝ իշխանությունն իրենց ձեռքն անցնելուց հետո։ Սրանք։— Տիրուհին ձեռքը պարզեց դեպի միջանցքի ձախ պատը, որտեղ Նեգրինիի և Իսպանիայի մյուս հանրապետական առաջնորդների փոքրիկ շրջանակի մեջ դրած սև լիտոգրաֆիական նկարներն էին։ Դրանք մի տեսակ անշուք էին և չունեին գույների այն շողշողանքը՝ իրենց շքանշաններով ու էմբլեմաներով հանդերձ, ինչպիսին ուներ նրանց աջ կողմում գտնվող Ալֆոնսների, Պրիմոների և Ֆրանկոների պերճաշուք շարքը։ Աշխարհայացքների այդ երկու շարքերը աղոտ լուսավորված միջանցքում լուռ նայում էին միմյանց, իսկ նրանց միջև կանգնած էր ֆրանսիացի տիրուհին՝ տակտով, փորձառու և իր ռասայի ծաղրական իմաստությամբ։
— Այս բոլորը նրանք թողին, գնացին,— ասաց տիրուհին,— իսկ ես պահպանեցի։ Հիմա կառավարություններն առանձնապես երկար չեն դիմանում։ Ինչպես տեսնում եք, ես իրավացի եմ եղել — սրանք արդեն կմնան մեզ։ Հյուրանոցային գործերում մարդ պետք է մի քիչ հեռատես լինի։
-- անհամապատասխանություն բնագրի հետ. պակասում է մի հատված --
— Դա ճիշտ է։ Իսկ գերմանացիներից չունե՞ք։
— Ոնց չէ։ Մի Հինդենբուրդ ունենք, մի Վիլհելմ կայսր, մի Բիսմարկ և...— հյուրանոցի տիրուհին ժպտաց,— և նույնիսկ անջրանցիկ վերարկուով մի Հիտլեր։ Այնպես որ լրիվ կոմպլեկտը կա։
— Ի՞նչ,— հարցրեց Ռավիկը։— Հիտլե՞ր։ Դրա՞ն որտեղից եք գտել։
— Մի հոմոսեքսուալիստից։ 1934 թվին էր եկել, երբ Ռոհմին և մյուսներին գնդակահարեցին։ Սոսկալի վախենում էր և անընդհատ աղոթում։ Հետագայում նրան արգենտինացի մի հարուստ մարդ վերցրեց իր հետ։ Պուտցի ազգանունով։ Ուզո՞ւմ եք նկարը տեսնել։ Նկուղում է։
— Առայժմ՝ ոչ։ Եվ ոչ էլ նկուղում եմ ուզում տեսնել։ Ավելի լավ է տեսնեմ այն ժամանակ, երբ հյուրանոցի բոլոր համարները կախված լինեն այդ կարգի մարդկանցով։
Հյուրանոցի տիրուհին մի վայրկյան սուր հայացքով նայեց Ռավիկին։
— Ախ այդպես,— փոքր-ինչ լռելուց հետո ասաց տիրուհին։— Ուզում եք ասել, երբ նրանք որպես էմիգրանտ գան այստե՞ղ։
Ոսկեկար լիվրե հագած, Մորոզովը կանգնել էր «Շեհերազադե»-ի առաջ։ Նա բացեց տաքսու դուռը։ Մեքենայից դուրս եկավ Ռավիկը։ Մորոզովը քմծիծաղեց։
— Ինձ թվում էր, դու այլևս չես գա։
— Ես չէի էլ ուզում գալ։
— Նրան ես եմ բերել, Բորիս,— Կետ Հեգստրեմը փաթաթվեց Մորոզովին։— Փառք աստծո, ես նորից ձեզ հետ եմ։
— Դուք ռուսական հոգի ունեք, Կատյա։ Երկնքին է միայն հայտնի, թե դուք ինչո՞ւ պետք է Բոստոնում ծնվեիք։ Արի, Ռավիկ։— Մորոզովը հրեց մուտքի դուռը։— Մարդը մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ։ Դրանում է և մեր դժբախտությունը, և հմայքը։
«Շեհերազադեին» կովկասյան վրանի տեսք էր տրված։ Քելներները կարմիր չերկեսներ հագած ռուսներ էին։ Նվագախումբը բաղկացած էր ռուսական ու ռումինական գնչուներից։ Հաճախորդները նստել էին փոքրիկ սեղանների հետևում պատի երկարությամբ դրված փափուկ նստարանի վրա։ Դահլիճը բավական մութն էր, գրեթե ոչ մի ազատ տեղ չկար։
— Ի՞նչ կուզեիք խմել, Կետ,— հարցրեց Ռավիկը։
— Օղի։ Իսկ գնչուները թող նվագեն։ Բավական է, ինչքան լսել եմ զինվորական քայլերգի ռիթմով կատարած «Վիեննական անտառի հեքիաթները»։— Նա կոշիկները հանեց ու ծալապատիկ նստեց նստարանին։— Ես այլևս հոգնածություն չեմ զգում, Ռավիկ,— ասաց Կետը։— Փարիզի մի քանի ժամը իսկույն ինձ փոխեց։ Բայց իմ մեջ դեռ այն զգացումն է, կարծես համակենտրոնացման ճամբարից փախած լինեմ։ Կարո՞ղ եք դա պատկերացնել։
Ռավիկը նայեց նրան։
— Այո, մոտավորապես,— պատասխանեց նա։
Չերքեզի զգեստով քելները մի փոքրիկ գրաֆին օղի բերեց՝ բաժակների հետ։ Ռավիկը իսկույն լցրեց ու բաժակներից մեկը մեկնեց Կետ Հեգստրեմին։ Կետը ծարավածի նման անմիջապես խմեց և, դատարկ բաժակը դնելով սեղանին, նայեց շուրջը։
— «Շեհերազադեն» կարծես ցեցի բուն լինի,— ժպտալով ասաց Կետը։— Բայց գիշերները փոխվում, դառնում է երազանքների և ապաստանության հեքիաթային քարանձավ։
Կետը ետ ընկավ նստարանի թիկնակին։ Սեղանի տակից ընկնող մեղմ լույսը լուսավորում էր նրա դեմքը։
— Ռավիկ, ինչո՞ւ է գիշերն ամեն ինչ գունեղ դառնում։ Ամեն ինչ մարդու թվում է թեթև, մատչելի, իսկ այն, ինչ անհասանելի է, նվաճելի է դառնում երազանքով։ Ինչո՞ւ է այդպես։
Ռավիկը ժպտաց։
— Որովհետև առանց մեր այդ երազանքների իրականությունը անտանելի կլիներ մեզ համար։
Երաժիշտներն սկսեցին լարել գործիքները։ Վեր ճախրեցին քվինտաներն ու ջութակային ելևէջները։
— Դուք նման չեք իրեն երազանքներով խաբող մարդու,— ասաց Կետ Հեգստրեմը։
— Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն։ Դա ավելի վտանգավոր է։
Երաժիշտներն սկսեցին նվագել։ Սկզբում հնչեցին միայն ցիմբալները։ Փափուկ թավշապատ մուրճիկները կամացուկ, համարյա անլսելի բռնեցին աղջամուղջի միջից մեղեդին, քնքուշ գլիսանդոյով վեր նետեցին և, դանդաղեցնելով, հանձնեցին ջութակներին։
Գնչուն դանդաղ քայլերով անցավ պարադահլիճի միջով և մոտեցավ Ռավիկենց սեղանին։ Նա ժպտալով կանգնել էր նրանց կողքին, ջութակը կզակին սեղմած։ Աչքերում լպիրշավուն հայացք կար, դեմքին՝ գիշատիչ ու ցրված արտահայտություն։ Առանց ջութակի նա թերևս նմանվեր անասնավաճառի, իսկ ջութակը ձեռքին թվում էր, թե անծայրածիր տափաստանների, կախարդանքով լի երեկոների և անափ հորիզոնների պատգամաբեր է, պատգամաբերն այն ամենի, ինչը երբեք իրականություն չի դառնա։
Կետ Հեգստրեմը մեղեդին զզում էր ամբողջ մաշկով, նրան թվում էր, թե ապրիլյան աղբյուրի ջուրը ողողել է իրեն։ Հանկարծ նա իր մեջ որևէ կանչի և այդ կանչին արձագանքելու ցանկություն զգաց։ Բայց ոչ ոք չէր կանչում նրան։ Լսվում էին ինչ-որ մարդկանց անպարզ ձայների քչփչոցներ, անորոշ հիշողությունների ինչ-որ բեկորներ էին հայտնվում ու նորից կորչում, աչքերին երևում էին երփներանգող դիպակի շողշողանքներ, սակայն ամեն ինչ ցնդում էր վայրկենապես։ Եվ կանչող ոչ ոք չկար, ոչ ոք չէր կանչում նրան։
Գնչուն խոնարհվելով գլուխ տվեց։ Ռավիկը սեղանի տակից նրա բուռը խրեց մի թղթադրամ։ Կետ Հեգստրեմը իր անկյունում սթափվեց։
— Դուք երջանիկ երբևէ եղե՞լ եք, Ռավիկ։
— Հաճախ։
— Ես դա նկատի չունեմ։ Ես ուզում եմ ասել իսկական երջանիկ, շնչահեղձ լինելու չափ, ինքնամոռաց, ամբողջ էությամբ։
Ռավիկը նայում էր իր դեմ գտնվող այդ կնոջ նուրբ, հուզված դեմքին, որը գիտեր երջանկության տեսակներից ամենաերերունը՝ սերը։
— Հաճախ, Կետ,— ասաց նա, նկատի ունենալով ամենևին ուրիշ ինչ-որ մի բան, թեև գիտեր, որ դա նույնպես երջանկություն չի եղել։
— Դուք չեք ուզում ինձ հասկանալ։ Կամ էլ չեք ուզում այդ մասին խոսել։ Այն ո՞վ է երգում նվագախմբի հետ։
— Չգիտեմ։ Երկար ժամանակ է, ինչ ես այստեղ չեմ եղել։
— Այստեղից չի երևում, ով է այդ կինը, նա գնչուների հետ չի նստած։ Ըստ երևույթին, որևէ սեղանի մոտից է վեր կացել։
— Ուրեմն, հաճախորդներից է։ Այդպիսի բաներն այստեղ հազվադեպ չեն լինում։
— Շատ տարօրինակ ձայն է,— ասաց Կետ Հեգստրեմը։— Միևնույն ժամանակ և տխուր է և խռովահույզ։
— Երգն է այդպիսին։
— Թե ես ինքս եմ... Դուք խոսքերը հասկանո՞ւմ եք։
— «Ես ձեզ սիրում էի»...— Պուշկինի բանաստեղծության խոսքերի վրա գրած ռոմանս է։
— Ռուսերեն գիտե՞ք,
— Մի քանի բառ... ինչքան որ Մորոզովն է սովորեցրել։ Որոշ դիպուկ հայհոյանքներ։ Ռուսերենն այդ տեսակետից բացառիկ դիպուկություն ունի։
— Դուք չեք սիրում ձեր մասին խոսել, ճի՞շտ է։
— Ես նույնիսկ իմ մասին մտածել էլ չեմ սիրում։
Կետը որոշ ժամանակ լուռ նստած էր։
— Երբեմն ինձ թվում է, թե նախկին կյանքը վերջացել է,— վրա բերեց Կետը։— Անհոգություն, սպասումներ — ամեն ինչ արդեն անցել, գնացել է։
Ռավիկը ժպտաց։
— Դրանք երբեք չեն վերջանում, Կետ։ Կյանքը չափազանց մեծ բան է, և նա չի կարող վերջանալ ավելի շուտ, քանի դեռ մենք չենք դադարել շնչելուց։
Կետը չէր լսում նրան։
— Ինձ հաճախ մի սարսափ է պատում,— ասաց Կետը։— Մի հանկարծական և անբացատրելի սարսափ։ Թվում է, թե ահա այստեղից դուրս կգանք ու կտեսնենք, որ ամբողջ աշխարհը հիմնահատակ է եղել։ Դուք այդպիսի զգացում չե՞ք ունենում։
— Ունենում եմ, Կետ։ Այդպիսի զգացում յուրաքանչյուր մարդ է ունենում։ Դա եվրոպական հիվանդություն է։ Քսան տարի է, ինչ Եվրոպան այդ հիվանդությամբ է տառապում։
Կետը լռում էր, ականջը պահած երաժշտության ձայնին։
— Բայց երգն արդեն ռուսերեն չի,— ասաց նա, լսողությունն ավելի սրելով։
— Այո։ Իտալերեն է։ «Սանտա Լուչիա»-ն է։
Լուսարձակի լույսը ջութակահարի վրայից տեղափոխվեց դեպի նվագախմբի մոտ դրված սեղանը։ Ռավիկը տեսավ երգող կնոջը։ Դա Ժոան Մադուն էր։ Նա նստել էր սեղանի մոտ և, արմնկով հենված նրան, մի տեսակ մտասույզ այնպես էր նայում առաջ, կարծես բոլորովին միայնակ լիներ այդ դահլիճում։ Սպիտակ լույսերի տակ նրա դեմքը թվում էր անսահմանորեն գունատ։ Այդ դեմքի վրայից ջնջվել էր արդեն անգույն ու տափակ այն արտահայտությունը, որն այնքան ծանոթ էր Ռավիկին։ Նա հանկարծ ողողվել էր ալեկոծող ու կորստաբեր մի գեղեցկությամբ։ Ռավիկը հիշեց, որ մի անգամ ինքն արդեն տեսել է ժոանի դեմքը նույն այս արտահայտությամբ.— գիշերը, նրա սենյակում,— բայց այն ժամանակ իրեն թվաց, թե դա ընդամենը թեթև գինովցածության մի թմբիր է, և ամեն ինչ իսկույն հանգավ ու չքացավ։ Բայց ահա կրկին դեմքի նույն արտահայտությունը, որն այժմ ավելի է ընդգծված ու սքանչելի։
— Ձեզ ի՞նչ պատահեց, Ռավիկ,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
Ռավիկը շրջվեց։
— Ոչինչ։ Պարզապես ծանոթ երգ է։ Նեապոլիտանական հոգեմաշ ռոմանս։
— Հիշողություննե՞ր արթնացան։
— Ոչ։ Ես հիշողություններ չունեմ։
Ռավիկն այդ ասաց ավելի խիստ, քան ուզում էր։ Կետ Հեգստրեմը նայեց նրան։
— Երբեմն ես այնպես կուզեի իմանալ, Ռավիկ, թե ինչ է կատարվում ձեզ հետ...
Ռավիկը մերժող մի շարժում արեց։
— Ինձ հետ կատարվում է նույնը, ինչ որ ամեն մեկի հետ։ Հիմա աշխարհը լիքն է ակամա արկածախնդիր մարդկանցով։ Նրանց կարելի է հանդիպել ուզածդ հյուրանոցում փախստականների համար։ Եվ յուրաքանչյուրն այնպիսի մի պատմություն ունի, որ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի համար սենսացիա կարող էր լինել։ Իսկ հիմա բավական է մարդ սկսի պատմել, իսկույն բոլորը հորանջում են։ Այստեղ նոր օղի է լցված ձեզ համար, Կետ, խմեցեք... Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։
Նվագախումբը սկսեց բլյուզ նվագել։ Դա աղքատ ու ոչինչ չարտահայտող պարի մի եղանակ էր։ Մի քանի զույգ վեր կացան պարելու, Ժոան Մադուն տեղից վեր կացավ ու շարժվեց դեպի ելքը։ Նա այնպես էր քայլում, կարծես դահլիճը դատարկ լիներ։ Հանկարծ Ռավիկը հիշեց Մորոզովի ասածը նրա վերաբերյալ։ Ժոանն անցավ նրանց սեղանի կողքով։ Ռավիկին թվաց, թե նա իրեն նկատեց, սակայն Ժոանի հայացքը անտարբերությամբ սահեց նրա վրայով դեպի վերև, ինչ-որ տեղ, և նա դահլիճից դուրս եկավ։
— Դուք ծանո՞թ եք այդ կնոջը,— հարցրեց Կետ Հեգստրեմը, որը հայացքով հետևում էր Ռավիկին։
— Ոչ։