«Ուտոպիա»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 9. Տող 9.
 
==Գիրք առաջին==
 
==Գիրք առաջին==
  
Հայնրիխ VIII<ref>Հայնրիխ VIII (1491—1547)— Անգլիայի թագաւոր (1509—1547), Հայնրիխ VII֊ի երկրորդ որդին։ Նրա օրով աբսոլիւտիզմն Անգլիայում հասաւ իր բարձրագոյն կէտին։ Հայնրիխ VIII իրեն յայտարարեց «անգլիական եկեղեցու» գերագոյն պետ։ Գրավեց վանքապատկան հողերը, մի ռեֆորմ, որին օժանդակում էր միջին ազնուականութիւնը։ Այս ռեֆորմը նպաստեց հին ֆեոդալ֊հոգեւոր արիստոկրատիայի վերջնական քայքայմանը եւ ամրապնդեց թագաւորի բացարձակ իշխանութիւնը։ «Անգլիական եկեղեցու» Հռոմից բաժանումով մտցուեց ռեֆորմացի։</ref>, Անգլիայի անպարտելի թագաւորը, հազուագիւտ եւ գերազանց մտքի տէր մի իշխող, վերջերս մի նշանակալի միջադէպ ունէր Քասաիլի իշխան նորին մեծութիւն      Կառլի<ref>Քասաիլի իշխան Կառլը հետագայում գերմանական իմպերատոր Կառլ V է (1519—1555)։
+
Հայնրիխ VIII<ref>Հայնրիխ VIII (1491—1547)— Անգլիայի թագաւոր (1509—1547), Հայնրիխ VII֊ի երկրորդ որդին։ Նրա օրով աբսոլիւտիզմն Անգլիայում հասաւ իր բարձրագոյն կէտին։ Հայնրիխ VIII իրեն յայտարարեց «անգլիական եկեղեցու» գերագոյն պետ։ Գրավեց վանքապատկան հողերը, մի ռեֆորմ, որին օժանդակում էր միջին ազնուականութիւնը։ Այս ռեֆորմը նպաստեց հին ֆեոդալ֊հոգեւոր արիստոկրատիայի վերջնական քայքայմանը եւ ամրապնդեց թագաւորի բացարձակ իշխանութիւնը։ «Անգլիական եկեղեցու» Հռոմից բաժանումով մտցուեց ռեֆորմացի։</ref>, Անգլիայի անպարտելի թագաւորը, հազուագիւտ եւ գերազանց մտքի տէր մի իշխող, վերջերս մի նշանակալի միջադէպ ունէր Քասաիլի իշխան նորին մեծութիւն      Կառլի<ref>Քաստիլի իշխան Կառլը հետագայում գերմանական իմպերատոր Կառլ V է (1519—1555)։
  
 
Պատգամաւորութիւնը, որին մասնակցում էր նաեւ Մորը (1515 թ․), ուղղարկուած էր Բրյունգէ պարզելու համարՖլանդրիական առեւտրականների հետ տեղի ունեցած թիւրիմացութիւնը։ Հայնրիխ VIII պարլամենտական ակտով արգելել էր բրդի արտահանումը դէպի Հոլանդիա։ Այս արգելքը պայմանաւորուած էր Կառլի եւ Հայնրիխ VIII֊ի միջեւ առաջացած դժաությանը (իշխան Կառլը 1506 թ․ նշանուած էր Հայնրիխ VIII֊ի քրոջ հետ, սակայն 1514 թ․ Կառլին նշանեցին ֆրանսիական իշխանուհու հետ)։ Բրդի արտահանման արգելքը երկու երկրների տնտեսական կեանքի վրայ վատ էր անդրադառնում եւ երկու իշխողները շուտով հաշտուելով միմեանց հետ՝ 1515 թուի մայիսի 15֊ին Ֆլանդրիա ուղարկուեց յատուկ միսիա, Մորի մասնակցութեամբ։ Պատգամաւորութեան կազմում Մորի թեկնածութիւնն առաջադրել էին Լոնդոնի առեւտրականները։ Մորի առաքելութիւնը յաջողութեամբ վերջացաւ․ այդ պատճառով էլ երկու տարի յետոյ (1517 թ․) նրան նոյնանման միսիայով ուղարկեցին Քալէ։</ref> հետ։ Այդ գործը կարգաւորելու, եւ թիւրիմացութիւնն ըստ հնարաւորին վերացնելու միսիայով ինձ, իբրեւ դեսպան, ուղարկեցին Ֆլանդրիա<ref>Ֆլանդրիան նախկին կոմսութիւն էր, որի տերիտորիան այժմ պատկանում է մասամբ Բելգիային (1830 թուից), մասամբ Ֆրանսիային եւ մի մասն էլ Հոլանդիային։ Բրիւգէն գլխաւոր քաղաքներից մէկն էր։ 12֊րդ դարից Ֆլանդրիան տնտեսական ընդհանուր շահերով կապուած էր Անգլիայի հետ (Անգլիան Ֆլանդրիայի արհեստաւորների համար բուրդ էր մատակարարում)։ Տնտեսական տեսակէտից Ֆլանդրիան 14—16 դարերում Հիւսիսային եւ Միջին Եւրոպայի ամենաառաջադէմ երկրներից մէկն էր։ Ֆլանդրիան Կառլ V֊ի կայսրութեան բաժանումով անցաւ Սպանիային։</ref>։
 
Պատգամաւորութիւնը, որին մասնակցում էր նաեւ Մորը (1515 թ․), ուղղարկուած էր Բրյունգէ պարզելու համարՖլանդրիական առեւտրականների հետ տեղի ունեցած թիւրիմացութիւնը։ Հայնրիխ VIII պարլամենտական ակտով արգելել էր բրդի արտահանումը դէպի Հոլանդիա։ Այս արգելքը պայմանաւորուած էր Կառլի եւ Հայնրիխ VIII֊ի միջեւ առաջացած դժաությանը (իշխան Կառլը 1506 թ․ նշանուած էր Հայնրիխ VIII֊ի քրոջ հետ, սակայն 1514 թ․ Կառլին նշանեցին ֆրանսիական իշխանուհու հետ)։ Բրդի արտահանման արգելքը երկու երկրների տնտեսական կեանքի վրայ վատ էր անդրադառնում եւ երկու իշխողները շուտով հաշտուելով միմեանց հետ՝ 1515 թուի մայիսի 15֊ին Ֆլանդրիա ուղարկուեց յատուկ միսիա, Մորի մասնակցութեամբ։ Պատգամաւորութեան կազմում Մորի թեկնածութիւնն առաջադրել էին Լոնդոնի առեւտրականները։ Մորի առաքելութիւնը յաջողութեամբ վերջացաւ․ այդ պատճառով էլ երկու տարի յետոյ (1517 թ․) նրան նոյնանման միսիայով ուղարկեցին Քալէ։</ref> հետ։ Այդ գործը կարգաւորելու, եւ թիւրիմացութիւնն ըստ հնարաւորին վերացնելու միսիայով ինձ, իբրեւ դեսպան, ուղարկեցին Ֆլանդրիա<ref>Ֆլանդրիան նախկին կոմսութիւն էր, որի տերիտորիան այժմ պատկանում է մասամբ Բելգիային (1830 թուից), մասամբ Ֆրանսիային եւ մի մասն էլ Հոլանդիային։ Բրիւգէն գլխաւոր քաղաքներից մէկն էր։ 12֊րդ դարից Ֆլանդրիան տնտեսական ընդհանուր շահերով կապուած էր Անգլիայի հետ (Անգլիան Ֆլանդրիայի արհեստաւորների համար բուրդ էր մատակարարում)։ Տնտեսական տեսակէտից Ֆլանդրիան 14—16 դարերում Հիւսիսային եւ Միջին Եւրոպայի ամենաառաջադէմ երկրներից մէկն էր։ Ֆլանդրիան Կառլ V֊ի կայսրութեան բաժանումով անցաւ Սպանիային։</ref>։

00:01, 14 Հունիսի 2015-ի տարբերակ

Ուտոպիա

հեղինակ՝ Թոմաս Մոր
թարգմանիչ՝ Գր․ Անդրեասյան (գերմաներենից)
աղբյուր՝ «Ուտոպիա»

Գիրք առաջին

Հայնրիխ VIII[1], Անգլիայի անպարտելի թագաւորը, հազուագիւտ եւ գերազանց մտքի տէր մի իշխող, վերջերս մի նշանակալի միջադէպ ունէր Քասաիլի իշխան նորին մեծութիւն Կառլի[2] հետ։ Այդ գործը կարգաւորելու, եւ թիւրիմացութիւնն ըստ հնարաւորին վերացնելու միսիայով ինձ, իբրեւ դեսպան, ուղարկեցին Ֆլանդրիա[3]։

Ինձ ընկեր տուեցին անզուգական Կեթբերտ Դենոտոլը, որին թագաւորն ընդհանուր հաւանութեամբ վստահացել էր Քենտիերբերիի արքեպիսկոպոսի կնիքը։ Նրան գովաբանելու համար ես ոչինչ չեմ ասի, եւ այդ ոչ թէ իմ բարեկամին շողոքորթելու մէջ մեղադրուելու երկիւղից, այլ սոսկ այն պատճառով, որ նրա գիտելիքներն ու բարեմասնութիւններն ամէն գովասանքից բարձր են։ Նրա հռչակն այնքան փայլուն է, որ եթէ մէկն ուզենայ նրան գովել, կը նշանակի արեւը լուսաւորել լապտերով,— ինչպէս ասում է առածը։

Բրիւգէյում[4], կոնֆերենցիայի համար նշանակուած քաղաքում, մենք հանդիպեցինք Կառլ իշխանի դեսպանների հետ— բոլորն էլ հրաշալի մարդիկ։ Բրիւգէի նահանգապետը գլխաւորում էր պատգամաւորութեանը, իսկ Գեորգ Թամազիան, Մոնկասելի պրեֆեկտը, պատգամաւորութեան հոգին ու լեզուն էր։ Այդ մարդը, որ իր լեզուի ճարտարութիւնը ոչ այնքան արուեստին, որքան բնութեանն էր պարտական, համարւում էր պետական հարցերի լաւագոյն իրաւագէտը․ անհատական ձիրքերը՝ միացած երկարամեայ գործնական աշխատանքի հետ, նրան մի չափազանց հմուտ դիւանագէտ էին դարձրել։

Կոնգրեսն արդեն երկու նիստ ունեցաւ, սակայն բազմաթիւ կէտերում չկարողացաւ համաձայնութեան գալ։ Այդ ժամանակ Քաստիլի դեսպանները հրաժեշտ առան մեզնից եւ ուղեւորուեցին Բրիւսսել՝ այնտեղ իշխանի կամքն իմանալու համար։ Այս ազատ ժամանակը ես օգտագործեցի՝ գնալով Անտուերպեն։ Այդ քաղաքում եղածս ժամանակ ես յաճախ ընդունելութիւններ էի ունենում, սակայն իմ բոլոր ծանօթներից ամէնից աւելի հաճելին Պետր Էգիդն[5] էր, մի շատ բարեհոգի անտուերպենցի։ Այդ երիտասարդ մարդը, որն իր համաքաղաքացիների մէջ պատուաւոր դիրք է վայելում, իր գիտելիքների եւ բարոյական յատկանիշների շնորհիւ արժանի է աւելի բարձր յարգանքի, որոհետեւ նրա զարգացումն իր հրաշալի նկարագրից ոչնչով ետ չի մնում։ Նրա սիրտը բաց է բոլորի համար․ իր բարեկամների հանդէպ նա այնքան բարեացակամութիւն, սէր, հաւատարմութիւն, նուիրուածութիւն ունի, որ, առանց ճշմարտութեան դէմ մեղանչելու, նրան կարելի է բարեկամութեան լաւագոյն տիպարն անուանել։ Համեստ եւ առանց կեղծիքի, պարզ եւ խելացի, նա գիտի իմաստալից խօսել ու նրա կատակները ոչ ոքի չեն վշտացնի։ Մի խօսքով, շուտով մեր միջեւ սկսուած մտերմութիւնն այնքան հաճելի եւ հմայիչ էր, որ մեղմացրեց իմ յիշողութեան վիշտը դէպի իմ ծննդավայրը, տունը, կինն ու երեխաները եւ մինչեւ իսկ կարողացաւ լռեցնել այն մտահոգութիւնները, որոնք զարթնում են աւելի քան չորս ամիս տեւող մի բացակայութեան ժամանակ։

Մի օր ես այցելեցի Notre—Dame․ այդ տաճարը ոչ միայն տեղացիների կողմից է շատ պաշտւում, այլեւ իրենից ներկայացնում է ճարտարապետութեան գլուխ֊գործոցներից մէկը։ Ժամերգութիւնը վերջանալուց յետոյ, ես ուզում էի իմ հիւրանոցը վերադառնալ, երբ յանկարծ տեսայ Պետր Էգիդին, որը խօսում էրտարիքն արդեն առած մի օտարականի հետ։ Անծանօթի արեւակէզ դէմքը, երկար միրուքը, վերարկուն, որն անփութօրէն կիսով չափ ետ էր ընկած, տեսնքն ու կեցուածքը ենթադրել էին տալիս, որ նա նաւատէր պէտք է լինի։

Հենց որ Պետրն ինձ նկատեց, առաջացաւ դէպի ինձ, բարեւեց եւ իր ուղեկցից, որն այդ րոպէին կարծես ուզում էր առարկել, մի փոքր ետ մնաց։

— Այս պարոնին,— ասաց նա,— հենց նոր մտածում էի քեզ մօտ բերել։

— Հենց միայն քո սիրուն, բարեկա՛մս, նա ինձ մօտ սրտագին ընդունելութեան կարժանանար…

— Իսկ եթէ դու նրան ճանաչէիր, անշուշտ այդ կանէիր հենց ի՛ր սիրուն։ ՈՒրիշ ոչ ոքից դու չես կարող մարդկանց եւ անծանօթ երկրների մասին այնքան ճշգրիտ եւ հետաքրքրական տեղեկութիւններ ստանալ, որքան նրանից։ Ես գիտեմ, որ նման տեղեկութիւնները քեզ համար արտակարգ շահագրգռութիւն են ներկայացնում։

— Ուրեմն ես չեմ սխալուել․ ես նրան իսկոյն նաւատէրի տեղ ընդունեցի։

— Շատ ես սխալւում,— ասաց Պետրը— նա իսկապէս նաւել է ծովերի վրայ, սակայն ոչ որպէս Պալինուր[6]․ աւելի շուտ նա խաղում էր Ուլիսոյի կամ մինչեւ իսկ Պլատոնի դերը։ Լսի՛ր նրա պատմութիւնը։

«Ռաֆայել Հիթլոդը[7]— այս անուններից առաջինը նրա ազգանունն է— շատ լաւ գիտի լատիներէն եւ կատարելապէս տիրապետում է յունարէնին։ Փիլիսոփայութեան ուսումնասիրութիւնը, որին նա բացառապէս նուիրուել է, դրդել է նրան Աթէնքի լեզուն աւելի յուրացնել, քան Հռոմինը, որովհետեւ, չէ՞ որ լատիներէն, բացի Սենեկայից եւ մի քանի բաներ Կիկերոնից, այդ ուղղութեամբ շատ բան չի գրուած։ Նրա հայրենիքը Փորթուգալիան է, դեռ երիտասարդ տարիքում, նա հայրական ժառանգութեան իր մասը զիջեց եղբայրներին եւ, որովհետեւ աշխարհը չափելու իր ցանկութեանը չէր կարող յաղթահարել, միացաւ Ամերիկո Վեսպուչիի[8] անձին ու երջանիկ աստղին։ Չորս ճանապարհորդութիւնից վերջին երեքի ընթացքում, որոնց նկարագրութիւնն այսօր ամէն տեղ կարդում են, նա ոչ մի րոպէ չի թողել այդ խոշոր ծովագնացին։ Սակայն Ռաֆայէլը նրա հետ Եւրոպա չվերադարձաւ․ նրա յամառ խնդրանքներին ընդառաջելով, Ամերիկոն թոյլ տուեց նրան այն «քսան եւ չորսից»[9] մէկը լինել, որոնք մնացին նրա կողմից հիմնադրուած բերդում։ Իր ցանկութեան համաձայն՝ նրան թողեցին այն ափին։ Մեր հերոսը չի վախենում օտարութեան մէջ մեռնելուց, նրան քիչ է հետաքրքրում շքեղ դագաղի մէջ նեխուելու պատիւը եւ նրանից յաճախ կարելի է լսել այն ասացուածքը, թէ «անթաղ դիակի պատանն ինքը՝ երկինքն է, իսկ ճանապարհը դէպի աստուած կարելի է ամէն տեղ գտնել»։ Արկածախնդիր այդ նկարագիրը թերեւս նրան փչացրած լինէր, եթէ նախախնամութիւնը չպահպանէր նրան։ Յամենայն դէպս Վեսպուչիի մէկնելուց յետոյ, նա հինգ կոլոնիստների հետ շրջագայեց շատ երկրներ, ինչ֊որ հրաշքի շնորհիւ նաւու հասաւ մինչեւ Տապրոբանա[10] եւ այնտեղից Կալիկուտ[11], որտեղ նա պատահեց փորթուգալական նաւերի, որոնցից մէկը, հաւառակ բոլոր սպասումների, նրան իր հայրենիքը վերադարձրեց»։

Երբ Պետրը վերջացրեց իր պատմութիւնը, ես շնորհակալութիւն յայտնեցի նրան իր սիրալիրութեան եւ պարտաւորեցնող եռանդի համար, որով առիթ տուեց ինձ վայելել մի այդպիսի արտակարգ մարդու ընկերութիւնը, ապա մօտեցայ Ռաֆայէլին եւ, ծանօթութիւն հաստատելու ժամանակ ընդունուած սովորական կոմպլիմենտներից յետոյ, նրան Պետր Էգիդի հետ առաջնորդեցի իմ բնակարանը։ Այնտեղ մենք պարտեզում նստեցինք կանաչազարդ մի նստարանի վրայ, եւ սկսուեց խօսակցութիւնը։

Ռաֆայէլն ամէնից առաջ պատմեց ինձ, թէ ինչպէս նա եւ իր ընկերները Վեսպուչիի մեկնելուց յետոյ իրենց բարեկամական վերաբերմունքի եւ զանազան լաւ ծառայութիւնների շնորհիւ վաստակել են բնիկների բարեկամութիւնը եւ թէ ինչպէս նրանց հետ խաղաղ ու լաւագոյն համերաշխութեամբ ապրել են։ Նա պատմեց ինձ նոյնիսկ մի իշխանի մասին— որի երկրի եւ իր անունն այժմ ես չեմ յիշում— որն ամենամեծ պատրաստակամութեամբ նրանց իր հովանաւորութեան տակ է առել։ Այդ առատաձեռն մարդը նրանց տրամադրում է նաւ, մակույկներ եւ ուրիշ անհրաժեշտ ամէն ինչ, որ հարկաւոր էր ճանապարհորդութիւնը շարունակելու համար։ Մի հաւատարիմ ուղեկցող հրաման է ստանում ընկերանալ նրանց եւ ամենահրաշալի յանձնարարականներով ներկայացնել միւս իշխաններին։

Երկար ճանապարհորդութիւնից յետոյ, նրանք հանդիպում են բնակավայրերի, բարեկարգ քաղաքների, բազմաթիւ ժողովուրդների եւ զօրաւոր պետութիւնների։

Հասարակածի եւ արեւադարձի երկու կողմերին նրանք տեսնում են անծայր անապատներ, որոնք մշտապէս խանձւում են արեւի կիզիչ ճառագայթներով։ Այդտեղ ամէն ինչ նրանց ահ ու սարսափով է պատում․ անմշակ հողը, բացի վայրի գազաններից, այլանդակ սողուններից եւ նրանցից աւելի սարսափելի մարդկանցից, ուրիշ բնակիչներ չունէր։ Որքան նրանք հեռանում են հասարակածից, այնքան բնութիւնը հետզհետէ ընդունում է աւելի մեղմ տեսք․ արեւը դառնում է պակաս կիզիչ, գետինը զարդարւում է ծիծաղկոտ կանաչով, կենդանիներն այլեւս այնքան վայրենի չեն։ Աւելի առաջանալով, նրանք պատահում են այնպիսի ժողովուրդների, երկրների եւ քաղաքների, որտեղ ցամաքային եւ ծովային աշխուժ առեւտուր է կատարւում ոչ միայն երկրի ներսում եւ սահմանակից երկրների, այլեւ շատ հեռաւոր ժողովուրդների հետ։ Այս յայտաբերումները բոցավառում են Ռաֆայէլի եւ իր ընկերների եռանդը․ սակայն այդ բոլորից աւելի նրանց ուղեսիրութիւնը խթանում է այն հանգամանքը, որ նրանք առանց դժուարութեան ընդունելութիւն են գտնում լողալու պատրաստ հենց առաջին նաւում՝ անկախ նրա նշանակման վայրից։ Նրանց հանդիպած առաջին նաւերը տափակ էին, առագաստները հիւսուած էին ուռենու կեղեւից կամ պապիրուսի թերթերից, իսկ մի քանիսը՝ կաշուից։ Հետագայում նրանք տեսնում են սուր քթերով նաւեր՝ կանեփից պատրաստուած առագաստներով եւ, վերջապէս, ամէնից վերջը նրանց հանդիպում են այնպիսի նաւեր, որոնք ամէն ինչով նման էին մեր նաւերին եւ այդպիսիները վարում էին ճարպիկ նաւաստիներ՝ ծանօթ ծովին ու երկնքին, թէեւ կողմնացոյցի մասին դեռեւս գաղափար չունէին։

Այս բարի մարդիկ հիացմունքից յափշտակուեցին եւ չէին իմանում ինչպէս շնորհակալութիւն յայտնեն, երբ մեր կոլոնիստները նրանց մագնիսական մի ասեղ ցոյց տուին։

Մինչ այդ նրանց ծով էին դուրս գալիս մեծ մտավախութեամբ։ Այժմ կողմնացոյցը ձեռքերին, նրանք հպարտ կռւում են փոթորկի դէմ՝ մինչեւ իսկ ձմրանը․ նրանք այժմ աւելի են վստահում ծովին, քան պէտք է, այնպէս որ, եթէ գործին աւելի աչալուրջ չվերաբերուեն, այն դէպքում այդ հրաշալի գիւտը, որը նրանց ամենամեծ օգուտներն է խոստանում, իրենց անզգուշութեան պատճառով կարող է դժբախտ պատահարների աղբիւր դառնալ։

Ինձ շատ հեռուները կտանի, եթէ ես պատմեմ բոլորը, ինչ որ Ռաֆայէլը տեսել է իր ճանապարհորդութիւնների ժամանակ։ Բացի այդ, այս երկի նպատակն այդ չէ։ Նրա պատմութիւնը թերեւս ես մի առանձին գրքով լրացնեմ, որտեղ աւելի հանգամանօրէն կանգ կառնեմ գերազանցապէս քաղաքակրթուած ժողովուրդների բարքերի, սովորույթների եւ նպատակայարմար հիմնարկութիւնների վրայ, որ նա այցելել է։

Այս կարեւոր նիւթի շուրջ մենք հազարաւոր հարցերի տարափ տեղացրինք Ռաֆայէլի վրայ, որոնց նա մեծ գոհունակութեամբ բաւարարեց։ Առասպելական ճիւաղների մասին, որոնք արդեն կորցրել են նորութեան արժէքը, մենք նրան հարցեր չտուինք․ մարդակերներ եւ նման սուտ հրաշքներ ու վիժուածքներ կարելի է ամենուրէք գտնել։ Աւելի հազուադէպ է բանական եւ միանգամայն նպատակահարմար կազմակերպուած մի հասարակութիւն։

Անկեղծ լինելու համար, խոստովանուեց մեզ Ռաֆայէլը, այդ նոր ժողովուրդների մէջ նա հանդիպել է հիմնարկութիւնների, որոնք շատ աւելի լաւ չեն, քան մեզ մօտ եղածները։ Միւս կողմից սակայն, նա գտել է ոչ սակաւաթիւ օրէնքներ, որոնք ի վիճակի են լուսաւորել եւ վերածնել Հին Եւրոպայի քաղաքները, ազգերն ու պետութիւնները։

Այս բոլոր խնդիրները, ես նորից եմ կրկնում, իմ մի այլ աշխատութեան նիւթն են հանդիսանալու․ այս աշխատութիւնով ես հաղորդելու եմ միայն այն, ինչ որ Ռաֆայէլը պատմեց մեզ ուտոպիական[12] ժողովրդի բարքերի եւ հաստատութիւնների մասին։ Բայց նախապէս թող թոյլատրուի ինձ հաղորդել ընթերցողին, թէ ինչ եղանակով մեր զրոյցն այս հողի վրայ փոխադրուեց։

Իր պատմութեան ընթացքում Ռաֆայէլը ծանրակշիռ խորհրդածութիւններ կատարեց։ Որեւէ կառավարական ձեւ քննարկելիս, նա, արմանալի խորաթափանցութեամբ, վերլուծում էր մէկի նպատակահարմարն ու ներդաշնակը, իսկ մի ուրիշի վատն ու կեղծը։ Զանազան ժողովուրդների բարքերի ու հաստատութիւնների մասին այս իրազեկ մարդու կշռադատութիւնները լսելիս, պէտք էր կարծել, թէ նա իր ամբողջ կեանքն անց է կացրել այդ երկրներում, մինչդեռ նա այդպիսիք դիտել է հարեւանցիօրէն։

Պետրը չկարողացաւ զսպել իր զարմանքը․

— Արդարեւ,— ասաց նա,— ինձ շատ տարօրինակ է թւում, սիրելի Ռաֆայէլ, որ դու մի իշխանի մօտ ծառայութիւն չես որոնում․ ես խորապէս համոզուած եմ, որ դու նրան թէ ցանկալի եւ թէ օգտակար կը լինես։ Աշխարհագրագէտի եւ մարդաբանի քո համայնապարփակ գիտելիքներով՝ դու նրա ազատ ժամերը շատ հաճելի կը դարձնէիր, իսկ բազմաթիւ դիպում օրինակները, որ կարող ես բերել, հիմնական գիտելիքներ եւ անգնահատելի խորհուրդներ կը տային նրան։ Միաժամանակ դու հնարաւորութիւն կունենայիր քեզ եւ ձերոնց համար հրաշալի վիճակ ստեղծել։

Իմ հարազատների եւ բարեկամների ճակատագիրը,— առարկեց Հիթլոդը,— ինձ քիչ է անհանգստացնում։ Ինձ թւում է, որ նրանց նկատմամբ ես իմ պարտականութիւնները լիովին կատարել եմ։ Ուրիշները միայն այն ժամանակ են մտածում յանձնել իրենց գանձը, երբ մի ոտքով արդեն գերեզմանումն են ու պատրաստւում են երկրորդ ոտքը դնել, եւ մինչեւ իսկ այդ ժամանակ էլ չափազանց տհաճութեամբ են բաց թողնում այն, ինչ որ նրանց ուժազուրկ ձեռքն այլեւս պահել չի կարող։ Իսկ ես, ընդհակառակը, երիտասարդութեան լի ուժերի եւ ծաղկման շրջանում ամէն ինչ նուիրեցի իմ ազգականներին ու բարեկամներին։ Ես կարծում եմ, նրանք չեն մեղադրի իմ էգոիզմը եւ չեն պահանջի, որ ես իրենց գրպանները լցնելու համար ինձ որպէս ստրուկ առաջարկեմ մի թագաւորի։

— Լաւ հասկանանք միմեանց,— ասաց Պետրը,— իմ միտքն այն չէ, որ դու մի թագաւորի ծառան լինես, այլ ծառայես նրան։

— Թագաւորները, բարեկամս, այդ երկսի մէջ քիչ կամ ոչ մի զանազանութիւն չեն դնում․ լատիներէն servire եւ inservire խօսքերը իրարից տարբերւում են միայն վանկերի թուով։

— Անվանի՛ր ինչպէս հաճելի է քեզ,— առարկեց Պետրը,— յամենայն դէպս ես դրանում տեսնում եմ քեզ համար լաւագոյն միջոցը՝ օգտակար լինելու ինչպէս պետութեան եւ անհատներին, նոյնպէս էլ քեզ համար ապահովելու երջանիկ դիրք։

— Երջանիկ, ասում ես դու, ինչպէ՞ս կարող է այն, որ հակառակ է իմ զգացումներին, մտածելակերպին, նկարագրին, նպաստել իմ երջանկութեանը։ Այն կեանքը որ այժմ վարում եմ՝ ես ազատ եմ, անում եմ, ինչ ուզենամ, սակայն խիստ կասկածում եմ, թէ շատերը նրանցից, որոնք ծիրանի են հագնում, կարող լինեն նոյնն ասել իրենց մասին։ Թագի շնորհին ձգտող փառամոլներ ինչքան ուզէք կան․ թագաւորներն իմ կամ երկու֊երեք ինձ նման մտածող ուրիշների բացակայութիւնը հազի՛վ թէ նշմարէն պալատականների այդ բազմութեան մէջ։

Այստեղ ես միջամտեցի խօսակցութեան․

— Ըստ երեւոյթին, Ռաֆայէլ, դու ոչ երջանկութեան եւ ոչ էլ մեծ ազդեցութեան ես ձգտում, եւ ես իմ կողմից դրա համար քեզ հանդէպ պակաս հիացմունք ու յարգանք չունեմ, քան կունենայի, եթէ դու մի պետութեան գլուխը կանգնած լինէիր։ Բայց եւ այնպէս, ինձ թւում է, թէ այդպիսի մի ազնիւ ու խորհող մտքի համար, ինչպիսին քոնն է, միանգամայն վայել է իր ամբողջ տաղանդը նուիրել հասարակական գործերի ղեկավարմանը, թէկուզ դրա համար մինչեւ իսկ քո անձնական բարեկեցութիւնը նկատի չունենաս։ Դրա լաւագոյն միջոցը, անվիճելիօրէն որեւէ թագաւորի խորհրդական լինելն է․ եւ ես համոզուած եմ, որ քո ձայնը կհնչի միայն արդարութիւն եւ ճշմարտութիւն ծանուցելու համար․ Դու գիտես, որ իշխանն այն աղբիւրն է, որից հեղեղի նման դէպի ժողովուրդն է հոսում ե՛ւ բարին ե՛ւ չարը։ Դու այնքան գիտելիքներ եւ տաղանդ ունես, որ եթէ քեզ պակասի պետական գործերը վարելու փորձը, այնուամենայնիւ դու տգէտ թագաւորի հիանալի մինիստր կը լինես։

— Դու կրկնակի սխալմունքի մէջ ես ընկնում, թանկագին Մոր,— պատասխանեց Ռաֆայէլը,— դու սխալւում ես ինչպէս գործի դրութեան, այնպէս էլ իմ անձի գնահատութեան մէջ։ Ես շատ հեռու եմ այն ընդունակութիւններն ունենալուց, որ վերագրում ես ինձ։ Սակայն ընդունենք մի րոպէ, թէ ես այդպիսիք հարիւրապատիկ չափով աւելի ունեմ, բայց եւ այնպէս իմ հանգստութեան զոհաբերումը հասարակութեան ոչ մի օգուտ չի բերի։ Նախ՝ թագաւորներն ամէնից աւելի իրենց սրտի մօտ են ընդունում պատերազմը (եւ հենց ռազմական արուեստը մի գիտութիւն է, որ ես չեմ իմանում եւ երբեք չեմ էլ ուզում սովորել), մինչդեռ խաղաղութեան բարերար արուեստը նրանք արհամարհում են։ Եթէ հարցը վերաբերում է իրենց սահմանների ընդարձակմանը, ապա ամէն միջոց արդար է համարւում․ ո՛չ հոգեւոր եւ ո՛չ էլ աշխարհիկ իշխանութիւնը, ո՛չ ոճրագործութիւնը եւ ո՛չ էլ արիւնը չի տատանում նրանց որոշումը։ Նրանց շատ աւելի քիչ է մտահոգում իրենց ենթակայ պետութիւնները լաւ կառավարելու հարցը։ Իսկ ինչ վերաբերում է թագաւորների խորհրդականներին, նրանց բնութագիրը մօտաւորապէս հետեւեալն է— ոմանք լռում են եւ դրա համար հիմք ունեն․ հարկաւոր է, որ հենց իրենց խորհուրդներ տրուեն․ ուրիշներն ընդունակ են եւ հասկանում են այդ․ այս վերջինները մշտապէս հարում են այն մարդու կարծիքին, որն ամէնից աւելի շնորհ վայելում թագաւորի մօտ․ նրանք ոգեւորութեամբ ծափահարում են այդպիսի մարդու մինչեւ իսկ ամենաանհեթեթ դատողութիւնները։ Այդ արհամարհելի հացկատակները միայն մի միակ նպատակ գիտեն— ստոր եւ յանցաւոր շողոքորթութեամբ ձեռք բերել թագաւորի կողմից նպաստաւորուածի հովանաւորութիւնը։ Մնացեալներն իրենց ինքնասիրութեան ստրուկներ են․ նրանք ականջ են դնում միայն իրենց սեփական կարծիքին։ Դա զարմանալի չէ․ բնութիւնն ամէն մէկին հարկադրում է իր մտքի արգասիքը գեղեցիկ համարել․ այսպէս է փաղաքշում ագռաւն իր ճտերին, կապիկն՝ իր ձագերին։ Ի՞նչ է կատարւում սակայն այդ մինիստրութիւնների ներսում, որտեղ իշխում է նախանձը, անփութութիւնն ու ինքնախնդրութիւնը։ Փորձո՞ւմ է արդեօք մէկը մի բանական կարծիք յայտնել՝ հենուելով ուրիշ երկրների պատմութեան կամ սովորոյթների վրայ։ Նման դէպքում բոլոր մնացեալները կը վրդովուէին, նրանց ինքնասիրութիւնը վիրաւորուած կը զգար իրեն ճիշտ այնպէս, եթէ դատավճիռ արձակէին իրենց իմաստութեան վրայ եւ որպէս պակասամիտների անվանարկեին իրենց։ Նրանք այնքան են պրպտում, մինչեւ մի հակասութիւն գտնեն եւ, եթէ իրենց յիշողութիւնը կամ դատողութիւնը սխալ ճանապարհի բերի, այն ժամանակ ապաստանում են ռազմական այն ասացուածքին, թէ «մեր հայրերը մտածում եւ գործում էին այսպէս․ տա՛յ Աստուած, որ մենք մեր իմաստուն հայրերից ետ չմնանք»։ Եւ ապա նստում են ու այնպէս փքւում, կարծես թէ պատգամ են ծանուցում։ Նրանց կարծիքով հասարակութեան անկումն անխուսափելի կը լինի, եթէ գտնուի մէկը, որն աւելի խելացի կը լինի, քան իր նախնիքները։ Թէեւ լաւ հաստատութիւնների հանդէպ, որ մենք ժառանգել ենք մեր նախահայրերից, բաւական անտարբեր ենք, սակայն, չնայած դրան, հենց որ մի նպատակայարմար նորութիւն յայտնուի, պինդ կառչում ենք հնին, որպէսզի առաջադիմութիւնն արգելակենք։ Գրեթէ ամէն տեղ ես հանդիպել եմ այդպիսի ինքնահաւան, անհամ եւ մեծամիտ պետական պաշտօնեաների։ Մի անգամ ես հանդիպեցի Անգլիայում…

— Ներողութիւն,— ընդհատեցի ես Ռաֆայէլին,— ուրեմն դու Անգլիայո՞ւմ էլ ես եղել։

— Այո՛, ընդամէնը մի քանի ամիս։ դա, արեւմտեան Անգլիայի եւ թագաւորի միջեւ տեղի ունեցող քաղաքացիական պատերազից մի քիչ յետոյ էր, մի պատերազմ, որը վերջացաւ ապստամբների սարսափելի ջարդով[13]։ Այդ ժամանակ շատ պատուարժան Յոան Մորաոնը, Քենտերբերիի կարդինալ֊արքեպիսկոպոսը եւ Անգլիայի կանցլերը, ինձ մեծ հովանաւորութիւն ցոյց տուեց։ Նա — ես դիմում եմ միայն քեզ, սիրելի Պետր, քանի որ Մորը նման դասերի կարիք չունի,— մի մարդ էր, որին իր նկարագրի եւ բարեմասնութիւնների համար աւելի պէտք է գնահատել, քան իր բարձր դիրքի պատճառով։ Նրա միջին հասակը չէր կռացել տարիքի ծանրութեան տակ։ Նրա դէմքը, առանց խիստ լինելու, յարգանք էր հարկադրում։ Ուրիշների հանդէպ նա իրեն պահում էր անսեթեւեթ, լուրջ եւ խոհեմ։ Նա սիրում էր իր խնդրարկուներին երբեմն խիստ խօսքերով հարցաքննել, որոնք սակայն երբեք վիրաւորական չէին։ Ընդհակառակը նա հիանում էր՝ յայտաբերելով նրանց մէջ մտքի առկայութիւն եւ աշխուժ դատողութիւններ, որքան վերջինները յանդգնութեան չէին փոխւում։ Այդ եղանակով նա փորձում էր դատել արժանիքների մեծութիւնն ու փոքրութիւնը եւ այդպիսիք արժէքաւորել ըստ իրենց առանձնայատկութեան։ Նրա լեզուն պարզ էր եւ աշխուժ, նրա իրաւական գիտելիքները՝ խոր, վճիռը՝ դիպուկ, յիշողութիւնը՝ հրաշալի։ Բնական այդ փայլուն ձիրքերը նա վարժութիւններով եւ ուսումնասիրութիւններով աւելի էր զարգացրել։ Նրա կարծիքը թագաւորի մասին, — թէեւ դրա համար հիմքեր ունեմ— որոնք վէրքերով ծածկուած տուն են վերադառնում ներքին եւ արտաքին պատերազմներից։ Որքա՜ն զինուորներ Կորնուելսի[14] ճակատամարտում եւ կամ Ֆրանսիայի դէմ արշաւանքների ժամանակ չեն կորցրել մարմնի մէկ կամ մի քանի անդամները՝ կռուելով թագաւորի եւ հայրենիքի համար։ Այդ դժբախտները շատ էին տկարացել իրենց հին արհեստը շարունակելու եւ շատ ծերացել՝ մի նորը սովորելու համար։ Բայց թողնենք այդ հարցը, մենք միշտ պատերազմի ժամանակներ չենք ապրում։ Մեր հայեացքը դարձնենք այն երեւոյթի վրայ, որ ամէն օր կատարւում է մեր շուրջը։

«Հասարակական թշուառութեան ամենագլխաւոր պատճառը «ազնիւ մարդկանց» անչափելի թիւն է, որոնք պորտաբոյծ ձիաճանճերի նման կերակրում են իրենց մերձաւորների քրտինքով ու աշխատանքով, իրենց հողերը մշակել են տալիս նրանց ու եկամուտներն աւելացնելու համար ծծում են արենդատորների մինչեւ անգամ արիւնը․ նրանք մի այլ տնտեսութիւն չեն ճանաչում։ Սակայն, եթէ հարցը վերաբերի իրենց համար հաճոյքներ ստեղծելուն, նրանք խելացնորութեան աստիճան վատնող են, եթէ մինչեւ իսկ այդ պատճառով մուրացիկի ցուպը վերցնելու վիճակին հասնեն։ Աւելի նուազ ողբալի չէ այն հանգամանքը, որ նրանք իրենց ետեւից քարշ են տալիս պորտաբոյծ սպասաւորների ամբողջ բազմութիւններ, որոնք ոչինչ չեն սովորել, որ կարողանային ապահովել իրենց գոյութիւնը։

«Երբ այս սպասաւորների կազմից մէկը հիւանդանում է եւ կամ իրենց տէրը մեռնում է, այդ ժամանակ նրանց արձակում են, որովհետեւ գերադասում են կերակրել պորտաբոյծների, քան թէ՝ հիւանդների․ յաճախ էլ մեռնողի ժառանգն ի վիճակի չի լինում իր ժառանգած բոլոր սպասաւորները պահելու։

«Եւ այդ մարդիկը, եթէ սրտոտ չեն գողութիւն անելու համար, սովամահութեան են մատնւում։ Արդարեւ, ի՞նչ է մնում նրանց անել․ մինչեւ մի նոր ապաստան որոնեն, նրանց ե՛ւ առողջութիւնը, ե՛ւ հագուստները կմաշուեն, եւ երբ հիւանդութիւնը նրանց թառամեցնի ու ժամանակը՝ ցնցոտիների մէջ պարուրի, այն ժամանակ մարդ կսարսափի նրանց ծառայութեան ընդունելու մտքից իսկ։ Մինչեւ իսկ գիւղացիները չեն անի այդ․ նրանք շատ լաւ գիտեն, մի մարդ, որ երիտասարդ տարիքից ապրել է ծուլութեան եւ հաճոյքների մէջ, որ միայն սուր ու վահան է կրել, հպարտ աչքով բարձրից է նայել համեացիների, կարթագենացիների եւ հին դարի մի շարք այլ ժողովուրդների վրայ։ Ի՞նչ են շահել նրանք հարուածելու միշտ պատրաստ ու հսկայ այդ բանակներից․ իրենց երկրների ամայացումը, քաղաքների կործանումը, իրենց պետութեան անկումը։ Այո՛, եթէ Ֆրանսիացիներին օգնէր գոնէ այն հանգամանքը, որ նրանք իրենց զինուորներին հենց իբրեւ ծծկեր զինավարժէին․ բայց Ֆրանսիացի վետերանները Անգլիայի նորակոչիկների հետ գործ ունէին, եւ չգիտեմ, թէ արդեօք նրանք կարո՞ղ են պարծենալ, թէ յաղթանակը յաճախ տարել են։ Սակայն այս հարցի մասին ես ուզում եմ լռել, այլապէս կը թուայ, թէ փորձում եմ փաղաքշել իմ ունկնդիրներին։

«Վերադառնանք քո ռազմահմուտ սպասաւորներին։ Նրանք, ասում էիր դու, աւելի անվեհեր ու խելացի են, քան արհեստաւորներն ու գիւղացիները։ Ինչ սակայն ինձ է վերաբերում, չեմ կարծում, որ մի սպասաւոր կարողանայ շատերին վախ ազդել, բացառելով անշուշտ նրանց, որոնց մարմնական տկարութիւնը ջլատել է մտքի ուժը եւ որոնց եռանդը թշվառութեան պատճառով ոչնչացել է։ Սպասաւորներն, ասում էիր դու այնուհետեւ, աւելի բարձրահասակ են եւ ուժեղ։ Բայց ցաւալի է տեսնել, թէ ինչպէս ուժեղ եւ գեղեցիկ մարդիկ (որովհետեւ ազնուական մարդիկ իրենց փչացած բարքերի զոհերին խնամքով են ընտրում) անգործունեութեան մէջ մաշւում են եւ կանացի զբաղմունքներով մեղկանում․ մինչդեռ կարելի էր նրանց աշխատասէր եւ օգտակար դարձնել, եթէ միայն նրանց մի ազնիւ արհեստի տային ու իրենց ձեռքերի աշխատանքով ապրել վարժեցնէին։

«Որ կողմից էլ այդ հարցը դիտես, պարապ մարդկանց այդ անհամար բազմութիւնն իմ կարծիքով երկրի համար անօգուտ է մինչեւ իսկ մի պատերազմի դէպքում, որից ի միջիայլոց միշտ կարելի է խուսափել։ Խաղաղութեան ժամանակ այդ բազմութիւնը շարունակ մի ճշմարիտ չարիք է, եւ խաղաղութիւնն էլ արժանի է, որ իրենով նոյնքան զբաղուեն, որքան պատերազմով։

«Սակայն տէրերի եւ սպասաւորների դասը դողութիւնների միակ պատճառը չեն, որից դուք տառապում էք․ մի ուրիշ պատճառ էլ կայ, որը յատուկ է բացառապէս ձեր կղզուն»։

— «Ո՞րն է այդ»,— հարցրեց Կարդինալը։

— «Ոչխարների անթիւ հօտերը, որոնք այդմ ծածկում են ամբողջ Անգլիան։ Ուրիշ ամէն տեղ հեզ եւ քչով բաւականացող այդ կենդանիները ձեզ մօտ այնքան անկուշտ ու սարսափելի են, որ մինչեւ իսկ մարդկանց վրայ են յարձակւում ու հալածում են նրանց դաշտերից, տներից ու գիւղերից։ Եւ արդարեւ, կայսրութեան այն բոլոր վայրերում, որտեղ կարելի է հաւաքել ամենանուրբ եւ ամենաթանկագին բուրդը, շտապում են ազնիւ մարդիկ, հարուստները եւ մինչեւ իսկ պատուարժան կրօնաւորները, որպէսզի այդ հողամասը խլեն։ Ռենտաները, առանձնաշնորհումները, իրենց հողերի եկամուտներն այդ խեղճ մարդկանց չեն բաւարարում․ այդ մարդիկ գոհ չեն նրանով, որ անգործունէութեան եւ հաճոյքների մէջ են ապրում, բեռ են հասարակութեանը եւ անօգուտ՝ պետութեանը։ Շրջապատի հազարաւոր մղոն տարածութեան հողը նրանք զրկում են մշակումից եւ վերածում են արօտատեղիների, տներ եւ գիւղեր հողին են հաւասարեցնում՝ խնայելով միայն եկեղեցիները, այն էլ իբրեւ գոմ՝ իրենց ոչխարների համար։ Ամենախիտ բնակուած եւ ամենալաւ մշակուած վայրերը նրանք ամայի են դարձնում։ Անկասկած, նրանք վախենում են, որ պարտէզներ եւ անտառներ շատ կը լինեն եւ այդպիսով գազաններն առանց արօտավայրի կմնան։

Եւ այսպէս, մի անկուշտ ընչասէր հազարաւոր հեկտար հողամասեր շրջափակում է ցանկապատով․ ազնիւ հողագործներ դուրս են շպրտւում իրենց տներից, մէկը խաբեբայութիւնով, ուրիշները՝ զոռով, ամենաբախտաւորները՝ ճնշումների եւ կեղեքումների մի երկար շարքով, որով ի վերջոյ նրանք հարկադրւում են ծախել իրենց սեփականութիւնը։ Եւ ապա այս ընտանիքները, որոնք իրենց շնչերի քանակով են աւելի հարուստ, քան միջոցներով (որովհետեւ հողագործութիւնը շատ ձեռքեր է պահանջում), քոչում են դաշտերով ու ճանապարհներով․ տղամարդիկ եւ կանայք, այրիներ եւ որբեր, հայրեր եւ մայրեր՝ ծծկեր երեխաներով։ Դժբախտները լացով են թողնում այն ծածկը, որի տակ ծնուել են, այն հողը, որը կերակրել է նրանց եւ չեն իմանում, թէ որտեղ մի ապաստան րոնեն։ Չնչին գներով նրանք ծախում են իրենց կահկարասիները, որ կարողացել են միասին վերցնել, բոլոր իրերը, որ թէեւ ինքնին մեծ արժէք չունեն, բայց այլ հանգամանքներում կարող էր որոշ գումար տալ։ Ես երբ այդ թոյլ աղբիւրն սպառւում է, ի՞նչ է մնում նրանց անել․ գողութիւն եւ ապա օրէնքի ձեւականութեամբ կախաղան բարձրանալ։ Կարող է պատահել, որ այդ խեղճերը գերադասեն իրենց թշուառութիւնը քարշ տալ որպէս մուրացիկներ։ Սակայն այդ դէպքում նրանց, որպէս թափառաշրջիկների եւ առանց բնակավայրի մարդկանց, բանկ կը նետեն։ Սակայն ի՞նչն է նրանց ոճրագործութիւնը․ ուրիշ ոչ մի բան, քան այն, որ չեն կարող գտնել մէկին, որն իրենց աշխատանք տայ, չնայած ամենաեռանդուն կերպով որոնում են այն։[15] Եւ ո՞վ էլ կարող է նրանց աշխատանք տալ․ նրանք ծանօթ են միայն հողագործութեանը, իսկ այնտեղ, որտեղ այլեւս ոչ ցանքի եւ ոչ էլ հունձքի մասին են մտածում, ուրեմն եւ նրանց անելու ոչինչ չկայ։ Մի միակ հովիվ բաւական է այժմ, որ հօտն արածացնի մի տարածութեան վրայ, որի մշակումն առաջ պահանջում էր հարիւրաւոր ձեռքեր։

Այս վատ սիստեմի մի ուրիշ հետեւանքն է՝ ամենուրէք կենսամթերքների շատ բարձր գները[16]։

Բայց սա բոլորը չէ։ Արօտավայրերի ընդարձակումից յետոյ, անասունների մի սարսափելի համաճարակ կոտորեց ոչխարների մի անչափելի քանակ։ Թւում է, թէ երկինքն ուզեցել է այս սարսափելի ժանտախտով պատժել յափշտակիչների ընչաքաղցութիւնը, որ սակայն աւելի արդար կը լինէր եթէ ուղղուած լինէր հենց յափշտակիչների դէմ։ Բրդի գինն այնքան է բարձրացել, որ չքաւոր ջուլհակներն այժմ այլեւս գնել չեն կարող։ Եւ ահա կրկին գործազուրկ մարդկանց մի բազմութիւն։ Չի կարելի ժխտել, որ ոչխարների թիւն օրական խոշոր համեմատութեամբ աճում է, գինը սակայն ոչնչով չի իջել այն պատճառով, որովհետեւ բրդի առեւտուրը, թէեւ պաշտօնապէս մենաշնորհ չէ, փաստօրէն սակայն գտնւում է բացառապէս մի քանի հարուստ մթերողների ձեռքին, որոնք կարող են սպասել եւ միայն մեծ օգուտներով վաճառել։

Անասունների միւս տեսակների գներն այդ եւ դեռ աւելի ծանրակշիռ պատճառով նոյնպէս բարձրացել են։ Այդ անասունների բազմացումը՝ ֆերմաների փոքրացման եւ հողագործութեան աւերման հետեւանքով, անտես է արուած։ Տէրերը խոշոր անասուններին այնքան հոգ չեն տանում, որքան ոչխարներին։ Նրանք հեռաւոր վայրերում համարեայ ձրի գնում են նիհար անասուններ եւ իրենց արօտներում գիրացնելուց յետոյ, բարձր գնով ծախում են։ Ես վախենում եմ, որ Անգլիան այս ողբալի չարաշահութիւնների բոլոր հետեւանքները դեռ չի զգացել։ Մինչեւ այժմ այդ անասնաբոյծերը միայն այն վայրերում են թանգութիւն[17] առաջացրել, որտեղ նրանք վաճառում են։ Սակայն շնորհիւ այն հանգամանքի, որ նրանք անասունն իրենց գնած վայրից հեռացնում են, առանց ժամանակ տալու բազմանալու, նրանց թիւը հետզհետէ կը պակասի եւ երկիրն ի վերջոյ ամենադառը կարիքի մէջ կընկնի։ Այսպէս՝ մի բուռը մարդկանց պատճառով, ա՛յն, որ ձեր կղզու հարստութիւնն էր կազմելու, դառնում է թշուառութեան աղբիւր։

Կենսամիջոցների թանգացումը իւրաքանչիւրին հարկադրում է սահմանափակել իր ծախսերն ու սպասաւորների թիւը։ Իսկ ի՛նչ են անելու արձակվածները․ նրանք պէտք է կամ մուրացկանութիւն, եւ կամ, եթէ դրա համար քաջութիւն ունեն, գողութիւն անեն։

Թշուառութեան այս պատճառներին դեռ միանում է շռայլութիւնն իր խելացնոր ծախսերով։ Սպասաւորներ, գործաւորներ, գիւղացիներ, հասարակութեան բոլոր խաւերը, թէ՛ հագուստի եւ թէ՛ ուտելիքի նկատմամբ ցուցաբերում են չլսուած շռայլութիւն։ Կարիք կա՞յ արդեօք խօսել նաեւ անբարոյականութեան վայրերի, հարբեցողութեան եւ պոռնկութեան որջերի, խաղատների, թղթախաղի ու մնացեալ բոլոր խաղերի մասին, որոնք կլանում են իրենց երկրպագուների փողը եւ սրանք՝ վնասները դարմանելու համար, ուղղակի գողութեան են դիմում։

Բուժեցէք ձեր կղզին հասարակական այդ ժանտախտից, պոկեցէք ոճրագործութեան ու թշուառութեան այդ արմատները․ ստիպեցէք ձեր ազնիւ աւերողներին վերաշինել ֆերմաներն ու գիւղերը, որ քանդել են իրենք եւ կամ հողը գոնէ յանձնեցէք նրանց, ովքեր կը ցանկանան աւերակները վերաշինել։ Սանձահարեցէք հարուստների ընչասէր եսականութիւնը, վերցրէք նրանցից հարստութիւն դիզելու եւ մենաշնորհի իրաւունքները։ Հալածեցէք անգործունէութիւնը․ հողագործութեանը տուէք գործելու լայն ասպարէզ․ բրդի եւ արդիւնագործութեան այլ ճիւղերի արհեստանոցներ բացէք, որտեղ օգտակար զբաղմունք գտնեն մարդկանց այն մասսաները, որոնց՝ թշուառութիւնը մինչեւ այժմ գողեր եւ թափառաշրջիկներ կամ, ինչ որ գրեթէ նոյնն է, սպասաւորներ էր դարձնում։

Որքան ժամանակ դուք յիշեալ չարիքների հոսանքը չէք թմբի, մի՛ պարծենաք ձեր արդարադատութիւնով, որովհետեւ դա մի շօշափելի ու անմիտ սնապարծութիւն կը լինի։

Միլիոնաւոր երեխաներ դուք յանձնում էք մի կեղծ ու անբարոյական դաստիարակութեան կործանարար ազդեցութեանը։ Այդ մատղաշ տունկերը, որոնց մէջ կարող էր բարեմասնութիւնը ծաղկել, թառամում են ձեր աչքերի առաջ, եւ երբ չափահաս դառնալով ոճիրներ են գործում, որ մանկութիւնից ծլել են նրանց հոգիներում, դուք դժբախտներին մահապատժի էք ենթարկում։ Դուք ստեղծել էք գողեր, որպէսզի նրանց կախելու հաճոյքը վայելէք»։

Մինչդեռ ես այսպէս խօսում էի, իմ հակառակորդը՝ իրաւախորհրդատուն, պատասխանի էր պատրաստւում։ Նա բռնեց պաշտօնական ընդդիմախօսի այն հանդիսաւոր ճանապարհը, երբ ոչ այնքան պատասխանում, որքան կրկնում են եւ որտեղ յաղթութեան ամբողջ պատիւը մնում է ամէնից աւելի յիշողութիւն ունեցողին։

— «Դու շատ լաւ խօսեցիր,— ասաց նա,— մանաւանդ որ քեզ, որպէս օտարականի, այս նիւթերը միայն լսելով կարող էին ծանօթ լինել։ Ես քեզ աւելի լաւ բաների մասին տեղեկութիւններ կը տամ։ Իմ առարկութիւնների ընթացքը հետեւեալ կերպ է լինելու․ նախ պէտք է ես բոլորը, ինչ որ դու ասացիր՝ կարճ կրկնեմ, ապա կյայտաբերեմ սխալները, որ դու կատարեցիր ճշմարիտ իրադարձութիւններին ծանօթ չլինելու պատճառով, իսկ վերջում կապացուցեմ քո փաստարկումների ոչ միայն թոյլ, այլեւ դատարկ լինելը։ Ես սկսում եմ հենց նոր ցոյց տուած եղանակով։ Եթէ չեմ սխալւում, դու թուեցիր չորս…

— «Ներեցէք, որ ձեր խօսքը կտրում եմ,— ընդհատեց նրան կարդինալը՝ ոչ շատ բարեկամական եղանակով․— ներածականն ինձ երկիւղ է ներշնչում, որ քո ճառը մի փոքր երկար կարող է լինել։ Այսօր մենք կազատենք քեզ այդ յոգնութիւնից, սակայն դրանով չեմ ուզում ասել, որ ես քեզ ազատում եմ քո ճառից․ պահի՛ր այդ մեր յաջորդ հաւաքման համար, որտեղ դու քո հակառակորդ կողմի հետ ներկայ կը լինես։ Ես ցանկանում եմ, որ վաղը դուք երկուսով կրկին այստեղ լինէք, եթէ դու կամ Ռաֆայէլն այլ դիտաւորութիւն չունէք։ Իսկ դու, սիրելի Ռաֆայէլ, ինձ շատ կը պարտաւորեցնես, եթէ հաղորդես քո հիմքերը, թէ ինչու գողութիւնը համուան արժանի չէ եւ թէ ուրիշ ի՞նչ պատիժով դու կարծում ես, թէ կարելի է աւելի լաւ երաշխաւորել հասարակական ապահովութիւնը։ Այն հարցը, որ գողութիւնը չի կարելի հանդուրժել, վստահ եմ, քո մէջ կասկածի ենթակայ չէ։ Իսկ եթէ կախաղանն այլեւս չգործի, ապա էլ ի՞նչով ես ուզում դու սարսափեցնել ոճրագործներին, քանի որ նրանք վստահ են, որ չեն զրկուելու իրենց կեանքից։ Մի աւելի մեղմ պատիժ է՛լ աւելի չի՞ քաջալերի եւ չի՞ խթանի ոճրագործութիւնը․ ի՞նչպիսի բաւարար ներգործօն ուժ կը տայիր դու օրէնքին»։

— «Ես ապրում եմ այն խոր համոզումով, շատ պատուարժան հայր, որ անարդարացի է սպանել մի մարդու, որովհետեւ նա փող գողացել․ մարդկային կեանքն աշխարհում ամէնից թանկագինն է․ մարդկային հասարակութիւնը չի կարելի այնպէս կազմակերպել, որ ամէն մէկին հաւասար ունեցուածք ապահովուի։ Անկասկած ինձ կառարկեն, որ հասարակութիւնը մահապատժի միջոցով արդարութեան եւ օրէնքի վրէժն է լուծում եւ ոչ թէ միայն լոկ փող գողանալը պատժում։ Դրան ես կը պատասխանեմ հետեւեալ հիմնական մտքով «Summa jus summa injuria» (իրաւունքի գերագոյն աստիճանը անարդարութեան գերագոյն աստիճանն է)։ Օրէնսդրի կամքն անպայման անսխալական եւ անսահմանափակ չէ, որ իր դեկրետների դէմ կատարուած ամենափոքր խախտումի համար սուր քաշեն։ Օրէնքը երբեք այնքան խիստ ու երկաթեայ չէ, որ բոլոր ծանր ու թեթեւ ոճիրները նոյն աչքով դիտի եւ սպանութեան ու գողութեան միջեւ ամենափոքր իսկ տարբերութիւն չընդունի։ Եթէ արդարութիւնը մի դատարկ խօսք չէ, ապա այդ երկու ոճիրների միջեւ անդունդ կայ։

«Մի՞ թէ դա ուժեղ չի։ Աստուած արգելեց մարդասպանութիւնը, իսկ մենք ամենափոքր իսկ խղճահարութիւն չենք զգում եւ մի քանի դրամի գողութեան համար սպանում ենք։

Մէկը կամ միւսը թերեւս ասեն․ այդ արգելքը վերաբերում է առհասարակ միայն մարդկանց, բայց ոչ թէ կառավարութեան, որ մահուան դատապարտելով ոճրագործին՝ իրագործում է հասարակութեան օրէնքները։ Բայց եթէ այդ այդպէս է, ո՞վ է արգելում մարդկանց հնարել ուրիշ, աստծոյ կանոններին նոյնպէս հակասող օրէնքներ ու գողութիւնը, ամուսնադրժութիւնն ու սուտ երդում թոյլատրելի համարել։ Ինչպէս… Աստուած մեզ արգելել է ոչ միայն ուրիշներին, այլեւ մեզ մեր կեանքից չզրկել․ իսկ մենք կարող էինք օրէնք հրատարակել ու մի քանի իրաւական ձեւականութիւններից յետոյ, սկսել միմեանց կախել։ Մեր այդ բարեհամբոյր օրէնքը դատաւորներին ու դահիճներին աւելի բարձր կը դասէր, քան աստուածային արդարադատութիւնը, իրաւունք տալով նրանց այդ սարսափելի օրէնքներով մահուան դատապարտուածներին մի ուրիշ աշխարհ ուղարկել։

Դրանից միանգամայն պարզօրէն կհետեւեր, որ աստուածային արդարադատութեան վրայ պէտք է մարդկային արդարադատութիւնը օրինականութեան ու լիազօրութեան կնիք խփի եւ ամէն հնարաւոր դէպքերում մարդիկ վճռէին, թէ երբ պէտք է հետեւել աստծոյ պատուիրաններին եւ երբ ոչ։

Մինչեւ իսկ Մովսէսի օրէնքը, սարսափի ու վրէժխնդրութեան մի օրէնք, որը կազմուած է ստրուկների ու ապականուած մարդկանց համար, սովորական գողութիւնը մահով չի պատժում։ Մեզնից թող հեռու լինի մտածել, թէ քրիստոնէական պատուիրանները, սիրոյ եւ հեզութեան պատուիրանները, որոնց միջոցով աստուած որպէս հայր դիմում է, մեզ իրաւունք են տալիս է՛լ աւելի ոչ մարդկային լինել ու ամէն րոպէ եղբօր արիւն թափել։

Սրանք են ահա այն շարժառիթները, որոնց հիման վրայ ինձ անարդարացի է թւում գողի ու մարդասպանի նկատմամբ նոյն պատժի կիրառումը։ Մի քանի խօսք եւս եւ դու կհամոզուես, թէ ինքնին որքան անմիտ է պատժի այդ սիստեմն ու ինչքան վտանգաւոր՝ հասարակական ապահովութեան համար։

Ոճրագործութիւնը տեսնում է, որ ինքը վախենալու աւելի պատճառ չունի, եթէ գողութիւն անի, քան թէ սպանի․ եւ հասկանալի է, որ նա սպանում է այն մարդուն, որին այլ պայմաններում միայն կը կողոպտէր։ Նա սպանում է նրան իր անձնական ապահովութեան համար։ Այս եղանակով, նա ազատւում է իր առաջին մեղադրողից եւ փորձում է, որքան հնարաւոր է, ծածկել իր ոճիրը։ Ահա մի գեղեցիկ հետեւանքն այդ անհաշտ արդարադատութեան․ գողին կախաղանով սպառնալով, դուք նրան մարդասպան էք դարձնում։ Իսկ այժմ ես անդրադառնում եմ քո յաճախ եւ աշխոյժ կերպով յարուցած հարցի լուծմանը, ո՞րն է պատժի լաւագոյն սիստեմը։

Իմ կարծիքով ամէնից լաւն աւելի հեշտ է գտնել, քան՝ ամենավատը․ դուք բոլորդ լաւ գիտէք հռոմէացիների— պետական իրաւունքի գիտութեան այդ ամէնից աւելի առաջադէմ ժողովրդի— որդեգրած պատժական սիստեմը։ Մեծ ոճրագործներին նրանք դատապարտում էին ցմահ ստրկութեան, հարկադիր աշխատանքների՝ ռազմական ճանապարհների վրայ կամ հանքերում։ Պատժի այս ձեւը, իմ կարծիքով, արդարութիւնը միացնում է հասարակական օգուտին։ Սակայն այս առթիւ իմ կարծիքը քեզ անկեղծօրէն ասելու համար, ես չեմ կարող լռել այն մասին, ինչ որ տեսել եմ պոլիլերիտների՝ պարսիկներին ենթակայ մի ժողովրդի մէջ։

Պոլիլերիտների երկիրը բաւական խիտ բնակչութիւն ունի․ նրանց հիմնարկները կազմակերպուած են մտածուած կերպով։ Բացի տարեկան տրիբուտից, որ վճարում են Պարսկաստանի թագաւորին, նրանք վայելում են լիակատար ազատութիւն եւ կառավարւում են սեփական օրէնքներով։ Ծովից հեռու, լեռների մէջ փակուած՝ նրանք բաւականանում են իրենց պտղաբեր հողի արդիւնքներով։ Հազուադէպ են գնում արտասահման․ շատ սակաւ է պատահում, որ նրանց մօտ օտարականներ գան։ Հաւատարիմ իրենց նախահայրերի բարքերին, նրանք չեն ձգտում ընդարձակել իրենց սահմանները եւ արտաքին աշխարհից վախենալու ոչ մի հիմք չունեն։ Իրենց լեռները եւ տուրքը, որը նրանք ամէն տարի վճարում են միապետին, պաշտպանում են նրանց ամէն մի թշնամական յարձակումից։ Նրանք անդորրութեան ու առատութեան մէջ են ապրում, առանց բանակի եւ ազնուականութեան, զբաղած են միայն իրենց սեփական երջանկութեամբ եւ քիչ են մտահոգւում սին փառքով, քանի որ, թերեւս իրենց հարեւաններին չհաշուած, նրանց անունն անծանօթ է մնացեալ աշխարհին։

Երբ այս ժողովրդի մէջ մէկին գողութիւն անելիս բռնեն, նախ ստիպում են նրան գողօնքը վերադարձնել տիրոջը, բայց ոչ թէ իշխաններին, ինչպէս ընդունուած է ուրիշ տեղ։ Պոլիլերիտներն այն կարծիքն ունեն, որ գողութիւնը երբեք չի վերացնում սեփականութեան իրաւունքը։ Եթէ գողացուած իրը վնասուած է կամ կորած, նրա արժէքը վերցնում են մեղաւորի ունեցուածքից, մնացեալ ամէն ի նչը սակայն թողնելով նրա կնոջն ու երեխաներին։ Իսկ իրեն՝ գողին, դատապարտում են հասարակական աշխատանքների եւ, եթէ գողութիւնը ծանր հետեւանքներ չունի, դատապարտեալին ոչ բանտ են նետում եւ ոչ էլ շղթայում․ նա աշխատում է ազատ մարմնով, առանց շղթաների։

Ծոյլերի ու ըմբոստների դէմ իբրեւ հարկադիր միջոց մարմնական պատիժը գերադասում են շղթաներից։ Նրանք, ովքեր իրենց պարտականութիւնները բարեխիղճ կերպով կատարում են, երբեք կոպիտ վերաբերմունքի չեն ենթարկւում։ Երեկոները պատժուածներին մէկ առ մէկ անուններով կանչում են ու փակում խրճիթներում, ուր նրանք անց են կացնում գիշերը։ Ի միջի այլոց, միակ պատիժը, որը նրանք կրում են՝ անընդհատ աշխատանքն է։ Նրանց տրւում է այն բոլորը, ինչ անհրաժեշտ է ապրուստի համար եւ որովհետեւ հասարակութեան համար են աշխատում, վերջինս էլ հոգում է նրանց մասին։

Վերջին հանգամանքը պայմանաւորուած է ըստ վայրի։ Որոշ գաւառներում յանցագործներին են տալիս ողորմութիւնների ու հանգանակութիւնների արդիւնքը։ Այս օժանդակ միջոցը, որ ոչ ոքի համար պարտադիր չէ, բնակիչների բարեպաշտութեան շնորհիւ չափազանց լաւ արդիւնքներ է տալիս։ Ուրիշ տեղեր էլ այդ նպատակի համար յատկացւում է պետական եկամուտների մի մասը, եւ կամ սահմանւում է անհատական տուրք։

Մինչեւ իսկ գաւառներ կան, որտեղ դատապարտեալները կապուած չեն հասարակական աշխատանքների։ Ում գործաւոր կամ օրավարձուոր է հարկաւոր, այդպիսին վարձում է մէկ օրով ու այն էլ այնպիսի վարձով, որը մի փոքր աւելի ցածր է, քան ազատ մարդուն վճարուող վարձքը։ Օրէնքն իրաւունք է տալիս տիրոջը՝ ծեծել ծոյլերին։ Այդ կերպով դատապարտեալները երբեք առանց աշխատանքի չեն մնում․ նրանք վաստակում են իրենց ապրուստի ու հագուստի միջոցները եւ օրական մի բան աւելացնում են պետական գանձին։

Նրանց կարելի է հեշտութեամբ ճանաչել իրենց զգեստների գոյնից։ Բոլորը միատեսակ զգեստ են հագնում, եւ այդ յատուկ է բացառապէս նրանց։ Նրանց գլուխները սափրած չեն, բացի մի փոքր տեղից՝ ականջների վրայ, որոնցից մէկը թեթեւ կերպով կտրուած է։ Նրանց բարեկամները կարող են խմելիք, ուտելիք ու ցանկացած գոյնի շորեր տալ, սակայն դրամական նուէրը մահապատժի հետեւանք կունենայ թէ) տուողի եւ թէ՛ ընդունողի համար։ Ազատ մարդն իրաւունք չուն ոչ մի դէպքում փող վերցնել ստրուկից (այդպէս են կոչում յանցագործներին)․ ստրուկը չի կարող ձեռք տալ զէնքի․ վերջին երկու յանցանքները ենթակայ են մահապատժի։

Ամէն գաւառ իր ստրուկներին կնքում է յատուկ եւ տարբեր մի նշանով։ Այդ նշանը ջնջելը, ինչպէս նաեւ սահմանից մի քայլ անցնելը եւ մի ուրիշ գաւառի ստրուկների հետ խօսելը, համարւում է ամենածանր չարագործութիւն։ Փախչելու սոսկ դիտաւորութիւնը պակաս վտանգաւոր չէ, քան հենց փախուստը։ Այդպիսի դաւադրութեան մասնակցող ստրուկը կեանքից կը զրկուի, իսկ ազատ մարդը՝ ազատութիւնից։ Օրէնքը մինչեւ իսկ վարձատրութիւն է նախատեսում յայտնողին, որը փող է ստանում, եթէ ազատ մարդ է, իսկ ազատութիւն՝ եթէ ստրուկ է․ ազատւում է պատժուելուց, եթէ մեղսակից է, որպէսզի դրանով չարագործն ապահով զգա զղջալու, քան թէ իր չար դիտաւորութեան վրայ յամառելու։

Այս է ահա գողութեան համար պոլիլերիտների պատժական սիստեմը։ Առաջին հայեացքով դրանում կգտնէք մեղմութիւն՝ միացած նշանակալից օգուտների հետ։ Եթէ օրէնքը պատժում է, այդ կատարւում է միայն ոճրագործութիւնը սպանելու համար, բայց մարդկանց խնայում է։ Դատապարտեալի հետ այնքան մեղմ եւ նպատակայարմար ձեւով են վարւում, որ դա ստիպում է նրան ուղղուել եւ իր կեանքի մնացեալ մասով հասարակութեան հատուցել իր պատճառած վնասները։

Չափազանց հազուադէպ է, որ դատապարտուածներն իրենց նախկին սխալները կրկին գործէն։ Այս տեսակէտից բնակիչներն ամենաչնչին երկիւղ իսկ չեն զգում եւ երբ նրանք որեւէ ճանապարհորդութեան են ձեռնարկում, իրենց առաջնորդ են ընտրում նման ստրուկներից, որոնց եւ փոփոխում են գաւառից֊գաւառ։ Արդարեւ ի՞նչից են վախենալու։ Օրէնքն ստրուկի միջից վերացնում է գողութիւն անելու հնարաւորութիւնն ու մինչեւ իսկ միտքը։ Նա անզէն է, փողի մէջ տեսնում է միայն մի մեծ չարագործութեան նախազգուշացում․ եթէ նա փող վերցնի, ապա մահն ապահով է, իսկ փախուստն՝ անկարելի։ Ի՞նչպէս կարող է նա, որի հագուստը բոլոր միւսներից տարբերւում է, համարձակուել աննկատ փախչել։ Մնում է, որ բոլորովին մերկ գնայ, սակայն այդ դէպքում էլ կտրուած ականջը կմատնի նրան։

Հենց նոյն կերպ էլ ստրուկներին անհնար է պետութեան դէմ դաւադրութիւն սարքել։ Որպէսզի նման մի ձեռնարկում յաջողութիւն ունենայ, դաւադրութեան պարագլուխները պէտք է իրենց կողմն ունենան շատ գաւառների ստրուկներ, սակայն դա երբեք չի յաջողուի նրանց։ Մարդիկ, որ մահապատժից վախենալով ոչ միմեանց մօտ են գալիս եւ ոչ էլ իրար հետ խօսում, բարեւ տալիս, բարեւ առնում— այդպիսիների համար հեշտ չէ դաւադրութիւն սարքելը։ Աւելին․ մինչեւ իսկ հազիւ կարելի է մտածել, որ նրանք իրենց դիտաւորութիւնը համարձակէն վստահել եւ յայտնել ընկերներին, որոնք շատ լաւ գիտեն լռութեան վտանգն ու մատնութեան խոշոր առաւելութիւնները։ Միւս կողմից բոլոր ստրուկներն էլ յոյս ունեն՝ հնազանդութեան եւ նուիրուածութեան միջոցով, ապագայի աւելի լաւ վերաբերմունք ապահովել եւ մի օր կրկին ազատութիւն ձեռք բերել, որովհետեւ չի անցնում տացի, որ ստրուկների մի մեծ թիւ, որը կատարելապէս ուղղուել է, չազատուի ու չվերադառնայ իր նախկին դրութեան։

Ինչո՞ւ— աւելացրի ես— չի կարելի պատժական նման սիստեմ կիրառել Անգլիայում։ Այդ սիստեմը մեծապէս գերադասելի է այն արդարադատութիւնից, որը այնքան շատ բոցաւառում է իմ գիտնական հակառակորդի խանդավառութիւնը»։

— «Այդ տեսակ սիստեմ,— առարկեց հակառակորդս,— երբեք չի կարելի մտցնել Անգլիայում, առանց կայսրութեան վերջնական քայքայման ու կործանման»։

Ապա նա շարժեց գլուխը, հաւաքեց շրթունքներն ու լռեց։

Բոլոր ներկաները՝ հիացած այս փայլուն պատգամախօսութիւնից, աշխուժ կերպով ծափահարում էին մինչեւ այն րոպէն, երբ կարդինալը յայտնեց հետեւեալ կարծիքը․—

— «Մենք մարգարէ չենք, որ փորձից առաջ իմանալ կարողանանք, թէ պոլիլերիտների օրէնսդրութիւնն Անգլիայի համար օգտակար կը լինի, թէ ոչ։ Բայց յամենայն դէպս՝ ինձ թւում է, որ թագաւորը մահապատժի վճիռը յայտարարելուց յետոյ, կարող էր որոշ ժամանակ սահմանել այս նոր սիստեմը փորձելու համար, վերացնելով միաժամանակ ապաստարան տալու մենաշնորհը[18]։ Այն դէպքում, եթէ փորձը նպաստաւոր արդիւնք տայ, ապա կընդօրինակենք այդ սիստեմը․ իսկ եթէ ոչ՝ դատապարտեալները կը կրեն մահապատիժը։ Գործողութեան այս եղանակն արդարադատութեան վճռի իրագործումը միայն կհետաձգի, իսկ հետաձգման ժամանակամիջոցը ոչ մի վտանգաւոր հետեւանք չի ունենայ։ Ես մինչեւ իսկ աւելի առաջ կը գնամ․ ես շատ նպատակայարմար եմ գտնում, այդպիսի մեղմ եւ նոյնքան խելացի ձեռնարկումներ կիրառել թափառաշրջիկութիւնը վերացնելու համար։ Այս հայրենի դժբախտութիւնից ազատուելու համար մենք օրէնք օրէնքի հետեւից հնարեցինք, սակայն չարիքն այսօր աւելի է ուժեղ, քան որեւէ ժամանակ»։

Հազիւ էր կարդինալը վերջին խօսքն արտասանել, երբ Նորին Պայծառափայլութեան կողմից հաւանութիւն գտած կարծիքները, որ այդքան ժամանակ ես մենակ էի պաշտպանում ու միայն արհամարհանք ու մերժում գտնում, ամէն կողմից ամենաչափազանցուած ընդունելութեան արժանացան։ Մասնաւորապէս մեծ գովասանքի արժանացան թափառաշրջիկութեան մասին եկեղեցական հօր հայեացքները։

— «Ես չեմ իմանում, արդեօք լաւ չէ՞ր լինի խօսակցութեան մնացեալ մասի վրայով լռութեամբ անցնել, որովհետեւ բաւական ծիծաղելի բաներ խօսուեցին․ բայց եւ այնպէս լաւ կը լինի, որ դուք այդ էլ իմանաք․ յիշատակուած կարծիքները վատ չէին, բացի այդ, դրանք իմ կողմից արծարծուած խնդրի հետ էլ կապ ունեն»։

Սեղանի շուրջ գտնւում էր նաեւ մէկն այն ձրիակերներից, որոնք իրենց յատուկ պատիւ եւ պրոֆեսիա են համարում կապիկի դեր խաղալը․ ինչ կոնկրետ սրան է վերաբերում, նմանութիւնն այնքան կատարեալ էր, որ հեշտութեամբ նրան կարելի էր դնել այն կենդանու տեղը, որին նա փորձում էր ներկայացնել։ Նրա կատակներն այնքան տխմար ու անհամ էին, որ ծիծաղն աւելի յաճախ իր անձին էր վերաբերում, քան արած սրամտութիւններին։ Սակայն, չնայած դրան, երբեմն նրա բերնից փախչում էր բոլորովին խելացի խօսք․ նրա մասին կարելի էր ասել ֆրանսիական հետեւեալ առածը․ «Ով տխմարութեան ամենաբարձր աստիճանին է հասնում, յաճախ գտնւում է սրամտութեան գագաթին»։

Հիւրերից մէկը մի դիտողութիւն արեց, թէ ես ցանկանում եմ բարելաւել գողերի, իսկ կարդինալը՝ թափառաշրջիկների դրութիւնը․ սակայն դժբախտների երկու դասակարգ եւս կան, որոնց գոյութիւնը պէտք է որ հասարակութիւնն ապահովի, որովհետեւ նրանք անկարող են սեփական աշխատանքով ապրուստ ձեռք բերել։ Նա նկատի ունէր հիւանդներին ու ծերերին։

— «Թոյլ տուր ինձ տեղաւորել նրանց,— ասաց ծաղրածուն,— այդ մասին ես մի չափազանց խելօք ծրագիր ունեմ։ Ճշմարիտ ասած, ես մեծ ցանկութիւն եմ զգում ազատել ինձ այդ թշուառների հայեացքից եւ նրանց՝ բոլորի աչքից հեռու, մի վանքում արգելափակել։ Նրանք ինձ յոգնեցնում են իրենց լացով, հառաչանքներով ու հեծեծանքներով, թեպէտ սգի այդ երաժշտութիւնը երբեք չի կարողացել ինձնից մի գրոշ կորզել, որովհետեւ ինձ հետ պատահում է միշտ կամ մէկը եւ կամ միւսը։ Այսինքն, երբ կարող եմ տալ, չեմ ուզում տալ, իսկ եթէ ուզում եմ տալ, այն ժամանակ էլ տալու ոչինչ չեմ ունենում։ Այդ պատճառով էլ նրանք այժմ միանգամայն խելացի են վարւում․ երբ տեսնում են՝ գալիս եմ, ժամանակ չկորցնելու համար հանգիստ են թողնում ինձ։ Նրանք գիտեն, որ ինձնից այլեւս ոչինչ չեն ստանայ, ինչպէս մի քահանայից։ Դրա համար էլ ես առաջարկում եմ․ բոլոր ծեր եւ հիւանդ մուրացիկներին պէտք է բաժանել եւ դասակարգել հետեւեալ կերպով․ տղամարդիկ, իբրեւ աշխատաւոր եղբայրներ, կը գնան Բենեդիկտեանների[19] վանքեր, իսկ կանայք՝ կուսանոց։ Այդ է մի կարծիքը»։

Կարդինալը ժպտաց այս մտքի վրայ եւ, որպէս կատակի, հաւանութիւն տուեց դրան, իսկ մնացեալ ներկաները այդ կարծիքն ընդունեցին իբրեւ լուրջ եւ ծանրակշիռ խօսք։ Մասնաւորապէս մի հոգեւորական այդ կարծիքի վրայ ամենավարդագոյն տրամադրութեան մէջ ընկաւ։ Այդ պատուարժան եղբայրը, մի պահ չքացնելով մռայլ դէմքի կնճիռները, նշանակալից չարամտութեամբ զուարճանում էր։ Ապա նա դարձաւ մեր հացկատակին․

— «Բայց եւ այնպէս մուրացիկների դասը դուք ոչնչացրած չէք լինի, մինչեւ որ չմտածէք մեր՝ մուրացիկ վանականներիս գոյութիւնն ապահովելու մասին»։

— «Պարոն կարդինալը,— պատասխանեց նա,— դրա վրայ եւս դարձրեց իր ամենամեծ ուշադրութիւնը, երբ նա ասեց, թէ թափառաշրջիկներին պէտք է արգելափակել ու աշխատանքի հարկադրել․ իսկ մուրացիկ վանականները աշխարհի ամենաառաջին թափառաշրջիկներն են»։

Այս սուր յարձակման վրայ, բոլորի հայեացքներն ուղղուեւցին կարդինալին․ վերջինս սակայն ոչ մի անբաւականութիւն չարտայայտեց, եւ ծաղրածուի խայթոցն աղմկալից ծափահարութեան արժանացաւ։ Պատուարժան եղբայրը սակայն կարծես քարացել էր․ երեսով տրուած հեգնանքը յանկարծ բոցավառեց նրա զայրոյթը․ կրակ կտրած, նա վիրաւորանքների մի տարափ տեղաց, քնքոյշ[20] միմոսին խաբեբայ անուանեց, զրպարտող, լիրբ սատանայի որդի եւ իր կշտամբանքի քարոզը համեմեց սուրբ գրքի ամենասարսափելի սպառնալիքներով։

Այդ ժամանակ մեր ծաղրածուն սկսեց ամբողջ լրջութեամբ խեղկատակել եւ այդ նրան հեշտութեամբ յաջողուեց։

— «Չոգեւորուենք, շատ թանկագին եղբայր։ Գրուած է․ «Երանի համբերողներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը»։

Աստուածաբանը չուշացրեց պատասխանը․ նա բառացի ասաց․

— «Փչացա՛ծ, ես չեմ տաքանում, կամ առնուազն ես դրանում չեմ մեղանչում, որովհետեւ սաղմոսասացն ասում է․ «ոգեւորուեցէք, բայց մի՛ մեղանչէք»։

Կարդինալը մեղմ տոնով սաստեց եղբօրը՝ չափաւորել իր յոյզերը։

— «Ո՛չ, սրբազան,— ասաց նա,— ո՛չ․ չեմ կարող, չպէտք է լռեմ։ Սա մի աստուածային եռանդ է, որ ինձ բոցավառում է, եւ մինչեւ իսկ սուրբ հայրերի մօտ էլ մենք հանդիպում ենք այս սրբազան ցասումի պոռթկումին։ Դրա համար է գրուած․ «Քո տան եռանդը լափում է ինձ»։ Մի՞թէ եկեղեցում չեն երգում․ «Ճաղատ Եղիսէի վրայ ծածաղողները»… եւ այլն։ Միեւնոյն պատժին պիտի արժանանայ այս ծաղրողը, անմիտը, այս անառակը»։

— «Անտարակոյս,— ասաց կարդինալը,,— քո դիտաւորութիւնը շատ լաւ է՛ սակայն ինձ թւում է, եթէ դու չես կարող սուրբ կերպով վերաբերուել, յամենայն դէպս գոնէ խելացի վերաբերմունք պէտք է ունենայիր, թէ որ ուզում էիր խուսափել մի յիմարի հետ ծիծաղելի վիճաբանութիւն սկսելուց»։

— «Արդարեւ, սրբազան հայր, ես չկարողացայ իմ վերաբերմունքը աւելի խելացի կերպով արտայայտել։ Սողոմոն Իմաստունն ասել է՝ յիմարին պատասխանիր իր յիմարութեամբ։ Այժմ ես անում եմ այդ։ Ես նրան ցոյց եմ տալիս այն վիհը, որի մէջ նա կը գլորուի, եթէ չզգուշանայ։ Նրանք, ովքեր ծաղրում էին Եղիսէին՝ թուով շատ էին, բայց բոլորն էլ պատժուեցին՝ մի միակ մարդու ճաղատ գլուխը ծաղրած լինելու համար։ Ի՜նչքան խոշոր կը լինի մի մարդու պատիժը, որը համարձակւում է հեգնել եղբայրների մի մեծ բազմութիւն, որի մէջ բազմաթիւ ճաղատ գլուխներ կան։ Սակայն դողալու մի այլ հիմք եւս ունի նա․ մենք պապի մի օրէնքն ունենք, որի համաձայն մեզ վրայ ծիծաղողները եկեղեցու նզովքին կարժանանան»։

Կարդինալը միջադէպը նրանով հարթեց, որ մի նշանով ծաղրածուին առաջարկեց հեռանալ ու խօսակցութեան այլ ուղղութիւն տուեց։ Ապա, իսկոյն վեր կացաւ սեղանից՝ խնդրարկուներին ընդունելու համար եւ հրաժեշտ տուեց հիւրերին։

— Սիրելի Մոր, այս բաւական երկար պատմութիւնով ես յոգնեցրի քեզ։ Անշուշտ ես կամաչէի այդքան երկար ձգձգած լինելուս համար, եթէ այդ կատարուած չլինեէր քո խնդրով։ Այն ուշադրութիւնը, որ դու հանդէս բերիր բոլոր մանրամասնութիւնների հանդէպ՝ ինձ պարտաւորեցրին ամենափոքր դէպքն իսկ բաց չթողնել։ Ես կարող էի աւելի կարճ պատմել, բայց ուզում էի հիւրերի հոգին ու նկարագիրը քո առաջ ցուցադրել։ Ինչքան ժամանակ, քանի դեռ ես իմ տեսակէտները մենակ էի զարգացնում, իմ խօսքերը հաւանութիւն չէին գտնում։ Բայց հենց որ կարդինալն ինձ հետ համաձայնեց՝ մերժումը փոխարինուեց ընդհանուր հաւանութիւնով։ Նրանց քծնող շողոքորթութիւնն այնքան հեռու գնաց, որ մինչեւ իսկ հացկատակի տխմարութիւնները, որոնց կարդինալը սոսկ իբր թեթեւամիտ կատակի ժխտում էր, իմաստուն ու հրաշալի համարեցին։

— Այժմ էլ դու նո՞րից այն կարծիքին ես, որ իմ անձն ու խորհուրդները պալատականների մօտ մեծ կշիռ կը գտնեն։

— Քո պատմութիւնը,— պատասխանեցի ես,— ինձ մեծ հաճոյք պատճառեց։ Այդ պատմութեան մէջ շահագրգռութիւնն ու հրապոյրը ներհիւսւում էին խորաթափանց մտքերի արդիւնքի հետ։ Երբ ես լսում էի քեզ, ինձ թւում էր, թէ Անգլիայում եմ, որովհետեւ ես դաստիարակուել եմ այդ բարեհոգի կարդինալի պալատում, որպէս հարազատ որդի եւ նրա մասին պատմուած յիշողութիւնները ինձ փոխադրեցին իմ վաղ մանկութիւնը։ Ես արդեն հենց սկզբից դէպի քեզ բարեկամութեան զգացմունք տածեցի, բայց այժմ, այն բոլորից յետոյ, ինչ որ պատմեցիր բարեպաշտ կարդինալի մասին, դու իմ սրտին աւելի մօտեցար։ Ի միջի այլոց, ես պնդում եմ քո նկատմամբ իմ կարծիքը։ ես համոզուած եմ, որ քո խորհուրդները հասարակութեան համար շատ խոշոր օգուտ կունենան, հենց որ դու կարողանաս թագաւորների եւ արքունիքների հանդէպ ունեցած քո հակակրանքը յաղթահարել։ Ամէն մի լաւ քաղաքացու, նշանակում է եւ քո, պարտականութիւնն է իր անհատական հակակրանքները զոհել հասարակական ընդհանուր շահերին։ Պլատոնն ասում է․ «Մարդկութիւնն այն ժամանակ երջանիկ կը լինի, երբ փիլիսոփաները թագաւոր կամ թագաւորները փիլիսոփայ կը դառնան»։ Ա՜խ, որքան հեռու է մեզնից այդ երջանկութիւնը, մանաւանդ, երբ փիլիսոփաներն իրենց արժանիքներից ցածր են համարում որպէս խորհրդականներ օգնել թագաւորներին։

— Դու անարդարացի ես մտածողների հանդէպ,— առարկեց Ռաֆայէլը,— նրանք այնքան եսասէր չեն ճշմարտութիւնը թաքցնելու համար․ շատերը շարադրել են ճշմարտութիւնը իրենց գրուածքներում․ եթէ աշխարհի տէրերը հակամէտ լինեն լուսաւորուելու, նրանք կարող էին բոլորը տեսնել ու հասկանալ։ Տարաբախտաբար մի դժբախտ քող ծածկում է նրանց աչքերը— նախապաշարումների եւ կեղծ սկզբունքների շղարշն այդ գաղափարները ներարկում է նրանց ամենավաղ մանկութեան օրերին։ Պլատոնը շատ լաւ գիտէր այդ։ Նա գիտակցում էր նոյնպէս, որ թագաւորները երբեք չեն հետեւելու փիլիսոփաների խորհուրդներին, եթէ իրենք փիլիսոփաներ չեն։ Այս տխուր փորձառութիւնը նա ձեռք բերեց Դիոնեսիոս բռնակալի պալատում։ Ընդունենք մի րոպէ, որ ես որեւէ թագաւորի մինիստրն եմ․ ես նրան առաջարկում եմ ամենանպատակայարմար օրէնքները, բոլոր ուժերով ճգնում են արմատահան անել նրա սրտից եւ պետութիւնից բոլոր չարիքները։ Չե՞ս կարծում, որ նա ինձ իր արքունիքից դուրս կանի եւ կամ պալատականների ծաղրին կը մատնի։

Ընդունենք, օրինակի համար, թէ ես Ֆրանսիայի թագաւորի մինիստրն եմ․ ես ներկայ եմ խորհրդին, իսկ ինքը՝ միապետը իր պալատի ներսում նախագահում է թագաւորութեան ամենահմուտ քաղաքագէտների խորհրդակցութիւններին։

Այդ բարձրաստիճան ու մեծ արժէք ունեցող պարոնները գլուխները ջարդում են այն հարցի վրայ, թէ ի՛նչ ինտրիգների եւ խորամանկութիւնների միջոցով թագաւորը, իրենց վեհապետը, կարող է պահել Միլանը, վերագրաւել նրանից նորից խլուած Նեապոլի թագաւորութիւնը, ոչնչացնել Վենետիկի հանրապետութիւնը եւ նուաճել ամբողջ Իտալիան․ թէ վերջապէս, ինչպէս նա կարող է իր թագին միացնել Ֆլանդրիան, Բրաբանտ[21], ամբողջ Բուրգունդիան եւ հարեւան պետութիւնները, որ նար փառասիրութիւնը մտովին վաղուց արդեն նուաճել ու իրեն էր գցել։

Խորհրդակցութեան մասնակցողներից մէկն առաջարկում է Վենետիկցիների հետ դաշն կնքել, որն այնքան ժամանակ պէտք է ուժի մէջ մնայ, մինչեւ որ դրա խզումն այլեւս վնաս չներկայացնի։ «Որպէսզի նրանց թերահաւատութիւնն ամբողջովին վերանայ» աւելացնում է նա, «մենք ւարող ենք հաղորդել նրանց մեր քաղաքականութեան առաջին բառերը․ ի՛նչու չէ, մենք նրանց մինչեւ իսկ աւարից մաս կը տանք, որը ծրագրի ամբողջական իրականացումից յետոյ, քիչ ճիգով կրկին ետ կը վերցնենք»։

Մի ուրիշը խորհուրդ է տալիս գերմանացիների հետ դաշնակցել․ երրորդը՝ փողով կաշառել շուեցարացիներին։ Այս վերջինն այն կարծիքին է, թէ պէտք է սիրաշահել կայսերական աստծուն[22] եւ նրան, իբրեւ քաւութեան զոհ, ոսկի մատուցել։ Մէկն էլ աւելի հարմար է գտնում համաձայնութեան գալ Արագոնի[23] թագաւորի հետ ու իբր խաղաղութեան երաշխիք, նրան զիջել Նաւարրայի[24] թագաւորութիւնը, որը թէեւ Ֆրանսիային չի պատկանում։ Մի ուրիշն ուզում է Քաստիլի իշխանին մերձեցման յոյս տալով մոլորեցնել եւ պետական մի քանի ազդեցիկ մարդկանց մեծ գումարներ կաշառք տալով նրա արքունիքում գաղտնի յարաբերութիւններ ստեղծել։

Ապա հասնում են այն դժուար հարցին, որի պատասխանը ոչ ոք չի իմանում, եւ որը, աւելի քան ուրիշ որչեւէ հարց, կազմում է քաղաքական «գորդեան հանգոյցը»։ Դա Անգլիայի խնդիրն է։ Որպէսզի նրա նկատմամբ ամէն տեսակ աննախատեսելի պատահականութիւններից ապահով լինեն, նրանք ընդունում են հետեւեալ որոշումը․

Այդ պետութեան հետ հաշտութեան պայմանների մասին պէտք է բանակցել եւ դաշնակցութեան մշտապէս երերուն կապը լարուած պահել՝ Անգլիային պաշտօնապէս պիտի անուանել Ֆրանսիայի լաւագոյն բարեկամը, փաստօրէն սակայն պէտք է թերահաւատութեամբ վերաբերուել նրան, որպէս ամենավատթար թշնամու։

Շոտլանդացիներին, որոնց ականջներից ամենամեղմ շշնջիւնն անգամ չի փախչում, որպէս առաջապահ պահակների, պէտք է միշտ պատրաստ պահել, որպէսզի Անգլիայում նկատուած մի խլրտումի առաջին իսկ նշանի դէպքում՝ նրանց, իբրեւ մեր բանակի առաջաւոր ջոկատներ, դէպի այնտեղ շարժել։

Հարկաւոր է գաղտնի կերպով— քանի որ պայմանագրերը թոյլ չեն տալիս բացայայտ հանդէս գալու— որեւէ բարձրաստիճան մարդու օժանդակել աքսորում եւ դրդել նրան՝ Անգլիայի թագի նկատմամբ պահանջներ առաջադրել ու այդպիսով կառաւարող թագաւորին սպառնալ, հենց որ նա վտանգի առիթ դառնայ։

Իսկ ի՞նչ կասեն թագաւորական այդ խորհրդում, ուր այնքան շատ եւ այդքան խոշոր շահերի մասին են խօսում, երբ այդ խորաթափանց քաղաքագէտների ներկայութեամբ, որոնք բոլորն էլ պատերազմի կողմնակից են— ես մի մարդ, առանց մեծ նշանակութեան, յանկարծ վեր կենամ՝ շուռ տալու համար իրենց կոմբինացիաներն ու հաշիւները, եւ ասեմ․

«Իտալիան հանգիստ թողնենք եւ բաւականանք մեր Ֆրանսիայով․ Ֆրանսիան առանց այն էլ այնքան մեծ է, որ մի միակ մարդու կամքով կը կառավարուի․ թագաւորը չպէտք է մտածի սահմաններն ընդարձակելու մասին։ Լսեցէ՛ք, պարոններ, թէ ինչ պատահեց ճիշտ նոյն հանգամանքներում ախորիացիներին[25] ու նրանք ինչպիսի որոշում ընդունեցին։

Այս ժողովուրդն ապրում է Եւրոնոտայի ափերին՝ Ուտոպիա կղզու դիմաց․ մի անգամ նրանք որոշեցին պատերազմ յայտարարել, քանի որ իրենց թագաւորը՝ հին ազգակցական կապերի հիման վրայ, կարծում էր, թէ իրաւունքներ ունի մի հարեւան թագաւորութեան նկատմամբ։ Նրանք այդ երկիրը նուաճեցին, սակայն շուտով համոզուեցին, որ նուաճածը պահելը շատ աւելի դժուար ու ծանր է, քան նուաճելը։ Ամէն րոպէ հարկաւոր է լինում երկրի ներսում ճնշել մի ապստամբութիւն կամ զօրքը ուղարկել նուաճած երկիրը։ Մշտապէս անհրաժեշտ էր պաշտպանել գրաւած երկիրը եւ կամ սանձահարել նոր հպատակներին։ Այս պատճառով բանակը միշտ զէնքի տակ էր․ քաղաքացիները տնքում էին ծանր հարկերի բեռան տակ, փողը գնում էր արտասահման, արիւնը հոսում էր հեղեղի նման՝ բաւարարելու համար մի միակ մարդու սնափառութիւնը։ Խաղաղութեան կարճ պահերը պատերազմից աւելի պակաս աւերիչ չէին։ Պատերազմական բարքերի սանձարձակութիւնը կործանիչ ազդեցութիւն ունեցաւ բարոյականութեան վրայ․ զինուորն իր հայրենի օջախն էր վերադառնում աւազակութեան հակումով ու մարդասպանի յանդգնութեամբ — պատերազմի դաշտի սպանդների արդիւնք։

Այդ խառնակութիւնը, օրէնքների ընդհանուր արհամարհումն առաջ էր գալիս նրանից, որ թագաւորն իր ուշադրութիւնն ու հոգացողութիւնը բաժանելով երկու թագաւորութիւնների միջեւ, բաւարար չափով չէր կարողանում կառավարել ոչ մէկը եւ ոչ էլ միւսը։ Ախորեացիներն ուզում էին այս բոլոր չարիքներին վերջ դնել․ նրանք ժողովրդական ժողով գումարեցին եւ խոնարհաբար առաջարկեցին վեհապետին երկու պետութիւններից մէկն ընտրել, միաժամանակ բացատրելով նրան, որ այսուհետեւ նա չի կարող երկու թագ կրել եւ ինչ անհեթեթութիւն է, որ մի մեծ ժողովուրդ կէս թագաւորով է կառավարւում, երբ մինչեւ իսկ մի մարդ չի վարձի մի աշապան, որը միաժամանակ մի ուրիշ տիրոջ էլ է ծառայում։ Բարի թագաւորը կտրուկ որոշում տուեց․ իր նոր թագաւորութիւնը նա զիջեց բարեկամներից մէկին, որին կարճ ժամանակից յետոյ այնտեղից քշեցին, իսկ ինքը բաւականացաւ իր նախկին սահմաններով»։

Ես վերադառնում եմ իմ մեկնակէտին։ Եթէ ես աւելի առաջ գնամ եւ դառնալով իրեն՝ միապետին, հասկացնեմ նրան, որ պատերազմի այդ կիրքը, որն իր կամքով ցնցում է ժողովուրդներին, սպառում է ֆինանսները, քայքայում իր ժողովրդին եւ հենց դրա համար էլ Ֆրանսիայի համար դժբախտ հետեւանքներ կունենայ․ եթէ ես նրան ասեմ․ «Տէ՛ր, օգտագործէք խաղաղութիւնը, որը Ձեզ երջաննիկ ապագայ է ընձեռում, ամէն ուղղութիւնով զարգացրէք Ձեր հայրերի թագաւորութիւնը, ծաղկեցրէք երջանկութիւնը, հարստութիւնն ու ուժը․ սիրեցէք Ձեր հպատակներին եւ գոհ եղէք նրանցից սիրուելով․ ապրէք նրանց մէջ իբր հայր եւ մի՛ իշխէք որպէս բռնակալ․ մի՛ մտահոգուէք օտար պետութիւններով․ այն, ինչ որ Ձեզ ժառանգութիւն է հասել, միանգամայն բաւական է Ձեզ»։ Ասա՛ ինձ, սիրելի Մոր, ի՞նչպիսի ընդունելութիւն կը գտնի մի այսպիսի ճառ։

— Շատ վատ,— պատասխանեցի ես։

— Բայց դա դեռ բոլորը չէ,— շարունակեց Ռաֆայէլը,— մինչեւ այժմ մենք լուսաբանում էինք Ֆրանսիայի մինիստրների միայն արտաքին քաղաքականութիւնը․ գործը վերաբերում էր միայն իշխողի փառքին։ Այժմ հարցը փոխւում է փողին։ Մի պահ կանգ առնենք այն հիմնական սկզբունքների վրայ, որոնցով կառավարութիւնն ու արդարադատութիւնը ղեկավարւում են․ մէկն առաջարկում է բարձրացնել դրամի արժէքը, եթէ պէտք է փոխառութիւն ստանալ եւ ընդհակառակը՝ ուժեղ չափով իջեցնել այն, հենց որ գալիս է վճարման ժամկէտը։ Այս կրկնակի միջոցներով թագաւորն ազատւում է խոշոր պարտքերից եւ քիչ ճիգով ապահովում է ֆինանսական չափազանց մեծ հունձք։

Մի ուրիշը խորհուրդ է տալիս մօտալուտ պատերազմի լուրեր տարածել։ Այդ առիթը կարդարացնի նոր տուրքերի սահմանումը․ անհրաժեշտ գումարները հաւաքելուց յետոյ թագաւորը միանգամից հաշտութիւն կը կնքի եւ կհրամայի այդ երջանիկ դէպքը տօնել եկեղեցիներում գովաբանական աղօթքներով եւ ամէն տեսակ կրօնական արարողութիւններով։ Ժողովուրդը կը շլանայ եւ հասարակական երախտագիտութիւնը կը գովաբանի թագաւորի առաքինութիւնները, որը մինչեւ ամպերը մարդկայինօրէն ու խնայողաբար է վարւում իր հպատակների արիւնի հետ։

Մի երրորդը բաւականութիւն է գտնում առաջարկելով մէջտեղ հանել հին, որդերի կողմից արդեն կրծոտուած եւ վաղուց հնացած օրէնքներ։ Եւ որովհետեւ այդ օրէնքները ոչ ոքի յայտնի չեն, այդ պատճառով էլ բոլորի կողմից կը խատուեն։ Խախտումները պատժելու համար օրէնքով նախատեսնուած դրամական տուգանքները նորոգւում են եւ այսպիսով ոչ միայն շատ առատ, այլ մինչեւ իսկ շատ պատուաւոր եկամտի աղբիւր է ստեղծում… Չէ՞ որ այդ դէպքում գործում են արդարադատութեան անունով։ Մի ուրիշը նորից պակաս շահաւէտ չի գտնում հրատարակել մի շարք արգելքներ, մեծ մասամբ յօգուտ ժողովրդի եւ այդ օրէնքների խախտումները պատժել դրամական մեծ տուգանքներով։

Թագաւորը սակայն մեծ գումարներով այդ օրէնքները հաշուի չառնելու իրաւունքը կը վաճառի այն մարդկանց, որոնց անհատական շահերը վտանգւում են այդ արգելումներով։ Այս կերպով թագաւորը ժողովուրդի մեծ երախտագիտութեան կարժանանայ եւ միաժամանակ կրկնակի եկամուտ կը ստանայ․ մի կողմից օրէնքները խախտողներից, մէկ էլ՝ առանձնանորհեալներից։ Այս գործը նրանով աւելի նպատակայարմար կը լինի, որ Նորին Մեծութիւնը նոյն չափ աւելի յարգանքի ու պատուի կարժանանայ, ինչ չափով որ օրէնքների խախտումների համար նախատեսուող պատժի գինը բարձր սահմանի։ Տեսնո՞ւմ էք, կասեն ոՁրպիսի հարկադրանք է գործ դնում իր վրայ այս մարդասէր թագաւորը, որ իր ժողովրդին վնասելու իրաւունքն այդքան թանգ է վաճառում[26]։

Վերջապէս մէկն էլ խորհուրդ է տալիս միապետին՝ յատուկ դատաւորներ նշանակել, որոնք ամէն դէպքում պատրաստ լինեն պաշտպանել թագի իրաւունքները։ «Ձերդ մեծութիւն» աւելացնում է նա, «նրանց կը կանչէք Ձեր պալատը եւ կը ստիպէք Ձեր ներկայութեամբ քննեն Ձեր սեփական գործերը։ Ինչպիսի վատ գործ էլ ուզում է լինի, միշտ կը գտնուի մի դատաւոր, որը հակառակ համոզում ունենայ, լինի դա հակաճառելու ցանկութիւնից, նորութեան սիրուց թէ շփոթութիւնից եւ կամ վերջապէս միապետին հաճելի երեւալու նախանձախնդրութիւնից։ Բազմազան եւ տարբեր կարծիքների շատութիւնն ինքնին մի շատ պարզ հարց կը խճողի, ճշմարտութիւնը կասկածի կենթարկուի։ Ձերդ մեծութիւնը կորսաք լաւագոյն րոպէն ու բոլոր դժուարութիւնները կը վերացնէք նրանով, որ օրէնքը կը մեկնաբանէք յօգուտ Ձեզ։ Հակառակ համոզում ունեցողները, երկիւղից թէ ամօթից, իսկոյն կը միանան Ձեր կարծիքին, ու բոլոր պատշաճութիւններով կը կայացուի համապատասխան վճիռը։ Միթէ խելքը գլխին մարդիկ կհամարձակուե՞ն հակաճառել մի դատաւորի, որը յօգուտ թագաւորի է վճռում։ Միթէ նա իր ետեւում չունի՞ օրէնքի բնագիրն ուզած ձեւով մեկնաբանելու ազատութիւնը եւ, ինչ որ ամենագլխաւորն է, թագաւորի օգուտը, որն ամէն մի բարեխիղճ եւ ճշմարիտ դատաւոր բոլոր օրէնքներից բարձր է դասելու»։

Լսեցէք քաղաքական բարոյականութեան հիմնական սկզբունքները, որ բարձր ժողովի անդամներն ընդունում են․

Այն թագաւորը, որը մի բանակ է կերակրում, շատ փող չի ունենայ։

Թագաւորն անիրաւութիւն չի կարող գործել, եթէ մինչեւ իսկ ուզենայ։

Նա իր բոլոր հպատակների անձի եւ գոյքի անսահմանափակ եւ միահեծան սեփականատէրն է։ Հպատակներն իրենց գոյքն օգտագործում են այնքան ժամանակ, որքան այդ հարմար է թագաւորին։

Ժողովրդի թշուառութիւնը միապետութեան հենարանն է։

Հարստութիւնն ու ազատութիւնը առաջ են բերում անհնազանդութիւն եւ արհամարհանք իշխանութեան հանդէպ․ ազատ եւ հարուստ մարդն անարդար ու բռնակալ կառավարութիւնը չի հանդուրժի։

Կարիքն ու թշուառութիւնը խեղճացնում են ամենայանդուգն մարդկանց իսկ, բթացնում են մտքերը, վարժեցնում են համբերութեան եւ ստրութեան ու մշտական ճնշումով նրանցից խլում են այն եռանդը, որն անհրաժեշտ է լուծը թօթափելու համար։

Ի՞նչ կը պատահի, եթէ ես նորից վեր կենամ եւ այդ ազդեցիկ պարոններին ասեմ․

«Ձեր խորհուդրները զզուելի են, դրանք նոյնքան վիրաւորական են թագաւորի համար, որքան կործանիչ՝ ժողովրդի համար։ Ձեր վեհապետի պատիւն ու երջանկութիւնն աւելի շուտ կազմում են իր հպատակների, քան թէ իր սեփական հարստութիւնը։ Մարդիկ թագաւորներին ստեղծել են ոչ թէ թագաւորների, այլ մարդկանց համար։ Նրանք իրենց գլխին առաջնորդներ են դրել, որպէսզի թշնամու ուժից եւ յարձակումներից հանգիստ ու ապահով լինեն։ Թագաւորի ամենասրբազան պարտականութիւնն այն է, որ իր ժողովրդի երջանկութեան մասին աւելի մտածի, քան իր անհատական բախտաւորութեան համար։ Իբերւ հաւատարիմ հովիվ, նա պէտք է իր անձը զոհի իր հօտի համար ու նրան տանի ամենահիւթալի արօտավայրերը։

Պնդել, թէ հասարակական թշուառութիւնը միապետութեան լաւագոյն պահապանն է, նշանակում է խոշոր եւ ակնյայտ սխալ գործել։ Ո՞րտեղ կարելի է գտնել աւելի շատ կռիւ ու արիւնոտ խլուխներ, եթէ ոչ մուրացիկների մէջ։

Որո՞նք են այն մարդիկ, որոնք ամէնից աւելի աշխոյժ կերպով յեղափոխութեան են ձգտում։ Այդպիսիները միթէ նրանք չե՞ն, որոնք ողբալի վիճակ ունեն։ Որո՞նք են այն մարդիկ, ովքեր ամէնից աւելի յանդուգն են լինում, եթէ խօսքը վերաբերում է պետութիւնը կործանելուն։ Այդպիսիները միթէ նրանք չե՞ն, որոնք դրանում միայն կարող են շահել, քանի որ կորցնելու ոչինչ չունեն։

Մի թագաւոր, որը քաղաքացիների ատելութիւնն ու արհամարհանքն է վաստակել, եւ միայն ճնշումով, կողոպտելով ու ժողովրդի լիակատար աղքատացումով է, որ կանգնած է կառավարութեան գլուխը— նա պէտք է գահից իջնի եւ գայիսոնը ցած դնի։ Այդ բռնակալ միջոցների գործադրումով թերեւս նա պահի թագաւորի արիութիւնն ու մեծութիւնը։ Թագաւորական արժանիքն այն է, որ նա իշխի ոչ թէ մուրացիկների, այլ հարուստ եւ երջանիկ մարդկանց վրայ։

Ֆաբրիցիուսը, այդ մեծ մարդը, ամբողջովին համակուած էր այն վսեմ ճշմարտութեամբ, երբ ասում էր․ «Աւելի սիրով կուզեմ հարուստ մարդկանց վրայ իշխել, քան ինքս հարուստ լինել»։ Եւ իսկապէս, ժողովրդի տառապանքների ու հեծեծանքների մէջ իրեն ցոփութեան տալ եւ հաճոյքներով յագենալ չի նշանակում մի թագաւորութիւն կառավարել, այլ նշանակում է հսկել մի բանտի վրայ։

Եթէ մի բժիշկ իր յաճախորդների հիւանդութիւնն այնպէս է բժշկում, որ դրանց փոխարէն աւելի վտանգաւոր բնոյթի հիւանդութիւններով է վարակում, ապա նա մի տգէտ փինաչի է։ Խոստովանեցէք ուրեմն, որ դուք կարող էք միայն քաղաքացիների կեանքի կենսական պահանջներն ու յարմարութիւնները խլելով կառավարել․ խոստովանեցէք, որ դուք ինչքան անարժան, նոյնքան էլ անընդունակ էք իշխել ազատ մարդկանց վրայ։

Այլապէս՝ վերացրէք ձեր տգիտութիւնը, հպարտութիւնը եւ ձեր մեղկութիւնը, որովհետեւ այդ պակասութիւններն են, որ միապետի հանդէպ ատելութիւն եւ արհամարհանք են առաջացնում։ Ապրեցէք, ինչպէս արդար է, ձեր կալուածքներով։ Աւելի մի՛ ծախսէք, քան ստանում էք․ թմրեցէք անարդարութիւնների հոսանքը, հիմնեցէք բարեգործական հաստատութիւններ, որոնք չարիքը կանխեն ու իր բնում խեղդեն, փոխանակ պատժական միջոցներ սահմանելու դժբախտների դէմ, որոնց մի հնացած եւ բարբարոսական օրէնսդրութիւն նախ ոճրագործութեան, իսկ ապաֆ կախաղանի է դատապարտում։

Մի՛ մտածէք հնացած եւ որդերի կրծոտած օրէնքները նորոգելու մասին․ դրանով ձեր հպատակների առաջ գայթակղութեան քարեր մի նետէք։ Այդ օրէնքներն այլեւս ժամանակին չեն պատշաճում եւ վաղուց մոռացուած են։ Օրէնքի դէմ կատարուած խախտումի համար այդքան բարձր տուգանքներ մի՛ սահմանէք, որ մինչեւ իսկ դատաւորն անհատական խօսակցութեան ժամանակ այդ տուգանքներն իբրեւ անարդարացի ու ամօթալի, հրապարակով պարսաւի։ Մշտապէս հետեւեցէք մակարեացինեիր[27] գեղեցիկ օրինակին։

Ուտոպիայի հարեւան այդ ժողովուրդը մի լաւ սովորոյթ ունի․ թագաւորը գահ բարձրանալու օրն աստուածութեան զոհ է մատուցում ու սրբազան երդում տալիս, որ իր գանձարանում 3000 ֆունտ ոսկուց, կամ դրան հաւասար դրամական գումարից, աւել չպէտք է լինի։ Այդ սովորոյթը սահմանել է մի իշխան, որի սրտին աւելի մօտ էր պետութեան բարեկեցութիւնը, քան միլիոններ դիզելը։ Դրանով նա ուզում էր յաջորդների ագահութիւնը սանձահարել եւ արգելել նրանց՝ հպատակների հաշուին հարստանալ։ Հազար ֆունտ ոսկին նա մի գումար էր համարում, որը կը բաւարարի արտաքին կամ ներքին պատերազմի դէպքում եւ ընդհակառակը շատ քիչ կը լինի՝ ժողովրդի կարողութիւնը կլանելու համար։ Վերջին պատճառն էր մասնաւորապէս դրդել նրան հրատարակելու այդ օրէնքը։ Բացի այդ, թագաւորը դրանով երկու նպատակ էլ էր հետապնդում․— նախ քաղաքացիների ամէնօրեայ առեւտրի շրջանառութեան համար պահեստի անհրաժեշտ դրամ ունենալ, եւ երկրորդ՝ սահմանափակել հարկերի ու ծախսերի չափը, որպէսզի թագաւորը օրէնքով նախատեսուած չափից աւելին չարաշահ ու անիրաւ նպատակների համար չգործադրի։ Սրա նման մի թագաւոր չարերի սարսափն է, իսկ ազնիւների՝ սիրելին»։

— Այժմ ասացէք ինձ, սիրելի Մոր, մէկը, որ այսպիսի բարոյականութեան քարոզ կարդայ մարդկանց, որոնք շահախնդրութիւնից եւ հաշիւներից դրդուած դրանց ուղղակի հակառակ սկզբունքներ ունեն, միթէ նրա քարոզն ուղղուած չի՞ լինի խուլ ականջների։

— Եւ այն էլ միանգամայն խուլերի,— պատասխանեցի ես,— սակայն այդ չի զարմացնում ինձ․ իսկ եթէ իմ կարծիքն ես ուզում իմանալ, ես միանգամայն անօգուտ եմ գտնում խորհուրդներ տալ, երբ խորապէս համոզուած ես, որ այդ խորհուրդները թէ՛ ձեւով եւ թէ՛ էութեամբ մերժուելու են։ Ժամանակակից մինիստրներն ու քաղաքագէտները համակուած են մոլորութիւններով եւ կանխակալ կարծիքներով․ ինչպէ՞ս ես դու ուզում նրանց տեսակէտները զօռով շրջել եւ ճշմարտութիւնն ու արդարադատութիւնը միանգամից մեխել նրանց գլխում ու սրտում։ Այդ սխոլաստիկ փիլիսոփայութիւնը տեղին է բարեկամների միջեւ կատարուող մտերիմ խօսակցութեան ժամանակ, բայց ոչ երբեք՝ թագաւորի պետական խորհրդում, որտեղ մեծ խնդիրները քննարկում են մեծ հեղինակութեամբ, եւ որտեղ որոշումները խոշոր նշանակութիւն ունեն։

— Հենց այդ էր որ ես նոր ասում էի,— նկատեց Ռաֆայէլը,— փիլիսոփայութիւնը իշխողների պալատը մուտք չունի։

Իրաւացի ես, եթէ նկատի ունես դպրոցական այն փիլիսոփայութիւնը, որ կուրօրէն սկսում է ամէն տեղ, առանց հաշուի առնելու վայրը, ժամանակն ու անձնաւորութիւնները։ Սակայն կայ նաեւ իր էութեամբ աւելի պակաս կոպիտ փիլիսոփայութիւն, որը ճանաչում է իր բեմը եւ իր դերը խաղում յաջող ու ներդաշնակ։ Այդ փիլիսոփայութիւնն է, որ դու պէտք է կիրառես։

Ընդունենք թէ Պլաւտոսի[28] մի կատակերգութեան ներկայացման ժամանակ, այն պահին, երբ ստրուկները բարձր տրամադրութեան մէջ են, դու փիլիսոփայի պատմուճան հագած բեմ խոյանաս եւ արտասանես Օկտաւիայի այն մասը, որտեղ Սենեկան Ներոնին խարազանում է եւ բարոյականութեան քարոզ կարդում․— ես շատ եմ կասկածում, թէ քեզ ծապահարէն։ Անշուշտ դու աւելի լաւ կանէիր, սահմանափակուելով մի համր մարդու դերով, քան թէ հասարակութեանը տայիր նման մի տրագի֊կոմիքական դրամա։ Այդպիսի վատ ներդաշնակուած մի խառնուրդ ամբողջ խաղը կը փչացնէր, եթէ մինչեւ իսկ քո ասած խօսքերը հարիւրապատիկ աւելի արժէքաւոր լինէին, քան ինքը՝ թատերագրութիւնը։ Լաւ դերասանն իր ամբողջ տաղանդը կը գործադրի իր դերերի վրայ, անկախ այդ երերի լաւ կամ վատ լինելուց։ Ամբողջականութիւնը նա չի խանգարի, թէկուզ նրա քմահաճոյքը ուզի մի որեւէ սքանչելի եւ դիւթիչ ոտանաւոր ասել։ Այս կերպ պէտք է վարուել, երբ թագաւորական խորհրդում պետական խնդիրներ են քննարկւում։ Եթէ մինչեւ իսկ չհաջողի արմատախիլ անել հակառակ ծայրայեղութիւնները, այնուամենայնիւ դրանք հիմք չեն տալիս թողնել հասարակական գործը։ Նաւավարը փոթորկի ժամանակ նաւը չի թողնում այն պատճառով, որովհետեւ զսպել չի կարող քամուն։

Դու խօսում ես այնպիսի մարդկանց հետ, որոնց հիմնական սկզբունքները քո կարծիքներին հակառակն են․ ի՞նչպիսի ընդունելութիւն կը գտնեն քո խօսքերը, երբ դու ուղղակի հակաճառես նրանց։ Խոտոր ճանապարհ ընտրի՛ր, վերջինս քեզ աւելի ապահով կհասցնի նպատակին։ Դու պէտք է կարողանաս ճշմարտութիւնը ճարպկօրէն ու իր ժամանակին ասել եւ եթէ քո ճիգերը լաւ արդիւնքներ չտան, առնուազն նրանք կը նպաստէն չարի խստութեան թուլացման․ ոչինչ չի կարող լաւ եւ կատարեալ լինել, մինչեւ որ մարդիկ իրենք լաւ ու կատարեալ չլինեն, իսկ մինչ այդ՝ դարեր կը սահին։

Ռաֆայէլը պատասխանեց․

— Գիտե՞ս, թէ ինչ դուրս կը գայ ինձնից՝ գործողութեան այդպիսի եղանակով առաջնորդուելիս։ Ձգտելով ուրիշների յիմարութիւնը բուժել, ես ինքս նրանց հետ յիմար կը դառնամ։ Ստած կը լինեմ, եթէ ուզենամ ուրիշ բան խօսել, քան այն, ինչ որ քեզ ասացի։ Որոշ փիլիսոփաների համար ստելը թերեւս թոյլատրելի է, ինձ համար սակայն այդ անտանելի է։ Ես գիտեմ, որ իմ ճառը թագաւորների խորհրդականներին կոպիտ եւ խիստ է թուալու․ դրա նորութիւնը սակայն ինձ համար այնքան տարօրինակ չէ, որ ես այդ ճառը անհեթեթ համարէի։ Եթէ ես Պլատոնի հանրապետութեան տեսութիւնների կամ այժմ ուտոպիացիների մէջ գործող սովորոյթների մասին իրազեկ դարձնէի — հրաշալի բաներ, որոնց հանդէպ մեր գաղափարներն ու բարքերը ամենահեռաւոր նմանութիւն անգամ չունեն— կարելի էր կարծել, թէ ես գալիս եմ մի ուրիշ աշխարհից, որովհետեւ այստեղ ամէն ոք սեփականութեան իրաւունք է վայելում, մինչդեռ այնտեղ սեփականութիւնը հասարակական է։ Բայց ես ի՞նչ այնպիսի բան ասացի, որ հնարաւոր եւ մինչեւ իսկ պէտք չլինի հրապարակել։ Իմ մորալը մատնանշում է վտանգը․ բանական մարդը թող զգուշանայ դրանից․ այդ մորալը վիրաւորում է միայն յիմարներին, որոնք անյոյս կերպով անդունդ են գլորում իրենց։

Վախկոտութիւն կամ կեղծ ամօթխածութիւն է լռել այն ճշմարտութեան մասին, որը դատապարտում է մարդկային նեխուածութիւնը։ Պնդում են, որ այդ ճշմարտութիւնները, որպէս հնացած նորոյթներ կամ անիրագործելի ցնորքներ, վատ ընդունելութիւն կը գտնեն։ Այլապէս պէտք էր աւետարանի վրայ մի քող ձգել եւ քրիստոնեաներից վերցնել Յիսուսի վարդապետութիւնը։ Սակայն Յիսուսը արգելում էր իր աշակերտներին լռել ու ծածկամիտ լինել․ նա յաճախ էր կրկնում նրանց, «ինչ որ ես ձեզ ցած, գաղտնի եմ ասում, այդ բոլորը դուք բարձր եւ հրապարակով կտուրներից քարոզեցէք»։ Քրիստոսի մորալը սակայն այս աշխարհի բարքերին աւելի է հակասում, քան մեր խօսակցութեան ընթացքում արտայայտած կարծիքները։

Առաքեալներն իբրեւ փորձուած մարդիկ, քայլում էին այն խոտոր ճանապարհներով, որոնք դու նոր յիշատակեցիր․ երբ նրանք տեսան, որ մարդիկ դէմ են իրենց վատ բարքերը քրիստոնէական ուսմունքի հիմունքներով փոխելուն, նրանք աւետարանն արճճի ձողի նման ծռեցին՝ մարդկային բարքերին յարմարեցնելու համար։ Սակայն ո՞ւր հասցրեց գործողութեան այդ հեղինակը․ մոլութիւններին տուեց առաքինութեան անդորրն ու ապահովութիւնը։

Իսկ ես, ես էլ թագաւորների խորհրդում աւելի լաւ արդիւնքի չէի հասնի, քանի որ իմ կարծիքները կամ ընդհանուր տեսակէտներին բոլորովին հակառակ են— եւ այդ դէպքում աւելի լաւ կը լինէր երբեք չարտայայտուել, — եւ կամ դրանք մեծամասնութեան տեսակէտների հետ զուգահեռ կը գնային, ինչ որ կը նշանակեր «կատաղածների հետ կատաղել»,— ինչպէս Տերենցիան ասել է տալիս Միցիսնին։ Եւ այսպիսով, ես չեմ տեսնում, թէ ո՞ւր է առաջնորդում քո խոտոր ճանապարհը։ Դու ասում ես՝ եթէ չես կարող կատարեալը ձեռք բերել, պէտք է առնուազն մեղմել չարը։ Սակայն այստեղ խեղաթիւրումն անկարելի է, իսկ զիջողութիւնը՝ ոճիր, քանի որ պէտք է ամենագարշելի խորհուրդներին հաւանութիւն եւ դեկրետներին էլ համաձայնութիւն տաս, որոնք ժանտախտից աւելի վտանգաւոր են։ Ով այդ ամօթալի որոշումներին լաւագոյն համոզումով հաւանութիւն տայ, արժանի է լրտեսի եւ դաւաճանի անուան։

Այդ իսկ պատճառով էլ պետութեան այդ բարձր ոլորտներում օգտակար լինելու հնար չկայ։ Այնտեղ շնչածդ օդը կը փչացնի քո անհատական առաքինութիւնները։ Քեզ շրջապատողները շատ հեռու կը լինէն քեզ օրինակելի մարդ համարելուց․ ընդհակառակը, իրենց նեխուածութեան շփումներով եւ ազդեցութեամբ կը վարակէն քեզ․ իսկ հակառակ սպասումի, եթէ քո հոգին մաքուր ու անբիծ պահես, այն դէպքում դու նրանց անբարոյութեան եւ յիմարութիւնների ծածկոց կը ծառայես։ Այսպիսով, քեզ ոչ մի յոյս չի մնում քո խոտոր ճանապարհով չարը բարու վերածել։

Այդ պատճառով էլ աստուածային Պլատոնը իմաստուններին խորհուրդ է տալիս հասարակական գործերի ղեկավարութիւնից հեռու պահել իրենց, եւ նա իր խորհուրդը հենում է հետեւեալ գեղեցիկ համեմատութեան վրայ․

«Երբ խելացի մարդիկ ուժեղ եւ չդադարող անձրեւի ժամանակ փողոցներն ու հրապարակները մարդկանց բազմութեամբ լեցուած են տեսնում, գոչում են այդ յիմար բազմութեան, որ տուն գնա եւ ծածկի տակ մտնի։ Իսկ եթէ նրանց խօսքերն ուշադրութեան չարժանանան, նրանք, այդ ամբոխի նման, փողոց դուրս չեն գայ թրջուելու համար․ տանը կը մնան եւ գոհ կը լինեն, որ եթէ չկարողացան ուրիշների յիմարութիւնը բուժել, գոնէ իրենք պաշտպանուեցին վատ եղանակից»։

Այժմ, թանկագին Մոր, ես ուզում եմ քեզ բաց անել իմ սրտի խորքերը եւ իմ ամենածածուկ մտքերը յայտնել քեզ։ Ամէն տեղ, ուր սեփականութեան իրաւունքն է իշխում, որտեղ ամէն ինչ փողով է չափւում, այնտեղ արդարութեան եւ հասարակական հանգստի մասին երբեք խօսք լինել չի կարող, որովհետեւ դու պէտք է արդար համարես այն, որ ամենաթանկագին գանձերը գտնուեն ամենաանարժան ձեռքերում, դու պէտք է մի պետութիւն կատարելապէս երջանիկ անուանես, ուր հասարակական հարստութիւնը մի բուռն անհատների աւարը լինի, որոնք վայելքի մէջ անկուշտ են, երբ մասսան թշուառութեան կուլ է գնում։

Երբ ես Ուտոպիայի հաստատութիւնները համեմատում եմ այլ երկրների հիմնարկների հետ, մի կողմից ես չեմ կարող չհիանալ առաջինների բաւական իմաստութեան եւ մարդկայնութեան վրայ, իսկ ընդհակառակը, միւս կողմից չողբալ ուրիշ երկրներին նոյն հաստատութիւնների անբնականութեան ու բարբարոսութեան վրայ։ Ուտոպիայում օրէնքների թիւը շատ քիչ է․ կառավարութիւնն իր բարեգործութիւնը տարածում է բոլոր դասակարգերի քաղաքացիների վրայ։ Այնտեղ արժանիքն ստանում է իր վարձատրութիւնը եւ դրա հետ մէկտեղ հասարակական հարստութիւնն այնպէս հաւասար է բաշխւում, որ ամէն ոք կեանքի բոլոր յարմարութիւններն առատօրէն վայելում է։

Ուրիշ երկրներում «իմ ու քո»֊ի սկզբունքը հաստատուած է մի կազմակերպութեամբ, որի մեխանիզմն ինչքան խճողուած, նոյնքան եւ պակասաւոր է։ Մենք գտնում ենք հազարաւոր օրէնքներ, որոնց թիւն այնուամենայնիւ սահմանափակ է, որ ամէն մարդ կարողանայ սեփականութիւն ձեռք բերել, պահպանել եւ այդպիսին միւսների ունեցուածքից զատել։ Դրան որպէս ապացոյց՝ այն բազմաթիւ դատական գործերը, որ օրական երեւան են գալիս ու երբեք չեն վերանում։

Երբ ես այս կշռադատութիւններն անում եմ, միշտ ստիպուած եմ կատարեալ իրաւունք տալ Պլատոնին եւ ինձ երբեք չի զարմացնում այն հանգամանքը, որ նա մերժում էր օրէնքներ գրել այն ժողովուրդների համար, որոնք գոյքերի հանրայնութիւնը չէին ընդունում։ Այդ մեծ մտածողը պարզ նախատեսել էր, որ հասարակական երջանկութիւն հաստատելու միակ միջոցը հաւասարութեան սկզբունքի կիրառումն է։ Հաւասարութիւնը սակայն, իմ կարծիքով, անհնար է մի պետութեան մէջ, որտեղ սեփականութիւնն անհատական իրաւունք է եւ անսահմանափակ, որով ամէն ոք ձգտում է զանազան պատրուակների եւ իրաւունքների օժանդակութեամբ, կարողացածի չափ շատ սեփականացնել ու հասարակական հարստութիւնը, վաղ թէ ուշ ի վերջոյ փոքրաթիւ անհատների սեփականութիւնը կը լինի, մինչդեռ մնացեալները կարիքի եւ թշուառութեան կը մատնուեն։

Յաճախ հարստի վիճակը պէտք է որ բաժին ընկներ աղքատին։ Միթէ չկա՞ն ժլատ, անբարոյական եւ ոչ մի օգտակարութիւն չունեցող հարուստներ, իսկ դրա փոխարէն համեստ, ոչ պահանջկոտ աղքատներ, որոնց աշխատասիրութիւնն ու գործունէութիւնը օգուտ է բերում պետութեանը, որոնք սակայն դրա փոխարէն ոչինչ չեն ստանում։

Հենց այս է, որ ինձ հաստատ համոզում է, որ բարիքները հաւասար ու արդար բաժանելու եւ մարդկային երջանկութիւնը հաստատելու միակ միջոցը սեփականութեան իրաւունքի վերացումն է։ Ինչքան ժամանակ սեփականութիւնը հասարակական շէնքի պատուանդանն է, ամենաբազմամարդ ու ամենագնահատելի դասակարգին բաժին կընկնեն միայն կարիքը, վիշտն ու յուսահատութիւնը։

Ես գիտեմ՝ կան միջոցներ, որոնք կարող են այդ չարիքը մեղմել, սակայն այն ամբողջովին վերացնելու համար դրանք շատ թոյլ են։ Օրինակի համար․

Սահմանել անհատական սեփականութեան համար հողի եւ փողի մաքսիմում։

Ապահովել իրեն խիստ օրէնքներով բռնակալութեան եւ անարխիայի դէմ։

Խարազանել եւ պատժել ինքնասիրութիւնն ու էնտրիգները։

Չվաճառել կառավարական պաշտօնները։

Վերացնել բարձրագոյն պաշտօնատարների պաշտօնական շքեղութիւնը, որպէսզի պաշտօնեան իր դիրքին համապատասխանելու համար խաբեբայութեան ու հարստահարութիւնների տեղիք չտայ եւ կամ, որպէսզի կարիք չլինի պաշտօններ շնորհել ամենահարուստներին, երբ դրանք պէտք է տալ ամէնից աւելի արժանաւորներին։

Այս միջոցները, ես կրկնում եմ այդ, միանգամայն ի վիճակի են ցաւը մեղմելու ու հասարակութեան օրգանիզմի վէրքերը փակելու համար․ սակայն յոյս մի՛ ունենանք, թէ դրանք կարող են հասարակութեանը վերադարձնել նրա ուժն ու առողջութիւնը, քանի դեռ իւրաքանչիւրն իր ունեցածի անհատական եւ միակ տէրն է։ Դուք կը դաղէք միայն մի վէրքը, իսկ մնացեալները կը բորբոքէք․ կը բժշկէք մի հիւանդի, իսկ կը սպանէք մի կատարելապէս առողջի, քանի որ այն, ինչ աւելացնում էք մի անհատի ունեցածին, այդ վերցնում էք մի ուրիշից։

Այդ առթիւ ես պատասխանեցի Ռաֆայեէլին․

— Ես շատ հեռու եմ քո համոզումը բաժանելուց, ընդհակառակն այն կարծիքն ունեմ, որ այն պետութիւնը, ուր սեփականութեան համայնացնում կը սահմանուի, բոլոր երկրներից ամենաժդբախտը կը լինի։ Եւ իսկապէս, այդպիսի մի պետութիւն ամենաանհրաժեշտ կարիքների բաւարարումի պակասութեամբ չի՞ տառապելու։ Ամէն մարդ կը խուսափի աշխատանքից եւ իր գոյութեան հոգսերը կաշխատի դնել ուրիշների վզին։ Եթէ մինչեւ իսկ ընդունենք, թէ կարիքը ծոյլերին կը խթանի, ապա, քանի որ օրէնքը սեփականութիւնը ոչ ոքի բացառիկ իրաւունքը չի համարում, տրտունջն ու դժգոհութիւնը վերջ չեն ունենայ եւ սպանութիւն սպանութեան ետեւից արիւնով կը ծածկի ձեր հանրապետութիւնը։

Ի՞նչպիսի արգելակներ էք ուզում դնել անարխիայի դէմ․ ձեր իշխանութիւնն անունով միայն հեղինակութիւն ունի․ այդ իշխանութիւնը զուրկ է այն բոլորից, ինչ որ սարսափ եւ յարգանք է ներշնչում։ Այո՛, նման մի հաւասարեցուած ժողովրդի մէջ, որը իրենից բարձր ամէն տեսակ իշխանութիւն մերժում է, ես առհասարակ որեւէ կառավարութիւն անհնար եմ համարում։

— Քո հայեացքներն ինձ չեն զարմացնում,— պատասխանեց Ռաֆայէլը։— նման մի հանրապետութիւն դու կամ ընդհանրապէս չես պատկերացնում եւ կամ սխալ ես պատկերացնում։ Եթէ Ուտոպիայում եղած լինէիր եւ տեսած այդ երկրի հաստատութիւններն ու բարքերը, ինչպէս ես, որ հինգ տարի ապրել եմ այնտեղ եւ այնտեղից հեռացել եմ միայն այն նպատակով, որ հին աշխարհի հայեացքը դէպի այդ նոր երկիրը դարձնեմ — այն ժամանակ դու կը խոստովանէիր, որ ուրիշ ոչ մի տեղ աւելի կատարեալ կազմակերպուած հասարակութիւն չկայ։

Պետր Էգիդը դառնալով Ռաֆայեէլին, պատասխանեց․

— Դու երբեք չես կարող ինձ համոզել, որ այդ նոր աշխարհում աւելի լաւ սահմանադրութիւն ունեցող ժողովրդներ լինեն, քան մեզ մօտ։ Մեզ մօտ էլ բնութիւնը նվազ կարգի մտքեր չի ստեղծում։ Այնուհետեւ մենք ունենք աւելի հին քաղաքակրթութիւն եւ բազմաթիւ գիւտեր, էլ չյիշատակենք պատահաբար արուած գիւտերը, որոնք մինչեւ անգամ ամենանրբամիտ հանճարների մտքով իսկ չեն անցնի։

— Տարիքի հարցը,— առարկեց Ռաֆայէլը,— դու կարող էիր աւելի լաւ հետազօտել, եթէ այդ նոր աշխարհի տարեգրութիւնները կարդացած լինէիր։ Ըստ այդ տարեգրութիւնների, այնտեղ աւելի վաղ քաղաքներ են եղել, քան այստեղ՝ մարդիկ։ Իսկ ինչ վերաբերում է այն գիւտերին, որոնք պարտական ենք հանհանճարներին կամ պատահմունքին, դրանք կարող են նոյն ձեւով բոլոր աշխարհամասերում էլ կատարուել։ Ես ընդունում եմ, որ մենք գիտութիւնների բնագաւառում այդ ժողովրդներին գերազանցում ենք․ սակայն արհեստագործութեան եւ արդիւնագործութեան գծով շատ ետ ենք նրանցից։ Ես ուզում եմ ֆեզ այդ առթիւ մի ապացոյց բերել․

Նրանց տարեգրութիւններից պարզւում է, որ նրանք մինչեւ մեր այնտեղ գնալը մեր աշխարհի մասին ոչինչ չէին լսել․ միայն մօտ 200 տարի առաջ փոթորկից ջախջախուած մի նաւ խորտակուել է Ուտոպիա կղզու մերձակայքում։ Ալիքները ափ են նետել եգիպտացիներ եւ հռոմէացիներ, որոնք չեն ցանկացել այլեւս հեռանալ կղզուց։ Ուտոպիացիներն այդ դէպքից մեծ օգուտ են քաղել․ նաւաբեկներից նրանք սովորել են այն ամէնը, ինչ որ եկուորներն իմացել են հռոմէական կայսրութեան մէջ տարածուած գիտութիւնների ու արուեստների մասին։ Այդ առաջին սաղմերը հետզհետէ զարգացել են եւ այն քիչը, որ սովորել են ուտոպիացիները, նրանց հնարաւորութիւն է տուել գտնել մնացածը։ Այսպիսով, հին աշխարհի հետ մի միակ շփումը նրանց հաղորդել է այդ աշխարհի արդիւնագործութիւնն ու ոգին։

Կարող է պատահել, որ այդ նաւաբեկութիւնից առաջ էլ մերոնցից մի քանիսը նոյն ճակատագրով Ուտոպիա ընկած լինէն․ սակայն այդ յիշողութիւնն ամբողջապէս ջնջուել է։ Թերեւս կղզում իմ բնակութիւնն էլ ապագայ դարերում մոռացուի, թէեւ այդ բնակութիւնը տեղացիների համար անթիւ առաւելութիւններ ունէր, որովհետեւ դա նրանց առիթ ծառայեց իւրացնելու Եւրոպայի ամենագեղեցիկ գիւտերը։

Սակայն մենք շատ դարերի կարիք ունենք, մինչեւ կարողանանք նրանց հաստատութիւնների ամենալաւագոյնը փոխ առնել։ Այն, ինչ որ տնտեսական եւ սոցիալական բարեկեցութեան տեսակէտից մեզնից բարձր է — թէեւ գիտելիքներն ու հարստութիւնը երկսի մօտ էլ հաւասար են — դա մտաւոր այն գործունէութիւնն է, որը նրանց անդադար դրդում է օգտակար երեւոյթներն ուսումնասիրել, կատարելագործել եւ կիրառել։

— Լա՛վ, ուրեմն,— ասացի ես Ռաֆայէլին,— նկարագրիր մեզ այդ զարմանքի արժանի կղզին։ Յատկապէս խնդրում եմ քեզ բաց չթողնել որեւէ մանրամասնութիւն։ Նկարագրիր մեզ՝ դաշտերը, գետերը, քաղաքները, մարդիկ, բարքերը, հաստատութիւնները, օրէնքները, կարճ ասած՝ բոզորը, ինչ որ դու կարծում ես, թէ կը ցանկանանքք իմանալ։ Հաւատայ ինձ, այս ցանկութիւնը բովանդակում է այն ամէնը, ինչ որ մենք չենք իմանում։

— Մեծ սիրով,— ասաց Ռաֆայէլը,— այդ բոլորն իմ յիշողութեան մէջ միշտ վառ են։ Սակայն այդ պատմութիւնը շատ երկար ժամանակ կը պահանջի։

— Այդ դէպքում,— ասացի ես,— նախ ճաշենք․ այնուհետեւ մենք կունենանք պահանջուող ժամանակը։

— Համաձայն եմ դրան,— նկատեց Ռաֆայէլը։

Մենք տուն մտանք ճաշելու․ ապա կրկին պարտէզ վերադարձանք եւ նստեցինք նոյն նստարանի վրայ։ Ծառաներին հրամայեցի կողմնակի մարդկանց ներս չթողնել ու միացայ Պետրին, որ խնդրում էր Ռաֆայէլին կատարել իր խոստումը։ Վերջինս տեսնելով մեր լարուած ուշադրութիւնն ու իմացութեան տենչը, ամփոփեց իր մտքերն ու ապա սկսեց պատմել հետեւեալը։—

———

Գիրք երկրորդ

Ուտոպիա կղզու ամենամեծ լայնութիւնը հասնում է երկու հարիւր հազար քայլի։ Այդ ալյնութիւնը գտնւում է կղզում մէջտեղում եւ այդտեղից սկսում է աստիճանաբար եւ համաչափ կերպով մինչեւ երկու ծայրերը նուազել այնքան, որ ամբողջ կղզին հինգ հարիւր մղոն տարածութեամբ մի կիսաշրջան է կազմում ու քառորդ լուսնի կերպարանք ստանում, որի եղջիւրները միմեանցից մօտ տասնեւմէկ հազար քայլ հեռաւորութիւն ունեն։

Այդ հսկայ աւազանը լցւում է ծովով․ աւազանն ամփիթատրոնի ձեւով շրջապատող երկրները մեղմում են քամու կատաղութիւնը, հանդարտեցնում են ալիքները եւ ջրային այդ խոշոր զանգուածին տալիս են խաղաղ ջրի տեսք։ Կղզու այդ գոգաւոր մասը նման է մի միակ, բաւական ընդարձակ ու բոլոր կողմերից մատչելի նաւահանգստի։

Ծովախորշի մուտքը, մի կողմից աւազակոյտերի, իսկ միւս կողմից խութերի պատճառով, վտանգաւոր է։ Մէջտեղը բարձրանում է մի ժայռ, որը նշանակալի հեռաւորութիւնից տեսանելի է եւ դրա համար լ միանգամայն անվտանգ է։ Ուտոպիացիներն այդ ժայռի վրայ կառուցել են մի բերդ, որը պաշտպանւում է լաւ պահակազօրով։ Ուրիշ, ջրի տակ ծածկուած ժայռեր, նաւորդներին պատճառում են անհաղթելի արգելքներ։ Միայն տեղացիները գիտեն նաւարկելի վայրերը եւ այդ պատճառով իրաւամբ այն ժամանակ կարելի է մտնել այդ ծովախորշը, եթէ նաւի վրայ ուտոպիացի մի նաւավար կայ։ Սակայն նախազգուշական այդ միջոցառումներն եւ բաւական չէին լինի, եթէ ափին՝ որոշ հեռաւորութիւնների վրայ, փարոսներ չգտնուէին, որոնք նշում են ճիշտ ուղղութիւնը։ Այդ փարոսների սոսկ տեղաշարժը բաւական կը լինէր ոչնչացնելու համար թշնամու ամենամեծ նաւատորմիզն իսկ՝ տալով նրան այլ ուղղութիւն։

Կղզու հակառակ կողմը գտնւում են բանուկ նաւահանգիստները․ ափերը բնական եւ արհեստական կերպով այնքան լաւ են ամրացուած, որ մի բուռ մարդիկ էլ կարող են արգելել մի մեծ բանակի ցամաք դուրս գալը։

Աւանդութիւնների համաձայն, որ ի միջի այլոց ամբողջովին հաստատւում է երկրի աշխարհագրական դիրքով, այդ երկիրը միշտ կղզի չի եղել։ Նախապէս նա կոչուել է Աբրաքսա եւ միացած է եղել մայր ցամաքի հետ․ Ուտոպը, որը նուաճել է այդ երկիրը, նրան կոչել է իր անունով։

Այդ նուաճողը մի հանճարեղ գլուխ էր։ Նա կարողացաւ ընտանեցնել մի կոշտ եւ բարբարոս ազգաբնակութեան ու նրանից կազմակերպեց մի ժողովուրդ, որի քաղաքակրթութեան աստիճանն այժմ գերազանցում է միւս բոլոր ժողովուրդներին։ Ուտոպն յաղթանակից յետոյ երկրի տէրը դառնալով տասն հինգ հազար քայլ երկարութեամբ մի պարանոց քանդել տուեց, որը երկիրը միացնում էր մայր ցամաքի հետ։ Այդպիսով Աբրաքսա երկիրը վերածուեց Ուտոպիա կղզու։ Այդ հսկայ գործի իրականացման համար Ուտոպն աշխատեցրեց ոչ միայն տեղացիներին, այլ եւ իր բանակի զինուորներին, որպէսզի առաջինները յաղթողների կողմից իրենց վրայ դրուած աշխատանքը նուաստացում ու նախատինք չհամարեն։ Այդ եղանակով հազարաւոր ձեռքեր շարժման մէջ դրուեցին եւ շուտով յաջողութեամբ պսակուեց ձեռնարկումը։ Հարեւան ժողովուրդներն սկզբում հեգնում էին այդ գործը, որպէս մի դատարկ եւ ցնորական ձեռնարկում, իսկ երբ յաջողութեամբ վերջացաւ՝ նրանց զարմանքը հասնում էր սարսափի։

Ուտոպիա կղզին ունի հսիուն չորս ընդարձակ ու շքեղ քաղաքներ։ Լեզուն, բարքերը, հիմնարկներն ու օրէնքները բոլոր քաղաքներում ամբողջովին նոյնն են։ Հիսուն չորս քաղաքներն էլ շինուած են միեւնոյն յատակագծով․ նրանք ունեն նոյն հաստատութիւններն ու հասարակական շէնքերը, որոնք միայն մի փոքր յարմարեցրած են իւրաքանչիւր վայրի պահանջներին։ Քաղաքների միջեւ գտնուող ամենամեծ տարածութիւնը հասնում է քսան չորս մղոնի, իսկ ամենամեծ հեռաւորութիւնը՝ ոտքով մի օրուայ ճանապարհ է։

Իւրաքանչիւր քաղաքից ամէն տարի իբրեւ ներկայացուցիչներ ընտրւում են երեք փորձառու եւ հմուտ ծերունիներ․ վերջինները հաւաքւում են Ամաուռոտում, որտեղ քննարկում են երկրի գործերը։ Ամաուռոտը կղզու գլխաւոր քաղաքն է։ Այդ քաղաքնիր միջին դիրքի շնորհիւ բոլոր պատգամաւորների հաւաքման ամենանպաստաւոր վայրն է։

Իւրաքանչիւր քաղաքին յատկացուած է առնուազն քսան հազար քայլ տարածութիւն շէնքերի կառուցման ու կենսամթերքների մշակման համար։

Այդ հողամասի տարածութիւնն ընդհանուր առմամբ համապատասխանում է քաղաքների հեռաւորութեանը։ Քաղաքների երջանիկ բնակիչները երբեք չեն ձգտում օրէնքով նախատեսուած սահմաններն ընդարձակելու։ Նրանք հողի սեփականատէրեր չեն համարում իրենց, այլ աւելի շուտ՝ վարձակալներ։

Դաշտերի մէջ գտնւում են հարմար կառուցուած տներ՝ հողագործական ամէն տեսակի գործիքներով։ Այդ տները ծառայում են որպէս բնակարան գործաւորների այն խմբերի համար, որոնք քաղաքից որոշ ժամկէտներում դաշտ են ուղարկւում։ Իւրաքանչիւր հողագործական ընտանիք բաղկացած է առնուազն քառասուն հոգուց, տղամարդիկ եւ կանայք, ինչպէս նաեւ երկու ստրուկներից։ Նրանք կառավարւում են ընտանիքի մի հօր եւ մօր կողմից, որոնք լուրջ ու բանիմաց մարդիկ են։

Երեսուն ընտանիք կառավարւում են մի ֆիլարխի միջոցով։

Ամէն տարի իւրաքանչիւր ընտանիքից քաղաք են վերադառնում քսան հողագործ, որոնք իրենց երկու տարուայ հողագործական ծառայութիւնը վերջացրել են։ Ուրիշ քսան հոգի փոխարինում են նրանց, որոնց ծառայութեան ժամանակը նոր է սկսում։ Նորեկները հրահանգ ստանում են նրանցից, որ արդեն մի տարի աշխատել են դաշտում, իսկ յաջորդ տրի վարժեցնելու հերթը հասնում է իրենց։ Այսպիսով հողագործները երբեք բոլոր միաժամանակ անգէտ ու նորեկ չեն, եւ հասարակութիւնը ոչ մի երկիւղ չի կրում իրեն պարէնով ապահովող մարդկանց անփորձութիւնից։

Տարեկան այդ հերթափոխութիւնը մի այլ նպատակ էլ ունի։ Դրա շնորհիւ քաղաքացիները չափազանց երկար ժամանակ ֆիզիկական ծանր աշխատանքի ենթակայ չեն լինում։ Բնականօրէն պատահում է սակայն, որ ոմանց սրտին շատ մօտ է լինում հողագործական աշխատանքը․ այդպիսիներին սիրով թոյլատրւում է մի քանի տարի անցկացնել դաշտում։

Հողագործները մշակում են դաշտը, խնամում են անասուններին, փայտ են հաւաքում եւ իրենց պարէնները ջրային կամ ցամաքային ճանապարհով փոխադրում են հարեւան քաղաքը։ Նրանք չափազանց հետաքրքրական եղանակով ստանում են բազմաթիւ հաւի ճտեր․ նրանք հաւերին թուխս չեն նստեցնում, այլ դրա համար օգտագործում են պահանջուող աստիճան արհեստական ջերմութիւն։ Հենց որ հաւձագը ձուի կճեպից ազատւում է, մարդն է, որ գրաւում է թխսամօր տեղը եւ հսկում նրան Ուտոպիայում շատ քիչ ձիեր են պահում եւ հենց այդ քչերն էլ շատ կրակոտ են ու գլխաւորապէս ծառայում են երիտասարդներին ճարպկութեան վարժեցնելու գործին։ Եզներն օգտագործում են բացառապէս հողագործութեան եւ տրանսպորտի համար։ Եզը, ասում են Ուտոպիացիք, չունի ձիու արագութիւնը, սակայն համբերատարութեամբ եւ ուժով գերազանցում է վերջինին․ նա աւելի քիչ է ենթակայ հիւանդութիւնների, նրան աւելի էժան է կերակրելը, իսկ երբ այլեւս աշխատանքի պիտանի չէ, ծառայում է որպէս սննգամիջոց։

Ուտոպիացիները ցորենը հացի են վերածում․ նրանք խմում են խաղողի, խնձորի ու տանձի հիւթը․ ջուրը խմում են կամ առանց խառնուրդի եւ կամ եփում են մեղրով ու քաղցր արմատներով, որ նրանց մօտ առատօրէն աճում են։

Իւրաքանչիւր քաղաքի ու շրջակայքի համար անհրաժեշտ կենսամթերքների քանակը խիստ ճշգրիտ կերպով որոշուած է։ Չնայած դրան, բնակիչները այդ պահանջից շատ աւելի կենդանիներ են բազմացնում ու հացահատիկ մշակում։ Աւելցուկը պահում են յաջորդ տարիների համար կամ բաշխում են հարեւանների միջեւ։

Ինչ վերաբերում է կահկարասիներին, տնային իրերին եւ ուրիշ առարկաներին, որ քաղաքից դուրս հնարաւոր չէ գտնել, այդպիսիք հողագործներն իրենց հետ վերցնում են քաղաքից։ Դրա համար նրանք դիմում են քաղաքային վարչութեանը, որը նրանց անմիջապէս ու անվճար տալիս է։ Ամէն ամիս նրանք հաւաքւում են ու կատարում ընդհանուր տօն։

Հենց որ հունձքի ժամանակը գալիս է, հողագործ֊ընտանիքների ֆիլարխները քաղաքային վարչութիւններին յայտնում են իրենց անհրաժեշտ օժանդակ գործաւորների թիւը։ Նշանակուած օրը հնձուորների խմբերը գալիս են եւ եթէ եղանակը նպաստաւոր է, ամբողջ հունձքը կատարւում է համարեայ մի օրում։

Ուտոպիայի քաղաքների, իսկ մասնաւորապէս ամաուռոտ քաղաքի մասին

Ով ծանօթ է Ուտոպիայի քաղաքներից մէկին, ուրեմն նա ճանաչում է բոլորը, քանի որ նրանք բոլորովին իրար նման են, ինչքան այդ թոյլ է տալիս տեղի բնական դիրքը։ Այդ պատճառով ես կարող էի ձեզ նրանցից որեւէ մէկը նկարագրել․ բայց քանի որ Ամաուռոտը, որպէս կառավարութեան եւ սենատի կենտրօն, միւս բոլոր քաղաքների հանդէպ նախապատւութիւն է վայելում, ուստի ես գլխաւորապէս կանգ կառնեմ այդ քաղաքի վրայ։

Ամառուոտը գտնւում է թեք բարձրացող մի բլուրի զառիթափի վրայ։ Քաղաքն ըստ ձեւի համարեայ կազմում է մի քառակուսի․ նրա ամենալայն մասն սկսւում է բլուրի գագաթից մի քիչ ներքեւ, ապա մօտ 2000 քայլ ձգւում է Անիդեր գետի ափերով եւ որքան գնում ենք գետափով դէպի ցած, այնքան էլ մեծանում է քաղաքի լայնութիւնը[29]։

Անիդերի ակունքը թոյլ է․ նա գտնւում է Ամաուռոտից դէպի վեր 80.000 քայլի վրայ։ Իր ընթացքի ժամանակ գետն աստիճանաբար աճում է բազմաթիւ վտակներից հաւաքուող ջրերով, որից երկուսը միջին մեծութիւն ունեն։ Ամաուռոտի առաջ Անիդերի լայնութիւնը հասնում է 500 քայլի․ այնուհետեւ մշտապէս մեծանում է, մինչեւ որ վերջապէս 60 մղոն երկարութեամբ հոսելով՝ թափւում է ծովը։

Քաղաքի եւ ծովի միջեւ գտնուող ամբողջ տարածութեան վրայ, ինչպէս նաեւ քաղաքից մի քանի մղոն վերեւ, մակընթացութիւնն ու տեղատւութիւնը, որ օրական 6 ժամ են տեւում, նշանակալի չափով կասեցնում են գետի ընթացքը։ Մակընթացութեան ժամանակ ովկիանոսը Անիդերի անկողինը 30 մղոն երկարութեամբ լցնում է իր ալիքներով եւ ետ է մղում նրան դէպի իր ակունքները։ Աղի ջուրը գետին հաղորդում է իր դառնութիւնը․ բայց հենց որ սկսում է տեղատւութիւնը, գետը հետզհետէ կրկին մաքրւում է եւ քաղաքն ստանում է քաղցր ու ըմպելի ջուր, որ մինչեւ գետի խառնարանի մօտ մաքուր է մնում։ Անիդերի երկու ափերը քարի մի կամուրջով միանում են իրար։ Այդ կամուրջը, որ կազմուած է հրաշալի աղեղնաձեւ կամարներով, գտնւում է քաղաքի ծովից ունեցած ամենից հեռու ծայրին, որպէսզի նաւերը կարողանան մօտենալ ափի ուզած տեղին։

Ամաուռոտը դեռեւս մի երկրորդ գետով էլ է կտրւում, որը թէեւ փոքր, բայց գեղեցիկ է եւ հանդարտ։ այդ գետն սկիզբ է առնում քաղաքից փոքր հեռաւորութիւն ունեցող մի բլուրից, եւ քաղաքը երկու մասի բաժանելով, միանում է Անիդերի հետ։ Ամաուռոտի բնակիչներն այդ գետի ակունքը շրջապատել են պարիսպներով, որ ձգւում են մինչեւ քաղաքի արուարձանները։ Այսպիսով՝ պաշարման դէպքում, թշնամին չի կարող գետը ոչ թունաւորել եւ ոչ էլ կասեցնել նրա ընթացքը կամ փոխել տալ նրա հունը։ Ամենաբարձր կէտերից, բոլոր ուղղութիւններով դէպի ցած են իջնում կղմինդրէ խողովակներ, որոնք ջուրը հասցնում են քաղաքի աւելի ներքեւում գտնուող մասերը․ այնտեղ, որտեղ այս միջոցն անգործադրելի է, բնակիչների համար անհրաժեշտ ջուրը հաւաքում են մեծ ցիստերների մէջ։

Ամբողջ քաղաքը շրջապատուած է բարձր ու հաստ պարսպների մի գոտիով, իսկ շատ փոքր տարածութիւնների վրայ բարձրանում են աշտարակներ ու ամրութիւններ։ Պատնէշները երեք կողմից շրջապատուած են խրամներով, որոնք թէեւ մշտապէս չոր են, սակայն լայն են ու խոր եւ ծածկուած են փշերով ու ծակող մացառներով։ Չորրորդ կողմից գետն ինքն է փոխարինում խրամին։

Փողոցներն ու հրապարակները շատ հարմար են երթեւեկութեան ու փոխադրութիւնների համար եւ լաւ պաշտպանուած են քամուց։

Շէնքերը շատ յարմարութիւններ ունեն․ նրանք աչքի են ընկնում շքեղութեամբ եւ մաքրութեամբ ու խիտ շարքերով ձգւում են փողոցների երկու կողմի երկարութեամբ․

փողոցների լայնութիւնը հասնում է 20 ոտնաչափի։

Տների ետեւում գտնւում են ընդարձակ պարտէզներ․ իւրաքանչիւր տուն մի դուռ ունի փողոցի վրայ եւ մի հատ էլ՝ պարտէզի կողմը։ Այդ դռները բացւում են ձեռքի մի թեթեւ ճնշումով ու ներս են թողնում առաջին պատահածին։ Այս դէպքում ուտոպիացիները ղեկավարւում են հասարակական սեփականութեան սկզբունքով։ Անհատական եւ անսահմանափակ սեփականութեան ամէն մի գաղափարն իսկ կանխելու համար, ամէն տասը տարին մի անգամ նրանք վիճակով փոխում են իրենց տները։

Քաղաքների բնակիչները հաճոյքով խնամում են պարտէզները․ նրանք մշակում են խաղող, միրգ, ծաղիկ ու ամէն տեսակի բոյսեր։ Միաժամանակ նրանք ցուցաբերում են այնքան հասկացողութիւն եւ ճաշակ, որ ես ուրիշ ոչ մի տեղ աւելի մեծ պտղատւութիւն ու առատութիւն չեմ տեսել միացած գեղեցկութեան հետ։ Հաճոյքը միակ պատճառը չէ, որ նրանց դրդում է պարտիզպանոթիւն անել․ քաղաքի տարբեր մասերի միջեւ գոյութիւն ունի մշտական մրցակցութիւն․ նրանք մրում են միմեանց հետ, թէ ում պարտէզը ամէնից լաւ մշակուած կը լինի։ Արդարեւ, դժուար է մի այլ բան պատկերացնել, որը աւելի հաճելի եւ օգտակար լինէր, քան պարտիզպանութիւնը։ Պետութեան հիմնադիրը լաւ է հասկացել այդ եւ դրա համար էլ ամէն կերպ աշխատել է քաղաքացիների մտքերին այդ ուղղութիւնը տալ։

Ուտոպիացիներն իրենց քաղաքների ընդհանուր պլանի կազմումը վերագրում են Ուտոպին։ Այդ մեծ օրէնսդրի ժամանակը չի բաւականացել իր նախագծած շինութիւններն ու գեղեցկութիւններն իրագործելու համար։ Դրա համար հարկաւոր է մի քանի սերունդ․ ուստի նա հաջորդներին է թողել իր գործը շարունակելու եւ կատարելագործելու հոգսը։

Ուտոպիայի տարեգրութիւնները, որ կղզու նուաճման օրից բարեխղճօրէն տարւում են, ընդգրկում են 1760 տարուայ պատմութիւն։ Այդ տարեգրութիւնների համաձայն, սկզբում տները եղել են փայտէ շատ ցածր խրճիթներ, ցեխի պատերով ու յարդէ սրածայր կտուրներով․ իսկ այժմ տները եռհարկանի փառահեղ շէնքեր են․ արտաքին պատերը շինուած են քարից կամ աղիւսից, իսկ ներսինները՝ գիպսից։ Կտուրները հարթ են ու ծածկուած են մանրացրած եւ չայրուող նիւթով, որը շատ էժան է ու արճճից էլ աւելի լաւ է պաշտպանում վատ եղանակից։ Ապակէ լուսամուտներ պաշտպանում են քամուց․ ապակին կղզում շատ գործադրութիւններ ունի։ Ապակու փոխարէն երբեմն օգտագործում են մի չափազանց նուրբ հիւսուածք, որը ամպրայով կամ իւղով յագեցնում են ու այդպիսով, շատ լաւ անց է կացնում լոյսը եւ պաշտպանում քամուց։

Կառավարման մասին

Երեսուն ընտանիքից ամէն տարի ընտրում են մի կառավարող, որը տեղական հին բարբառով «սիֆոգրանտ» իսկ նոր լեզուով «ֆիլարխ» է կոչւում։

Տաս սիֆոգրանտներ եւ նրանց 300 ընտանիքները ենթարկւում են մի «պրոտոֆիլտրխի» կամ, ինչպէս հին լեզուով էին ասում՝ «տրանիբորի»։

Սիֆոգրանտները վերջապէս, թուով 200, կատարում են վերջին ընտրութիւնը։ Նրանք նախ երդւում են, որ իրենց ձայնը տալու են ամենալաւ ու ամէնից ընդունակ քաղաքացուն․ ապա անցնում են գաղտնի քուէարկութեան եւ ժողովրդի առաջարկած չորս քաղաքացիներից մէկին իշխան են յայտարարում։ Վորովհետւ քաղաքը բաժանուած է չորս մասերի, իւրաքանչիւր քաղաքամաս սենատին առաջադրում է իր ընտրելին։

Իշխանի կոչումը ցմահ է, պայմանով, որ նա ինքն իշխանութեան ձգտելու մէջ չկասկածուի։

Տրանիբորներն ամէն տարի ընտրւում են, սակայն առանց ծանրակշիռ հիմքերի չէ, որ փոխում են նրանց։ Մնացեալ պաշտօնատար անձերն ամէն տարի փոխարինւում են նորերով։

Ամէն երեք օրը, ըստ կարիքի աւելի յաճախ, տրանիբորներն իշխանի հետ նիստի են հաւաքւում՝ պետութեան գործերի մասին խորհրդակցելու եւ առանձին անհատների միջեւ եղած դատերին ամենաարագ լուծում տալու համար․ ի միջի այլոց այդպիսի իրաւական վէճեր շատ հազուադէպ են։

Սենատի իւրաքանչիւր նիստին մասնակցում են երկու սիֆոգրանտներ․ ժողովրդի այս ներկայացուցիչները փոխւում են ամէն մի նիստին։

Օրէնքը նախատեսում է, որ նախ քան ընդհանուր շահագրգռութիւն ներկայացնող հարցեր քուէարկելն ու առաջարկն օրէնքի վերածուելը, երեք օր առաջ քննարկուեն սենատում։

Սենատից ու ժողովրդական խորհրդից դուրս հասարակական խնդիրների մասին խորհրդակցելը ոճիր է համարւում ու ենթակայ է մահապատժի։

Այս որոշումներով ուտոպիացիները ձգտում են խափանել իշխանի եւ տրանիբորների միացումը՝ ազատութեան դէմ դաւեր նիւթելու, ժողովրդին բռնակալ օրէնքներով ճնշելու ու կառավարութեան ձեւը փոխելու համար։ Այս տեսակէտից սահմանադրութիւնն այնքան զգօն է, որ առաջնակարգ կարեւորութիւն ունեցող հարցերը քննարկւում են սիֆոգրանտների ժողովներում․ սիֆոգրանտներն այդ մասին տեղեկացնում են իրենց ընտանիքներին։ Այդպիսի հարցերն ապա քննւում են ժողովրդական մի հաւաքոյթում ու վերջապէս սիֆոգրանտներն իրենք հիմնովին քննարկելով գործը, իրենց կարծիքն ու ժողովրդի կամքը յայտնում են սենատին։ Երբեմն մինչեւ անգամ ամբողջ կղզու կարծիքն են հարցնում։

Սենատի կանոններից յիշատակութեան արժանի է հետեւեալը․ երբ մի առաջարկ է արւում, այդպիսին հենց նոյն օրը չի քննարկում, այլ հետաձգւում է մինչեւ յաջորդ նիստը։ Այսպիսով, ոչ ոք վտանգի չի ենթարկւում, առանց խորը մտածելու ասել մտքովն անցած առաջին կարծիքը, որն այնուհետեւ ստիպուած կը լինի դպնել ինքնասիրութիւնից ու արժանապատւութիւնից դրդուած, միանգամայն աչքաթող անելով հասարակական բարօրութիւնը։ Եւ ահա մի այդպիսի շտապողականութեան վտանգը կանխելու համար՝ սենատորներին մտածելու բաւական ժամանակ է տրւում։

Արուեստների եւ արհեստների մասին

Մի զբաղմունք կայ, որը բոլոր ուտոպիացիների՝ տղամարդկանց եւ կանանց, ընդհանուր է եւ որից ոչ ոք չի կարող հրաժարուել․ դա հողագործութիւնն է։ Երեխաները տեսականօրէն այն սովորում են դպրոցներում, իսկ գործնական կերպով՝ քաղաքին կից դաշտերում, որտեղ նրանց զբօսնելու են տանում։ Նրանք այնտեղ տեսնում են, թէ ինչպէս է մշակւում հողը, այնտեղ երեխաներն իրենք աշխատում են, եւ այս վարժութիւնը միաժամանակ զարգացնում է նրանց ֆիզիկական ուժերը։

Բացի հողագործութիւնից, որը, կրկնում եմ, բոլորի պարտականութիւնն է, իւրաքանչիւր ուտոպիացու համար սահմանւում է նաեւ մի արհեստ։ Ոմանք բուրդ են հիւսում կամ կտաւ գործում, ուրիշները քարտաշ են կամ բրուտ․ ոմանք էլ աշխատում են փայտի կամ մետաղի գործերում։ Սրանք ամենաառաջնակարգ արհեստներն են։

Կղզու բոլոր բնակիչների հագուստները միեւնոյն ձեւն ունեն, որն անփոփոխ է։ Տարբեր ձեւ թոյլատրւում է միայն տղամարդկանց եւ կանանց, ամուրիների ու ամուսնացածների համար։ Հագուստները գեղեցիկ են եւ վայելուչ ու հնարաւորութիւն են տալիս մարմինին կատարել ամէն տեսակի շարժումներ, պաշտպանում են ամրան շոգից եւ ձմրան ցրտից։ Իւրաքանչիւր ընտանիք ինքն է կարում իր հագուստները։

Բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, առանց բացառութեան պարտաւոր են սովորել վերոյիշեալ արհեստներից մէկն ու մէկը։ Քանի որ կանայք աւելի թոյլ են, այդ պատճառով էլ նրանք մեծ մասամբ բրդի ու կտաւի վրայ են աշխատում․ աւելի ծանր եւ ուժ պահանջող զբաղմունքներն ընկնում են տղամարդկանց վրայ։

Ամէն մէկն ընդհանրապէս սովորում է իր ծնողների արհեստը, որովհետեւ ազդեցութեան ու օրինակի միջոցով երեխաների մէջ սովորաբար զարգանում է այդ գործի ե՛ւ ճաշակը ե՛ւ կարողութիւնը։ Սակայն եթէ մի երեխայ իր մէջ աւելի ճարտարութիւն ու հակումն է զգում դէպի մի ուրիշ արհեստ, այդ դէպքում նրան որդեգրել են տալիս յատկապէս այդ արհեստով զբաղուող ընտանիքում, եւ նման դէպքերում ոչ միայն երեխայի հայրը, այլ եւ կառավարութիւնը հոգում է, որ երեխան սովորելու մտնի պատուաւոր ու ազնիւ ընտանիք։

Մէկը, որ արդեն մի արհեստ գիտի եւ ցանկանում է մի ուրիշն էլ սովորել, կարող է այդ անել միեւնոյն հիմունքներով։ Նրան են թողնում ընտրելու երկուսից մէկը, որն իրեն ամէնից աւելի է հետաքրքրում ու սրտին մօտ է, եւ կամ քաղաքն է այդ որոշում, նկատի առնելով հասարակական պահանջները։

Սիֆոգրանտների ամենաառաջնակարգ ու գրեթէ բացառիկ գործունէութիւնն այն է, որ հետեւեն, որ ոչ ոք ծուլութիւն չանի եւ ամէն մարդ անխոնջ կերպով զբաղուի իր արհեստով։ Դրանից սակայն չպէտք է եզրակացնել, թէ ուտոպիացիները գրաստների նման վաղ առաւօտից մինչեւ ուշ գիշեր ախշատանքի են լծուած։ Մտքի ու մարմնի համար հաւասարապէս վնասակար այդպիսի կեանքն աւելի դաժան կը լինէր, քան տանջանքն ու ստրութիւնը։ Եւ չէ՞ որ ուրիշ ամէն տեղ այդ է գործաւորների տխուր վիճակը։

Ուտոպիացիները ցերեկն ու գիշերը բաժանում են 24 հաւասար ժամերի․ դրանից 6 ժամը գնում է ֆիզիկական աշխատանքի։ Յարաբերութիւնը հետեւեալն է․ երեք ժամ աշխատանք կէսօրից առաջ, ապա ճաշ․ կէսօրից յետոյ երկու ժամ հանգիստ, երեք ժամ նորից աշխատանք, որին յաջորդում է ընթրիքը։

Երբ մեզ մօտ կէսօր է, նրանց հաշուով ժամը մէկը կը լինի։ Ժամը 8֊ինց նրանք պառկում են եւ քնելուն յատկացնում են 8 ժամ։

Աշխատանքի, ուտելու եւ քնելու միջեւ եղած ժամանակամիջոցն ամէն ոք օգտագործում է ըստ իր ցանկութեան։ Ուտոպիացուն շատ հեռու է այդ ազատ ժամերը յիմարութեամբ ու ծուլութեամբ վատնելու միտքը․ նրանք այդ ժամերին աւելի շուտ աշխատում են փոփոխութիւն մտցնել իրենց առօրեայ զբաղմունքների ու աշխատանքների մէջ եւ դրանով թարմանալ, եւ դա յաջողում է նրանց, շնորհիւ հետեւեալ, իսկապէս հրաշալի հաստատութեան․ —

Ամէն առաւօտ արեւածագից առաջ բացւում են հասարակական սրահները։ Միայն նրանք պարտաւոր են յաճախել այդ դահլիճները, որոնք իրենց բացառապէս գիտութիւններին են նուիրել․ բայց եւ այնպէս բոլորն էլ այնտեղ մտնելու իրաւունք ունեն՝ կանայք եւ տղամարդիկ, ինչպիսի զբաղմունք էլ նրանք ունենան։ Ժողովուրդը մասսայօրէն յաճախում է այդ սրահները․ այնտեղ ամէն մէկն զբաղում է գիտութեան այն ճիւղով, որն իր գործին ու ճաշակին ամէնից աւելի համապատասխանում է։

Ոմանք ազատ ժամերը գերազանցապէս անց են կացնում իրենց արհեստի վարժութիւններով․ այդպիսիները մեծ մասամբ նրանք են, որոնց միտքը չի գրաւում վերացական մտածութիւնը։ Նրանց ոչ միայն չեն արգելու այդ, այլ գովում են, որովհետեւ նրանք համառօրէն ցանկանում են օգտակար լինել իրենց համաքաղաքացիներին։

Երեկոյեան՝ ընթրիքից յետոյ, ուտոպիացիները մի ժամ անց են կացնում զրոյցով, ամառը՝ պարտէզներում, ձմեռը՝ հասարակական ճաշարաններում։ Նրանք զբաղում են երաժշտութեամբ կամ զրոյցով։ Ուտոպիացիք ոչ թղթախաղ են իմանում եւ ոչ էլ որեւէ մէկն այն խաղերից, որոնք նոյնքան անհամ են, որքան եւ վտանգաւոր։ Դրա փոխարէն, այնտեղ գոյութիւն ունի երկու տեսակի խաղ, որ մի քանի կողմերով յիշեցնում են մեր շախմատը․ մէկը կոչւում է «թուաբանական ճակատամարտ»․ որի ժամանակ զօրքը ջարդում է զօրքին, իսկ միւսին «մոլութիւնների ու առաքինութիւնների կռիւ» անունն են տալիս։ Վերջինը ցայտուն կերպով ցոյց է տալիս բոլոր մոլութիւնների անարխիան եւ այն ատելութիւնը, որը նրանց միմեանցից բաժանում է․ դրա հետ մէկտեղ եւ կատարեալ համերաշխութիւնը, եթէ այդ վերաբերում է առաքինութեան դէմ կատարելիք որեւէ յարձակման։ Խաղն այնուհետեւ ցոյց է տալիս, թէ որոնք են առանձին առաքինութիւններին հակադրուող մոլութիւնները եւ ինչպիսին են նրանք ործում֊ուժով թէ բացարձակ, խորամանկութեամբ՝ թէ կողմնակի ճանապարհներով։ Ինչպէս առաքինութիւնը մոլութեան յարձակումները ետ է մղում, տապալում է եւ նրա ուժերի լարումն անպտուղ դարձնում․ ինչ կերպով վերջապէս յաղթանակը տանում է այս կամ այն կողմը։

Ես ենթակայ եմ լուրջ բնոյթի մի առարկութեան, դրա համար էլ շտապում եմ կանխել այն։

Թերեւս ասեն, թէ օրական վեցժամեայ աշխատանքը բաւական չէ հասարակական կարիքն ապահովելու համար, Ուտոպիան պէտք է մի շատ դժբախտ երկիր լինի։

Իրականում սակայն հակառակն է․ վեցժաեայ աշխատանքը լի ու լու բաւարարում է կեանքի բոլոր պահանջներին ու հաճոյքներին եւ, բացի այդ, կենսամթերքների աւելցուկ է տալիս։

Այդ հանգամանքը դուք հեշտութեամբ կըմբռնէք, եթէ միայն յիշէք միւս ժողովրդների պորտաբոյծ մարդկանց խոշոր թիւը։ Նախ գրեթէ բոլոր կանայք, որոնք երկրագնդի ազգաբնակութեան կէսն են կազմում, ապա այն բոլոր երկրների տղամարդիկ, որտեղ ամբողջ աշխատանքը կանայք են կատարում․ այնուհետեւ քահանաների ու եկեղեցական այլ պարազիտների հսկայական մասսան․ այս ամէնին աւելացրէք բոլոր հարուստ կալուածատէրերին, որոնք մի բառով «ազնուականներ» են կոչւում․ հաշուեցէք դեռ նրանց սպասաւորների շարանները, համազգեստ հագած անպէտքների այդ բազմութիւնը, ինչպէս նաեւ ուժեղ ու կատարելապէս առողջ մուրացիկների հեղեղը, որոնք իրենց ծուլութիւնը մարմնական կեղծ պակասութիւններով ծածկում են․ որպէս արդիւնք դուք կը ստանաք այն, որ իրենց աշխատանքով մարդկային սեռի կարիքները հոգացողների թիւը շատ աւելի քիչ է, քան սովորաբար կարծում են։ Հաշուի առէք նոյնպէս, թէ գործաւորներից որքան քիչ մարդիկ զբաղւում են իսկապէս անհրաժեշտ եւ օգտակար գործերով․ փողի այս դարում, երբ վերջինը աստուածութիւն եւ ունիւերսալ չափանիշ է, մի շարք դատարկ եւ անպէտք արուեստներ սպասարկում են միմիայն շռայլութեանն ու զեզխութեանը։ Բայց եթէ գործաւորների այդ ամբողջ մասսան բացառապէս օգտակար աշխատանքով զբաղէր ու ամէն ինչ մինչեւ իսկ կարիքից աւելի պատրաստէին, այդ դէպքում պատրաստուած իրերի գներն այն աստիճան կընկնէին, որ գործաւորն այլեւս իր վարձքով ապրելու հնարաւորութիւն չէր ունենայ։

Ընդունենք, որ օգտակար աշխատանքի մէջ ենք ներգրաւում ինչպէս նրանց, որոնք միմիայն պերճանքի առարկաներ են պատրաստում, այնպէս էլ այն մարդկանց, որոն ոչինչ չեն անում, սակայն նրանցից ամէն մէկը երկու իսկական գործաւորի աշխատանքն ու վարձն է սպառում․ այդ դէպքում հեշտ է ըմբռնել, որ այդ մարդիկ աւելի շատ ժամանակ կունենան, քան անհրաժեշտ է՝ հոգալու համար կեանքի կարիքները, յարմարութիւնները եւ մինչեւ իսկ հաճոյքները։ Այդ հաճոյքների տակ ես նկատի ունեմ միմիայն այնպիսիները, որոնք միանգամայն բնական են ու ճշմարիտ։

Այն, ինչ որ ես այժմ այստեղ միայն նախադրում եմ, այդ բոլորը գործնականում իրականացուած է Ուտոպիայիում։ Այնտեղ մի քաղաքի ու նրա շրջակայքի ամբողջ տարածութեան վրայ հազիւ հինգ հարիւր հոգի կը լինի,— աշխատանքի համար պահանջող տարիքն եւ ուժերն ունեցող տղամարդիկ ու կանայք,— որոնք օրէնքով ազատուած են աշխատանքից։ Վերջինների թուին են պատկանում սիֆոգրանտները․ բայց, չնայած դրան, այդ պաշտօնատար անձերն էլ միւս քաղաքացիների նման աշխատում են, որպէսզի իրենց օրինակով քաջալերէն նրանց։ Այդ առանձնաշնորհումը տարածւում է նաեւ այն երիտասարդների վրայ, որոնց՝ ժողովուրդը քահանաների յանձնարարութեամբ եւ սիֆոդրանտների գաղտնի քուէարկութեամբ, սահմանում է արուեստների եւ գիտութիւնների համար։ Հենց որ ընտրուածներից մէկը չի արդարացնում հասարակական յոյսերը, այդպիսին ետ է փոխադրւում գործաւորների դասակարգը։ Եւ ընդհակառակը,— եւ նման դէպքեր յաճախ են պատահում, երբ մի գործաւոր իր ազատ ժամերը մտաւոր աշխատանքի նուիրելով բաւարար զարգացում է ձեռք բերում, այդպիսին ազատւում է ֆիզիկական աշխատանքից ու բարձրացւում է գիտնականների դասակարգին։

Գիտնականների դասակարգից են ընտրում դեսպաններին, քահանաներին, տրանիբորներին ու իշխանին։ Վերջինն առաջ կոչւում էր «բարզամ» այժմ նրան անուանում են «ադեմ»։ Մնացեալ բնակչութիւնն անընդհատ զբաղւում է միայն օգտակար արհեստներով ու կարճ ժամանակամիջոցում արտադրում է ամէն տեսակի հրաշալի պատրաստուած իրերի զգալի մասը։

Աշխատանքի կրճատմանը նոյնպէս նպաստում է այն հանգամանքը, որ պատրաստուած իրերը լաւ են օգտագործում եւ խնամքով պահպանում։ Այդ իսկ պատճառով է Ուտոպիայիում անելու շատ աւելի քիչ բան կայ, քան մեզ մօտ։

Ուրիշ տեղեր մի շէնքի կառուցումը եւ պահպանումը պահանջում է մշտական աշխատանք։ Դրա պատճառը պարզ է։ Հայրը մեծ ծախսերով կառուցում է ու իր կարողութիւնը թողնում է անփոյթ ու վատնող որդուն, վերջինս աստիճանաբար ամէն ինչ փչացնում է, այնպէս որ նրա ժառանգը առանց հսկայական ծախսերի չի կարող վերանորոգում կատարել։ Յաճախ պատահում է, որ ժառանգին դուր չի գալիս հայրական տունը եւ աւելի մեծ ծախսեր կատարելով մի այլ հողամասի վրայ նոր շէնք է կառուցել տալիս, մինչդեռ իր հօր տունն աւերակ է դառնում։

Այդ բոլորն Ուտոպիայում այնպէս հիմնովին կշռադատուած ու կազմակերպուած է, որ հազուադէպ է կարիք լինում նոր հողամասերում կառուցել։ Տեղի ունեցող վնասուածքներն անմիջապէս նորոգում են, իսկ գործը սպառնալից վնասների երբեք չի հասնում։ Այսպիսով, շէնքերը չնչին ծախսով ու աշխատանքով պահպանւում են։ Գործաւորները սովորաբար նիւթերն իրենց տանն են պատրաստում, յղկում են փայտը, քարը տաշում․ երբ նրանք որեւէ շինարարութեան են կանչւում, նիւթերն ամբողջովին արդեն պատրաստ են եւ գործը շուտով վերջանում է։

Այժմ ես ձեզ կյայտնեմ, թէ ուտոպիացիներին որքան էժան է նստում իրենց հագուստեղէնը։ Աշխատանքի ժամանակ նրանք հագնում են կաշի կամ մորթի․ այդպիսի մի զգեստը կարող է լրիւ եօթ տարի դիմանալ։ Փողոց դուրս գալիս նրանք իրենց վրայ գցում են մի տեսակ վերարկու կամ պինջակ, որը ծածկում է աշխատանքի հագուստը։ Այդ վերնազգեստի գոյնը բնական է եւ բոլոր բնակիչների համար միեւնոյնը․ դա բրդի գոյնն է․ այդ պատճառով էլ նրանք շատ աւելի քիչ կտոր են սպառում, քան ուրիշ որեւէ տեղ։ Բացի այդ, այդ կտորը նրանց շատ էժան է նստում։ Որովհետեւ կտաւը քիչ աշխատանք է պահանջում, դրա համար էլ շատ է գործածւում։ Կտաւի մէջ նրանք գնահատում են կտաւի սպիտակութիւնը․ իսկ մահուդի՝ հարթութիւնն ու ամրութիւնը, առանց հիւսուածքի նրբութեան ու բարակութեան վրայ ուշադրութիւն դարձնելու։ Մի հագուստը նրանց սովորաբար բաւարարում է երկու տարի, մինչդեռ ուրիշ տեղ մարդիկ կարիք ունեն տարբեր գոյնի չորս կամ հինգ բրդի հագուստի ու նոյնքան էլ մետաքսէ շորերի․ նորաձեւութեան իսկական հետեւողը պէտք է առնուազն տասը ձեռք զգեստ ունենայ։ Ուտոպիացիներն այդպիսի հանդերձարան պահելու ոչ մի հիմք չունեն, քանի որ այդ նրանց ոչ ցրտից աւելի լաւ պաշտպանել կը կարողանայ եւ ոչ էլ կը նպաստի նրանց շքեղ հագնուելուն։

Այսպէս, Ուտոպիայում բոլորն զբաղած են իսկապէս օգտակար արուեստներով ու արհեստներով։ Ֆիզիկական աշխատանքն այնտեղ կարճ է տեւում, բայց չնայած դրան այդ կարճ ժամանակամիջոցում աշխատանքն արտադրում է ամէն բարիք եւ այն էլ՝ առատութեամբ։ Երբ արտադրանքների աւելցուկը շատանում է, այն ժամանակ դադարեցնում են օրական աշխատանքները, եւ բնակչութիւնը մասսայօրէն զբաղում է վնասուած ճանապարհները նորոգելով։ Սովորական եւ արտակարգ աշխատանքների կատարեալ բացակայութեան դէպքում, դեկրետով կրճատւում է աշխատանքի ժամանակը․ կառավարութիւնը երբեք չի ձգտում անօգուտ աշխատանքներով յոգնեցնել քաղաքացիներին։

Սոցիալական հաստատութիւնների նպատակն Ուտոպիայում այն է, որ նախ ամբողջովին ապահովեն հասարակական ու անհատական սպառման կարիքները, ապա իւրաքանչիւր քաղաքացու ըստ հնարաւորին, շատ ազատ ժամանակ տրամադրուի՝ արուեստների ու գիտութիւնների ուսումնասիրման միջոցով միտքն ազատօրէն զարգացնելու համար։

Միմիայն այս բազմակողմանի զարգացման մէջ են ուտոպիացիք գտնում ճշմարիտ երջանկութիւնը։

Քաղաքացիների փոխադարձ յարաբերութեան մասին

Այժմ ես ձեզ կը պատմեմ քաղաացիների փոխադարձ չարաբերութիւնների, նրանց առեւտրի այն եղանակի մասին, որով կենսական անհրաժեշտ իրերը բաշխւում են։

Քաղաքը բաղկացած է ընտանիքներից, որոնց մեծ մասն ազգակցական կապերով միացած են միմեանց։ Հենց որ մի աղջիկ հասուն է դառնում, նրան ամուսնացնում են ու այնուհետեւ նրանք միասին են ապրում։ Տղամարդիկ, որդիներն ու թոռները մնում են իրենց ընտանիքներում։ Ընտանիքի ամենատարիքաւոր անդամը միաժամանակ ընտանիքի գլուխն է եւ, երբ տարիները նրա մտաւոր ուժը թուլացնում են, նրան փոխարինում է տարիքով յաջորդը։ Հետեւեալ որոշումները պահպանում են ազգաբնակութեան հաւասարակշռութիւնը եւ արգելում, որ բնակչութեան թիւը մի քանի կէտերում նոսրանայ, իսկ ուրիշ տեղերում՝ խտանայ։

Ամէն քաղաք պէտք է ունենայ վեց հազար ընտանիք, իսկ իւրաքանչիւր ընտանիք կարող է միայն 10—12 հասուն տարիքի տղամարդիկ ունենալ։ Երեխաների թիւն օրէնքով նախատեսուած չէ։

Երբ մի ընտանիք վերոյիշեալ թուից աւելանում է, յաւելեալ անդամներն անցնում են մի ուրիշ ընտանիք, որը թուով աւելի պակաս է։ Եթէ քաղաքի բնակիչների թիւն այնտեղ ապրելու համար սահմանուած նորման գերազանում է, այդ դէպքում, յաւելեալ քանակը լրացնում է աւելի նոսր բնակուած քաղաքների պակասը։

Վերջապէս, երբ ամբողջ կղզին է գերբնակւում, այդպիսի դէպքերի համար նախատեսուած է մասսայական արտագաղթ։ Արտագաղթողները գաղութ են հիմնում մօտակայ այն ցամաքամասում, որտեղ հողի աւելցուկ կայ։

Գաղութը կառաւարւում է ուտոպիական օրէնքներով եւ իր մօտ է հրաւիրում տեղացի այն հողագործներին, որոնք կը ցանկանան նրանց աշխատանքի ու ապրելու եղանակն ունենալ։

Երբ կոլոնիստները մի ժողովրդի են հանդիպում, որն ընդունում է ուտոպիացիների հաստատութիւններն ու բարքերը, այդ դէպքում նրանք միասին կազմում են մի համայնք։ Այդ միացումը ձեռնտու է երկու կողմի համար էլ, որովհետեւ բոլորն ապրելով ուտոպիական օրէնքների համաձայն, կը կարողանան մի միակ ժողովրդի դժուարութեամբ կերակրող հողն այնպէս մշակել, որ իր պտղաբերութեամբ կը բաւականացնի միաժամանակ երկսին էլ։

Իսկ եթէ կոլոնսիտները մի ժողովրդի հանդիպեն, որը դիմադրի ուտոպիական օրէնքներին, այդ դէպքում նրանք այդ ժողովրդին երկրից այնքան են դուրս մղում, որքան հողամաս հարկաւոր է իրենց․ պահանջի դէպքում նրանք գործադրում են նաեւ զէնքի ուժ։ Նրանց հիմնական սկզբունքների համաձայն, ամենաարդար ու ամենահիմնաւորուած պատերազմը մի ժողովրդի դէմ այն է, որն անմշակ հողերի խոշոր տարածութիւններ ունի, որոնք ոչ մի միտք եւ օգուտ չունեն․ մանաւանդ եթէ այդ ժողովուրդը հրաժարում է այդ հողամասերը տրամադրել այնպիսի մարդկանց, որ ուզում են օգտագործել այն ու ըստ բնութեան յաւիտենական օրէնքների կերակրուել։

Եթէ մի քաղաքի ազգաբնակութիւնն այն աստիճան նուազում է,— եւ այդպիսի դէպք երկու անգամ տեղի է ունեցել սարսափելի համաճարակ հիւանդութիւնների պատճառով — որ հնարաւոր չէ, առանց կղզու միւս մասերի հաւասարակշռութիւնն ու կարգկ խանգարելու, լրացնել այն— այդ դէպքու կոլոնիստները պարտաւոր են վերադառնալ Ուտոպիա։ Մեր կղզեցիներն աւելի շուտ կհրաժարուեն բոլոր գաղութներից, քան թէ թոյլ կը տան, որ իրենց մայր երկրի թէկուզ մի քաղաքը պակասի։

Ես վերադառնում եմ համաքաղաքացիների փոխադարձ յարաբերութեան խնդիրն։

Ամենատարիքաւորը, ինչպէս արդեն ասուեց, ընտանիքի գլխաւորն է։ Կանայք հնազանդում են իրենց ամուսիններին, երեխաները՝ իրենց հօրն ու մօրը, իսկ իրար մէջ՝ կրտսերն աւագին։

Ամբողջ քաղաքը բաժանուած է չորս հաւասար քաղաքամասերի․ իւրաքանչիւր քաղաքամասի մէջտեղը գտնւում է կենսամթերքների շուկան։ Այդտեղ են բերում բոլոր ընտանիքների ախատանքի տարբեր արտադրանքները, որ նախ դրւում են պահեստներում ու ապա տեսակաւորելով՝ պահում են համապատասխան մագազիններում։

Իւրաքանչիւր ընտանիքի հայր շուկայում ընտրում է այն, ինչ որ հարկաւոր է իրեն եւ իւրայիններին։ Առանց դրամական կամ որեւէ այլ հատուցումի, նա ստանում է ամէն անհրաժեշտ բան։ Ընտանիքի հայրերին երբեք ոչ մի բան չեն մերժում եւ, որովհետեւ ամէն ինչ առատ է, դրա համար էլ վախենալու հիմք չկայ, թէ մէկը կարող է իր կարիքից աւելի վերցնել։ Արդարեւ, եթէ մէկը վստահ է, որ երբեք որեւէ բանի պակաս չի զգալու, ինչո՛ւ պիտի ուզենայ այդ րոպէի իր պահանջից աւելի վերցնել։ Կենդանի էակների կգահութեան ու անկշտութեան պատճառը ապագայ քաղցածութեան վախն է։ Մասնաւորապէս մարդու ընչաքաղցութիւնը մի այլ հիմք եւս ունի՝ սնափառութիւնը, որը դրդում է նրան հարստութեամբ գերազանցել իր նմանին եւ իր ունեցածթ ցուցադրելով՝ շլացնել նրան։ Ուտոպիական հիմնարկութիւնները սակայն այդ անմտութիւնն անկարելի են դարձնում։

Այդ շուկաների մի մասը, որոնց մասին ես հենց նոր խօսում էի, յատկացուած է ուտելեղէնի․ այդտեղ բերում են բանջարեղէն, միրգ, հաց, ձու, թռչուններ ու անասուններ։

Քաղաքից դուրս գտնւում են սպանդանոցներ, որտեղ մորթում են ուտելու համար սահմանուած կենդանիներին։ Սպանդանոցները շատ մաքուր են պահում․ արիւնը, կեղտն ու մնացորդները փոքրիկ կանալներով դուրս են բերւում հեռու։ Ստրուկները մաքրում ու կոտորում են միսը, որից յետոյ բերում են շուկայ․ օրէնքն արգելում է քաղաքացիներին միս մորթելով զբաղուելը՝ երկիւղ կրելով, որ սպանդի սովորութիւնը կարող է նրան մէջ աստիճանաբար ոչնչացնել կարեկցութիւնը — մարդկային սրտի ամենաազնիւ յոյզը։ Սպանդանոցները քաղաքից դուրս տեղաւորելը մի այլ նպատակ էլ է հետապնդում, դրանով ուզում են քաղաքացիներին խնայել անհաճոյ տեսարանից եւ քաղաքն ազատել կենդանական նիւթերի մնացորդներինց ու կեղտից, որ նեխուելով, կարող են հիւանդութիւններ առաջացնել։

Իւրաքանչիւր փողոցում՝ հաւասար հեռաւորութեան վրայ, գտնւում են ընդարձակ շէնքեր, որոնք տարբեր անուններով զանազանւում են իրարից։ Այնտեղ բնակւում են սիֆոգրանտները․ վերջինների 30 ընտանիքներն ապրում են երկու կողմերին, տասնհինգը դէպի աջ, իսկ տասնհինգը՝ ձախ․ սիմոգրանտների շէնքում նրանք բոլորը միասին են ճաշում։

Իւրաքանչիւր ընանիքի տնտեսները որոշուած ժամին հաւաքւում են շուկայում եւ ճաշողների թուի համապատասխան քանակով կենսամթերք են պահանջում։ Միշտ ամէնից առաջ հոգում են հիւանդներին, որ խնամւում են հասարակական հիւանդանոցներում։

Այդ հիւանդանոցները, թուով 4 հատ, գտնւում են քաղաքի շրջակայքում՝ պարիսպներից որոշ հեռաւորութեան վրայ։ Նրանք այնքան ընդարձակ են, որ հեշտութեամբ կարելի է աւանի տեղ ընդունել։ Դրանով ուտոպիացիները խուսափում են հիւանդների կուտակումից ու խտացումից, որ կը դանդաղեցնի նրանց ապաքինումը։ Բացի այդ, դրանով հնարաւոր է լինում վարակիչ հիւանդութիւն ունեցողին բոլորովին առանձնացնել։ Հիւանդանոցներն առատօրէն ապահովուած են բոլոր տեսակի բուժիչ միջոցներով եւ այն ամէնով, ինչ պահանջւում է առողջութիւնը ամրականգնելու համար։ Հիւանդներին խնամում են ամենասիրալիր եւ անխոնջ հոգացողութեամբ ու ամենափորձուած բժիշկների ղեկավարութեամբ։ Ոչ մէկին չեն ստիպում անպայման հիւանդանոցում բժշկուել․ սակայն հազիւ թէ լինի մէկը, որը հիւանդութեան դէպքում տնային խնամը հիւանդանոցայինից նախամեծար համարի։

Երբ հիւանդանոցի տնտեսները՝ բժշկական կարգադրութեան համաձայն, պահանջուածն ստանում են, շուկայում եղած մնացեալ ամէն ինչն առանց խտրութեան ճաշողների թուի համեմատութեամբ բաժանւում է բոլոր ճաշասրահների միջեւ։ Միաժամանակ սպասարկում են իշխանի, կրօնապետի, տրանիբորների, դեսպանների եւ— եթէ այդպիսիք լինում են, ինչ որ շատ հազուադէպ է— օտարականների սեղանները։ Վերջինները մի քաղաք ժամանելիս իրենց համար պատրաստ գտնում են յատուկ բնակարաններ, որոնք անհրաժեշտ ամէն ինչով ապահովուած են։

Թմբուկը ծանուցում է ճաշի ժամը։ Ամբողճ սիֆոգրանտիան, բացառութեամբ նրանց, որոնք տանը կամ հիւանդանոցում հիւանդ պառկած են, գնում են սիֆոգրանտի շէնքը եւ այնտեղ բոլորը միասին ճաշում կամ ընթրում են։ Անհատական կարիքի համար թոյլատրւում է շուկայից վերցնել կենսամթերք, սակայն միմիայն այն ժամանակ, երբ հասարակական պահանջն ամբողջովին բաւարարուած է։

Ուտոպիացիները սակայն առանց կարեւոր հիմքեր ունենալու չեն օգտւում այդ իրաւունքից․ քանի որ ոչ ոքի արգելուած չէ տանը ճաշել, ոչ մէկն էլ այդ անելու մէջ հաճոյք չի գտնում։ Անմտութիւն կը լինէր չարչարանքով մի վատ ճաշ պատրաստել, երբ այդպիսին շատ աւելի լաւ ու առանց որեւէ նեղութեան կարելի է ստանալ տնից մի քանի քայլ հեռաւորութեան վրայ։

Խոհանոցային ամենակեղտոտ ու ամէնից ծանր աշխատանքները դրւում են ստրուկների վրայ։ Կանայք եփում են կերակուրները, համեմում, դնում են սեղանների վրայ ու ապա ամանները հաւաքում։ Այս աշխատանքներում նրանք հերթափոխում են ըստ ընտանիքների։

Նայած հիւրերի թուին, բաց են անում երեք կամ աւելի սեղան։ Տղամարդիկ նստում են պատի կողմը, կանայք՝ նրանց դիմաց, որպէսզի մի յանկարծական դէպք պատահելիս — ինչ֊որ յղի կանանց հետ երբեմն պատահում է — նրանք առանց որեւէ մէկին խանգարելու կարողանան դուրս գնալ եւ քաշուել ծծմայրերի յատուկ սենեակը։

Ծծմայրերի սենեակում մշտապէս լինում է տաք ջուր, այնտեղ պահւում է կրակ, կան օրորոցներ, որտեղ կարելի է դնել երեխաներին եւ եթէ հարկաւոր է, չորացնել խանձարուրները, մինչդեռ երեխաներն զբաղւում են խաղով։ Այս բոլորը մանաւաորապէս կարեւոր է կանանց համար, քանի որ իւրաքանչիւր մայր ինքն է կերակրում իր երեխային․ միայն մահը կամ հիւանդութիւնը կարող են նրան արգելել այդ։ Վերջին երկու դէպքերում սիֆոգրանտների կանայք շտապ որոնում են մի ծծմայր, որպիսին հեշտութեամբ կարելի է գտնել։ Այդ ծառայութեանն ի վիճակի էղող կանայք մեծ հաճոյքով եւ պատրաստակամութեամբ տրամադրում են իրենց։ Բացի դրանից, դա մենապատուաւոր պարտաւորութիւնն է եւ երեխան հետագայում ծծմօրը վերաբերում է հարազատ մօր նման։

Ծծմայրերի սենեակում գտնւում են նաեւ հինգ տարեկանից ցածր երեխաները։ Պատանիներ եւ աղջիկներ սպասարկում են ճաշի ժամանակ։ Այն տղաներն ու աղջիկները, որոնք այդ ծառայութեան համար պահանջուող ուժը դեռեւս չունեն, լուռ կանգնած են մնում։ Նրանք ուտում են այն, ինչ որ նստողները տալիս են նրանց եւ դրանից դուրս ուրիշ տեղ երբեք ծածուկ չեն ուտում։

Սիֆոգրանտն ու նրա կինը նստում են առաջին սեղանի մէջտեղը․ այդ սեղանը գտնւում է դահլիճի վերին ծայրում եւ այդտեղից մի հայեացքով կարելի է ընդգրկել բոլոր սեղանակիցներին։ Ամէնատարիքաւորների եւ ամէնից աւելի յարգուածների միջից երկու ծերոունի նստում են սիֆոգրանտների մօտ․ մնացեալ հիւրերն էլ, կրկին չորսական հոգի, ճաշում են միասին։ Եթէ սիֆոգրանտիայում եկեղեցի կայ, այդ դէպքում այդ երկու ծերունիների տեղը նստում են քահանան եւ նրա կինը։

Դահլիճի երկու կողմերին մէջընդմէջ նտսում են երկու երիտասարդ եւ երկու տարիքաւոր մարդիկ։ Այս կարգը համախմբում է միեւնյոն տարիքի մարդկանց եւ միաժամանակ խառնում բոլոր տարիքները։ Բացի այդ, դրանով իրականացւում է բարոյական մի նպատակ։ Եւ որովհետեւ ոչինչ չի կարող պատահել ու խօսուել, որ հարեւանը նկատել չկարողնայ, այդ պատճառով էլ ծերութեան ներշնչող լրջութիւնն ու պատկառանքը սանձահարում են երիտասարդութեան անզսպութիւնը եւ թոյլ չեն տալիս նրան անպատշաճ խօսքեր կամ վերաբերմունք արտայայտել։

Սիֆոգրանտի սեղանն ամէնից առաջ են սպասարկում, ապա հերթով միւս սեղանները։ Ամենալաւ կտորները մատուցում են ընտանիքի աւագներին, որոնք նստում են աչքի ընկնող տեղեր․ մնացեալ բոլորին սպասարկում են միանգամայն հաւասար։ Ծերունիները կարող են իրենց բաժնից ըստ հայեցողութեան մաս հանել մօտիկ հարեւաններին։ Այսպիսով, տարիքին մատուցում են պատշաճ պատիւ, որը միաժամանակ ծառայում է բոլորի բարօրութեանը։

Ճաշն ու ընթրիքն սկսում են բարոյական բովանդակութեամբ մի գրքի ընթերցանութիւնով։ Որպէսզի այդ ընթերցումը ձանձրալի չլինի, այդ պատճառով էլ սովորաբար կարճ է տեւում։ Ընթերցումը վերջանալուց յետոյ, տարիքաւորներն սկսում են խելացի խօսակցութիւններ, ընդ որում սրամտութիւնն էլ անպակաս չէ լինում։ Չցանկանալով բացառապէս տիրել խօսակցութեանը, տարիքաւորներն ընդհակառակը սիրով լսում են նաեւ երիտասարդներին․ նրանք վերջիններին յաճախ առիթ են տալիս ու դրդում ազատօրէն եւ առանց քաշուելու արտայայտուել, որպէսզի դրանով նրանց նկարագրի ու մտքի մասին եզրակացութիւն անեն։ Հասկանալի է, որ նման ազատ ու անբռնազբօս վերաբերմունքի շնորհիւ երիտասարդները հեշտութեամբ յայտաբերում են իրենց։

Ճաշը կարճ է տեւում, ընթրիքը սակայն երկար, որովհետեւ առաջինից յետոյ աշխատում են, իսկ ընթրիքից յետոյ՝ քնում։ Ուտոպիացիներն այն կարծիքին են, որ քունը մարսողութեան աւելի նպաստաւոր է, քան աշխատանքը։ Ընթրիքի ժամանակ երաժշտութիւնն է առատ ու համեղ աղանդերներն անպակաս են լինում։ Հիւրերի հանգստաւէտութիւնն ու վայելքը բարձրացնելու համար չեն խնայում ոչ համեմունքներ եւ ոչ էլ անուշահոտ բուրմունքներ։ Թերեւս ոտոպիացիներին մեղադրեն դէպի հաճոյքն այդքան չափազանց հակումն ունենալու մէջ․ սակայն, նրանց կարծիքով մի հաճոյք, որ իր մէջ վատ բան չի պարունակում, միանգամայն թոյլատրելի է։ Այսպէս է ընթանում կեանքն ուտոպիական քաղաքներում։ Դաշտում աշխատողները միմեանցից շատ հեռու լինելով՝ չեն կարող միասին ճաշել․ այդ պատճառով էլ նրանք տանն են ճաշում։ Ի միջի այլոց, հողագործ ընտանիքներն ապահովուած են աւելի լաւ եւ բազմազան սննդով․ նրանք ոչ մի բանի կարիք չունեն, եւ չէ՞ որ հենց նրանք են քաղաքները կերակրողները։

Ուտոպիացիների ճանապարհորդութիւնների մասին

Երբ քաղաացիներից մէկը ցանկանում է մի ուրիշ քաղաքում ապրող բարեկամի այցելել եւ կամ սոսկ հաճոյքի համար ուզում է ճանապարհորդել, նման դէպքերում սիֆոգրանտներն ու տրանիբորները սիրով համաձայնոթիւն են տալիս, եթէ նշանակալի արգելիչ հանգամանք չկայ։

Ուղեւորները միանում են, որպէսզի միասին ճանապարհորդեն։ Նրանք իշխանից անցագիր են ստանում, որը վաւերացնում է ճանապարհորդելու թոյլտւութիւնը եւ նշանակում վերադարձի օրը։ Ճամբորդներին տրամադրում են փոխադրական միջոց եւ մի ստրուկ, որը խնամում է եզներին ու վարում է սայլակը։ Եթէ ուղեւորների հետ կանայք չեն լինում, նրանք սովորաբար հրաժարում են փոխադրական միջոցից, քանի որ այդ կարող է նրանց միայն խանգարել։ Ճանապարհի համար ոչ մի կենսամթերք չեն վերցնում․ նրանց ոչինչ չի էլ կարող պատահել, որովհետեւ ամէն տեղ իրենց սեփական տան նման են զգում։

Երբ մի ճամբորդ մի տեղ մէկ օրից աւելի է մնում, այնտեղ նա զբաղում է իր արհեստով ու արժանանում իր արհեստակիցների սրտագին ընդունելութեանը։ Ով անցնում է իր գավառի սահմանները, առանց դրա համար պահանջուող թոյլտւութիւնն ունենալու, համարւում է ոճրագործ։ Եթէ նրան առանց իշխանի կողմից տրուած անցագիր ունենալու բռնում են, ետ են դարձնում ու խիստ պատժում։ Կրկնութեան դէպքում այդպիսին կորցնում է ազատութիւնը։

Եթէ մի քաղաքացի ցանկանում է պտոյտ կատարել իր ապրած քաղաքի շրջակայքում, նա կարող է անել այդ իր կնոջ ու ընտանիքի հօր համաձայնութեամբ․ սակայն նա իր գնացած տեղում պարտաւոր է ճաշից եւ ընթրիքից առաջ այդտեղ ապրողների հետ հաւասար աշխատել։ Այս պայմանով իւրաքանչիւր ոք կարող է հեռանալ քաղաքից եւ ման գալ շրջակայքում, քանի որ ամէն մէկը քաղաքից դուրս նոյնքան օգտակար է լինում, որքան քաղաքի ներսում։

Այսպիսով դուք տեսնում էք, որ Ուտոպիայում ծուլութիւնն ու դատարկ ման գալն անհնարին է։ Այնտեղ չի կարելի գտնել ոչ գինետներ, ոչ անբարոյութեան վայրեր եւ ոչ էլ ցոփ կեանքը նպաստաւորող առիթներ․ ոչ գողութեան բոյներ եւ ոչ էլ գաղտնի հաւաքոյթներ։ Որովհետեւ այնտեղ ամէն մարդ շարունակ բոլորի աչքի առաջ է գտնւում, այդ պատճառով էլ երջանիկ անհրաժեշտութեան մէջ է դրուած աշխատել ու հանգստանալ համաձայն երկրի օրէնքների եւ սովորոյթների։ Ամէն ինչի առատութիւնը այս մաքուր եւ գործունեայ կեանքի արդիւնքն է։ Բարեկեցութիւնը հաւասարապէս տարածւում է այս զարմանքի արժանի հասարակութեան բոլոր անդամների վրայ։ Աղքատութիւնն ու թշուառութիւնը Ուտոպիայում բոլորովին անծանօթ են։

Ես արդեն յիշատակեցի, որ Ուտոպիայի իւրաքանչիւր քաղաք երեք պատգամաւոր է ուղարկում Ամաուռոտի Սենատը։ Սենատի առաջին նիստերը յատկացւում են կղզու տարբեր մասերի տնտեսական վիճակագրութիւնը ճշտելուն։ Հենց որ յայտաբերում են, որ մի տեղ «չափազանց շատ», իսկ մի այլ կէտում «ոչ բաւարար» է, հաւասակշռութիւնը վերականգնում են նրանով, որ դժբախտ քաղաքների դատարկ պահեստները լրացւում են ի հաշիւ աւելի առատ քաղաքների ոչ անհրաժեշտ աւելցուկի։ Այդ զիջումը կատարւում է առանց հատուցման․ օգնութիւն ցոյց տուող քաղաքը դրա համար միւսից ոչ մի վարձատրութիւն չի ստանում, եւ, ընդհակառակը, վերջինս էլ իր հերթին ուրիշ ժամանակ մի այլ քաղաքից, որին ոչինչ չի տուել, առանց հատուցման ստանում է։

Այսպիսով ամբողջ ուտոպիական պետութիւնը կազմում է նոյն մէկ եւ մի ընտանիք։

Հետեւեալ տարուայ հունձքի լաւ կամ վատ լինելու անորոշութեան պատճառով կղզին մշտապէս ապահովում է իրեն երկու տարուայ պաշարով։

Աւելցուկն արտահանում են արտասահման։ Արտածում են՝ հացահատիկ, մեղր, բուրդ, վուշ, փայտ, ներկատու նիւթեր, մորթի, մոմ, օճառ եւ անասուն։ Արտահանուած ապրանքների մէկ եօթերորդական մասը բաշխւում է ներմուծող երկրի աղքատների միջեւ․ մնացեալը վաճառում են չափաւոր գներով։ Այս առեւտրի շնորհիւ Ուտոպիան ստանում է ոչ միայն անհրաժեշտ իրեր, ինչպէս օրինակ՝ երկաթ, այլ եւ մեծ քանակութեամբ ոսկի ու արծաթ։

Այն ժամանակից, ինչ ուտոպիացիները կատարում են այս առեւտուրը, նրանք դիզել են անհաւատալի հարստութիւն։ Այդ պատճառով էլ այժմ նրանց առանձնապէս չի հետաքրքրում այն հանգամանքը, թէ վաճառքի գումարը կանխիկ են ստանում, թէ՞ մաս֊մաս։ Իբրեւ վճարման միջոց նրանք սովորաբար ընդունում են մուրհակներ, սակայն մասնաւոր անձերի ստորագրութիւնը նրանք բաւարար չեն համարում։ Մուրհակները պէտք է գրուած լինեն օրէնքի սահմանած ձեւով եւ այն քաղաքը, որտեղ վաճառում են՝ իր կնիքով պէտք է երաշխաւորի վճարումը։ Մուրհակի ժամկէտի օրը այն քաղաքը, որը երաշխաւորել է, առաջարկում է կոնկրետ պարտապանին վճարել։ Փողը յանձնում են պետական գանձարան ու այնտեղից բաւարարում ուտոպիական պարտատէրերին։

Ուտոպիացիները ամբողջ պարտքի մարումը երբեք միանուագ չեն պահանջում․ նրանք անարդար են համարում մէկից վերցնել այն, որին նա կարիք ունի, երբ իրենք առանց դրան էլ կարող են բաւարարուել։ Երբեմն սակայն դէպքեր են լինում, երբ նրանք ամբողջ հասանելիքն են պահանջում։ Վերջինը այն ժամանակ է պատահում, երբ նկատում են, որ իրենց փողն ուզում են օգտագործել հարեւան մի ժողովրդի հետ սպեկուլացիա անելու եւ կամ պատերազմ մղելու համար։ Վերջին դէպքում ուտոպիացիները հաւաքում են իրենց ամբողջ հարստութիւնը՝ նրանից այսպէս ասած շտապ եւ չնախատեսնուած վտանգի դէմ մի մետաղէ պատնէշ ստեղծելու համար։ Այդ հարստութիւնները սահմանուած են օտար գնդեր հաւաքագրելու ու նրանց առատօրէն վարձատրելու համար, որովհետեւ ուտոպիական կառավարութիւնն աւելի շուտ մահուան կը մատնի օտարներին, քան թէ իր քաղաքացիներին։ Նա գիտի նոյնպէս, որ մինչեւ իսկ ամենակատաղի թշնամուն էլ կարելի է գնել, եթէ գնման գինը համապատասխանում է նրա ընդասիրութեանը։ Նրանք գիտեն, որ փողն առհասարակ պատերազմի հոգին է, լինի դա դաւաճաններ կաշառելու եւ կամ թէ բաց կռուի համար։ Այդ նպատակների համար, ուտոպիացիները մշտապէս իրենց տրամադրութեան տակ անհաշիւ գանձեր ունեն, սակայն այնուհանդերձ նրանք շատ հեռու են փողն աստուածացնելուց, ինչպէս այդ անում են ուրիշ ժողովուրդներ։ Ես շատ վախենում եմ, որ եթէ ձեզ պատմեմ, թէ նրանք ինչպէս են վարւում փողի հետ, դուք ինձ չհաւատաք, որովհետեւ անկեղծ ասած, ես ինքս էլ երբեք չէի հաւատայ դրան, եթէ անձամբ ականատես եղած չլինէի։ Եւ դա հասկանալի է․ ինչքան որ օտարերկրեայ սովորոյթները հակադրւում են մեր սովորոյթներին, նոյնքան քիչ ենք մենք հաւատում դրանց։ Սակայն ամէն մի խելացի մարդ, որը գիտի թէ ուտոպիացիներն այս խնդրում իրենց նկատառումներն ու սովորոյթներն ունեն, նա երբեք չի զարմանայ, որ նրանց մօտ ոսկին եւ արծաթը բոլորովին այլ գործադրութւն ունի քան մեզ մօտ։

Ուտոպիայիում առեւտրական փոխադարձ յարաբերութիւնները կատարւում են առանց դրամի․ փողը նրանք պահում են սեւ օրուայ համար, որը թէեւ անհաւանական, բայց եւ այնպէս հնարաւոր է։ Ոսկին եւ արծաթն այդ երկրում աւելի մեծ արժէք չունենայ, քան այն, որ բնութիւնը տուել է դրանց․ այդ երկու մետաղները շատ աւելի ցած են գնահատում, քան երկաթը, որը մարդկանց նոյնքան անհրաժեշտ է, որքան ջորն ու կարկը։ Արդարեւ ոսկին եւ արծաթը չունեն որեւէ որակ, ոչ մի յատկութիւն, որի բացակայութիւնը մարդկային կեանքի համար բնական ու իսկական չարիք լինէր։ Միայն մարդկային յիմարութիւնն է, որ այդ մետաղների հազուագիւտ լինելու պատճառով, դրանց այդքան բարձր է գնահատում։ Բնութիւնը, ինչպէս սքանչելի մայր, այդ անպէտք եւ ունայն բարիքները շատ խորն է թաղել, մինչդեռ օդը, ջուրը, հողը եւ այն բոլորը, որ լաւ են ու իսկապէս օգտակար, բաց ընկած են եւ բոլորին մատչելի են։

Ուտոպիացիներն իրենց գանձերը չեն փակում աշտարակներում կամ ամրացուած ու անմատչելի ուրիշ շէնքերում․ այդ դէպքում սովորական մարդը կարող է միամիտ չարամտութեամբ կասկած սնուցել, թէ իշխանն ու սենատը խաբում են ժողովրդին եւ նրան կողոպտելով ուզում են հարստանալ։ Ուտոպիացիները ոսկուց եւ արծաթից ոչ ամաններ են ձուլում եւ ոչ էլ արհեստական իրեր պատրաստում, որպէսզի պատերազմի դէպքում, երբ բանակի պահպանման փողը չբաւականացնի, ստիպուած չլինեն զրկել ժողովրդին նրա վարժուած ճոխութիւնից ու զարդերից, որոնց բացակայութիւնը նրան մեծ զրկանք կը թուայ։

Այդ դժբախտութիւնը կանխելու համար, ուտոպիացիները յղացել են մի միտք, որը նրանց միւս հաստատութիւններին ամբողջովին համապատասխանում է․ սակայն դրա փոխարէն հակասում է մեր հասկացողութիւններին, քանի որ մեզ մօտ ոսկին ու արծաթը աստուածային պատիւների են արժանանում։ Նրանք ուտում եւ խմում են կաւի կամ ապակեայ ամաններով, որոնք ճաշակաւոր եւ գեղեցիկ ձեւ, բայց չնչին արժէք ունեն։ Ոսկին ու արծաթը սահմանուած են ամենաստոր գործածութեան իրերի համար․ նրանցից պատրաստում են մինչեւ իսկ միզարաններ՝ ոչ միայն հասարակական շէնքերի, այլեւ առանձին տների համար, կամ կռում են ստրուկների շղթաներ ու կապանքներ եւ պատուազրկուած ոճրագործների համար տարբերող նշաններ։ Պատուազրկուած չարագործները կրում են մատանիներ եւ ականջի օղեր․ վզինֆ ոսկէ թել, իսկ գլխին՝ ոսկէ շրջանակներ։

Այսպիսով նրանք կիրառում են ամէն միջոց, որպէսզի ոսկին ու արծաթը արհամարհանքի մէջ գտնուեն։ Ուրիշ ժողովուրդնրեր հարստութեան կորուստը համարում են ամենամեծ աղետը․ սակայն եթէ ուտոպիացիներից վերցնեն նրանց խոշոր հարստութիւնները, դրանից ոչ մէկը մի գրոշ չի կորցնի։

Ուտոպիացիները ծովափում հաւաքում են մարգարիտներ, ժայռերից՝ ադամանդներ ու այլ թանկագին քարեր։
  1. Հայնրիխ VIII (1491—1547)— Անգլիայի թագաւոր (1509—1547), Հայնրիխ VII֊ի երկրորդ որդին։ Նրա օրով աբսոլիւտիզմն Անգլիայում հասաւ իր բարձրագոյն կէտին։ Հայնրիխ VIII իրեն յայտարարեց «անգլիական եկեղեցու» գերագոյն պետ։ Գրավեց վանքապատկան հողերը, մի ռեֆորմ, որին օժանդակում էր միջին ազնուականութիւնը։ Այս ռեֆորմը նպաստեց հին ֆեոդալ֊հոգեւոր արիստոկրատիայի վերջնական քայքայմանը եւ ամրապնդեց թագաւորի բացարձակ իշխանութիւնը։ «Անգլիական եկեղեցու» Հռոմից բաժանումով մտցուեց ռեֆորմացի։
  2. Քաստիլի իշխան Կառլը հետագայում գերմանական իմպերատոր Կառլ V է (1519—1555)։ Պատգամաւորութիւնը, որին մասնակցում էր նաեւ Մորը (1515 թ․), ուղղարկուած էր Բրյունգէ պարզելու համարՖլանդրիական առեւտրականների հետ տեղի ունեցած թիւրիմացութիւնը։ Հայնրիխ VIII պարլամենտական ակտով արգելել էր բրդի արտահանումը դէպի Հոլանդիա։ Այս արգելքը պայմանաւորուած էր Կառլի եւ Հայնրիխ VIII֊ի միջեւ առաջացած դժաությանը (իշխան Կառլը 1506 թ․ նշանուած էր Հայնրիխ VIII֊ի քրոջ հետ, սակայն 1514 թ․ Կառլին նշանեցին ֆրանսիական իշխանուհու հետ)։ Բրդի արտահանման արգելքը երկու երկրների տնտեսական կեանքի վրայ վատ էր անդրադառնում եւ երկու իշխողները շուտով հաշտուելով միմեանց հետ՝ 1515 թուի մայիսի 15֊ին Ֆլանդրիա ուղարկուեց յատուկ միսիա, Մորի մասնակցութեամբ։ Պատգամաւորութեան կազմում Մորի թեկնածութիւնն առաջադրել էին Լոնդոնի առեւտրականները։ Մորի առաքելութիւնը յաջողութեամբ վերջացաւ․ այդ պատճառով էլ երկու տարի յետոյ (1517 թ․) նրան նոյնանման միսիայով ուղարկեցին Քալէ։
  3. Ֆլանդրիան նախկին կոմսութիւն էր, որի տերիտորիան այժմ պատկանում է մասամբ Բելգիային (1830 թուից), մասամբ Ֆրանսիային եւ մի մասն էլ Հոլանդիային։ Բրիւգէն գլխաւոր քաղաքներից մէկն էր։ 12֊րդ դարից Ֆլանդրիան տնտեսական ընդհանուր շահերով կապուած էր Անգլիայի հետ (Անգլիան Ֆլանդրիայի արհեստաւորների համար բուրդ էր մատակարարում)։ Տնտեսական տեսակէտից Ֆլանդրիան 14—16 դարերում Հիւսիսային եւ Միջին Եւրոպայի ամենաառաջադէմ երկրներից մէկն էր։ Ֆլանդրիան Կառլ V֊ի կայսրութեան բաժանումով անցաւ Սպանիային։
  4. Բրիւգէ (Bruges)— Բելգիական Արեւմտեան Ֆլանդրիա գավառի գլխաւոր քաղաքը, այդմ ունի մօտ 16.000 բնակիչ։ Հիմնուած է 7֊րդ դարում։ Անցեալում առեւտրական առաջնակարգ քաղաք էր․ այժմ յայտնի է իր հնութիւններով եւ շէնքերով։ Բրիւգէն պատկանում էր սպանացիներին, ապա սրանսիացիներին․ 1814 թուին անցաւ Հոլանդիային, 1830 թուից պատկանում է Բելգիային։
  5. Իսկական անունն է Պետր Զայլս․ Էգիդը նոյն անունի (Զայլս) լատինական ձեւն է։ Պետր Էգիդը (Զայլսը) պատմական անձնաւորութիւն է․ Մորը նրան է ուղարկել իր «Ուտոպիա»֊ն կարդալու եւ «ուղղումներ» կատարելու համար (տես յաւելուածը)։
  6. Պալինուրը Տրոյայի Էնէաս նաւի նաւավարն էր, որի ճանապարհորդութեան նկարագրութիւնը կազմում է Վիրգիլիոսի «Էնեիդաս» պոեմը։ Այս պոեմով Վիրգիլոսն ուզում էր մրցել Հոմերոսի «Ոդիսական»֊ի հետ։
  7. Կազմուած է յունարէն hytlos— ամպ եւ daio— ուսումնասիրում եմ բառերից։ Այստեղ գործ է ածւում շատ ճանապարհորդած մարդու իմաստով։
  8. Ամերիկո Վեսպուչի (1451—1512)— իտալացի ծովագնաց եւ աշխարհագրագէտ․ ծառայելով սպանական կառավարութեան մօտ՝ նա Նոր Աշխարհում կատարում է չորս ճանապարհորդութիւն (1499—1504) եւ առաջին անգամ ինքն է տալիս Հարաւային Ամերիկայի երկրների ու քարտէզի նկարագրութիւնը։ Նրա անունով նոր ցամաքամասը կոչւում է Ամերիկա։
  9. Իր չորրորդ ճանապարհորդութեան ժամանակ (1503—04) Ամերիկո Վեսպուչին Բրազիլիայում թողեց 24 մարդ, որ ցանկանում էին բնակութիւն հաստատել այնտեղ։
  10. Տապրոբանա— Ցեյլոն կղզու հին անունն է։
  11. Մի քանի թարգմանութիւնների մէջ գրուած է Կալկաթա (Calcutta), իսկ բնագրում Calichut․ Կալկաթան լինել չէր կարող, որովհետեւ Հնդկաստանի այս քաղաքը Մորի ժամանակ գոյութիւն չէր ունեցել․ Նա հիմնուել է միայն 17֊րդ դարու վերջին։ Ռուսերէն թարգմանութեան ծանօթութեան մէջ Կալիքուտը Մորի միֆական քաղաք է համարւում․ մեր կարծիքով Calichu֊ը Հնդկաստանի Մալաբար շրջանի ծովափնեայ քաղաք եւ առեւտրական նաւահանգիստն է․ սա հնդկական առաջին քաղաքն է, ուր այցելել են փորթուգալացիները դէպի Հնդկաստան ծովային ճանապարհը յայտնագործելու ժամանակ (1498)․ 1792 թուին այս քաղաքն անցաւ անգլիացիներին։
  12. Ուտոպիա յունարէն բառ է․ կազմուած է ou— բացասական մասնիկից եւ topus— տեղ, վայր բառից։ Ուտոպիա նշանակում է գոյութիւն չունեցող վայր, երկիր։
  13. Ակնարկում է «Կարմիր եւ Սպիտակ վարդերի» (Алая и Белая Роза) պատերզմը․ կարմիր եւ սպիտակ վարդն անգլիական թագաւորական տան երկու ճիւղերի (Լանկաստերի եւ Յորկի) պետնիշներն էին․ սկսած 1452 թուից մինչեւ 1485 թուականը թագաւորական այս երկու տները միմեանց դէմ կատաղի եւ անխնայ պատերազմ մղեցին։ Յորկի տան կողմն էին գերազանցապէս հարաւ֊արեւելեան առեւտրական պրովինցիաները․ Լանկաստերները ներկայացնում էին հիւսիս֊արեւմտեան կոմսութիւնները։ Դինաստիական այս պատերազմը թուլացրեց հին ազնուականութեան նշանակութիւնը եւ վերջին հաշուով ուժեղացրեց թագաւորի իշխանութիւնը (հողի մօտ 4/5֊ը ազնուականներից անցաւ թագաւորին), որ իր համար նոր ազնուականութիւն ստեղծեց․ վերջինս անշուշտ չունէր նախկին ֆեոդալ բարոնների ուժը։ 1485 թ․ Ռիչարդ III֊ի սպանութիւնից յետոյ, Լանկաստերների դինաստիայից Հայնրիխը (VII) գահ բարձրացաւ եւ ամուսնացաւ Յորկի դինաստիայից Էդուարդ IV֊ի աղջկայ՝ Ելիզաբեթի հետ։ Սպիտակ եւ կարմիր վարդի պատերազմը վերջացաւ եւ Հայնրիխ VII իր պետնիշին միացրեց նաեւ սպիտակ վարդը։
  14. 1497 թ․ Կորնուելսի (Cornwalls) բնակիչներն ապստամբեցին Հայնրիխ VII֊ի դէմ եւ արշաւեցին Լոնդոնի վրայ, սակայն պարտուեցին։
  15. Այս պարբերութիւնը Մարքսը մէջ է բերել «Կապիտալ»֊ի մէջ (հմմտ․ «Կապիտալ»֊ի I հատ․ հայերէն թարգմանութեան 707—708 էջերը (ծանօթութիւն)։
  16. Ակնարկում է գների բարձրացումը, որ տեղի ունեցաւ 16֊րդ դարում՝ ազնիւ մետաղների գների անկման կապակցութեամբ եւ որի հետեւանքով գիւղատնտեսական մթերքների գները 2—3 անգամ բարձրացան։
  17. Թարգմանիչն այսպէս է գրել՝ «գ»֊ով։ (թուայնացնողի նշում)
  18. Ապաստան տալու մենաշնորհ եւ ապաստանի վայրեր համարւում էին մասնաւորապէս միջին դարերում մի քանի տաճարներ, որտեղ ապաստանողներն ազատւում էին հետապնդումից։ Ապաստանի մենաշնորհը համարւում էր սրբազան․ նա իր նշանակութիւնն աստիճանաբար կորցրեց եկեղեցու պառակտման ժամանակ եւ ընդհանրապէս վերածնունդի դարաշրջանում՝ եկեղեցու հեղինակութեան անկման հետ։
  19. Հռոմէական֊կաթոլիկ եկեղեցու ամենահին վանական ուխտը․ հիմնուել է 6֊րդ դարում։
  20. թարգմանիչն այդպէս է գրել՝ «քնքույշ», աբեղեանական ուղղագրութեամբ։
  21. Բրաբանտ (Brabant)— Բելգիայի եւ Հոլանդիայի պատմական երկրամաս, որը գրաւում էր Շելդ եւ Մաաս գետերի հոսանքներում գտնուող տարածութիւնը։ Միջին դարերում հարուստ դքսութիւն էր։
  22. Ակնարկում է Հռոմի պապին։
  23. Արագոն (Aradon)— պատմական երկրամաաս Սպանիայում․ ֆեոդալիզմի դարաշրջանում անկախ թագաւորութիւն էր։ 1479 թուին միացաւ Քաստիլի հետ, որով դրուեց Սպանիայի հիմքը։ Այժմ ունի մօտ 1.060 հազ․ բնակիչ․ հողագործական եւ անասնապահական շրջան է։
  24. Նաւարրա— նախկին թագաւորութիւն, որը գրաւում էր Պիրինեան լեռների երկու կողմի տերիտորիան։ Կազմուած էր երկու մասից (Վերին եւ Ներքին Նաւարա)․ առաջինը գտնւում էր յիշեալ լեռների հարաւային, իսկ երկրորդը՝ հիւսիսային մասում։ Ներքին Նաւարրան այժմ պատկանում է Ֆրրանսիային (1607 թուից), իսկ Վերին Նաւարրան կազմում է Սպանիայի այժմեան Նաւարրա պրովինցը։ Նաւարրան հիմնուած է 10֊րդ դարում․ 1234 թ․ գլխաւորւում էր Ֆրանկսական Շամպան դիստանցիայի կողմից։
  25. Յուն chora — երկիր, a — բացասական մասնիկ․ achoria — բառացի նշանակում է երկրագնդում տեղ չունեցող երկիր․ հոմանիշ է ուտոպիային։
  26. Մորն այս դէպքում հաւանաբար նկատի ունի այն խիստ օրէնքները, որ Հայնրիխ VII֊ի ժամանակ հրատարակուեցին եւ որոնցով խիստ պատժւում էր գիւղացիների էքսպոպրիացիան․ կալուածատէրերն այդ օրէնքները խախտելու համար հարկադրուած էին դրամական մեծ տուգանքներ վճարել թագաւորին։
  27. Յուն․— երջանիկ։
  28. Պլաւտոս (մօտ 254—184 մ․ թ․ ա․)— հռոմէացի պոէտ․ գրել է բազմաթիւ կոմեդիաներ, որոնց տիպերը մեծ մասամբ վերցրել է հռոմէական հասարակութեան շահագործուող դասակարգերից (պլեբեյներից, ստրուկներից)։ Որպէս կենդանի դիալոգի վարպետ, Պալւտոսը հանդիսանում է եւրոպական կոմեդիայի հայրը։
  29. Ամաուռոտ — յուն․․— մութ, մշուշապատ։ Ամաուռոտ քաղաքի նկարագրութիւնը հիմնականում համապատասխանում է Լոնդոնին (Անիդեր գետ Թայմզն է, որի երկու ափերը միմեանց հետ միացած են կամրջով եւ այլն)։ Առհասարակ Ուտոպիա կղզու եւ Բրիտանիայի անալոգիան կասկածից դուրս է համարւում։