«Գիշերն անույշ է»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գիշերն անույշ է |հեղինակ = Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ |թարգմանիչ = Սոնա Սեֆերյա...»:)
(Տարբերություն չկա)

22:05, 19 Հունիսի 2015-ի տարբերակ

Գիշերն անույշ է

հեղինակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
թարգմանիչ՝ Սոնա Սեֆերյան


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



    1. Գիրք առաջին։ Հիվանդության պատմությունը

1917 — 19...


Ջերալդին ու Սառային


Հիմա արդեն քեզ հետ եմ. ի՜նչ անույշ է գիշերը,
Եվ խավար է իմ չորս դին, լոկ արշալույսն է վերին
Զեփյուռի պես թափանցում սաղարթախիտ թփերը,
Ապա հուշիկ կաթում է մամռակալած կածանին:
Ջոն Քից, «Ձոն սոխակին»


      1. Գլուխ առաջին

1917 թվականի գարնանը, երբ բժիշկ Ռիչարդ Դայվերը առաջին անգամ եկավ Ցյուրիխ, քսանվեց տարեկան էր՝ հիանալի տարիք տղամարդու համար, ամուրիի իսկական ծաղկուն հասակ։ Նրա երիտասարդական տարիները համընկան պատերազմական օրերի հետ, սակայն դա չէր անհանգստացնում Դիքին, որովհետև նա արդեն իրենից չափազանց մեծ արժեք էր ներկայացնում, չափազանց մեծ կապիտալ֊ներդնում՝ գնդակի բաժին դառնալու համար։ Տարիներ անց նրան թվում էր, որ նույնիսկ ցյուրիխյան իր մենաստանում թեթևակի անգամ չէր խուսափել արտաքին աշխարհից, բայց դրա մասին երբեք վերջնական կարծիք չկազմեց և 1917 թվականին ծիծաղում էր այդ մտքի վրա, ներողամտորեն ասելով, որ պատերազմը կողքովն անցավ։ Տեղական խորհրդի որոշմամբ՝ նա Ցյուրիխ եկավ ավարտելու ուսումը և կոչում ստանալու, ինչպես ծրագրել էր։

Զվիցերիան մի կղզի էր, որը մի կողմից ողողում էին Գորիզիայից եկող ամպրոպի ալիքները, իսկ մյուս կողմից՝ Սոմ և Էն գետերում փոթորկող հորձանուտները։ Այդ ժամանակ թվում էր, թե գավառներում ավելի շատ կասկածելի օտարականներ կային, քան հիվանդներ, բայց դա սոսկ ենթադրություն էր. տղամարդիկ, որոնք քչփչում էին Բեռնի և ժնևի փոքրիկ սրճարաններում, ամենայն հավանականությամբ կարող էին լինել կամ ադամանդի վաճառականներ, կամ էլ առևտրական շրջիկ գործակալներ։ Այնուամենայնիվ, ոչ մեկի աչքից չէին վրիպում կուրացած, միոտանի մարդկանցով և կամ մեռնող մարմիններով լեցուն հանդիպակաց գնացքների շարանները, որ երթևեկում էին Քոնսթանս և Նոյշաթել կապուտակ լճերի միջև։ Գարեջրատներում և խանութների ցուցափեղկերում կախված էին խայտաբղետ ազդեր, որոնք ներկայացնում էին 1914 թվականին իրենց սահմանները պաշտպանող զվիցերացիներին․ դաժանություն ներշնչող պատանիներ ու ծերունիներ՝ հայացքները հառած լեռներն ի վար՝ ֆրանսիացիների ու գերմանացիների աղոտ ստվերներին. դրանց նպատակը զվիցերացուն հավատացնելն էր, որ նա ևս կիսել է այդ օրերի վարակիչ փառքը։ Սակայն կոտորածը շարունակվում էր, իսկ ազդերը խունանում էին, և երբ Միացյալ նահանգները անսպասելիորեն պատերազմի մեջ մտան, ոչ մի երկիր այնքան չզարմացավ, որքան նրա եվրոպացի քույր հանրապետությունը՝ Զվիցերիան։

Մինչ այդ բժիշկ Դայվերը հասցրել էր պատերազմը տեսնել հեռվից: 1914 թվականին նա Օքսֆորդի ուսանող էր և Քոննեքթիքաթի նահանգից ստանում էին Ռոդզի թոշակ։ Հայրենիք վերադառնալով, նա վերջին տարին սովորեց Ջոնզ Հոփքինսի համալսարանում և ավարտեց 1916֊ին: Վախը, որ եթե չշտապի, ապա մեծն Ֆրոյդը զոհ կգնա օդային հարձակման, նրան Վիեննա բերեց։ Նույնիսկ այդ օրերին Վիեննան զառամյալ էր՝ մահվան սարսափից սառած, բայց Դիքին հաջողվեց բավականաչափ նավթ ու ածուխ ճարել և Դամենսթիֆգասսե փողոցի իր սենյակում գրեց հոհդվածներ, որոնք հետագայում չնայած ոչնչացվեցին, բայց վերականգնվելով՝ հիմք ծառայեցին 1920 թվականին հրատարակած գրքի համար։

Մեզանից մեծամասնությունը կյանքում ունի սիրելի, հերոսական ժամանակաշրջան, և հիմա Դիք Դայվերի համար այդ Ժամանակն էր։ Ընդ որում, նա գաղափար անգամ չուներ իր հրապուրիչ լինելու մասին․ ուրիշներին պատճառած և փոխադարձաբար ստացած հաճույքը նա ամենևին էլ անսովոր բան չէր համարում առողջ մարդկանց համար։ Նյու Հեյվընում սովորելու վերջին տարին ուսանողներից մեկը նրան անվանեց «Երջանիկ Դիք», և այդ մականունը դեռ երկար հնչում էր նրա ականջին։

― Երջանիկ Դիք՝ դու մեծ փայտիկ,— մրմնջում էր նա կիսաձայն, պտույտներ գործելով սենյակում ածխացող վերջին փայտիկների բոցի ներքո։— Ա՜յ թե գուշակեցիր, հա՜։ Մինչև քո գալը ոչ ոք գլխի չէր ընկել։

1917 թվականի սկզբին, երբ ածուխ ճարելը գնալով դժվարացավ, Դիքը վառեց իր հավաքած համարյա հարյուր դասագիրքը, բայց ամեն անգամ հերթական գիրքը կրակը նետելիս նրան հրճվանք էր պատճառում այն համոզմունքը, որ անգիր գիտե հատորը և անհրաժեշտության դեպքում հինգ տարի անց էլ կկարողանա հակիրճ շարադրել դրա բովանդակությունը։ Սա կատարվում էր յուրաքանչյուր պատեհ ժամին, կարիքի դեպքում։ Հատակի գորգիկը ուսերին գցած, ուսումնականի անխռով հանդարտությամբ, ինչը աշխարհում բոլորից շատ է մոտ երանությանը, բայց որը, ինչպես շուտով հայտնի կդառնա, մոտենում էր իր վախճանին, նա վառում էր գիրք գրքի ետևից։

Վախճանի ժամանակավոր ուշացման համար Դիքը երախտապարտ էր իր մարմնին, որը մարզվել էր Նյու Հեյվընի մարզադաշտում՝ վազքի մեջ, իսկ հիմա, ձմռանը, լող էր տալիս Դանուբում։ Նա ապրում էր միևնույն հարկաբաժնում՝ դեսպանատան երկրորդ քարտուղարի՝ Էլքինզի հետ։ Երբեմն նրանց այցելում էին երկու սիրուն աղջիկներ, և դրանով էլ ամեն ինչ ավարտվում էր, ինչպես և դեսպանատան հետ կապը։ Ընկերությունը Էդ Էլքինզի հետ նրա մեջ արթնացրեց առաջին տարտամ կասկածը իր սեփական մտքերի խորության նկատմամբ։ Երբեմն նրան թվում էր, թե դրանք այնքան էլ չէին տարբերվում Էլքինզի մտքերից, այն Էլքինզի, որը կարող էր թվարկել Նյու Հեյվընի ֆուտբոլի թիմի վերջին երեսուն տարվա բոլոր հարձակվողներին։

«Եվ Երջանիկ Դիքը չի կարող լինել այս խելացի մարդկանցից մեկը․ նա պետք է լինի պակաս ամբողջական, նույնիսկ փոքր֊ինչ անկատար։ Եթե կյանքը հետք չթողնի նրա վրա, ապա հիվանդությունը, կամ անհաջող սերը, կամ ինքնանվաստացման զգացումը չեն կատարի այդ գործը, չնայած լավ կլիներ վերակառուցել ջարդված մի մասդ, մինչև այն դառնար նախկինից ավելի կատարյալ»։

Նա ծաղրում էր իր այդ բացատրությունը՝ համարելով այն դատարկաբանություն և «ամերիկյան», յուրաքանչյուր անմիտ խոսքի համար մի չափանիշ ուներ՝ ինքն ամերիկացի է։ Եվ գիտեր, որ իր ամբողջականության հակառակ երեսը հոգեկան անկատարությունն էր։

«— Միակ բանը, որ ցանկանում եմ քեզ, սիրելիս,— ասում է Թեքերեյի «Վարդն ու մատանին» ստեղծագործության Սև Փայտիկ փերին,— փոքրիկ դժբախտությունն է»։

Որոշակի տրամադրության մեջ նա արդարացնում էր իր սեփական բացատրությունը․ «Մի՞թե ես մեղավոր եմ, որ Փիթ Լիվինգստոնը ընտրության օրը նստել էր հանդերձարանում, երբ բոլորը նրան էին փնտրում։ Եթե այդպես չլիներ, ես ոչ մի դեպքում թոշակ չէի ստանա, այն էլ այդքան քիչ ծանոթությամբ։ Փիթը արժանի թեկնածուն էր, իսկ ե՛ս նրա փոխարեն պետք է նստեի հանդերձարանում։ Գուցե այդպես էլ անեի, եթե իմանայի, որ ես որոշ առավելություն ունեմ։ Մեր սերը վերջին շաբաթները հաճախ էր այցելում ինձ։ Եվ անտարակույս գլխի էի ընկնում իմ առավելության մասին։ Բայց ճիշտն ասած ինձ տեղը կլիներ, եթե «խենթությունս» բռներ ու ամեն ինչ փչացնեի»։

Համալսարանում դասախոսություններից հետո նա հաճախ էր քննարկում այդ հարցը երիտասարդ ռումինացի մտավորականի հետ, որը համոզում էր նրան, ասելով, թե՝ «Վկայություն չկա, որ Գյոթեն կամ Յունգը երբևէ «ներքին հակասություն» ունեցած լինեին բառիս ժամանակակից իմաստով։ Դու ռոմանտիկ փիլիսոփա չես, դու գիտնական ես։ Հիշողություն, համառություն և կամք, հատկապես՝ առողջ բանականություն։ Եթե ինքդ քեզ ճիշտ չգնահատես, հետագայում գլխացավանքի մեջ կընկնես։ ժամանակին ես ճանաչում էի մի մարդու, որը երկու տարի շարունակ ուսումնասիրում էր զրահակիր կենդանու ուղեղը, հուսալով, որ վաղ թե ուշ կիմանա այդ կենդանու ուղեղի մասին ավելին, քան որևէ մեկը։ Ես նրա հետ վիճում էի՝ ապացուցելով, որ նա մարդկության գիտելիքների բնագավառը չէր ընդլայնի և որ իզուր էր չարչարվում։ Եվ ի՞նչ։ Երբ նա իր աշխատանքը ուղարկեց բժշկական ամսագրին, մերժում ստացավ, որովհետև ամսագիրը հենց նոր ընդունել էր մեկ այլ հեղինակի գիտական ուսումնասիրությունը հենց այդ նույն թեմայով»։

Երբ Դիքը Ցյուրիխ հասավ, նրա աքիլլեսյան գարշապարների թիվը ավելի քիչ էր, քան հազարոտնուկինը, բայց և այնպես, եղածը բավական էր։ Դրանք ուժի, առողջության և մարդկանց բարություն անելու իղձերն էին, մի ամբողջ ազգի իղձեր՝ ծնունդ առած նախամայրերի ստերից, նրանց կեղծ մրմունջներից, որ դռան ետևում գայլեր չկան։ Կոչում ստանալուց հետո նա աշխատանքի նշանակվեց Աուբի Բար քաղաքի նոր կազմակերպված նյարդաբանության բաժանմունքում։ Ֆրանսիայում, ի մեծ տհաճություն նրա, աշխատանքն ավելի վարչական էր, քան գործնական։ Իբրև փոխհատուցում, նա բավական ժամանակ գտավ ավարտելու այն փոքր ձեռնարկը, որ սկսել էր գրել Ցյուրիխում, և նյութ հավաքել հաջորդի համար։ 1919 թվականին նա զորացրվեց և վերադարձավ Ցյուրիխ։

Վերևում հիշատակվածը կենսագրական վեպի սկիզբ է հիշեցնում, բայց առանց հուսադրող ակնարկի, թե հերոսը Գրանթի նման անգործ վեր է ընկած Գալենայի իր խանութում՝ պատրաստ արձագանքելու խճճված բախտի կանչին։ Սակայն հարկավոր է նշել, որ Դիք Դայվերի ժամն արդեն հասել էր։


      1. Գլուխ երկրորդ

Ապրիլյան խոնավ օր էր. երկար, շեղ ամպերը կախվել էին Ալբիշորն գետի վրա, և ջուրը ծանծաղ տեղերում թվում էր անշարժ։ Ցյուրիխը որոշ չափով ամերիկյան քաղաք է հիշեցնում։ Ժամանելուց երկու օր էր անցել, երբ Դիքն ինչ֊որ բանի կարոտ զգաց։ Ի վերջո հասկացավ. իրեն պակասում են ֆրանսիական ավարտուն նրբանցքները, որոնցից այն կողմ, թվում է, թե ոչինչ չկա։ Ցյուրիխում երբեք չես մոռանում Ցյուրիխի սահմաններից դուրս եղածը՝ քաղաքի տանիքները հայացքդ տանում էին դեպի զանգակների զնգզնգոցով ողողված արոտավայրերը, իսկ նրանցիցքիչ հեռու գծագրվում էին բլրագագաթները. այսպիսով, կյանքն իրենից ներկայացնում էր ուղղահայաց բարձունք՝ դեպի բացիկներում պատկերված երկնակամարը։ Ալպերի երկրում՝ խաղալիքի, ճոպանուղու, կարուսելի, մեղմ ղողանջի հայրենիքում, կյանքը երկրային չէր, ինչպես Ֆրանսիայռւմ, ուր խաղողի որթատունկերն աճում են մարդու ոտքերի տակ։

Զալցբուրգում մի անգամ Դիքն զգաց, որ դարի երաժշտությունը գնված ու փոխ առնված երաժշտությանը բնորոշ խաբուսիկ երանգ ունի։ Իսկ մեկ ուրիշ անգամ էլ Ցյուրիխի համալսարանի լաբորատորիաներում ուղեղի կեղևը զգուշորեն բացելիս նրան համակեց այն զգացումը, որ ինքըն ավելի շուտ հիշեցնում է խաղալիք սարքող վարպետի, քան թե անսանձ այն երիտասարդին, որը երկու տարի առաջ սուրում էր Հոփքինզի համալսարանի հին կարմիր մասնաշենքերի միջանցքներում՝ նախասրահի հսկայական Քրիստոսի հեգնական հայացքի ներքո։

Բայց և այնպես Դիքը որոշեց ևս երկու տարի մնալ Ցյուրիխում, քանի որ խաղալիք սարքողի արվեստը՝ իր անսահման ճշգրտությամբ և անսահման համբերությամբ, նրան ամենևին չէր նսեմացնում։

Այժմ նա գնում էր Ցյուրիխսիի ափին գտնվող Դոհմլերի բուժարանը՝ տեսնելու Ֆրանց Գրեգորովիուսին։ Դիքից մի քանի տարի մեծ, ծնունդով վոդուացի Ֆրանցը բուժարանի հաստիքային ախտաբանն էր։ Նրանք հանդիպեցին տրամվայի կանգառում։ Ֆրանցը Կալիոստրոյի նման թուխ, հրապուրիչ արտաքին ուներ՝ սրբի աչքերով։ Նա ներկայացնում էր Գրեգորովիուսների տոհմի երրորդ սերունդը։ Քրեփելինը ուսանել էր նրա պապի մոտ, երբ հոգեբուժությունը խարխափելով մթության մեջ՝ նոր էր ոտքի ելնում։ Որպես անհատ, նա հպարտ էր, կրակոտ ու երկչոտ, և իրեն վերագրում էր հիպնոսելու կարողություն։ Եթե ընտանեկան տաղանդը փոքր֊ինչ չբթանար նախորդ սերնդում, Ֆրանցից անկասկած առաջնակարդ կլինիցիստ դուրս կգար։

Ճանապարհին մեքենայի մեջ Ֆրանցը խոսակցություն բացեց։

― Պատերազմից խոսիր, Դիք։ Դո՞ւ էլ ես մյուսների պես փոխվել։ Չէ՛, մնացել ես նույն հիմարիկը, դեմքդ էլ նույնն է, ամերիկյան։

― Ես պատերազմ չեմ տեսել,— ասաց Դիքը։— Դու պետք է իմ նամակներից հասկացած լինեիր, Ֆրանց։

― Նշանակություն չունի։ Այստեղ ցնցումից բուժվում են այնպիսիները, որոնք միայն հեռվից են լսել օդային տագնապը։ Մի քանիսն էլ միայն թերթերն են կարդացել։

― Ա՜յ քեզ ցնդաբանություն։

― Գուցե, Դիք։ Բայց մենք հարուստների բուժարան ենք և նման բառեր չենք օգտագործում։ Անկեղծ ասած, դու եկել ես ի՞նձ տեսնելու, թե՞ այդ աղջկան։

Նրանք խեթ նայեցին միմյանց։ Ֆրանցի դեմքին հանելուկային ժպիտ հայտնվեց։

― Բնականաբար, ես սկզբում կարդում էի բոլոր նամակները,— ասաց նա բժշկի պաշտոնական բասով։— Երբ փոփոխություն նկատվեց, նրբանկատությունն ինձ ետ պահեց հետագա նամակները բացելուց։ Իրականում նա այժմ քո հիվանդն է։

― Ուրեմն նա իրեն լա՞վ է զգում,— հարցրեց Դիքը։

― Չտեսնված լավ։ Ես բուժել եմ նրան, փաստորեն ես բուժում եմ անգլիացի ու ամերիկացի հիվանդների մեծամասնությանը։ Նրանք ինձ կոչում են բժիշկ Գրեգորի։

― Լսիր, թե դա ինչպես պատահեց,— բացատրեց Դիքը։— Ես նրան մի անգամ եմ միայն տեսել, Ֆրանսիա մեկնելուց առաջ, այն օրը, երբ եկել էի քեզ հրաժեշտ տալու։ Առաջին անգամ համազգեստ էի հագել ու շատ անսովոր էի զգում ինձ, շարունակ ողջունում էի շարքայիններին ու նման բաներ։

― Ինչո՞ւ այսօր չես հագել։

― Հե՜յ, ես երեք շաբաթ առաջ եմ զորացրվել։ Ահա թե ինչպես տեսա այդ աղջկան։ Քեզանից բաժանվելուց հետո քայլում էի դեպի լճափի տունդ, ուր թողել էի հեծանիվս։

― Դեպի «Մայրիների տաղավարը»։

― ․․․ Հրաշալի գիշեր էր, լուսինը ա՜յ այն լեռան կատարին էր․․․

― Քրենցեգ լեռան։

― ․․․ Ինձանից առաջ քայլում էր մի երիտասարդ աղջիկ՝ դայակի հետ։ Մտքովս անգամ չանցավ, որ աղջիկը հիվանդ է։ Ես հարցրեցի բուժքրոջը տրամվայի չվացուցակի մասին, և միասին առաջ շարժվեցինք։ Աղջիկը չտեսնված գեղեցիկ էր։

― Հիմա էլ այդպիսին է։

― Նա երբեք ամերիկյան համազգեստ չէր տեսել․ մենք զրուցեցինք, և ուրիշ ոչինչ։— Դիքը հանկարծ ընդհատեց խոսքը՝ ծանոթ մտապատկեր վերհիշելով, և ապա շարունակեց։— Բացի այդ, Ֆրանց, ես քեզ նման կոփված չեմ, և սակայն, երբ տեսնում եմ գեղեցիկ պատյան, չեմ կարողանում ափսոսանք զգալ ներսում եղածի համար։ Ահա բոլորը, հետո սկսվեց նամակների տեղատարափ։

― Այդ ծանոթությունը փրկեց նրան,— ոգևորված ասաց Ֆրանցը,— լրիվ այլ մարդ դարձրեց։ Դրա համար էլ եկա քեզ դիմավորելու, չնայած շատ էի զբաղված այսօր։ Հիմա կգնանք իմ աշխատասենյակը և հանգամանորեն կխոսենք, քանի դեռ չես հանդիպել նրան։ Ես նրան Ցյուրիխ եմ ուղարկել հանձնարարություններ կատարելու։— Նրա ձայնը աշխուժությունից զրնգաց։— Փաստորեն ես նրան ուղարկել եմ առանց դայակի, մեկ ուրիշ հիվանդի հետ, որի վիճակը ավելի վատ է։ Ես անչափ հպարտանում եմ այս հաջողությամբ, որին հասել եմ քո ակամա օգնության շնորհիվ։

Մեքենան անցնելով Ցյուրիխսիի ափով, դուրս եկավ արգավանդ արոտավայրը, ուր ագարակներում բլրակների վրա տեղ֊տեղ առանձնանում էին փայտյա տնակներ։ Արևը լողաց երկնքի կապույտ ծովում, և հանկարծ Դիքի առջև բացվեց զվիցերական հովիտը իր ողջ հրաշալիքներովւ իր գեղօրոր հնչյուններով ու մրմունջներով, առողջության ու զվարթության թարմ, գեղեցիկ շնչով։

Պրոֆեսոր Դոհմլերի հաստատությունը՝ բաղկացած երեք հին և երկու նոր շենքերից, տեղավորված էր սարահարթի ու լճափի միջև։ Տասը տարի առաջ, երբ այն՝ նոր էր հիմնադրվում, առաջին ժամանակակից հոգեբուժարանն էր։ Թռուցիկ հայացք ձգելով, կողմնակի աչքը չէր էլ կռահի, թե դա խախտվածների, ոչ լիարժեք հոգիների և այս աշխարհին սպառնալիք ներկայացնողների ապաստարան է, չնայած շենքերից երկուսը շրջափակված էին խուլ պատերով, որոնց բարձրությունը քողարկում էին վեր մագլցող որթատունկերը։ Դրսում մի քանի մարդ արևի տակ ծղոտն էին եղանում, և մեքենան ներս մտնելուց հետո սկսեց անցնել ծառուղիներում զբոսնող հիվանդներին ուղեկցող սպիտակ դրոշակներ բռնած դայակների կողքով։

Ֆրանցը Դիքին իր աշխատասենյակը տարավ, ապա ներողություն խնդրեց՝ կես ժամով հեռանալու համար։ Մենակ մնալով, Դիքն սկսեց քայլել սենյակում, փորձելով պատկերացում կազմել Ֆրանցի մասին՝ դատելով գրասեղանի թափթփվածությունից, նրա գրքերից, հորը կամ պապին պատկանող կամ նրանց գրած գրքերից, հոր հսկայական, մուգ կարմրավուն լուսանկարից, որը ազգին հատուկ բարեպաշտությամբ կախված էր պատից։ Սենյակը լի էր ծխով։ Դիքը բացեց պատշգամբ տանող դուռը, և արևաշողը կոնաձև ներս թափանցեց։ Ու նրա մտքերը թռան դեպի հիվանդը, դեպի աղջիկը։

Դիքը հիսուն նամակ էր ստացել ութ ամսից ավելի ժամանակամիջոցում։ Դրանցից առաջինը, ներողություն խնդրելով, բացատրում էր, որ ինքը դեռևս Ամերիկայում լսել էր, թե ինչպես աղջիկները գրում են անծանոթ զինվորներին, հասցեն և անունը վերցրել էր բժիշկ Գրեգորիից և հուսով էր, որ Դիքը չէր առարկի, եթե երբեմն ողջույն հղեր նրան և այլն։

Մինչ այդ հեշտ էր ճանաչել «Երկարոտն հայրիկի» կամ «Երկերեսանի Մոլլիի» ոճը՝ բնորոշ զվարճալի, հուզիչ նամակագրական ժողովածուներին, որոնք Նահանգներում ժողովրդականություն էին վայելում։ Բայց այստեղ էլ նմանությունն ավարտվում էր։

Նամակները բաժանվում էին երկու խմբի, առաջինը, մոտավորապես մինչև զինադադարը, նկատելիորեն հիվանդագին բնույթի էր, իսկ երկրորդը՝ ընդհուպ մինչև վերջերս, միանգամայն առողջ, հասունացող, հարուստ խառնվածքի տեր մարդու նամակներ էին։ Սրանց Դիքը անհամբերությամբ էր սպասում վերջին ձանձրալի ամիսների ընթացքում Աուբի Բար քաղաքում։ Սակայն վաղ շրջանի նամակներից նա, կողք կողքի դնելով, շատ ավելի բան էր հասկացել, քան Ֆրանցը՝ հիվանդության ողջ պատմությունից։


1

Mon Capitaine

Երբ առաջին անգամ ձեզ տեսա համազգեստով, ինձ թվաց, որ շատ գեղեցիկն եք։ Հետո որոշեցի՝ Je m’en fiche[1], և՛ ֆրանսերենով, և՛ գերմաներենով։ Դուք մտածեցիք, որ ես գեղեցիկ եմ, բայց ես դրան սովոր եմ, հերիք եղավ։ Եթե մի անգամ էլ գաք ստորի ու հանցագործի ձեր այդ տեսքով, ինչը բոլորովին սազական չէ բառիս բուն իմաստով ջենթլմենին (ինչպես որ ինձ սովորեցրել են հասկանալ այդ բառը), այդ ժամանակ աստված ձեզ օգնական։ Ինչևէ, դուք, կարծեմ, ավելի հանդարտ եք, քան մյուսները, ոնց որ մեծ, փափուկ կատու։ Ես սիրում եմ միայն

2

փափկասուն տղաներին։ Դուք փափկասո՞ւն եք։ Ես այդպիսիներին հանդիպել եմ ինչ-որ տեղ։

Ներողություն եմ խնդրում այս բոլորի համար։ Սա ձեզ ուղղված իմ երկրորդ նամակն է, որն անմիջապես կուղարկեմ կամ երբեք չեմ ուղարկի։ Ես նույնպես, շատ եմ մտածել լուսնի լույսի մասին, վկաներ կգտնվեն, եթե միայն կարողանամ այստեղից դուրս գալ։

3

Ասում են՝ դուք բժիշկ եք, բայց քանի որ դուք կատու եք, դա այլ բան է։ Գլուխս շատ է ցավում, այդ պատճառով էլ ներողություն եմ խնդրում, որ ես այստեղ զբոսնում եմ հենց այնպես՝ սպիտակ կատվի հետ, երևի ինձ կհասկանաք։ Ես երեք լեզու գիտեմ, անգլերենն էլ հետը՝ չորս, և համոզված եմ, որ կարող եմ աշխատել որպես թարգմանչուհի, եթե ինձ օգնեք տեղավորվելու Ֆրանսիայում։ Ես գործը հաստատ գլուխ կբերեմ, եթե նույնիսկ ինձ գոտիներով էլ կապեն, ինչպես չորեքշաբթի օրը։ Այսօր շաբաթ է, իսկ դուք հեռու եք, գուցե՝ սպանված։

4

Եկեք ինձ տեսնելու օրերից մի օր, ես միշտ այստեղ կլինեմ, այս կանաչ բլրի վրա։ Մինչև որ թույլատրեն գրելու հորս, որին շատ էի սիրում։ Մի բարկացեք։ Այսօր ես ես չեմ։ Երբ լավ զգամ, նորից կգրեմ։

Ողջույններով՝ Նիքոլ Ուորրեն


Ներեցեք ինձ այս ամենի համար։ Կապիտան Դայվեր

Ես գիտեմ, որ իմ այս նյարդային վիճակում ինքնազննումը վնաս է, բայց ուզում եմ, որ դուք ամեն ինչ իմանաք իմ մասին։ Անցյալ տարի էր, թե՞ երբ, Չիկագոյում, երբ դարձա այսպիսին, դադարեցի խոսել ծառաների հետ կամ փողոց դուրս գալ։ Շարունակ սպասում էի ինչ֊որ մեկի բացատրությանը․ հասկացող մարդու պարտականությունն է դա։ Կույրին պետք է առաջնորդել։ Սակայն ինձ ամեն ինչ չէին ասում, խոսքի կեսին կանգ էին առնում, իսկ ես գլուխս այնպես էի կորցրել, որ չէի կարող ասել, թե ինչ կանի երկուսին գումարած երկու։ Միայն մի հոգի էր հետս լավ վարվում, նա ֆրանսիացի սպա էր և ինձ հասկանում էր։ Նա ինձ ծաղիկ նվիրեց ու ասաց.

2

«Plus petite et moins entendue»[2]։ Մենք ընկերացանք։ Հետո նա ծաղիկը ետ վերցրեց։ Ես ավելի վատացա, և ոչ ոք չգտնվեց, որ բացատրեր ինձ։ Նրանք ինձ համար Ժաննա դ’Արկի մասին երգն էին երգում, դա ստորության էր, լացս գալիս էր, որովհետև այդ ժամանակ գլուխս հիվանդ չէր։ Խորհուրդ տվեցին սպորտով զբաղվել, բայց բոլորովին ցանկություն չունեի։ Եվ ահա եկավ այն օրը, երբ ես Միչիգան, պողոտայով գնացի հեռո՜ւ-հեռո՜ւ, վերջապես նրանք հետևեցին ինձ մեքենայով, բայց ես

3

չնստեցի։ Ի վերջո ինձ ներս քաշեցին, իսկ այնտեղ գթության քույրեր կային։ Եվ այդ օրվանից ես սկսեցի հասկանալ ամեն ինչ, որովհետև տեսնում էի մյուսներին։ Այնպես որ հիմա գիտեք, թե ես ինչպես եմ դիմանում։ Ես այստեղ երբեք չեմ լավանա, բժիշկները շարունակ նույն բաներն են կրկնում՝ այն բաները, որոնց համար ինձ այստեղ են բերել։ Եվ ահա այսօր գրեցի հորս, որ գա ինձ տանի

4

այստեղից։ Ուրախ եմ, որ ձեզ դուր է գալիս ձեր աշխատանքը՝ մարդկանց ստուգելը ու որոշելը, թե ով է պիտանի, ով՝ ոչ։ Դա պետք է որ շատ հետաքրքիր լինի։
  1. Թքած (ֆրանս․)։
  2. Ավելի փոքր և ավելի անփորձ (ֆրանս․)։