«Լրագրողը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Լրագրողը |հեղինակ = Լևոն Խեչոյան |թարգմանիչ = |աղբյուր = «Լևոն Խեչոյան Պատ...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 18:29, 22 Հունիսի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Լևոն Խեչոյան |
Հարավային Կովկասի լրագրողների համաժողովն էր, նոր էի վերադարձել գործուղումից։ Խմբագիրը չթողեց էլ` տուն գնամ։ Պատմածներս այնքան անսպասելի թվացին` խնդրեց թերթի առա վոտյան թողարկման համար անմիջապես ճանապարհորդական նոթեր գրեմ։
Հինգ րոպե չէր անցել` լուրերի բաժնի աշխատակիցներից մեկը, որ խոսելիս էլ աղջկա նման խնդմնդալ գիտեր, եկավ, կանգնեց անդարակ, շագանակագույն գրասեղանիս առջեւ, իր իմացածի պես ժպտալով հայտնեց․«Կինդ է եկել»։
Սկզբում խաղաղ էի, բայց մինչեւ միջանցք կհասնեի, միանգամից Մարոն մտքովս անցավ։ Երկու տարուց էլ ավելի կլիներ` նրա հետ էի կապված։ Մի քանի ամիս առաջ երկկողմ համաձայնությամբ աբորտ էր արել։
Ամեն անգամ խմբագրություն գալուց առաջ անպայման զանգահարում էր։ Կասկածանքներով հասա, դուռը բացելուն հետ նկատեցի` ջինսե տաբատով էր, բարակ մատների մեջ ծխախոտ կար։ Սեւեռված` աչքերին նայեցի, հենց տեսավ, իջեցրեց։ Չէր կարողանում խոսակցությունը միանգամից սկսել։ Միջանցքի կանաչ, մերկ պատի վրա թերթի անվանումով ժամացույցն էր թիթեղին ընկնող կաթիլքի նման հատու թխկթխկացնում։
Ասաց․«Խոսել էր պետք։ Դու էլ չկայիր»։ Դարձյալ միտքը կտրտվում էր, մի քանի անգամ նույն բանն էր կրկնում։ Ինչ լավն էր ջինսե տաբատով։ Շփոթվեց։ Աչքերը հստակ չէին, հեռավոր մտքի վրա էին, հասկացա` գալը իմ ենթադրությունների հետ կապ չուներ։
Ասաց․ «Նվարդի համար եմ եկել… հիմա չկա, երեք օր է` տուն չի վերադար ձել… ոստիկանների հետ շրջել ենք բոլոր դիահերձարանները…»։
Նրան էլ էի լսում, միանգամից սկսեցի ավելի հեռվից եկող` մութ հորը կախված վերելակի գնալ֊գալն էլ, շղթաները հետեւից քարշ տալն էլ, զարկվող մետաղի ձայնն էլ լսել։
Պատմում էր, թե «Վիլիս»֊ով դիահերձարանները շրջելիս, բռնած սարսափի պատճառով, ոստիկանների մոտ ինչ հիմար բաներ էր դուրս տվել նրանց պետի հասցեին։ Ասել էր․ «Շատ էլ ոստիկանապետը այդպիսի անուն ունի, չեմ հավատում, որ կարող է անգամ ծաղիկ սիրել…»։
Պատմեց` բաժանմունք վերադառնալուց հետո պետն ինչպես էր մեկնաբանել կատարվածը, թե․ «Նեկտարն ասում էր,— քիչ մնաց ժպտար,— պատկերացնո՞ւմ ես Նեկտար անունով ոստիկանապետ…»։ Լռեց։ Միանգամից խոսում էր ամեն բանի մասին, ասելիքը դարձյալ չէր ստացվում։
Հետո` թե․ «Նեկտարը համոզված է` նրա նման գեղեցիկ կառուցվածք ունեցող աղջիկները զոռով կամ էլ կամավոր ինչ֊որ փողատիրոջ սիրուհի են դառնում, բռնի ապրում են նրա ամառանոցում։ Պատահում է` աղանդավորների են միանում, հոգեւոր առաջնորդների հետ գնում են մեկ ուրիշ քաղաք` առանձնության մեջ ապաշխարելու,— հետո` թե,— Նեկտարն ասում էր` երիտասարդների գլուխը սատանայի գործարան է, խմբեր կազմած, մորֆիով, տարբեր թմրանյութերով են տարվում։ Լինում է` չափին չտիրապետելու պատճառով մեռնում են, բայց նրանց մենք երբեք չենք գտնում` գործը չբացվելու համար, խումբն է իրենց մեռելներին սարերում, ձորերում թաքուն թաղում,— հետո նորից` թե,— Նեկտարն ասում էր` շատ է պատահել, ասենք` մեկ կամ երկու տարի հետո մարմնավաճառ աղջիկներ են գտնվել Թուրքիայից, արաբական երկրներից։ Դրամագլուխ ձեռք բերելու, ընտանիքներից անկախ կյանք վարելու համար, մեծ մասամբ, այդ երկրներում հարբեցող ծնողների երեխաներն են հայտնվում…»։
Հետո, թե․ « Ի՞նչ ենք անելու, ի՞նչ ենք անելու… ուժեղը դու ես, դու էլ որոշիր…»։ Վախեցածը, խուճապից անհավասարակշիռն է այդպես տագնապում։
Ասացի․ «Առաջին կուրսից այդպիսի ճանապարհ չեն ընտրում…»։ Որոնում, թաշկինակը չէր գտնում։ Շպարվելու հայելին ընկավ ձեռքը։
Աղբամանից պարուրաձեւ մանվող կապտասպիտակավուն ծուխ էր բարձրանում։
Փողոցում էինք, մտավ դեղատուն, դռանը սպասում էի։ Եկավ, չուզեց` միասին քայլեինք, շատ կտրուկ «Չէ» ասաց։ Հեռվից ճանապարհում էի, մի պահ կորավ ավտոբուսի ուղեւորների մեջ, նորից երեւաց պատուհանի մոտ։
Երկվագոնանոց տրամվայն անցնում էր, մայթը դղրդում էր ոսկորներիս մեջ։
Այդտեղից գնացի Մարոյի մոտ։ Երբեմն ականջներիս մեջ սուլոց էր լսվում։
Նյարդերիս վրա ավելի շատ Մարոն ինքը, սկսեց ազդել։ Մինչեւ վերջ չկարողացավ լսել։ Հենց իմացավ Նվարդի կորելու լուրը` սրտխառնուքը միանգամից բռնեց, զուգարանից դուրս եկավ, չվերադարձավ խոհանոց։ Գնացել, կանգնել էր պատուհանի առաջ, անհաղորդ փողոց էր նայում։ Ակնթարթորեն քար էր կտրել։ Մի բան ասելու համար գոռալով պիտի խոսեի` չէի կարողանում, դրանից ավելի շատ էի զայրանում։ Ափով բերանը փակած` երբեմն֊երբեմն դարձյալ զուգարան էր վազում։ Այնքան էր հետ տվել` դատարկ ստամոքսի պատճառով լսվում էր` ոնց է ործկտում։ Ահագին հեռու էր, բայց ննջարանի վարագույրների արանքից ընկած լույսի մեջ նկատվում էր մեղրամոմի նման դեղնած դեմքը, աչքերը կորել էին, ոչ մի բանի չէին արձագանքում։
Ոտքերիս տակ պառկած կատվին էի շոյում, ափիս հպումից մեջքը ծռում, նվաղուն մլավում էր, երեւում էր բոցի նման, կարմիր պղնձի գույն լեզուն։ Աբորտից հետո էինք հոգեբույժի խորհրդով տուն բերել։
Այդ պահին զգացի` ճանապարհին` մինչեւ տուն հասնելը, անընդհատխոսել էի ուզել, միանգամից իջած լռության մեջ էլ առաջին անգամ գիտակցությանս հասավ, որ սպանված Է։
Արդեն չորս֊հինգ տարի էր` ամեն ինչ թողել, միայն մեծածավալ գրքի վրա էի աշխատում։ Գինու խոշոր գործարանի փայատերերից մեկը գիրքն ավարտին հասցնելու համար խորհուրդ տվեց` քիչ ժամանակ պահանջող, կայուն եկամուտներով գործ սկսել` երկլեզվով լեգենդների, էպոսի վերապատումներով, մանուկների համար ժամանցային֊զվարճալի պատկերներով համակարգչային սկավառակ ներ թողարկել։ Եթե անհրաժեշտ սարքավորումները ես գնեի, խոստանում էր` արտադրական աշխատանքներն սկսելուն պես գործընկեր դառնալ։ Հավատացած էր` թե ներսի, թե դրսի մեծածախ շուկաներում պահանջարկի պակաս չէինք ունենալու։
Որպեսզի կարողանայի եւս մեկ֊երկու տարի աշխատելով մեծածավալ գործը հասցնել իմ ուզածին` միանգամից երեք սենյակա նոց բնակարանը բանկում գրավ դրեցի։
Երբ ճապոնական սարքավորումները տեղադրել էինք վարձակալած նկուղային հարկում, արդեն սկավառակներ, ներկեր, թուղթ էր պետք, նկարիչին, երկու բանվորներին` վճարել։ Գինու խոշոր գործարանի փայատերը պատճառաբանելով, որ արտասահմանում կապիտալի մեծ կորուստներ է ունեցել, պայմանավորվածությունից արագ հետ կանգնեց։
Մինչ այդ` ինձ հարգանքով վերաբերվող մարդկանց հետ էի գործ ունեցել։
Իրար հետեւից շրջեցի քաղաքի երկլեզու բոլոր կազմակերպություններում` ղեկավարներին պատմելով իրագործվող ծրագրերի կարեւորության մասին, խնդրում էի` կանխավճարներ փոխանցելով պատվերներ տան, բայց հաշվարկելով եկած գումարները, պարզվեց, որ չեն բավականացնի անգամ բանկի մեկ ամսվա տոկոսները մարելու համար։
Սկսվեցին ինքնախարազանման, մշտական տագնապների ժամանակներ։ Երկու ընտանիքների կենցաղն էլ ծանր էր։
Մարոյի հետ առաջին անգամ հանդիպել էինք քանդակագործի մոտ։ Երբ գնացի այնտեղ, նրանք չորս֊հինգ հոգով արդեն խմում էին։ Քսանհինգի մեջ էր, մի տարի առաջ բաժանվել էր «Բժիշկներ` առանց սահմանի» կազմակերպության աշխատակից շվեjցարացի ամուսնուց։ Այդքան ժամանակ էր անցել, բայց դեռ չէր կարողացել ուշքի գալ։ Պայմանավորված օրից շուտ էր վերադարձել հանգստյան տնից, ամուսնուն մեկ ուրիշ տղամարդու հետ էր բռնացրել։
Երբ դուրս եկանք քանդակագործի արվեստանոցից` երկուսս էլ խմած էինք։
Պաjմանավորվել էինք, երկրորդ անգամ հանդիպեցինք։ Օրագրի ոճով գրված` թույլ, շատ երկար, սիրավեպի նման բան էր բերել` կարծիք էր ուզում իմանալ։ Շնորհալի լինելն զգացվումէր․ եւ ուշքի բերելու, եւ մոտիկ պահելու համար մի քիչ էլ ավելի գովաբանեցի, իմ թելադրանքով էական ուղղումներ կատարեց, տպագրվեց։ Գինի խմեցինք։
Երեկոները թափառում էինք։ Ամեն օր հանդիպելու պատճառը նաեւ` աչքերի մեջ եղած լույսն էր, մանկական անմեղ հայացքով աշխարհին նայելը, ինձ տեսնելը` միանգամից տեսել էր ինձ։
Երկրորդ֊երրորդ հանդիպման ժամանակ լեռանն էինք նայում․ սիրում էր կանգնել խոշոր լեռան դիմաց` լռելով դիտել ու դիտել, այդ պահին էլ ասացի, որ կնոջիցս երբեք չեմ բաժանվի։
Ինքն էլ, ամեն բան, ինչը դրան էր տանում, կանգնեցնում էր։ Այն պես էր անում, որ երկու ընտանիքների անկախությունը չմիախառնվեին։
Այն օրերին մտածում էի․ «Տանը կենցաղի շուրջբոլորը պտտվող կինը, առանց հեռվում թաքցրած երկվության, չի կարող ինձ առաջ մղել։ Տղամարդը նախաստեղծ դրախտային ժամանակից այնպիսի հատկանիշով է արարված, որ հոգին, երազելու զորությունը չմարելու համար տարածության միջից մշտապես պիտի կնոջ հավերժական կանչը, բուրմունքը որսա»։
Գինու խոշոր գործարանի փայատիրոջ հրաժարվելուց հետո մինչեւ լույս նկուղում էի մնում, չնչին գումարներ բերող պատվերների պակասը լրացնելու համար սկսել էի սկավառակների վրա նաեւ ավարտական դասարանների եւ բուհ ընդունվողների համար իմ կազմած թելադրության նյութերի ժողովածուն տպագրել` փորձելով դիմորդներին վաճառել։
Մարոյի հետ հանդիպումները անկանոն էին դարձել։ Հակասական զգացումներով սպասում, գիշերներ էր անցկացնում ոտքի վրա, բարեկամներից մի քանիսի ակնարկներն էլ այդ օրերին, որ անբարոյական կնոջ գործելակերպով, ամուսնացածն ու չամուսնա ցածը իրարից չզանազանելով` տղամարդ է ընդունում, բաց թողնում… թռչնի լռակյացության էին հասցրել, միայն խոհանոցում առանձնանում, ինքն իր համար էր երգում, տաք միատոն մեղեդի էր հազիվ լսելի լինում։ Նման պահերին` միասին լինելու համար, ինչքան էլ ուզում էի` իմ հարցերին պատասխաներ, ինչ էլ անեի` համառելով ներսից բառ չէր հանում։
Եղբայրը մի օր խմբագրություն եկավ։
Սիրո մասին իմ ասածներից ոչինչ չընդունեց, կտրականապես դեմ էր համատեղ ապրելուն։
Հետո ազգակից տղամարդկանցով հանդիպել, որոշել էին` ինձ անդամալույծ դարձնել։ Մարոն իմացել, նրանց ասել էր, եթե այդպես անեն, հենց նույն օրը, գրությունը դրած գրպանը, կնետվի քաղաքի ամենաբարձր կամուրջից։
ժամանակավոր լռություն իջավ։
Երկու ամսից ավելի հղի էր եղել` առանց տեղյակ պահելու գնացել, աբորտ էր արել։ Ավելի ուշ ասաց․ «Չեմ ցանկանում ընտանիքդ քայքայվի…»։ Աչքերի մեջ լույս կար, մանկական անմեղ հայացքով ինձ էր նայում, հետո` հեռվին, թիկունքիցս այն կողմ` լեռանը, ասաց․ «Միայն նա էր պակաս, եթե նա էլ լիներ, էլ չէիր գրի մեծածավալ զարմանահրաշ աշխատանքը…»։
Մտածում էի․«Ինչ գործի է խառնվել, իրավունք եղել է, չի եղել, տիեզերական մտքի կայացրած` արարելու որոշման գործին է միջամտել, միայնակ ուրիշ, անծանոթ, ժամանակի մեջ է մտել»։
Չեմ հիշում` ում, ինչ֊որ շնորհանդեսի էի` մեկ կամ երկու բաժակ էլ կոնյակ էի խմել։ Երբ վերադարձա` գրություն էր թողել, որ հիվանդանոց է գնացել։ Փողոց։ Վազում եմ։ Մեքենաների հոսքը։ Շենքեր, պատուհաններ, ճակատը ոսկեգույն գլխաշորով բոլորած` ինչ֊որ անտարբեր դեմք է ապակուն հպված վերեւից նայում։
Նետվեցի դիմացի մայթը, մյուս փողոցն եմ մտել, նորից մեքենա ների հոսքը։ Շենքեր, պատուհաններ, նորից ճակատը ոսկեգույն գլխաշորով բոլորած` ինչ֊որ անտարբեր դեմք է ապակուն հպված վերեւից նայում։
Հիվանդասենյակը։ Հատակին բամբակ է ընկել, ուժեղ լույսի մեջ ճերմակի վրա արյան կաթիլի կարմիրն է պսպղում, ամեն անգամ դռան բացվել֊ փակվելուց , նիկելապատ ափսեի մեջ օդի հարվածից դատարկ սրվակն էր ցնցվում։ Իրարանցումն արդեն վերջացել էր, երեւի դժվար էր եղել։
Նարկոզի ազդեցության տակ էր։ Աչքերը չբացեց, բայց գիտեր` ձեռքը բռնողը ես էի, փակ կոպերից արցունքները հոսում ու հոսում էին։ Հետագա իմ ամբողջ կյանքի ընթացքում էլ չմոռացա այդ տեսակ լացը։
Սավանին, որով ծածկված էր, տեղ֊տեղ լվացքատան դեղին ժանգն էր դաջվել։
Տուն գալու օրը ոչ միայն դատարկված արգանդն էր մղկտում` մեկ ուրիշ դատարկություն էլ պատերն էր ճանգռոտել տալիս։ Համոզում էր` հավատամ․ աբորտ անելուն ես էլ եմ` հա ասել․ երկուստեք համաձայնություն էր եղել։ Միայնակ չթողնելու համար հաստատեցի։
Մի քանի գիշեր մնացի մոտը, բայց այդպես էլ չպատմեցի, որ հիվանդանոց վազելու ժամանակ, երկու փողոցներում էլ միաժամանակ էի տեսել, թե ինչպես էր վերեւի պատուհաններից վրաս նայում ` ապակուն հպված աղջկա անտարբեր, միեւնույն դեմքը, ճակատը` լույս տվող ոսկեգույն պսակի նման գլխաշորով բոլորած։
Պահակ չունենալու պատճառով գողացան նկարող մեքենայի ծրագրավորող համակարգիչը։ Մինչեւ ոստիկանությունը կքններ, կվերադարձներ, երեք ամիս անցավ։ Դարձյալ կանգնել էին առանց այդ էլ անկանոն ստացվող մանր֊մունր պատվերները։ Սարսափելի արագությամբ աճում էին տոկոսները, տունը առգրավելու վերաբերյալ ստացվող նախազգուշական ծանուցումները։
Մարոն ինձ փրկելու համար, առանց երկմտելու, պահանջեց` իր մի սենյականոց բնակարանն էլ գրավ դնել։ Նրա շնորհիվ առգրավման ժամկետը մի տարի էլ երկարացրին։
Նկարիչը, երկու աշխատողներն էլ հինգ օրվա ընթացքում հեռա ցան։ Ցերեկները, գործարքներ կնքելու հույսով, տարբեր գրասենյակներում էի լինում, ֆինանսական գործերով թափառում էի քաղաքում, մեն֊մենակ գիշերներն էի աշխատում։ Շաբաթներով տուն չէի գնում․ Ռուզանը մի քանի օրվա ուտելիք, փոխնորդ, դեղորայք էր բերում։ Բժիշկն ասում էր` հազիս մեջ եղած անցանկալի երեւույթները վտանգավոր չեն, բայց այդպես շարունակել չէր կարելի։
Ճաշի ժամանակ փորձում էի Ռուզանին պատմել իրավիճակի մասին, ուր հայտնվել էի, սարսափած թռչում էր տեղից, չէր թողնում շարունակեմ, կեղտոտ շորերով ցելոֆոնե պարկն էր վերցնում․«Դու պիտի կարողանաս, դեպուտատ»,֊ ասելով շտապ հեռանում էր։
Չէր հրաժարվում տան օջախի կրակը բորբոք պահելուց, հիմա էլ հսկում էր որ չհանգի։ Աղքատության բոլոր տարիներին էլ քայլել էինք կողք կողքի… բեռն էր չափից ավելի ծանր` ուժերը չէին պատում առաջ գնալու համար։ Նրան չէր կարելի` զարկած ջրհեղեղի բաց օվկիանոս հասցրած փայտաբեկորի վրա, գիշերով միայնակ թողնել։ Որպեսզի ուժ տար թեւերին, լողար` ափին փարոսը վառել, տաք ձայնով կանչել էր պետք։
Հետագայում բզկտում էի ինձ` ինչու՞ այդպես չարեցի, խավարի միջով ճանապարհը գտնելու համար` թեկուզ լուցկու մի հատիկ, ինչու՞ ափին չվառեցի։
Ռուզանն իմ վարձով փոքրիկ սենյակում հայտնվեց տետրակի գործարանից։ Բանակից վերադարձել, այնտեղ երկրորդ հերթափոխի բեռնակիր էի աշխատում, մի տարով էր ինձանից մեծ։
Ցերեկները թերթից թերթ էի շրջում, չնայած առանց բարձրագույն կրթության էի, խբագիրները գրածներիս վրա մի քանի ուղղումներից հետո, թաքուն համակրանքով վստահում, սպորտային ռեպորտաժների հանձնարարություններ էին տալիս։ Իսկ ես փորձում էի ավելին պոկել նրանցից։
Ռուզանը չգիտեր` ինչ է ստեղծագործելը, չէր հավատում, որ կան մարդիկ, որոնց ուղեղի ծալքերում գեղեցիկ, գանձի նման թանկարժեք բան է լինում թաքնված։ Ասում էր․ «Սպանես` չեմ կարող հավատալ, որ եթե օրերով նստես թղթի առաջ, հետապնդես նրան, անպայման կորսաս»։ Այդ ամենը «բստրել» էր համարում, ասում էր․ «Սուտ խոսելու պես բան է, նայած, թե ով ավելի լավ կստի»։ Դա ոչ մի նշանակություն չուներ, այդպես էի սիրում նրան։
Համալսարան ընդունվելու հաջորդ օրը ստիպեց` ազատվեմ աշխատանքից։
Երբեմն ձեռները կարող էին յուղոտ էլ լինել, կարող էր տետրերին ամրագամեր զարկող հաստոցներն էլ նորոգել։ Կարող էր կնոջ արժա նապատվությունն ավելի բարձր դասելով` արտադրանք տալու ամենաթեժ օրերին գործի չգնալ, տասը֊քսան ներքնաշորերի լվացք սկսել, որպես ներքին եւ արտաքին անաղարտության նշան` ամեն օր կիսավարտիք էր փոխում։
Մեր գոյությունը պահպանելու համար, մինչեւ ավարտելս, օրական հարյուր֊հարյուր հիսուն տասներկու թերթանոց տետրեր էր դուրս հանում գործարանից, երկու ժամում վաճառում էր շրջակա դպրոցներում։
Քանի որ լավ չէր պատկերացնում` բանասիրականը ավարտողները հետո ինչ աշխատանք են կատարելու, մի անգամ էլ լայնեզր գլխարկ էր առել, մեր տան տիրուհուն ասել էր․ «Որ դեպուտատ աշխատի, կդնի»։
Դրանից հետո թաղի լիմոնադ վաճառող կրպակատիրոջից մինչեւ փոստատարը հետեւիցս ծաղրանքով «դեպուտատ» էին ասում։
Փողոց։ Հարսանքավորների զարդարված մեքենաներ։ Մայթին` արեւի թանձր դեղինի մեջ, ձկնավաճառների պայուսակների ներսից` թրթռացող մեջքերով ձկների կապտասպիտակավուն ճերմակն է բռնկվել։ Ոստիկանություն։ Առաջխաղացում չկա։ Քննիչն անգամ նեղացավ այցելությունից։ Մի ուրիշ` կորած մարդու, գործի քննությունն էլ էին նրան հանձնարարել, բացարձակ ժամանակ չէր ունեցել` գոնե հաց ուտեր։
Խմբագրություն։ Ուշ էր, բոլորը գնացել էին, հակահրդեհային մոմլաթե խողովակների վահանակում թաքցվող բանալիով բացեցի խմբագրի աշխատասենյակի դուռը, ներքին հեռախոսակապով զանգահարեցի ոստիկանության հերթապահին` թերթի անունը տալով, խնդրեցի միացնել նախարարին։
Լսեց, խոստացավ գործին հետեւել։
Լուսնյակ, ճերմակ գիշեր էր։
Վարորդն անվադողը քաշել էր լուսավոր տեղ, մուրճի ամեն մի հարվածից վերնաշապիկի տակ թիակները վերուվար էին անում։
Սկզբում նրա սարսափած աչքերի մասին մտածեցի, հետո` թե այդ տարիքի անօգնական աղջնակը ինչպես թախանձած կլիներ, որ իրեն կենդանի թողնեին… Նստեցի։ Նստել, արմունկս դրած սեղանին` անցորդներին դիտելով, գարեջուր էի խմում, ճակատը` լույս տվող ոսկեգույն պսակի նման գլխաշորով բոլորած աղջկա մասին էլ էի մտածում։ Տարվա այդ եղանակին մրսում էի, հետո խանութի ապակու մեջ տեսա, թե ինչպես եմ նստած տեղից բարձրանում, ինչպես է գնում ծանր մարմինս։ Ասացի․ «Խաղաղվիր»։ Մի քանի անգամ ասացի․ «Խաղաղվիր»։
Զանգի կոճակն էի սեղմել, վեր թռա` ականջս նրա վերադարձի ձայնին պահած, մնացած բոլոր ձայներից խաբվում էի։ «Խաղաղ վիր»,— ասացի։
Ռուզանն էր դուռը բացել, խոսել ուզեցի, չէր ստացվում, ասացի․ «Այս ժամին մարդիկ համերգից էին վերադառնում…»։
Վերջին ամիսներին Ռուզանի մոտ ավելի քիչ էի լինում։ Անկանոն սեռական հարաբերությունների պատճառով չոր, նյարդային էր դարձել։ Հիմա էլ` երկու շաբաթվա ընթացքում կուտակված նամակները հատուկ նետեց սեղանին։ Չխոսեց, սենյակից դուրս գալիս զրնգացրեց դռան ապակիները։
Հավանաբար, ինչ֊որ բան գիտեր Մարոյի մասին։ Գործուղման նախօրեին էի զգացել` հայացքի մեջ զզվանք կար։ Այդ ժամանակ Նվարդը դեռ դասի չէր գնացել, եկավ հրաժեշտ տալու, դիտավորյալ, նրա ներկայությամբ ասաց․ «Եթե ընդհանրապես տուն չգաս, ոչինչ էլ չի պատահի, լավ կլինի երեխաներին դրամ ուղարկես,— լռեց, հետո,— եթե գործուղումից տուն վերադառնաս, հաջորդ օրը ինքս կգնամ…»։ Սպառնալիքից չէ` գնալուն պատրաստ լինելուց էի վիրավորվել, դրա համար էլ փակվել էի, չկարողացա ասել` ինչ գնալ, խելքդ հո չե՞ս թռցրել։
Նամակները բանկից էին, չկարդացի էլ, մտա Էմմայի սենյակը։ Բերանքսիվայր մահճակալին էր պառկած` ուսերը ցնցվում էին։ Կարծում էի` բան չգիտեր մեր հարաբերությունների մասին։ Նստեցի, ծոծրակը ափիս տակ քրտնած էր։ Ասաց․ «Ոնց որ օտար բան լինի վրադ իջած, ինչ օտարություն է, ոնց որ ուրիշ տեղից եկած լինի հետեւիցդ։ Ախ, Աստված իմ, գոնե Ռուզանը քեզ հասկանար…»։ Սրթսրթում էր ափերիս մեջ։
Օտարի մասին բարձրաձայն խոսելը հանկարծակիի բերեց` չնայած, նրան ինքս էլ էի նկատել, վերջին ժամանակներս ներսիս մեջ անգամ նրա դեմ գործելու հնար էի գտել` անընդհատ մտածելով` մի՞թե ինձ համար էլ մահ կա։
Մի քանի ժամ զրուցեցինք, մտքներիս մեջ Նվարդն էլ կար, բայց երկուսով էլ խուսափում էինք նրա մասին որեւէ բառ ասել, ուրիշ բաներից էինք խոսում։ Չէինք էլ խոսում, ավելի ճիշտ, միասին մի տեղում էինք գտնվում, որտեղ ամենահեշտն էր լինել։ Երբեմն֊երբեմն կարող էր` մի բառ էլ ասեինք։
Երեքշաբթի կարողացա օտար լեզուների ինստիտուտի ռեկտորին զանգահարելով` իմ մեծածավալ կիսատ գործից երկրորդ կուրսի ուսանողների համար դասախոսություն կարդալու պայմանավոր վածություն ձեռք բերել։
Հաջորդ օրն էլ դրամի համար մարտական ընկերներիցս մեկի մոտ գնացի,որոշել էի` մինչեւ երեկո վերադառնալ, բայց գիշերը մնացի․ պատերազմի ժամանակ` ճակատամարտերի ընդմիջումներին քար կտրած լեզուներս բացելու համար պատահել էր` միասին թեւերներս էինք ծակել` հանգստացնող մի որեւէ բան լցնելու համար։ Կարող էի նրան պատմել, որ քիչ առաջ փողոցն անցնելու ժամանակ տեսել էի, թե ինչպես էր բարձրահարկից վրաս նայում` ապակուն հպված աղջկա ինչ֊որ անտարբեր դեմք` ճակատը լույս տվող ոսկեգույն գլխաշորով բոլորած, բայց չպատմեցի, անգամ անկողին չմտա, ափսոսում էի, որ սափրված չէի, շատ կուզենայի` վայելուչ հագուստով, փողկապ էլ կապած լինեի․ ամբողջ գիշեր պատից պատ էի քայլում։
Վերադարձի ճանապարհին մտա` տոկոսները փակելու։ Դարձյալ հաջողվեց երկու բնակարանների սեփականությունն էլ պահպանել։
Անընդհատ դեպի վերեւ էի քայլում։ Մայթին` շան տերը ձախ ձեռքով կաշեփոկն էր պահել, շունը փորին էր հասնում, դնչին ապտակել֊ապտակելով` հրամաններ կատարել էր սովորեցնում, թե․«Միզիր ծառին, միզիր ծառին…»։ Առաջ չէր գնում, անգիտակից գալիս, գլուխը մտցնում էր նրա ափերի տակ, թաց քիթը սվսվացնում` ամբողջ մարմնով դողալով վնգստում էր։
Փողոցի ավարտին գտա աղջիկներին, նրանցից մեկի հետ` մինչեւ հաճախորդի գալը թխկենու տակ շատ երկար կանգնեցի։ Առանց քաշվելու պատասխանում էր բոլոր հարցերին։ Ասում էր․ «Գնա քաղաքի եզրը, ուզում ես տեղեկություն ունենալ, գնա այնտեղ»։ Հետո մեքենան եկավ, հեռացավ։ Մինչեւ հաջորդ խաչմերուկը թաց ասֆալտը անդրադարձնում էր հետեւի լապտեր ների գույները։
Այդ խոսակցությունից հետո իմ ամբողջ կյանքում, երազիս մեջ անընդհատ կարմրի մեջ խորասուզված քաղաքի նույն եզրն էի տեսնում։
Արդեն հինգ֊վեց դասախոսություններ էի կարդացել, բայց դարձյալ ոտքերիս տակից օրըստօրե փախչում էր հողը, ոչ մի կերպ չէի կարողանում երկու ընտանիքների համար հենարան լինել։
Մարոն էլ աղքատության մեջ էր, ռադիոլրագրողի ցածր աշխատավարձն անգամ սննդին չէր բավականացնում, վերլուծելով իրավիճակը, հասկանալի էր դառնում` նրա բնակարանն էլ էինք կորցնելու։ Հույսը, թե մեծածավալ գործը, որ արդեն չորս֊հինգ տարի աշխատում էի, կավարտեի միանգամից, խոշոր գումար կբերեր, քանի գնում, ավելի անհավանական էր դառնում։ Գոյատեւելու համար կենաց֊մահու պայքար էինք մղում։
Միմյանց նկատմամբ պատասխանատվությունն ավելի խելահեղ արարքների էր մղում։ Իրար պաշտպանելու համար ձեռնարկվող թաքուն քայլերը ժամանակի հետ ավելի ծայրահեղ նյարդայնացնող դարձան, հասարակ բաների պատճառով իրար չէինք խնայում, երբեմն էլ կարեւոր հարցազրույցները պատճառ բռնած` փախչում էր տնից, վերադառնալուց հետո, եթե մտնում էր լոգարան` գինու հոտ էր գալիս զուգարանակոնքից։
Ընկերներից պարտքեր վերցնելու չափաբաժինն արդեն վերջացել էր, շատերն էլ սկսել էին աչքերիս մեջ հասկացողի բացահայտ իմացությամբ նայել, թե իրենք լավ էլ գիտեն` իմ կյանքն էլ է անցողիկ։
Փողատեր մարդիկ առերես մերժել չկարողանալու պատճառով քաղաքի մի ծայրից մյուսը` իրենց գրասենյակներն էին կանչում, բայց իմ խոցելի լինելը լավ իմանալով պայմանավորված ժամին դիտմամբ տեղում չէին լինում կամ պարտքեր ունենալուց էին գանգատվում` հաստատ իմանալով, որ երկրորդ անգամ էլ չէի դիմի։
Գիշերաթիթեռի նման` լուսավոր մի բանի շուրջ պտտվելու համար, գրասեղանիս վրա դիզված մեծածավալ գործից էի կառչում, փորձում էի ուշ ժամերին` թեկուզ կցկտուր, մի տող կամ պարբերություն գրել այնպիսի բաների մասին, որոնք անշոշափելի, ամենաթափանցիկներն էին, ամենածածուկ երեւույթներին էի հասնում, մտածում էի քամիների մասին,որոնք միայն գիշերն էին խոսում, դուրս էին լսողության սահմաններից։
Արդեն մի շաբաթ է` սկսել էի երաժշտական, լուսանկարչական տարբեր տաղավարներ մտնել` կես գնով առաջարկում էի ճապոնական սարքավորումները գնեին, մինչեւ որ մի առավոտ բանկի աշխատակիցները հասցրեցին կատարածուների հետ զմռսել նկուղի դուռը` արգելք դրեցին որեւէ մեկին ներս մտնել։
Հինգերորդ օրը Մարոն արյունոտեց իրեն։ Փորին, ստինքներին, ազդրերին, որտեղ ձեռները կպնում էին, անձրեւաորդերի երկարու թյան կարմիր մատնահետքեր էին մնում։
Զանգահարեցի, մեր թերթի համար տարեցների կենցաղավարության խնդիրները հոդվածներով պարբերաբար լուսաբանող բժշկին` խորհուրդ հարցնելու։ Մասնագիտական հանրագիտարանից լատիներեն տեղեկանք կարդաց, թարգմանեց, թե․ «Ինքն իրեն, եթե արյունլվիկ անելու չափ քորում֊քորում, չի հանգստանում, շատ նման է նյարդային վերջույթների ցավի,— ասաց,— բայց լավ կլինի հոգեբույժի էլ դիմես, կարծում եմ` այդտեղ հոգեբույժի կարիք էլ կա»։
Քորից լպոկտված Մարոյի ծիրանագույն առողջ մաշկը լույս էր արձակում։ Մանկահասակ աղջնակի նման` լցված կորագծերով պինդ մարմին ուներ։ Սեղան֊աթոռի, դռան` ինչին քսվեր, ազդրերին, հետույքին, թեւերին` կլոր, կասկածելի մեծության կապտուկներ էին մնում, մի ժամանակ դրանց պատճառով խանդի տեսարաններ էի սարքում։
Հիմա, երբ լպոկտված մաշկին էի նայում, մտածում էի, որ Նվարդից ընդամենը մի քանի տարով է մեծ, սիրտս հարազատի փաղա քշանքով էր լցվում։
Գնացել էի բժշկին բերելու։ Ծանոթ գեղանկարչի ցուցահանդեսի բացումն էր, պայմանավորվել էինք պատկերասրահում հանդիպել։
Վերադարձանք, Մարոն արդեն չկար։
Տանը մի հայտնի տեղ ունեինք` իրար երկտող էինք թողնում։ Ձայներիզ էր դրել, վերցրեցի այն․ ինչպես խավարի միջով անցնելու ժամանակ մի բանից կառչելու հույսով ձեռքերն են պարզում, որ չընկնեն, դես ու դեն քայլելով, ծխախոտ ծխախոտի հետեւից վառելով` հաղթահարեցի վախս, մինչեւ հավատացի, որ կարող եմ լսել, ահագին ժամանակ անցավ։
«Մտքերս ձայնագրելու ժամանակ, գիտե՞ս` ինչքան եմ ցանկացել` քո նկատմամբ ատելություն ունենալ, որոնել, չեմ գտել։ Հակառակը` սիրում եմ։
Առարկաների էությունը տեսնելու գաղտնիքին քո շնորհիվ հասա։ Նրանց ճանաչելով` տարբերվեցի աշխարհից, աստիճանաբար հրաժարվեցի այն ամենից, ինչը ես չէի։ Կարող է մարդը մի ամբողջ կյանք լինել երկրագնդի վրա, բայց այդպես էլ չիմանալ, որ իր ֆիզիկական գոյությունից բացի մի ուրիշ խորհուրդ էլ կա, որ մեր մտքի չափումներից դուրս` հեռավոր տիեզերքում է բոցկլտում։ Շնորհակալ եմ գիշերվա մեջ վառվող լուսատտիկների համար։
Գիտեմ, հենց հայտնաբերես`չկամ, վիճակդ` օդանավակայան թռիչքի եկած, բայց տոմսը,հագուստների ճամպրուկը, դրամը կորցրած, մոլորյալ ուղեւորի վիճակի է նմանվելու… ինքնաթիռներ են բարձրա նում֊իջնում, շուրջբոլորը մարդիկ են տեղից տեղ շտապում, ինքը կանգնել, մնացել է սպասասրահի ժխորի մեջ, չգիտի` ինչ է անելու։
Խնդրում եմ` թուլության համար չհիասթափվես ինձանից։ Ասել եմ` սիրում եմ, մի անգամ էլ եմ ասում` ինձ համար ավարտ չունես։
Քո տարիքի տղամարդիկ նողկալի են լինում, շահագործում են երիտասարդ աղջիկներին, օր֊օրի քամում են կենսական ուժերը։ Եսասեր չես։ Մանկան նման միայն շուրջդ եղած քո հասանելիքին ես ընդառաջ գնում։ Ներիր։ Հավատա եւ ներիր։ Էլ ուժ չունեի` հաջորդ թռիչքին սպասելու։ Մի քայլ անգամ ոտքերս առաջ չէին գնում։ Ներիր, որ ամենափոթորկազարկ ժամին թողեցի օդանավակայանում, փախա։ Ի՞նչ ամոթ է, Աստված իմ։ Մեծածավալ հրաշալի գործդ ավարտելու ճանապարհին (դեռ քանի մարդ է զարմանալու նրանով), միշտ ցանկացել էի` գոնե մի քիչ թեթեւացնել տառապանքներդ, մյուս ափը հասնելուդ համար կամուրջ լինել, չկարողացա։ Մարդկային ուժից վեր այդ ինչ ափեր էին, արդեն ինքս եմ հոգնած, ծնկներս ծալվում են… փախա օդանավակայանից, ահա` քեզ ընդմիշտ կորցնելու պատճառ…
Կատուն մնում է` ինչ արի չէր ցանկանում գալ… »։
Իրականում ոչ մի ձայներիզ էլ չէր թողել, գնացել էր, հետո միանգամից զարկող լռությունն էր։ Չէր էլ փորձում կապվել, այն պիսի անհաղորդ տարածություն էր բացվել, որ նրա սահման ներից դուրս իմ գոյությունն էլ չէր կարեւորվում, եթե ցանկանայի` կարող էի կյանքիս վերջ տալ։ Անգամ դա իր մասնակցությունից դուրս կլիներ։
Մտածում էի` ուշքի կգա, չորս օր սպասում էի վերադարձին` դատարկ սենյակում հետ ու առաջ քայլելով, ինքս էի հորինել ձայներիզի հերոսության հասնող խոստովանության ամբողջ բովանդակութ յունը, իբրեւ թե, տանը երկուսիս հայտնի մի տեղ ունեինք, ուր միշտ միմյանց համար նամակ կամ երկտող էինք թողնում, ահա, այնտեղից էի գտել ձայներիզը։
Կատվին էլ չգիտեի` ինչ եմ անելու։
Համարյա վստահ էի` եղբոր տանը պիտի լիներ, անընդհատ զանգահարում էի, սպառնալի հայհոյում, ընկալուչը դնում էին տեղը։
Մարոյի հեռանալ, տառապանքից պրծնելը` ժամանակավոր թեթեւություն էր բերել, բայց միաժամանակ զարկել էր իմ ամենա խոցելի տեղին։ Գիտակցությունը, որ այսուհետ իմ կյանքից ընդմիշտ է բացակայելու` երբեմն խելակորուսության էր մոտենում։
Մի օր էլ մնացի, որովհետեւ տան մեջ դեռ բուրմունք էր պահպանվում։ Մի օր էլ կատվի համար մնացի` չէր ցանկանում ինձ հետ էլ գալ։
Քաղաքում մի տեղից միտինգավորների բարձրախոսն էր խոսում։ Տուն գնալու ճանապարհին ուշ ժամի մտա խմբագրություն։ Հակահրդեհային մոմլաթե խողովակի վահանակի միջից վերցրի խմբագրի դռան թաքցվող բանալին, ներքին հեռախոսակապով զանգահարեցի ոստիկանության հերթապա հին` թերթի անունը տալով, խնդրեցի` միացնի նախարարին։
Լսեց, խոստացավ գործին հետեւել։
Մինչեւ լուսադեմ պատուհաններից նայելով անցկացրի, փողոցները խմբերով մարդիկ էին հատում, թեւատակերին փայտե կոթերով ծալծլված ցուցապաստառներ կային։
Զախար Մարգարյանը հայտնվեց․ տեսել էր` խմբագրության լույսերը վառվում են` եկել էր քաղաքականությունից խոսելու։ Ասում էր ․«Եթե ժամանակ ունես, առաջնորդների մասին այնպիսի բաներ հայտնեմ` մազերդ բիզ֊բիզ կանգնեն»։ Մերժեցի` անհետաձգելի հոդված գրելով զբաղված լինելս պատճառաբանելով։ Ասաց․զ«Մեկ է, լուսանալուն մի տեղ պիտիզսպասեմ»,— շտապելու էլ տեղ չունի, ընդունարանում կնստի, մինչեւ վերջացնեի։ Ասացի․ «Հետո էլ աշխատանքային ժամը կսկսվի, կարեւոր առանձնազրույց ունեմ խմբագրի հետ»։ Ասաց․ «Ափսոս,— ասաց,— եթե ուզես` մինչեւ տասն մեկը֊տասներկուսը կարող եմ սպասել, մեկ էլ տեսար շուտ պրծար»։ Լուրեր էին պտտվում, որ հրեա է, գեղանկարչությամբ, թե՞ լուսա նկար չությամբ էր զբաղվում, կինը մի իսրայելցու հետ էր փախել։ Ասաց․ «Փաստեր կարող եմ դնել սեղանիդ, շոգեբաղնիքում` առաջնորդների սեռական կյանքի մասին»։ Միանգամից` ոչ ասացի, ժամանակ չտալով` ուշքի գա, անջատեցի լույսերը, ինքն էլ ինձ հետ դուրս եկավ «Ափսոս»,— ասելով։
Տանը, Ռուզանը ճամպրուկները կապել, սպասում էր, որ ինչ ժամ էլ լիներ, աչքերիս մեջ ասածի ազդեցությունը ստուգելով հայտներ` էլ չի սիրում, միշտ խնդրում էի` վերջին խոսքը իրեն վերապահելու սովորույթը թարգեր, դարձյալ չէր անում։ Մթնով գնաց ընկերուհու մոտ գիշերելու․ մանկապարտեզում միասին դայակ էին աշխատում։
Լուսադեմին գնացքով շրջան պիտի հասներ` ծնողների տանը ապրելու։
Էմմայի հետ մեր բնակարանում վերջին գիշերն էինք մնալու։ Համալսարան էր ընդունվել, առավոտյան կգնար։ Ուշ ժամ էր, դարձյալ սուրճ խմեցինք, ինձ համար կոնյակ էի լցնում, սեւեռված` ձեռներիս էր նայում, ասաց․ «Հայրիկ, միայն թե դու չընկնես, քշիր, վրադ իջած օտարին։ Բոլորն էլ ասում են` լավ հանրակացարան է, կդիմանամ, ինչքան ասես, այնտեղ կսպասեմ քեզ, միայն թե, դու ուզենաս, որ ես սպասեմ։ Ես գիտեմ` քո մեջ մի ուժ կա, ինչ ուժ է, մարդու ուժերից վեր… Նրանով ավարտիր մեծածավալ գործդ` իմ իմացած բոլոր զարմանահրաշ աշխատանքներից ամենալավն է լինելու։ Մարոյի տունն էլ, մերն էլ նորից ետ կբերես, միայն թե մնաս, չթողնես` մեռնելը մոտիկ գա…»։
Առավոտյան, Էմմայի գնալուց հետո եկան բանալիները վերցնելու։ Անխափան հանդարտություն էր իջել, առավոտից իրիկուն խաղաղ մթնող օրվա մեջ էի։
Հետո, ուշ ժամի դարձյալ գնում էի խմբագրություն, հակահրդեհային մոմլաթե խողովակի վահանակի միջից խմբագրի թաքցվող բանալին էի վերցնում, ներքին հեռախոսակապով թերթի անունը տալով` ոստիկանության հերթապահին էի խնդրում` նախարարին միացնի։
Լսեց, խոստացավ գործին հետեւել։
Մինչեւ լուսադեմ պատուհաններից նայելով անցկացրի, փողոցները խմբերով մարդիկ էին հատում, թեւատակերին փայտե կոթերով ծալծլված ցուցապաստառներ կային։
Հետո, ուշ ժամի դարձյալ գնում էի խմբագրություն, հակա հրդեհային մոմլաթե խողովակի վահանակի միջից խմբագրի թաքցվող բանալին էի վերցնում, ներքին հեռախոսակապով թերթի անունը տալով` ոստիկանության հերթապահին էի խնդրում` նախարարին միացնի։
Լսում էր, խոստանում էր գործին հետեւել։
Լուսադեմին դուրս էի գալիս շենքից, մի ծանր ինքնաթիռ էր անցնում, ականջներիս մեջ դղրդում էր երկինքը։