«Գլուխ III (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «== Գլուխ III == Մրցումները սկսվեցին «Coleօ del toros»-ից, որը նշանակում է ցուլերի հետապնդում։ Իսկական ցլամ...»:) |
(Տարբերություն չկա)
|
14:03, 28 Հունիսի 2015-ի տարբերակ
Գլուխ III
Մրցումները սկսվեցին «Coleօ del toros»-ից, որը նշանակում է ցուլերի հետապնդում։ Իսկական ցլամարտերի հրապարակներ կան Մեքսիկայի միայն ամենախոշոր քաղաքներում. բայց յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր գյուղում կարելի է տեսնել ցուլերին հետապնդելու խաղը, որովհետև դրա համար միայն ընդարձակ տեղ ու հնարավորին չափ կատաղի ցուլ է պետք։ Այդ մրցախաղն այնքան կրքեր չի բորբոքում, որքան ցլամարտը, որովհետև այն ավելի պակաս վտանգավոր է մասնակիցների համար։ Սակայն այստեղ նույնպես հաճախ ցուլն իր պոզով վեր է բարձրացնում ձիուն կամ խեղում է հեծյալին։ Լինում են նաև մահացու դեպքեր։ Այլ դեպքում ձին է սայթաքում, և նրան ու հեծյալին տրորում է կրնկակոխ հետևող ցուլը։ Այդպիսի անկազմակերպ արշավում դժբախտ պատահարները սովորական բնույթ են կրում: Եվ այսպես, «coleo» ուժի, քաջության ու ճարպկության մրցում է, և նոր մեքսիկացի յուրաքանչյուր երիտասարդ այդ խաղում ձգտում է հաղթանակի։
Բոլոր նախապատրաստություններն ավարտվեցին և ազդարարվեց մրցման սկիզբը: Նախապատրաստական աշխատանքները պարզ էին. ամբոխին մի կողմ հրեցին այնպես, որ ազատ արձակված ցուլի համար բաց լինի դեպի պրերիա տանող ճանապարհը։ Եթե նրան չտրվի այդ հնարավորությունը, ապա նա կարող է նետվել ամբոխի վրա, իսկ դրանից պետք է զգուշանալ։ Վախից բազմաթիվ կանայք բարձրացել էին սայլերի վրա. իսկ սայլերն այստեղ բավականին շատ էին, որովհետև շատերը հենց դրանցով էին ժամանել այստեղ։ Ամֆիթատրոնի նստարաններին տեղավորված սինյորներն ու սինյորինաները, հասկանալի է, իրենց անվտանգ էին զգում։
Մրցակիցներն ահա արդեն շարքի կանգնեցին։ Այս առաջին արշավին պետք է մասնակցեն տասներկու երիտասարդ, ամենատարբեր դասերի ներկայացուցիչներ, որոնք առաջնակարգ հեծյալներ էին կամ իրենց այդպիսին էին երևակայում։ Դրանց մեջ են գեղեցիկ զգեստներով անասնապահներ, հանդուգն ձիավարներ, լեռներից իջած հանքափորներ, քաղաքացիներ, հովտից ժամանած հողատերեր, անասնապահական ֆերմայի հովիվներ, բիզոնների որսորդներ, որոնց տունն անծայրածիր խոտավետ տափաստանն է։ Այստեղ են նաև մի քանի ուլաններ, որոնք տենչում են ապացուցել, որ ոչ ոք իրենց հետ չի կարող համեմատվել ձիավարության արվեստում։
Ազդանշանը տրված է, և ցուլին բաց են թողնում հարևան կորալից։ Անմտություն կլիներ նրան կցել հետիոտն հետապնդողներ, ցուլին ուղեկցում էին լավ ձիերին հեծած հովիվները, որոնց լասսոները փաթաթվել էին գազանի պոզերին: Նրանք պատրաստ են, և եթե ցուլը փորձի ըմբոստանալ, նրբան անմիջապես գետին կտապալեն։
Ցուլը չար հրեշի տեսք ունի, ճակատը բրդոտ է, հայացքը՝ կատաղի ու մռայլ։ Հասկանալի է, որ նրան վերջնականապես կատաղեցնելու համար հարկավոր չէ շատ երկար բարկացնել. նա հենց հիմա էլ պոչով անհանգիստ շրմփացնում է իր կողերին, օդում թափահարում երկար ուղիղ պոզերը, ընդհատումներով փնչացնում ու սմբակով անհամբերությամբ ծեծում գետինը։ Ինչպես երևում է, դա իսպանական ցուլերի ամենակատաղի ցեղի ներկայացուցիչներից է։
Հանդիսականները հայացքները չեն հեռացնում ցուլից ու բարձրաձայն քննարկում են նրա արժանիքները։ Մի քանիսը գտնում են, որ չափից ավելի ճարպակալած է, մյուսները պնդում են, որ, ընդհակառակը, մրցումների համար նա լավ ձևի մեջ է, չէ՞ որ «coleo»-ի համար ցուլը պետք է ոչ այնքան համարձակ, որքան արագավազ լինի։ Համաձայնության չգալով, շատերը գրազ են բռնում մրցման ելքի համար, վիճում այն մասին, թե որքան ժամանակ կանցնի ստարտից մինչև այն պահը, երբ ցուլին կբռնեն ու գետին կտապալեն, դրանով է ավարտվում մրցավազքը, հենց դա է խաղի նպատակը։
Եթե ուշադրության առնվի այն հանգամանքը, որ ընտրրված է ամենալավ, ուժեղ, արագավազ ու կատաղի ցուլը, և որ հետապնդողը նրա հետ պետք է հաշիվ մաքրի դատարկ ձեռքերով, չդիմելով նույնիսկ լասսոյի օգնությանը, ապա չի կարելի չհամաձայնվել, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Ցուլն առաջ է նետվում բուռն թափով, համարյա քառատրոփ վազող ձիու արագությամբ։ Այդ պայմաններում նրան գետին տապալելու համար պետք է սխրանք կատարել, որին ընդունակ է միայն արտակարգ ուժի ու ճարպկության տեր մարդը, գերազանց ձիավարը։ Այդ յուրահատուկ սխրագործությունը կայանում է նրանում, որ հետապնդողը պետք է բռնի ցուլի պոչից ու մի շարժումով տապալի նրան։ Այո, դա այնքան էլ դյուրին գործ չէ։
Ցուլին երկու հարյուր յարդ հեռացրին հեծյալների շարքից և այդտեղ կանգնեցրին: Նրա առաջ փռվել էր կանաչ խոտավետ տափաստանը։ Լասսոները, որոնց օգնությամբ նրան պահում էին, այժմ զգուշությամբ հանում են, երկուերեք անգամ կրակում օդաձիգ հրացանից, սրածայր նետերը խրում են նրա գավակի մեջ՝ և հանդիսականների բարձրաձայն բացականչությունների ներքո նա սլանում է դեպի տափաստանը։
Մի ակնթարթ, և հեծյալները, խթանելով ձիերին, առաջ են նետվում նրա ետևից՝ բղավելով ով որքան կարող է։
Շարքը ճեղքված է, հետապնդողները, կարծես աղվես որսալիս, անկանոն ցրվել են ամբողջ մարգագետնով մեկ։ Րոպե առ րոպե հետապնդողների շղթան ավելի է երկարում, նրանք մրցավազքը սկսեցին մեկ շարքով, իսկ այժմ այդ շարքն այնքան է ձգվել, որ հարյուրավոր յարդերի վրա կա մեկ կամ երկու հեծյալ։ Եվ, այնուամենայնիվ, նրանք շարունակում են հետապնդումը՝ ամբողջ ուժով մտրակելով, խթանելով ու քշելով ձիերին։
Կողերին ցցված սրածայր նետերից կատաղած նրանց փետուրների սուլոցից սարսափահար եղած ցուլն առաջ էր խոյանում ամբողջ թափով։ Նույնիսկ ամենաարագավազ նժույգով այնքան էլ հեշտ չէր զրոյի հավասարեցնել այն ֆորան, որ նա սկզբից էր ձեռք բերել, և ցուլը մի ամբողջ մղոն առաջ էր անցել բոլորից։ Բայց ահա վիթխարի դեղնավունկարմիր ձիուն հեծած ուլանը հասավ նրան ու վերջապես բռնեց նրա պոչից: Նա ձգեց մեկ անգամ, երկու անգամ, հույս ունենալով թե միայն իր ձեռքերի ուժը բավական է կենդանուն տապալելու համար։ Բայց գա նրան չհաջողվեց. հաջորդ ակնթարթին ցուլը դուրս պրծավ նրա ձեռքերից ու մի կողմ նետվեցի ետևում թողնելով հետապնդողին։
Այժմ ցուլին հասավ հիանալի ձիուն հեծած հասիենդադոն. բայց ամեն անգամ, հենց որ նա ձեռքը մեկնում էր ցուլի պոչը բռնելու, վերջինս փախչում էր ուղղակի նրա քթի տակից։ Վերջապես հեծյալին հաջողվեց բռնել ցուլի պոչից, բայց նա անսպասելիորեն մի կողմ նետվեց, պոչը պոկեց թշնամու ձեռքերից ու չքացավ։ «Coleo»ի պայմաններից մեկն այն էր, որ մասնակիցներից նա, ով անհաջողություն է կրում, դուրս է գալիս խաղից։ Եվ այսպես, հասիենդադոն ու փորձված հեծելակն արդեն չեն մասնակցում հետապնդմանը: Նրանք ետ դարձան, բայց չգնացին այնտեղ, ուր հանդիսատեսներն էին հավաքված: Նրանք հնարավորին չափ հեռու գնացին, որպեսզի ոչ ոք նրանց դեմքի վրա չկարողանա կարդալ խոր հուսախաբությունը։
Ցուլն ավելի ու ավելի էր հեռու սլանում, իսկ անհամբեր, ոգևորված հեծյալները՝ նրա ետևից։ Ուլաններից մեկն էլ փորձեց բռնել ցուլին, բայց դարձյալ անհաջողություն կրեց. նրանից հետո մի հովիվ փորձեց, ապա նոր ու նոր ձիավորներ, ու բոլորն էլ անհաջող, և ամեն մի անհաջողություն ամբոխի կողմից ընդունվում էր հուսախաբության հառաչով։ Մի քանի մարդ վայր ընկան թամբերից, և հանդիսականները բարձր ծիծաղեցին նրանց վրա։ Իսկ մի ձի ծանր վիրավորվեց. նա հայտնվեց ցուլի ճանապարհին, և վերջինս պոզահարեց նրան։
Դեռ տասը րոպե էլ չէր անցել, երբ տասներկու հեծյալներից տասնմեկն արդեն դուրս էին եկել խաղից։
Այժմ միայն մեկն է շարունակում հետապնդումը։ Ցուլը շատ լավն էր, նա արդեն գրավել էր բոլորի համակրանքը, և հանդիսականները ուժգին ծափահարում էին նրան։
– Բռավո, բռավիսիմո,– լսվում է ամեն կողմից:
Այժմ բոլորի հայացքները սևեռած են մոլեգնած կենդանու և նրա միակ հետապնդողի վրա: Նրանք երկուսն էլ հիմա բավականին մոտ են և նրանց կարելի է լավ տեսնել. չէ՞ որ մինչև այժմ ցուլը դեպի տափաստանն էր սլանում ուղիղ գծով, բայց մեկ աջ, մեկ ձախ նետվելով, նրա ու բազմության միջև եղած հեռավորությունը հիմա ավելին չէ, քան այն ժամանակ, երբ նրան հասավ առաջին փորձված հեծելակը։ Նա հիմա էլ այս ու այն կողմ է նետվում, այնպես որ նրանք, երկուսն էլ (հետապնդողն ու հետապնդվողը) լավ երևում են նստարաններից:
Բավական է մեկ անգամ նայեք այս հեծյալին ու նրա ձիուն, և կհամոզվեք, որ այստեղ նրանք ամենագեղեցիկն են։ Կգերազանցեն արդյոք նրանք բոլորին նաև արագությամբ ու ճարպկությամբ։ Ժամանակը ցույց կտա։
Այդ ձին խոշոր, մուգ սև մուստանգ է երկար ու փարթամ պոչով, որը վազող աղվեսի պոչի նման վերջում նեղանում է։ Չնայած նա քառատրոփ առաջ է սլանում, բայց հարթ մարգագետինների վրա լավ երևում է նրա կոր պարանոցն ու փառավոր, հպարտ կեցվածքը, և հանդիսականները ողջունում են հիացմունքի բացականչություններով։
Հեծյալը քսան տարեկան կամ մի քիչ ավելի կլինի, նա բոլորովին նման չէ իր մրցակիցներին. մազերը բաց գույնի են ու գանգուր, մաշկն սպիտակ է՝ թեթևակիորեն կարմրած։ Մնացած բոլորն առանց բացառության թխադեմ են: Նա հագել է անասնապահի գեղեցիկ կարված ու զարդարված զգեստ, իսկ սովորական սերապեի փոխարեն վրան գցել է ծիրանագույն թիկնոց, որն ավելի նուրբ է ու գեղեցիկ։ Թիկնոցի երկար փեշերը ետ են ծալված, որպեսզի ձեռքերն ավելի ազատ լինեն, և այդ փեշերը խաղալով քամու հետ, իջնում են նուրբ ծալքերով՝ առավել ընդգծելով գեղեցկությունը, որով հեծյալն իրեն պահում է թամբի վրա։
Այդ հոյակապ հեծյալի անսպասելի հայտնվելը (սկզբում նա ամենավերջինն էր. թևին էր գցել իր վառ կարմիր թիկնոցն ու աննկատ էր) գրավեց բոլորի ուշադրությունը և, շատերն էին հարցնում նրա ով լինելը։
– Դա Կառլոսն է, որսորդը բիզոնների,– բղավեց, ներկաներից մեկն այնքան բարձր, որ բոլորը լսեն։
Որոշ մարդկանց, հավանաբար, այդ անունը ծանոթ էր, բայց շատերն առաջին անգամ էին լսում: Նրան ճանաչողներից մեկը հարցրեց.
– Իսկ ինչո՞ւ Կառլոսն ավելի շուտ առաջ չնետվեց։ Չէ որ նա ցանկության դեպքում կարող էր հասնել ցուլին։
– Սատանան տանի։ Իհարկե, կարող էր,– արձագանքեց մեկ ուրիշը։– Նա դիտմամբ ետ էր մնում, որպեսզի մյուսները կարողանային իրենց բախտը փորձել: Նա գիտեր, որ այդ ցուլի հետ ոչ ոք չէր կարող գլուխ հանել: Հապա մի նայեք:
Այդ բառերի հեղինակն, անկասկած, չէր սխալվում:
Հենց առաջին հայացքից պարզ դարձավ, որ այդ հեծյալն առանց դժվարության կարող էր հասնել ցուլին: Նույնիսկ հիմա էլ նրա ձին առաջ էր գնում հանգիստ վազքով և չնայած վերջինս սրել է ականջներն ու ուռցրել վարդագույն ռունգները, բայց դա նշան է ոչ թե հոգնածության, այլ հետապնդումից առաջացած լարվածության ու այն դժգոհության, որ հեծյալը մինչև հիմա իրեն ազատություն չի տվել։ Եվ իսկապես, նա դեռ պինդ ձգած էր պահում սանձը։
Այն վայրկյանին, երբ զրուցակիցներից մեկը հուզված բացականչեց. «Հապա մի նայեք», հեծյալի հանգստությունը խախտվեց: Նա իր կենդանի նպատակից մոտավորապես քսան քայլի վրա էր և ուղիղ նրա ետևում։ Անսպասելիորեն, կրկնապատկված արագությամբ ձին առաջ նետվեց և մի քանի ցատկով հավասարվեց ցուլին։ Բոլորը տեսան, թե ինչպես հեծյալը բռնեց ցուլի երկար ձգված պոչից, առաջ թեքվեց ու անմիջապես միանգամից ուղղվեց, վիթխարի պոզավոր գազանը փռվեց գետնին։ Հեծյալն այդ ամենն այնպիսի թեթևութամբ արեց, որ կարծես ոչ թե ցուլի, այլ սովորական կատվի հաղթեց։ Հանդիսականները կարծես պայթեցին «viva» բարձրաձայն բացականչություններով։ Հաղթողը շրջեց ձիուն, համեստորեն խոնարհվելով, անցավ նստարանների մոտով ու չքացավ ամբոխի մեջ։
Հանդիսականներից շատերին թվաց, թե հաղթողը խոնարհվելիս հայացքն ուղղեց չքնաղ Կատալինա դը Կրուսեսին. իսկ շատերը նույնիսկ հավատացնում էին, որ գեղեցկուհին, որպես պատասխան նրան, ժպտաց, հավանաբար, հրապուրվեց, բայց դա, իհարկե, հնարավոր չէ։ Մի՞թե հարուստ դոն Ամբրոսիոյի ժառանգուհին ժպիտով կպատասխաներ ինչոր որսորդի ողջույնին։
Բայց հանդիսատեսուհիների մեջ կար մեկը, որն իսկապես ժպտում էր նրան։ Դա սպիտակավուն մաշկով մի շիկահեր աղջիկ էր. նա կանգնած էր այն սայլի վրա, որին մոտենում էր հաղթողը։ Եվ հիմա, երբ նրանք արդեն իրար կողքի էին, երևում էր, որ ինչպես ջրի երկու կաթիլ նրանք նման են իրար: Նրանց երակներով նույն արյունն էր հոսում՝ նույն գույնի մաշկ ունեին, նրանք նույն ժողովրդի, գուցե նույն հոր զավակներ էին։ Այո, շիկահեր աղջիկը բիզոնների որսորդի քույրն էր: Նա ժպտում էր՝ երջանկացած եղբոր հաղթանակով։
Նույն սայլի խորքում մի կին էլ կար նստած, որի արտաքինն անմիջապես ուշադրություն էր գրավում, նա ծեր էր երկար, արձակված մազերով, որոնք սպիտակ էին, ինչպես ձյունը: Նա չէր խոսում, բայց Կառլոսին ուղղված նրա սևեռուն հայացքը փայլում էր հրճվանքից։ Ոմանք նրան նայում էին հետաքրքրությամբ, բայց մեծամասնությունը վախով, գրեթե սարսափած: Նրանք ինչոր բան գիտեին նրա մասին ու փսփսալով խորհրդավոր լուրեր էին հաղորդում իրար։ – Նա կախարդ է,– ասում էին նրանք։– Վհուկ։
Մարդիկ դա շշուկով, ցածրաձայն էին ասում՝ վախենալով, որ դա կարող են լսել, Կառլոսը կամ շիկահեր աղջիկը։ Չէ՞ որ նա նրանց մայրն էր: