«Գլուխ XLV (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «== Գլուխ XLV == Փակվող դռան չխկոցը, որը Կատալինան լսել էր միջանցքով ետ վերադառնալիս, նրան չէր թվացել:...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 00:29, 29 Հունիսի 2015-ի դրությամբ
Գլուխ XLV
Փակվող դռան չխկոցը, որը Կատալինան լսել էր միջանցքով ետ վերադառնալիս, նրան չէր թվացել: Այդ պահին իսկապես փակեցին դուռը, այն դուռը, որը տանում էր դեպի սպասուհիների ննջարանը։ Եթե Կատալինան փոքր-ինչ շտապեր, ապա կտեսներ, թե ինչպես ինչ-որ մեկը երևաց բակում ու այդ դռնով ներս մտավ։ Բայց Կատալինան ուշացավ։ Դուռն արդեն փակվել էր և շրջապատում ամեն ինչ լուռ էր։ «Ըստ երևույթին, դա թվաց ինձ»,– մտածեց նա։
Բայց ոչ, դա նրան չէր թվացել։ Հենց որ ընտանիքի անդամները ցրվեցին իրենց ննջարանները, Կատալինայի ննջարանի դռան ետևից սկսեցին հետևել նրան։ Վարագուրապատ ապակուց դուրս ընկած լույսի բարակ շերտից հայացքը չէր հեռացնում Վիսենսան։
Դեռ երեկոյան սպասուհին ոչ երկարատև բացակայելու թույլտվություն խնդրեց: Նրան չմերժեցին: Նա բացակայեց մոտավորապես մեկ ժամ։ Զինվոր Խոսեն նրան տարավ Ռոբլադոյի մոտ և այնտեղ նրանք ամեն ինչ պայմանավորվեցին։
Վիսենսային հրամայված էր հետևել, թե երբ է սինյորինան դուրս գալիս տանից, իսկ հետո գնալ նրա ետևից մինչև, գաղտնի տեսակցության վայրը։ Իմանալով այդ տեղը, նա պետք է անմիջապես վազեր այնտեղ, ուր նրան պիտի սպասեին Ռոբլադոն ու զինվորները, և իսկույն նրանց բերեր սիրահարների մոտ։ Ռոբլադոն գտել էր, որ դա գործելու ամենաճիշտ պլանն է և հոգ էր տարել այն մասին, որպեսզի այդ պլանն իրագործվի։
Սպասուհիների ննջարանի դուռը գտնվում էր հենց Կատալինայի սենյակի դիմաց։ Բանալու անցքից Վիսենսան տեսավ, որ լույսը հանգելուն պես սինյորինան դուրս սահեց պատիո։ Վիսենսան սպասեց, մինչև նա դուրս եկավ միջանցք։ Այնուհետև, կամացուկ բացելով դուռը, թաքնվեց նրա ետևում։
Հենց այն պահին, երբ սինյորինան բաց արեց պարտեզի դռները, Վիսենսան ծպտված կանգնել էր միջանցքի մուտքի պատի մոտ։ Լսելով, որ Կատալինան վերադառնում է (նրան մատնել էր քայլերի ձայնը), խորամանկ լրտեսուհին դեպի սպասուհիների սենյակը փախավ ու իր ետևից փակեց դուռը։
Նա անմիջապես չէր համարձակվում նորից դուրս գալ, բայց ստիպված եղավ, չէ՞ որ բանալու անցքով այժմ հնարավոր չէր տեսնել։ Այնուամենայնիվ, Վիսենսան նայեց նրա միջով, բայց տիրուհին չվերադարձավ, նշանակում է, նա առաջ դեպի պարտեզ է գնացել: Եվ նորից Վիսենսան կամացուկ բաց արեց դուռն ու դուրս սողաց ննջարանից: Նա թաթերի վրա մոտեցավ միջանցքին ու գաղտագողի հայացք նետեց։ Այնտեղ արդեն մութ չէր։ Դարպասը բաց էր մնացել և լուսնի լույսը ողողել էր ամբողջ միջանցքը։ Կասկած չկար, որ սինյորինան դուրս է եկել և այժմ պարտեզում է։
Բայց արդյո՞ք պարտեզում։ Վիսենսան հիշեց կամրջակի մասին: Նա գիտեր, որ իր տիրուհու մոտ պարտեզի դռան բանալին կա և նա հաճախ ցերեկով, և նույնիսկ գիշերով, գնում է գետի այն կողմը զբոսնելու։ Գուցե սինյորինան այս անգա՞մ էլ է կամրջով անցել այն կողմը։ Գուցե այժմ նա արդեն հեռվո՞ւմ է, գետի մյուս ափին... Իսկ ի՞նչ կլինի, եթե չկարողանա իմանալ, թե որ կողմն է գնացել իր տիրուհին և փչացնի ամբողջ գործը։
Այդ միտքը գլխում ծագելուն պես, Վիսենսան միջանցքով նետվեց դեպի պարտեզ և, կռանալով, ամբողջ ուժով վազեց շավիղով։
Մրգի ծառերի ու ծաղկաթմբերի մեջ ոչ մեկին չտեսնելով, նա կարող էր հույսը կորցնել, բայց պարտեզի ծայրին ընկած խիտ մացառուտը նրան հուսադրում էր։ «Ահա տեսակցության ամենահարմար տեղը»,– միանգամայն ճիշտ դատեց նման գործերում փորձված Վիսենսան:
Բայց մացառուտին մոտենալն այնքան էլ հեշտ չէր։ Ծաղկաթմբերի և այդ մացառուտի միջև կանաչ բացատ էր ընկած։ Եթե այնտեղ, մացառուտում, որևէ մեկը կա, ապա նա անպայման կնկատի մոտեցող մարդուն. չէ՞ որ պայծառ լուսինն իր լույսը սփռել է չորս կողմը։ Վիսենսան իսկույն հասկացավ այդ ու կանգնեցի մտածելով, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է այնտեղ հասնել։
Թվում էր, թե դրա համար մի միջոց կար։ Բարձր ցանկապատը բացատի վրա մի քանի ոտնաչափ լայնությամբ ստվեր էր գցել։ Իսկ ինչո՞ւ չթաքնվել այդ ստվերում ու աննկատելիորեն մոտենալ մացառուտին։ Աղջիկը որոշեց փորձել այդ:
Մետիսներին հատուկ հնարամտությամբ նա պառկեց գետնին ու առաջ սողաց։ Այդպես նա հասավ մացառուտի եզրին ու դուրս եկավ հենց կանաչ տաղավարի ետևը։ Այստեղ նա կանգ առավ, բարձրացրեց գլուխն ու նայեց սաղարթների արանքով: Նա տեսավ այն, ինչ ուզում էր։
Կատալինան կանգնել էր կամրջի վրա, որ բարձր էր այն տեղից, որտեղ պառկած էր մետիսուհին, և նրա ստվերապատկերը գծագրվել էր կապույտ երկնքի ֆոնի վրա։ Վիսենսան տեսավ վեր պարզած սպիտակ թաշկինակն ու գլխի ընկավ, որ դա ազդանշան է: Նա տեսավ այդ ազդանշանի պատասխան առկայծումը, տեսավ, թե ինչպես իր տիրուհին բաց արեց կողպեքն ու հրեց դուռը։
Խորամանկ լրտեսուհին այլևս չէր կասկածում, որ տեսակցությունը տեղի է ունենալու մացառուտում. նա կարող էր վերադառնալ և այդ լուրը հայտնել Ռոբլադոյին։ Բայց Ռոբլադոն պարզորոշ կերպով նրան հրամայել էր չհեռանալ, քանի դեռ սեփական աչքերով պայմանավորված տեղում չտեսնի սիրահարների հանդիպումը։ Այդ պատճառով նա սկսեց սպասել նրանց հետագա գործողություններին։
Նկատելով ծանոթ սպիտակ թաշկինակը, Կառլոսը, որպես պատասխան, վառեց մի պտղունց վառոդ: Նա ժամանակ չկորցրեց: Մի պահ մոտեցավ ձիուն և նրա ականջին այնպիսի բառեր շշնջաց, որ վերջինս հիանալի հասկացավ։ Որսորդը դուրս եկավ մացառուտից։ Բիզոնը կրնկակոխ հետևեց նրան. նա պառկեց գետափին։ Մի վայրկյան ևս՝ և սիրահարները հանդիպեցին։
Վիսենսան պառկել, ամուր սեղմվել էր գետնին և հեռվից հետևում էր նրանց։ Լուսինը լուսավորում էր նրանց դեմքերը այդ լույսի տակ պարզորոշ երևում էին Կառլոսի սպիտակ դեմքն ու գանգուր մազերը։ Աղջիկը ճանաչում էր բիզոնների որսորդին, այո, այդ նա էր։
Նա տեսավ այն ամենը, ինչ պետք էր Ռոբլադոյին։ Տեսակցության վայրն այստեղ է՝ պարտեզի ծայրին։ Մնում էր միայն վերադառնալ սպայի մոտ ու հայտնել նրան այդ մասին։
Նա արդեն պատրաստվում էր ետ սողալ, երբ հանկարծ, ի սարսափ նրա, տեսավ, որ սիրահարները մացառուտով գալիս են ուղիղ դեպի այն տաղավարը, որի ետևում թաքնվել է ինքը:
Նրանք կարծես ուղիղ դետի Վիսենսան էին գնում։ Եթե նա ոտքի կանգներ կամ փորձեր սողալ, նրանք անպայման կնկատեին իրեն։
Ընտրություն չէր կարող լինել. պետք էր մնալ տեղում, ծայրահեղ դեպքում այնքան ժամանակ, մինչև որ այնտեղից ծլկելու լավագույն հնարավորություն կլիներ։ Ու Վիսենսան նորից կծկվեր տերևների ստվերի տակ։
Փոքր-ինչ անց սիրահարները տաղավար մտան ու նստեցին այդ մեկուսի անկյունում դրված նստարանին։