«Գլուխ XIII (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «== Գլուխ XIII == Մյուս օրը նա որսը սկսեց նոր եռանդով։ Չէ՞ որ այժմ կարելի է փոխադրել ամբողջ հայթայթված...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 00:32, 29 Հունիսի 2015-ի դրությամբ

Գլուխ XIII

Մյուս օրը նա որսը սկսեց նոր եռանդով։ Չէ՞ որ այժմ կարելի է փոխադրել ամբողջ հայթայթվածը, որքան էլ որ այն շատ լինի։ Մորթիները կամ ապխտած միսը պրերիայում թողնելու վտանգն այլևս չկա: Նա այժմ երեսունհինգ ջորի ունի, հաշված նաև նրանք, որոնցով նա այստեղ է եկել, և երեք սայլակ։ Դրանցով կարելի է պատկառելի, մի քանի հարյուր դոլար արժողությամբ բեռ փոխադրել։

Նրան նույնպես հաջողվեց հնդկացիներից ձեռք բերել մի քանի այնպիսի մորթիներ, որոնք նրանց համար որպես հագուստ էին ծառայում։ Դրանց դիմաց նա հնդկացիներին տվեց այն ամենը, ինչ նրանց դուր էր գալիս նույնիսկ իր և իր մարդկանց բաճկոնների կոճակները, սոմբրերոների ոսկե ժապավեններն ու շողշողացող ժապավենաթելերը, մի խոսքով այն ամենը, ինչ փայլփլում էր։

Կառլոսը, զենքից բացի, պատրաստ էր ամեն ինչից հրաժարվել։ Իսկ հնդկացիներին զենքը նույնիսկ չէր էլ հրապուրում: Նրանք զինված էին գրեթե նույնպիսի աղեղներով, ու լասսոներով, որով պատրաստում էին հենց իրենք։ Նրանք, իհարկե, հրացան կգնեին, բայց Կառլոսն այն չէր փոխի նույնիսկ քսան ջորու հետ։

Մեկերկու օր էլ Կառլոսը շարունակեց որսը: Նա նկատեց, որ բիզոնները, ժամ առ ժամ ավելի անհանգիստ ու երկչոտ են դառնում: Նա նույնիսկ տեսավ, որ հոտը հյուսիսից դեպի հարավ է փախչում։ Իսկ չէ որ վակոները որս էին անում նրա ճամբարից դեպի հարավ ընկած տարածություններում։ Ո՛չ, կենդանիները նրանցից չէին փախչում։ Եթե այդպես է, հապա ումի՞ց...

Հնդկացիների հետ առևտուր անելուց հետո երրորդ գիշերն էր։ Կառլոսն ու նրա մարդիկ քնեցին: Հերթապահում էր Անտոնիոն, իսկ կեսգիշերին նրան պետք է փոխարիներ պեոններից մեկը։

Մետիսի քունը տանում էր: Նա հոգնել էր բիզոններին հետապնդելուց։ Հերթապահությանը մնում էր կես ժամ և նա մի կերպ, պաշտպանվում էր իրեն հաղթող քնից, երբ այն կողմից, որտեղ արածում էին ջորիները, փնչոց լսվեց։

Անտոնիոն անմիջապես սթափվեց։ Ականջը դրեց գետնին ու սկսեց լսել։ Սույն կողմից նորից փնչոց լսվեց, միայն այս անգամ ավելի բարձր, հետո՝ նորից ու նորից, մեկը մյուսի ետևից։

«Սա ի՞նչ բան է։ Կոյոտնե՞ր։ Գուցե ա՞րջ է։ Պետք է տիրոջն իմաց տալ»,– մտածեց Անտոնիոն։

Անաղմուկ մոտենալով քնած Կառլոսին, Անտոնիոն թեթևակիորեն շարժեց նրա ուսը։ Թույլ հպումը բավական էր, որպեսզի որսորդն արագ վերցներ հրացանն ու տեղից վեր թռչեր։ Վտանգի դեպքում, երբ սպառնում էր հնդկացիների հարձակումը, նա միշտ ձեռքն էր առնում այդ զենքը։ Աղեղը նա օգտագործում էր միայն որսի ժամանակ։

Մի քանի հապճեպ խոսք փոխանակելուց հետո, Կառլոսն ու Անտոնիոն արթնացրին պեոններին ու հինգով պատրաստվեցին կռվի: Նրանք դուրս չեկան սայլակներից, որոնք այնպես էին դասավորված, որ ստացվել էր ոչ մեծ եռանկյուն փարախ հիշեցնող ինչ-որ բան։ Բարձր թափքերը նրանց հուսալիորեն պաշտպանում էին թշնամու նետերից։ Խարույկներ չվառվեցին և հեռվից ճամբարը բոլորովին աննկատելի էր։ Բացի դրանից, սայլակները կանգնած էին ճամբարը օտար հայացքներից թաքցնող թթենիների խիտ ստվերի տակ։ Բայց դրա փոխարեն սայլակներում թաքնված մարդկանց համար լավ տեսանելի էր առջևում փռված պրերիան։ Եթե չլինեին այստեղայնտեղ սևին տվող պուրակները, ապա վերից վար կարելի էր տեսնել ամբողջ հովիտը, նրա բոլոր ծայրերը։ Բայց այդ պուրակներում կարող էին թաքնվել թշնամիները։

Որսորդները լուռ, լարված ականջ էին դնում։ Մի պահ նրանց թվաց, թե ինչ-որ ստվեր մոտենում է ջորիների երամակին, որոնք, կապված, արածում էին սայլակներից մոտավորապես հարյուր յարդ հեռավորության վրա։ Բայց խավարում դա պարզապես կարող էր թվալ։ Այնուամենայնիվ, ինչ էլ որ լիներ, շարժվում էր շատ դանդաղ. նույնիսկ երբեմն թվում էր, թե այն կանգնած է։

Վերջապես Կառլոսը որոշեց մոտենալ ու նայել, թե ինչ է դա: Նա զգուշորեն դուրս սահեց փարախից ու սողաց դեպի ջորիները։ Անտոնիոն հետևեց նրան։ Մոտենալով խավար առարկային, նրանք պարզ տեսան, որ այն շարժվում է։

– Հապա մի նայիր, սա ի՞նչ բան է,– շշնջաց որսորդը։

Այդ պահին ջորիները նորից փնչացրին, նրանցից մի քանիսը սկսեցին սմբակները գետնին խփել. կարծես ինչ-որ մեկը վախեցրել է նրանց:

– Կարծում եմ արջ է,– շարունակեց Կառլոսը։– Նման է: Նա այնպես է վախեցնում ջորիներին, որ նրանց ետևից չես հասնի... Մի կրակոց՝ և ամեն ինչ կխաղաղվի։

Այդ խոսքերն արտասանելիս Կառլոսը բարձրացրեց հրացանն ու, նշան բռնելով, որքան դա թույլ էր տալիս գիշերային խավարը, ձգեց շնիկը։

Կրակոցը կարծես դժոխքից դուրս կանչեց բոլոր չոր ոգիներին։ Միանգամից ոռնացին հարյուրավոր ձայներ, հարյուրավոր ձիեր սմբակներով ծեծեցին գետինը. երամակը շարժվեց։ Ջորիները ուժգին բղավում ու մոլեգնորեն ձգում էին կապերը։ Ահա նրանք արդեն պոկեցին կապանքներն ու կատաղի քառատրոփով սլացան դեպի հովտի հեռուները։ Իսկ նրանց ետևից կրնկակոխ սլանում էին խավարում հազիվ նշմարելի հեծյալները։ Կառլոսը զարմանքից դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ ջորիների ու հնդկացիների հետքն անգամ արդեն չկար։

Կարծես ջորիները չէին էլ եղել։ Հենց նոր այստեղ արածում էր մի ամբողջ երամակ, իսկ հիմա՞՝ նույնիսկ ոչ մի ջորի։

– Փախան,– ինքն իրեն խոսեց Կառլոսը։– Իմ խեղճ ջորիներ... Բոլորին քշեցին, բոլորին... Անիծյալ լինեին այդ խաբեբաները։

Նա ամենևին չէր կասկածում, որ կողոպտիչները վակոներըն են, այն նույն հնդկացիները, որոնցից նա դնել էր ջորիները: Նա գիտեր, որ նման դեպքերը պրերիայում սովորական երևույթ են։ Վաճառականներին հաճախ են կողոպտում այդ ձևով և նրանք արդեն վարժվել են նույն ջորին երկու անգամ գնել այն նույն հնդկացիներից, որոնք գողացել են այն։

– Անիծյալ խաբեբաներ,– զայրույթով կրկնեց Կառլոսը։– Ահա թե ինչու էին նրանք այդքան առատաձեռն ու մեծահոգի։ Ստոր վախկոտների նման նրանք պարզապես պայմանավորվել էին կողոպտել ինձ։ Բացեիբաց այդ չէին կարող անել։ Անիծյալնե՜ր։ Այժմ ես կործանված եմ։

Զայրույթ ու վիշտ կար նրա վերջին խոսքերում։

Իրականում որսորդն աննախանձելի դրության մեջ էր: Նրան երջանկացնող բոլոր հույսերը մի ակնթարթում հօդս ցնդեցին: Նա զրկվեց այն ամենից, ինչ ուներ, կորցրեց այն բոլորը, ինչի համար ձեռնարկել էր այս ճանապարհորդությունը։ Որքան տանջանքներ ու վտանգներ տարավ նա ճանապարհին. և բոլորն իզուր: Նա տուն կվերադառնա դատարկաձեռն, առավել աղքատ, քան կար։ Չէ որ նրա սեփական հինգ ջորիներն էլ կորան մնացածների հետ միասին։ Եզները, հավատարիմ ձին ու սայլակները՝ ահա այն բոլորը, ինչ մնացել էր։ Դա հազիվ բավական էր հետդարձի պարենը բեռնելու համար, ուրիշ ոչ մի բեռ, մորթիների ոչ մի կապոց, մսի ոչ մի պաշար՝ բացի նրանից, որով պետք է սնվեին նա ու նրա ուղեկիցները։

Այդ բոլոր մտքերը Կառլոսի գլխում ծագեցին այն կարճատև րոպեների ընթացքում, երբ նա կանգնել ու սառած հայացքով նայում էր դեպի այն կողմը, ուր սլացան կողոպտիչները: Նա նույնիսկ չփորձեց հետևել նրանց։ Դա ոչ միան անօգտակար, այլև վտանգավոր կլիներ։ Իր հոյակապ ձիով նա կարող էր հասնել նրանց, բայց այդ դեպքում նա միայն իր վախճանը կգտներ նրանց նիզակների սուր ծայրերի վրա։

– Անիծյալ խաբեբանե՜ր,– նորից կրկնեց նա։

Այնուհետև որսորդը ոտքի կանգնեց, ետ գնաց դեպի փարախը և կարգադրեց ավելի մոտեցնել եզներին ու ամուր կապել սայլերից. չէ որ հնդկացիների որևէ ետ մնացած խումբ կարող է նորից հարձակվել նրանց վրա։

Քանի որ քնելը վտանգավոր էր, ապա Կառլոսն ու նրա ուղեկիցները այլևս չպառկեցին և արթուն մնացին ամբողջ գիշերը մինչև լուսաբաց։