«Ծերունին և ծովը»–ի խմբագրումների տարբերություն
(→Գ) |
|||
Տող 2. | Տող 2. | ||
|վերնագիր = Ծերունին և ծովը | |վերնագիր = Ծերունին և ծովը | ||
|հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]] | |հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]] | ||
− | |թարգմանիչ = | + | |թարգմանիչ = Վ. Միքայելյան (ռուսերենից) |
− | |աղբյուր = | + | |աղբյուր = [[«Ծերունին և ծովը»]] |
}} | }} | ||
Ընթացիկ տարբերակը 16:39, 30 Հունիսի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ |
Ա
Ծերունին իր նավակով, բոլորովին մենակ, ձուկ էր որսում Գոլֆսթրիմում։ Ութսունչորս օր էր, ինչ նա ծով էր դուրս գալիս ու ո՛չ մի ձուկ չէր բռնում։ Սկզբում՝ քառասուն օր, նրա հետ էր լինում մի տղա։ Բայց որովհետև ամեն օր վերադառնում էր առանց որսի, տղայի ծնողներն էլ ասացին նրան, որ ծերուկը հիմա արդեն անկասկած salao է, այսինքն՝ «ամենաձախորդ մարդը», և հրամայեցին ծով դուրս գալ մի ուրիշ նավակով, որը իսկապես երեք լավ ձուկ բերեց հենց առաջին շաբաթը։ Սրտի ցավով էր տղան տեսնում, թե ինչպես ծերունին ամեն օր ձեռնունայն է վերադառնում, և ափ էր գնում, որպեսզի օգնի նրան տուն տանելու պարանները կամ կեռաձողը, հարպունն ու կայմի շուրջը փաթաթված առագաստը։ Առագաստը ամբողջովին կարկատված էր պարկերի կտորտանքով և փաթաթված վիճակում թվում էր ջախջախված գնդի դրոշ։
Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։
Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։
— Սանտյա՜գո,— ասաց տղան նրան, երբ երկուսով վեր էին բարձրանում ծովափից, որտեղ ցցից կապված էր նավակը,— հիմա ես նորից կարող եմ քեզ հետ ծով դուրս գալ։ Մենք արդեն մի քիչ փող ենք վաստակել։
Ծերունին ձկնորսություն էր սովորեցնում տղային, և տղան էլ սիրում էր նրան։
— Ո՛չ,— ասաց ծերուկը,— դու բախտավոր նավակ ես ընկել, այդտեղ էլ կաց։
— Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես մի անգամ, ութսունյոթ օր շարունակ գնում էիր ծով ու ոչինչ չէիր բռնում, բայց հետո էլ երեք շաբաթ իրար ետևից մի֊մի խոշոր ձուկ էինք բերում...
— Հիշում եմ,— ասաց ծերունին,— ես գիտեմ, որ դու հեռացար ինձնից ոչ թե նրա համար, որ չէիր հավատում։
— Հայրս ստիպեց, իսկ ես դեռ տղա եմ և պետք է հնազանդվեմ։
— Գիտեմ,— ասաց ծերունին,— հապա ինչպե՞ս։
— Նա այնքան էլ չի հավատում։
— Այո՛,— ասաց ծերունին։— Իսկ մենք հավատում ենք, այնպես չէ՞։
— Իհարկե։ Ուզո՞ւմ ես քեզ գարեջուր հրամցնեմ Տեռասում, իսկ հետո պարանները կտանենք տուն։
— Ինչո՜ւ չէ,— ասաց ծերունին,— քանի որ ձկնորսն է հրամցնում ձկնորսին...
Նրանք նստեցին Տեռասում, ձկնորսներից շատերը ծիծաղում էին ծերունու վրա, բայց նա չէր նեղանում նրանցից։ Ավելի տարիքոտ ձկնորսները տխրությամբ էին նայում նրան, սակայն ցույց չէին տալիս և բարեկիրթ զրուցում էին հոսանքի մասին կամ թե ինչ խորությամբ էին գցել կարթը, ինչպես է եղանակը, և ինչ էին տեսել ծովում։ Նրանք, ում բախտն այդ օրը բանել էր, արդեն վերադարձել էին որսից, մաքրել էին իրենց մառլինների փորոտիքը և երկու տախտակի լայնքով դարսած ու ամեն մի տախտակի ծայրից երկու֊երկու բռնած՝ ձուկը փոխադրում էին պահեստ, որտեղից սառնարան֊վագոնով պետք է տանեին Հավանայի շուկան։ Այն ձկնորսները, որոնց բռնածը շնաձուկ էր, իրենց որսը հանձնել էին ծովածոցի մյուս կողմը գտնվող շնաձկների մշակման գործարանին. այդտեղ դրանց մարմինները կախել էին ճախարակավոր կեռերից, հանել լյարդը, կտրել լողաթևերը, քերթել կաշին ու միսը բարակ շերտերով կտրատել՝ աղ դնելու համար։
Երբ քամին փչում էր արևելքից, բերում էր շնաձկների գործարանի գարշահոտը, բայց այսօր համարյա թե հոտ չէր զգացվում, որովհետև փչում էր հյուսիսային քամին, հետո դա էլ դադարեց, այնպես որ Տեռասում արև կար ու հաճելի էր։
— Սանտյա՛գո...— ասաց տղան։
— Հը՞,— արձագանքեց ծերունին։ Նա նայում էր գարեջրով լի իր բաժակին ու հիշում վաղուց անցած֊գնացած օրերը։
— Թույլ կտա՞ս վաղվա համար սարդին բռնեմ քեզ։
— Չարժե՛, ավելի լավ է բեյսբոլ խաղաս։ Ես դեռ ինքս կարող եմ թիավարել, Ռոջելիոն էլ ուռկան կգցի։
— Չէ՜, ավելի լավ է ես անեմ։ Եթե ես չեմ կարող քեզ հետ ձուկ որսալ, թող գոնե մի որևէ բանով օգնեմ քեզ։
— Բայց չէ՞ որ գարեջուր հրամցրիր,— ասաց ծերունին։— Դու արդեն հասած տղամարդ ես։
— Քանի՞ տարեկան էի ես, երբ դու առաջին անգամ ծով տարար ինձ։
— Հինգ, ու քիչ մնաց խեղդվեիր, երբ ես բոլորովին ողջ ձուկ քաշեցի նավակ, ու մազ մնաց, որ նա ամեն ինչ փշուր֊փշուր աներ, հիշո՞ւմ ես։
— Հիշում եմ, թե ինչպես էր նա պոչը խփում ու վերջը նստարանը ջարդեց, դու էլ մահակով շրախկ֊շրախկ ծեծում էիր նրան։ Հիշում եմ, որ դու ինձ շպրտեցիր նավացռուկը, որտեղ թաց պարանների կույտն էր. նավակն ամբողջովին ցնցվում էր, իսկ քո մահակը շրխկում, ասես ծառ էին կոտրում, և ամեն կողմից արյան քաղցրավուն հոտ էր գալիս։
— Իսկապես հիշո՞ւմ ես այդ ամենը, թե՞ ես եմ հետո պատմել քեզ։
— Հիշում եմ ամեն ինչ առաջին իսկ օրից, երբ դու ինձ տարար ծով։
Ծերունին նայեց տղային արևից բորբոքված, վստահող ու սիրազեղ աչքերով։
— Եթե դու իմ տղան լինեիր, ես քեզ անպայման հետս կտանեի ծով. բայց դու հայր ու մայր ունես և բախտավոր նավակ ես ընկել։
— Այնուամենայնիվ, ես գնամ սարդին բռնեմ։ Ես գիտեմ, թե որտեղ կարելի է չորս հատ մանր ձկնիկ գտնել խայծի համար։
— Այսօրվա իմ տարածները դեռ չեն փչացել. դրել եմ աղի տուփի մեջ։
— Ես քեզ համար չորս հատ թարմը կճարեմ։
— Մի հատ,— առարկեց ծերունին։— Առանց այդ էլ նա ոչ հույսն էր կտրում, ոչ ապագայի հավատը, բայց այսօր դրանք ամրանում էին նրա սրտում, ասես ծովից թարմ քամի էր փչել։
— Երկու հատ,— ասաց տղան։
— Լավ, երկու հատ,— համաձայնեց ծերունին։— Իսկ դու պատահաբար հո չե՞ս թռցրել դրանք։
— Կթռցնեի, եթե կարիք լիներ։ Բայց սրանք փողով եմ գնել։
— Շնորհակալ եմ,— ասաց ծերունին։ Նա շատ պարզասիրտ մարդ էր, որպեսզի մտածեր, թե հեզությունը երբ էր համակել իրեն։ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
— Եթե հոսանքը չփոխվի, վաղը լավ օր կլինի,— ասաց ծերունին։
— Դու որտե՞ղ ես կարթերդ գցելու։
— Ինչքան կարելի է՝ ափից հեռու, ու կվերադառնամ, երբ քամին փոխվի։ Կգնամ մութնուլուսին։
— Իմ վարպետին էլ համոզեմ՝ ինչքան կարելի է ափից հեռու գնանք։ Թե շատ մեծ ձուկ ընկնի ձեռքդ, կօգնենք քեզ։
— Քոնը չի սիրում ափից շատ հեռանալ։
— Այո՛,— ասաց տղան։— Բայց ես արդեն կգտնեմ այնպիսի բան, որ նա չի կարող տեսնել, ա՛յ, ասենք՝ ծովորորներ։ Այդ ժամանակ հնարավոր կլինի համոզել նրան, որ ավելի հեռու գնանք՝ ոսկեգույն թյունիկ բռնելու։
— Մի՞թե այդքան վատ են տեսնում նրա աչքերը։
— Համարյա բոլորովին կուրացել է։
— Զարմանալի է։ Չէ՞ որ նա երբեք կրիա բռնելու չի գնացել։ Ամենից ավելի դրանցից են կուրանում։
— Բայց դու քանի՜ տարի գնացել ես Մժեղների ափ կրիա որսալու, այնինչ քո աչքերը շատ լավ են։
— Ես արտասովոր ծերունի եմ։
— Իսկ ուժդ կպատի՞, թե շատ մեծ ձուկ ընկնի ձեռքդ։
— Կարծում եմ կպատի։ Կարևորը հմտությունն է։
— Ե՛կ պարանները տանենք տուն, իսկ հետո կվերցնեմ ուռկանը ու կգնամ սարդին բռնելու։
Նրանք թոկասարքը հանեցին նավակից։ Ծերունին ուսին դրած տանում էր կայմը, իսկ տղան՝ պիրկ հյուսված թխագույն կարթաթելի կծիկների արկղը, կարթաձողը և կոթավոր հարպունը։ Խայծի արկղը մնաց նավախելում, հետն էլ այն մահակը, որով շշմեցնում են խոշոր ձկան, երբ ջրի երես են քաշում։ Հազիվ թե որևէ մեկը մտածեր կողոպտել ծերունուն, բայց ավելի լավ էր առագաստն ու ծանր պարանները տանել տուն, որպեսզի ցողից չխոնավանան։ Ու թեև ծերունին վստահ էր, որ տեղացիներից ոչ մեկը աչք չի տնկի իր ունեցվածքին, բայց և այնպես գերադասում էր փորձանքից հեռու պահել կարթաձողը, ասենք և հարպունը։
Նրանք ճանապարհով բարձրացան ծերունու խրճիթը ու մտան լայն բացված դռնից ներս։ Ծերունին կայմն ու վրան փաթաթված առագաստը հենեց պատին, տղան էլ պարանները դարսեց դրա մոտ։ Կայմը գրեթե նույնքան երկար էր, որքան խրճիթը, որ շինված էր այդ վայրում guano կոչվող արքայական արմավենու տերևներից։ Խրճիթում կար մի մահճակալ, սեղան ու աթոռ, իսկ հողե հատակին՝ թոնրանման մի փոս, փայտածուխով կերակուր եփելու համար։ Մամլած, թելիկավոր տերևներից շինված թխագույն պատերը զարդարված էին Քրիստոսի Սրտի ու Կոբրենի աստվածածնի յուղատիպ գունավոր նկարներով, որ հանգուցյալ կնոջից էին մնացել։ Առաջ պատից կախված էր նաև նրա կնոջ գունավոր լուսանկարը, բայց հետո ծերունին պահեց դա, որովհետև շատ էր թախծում դրան նայելիս։ Հիմա լուսանկարը դրված էր դարակի անկյունում, մաքուր շապկի տակ։
— Ի՞նչ ունես ընթրելու,— հարցրեց տղան։
— Մի աման դեղին բրինձ՝ ձկնով։ Ուզո՞ւմ ես։
— Ո՛չ, ես տանը կուտեմ։ Օջախը վառե՞մ։
— Պետք չէ, ինքս կվառեմ, քիչ հետո։ Գուցե և բրինձն ուտեմ հենց այնպես՝ սառը։
— Կարո՞ղ եմ ուռկանը վերցնել։
— Իհարկե։
Վաղուց արդեն ոչ մի ուռկան չկար. տղան հիշում էր, թե երբ ծախեցին դա։ Սակայն երկուսն էլ ամեն օր ձևացնում էին, թե իբր ծերունին ուռկան ունի։ Չկար նաև մի աման բրինձն ու ձուկը, և տղան այդ էլ գիտեր։
— Ութսունհինգը երջանիկ թիվ է,— ասաց ծերունին։— Բա որ վաղը հազար ֆունտանոց մի ձուկ բռնե՞մ։
— Ես ուռկանը վերցնեմ ու գնամ սարդին բռնելու։ Մինչև իմ գալը նստիր շեմքին. այստեղ արև է։
— Շատ լավ, մոտս երեկվա թերթ կա, կկարդամ բեյսբոլի մասին։
Տղան չգիտեր, թե իսկապես թերթ ունի՞, թե՞ դա էլ հնարել է։ Սակայն ծերունին իսկապես մի թերթ հանեց մահճակալի տակից։
— Պերիկոն տվեց, գինու խանութում,— բացատրեց ծերունին։
— Ես միայն սարդին կբռնեմ ու կվերադառնամ։ Իմն էլ, քոնն էլ սառույց կդնեմ, առավոտյան կբաժանենք։ Երբ վերադառնամ, բեյսբոլի մասին կպատմես։
— «Յանկիները» չեն կարող պարտվել։
— Վայ թե Կլիվլենդի «Հնդկացիները» հաղթեն նրանց։
— Մի՛ վախեցիր, որդյա՛կ։ Հիշի՛ր մեծն Դի Մաջիոյին։
— Ես ոչ միայն «Հնդկացիներից» եմ վախենում, այլև Դետրոյտի «Վագրերից»։
— Շուտով, մեկ էլ տեսար, դու կսկսես վախենալ նաև Ցինցինատիի «Կարմրամորթներից» ու Չիկագոյի «Սպիտակ գուլպաներից»։
— Թերթը կարդա, որ երբ վերադառնամ, պատմես ինձ։
— Ի՞նչ ես կարծում, վիճակախաղի մի տոմս չառնե՞նք ութսունհինգ համարի, չէ՞ որ վաղը ութսունհինգերորդ օրն է։
— Ինչո՞ւ չառնենք,— ասաց տղան։— Գուցե և լավ է համար ութսունյոթն առնենք։ Չէ՞ որ անցած անգամ ութսունյոթ օր էր։
— Երկու անգամ ոչ մի բան չի կրկնվում։ Իսկ դու կարո՞ղ ես ճարել ութսունհինգ համարի մի տոմս։
— Կպատվիրեմ։
— Ոչ կրկնակ տոմս։ Երկու դոլար հիսուն ցենտանոց տոմս։ Որտեղի՞ց պարտք վերցնենք։
— Դատա՛րկ բան է. ես միշտ էլ կարող եմ երկու դոլար հիսուն ցենտ պարտք վերցնել։
— Ես էլ երևի կարողանայի։ Միայն թե աշխատում եմ պարտք չանել։ Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում...
— Տե՛ս, ծերո՛ւկ, չմրսես։ Չմոռանաս, որ հիմա սեպտեմբեր է։
— Սեպտեմբերին խոշոր ձուկն է գալիս։ Մայիսին ամեն մարդ էլ կարող է ձուկ բռնել։
— Դե՛, ես գնացի սարդին որսալու,— ասաց տղան։
Երբ տղան վերադարձավ, արևն արդեն մայր էր մտել, իսկ ծերունին աթոռին նստած՝ քնել էր։ Տղան մահճակալից վերցրեց զինվորական հին վերմակը և դրանով ծածկեց աթոռի թիկնակն ու ծերունու ուսերը։ Զարմանալի էին այդ ուսերը՝ հզոր, չնայած ծերությանը, ուժեղ էր նաև վիզը, և հիմա, երբ ծերունին քնած էր գլուխը կրծքին հակած, կնճիռներն այնքան նկատելի չէին։ Նրա վերնաշապիկը նույնպես ամբողջովին կարկատած էր, ինչպես առագաստը, իսկ կարկատանները տարբեր երանգի էին, որովհետև արևից հավասարաչափ չէին խունացել։ Բայց և այնպես ծերունու դեմքը խիստ ծեր էր, և այժմ, աչքերը փակ, քնած վիճակում, թվում էր բոլորովին անկենդան։ Թերթը նրա ծնկների վրա էր, արմունկով էլ սեղմած, որպեսզի քամին չտանի։ Ոտքերը բոբիկ էին։
Տղան չարթնացրեց նրան ու գնաց, իսկ երբ նորից եկավ, ծերունին դեռ քնած էր։
— Զարթնի՛ր,— ձայն տվեց տղան ու ձեռքը դրեց նրա ծնկին։
Ծերուկն աչքերը բացեց և մի քանի ակնթարթ վերադառնում էր ինչ֊որ հեռավոր տեղից։ Հետո նա ժպտաց։
— Ի՞նչ ես բերել։
— Ընթրիք։ Հիմա միասին կուտենք։
— Ասենք՝ ես այնքան էլ քաղցած չեմ։
— Արի ուտենք։ Սոված փորով չի կարելի ձուկ որսալ։
— Պատահել է, որ ես որսացել եմ,— ասաց ծերունին վեր կենալով ու թերթը ծալելով։ Հետո սկսեց վերմակը ծալել։
— Վերմակը մի՛ հանիր,— ասաց տղան։— Քանի ես ողջ եմ, չեմ թողնի, որ քաղցած գնաս ձուկ բռնելու։
— Որ այդպես է, լավ նայիր քեզ ու ինչքան կարող ես շատ ապրիր,— ասաց ծերունին։— Իսկ ի՞նչ պիտի ուտենք։
— Սև բակլա բրնձով, տապակած բանան ու տավարի խաշած միս։
Տղան Տեռասի փոքրիկ ճաշարանից ուտելիքը բերել էր մետաղե սկուտեղներով։ Պատառաքաղները, դանակներն ու գդալները դրել էր գրպանը. ամեն մի ճաշասարք առանձին փաթաթած էր թղթե անձեռոցիկով։
— Այս ամենը ո՞վ տվեց քեզ։
— Մարտինը՝ ճաշարանի տերը։
— Պետք է շնորհակալություն հայտնել նրան։
— Ես հայտնեցի,— ասաց տղան,— միամիտ կաց։
— Խոշոր ձկան ամենամսոտ մասը կտամ նրան,—ասաց ծերունին։— Առաջին անգամը չէ, որ օգնում է մեզ։
— Ճիշտ է, առաջին անգամը չէ։
— Որ այդպես է, միայն մսոտ մասը քիչ է։ Նա շատ լավություն է արել մեզ։
— Այսօր գարեջուր էլ տվեց։
— Ես ամենից շատ կոնսերվացված գարեջուրն եմ սիրում։
— Գիտեմ։ Բայց այսօր շշով գարեջուր տվեց. շշերը կվերադարձնեմ։
— Լավ, շնորհակալ եմ քեզանից,— ասաց ծերունին։— Չսկսե՞նք ուտել։
— Ես քեզ վաղուց եմ առաջարկում սկսել,— քնքշագին կշտամբեց նրան տղան։— Ա՛յ, սպասում եմ, որ սեղան նստես, ու ամաններն էլ չեմ բաց անում, որպեսզի կերակուրը չսառի։
— Ուտենք։ Բայց ես պետք է լվացվեի։
«Որտե՞ղ կարող էիր լվացվել»,— մտածեց տղան։ Ծորակը երկու թաղամաս այն կողմն է։ «Անհրաժեշտ է ջրի պաշար ապահովել նրա համար, նաև օճառ ու մի լավ երեսսրբիչ։ Ինչպե՞ս մինչև հիմա չեմ մտածել այս մասին։ Նա կարիք ունի նոր վերնաշապիկի, ձմեռային բաճկոնակի, որևէ ոտնամանի ու էլի մի վերմակի»։
— Համեղ միս է,— գովեց ծերունին։
— Բեյսբոլի մասին պատմիր,— խնդրեց տղան։
— Ամերիկյան լիգայում տանում են «Յանկիները», ինչպես ասում էի,— գոհունակությամբ սկսեց ծերունին։
— Այո, բայց այսօր նրանց տարել են։
— Այդ ոչինչ չի նշանակում, քանի որ մեծն Դի Մաջիոյի ուժն էլ, մարզումն էլ նորից տեղն են։
— Հո մենակ նա՞ չի թիմում։
— Ճիշտ է։ Բայց նա է որոշում խաղի բախտը։ Երկրորդ լիգայում, որտեղ Բրուկլինցիներն են ու Ֆիլադելֆիացիները, շահելու հավանականություն ունեն միայն Բրուկլինցիները։ Ի դեպ, դու հիշո՞ւմ ես՝ ինչպես էր խփում Դիկ Սայզլերը։ Ի՜նչ հարվածներ էր հասցնում նա, երբ խաղում էր այնտեղ՝ հին զբոսայգում։
— Նրանից լավը չի՛ կարող լինել։ Բոլորից էլ հեռու նա է խփում։
— Հիշո՞ւմ ես, որ նա գալիս էր Տեռաս։ Ես ուզում էի հրավիրել նրան միասին ձուկ որսալու, բայց քաշվում էի։ Խնդրեցի քեզ, որ դու հրավիրես, բայց դու էլ ամաչեցիր։
— Հիշում եմ։ Հիմար բան էր, որ ամաչեցի։ Բա որ հանկարծ համաձայներ։ Ա՛յ, մինչև մահ հիշելու բան կունենայինք։
— Ա՛յ, մեծն Դի Մաջիոյին մեզ հետ տանեինք ծով,— ասաց ծերունին։— Ասում են՝ նրա հայրը ձկնորս էր։ Ի՞նչ իմանաս, գուցե նա էլ մի ժամանակ աղքատ է եղել, ինչպես մենք, և գուցե չգարշեր։
— Մեծն Սայզլերի հայրը երբեք աղքատ չի եղել, նա խաղում էր իսկական թիմերում, երբ իմ տարիքին էր։
— Երբ ես քո հասակին էի, առագաստանավի մանչուկ էի, ու նավարկում էինք Աֆրիկայի շուրջը։ Երեկոյան ժամերին տեսնում էի, թե ինչպես են առյուծները դուրս գալիս ծովափ։
— Պատմել ես ինձ։
— Ինչի՞ մասին զրուցենք՝ Աֆրիկայի՞, թե՞ բեյսբոլի։
— Ավելի լավ է՝ բեյսբոլի։ Պատմիր մեծն Ջոն Մակ֊Գրոուի մասին։
— Այն ժամանակները նա երբեմն Տեռաս էր գալիս։ Բայց որ խմում էր, է՛լ հետը վարվել չէր լինում։ Իսկ նրա խելքը ոչ միայն բեյսբոլին էր, այլև ձիերին։ Գրպաններում շարունակ պահում էր ձիարշավների ծրագրերը ու հեռախոսով ասում էր ձիերի անունները։
— Նա երևելի մարզիչ էր,— ասաց տղան։— Հայրս ասում է, որ նա աշխարհի ամենաերևելի մարզիչն էր։
— Որովհետև մյուսներից ավելի հաճախ էր տեսնում նրան։ Եթե Դյուռոշեն ամեն տարի այստեղ գար, քո հայրը նրան կհամարեր աշխարհի ամենաերևելի մարզիչը։
— Իսկ քո կարծիքով ամենամեծ մարզիչն ո՞վ է՝ Լյո՞ւկը, թե՞ Մայկ Գոնսալեսը։
— Իմ կարծիքով նրանք իրար արժեն։
— Իսկ աշխարհի ամենալավ ձկնորսը դու ես։
— Ո՛չ, ես ավելի լավ ձկնորսների եմ ճանաչել։
— Qué va! (Ի՜նչ ես ասում — իսպ.),— ասաց տղան։— Աշխարհում լավ ձկնորսներ շատ կան, կան և պարզապես հիանալի ձկնորսներ։ Բայց քեզպեսը ոչ մի տեղ չկա։
— Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ այդպես ես կարծում։ Հույս ունեմ, որ չափազանց մեծ ձուկ չի ընկնի կարթիս վրա, թե չէ կհիասթափվես ինձնից։
— Աշխարհում այդպիսի ձուկ չկա, եթե իսկապես քո նախկին ուժը մնացել է։
— Գուցե և ավելի քիչ ուժ ունեմ, քան թե կարծում եմ։ Բայց հմտություն ունեմ և բավական էլ դիմացկուն եմ։
— Դու հիմա պառկիր ու քնիր, որպեսզի մինչև առավոտ ուժդ տեղը գա։ Ես էլ ամանները ետ տանեմ։
— Լավ, բարի գիշեր։ Առավոտյան քեզ կարթնացնեմ։
— Դու ինձ համար ասես զարթուցիչ ժամացույց լինես,— ասաց տղան։
— Իսկ իմ զարթուցիչը ծերությունն է։ Ինչո՞ւ են ծերունիներն այդպես շուտ զարթնում, մի՞թե նրա համար, որ երկարացնեն գոնե այդ օրը։
— Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ երիտասարդները պինդ ու երկար են քնում։
— Ես այդ հիշում եմ,— ասաց ծերունին։— Ես քեզ կարթնացնեմ։
— Չգիտեմ ինչու չեմ սիրում, երբ այն մյուսն է ինձ արթնացնում։ Կարծես թե ես նրանից պակաս եմ։
— Հասկանում եմ։
— Բարի գիշեր, ծերո՛ւկ։
Տղան գնաց։ Նրանք կերել էին առանց լույս վառելու, և հիմա ծերունին շալվարը հանեց ու մթնում էլ պառկեց։ Նա փաթաթեց շալվարը՝ բարձի փոխարեն զլխի տակ դնելու համար և փաթեթի մեջ դրեց նաև թերթը։ Ապա ծածկվեց վերմակով ու պառկեց հին թերթերի վրա, որոնցով ծածկել էր մահճակալի մերկ զսպանակները։
Քունը շուտ տարավ, և երազում նա տեսավ իր պատանեկության Աֆրիկան, նրա երկար, ոսկեթույր ափերն ու կուրացուցիչ սպիտակ ծանծաղուտները, այնքան սպիտակ, որ նայելիս աչքերը ցավում էին, բարձր ապառաժները և հսկայական թուխ լեռները։ Հիմա նորից ամեն գիշեր նա կանգնում էր այդ ափերի դիմաց, քնի մեջ լսում, թե ինչպես է մռնչում ափնակոծությանը, և տեսնում, թե ինչպես են ալիքները ճեղքում բնիկների նավակները։ Քնի մեջ նորից էր շնչում նավի կամրջակից հառնող խեժի ու խծուծի հոտը, շնչում առավոտյան քամուց բերվող Աֆրիկայի բույրը։
Սովորաբար, երբ նա առնում էր այդ հոտը, զարթնում էր, հագնվում ու գնում տղային արթնացնելու։ Բայց այսօր ափի հոտը շատ շուտով հասավ նրան, ու նա հասկացավ, որ քնի մեջ է զգում դա, ուստի և շարունակեց քնել, որպեսզի տեսնի Կանարյան կղզիների ծովից, խորշից ու նավահանգստից հառնող ժայռերի ճերմակ կատարները։
Հիմա այլևս երազում նա ո՛չ փոթորիկներ էր տեսնում, ո՛չ կանայք, ո՛չ մեծ իրադարձություններ, ո՛չ վիթխարի ձկներ, ո՛չ տուրուդմբոց, ո՛չ ուժի մրցություններ, ո՛չ էլ իր կնոջը։ Նա տեսնում էր միայն հեռավոր երկրներ ու ծովափին մոտեցող առյուծներ։ Կատվի ձագերի նման խաղ էին անում նրանք երեկոյան մթնշաղում, և նա սիրում էր նրանց այնպես, ինչպես այս տղային։ Բայց տղային երբեք չէր տեսնում երազում։ Ծերունին հանկարծ զարթնեց, բաց դռնից նայեց լուսնին, գլխատակից հանեց շալվարն ու հագավ։ Դուրս գալով խրճիթից՝ նա միզեց և բարձրացավ ճանապարհն ի վեր՝ տղային արթնացնելու։ Վաղորդյան զովությունից մարմինն սկսեց դողալ։ Բայց նա գիտեր, որ դողը կանցնի, և շուտով ինքը կսկսի թիավարել ու բոլորովին կտաքանա։
Տղայի ապրած տան դուռը բաց էր, և ծերունին բոկոտն ու անլսելի ներս մտավ։ Տղան քնած էր առաջին սենյակի թախտին, և ծերունին ամսավերջի լուսնի լույսով կարող էր նշմարել նրան։ Նա թեթևակի բռնեց նրա ոտքը ու պահեց այնքան, մինչև որ տղան արթնացավ ու շրջվելով մեջքի վրա՝ նայեց նրան։ Ծերունին գլխով արեց, և տղան մահճակալի մոտի աթոռի վրայից վերցնելով իր շալվարը՝ նստած վիճակում սկսեց հագնել։
Ծերունին դուրս եկավ տնից, և տղան հետևեց նրան։ Նա դեռևս չէր կարողանում սթափվել, ուստի ծերունին, գրկելով նրա ուսերը, ասաց.
— Ներիր։
— Qué va!— պատասխանեց տղան։— Այսպես է մեր՝ տղամարդկանց ճակատագիրը։
Նրանք զառիվայրի ճանապարհով գնացին դեպի ծերունու խրճիթը, և ամբողջ ճանապարհին խավարում պատահում էին իրենց նավակների կայմերը շալակած բոբիկ մարդկանց։
Մտնելով խրճիթ՝ տղան վերցրեց կարթաթելերի կծիկներով զամբյուղը, հարպունն ու կարթաձողը, իսկ ծերունին շալակն առավ առագաստով փաթաթված կայմը։
— Սուրճ ուզո՞ւմ ես,— հարցրեց տղան։
— Նախ պարանները դարսենք նավակում, հետո սուրճ խմենք։
Նրանք խտացած կաթի տուփերով մատուցված սուրճ խմեցին այն խորտկարանում, որ ձկնորսներին էր սպասարկում և շատ շուտ էր բացվում։
— Լա՞վ ես քնել, ծերո՛ւկ,— հարցրեց տղան։ Նա արդեն համարյա բոլորովին սթափվել էր, թեև դեռ դժվարությամբ էր հրաժեշտ տալիս քնին։
— Շատ լավ, Մանոլի՛ն։ Այսօր ես հավատում եմ, որ բախտս կբանի։
— Ես էլ,— ասաց տղան։— Հիմա գնամ մեր սարդինները և քո խայծի ձկնիկները բերեմ։ Իմ վարպետը ինքն է պարանները տանում։ Չի սիրում, երբ ուրիշներն են տանում իր պարագաները։
— Իսկ մենք այդպես չէինք անում։ Ես պարանները շալակդ էի տալիս համարյա թե հինգ տարեկան հասակիցդ։
— Գիտեմ,— ասաց տղան։— Սպասիր, հիմա կգամ։ Էլի սուրճ խմիր։ Այստեղ ապառիկ են տալիս մեզ։
Եվ բոբիկ ոտքերը մարջանի խութերի վրա ճլմփացնելով՝ դիմեց դեպի սառնարանը, որտեղ պահվում էին կենդանի խայծերը։
Ծերունին դանդաղ խմում էր սուրճը։ Նա գիտեր, որ պետք է կարգին սուրճ խմել, որովհետև այդ օրը այլևս ոչինչ չի ուտելու։ Վաղուց արդեն ձանձրացել էր նա ուտելու պրոցեսից և երբեք նախաճաշիկ չէր տանում իր հետ ծով գնալիս։ Նավակի ցռուկում պահած ջրի շիշը միակ բանն էր, որ պետք կգար մինչև երեկո։
Տղան վերադարձավ ու բերեց սարդինները և լրագրի մեջ փաթաթած կենդանի ձկնիկները։ Ձկնորսներն արահետով իջան դեպի ջուրը՝ զգալով, թե ինչպես է ոտքերի տակ շաղ գալիս մանր խիճը։ Նրանք մի փոքր բարձրացրին նավակը և հրեցին ջրի մեջ։
— Հաջողություն եմ ցանկանում քեզ, ծերո՛ւկ։
— Նմանապես և քեզ։
Բ
Ծերունին թիակների պարանե օղակներն անցկացրեց թիակալների ցցերին և կռանալով առաջ՝ խավարում սկսեց նավակը ծովախորշից դուրս հանել։ Մյուս ծանծաղուտներից էլ ուրիշ նավակներ էին ծով մտնում, ու ծերունին թեև նրանց չէր տեսնում հիմա, երբ լուսինը մտել էր բլուրների ետևը, բայց լսում էր, թե ինչպես են թիակներն իջնում ու ճեղքում ջուրը։
Երբեմն֊երբեմն մերթ այս, մերթ այն նավակից խոսակցություն էր լսվում։ Սակայն նավակների մեծ մասում լռություն էր տիրում, և դրանցից հասնում էր միայն ջրի ճողփյունը։ Ծովախորշից դուրս գալուց հետո նավակները ցրվեցին տարբեր կողմեր, և ամեն մի ձկնորս դիմում էր այնտեղ, որտեղ ձուկ գտնելու հույս ուներ։ Ծերունին նախօրոք որոշել էր ափից հեռանալ և իր ետևը թողնելով ցամաքի հոտերը՝ թիավարում էր ուղիղ դեպի օվկիանոսի վաղորդյան թարմ շունչը։ Նավարկելով նրա այն մասում, որը ձկնորսներն անվանել էին «մեծ ջրհոր»՝ նա տեսնում էր, թե ինչպես ջրի մեջ փայլփլում են ջրիմուռները։ Այդտեղ հատակը հանկարծակի իջնում է ուղիղ յոթ հարյուր ծովային գրկաչափ, և ամեն տեսակ ձկներ հավաքվում են այնտեղ, որովհետև հոսանքը, հանդիպելով օվկիանոսի հատակի դիք զառիվայրերին, ջրապտույտ է առաջացնում։ Այդտեղ կուտակվում են կրեվետ խեցգետինների ու մանր ձկնիկների հսկայական վտառներ, իսկ ամենից ավելի խոր կետերում երբեմն խռնվում են բազմաթիվ թանաքաձկներ. գիշերը դրանք բարձրանում են ջրի երես ու դառնում բոլոր թափառող ձկների կեր։
Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։ Թռչուններին նա խղճում էր, մանավանդ ծովային փոքրիկ ու նրբակազմ ծիծեռնակներին, որոնք անվերջ թռչում են ու կեր փնտրում և համարյա երբեք էլ չեն գտնում, և նա մտածեց. «Թռչունի կյանքը շատ ավելի ծանր է, քան մերը, եթե չհաշվենք գիշանգղերին ու է՛լ ավելի մեծ, ուժեղ թռչուններին։ Ինչո՞ւ են թռչուններին ստեղծել այսպես նրբակազմ ու անզոր, ինչպես ահա այս ծովային ծիծեռնակներն են, եթե երբեմն օվկիանոսն այսպես դաժան է լինում։ Նա բարի է և սքանչելի, բայց երբեմն հանկարծ դառնում է այնպես դաժան, իսկ նրա վրա սլացող թռչունները, որոնք կերի համար սուզվում են և իրենց թույլ ու տխուր ծլվլոցներով ձայնակցում իրար, շատ նրբակազմ են նրա համար»։
Մտքում նա միշտ ծովն անվանում էր la mar, ինչպես իսպաներեն անվանում են նրան սիրող մարդիկ։ Երբեմն նրան սիրողը վատ է խոսում նրա մասին, բայց միշտ ինչպես կնոջ մասին՝ իգական հոդով։ Ավելի երիտասարդ ձկնորսները, նրանք, որոնք իրենց պարանների համար խցանների փոխարեն լողաններ են գործածում և որսի են գնում մոտորային նավակներով, որ գնել են այն օրերին, երբ շնաձկան լյարդը մեծ գին ուներ,— ծովն անվանում են, el mar այսինքն՝ արական հոդով։ Սրանք նրա մասին խոսում են որպես տարածության, ախոյանի, երբեմն նույնիսկ թշնամու մասին։ Իսկ ծերունին մշտապես մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում, իսկ եթե իրեն թույլ է տալիս չմտածված կամ անբարյացակամ արարքներ, ճա՛րդ ինչ. այդպես է նրա բնույթը։ «Լուսինը հուզում է ծովին ինչպես կնոջ»,— մտածում էր ծերունին։
Նա թիավարում էր միահավասար, առանց ուժերը լարելու, որովհետև օվկիանոսի մակերեսը հարթ էր, բացի այն վայրերից, որտեղ հոսանքը ջրապտույտ էր առաջացնում։ Ծերունին թողնում էր, որ հոսանքը աշխատանքի մեկ երրորդը ինքը կատարի իր փոխարեն, և երբ սկսեց լուսանալ, նա տեսավ, որ շատ ավելի հեռու է գտնվում, քան ենթադրում էր, թե կլինի այդ ժամին։
«Մի ամբողջ շաբաթ որս արեցի խորահատակ տեղերում և ոչինչ չբռնեցի,— մտածեց ծերունին։— Այսօր բախտս կփորձեմ այնտեղ, որտեղ ման են գալիս ձկնաքաղներ ու ալբակորների վտառները։ Ո՜վ գիտե, հանկարծ խոշոր ձուկ պատահեց»։
Դեռևս լույս չէր բացվել, բայց նա արդեն գցեց իր խայծավոր կարթերը ու դանդաղ նավարկեց հոսանքի ուղղությամբ։ Խայծերից մեկը գտնվում էր քառասուն գրկաչափ խորության վրա, մյուսն իջավ յոթանասունհինգ, իսկ երրորդն ու չորրորդը իջան կապուտակ ջրի խորքը՝ հարյուր ու հարյուր քսանհինգ գրկաչափ։ Խայծերը կախված էին գլխիվայր, ըստ որում կարթի կոթն անցնում էր ձկնիկի միջով և ամուր կապված ու կարված էր, իսկ բուն կեռի՝ նրա ծռած ու սուր մասերի վրա, թարմ սարդիններ էին շամփրված։ Այդ սարդինները շամփրված էին կարթի վրա զույգ աչքից, որով և դրասանգ էին կազմում կեռի պողպատե կիսաշրջանակի վրա։ Եթե խոշոր ձուկը մոտենար կեռին, կզգար, թե որքան քաղցր ու ախորժագրգիռ հոտ է գալիս դրա ամեն մի կտորից։
Տղան երկու թարմ թյունոս էր տվել ծերունուն, նա դրանք ամրացրեց կարթաթելերին, իսկ մնացած երկուսին ամրացրեց մի խոշոր երկնագույն թյունիկ ու դեղին ումբրիկ։ Անցած անգամ նա թեև օգտագործել էր դրանք, բայց հիմա էլ դեռ լավն էին, իսկ պատվական սարդինները բույր ու գրավչություն էին տալիս նրանց։ Ամեն մի կարթաձող, որ խոշոր մատիտի հաստություն ուներ, ձգված էր մի ճկուն ճիպոտի վրա այնպես, որ ձուկը ինչ ձևով էլ դիպչեր խայծին, ճիպոտը կճկվեր դեպի ջուրը, ապա կապված էր կարթաթելի երկու պահեստի կծիկներին՝ յուրաքանչյուրը քառասուն գրկաչափ. դրանք էլ իրենց հերթին կարող էին միացվել մյուս պահեստի կծիկներին, այնպես, որ կարիքի դեպքում կարելի էր ձուկն իջեցնել ավելի քան երեք հարյուր գրկաչափ։
Այժմ ծերունին հետևում էր, թե կանաչ ճիպոտներն արդյոք չե՞ն կռանում դեպի նավակը, և կամացուկ թիավարելով՝ նայում էր, որ կարթաթելը ջուրը մտնի ուղիղ գծով և անհրաժեշտ խորությամբ։ Արդեն բոլորովին լուսացել էր, և ուր որ է արևը կծագեր։
Արևը հազիվ նկատելի բարձրացավ ծովից, և ծերունին սկսեց նշմարել ուրիշ նավակներ ևս. դրանք նստել էին ջրի մեջ, հոսանքի ամբողջ լայնքով, բայց ափին շատ ավելի մոտ։ Հետո արևի լույսը ուժեղացավ, և ջուրն արտացոլեց նրա շողերը, իսկ երբ արևը բոլորովին վեր բարձրացավ հորիզոնից, ծովի հարթ մակերեսը սկսեց նրա ճառագայթները նետել ուղիղ աչքերին ու սուր ցավ պատճառել, իսկ ծերունին թիավարում էր՝ ջանալով չնայել ջրին։ Նա նայում էր ծովի մութ խորքին, ուր ձգվում էին նրա կարթաթելերը։ Ծերունու թելերը միշտ ավելի ուղիղ էին իջնում, քան մյուս ձկնորսներինը, և ծովի խավարում՝ տարբեր խորությունների վրա, խայծը սպասում էր ձկանը հենց այն տեղում, որը ծերունին որոշել էր նրա համար։ Մյուս ձկնորսները թույլ էին տալիս, որ իրենց պարանները լողան հոսանքի հետ, և երբեմն դրանք լինում էին վաթսուն գրկաչափ խորության վրա, այնինչ ձկնորսները կարծում էին, թե իջեցրել են հարյուր գրկաչափ։
«Իսկ ես,— մտածեց ծերունին,— իմ թելերը միշտ ճիշտ եմ գցում։ Պարզապես բախտս չի բանում։ Ասենք ի՞նչ իմանամ, գուցե և այսօր բախտը ժպտա ինձ։ Օրը օրվանից տարբեր է։ Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։ Իսկ երբ բախտը գա, ես պատրաստ կլինեմ»։
Արևը հետզհետե ավելի էր բարձրանում, և արևելյան կողմ նայելն այնքան էլ ցավ չէր պատճառում արդեն։ Հիմա միայն երեք նավակ էին երևում. այդտեղից թվում էր, որ նրանք խիստ ցած են նստած ջրի մեջ և համարյա թե ափից չեն հեռացել։
«Ողջ կյանքումս աչքերս ծակվել են առավոտյան լույսից,— մտածում էր ծերունին։— Բայց դեռ շատ լավ են տեսնում։ Երեկոյան ևս կարող եմ նայել ուղիղ արևին, և սև բծեր չեն խաղում աչքերիս առաջ։ Չէ՞ որ երեկոյան արևն ավելի ուժգին է լույս տալիս։ Բայց առավոտյան ցավեցնում է աչքերս»։
Այդ միջոցին նա տեսավ մի որոր, որ սև, երկար թևերը տարածած՝ ճախրում էր նրա դիմաց՝ երկնքում։ Թռչունը, թևերը ետ նետելով, շեշտակի խոյացավ դեպի ջուրը, ապա նորից սկսեց պտույտներ գործել։
— Որսի հոտ առավ,— ասաց ծերունին բարձրաձայն։— Զուր տեղը չի պտտվում։
Ծերունին դանդաղ ու միահավասար թիավարում էր այն կողմ, որտեղ որորն էր պտտվում, և առանց շտապելու հետևում էր, որ իր կարթաթելերը մնան ջրի մեջ ուղիղ անկյուն կազմած։ Բայց և այնպես նավակը մի փոքր առաջ էր անցնում հոսանքից, ու թեև ծերունին նույնքան ճիշտ էր պահում կարթերը, սակայն նրա շարժումները մի քիչ ավելի արագ էին, քան առաջ, նախքան թռչունի հայտնվելը։
Որորը վեր բարձրացավ ու թևերն անշարժ պարզելով՝ նորից սկսեց պտույտներ գործել։ Հանկարծ նա սուզվեց, և ծերունին տեսավ, թե ինչպես ջրից վեր սլացավ թռչող ձուկը և ամենայն արագությամբ սուրաց ծովի հարթության վրայով։
— Թյունիկ է,— բարձրաձայն ասաց ծերունին։— Խոշոր ոսկեգույն թյունիկ։
Նա ջրից դուրս քաշեց թիակները և ցռուկի ծածկի տակից հանեց մի կարթաթել։ Դրա ծայրին մետաղաթելով ամրացված էր մի փոքրիկ կեռ, որի վրա պնդացրեց սարդիններից մեկը։ Ծերունին կարթաթելն իջեցրեց ջուր ու ծայրն էլ կապեց նավախելին պտուտակված օղակին։ Այնուհետև խայծ դրեց մյուս կարթին ու առանց կծիկն արձակելու գցեց ծածկի տակ՝ ստվեր տեղ։ Դրանից հետո թիակները ձեռքն առնելով՝ նորից սկսեց հետևել երկարաթև սև թռչունին, որը հիմա ընդհուպ ջրի վրա էր որս անում։
Թռչունը թևերը ետ տանելով՝ նորից սուզվեց ջրի մեջ, ապա սկսեց իրար անցած ու անզոր թևաբախել և սլանալ թռչող ձկան ետևից։ Ծերունին տեսնում էր, թե ինչպես ջուրը թեթևակի փրփրում է. ոսկեգույն թյունիկն էր հետապնդում իրենից փախչող ձկան։ Թյունիկը լողում էր մեծ արագությամբ՝ կտրելու ձկան ճանապարհն այնպես, որ ուղիղ նրա տակը լիներ այն ակնթարթին, երբ ձուկն իջներ ջրի մեջ։ «Երևում է, որ այնտեղ թյունիկի մեծ վտառ կա,— մտածեց ծերունին։— Նրանք որոշ հեռավորություններով են լողում, և ձուկը փրկվելու քիչ հավանականություն ունի։ Իսկ թռչունը դրան բռնելու ոչ մի հույս չունի։ Թռչող ձուկը շատ մեծ է որորի համար ու շատ էլ արագ է առաջանում»։
Ծերունին հետևում էր, թե ինչպես էր թռչող ձուկը նորից ու նորից դուրս նետվում ջրից և որքան անճարակությամբ էր որորը ճգնում բռնել նրան։ «Թյունիկն ինձնից փախավ,— մտածեց ծերունին։—Նա շատ արագ ու շատ էլ հեռու է ճղում։ Բայց գուցե և պատահի ինձ վտառից անջատված մի թյունիկ, կամ գուցե նրա մոտերքում լողում է նաև իմ խոշոր ձուկը։ Վերջապես պետք է, որ նա որևէ տեղ լողա»։
Այժմ ցամաքի վրա ամպերը բարձրացած էին լեռնապարի նման, իսկ ափը թվում էր մի երկար կանաչ շերտ, որի ետևում գծագրվում էին գորշակապույտ բլուրներ։ Ջուրը դարձել էր մուգ կապույտ, համարյա մանուշակագույն։ Երբ ծերունին նայում էր ջրին, մութ խորքերում տեսնում էր պլանկտոնի կարմրավուն վետվետումներն ու արևի ճաճանչների քմահաճ անդրադարձումը։ Նա հետևում էր, որ կարթաթելերն ուղիղ իջած լինեն ջրի մեջ, և ուրախանում էր, որ շուրջբոլորը այդքան շատ պլանկտոն կա, որովհետև դա ձկան երաշխիք էր։ Ճառագայթների քմահաճ արտացոլումը ջրի մեջ հիմա, երբ արևը վեր էր բարձրացել, նշանակում էր լավ եղանակ, ճիշտ այդպես էլ ցույց էր տալիս երկրի վրա իջած ամպերի ձևը։ Բայց թռչունն արդեն հեռու էր, իսկ ջրի մակերեսի վրա ոչինչ չէր երևում, բացի դեղնած, արևից մրկած սարգասյան ջրիմուռների փնջերից և բաց մանուշակագույն, փայլփլուն ու սառը մի փուչիկից՝ պորտուգալական ֆիզալիայից, որը լողում էր նավակից քիչ հեռու։ Ֆիզալիան շրջվեց կողքի վրա, ապա նախկին դիրքն ընդունեց։ Նա լողում էր ուրախ, շողշողում էր արևից օճառի պղպջակի նման ու ետևից՝ ջրի վրայով քարշ տալիս իր բազմաթիվ երկար, բաց մանուշակագույն ու մահաբեր շոշափուկները։
— Agua mala,— ասաց ծերունին։— Թո՜ւ, շա՛ն քած։
Թեթևորեն թիավարելով՝ նա նայեց խորքը ու տեսավ մանր ձկնիկներ, որոնք նույն գույնն ունեին, ինչ որ ջրի մեջ քարշ եկող շոշափուկները. այդ ձկնիկները լողում էին դրանց միջև և ջրից տարվող պղպջակի ստվերում։ Դրա թույնը չէր կարող վնասել ձկնիկներին։ Այլ բան էր մարդկանց, երբ ահա այսպիսի շոշափուկներ կառչում էին կարթաթելից ու փակչում նրան լպրծուն ու մանուշակագույն, ապա մինչև ծերունին դուրս էր քաշում ձուկը, ձեռքերն ու դաստակները ծածկվում էին վերքերով, ինչպես թունավոր բաղեղից։ Agua mala֊ի թունավորումը արագ էր կատարվում և պատճառում էր սուր, խարազանի հարվածի նման ցավ։
Ծիածանի գույներով փողփողացող այդ փուչիկները արտակարգ գեղեցիկ են։ Բայց դրանք ծովի ամենանենգ բնակիչներն են, և ծերունին սիրում էր նայել, թե ինչպես են ծովային վիթխարի կրիաները լափում նրանց։ Ֆիզալիաներին տեսնելիս կրիաները մոտենում էին առջևից, աչքերը փակած, որից բոլորովին անխոցելի էին դառնում, ապա ուտում էին նրանց ամբողջովին՝ շոշափուկներով հանդերձ։ Ծերունուն հաճելի էր նայել, թե ինչպես են կրիաները լափում ֆիզալիաներին, ինքն էլ սիրում էր ծովափին փոթորիկից հետո տրորել դրանց ու լսել, թե ինչպես են տրաքում փուչիկները, երբ ճզմում է նրանց կոշտուկավոր ներբանը։
Նա սիրում էր կանաչ կրիաներին նրանց շքեղության ու ճարպկության, ինչպես և այն բանի համար, որ շատ թանկ էին գնահատվում, և ներողամիտ արհամարհանք էր տածում դեղին զրահով պատված անշնորհք ու տխմար բիսերի նկատմամբ, որոնք քմահաճ էին սիրային գործերում և աչքերը փակած՝ պորտուգալական ֆիզալիաներ էին լափում։
Նա սնահավատ վախ չէր զգում կրիաներից, թեև տարիներ շարունակ որսորդների հետ գնացել էր կրիա բռնելու։ Ծերունին խղճում էր նրանց, անգամ լուտա կոչվող հսկայական, մի նավակի երկարություն ու մի տոննա քաշ ունեցող պնդամաշկ կրիաներին։ Մարդկանց մեծ մասը անհոգի է վերաբերվում կրիաներին, որովհետև կրիայի սիրտը դեռ երկար բաբախում է նրա մորթվելուց, կտոր֊կտոր արվելուց հետո էլ։ «Բայց չէ՞ որ ես էլ այնպիսի սիրտ ունեմ,— մտածում էր ծերունին,— իսկ իմ ձեռքերն ու ոտքերը այնքան նման են նրանց ձեռք ու ոտքին»։ Նա ուտում էր կրիայի սպիտակ ձվեր՝ ուժ ստանալու համար։ Ուտում էր դրանք ամբողջ մայիսի ընթացքում, որպեսզի ուժեղ լիներ սեպտեմբերին ու հոկտեմբերին, երբ իսկական խոշոր ձկներն սկսում են գալ։
Ծերունին ամեն օր խմում էր նաև մի թաս շնաձկան լյարդի յուղ, որ խոշոր տակառով պահվում էր այն մարագում, ուր շատ ձկնորսներ իրենց պարաններն էին պահում։ Այդ յուղից կարող էր օգտվել ամեն մի ձկնորս, ով որ ուզենար։ Ձկնորսների մեծ մասին զզվելի էր թվում այդ յուղի համը, սակայն դրա խմելը բնավ էլ այնքան զզվելի չէր, ինչպես գիշերվա կեսին անկողնուց վեր կենալը. բացի դրանից, շատ էր օգնում մրսելու դեմ և օգտակար էր աչքերի համար։
Ծերունին նայեց երկնքին ու տեսավ, որ որորը նորից է պտտվում ծովի վրա։
— Ձուկ է գտել,— ասաց նա բարձրաձայն։
Ո՛չ մի թռչող ձուկ չէր խախտում ծովի հարթությունը, շուրջբոլորը մանր ձկնիկներն անգամ չէին նկատվում։ Սակայն ծերունին հանկարծ տեսավ, թե ինչպես օդ ցատկեց մի միջակ թյունոս, ոստնելիս պտույտ եկավ ու դարձյալ գլխիվայր սուզվեց ջրի մեջ։ Թյունոսը արևից արծաթափայլ շողշողաց, իսկ նրա ետևից ոստոստեցին ուրիշ թյունոսներ ու ցատկոտեցին ամեն կողմ՝ փրփրեցնելով ջուրը և երկար ոստյուններով խոյանալով մանր ձկների վրա։ Սրանք պտտվում էին սրանց շուրջը ու առաջ քշում։
«Եթե շատ արագ չլողան, կհասնեմ ամբողջ վտառին»,— մտածեց ծերունին՝ հետևելով, թե ինչպես թյունոսները սպիտակեցնելու աստիճան փրփրեցնում են ջուրը, իսկ որորը սուզվում ու բռնում էր մի ձկնիկ, որը թյունոսների սարսափից մակերես էր նետվել։
— Թռչունը ձկնորսի հավատարիմ օգնականն է,— ասաց ծերունին։
Այդ վայրկյանին նավախելից իջեցված կարճ թելը ձգվեց ոտքի տակ, որով նա պահել էր դրա մի պատառը. նա թողեց թիերը և թելի ծայրն ամուր բռնելով՝ սկսեց դուրս քաշել՝ զգալով կարթը ջղաձգորեն ձգող միջակ թյունոսի քաշը։ Կարթաթելը հետզհետե ավելի ուժգին էր ձգվում նրա ձեռքում, և նա տեսավ ձկան կապտավուն մեջքն ու ոսկեթույր վետվետացող կողերը ավելի շուտ, քան նրան նավակի մոտ քաշելն ու ներս նետելը։ Թյունոսը ընկած էր խելի մոտ՝ արևի տակ, ձուլված գնդակի նման պիրկ, և խոշոր, անմիտ աչքերը չռած՝ հրաժեշտ էր տալիս կյանքին բարեձև, արագաշարժ պոչի ջղաձիգ հարվածների ներքո։ Ծերունին, խղճահարությունից դրդված, մի հարված հասցնելով գլխին, սպանեց ու դեռևս թրթռացող վիճակում ոտքով շպրտեց նրան նավախելի ստվերի տակ։
— Ալբակորե է,— ասաց նա բարձրաձայն։— Սրանից հիանալի խայծ դուրս կգա։ Տասը ֆունտից պակաս չի լինի։
Ծերունին արդեն չէր կարողանում հիշել, թե առաջին անգամ երբ սկսեց ինքն իր հետ խոսել բարձրաձայն։ Առաջ, երբ մենակ էր մնում, երգում էր. երբեմն երգում էր նաև գիշերը՝ ժամապահ կանգնած, երբ նավարկում էին մեծ առագաստանավերով կամ կրիայի որս էին անում։ Հավանորեն նա սկսեց բարձրաձայն խոսել, երբ տղան հեռացավ իրենից, և ինքը մնաց բոլորովին մենակ։ Հիմա արդեն չէր հիշում։ Բայց չէ՞ որ տղայի հետ էլ ձուկ որսալիս խոսում էին միայն այն ժամանակ, երբ կարիք կար։ Խոսում էին գիշերը կամ վատ եղանակից առաջացած անգործության ժամերին։ Ծովի վրա ընդունված չէ խոսել, երբ դրա կարիքն առանձնապես չկա։ Ծերունին էլ վատ բան էր համարում դա ու հարգում էր սովորույթը։ Բայց հիմա արդեն շատ անգամ իր մտքերը կրկնում էր բարձրաձայն, չէ՞ որ դրանք ոչ ոքի նեղություն չէին տալիս։
— Եթե որևէ մեկը լսեր, որ ինքս ինձ հետ խոսում եմ, մարդիկ կմտածեին, թե ցնդել եմ,— ասաց ծերունին։— Բայց քանի որ չեմ ցնդել, ո՛ւմ ինչ գործն է։ Հարուստների բանը լավ է. նրանք ունեն ռադիո, որը կարող է խոսել նրանց հետ նավակում ու լուրեր հաղորդել բեյսբոլի մասին։
«Հիմա բեյսբոլի մասին մտածելու ժամանակ չէ,— ասաց ինքն իրեն ծերունին։— Հիմա միայն մի բանի մասին մտածելու ժամանակ է, այն մասին, թե ինչու եմ ես ծնվել։ Թերևս թյունոսների այս վտառի կողքին, մի տեղ լող է տալիս նաև իմ խոշոր ձուկը։ Չէ՞ որ միայն մի ալբակորե եմ բռնել ես, այն էլ վտառից ետ ընկած։ Իսկ դրանք ափից շատ հեռու են որս անում ու խիստ արագ էլ լողում են։ Այսօր ծովում պատահած ամեն բան շատ արագ և դեպի հյուսիս֊արևելք է շարժվում։ Գուցե և այս ժամին միշտ այսպես է լինում։ Բայց գուցե և եղանակի փոխվելու նշան է, ու ես այդ նշանը պարզապես չեմ իմանում»։
Հիմա ծերուկն այլևս չէր տեսնում ափի կանաչ շերտը, հեռվում գծագրվում էին միայն կապուտակ լեռների կատարները, որոնք այդտեղից սպիտակ էին թվում, ասես ձյունապատ էին։ Դրանց վրայի ամպերն էլ նման էին ձյունապատ բարձր լեռների։ Ծովը խիստ մուգ էր դարձել, և արևի ճառագայթները բեկվում էին ջրի մեջ։ Պլանկտոնի անհամար կայծերն այժմ մարել էին զենիթում գտնվող արևից, և մուգ կապույտ ջրի մեջ ծերունին տեսնում էր միայն արևի բեկվող ճաճանչներից առաջացած երփներանգ բծերն ու իր լարերը, որոնք ուղղագիծ իջնում էին խորքը, որն այդտեղ մեկ մղոնի էր հասնում։
Թյունոսները (ձկնորսներն այդ տեսակի բոլոր ձկներն անվանում էին թյունոս և նրանց իսկական անունները տարբերում էին այն ժամանակ, երբ տանում էին շուկա ծախելու կամ սպառում էին որպես խայծ) նորից խորքերն իջան։ Արևն այրում էր, և ծերունին զգում էր, թե ինչպես է վառվում իր ծոծրակը, քրտինքը շիթ֊շիթ հոսում էր մեջքից, երբ նա թիավարում էր։
«Կարող էի հոսանքի հետ գնալ,— մտածեց ծերունին,— ու մի փոքր նիրհել՝ կարթաթելը կապելով ոտքիս բթամատին, որպեսզի ժամանակին արթնանամ։ Բայց այսօր ութսունհինգերորդ օրն է, և պետք է զգաստ լինեմ»։
Եվ հենց այդ ակնթարթին նա նկատեց, թե ինչպես կանաչ կարթաձողերից մեկը ցնցվեց ու կորացավ դեպի ջուրը։
— Հենց այս է, որ կա,— ասաց նա։— Հենց այս է։— Եվ թիերը դուրս հանեց ջրից՝ ջանալով չերերացնել նավակը։ Նա ձգվեց դեպի կարթաթելը և աջ ձեռքի բթամատով ու ցուցամատով կամացուկ բռնեց դա։ Ո՛չ լարում էր նա զգում, ո՛չ ձգում, ու թելը պահել էր հեշտությամբ, առանց սեղմելու։ Բայց ահա նորից ցնցվեց թելը։ Այս անգամ ձգումը զգույշ էր և ոչ ուժգին, իսկ ծերունին գիտեր, թե ինչ է նշանակում դա։ Մոտ հարյուր ծովային գրկաչափ խորության վրա մեռլանը լափում էր կարթի սուր ու կոր մասի վրա շամփրված սարդինները այն կետում, որտեղ ձեռքով կոփված այդ կեռը դուրս էր գալիս միջակ թյունոսի գլխից։
Ծերունին, կարթաթելը թեթև պահած, ձախ ձեռքով զգույշ արձակեց դա կարթաձողից։ Այժմ դա կարող էր ձկան համար աննկատելի կերպով սահել նրա մատների միջով։
«Ափից այսքան հեռու, այն էլ տարվա այս օրերին, երևի հսկայական ձուկ է։ Կեր, այ ձուկ, կեր է՜լի, խնդրո՜ւմ եմ։ Այնքան թարմ են սարդինները, իսկ դու այնքա՜ն մրսում ես ջրի մեջ՝ վեց հարյուր ոտնաչափ խորության մեջ, մրսում ես ու խավարի մեջ ես։ Մի անգամ էլ խավարում շո՛ւռ եկ, ե՛տ գնա ու կե՛ր»։
Նա մի թեթև, զգույշ ձգում զգաց, ապա ավելի ուժգին, ըստ երևույթին սարդիններից մեկը դժվար է եղել պոկել կարթից։ Հետո ամեն ինչ հանդարտվեց։
— Դե մի անգամ էլ շո՛ւռ արի,— ասաց ծերունին բարձրաձայն։— Հոտ քաշիր։ Մի՞թե հրաշալի բան չեն դրանք։ Մի լավ կե՛ր։ Իսկ դրանցից հետո մեկ էլ տեսար եկավ թյունոսը փորձելու հերթը։ Չէ՞ որ նա պինդ է, սառն, պարզապես թագավորական պատառ։ Մի՛ քաշվիր, ա՛յ ձուկ, կե՛ր, խնդրո՜ւմ եմ։
Նա, թելը ցուցամատի ու բթամատի միջև պահած, սպասում էր, միաժամանակ հետևելով դրան ու մյուս կարթաթելերին, որովհետև ձուկը կարող էր տեղից տեղ լողալ։ Եվ հանկարծ նորից զգաց թելի թեթև, հազիվ նկատելի ձգում։
— Խփում է,— ասաց ծերունին բարձրաձայն։— Խփում է, ա՛յ, աստված կյանք տա քեզ։
Բայց ձուկը չխփեց, նա հեռացավ, ու թելը մնաց անշարժ։
— Չէր կարող հեռանալ,— ասաց ծերունին։— Աստված վկա՛, չէր կարող հեռանալ։ Պարզապես շուռ է գալիս ու նորից լող է տալիս։ Գուցե և արդեն մի անգամ ընկել է կեռի վրա ու հիշում է դեռ։
Այդ միջոցին նորից զգաց կարթաթելի թեթև ձգումը, և սրտից ասես քար ընկավ։
— Հո ասում էի, որ միայն շուռ է գալիս,— ասաց ծերունին։— Հիմա արդե՛ն կխփի։
Նա երջանիկ էր՝ զգալով, թե ինչպես է ձուկը կամացուկ ձգում թելը, և հանկարծ ինչ֊որ անհավատալի ծանրություն զգաց։ Նա զգաց վիթխարի ձկան քաշը և արձակելով պարանը՝ թողեց, որ սահի ցած, ցած, ավելի ցած ու իր ետևից արձակի պահեստի կծիկներից մեկը։ Թելն իջնում էր՝ հեշտ սահելով մատների միջով, ու թեև ծերունին թույլ էր պահել դա, այնուամենայնիվ զգում էր թելը քաշող հսկայական ծանրությունը։
— Այս ի՜նչ ձուկ է,— ասաց նա բարձրաձայն։— Շրթունքն ընկել է կարթին ու հիմա էլ ուզում է դրա հետ միասին հեռու փախչել։
«Մեկ է, շուռ կգա ու կարթը կուլ կտա»,— մտածեց ծերունին, սակայն իր կարծիքը բարձրաձայն չասաց, աչքով չտալու համար։ Գիտեր, թե որքան հսկայական է այդ ձուկը, ու մտովի պատկերացնում էր, թե ինչպես խավարում հետզհետե ավելի է հեռանում նա երախի լայնությամբ կառչած թյունոսի հետ։ Մի ակնթարթի չափ շարժումը դադարեց, բայց նա առաջվա պես զգում էր ձկան ծանրությունը։ Հետո ձգումն ուժեղացավ, և նա կրկին բաց թողեց պարանը։ Մի վայրկյան նա մատներով պահեց դա, լարումը սաստկացավ, ու պարանը քաշվեց ցած։
— Խփեց,— ասաց ծերունին։— Հիմա թող կարգին ուտի։
Նա թողեց, որ լարը սահի մատների միջով, իսկ ձախ ձեռքով երկու պահեստային կծիկների ազատ ծայրը կապեց երկրորդ կարթի պահեստային երկու կծիկների օղակին։ Հիմա ամեն ինչ պատրաստ էր. այժմ նա պահեստում ուներ երեք կծիկ թել՝ յուրաքանչյուրը քառասուն գրկաչափ, չհաշված այն, որով բռնել էր ձուկը։
— Մի քիչ էլ կեր,— ասաց նա։— Կե՜ր, մի՛ քաշվիր։
«Այնպես կեր, որ կարթի ծայրը մտնի սիրտդ ու սպանի֊պրծացնի,— մտածեց նա։— Ինքդ էլ վեր լողա ու հնարավորություն տուր հարպունը խրեմ մարմնիդ մեջ։ Դե հիմա լավ է։ Պատրա՞ստ ես, լավ կշտացա՞ր»։
— Ժամանակն է,— ասաց նա բարձրաձայն և զույգ ձեռքերով լարն ուժգին ձգելով՝ հանեց մոտ մի յարդ, ապա սկսեց նորից ու նորից քաշել՝ ձգելով մերթ այս, մերթ այն ձեռքով և ամեն մի ձգումին լարելով ձեռքերի ու մարմնի ամբողջ ուժը։
Զուր էին նրա ջանքերը, ձուկը դանդաղակի հեռանում էր, և ծերունին ոչ մի մատնաչափ չէր կարող մոտեցնել իրեն։ Կարթաթելն ամուր էր՝ խոշոր ձկան համար նկատի առնված, և նա գցեց ուսին ու այնպես պրկեց, որ ջրի կաթիլներ ցատկեցին նրա վրայից։ Հետո լարը թեթևակի ֆշշաց ջրի մեջ, իսկ նա շարունակում էր պահել դա՝ ոտքերը հենած նստարանին ու իրանը ետ գցած։ Նավակը սկսեց հազիվ նկատելի հեռանալ դեպի հյուսիս֊արևմուտք։
Ձուկը շարունակում էր լողալ, և նրանք դանդաղակի շարժվում էին հայելանման ջրի վրայով։ Մյուս խայծերը դեռևս ծովի մեջ էին, բայց ծերունին ոչինչ չէր կարող անել դրանց։
— Ա՜խ, եթե տղան ինձ հետ լինե՜ր,— ասաց նա։— Ձուկն ինձ բուքսիր արած քաշում է, ու ես ինքս էլ բուքսիրային գերան եմ։ Լարը չկապե՞մ նավակին։ Բայց այն ժամանակ մեկ էլ տեսար՝ ձուկը լարը կտրեց։ Պետք է ամուր պահեմ դա և ինչքան պետք լինի, այնքան բաց թողնեմ։ Դեռ փառք աստծո, որ նա լողում է և ոչ թե իջնում հատակը։ Իսկ ի՞նչ պիտի անեմ, եթե որոշի խորքը իջնել, ի՞նչ պիտի անեմ, եթե քարի պես ընկնի հատակն ու սատկի։ Չեմ իմանում։ Այն ժամանակ կտեսնենք։ Ինչ ասես չեմ կարող անել։
Նա մեջքը հենել էր պարանին ու հետևում էր, թե ինչպես շեղ է իջնում դա ջրի մեջ, և որքան դանդաղ է նավակը հյուսիս֊արևմուտք ընթանում։
«Շուտով կսատկի,— մտածում էր ծերունին։— Անվերջ հո չի՞ կարող լողալ»։ Սակայն չորս ժամ անց էլ ձուկը նույն անխոնջությամբ լողում էր ծովում, իսկ ծերունին նույն կերպ նստել էր՝ լարը մեջքի վրա պրկած, ինքն էլ նստարանին հենված։
— Երբ բռնեցի, կեսօր էր,— ասաց ծերունին։— Բայց դեռ մինչև հիմա չեմ տեսել դրան։
Նախքան ձկան բռնելը նա ծղոտե գլխարկը պինդ քաշել էր ճակատին, և հիմա դա հարել էր մաշկը ու ցավեցնում էր։ Ծերուկն ուզում էր ջուր խմել, ուստի զգուշությամբ չոքելով, որպեսզի լարը չցնցի, որքան կարող էր մոտ սողաց ցռուկին ու մի ձեռքով հանեց շիշը, բացեց ու մի քանի ումպ խմեց։ Հետո հանգստացավ՝ հենվելով ցռուկին։ Նա հանգստանում էր կայմին փաթաթված առագաստին նստած, ջանալով չմտածել, այլ միայն ուժերը խնայել։
Այնուհետև նա ետ նայեց ու տեսավ, որ ցամաքն այլևս չի երևում։ «Մեծ փորձանք չէ,— մտածեց նա։— Միշտ էլ կարող եմ վերադառնալ՝ դիմելով դեպի Հավանայի լույսերը։ Արևի մայր մտնելուն մնացել է երկու ժամ, գուցե և այդ ժամանակամիջոցում ձուկը բարձրանա ջրի երես։ Եթե ոչ, գուցե լուսնի լույսի տակ վեր բարձրանա։ Բայց գուցե և լուսաբացին։ Ձեռքերս չեն թմրել, ուժս էլ տեղն է։ Չէ՞ որ կարթը նա է կուլ տվել և ոչ թե ես։ Բայց այս ի՞նչ ձուկ է, որ այսպես ձգում է։ Երևում է, որ մետաղալարը պինդ է կրծել։ Շատ կուզենայի գոնե մի աչքով նայել դրան, այն ժամանակ կիմանայի, թե ում հետ գործ ունեմ»։
Որքան կարող էր ծերունին աստղերից եզրակացնել, ձուկը լողում էր ամբողջ գիշեր առանց ուղղությունը փոխելու։ Արևը մայր մտնելուց հետո մի քիչ ցրտել էր՝ քրտինքը չորացել նրա մեջքի, ուսերի ու զառամած ոտքերի վրա, և նա սկսեց մրսել։ Ցերեկը նա հանել էր խայծի արկղը ծածկող պարկը ու փռել արևի տակ չորանալու։ Երբ արևը մայր մտավ, նա այդ պարկը փաթաթեց վզի շուրջը, ապա զգուշությամբ անցկացնելով լարի տակից՝ փռեց մեջքին։ Լարը հիմա շատ ավելի քիչ էր կտրում, և կռթնելով ցռուկին՝ այնպես կռացավ նա, որ համարյա թե հարմար էր։ Ճիշտն ասած՝ այդ դիրքով շատ քիչ էր հեշտանում նրա վիճակը, բայց նա հավատացնում էր իրեն, որ հիմա գրեթե բոլորովին հարմար դիրք է ընդունել։
«Ոչինչ չեմ կարող անել դրան, բայց նա էլ ինձ ոչինչ չի կարող անել,— մտածեց ծերունին։— Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ որևէ նոր աչքակապություն չի հնարել»։
Մի անգամ նա վեր կացավ, որպեսզի միզի ծովի մեջ, նայի աստղերին ու որոշի, թե ինչպես է ընթանում նավակը։ Պարանը թվում էր իր ուսից ուղիղ ջուր իջնող մի բարակ շողք։ Հիմա նրանք շարժվում էին ավելի դանղաղ, և Հավանայի լույսերը աղոտացել էին. հավանորեն հոսանքը արևելք էր տանում նրանց։ «Քանի որ Հավանայի լույսերն անհետանում են, ուրեմն մենք է՛լ ավելի ենք գնում արևելք,— մտածեց ծերունին։— Եթե ձուկը չփոխեր իր ուղղությունը, ես դեռ դրանք մի քանի ժամ էլ կտեսնեի։ Հետաքրքիր է՝ այսօրվա մրցումներն ինչպես վերջացան։ Լավ կլիներ, եթե նավակի վրա ռադիո ունենայի»։ Բայց նա ընդհատեց իր մտքերը. «Ուշքդ վրադ պահի՛ր։ Մտածի՛ր արածիդ մասին։ Մտածի՛ր, որպեսզի որևէ հիմարություն չանես»։
Իսկ բարձրաձայն ասաց.
— Ափսո՜ս, որ տղան հետս չէ. կօգներ ինձ և ամեն բան իր աչքով կտեսներ։
«Չի կարելի, որ մարդ ծերությանը մենակ մնա,— մտածում էր նա։— Բայց և այնպես անխուսափելի է դա։ Չմոռանամ թյունոսն ուտեմ, քանի դեռ չի հոտել, ուժերս հո չպե՞տք է կորցնեմ։ Չմոռանամ առավոտյան ուտեմ դա, եթե նույնիսկ ամենևին քաղցած չլինեմ։ Միայն թե չմոռանամ»,— կրկնում էր նա ինքն իրեն։
Գիշերը նավակին մոտեցան երկու ծովային խոզուկ, և ծերունին լսում էր, թե ինչպես բարձր փնչում է արուն, իսկ էգը՝ հազիվ լսելի, կարծես հառաչելով։
— Լավն են դրանք,— ասաց ծերունին։— Խաղում են, գժություն անում ու սիրում իրար։ Բարեկամ են դրանք մեզ, ճիշտ թռչող ձկան պես։
Հետո նա սկսեց խղճալ այն խոշոր ձկան, որին բռնել էր կարթով։ «Բա զարմանք բան չէ՞ այս ձուկը, և աստված միայն գիտե, թե քանի տարի ապրել է այս աշխարհում։ Ինձ երբեք այսպիսի ուժեղ ձուկ չի պատահել, և տես ի՜նչ տարօրինակ ձևով է իրեն պահում։ Երևի նրա համար չի ոստոստում, որ շատ է խելացի։ Չէ՞ որ տունս կքանդեր, եթե թռվռար կամ ամբողջ ուժով առաջ նետվեր։ Բայց երևի մի քանի անգամ ընկել է կարթի վրա ու հասկանում է, որ ավելի լավ է այսպես պայքարել կյանքի համար։ Որտեղի՞ց իմանա, որ իր դիմաց միայն մի մարդ կա, այն էլ ծեր մարդ։ Բայց ի՞նչ խոշոր ձուկ է դա ու ինչքա՞ն փող կբերի, եթե համեղ է միսը։ Խայծը բռնեց արուի պես, քաշում է արուի պես և պայքարում է ինձ հետ առանց որևէ երկյուղի։ Հետաքրքիր է՝ իմանո՞ւմ է ինչ պիտի անի, թե՞ գործում է գլուխը կորցրած, ոնց որ ես»։
Նա հիշեց, թե ինչպես մի անգամ կարթով մի էգ մեռլան բռնեց։ Արուն միշտ թողնում է, որ նախ էգը մոտենա կերին, և ահա էգը, ընկնելով կարթի վրա, սարսափից սկսեց հուսահատ ու կատաղի պայքար մղել, որից և արագ ուժասպառ եղավ, իսկ արուն, առանց մի քայլ հեռանալու նրանից, լողում ու պտտվում էր նրա հետ ջրի մակերեսին։ Այնքան մոտ էր նա լողում, որ ծերունին վախենում էր՝ չլինի՞ թե մանգաղի պես սուր ու համարյա նրա ձևի պոչով լարը կտրի։ Երբ ծերունին կեռաձողով ճանկեց էգին ու մահակն իջեցրեց գլխին՝ բռնելով նրա սուսերի պես սուր ու անողորկ եզրեր ունեցող երախը, երբ նա մահակով այնքան խփեց գլխին, որ նրա գույնը նմանվեց հայելիների ետևի կողմը ծածկող ամալգամի գույնին, և երբ հետո էլ տղայի օգնությամբ քաշեց նրան նավակ, արուն նրա մոտից չհեռացավ։ Այնուհետև, երբ ծերունին սկսեց լարը կծկել ու հարպունը պատրաստել, արուն նավակի մոտ ոստնեց օդ, որպեսզի նայի, թե ինչ եղավ իր ընկերուհուն, ապա կրծքի լողակների բաց մանուշակագույն թևերը պարզելով՝ սուզվեց ջրի մեջ, և շատ լավ երևում էին նրա մեջքի բաց մանուշակագույն, լայն շերտերը։ Ծերունին չէր կարող մոռանալ, թե որքա՜ն գեղեցիկ էր նա, և մինչև վերջ էլ չլքեց իր ընկերուհուն։
«Երբեք դրանից ավելի կսկծալի բան չեմ տեսել ես ծովի վրա,— մտածեց ծերունին։— Տղան էլ տխրեց, և մենք ներողություն խնդրեցինք էգից ու արագ կտրատեցինք նրա միսը»։
— Ափսո՜ս, որ տղան հետս չէ,— ասաց նա բարձրաձայն և ավելի հարմար թիկնեց ցռուկի կլոր տախտակներին՝ ուսը ճնշող պարանի միջոցով շարունակ զգալով անշեղորեն իր ինչ֊որ նպատակին դիմող խոշոր ձկան հզոր ուժը։
— Երբ մտածո՜ւմ եմ, որ միայն իմ խորամանկության պատճառով ստիպված եղավ նա փոխել իր ճակատագիրը։
«Նրա ճակատագիրն էր՝ մնալ օվկիանոսի խավար խորքերում, ամեն տեսակ ծուղակներից, խայծերից ու մարդկային նենգությունից հեռու։ Իմ ճակատագիրն էր՝ միայնակ գնալ նրա ետևից ու գտնել նրան այնտեղ, որտեղ ո՛չ մի մարդ չէր թափանցել, աշխարհում ո՛չ մի մարդ։ Հիմա՝ ուղիղ կեսօրից, մենք կապված ենք իրար։ Եվ ո՛չ նրան օգնող կա, ո՛չ ինձ»։
«Թերևս պետք չէր, որ ես դառնայի ձկնորս,— մտածեց նա։— Բայց չէ՞ որ դրա համար եմ ես ծնվել։ Միայն թե չմոռանամ թյունոսն ուտել, երբ լույսը բացվի»։
Արևածագից քիչ առաջ խփեց նրա ետևը եղած կարթերից մեկը։ Նա լսեց, թե ինչպես կոտրվեց ճիպոտը, և լարը սահեց նավակի միջնափայտի վրայով։ Խավարում նա պատյանից հանեց իր դանակը և ձկան ամբողջ ծանրությունը փոխադրելով ձախ ուսին՝ իրանը ետ տվեց ու միջնափայտի վրա կտրեց լարը։ Այնուհետև կտրեց իր կողքի լարը և խավարում իրար կապեց պահեստային կծիկների ծայրերը։ Նա ճարտար էր աշխատում մեկ ձեռքով՝ ոտքը դրած կծիկներին, որպեսզի հանգույցը պինդ ձգի։ Հիմա նա պահեստի վեց կծիկ ուներ՝ երկուական կտրած լարերից, երկու հատ էլ այն կարթից, որի վրա ընկել էր ձուկը, և այդ վեց կծիկներն էլ կապված էին իրար։
«Երբ լուսանա մտածում էր նա,— կաշխատեմ հանել այն կարթը, որ իջեցրել եմ քառասուն գրկաչափ, դա էլ կկտրեմ ու կմիացնեմ պահեստի կծիկները։ Ճիշտ է՝ կկորցնեմ երկու հարյուր գրկաչափ կատալոնյան ամուր պարան, չհաշված կարթերն ու վայրիցույցները։ Վնա՜ս չունի, այդ ամենը նորից կարելի է ճարել։ Բայց ո՞վ ինձ համար նոր ձուկ կճարի, եթե մի ուրիշ ձուկ ընկնի կարթի վրա ու վիժեցնի այս մեկը։ Չգիտեմ՝ հիմա ինչ ձուկ խփեց այնտեղ, գուցե մեռլան, գուցե և թրաձուկ կամ շնաձուկ։ Նրան տնտղելու ժամանակ անգամ չունեցա։ Անհրաժեշտ էր շուտով ազատվել նրանից»։
Իսկ բարձրաձայն ասաց.
— Երանի՜ տղան հետս լիներ։
«Բայց տղան հետս չէ,— մտածում էր նա։— Հույսդ միայն քեզ վրա կարող ես դնել, ու թեև հիմա մութ է, այնուամենայնիվ, լավ կանեիր, եթե փորձեիր այն վերջին լարն էլ ձեռքդ գցեիր, կտրեիր ու պահեստի երկու կծիկներն իրար կապեիր»։
Եվ այդպես էլ արեց։ Խավարում դժվար էր աշխատել, և մի անգամ ձուկն այնպես ձգեց, որ նա գլորվեց երեսնիվայր, ու այտը՝ աչքի տակ, ճեղքվեց։ Արյունը հոսեց երեսի վրայով, բայց լերդացավ ու չորացավ դեռևս կզակին չհասած, իսկ նա ետ սողաց դեպի ցռուկը ու հենվեց նրան՝ հանգստանալու համար։ Ծերունին ուղղեց պարկը և պարանը զգույշ խաղացրեց նոր, դեռևս չհարած տեղ և ամբողջ դիմադրությունը գցելով ուսերի վրա՝ փորձեց որոշել՝ ուժգի՞ն է արդյոք ձգում ձուկը, հետո էլ ձեռքը կոխեց ջուրը՝ պարզելու, թե ինչ արագությամբ է ընթանում նավակը։
«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ձիգ տվեց,— մտածեց նա։— Երևի մետաղալարը սահեց նրա մեջքի խոշոր սապատից։ Նրա մեջքն, իհարկե, այնպես չի ցավում, ինչպես իմը։ Բայց հո նա չի՞ կարող անվերջ նավակը քաշել֊տանել, ինչքան էլ մեծ լինի։ Հիմա ես ազատվեցի այն ամենից, ինչ կարող էր անախորժություն պատճառել ինձ, և պարանի մեծ պաշար ունեմ. էլ ի՞նչ է պետք մարդուն»։
— Այ ձուկ,— կանչեց նա կամացուկ,— ես քեզնից չեմ բաժանվի, մինչև որ չմեռնեմ։
«Ասենք, նա էլ անշուշտ ինձնից չի բաժանվի»,— մտածեց ծերուկը և սկսեց սպասել լուսաբացին։ Վաղորդյան այդ ժամին ցուրտ էր, և նա սեղմվեց տախտակներին, որպեսզի գոնե մի քիչ տաքանա։ «Եթե նա դիմանում է, ուրեմն ես էլ կդիմանամ»,— և այգաբացը լուսավորեց ծովի խորքերն իջնող պրկված պարանը։ Նավակն անդադար առաջ էր շարժվում, և երբ արևի մի եզրը երևաց հորիզոնի վրա, նրա լույսն ընկավ ծերունու աջ ուսին։
— Լողում է դեպի հյուսիս,— ասաց ծերունին։— Իսկ հոսանքն անշուշտ տարել է մեզ արևելք՝ բավական հեռու։ Շատ կուզենայի, որ ձուկը շրջվեր հոսանքի ուղղությամբ։ Դա կնշանակեր, որ հոգնել է։
Բայց երբ արևը վեր բարձրացավ, ծերունին ըմբռնեց, որ ձուկը հոգնելու միտք անգամ չուներ։ Մի բան էր միայն ուրախացնում՝ այն թեքությունը, որով պարանը խորանում էր ջրի մեջ, ցույց էր տալիս, որ հիմա ձուկը լողում է նվազ խորության վրա։ Բայց դա բնավ չէր նշանակում, որ նա անպայման կբարձրանա ջրի երես։ Այնուամենայնիվ վեր բարձրանալ կարող էր։
— Տե՛ր աստված, ստիպի՛ր դրան դուրս գա ջրի երես,— ասաց ծերունին։— Բավականաչափ պարան ունեմ, որ նրա հախից գամ։
«Թե կարողանամ մի քիչ ուժեղացնել ձգումը, գուցե և ցավ զգա ու վեր նետվի,— մտածեց ծերունին։— Հիմա, երբ արդեն լույս է, թող վեր նետվի։ Այն ժամանակ դրա ողնաշարի երկայնքին եղած փուչիկները օդով կլցվեն, ու նա այլևս չի կարողանա իջնել ցած, որպեսզի այնտեղ սատկի»։
Նա փորձեց պարանն ավելի պիրկ ձգել, սակայն ձուկը բռնելու պահից սկսած՝ պարանն առանց այդ էլ ծայրաստիճան պրկված էր, և երբ նա իրեն ետ տվեց է՛լ ավելի ձգելու համար, պարանը խրվեց մեջքը, և ծերուկը հասկացավ, որ բան դուրս չի գա։ «Ձգել չի կարելի,— մտածեց նա։— Ամեն մի ձգումը լայնացնում է այն վերքը, որ կեռից է առաջացել, և եթե ձուկը դուրս գա, կեռը կարող է ամբողջովին պոկվել։ Համենայն դեպս շատ ավելի լավ եմ զգում ինձ հիմա, երբ արև է, և այս անգամ ստիպված չեմ նայելու նրան։
Պարանին դեղին ջրիմուռներ էին փաթաթվել, սակայն ծերունին ուրախ էր դրա համար, որովհետև ջրիմուռները կասեցնում էին նավակի ընթացքը։ Այդ այն դեղին ջրիմուռներն էին, որոնք գիշերը լույս էին տալիս։
— Ա՛յ ձուկ,— ասաց նա,— ես քեզ շատ եմ սիրում ու հարգում։ Բայց քեզ կսպանեմ նախքան գիշերն իջնի։
«Հուսանք, որ դա կհաջողվի ինձ»,— մտածեց նա։
Հյուսիսից մի փոքրիկ թռչուն մոտեցավ նավակին։ Ցածից էր նա թռչում։ Ծերունին նկատեց, որ նա խիստ հոգնել է։
Թռչնիկը նստեց խելին՝ հանգստանալու, ապա պտույտ գործեց ծերունու գլխավերևում ու թառեց պարանին, որտեղ հարմար էր նրա համար։
— Քանի՞ տարեկան ես,— հարցրեց ծերունին։— Հավանորեն սա քո առաջին ուղևորությունն է։
Պատասխանի փոխարեն թռչնիկը նայեց նրան։ Նա շատ էր հոգնել, որպեսզի ստուգեր՝ բավականաչափ ամո՞ւր է պարանը, և իր քնքուշ տոտիկներով բռնած՝ ճոճվում էր միայն։
— Մի՛ վախեցիր, պարանն ամուր է ձգված,— վստահեցրեց ծերունին։— Նույնիսկ շատ պինդ։ Անհողմ գիշերն այդքան հոգնելու իրավունք չունեիր դու։ Է՜, հիմիկվա ծտերն էլ ուրիշ են։
«Ա՛յ, բազեները, մտածեց ծերունին,— դուրս են գալիս ծով մեզ ընդառաջելու»։ Բայց նա այս բանը չասաց թռչնակին, ասենք նա, մեկ է, չէր էլ հասկանա։ Վնաս չունի, ինքը շուտով ամեն ինչ կիմանա բազեների մասին։
— Մի լավ հանգստացի՜ր, փոքրի՛կ թռչուն,— ասաց նա,— իսկ հետո թռի՛ր դեպի ափ ու պայքարի՛ր, ինչպես պայքարում է ամեն մարդ, թռչուն ու ձուկ։
Թռչունի հետ զրուցելը գոտեպնդեց նրան, թե չէ նրա կռնակը բոլորովին փետացել էր գիշերը, և հիմա կարգին ցավ էր զգում նա։
— Կա՛ց ինձ հետ, թռչնի՛կ, եթե ուզում ես,— ասաց նա։— Ափսո՜ս, չեմ կարող առագաստը հաստատել ու ցամաք հասցնել քեզ, թեև հիմա թեթև քամի է բարձրանում։ Բայց այստեղ ունեմ մի բարեկամ, որին լքել չեմ կարող։
Այդ վայրկյանին ձուկը հանկարծ ձգվեց ու ծերունուն գլորեց քթի վրա. դեռ նավակից էլ դուրս կնետեր, եթե նա ձեռքերը չդիմահարեր նավակողին ու պարանը բաց չթողներ։
Երբ պարանը ձգվեց, թռչնիկը փախավ, և ծերունին նույնիսկ չնկատեց, թե նա երբ անհետացավ։ Աջ ձեռքով նա շոշափեց պարանը և տեսավ, որ ձեռքից արյուն է գալիս։
— Ձուկն էլ անշուշտ ցավ զգաց,— ասաց ծերունին բարձրաձայն ու քաշեց պարանը՝ ստուգելու, թե չի՞ կարող ձկանն ուրիշ կողմ թեքել։ Պարանն առավելագույն աստիճան ձգելուց հետո նորից նա անշարժացավ նախկին դիրքում։— Վատ օրի՞ ես, ա՛յ ձուկ,— հարցրեց նա։— Տեսնում է աստված՝ ես էլ լավ վիճակում չեմ։
Նա աչքերով փնտրեց թռչնիկին, որովհետև ուզում էր որևէ մեկի հետ զրույց անել։ Բայց ոչ մի տեղ թռչնիկին չտեսավ։
«Քիչ մնացիր ինձ մոտ,— մտածեց ծերունին։— Բայց այնտեղ, ուր դու սլացար, քամին շատ ավելի ուժեղ է ու մինչև ցամաք կփչի։ Սակայն ինչպե՞ս թույլ տվի ձկան, որ մի ձգումով վիրավորի ինձ։ Հավանորեն բոլորովին անխելքացել եմ։ Բայց գուցե և պարզապես երկար նայեցի թռչունին ու միայն նրա մասին էի մտածում։ Հիմա միայն գործի մասին կմտածեմ ու թյունոսն էլ կուտեմ ուժս տեղը բերելու համար»։
— Ափսո՜ս, որ տղան հետս չէ, և աղ չկա մոտս,— ասաց նա։ Ձկան ծանրությունը փոխադրելով ձախ ուսի վրա և զգուշությամբ չոքելով՝ ծերունին ձեռքը լվաց օվկիանոսում և մի րոպեաչափ պահեց ջրի մեջ՝ հետևելով, թե ինչպես է տարածվում արյան հետքը, և ինչպես է հանդիպակաց հոսանքը անցնում ձեռքի կողքերից։
— Հիմա շատ ավելի դանդաղ է լողում ձուկը,— ասաց նա բարձրաձայն։
Ծերունին ուզում էր ձեռքն ավելի երկար պահել աղի ջրի մեջ, բայց վախենում էր, որ ձուկը նորից կձգի, ուստի վեր կացավ, մեջքով քաշեց պարանը ու ձեռքը պահեց արևի տակ։ Պարանը միայն մի քերծվածք էր առաջացրել փափուկ մսի մեջ, սակայն ձեռքի այն մասն էր դա, որը պետք էր նրան աշխատելու համար։ Ծերունին հասկանում էր, որ այդ օրը դեռ շատ անգամ ձեռքերը պետք կլինեն իրեն, և վշտանում էր, որ հենց սկզբից էլ վիրավորել էր դրանք։
— Հիմա ես պետք է ուտեմ թյունոսը,— ասաց նա, երբ ձեռքը չորացավ։— Կարող եմ կեռաձողով մոտեցնել ինձ և ուտել ամենայն հարմարությամբ։
Ծերունին նորից չոքեց և խելի տակից հանելով կեռաձողը՝ գտավ այնտեղ թյունոսը, մոտեցրեց իրեն՝ ջանալով չշարժել պարանի կծիկները։ Նորից ձկան ամբողջ ծանրությունը փոխադրելով ձախ ուսի վրա և ձախ ձեռքը դիմահարելով նավակողին՝ թյունոսը հանեց կեռաձողից ու ձողը դրեց իր տեղը։ Նա ծունկը դրեց թյունոսի վրա և սկսեց երկար շերտերով, ծոծրակից մինչև պոչը, կտրատել մեջքի մուգ կարմիր միսը։ Վեց սեպաձև կտոր կտրելուց հետո շարեց դրանք ցռուկի տախտակի վրա, դանակը շալվարին քսելով սրբեց, պոչից բռնելով բարձրացրեց թյունոսի կմախքը ու շպրտեց ծով։
— Մի կտոր լրիվ երևի չուտեմ,— ասաց նա ու մի շերտը երկու կտոր արեց։ Ծերունին զգում էր, թե որքան ուժգին, սակայն առանց թուլանալու, քաշում է խոշոր ձուկը, իսկ ձախ ձեռքը բոլորովին ընդարմացավ։ Այդ ձեռքը ջղաձգորեն սեղմում էր ծանր պարանը, և ծերունին զզվանքով նայեց նրան։
— Սա էլ ձե՞ռք է, արևս վկա,— ասաց նա։— Դե լա՛վ, ուռի՛ր, թե շատ ես ուզում։ Դարձի՛ր թռչունի տոտիկ, մեկ է՝ այդ քեզ չի օգնի։
«Սկսի՛ր ուտել,— մտածեց նա՝ նայելով մուգ ջրին ու նրա մեջ խորացող պարանի շեղ գծին,— և ձեռքդ կուժեղանա։ Ինչո՞վ է նա հանցավոր, քանի ժամ է, ինչ անընդհատ պահում ես ձկանը։ Բայց կպահես մինչև կյանքիդ վերջը։ Իսկ առայժմ կեր»։
Նա մի կտոր ձուկ վերցրեց, դրեց բերանն ու սկսեց դանդաղ ծամել։ Համն այնքան էլ զզվելի չէր։
«Լավ ծամիր,— մտածեց նա,— որպեսզի հյութից ոչ մի կաթիլ չկորչի։ Վատ չէր լինի համեմել կիտրոնով կամ թեկուզ աղով»։
— Հը՞, ո՞նց ես, ա՛յ ձեռք,— հարցրեց նա ուռած ձեռքին, որը փետացել էր համարյա ննջեցյալի ձեռքի պես։— Քո խաթրին մի կտոր էլ կուտեմ։
Ծերունին կերավ երկուսի բաժանած կտորի երկրորդ կեսը։ Նա ջանասիրաբար ծամեց դա ու մաշկը թքեց դուրս։
— Հը՞, ա՛յ ձեռք, մի քիչ լավացա՞վ, թե՞ դեռ ոչինչ չես զգացել։
Նա մի կտոր էլ վերցրեց ու նույնպես կերավ։
«Առողջ ու լիարյուն ձուկ է սա,— մտածեց նա։— Լավ է, որ թյունոս պատահեց և ոչ թե թյունիկ։ Թյունիկը շատ է քաղցր։ Իսկ այս ձկան մեջ համարյա քաղցրություն չկա ու ամբողջ սննդարարությունն էլ պահված է։ Բայց և այնպես չպետք է տարվել կողմնակի մտքերով,— մտածեց նա։— Ափսո՛ս, որ անգամ մի պտղունց աղ չկա մոտս։ Եվ չեմ էլ իմանում՝ ձկան մնացորդը կչորանա՞ արևի տակ, թե՞ կհոտի, ուրեմն ավելի լավ է ուտեմ, թեև քաղցած չեմ։ Խոշոր ձուկը հանդարտ է պահում իրեն։ Կուտեմ թյունոսի մնացորդը և այն ժամանակ պատրաստ կլինեմ։
— Դիմացի՛ր, ա՛յ ձեռք,— ասաց նա,— չե՞ս տեսնում՝ ինչքան եմ ջանք թափում քեզ համար։
«Կուզենայի խոշոր ձկանն էլ կերակրել,— մտածեց նա։— Չէ՞ որ նա իմ ազգականն է։ Բայց ես պիտի սպանեմ նրան, իսկ դրա համար ուժ է պետք ինձ»։
Ծերունին դանդաղորեն ու բարեխղճաբար կերավ թյունոսի բոլոր սեպաձն կտորները, ապա ձեռքերը շալվարի վրա սրբելուց հետո ուղղվեց։
— Պրծավ գնաց,— ասաց նա։— Հիմա, ա՛յ ձեռք, դու կարող ես պարանը բաց թողնել, միայն աջ ձեռքովս էլ կիշխեմ նրան, մինչև որ դադարեցնեմ քո գժությունը։— Ձախ ոտքով նա սեղմեց այն պարանը, որ մինչ այդ ձախ ձեռքն էր պահում, ու ձկան ծանրությունը գցելով թիկունքի վրա՝ ետ տվեց իրեն։
— Աստված անի ձեռքս լավանա,— ասաց նա։— Ի՜նչ իմանամ, թե էլ ինչ կփչի այս ձկան խելքին։
«Արտաքուստ հանդարտ է,— մտածեց նա,— ու խոհեմությամբ է գործում։ Բայց միտքն ի՞նչ է, և ի՞նչ եմ պատրաստվում անել ես։ Ես պետք է անմիջապես իմ պլանը հարմարեցնեմ նրա պլանին, չէ՞ որ նա այնքան վիթխարի է։ Եթե դուրս գա ջրի երես, կկարողանամ սպանել նրան։ Բա որ այսպես էլ մնա խորքո՞ւմ։ Այն ժամանակ ես էլ կմնամ նրա հետ»։
Նա շփեց կարկամումից ընդարմացած ձեռքը շալվարի վրա ու փորձեց բացել մատները։ Սակայն ձեռքը չէր բացվում։ «Գուցե և արևից բացվի,— մտածեց նա։— Կամ գուցե բացվի, երբ իմ ստամոքսը մարսի հում թյունոսը։ Եթե այս ձեռքս շատ պետք գա ինձ, ի՛նչ էլ լինի՝ կբացեմ։ Բայց հիմա չեմ ուզում ուժ գործադրել։ Թող ինքն իրեն բացվի ու իր կամքով կենդանանա։ Այսպես թե այնպես, գիշերը լավ տանջվեց ինձնից, երբ պետք էր կտրել ու իրար կապել իմ բոլոր պարանները»։
Ծերունին նայեց հեռուներն ու հասկացավ, որ հիմա ինքը մենակ է։ Բայց նա տեսնում էր ծովի մութ խորքերում բեկվող արևի գույնզգույն ճաճանչները, ցած իջնող պրկված պարանը ու ծովի հարթության տարօրինակ ծփանքը։ Ամպերն իրար էին միանում՝ ազդարարելով պասատային քամի, և նայելով առաջ՝ նա տեսավ երկնքի վրա որոշակի գծագրվող վայրի բադերի մի երամ. ահա դա ջնջվեց, հետո ավելի որոշակի գծագրվեց, և ծերունին հասկացավ, որ մարդը ծովի վրա երբեք մենակ չի լինում։
Նա մտածեց, թե ինչպես որոշ մարդիկ սարսափում են, երբ փոքրիկ նավակով մենակ են մնում ծովում, և եզրակացրեց, որ նրանց սարսափն արդարացի է այն ամիսներին, երբ հանկարծակի վատանում է եղանակը։ Բայց չէ՞ որ հիմա մրրիկների ժամանակն է, իսկ քանի դեռ մրրիկ չկա, ուրեմն տարվա ամենալավ եղանակն է սա։
Եթե մրրիկը մոտենա, ծովում միշտ կարելի է նրա նշանները տեսնել երկնքում, սկսվելուց շատ օրեր առաջ։ Ցամաքի վրա դրանք չեն տեսնում, մտածում էր նա, որովհետև չեն իմանում՝ ինչին նայեն։ Ասենք, ցամաքի վրա ամպերի ձևն էլ բոլորովին այլ է։ Իսկ հիմա մրրիկ սպասելու տեղիք չկա։
Նա նայեց երկնքին ու թանձրացած ամպեր տեսավ, որոնք նման էին նրան այնքան սիրելի պաղպաղակի, իսկ դրանց վերևում՝ սեպտեմբերյան երկնքի բարձր ոլորտներում, փետրակերպ ամպերի թափանցիկ ծվեններ։
— Շուտով թեթև քամի կբարձրանա,— ասաց ծերունին։— Իսկ դա շատ ավելի ձեռնտու է ինձ, քան թե քեզ, ա՛յ ձուկ։
Նրա ձախ ձեռքը դեռևս կարկամած էր ջղաձգությունից, բայց արդեն կարող էր կամաց֊կամաց շարժել։
«Ատում եմ, երբ ձեռքս փետանում է,— մտածեց նա։— Առանց այդ էլ սեփական մարմինն անհարմար դրության մեջ է դնում քեզ։ Ստորացուցիչ բան է, երբ ձկնից թունավորվելու պատճառով մարդկանց ներկայությամբ տանջվում ես փորհարինքից կամ փսխոցից։ Բայց կարկամումը (նա մտքում անվանեց դա calambre) հատկապես ստորացնում է քեզ, երբ մենակ ես»։
«Եթե տղան հետս լիներ,— մտածեց նա,— կշփեր ձեռքս՝ արմունկից մինչև ցած։ Բայց վնաս չունի, այսպես էլ կլավանա»։
Եվ հանկարծ ավելի շուտ քան նկատեց, թե ինչպես փոխվեց այն թեքությունը, որով պարանն իջնում էր ծով, աջ ձեռքը զգաց, որ ձգումը թուլացավ։ Նա ետ նետվեց և սկսեց ամենայն ուժով ձախ ձեռքը խփել ազդրին ու այդ միջոցին էլ տեսավ, որ պարանը դանդաղակի վեր է բարձրանում։
— Բարձրանո՜ւմ է,— ասաց նա։— Դե՛, կենդանացիր, ա՛յ ձեռք, խնդրում եմ։
Պարանը հետզհետե ավելի էր դուրս քաշվում, և վերջապես նավակի առաջ ուռչեց օվկիանոսի մակերեսը, և ձուկը դուրս եկավ ջրից։ Նա շարունակ դուրս էր գալիս, և թվում էր, թե վերջ չունի, իսկ ջուրը հորձանքներով թափվում էր նրա կողերից։ Նա ամբողջովին հրաշող էր արևի տակ. գլուխն ու մեջքը մուգ մանուշակագույն էին, իսկ կողերի շերտերը վառ լույսի տակ թվում էին խիստ լայն ու թեթևակի բաց մանուշակագույն։ Քթի փոխարեն ուներ թուր՝ բեյսբոլի փայտի չափ երկար ու սուսերախաղի թրի պես սրածայր։ Նա ջրից բարձրացավ ամբողջ հասակով մեկ, հետո լողորդի պես անշշուկ նորից սուզվեց և հազիվ էր անհետացել մանգաղի շեղբի նմանող նրա հսկայական պոչը, երբ ամենայն արագությամբ սկսեց արձակվել պարանը։
— Երկու ոտնաչափ երկար է իմ նավակից,— ասաց ծերունին։ Պարանն իջնում էր ծով արագ, սակայն հավասարաչափ, և ձուկը պարզապես վախեցած չէր։ Ծերունին զույգ ձեռքով ծայրաստիճան ձգում էր պարանը։ Նա գիտեր, որ եթե չկարողանա դանդաղեցնել ձկան ընթացքը նույնպիսի հավասարազոր դիմադրությամբ, ապա ձուկը կսպառի պարանի ամբողջ պաշարը ու պոկ կգա։
«Հսկայական է այդ ձուկը, և ես պիտի համոզեմ նրան հավատալու իմ ուժին,— մտածում էր նա։— Չի կարելի թողնել, որ զգա իմ թուլությունը ու հասկանա, որ կարող է իր ուզածն անել ինձ հետ, եթե որոշի ծլկել։ Եթե ես լինեի նրա տեղը, հիմա ամեն ինչ բախտախաղի կդնեի ու այնքան առաջ կգնայի, մինչև որ մի բան տրաքեր։ Բայց ձկները, փառք աստծու, այնպես խելացի չեն, ինչպես մարդիկ, որոնք սպանում են նրանց, թեև նրանք շատ ավելի ճարպիկ ու ազնիվ են»։
Ծերունին իր կյանքում խոշոր ձկների շատ էր պատահել, տեսել էր հազար ֆունտից ավելի քաշող շատ ձկներ, ինքն էլ ժամանակին այդպիսի երկու ձուկ էր բռնել, բայց երբեք միայնակ այդ բանն անելու առիթ չէր եղել։ Իսկ հիմա մենակ է բաց ծովում և ամուր կապված այնպիսի խոշոր մի ձկան, որպիսին երբեք չէր տեսել, որի մասին անգամ չէր լսել, իսկ ձախ ձեռքը առաջվա պես փետացել էր կարկամումից, ինչպես արծվի սեղմած մագիլները։
«Ասենք, ձեռքս կբացվի,— մտածեց նա։— Իհարկե, կբացվի, թեկուզ և նրա համար, որ օգնի իմ աջ ձեռքին։ Ժամանակով կային երեք եղբայր՝ ձուկն ու իմ երկու ձեռքերը։ Անպատճառ կբացվի։ Պարզապես ամոթ է, որ կարկամեց»։
Ձուկը դանդաղեցրեց արագությունը և հիմա գնում էր նախկին ընթացքով։
«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ հանկարծ դուրս եկավ,— խորհրդածում էր ծերունին։— Կարելի է կարծել, որ դուրս եկավ պարզապես նրա համար, որ ցույց տա ինձ, թե որքա՜ն վիթխարի է ինքը։ Ի՛նչ անենք, հիմա ես գիտեմ։ Ափսո՜ս, որ չեմ կարող ցույց տալ նրան, թե ինչ մարդ եմ ես։ Ասենք, այն ժամանակ նա կտեսներ իմ կարկամած ձեռքը։ Թող նա ավելի լավ կարծիք ունենա իմ մասին, քան իսկապես արժանի եմ, և այն ժամանակ ես իսկապես ավելի լավ կլինեմ։ Կուզենայի լինել ձուկ և ունենալ այն ամենը, ինչ նա ունի, և ոչ միայն կամք ու խելամտություն»։
Նա հանգիստ նստեց՝ հենվելով շրջափայտին ու անմռունչ տանելով տանջող ցավը, իսկ ձուկը նույնպիսի համառությամբ լողում էր առաջ, նավակն էլ դանդաղորեն ընթանում էր մուգ ջրի վրայով։ Արևելքից փչող քամին թեթև ալիք բարձրացրեց։ Կեսօրին ծերունու ձախ ձեռքը բոլորովին կենդանացավ։
— Հիմա բանդ կվատանա, ա՛յ ձուկ,— ասաց նա ու պարանը ուսի վրա փոխադրեց մի նոր տեղ։
Լավ էր զգում նա իրեն, թեև ցավն առաջվա պես նեղում էր, միայն թե չէր խոստովանում՝ ինչքան ցավ է զգում։
— Ես աստծուն չեմ հավատում,— ասաց նա։— Բայց տասն անգամ «Հայր մեր» և նույնքան էլ «Սուրբ կույս» կասեմ այս ձուկը բռնելու համար։ Խոստանում եմ՝ ուխտ գնամ Կոբրենի տիրամոր վանք, եթե իսկապես բռնեմ դրան։ Խոսք եմ տալիս։
Ծերունին սկսեց աղոթք ասել։ Երբեմն այնքան հոգնած էր զգում իրեն, որ բառերը մոռանում էր, և այդ պահերին ջանում էր որքան կարելի է արագ ասել, որպեսզի բառերն ինքնին ասվեն։ ««Սուրբ կույսն» ասելը ավելի հեշտ է, քան «Հայր մերը»»,— մտածում էր նա։
— Ուրախ լեր, կույս աստվածածին, բարեշնորհ Մարիամ, տէր ընդ քեզ։ Օրհնեալ ես դու ի կանանց, և օրհնեալ է պտուղն որովայնի քո, զի ծներ փրկիչ հոգւոցն մերոց, ամէ՜ն։— Հետո էլ ավելացրեց.— Ո՜վ սուրբ աստվածածին, աղոթիր, որ ձուկը մեռնի, թեև շատ հրաշալին է։
Աղոթք ասելուց ու իրեն շատ ավելի լավ զգալուց հետո, թեև ցավը ամենևին չպակասեց, այլ թերևս նույնիսկ սաստկացավ, այնուամենայնիվ նա հենվեց ցռուկի շրջափայտին ու մեքենայաբար սկսեց վարժություն անել ձախ ձեռքի մատներով։
Արևն այրում էր, թեև քամին կամաց֊կամաց ուժեղանում էր։
— Կարծես թե պետք է փոքրիկ կարթին նորից խայծ դնեմ ու գցեմ,— ասաց ծերունին։— Եթե մի գիշեր էլ ձուկը դուրս չգա, ստիպված կլինեմ բան ուտել, մանավանդ որ ջուր էլ շատ քիչ է մնացել։ Չեմ կարծում, որ թյունիկից բացի որևէ այլ բան բռնեմ այստեղ։ Եվ եթե մեկ անգամից ուտեմ դա, այնքան էլ զզվելի չէ։ Լավ կլիներ, եթե գիշերը թռչող ձուկ ընկներ նավակս, բայց լույս չունեմ, որ հրապուրեմ նրան։ Թռչող ձուկը հում վիճակում շատ լավ ուտելիք է, և փորը մաքրելու կարիք էլ չկա։ Իսկ հիմա պետք է խնայեմ ուժերս։ Չէ՞ որ, տե՜ր աստված, ես չէի իմանում, որ այդքան մեծ է դա։
— Բայց մեկ է՝ ես կհաղթեմ դրան,— ասաց ծերունին,— ինչքան էլ մեծ լինի նա ու փառահեղ։
«Թեկուզ և անարդար բան է դա,— ավելացրեց նա մտովին։— Բայց ես ցույց կտամ նրան, թե ինչի է ընդունակ մարդը և ինչի կարող է դիմանալ»։
— Հո ասում էի տղային, որ ես արտասովոր ծերունի եմ,— ասաց նա։— Հիմա եկել է դա ապացուցելու ժամանակը։
Ի՞նչ տարբերություն, որ նա հազար անգամ ապացուցել էր դա։ Հիմա հարկ կլինի նորից ապացուցել։ Ամեն անգամ հաշիվն սկսվում է սկզբից, ուստի երբ նա որևէ բան էր անում, անցածն այլևս չէր հիշում։
«Կուզենայի, որ քներ, այն ժամանակ ես էլ կկարողանամ քնել ու երազում առյուծներ տեսնել,— մտածեց նա։— Ինչո՞ւ առյուծներ. դա լավագույն բանն է, որ մնացել է ինձ»։
— Չպետք է մտածել, ծերուկ,— ասաց նա ինքն իրեն։— Հենվի՛ր փայտերին, կամացուկ հանգստացիր ու ոչ մի բանի մասին էլ մի՛ մտածիր։ Ձուկդ հիմա աշխատում է։ Իսկ դու առայժմ որքան կարելի է քիչ աշխատիր։
Արևը դիմում էր դեպի մայրամուտ, իսկ նավակը շարունակ լողում էր, դանդաղ, բայց անհողդողդ։ Արևելյան մեղմ քամին մղում էր նրան, և ծերունին կամացուկ օրորվում էր ցածր ալիքներից՝ հեշտ ու ներողամտաբար տոկալով մեջքի մեջ խրված պարանի առաջացրած ցավին։
Հենց կեսօրից հետո էլ պարանն սկսեց նորից բարձրանալ։ Սակայն ձուկը պարզապես շարունակում էր իր առաջխաղացումը ավելի քիչ խորությամբ։ Հիմա արևն այրում էր ծերունու թիկունքը, ձախ ուսն ու ձեռքը։ Դրանից նա հասկացավ, որ ձուկը շրջվեց դեպի հյուսիս֊արևելք։
Հիմա, երբ մի անգամ արդեն նայել էր նա ձկանը, կարող էր պատկերացնել՝ ինչպես է նա լողում ջրի տակ՝ կրծքի մանուշակագույն լողակները թևերի պես լայն տարածած ու հզոր պոչով ճեղքելով խավարը։ «Հետաքրքիր է՝ շա՞տ բան է տեսնում այդպիսի խորության վրա,— մտածեց ծերունին։— Հսկայական աչքեր ունի, մինչդեռ ձին, որի աչքերը շատ ավելի փոքր են, տեսնում է մթան մեջ։ Մի ժամանակ ես էլ լավ էի տեսնում մթան մեջ։ Իհարկե, ոչ լրիվ մթան մեջ, բայց համարյա թե կատվի տեսողություն ունեի»։
Արևը և մատների անընդհատ մարզանքը բոլորովին առողջացրին կարկամումից փետացած ձախ ձեռքը, և ծերունին սկսեց աստիճանաբար դրա վրա փոխադրել ձկան ծանրությունը՝ շարժելով թիկունքի մկանները, որպեսզի թեկուզ մի քիչ թուլանա պարանի առաջացրած ցավը։
— Եթե դու դեռ չես հոգնել,— ասաց նա բարձրաձայն,— իսկապես որ արտասովոր ձուկ ես։
Այժմ ծերունին սաստիկ հոգնած էր զգում իրեն, գիտեր, որ շուտով գիշերը կիջնի, ուստի և աշխատում էր որևէ կողմնակի բանի մասին մտածել։ Մտածում էր բեյսբոլի նշանավոր լիգաների մասին, որոնք նրա համար Gran Ligas էին, նաև այն մասին, որ այդ օրը Նյու Յորքի «Յանկիները» պետք է խաղային Դետրոյտի «Վագրերի» հետ։
«Երկրորդ օրն է, ինչ ես ոչինչ չեմ իմանում juegos֊ի արդյունքների մասին,— մտածեց նա։— Բայց ես պետք է հավատամ իմ ուժերին և արժանի լինեմ մեծն Դի Մաջիոյին, որ ինչ էլ անի, հիանալի է անում, անգամ այն ժամանակ, երբ տառապում է կրունկի ոսկրային կոշտուկից։ Ի՞նչ բան է ոսկրային կոշտուկը։ Un espuelo de hueso։ Մենք՝ ձկնորսներս, այդպիսի բան չենք ունենում։ Մի՞թե դա նույնքան ցավ է պատճառում, որքան կռվան աքլորի խթանի հարվածը կրունկին։ Ես հավանորեն չէի դիմանա ո՛չ այդպիսի հարվածին, ո՛չ մի աչք և ո՛չ էլ երկու աչքը կորցնելուն ու չէի կարողանա կռիվը շարունակել, ինչպես կռվան աքլորներն են անում։ Մարդը հո մի առանձին բան չէ հիանալի գազանների ու թռչունների կողքին։ Բայց ես կուզենայի լինել այն կենդանին, որ հիմա լողում է այնտեղ՝ ծովի խորքում»։
— Այո՛, եթե միայն շնաձկները չհարձակվեն,— ասաց նա բարձրաձայն։— Եթե շնաձկները հարձակվեն, աստված ողորմի նրան էլ, ինձ էլ։
«Մի՞թե դու կարծում ես, որ մեծն Դի Մաջիոն կկառչեր ձկնից այսպիսի համառությամբ, ինչպես դու ես կառչել»,— հարցրեց նա ինքն իրեն։ «Այո՛, ես հավատացած եմ, որ նա ճիշտ այսպես էլ կվարվեր, գուցե և ավելի լավ, որովհետև ինձնից ավելի երիտասարդ է և ուժեղ։ Մանավանդ որ նրա հայրը ձկնորս էր։ Իսկ ոսկրային կոշտուկը շա՞տ է ցավ պատճառում նրան»։
— Չեմ իմանում,— ասաց նա բարձրաձայն։— Ես երբեք ոսկրային կոշտուկ չեմ ունեցել։
Երբ արևը մայր մտավ, ծերունին գոտեպնդվելու համար սկսեց վերհիշել, թե ինչպես մի անգամ Կասաբլանկայի գինետանը ինքը ուժի մրցության բռնվեց Սիենֆուեգոսի նավահանգստի ամենաուժեղ մարդու՝ հզոր նեգրի հետ։ Մի ամբողջ օր՝ գիշեր֊ցերեկ, նրանք նստել էին իրար դեմ, արմունկները դիմահարած սեղանի վրա կավճով նշված գծին, առանց բազուկները ծռելու ու ձեռքի ափերն իրար ագուցած։ Նրանցից ամեն մեկը ջանում էր մյուսի ձեռքը սեղմել սեղանին։ Շուրջը մարդիկ գրազ էին գալիս, մտնում էին նավթի լամպերով թույլ լուսավորված սենյակը, դուրս գալիս, իսկ ինքը աչքերը չէր կտրում նեգրի ձեռքից, արմունկից ու դեմքից։ Առաջին ութ ժամն անցնելուց հետո դատավորներն սկսել էին չորս ժամը մեկ փոխարինել իրար, որպեսզի քնեն։ Երկու հակառակորդների եղունգների տակից արյուն էր ծորում, իսկ նրանք շարունակում էին նայել միմյանց աչքերին, ձեռքին ու արմունկին։ Գրազ բռնած մարդիկ մտնում էին սենյակ, դուրս գալիս, նստում էին պատերի մոտի բարձր աթոռներին ու սպասում վախճանին։ Փայտե պատերը բաց կապույտ էին ներկված, և լամպերը ստվեր էին գցում նրանց վրա։ Նեգրի ստվերը հսկայական էր ու երերում էր պատի վրա, երբ քամին տարուբերում էր լամպերը։
Ամբողջ գիշերը գերազանցությունն անընդհատ անցել էր մեկից մյուսին. նեգրին ռոմ էին խմեցնում ու վառում սիգարետները։ Ռոմ խմելուց հետո նեգրը հուսահատ ճիգ էր գործադրում և մի անգամ կարողացավ ճկել ծերունու ձեռքը համարյա երեք մատնաչափ, իսկ այն ժամանակ նա ծեր չէր ու կոչվում էր Սանտյագո El Campeon։ Բայց ծերունին նորից ուղղեց ձեռքը։ Դրանից հետո նա այլևս չկասկածեց, որ հաղթեց նեգրին, որը լավ տղա էր և անվանի ուժեղ։ Լուսաբացին, երբ ներկաներն սկսեցին պահանջել, որ դատավորը հայտարարի ոչ֊ոքի, իսկ սա ուսերն էր թոթվում, ծերունին հանկարծ լարեց իր բոլոր ուժերը և սկսեց նեգրի ձեռքը ճկել ավելի ու ավելի ցած, մինչև որ սեղմվեց սեղանին։ Մենամարտը սկսվեց կիրակի առավոտ և վերջացավ երկուշաբթի առավոտ։ Մասնակիցներից շատերը պահանջում էին ընդունել ոչ֊ոքի, որովհետև ժամանակն էր աշխատանքի դուրս գալու նավահանգստում, որտեղ նրանք ածուխ էին բեռնում Հավանայի ածխային ընկերության համար և կամ թե պարկերով շաքար։ Եթե այդ հանգամանքը չլիներ, ամենքն էլ կուզեին մրցումը հասցնել վախճանին։ Սակայն ծերունին հաղթեց և հաղթեց ավելի շուտ, քան թե բեռնակիրները աշխատանքի կգնային։
Այնուհետև երկար ժամանակ Չեմպիոն էին անվանում նրան, իսկ գարնանը նա հնարավորություն տվեց նեգրին հատուցում ստանալու։ Բայց գրազի գումարներն արդեն այնքան բարձր չէին, և նա երկրորդ անգամ էլ հեշտությամբ հաղթեց, որովհետև սիենֆուեգոսցի նեգրի հավատն իր ուժի հանդեպ արդեն խորտակվել էր առաջին մրցության ժամանակ։ Հետո Սանտյագոն մի քանի մրցումների էլ մասնակցեց ու շատ չանցած՝ թողեց այդ գործը։ Նա հասկացավ, որ եթե շատ ուզենա, ապա պատահած հակառակորդին կհաղթի, ու եզրակացրեց, որ այդպիսի մենամարտերը վնասակար են իր աջ ձեռքին, որը պետք է ձուկ որսալու համար։ Մի քանի անգամ փորձեց մրցել ձախ ձեռքով։ Սակայն ձախ ձեռքը միշտ դավում էր, չէր ուզում ենթարկվել իրեն, ինքն էլ նրան չէր վստահում։
«Արևը հիմա լավ կայրի նրան,— մտածեց նա։— Այլևս նա չի համարձակվի ի հեճուկս ինձ կարկամել, միայն թե գիշերը խիստ ցուրտ կլինի։ Կուզենայի իմանալ, թե ինչ է նախապատրաստել ինձ համար այս գիշերը»։
Նրա գլխավերևով թռավ Մայամի գնացող մի սավառնակ, և ծերունին տեսավ, թե ինչպես սավառնակի ստվերը վախեցրեց ու օդ բարձրացրեց թռչող ձկների մի ամբողջ վտառ։
— Քանի որ այստեղ այսքան շատ թռչող ձուկ կա, ապա մոտերքում թյունիկ էլ պետք է լինի,— ասաց նա և մեջքն ավելի ուժգին դիմահարեց պարանին՝ ստուգելով, թե չի՞ կարելի գոնե մի քիչ մոտ քաշել ձկանը։ Սակայն շուտով հասկացավ, որ անկարելի է դա, որովհետև պարանը կրկին թրթռաց լարի պես՝ սպառնալով կտրվել, ու ջրի կաթիլներ ոստոստեցին նրա վրա։ Նավակը դանդաղակի լողում էր առաջ, և ծերունին աչքերով ուղեկցեց սավառնակին, մինչև որ սա չքվեց։
«Երևի ինքնաթիռից ամեն ինչ խիստ տարօրինակ է երևում,— մտածեց նա։— Հետաքրքիր է՝ ի՞նչ տեսք ունի ծովն այդ բարձունքից։ Այդտեղից նրանք կարող էին հիանալի տեսնել իմ ձուկը, եթե այդքան բարձրից չթռչեին։ Կուզենայի ես դանդաղ֊դանդաղ թռչել երկու հարյուր գրկաչափ բարձրությունից, որպեսզի վերևից նայեի իմ ձկանը։ Երբ նավարկում էի կրիաներ որսալու համար, երբեմն բարձրանում էի կայմի ծայրը և նույնիսկ այդտեղից կարողանում էի բավական շատ բան տեսնել։ Այդտեղից թյունիկն ավելի կանաչ է երևում, և կարելի է նշմարել նրա մանուշակագույն շերտերն ու բծերը, տեսնել, թե ինչպես է լողում ամբողջ վտառը։ Ինչո՞ւ բոլոր արագընթաց ձկները, որոնք լողում են մութ խորքերում, մանուշակագույն մեջք ունեն, հաճախ էլ նույն գույնի շերտեր ու բծեր։ Չէ՞ որ թյունիկը կանաչ երևում է միայն, իսկ իրականում ոսկեթույր է։ Բայց երբ շատ է քաղցած ու կեր է փնտրում, կողերին էլ մանուշակագույն շերտեր են առաջանում, ինչպես մեռլանինն է։ Մի՞թե դա չարանալուց է, բայց գուցեև այն պատճառով, որ սովորականից ավելի արագ է լողում»։
Մութն ընկնելուց քիչ առաջ, երբ նրանք անցան այն մեծ կղզյակի մոտով, որտեղ սարգոսյան ջրիմուռները բարձրացել ու ճոճվում էին թեթև ալիքից, ասես օվկիանոսը ինչ֊որ մեկի հետ գրկախառնվել էր դեղին վերմակի տակ, փոքրիկ կարթի վրա թյունիկ ընկավ։ Ծերունին տեսավ նրան, երբ նա ոստյուն գործեց օդում արևի վերջին ճառագայթներից ոսկու պես վետվետալով, սարսափից երկծալ ծռվելով և լողաթևերը մոլեգնորեն թափահարելով օդում։ Նա նորից ու նորից էր ոստոստում իսկական լարախաղացի նման, իսկ ծերունին փոխադրվեց նավախելի մոտ, նստեց ու մեծ պարանը աջ ձեռքով և արմունկով պահած՝ ձախով հանեց թյունիկը՝ ձախ ոտքը սեղմելով դուրս քաշված թելի վրա։ Երբ թյունիկն ուղիղ նավակի մոտ էր և այս ու այն կողմ նետվելով՝ հուսահատ մաքառում էր, ծերունին կռացավ նավակողի վրայով ու նավակ քաշեց վառ ոսկենման, մանուշակագույն նախշեր ունեցող ձուկը։ Թյունիկի երախը կարթի խայթից ջղաձգորեն սեղմվում էր, իսկ երկար, տափակ մարմինը, գլուխն ու պոչը բախվում էին նավակի հատակին, մինչև որ ծերունին խփեց նրա ոսկեվառ գլխին, և նա ցնցվելուց հետո հանդարտվեց։
Ծերունին ձուկը հանեց կարթից, նորից սարդիններ ամրացրեց վրան ու գցեց ծով։ Դրանից հետո դանդաղորեն փոխադրվեց ցռուկը։ Նա լվաց ձախ ձեռքը, շալվարի վրա սրբեց, ծանր պարանը աջ ուսից տեղափոխեց ձախը ու լվաց աջ ձեռքը՝ հետևելով հանդերձ, թե ինչպես է արևն իջնում օվկիանոսի մեջ, և ինչ թեքությամբ է մեծ պարանը ձգվում ծով։
— Ամեն ինչ առաջվա պես է,— ասաց նա։ Սակայն ձեռքը մտցնելով ջուրը՝ նկատեց, որ նավակի շարժումը խիստ դանդաղել է։— Զույգ թիերն իրար կապեմ ու ամրացնեմ խելի լայնքով, որպեսզի գիշերը արգելակեն նավակը,— ասաց նա։— Այս ձուկը ամբողջ գիշերվա համար ուժ կունենա։ Նմանապես և ես։
«Կարծես ավելի լավ կլինի, եթե թյունիկի փորը քիչ հետո մաքրեմ,— մտածեց նա,— որպեսզի ամբողջ արյունը չհոսի։ Մի փոքր կսպասեմ, հետո կանեմ դա և իսկույն էլ թիերը կկապեմ, որպեսզի արգելակեն նավակը։ Ավելի լավ է առայժմ չանհանգստացնեմ ձկանը, մանավանդ արևի մայր մտնելու ժամանակ։ Մայրամուտը վատ է ազդում ամեն տեսակ ձկան վրա»։
Նա, ձեռքը քամուն դեմ անելով, չորացրեց, ապա պարանը բռնելով՝ թույլ տվեց ձկանը կիպ մոտենալ փայտե կողվածքին՝ այդպիսով դիմահարությունն իր մարմնից փոխադրելով նավակի վրա։
«Էլի մի բան սովորեցի,— մտածեց նա։— Առայժմ գիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ նրա հետ։ Բացի դրանից, չի կարելի մոռանալ, որ նա բան չի կերել խայծը կուլ տալուց հետո, այնինչ խոշոր ձուկ է ու հսկայական կերի կարիք ունի։ Ես ինքս մի ամբողջ թյունոս կերա։ Վաղն էլ թյունիկ կուտեմ։— Ծերունին թյունիկն անվանում էր dorado։— Հավանորեն մի կտորը կուտեմ այն ժամանակ, երբ մաքրեմ փորը։ Թյունիկն ուտելը ավելի դժվար է, քան թյունոսը։ Բայց աշխարհում ոչ մի բան հեշտ չի արվում»։
— Ինչպե՞ս ես զգում քեզ, ա՛յ ձուկ,— հարցրեց նա բարձրաձայն։— Ինքս ինձ լավ եմ զգում։ Ձախ ձեռքս լավացավ, ուտելիքս էլ բավական է ամբողջ գիշերվա ու ցերեկվա համար։ Դե լա՜վ, քաշի՛ր նավակս, ա՛յ ձուկ։
Ծերունին բնավ էլ այնքան լավ չէր զգում իրեն, որովհետև այն ցավը, որ թոկն էր առաջացնում մեջքի վրա, չէր դադարում ցավ լինելուց և վերածվել էր խուլ ճմլկոտումի, իսկ դա անհանգստացնում էր նրան։ «Ավելի վատ բաներ էլ են պատահել ինձ,— մխիթարում էր նա իրեն։— Ձեռքս շատ թեթև է վիրավորված, մյուսն էլ կարկամումից այլևս չի փետացել։ Ոտքերս լավ են։ Եվ ուտելիքի տեսակետից էլ իմ վիճակը շատ ավելի լավ է, քան ձկանը»։
Գ
Մութ էր. սեպտեմբերին մութը միշտ հանկարծ է իջնում, մայրամուտից անմիջապես հետո։ Նա պառկել էր՝ հենված աղմտած տախտակներին, և ամեն կերպ ջանում էր հանգստանալ։ Երկնքում երևացին առաջին աստղերը։ Նա չէր իմանում Ռիգել աստղի անունը, բայց երբ տեսավ դա, հասկացավ, որ շուտով կերևան և մյուսները, և այն ժամանակ հեռավոր բարեկամները նորից իր հետ կլինեն։
— Այս ձուկը նմանապես իմ բարեկամն է,— ասաց նա։— Ես երբեք այսպիսի ձուկ չէի տեսել ու ոչ էլ լսել, որ այսպիսի ձկներ էլ են լինում։ Բայց ես դրան պետք է սպանեմ։ Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։
«Պատկերացրու մի մարդ, որ ամեն օր ճգնում է սպանել լուսնին, իսկ լուսինը փախչում է նրանից։ Հապա եթե մարդն ստիպված լիներ ամեն օր արև որսա՞լ։ Ո՛չ, ինչ էլ ասես, մենք դեռ բախտավոր ենք»,— մտածեց նա։
Հետո նա սկսեց խղճալ մեծ ձկանը, որը ուտելու բան չուներ, սակայն խղճալը ամենևին չէր խանգարում նրա՝ սպանելու վճռականությանը։ Քանի՜ մարդու կկշտացնի։ Բայց մարդիկ արժանի՞ են արդյոք նրանով սնվելու։ Իհարկե, ո՛չ։ Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։
«Շատ բան չեմ հասկանում ես,— մտածեց նա։— Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։
Հիմա ես պետք է մտածեմ թիերից արգելակ շինելու մասին։ Դա ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը։ Ես կարող եմ այնքան պարան կորցնել, որ կկորցնեմ և ձուկը, եթե նա ուզենա պոկ գալ, իսկ թիերից շինված արգելակը նավակը կզրկե արագաշարժությունից։ Նավակի թեթևությունը կերկարաձգի թե՛ իմ, թե՛ ձկան տառապանքները, բայց դա միաժամանակ և իմ փրկության երաշխիքն է։ Չէ՞ որ այս ձուկը, եթե ուզենա, կարող է ավելի արագ լողալ։ Ինչ էլ որ լինի, պետք է մաքրել թյունիկի փորը, քանի դեռ չի հոտել, ու մի քիչ ուտել՝ ուժովանալու համար։
Հիմա մի ժամ էլ հանգստանամ, իսկ հետո եթե տեսնեմ, որ ձուկը ոչ մի մտադրություն չունի, կանցնեմ խելի վրա ու պետք եղածը կանեմ և թիերի մասին էլ որոշում կկայացնեմ։ Իսկ մինչ այդ կհետևեմ, թե ձուկն ինչպես կպահի իրեն։ Թիերի այդ օյինը խելացի հնարամտություն է, բայց հիմա արդեն պետք է հաստատ գործել։ Ձկան ուժը դեռևս լրիվ տեղն է, իսկ ես նկատեցի, որ կարթը մտել է նրա բերանի անկյունը, նա էլ բերանն ամուր փակել է։ Կարթի պատճառած տանջանքներն այնքան էլ մեծ չեն, նա շատ ավելի տանջվում է քաղցից և այն վտանգի զգացողությունից, որն ինքը չի հասկանում։ Ուրեմն հանգստացի՛ր, ծերո՛ւկ, թող նա ջանք թափի, մինչև քո հերթը գա»։
Նրան թվաց, թե ինքը հանգստացավ առնվազն երկու ժամ։ Լուսինը հիմա ուշ էր ծագում, և նա չէր կարող ժամանակը որոշել։ Ճիշտ է՝ նա հանգստացավ այնպես միայն, հարաբերական իմաստով։ Առաջվա պես ուսը զգում էր ձկան ծանրությունը, սակայն ձախ ձեռքը հենելով ցռուկի կողափայտին՝ նա ջանում էր ծանրությունը հետզհետե ավելի փոխադրել նավակի վրա։
«Որքան հեշտ կլիներ ամեն ինչ, եթե կարողանայի պարանը կապել նավակին,— մտածեց նա։— Սակայն բավական է, որ ձուկը թեկուզ մի քիչ ձիգ տա, ու պարանը կտրաքի։ Ես պետք է իմ մարմնով անընդհատ թուլացնեմ ձգումը և ամեն րոպե պատրաստ լինեմ զույգ ձեռքով բաց թողնել պարանը»։
— Բայց չէ՞ որ դու դեռ չես քնել, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։— Անցել է կես ցերեկ ու մի գիշեր, այնուհետև ևս մի ցերեկ, իսկ դու շարունակ անքուն ես։ Մտածիր ինչպես անես, որ թեկուզ մի քիչ քնես, քանի դեռ նա հանգիստ է ու գժություն չի անում։ Եթե դու չքնես, գլխումդ ամեն ինչ կխառնվի։
«Հիմա գլուխս պայծառ է,— մտածեց նա,— նույնիսկ շատ պայծառ։ Նույնքան պայծառ, ինչքան իմ քույրերը՝ աստղերը։ Բայց մեկ է, անհրաժեշտ է, որ մի փոքր քնեմ։ Աստղերն էլ են քնում, լուսինն էլ է քնում, արևն էլ է քնում, և նույնիսկ օվկիանոսն է երբեմն քնում այն օրերին, երբ հոսանք չկա, և կատարյալ լռություն է տիրում»։
«Չմոռանաս մի քիչ քնել,— հիշեցրեց ինքն իրեն։— Ստիպի՛ր քեզ մի փոքր քնել, պարանը թողնելու որևէ պարզ ու անվրեպ միջոց գտիր։ Հիմա գնա նավախել ու մաքրիր թյունիկի փորը։ Իսկ թիերից կազմած արգելակը վտանգավոր բան է, եթե քնես»։
«Բայց կարող եմ առանց քնելու էլ յոլա գնալ,— ասաց ինքն իրեն։— Այո՛, կարող ես, բայց դա էլ շատ վտանգավոր է»։
Նա սկսեց չորեքթաթ գնալ դեպի նավախել՝ ջանալով չանհանգստացնել ձկանը։ «Գուցե նա էլ նիրհել է,— մտածեց ծերուկը։ Բայց ես չեմ ուզում, որ նա հանգստանա։ Նա պետք է քարշ տա նավակը, մինչև որ մեռնի»։
Հասնելով նավախելին՝ նա շրջվեց և ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց ձախ ձեռքի վրա, իսկ աջով պատյանից հանեց դանակը։ Աստղերը լուսավորում էին պայծառ, թյունիկը լավ երևում էր։ Ծերունին դանակը խրելով նրա գլխի մեջ՝ խելի տակից դուրս քաշեց։ Ոտքը դնելով ձկան վրա արագ ճեղքեց փորը՝ պոչի ծայրից մինչև ստորին ծնոտը։ Հետո դանակը ցած դրեց, աջ ձեռքով մաքրեց թյունիկի փորը ու պոկեց խռիկները։ Փորը ծանր էր ու լպրծուն, և երբ կտրեց դա, երկու հատ թռչող ձուկ գտավ այնտեղ։ Դրանք թարմ էին և պինդ, ծերուկը դրեց դրանք կողք կողքի, հատակին, իսկ փորոտիքը շպրտեց ծով։ Իջնելով ծովի մեջ՝ փորոտիքը լուսավոր հետք էր թողնում իր ետևից։ Աստղերի աղոտ լույսի տակ թյունիկը կեղտասպիտակ էր թվում։ Ոտքը դնելով ձկան գլխին՝ ծերունին պոկեց մի կողի մաշկը։ Այնուհետև շրջեց ու պոկեց մյուս կողի մաշկը և կտրեց կողերի միսը գլխից մինչև պոչը։
Թյունիկի կմախքը նետելով դուրս՝ նայեց, թե ջրի մեջ շրջանակներ չե՞ն երևում, բայց տեսավ միայն դանդաղորեն խորքն իջնող ձկան կմախքի լուսավոր հետքը։ Այդ ժամանակ նա շրջվեց, երկու թռչող ձկները դրեց թյունիկի մսի կտորների միջև և դանակը պահելով պատյանի մեջ՝ նորից զգուշությամբ հասավ ցռուկին։ Նրա մեջքը կռանում էր պարանի ծանրությունից, իսկ ձուկը նա տանում էր աջ ձեռքով։
Վերադառնալով նավացռուկ՝ ձկան միսը շարեց տախտակների վրա ու թռչող ձկներն էլ դրեց նրանց կողքը։ Դրանից հետո պարանը փոխադրեց թիկունքի դեռևս չցավացող մասը և նորից ծանրությունը գցեց նավակողին հենած ձախ ձեռքի վրա։ Կռանալով նավակողից՝ թռչող ձուկը լվաց ծովի մեջ և միաժամանակ ստուգեց, թե որքան արագ է հոսում ջուրը իր ձեռքի տակից։ Նրա ձեռքը լուսավորվում էր թյունիկի մաշկը պոկելու հետևանքով, և նա տեսնում էր, թե ինչպես է ջուրը հոսում նրա շուրջ։ Հիմա ավելի դանդաղ էր հոսում, և ձեռքի կողը քսելով նավակի եզրին՝ նա տեսավ, որ ֆոսֆորի մասնիկները դանդաղորեն են գնում դեպի նավախելը։
— Կա՛մ հոգնել է, կա՛մ հանգստանում է,— ասաց ծերունին։ Պետք է արագ վերջացնել ուտելու գործը ու մի քիչ քնել։
Նա կերավ սուկիներից մեկի կեսը և մի թռչող ձուկ, որ մինչ այդ մաքրեց աստղերի լույսի տակ՝ զգալով, թե ինչպես օդը հետզհետե սառում է։
— Ի՞նչը կարող է թյունիկից ավելի համեղ լինել, եթե եփած ուտես,— ասաց նա։— Բայց որքա՜ն զզվելի է նա հում վիճակում։ Էլ երբեք առանց աղի ու լիմոնի ծով դուրս չեմ գա։
«Թե գլխումս խելք լիներ,— մտածեց նա,— ամբողջ ցերեկը ջուր կցողեի նավացռուկին, կթողնեի՝ չորանար, և երեկոյան աղ կունենայի։ Այո՛, բայց չէ՞ որ թյունիկը բռնեցի մայրամուտից քիչ առաջ։ Այնուամենայնիվ, շատ բան չեմ կանխատեսել։ Բայց և այնպես ամբողջ կտորը ծամեցի, ու սիրտս չի խառնում»։
Արևելքում երկինքը պատվեց ամպերով, և ծանոթ աստղերը հանգչում էին իրար ետևից։ Թվում էր, թե նա մտնում է ամպերից կազմված մի հսկայական կիրճ։ Քամին դադարել էր։
— Երեք կամ չորս օր հետո եղանակը կվատանա,— ասաց նա։— Բայց դեռ ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Մի քիչ քնիր, ծերո՛ւկ, քանի դեռ ձուկը հանգիստ է պահում իրեն։
Նա աջ ձեռքով բռնեց պարանը և ազդրն էլ սեղմեց ձեռքին՝ ամբողջ մարմնով դիմահարվելով նավակի կողին։ Այնուհետև մեջքի վրա մի քիչ ցած տարավ պարանը և ձախ ձեռքով բռնեց դա։
«Աջ ձեռքը պարանը կպահի այնքան, մինչև որ թուլանա։ Իսկ եթե քնած տեղս թուլանա, ինձ կարթնացնի ձախ ձեռքը՝ զգալով, որ պարանն իջնում է ծով։ Աջ ձեռքի դրությունն, իհարկե, հեշտ չի լինի, բայց նա վարժվել է զրկանքներ կրել։ Եթե թեկուզ մի քսան րոպե կամ կես ժամ քնեմ, այդ էլ լավ է»։
Նա ընկավ նավակողի վրա, ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց աջ ձեռքի վրա ու քնեց։
Երազում առյուծներ չտեսավ, բայց փոխարենը տեսավ ծովախոզերի մի հսկայական երամակ, որ ձգվել էր ութ կամ տասը մղոն, և որովհետև զուգավորման շրջանն էր, օդ էին ոստնում նրանք ու կրկին սուզվում այն ջրափոսի մեջ, որտեղից դուրս էին գալիս։
Հետո էլ տեսավ, որ ինքը պառկած է գյուղում՝ իր մահճակալին, և հյուսիսային քամին փչում, մտնում է խրճիթը, որից խիստ մրսում է, իսկ աջ ձեռքը կարկամել է, որովհետև բարձի փոխարեն դրել է գլխի տակ։
Դրանցից հետո միայն նա տեսավ մի երկար, դեղին ծանծաղուտ, ապա մթնշաղին դուրս եկավ այդտեղ առաջին առյուծը, որի ետևից գալիս են ահա մյուսները, նա կզակը հենել է խարիսխ գցած նավի պատվարին, ցամաքից եկող իրիկնային քամին պարուրում է նրան, նա սպասում է, թե ուրիշ առյուծներ էլ չե՞ն երևա, ու խիստ երջանիկ է։
Լուսինը վաղուց էր ծագել, բայց նա շարունակում էր քնել, իսկ ձուկը միահավասար արագությամբ տանում էր նավակը ամպեղեն կիրճը։
Նա զարթնեց ցնցումից, աջ ձեռքի բռունցքը խփվեց նրա դեմքին, իսկ պարանը, դաղելով ձեռքը, սրընթաց իջնում էր ծով։ Ձախ ձեռքի գոյությունը նա չէր զգում, ուստի փորձեց աջ ձեռքով կասեցնել պարանը, բայց սա խելագարի նման շարունակում էր իջնել ծով։ Վերջիվերջո ձախ ձեռքն էլ շոշափեց պարանը, և ծերունին մեջքը հենեց դրան, և հիմա պարանը դաղում էր նրա թիկունքն ու ձախ ձեռքը, որի վրա էր փոխադրվել ձկան ծանրությունը։ Նա նայեց պահեստի կծիկներին ու տեսավ, որ դրանք արագ արձակվում են։ Այդ վայրկյանին ձուկը, պայթեցնելով օվկիանոսի հարթությունը, դուրս եկավ ու նորից ծանրորեն ընկավ ծով։ Հետո կրկին ու կրկին ոստնեց, իսկ նավակը սլանում էր առաջ, թեև պարանը շարունակում էր դուրս վազել նավակից, և ծերունին ծայր աստիճան ձիգ էր տալիս, մի ակնթարթ բաց թողնում, ապա դարձյալ ամբողջ ուժով ձգում՝ ենթարկելով կտրվելու վտանգին։ Նա ինքն էլ քաշվել, կիպ սեղմվել էր ցռուկին, դեմքը փակչել էր թյունիկի մսի կտորին, բայց նա չէր կարող շարժվել։
«Ահա սրան էլ սպասում էինք,— մտածեց նա։— Հիմա դիմացի՛ր»։
«Իմ պարանի վրեժը կլուծե՜մ դրանից, կլուծե՜մ»։
Նա չէր կարող տեսնել ձկան ոստյունները, լսում էր միայն, թե ինչպես շառաչով ճեղքվում է օվկիանոսը, ապա հետևում է ծանր ճողփյունը, երբ ձուկը նորից է ընկնում ջուրը։ Նավակից դուրս սլացող պարանը անողոքաբար կտրում էր ձեռքը, բայց նա գիտեր, որ այդպես կլինի, և ջանում էր ձեռքի կոշտուկապատ մասը ենթարկել դրան, որպեսզի պարանը ափն ու մատները չվիրավորի։
«Եթե տղան հետս լիներ,— մտածեց ծերունին,— կջրոտեր պարանը։ Այո՛, եթե տղան այստեղ լինե՜ր։ Եթե միայն տղան այստեղ լինե՜ր»։
Պարանն անընդհատ սլանում էր դուրս, բայց հիմա ավելի դժվար էր սլանում, և ծերունին ստիպում էր ձկանը նվաճել ամեն մի մատնաչափը։ Նա կարողացավ բարձրացնել գլուխը ու դեմքը հեռացնել թյունիկի մսից, որը նրա այտոսկրի ճնշումից բլիթի պես տափակել էր։ Այնուհետև նա չոքեց, հետո էլ դանդաղորեն ոտքի ելավ։ Նա դեռևս բաց էր թողնում պարանը, սակայն ավելի ու ավելի ժլատորեն։ Հասնելով այն տեղին, որտեղ խավարում ոտքով կարող էր տնտղել պարանի կծիկները՝ նա համոզվեց, որ պաշարը դեռ մեծ է։ Իսկ ջրի մեջ այնքան պարան կա, որ ձուկը հեշտությամբ չի հաղթահարի դրան։
«Ուրեմն այսպես,— մտածեց նա,— հիմա ավելի քան տասը ոստյուն գործեց նա ու փուչիկները օդ լցրեց, հիմա այլևս չի կարող իջնել ջրի խորքը (որտեղից չի կարելի դուրս քաշել նրան) և մեռնել այդտեղ։ Շուտով կսկսի պտույտներ գործել, և այն ժամանակ ես ստիպված կլինեմ քրտինք թափել։ Հետաքրքիր է՝ ի՞նչը համբերությունից հանեց նրան։ Արդյոք քա՞ղցը հուսահատության հասցրեց, թե՞ խավարում որևէ բան վախեցրեց։ Միգուցե հանկարծակի վախ զգաց։ Բայց չէ՞ որ հանդարտ և ուժեղ ձուկ էր դա։ Այնքան ինքնավստահ ու այնքան անվախ էր թվում ինձ։ Տարօրինակ է»։
— Ավելի լավ է, ծերո՛ւկ, ինքդ մոռացիր վախը և ավելի հավատա քո ուժերին,— ասաց նա։— Թեկուզ և կաշկանդել ես նրան, բայց մի մատնաչափ պարան էլ չես կարող դուրս քաշել։ Սակայն շուտով նա կսկսի պտույտներ գործել։
Այժմ ծերունին պարանը պահում էր ձախ ձեռքով և ուսերով։ Նա կռացավ ու աջ ձեռքով ջուր վերցրեց՝ թյունիկի տափակած միսը դեմքից սրբելու համար։ Վախենում էր, որ սիրտը կխառնի, ինքն էլ կթուլանա։ Դեմքը լվանալուց հետո ծերունին աջ ձեռքը մտցրեց ծով ու պահեց աղի ջրի մեջ՝ նայելով պայծառանալ սկսող երկնքին։ «Հիմա ձուկը լողում է համարյա դեպի արևելք,— մտածեց նա։— Այդ նշանակում է, որ հոգնել է ու հոսանքով է ընթանում։ Շուտով կստիպվի պտույտներով գնալ։ Ահա այդ ժամանակ էլ կսկսվի իսկական աշխատանքը»։
Որոշ ժամանակ ձեռքը աղի ջրում պահելուց հետո դուրս հանեց ու զննեց։
— Այնքան էլ սարսափելի չէ,— ասաց նա։— Իսկ տղամարդու համար ցավը դատարկ բան է։
Ծերունին զգույշ բռնեց պարանը՝ ջանալով, որ նոր վերքերից ոչ մեկի վրա չընկնի, և մարմնի ծանրությունն այնպես տեղափոխեց, որ կարողանա ձախ ձեռքն էլ նավակի մյուս կողմից մտցնել ջրի մեջ։
— Այն ոչնչությունը, որ դու ես, այնուամենայնիվ վատ չպահեցիր քեզ,— ասաց նա ձախ ձեռքին։— Բայց եղավ մի պահ, երբ դու դավաճանեցիր ինձ։
«Ինչո՞ւ երկու լավ ձեռքով չեմ ծնվել ես,— խորհրդածեց նա։— Գուցե հանցավորը ես եմ, որ ժամանակին ձախ ձեռքիս չեմ սովորեցրել կարգին աշխատել։ Բայց, վկա է աստված, նա ինքն էլ կարող էր սովորել։ Անկեղծորեն ասած՝ այս գիշեր այնքան էլ չխաբեց նա ինձ և կարկամումից միայն մի անգամ փետացավ։ Բայց եթե դա կրկնվի, ապա ավելի լավ է պարանը միանգամից կտրի նրան»։
Այս խորհրդածությունից հետո ծերունին իսկույն հասկացավ, որ իր գլուխը մշուշապատվել է, և վատ չէր լինի մի կտոր ևս թյունիկ ծամել։ «Չեմ կարող,— ասաց ինքն իրեն։— Ավելի լավ է միտքս պղտորվի, քան թե սրտխառնուքից թուլանամ։ Իսկ ես գիտեմ, որ չեմ կարող ներսումս պահել այն միսը, որի վրա էր ընկել իմ երեսը։ Միսը կպահեմ ծայրահեղ դեպքում ուտելու, քանի դեռ չի փչացել։ Միևնույնն է, հիմա արդեն ուշ է կազդուրվելու համար։ Հիմա՛ր ծերուկ,— նախատեց ինքն իրեն,— չէ՞ որ կարող ես ուտել երկրորդ թռչող ձուկը»։
Ահա այդտեղ է նա՝ փորոտիքը հանված, մաքրված, և ձախ ձեռքով վերցնելով թռչող ձուկը՝ կերավ, երկար ծամելով փշերը՝ կերավ ամբողջովին, առանց մնացորդի։
«Սա ավելի սննդարար է, քան որևէ այլ ձուկ,— մտածեց նա։— Համենայն դեպս, դրա մեջ կա այն, որի կարիքն զգում եմ ես։ Դե, հիմա ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Թող միայն նա սկսի պտույտ գալ, մենք նրա հետ կռիվ կմղենք»։
Երրորդ անգամն էր արդեն արևը ծագում այն պահից հետո, ինչ նա դուրս էր եկել ծով, և ահա այդ ժամանակ էլ ձուկն սկսեց պտույտներ գործել։
Նա դեռևս չէր կարող պարանի՝ ջրի մեջ կազմած թեքությունից որոշել՝ ձուկն սկսե՞լ է պտույտներ գործել, թե՞ ոչ։ Դեռ շուտ էր դրա համար։ Նա միայն զգաց, որ ձգումը մի փոքր թուլացավ, ուստի և սկսեց պարանն աջ ձեռքով հավաքել։ Պարանը ձգվեց ծայրաստիճան, ինչպես առաջ, սակայն ճիշտ այն վայրկյանին, երբ կտրվելու վտանգ էր սպառնում, հանկարծ անկաշկանդ սկսեց գալ։ Այն ժամանակ նա կռացավ, ուսերն ազատեց ճնշող պարանից ու սկսեց հավաքել պարանը առանց շտապելու և հավասար արագությամբ։ Ծերունին աշխատում էր երկու ձեռքերն էլ հերթով վեր֊վար անելով։ Նրա ծերացած ոտքերն ու ուսերը օգնում էին ձեռքերի շարժմանը։
— Շատ մեծ շրջանակ է գծում,— ասաց նա,— բայց այնուամենայնիվ գծում է։
Հանկարծ պարանի շարժումն արգելակվեց, բայց ծերունին շարունակում էր քաշել, մինչև որ արևից փայլփլող ջրի կաթիլներ սկսեցին ոստոստել նրա վրա։ Հետո պարանը հեռու քաշվեց, և ծերունին չոքելով՝ սկսեց դժկամությամբ քիչ֊քիչ թողնել մուգ ջրի մեջ։
— Հիմա իր շրջանակի ամենահեռավոր կետից է անցնում ձուկը,— ասաց նա։
Պետք է հնարավորինս ամուր պահել։ Ձգված պարանը ամեն անգամ կկարճացնի շրջանը։ Գուցե և մեկ ժամ հետո ես տեսնեմ նրան։ Նախ պետք է համոզեմ, որ ես ուժեղ եմ, հետո արդեն կհաղթահարեմ նրան։
Սակայն անցավ երկու ժամ, իսկ ձուկը շարունակում էր դանդաղ պտտվել նավակի շուրջը։ Քրտինքը անձրևի պես թափվում էր ծերունուց, և նա հոգնել էր ծայրաստիճան։ Ճիշտ է, ձկան գծած շրջանակները շատ ավելի էին կարճացել, և ջուրը մտած պարանի ուղղությունից երևում էր, որ ձուկն աստիճանաբար մակերես է բարձրանում։
Մի ամբողջ ժամ է ահա, որ ծերունու աչքերի առաջ սև բծեր էին ոստոստում, աղի քրտինքը լցվում էր աչքերն ու կծկծացնում, այրում աչքի վերևի վերքը և ճակատի մյուս վերքը։ Սև բծերը չէին վախեցնում նրան. դրանց մեջ ոչ մի զարմանալի բան չկար, եթե նկատի առնենք, թե ինչպիսի լարվածությամբ էր նա ձգում պարանը։ Սակայն երկու անգամ նա թուլություն զգաց, որից լրջորեն անհանգստացավ։
«Մի՞թե տեղի կտամ ու կմեռնեմ ինչ֊որ ձկան պատճառով,— հարցնում էր նա ինքն իրեն։— Մանավանդ հիմա, երբ ամեն ինչ այսպես լավ է ընթանում։ Տե՜ր աստված, օգնիր ինձ՝ դիմանամ։ Հարյուր անգամ «Հայր մեր» կասեմ, հարյուր անգամ էլ՝ «Սուրբ կույս»։ Միայն թե ոչ հիմա, հիմա չեմ կարող...»։
«Հաշիվ արա, որ ասել եմ,— մտածեց նա։— Հետո կասեմ»։
Այդ վայրկյանին նա հարվածներ զգաց պարանի վրա, որ պահել էր գույգ ձեռքով, զգաց և ձգում։ Ձգումը թափով էր ու խիստ ուժեղ։
«Իր թրով խփում է այն մետաղալարին, որով կապված է կարթը,— մտածեց ծերունին։— Շատ բնական է։ Այսպես էլ պետք է վարվեր։ Սակայն դա կարող է ստիպել նրան դուրս ցատկել, իսկ ես կգերադասեի, որ նա շարունակեր շրջանակներ գծել։ Ոստյուններն անհրաժեշտ էին օդ հավաքելու համար։ Սակայն հիմա ամեն մի նոր ոստյուն կլայնացնի այն վերքը, որից կառչած է կարթը, և ձուկը կարող է պոկ գալ»։
«Մի՛ ցատկիր, ա՛յ ձուկ,— աղաչում էր նա։— Մի՛ ցատկիր, խնդրեմ»։
Ձուկը կրկին ու կրկին խփում էր մետաղալարին, և ամեն անգամ ծերունին գլուխն օրորելով քիչ֊քիչ բաց էր թողնում պարանը։
«Ավելորդ ցավ չպետք է պատճառեմ նրան,— մտածում էր նա։— Իմ ցավը իմ մեջն է. դրա հախից ես կարող եմ գալ։ Բայց ձուկը կարող է ցավից կատաղել»։
Որոշ ժամանակ անց ձուկը դադարեց հարվածել մետաղալարին և նորից սկսեց դանդաղորեն շրջանակներ գծել։ Ծերունին միահավասար դուրս էր քաշում պարանը։ Սակայն նա դարձյալ վատ զգաց իրեն։ Նա ձախ ձեռքով ջուր վերցրեց ծովից ու լցրեց գլխին։ Հետո մի քիչ էլ ջուր լցրեց իր գլխին ու տրորեց ծոծրակը։
— Բայց լավ է, որ այլևս կարկամում չունեմ,— ասաց նա։— Ձուկը շուտով վեր կբարձրանա, իսկ ես դեռ կդիմանամ։ Դու պարտավոր ես դիմանալ, ծերո՛ւկ։ Չհամարձակվես նույնիսկ մտածել, որ կարող ես չդիմանալ։
Նա ծունկ չոքեց և ժամանակավորապես պարանը նորից գցեց մեջքին։ «Քանի նա պտույտ է գալիս, ես կհանգստանամ, հետո վեր կկենամ, և երբ մոտենա, նորից պարանը կքաշեմ»։
Նա շատ էր ուզում ավելի երկար հանգստանալ նավացռուկի վրա ու թույլ տալ ձկանը մի ավելորդ շրջան ևս գծել առանց պարանը քաշելու։ Սակայն երբ ձգումը ցույց տվեց, որ ձուկը կիսաշրջան գծելուց հետո շրջվեց ու վերադառնում է դեպի նավակը, ծերուկը վեր կացավ ու սկսեց պարանը քաշել՝ ձեռքերը հերթով թափահարելով ու իրանն այս ու այն կողմ շրջելով որքան կարելի է շատ պարան քաշելու համար։
«Կյանքումս երբեք այնպես չեմ հոգնել, ինչպես հիմա,— մտածեց ծերունին,— այնինչ քամին ուժեղանում է։ Ճիշտ է, քամին տեղին կլինի, երբ սրան տուն տանեմ։ Ինձ շատ պետք կգա այս քամին»։
— Կհանգստանամ, երբ մեկնի նոր շրջանակ գծելու,— ասաց նա։— Մանավանդ որ հիմա ավելի լավ եմ զգում ինձ։ Եվս մի երկու֊երեք շրջանակ, և ձուկն իմը կլինի։
Նրա ծղոտե գլխարկը ընկել էր ուղիղ ծոծրակի վրա, և երբ ձուկը շրջվեց ու դարձյալ սկսեց ձգել, ծերունին ուժասպառ փռվեց քթի վրա։
«Հիմա ինքդ աշխատիր, ա՛յ ձուկ,— մտածեց նա։— Ես նորից կոկորդդ կբռնեմ, հենց որ ետ դառնաս»։
Խոշոր ալիքներ սկսեցին անցնել ծովի վրայով։ Սակայն ջրերը քշում էր բարյացակամ քամին՝ պարզ եղանակի ուղեկիցը, որ պետք էր նրան տուն հասնելու համար։
— Կվարեմ դեպի հարավ ու արևմուտք,— ասաց նա,— ու պրծավ գնաց։ Մի՞թե կարելի է մոլորվել ծովում, մանավանդ որ մեր կղզին երկար է։
Նա ձուկը տեսավ երրորդ շրջանակը գծելու ժամանակ։
Սկզբում նա տեսավ մի մութ ստվեր, որ երկար ժամանակ անցնում էր իր նավակի տակով, այնպես որ պարզապես չհավատաց իր աչքին։
— Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։
Բայց ձուկն իրոք այդքան խոշոր էր և երրորդ շրջանակը գծելուց հետո դուրս եկավ մակերես՝ նավակից ընդամենը երեսուն յարդ հեռու, և ծերունին տեսավ, թե ինչպես ծովից վեր բարձրացավ նրա պոչը։ Դա ամենախոշոր մանգաղից էլ մեծ էր և մուգ կապույտ ջրի վրա բաց մանուշակագույն էր թվում։ Ձուկը դարձյալ սուզվեց, բայց արդեն ոչ խոր, և ծերունին կարող էր զննել մանուշակագույն շերտերով երիզված նրա հսկայական մարմինը։ Նրա կռնակի լողաթևը իջած էր, իսկ կրծքի վիթխարի լողաթևերը ձգված էին այս ու այն կողմ։
Երբ ձուկն իր շրջանն էր կատարում, ծերունին զննեց նրա աչքը ու կողքին լողացող երկու կպչող ձկները։ Երբեմն֊երբեմն կպչող ձկները փակչում էին խոշորին, ապա գլխիվայր փախչում։ Երբեմն էլ ուրախ լողում էին մեծ ձկան գցած ստվերի մեջ։ Այդ կպչողներից յուրաքանչյուրը երեք ոտնաչափից ավելի երկար էր և երբ արագ էր լողում, օձաձկան նման գալարվում էր ամբողջ մարմինը։
Ծերունու դեմքից քրտինք էր թափվում, բայց հիմա արդեն միայն արևից չէր։ Ամեն մի նոր շրջանից հետո, որ այնքան հանդարտ և կարծես թե անխռով կատարում էր ձուկը, ծերունին ավելի շատ պարան էր քաշում և այժմ վստահ էր, որ երկու շրջանից հետո կհաջողվի հարպունը խրել ձկան մեջ։
«Բայց պետք է մոտ քաշեմ նրան, շատ մոտ,— մտածեց ծերունին։— Եվ պետք է նշան բռնեմ ոչ թե գլխին, այլ խփեմ սրտին»։
— Հանգիստ և պինդ կաց, ծերո՛ւկ,— ասաց ինքն իրեն։
Հաջորդ շրջանակը գծելիս ձկան մեջքը ջրից դուրս եկավ, բայց նավակից դեռ շատ հեռու էր լողում նա։ Ձուկը մի շրջան ևս կատարեց, սակայն առաջվա պես շատ էր նավակից հեռու, թեև շատ ավելի էր ջրից դուրս եկել։ Ծերուկը գիտեր, որ եթե մի քիչ էլ պարանը հաներ, կարող էր ձուկը մոտեցնել նավակողին։
Վաղուց էր նա պատրաստրել հարպունը. բարակ թոկի կապոցը դրված էր կլոր զամբյուղի մեջ, իսկ դրա ծայրը կապել էր ցռուկի միջնափայտին։
Ձուկը մոտենում էր՝ գծելով իր շրջանակը, խիստ հանդարտ ու գեղեցիկ, հսկայական պոչը հազիվ շարժելով։ Ծերունին իր ամբողջ ուժով քաշում էր պարանը՝ ջանալով ինչքան կարելի է ձուկը մոտեցնել նավակին։ Մի վայրկյան ձուկը թեթևակի շրջվեց կողքի վրա, ապա ուղղվեց և սկսեց նոր շրջան կատարել։
— Տեղից շարժեցի նրան,— ասաց ծերունին։— Այնուամենայնիվ ստիպեցի շուռ գալ։
Ծերունին նորից գլխապտույտ ունեցավ, բայց ամբողջ ուժով քաշեց խոշոր ձուկը։ «Չէ՞ որ այնուամենայնիվ կարողացա շրջել կողքի վրա,— մտածեց նա։— Գուցե այս անգամ կարողանամ մեջքի վրա շրջել։ Քաշեցե՛ք,— հրամայեց նա իր ձեռքերին։— Պի՛նդ պահեցեք ինձ, ոտքե՛ր։ Էլի ծառայի՛ր ինձ, գլո՛ւխ, ծառայի՛ր ինձ։ Չէ՞ որ դու երբեք չես խաբել ինձ։ Այս անգամ մեջքի վրա կշրջեմ դրան»։
Նախքան ձուկը կմոտենար նավակին, ծերունին լարեց իր ամբողջ ուժը և սկսեց ամենայն զորությամբ քաշել պարանը։ Բայց ձուկը միայն մի փոքր շրջվեց կողքի վրա, ապա նորից ուղղվեց և հեռու լողաց։
— Լսի՛ր, ա՛յ ձուկ, մեկ է՝ պիտի մեռնես,— ասաց նրան ծերունին։— Ինչի՞դ է պետք, որ ես էլ մեռնեմ։
«Այսպես ոչ մի օգուտ չեմ ունենա»,— մտածեց նա։ Բերանն այնպես էր չորացել, որ այլևս խոսել չէր կարողանում և ուժ էլ չուներ, որ հասներ ջրի շշին։ «Այս անգամ դրան պիտի քաշեմ֊մոտեցնեմ նավակին,— մտածեց նա։— Իմ ուժերն էլ երկար չեն քաշի»։
— Չէ՛, կքաշեն,— առարկեց ինքն իրեն։— Դո՛ւ, ծերո՛ւկ, մահ չունես...
Հետևյալ շրջանակը գծելիս ծերունին քիչ մնաց մոտեցներ նրան, բայց ձուկը դարձյալ ուղղվեց և դանդաղ հեռացավ։
«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։
«Գլուխդ նորից է մթագնում, ծերո՛ւկ, այնինչ գլուխդ պայծառ պետք է լինի։ Մտքերդ կարգի՛ բեր և աշխատի՛ր տոկալ տառապանքներին մարդու պես... կամ ձկան պես»,— մտքում ավելացրեց նա։
— Հապա՛, գլո՛ւխ, աշխատի՛ր,— ասաց նա այնքան ցածր ձայնով, որ հազիվ լսեց։— Աշխատի՛ր, ասում եմ քեզ։
Մյուս երկու շրջանակի ընթացքում էլ ամեն ինչ մնաց անփոփոխ։
«Ի՞նչ անեմ,— մտածում էր ծերունին։ Ամեն անգամ, երբ ձուկը հեռանում էր, նրան թվում էր, թե կորցնում է գիտակցությունը։— Ի՞նչ անեմ։ Մի անգամ էլ փորձեմ»։
Նա մի փորձ էլ կատարեց և զգաց, որ կորցնում է գիտակցությունը, բայց այնուամենայնիվ ձուկը շրջեց մեջքի վրա։ Ձուկը ետ շրջվեց ու հեռացավ՝ հսկայական պոչը թափահարելով օդում։
«Մի անգամ էլ փորձեմ»,— խոստացավ ծերուկը, թեև ձեռքերը բոլորովին թուլացել էին, և աչքի առաջ մշուշ էր կանգնել։
Դարձյալ փորձեց նա, և դարձյալ ձուկը հեռացավ։ «Այդպես, հա՞,— մտածեց նա և անմիջապես զգաց, որ կյանքը հանգչում է իր մեջ,— մի անգամ էլ կփորձեմ»։
Նա հավաքեց իր ամբողջ ցավը, ուժերի ամբողջ մնացորդը և վաղուց կորած իր ամբողջ հպարտությունը ու մենամարտի հանեց այն տանջանքների դեմ, որ ձուկն էր կրում, և այդ ժամանակ սա շրջվեց կողքի վրա ու դանդաղ լողաց՝ թուրը համարյա թե դիպցնելով նավակին. քիչ էր մնացել, որ թողներ֊հեռանար այդ երկար, արծաթաթույր, մանուշակագույն շերտերով զուգված ձուկը, որ կարծես վախճան չէր ունենալու։
Ծերունին ցած նետեց պարանը, ոտքը դրեց վրան, որքան կարող էր վեր բարձրացրեց հարպունը և ամբողջ ուժով, որ ուներ նա և որ կարողացավ այդ րոպեին հավաքել, խրեց ձկան կողի մեջ՝ ուղիղ նրա կրծքի հսկայական լողաթևի ետևը, որը բարձրացել էր վեր՝ հասնելով մարդու կրծքի մակարդակին։ Նա զգաց, թե ինչպես է երկաթը մտնում փափուկ մսի մեջ, և հենվելով հարպունին՝ հետզհետե ավելի խորն էր մտցնում՝ իր մարմնի ամբողջ ծանրությամբ օգնելով ինքն իրեն։
Եվ այդ ժամանակ ձուկն ասես կենդանացավ, թեև արդեն մահ էր կրում իր մեջ, նա ջրից վեր նետվեց՝ կարծես պարծենալով իր հսկայական երկարությամբ ու լայնությամբ, իր ամբողջ գեղեցկությամբ ու հզորությամբ։ Թվում էր, թե նա կախված է օդում՝ ծերունու ու նավակի վրա։ Հետո նա շրմփաց ծով՝ ջրի հորձանքներով ծածկելով և՛ ծերունուն, և՛ նրա ամբողջ նավակը։
Թուլությունն ու գլխապտույտը հաղթում էին ծերունուն. նա գրեթե ոչինչ չէր տեսնում։ Սակայն, բաց թողնելով հարպունի պարանը՝ սկսեց հավաքել դա կտրատված ձեռքերում, և երբ տեսողությունը վերադարձավ, տեսավ, որ ձուկը պառկած է մեջքին՝ արծաթագույն փորը վեր դարձրած։ Հարպունի կոթը շեղակի ցցված էր նրա մեջքից, իսկ շուրջը ծովը ներկված էր նրա սրտի արյունով։ Բիծը սկզբում մուգ էր, ասես երկնագույն ջուրը մի մղոն խորությամբ լցված էր ձկների վտառով։ Հետո բիծը տարածվեց ու նմանվեց ամպի։ Արծաթագույն ձուկը հանդարտ ճոճվում էր ալիքներից։
Ծերունին աչքը չէր կտրում նրանից, մինչև որ տեսողությունը նորից մշուշվեց։ Այն ժամանակ նա երկու անգամ հարպունի թոկը փաթաթեց միջնափայտի վրա ու գլուխը խոնարհեց ձեռքերին։
— Ի՞նչ է եղել իմ գլխին,— ասաց նա՝ դեմքը սեղմելով ցռուկի պատին։— Ծեր մարդ եմ ես ու սաստիկ հոգնել եմ։ Բայց և այնպես սպանեցի այս ձուկը, որն ինձ համար եղբորից էլ թանկ է, իսկ հիմա մնացել է միայն սև աշխատանքը։
«Հիմա պետք է պարանը պատրաստեմ, օղակ֊օղակ անեմ, որպեսզի ձուկը կապեմ նավակին։ Եթե նույնիսկ երկու հոգի լինեինք ու նավակը ջրով լցնեինք՝ ձուկն այնտեղ քաշելու համար, հետո էլ սկսեինք ջուրը թափել, մեկ է՝ նավակն այսպիսի ծանրության չէր դիմանա։ Պետք է պատրաստեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հետո ձուկը քաշեմ֊մոտեցնեմ նավակողին, ամուր կապեմ մակույկին, առագաստը դնեմ ու ճանապարհ ընկնեմ տուն»։
Եվ սկսեց ձուկը քաշել դեպի նավակը, որպեսզի պարանը խռիկի ու երախի միջով անցկացնելուց հետո գլուխը կապի նավացռուկին։ «Ուզում եմ մի նայեմ դրան,— մտածեց նա,— տնտղեմ, զգամ ինչ ձուկ է։ Չէ՞ որ դա իմ հարստությունն է։ Բայց դրա համար չէ, որ ուզում եմ տնտղել։ Ինձ թվում է, թե ես տնտղեցի նրա սիրտը այն ժամանակ,— մտածում էր նա,— երբ հարպունը մինչև ծայրը խրեցի նրա մեջ։ Դե լավ, մոտ քաշիր, կապիր, օղակ գցիր պոչին, մեկն էլ մարմնի շուրջը անցկացրու, որպեսզի լավ կպչի նավակին»։
— Հապա՛, ծերո՛ւկ, գործի՛ անցիր,— ասաց ինքն իրեն ու մի փոքր ումպ ջուր խմեց։— Հիմա, երբ մարտը վերջացած է, մնացել է ահագին սև աշխատանք։
Ծերունին նայեց երկնքին, հետո ձկանը։ Մեծ ուշադրությամբ նայեց արևին։ «Կեսօրը հազիվ է անցել։ Իսկ քամին սաստկանում է։ Հիմա անօգուտ է պարանները նորոգել։ Տանը տղայի հետ կմիացնենք»։
— Հապա՛, արի՛ այստեղ, ա՛յ ձուկ։— Բայց ձուկը չհնազանդվեց, նա անխռով օրորվում էր ալիքներից, և ծերունին ստիպված անձամբ նավակը մոտեցրեց նրան։
Երբ ծերունին սեղմ մոտեցավ նրան, և ձկան գլուխը հավասարվեց ցռուկին, նա դարձյալ զարմացավ դրա մեծության վրա։ Ապա արձակեց հարպունի պարանը միջնափայտի վրայից, անցկացրեց ձկան խռիկից, դուրս բերեց բերանից, փաթաթեց թրի շուրջը, հետո նորից անցկացրեց խռիկի միջով, նորից փաթաթեց թրի վրա և կրկնակ հանգույց անելով՝ կապեց միջնափայտին։ Նա կտրեց պարանը, գնաց նավախելը՝ պոչը օղակով ամրացնելու համար։ Ձկան գույնը, որ մանուշակա֊արծաթաթույր էր, վերածվեց մաքուր արծաթագույնի, իսկ շերտերը դարձան այնպես բաց մանուշակագույն, ինչպես պոչն էր։ Այդ շերտերը տղամարդու չռած ձեռքից ավելի լայն էին, իսկ աչքը այնքան խորթ ու անտարբեր, ինչպես շրջադիտակի հայելին կամ սուրբի հայացքը թափորի ժամանակ։
— Այլ կերպ չէի կարող սպանել դրան,— ասաց ծերունին, ջուր խմեց և շատ ավելի լավ զգաց իրեն։ Այժմ նա գիտեր, որ գիտակցությունը չի կորցնի, ու գլուխն էլ պայծառացավ։ «Ամենաքիչը կես տոննա կլինի,— մտածեց նա,— գուցե և շատ ավելի։ Ուրեմն ինչքա՞ն փող կստանամ, եթե այդ քաշի երկու երրորդը միս լինի, ֆունտն էլ՝ 30 ցենտ»։
— Առանց մատիտի չեմ կարող հաշվել,— ասաց ծերունին։— Դրա համար պայծառ գլուխ է պետք։ Բայց ես կարծում եմ, որ մեծն Դի Մաջիոն այսօր կարող էր հպարտանալ ինձնով։ Ճիշտ է, ես ոսկրային կոշտուկ չունեի, սակայն ձեռքերս ու մեջքս սաստիկ ցավում էին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ բան է ոսկրային կոշտուկը։ Գուցե մենք էլ ունենք, միայն թե չգիտենք։
Ծերունին ձուկը կապեց ցռուկին, խելին ու նստարանին։ Այնքան վիթխարի էր նա, որ նրան թվում էր, թե իր մակույկը կապել է մի մեծ նավի կողին։ Մի կտոր պարան կտրելով՝ ձկան ստորին ծնոտը կապեց նրա թրին, որպեսզի բերանը չբացվի, և լողալը հեշտ լինի։ Այնուհետև հաստատեց կայմը, մահակը հարմարեցրեց որպես շեղաձող ու քաշեց առագաստները վարող պարանը։ Կարկատած առագաստն ուռեց, նավակն առաջ խաղաց, և ծերունին խելի վրա կիսապառկած նավարկեց դեպի հարավ֊արևմուտք։
Ծերունին կողմնացույցի կարիք չուներ հարավ֊արևմուտքը որոշելու համար։ Բավական էր, որ նա զգա, թե ինչպես է փչում քամին, և ինչպես է ուռչում առագաստը։ «Ասենք, արժեր կարթ գցել. չե՞մ կարող արդյոք խայծով որևէ փոքր ձուկ բռնել, թե չէ ուտելու ոչինչ չունեմ»։ Բայց նա խայծ չգտավ, իսկ սարդինները հոտել էին։ Այն ժամանակ կեռաձողը գցեց դեղին ջրիմուռներին, որոնց կողքից անցնում էր, և թափ տվեց. դրանցից մանր կրեվետ խեցգետիններ թափվեցին նավակ։ Երկվեցյակից ավելի կլինեին դրանք և ոստոստում էին գետնալվերի նման ոտքերը փոխելով։ Ծերունին երկու մատով պոկեց դրանց գլուխը ու կերավ ամբողջովին՝ ծամելով պոչն ու կճեպը։ Խեցգետինները շատ մանր էին, բայց ծերունին գիտեր, որ խիստ սննդարար են, և համն էլ պատվական է։
Շշի մեջ դեռևս մի քիչ ջուր էր մնացել, և խեցգետիններն ուտելուց հետո ծերուկը խմեց դրա քառորդը։ Նավակը լավ էր ընթանում՝ չնայած այն դիմադրությանը, որը ստիպված էր հաղթահարել, և ծերունին վարում էր՝ արմունկով ղեկալծակը պահած։ Ձուկը շարունակ աչքի առաջ էր, և բավական էր, որ նայի իր ձեռքերին կամ մեջքը դիպցնի նավակին, որպեսզի զգա, թե այդ ամենը երազ չէ և իսկապես պատահել է իրեն։ Մի պահ, հենց վերջում, երբ նա վատ զգաց իրեն, հանկարծ նրան թվաց, թե այդ ամենը լոկ երազ է։ Ասենք, հետո էլ, երբ նա տեսավ, թե ինչպես ձուկը ջրից դուրս եկավ ու նորից այնտեղ ընկնելուց առաջ անշարժ կախվեց օդում, նա ինչ֊որ գերբնական բան զգաց դրա մեջ ու չհավատաց իր աչքերին։ Ճիշտ է, այն ժամանակ նա շատ վատ էր տեսնում, իսկ հիմա աչքերը կարգին էին։
Հիմա նա գիտեր, որ ձուկն իսկապես կար, և ձեռքերի ու թիկունքի ցավն էլ երազ չէր։ «Ձեռքերը շուտ են լավանում,— մտածեց նա։— Ես բավականին արյուն բաց թողի, որպեսզի վերքերը չաղտոտվեն, իսկ աղի ջուրը կբուժի դրանք։ Ծովածոցի մուգ ջուրը աշխարհի լավագույն դարմանն է։ Միայն թե մտքերս չխառնվեն։ Ձեռքերս իրենց գործն արեցին, և նավակը լավ է գնում։ Ձկան բերանը փակ է, պոչն էլ ուղիղ է պահել, լողում ենք կողք կողքի, եղբայրների պես»։ Նրա գլուխը նորից մի քիչ մթագնեց, և նա մտածեց. «Իսկ ո՛վ է ում տուն տանում, ես նրա՞ն, թե՞ նա ինձ։ Եթե ես նրան բուքսիր արած տանեի, ամեն ինչ պարզ կլիներ։ Կամ եթե նա իր ամբողջ արժանապատվությունը կորցրած պառկեր նավակում, էլի պարզ կլիներ։ Բայց չէ՞ որ մենք լողում ենք կողք կողքի՝ իրար ամուր կապված։ Դե խնդրեմ, թող տանի ինձ, եթե այդքան հաճելի է իրեն։ Չէ՞ որ ես միայն խորամանկությամբ հաղթեցի դրան, նա ո՛չ մի դավ չէր նյութում իմ դեմ»։
Նրանք շարունակ լողում էին, և ծերունին ձեռքերը ողողում էր աղի ջրով և ջանում, որ մտքերը չպղտորվեն։ Թանձրացած ամպերը ընթանում էին վեր, իսկ փետրաձև ամպերը՝ դրանց վերևից. ծերուկը գիտեր, որ քամին ողջ գիշեր կփչի։ Ստեպ֊ստեպ նայում էր նա ձկանը՝ ստուգելու՝ չլինի՞ թե իսկապես երազո՞ւմ է տեսել։ Անցավ մի ամբողջ ժամ, նախքան վրա տվեց առաջին շնաձուկը։
Շնաձուկը պատահաբար վրա չտվեց։ Նա դուրս լողաց օվկիանոսի ամենախոր մասից, երբ թանձրացավ ձկան արյան մուգ ամպը, ապա սփռվեց ջրի մեջ մի մղոն խորությամբ։ Շնաձուկը դուրս լողաց արագ, առանց որևէ երկյուղի, ճեղքեց ծովի կապուտակ հարթությունը ու դուրս եկավ արևի տակ։ Հետո նորից սուզվեց ջրի մեջ, նորից արյան հոտ առավ ու սկսեց լողալ այն հետքով, որ իրենց ետևից թողնում էին նավակն ու ձուկը։
Երբեմն նա հետքը կորցնում էր, բայց կամ նորից էր ընկնում դրա վրա, կամ առնում էր դրա հազիվ զգալի հոտը և անդադրում հետապնդում էր դրան։ Շատ խոշոր շնաձուկ էր դա՝ մակո ցեղից, ստեղծված նույնքան արագ լողալու համար, որքան ամենաարագընթաց ձուկն է լողում ծովում, և նրա ամեն ինչը գեղեցիկ էր, բացի երախից։ Նրա մեջքը նույնպես բաց կապույտ էր, ինչպես թրաձկանը, փորը՝ արծաթաթույր, իսկ մաշկը՝ կոկ ու գեղեցիկ, և նա ամբողջությամբ նման էր թրաձկան, եթե չհաշվեին հսկայական ծնոտները, որոնք այժմ իրար էին սեղմված։ Նա արագ լողում էր ծովի մակերեսին խիստ մոտ՝ մեջքի իր բարձր լողաթևով հեշտությամբ ճեղքելով ջուրը։ Նրա երախի սեղմ փակած կրկնակ շրթունքների տակ ութ շարքով ձգվում էին ծուռումուռ ատամները։ Ատամները նման չէին շնաձկների մեծ մասի սովորական բրգաձև ատամներին, այլ հիշեցնում էին զսպանի ճիրանների նման կեռ մարդկային մատներ։ Երկարությամբ դրանք չէին զիջում ծերունու մատներին, իսկ կողքերից ածելիի շեղբի պես սուր էին։ Շնաձուկը ստեղծված էր, որպեսզի սնվեր ծովային բոլոր, անգամ այնպիսի արագաշարժ, ուժեղ ու լավ զինված ձկներով, որոնց համար ոչ մի այլ թշնամի սարսափելի չէր։ Հիմա նա շտապում էր՝ զգալով, որ ավարը մոտ է արդեն, և նրա մեջքի կապույտ լողաթևը շարունակում էր ճեղքել ջուրը։
Երբ ծերունին տեսավ նրան, հասկացավ, որ այդ շնաձուկը ոչնչից չի վախենում և կվարվի այնպես, ինչպես հարմար դատի։ Նա պատրաստեց հարպունը և ամրացնելով դրա պարանի ծայրը՝ սպասեց, որ շնաձուկը մոտ գա։ Պարանը կարճ էր, որովհետև մի կտոր կտրել էր, երբ կապում էր իր ձուկը։
Ծերունու գլուխն այժմ բոլորովին պայծառացավ, և նա համակված էր վճռականությամբ, թեև հույսերով չէր օրորում իրեն։ «Գործս չափից ավելի լավ էր գնում, և երկար չէր կարող այդպես շարունակվել»,— մտածում էր նա։ Հետևելով շնաձկան մոտենալուն՝ ծերունին մի հայացք նետեց իր խոշոր ձկանը։ «Թերևս ավելի լավ կլիներ, եթե այս ամենը երազ լիներ։ Ես չեմ կարող արգելել նրան հարձակվելու ինձ վրա, բայց գուցե և կարողանամ սպանել։ Dentuso,— մտածեց նա։— Խավարե՜ր մորդ արևը»։
Շնաձուկը ընդհուպ մոտեցավ նավախելին և երբ հարձակվեց թրաձկան վրա, ծերունին տեսավ նրա բաց երախն ու արտասովոր աչքերը և լսեց, թե ինչպես կափկափեցին նրա ծնոտները, երբ խրվեցին ձկան մեջ՝ պոչից քիչ վեր։ Շնաձկան գլուխը բարձրացել էր ջրի վրա, գլխից հետո երևաց նաև մեջքը, և ծերունին, լսելով, թե ինչպես նրա ծնոտները աղմուկով հոշոտում են մեծ ձկան մաշկն ու միսը, հարպունը կոխեց գլխի այն մասում, որտեղ աչքերը միացնող գիծը խաչաձևվում է քթից դեպի վեր մեկնող գծի հետ։ Իրականում այդպիսի գծեր չկային։ Կար միայն ծանր, կապտավուն ու սրաձև գլուխը, խոշոր աչքերը և դուրս ցցված, կափկափող ու ամենակեր ծնոտը։ Սակայն շնաձկան ուղեղն այդտեղ է գտնվում, և ծերունին իր հարպունով այդ տեղին հարվածեց։ Ամենայն ուժով հարվածեց այդտեղին՝ արնոտելու աստիճան քերծված ձեռքերում սեղմած իր հարպունով։ Հարվածեց նրան առանց որևէ բանի վրա հույս դնելու, բայց վճռականությամբ ու մոլեգին զայրույթով։
Շնաձուկը շրջվեց, և ծերունին տեսավ նա մարած աչքերը, հետո կրկին շրջվեց՝ երկու անգամ պարանը փաթաթելով իր շուրջը։ Ծերունին հասկացավ, որ շնաձուկը սատկեց, բայց սա չէր ուզում հաշտվել դրա հետ։ Մեջքի վրա պառկած՝ նա խփում էր պոչով ու կափկափում ծնոտները, մրցանավակի պես փրփրեցնելով ջուրը։ Բոլորովին սպիտակ էր ծովն այն մասում, որտեղ նա պոչով հարվածում էր։ Շնաձկան մարմինը երեք քառորդով բարձրացավ ջրից, պարանը ձգվեց, ցնցվեց և ի վերջո կտրվեց։ Շնաձուկը մի քիչ պառկած մնաց մակերեսին, և ծերունին շարունակ նայում էր նրան։ Հետո խիստ դանդաղորեն ընկղմվեց ջրի մեջ։
— Մոտ քառասուն ֆունտ ձուկ տարավ իր հետ,— ասաց ծերունին բարձրաձայն։ «Ծովի հատակ տարավ նաև իմ հարպունն ու պարանի ամբողջ մնացորդը,— ավելացրեց նա մտքում,— իսկ ձկնից դարձյալ արյուն է հոսում, և այս շնաձկից հետո կգան ուրիշներ»։
Այլևս նա չէր ուզում նայել իր ձկանը, երբ այդպես այլանդակեցին։ Երբ շնաձուկը հարձակվեց իր ձկան վրա, նրան թվաց, թե հարձակվեց իր վրա։
«Այնուամենայնիվ սպանեցի այն շնաձուկը, որ հարձակվեց իմ ձկան վրա,— մտածեց նա։— Եվ դա ամենամեծն էր, որ երբևէ տեսել եմ ես։ Իսկ ես, աստված վկա, կյանքումս առիթ եմ ունեցել պատահել ու բավական շատ խոշոր շնաձկների։
Գործերս շատ լավ էին ընթանում։ Երկար ժամանակ այդպես չէր կարող շարունակվել։ Կուզենայի, որ այս ամենը երազ լիներ, և ես ոչ մի ձուկ բռնած չլինեի, այլ քնած լինեի լրագիրներով ծածկված իմ մահճակալին»։
— Բայց մարդը նրա համար չէ ստեղծված, որ պարտություններ կրի,— ասաց նա։— Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել։
«Այնուամենայնիվ, ափսոս որ սպանեցի ձկանը,— մտածեց նա։— Բանս շատ կդժվարանա, և ես զրկվեցի նույնիսկ հարպունից։ Dentuso֊ն ճարպիկ ու դաժան, խելացի և ուժեղ կենդանի է։ Բայց ես նրանից ավելի խելացի եղա։ Բայց թերևս ոչ խելացի։ Թերևս պարզապես ավելի լավ էի զինված»։
— Պետք չէ մտածել, ծերո՛ւկ,— ասաց նա բարձր ձայնով։— Նավարկի՛ր քամու ուղղությամբ և դիմավորի՛ր աղետը, երբ գա։
«Ո՛չ, պետք է մտածեմ,— մտովի առարկեց նա իրեն։— Չէ՞ որ միայն դա է մնացել ինձ։ Դա և բեյսբոլը։ Հետաքրքիր է՝ մեծն Դի Մաջիոն կհավանե՞ր այն հարվածը, որ հասցրի ճիշտ ուղեղին։ Ընդհանրապես, ոչ մի առանձնակի բան չկար դրա մեջ։ Ամեն ոք կարող էր խփել ոչ պակաս շեշտակիությամբ։ Բայց ի՞նչ ես կարծում, ծերո՛ւկ, քո ձեռքերը պակա՞ս խանգարում էին քեզ, քան ոսկրային կոշտուկը։ Ի՜նչ իմանամ։ Իմ կրունկներին մինչև հիմա ոչ մի բան չի եղել, մի անգամ միայն էլեկտրական կատվաձուկը կծեց, երբ լողանալիս ոտքս վրան դրի. այն ժամանակ մինչև ծունկս ջլատվեց ու անտանելի ցավում էր»։
— Ավելի լավ է մի ուրախ բանի մասին մտածիր, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։— Ամեն րոպե դու ավելի ես մոտենում քո տանը։ Ասենք նավարկությունդ էլ հեշտացավ այն պահից սկսած, ինչ քառասուն ֆունտ ձուկ կորցրիր։
Նա շատ լավ էր իմանում, թե ինչ է սպասում իրեն, երբ մտնի հոսանքի մեջտեղը։ Բայց հիմա ոչինչ չէր կարող անել։
— Ճիշտ չէ, մի ելք ունես,— ասաց նա բարձրաձայն։— Կարող ես դանակդ կապել թիերից մեկի կոթին։
Եվ այդպես էլ արեց՝ կառավարման թոկը թևի տակ սեղմելով, ոտքն էլ առագաստի պարանի վրա դնելով։
— Սա էլ եղավ,— ասաց նա։— Թեև ծեր եմ ես, բայց համենայն դեպս, անզեն չեմ։
Զով քամի էր փչում, և նավակը արագ առաջ էր գնում։ Ծերունին նայում էր միայն ձկան առջևի մասին, և հույսի մի նշույլ վերադարձավ նրան։
«Անմտություն է հուսահատվելը,— մտածեց նա,— մանավանդ որ դա կարծեմ թե մեղք է։ Չարժե մտածել այն մասին, թե ինչն է մեղք, ինչը՝ ոչ։ Առանց այդ էլ մտածելու շատ բան կա աշխարհում։ Ճիշտն ասած՝ ես մեղքերից քիչ բան եմ հասկանում։ Չեմ հասկանում և հավանորեն չեմ էլ հավատում դրանց։ Գուցե և մեղք էր ձուկն սպանելը։ Կարծում եմ, թե մեղք է, թեև սպանեցի դրան, որպեսզի սովամահ չլինեմ ու դեռ էլի բազմաթիվ մարդկանց կերակրեմ։ Այդ դեպքում մեղք է այն ամենը, ինչ դու անում ես։ Չարժե խորհրդածել այն մասին, թե ինչն է մեղք, ինչը մեղք չէ։ Հիմա արդեն ուշ է այդ մասին մտածելը, բացի դրանից մեղքերով թող զբաղվեն նրանք, ում վճարում են դրա համար։ Թող նրանք մտածեն, թե ինչ է մեղքը։ Դու ծնվել ես ձկնորս դառնալու համար, ինչպես որ ձուկը ծնվել է ձուկ լինելու համար։ Պետրոս առաքյալն էլ ձկնորս էր, ինչպես և մեծն Դի Մաջիոյի հայրը»։
Բայց նա սիրում էր խորհրդածել այն ամենի մասին, ինչ շրջապատում էր նրան, և որովհետև չուներ ո՛չ կարդալու բան և ո՛չ էլ ռադիո, ապա մտածում էր շատ բաների, այդ թվում և մեղքի մասին։ «Դու ձուկը սպանեցիր ոչ միայն ուրիշներին ծախելու և քո կյանքը պահպանելու համար,— մտածում էր նա,— այլև հպարտությունից ու այն բանից, որ դու ձկնորս ես։ Դու սիրում էիր այդ ձուկը, երբ նա ապրում էր, և հիմա էլ ես սիրում։ Եթե որևէ մեկի սիրում ես, ապա մեղք չէ նրան սպանելը։ Գուցե և ընդհակառա՞կը՝ շատ ավելի մեծ մեղք է»։
— Չափից շատ ես միտք անում, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։
«Բայց դու հաճությամբ էիր սպանում dentuso֊ին,— մտածեց ծերունին։— Իսկ նա, ինչպես և դու, ձուկ սպանելով է սնվում։ Նա ոչ միայն լեշ է լափում ու անկուշտն է, ինչպես ուրիշ շատ շնաձկներ, այլև գեղեցիկ ու վեհանձն կենդանի է և չի իմանում, թե ինչ բան է ահը։
— Ես սպանեցի նրան՝ պաշտպանելով իմ կյանքը,— ասաց ծերունին բարձր ձայնով։— Եվ սպանեցի վարպետորեն։
«Մանավանդ որ ամենքն էլ,— մտածեց նա,— այսպես թե այնպես, սպանում են որևէ մեկին կամ որևէ բան։ Ձկնորսությունը սպանում է ինձ ճիշտ այնպես, ինչպես որ չի թողնում մեռնեմ։ Տղան, ա՛յ թե ով չի թողնում, որ մեռնեմ։ Մի՛ գայթակղվիր, ծերո՛ւկ»։
Նա կռացավ ձկան վրա ու մի կտոր պոկեց այն տեղից, որտեղից շնաձուկն էր հոշոտել։ Ծամեց միսը՝ նրա որակն ու համը որոշելու համար։ Միսը պինդ էր ու հյութալի, տավարի մսի պես, թեև ոչ կարմիր։ Ճլոտ չէր դա, և ծերունին գիտեր, որ դրա համար շուկայում ամենաբարձր գինը կտան։ Սակայն նրա հոտը ծովն իր հետ էր տարել, և ծերունին չէր կարող խանգարել դրան։ Նա հասկանում էր, որ դժվար կլինի իր վիճակը։
Քամին չէր թուլանում, մի փոքր շեղվեց դեպի հյուսիս֊արևելք, և դա նշանակում էր, որ չի դադարի։ Ծերունին նայում էր հեռուները, բայց ո՛չ առագաստ էր տեսնում, ո՛չ էլ որևէ նավի ծուխ կամ մարմին։ Թռչող ձկներն էին միայն ծովից դուրս գալիս ու նրա նավացռուկի այս ու այն կողմը սլանում, ինչպես նաև դեղնին էին տալիս ջրիմուռների կղզյակները։ Անգամ թռչուններ կային։
Երկու ժամ էր արդեն, ինչ նա առաջանում էր ձկան միս ծամելով ու ջանալով շուտ ուժ հավաքել և հանգստանալ, երբ նկատեց երկու շնաձկներից առաջինին։
— Ըհը՜,— ասաց ծերունին իմաստ չունեցող մի բառ, ավելի շուտ հնչյուն, որ ակամա կարող էր արտաբերել մարդը՝ զգալով, թե ինչպես մեխը, ծակելով իր ափը, մտնում է ծառի մեջ։
— Galano֊ներ,— ասաց նա բարձրաձայն և տեսավ, թե ինչպես ջրի մեջ առաջին լողաթևից հետո երևաց երկրորդը, և այդ թուխ, եռանկյուն լողաթևերից, ինչպես նաև պոչի մեծաթափ շարժումից հասկացավ, որ լայնաքիթ շնաձկներ են դրանք։ Նրանք ձկան հոտն առել էին, իրար անցել և քաղցից բոլորովին խելահեղ՝ մերթ կորցնում, մերթ նորից էին գտնում այդ հրապուրիչ հոտը։ Բայց և այնպես րոպե առ րոպե մոտենում էին։
Ծերունին անշարժ պնդացրեց առագաստը և սեպով էլ ամրացրեց ղեկը։ Հետո բարձրացրեց այն թին, որին ամրացրել էր դանակը։ Թին բարձրացրեց բոլորովին հեշտ, որովհետև ձեռքերն անասելի ցավում էին։ Նա սեղմում ու բացում էր մատները, որպեսզի գեթ մի քիչ ճկունանան։ Հետո ավելի ամուր բռնեց թին, որպեսզի ձեռքերին ստիպի՝ լիովին զգան ցավը ու այլևս աշխատանքից չխուսափեն, և սկսեց հետևել շնաձկների մոտենալուն։ Նա տեսավ նրանց ճմած, լայնաքիթ գլուխները և կրծքի խոշոր, սպիտակաերիզ լողաթևերը։ Դրանք բոլոր շնաձկներից ամենագարշելիներն էին՝ նույնիսկ լեշ լափող գարշահոտ սպանարարներ։ Երբ քաղցը տանջում է, նրանք պատրաստ են կծելու նավակի թին էլ, ղեկն էլ։ Այդպիսի շնաձկները կծում֊պոկում են կրիաների թաթերը, երբ սրանք ննջում են ծովի մակերեսին, իսկ երբ շատ են սովածանում, հարձակվում են ջրի մեջ գտնվող մարդու վրա, եթե նույնիսկ նրանից ձկան արյան կամ լորձնի հոտ չի գալիս։
— Ա՜ա,— գոչեց ծերուկը։— Ի՜նչ արած, մոտ լողացեք, galano֊ներ։
Եվ մոտեցան։ Սակայն մոտեցան ոչ այնպես, ինչպես մակոն էր մոտեցել։ Նրանցից մեկը շեղվելով թաքնվեց նավակի տակ, և ծերուկն զգաց, թե ինչպես ցնցվեց նավակը, երբ շնաձուկը հոշոտում էր իր ձկանը։ Մյուսն իր նեղ, դեղին աչքերով հետևում էր ծերունուն, ապա լայն բացելով երախի կիսաշրջանակը՝ հարձակվեց ձկան վրա ճիշտ այն կետում, որտեղից մակոն էր պոկել։ Ծերունին պարզ տեսնում էր այն գիծը, որ նրա թուխ գլխի գագաթից գնում էր դեպի մեջքը, որտեղ ուղեղը միանում է ողնասյունին, և թիակին ամրացրած դանակով խփեց ճիշտ այդ տեղին, ապա քաշեց դանակը ու խրեց շնաձկան դեղին, կատվային աչքի մեջ։ Շնաձուկը շունչը փչելով պոկվեց ձկնից ու կրծածը կուլ տալով՝ սահեց ցած։
Նավակը դեռևս ցնցվում էր այն դատաստանից, որ երկրորդ շնաձուկը տեսնում էր իր ձկան հետ։ Եվ ծերունին առագաստն արձակելով թողեց, որ նավակը կողը շրջի, որպեսզի շնաձկանը դուրս քաշի այդտեղից։ Եվ տեսնելով նրան՝ նավակից ցած կռացավ ու դանակով խփեց։ Սակայն դիպչելով փափուկ մասին՝ պինդ մաշկը չթողեց, որ դանակը խոր մտնի։ Ծերունու հարվածից ցավեցին ոչ միայն նրա ձեռքերը, այլև ուսը։ Բայց շնաձուկը, ջրից դուրս հանելով երախը, նորից հարձակվեց ձկան վրա, և այդ միջոցին ծերունին զարկեց նրա ճմած գլխի ուղիղ մեջտեղը։ Նա դուրս քաշեց շեղբը ու երկրորդ անգամ խրեց ճիշտ նույն տեղը։ Շնաձուկը շարունակում էր կառչել ձկնից, ծնոտներն ամուր սեղմած, և ծերունին դանակը խրեց նրա ձախ աչքը։ Շնաձուկն առաջվա պես կառչած էր ձկնից։
— Այդպես, հա՞,— ասաց ծերունին ու դանակը կոխեց ուղեղի և ողնասյունի միջև։ Հիմա դժվար չէր դա, և նա զգաց, որ ճեղքեց կրճիկը։ Ծերունին շրջեց թին ու մյուս ծայրը կոխեց շնաձկան երախը, որպեսզի բացի նրա ծնոտները, և պտտեցրեց թին, իսկ երբ շնաձուկը պոկվեց ձկնից, ասաց.
— Գնա՛ ցած, galano։ Գնա՛ ցած մի ամբողջ մղոն, տեսակցի՛ր ընկերուհուդ հետ։ Բայց գուցե այն մյուսը քո մայրն էր։
Նա սրբեց դանակի սայրը և թին դրեց նավակի մեջ։ Հետո հաստատեց առագաստը, և երբ նա քամուց ուռչեց, նավակը շրջեց նախկին ուղղությամբ։
— Հավանորեն ձկան քառորդից ոչ պակաս տարան իրենց հետ, այն էլ ամենալավ միսը,— ասաց նա բարձրաձայն։— Կուզենայի, որ այս ամենը երազ լիներ, և ես այս ձուկը բռնած չլինեի։ Ցավում եմ, ա՛յ ձուկ, որ այսպես վատ բան ստացվեց։— Ծերունին լռեց, նա հիմա չէր ուզում նայել ձկանը։ Արնաքամ եղած ու ջրից թրջված ձուկը իր գույնով հիշեցնում էր հայելու ետևը ծածկող ամալգամ, սակայն շերտերը դեռևս նկատելի էին։
— Այսքան հեռու չպետք է գնայի ծովում,— ասաց ծերունին։— Վատ եղավ և՛ քեզ համար, և՛ ինձ համար։ Շատ եմ խղճում քեզ, ա՛յ ձուկ։
«Հապա՛, բերանբացություն մի՛ անի,— մտածեց նա։— Ստուգի՛ր, հո չի՞ կտրվել այն պարանը, որով ամրացված է դանակը։ Եվ ձեռքդ կարգի բեր, որովհետև գործը դեռ չի վերջացել»։
— Ափսո՛ս, որ հեսանաքար չունեմ,— ասաց ծերունին՝ թիակի կոթին կապած պարանը ստուգելով։— Պետք է հետս հեսանաքար բերեի։
«Շա՜տ բան կուզենայիր հետդ բերել, ծերո՛ւկ,— մտածեց նա։— Բայց չես բերել։ Հիմա ժամանակը չէ մտածելու այն մասին, ինչ չունես։ Մտածի՛ր միայն եղածով գործ տեսնելու մասին»։
— Է՜, գլուխս տարար քո խորհուրդներով,— ասաց նա բարձրաձայն։
Նա առագաստի թոկը սեղմեց թևի տակ և զույգ ձեռքերը կոխեց ջուրը։
Նավակն առաջ էր ընթանում։
— Աստված միայն գիտի, թե որքան լափեց վերջին շնաձուկը,— ասաց։— Բայց ձուկը ինչքա՞ն թեթևացավ։
Նա չէր ուզում մտածել ձկան այլանդակված փորի մասին, գիտեր, որ նավակին հասցրած շնաձկան յուրաքանչյուր ցնցումը նշանակում էր մի կտոր պոկված միս, և որ հիմա ձուկը ծովի մեջ թողնում է խճուղու նման լայն ու աշխարհի բոլոր շնաձկների համար մատչելի մի ճանապարհ։
«Այսպիսի ձուկը կարող էր մի մարդու ողջ ձմեռը կերակրել։ Մի՛ մտածիր այդ մասին, ծերո՛ւկ։ Հանգստացիր և աշխատի՛ր ձեռքերդ կարգի բերել, որպեսզի պաշտպանես այն, ինչ դեռ մնացել է քեզ։ Իմ ձեռքերի արյան հոտը չնչին բան է այն հոտի համեմատությամբ, որ հիմա թողնում է ջրի մեջ իմ ձուկը։ Ասենք, ձեռքերիցս համարյա թե արյուն չի գալիս։ Խոր կտրվածքներ չկան նրանց վրա։ Իսկ փոքր արնահոսությունը ձախ ձեռքը կազատի կարկամումից։
Հիմա ինչի՞ մասին մտածեմ։ Ո՛չ մի բանի։ Ավելի լավ է՝ ո՛չ մի բանի մասին չմտածեմ և սպասեմ նոր շնաձկների։ Կուզենայի, որ այս ամենը երազ լիներ։ Ասենք ի՜նչ իմանամ։ Ամեն ինչ կարող է այնքան էլ վատ չվերջանալ»։
Հաջորդ շնաձուկը, որ հայտնվեց միայնակ, նմանապես լայնաքիթ ցեղից էր։ Նա մոտեցավ այնպես, ինչպես խոզն իր տաշտին, միայն թե խոզն այդքան լայն երախ չունի, որ մի հարվածով պոկի մարդու գլուխը։ Ծերունին թողեց, որ կառչի ձկնից, իսկ հետո թիակի ծայրին ամրացրած դանակով հարվածեց գլխին։ Սակայն շնաձուկն իրեն ետ նետեց՝ թավալելով մեջքի վրա, և դանակի շեղբը ջարդվեց։
Ծերունին ղեկը ձեռքն առավ։ Նա չնայեց էլ, թե ինչպես դանդաղորեն ընկղմվում է շնաձուկը՝ հետզհետե փոքրանալով, իսկ հետո՝ բոլորովին մանր դառնալով։ Այդ պատկերը միշտ էլ հափշտակում էր նրան, բայց հիմա չուզեց նայել։
— Մնաց կեռաձողը,— ասաց նա։— Բայց ի՞նչ օգուտ դրանից։ Դեռևս ունեմ երկու թիակ, ղեկալծակ և մահակ։
«Ա՛յ, հիմա նրանք հաղթեցին ինձ,— մտածեց նա։— Շատ եմ ծեր, որպեսզի կարողանամ մահակով շնաձուկ սպանել։ Բայց կկռվեմ նրանց հետ, քանի դեռ թիեր ունեմ, մահակ ու ղեկալծակ»։
Նորից ձեռքերը կոխեց աղի ջրի մեջ։ Մոտենում էր երեկոն, իսկ չորս կողմ տեսնվում էր միայն երկինք ու ծով։ Քամին առաջվանից ավելի ուժգին էր փչում, և նա հույս ուներ, որ շուտով ցամաքը կտեսնի։
— Հոգնել ես, ծերուկ,— ասաց նա։— Հոգիդ է հոգնել։
Շնաձկները նորից հարձակվեցին նրա վրա մայրամուտից մի պահ առաջ միայն։
Ծերունին տեսավ, թե ինչպես են շարժվում թուխ լողաթևերն այն լայն հետքով, որ ձուկն այժմ անկասկած թողնում էր ծովում։ Նրանք նույնիսկ չէին սլանում այդ հետքով, այլ կողք կողքի շտապում էին ուղիղ դեպի նավակը։
Ծերունին սեպով ամրացրեց ղեկալծակը ու խելի տակից հանեց մահակը։ Դա կոտրված թիակի մի մասն էր՝ երկու և կես ոտնաչափ երկարությամբ։ Միայն մի ձեռքով կարող էր հաստատ բռնել դա՝ կոթի մասից, և աջ ձեռքով ամուր բռնեց ու սկսեց թափահարել՝ սպասելով, որ շնաձկները մոտենան։ Երկուսն էին դրանք, երկուսն էլ՝ galano։
«Պետք է սպասեմ, որ առաջինն ամուր կառչի իմ ձկնից,— մտածեց նա,— այն ժամանակ կխփեմ նրա քթի ծայրին կամ ուղիղ գանգին»։
Երկու շնաձկներն էլ միասին մոտեցան, և երբ ավելի մոտիկ եղողը բացեց երախը ու ատամները խրեց ձկան արծաթաթույր կողի մեջ, ծերունին բարձրացրեց մահակը ու ծանրորեն իջեցրեց շնաձկան տափակ գլխին։ Նրա ձեռքը զգաց գիշատչի առաձգական ամրությունը։ Սակայն նա զգաց նաև ոսկորի անթափանցելի ամրությունը, և ծերունին դարձյալ ուժգին խփեց շնաձկան քթի ծայրին։ Շնաձուկը սահեց ջուրը։
Մյուս շնաձուկն արդեն կարողացել էր բավական լափել ու ետ քաշվել և հիմա երախը լայն բացած՝ նորից մոտ էր գալիս։ Նախքան նա, հարձակվելով ձկան վրա, ատամները կմխրճեր նրա մեջ, ծերունին նրա ծնոտներին կպած մսի սպիտակ կտորներ տեսավ։ Նա թափով զարկեց, բայց հարվածը դիպավ միայն գլխին, և շնաձուկը, մի պահ նայելով նրան, մի կտոր միս պոկեց ձկնից։ Երբ նա ընկրկեց այդ կտորը կուլ տալու համար, ծերունին կրկին խփեց նրան, բայց հարվածը նորից դիպավ նրա գլխի ամուր ու առաձգական մակերեսին։
— Հապա՛, մո՛տ արի, galano,— ասաց ծերունին։— Մի անգամ էլ մոտեցի՛ր։
Շնաձուկը շեշտակի նետվեց ձկան վրա, և ծերունին խփեց նրան այն վայրկյանին, երբ նա կափկափեց երախը։ Որքան կարելի էր վեր բարձրացնելով իր մահակը՝ ամբողջ ուժով զարկեց նրան։ Այս անգամ հարվածը դիպավ գանգարմատի ոսկորին, և նա զարկեց երկրորդ անգամ՝ նույն տեղին։ Շնաձուկը թուլորեն մի կտոր միս պոկեց ու սահեց ջրի մեջ։
Ծերունին սպասում էր, թե նորից շնաձկներ չե՞ն հայտնվի. բայց այլևս չէին երևում։ Հետո նա նկատեց, որ դրանցից մեկը պտտվում է նավակի մոտերքը։ Մյուս շնաձկան լողաթևը բոլորովին չքվեց։
«Հույս էլ չունեի, թե կկարողանամ սպանել դրանց,— մտածեց ծերունին։— Առաջ կկարողանայի։ Բայց և այնպես երկուսին էլ խիստ հաշմեցի, և հազիվ թե իրենց լավ են զգում։ Եթե կարողանայի մահակը երկու ձեռքով բռնել, առաջինին անկասկած կսպանեի։ Նույնիսկ հիմա՝ այս տարիքիս»։
Չէր ուզում նայել ձկանը, գիտեր, որ նրա կեսը գնացել է։ Մինչ նա կռվում էր շնաձկների հետ, արևը արդեն մայր էր մտել։
— Շուտով կմթնի,— ասաց նա։— Այն ժամանակ ես հավանորեն կտեսնեմ Հավանայի լույսերի հրացոլքը։ Իսկ եթե շատ եմ շեղվել դեպի արևելք, ապա կտեսնեմ նոր կուրորտներից մեկի լույսերը։
«Չեմ կարող ափից շատ հեռու լինել,— մտածեց ծերունին։— Հույս ունեմ, որ այնտեղ նրանք իզուր չեն անհանգստանում։ Ասենք, անհանգստանալ կարող է միայն տղան։ Բայց նա, արդեն, չի կասկածում իմ հմտությանը։ Տարիքավոր ձկնորսները հավանորեն տագնապում են։ Ասենք երիտասարդներն էլ,— մտածեց նա։— Չէ՞ որ ես ապրում եմ լավ մարդկանց միջավայրում»։
Այլևս նա չէր կարող խոսել ձկան հետ, այնքան որ այլանդակված էր նա։ Բայց հանկարծ մի նոր միտք ծագեց գլխում։
— Կես ձուկ,— ձայն տվեց նրան։— Նախկի՛ն ձուկ, ցավում եմ, որ այսքան հեռու գնացի ծովում։ Քեզ էլ կործանեցի, ինձ էլ։ Բայց մենք երկուսով շատ շնաձկներ ոչնչացրինք ու էլ ավելի շատ հաշմեցինք։ Դու հավանորեն դրանցից շատ ես սպանել կյանքումդ, ծե՛ր ձուկ։ Զուր չէ, որ գլխիցդ ցցված է քո այդ թուրը։
Հաճելի էր նրան մտածել և՛ ձկան, և՛ այն մասին, թե ինչ կարող էր թրաձուկը հանել շնաձկան գլխին, եթե ազատ լող տար ծովում։ «Պետք է կտրած լինեի այդ թուրը, որպեսզի դրանով կռվեի շնաձկների հետ»,— մտածեց նա։ Բայց նա կացին չուներ, իսկ հիմա արդեն դանակ էլ չուներ։
«Բայց եթե դրա թուրը մոտս լիներ, կարող էի կապել դա թիակի կոթին, և հիանալի զենք կլիներ։ Այն ժամանակ մենք երկուսով իսկապես կողք կողքի կկռվեինք։ Իսկ ի՞նչ կանես հիմա, եթե գիշերը նրանք գան։ Ի՞նչ կարող ես անել»։
— Կկռվեմ,— ասաց նա,— կկռվեմ, մինչև որ մեռնեմ։
Սակայն խավարում ո՛չ լույսեր էին երևում, ո՛չ հրացոլք, միայն քամի կար ու նրա ուռեցրած առագաստը, և հանկարծ նրան թվաց, թե ինքը արդեն մեռել է։ Ձեռքերն իրար կցեց և զգաց իր ափերը։ Դրանք մեռած չէին, և նա կարող էր ցավ առաջացնել, հետևաբար և կյանք՝ պարզապես սեղմելով ու բացելով դրանք։ Նա հենվեց նավախելին ու հասկացավ, որ ողջ է։ Այդ բանն ասացին նրա ուսերը։
«Պետք էր ասել այն բոլոր աղոթքները, որ խոստացա ասել, եթե ձուկը բռնեմ,— մտածեց նա։— Բայց հիմա շատ եմ հոգնել։ Ավելի լավ է վերցնեմ պարկը ու դրանով ուսերս ծածկեմ»։
Նավախելին պառկած՝ նա վարում էր մակույկը ու սպասում, թե երբ երկնքում կերևա Հավանայի լույսերի հրացոլքը։ «Ձկան կեսն է մնացել,— մտածում էր նա։— Գուցե բախտս բանի ու գոնե դրա առջևի մասը հասցնեմ տուն։ Պե՛տք է վերջապես բախտս բանի...— Ո՛չ,— ասաց ինքն իրեն։— Ինքդ ծաղրեցիր քո հաջողությունը, երբ այսքան առաջացար ծովում»։
— Հիմար֊հիմար մի՛ խոսիր, ծերո՛ւկ,— ընդհատեց ինքն իրեն։— Արթուն կաց ու հետևիր ղեկին։ Կարող ես դեռ բախտավորության հասնել։
— Կուզենայի մի քիչ երջանկություն գնել, եթե որևէ տեղ ծախում են,— ասաց ծերունին։
— Իսկ ինչո՞վ կգնես,— հարցրեց նա իրեն։— Մի՞թե կարող ես գնել դա կորցրած հարպունովդ, կոտրված դանակովդ ու խեղված ձեռքերովդ։
— Ի՜նչ իմանաս։ Դու ուզում էիր երջանկություն ձեռք բերել այն ութսունչորս օրվա գնով, որ անցկացրիր ծովում։ Եվ, իմիջիայլոց, քիչ մնաց ծախեին դա քեզ։
«Չպետք է մտածել ամեն տեսակ դատարկ բաների մասին։ Բախտավորությունն ամեն ձևով է գտնում մարդուն, մի՞թե կճանաչես նրան։ Ասենք, ես ամեն մի ձևով էլ մի քիչ բախտավորություն կառնեի ու դրա համար կվճարեի այն ամենը, ինչ պահանջեին։ Կուզենայի տեսնել Հավանայի հրացոլքը,— մտածեց նա։— Շատ բան ես ուզում միանգամից, ծերո՛ւկ։ Բայց հիմա ուզում եմ տեսնել Հավանայի լույսերը, և ուրիշ ոչինչ»։ Նա փորձեց ավելի հարմար ձևով նստել ղեկի մոտ և ցավի հետզհետե ավելի սաստկանալուց հասկացավ, որ ինքը հիրավի չի մեռել։
Քաղաքի լույսերի հրացոլքը նա տեսավ երեկոյան ժամը մոտավորապես տասին։ Սկզբում դա թվաց մի թույլ ցոլք երկնքում, ինչպես լուսնի ծագելուց առաջ է լինում։ Հետո լույսերն սկսեցին որոշակի երևալ օվկիանոսի գծից այն կողմ, որտեղ սաստկացած քամին բարձր ալիքներ էր գլորում։ Ծերունին նավարկում էր դեպի այդ լույսերը և մտածում, որ շուտով, հիմա արդեն շուտով կմտնի Գոլֆսթրիմի մեջ։
«Ա՛յ, պրծավ֊գնաց,— մտածեց նա։— Դրանք, իհարկե, նորից կհարձակվեն ինձ վրա։ Բայց դատարկ ձեռքերով ի՞նչ կարող է անել մարդը խավարում»։
Նրա ողջ մարմինը կոտրատվում էր ու կծկծում, իսկ գիշերվա ցուրտը սաստկացնում էր վերքերի, հոգնաբեկ ձեռքերի ու ոտքերի ցավը։ «Հույս ունեմ, որ այլևս կռվելու կարիք չեմ ունենա,— մտածեց նա։— Միայն թե էլ չկռվեմ»։
Սակայն կեսգիշերին նա կրկին մարտնչում էր շնաձկների հետ և գիտեր, որ այս անգամ պայքարն անօգուտ է։ Նրանք հարձակվեցին ամբողջ ոհմակով, իսկ ծերունին տեսնում էր միայն այն շերտերը, որ գծում էին նրանց լողաթևերը ջրի վրա, և այն լույսը, որ արձակում էին նրանք, երբ գրոհում էին միս պոկելու։ Նա մահակը խփում էր գլուխներին ու լսում, թե ինչպես են կափկափում ծնոտները, և ինչպես է ցնցվում նավակը, երբ ներքևից են պոկում ձուկը։ Նա հուսահատությամբ մահակը իջեցնում էր մի անտեսանելի բանի, որը միայն լսել ու շոշափել կարող էր, և հանկարծ զգաց, որ մահակն անհետացավ։
Նա ղեկալծակը քաշեց֊հանեց իր բնից ու զույգ ձեռքով բռնած՝ սկսեց իրար ետևից հարվածներ տեղալ։ Բայց շնաձկներն արդեն նավակի ցռուկի մոտ էին և իրար ետևից ու բոլորը միասին հարձակվում էին ձկան վրա, պոկում մսի կտորներ, որոնք լույս էին տալիս ծովի մեջ. շնաձկները նորից էին ցրվում, որպեսզի նորից հարձակվեն իրենց որսի վրա։
Շնաձկներից մեկը վերջապես հասավ ձկան գլխին, և այն ժամանակ ծերունին հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է։ Նա ղեկալծակով խփեց շնաձկան գլխի այն կետին, որտեղ նրա ատամները խցկվել էին ձկան գլխի ամուր ոսկորների մեջ։ Խփեց մի անգամ, ապա երկրորդ ու երրորդ անգամ։ Լսելով, թե ինչպես ճռճռաց ու ճեղքվեց ղեկալծակը, նա խփեց շնաձկանը ճեղքված կոթով և զգաց, թե ինչպես փայտը խրվեց մսի մեջ, և իմանալով, որ այդ բեկորը սուր է՝ նորից զարկեց։ Շնաձուկը թողեց միսն ու հեռացավ։ Նրա վրա հարձակված ոհմակի վերջին շնաձուկն էր դա։ Այլևս ուտելու բան չունեին նրանք։
Ծերունին հազիվ էր շունչ քաշում և տարօրինակ համ էր զգում բերանում։ Քաղցրավուն էր այդ և պղնձահամ, և մի րոպե ծերունին վախեցավ։ Սակայն շուտով ամեն ինչ անցավ, նա թքեց օվկիանոսի մեջ ու ասաց.
— Կերե՛ք, galano֊նե՛ր, բկերիդ մնա։ Եվ երազում էլ տեսեք, որ դուք մարդուն սպանեցիք։
Ծերունին գիտեր, որ հիմա ինքը հաղթված է վերջնականապես և անուղղելիորեն ու վերադառնալով նավախել՝ տեսավ, որ ղեկալծակի բեկորը մտնում է ղեկի բացվածքի մեջ, այնպես որ վատագույն դեպքում կարելի է դրանով էլ վարել։ Եվ պարկը գցելով ուսերին՝ նավակն ընթացքի դրեց։ Այժմ նա լավ էր ընթանում, և ծերունին ոչինչ չէր մտածում և ոչինչ չէր զգում։ Հիմա նրա համար միևնույնն էր, միայն թե նավակը շուտ ու բարեհաջող հասցնի հայրենի ափ։ Գիշերը շնաձկները հարձակվեցին ձկան մսազուրկ կմախքի վրա՝ սեղանի փշրանքները կորզող որկրամոլների պես։ Ծերուկն ուշք չդարձրեց նրանց։ Այլևս ոչ մի բանի ուշք չէր դարձնում նա, բացի իր նավակից։ Զգում էր միայն, թե որքան թեթև ու արագ է ընթանում հիմա, երբ այլևս չի արգելակում ձկան ահագին ծանրությունը։
«Լավ նավակ է և անաղարտ ու անվնաս, եթե չհաշվենք ղեկալծակը,— մտածեց նա։— Իսկ նոր ղեկալծակ դնելը դժվար չէ»։
Ծերունին զգում էր, որ մտել է տաք հոսանքի մեջ, և նշմարում էր առափնյա ավանների լույսերը։ Նա գիտեր, թե որտեղ է գտնվում, և տուն հասնելը հիմա ոչ մի դժվարություն չէր հարուցում։
«Քամին արդեն անկասկած մեր բարեկամն է,— մտածեց նա, հետո էլ ավելացրեց։— Ասենք՝ ոչ միշտ։ Եվ հսկայական ծովը նմանապես լի է թե՛ մեր բարեկամներով, թե՛ մեր թշնամիներով։ Իսկ անկողինը...— մտածեց նա,— անկողինն իմ բարեկամն է։ Այո՛, հենց սովորական անկողինը։ Մեծ բան է անկողնում պառկելը։ Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։ Իսկ ո՞վ հաղթեց քեզ, ծերո՛ւկ»,— հարցրեց ինքն իրեն։
— Ոչ ոք,— պատասխանեց նա։— Պարզապես շատ հեռացա ծովում։
Երբ ծերուկը մտնում էր փոքր ծովախորշը, Տեռասի լույսերը մարած էին, և նա հասկացավ, որ ամենքն էլ արդեն քնել են։ Քամին անընդհատ սաստկանում էր և հիմա շատ ուժեղ էր փչում։ Բայց նավահանգստում խաղաղ էր, և ծերունին կանգ առավ ժայռերի տակ՝ խճաքարերի շերտում։ Ոչ ոք չկար, որ օգներ, և նա որքան կարելի էր թիավարեց դեպի ափ, ապա դուրս եկավ նավակից ու կապեց դա ժայռին։
Հանեց կայմը, առագաստը փաթաթեց վրան ու կապեց։ Հետո կայմը գցեց ուսին ու բարձրացավ դարն ի վեր։ Ահա այդ ժամանակ էլ հասկացավ, թե որքա՜ն սաստիկ էր հոգնել։ Մի ակնթարթ նա կանգ առավ ու ետ նայելով՝ փողոցի լապտերի լույսի տակ տեսավ, թե նավակի խելի ետևից որքան վեր է ցցվել ձկան հսկայական պոչը։ Տեսավ նաև նրա ողնաշարի սպիտակ, մերկացած գիծը, գլխի մուգ ստվերը և առաջ մեկնված թուրը։
Ծերունին նորից սկսեց վեր բարձրանալ։ Վերելքը հաղթահարելուց հետո նա ընկավ և կայմն ուսին՝ պառկեց մի քիչ։ Հետո ջանաց վեր կենալ, բայց հեշտ չէր դա. և այդպես էլ մնաց նստած ու նայեց ճանապարհին։ Վազեց իր գործերին հետամուտ մի կատու, և ծերունին երկար ժամանակ նայեց նրա ետևից։ Այնուհետև սկսեց նայել ամայի փողոցին։
Վերջապես կայմը գցեց գետին ու վեր կացավ։ Հետո բարձրացրեց կայմը, գցեց ուսին ու շարունակեց ճանապարհով վեր բարձրանալ։ Ստիպված եղավ հանգստանալ հինգ անգամ, մինչև որ հասավ իր խրճիթը։
Մտավ տուն, կայմը հենեց պատին, խավարում գտավ ջրի շիշը ու խմեց։ Հետո պառկեց մահճակալին, վերմակը քաշեց ուսերին, ծածկեց մեջքն ու ոտքերը և քնեց՝ դեմքը հպած լրագիրներին ու ձեռքերը, ափերը վեր պարզած։
Երբ առավոտյան խրճիթ մտավ տղան, նա քնած էր։ Քամին այնքան ուժգին էր փչում, որ նավակները դուրս չէին եկել ծով, տղան էլ քնով էր ընկել, հետո էլ եկել էր ծերունու խրճիթը, ինչպես ամեն առավոտ էր գալիս։ Տղան համոզվեց, որ ծերուկը շնչում է, բայց երբ տեսավ նրա ձեռքերը, լաց եղավ։ Նա կամացուկ դուրս եկավ խրճիթից՝ սուրճ բերելու, և ամբողջ ճանապարհին լաց էր լինում։
Բազմաթիվ ձկնորսներ էին հավաքվել նավակի շուրջը, և բոլորն էլ զննում էին այն, ինչ կապված էր նրան։ Ձկնորսներից մեկը շալվարը քշտած մտել էր ջուրը ու պարանով կմախքն էր չափում։
Տղան չիջավ նրանց մոտ, նա արդեն եղել էր ներքևում, և ձկնորսներից մեկը խոստացել էր նրան մտիկ տալ նավակին։
— Ինչպե՞ս է զգում իրեն,— ձայն տվեց տղային ձկնորսներից մեկը։
— Քնել է,— պատասխանեց տղան։ Նրա համար մեկ էր, որ նրանք տեսնում են իր արցունքները։— Չպետք է անհանգստացնել նրան։
— Քթից մինչև պոչ տասնութ ոտնաչափ է,— գոռաց նրան ձուկը չափող ձկնորսը։
— Ոչ պակաս,— ասաց տղան։
Նա մտավ Տեռաս ու մի աման սուրճ խնդրեց։
— Տվեք ինձ տաք սուրճ. կաթն ու շաքարը շատ լինի։
— Ուրիշ բան էլ վերցրու։
— Պետք չէ։ Հետո կնայեմ, թե ինչ կարելի է տալ նրան ուտելու։
— Բայց ի՜նչ ձուկ է,— ասաց տերը,— պարզապես չեղա՜ծ ձուկ։ Ասենք, դու էլ երեկ երկու հատ լավ ձուկ ես բռնել։
— Է֊է՜, թող կորչի իմ ձուկը,— ասաց տղան ու նորից լաց եղավ։
— Չե՞ս ուզում մի բան խմել,— հարցրեց տերը։
— Պետք չի,— պատասխանեց տղան։— Ասա դրանց, որ Սանտյագոյին չձանձրացնեն։ Ես նորից կգամ։
— Հայտնիր նրան, որ ես շատ եմ ցավում։
— Շնորհակալ եմ,— ասաց տղան։
Տղան խրճիթ տարավ տաք սուրճը ու նստեց ծերունու մոտ, մինչև որ նա արթնացավ։ Մի անգամ տղային թվաց, որ նա զարթնեց։ Բայց ծանր քունը նորից համակեց ծերունուն, և տղան ճանապարհը կտրելով գնաց հարևանների մոտ մի քիչ փայտ փոխառնելու, որպեսզի սուրճը տաքացնի։
Վերջապես ծերունին արթնացավ։
— Պառկի՛ր, մի՛ վեր կենար,— ասաց տղան։— Ահա՛, խմի՛ր,— և սուրճ լցրեց բաժակը։
Ծերուկը վերցրեց բաժակն ու խմեց սուրճը։
— Նրանք ընկճեցին ինձ, Մանոլին,— ասաց նա։— Նրանք հաղթեցին ինձ։
— Բայց ինքը հո չկարողացավ ընկճել քեզ։ Ձուկը հո՛ չկարողացա՜վ հաղթել քեզ։
— Ո՛չ, ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Իսկ դա հետո եղավ։
— Պեդրիկոն խոստացավ հետևել նավակին ու պարաններին։ Ի՞նչ ես մտածում անել դրա գլուխը։
— Թող Պեդրիկոն մանրացնի ուռկանների խայծի համար։
— Իսկ թո՞ւրը։
— Վերցրու քեզ որպես հիշատակ, եթե ուզում ես։
— Ուզում եմ,— ասաց տղան։— Իսկ հիմա արի խոսենք, թե ինչ ենք անելու հետագայում։
— Ինձ փնտրե՞լ եք։
— Իհարկե։ Առափնյա պաշտպանությունն էլ, սավառնակներն էլ։
— Օվկիանոսը մեծ է, իսկ նավակը չափազանց փոքր, չի նկատվի,— ասաց ծերունին։ Նա զգաց, թե որքա՜ն հաճելի է, երբ կա մեկը, որի հետ կարող ես խոսել, բացի քեզանից ու ծովից։— Կարոտել էի քեզ,— ասաց նա։— Որևէ բան բռնե՞լ ես դու։
— Առաջին օրը՝ մի ձուկ։ Մի ձուկ էլ երկրորդ, և երկուսն էլ՝ երրորդ օրը։
— Հիանալի՜ է։
— Հիմա էլի միասին ձուկ կբռնենք։
— Չէ՛, ես ձախորդ եմ։ Է՛լ բախտս չի բանում։
— Թքած այդ չբանելու վրա,— ասաց տղան։— Ես քեզ բախտ կբերեմ։
— Իսկ ի՞նչ կասեն քո հարազատները։
— Դա կարևոր չէ։ Չէ՞ որ երեկ երկու ձուկ բռնեցի։ Բայց հիմա միասին պիտի ձկնորսություն անենք, որովհետև ես քեզանից դեռ շատ բան ունեմ սովորելու։
— Հարկ կլինի ճարել մի լավ եռաժանի ու միշտ տանել մեզ հետ։ Շեղբը կարելի է շինել հին ֆորդի ռեսորից։ Կսրենք դա Գուանաբակոայում։ Շեղբը պետք է սուր լինի, բայց ոչ կոփված, որպեսզի չկոտրվի։ Իմ դանակը ջարդվեց։
— Ես մի նոր դանակ կճարեմ քեզ համար ու կսրեմ ռեսորը։ Քանի՞ օր էլ պիտի փչի այս ուժեղ brisa֊ն։
— Գուցե և երեք։ Բայց գուցե և ավելի։
— Մինչ այդ ամեն ինչ սարքին կլինի,— ասաց տղան։— Իսկ դու մինչ այդ ձեռքերդ բուժիր։
— Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ դրանց։ Գիշերը մի տարօրինակ հեղուկ թքեցի, և ինձ թվաց, թե կրծքումս ինչ֊որ բան պայթեց։
— Այդ էլ բուժիր,— ասաց տղան։— Պառկի՛ր, ծերո՛ւկ, ես քեզ մաքուր շապիկ կբերեմ։ Ուտելու բան էլ կբերեմ։
— Իմ բացակա օրերի թերթերից որևէ մեկը գտիր, բե՛ր,— խնդրեց ծերունին։
— Դու պետք է շուտ լավանաս, որովհետև ես քեզանից շատ բան պետք է սովորեմ։ Իսկ դու կարող ես ամեն ինչ սովորեցնել ինձ։ Շա՞տ ծանր էր քո վիճակը։
— Շա՜տ,— ասաց ծերունին։
— Ուտելիք ու թերթեր կբերեմ։ Հանգստացի՛ր, ծերո՛ւկ։ Դեղատնից մի որևէ սպեղանի կվերցնեմ քո ձեռքերի համար։
— Չմոռանաս Պեդրիկոյին ասելու, որ ձկան գլուխը վերցնի իրեն։
— Չեմ մոռանա։
Երբ տղան դուրս եկավ խրճիթից ու սկսեց ցած իջնել հին, քարքարոտ ճանապարհով, նորից լաց եղավ։
Այդ օրը մի խումբ տուրիստներ եկան Տեռաս, և երբ նրանք դիտում էին, թե ինչպես արևելյան քամին բարձր ալիքներ է ուռեցնում ծովախորշի մուտքի մոտ, տուրիստուհիներից մեկը գարեջրի դատարկ թիթեղամանների ու սատկած մեդուզաների մեջ նկատեց մի սպիտակ, երկար ողնաշար, ծայրին էլ՝ մի հսկայական պոչ, որ բարձրանում ու օրորվում էր ափնակոծության ալիքներից։
— Այս ի՜նչ է,— հարցրեց նա մատուցողին՝ ցույց տալով վիթխարի ձկան երկար ողնաշարը, որ հիմա պարզապես աղբ էր, և որ շուտով տեղատվությունը պիտի տաներ։
— Tiburon,— ասաց մատուցողը։— Շնաձկները...— ուզում էր բացատրել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։
— Չէի իմանում, որ շնաձկները այսպես գեղեցիկ, շքեղորեն ուռուցիկ պոչ են ունենում։
— Այո՜, ես էլ չէի իմանում,— համաձայնեց նրա ուղեկիցը։
Վերևում՝ իր խրճիթում, ծերունին նորից քնել էր։ Նա դարձյալ քնել էր երեսն ի վայր, և տղան հսկում էր նրան։ Ծերունին երազում առյուծներ էր տեսնում։