«Կարմիր կոշիկներ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կարմիր կոշիկներ |հեղինակ = Լևոն Խեչոյան |թարգմանիչ = |աղբյուր = «Լևոն Խեչո...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 17:10, 30 Հունիսի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Լևոն Խեչոյան |
Ասին՝ Թբիլիսիից պրոֆեսոր է եկել։ Մենք գնացինք Ախալքալաք։ Հետ գալուց վերին գյուղերը գնացող ավտոբուսից իջանք Քոռ կամրջի մոտ։ Հայրս Սոխակին ձեռների վրա էր վերցրել, մայրս նրան համընթաց էր քայլում, ես հետ էի մնացել, եղեգների մեջ նստած քոռ մկներին էի քարկոծում ու ցանցապարկով քաղաքից առած սպիտակ հացն էի բերում։
Տատս մեզ դռանն էր սպասում, հետո հորեղբայրներս էլ եկան, նրանք ծխում էին, տատս էլ նրանց հետ, հետո հորս հարցրեց․ «Իր գործը իմացող պրոֆեսո՞ր էր»։ Հայրս ասաց․ «Հա՛»։ Տատս հարցրեց․ «Ակնոց կա՞ր աչքին»։ Հայրս ասաց․ «Հա՜»։ Տատս ասաց․ «Աստծո կամքն է»։ Հորեղբայրներս ծխեցին, տատս էլ նրանց հետ։ Գնացին։ Մորս հետ թոնրի վրա ջուր տաքացրին, Սոխակին տաշտի մեջ լողացրին։ Հետո Սոխակի մազերը սանրեց, հյուսք արեց, ասաց․ «Մենք պատրաստ ենք»։ Հայրս ասաց․ «Վերջ տուր, հարսանիք չես գնում»։ Հետո մեզանից խռով, արդեն տասը տարի երթալ ֊գալ չունեցող հորս հորեղբոր տղան՝ Մերուժը եկավ։ Տատս ասաց․ «Բա՜, Մերուժ տղա, էն ժամանակ խոսքիդ չափը պիտի իմանայիր, կնգանդ խելք չդնեիր»։ Հայրս ասաց․ «Ա՛յ կնիկ, այ աբա, տարիքիդ նայիր, հիմա դրա՛ ժամանա՞կն է»։ Հետո տնքտնքալով բարեկամ ու հարեւան եկան, դոշաբ ու շաքար էին բերել։
Առավոտյան ղոչը արոտ չուղարկեցինք, Սուրբ Հովհաննես տարանք։ Ես ու մայրս պարանով կապած ղոչին յոթ անգամ պտտեցրինք պարսպի շուրջը, մեր հետեւից, ձեռների վրա առած, հայրս Սոխակին էր բերում։
Տատս տաք արյունով Սոխակի ու իմ ճակատին խաչ դրեց։ Սոխակի հյուսքից կապույտ ժապավենը արձակեց ու կապեց մասրենուն։
Ծառի բոլորը փայտիկով շրջանակ գծեց։ Սոխակը ժապավենն էր ուզում։ Տատս ասաց․ «Եթե լացդ չկտրես, մատաղն ընդունելի չի լինի»։ Նա լացը չէր կտրում։ Գնացի, արձակեցի ժապավենը։ Տատս ասաց․ «Արածդ եղա՞վ, մատըմքաշ կախգլուխ, կապանքը բացեցիր, դու շրջանագծի մեջ մտար։ Սրբերը թող քո դատդ կապեն։ Սո՜ւրբ Օվանես, խելք տուր էս մանչուն»։ Մատաղը թասերով ամբողջ գյուղին բաժանեցինք։ Գիշերը, Սոխակին թիկունքով նստած, կարի մեքենայով մայրս ու տատս սպիտակ ձյունանման սավան ու բարձիկ էին կարում։ Հեռու մի տեղ՝ գյուղին մոտիկ բուն էր կանչում։ Առավոտյան խանութից լուր ուղարկեցին, թե մանկական կոշիկ կա։ Մայրս ասաց․ «Ես չեմ կարող, սիրտս չի բռնում»։ Տատս չգնաց, հորս հետ նստած՝ ծխում էին։ Ասաց․ «Ձիու ոտքր մաշվել է, հայրդ էլ ձին է նալելու»։ Ինձ ուղարկեցին։ Ճանապարհին իմը գցել էի, նոր կարմիր կոշիկներն էի հագել ու չէի հանում։ Փայլում, փայլփլում էին, նրանց տարօրինակ, քաղցրահամ բուրմունքը արեւի ջերմության հետ լցվում էր քիթս ու փռշտացնում։ Տատս սարսափած տեղից թռավ, ասաց․ «Գետինը մտած, տակի պադոշը լոպկտես, տեսնողն ի՞նչ կասի»։ Չէի մոտենում, գիտեի, որ բռնեն, ոտիցս կհանեն։ Տատս ասաց․ «Մա՛նչս, բե՛ր տուր, հարեւանների առաջ խայտառակ մի անի։ Դրանք աղջկա կոշիկ են, դրանք Սոխակի համար ենք առել»։ Ասի․ «Նրան կոշիկ պետք չի»։ Հայրս ձիու դողացող, հզոր ոտքը ծալել, սեղմել էր կրծքին։ Ոտքի հետ ինքն էլ էր դողում, ցնցվում ու կեռ դանակով սմբակի կարծր եղջյուրն էր տաշտշում։ Տատս քանի մոտենում էր, ես փռշտալով փախչում էի։ Ասաց․ «Կախգլուխ շուն, քո տեղը ուրիշ ախպեր լիներ, լացելով կմեռներ։ Էդ անելո՞ւ բան է, որ դու ես անում»։ Ասաց․ «Ա՛յ տղա, արի տուն, հայրդ որ եկավ՝ կսատկացնի»։ «Նա չի կարող բռնել, ձին էլ չի կարողանում նալել, ձեռները դողդղում են»։ Ասաց․ «Լսո՞ւմ ես, քույրդ ոնց է մղկտում, բեր տուր՝ մեղք է, մի լացացնի»։ Ասի․ «Նրան էլ կոշիկ պետք չէ»։ Հայրս ծխում էր, տատս ծնկներին խփեց, մայրս գնաց խանութ, մի զույգ էլ բերելու։ Ասել էին՝ էլ չկա։ Նստեց հորս կողքին։ Տատս գնաց ներս, դուրս եկավ, գոռաց․ «Գիտե՞ս՝ ով է եկել, Ձմեռ պապին։ Օսիկ տղա, արի լիմոնադ խմիր»։ Ասի․ «Գարնանը Ձմեռ պապին չի գալիս»։ Լիմոնադը լցրեց բաժակի մեջ, ասաց․ «Բա քո կարծիքով՝ սա որտեղի՞ց։ Սոխակին էլ խաղող է բերել։ Ներսում նրանք զրուցում են, էսա ուր որ է, գնալու է»։ Ես փռշտացնում էի, ինքը քիչ֊քիչ մոտենում էր, բաժակը տվեց ձեռս ու սեղմեց գետնին։ Մեջքիս պառկեցրել էր ցանկապատի տակ, կճանների վրա՝ կարմիր կոշիկների կապերն էր արձակում։ Քիթ ու բերանով սեղմվել էի գետնին՝ կճանի, էլի ինչ֊որ խոտի ու խոնավ հողի բուրմունք էր գալիս։ Դիտմամբ քարերով տված կոշիկների քթներին նայեց ու կոշիկի կրունկով գլխիս խփեց։ Սոխակի կապույտ ժապավենն էլ գրպանիցս հանեց, ասաց․ «Կռապաշտ շուն»։ Արդեն բաց էր թողել, ասի․ «Դու էլ գոզոտ ես»։ Ասաց․ «Էնքան որ հերդ լսեր, թող հերդ լսեր, էն ժամանակ կիմանայիր»։ «Թող լսեր, ձին էլ չկարողացավ նալել»։ Հայրս, պատահական քարի նստած, տան պատին հենված, ծխում էր, մայրս կողքին էր՝ թեւերը ծնկներին թափված։ Պրոֆեսորի ասած հինգ օրն անցավ։ Հայրս ու մայրս գնացին սար՝ հնձի։ Տատիս ասին․ «Դու կամաց֊կամաց օղին քաշի»։ Ձին չտարան, ասին․ «Ձին թող մնա, պետք լինի, թող Օսիկը շուտ գա»։ Ասի․ «Օսիկը սար եկող չէ, ձին թոփլում է, մեխը ներս ես խփել, մեխը գնացել է ձիու ոտքը»։ Հայրս ասաց․ «Վերջ տուր»։ Ես դարձյալ ատամ ֊ ներիս արանքից ճտտացնելով թքում էի դույլով ջրի մեջ։ Ասաց․ «Ինչի՞ ես թարսվել, տղա, հոգիներս կերար, վերջ տուր»։ Ուժեղ ապտակեց։ Ես թքում էի, ջուրը ալիքվում էր, առանց դադարի շարունակում էի էլի ու էլի։ Ասաց․ «Կսատկացնեմ»,— գրպան ֊ ներում երեւի ծխախոտ էր փնտրում։ Տատս ասաց․ «Ինչ ես գլուխդ դեմ տվել, կանգնել, փախիր, մանչս»։ Ես թքում էի, դույլով ջուրը ալիքվում էր․ արեւածաղկի վրա դեղնաթաթախ մեղու կար։ Տատս ասաց․ «Մատըմ երեխա է, երեխուն էդպես կխփե՞ն, սրա գլուխը ի՞նչ է, որ էդպես գլխին ես խփում»։ Հայրս ասաց․ «Իր ամբողջ կյանքում մի դույլ ջուր բերե՞լ է, որ ջուրը փչացնում է։ Ինչ է, նրա քույրն է, մեր ոչ մի բա՞նը»։ Ասի․ «Բա կարմիր կոշիկները ինչի՞ պահեցիք»։ Ասաց․ «Սոխակի բարձի տակն է, չենք պահել, դու տեսա՞ր՝ ինչքան էր ուրախացել»։ Հետո նրանք ճամփա գնացին ու հետ եկան, հայրս ինձ գոտիով ծեծեց ջրի ծակ տիկի համար։ Նրանք ուրիշ ջրաման վերցրած՝ նորից գնացին, տատս ինձ խաղողի ողկույզ էր տվել ու դռան քարին կողքիս էր նստել։ Ես խաղող էի ուտում, նրանք քանի գնում, հեռանում էին, տատս ծնկին դրած գլուխս էր քորում, գոգնոցով անդադար մաքրում քիթս ու բերանս, պաղ քամին թույլ ուժով միջանցիկ փախավ խոտերի ու տաք օդի միջով։
Հաջորդ օրը արեւ էր, շոգի հետ ուրցի եւ բովվող գոմաղբի հոտը շունչ էր դաղում։ Գետում լողացող երեխաների ձայներն ու դրսի հանդարտությունը բաց դռնից ներս էին հասնում։ Տատս Սոխակին մինչեւ ծնկները հասնող նախշուն գուլպա էր հագցրել ու համոզել էր, թե հագ ցրածը գուլպա չէ, նասկի է։ Պոչով ամանով անկողնու կողքը թան էր դրել, ինքը գոմում օղի էր թորում։ Երդիկից սյունանման արեւի շողքն էր իջել։ Կապտականաչավուն ճանճը հավասարաչափ, անխախտ բզզոցով պտտվում էր լույսի ու ստվերի մեջ։ Խոնչայից ալրահատիկներ էին պոկվում, գալիս արեւի շողքի մեջ իջնում ու բարձրանում։ Թանով ամանի մեջ մի ճանճ էր խեղդվել։ Կապտականաչավուն թեւերովը եկել, օդի մեջ կանգնել էր ուղիղ ամանի վրա ու ձայնի նույն հնչյունով բզզում էր։ Միեւնույն կետից եկող ձայնի հնչյունից ես ու Սոխակը չէինք հոգնել, միալար բզզոցից թախծում էինք։ Մենք պոչով ամանին էինք նայում ու իրար կենտրոնացած հայացքից գիտեինք, որ ընկնելու է թանի մեջ։ Հետո ճանճը բարձրացավ ու միեւնույն բզզոցով իջնում էր։ Հանկարծ Սոխակի շնչառությունը ընդհատվեց, հետո հանգավ։ Նրան, երբ տանից դուրս հա ն ե ցին, կարմիր կոշիկներն էին հագցրել, օդի մեջ մի ծանոթ բուրմունք կար, ու ես սկսեցի փռշտալ, ու հետո էլի ու էլի։