«Մարդասպանները»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մարդասպանները |հեղինակ = Էռնեստ Հեմինգուեյ |թարգմանիչ = Ա․ Խաչատրյան |աղբյ...»:) |
|||
Տող 8. | Տող 8. | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
[[Կատեգորիա:Պատվածք]] | [[Կատեգորիա:Պատվածք]] | ||
+ | |||
Տող 50. | Տող 51. | ||
— Ինձ համար խոզապուխտով ձվածեղ,— ասաց նա, ում Ալ էին կոչում։ | — Ինձ համար խոզապուխտով ձվածեղ,— ասաց նա, ում Ալ էին կոչում։ | ||
− | Նա կրում էր դերբի գլխարկ<ref></ref> եւ կրծքամասում կիպ կոճկված սեւ վերարկու։ Դեմքը փոքր էր ու գունատ, շրթունքները՝ սեղմ։ Ձեռնոցներ էր հագել, վզին փաթաթել մետաքսե շարֆ։ | + | Նա կրում էր դերբի գլխարկ<ref><i>Դերբի գլխարկ</i>— եւրոպական կոշտ գլխարկ։</ref> եւ կրծքամասում կիպ կոճկված սեւ վերարկու։ Դեմքը փոքր էր ու գունատ, շրթունքները՝ սեղմ։ Ձեռնոցներ էր հագել, վզին փաթաթել մետաքսե շարֆ։ |
— Իսկ ինձ համար խոզի ճարպով ձվածեղ,— ասաց երկրորդը։ | — Իսկ ինձ համար խոզի ճարպով ձվածեղ,— ասաց երկրորդը։ | ||
Տող 256. | Տող 257. | ||
— Ո՞վ գիտե։ | — Ո՞վ գիտե։ | ||
− | — Խեդերում<ref></ref> ես եղել, գիտեմ։ | + | — Խեդերում<ref><i>Խեդեր</i>— հրեական տարրական դպրոց տղաների համար, ուր սովորեցնում էին հուդայիզմի հիմունքները։ Առաջացել են միջին դարերում։</ref> ես եղել, գիտեմ։ |
Ջորջը նայեց պատի ժամացույցին։ | Ջորջը նայեց պատի ժամացույցին։ | ||
Տող 447. | Տող 448. | ||
— Նա ամբողջ օրը տնից դուրս չի եկել,— ասաց կինը ներքեւում։— Միգուցե լավ չի՞ զգում իրեն։ Ես նրան ասացի․ «Միստր Անդերսոն, այսօրվա պես գեղեցիկ մի օր դուք պետք է դուրս գայիք զբոսնելու», բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց։ | — Նա ամբողջ օրը տնից դուրս չի եկել,— ասաց կինը ներքեւում։— Միգուցե լավ չի՞ զգում իրեն։ Ես նրան ասացի․ «Միստր Անդերսոն, այսօրվա պես գեղեցիկ մի օր դուք պետք է դուրս գայիք զբոսնելու», բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց։ | ||
+ | |||
+ | — Նա տնից դուրս գալ չի ուզում։ | ||
+ | |||
+ | — Շատ եմ ցավում, որ վատ է զգում իրեն։ Հիանալի տղա է։ Գիտեք, նա բռնցքամարտիկ է եղել,— ասաց կինը։ | ||
+ | |||
+ | — Գիտեմ։ | ||
+ | |||
+ | — Դեմքից էլ կարելի է գուշակել,— ասաց կինը։ Նրանք խոսում էին դռան մոտ կանգնած։— Նա շատ սիրալիր է։ | ||
+ | |||
+ | — Դե, բարի գիշեր, միսս Հիրշ,— ասաց Նիքը։ | ||
+ | |||
+ | — Միսս Հիրշը ես չեմ,— ասաց կինը։— Նա տանտիրուհին է։ Ես պարզապես ծառայում եմ նրա մոտ։ Ես միսս Բելլն եմ։ | ||
+ | |||
+ | — Բարի գիշեր, միսս Բելլ,— ասաց Նիքը։ Նա մութ նրբանցքով քայլեց մինչեւ անկյունի լապտերը, հետո տրամվայի գծի ուղղությամբ գնաց նախաճաշարան։ Ջորջը ներսում էր, վաճառասեղանի ետեւում։ | ||
+ | |||
+ | — Օլեին տեսա՞ր։ | ||
+ | |||
+ | — Տեսա,— ասաց Նիքը,— իր սենյակում էր։ Չի ուզում դուրս գալ։ | ||
+ | |||
+ | Խոհարարը, լսելով Նիքի ձայնը, բացեց խոհանոցի դուռը։ | ||
+ | |||
+ | — Այդ մասին լսել անգամ չեմ ուզում,— ասաց նա եւ փակեց դուռը։ | ||
+ | |||
+ | — Ամեն ինչ պատմեցի՞ր նրան,— հարցրեց Ջորջը։ | ||
+ | |||
+ | — Իհարկե, պատմեցի։ Նա ինքն էլ տեղյակ է այս ամենին։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ է մտադիր անել։ | ||
+ | |||
+ | — Ոչինչ։ | ||
+ | |||
+ | — Նրանք կսպանեն նրան։ | ||
+ | |||
+ | — Այո, կսպանեն։ | ||
+ | |||
+ | — Երեւի Չիկագոյում ինչ֊որ բանի է խառնվել։ | ||
+ | |||
+ | — Ինձ էլ է թվում։ | ||
+ | |||
+ | — Սարսափելի է։ | ||
+ | |||
+ | — Սարսափելի,— արձանագրեց Նիքը։ | ||
+ | |||
+ | Լռեցին։ Ջորջը կռացավ եւ մի սրբիչ վերցնելով, սկսեց սրբել վաճառասեղանը։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ ես կարծում, ինչ արած կլինի,— հարցրեց Նիքը։ | ||
+ | |||
+ | — Երեւի ինչ֊որ պայման չի կատարել։ Դրա համար նրանք սպանում են։ | ||
+ | |||
+ | — Հեռանալու եմ այս քաղաքից,— ասաց Նիքը։ | ||
+ | |||
+ | — Ճիշտ որ,— ասաց Ջորջը։— Լավ կլինի, որ մարդ հեռանա այստեղից։ | ||
+ | |||
+ | — Գլխիցս դուրս չի գալիս այն միտքը, որ նա տանը նստած իր վերջին է սպասում։ Սոսկալի է։ | ||
+ | |||
+ | — Իսկ դու մի մտածիր այդ մասին,— ասաց Ջորջը։ |
Ընթացիկ տարբերակը 16:00, 9 Հուլիսի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ |
Հենրիզ նախաճաշարանի դուռը բացվեց, ներս մտան երկու մարդ ու նստեցին վաճառասեղանի մոտ։
— Ի՞նչ կցանկանայիք,— հարցրեց Ջորջը։
— Չգիտեմ,— ասաց նրանցից մեկը։— Ի՞նչ ես ուզում ուտել, Ալ։
— Չգիտեմ,— պատասխանեց Ալը,— չգիտեմ, թե ինչ վերցնեմ։
Մթնում էր։ Փողոցում, լուսամուտի մոտ վառվեց լապտերը։ Երկու մարդը կարդացին ճաշացուցակը։ Նիք Ադամսը վաճառասեղանի մյուս ծայրից նայում էր նրանց։ Նա այնտեղ կանգնած խոսում էր Ջորջի հետ, երբ նրանք ներս մտան։
— Ինձ համար խնձորի սոուսով խոզի ֆիլյե, կարտոֆիլի պյուռեով,— ասաց առաջինը։
— Դեռ պատրաստ չէ։
— Գրողը տանի, իսկ ինչո՞ւ եք ճաշացուցակի մեջ մտցրել։
— Դա կլինի ճաշին,— բացատրեց Ջորջը,— կարող եք պատվիրել ժամը վեցին։
Ջորջը նայեց վաճառասեղանի ետեւում գտնվող պատի ժամացույցին։
— Դեռ ժամը հինգն է։
— Հինգն անց քսան,— ասաց երկրորդը։
— Քսան րոպե առաջ է։
— Գրողի ծոցը ձեր ժամացույցը,— ասաց առաջինը։— Ուտելու ի՞նչ ունեք։
Կարող եմ տարբեր տեսակի սանդվիչներ տալ,— ասաց Ջորջը,— խոզապուխտով ձվածեղ, խոզի ճարպով ձվածեղ, խոզի ճարպով լյարդ, բիֆշտեքս։
— Ինձ համար կանաչ ոլոռով ու կարտոֆիլի պյուրեով տապակած բիֆշտեքս։
— Դա կլինի ճաշին։
— Ինչ ուզում ենք, ճաշին կլինի։ Այ թե ինչպես եք սպասարկում։
— Կարող եմ խոզապուխտով ձվածեղ, խոզի ճարպով ձվածեղ տալ, լյարդ…
— Ինձ համար խոզապուխտով ձվածեղ,— ասաց նա, ում Ալ էին կոչում։
Նա կրում էր դերբի գլխարկ[1] եւ կրծքամասում կիպ կոճկված սեւ վերարկու։ Դեմքը փոքր էր ու գունատ, շրթունքները՝ սեղմ։ Ձեռնոցներ էր հագել, վզին փաթաթել մետաքսե շարֆ։
— Իսկ ինձ համար խոզի ճարպով ձվածեղ,— ասաց երկրորդը։
Նրանք գրեթե նույն հասակն ունեին։ Չնայած դեմքով նման չէին, բայց հագնված էին առաջ հակված, արմունկներով հենված վաճառասեղանին։
— Խմելու ի՞նչ ունեք,— հարցրեց Ալը։
— Գարեջուր «Սիլվեր», լիմոնադ, օշարակ։
— Ես հարցնում եմ՝ խմելու ի՞նչ ունեք։
— Ինչ որ ասացի…
— Ուրախ քաղաք է,— ասաց մյուսը։— Ի դեպ, ի՞նչ է անունը։
— Սամմիթ։
— Երբեւիցե լսե՞լ ես նման անուն, Մաքս,— հարցրեց Ալը։
— Ոչ,— պատասխանեց ընկերը։
— Երեկոներին ինչո՞վ են զբաղվում այստեղ,— հարցրեց Ալը։
— Ճաշում են,— ասաց Մասը,— բոլորը հավաքվում են այստեղ եւ ուտում այս նշանավոր ճաշը։
— Ճիշտ է,— ասաց Ջորջը։
— Քո կարծիքով ճի՞շտ է,— հարցրեց Ալը։
— Իհարկե։
— Ինչպես տեսնում եմ, խելահաս տղա ես։
— Հնարավոր է,— պատասխանեց Ջորջը։
— Այ թե ստում ես, հա,— ասաց Մաքսը,— ստում է չէ՞, Ալ։
— Հաստագլուխն է,— պատասխանեց Ալը։ Նա շրջվեց դեպի Նիքը։
— Անունդ ի՞նչ է։
— Նիք Ադամս։
— Նա էլ է խելահաս տղա,— ասաց Ալը,— ճիշտ չէ՞, Մաքս։
— Այս քաղաքը լիքն է խելահաս տղաներով,— ասաց Մաքսը։
Ջորջը խոզապուխտով ձվածեղի եւ խոզի ճարպով ձվածեղի երկու ափսեները դրեց վաճառասեղանին։ Նա կարտոֆիլի պյուրեով գարնիրները դրեց ափսեների մեջ եւ փակեց խոհանոցի դուռը։
— Դուք ի՞նչ պատվիրեցիք,— հարցրեց նա Ալին։
— Չե՞ս հիշում, ինչ է։
— Խոզապուխտով ձվածեղ։
— Ճիշտ որ խելահաս տղա է,— ասաց Մաքսը, կռացավ ու վերցրեց ափսեն։
Նրանք ուտում էին ձեռնոցները ձեռքերին։ Ջորջը նայում էր նրանց։
— Ի՞նչ ես աչքերդ չռել,— հարցրեց Մաքսը։
— Հենց այնպես։
— Գրողը տանի, աչքերդ չռած ինձ էիր նայում։
— Միգուցե տղան հենց այնպես… կատակի համա…— ասաց Ալը։
Ջորջը ծիծաղեց։
— Դու չպետք է ծիծաղես,— ասաց Ալը։— Դու ամենեւին էլ չպետք է ծիծաղես, հասկանո՞ւմ ես։
— Լավ,— պատասխանեց Ջորջը։
— Լսո՞ւմ ես, Ալ։ Նա համաձայն է, դա լավ նշան է,— ասաց Մաքսը Ալին։
— Նրա գլուխն աշխատում է,— ասաց Ալը։ Նրանք շարունակեցին ուտել։
— Ի՞նչ է այդ երկրորդ տղայի անունը,— հարցրեց Ալը Մաքսին։
— Էյ, խելահաս տղա,— դիմեց Մաքսը Նիքին։— Դե, ընկերոջդ մոտ, վաճառասեղանի ետեւն անցիր։
— Ի՞նչ կա,— հարցրեց Նիքը։
— Ոչինչ։
— Դե, դե, շրջվիր,— ասաց Ալը։
Նիքը անցավ վաճառասեղանի ետեւը։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Ջորջը։
— Քո գործը չէ,— ասաց Ալը։— Ո՞վ կա խոհանոցում։
— Նեգրը։
— Ինչպես թե՝ նեգրը։
— Նեգր խոհարարը։
— Կանչիր այստեղ։
— ի՞նչ է պատահել։
— Կանչիր այստեղ։
— Որտե՞ղ եք գտնվում։
— Մենք լավ գիտենք, թե որտեղ։ Ի՞նչ է, հիմարի տե՞սք ունենք,— ասաց Մաքսը։
— Քո վերաբերմունքից այդպես է երեւում,— ասաց նրան Ալը։— Գրողը տանի, ինչ ես վիճում այդ փոքրիկի հետ։ Լսիր,— ասաց նա Ջորջին,— կանչիր այդ նեգրին։
— Ի՞նչ եք ուզում անել։
— Ոչինչ։ Խելքի արի, այ տղա։ Մենք ի՞նչ պիտի անենք նրան։
Ջորջը բացեց խոհանոցի դռնակը։
— Սեմ, մի րոպեով այստեղ արի։
Խոհանոցի դուռը բացվեց եւ Սեմը ներս մտավ։
— Ի՞նչ կա։
Վաճառասեղանի մոտ նստած երկու անծանոթները նայեցին նրան։
— Դե, նեգր, կանգնիր հենց այստեղ,— ասաց Ալը։
Նեգր խոհարարը գոգնոցը հագին կանգնել նայում էր վաճառասեղանի մոտ նստած երկու անծանոթներին։
— Լսում եմ, սըր,— ասաց նա։
Ալը իջավ աթոռից։
— Նեգրի եւ այս տղայի հետ գնում եմ խոհանոց,— ասաց նա։— Խոհանոց գնա, նեգր, դու էլ, խելահաս տղա։
Եվ նա Նիքի ու խոհարարի հետ գնաց խոհանոց։ Դուռը փակվեց նրանց ետեւից։ Մաքսը մնաց վաճառասեղանի մոտ՝ Ջորջի դիմաց։ Նա Ջորջին չէր նայում, այլ՝ վաճառասեղանի ետեւի պատի հայելուն։ Նախկինում այդ սենյակը սալոն էր եղել։
— Դե, խելահաս տղա,— ասաց Մաքսը, նայելով հայելու մեջ,— ինչո՞ւ ես լռում։
— Ի՞նչ է նշանակում այս ամենը։
— Հեյ, Ալ,— ձայն տվեց Մաքսը,— նա ցանկանում է իմանալ, թե ինչ է նշանակում այս ամենը։
— Ինչո՞ւ նրան չես բացատրում,— լսվեց Ալի ձայնը խոհանոցից։
— Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է նշանակում այս ամենը։
— Չգիտեմ։
— Համենայնդեպս։
Ամբողջ խոսակցության ընթացքում Մաքսը նայում էր հայելու մեջ։
— Չեմ կարող ասել։
Հեյ, Ալ, նա չի կարողանում ասել, թե այս ամենը ինչ է նշանակում։
— Մի գոռա, ես լավ եմ լսում,— ձայն տվեց Ալը խոհանոցից։ Նա բացել էր այն դռնակը, որով փոխանցում էին ճաշատեսակները եւ տոմատի շիշը հենել նրա տակ։
— Հեյ, լսիր,— դիմեց նա Ջորջին,— մի քիչ աջ շարժվիր։ Մաքս, դու էլ մի քիչ ձախ թեքվիր։
Նա նրանց կանգնեցրեց այնպես, ինչպես լուսանկարիչը՝ նկարելուց առաջ։
— Դե, խելահաս տղա, ի՞նչ ես կարծում, մենք ի՞նչ ենք ուզում անել։
Ջորջը ոչինչ չպատասխանեց։
— Որ այդպես է, ես կասեմ,— ասաց Մաքսը։— Ուզում ենք սպանել մի շվեդի։ Ճանաչո՞ւմ ես Օլե Անդերսոն անունով մի բարձրահասակ շվեդի։
— Այո։
— Նա ամեն երեկո գալիս է այստեղ ճաշելու, ճիշտ չէ՞։
— Երբեմն գալիս է։
— Նա գալիս է ուղիղ ժամը վեցին։
— Եթե ընդհանրապես գալիս է։
— Մենք գիտենք այդ բոլորը,— ասաց Մաքսը,— խոսենք ուրիշ բանի մասին։ Կինո գնո՞ւմ ես։
— Երբեմն։
— Դու ավելի շատ պետք է կինո գնաս։ Այն հենց քեզ նմանների համար է։
— Ինչո՞ւ եք ուզում սպանել Օլե Անդերսոնին։ Ձեզ ի՞նչ է արել։
— Նա մեզ ոչինչ չէր կարող անել։ Նույնիսկ մեզ չի տեսել։
— Եվ կտեսնի միայն մեկ անգամ,— ասաց Ալը խոհանոցից։
— Ուրեմն ինչո՞ւ եք ուզում սպանել նրան,— հարցրեց Ջորջը։
— Մի ընկեր է խնդրել։ Պարզապես ընկերական ծառայություն, հասկանո՞ւմ ես։
— Լռիր,— ասաց Ալը խոհանոցից,— գրողը տանի, շատ ես խոսում։
— Դե, խոսակցիս մի քիչ զվարճացնում են։ Ճիշտ չէ՞, խելահաս տղա։
— Գրողը տանի, դու չափից ավելի ես խոսում,— կրկնեց Ալը։— Այստեղ նեգրն ու այս տղան իրենք են զվարճանում։ Իրար կապված պառկել են կողք֊կողքի, ինչպես մենաստանի երկու սանուհի։
— Իսկ դու եղե՞լ ես մենաստանում։
— Ո՞վ գիտե։
— Խեդերում[2] ես եղել, գիտեմ։
Ջորջը նայեց պատի ժամացույցին։
— Եթե որեւէ մեկը ներս մտնի, ասա, որ խոհարարը տեղում չէ, եթե չհեռանա, գնա եւ ինքդ պատրաստիր ամեն ինչ։ Հասկացա՞ր։
— Շատ լավ,— ասաց Ջորջը,— իսկ հետո ի՞նչ եք անելու մեզ։
— Կտեսնենք,— ասաց Մաքսը,— դա այնպիսի բան է, որ ժամանակից շուտ չես իմանա։
Ջորջը կրկին նայեց պատի ժամացույցին։ Վեցն անց էր տասնհինգ րոպե։
Փողոցի դուռը բացվեց եւ ներս մտավ մի վարորդ։
— Հելլո, Ջորջ, կարո՞ղ եմ ճաշել։
— Սեմը տեղում չէ, կվերադառնա կես ժամ հետո,— ասաց Ջորջը։
— Ավելի լավ է՝ գնամ մի ուրիշ տեղ,— ասաց վարորդը։
Ջորջը նայեց պատի ժամացույցին։ Վեցն անց էր քսան րոպե։
— Լավ էր, խելահաս տղա,— ասաց Մաքսը,— դու ճշտապահ, փոքրիկ ջենտլմեն ես։
— Նա լավ գիտի, որ գլուխը կցրեի,— ասաց Ալը խոհանոցից։
— Ոչ,— ասաց Մաքսը,— այդ չէ պատճառը, նա լավ տղա է։ Նա ինձ դուր է գալիս։
Յոթից հինգ պակաս Ջորջն ասաց․
— Նա չի գա։
Այդ ամբողջ ժամանակամիջոցում նախաճաշարան մտան եւս երկու մարդ։ Նրանցից մեկը տուն տանելու համար սանդվիչ պատվիրեց։ Եվ Ջորջը գնաց խոհանոց՝ խոզապուխտով ու ձվով սանդվիչ պատրաստելու։ Այնտեղ տեսավ Ալին՝ դերբի գլխարկը ետ թեքած, նստած խոհանոցի դռնակի մոտ, փողը կտրված հրացանը հենած դռնակի գոգին։ Նիքն ու խոհարարը պառկած էին մեջք֊մեջքի կապված, բերանները սրբիչ խցկված։ Ջորջը պատրաստեց սանդվիչը, փաթաթեց յուղաթղթով, դրեց փաթեթի մեջ եւ վերադառնալով տվեց հաճախորդին։ Վերջինս վճարեց ու հեռացավ։
— Իրոք որ խելահաս տղա ես,— ասաց Մաքսը,— ամեն ինչ կարող ես անել․ եփել, թխել, ամեն ինչ։ Երեւում է, կինդ տնարար ամուսին է ունենալու։
— Հնարավոր է,— ասաց Ջորջը։— Իսկ ձեր բարեկամ Օլե Անդերսոնը երեւում է՝ չի գալու։
— Մենք նրան կտանք եւս տասը րոպե ժամանակ,— ասաց Մաքսը։
Նա նայեց ժամացույցին, հետո՝ հայելուն։ Ժամացույցի սլաքը ցույց էր տալիս ժամը յոթը, հետո՝ յոթն անց հինգ։
— Գնանք, Ալ,— ասաց Մաքսը,— երեւում է՝ չի գալու։
— Հինգ րոպե էլ սպասենք,— ասաց Ալը խոհանոցից։
Հինգ րոպե անց ներս մտավ մի մարդ, եւ Ջորջը նրան ասաց, որ խոհարարը հիվանդ է։
— Գրողը տանի, ինչո՞ւ ուրիշ խոհարար չեք վարձում,— զայրացավ հաճախորդը։— Վերժապես, ինչո՞ւ եք պահում ճաշարանը։
Նա դուրս եկավ։
— Գնանք, Ալ,— ասաց Մաքսը։
— Ի՞նչ անենք այս երկու տղաներին ու նեգրին։
— Ոչինչ, թող նրանց։
— Կարծո՞ւմ ես։
— Իհարկե, այստեղ այլեւս անելու ոչինչ չունենք։
— Այս ամենը դուր չի գալիս ինձ,— ասաց Ալը,— մաքուր չվերջացրինք։ Եվ դու էլ չափն անցար։
— Դատարկ բան,— ասաց Մաքսը,— մի քիչ զվարճացանք։
— Այնուամենայնիվ չափից ավելի խոսեցիր,— ասաց Ալը։ Նա դուրս եկավ խոհանոցից։ Շատ նեղ վերարկուն կոնքի մոտ թեթեւակի ուռել էր, զգացնել տալով նրա տակ գտնվող երկու փողը կտրված հրացանի գոյությունը։ Նա ուղղեց վերարկուն։
— Հաջողություն, խելահաս տղա,— ասաց նա Ջորջին,— բախտդ բերեց։
— Ճիշտ որ,— ասաց Մաքսը։
Նրանք դուրս եկան փողոց։ Ջորջը պատուհանից նայում էր, թե ինչպես նրանք անցան լապտերի մոտով եւ անհետացան փողոցի անկյունում։ Նեղ վերարկուներով, դերբի գլխարկները գլխներին նրանք նմանվում էին վոդեւիլ խաղացող դերասանների։ Ջորջը վերադարձավ խոհանոց եւ արձակեց Նիքին ու խոհարարին։
— Այլեւս տանել չեմ կարող,— ասաց Սեմը,— այլեւս տանել չեմ կարող։
Նիքը ոտքի ելավ։ Առաջին անգամն էր, որ սրբիչ էին խցկել նրա բերանը։
— Ինչ ես նվնվում,— Ջորջը աշխատում էր ձեւացնել, որ ամենեւին էլ չէր վախեցել։
— Նրանք ուզում էին սպանել Օլե Անդերսոնին,— ասաց Ջորջը։
— Ուզում էին խփել, երբ ճաշելու գար։
— Օլե Անդերսո՞ն։
— Այո, նրան։
Խոհարարը բթամատով սրբեց բերանի անկյունները։
— Գնացի՞ն,— հարցրեց նա։
— Այո,— ասաց Ջորջը,— գնացին։
— Այս ամենը դուր չի գալիս ինձ,— ասաց նեգրը,— դուր չի գալիս։
— Լսիր,— ասաց Ջորջը Նիքին,— գուցե Օլե Անդերսոնի մոտ գնայիր։
— Լավ։
— Գործ չունես,— ասաց Սեմը,— ավելի լավ է չխառնվես։
— Եթե չես ուզում, մի գնա,— ասաց Ջորջը։
— Լավ հոտ չի գալիս այս գործից,— ասաց խոհարարը,— ավելի լավ է հեռու մնաս։
— Կգնամ,— ասաց Նիքը։— Որտե՞ղ է ապրում։
— Դե արի ու էս երիտասարդներին խոսք հասկացրու,— փնթփնթաց Սեմը։
— Օլեն ապրում է Հիրխի տանը,— ասաց Ջորջը։
— Գնում եմ այնտեղ։
Դրսում, մերկ ծառերի ճյուղերի արանքից փայլում էր աղեղնալապտերը։ Նիքը գնաց տրամվայի գծի ուղղությամբ մինչեւ հաջորդ լապտերը եւ շրջվեց դեպի նրբանցք։ Նրբանցքի անկյունից՝ չորրորդ տանը գտնվում էին Հիրխի կահավորված սենյակները։ Նիքը երկու աստիճան վեր բարձրացավ ու զանգը տվեց։ Մի կին բացեց դուռը։
— Այստե՞ղ է ապրում Օլե Անդերսոնը։
— Նրան տեսնե՞լ եք ուզում։
— Այո։
Նիքը նրա ետեւից վերեւ բարձրացավ։ Կինը բախեց միջանցքի ծայրի դուռը։
— Ո՞վ է։
— Միստր Անդերսոն, ինչ֊որ մեկը ձեզ է հարցնում,— ասաց կինը։
— Ես եմ, Նիք Ադամսը։
— Ներս եկեք։
Նիքը հրեց դուռն ու ներս մտավ։ Օլե Անդերսոնը հագուստներով պառկած էր անկողնին։ Ժամանակին նա եղել էր ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Մահճակալը չափազանց կարճ էր նրա համար։ Օլեն պառկած էր՝ գլխատակին երկու բարձ դրած։ Նա չնայեց Նիքին։
— Ի՞նչ կա,— հարցրեց։
— Հենրիզ ճաշարանում էի,— ասաց Նիքը,— երկու անծանո եկան, կապեցին ինձ ու Սեմին եւ ասացին, որ ուզում են սպանել քեզ։
Նրա ասածը ասես կախված մնաց օդում։ Օլեն լուռ էր։
— Նրանք մեզ տարան խոհանոց,— շարունակեց Նիքը։— Ուզում էին սպանել քեզ, երբ ճաշելու գայիր։
Օլե Անդերսոնը լուռ նայում էր պատին։
— Ինձ Ջորջն ուղարկեց, քեզ զգուշացնելու։
— Միեւնույն է, ոչինչ չես կարող անել,— ասաց Օլե Անդերսոնը։
— Եթե ուզում ես, կարող եմ նկարագրել, թե ինչպիսին էին նրանք։
— Չեմ ուզում իմանալ, թե ինչպիսին էին նրանք,— ասաց Օլե Անդերսոնը՝ շարունակ պատին նայելով։— Շնորհակալություն, որ զգուշացրիք։
— Խնդրեմ։
Նիքը նայում էր մահճակալին պառկած բարձրահասակ մարդուն։
— Ուզո՞ւմ եք գնամ ոստիկանատուն։
— Ոչ, անօգուտ է,— ասաց Օլե Անդերսոնը։
— Որեւէ բանով կարո՞ղ եմ օգնել ձեզ։
— Ոչ։
— Գուցե կատակ է այս ամենը։
— Ոչ, կատակ չէ։
Օլե Անդերսոնը շուռ եկավ կողքի։
— Դժբախտությունն այն է,— ասաց նա՝ պատին նայելով,— որ ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել եւ դուրս գալ այստեղից։ Ամբողջ օրը տանն եմ մնացել։
— Գուցե հեռանայիք քաղաքից։
— Ոչ,— ասաց Օլե Անդերսոնը,— արդեն ձանձրացել եմ նրանցից փախչելուց։
Նա շարունակ պատին էր նայում։
— Այժմ արդեն ոչինչ չես կարող անել։
— Իսկ հնարավոր չէ՞ որեւէ կերպ կարգավորել այս գործը։
— Ոչ։— Նա խոսում էր նույն անկյանք ձայնով։— Այժմ արդեն ուշ է, ոչինչ չես կարող անել։ Մի քիչ պառկեմ, գուցե որոշեմ դուրս գալ։
— Որ այդպես է, վերադառնամ Ջորջի մոտ,— ասաց Նիքը։
— Հաջողություն,— ասաց Օլե Անդերսոնը։ Նա չնայեց Նիքի կողմը։— Շնորհակալություն, որ եկար։
Նիքը դուրս եկավ։ Դուռը ծածկելիս նա տեսավ Օլե Անդերսոնին՝ հագուստներով պառկած մահճակալին, դեմքով՝ դեպի պատը։
— Նա ամբողջ օրը տնից դուրս չի եկել,— ասաց կինը ներքեւում։— Միգուցե լավ չի՞ զգում իրեն։ Ես նրան ասացի․ «Միստր Անդերսոն, այսօրվա պես գեղեցիկ մի օր դուք պետք է դուրս գայիք զբոսնելու», բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց։
— Նա տնից դուրս գալ չի ուզում։
— Շատ եմ ցավում, որ վատ է զգում իրեն։ Հիանալի տղա է։ Գիտեք, նա բռնցքամարտիկ է եղել,— ասաց կինը։
— Գիտեմ։
— Դեմքից էլ կարելի է գուշակել,— ասաց կինը։ Նրանք խոսում էին դռան մոտ կանգնած։— Նա շատ սիրալիր է։
— Դե, բարի գիշեր, միսս Հիրշ,— ասաց Նիքը։
— Միսս Հիրշը ես չեմ,— ասաց կինը։— Նա տանտիրուհին է։ Ես պարզապես ծառայում եմ նրա մոտ։ Ես միսս Բելլն եմ։
— Բարի գիշեր, միսս Բելլ,— ասաց Նիքը։ Նա մութ նրբանցքով քայլեց մինչեւ անկյունի լապտերը, հետո տրամվայի գծի ուղղությամբ գնաց նախաճաշարան։ Ջորջը ներսում էր, վաճառասեղանի ետեւում։
— Օլեին տեսա՞ր։
— Տեսա,— ասաց Նիքը,— իր սենյակում էր։ Չի ուզում դուրս գալ։
Խոհարարը, լսելով Նիքի ձայնը, բացեց խոհանոցի դուռը։
— Այդ մասին լսել անգամ չեմ ուզում,— ասաց նա եւ փակեց դուռը։
— Ամեն ինչ պատմեցի՞ր նրան,— հարցրեց Ջորջը։
— Իհարկե, պատմեցի։ Նա ինքն էլ տեղյակ է այս ամենին։
— Ի՞նչ է մտադիր անել։
— Ոչինչ։
— Նրանք կսպանեն նրան։
— Այո, կսպանեն։
— Երեւի Չիկագոյում ինչ֊որ բանի է խառնվել։
— Ինձ էլ է թվում։
— Սարսափելի է։
— Սարսափելի,— արձանագրեց Նիքը։
Լռեցին։ Ջորջը կռացավ եւ մի սրբիչ վերցնելով, սկսեց սրբել վաճառասեղանը։
— Ի՞նչ ես կարծում, ինչ արած կլինի,— հարցրեց Նիքը։
— Երեւի ինչ֊որ պայման չի կատարել։ Դրա համար նրանք սպանում են։
— Հեռանալու եմ այս քաղաքից,— ասաց Նիքը։
— Ճիշտ որ,— ասաց Ջորջը։— Լավ կլինի, որ մարդ հեռանա այստեղից։
— Գլխիցս դուրս չի գալիս այն միտքը, որ նա տանը նստած իր վերջին է սպասում։ Սոսկալի է։
— Իսկ դու մի մտածիր այդ մասին,— ասաց Ջորջը։