Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
— Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,— ժպտաց Լեգոլասը,— մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:
— Դու ոչինչ չես հասկանում,— նեղացավ Ջիմլին: — Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ-այնտեղ՝ երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր պոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես միայն նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, և իսկ խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր: Եվ և կվերադառնար միայն այն ժամանակ, երբ մենք ցանկանայինք հանգստանալ, միայն այդ ժամանակ թույլ կտայինք վերադառնալ...
— Դու ինձ զարմացրիր, Ջիմլի,— խոստովանեց Լեգոլասը: — Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես: