«Անցյալից»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անցյալից |հեղինակ =Լեո |թարգմանիչ = |աղբյուր = [http://nor-ej.blogspot.com] }} {{Անավարտ}}...»:)
(Տարբերություն չկա)

10:26, 5 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Անցյալից

հեղինակ՝ Լեո
աղբյուր՝ [1]


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Ներածություն

Երկու խոսք

Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։

Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարևոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց և ինչպես էր, որ այդ հարցի հետևանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը և իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան[9] աշխարհագրական անունը։

Ես, ուրեմն, պիտի պատմեմ մեծագույնն այն աղետներից, որոնք երբևիցե վիճակվել են հայ ժողովրդին։

Հայոց հարցը, եթե ոչ ամբողջովին, գոնե իր ամենախոշոր մասով այն սերնդի գործն էր, որին պատկանում եմ և ես։ Վերջին տարիներիս, երբ նա խորտակվում էր այնքան ահռելիորեն, ես շատ անգամ էի լսում իմ սերնդակիցներից.

― Երանի՜ նրանց, որոնք մեռան միամտության մեջ, հավատալով, թե Հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար… Ինչո՞ւ ես էլ չմեռա, որ չտեսնեի այս օրը…

― Հեր օրհնված,- մտածում էի ես,- մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սև չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի[10] որկորը 1914 թվականից սկսած։

Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես և անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է և սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է և մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ՝ հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։

Ահա՛, ես էլ, իբրև մի անհատ, ուզում եմ իմ պարտքը կատարել։

Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր որպիսությունն այն ժամանակ, երբ մենք էինք տերն ու տնօրենը, երբ մենք դրություններ և հոսանքներ էինք ստեղծում և կյանքը մեր մտապատկերներին, մեր կառուցվածքներին ենթարկում։ Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր արատներն ու առաքինությունները, մեր «Այո»-ն և «Ոչ»-ը, մեր սխալները, մեր ոճիրները։

Համեցե՛ք։

Ես կտամ ձեզ, բայց ոչ իբրև այն օրերի մարդ, որովհետև այն օրերը միայն պատրանքներ էին տալիս, միայն անորոշություններ էին ներկայացնում, այլ իբրև այսօր ապրող մարդ, որովհետև այսօր ամեն ինչ պարզ է, սոսկալի կերպով պարզ։

Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար և հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին և քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։

Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ՝ դրանք այլևս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ[11]։

Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախևառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետև այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…

Անխնա լինենք նախևառաջ դեպի մեզ։

Խնդրում եմ ընթերցողին, որ այնպես չկարծի, իբր թե ես ինձ առանձին դիրք եմ տալիս իմ ժամանակակիցների մեջ, իբր թե՝ չսխալված, իբր թե՝ միակ խելոք և հեռուները, ապագան տեսնող։ Ո՛չ և ո՛չ։ Եթե շարժումների մեջ գործուն դեր չեմ կատարել, այդ չի նշանակում, թե ես միշտ առանձին կարծիքի և հայացքի եմ եղել։ Ամենևին։ Ընդհանրապես, մտածողության եղանակը մի է եղել ամբողջ մեր սերնդի։ Հարյուրավոր գրվածքներ ունեմ, որոնք տպված են։ Հրաժարվել նրանցից չէ կարելի։ Եվ ինչ օգուտ կլինի հրաժարվելուց։ Ավելի բարեխիղճ, ավելի ազնիվ գործ չի՞ լինի, եթե մենք բաց ու անկեղծորեն ցույց տանք մեր արածները։ Այդ արածներն անհատներինը չեն, այլ ժամանակինը, սերնդինը։

Մենք միայն հաշիվ ենք տալիս։

Ազնվությամբ կատարենք մեր հաշվետվությունը։ Մնացածը մեր գործը չէ։

Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը։

1924 թ., մայիս

Ներածություն

Ա

Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչև այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։

Ի՞նչ էինք։

Իմ ծննդավայրը՝ Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով՝ նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից[12]։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար և չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։

Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչև, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրև միակ ուժը և շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր և հոգեկան պահանջները։ Հիշում եմ՝ ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց և միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին և ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները։ Նրա առջևից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ ետևից հետևում էր, երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը՝ Իշխան անունով։ Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու և իր տպավորություններն այդ օրվա և հետևյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։

Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի և արհեստավորի տանը։ Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արևի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ և հակաճառություններ, անգամ կուսակցություններ, բայց այդ բոլորը՝ տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ։ Գավառական ճահճի բորբոսնած մակերևույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երևան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները։ Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի[13], շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ հայ-քրիստոնյա։ Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին՝ տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձևացնելով և, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։

Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։

Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, և իրենք՝ զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։

Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ և իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել և «Тифлисский вестник»[14] լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին և գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։

Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգևորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան[15]։ Եվ նա դառնում էր նաև մեր՝ Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։

Որոտացին թնդանոթները Արփաչայի[16] և Դունայի[17] ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի և ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, և ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը»[18], «Էն օրհնած Գլադստոնը»[19], «էն գազան սուլթանը» և այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ՝ Տեր-Ղուկասով[20], Լոռիս-Մելիքով[21], Լազարև[22], Շելկովնիկով[23]։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին և այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք՝ շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլևս Վանջի չէ, այլ Լազարև՝ Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։

Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։

Այսքան խոշոր էր ռուս-թուրքական պատերազմի գործած հեղաշրջումը։ Հասարակական դաստիարակության մեջ կատարվում էր բեկում։ Եվ այնքան ուժեղ էր ժամանակի կատարած այդ փոփոխությունը, որ մենք՝ պատանի ժամանակակիցներս անգամ, տեսնում ու զգում էինք այն։

Բ

Վերջին դասարանում էի, երբ միմյանց հաջորդել սկսեցին ռուսական մեծադղորդ հաղթությունները։ Մուխթար-փաշան ջարդվեց՝ Ալաջայի վրա կորցնելով իր զորքը. վերցվեցին Կարսը, Պլևնան[24]։ Ռուսական բանակը հասավ Ադրիանուպոլսին, և ջախջախված Թուրքիան հաշտություն խնդրեց։ Հրճվանք էր ամեն տեղ։ Ժողովրդական երգը փառաբանում էր ռուս գեներալներին, ամենատգեղ խոսքերով վատաբանում պարտված փաշաներին։ Սան Ստեֆանոյի[25] դաշնագիրը գրեթե աննկատ մնաց։

Բայց ահա 1878թ. մայիս ամսումն ենք։ Քննությունների ժամանակ է, ընկերներիցս մեկը բաժանորդ է գրվել «Մշակին»[26] և ինձ տալիս է կարդալու Րաֆֆու «Ջալալեդդինը»։ Կարդում ենք ընկերներով, հափշտակվում ենք, հուզվում։ Ի՞նչ է այս։

― Իրականությու՛ն,- պատասխանում են մեզ,- այսպիսի Թուրքահայաստան կա, այսպիսի հայ ժողովուրդ կա։ Ճար գտնված է այդ անբախտ ժողովրդի համար,- ասում են մեզ,- և այդ ճարը Սան Ստեֆանոն է՝ իր 16-րդ հոդվածով, որ դառնում է ազգային փրկության, փառք ու պարծանքի մի կոթող։

Նա թողնում է հայ իրականության վրա անջնջելի, խոր ազդեցություն, նա մի ամբողջ դարագլուխ է դառնում կյանքի մեջ։ Հայոց հարցը դրված էր պաշտոնական հողի վրա։ Թուրքահայն այլևս անտեր չէ։

Այսօր 47 տարի է անցել այն օրից, երբ ստորագրվեց 16-րդ հոդվածը։ Մի մեծ արյունոտ պատմություն է մեզ բաժանում այդ օրից։ Եվ երբ այսօր հետ ենք դարձնում մեր հայացքը՝ իմանալու համար, թե իսկապես ի՞նչ էր նա՝ այդ 16-րդ հոդվածը, որ միանգամից սրբություն սրբոց էր դառնում մի ամբողջ ժողովրդի համար, մեր առջև բացվում է այսպիսի մի պատկեր։ Հայերը խնդրում են հաղթական ռուսներից, որ նրանք շնորհ անեն իրենց, կարգադրեն նաև իրենց քաղաքական ճակատագիրը, ինչպես կարգադրում են բուլղարների և այլ քրիստոնյա ազգությունների ճակատագիրը։ Ու ռուսները թեև հաղթել են թուրքերին, բայց սաստիկ ճնշված են եվրոպական պետությունների կողմից, որոնք չեն թողնում նրանց լայնապես օգտվել իրենց հաղթության պտուղներից։

Ռուսներին հաջողվում է միայն Կարսը, Արդահանը, Բաթումը և Հին Բայազետն առնել թուրքերի ձեռքից, բայց նրանց ցանկալի է ամբողջ թուրքական Հայաստանն ունենալ իրենց ձեռքի մեջ։ Եվ այս ձգտումը նրանք փորձում են իրագործել հայերի միջոցով։ Խաղը դիվանագիտական խիստ նուրբ կերպարանք ուներ։ Նրանք պարտավորեցնում են թուրքերին «տեղական պետքերի պահանջած բարենորոգումներ մտցնել հայաբնակ նահանգներում և պաշտպանել հայերին քրդերից և չերքեզներից»։ Այս պահանջը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռուսաց զորքերի հեռանալն իրենց ժամանակավորապես գրաված վայրերից՝ կարող է անկարգություններ առաջացնել նույն այդ տեղերի հայերի և քրդերի, չերքեզների միջև։ Այսպիսով ստացվում էր, որ ռուսական զորքերը գրաված պիտի պահեն Հայաստանը մինչև բարենորոգումների իրագործումը։

Այս մի իրական երաշխիք էր 16-րդ հոդվածի իրագործման համար, բայց այստեղ հայերը, հազիվհազ մի փոքր իրավունք ստացած, զոհ գնացին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ հակումներին։ Ռուսաստանին թույլ չտալու համար, որ նա գրաված պահի այն երկր[մաս]ները, որոնք պիտի վերադարձվեին Թուրքիային, առաջ եկավ Անգլիան և հենց այդ րոպեից հանդիսացավ հայ ժողովրդի ոխերիմ թշնամի։ Նա սկսեց մարտնչել 16-րդ հոդվածի այն մասի դեմ, որ վերաբերվում էր ռուսական զորքերին. այսինքն այն հանգամանքի դեմ, որ հոդվածի իրագործման երաշխավորությունն էր ներկայանում։ Այնուհետև ի՞նչ էր մնում մեջտեղ. անորոշ ու շատ բացատրություններ վերցնող խոսքեր, տեղական կարիքների պահանջած բարենորոգումներ։ Ո՞վ պիտի բացահայտեր այդ կարիքների չափն ու բնույթը, ո՞վ պիտի լիներ բարենորոգումների պահանջատերը, և ի՞նչ միջոցներով, ի՞նչ ժամանակի մեջ պիտի գործադրվեին դրանք։ Ահա՛ թե որքան խեղճ ու աննշան բան էր 16-րդ հոդվածի տվածը։

Կ.Պոլսի հայերն այդպես էլ հասկացան դրությունը։ Ուստիև ջանքեր գործ դրին, որ կարողանան օգտվել նոր հանգամանքից, որ ստեղծվում էր քաղաքական մրցությունների հետևանքով։ Անգլիան, միացած մյուս պետությունների հետ, կարողացավ հարկադրել ռուսաց ցարին, որ նա եվրոպական կոնգրեսի վերաքննությանը ենթարկի Սան Ստեֆանոյի դաշնագիրը։ Հայերն աշխատում էին, որ այս վերաքննության ժամանակ 16-րդ հոդվածը ստանա ավելի պարզորոշ և դրական բովանդակություն։ Նրանք պահանջում էին, որ Թուրքահայաստանին տրվի ինքնավարություն, որի ծրագիրն աղերսագրերով ներկայացրին մեծ պետություններին։ Բայց այս քայլը ոչինչ արդյունք չունեցավ։ Աղերսարկուներին բարեհաճ ժպիտներ ցույց տվին. իսկ երբ բացվեց Բեռլինի կոնգրեսը[27], հայ պատվիրակները ներս չընդունվեցին, նրանց տված թղթերը չկարդացվեցին։ Բեռլին գնացած ազգային պատվիրակներից մեկը՝ Ստեփան Փափազյանը, թողել է մի օրագրական հիշատակարան, որ տպվեց Փարիզի «Անահիտ» ամսագրի մեջ և ցույց է տալիս, թե որքան ողորմելի կացության մեջ էր գտնվում ազգային պատվիրակությունը՝ լքված, անօգնական։ Նա գնացել էր փշրանքներ մուրալու իմպերիալիստական գայլերի խնջույքից, ուր ամեն մեկն աշխատում էր՝ որքան կարելի է շատ բան խլել Թուրքիայի մարմնից՝ իր սեփական օգտի համար։ Հայերը կարծում էին, թե հանուն մարդասիրության աղաչանք լսեցնել կտան այդ գայլերին։

Այսքան խեղճ ու միամիտ էին առաջին անգամ քաղաքականության ասպարեզում գործել սկսած հայերը։ Նրանք գուցե և շատ բան գիտեին, բայց երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ։ Օրինակը բացարձակ և պարզ էր։ Բեռլինի կոնգրեսը, հեռացնելով իրենից մի ամբողջ տառապող ժողովրդի կյանքի և մահվան խնդիրը, իր սրտին մոտ էր առնում Թուրքիայի առաջարկությունը (որ նույնիսկ չէր բխում Սան Ստեֆանոյի դաշնագրից) և կարգադրում էր պարտքերի հատուցման գործը՝ Կ.Պոլսում մի հատուկ միջազգային ֆինանսական հիմնարկություն հաստատելով։ Իսկ հայ պատվիրակներին, ինչպես վկայում է Փափազյանը, մնում էր լոկ մի ելք՝ աղաչել Աստծուն, որ Սոլսբերիի[28], Գորչակովի[29] և սրանց նման մարդկանց ներշնչի՝ ընդունել պատվիրակության թղթերի մեջ գրածը։

Այդպիսի հրաշք, իհարկե, չկատարվեց։

Անգլիան Բեռլին էր եկել Ռուսաստանին ջախջախելու համար և միանգամայն հասավ իր նպատակին։ Նա գաղտնի դաշնագիր[30] էր կապել Թուրքիայի հետ և հափշտակեց նրանից Կիպրոս կղզին՝ փոխարենը խոստանալով բարենորոգումներ մտցնել ասիական Թուրքիայի բոլոր նահանգներում, անխտիր ամբողջ ազգաբնակչության համար։ Խոստում, որ պարզ խաբեբայություն էր՝ հայկական բարենորոգումները ռուսական հովանավորությունից խլելու համար։ Ռուսաստանի հետ այս կետում հաշտվելու միայն մի պայման էր առաջադրվում. այն, որ ռուսաց կառավարությունը Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից հանի ռուսական զորքերի մասին եղած խոսքերը։ Ռուսներն անձնատուր եղան այս պահանջի մեջ էլ։ Այնուհետև նրանց համար այլևս ոչինչ հետաքրքրություն չէր ներկայացնում Հայոց հարցը, քանի որ այլևս անկարելի էր այն դարձնել Թուրքահայաստանը զինվորական գրավման մեջ պահելու միջոց։

Երբ կոնգրեսի պարապմունքների մեջ հերթը հասավ այդ օրվանից արդեն չարաբախտ 16-րդ հոդվածին, նրա ամբողջ վիճակը հանձնվեց անգլիական լիազորներին, [իսկ] ռուս պատվիրակները բավականացան մի երկու խոսքով. և Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը անգլիական խմբագրությամբ դարձավ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդված։ Սրա մեջ, իհարկե, ռուսական գրավման հնարավորություն բերող նշանախեց անգամ չմնաց։ Անփոփոխ էին թողնում «տեղական պետքերի» պահանջած ռեֆորմները, ինչպես նաև Թուրքիայի պարտավորությունը՝ պաշտպանելու հայերին քրդերից և չերքեզներից. այսինքն՝ նախկին անորոշությունը, ռեալ բովանդակություն չներկայացնող ֆրազները, ոչինչ իրական։ Ավելացվում էր այն, որ թուրք կառավարությունը պարտավոր է իր մշակած ռեֆորմների մասին պարբերաբար հաղորդել եվրոպական մեծ պետություններին, որոնք պիտի հսկեին դրանց գործադրման վրա։

Հայ պատվիրակությունը, կուշտ աղոթելուց հետո, 16-րդ հոդվածի այս կարկատանն էր իր հետ տանում Բեռլինից Կ.Պոլիս։

Գ

Սկզբում Կ.Պոլսի հայությունը զգաստ և խելահաս վերաբերմունք ցույց տվեց Բեռլինի դաշնագրի վերաբերմամբ։ Նա հիասթափված էր, զգում էր, որ Եվրոպան իսկապես ոչինչ չի տվել հայերին, բացի մի քանի անբովանդակ ֆրազներից։ Բայց այդ զգաստությունը չափազանց կարճատև եղավ։ Լրջմիտ հեռատեսության դեմ բարձրացավ անվերապահ լավատեսությունը։ Քաղաքական ծանր հարցը՝ մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը, ստանում էր արկածախնդրական, ռոմանտիկ գունավորումներ։ Ներսես պատրիարքը[31] և նրա կողմնակիցները բացատրում էին հասարակությանը, թե նա հուսահատվելու ոչ մի պատճառ չունի, թե հայ ժողովրդի դատը պաշտպանված է և լավ է պաշտպանված։

Այս փաստաբանության ամենացայտուն օրինակը տալիս է «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն»[32] բրոշյուրը, որ նույն այդ միջոցին Կ.Պոլսում հրատարակեց Բեռլին գնացած պատվիրակության քարտուղար Մինաս Չերազը[33]։ Ես հիշում եմ, թե որպիսի մանկական ոգևորությամբ էինք մենք կարդում այդ փոքրիկ տետրակն այն օրերին, երբ Հայոց հարցը դեռ խանձարուրի մեջ էր, երբ այդ գրությունն օրվա ամենախոշոր նորությունն էր։ Չերազն այդտեղ ամենափառավոր կերպով ապացուցում էր, որ մինչև Բեռլինի կոնգրեսը Հայոց հարցը գոյություն ուներ միայն երկու պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի մեջ, իսկ Բեռլինի կոնգրեսում այն դարձավ եվրոպական միջազգային հարց, և հայերին պաշտպանողն այսուհետև մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան։ Այս պատկերացումը թևավոր էր, գնաց նվաճելու բոլոր մտքերը, բազմելու ամեն մեկի բերանում։ Ուռճանում էր ազգային գոռոզությունը, հայ ժողովուրդը բարձրացնում էր իր գլուխը՝ ինչպես վայել էր ամբողջ Եվրոպայի խնամակալության և քնքուշ հոգսերի առարկա դարձած մի ժողովրդի։

Այսօր Մինաս Չերազի բրոշյուրը մի հուշարձան է քաղաքական անգրագիտության, համբակային միամտության և անուղղելի ռոմանտիզմի։ Իսկությունը, որ այն ժամանակ էլ չէր կարող անհայտ մնալ պայծառ ու հեռատես մտքերին, պիտի, ընդհակառակը, մեծ դժբախտություն համարեր, որ հայությունը գցվում է միջազգային հարաբերությունների այն խառնարանը[34], որի անունն էր Արևելյան հարց։

Հայտնի էր շատերին, որ հենց այս ժամանակ էլ՝ ռուս-թուրքական պատերազմի հետ միասին, եվրոպական քաղաքականության մեջ վերջանում էր մի շրջան, որի հետ շատ խառն էր ռոմանտիզմը։ Գլադստոնն Անգլիայում և Գորչակովը Ռուսաստանում այդ տիպի դիվանագետների վերջին ներկայացուցիչներն էին։ Նոր սերունդն արդեն միմիայն իրական շահերն էր ճանաչում իբրև տեր և հրամանատար ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ. բարոյական սկզբունքներ, արդարություն գոյություն չունեին նրա համար։ Եվրոպական կապիտալիզմն արդեն մտնում էր իր զարգացման այն շրջանի մեջ, որ կոչվում է իմպերիալիզմ։

Թուրքիան առաջվանից անհամեմատ ավելի մեծ չափերով էր դառնում այդ կապիտալիզմի հարստահարչական շահատակությունների ասպարեզ։ Մրցակցությունը կատաղի կերպարանք էր ստանում՝ կատարելապես անհնարին դարձնելով, որ մեծ կոչված պետությունների մեջ համաձայնություն կազմվի Թուրքիային վերաբերող որևէ հարցի մեջ միաբան գործելու համար։ Այս մրցությունների մեջ հայ ժողովուրդն իր դառը տանջանքներով դառնում էր առուծախի առարկա։ Եթե մեկը հայերի պաշտպան էր հանդիսանում սուլթանին վախեցնելու և նրանից շահավետ ձեռնարկություններ կորզելու համար, ապա մյուսը գնում էր սուլթանին պաշտպանելու՝ ընդդեմ այդ հայասեր դիմակավորված ախոյանի՝ իր այդ պաշտպանությունը հնչուն դրամի վերածելու համար։ Սկսած Սան Ստեֆանոյի դաշնագրի գոյության առաջին իսկ օրից՝ թուրքահայ ճորտ գյուղացիության հեծեծանքները, արյունն ու արտասուքներն առած Հայոց հարցը կանոնավոր չափով ու կշռով, հաշվապահության բոլոր կանոններով ծախվում էր եվրոպական արտաքին գործերի փառազարդ առանձնասենյակների լռիկ անկյուններում հանդարտ ու վճռականապես, ինչպես վայել էր սառնասիրտ վաճառականին։

Այս պարզ էր ամենքի համար։ Այս պարզ չէր միայն և միայն վաճառվողների համար։ Ստոր «սովդաքյարական» հաշիվներով ապրող Եվրոպան հայի համար դառնում էր մի ամբողջ մոլի պաշտամունք, մի աստվածություն, որին պետք էր հավատալ անպայման կուրությամբ, դառնում էր մի ֆետիշ, որ միայն կարող էր փրկել, ազատել, պահպանել։ Այսպես մնաց Եվրոպան ուղիղ քառասուն և հինգ տարի շարունակ և անընդհատ, մինչև որ հայի մեջ այլևս ո՛չ արյուն մնաց և ո՛չ արտասուք, որոնց կարելի լիներ ծախու հանել։ Սա մի զարհուրելի, մղձավանջային երևույթ է՝ այս համահայկական միջնադարյան կուրությունը, այս մոլեգնոտ եվրոպապաշտությունը։ Եվ այս համարվում էր (Բեռլինի կոնգրեսի օրերից) մի մեծ երջանկություն, մի նոր բախտ հայության համար։

Երբ Բեռլինում աղոթողի անճարությանը մատնված հայ պատվիրակները վերադարձան Կ.Պոլիս, սկսեցին իրենց անհաջողությունը բացատրել նրանով, որ հայերն արյուն չէին թափել, չէին ապստամբել, որ ներկայացել էին միջազգային ատյանին լոկ իբրև խնդրարկուներ, իբրև թուղթ մատուցանողներ, մինչդեռ աշխարհի կարգ է՝ ազգերն իրենց ազատությունը գնում են իրենց արյունով։ Այս միտքն էլ թևավոր էր և սկսեց տարածվել արագությամբ, ժողովրդականանալ։ Մանավանդ ռուսահայերն էին ուժգնությամբ փարում այս գաղափարին։ Եվ ահա՛, գտնվա՛ծ էր Հայոց հարցի լուծման միջոցը՝ Եվրոպա և ապստամբություն։ Միայն և միայն։ Մի դեղատոմս, որ ամենայն փութաջանությամբ գործադրվեց, մինչև որ Հայաստանում այլևս հայ չմնաց։

Շատ հետաքրքրական է իմանալ, թե իրենք՝ հայերն ինչ տեսակ էին հասկանում իրենց պարգևված «տեղական պետքերին համապատասխանող ռեֆորմներ» դարձվածքի իմաստը։ Եթե Աբդուլ-Համիդ[35] սուլթանը մի մարդախոշոշ գազան չլիներ, այլ կիրառեր շինարար և խաղաղարար մի սկզբունք, և եթե նա կարողանար իր վարչական մեքենան այնքան բարեկարգել ասիական նահանգներում, որ հայերը հանգիստ ու ապահով ապրելու շատ հնարավորություններ ստանային, արդյո՞ք այսքանով սպառված կլինեին «տեղական պետքերը»։ Ո՛չ։ Հայ ազգային գործիչների ցանկությունը տեղական համեստ պետքերից ավելի հեռուն էր գնում։

Ահա նույն Մինաս Չերազը 1879թ. հրատարակած իր «Հայաստան և Իտալիա» բրոշյուրի մեջ պատմում է, որ Հռոմում ինքը, իբրև հայ պատվիրակության քարտուղար, գնաց իտալական արտաքին գործերի մինիստր կոմս Կորտիին ներկայանալու, բայց ստիպված եղավ երկար սպասել նախասենյակում։ Այս սպասողական ձանձրույթը հենց այդտեղ՝ նախասենյակում, երիտասարդ և նորաթուխ հայ դիվանագետը փարատում է նրանով, թե մի օր էլ իտալական դեսպանը Հայաստանի արտաքին գործերի մինիստրի նախասենյակում այսքան երկար կնստի՝ սպասելով, թե երբ ինքը ներս կընդունվի։ Այս պարզապես ցույց է տալիս, թե հայերը սկզբից ևեթ՝ Սան Ստեֆանոյի օրերից, կարծում էին, թե իրենք այնքան շատ բան էին ստացել, որ կարող էին անկախ Հայաստան ստեղծել։

Հարցն իհարկե գաղափարը չէ, որ չի կարող մերժվել որևէ ճկուն և կեղեքվող ժողովրդի։ Հանցանք չէր, եթե հայն անկախություն երազեր այնպիսի մի ժամանակ, երբ նրա աչքի առջև կազմվում էր մի բուլղարական կիսանկախ իշխանություն, և մի շարք կիսանկախ պետություններ (Ռումինիա, Սերբիա) կատարյալ անկախություն էին ստանում։ Ամբողջ հարցն այն է, որ հայերը չէին կշռադատում իրենց ձեռքին եղած միջոցները, իրենց ժողովրդի կացությունը Հայաստանի խորքերում և իրենց ստացած խոստումների իսկական արժեքը։ Եվ ստեղծվում էր ողբերգական հակասություն. հայերի համար «տեղական պետքերը» առնվազն վարչական ինքնավարությունն էր, որի հետևում, անշուշտ, կանգնած էր անկախությունը, մինչդեռ թուրքերի համար այդ «պետքերն» ամենաշատը պիտի նշանակեին վարչական-ոստիկանական վերակազմություններ, որոնց անհրաժեշտությունը նրանք ընդունում էին, բայց ասում էին, թե փող չունեն այդպիսի ռեֆորմներ իրագործելու համար։

Դ

Պատերազմից հետո կյանքը Շուշի քաղաքում միանգամայն կերպարանափոխվում էր։ Մի արտասովոր կենդանություն և աշխուժություն էր մտնում։ Որքան էլ որ հեռու էր պատերազմական դաշտը, բայց քիչ չէր այն շուշեցիների թիվը, որոնք դրամ էին աշխատել՝ այս կամ այն կերպ մասնակից լինելով պատերազմի հետ կապված առևտրին։ Բայց միայն այդ չէր շուշեցու բարօրությունն ավելացնողը։ Կար ավելի ուժեղ ու հորդառատ աղբյուր՝ արդյունագործական Բաքուն, որ օր օրի վրա հռչակվում էր իր նավթային հարստություններով և շարունակ իրեն էր քաշում գավառներն ու առանձնապես Շուշիին։ Արդեն անուն էին հանել շատ շուշեցի դրամատերեր, և այս հանգամանքն ավելի էր սաստկացնում հոսանքն այդ քաղաքից դեպի Ապշերոնի նավթահորերը։ Միայն քաղաքը չէր այդպես հեղաշրջված. գյուղը բռնել էր իր քայքայման ճամփան և մարդկային հորձանքներ էր ուղարկում Բաքու։ Այդ զանգվածների մեծագույն մասն, իհարկե, սև աշխատանքի մեջ էր խրվում, դառնում բանվորություն։ Բայց քիչ չէին և այնպիսի անհատները, որոնք «մարդ էին դառնում», այսինքն՝ հարստություն էին ձեռք բերում, մանր խանութպաններից բարձրանում էին մինչև արդյունաբերող-կապիտալիստ «ապերների» պատվավոր դիրքը։

Այս արդյունաբերական շարժումները շարժում էին և Շուշիի ճահիճը։ Շռայլությունը, մեծամեծ կոչունքները, անընդհատ բացօթյա քեֆերը վկայում էին, որ այս քաղաքում կուտակումներ են գոյանում։ Երգն ու նվագածությունն ամեն կողմ էր. Շուշին ասիական երաժշտության ամենանշանավոր կենտրոնն էր դառնում։ Եվ այս հռչակը ստեղծողներն էին թե՛ հայերը և թե՛ թուրքերը, որոնց սերտ գործակցության մեջ միացնում էր արվեստը։

Ես չեմ կարող ասել, թե այսքանով էլ սպառվում էր իմ հայրենի քաղաքի վերակենդանությունը։ Հզոր թափով առաջ սլացող արդյունաբերությունը կատարելագործված հաղորդակցություն էր բերում, և երկաթուղին Թիֆլիսից դեպի Բաքու էր ձգվում։ Կուլտուրական զարթնումի, հասարակական բարձրացած տրամադրության մթնոլորտ էր ծավալվում Ռուսաստանում և Կովկասում։ Եվ ահա, մեր գավառական խուլ անկյունն էլ նույն այդ խոշոր շարժման մեջ էր մտցվում։ Գործունյա, առաջավոր երիտասարդություն էր խմբվել Շուշիում՝ գլխավորապես թեմական դպրոցի շուրջը։ Նոր ժամանակ էր սկսվել։ Ամենից առաջ այդ ժամանակը խոսում էր տեղական մի հատիկ տպարանի միջոցով։ Շուշիում առաջ էլ կար տպարան, բայց հրատարակվում էին Սաղմոս, ժամգրքեր, Ավետարան։ Իսկ ա՞յժմ։ [Այժմ] տպվում էին [Ջոն] Դրեպերի թարգմանությունը[36], Ալֆոնս Դոդեի, [Հենրիկ] Սենկևիչի հայրենասիրական վեպիկները։

Ինձ այդ տպարանում սրբագրողի պաշտոն տրվեց, և ես այդտեղ է, որ շփվեցի գործող երիտասարդության հետ։ Եվ մի օր իմ առջև է դրվում մի խոշոր հատորի սրբագրություն։ Դա Րաֆֆու «Խենթն» է, որ նոր է տպվել «Մշակի» մեջ և այժմ արտատպվում է առանձին գրքով։ Շատերն էին կարդացել «Մշակի» մեջ, չէինք կարդացել միայն շարող գրաշարը և ես՝ սրբագրողս։ Բայց շատ շատերը կան, որոնք մեր երկուսիս ետևից պիտի կարդան։ Զմայլված էինք. ո՛չ, ավելի ճիշտն ասեմ, կախարդված էինք երկուսս էլ։ Քանի-քանի անգամ կարդացի, վեց թե յոթն անգամ, և դարձյալ չէի կշտանում։ Գիրքը դուրս թողնվեց տպարանից և հալվեց, սպառվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Սա մի անսովոր հայերեն գիրք էր։ Երբեք և ոչ մի հայերեն գիրք այդպիսի համատարած չափերով, այդքան խոր կերպով դյութիչ ազդեցություն չէր գործել հայ մտքի վրա։ Ծնվում էր նոր շարժիչը՝ հայդուկային գրականությունը։

Այս դեռ վեպն էր։ Իսկ Գամառ-Քաթիպան[37] իր երգերո՞վ։ Շուշի եկավ Պետրոս Ադամյանը։ Ես բախտ եմ ունեցել տեսնելու նրա «Համլետը»։ Բայց կարող եմ վկայել, որ Համլետ-Ադամյանն այնպիսի տպավորություն չթողեց հանդիսականների վրա Համբարձում-աղայի թատրոնական դահլիճում, ինչպիսին թողեց մյուս օրը կլուբի դահլիճում, երբ դուրս եկավ երկար, սև սերթուկ հագած Ադամյանը և արտասանեց Գամառ-Քաթիպայի մի քանի ոտանավորները։ Մինչ այժմ էլ թվում է, թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները.

Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,
Եվ այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դնեմ,
Ստրուկ գնա՛ արյան դաշտը, վերադարձի՛ր ազատված…

Կամ թե՝

Հազիվ լըրացավ քսան և մեկ տարիս,
Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս…
Տվե՛ք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կը ծամեմ,
Մեջըս այդքան ուժ, ասեք՝ ի՞նչ անեմ…

Հայկական սնապարծությունը կամ, ինչպես ասում են երևանցիք, լոպպազությունը, լեռնացել էր Մասիսի չափ։ Գրիգոր Արծրունին[38]՝ հայ լիբերալիզմի փայլուն ներկայացուցիչը, ազգային շովինիզմը հասցրել էր կոչման աստիճանին։ Նա առաջարկում էր, որ հայերը կուլտուրապես ձուլեն իրենց հետ [տարածաշրջանի] մյուս բոլոր ազգություններին, մանավանդ թուրքերին և քրդերին։ Բոլոր ոչ հայ ազգություններին խորհուրդ էր տալիս դեն ձգել իրենց մայրենի լեզուն և ընդգրկել հայերենը, ինչպես ավելի բարձր կուլտուրական հատկություններ ունեցող մի լեզու. թուրքերին խորհուրդ էր տալիս թողնել արաբական անհարմար այբուբենը և գործածել հայերեն տառերը։ Թուրք լրագրերն աղմուկ էին բարձրացնում այս տեսակ հայտարարությունների դեմ՝ ասելով, թե հայերը բուլղարներից էլ վտանգավոր թշնամիներ են, որովհետև բուլղարները զենքով էին ապստամբում թուրքերի դեմ, իսկ հայերն առանց զենքի են գործում՝ աշխատելով զրկել թուրքերին ու քրդերին իրենց կրոնից ու լեզվից և այդպես կուլ տալ նրանց։

Հայդուկային գրականության հետ դեպի իրենց էին քաշում և այն դեպքերը, որոնք տեղի էին ունենում Թուրքահայաստանում։ 1880-ի ամռանը Վասպուրականում ընդհարում պատահեց հայ գյուղացիների և քրդերի միջև։ Հայերը քաջաբար դիմադրեցին քրդական հարձակմանը և կռվի մեջ 70 հոգի սպանեցին քրդերից։ Այս դեպքն անչափ ուռճացվեց «Մշակի» էջերում և ստացավ մի մեծ ապստամբական շարժման կերպարանք։ Հայերը որպես թե կռվում էին նեստորական ասորիների հետ միացած։ Իգդիրից ստացված մի հեռագիր հայտնում էր, թե ապստամբներն արդեն տիրացել են Վանի բերդին։ Մինչդեռ իրականության մեջ ոչ միայն այդպիսի բան չկար, այլ, ընդհակառակը, սկսվել էր չափազանց վտանգավոր մի քրդական շարժում, որ միացրել էր առանձին, նույնիսկ իրար թշնամի ցեղերին՝ միացյալ ուժերով ընդհանուր արշավանքներ վարելու համար։ Շարժումը դեռ բացորոշ հակահայկական կերպարանք չուներ, բայց թուրքաց կառավարությունն ամեն կերպ աշխատում էր, որ շարժումն ստանա այդտեսակ ուղղություն։

Այս շարժումների և մեծամեծ խմորումների միջոցին էր՝ 1880-ի ապրիլին, որ Անգլիայում պառլամենտական ընտրությունների ժամանակ հաղթություն տարավ ազատամիտների[39] կուսակցությունը, և Գլադստոնը կառավարության գլուխ անցավ։ Այս մի խոշոր հաղթանակ էր համարվում և հայերի համար։ Պահպանողական կուսակցությունը գործել էր իբրև հայերի ոխերիմ թշնամի՝ սկսած Սան Ստեֆանոյից, և հասցրել էր իր այդ վարմունքն այն աստիճանին, որ իր պաշտոնական հարաբերությունների մեջ ջնջել էր անգամ «Հայաստան» անունը և փոխարինել «Քուրդիստան»[40] անունով՝ ահագին հուզմունք և անբավականություն պատճառելով Կ.Պոլսի հայությանը։ Այժմ չկար այդ թուրքամոլ կուսակցությունը, այժմ Գլադստոնն էր՝ այդ «մարդասեր մեծ ծերունին», Անգլիայի ղեկավարը, և նրա գործողություններն առաջ ու առաջ Հայոց հարցի լուծմանն են նվիրվելու։

Եվ իրավ, ամռանը Գլադստոնը համաձայնություն է կայացնում մյուս մեծ պետությունների հետ, և Կ.Պոլսի վեց դեսպանները, ցույց տալով այն սկզբունքները, որոնց վրա հիմնված պիտի լինի այդ բարենորոգումը, հավաքական մի հուշագրով պահանջում են թուրքաց կառավարությունից անհապաղ իրագործել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքաց կառավարությունն իր սովորական եղանակով պատասխանեց այդ պահանջին՝ ձգձգումների եղանակով։ Տեղի ունեցան դիվանագիտական գրագրություններ, և ի վերջո սուլթանի կառավարությունը մերժեց մեծ պետությունների հավաքական պահանջը՝ իր համար հիմք բռնելով այն հանգամանքը, որ հայերն ասիական Թուրքիայի ոչ մի կողմում ազգաբնակչության մեծամասնություն չեն կազմում։ Այսքանով էլ վերջացավ Գլադստոնի միջամտությունը։ Եվ երևան եկավ դառն իրողությունը. այն, որ Անգլիան բարյացակամ, գրեթե հայասեր կուսակցության կառավարության ժամանակ էլ մնում էր նույն գիշատիչ, խորամանկ Ալբիոնը։

«Մեծ մարդասերն» իր այս կիսատ գործով ավելի մեծ վնաս էր հասցնում հայերին, քան նույնիսկ պահպանողական մինիստրությունն իր բացարձակ թուրքամոլությամբ, որովհետև Գլադստոնի քայլը թուրքերին սաստիկ գրգռում էր հայերի դեմ, իսկ վերջիններիս մեջ չափազանցրած ակնկալություններ արծարծում եվրոպական միջամտության նկատմամբ՝ այսպիսով ավելացնելով կռվելու և պահանջելու համառ վճռականությունը։ Այս պատճառաբանությունը, որով ամրապնդել էր թուրք կառավարությունն իր մերժողական պատասխանը, այն է՝ հայ ժողովրդի փոքրամասնություն կազմելը, դառնում էր այն մշտական և անխախտ կռվանը, որի վրա հենվելով՝ թուրքերը պիտի ազատություն սպասեին Հայոց հարցի պատճառած ցավից։ Պակասեցնել հայերի թիվը ոչ միայն թղթի վրա, այլև իրականության մեջ. սա դառնում էր մի քաղաքական սիստեմ, որ թուրք կառավարությունը ծրագրում էր իրագործել քրդերի ձեռքով։

Թուրքիան երկու ձեռքով բռնեց 1880-ին ծայր տված քրդական շարժումից։ Կ.Պոլսի թուրք մամուլը հրճվանքի մեջ էր. Եվրոպային սպառնում էր քրդական շարժումով։ Եվ բոլորովին հարկավոր չհամարելով որևէ գաղտնապահություն՝ բացարձակ կերպով հայտարարում էր, թե Թուրքիան 61-րդ հոդվածը կոչնչացնի քրդերի նիզակներով, թե հայերը պիտի լռեն, իրենց համար առանձին պահանջներ չպիտի անեն, ապա թե ոչ՝ նրանց դեմ կկանգնեցվի ամբողջ միացած քրդությունը։ Հայերն, իհարկե, կարդում էին թուրք կառավարության ներշնչումներով շաղախված այս ահավոր սպառնալիքները… Ոչ միայն կարդում էին, այլև հայ լրագրերը վիճում էին թուրք լրագրերի հետ։ Գոյություն ստացավ մի երկարատև և կրքոտ բանավեճ, որ այսօր էլ վկայում է, թե որքան միամիտ ու անպատրաստ էին հայերն այս վերին աստիճանի լուրջ կենսական հարցի մեջ։ Հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջնակարգ և վճռական դեր էր հատկացվում քրդերին։ Թուրք պաշտոնյաներն անդադար պրոպագանդա էին մղում նրանց մեջ՝ գրգռելով նրանց կատաղի ատելությունը հայերի դեմ։ Հայկական հարցը բացատրվում էր նրանց այն մտքով, թե հայերն ուզում են իրենց համար թագավորություն ստեղծել ու ստրկացնել քրդերին, թե այս վտանգից ազատվելու մի ճանապարհ միայն ունեն քրդերը՝ կոտորել հայերին։

Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը՝ իբրև գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ և էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։

Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միևնույն խղճուկ միջոցները՝ դիմում Եվրոպային և հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ[41] արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլևս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում՝ ընդդեմ հայերի։

Այս թուղթը՝ հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի»[42] մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ և անզեն հայությանը մինչև ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։

Հայ ղեկավարող մտավորականությունն, այսպիսով, չէր կարող արդարանալ անգիտությամբ։ Ամեն ինչ կատարվել էր օրը ցերեկով, բացահայտորեն, նրա աչքերի առջև։ Թուրք մամուլի սպառնալիքները հայտնվում էին իբրև կառավարական հաղթանակող ծրագիր։ Ոչինչ խրատ չէր վերցվում այս խոշոր հանգամանքից, որ ապագա էր ցույց տալիս, զգաստություն էր հրահանգում։

Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան։ Քուրդիստանի և Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի[43] ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր՝ ոգևորված թալանելու և կոտորելու կատարյալ ազատությամբ։ Իսկ նրանց դեմ հանդիման հյուսիսից ու արևելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ՝ հաճախ ոչ միայն առանց զենքի, այլև առանց մի կտոր հացի իրենց մախաղում։

Ովքեր էին դրանք։ «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե՝ հե՞ր չելաք ոտքի» արտասանողները և երգողները։ Վեպը և ոտանավորը խենթացնում էին մարդկանց, սար ու ձոր գցում։ Ամենից առաջ «Խենթը» շարող գրաշարն էր, որ ինձ խոստովանաբար ասաց, թե գնում է, և ուրիշ գնացողներ էլ կան։ Եվ իրավ, նա գնաց։ Ձմեռվա մի շատ ցուրտ գիշեր, ժամը 2-ին ես տուն էի գնում մի կոչունքից։ Շուկայի հրապարակում մեծ խարույկ էր վառված և նրա առջև իմ լավ ծանոթ գիշերապահն էր նստած՝ ձեռքին մի գիրք։ Մոտենում եմ, բարևում, նա հազիվ է կարողանում կտրվել գրքից և ինձ ասում է՝ ցույց տալով «Խենթը». «Ա՜յ գրիք… Երեք ժամ է՝ կարդում եմ, և այնքան հափշտակված եմ, որ չեմ կարողանում վեր կենալ, իմ շրջայցը կատարել, ո՜վ գիտե, գուցե արդեն գողերը կոտրատել են խանութների դռները»։ Վեր կացավ, քայլեց ինձ հետ։ Նա ուզում էր Վարդան դառնալ՝ Րաֆֆու հերոսը։ Եվ մի քանի օր անց գիշերապահի չաղ խարույկի առջևից անհայտացել էր մեր Արությունը։ Նա էլ գնաց։

Այս, եթե կուզեք, կարելի էր անվանել շարժում։ Բայց այն կազմակերպված չէր, չուներ ղեկավարներ։ Տանողները միայն գրքերն էին, Րաֆֆին, Գամառ-Քաթիպան, մասամբ և Գրիգոր Արծրունին։ Ամբողջովին մի գրքային հեղափոխություն։ Հարցնեիր գնացողին, նա ո՛չ ճանապարհ գիտեր, ո՛չ ուղղություն։ Նրա ուղեղի մեջ միայն մի դրություն էր տեղավորվում. կա սահմանված մի բան՝ հասնել այդ բանին, անցնել նրա մյուս կողմը։ Հետո՞։ Այս հետոն արդեն շատ էր մութ։ Շատերը, ո՞վ գիտե, գուցե այն հավատին էին, թե գնում են «Խենթի» ծերունի Խաչոյի մոտ ձվածեղ ու գոմեշի մածուն ուտելու, մինչև որ կգա «արյունածարավ, գոված Եվրոպը» և Վարդանի երազը կդառնա օրվա փաստ։

Սո՜ւրբ որգևորություն՝ ասում էին այն ժամանակները։ Սուրբ երեխայությու՛ն՝ պիտի ասեն հետագա ժամանակները։

Ես իմ փորձով վկայում եմ, որ այդ իսկապես երեխաների ոգևորություն էր։ Ես և ինձ պես հարյուրավորները՝ հասակով էլ երեխաներ էինք։ Բայց ի՞նչ կասեք նրանց մասին, որոնց մեղք կլիներ երեխա անվանել, որոնք մազով-միրուքով մարդիկ էին և մեզանից երկու, գուցե և երեք անգամ ավելի էին մեր մոլորակի հետ պտույտներ արել արեգակի շուրջը։ Երեխայությունը հասակի խնդիր չէ. լինում են սպիտակահեր երեխաներ։ Երեխայության դրությունը միայն անհատներին չէ հատուկ։ Լինում է և հավաքական, զանգվածային երեխայություն։ Այս դրության մեջ հայ ժողովուրդը խարխափեց ամբողջ քառասուն և հինգ տարի՝ չկարողանալով ճանաչել աշխարհի չարն ու բարին։

1880-ական թվականների գլադստոնյան փորձը պետք է լավ խրատած լիներ հայկական երեխայությանը՝ պարզ ցույց տալով նրան, որ Անգլիան Անգլիա է, և ոչ մի նշանակություն չունի, թե ով է այսօր նրա առաջին մարդը. Գլադստոն, Սոլսբերի, Բիկոնսֆիլդ, որոնք անուններ են՝ փոփոխական, հեղհեղուկ, անկայուն։ Անփոփոխն անգլիական արշինն է, և նրան ծառա ու սպասավոր են ամենքը, անգամ «մարդասերները». մեծ լինեն նրանք, թե փոքր, միևնույն է։ Գլադստոնը 1880-ին բոլորովին հայ ազգի գեղեցիկ աչքերի պատճառով չէր Հայկական հարցը դիվանագիտական գրագրության առարկա դարձնում։ Անգլիական իմպերիալիզմն այդ միջոցին պատրաստվում էր հափշտակել Եգիպտոսը և սուլթանին վախեցնելու, նրա բերանը կապելու համար էր շահագործում դժբախտ 61-րդ հոդվածը, ինչպես նաև մի քանի այլ հարցեր, որոնք վեճի տակ էին Բեռլինի կոնգրեսից ի վեր։ Հազիվ մի քայլ արած՝ Գլադստոնը ետ քաշվեց, լքեց իր ձեռնարկումը՝ ասելով, թե մյուս պետությունները համաձայն չեն հարկադրական միջոցներ ձեռք առնել Թուրքիայի դեմ, իսկ Անգլիան միայնակ չի կարող ոչինչ անել։ Սրանով «մեծ մարդասերը» իմաստության դասեր էր տալիս սուլթան Համիդին՝ հավատացնելով սրան, որ Հայկական հարցի շրջանում եվրոպական համաձայնություն չի կարող գոյանալ, և որ նա կարող է իրեն ազատ զգալ։

Բայց ճի՞շտ էր արդյոք, թե Անգլիան միայնակ գործել չէր կարող։ Ճիշտ չէ՛ր։ Անգլիան առանց մի րոպե տատանվելու՝ միայնակ գործողություններ կարող էր կատարել, եթե միայն այդպես պահանջեին անգլիական կապիտալիստների շահերը։ Եվ իրավ, Հայոց հարցի մեջ հապճեպ փախուստի մատնված Գլադստոնը քիչ անց անգլիական նավատորմը կանգնեցրեց Ալեքսանդրիայի առաջ և «մարդասիրաբար» ռմբակոծեց այդ մեծ ու հռչակավոր նավահանգիստը, հափշտակեց Եգիպտոսը։

Պարզ է և հստակ։ Հայկական հարցի մեջ Գլադստոնի վարմունքը բացարձակ թշնամական և աղետաբեր էր հայ ժողովրդի [համար]։ Հայ-թուրքական հարաբերությունները անհաշտ-թշնամական են դառնում հենց 1880-ի դեսպանական հավաքական հուշագրից հետո։ Այդ ժամանակ է, որ որոշվում է թուրքահայության վիճակը՝ բնաջնջում։ Բազմահռչակ անգլիական պետական գործիչը բնավ էլ չէր մտածում այս մասին, երբ փախուստի էր դիմում թուրք դիվանագետների առջև։ Իսկ հայե՞րը։ Հասկացա՞ն նրանք անգլիական «հայասիրության» իսկական արժեքը։ Հասկացա՞ն, թե ինչ է Գլադստոնը։

Չհասկացան։ Գլադստոնը նրանց համար մնաց դարձյալ «մեծ մարդ», «հայասեր»։ Ահա նա կհեռանա մինիստրական պաշտոնից, կդառնա մասնավոր մարդ և պառլամենտի նիստերում ու միտինգների մեջ քար ու երկաթ կաղա Թուրքիայի գլխին, անեծք կկարդա, հայ ժողովրդի պաշտպանությունը կպահանջի անպատասխանատու ճառերի մեջ. և այսքանը բավական կլինի հայ երեխայությանը համոզելու համար, թե հենց այս ճառերով էլ Հայկական հարցը լուծված կլինի։ Բայց ոչինչ և ոչ մի բան չէր լուծվում։ Լոնդոնը Լոնդոն էր մնում՝ համաշխարհային գիշատիչ բանկ, իսկ Մուշի դաշտը լլկանքների, լացի և աղետի դասական հայրենիք։

1880-ի հուշագրերից հետո հայկական հարցը եվրոպական դիվանա

գիտության կողմից մատնվեց կատարյալ մոռացության։ Ի՞նչ անեին հայ գործիչները, որ լավ լիներ։ Նրանք զբաղվեցին մի հոգսով, այն է՝ աշխատեցին չլռեցնել Հայկական հարցը, աշխատեցին հիշեցնել «արյունածարավ, գոված Եվրոպին», թե հայեր կան, Հայոց հարց կա։ Դիվանագիտական ճանապարհի վրա պարտված հայերը աշխատեցին հետզհետե ամրանալ հայդուկային հեղափոխության ճանապարհի վրա։

Այս հեղափոխությունն առաջին անգամ կազմակերպված շարժման շավիղը մտավ 1881 թվականի երկրորդ կեսից, երբ Էրզրումի մեջ գոյություն ստացավ «Պաշտպան Հայրենյաց» անունով գաղտնի ընկերությունը։ Այստեղ մենք ռուսահայերին միացած ենք տեսնում թուրքահայերի հետ։ Էրզրումում զինանոց շինվեց, տարածվեցին անդամագրման տոմսակներ։ Ռուսահայերից Էրզրում գնաց, գաղտնի ընկերության հետ սերտ հարաբերություններ սկսեց այժմ գործերից քաշված ծերունազարդ բժշկապետ Բագրատ Նավասարդյանը[44]։

Ե

Եթե կար մի նպաստավոր հանգամանք, որ հովանավորում էր Հայոց հարցի առաջին խանձարուրային 3-4 տարիները, այդ այն համեմատական ազատությունն էր, որ գոյություն ուներ ոչ միայն Ռուսաստանում, այլև Թուրքիայում։ Հայոց մամուլը Կ.Պոլսում և Զմյուռնիայում ազատ քննում էր հայ ժողովրդի անտանելի դրությունն ասիական գավառներում և պաշտպանում էր 61-րդ հոդվածը։ Իսկ Ռուսաստանի մասին ավելորդ է խոսքն անգամ։ Այստեղի հայության համար թուրքահայերի հարցը դարձել էր սեփական հարց, ամենաբարձր, նվիրական մտածմունքը, որ հետ էր մղել բոլոր մյուս հարցերը և լայն ժողովրդականություն էր ստացել բոլոր խավերի մեջ։ 1879-1880թթ. սով էր Թուրքահայաստանում։ Առաջին անգամ էր, որ այս առիթով հայ ժողովրդի մեջ երևան եկավ հասարակական ինքնօգնության լայն կազմակերպում։ Կ.Պոլսում կազմված «Սովելոց հանձնաժողովը» դրված էր եվրոպական դեսպանների հովանավորության տակ։ Ռուսաստանի բոլոր հայաբնակ անկյուններում ժողովարարություն կատարվեց, և առաջին անգամ հանդես եկավ նոր ժամանակների մեծ ուժը՝ խոշոր գումարներ՝ կազմված ժողովրդական կոպեկներից[45]։ Սովալլուկ թուրքահայն առաջին անգամն էր իր բազմադարյան կյանքի մեջ օգնություն ստանում դրսի աշխարհից։ Սա ցույց էր տալիս, որ նա իր դատով դարձել էր համազգային գգվանքի առարկա։

Հայկական հարցի հարուցած անօրինակ հասարակական շարժումների հայտարար նշաններն էին չորս տարվա խոշոր կուլտուրական նվաճումները՝ դպրոցական վերակազմություն, թատրոն, ուռճացած գրականություն, մամուլ, հրատարակչական և բարեսիրական հիմնարկություններ։

Եվ հանկարծ այս ամբողջ կենդանությունը կանգ էր առնում, խամրում էր։ 1881-ից հետո սաստկացած ռուսական խավար ռեակցիան եղբայրացավ Թուրքիայում գլուխ բարձրացրած սուլթանական ռեակցիայի հետ։ Եվ այս եղբայրացման առաջին զոհերից մեկը դարձավ հայությունը։ Հալածանքներ, արգելքներ Թուրքիայում, նույնը՝ և Ռուսաստանում։ Հայոց հարցին հավասարապես թշնամի են թե՛ Աբդուլ-Համիդ Բ-ն և թե՛ Ալեքսանդր Գ-ն[46]։ Հայոց պատմությունն արգելված առարկա հայտարարվեց Ռուսաստանում, իսկ Թուրքիայում ոչ միայն դա արգելվեց, այլև նույնիսկ «Հայաստան» անունը։ Հեղափոխական տրամադրությունը մտավ ընդհատակ կամ տեղափոխվեց արտասահման։ Բայց մի անգամ ընդգրկած գործողության եղանակը չլքվեց։ Րաֆֆին կարողացավ լույս հանել իր երկհատոր «Կայծերը», որ նա անվանեց վեպ-ծրագիր։ Ծրագիր էր այդ վեպն այն կողմից, որ պատկերում էր մի խումբ երիտասարդների, որոնք Պարսկաստանի Սալմաստ գավառից անցնում են Վանի և Մուշի կողմերը ինչ-որ խորհրդավոր առաքելությամբ, որի ինչ լինելը կարելի էր մակաբերել հեշտությամբ։ Պայմաններն այլևս այնպես չէին, որ կարելի լիներ ամենայն շիտակությամբ ծավալել հայդուկային կռվի նկարագրությունը։

Եզոպոսյան լեզուն ավելի ակնարկներով էր կռահել տալիս, թե ովքեր են այդ Ասլանները, Կարոները, Սագոները և այլն։ Դրանք, բացատրում էր հեղինակը, այսօրվա մարդիկ չեն, այսօր դեռ չկան, գոյություն չունեն, բայց վաղը, մյուս օրը կլինեն, դուրս կգան գործելու։ Պետք է խոստովանել, որ Րաֆֆու տաղանդի ամենախոշոր հատկությունն այն էր, որ նա ըմբռնում էր օրվա տրամադրությունները, դրանք վերարտադրում գեղարվեստական պատկերների մեջ, որոնց միջոցով դնում էր հասարակական մտքի առաջ ոչ միայն տիպեր, այլև ամբողջ ծրագրեր։ Այսպիսով Րաֆֆին ոչ միայն տաղանդավոր վիպագրող էր, սնված գլխավորապես Էժեն Սյուի և նրա նման ուրիշ բուլվարային ռոմանտիկներից, որոնք ավելի հեքիաթ էին տալիս, քան թե կյանք, այլև հանդիսանում էր ռազմագետ-հրամանատար, որ ծրագրում էր մի ամբողջ ժողովրդական պատերազմ. մի պատերազմ, որ տասնյակ տարիների ընթացքում պիտի մղեր փոքրիկ, թույլ, ստրկության մեջ դարերով ընդարմացած հայ ժողովուրդը օսմանյան ահեղ բռնակալության դեմ։

Այս ռազմավարության համար նրա վիպած միջոցները, տակտիկան անխախտ մնացին, և ոչ ոք՝ թե՛ անհատներ և թե՛ ամբողջ բազմամարդ կազմակերպություններ, չկարողացան, ընդունակություն չունեցան մի նշանակալի փոփոխություն, մի արմատական նոր շեշտ մտցնել րաֆֆիական ռազմավարական հատակագծի մեջ։ Հազիվ թե կարելի լինի հավատալ, թե Րաֆֆին ճիշտ որ այդքան անսխալական համարեր իրեն։ Իր կենդանության ժամանակ նա տեսավ միայն Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» թույլ ու խեղճ կազմակերպությունը, որ նախքան կկարողանար մի որևէ հեղափոխական գործ սկսել, ընկավ թուրք կառավարության ձեռքը և ոչնչացավ դատաստանական պատիժների միջոցով։

«Կայծերից» հետո Րաֆֆին ծրագիր-վեպեր չտվեց։ Միակ թույլատրված միջավայրը, ուր նա կարող էր ծավալել իր ազգասիրական երևակայությունները, մնում էր պատմությունը։ Եվ նա իր «Սամվել» մեծ վեպի վրա էր աշխատում, երբ մեռավ 1888-ին։ Սակայն նա ամուր հիմք էր դրել, հիմնել էր դպրոց։ Եվ 80-ական թվականների հայդուկային գրականությունը միայն կերպարանափոխվում էր գրաքննական խարազանների ազդեցության տակ՝ չկորցնելով իր ներքին բովանդակությունը։ Նա տեղափոխվեց Թիֆլիսից Պետերբուրգ, ուր գրաքննական պայմանները մի քիչ ավելի նպաստավոր էին։ Պետերբուրգի հայ ուսանողական կազմակերպությունն էր, որ էժանագին փոքրիկ ժողովրդական բրոշյուրների մի երկար շարքի հրատարակություն սկսեց։ Այդ հրատարակություններն իրենց թեթևությամբ և դյուրագնությամբ (2, 3, 5 կոպեկ) թափանցում էին հայ ժողովրդի խորքերը մեծ քանակությամբ։ Նրանք գրեթե բացառապես թարգմանական էին, և նրանց մեծագույն մասը վերաբերում էր բուլղարների հայդուկային հեղափոխությանը։ Ո՞վ չի հիշում այդ բրոշյուրները։ Ամեն մեկի շապիկը ներկայացնում էր հայ ընտանիք, ուր գիրք էր կարդացվում, և ընտանիքի հայրը աչքի էր ընկնում իր ահագին մոթալ փափախով։ Իսկ վերնագրե՞րը՝ «Սարկավագ», «Ստեփան Կարաջա», «Ուրիշի գերեզմանի վրա առանց արտասուքի են լաց լինում» և այլն։ Բոլոր այս պատմվածքները վերցված էին Իվանովի «Борцы и мученики за свободу Болгарии»[47] աշխատությունից, և նրանց մեջ հայ ընթերցողը գտնում էր մանրամասնություններ բուլղարական հեղափոխական կազմակերպությունների, կոմիտեների, հայդուկային չեթեների[48], թուրքական հալածանքների ու խստությունների մասին։ Հրատարակվեցին [Տոմաշ] Եժի[49] «Ուսկոկներ»[50] և «Լուսաբացին» երկու խոշոր վեպերը՝ դարձյալ բալկանյան հեղափոխական կյանքից։ Տրվում էին և ուրիշ ազգերի ազատագրական կռիվներից վերցրած պատկերներ։ Նպատակը պարզ էր։

Պետերբուրգի ուսանողական կազմակերպության անդամներից երկուսը շուշեցի էին՝ Եփրեմ Տեր-Հակոբյան և Հմայակ Նազարյան։ Ամառային արձակուրդներին, երբ նրանք գալիս էին Շուշի, ես շատ հաճախ խոսակցություն էի ունենում նրանց հետ այս հրատարակումների մասին, և նրանք ինձ բացատրում էին իրենց և իրենց ընկերների հայեցակետը։ «Պետք է,- ասում էին,- հեղափոխականացնել ժողովրդական մասսաները պատմական նմանությունների, անալոգիաների միջոցով։ Ամենացայտուն խրատական անալոգիաներ տալիս է մեզ բուլղարական հեղափոխությունը, որ թե՛ շատ մոտիկ է մեզ ժամանակով և թե՛ հարուստ է թուրքահայերի կյանքը հիշեցնող պատկերներով։ Մենք,- շարունակում էին երկու երիտասարդները,- թեև ինքներս ոչինչ չենք ասում, քարոզչություն չենք անում, բայց մեր տված գրականությամբ այն դաստիարակությունն ենք տարածում, որ թուրքահայերի ազատությունը կարող է այն կերպով լինել, ինչ կերպով եղել է բուլղարների ազատությունը»։

Այս ճիշտ էր։ Բայց այս դաստիարակության մեջ չափազանց շատ էր սպանիչ միակողմանիությունը։ Հարցն այն բանի մասին չէր, որ թուրքահայերը տանջվում են բուլղարների նման, նույնիսկ նրանցից էլ մեծ չափերով։ Հարցն այն էլ չէր, որ արյունարբու բռնակալության ճիրաններում ծվատվող մի աշխատավոր ժողովուրդ, որի 95 տոկոսը կազմում էր հողագործ գյուղացիությունը, պիտի աշխատի իրեն ազատելու համար։ Այս բաների վերաբերմամբ ի՞նչ վեճ կարող էր լինել։ Հարցը՝ զարհուրելի, սասանեցուցիչ հարցն այն էր, որ բուլղարների և հայերի ճակատագրի մեջ կար ահագին տարբերություն էլ։ Բուլղարներին ազատողն այն փոքրիկ հայդուկային խմբերը չէին, որոնք թեև կռվում էին զարմանալի, անօրինակ հերոսությամբ, բայց միշտ էլ, վերջիվերջո, օսմանյան կանոնավոր բանակի ծանրության տակ պիտի ճմլվեին։ Բուլղարներին ազատողն այն համասլավոնական ուժեղ բռնկումն էր[51], որ հրդեհեց Ռուսաստանը և ցարական բանակները Թուրքիա նետեց։

Բուլղարական հայդուկները միայն պատրվակներ էին, որոնց ստեղծողն ու կազմ և պատրաստ պահողը Կ.Պոլսի ռուսաց հզոր և եռանդուն դեսպանն էր՝ գեներալ Իգնատևը։ Ռուսաստանի սլավոնական կոմիտեներն էին, որ դրամ, զենք ու զգեստ էին հայթայթում բուլղար չեթեներին։ Երկրի աշխարհագրական դիրքն էլ չափազանց բարերար էր։ Հայդուկային շարժումները տեղի էին ունենում գլխավորապես Բալկանյան լեռներում։ Հենց որ չեթեները նեղ տեղ էին ընկնում թուրք զորքերի գործողությունների հետևանքով, նրանք փախչում էին մինչև Դանուբ գետը և ապահով ապաստան, օգնություն էին գտնում նրա մյուս ափին։ Հայ պահպանողականները, հակառակելով հեղափոխական շարժման կողմնակիցներին, ասում էին, թե թուրքերը կջարդեն հայերին, բայց դրանով միայն հեգնական ժպիտ էին պատճառում հեղափոխականներին։ Չէ՞ որ սրանք [հեղափոխականները] շատ լավ գիտեին, որ 1876թ. բուլղարական կոտորածներն ընդհանուր վրդովմունք առաջացրին Եվրոպայում, առաջ քաշեցին Գլադստոնին, որի ճառերը Բուլղարիայի ազատության հիմքը դրին։

Այս այսպես ասվում էր։ Բայց իրականությունն այն էր, որ Գլադստոնի ճառերն ու գրությունները միայն համակրական զգացմունքներ զարթնեցրին, որոնք սակայն ուժ չկազմեցին։ Այնպես որ, թուրքական գազանությունների պաշտպան Բիկոնսֆիլդի մինիստրությունը ոչ միայն չընկավ, այլ զգալով իր ուժը՝ շարունակեց մաքառել Ռուսաստանի դեմ՝ Թուրքիան պաշտպանելու համար, իսկ երբ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ստեղծվեցին պայմաններ, որոնք սպառնում էին Լոնդոն-Սիթիի[52] գրպաններին, Գլադստոնը բոլորովին լքվեց ու մենակ մնաց, իսկ այն հասարակությունը, որ մի ժամանակ ծափերով էր ծածկում Գլադստոնի անեծքները թուրքերի հասցեին, այժմ գնաց Բիկոնսֆիլդին պաշտպանելու, որպեսզի պաշտպանված լինի անգլիական բանկերի պարտապան Թուրքիան։

Բուլղարիան ազատողը Գլադստոնը չէր, այլ այն ծանր ու արյունահեղ պատերազմը, որ Ռուսաստանից միջոցներ և հարյուրհազարավոր մարդիկ խլեց։

Ահա ինչեր էին ծածուկ մնում հայ ընթերցողից՝ պատմական անալոգիաները դաստիարակչական ուժից չզրկելու համար։

Գոնե հաշվի առնեին այն հարաբերությունները, որոնք ստեղծվել էին ազատարար Ռուսաստանի և նրա ազատած Բուլղարիայի միջև։ Մեկը չէր գտնվում, որ լայն, բազմակողմանի լուսաբանություններով խախտեր հայ իրականության մեջ հաստատվող հիվանդոտ ու մահացնող միակողմանիությունը։ Ալեքսանդր Գ-ի կառավարությունը կատաղի թշնամի էր առհասարակ որևէ ազգի ազատագրական շարժման, բայց մասնավորապես թշնամի էր հայկական շարժման և Հայոց հարցի լուծման, որովհետև չէր ուզում մի նոր «ապերախտ» Բուլղարիա[53] ստեղծել Ռուսաստանի ասիական սահմանի վրա։ Իսկ մեզ ասում էին՝ Հայկական հարցը շատ նման է բուլղարական հարցին և նրա նման էլ պիտի լուծում ստանա։ Ու Րաֆֆու գծագրած հայդուկային աշխարհավարությունը գնալով խորացնում էր իր արմատները հայկական ըմբռնողության մեջ՝ այդպիսով չինական պատերի մեջ դնելով մշակվող գիտակցությունը։

Փաստերը ոչ միայն չէինք ուսումնասիրում առարկայի ստեղծած ամբողջ լրջությամբ, այլ աշխատում էինք ազատել մեր օձիքը դրանց ձեռքից՝ փախչելով դրանցից։ Կատաղի թշնամությամբ լցված ցարական Ռուսաստանն այն անհեթեթ վիշապն էր, որ ծառացել էր մեր դեմ։ Իսկ մենք վճռում էինք Հայոց հարցը լուծել տալ ոչ միայն առանց դրան [հաշվի առնելու], այլև հակառակ դրան։ Սա մի աներևակայելի անմտություն էր։ Բայց մեր քաղաքական մանկությունը մակաբերում էր, թե դա միանգամայն հնարավոր է։ Բավական էր [համարվում] միայն տեղափոխել Հայկական հարցի պրոպագանդան Եվրոպա։ Եվ ծրագրում էին հիմնել այնտեղ մի մեծ քաղաքական թերթ ու նրա խմբագրությունը հանձնել Գրիգոր Արծրունուն։

Ծրագիրը ծրագիր էլ մնաց։ Պետք է ասեմ, որ 1880-ական թվականների քաղաքական շարժման գլխավոր ղեկավար, բնականաբար, առանց ընտրության և կազմակերպության, համարվում էր Գրիգոր Արծրունին։ Երիտասարդ և առաջադեմ սերունդը նրան էր ընդունում իր հեղինակավոր առաջնորդ և պարագլուխ. նա էր, որ առաջին անգամ հրապարակ էր բերել թուրքահայոց հարցը, պահանջել էր, որ նա լուծվի ապստամբության ճանապարհով։ Բայց Արծրունին լոկ հրապարակախոս էր, գրչի մարդ։ Քաղաքական գործչի ջիղ նրան չէր տրված, և նա [ինքն] իրեն անընդունակ էր համարում մանավանդ գաղտնի հեղափոխական գործունեության համար։ Ալեքսանդր Գ-ի կառավարության հակահայկական արշավի նախընթաց նշաններից մեկն այն էր, որ խուզարկություն կատարվեց «Մշակի» խմբագրատանը։ Այս մասին Արծրունին ինձ, իբրև իր աշխատակցի, հայտնեց Թիֆլիսից Շուշի ճանապարհորդած մի ուսանողի միջոցով, բերանացի, որպեսզի ես իմանամ հայտնի զգուշություններով վարվել իրեն ուղարկած նամակների և հոդվածների մեջ։ Վերջը նա հայտնեց, որ անլեգալ գործունեություն ստանձնել նա չի կարող և կարծում է, որ մնալով ցենզուրայի ենթարկված մամուլի ներկայացուցիչ, կարող է ավելի մեծ օգուտ տալ հայ ժողովրդին, քան հեղափոխական անլեգալ գործունեությամբ։ Եվ նա այդպես էլ արավ։ Հետզհետե կտրեց իր առնչությունը հայդուկային հեղափոխության հետ։

Զ

Նա ետ էր մնում, և ուրիշներն էին դուրս գալիս ստեղծված տրամադրությունն իրենց ձեռքն առնելու և ղեկավարելու համար։ Այդպիսիներից մեկն էր արևմտահայ[54] մանկավարժ ու գրող Մկրտիչ Փորթուգալյանը[55], որ «Մշակին» աշխատակցում էր Վանից։ Այստեղ Փորթուգալյանը եռուն կազմակերպչական գործունեություն ունեցավ և, հալածանքի ենթարկվելով թուրք կառավարության կողմից, անցավ Եվրոպա, ուր 1885թ. երկրորդ կեսից սկսեց հրատարակել «Արմենիա» անունով փոքրածավալ թերթը, շաբաթական երկու անգամ։ Փորթուգալյանն ինձ էլ դիմեց, որ աշխատակցեմ, և իմ անունն էլ տպում էր թերթի մեջ՝ իբրև Շուշիի գործակալ։ Այս անվանումը ինձ պատճառեց մի անախորժություն, որ բնորոշ է հայ հայդուկային հեղափոխության պատմության համար։

Մի օր ինձ ներկայացան երկու մարդ և մեծ գաղտնապահությամբ հաղորդեցին, թե եկել են Մկրտիչ Փորթուգալյանի մոտից, Հայաստանի ազատության համար են գործում՝ Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ։ Ցույց տվին և Խրիմյանի մի ինքնագիր կոնդակը, որով հանձնարարվում էր ամեն կերպ աջակցել այդ երկու պարոններին։ Եվ ահա իմ այցելուները բավական աներես կերպով, ձեռքներին բռնած «Արմենիայի» այն համարները, որոնց մեջ տպված էր իմ՝ իբրև գործակալի, անունն ու ազգանունը, պահանջեցին հանուն ազգային գործի փող հավաքել իրենց համար, որպեսզի կարողանան Պարսկաստանի վրայով տանել Վան, հասցնել Խրիմյանին։ Առաջին անգամն էր, որ ես մտցվում էի «ազգային հանգանակության» գործի մեջ։ Խոստացա «մի բան անել», ինչպես սովորական է ասել այդպիսի դեպքերում, բայց հաջողություն չունեցա։ Միայն իմ մոտիկ ընկերներից մի երկուսին կարողացա համոզել, որ մի քանի ռուբլի տան։ Իսկ երկու անծանոթները գրեթե ամեն օր գալիս էին ինձ մոտ իմանալու հավաքված գումարի չափը և դժգոհություն էին հայտնում ինձ, որ լավ չեմ աշխատում «ազգային գործի» համար։

Ձանձրացած այդ կոպիտ մարդկանց հանդիմանություններից՝ ես վճռեցի ինձանից տալ պակասը։ «Ազգային գործիչները» հետզհետե պակասեցրին իրենց պահանջած գումարը, բայց և այնպես պակասն այնքան մեծ էր իմ միջոցների դիմաց, որ ես մնացի կատարելապես անկարող դրության մեջ։ Ես հեռագրական պաշտոնյա էի և ստանում էի ռոճիկ ամսական 20 ռուբլի 54 կոպեկ, իսկ շլինքիս ընկած էր հորս որբերին ապրեցնելու լուծը։ Ի՞նչ անեմ։ Ճարահատյալ սկսեցի սակարկություն անել Հայաստանի անունով ինձ վրա բեռնացածների հետ։ Համաձայնվեցինք վերջապես 20 ռուբլու վրա, և ես, ինչպես ասվում է, իմ մսից կտրելով՝ տվի ինձ համար բոլորովին անհնարին մի գումար՝ 10 ռուբլի, և օձիքս ազատեցի։ Նրանք հավատացրին ինձ, թե մյուս օրը ճանապարհվում են Թավրիզ։ Բայց ի՞նչ ճանապարհ, ի՞նչ Թավրիզ։ Մյուս օրվանից նրանք տեղափոխվեցին մի գինետուն, որ իմ ճանապարհի վրա էր գտնվում, և սկսեցին կամաց-կամաց անուշ անել իմ ազգասիրական տուրքը։ Իմ անցնելուս նրանք ինձ էին նայում, և նրանց երեսի վրա չէր շարժվում և ոչ մի մկան, կարծես բոլորովին անծանոթ էին ինձ։

Հասկացա, որ զոհ եմ դարձել խաչագողության։ Այնքան զզված էի, որ ավելորդ համարեցի որևէ մեկին պատմել իմ խաբվելը։ Միայն հաստատ խոսք տվի ինձ՝ երբեք հանգանակություն չձեռնարկել, մանավանդ որ խնդրանքով համոզելու էլ ընդունակություն չունեի։ Մի քանի շաբաթից հետո խաչագողերից մեկն անհայտացավ, իսկ մյուսը մնաց ապրելու Շուշիում։ Ինձ համար հարց էր դառնում՝ ի՞նչ անեմ, որ «Արմենիայի» մեջ տպվող իմ հասցեն նոր խաբեբաներ չբերի իմ տուն։ Բայց այստեղ ինձ օգնեց ցարական գրաքննությունը։ Շատ չքաշեց՝ «Արմենիայի» մուտքը Ռուսաստան արգելվեց։ Գործակալների ցանկը, բնականաբար, վերացավ, և այնուհետև թերթը ստացվում էր փակ ծրարների մեջ, նամակի ձևով։

Ի՞նչ էր արել Փորթուգալյանը, որ այդպիսի պատժի էր ենթարկվում։

Ռուսաստանի դեմ՝ ոչինչ։ Նա միայն պաշտպանում էր Հայոց հարցը, և լոկ այս պատճառով նա նույնչափ անհանդուրժելի էր ռուս ցենզորին, որքան անհանդուրժելի եղել էր թուրք ցենզորին։ Փորթուգալյանը չափավոր ազատական էր, նացիոնալիստ։ Իր թերթի պահպանության համար նա հիմնեց Հայոց հայրենասիրական միությունը, որ նպատակ էր ընտրել Հայաստանի ազատությանը ծառայելը։ Ազատությունն իրագործելու համար կիրառելի էին ընդունվում բոլոր միջոցները՝ ե՛ւ խաղաղ քարոզչություն, ե՛ւ դիմումներ, ե՛ւ դիվանագիտական ճանապարհ, ե՛ւ զինված ապստամբություն։ Այս մի կազմակերպված շարժում էր, որ ուներ իր սեփական ծրագիրը, որով տարբերվում էր Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» հեղափոխական ընկերությունից և հայտնի դարձավ ավելի «Արմենական կուսակցություն» անվանումով։

Իր ծրագրային դավանանքները Հայոց հայրենասիրական միությունը ամփոփել է «Վարդապետարան Հայաստանի Ազատության» անունով մի փոքրիկ տետրակի մեջ, ուր շատ լավ ցոլանում է այն ժամանակվա գործիչների ամբողջ քաղաքական միամտությունը՝ հենված զանազան տարրերի վրա՝ թե՛ ազգայնամոլ տիրացուության, թե՛ անգրագետ հետադիմության և թե՛ առաջադեմ ըմբռնումների։ Ես ինձ թույլ կտամ մի քանի նմուշներով ծանոթացնել իմ ընթերցողներին այդ քաղաքական փաստաթղթի հետ։

Հարց - Ո՞վ պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։

Պատասխան - Ինքը՝ հայ ազգը, պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։

Հ. - Ի՞նչ հնարներով։

Պ. - Հնարները զանազան են, նայելով հանգամանքին՝ երբեմն սեփական զենքով, երբեմն փողով և երբեմն օտարի օգնությամբ։

Հ. - Ո՞վ է իսկական հայը։

Պ. - Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձա և կնպաստե Հայաստանի անկախության. մնացյալները ոչ միայն անպիտուն[56] հայեր, այլև անպիտան հայեր են։

Հ. - Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամեն մի հայ մարդ։

Պ. - Յուր անձը վտանգի չենթարկելով՝ ամեն մի հայ մարդ կարող է և պարտավոր է այս գործերը կատարել.

1) Հայերեն լեզուն պահպանել իր ընտանիքի մեջ և իր ազգակիցների հետ խոսակցության մեջ։

2) Հայ ոգով դաստիարակել զավակացը։

3) Սովորեցնել նոցա զենքի գործածությունը։

4) Չամուսնանալ օտարի հետ։

5) Կարելի եղածին չափ աշխատել Հայաստանի մեջ ունենալու մեծ կամ փոքր հողային կալվածք։

6) Հայոց հայրենասիրական միության որևէ մի օգնություն հասցնել ուղղակի կամ անուղղակի, ինչ միջոցով որ այդ հարմար կլինի իր գտնված դրության մեջ։

Հ. - Որո՞նք են հայկական առաքինությունները։

Պ. - 1) Ամենագլխավոր հայկական առաքինությունն է իր ստացվածքն ու արյունը նվիրել Հայաստանի ազատության սուրբ գործին։

2) Իր բոլոր ուժը թափել՝ հորդորելով իր ծանոթ հայերին, որ երթան դեպի Հայաստան։

3) Համոզել և օգնել հայերին՝ իրենց սեփական անշարժ կալվածքը և հողը ունենալու Հայաստանի մեջ։

4) Օգնել այն հայերին, որոնք հայ ազգի օգտի համար կաշխատեն Հայաստանի մեջ։

Հ. - Առավոտ ու գիշեր ի՞նչ աղոթք պիտի անե հայը։

Պ. - Հայը քնեն զարթնելիս կամ քուն մտնելիս՝ միայն այս աղոթքը պիտի կարդա՝ «Ով բարեգութ Աստված, օգնիր ինձ Հայաստանը ազատելու»։ Դրանից ավելի ոչ մի աղոթք հարկավոր չէ հային։

Հ. - Հայ պատանիների համալսարան մտնելը կնպաստե՞ հայկական նպատակներին։

Պ. - Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը, վերաբերմամբ հայոց նպատակներին, այն նշանակությունն ունի, ինչ նշանակություն որ կունենար ավազակի հենց վրադ հարձակված րոպեին կամենայիր սուրի և զենքի գործարաններ շինելու։ Այս մասին հայերը առ սակավ հարյուր տարի ուշացել են։ Մյուս կողմե՝ 40-50-ամյա փորձը ցույց տվավ, որ համալսարանների տված արդյունքը հայ պատանիներին դոքա էին՝ 1. Դյուրին միջոց՝ ապահով ապրուստ ճարելու և ասպարեզ շինելու և 2. անզգալի կերպով սառչելու իր ազգեն և հոգով օտարանալու նորա շահերեն։ Իսկ եթե կան մի քանի իսկապես արժանավոր հայ համալսարանականներ, պետք է կարծել, որ նոքա առանց համալսարան մտնելու ևս ազգի պիտանի անդամները կլինեին, ինչպես որ կան ազգի մեջ շատ նշանավոր մարդիկ, որոնք երբեք համալսարան եղած չեն։ Պետք է նկատի ունենալ և այն հանգամանքը, որ այժմյան համալսարանները և նույնիսկ գիտությունը դարձել են բռնակալների ձեռքումն ազգեր ստրկացնելու հզոր գործիք։

Հ. - Ո՞րն է հայերի նշանաբանը։

Պ. - Հայերի նշանաբանը այս երեք բառն է՝ ազատություն կամ մահ[57]։

Հ. - Հայաստանը կարժե՞ այդքան մեծամեծ զոհերի։

Պ. - Այո՛, Հայաստանը կարժե ամենամեծ զոհերի, վասնզի նրա մեջ կեցողի կյանքի տևողությունը միջին թվով 75 տարի է։ Հայաստանի հողը մշակողին տալիս է մեկ ցանած սերմնահատիկի փոխարեն 45-50 սերմնահատ։ Հայաստանի մեջ վազած աղբյուրների կեսը հանքային բժշկարար ջրեր ունեն։ Հայաստանի դիրքը միջնաշխարհային է, այսինքն՝ Ասիայի և Եվրոպայի սահմանագլուխներումն։ Հայաստանի ժողովուրդը, եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, գեթ նա կլինի ամենահարուստը և ամենաբախտավորը։ Հայաստանը հարուստ է ե՛ւ կենդանիներով, ե՛ւ բույսերով, ե՛ւ հանքերով։

Հ. - Ո՞վ պիտի բարձրացնե ազատության դրոշակը և սուրը։

Պ. - Դրոշակը պիտի բարձրացնե հայ վարդապետը. իսկ սուրը՝ բոլոր հայ պատանեկությունը, երիտասարդությունը և տղամարդիկ, 16 տարեկանից բռնած մինչև 45 տարեկանը։

Հ. - Ի՞նչ է նշանակում հաղթել և ի՞նչ՝ հաղթվել։

Պ. - Հաղթել նշանակում է թշնամիի առջև անվախ գնալ և մեռնելուց չսարսափել. հաղթվել նշանակում է պատերազմի դաշտումը սրտի մեջ երկյուղ տածել։ Անվախը (քաջը) վախկոտին միշտ կհաղթե։

Հ. - Ո՞ւր կերթան հոգիները այն մարդկանց, որոնք կմեռնին ճակատի մեջ։

Պ. - Ավետարանի խոսքերի հիմանց վրա՝ ճակատի (ազգային պատերազմի) մեջ մեռնողի հոգին, ի շարս սրբոց, անշուշտ կերթա Երկնից Արքայություն, վասնզի այդպիսին կյանքեն զրկվել է ի սեր և ի պաշտապանություն իր նեղյալ մերձավորներին. նրա անունը կլինի նահատակ, և նրա հիշատակը Ս. եկեղեցին կտոնե մինչև աշխարհի կատարածը։

Հ. - Հրացանի ամե՞ն գնդակը դիպչում է, և ամե՞ն խոցվածը մեռնում է։

Պ. - Վիճակագրական ամենաճիշտ հաշիվներեն երևում է, որ հրացանի տասը հասած գնդակեն մինն է դիպչում մարդուս, և 38 խոցվածներեն մինն է միայն մեռնում։

Հ. - Պատերազմի դաշտում խոցված հոգևարը չի՞ տանջվում։

Պ. - Ամենափորձված բժիշկները հաստատում են, որ կակուղ անկողնի մեջ մեռնելը հազարապատիկ ավելի դժվար է, քան թե պատերազմի դաշտում. իսկ զենքի պատճառած մահը ամենաթեթևն է մահերի մեջ։

Հ. - Հնար կա՞ պատերազմի դաշտում մահից ազատվելու։

Պ. - Այո՛, կա և մի հատիկ հնարն է այս։ Եթե չես ուզում, որ թշնամին քեզ սպանե, դու ինքդ շտապե նրան սպանելու։ Ուր վտանգը շատ մեծ է և անխուսափելի, համարձակ վազե նրա առաջն և վստահ եղիր, որ վտանգը ինքը կփախչի քեզանից։ Այս փորձած երևույթ է։ Թշնամիի առջև փախչելը երկու վատ հետևանք ունի. մեկ որ՝ փախչողը անպատճառ կսպանվի, և երկրորդ՝ նա ակներև կորստի կմատնի իր հավատարիմ զինակից ընկերներին։

Հ. - Հայերը ե՞րբ ոտքի բարձրանան։

Պ. - Երբ որ մեծամեծ ազգերի մեջ սկսվի կենաց և մահվան պատերազմը։

Այս մանրամասնություններից միանգամայն պարզվում է արմենական ուղղության ազատագրական գաղափարախոսությունը։ Նրա հիմքն ու կենտրոնը ազգայնամոլությունն էր իր բոլոր հետադիմական զարդ ու պաճուճանքներով։ Բայց և այնպես, նա հայդուկային չէր, ազատարար կռիվը մշտական չէր հայտարարում, այլ ամենքի համար քաղցր ու հաճելի եղանակով պարտք էր դնում ամենքի վրա, որ երբ պատերազմ կբացվի մեծ պետությունների մեջ, ամենքը լավ զինված, մարզված ոտքի ելնեն և ազատեն Հայաստանը։ Թե ինչպես էր լռիկ-մնջիկ ամբողջ հայ ժողովուրդը փոխարկվում մի ռազմական բանակի. այս չգիտեին և իրենք՝ Մարսելի հայրենասեր սպարապետները։ Նրանք միայն ամեն ջանք թափում էին, որ չվախեցնեն հայ երևակայական բանակը։ Ուստի խոստանում են նրան ե՛ւ երկնքի արքայություն՝ սրբերի հետ, համարյա թե Մուհամեդի դրախտ, ե՛ւ մեկին 45-50 բերող հունձ Հայաստանի արտերում, ե՛ւ մեղր ու կարագ բխեցնող աղբյուրներ։ Ամենաբնորոշն այն է, որ միությունը հավատացնում էր, թե պատերազմի դաշտում ամենքը չեն մեռնում, իսկ մեռնողներն էլ հազարապատիկ պակաս տանջանքներ են զգում, քան իրենց տանը, փափուկ անկողինների մեջ մեռնողները։ Մի կատարյալ բուրժուական դրախտ [էր] այս ազատագրությունը… Տեսնում ես մի հեղհեղուկ, թշվառ մտայնություն, որ դժվարությունների անսովոր միջավայրում է զարգացել և կաշառքներ տալով է մարդ ուղարկում պատերազմի դաշտ։

Եվ այս գաղափարախոսությունը գալիս հարմարվում էր այն ազգագրական խմբերին, որոնք տնտեսական և մշակութային հետամնացության մեջ էին ապրում։ Արմենականությունն արմատ բռնում էր գրեթե միմիայն Թուրքահայաստանում և առավելապես Վանում, ուր Փորթուգալյանը ժողովրդականություն էր ստացել իբրև ազգասեր գործիչ։ Կ.Պոլսում էլ կազմակերպվում էին շրջանակներ, ուր ղեկավարող դերը դարձյալ վանեցիներն էին կատարում և ուր արմենականությունը հաստատ հող էր գրավում։

Հաջողության մի շատ խոշոր պատճառն էլ այն էր, որ գավառական հայության դրությունը գնալով ավելի ու ավելի վատթարանում էր, իսկ հրապարակում չկար մի այլ կազմակերպություն, որին դիմեին անբավական տարրերը։

Է

1884թ. հոկտեմբերին վախճանվեց Ներսես պատրիարք Վարժապետյանը։ Ամենուրեք մեծ տրտմություն պատճառեց այդ մահը հայ հասարակության լայն խավերին։ Ներսեսը մի շատ վեհ, համարյա հայրական հասկացություն էր այդ ժամանակ։ Սան Ստեֆանոյի, Բեռլինի կոնգրեսի ժամանակներից էր նա վաստակել այդ բարձր համարումը։ Նա Հայոց հարցի հայրն էր, և նրա եռանդից ու շնորհից էին ամենքն սպասում այդ հարցի լուծումը։ Չորս տարի շարունակ (1878-1882) նա շատ ուժեղ և հեղինակավոր դիրք էր բռնել Կ.Պոլսի դիվանագիտական շրջաններում և, հենված այդ դերի վրա, հանդես էր եկել իբրև հայ ժողովրդի պահանջկոտ ներկայացուցիչը, որ սուլթանի կառավարությանը նայում էր իբրև պատասխանատու կողմի։ Այցելում էր եվրոպական դեսպաններին, այցելություններ էր ընդունում նրանցից և ցույց էր տալիս դիվանագիտական այնպիսի բարձր «առաքինություններ», ինչպես են՝ հանգամանքներին արագորեն հարմարվելը, գրպանում միանգամից մի քանի պատրաստ լեզուներ ման ածելը և այլն։ Եվ հանկարծ այդպիսի խոշոր (հայ իրականության տեսակետից) քաղաքագետը մեռավ՝ չտեսնելով իր ստեղծած գործի իրականացումը։ Վիշտը մեծ էր՝ համազոր ազգային սգի։ Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթը, արհամարհելով ցենզուրական պահանջը, սև շրջանակի մեջ դրեց Ներսեսի մահվանը նվիրված հոդվածը և իբրև պատիժ՝ դադարեցվեց ութ ամսով։

Բայց ողբերը չէին կարող ծածկել այն ճշմարտությունը, որ Ներսեսը մեռնում էր ժամանակին։ Նա այլևս անելիք չուներ, և մահն էր, որ կարծել էր տալիս, թե դեռ շատ անելիք ուներ։ Նույն՝ 1884-ի գարնանը Էջմիածնում կաթողիկոսական ընտրություն էր։ Շատ համառ պայքարից հետո հաղթություն տարավ «Մշակ»-ական ուղղությունը՝ առաջին թեկնածու ընտրել տալով Ներսես Վարժապետյանին։ Կարծում էին, որ եթե նա թողնի Բոսֆորի ափերը և կաթողիկոսի աստիճանով մտնի Էջմիածնի վանք, դրանով այնքան ուժ և նշանակություն կստանա, որ ավելի մեծ հաջողությամբ կտանի Հայոց հարցի պաշտպանությունը։ Բացի դրանից, Հայոց հարց ստեղծվում էր նաև Ռուսաստանում՝ Ալեքսանդր Գ-ի կառավարության հալածանքների պատճառով։ Եվ ահա ռուսահայերն էլ սպասում էին, թե Ներսեսը կգա և իրենց կազատի սանձակոտոր ցարիզմի ձեռքից։ Այսքա՜ն ակնկալություններ մի հատիկ մարդուց, այն էլ՝ մի հիվանդ մարդուց։

Բայց Ներսեսը գիտեր, որ այլևս զուր է իրենից կամ առհասարակ որևէ մի անհատից հրաշքներ սպասելը։ 1880-ի գլադստոնյան փորձը պարզ ցույց էր տալիս, թե եվրոպական դիվանագիտությունից չպետք է փրկություն սպասել, ուստիև իր պատրիարքության վերջին երկու տարիներում փոխել էր իր ուղղությունը։ Նրա մահից տարիներ անցած՝ տպվեց նրա քաղաքական կտակը, որի մեջ նա պատվիրում էր իր հաջորդներին, որ հայերը հաշտվեն թուրքերի հետ և համաձայնության մեջ ապրեն պետության հետ՝ հույս չդնելով օտար պետությունների վրա։ Հայ ազգասիրությունը, մանավանդ այն, որ պաշտամունք էր դարձրել 16 և 61 հոդվածները, կեղծ հայտարարեց այդ կտակը։ Սակայն այդպիսի մի թղթի կարիք էլ չկա հասկանալու համար, թե ինչ էր Ներսեսի քաղաքականությունը 1883 և 1884 թվականներին։

Խրատված եվրոպական դիվանագիտության սուտ ու խաբեբա վարվեցողությունից՝ նա ընդառաջ գնաց Աբդուլ-Համիդի ցանկությանը, հետ վերցրեց իր հրաժարականը և սկսեց բացարձակ քարոզել, թե հայերն ուրիշ անելիք չունեն, բայց միայն հաշտ ապրել Օսմանյան կայսրության հետ։ Եվ այս փոփոխությունը չհամարվեց դավաճանություն, այլ միայն քաղաքագիտական քայլ։ Դավաճանություն չհամարվեց և այն, որ Ներսեսն ընդունեց սուլթանի ընծայած գեղեցիկ ապարանքն Օրթաքիո արվարձանում։ Նկատենք, որ հակահայկական հալածանքները Թուրքիայում չէին դադարում, որ սուլթանն սկսել էր նույնիսկ պատրիարքական առանձնաշնորհումները կրճատել։ Ներսեսը տեսնում էր այդ բոլորը և բավականանում էր գրավոր բողոքներ ներկայացնելով։ Ուրիշ ճար նա չէր գտնում, բացի միայն թուրք կառավարության հետ համաձայնության գալուց։ Իսկ եթե դրսում կարծում էին, թե պակասում է մի հատ կաթողիկոսական աթոռ, որպեսզի Ներսեսը նախկին ուժեղն ու հեղինակավորը դառնա, դեռ է՛լ ավելի, այդ միայն վկայում էր, թե որ աստիճանի է հասել հանրային անճարությունը, և եվրոպական միջամտության ցնորքով ապրող գաղափարախոսությունն ինչ սնանկության է դատապարտվել։ Հայոց հարցը խրվել էր դիվանագիտական մի փակուղու մեջ, և նրան այնտեղից դուրս բերելը չափազանց արդեն դժվարացել էր։

Ներսեսի հաջորդները՝ Վեհապետյան և Աշըգյան[58], անկարող լինելով ցույց տալ այնպիսի մարտական գործունեություն, որպիսին զարգացրել էր հանգուցյալը, հետևեցին նրա վերջին տարիների, այն է՝ հաշտ քաղաքականությանը։ Բայց այս այլևս չթույլատրվեց նրանց։ Սուլթանական մութ ռեակցիան ճնշում էր ամենքին, բայց ավելի շատ՝ հայերին։ Գավառներում կառավարությունը սանձից արձակել էր քրդերին, իսկ հայերին դրել էր օրենքից դուրս, անտանելի դրության մեջ։ Ամեն կողմից օգնություն կանչող աղաղակներ էին լսվում։ Իսկ այդ դրությամբ վրդովվող տարրերն անճարությունից, իհարկե, մեղավոր էին համարում Վեհապետյանին, հետո և Աշըգյանին, գտնում էին, որ նրանք չափազանց թուրքամոլ են և համակերպվող ու դրանով դավաճանում են ազգային դատին։ Իսկ թե ինչ կարող էին անել այդ «դավաճանները» և չարեցին, այս չէին ասում։

Եվ դժգոհ տարրերի ուշադրությունը մի ծայրահեղ անճարությունից անցնում էր մյուսին՝ արմենական խղճուկ կազմակերպության, որ այսպես թե այնպես մարտական նշանաբաններ ուներ և խոստանում էր ազատություն բերել Հայաստանին։ Բայց Եվրոպայում ապրող հայության մեջ գրեթե միաժամանակ առաջ եկավ մի տարբեր ուղղություն։ Մի խումբ հայեր Լոնդոնում կազմակերպեցին Անգլո-հայկական մի ընկերություն, որի վարչության մեջ, բացի հայերից, մտան և անգլիացի քաղաքական գործիչներ։ Այսպես, քարտուղարն էր սըր Էդուարդ Գրեյը[59]՝ արտաքին գործերի բազմահամբավ մինիստրը 1914-ի համաշխարհային պատերազմի ժամանակ… Անգլո-հայկական ընկերությունը հիմնեց իր հատուկ թերթը՝ «Հայաստան» անունով, որ հրատարակվում էր հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ Նա նպատակ էր դրել հասնել Հայոց հարցի լուծման՝ բացառապես դիվանագիտական ճանապարհով, և այս միտքը հաջողեցնելու համար կազմակերպում էր Եվրոպայի զանազան երկրներում հայասիրական պրոպագանդա՝ գործի հրավիրելով քաղաքական, գրական, գիտական ասպարեզներում անուն հանած անձանց։

Գլխավորապես այս կազմակերպության շնորհիվ էր, որ Հայաստանի դրությունը արձագանք էր տալիս մի քանի պառլամենտների, առավելապես անգլիականի մեջ։ Արտասանվում էին ճառեր, որոնք ամենայն մանրամասնություններով տպվում էին «Հայաստանի» մեջ։ Այդտեղ էլ առանձին ուշադրությամբ և մեծարանքներով տեղ էին գտնում հայտնի գործիչների համակրական նամակները, և այսպիսով ստեղծվում էր մի տեսակ հասարակաց կարծիք։ Ամենափոքր ցույցն անգամ համարվում էր շատ կարևոր նշանակություն ունեցող երևույթ։ Եվ «փրկիչը»՝ Եվրոպան, նորից ու նորից արձանանում էր հայ հարստահարված իրականության մեջ իբրև առատագութ, անշահասեր մի բարերար, որ պիտի գնա մի օր և, քրիստոնեական սիրուց դրդված, բռնի ու բարձրացնի արտասուքի և արյան ծովի մեջ խեղդվող հային։

Քաղաքական ռոմանտիզմն ավելի արբեցնող ու էլի խաբուսիկ էր դառնում։ Եվ այս դրությունը հրահրում էին Հայաստանից եկող սարսափելի լուրերը։ 1880-ական թվականների երկրորդ կեսին իր չարագործություններով հռչակ ստացավ քուրդ ավազակ ցեղապետ Մուսա-բեյը։ Նրա զոհերը բացառապես հայ գյուղացիներն էին։ Եվրոպական մամուլը լույս հանեց քստմնելի եղելություններ։ Անգլիական պառլամենտում մի քանի անգամ հարցապնդումներ եղան Մուսա-բեյի առիթով, դիվանագիտական ընդարձակ գրագրություններ սկսվեցին, Կ.Պոլսի դեսպաններն ուշադրություն դարձրին։ Հետևանքն այն եղավ, որ Մուսա-բեյին դատի ենթարկեցին, և, որպեսզի հայ գյուղացիներն ազատ վկայություններ տան, դատը կայացավ Կ.Պոլսում, դեսպանատներից հատուկ նշանակված պաշտոնյաների ներկայությամբ։ Այդ մի դատաստանական խեղկատակություն էր։ Դատից առաջ սուլթան Աբդուլ-Համիդը, անգլիական դեսպանի հետ ունեցած խոսակցության մեջ ասաց, թե Մուսա-բեյն անմեղ է։ Այս արդեն նշանակում էր, թե դատարանին հրամայված է արդարացնել Մուշի դաշտի ժանտախտը դարձած քուրդ բեյին։ Եվ իրավ, Մուսա-բեյի դեմ հարուցված էին քրեական ամբաստանություններ։ Դատարանը մերժեց քննության առնել դրանցից յոթ հատը. մնացին երեքը։ Կառավարության դատախազը փոխեց իր դերը և դարձավ ոճրագործի պաշտպանը։ Եվ զարմացած աշխարհի առջև համիդյան արդարադատությունը միանգամայն անմեղ հռչակեց մարդասպանին, սրտեր կրակողին, կույսեր բռնաբարողին։

Մուսա-բեյի ամբողջ դատավարությունը տպվեց անգլիական «Կապույտ գրքի» մեջ։ Եվրոպայի ընդհանուր կարծիքն էր, թե այդ դատը միանգամայն ապացուցեց, որ հայերն այլևս ոչինչ սպասելիք չեն կարող ունենալ թուրք կառավարությունից, որ նրանք օրենքից դուրս են դրված և այլն։ Սուլթան Համիդը չկարողացավ անտես առնել Եվրոպայի վրա Մուսա-բեյի դատի թողած տպավորությունը և դատաստանով արդարացրած չարագործին աքսորեց Հիջազ[60]։ Առանց այդ էլ նա գրգռված էր հայերի դեմ՝ Եվրոպայում մղած պրոպագանդայի համար։ Այժմ նա ավելի ևս գրգռվում էր՝ ստիպված լինելով զիջում անել այդ պրոպագանդային։ Նույն այս պրոպագանդան առատ նյութ էր քաղում և այն հավաքական բողոքից, որ հայ հոգևորականությունը գրավոր կերպով ներկայացրեց թուրք կառավարությանը՝ իր և ժողովրդի դեմ հարուցած հալածանքների առիթով։

Աբդուլ-Համիդը, մի կասկածամիտ և դաժան բռնակալ, բայց միևնույն ժամանակ չափազանց վախկոտ, փակել էր իր անձը Ելդըզ-Քոշկ[61] պալատում, իր ձեռքն էր առել պետության բոլոր գործերը, ղեկավարում էր անձնապես մենակ ինքը՝ հաստատելով մի ռեժիմ, որ հավասարապես ընդունելի չէր ամենքի համար, որովհետև այդ մի կառավարություն էր լրտեսների, բանտերի և սարսափի այլ բոլոր տեսակների միջոցով։ Ամեն կերպ աշխատում էր, որ տեղի չունենան եվրոպական պետությունների միջամտություններ, և տեսնելով, որ հայերն են իրենց 61-րդ հոդվածով շարունակական միջամտություններ աղերսողները, անհնարին կատաղությամբ էր լցվում նրանց դեմ։ Լոնդոնի, Փարիզի, Մարսելի հրատարակությունները բազմապատկում էին այդ կատաղությունը, և նա դառնում էր հայերի վերաբերմամբ առանձնապես անխնա, մոլեգնոտ։ 1889 թվին, մինչ Անգլո-հայկական ընկերությունը կարծում էր, թե մեծ հայանպաստ գործ է կատարում իր «Հայաստանով», Աբդուլ-Համիդը կանչեց Աշըգյան պատրիարքին և, իր առաջին քարտուղարի միջոցով խոսակցություն սկսելով նրա հետ, զայրացած պահանջեց, որ նա՝ իբրև հայ ժողովրդի գլուխ, վերջ դնի այդ հրատարակություններին։ Ավելացրեց և այն, թե հայերին ինքը երբեք չպիտի տա նրանց երազած ինքնուրույնությունը. և ոչ միայն ինքը, այլև պիտի նզովք դնի իր հաջորդ սուլթանների վրա, որ նրանք էլ չտան ինքնուրույնություն, կռվեն նրա դեմ, մինչև որ աշխարհիս վրա չի մնա և ոչ մի իսլամ[62]։

Զարհուրած պատրիարքը շտապեց այս կատաղի սպառնալիքը հաղորդել Ամենայն հայոց կաթողիկոս Մակարին[63] և աղաչել, որ նա մտածի թուրքահայ ժողովրդին փրկելու մասին՝ դիմելով ռուսաց կայսրին և աղաչելով, որ նա իր պաշտպանության տակ առնի նրան։ Մակարը, սակայն, ոչինչ չարավ։ Ալեքսանդր Գ-ն չպիտի լիներ այն մարդը, որ գնար ուրիշ երկրի հայերին պաշտպանելու, երբ իր երկրի հայերին ճնշում էր ամեն կողմով։ Մակարը պաշարված էր մի շարք պահանջներով, որոնք ուղղված էին հայոց լեզվի, հայ դաստիարակության դեմ։ Համիդյան Թուրքիան բարեկամական պետություն էր ցարի համար, որ անխնայորեն հալածում էր նրա դեմ դավեր նյութող հեղափոխականներին։ Ի՞նչ հրաշք պիտի հարկադրեր նրան խլել իր բարեկամ սուլթանից նրա հայ ժողովրդին։

Եվ այսպիսով կատարելապես անճար ու անօգնական կացության մեջ էր ընկել հայ ժողովուրդը։ Ճռճռան ճառեր արտասանող «հայասերները» չգիտեին, թե ինչ տագնապ էին պատրաստում իրենց իբր թե պաշտպանած ժողովրդի համար։ Աբդուլ-Համիդը պարզ ու բացարձակ կերպով բաց էր անում իր հղացած հայաջնջումը։ Նա պատրաստվում էր իսլամության գլուխն անցած՝ պատերազմ անել հայերի դեմ։

Եվ ոչ ոք չեղավ, որ ուշադրություն դարձնի այս ահռելի ազդարարության վրա։ Այն արհամարհեց Եվրոպային ֆետիշ դարձրած մեր տղայական ռոմանտիզմը, մինչև որ համիդյան ծրագիրը ի կատար ածվեց ամբողջությամբ։ 

Գլուխ երկրորդ։ 1888 – 1896 թվականներ

Ա

Առաջին տասնամյակը, որ անցել էր Սան Ստեֆանոյի, Բեռլինի հոդվածներից հետո, խմորումների, կազմակերպչական փորձերի ժամանակամիջոցն էր։ 1888-ին վերջնականապես ձևակերպվում է Հայոց հարցի կերպարանքը։ Այդ ձևակերպումն է, ինչպես սկզբի տարիների որոնումներն էին արդեն գծագրել, հայդուկային կռիվ և Եվրոպայի պաշտամունք[64]։ Երկու թշնամի կողմեր են՝ հայերը և թուրքերը։ Երկու կողմերն իրար երեսի բղավում են՝ «Կռի՞վ»։ Եվ կռիվն սկսվում է` անհավասար ու տանջալից։ Հայը նետվում է այդ կռվի մեջ ամենայն թեթևամտությամբ` նույնիսկ չմտածելով միջոցների մասին։ Այդ տրամադրությունն է, որ այնքան լավ արտահայտվել է մի ժամանակ շատ տարածված և շատ ոգևորիչ մի երգի մեջ։

Հերի՛ք, ելնենք ցույց տանք, թե մենք հարազատ
Հին քաջերի արյունիցն ենք և ազատ,
Թեև չունենք ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ նիզակ,
Մեր բահերն էլ կանեն նրանց շանսատակ…

Ճիշտ որ, բահերով կռիվ էր այդ հայդուկային կռիվը։ Կռիվ մաուզերի դեմ։ Այն վերջնականորեն կազմակերպողը, կանոնադրողը և որոշ գաղափարախոսության մեջ ամփոփողը մի խումբ էր Եվրոպայի հայ ուսանողությունից` հավաքված Ժնևում, ուր դեռ 1887-ին հիմք էր դրվել մի հեղափոխական թերթի, որի անունը փոխ էր առնված ռուս հռչակավոր էմիգրանտ Ալեքսանդր Հերցենի «ԽՏսՏՍՏս»[65]-ից և հայերեն թարգմանության մեջ դարձել էր «Հնչակ»։ Թերթը կանոնավորվեց 1888-ին, և նրա անունով սկսեց կոչվել Հայոց հարցին նվիրված առաջին կանոնավոր հեղափոխական կուսակցությունը։

Մինչև այդ ժամանակները` փակ ծրարների մեջ փոստը մեզ բերում էր Մարսելի «Արմենիան» և Լոնդոնի «Հայաստանը», որոնք այնպես, սովորական երևույթ էին դարձել, և միայն ցարական ապուշ ցենզուրան կարող էր «հիմքեր սասանեցնող» համարել արտասահմանյան այդ հրատարակությունները։ Այնուհետև մեծ գաղտնապահությամբ, բայց ավելի ուշ մեզ էր հասցվում այս նոր թերթը` «Հնչակը»` ամենածայրահեղ կարմիրը բոլոր հայ թերթերի մեջ, որի բովանդակությունը շատ անգամ սարսափ էր պատճառում մեզ` միամիտ, նահապետական գավառացիներիս։ Կարդում էինք շտապ, ահուդողով և շտապում էինք ձեռքերիցս հանել` կա՛մ պատռելով, ոչնչացնելով, կա՛մ թե ուրիշ ցանկացողների տալով։ Շուշին էլ ցարական տեսակետից հասունացած վայրերի բարձր պատվին էր արդեն հասել. այնպես որ այնտեղ հաստատուն բնակություն էին դրել երկու ահագին, թիկնեղ ժանդարմներ` երկու դատարկապորտ ցարական պահնորդ շներ, որոնք ամբողջ օրն անգործ քայլում էին փողոցներում կամ կանգնում էին գինետների մոտ ու այդպես հսկում, որ «կարգը» չխախտվի։ Գործ ունենո՞ւմ էին նրանք, թե՞ ոչ, ես չգիտեմ։ Բայց որ նրանց ներկայությունը մեր անխռով, տիրապահ քաղաքում կատարում էր պատշաճավոր ներգործություն, մանավանդ մեզ` երիտասարդ «ազգասերներիս» էր լավ հայտնի։ Քաշվում էինք շատ բանի մեջ, մտներումս պահում էինք, որ այս քաղաքում երկու զույգ ժանդարմական աչքեր կան։

Մի անգամ էլ գաղտնորեն, փսփսուքով լուր տարածվեց, թե Գանձակից եկել է դրանց ռոտմիստրը, և այդ ժամանակ արդեն կատարյալ ահաբեկումն էր մեզ բռնում։ Քանի-քանի անգամ նստել ենք ամեն մեկս առանձին մեր տներում, և ինքներս մեր ձեռքով ոչնչացրել մեր խղճուկ, նույնիսկ ամենաանվնաս ձեռագիր աշխատությունները, մեր հավաքած արտասահմանյան լրագրերը։ Մի ժամանակ արգելված էր նույնիսկ Կ.Պոլսի «Արևելք» լրագիրը, և ես մի քանի անգամ վառել եմ նրա կապոցները՝ սպասվող խուզարկությունների մեջ «մաքուր» դուրս գալու համար։ Խե՜ղճ մեր երիտասարդական թռիչքներ ու հուզումներ. քանի՜ անգամ էիք դուք քննադատում մեզ, որ թղթի վրա գրում ենք ձեզ, որպեսզի մի ակնթարթում, կապույտ համազգեստի ահից, ոչնչանաք բոցերի մեջ, մեր՝ ձեզ ծնողներիս ձեռքով…

«Հնչակը» չափազանց վտանգավոր էր ոչ միայն այն պատճառով, որ հեղափոխական էր, այլ որովհետև նաև սոցիալիստական էր։ Եթե «Արմենիա», «Հայաստան» կարդալով՝ մենք Թուրքիայի թշնամիներն էինք դառնում, մի բան, որ մեծ մեղք էր, «Հնչակ» կարդալիս` արդեն միայն այդ մեղքի տերը չէինք դառնում, այլև ավելացնում էինք դրա վրա աններելին, ամենածանրն ու ամենադաժանը՝ դառնում էինք ռուսաց ցարի անձնական, անհանդուրժելի թշնամին։ Սոցիալի՜ստ… Այս մի սարսափելի խոսք էր նույնիսկ հասարակ, անգամ անգրագետ մարդու հասկացողության մեջ։ Դրանից վախենում էին` ինչպես ժանտախտից։ Եվ ոչ միայն դրանից, այլև ամեն բանից, որ դրա նմանությունն էր հնչեցնում։ Չեմ կարող մոռանալ հետևյալ դեպքը։ Ես Շուշիի թեմական դպրոցի հոգաբարձու էի։ Մի օր հոգաբարձուական ժողովի մեջ կարդացվեց Գևորգ Ղարաջյանի նամակը, որով նա իր ծառայությունն էր առաջարկում իբրև ուսուցիչ։ Նամակի մեջ հիշված էր և Ղարաջյանի ուսումնական ցենզը՝ licencie des sciens sociales[66]. Կարապետ եպիսկոպոսը` հոգաբարձության նախագահը, բացականչեց. «Սոցիա՜լ… Մերժել, որդի՛ք»։

Նրան բացատրում են՝ թե իրեն սարսափեցնող բառերը պարզապես նշանակում են, թե Ղարաջյանը սովորել է հասարակական գիտություններ։ Զուր աշխատանք։ Եպիսկոպոսը հայտարարեց, թե ինչ որ էլ նշանակեն այդ խոսքերը, այնուամենայնիվ, «սոցիալ» բառը չի կարելի թույլ տալ, դպրոցը կվնասվի դրանից։ Երկար ժամանակ նա համոզում էր` բերելով առարկություններ և դատողություններ։ Հոգաբարձությունը Ղարաջյանին ընդունեց ուսուցիչ, բայց «սոցիալ»-ից անչափ վախեցած եպիսկոպոսն էլ իրենն արավ, թշնամություն սկսեց ուսուցչական խմբի դեմ` գլխավոր պատճառներից մեկն էլ այդ «սոցիալը» դարձնելով։

Ասված է, որ արգելված պտուղը քաղցր է լինում։ Ամիսը թե երկու ամիսը մի անգամ երևացող «Հնչակը» մի խոշոր գրական երևույթ էր մեր հետամնաց իրականության մեջ։ Այն առաջին օրգանն էր, որ իր համար կռվան էր ընտրել նորագույն քաղաքատնտեսական վարդապետությունը` մարքսիզմը, գիտական սոցիալիզմը։ Այս մասին պարզ ու մեկին Հնչակյան կուսակցությունը խոսում էր իր ծրագրի մեջ։ Այդ ծրագրի առաջին իսկ հոդվածն ասում էր.

«Մարդկության ահագին մեծամասնությունը կազմող աշխատավոր, արդյունաբերող դասակարգի կատարյալ ազատումն (emancipation) ամեն շահագործությունից ու սեփականազուրկ ստրկական դրությունից, որոնց նա ենթակա է կապիտալիստ, սեփականատեր ու իշխող փոքրաթիվ դասակարգի կողմից, կլինի միմիայն այն ժամանակ, երբ արդյունաբերողները կլինեն տեր արդյունաբերության բոլոր ուժերի ու միջոցների, որպիսիք են հողը, գործարանը, հանքերը, հաղորդակցության ու նյութական հարաբերության ամեն միջոցները և այլն»։

Եվ ապա` «Ազատումն արդյունաբերող դասակարգի` նշանակում է ազատումն ամեն մարդու, երկու սեռին էլ պատկանող, նշանակում է հասարակական-տնտեսական կատարյալ ազատություն ամբողջ մարդկության։

Ներկա քաղաքակիրթ մարդկության հասարակական, կապիտալական կոչված, կազմակերպության պայմաններն իրենց զարգացման ընթացքում իրենց արգանդից, իրենց ձևերի միջից բնական կերպով ծնունդ են տվել ու առաջացրել սեփականատիրության մի նոր ձևի ամեն մտավոր ու նյութական տարրեր։ Այդ նոր ձևն է՝ արդյունաբերության բոլոր միջոցների ու արդյունքի սեփականության հավաքական (collectif)` համայնական ձևը, որով նրանք կլինեն ընդհանուր սեփականություն արդյունաբերող հասարակության։

Իր այդ պատմական պարտքն ու գործն ի կատար ածելու համար ամեն քաղաքակիրթ երկրներում արդյունաբերող դասակարգը պետք է կազմակերպվի իբրև քաղաքական ինքնաճանաչ ու ինքնուրույն կուսակցություն և, իր տրամադրության տակ գտնված ամեն հասարակական ու քաղաքական միջոցները գործ դնելով և բոլոր երկրներից իրար հետ միանալով, ձգտի կատարել կոմունիստական, սոցիալական հեղափոխությունը։ Այդ հեղափոխությամբ արդյունաբերող դասակարգն իր ձեռը կգցե քաղաքական ղեկը` խլելով այն ներկայումս իշխող դասակարգից, վերջ կդնե տարբեր դասակարգերի գոյության ու նրանց մեջ եղած դասակարգային կռվին և կհաստատե սոցիալիստական հասարակական կազմակերպություն։

Այդ հասարակական կազմակերպությունն իրական կարողություն կտա, ուղղակի ժողովրդային օրենսդրության ձևի տակ, ամբողջ հասարակությանը և յուրաքանչյուր անհատին միջամտելու, քննելու ու վճռելու բոլոր հասարակական գործերն ու դրանց կարգադրությունները. այդ կազմակերպությունը լիառատ ու անբռնաբարելի կերպով կնպաստե յուրաքանչյուր անհատի և ամբողջ հասարակությանը, բոլոր՝ անհատական, տնտեսական ու հասարակական ուժերի` ընդունակությունների ու կարողությունների լիակոչ մասի ու կատարյալ զարգացման և ներդաշնակ ու որոշ կերպով կկանոնավորե հասարակական ու տնտեսական բոլոր հարաբերությունները։

Դա՛ է արդյունաբերող դասակարգի պատմական ձգտումն ու նպատակը կապիտալական արդյունաբերության տիրապետություն ունեցող ամեն երկրում. դա՛ է այդ երկրների նաև սոցիալիստ-ռամկավարականների ձգտումների նպատակակետը»[67]։

Կարդալով այս տողերը, կարելի է կարծել, թե հայ սոցիալիստ-ռամկավար (սոցիալ-դեմոկրատ) հնչակյանները գալիս էին նոր սկզբունք հայտարարելու հասարակական հարցի լուծման համար։ Այս արդեն արմենականների ողորմելի տիրացուական-ազգամոլական աշխարհայացքը չէր, որ չէր կարող բազմություններ ոգևորել ու կապել իրար հետ. այս համամարդկային այն վարդապետությունն էր, որ գալիս էր դառնալու բոլոր ճնշվածների, բոլոր հարստահարվածների կրոնը։ Եվ ուրեմն, հայ աշխատավոր ժողովրդի, հայ գյուղացիության ազատագրումը հայ առաջին սոցիալ-դեմոկրատները պիտի տանեին այն ճանապարհով, որ գծել էր գիտական սոցիալիզմը, այսինքն՝ դասակարգային ուղղությամբ, միջազգայնության (ինտերնացիոնալիզմի) նշանի տակ, որ միացնում է բոլոր ազգերի հարստահարված զանգվածներին` միասին մղելու ազատարար պայքարը բռնակալների և շահագործողների դեմ։

Չափազանց հետաքրքրական տեսարան պիտի բաց անեին հնչակյաններն իրենց այդ գործառնությամբ։ Նրանք պիտի կազմակերպեին կեղեքվող դասակարգերը, պիտի հեղափոխականացնեին նրանց` իրենց տնտեսական շահերի գիտակցությամբ և ամբողջացնեին Ասիայի բազմատանջ հողի վրա շահագործվող աշխատանքի միջազգային համերաշխությունը, որ պիտի իրար մոտեցներ հայ ու քուրդ գյուղացիներին և սովորեցներ նրանց ոչ թե իրար ծառայել, այլ միացած` կռվել թուրք կալվածատիրոջ և հայ վաշխառուի դեմ։ Սա կլիներ մի շատ խոշոր, համաշխարհային նշանակություն ունեցող առաքելություն, հարյուրապատիկ դժվարին, քան հայդուկային գործունեությունը, բայց հազարապատիկ ավելի բարերար ու մեծագործ։

Կարո՞ղ էր Հնչակյան կուսակցությունն իր ուսերի վրա բարձել մի այսչափ մեծ պարտականություն՝ թեկուզ այն շատ դանդաղորեն, փոքրիկ մասնիկներով կատարելու պայմանով։ Իր ծրագրի երկրորդ հոդվածով ասում էր՝ ո՛չ, չի կարող։ Այս հոդվածը հանդիսավորապես հայտարարում էր, թե սոցիալիստական գործունեությունը, կոմունիստական հեղափոխությունը նրա համար հեռավոր նպատակներ են։ Իսկ մերձավոր նպատակը, որին նա ձեռնարկում էր իսկույն, ազգայնական շարժումն էր, հայդուկային հեղափոխությունը։ Հայտնի է, որ Կարլ Մարքսն ատելով ատում էր այդ տեսակ գործառնությունը` դավադրական, տեռորիստական իր ամբողջ բովանդակությամբ։ Բայց հայ իրականության մեջ հայտարարվում էր, որ ինտերնացիոնալիզմը և ազգայնամոլությունը իրար չեն խանգարում։ Ահա ինչպես էր պատճառաբանվում այդ օրինականացող կարելիությունը։

«Հայ ժողովուրդը,- ասում էր երկրորդ հոդվածը,- ներկայումս գտնվում է միապետական-քաղաքական կարգերի տակ, որոնց կառավարական, հարկային ու ֆինանսական սիստեմներն ավերիչ են նրա համար. նա գտնվում է նաև այնպիսի տնտեսական մի շրջանում, երբ մի կողմից սկսել են ծագել արդյունաբերության կապիտալական կարգեր և մյուս կողմից` շարունակ ընկնում ու քայքայվում են տնտեսական նահապետական կերպերը։ Այդ բոլոր պայմանների շնորհիվ է, որ հայ սոցիալիստ-ռամկավարականի համար սոցիալիստական հասարակական կազմակերպության իրագործումը հայության մեջ՝ հայտնվում է հեռավոր նպատակ, և նրա գործունեության ու ձգտումների առաջ ներկայանում է մեկ ուրիշ անմիջական պահանջ, իբրև մոտակա նպատակ։ Ահա հենց այդ մոտակա նպատակն է, որ գործնականապես դրված է հայ սոցիալիստ-ռամկավարականի, հայ հեղափոխականի առջև, Հնչակյան կուսակցության առջև։

Այդ մոտակա նպատակը կայանում է հետևյալում։ Հեղափոխել ու ոչնչացնել միապետական կարգերը, փրկել հայ ժողովրդին իր ընդհանուր ստրկական դրությունից, տալ նրան քաղաքական կարելիություն` միջամտելու քաղաքական գործերում, վերացնել այն խոչընդոտները, որոնք արգելք են լինում նրա տնտեսական զարգացման, առհասարակ նրա կուլտուրական առաջադիմության, ստեղծել քաղաքական պայմաններ, որոնք աշխատավոր դասակարգին միջոց տան ազատ կերպով արտահայտելու իր ձգտումներն ու պահանջները` ավելի ու ավելի բարելավելու աշխատանքի ծանր պայմանները, դասակարգային գիտակցություն ձեռք բերելու ու կազմակերպվելու իբրև ինքնուրույն քաղաքական մարմին և դյուրացնելու նրա այն բոլոր հասարակական ջանքերը, որոնք պետք է, ամեն տրամադրելի հասարակական պայմանների միջոցով, նպաստեն նրա առաջխաղացությանը դեպի հեռավոր նպատակը»։

Վերածելով այս բոլորը սովորական, հասկանալի լեզվի, դուրս է գալիս, որ հնչակյան մարքսիստները ծրագրում էին Հայաստանը կռվով ազատել սուլթաններից ու ցարերից, դարձնել այն բուրժուական հանրապետություն, ապա մի մեծ և գուցե ավելի ահավոր պատերազմով ազատել բուրժուազիայի ձեռքից և նետել կոմունիստական հեղափոխության գիրկը։ Անհեթեթությունը չափազանց ակներև է։

«Այդ բոլոր նկատումների հիման վրա,- շարունակում էր ծրագիրը,- Հնչակյան կուսակցության մոտակա նպատակն է` կռիվ մղել միապետական կարգերը տապալելու համար և նրանց փոխարինելու հանրային ռամկավարական սահմանադրական կարգերով»։

Այդ կարգերը մեջ բերելուց հետո, ծրագիրը բաց էր անում իր երրորդ հոդվածը։

«Նկատելով, որ հայության ամենաստվար մեծամասնությունը կազմում են թուրքահայերը, և նրանց բնակավայրը մեր հայրենի հողի ամենամեծ տարածությունն է,

Նկատելով, որ հայության այդ մեծամասնության Դատը Բեռլինի դաշնագրության 61-րդ հոդվածի զորությամբ, որպես և այլ միջազգային պայմանագրերի զորությամբ, արդեն մտած է միջազգային իրավունքի դրական շրջանը և ճանաչված եվրոպական մեծ պետությունների կողմից,

Նկատելով մյուս կողմից, որ թուրք տերության միապետական կարգերը քաղաքական, հասարակական ու տնտեսական անտանելի ճնշման են ենթարկում հայ ժողովրդին,

Նկատելով, որ ամեն տեսակետից այդ դրությունն անպայման կերպով անհնարին է դարձնում հայ ժողովրդի հասարակական-տնտեսական ու քաղաքական որևէ առաջադիմություն, որպես նաև մշտական սպառնալիք ու զենք է նրա մարդկային գոյության դեմ,

Նկատելով նաև թուրք կայսրության քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու նյութական ամենաանկարգ, անցյալ ու սնանկացած դրությունը և դրա ու ներքին խռովությունների ու ցնցումների պատճառով այլ հավաստի ու անխուսափելի դարձած թուրք պետության կործանումը, որին մյուս կողմից էլ նպաստում են եվրոպական տերությունների հաճախ հարվածները, ինչպես նաև եվրոպական Թուրքիայում և այդ կայսրության այլ մասերի սիստեմաբար պատառ-պատառ լինելն, ընկնելով ուրիշների ձեռքը,

Այդ բոլոր նկատումների հիման վրա պատմական առաջնակարգ անհրաժեշտություն է՝

1. Որ հայ հեղափոխական գործունեությունն այսօր բացառապես նվիրվի թուրքահայ ժողովրդի դատի պաշտպանության ու լուծման` համաձայն մոտակա նպատակի,

2. Որ, ուրեմն, հեղափոխական գործունեության ասպարեզն է Թուրքաց Հայաստանը,

3. Որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը միանգամից և ընդմիշտ պետք է զատվի թուրքական կայսրության ճակատագրից, ըստ որում, պատմական պահանջ ու անհրաժեշտություն է ներկայանում հայ ազգային անկախությունը[68], որն էլ այդպիսով կազմում է մոտակա նպատակի մի հիմնական մասն ու առաջին պայմանը»։

Այսպես ուրեմն, մինչ Հայոց հարցը թե՛ հայ ժողովրդի ստվար մեծամասնության և թե՛ մանավանդ Եվրոպայի պետական անձանց ըմբռնողությամբ լոկ ռեֆորմների, լոկ կյանքի, ստացվածքի և պատվի ապահովության հարց էր` իրագործելի տեղային համեստ ինքնավարության միջոցով, նորակազմ սոցիալիստական կուսակցությունն առաջին պահանջ էր դարձնում Հայաստանի անկախությունը, մի հանգամանք, որ իհարկե կատաղեցնում էր սուլթան Համիդին` նրա ձեռքը միջոց տալով արդարանալու Եվրոպայի առաջ, թե հայերը Բեռլինի Դաշնագրի 61-րդ հոդվածը չեն ուզում, այլ ավելին։

Իսկ այդ անկախությունն իրագործելու համար հնչակյաններն ընտրում էին այս միջոցները.

«Մոտակա նպատակին հասնելու միակ միջոցն է հեղափոխությունը, այսինքն՝ պետք է բռնի կերպով կերպարանափոխել, հեղաշրջել ներկա հասարակական կազմակերպությունը Թուրքաց Հայաստանում` կռիվ մղելով թուրք տերության դեմ՝ ժողովրդական ընդհանուր ապստամբության միջոցով։

Այդ գործունեության միջոցներն են՝

1. Պրոպագանդա և ագիտացիա մամուլի, գրքերի ու խոսքի միջոցով ազգի մեջ, ամեն շրջաններում և` գլխավորապես ու առաջնապես ժողովրդային աշխատավոր դասերի մեջ` տարածելով հնչակյան հեղափոխական գաղափարները և կազմակերպելով նրանց մեջ հեղափոխական կազմակերպություններ ու ապստամբական գնդեր։

2. Տեռորական գործողություն իբրև պատիժ թուրք բռնավորներին, որպես և լրտեսներին, մատնիչներին, դավաճաններին։ Տեռորը պետք է լինի հեղափոխական կազմակերպության ինքնապաշտպանության միջոց և հասարակությունը բռնավորների ու վատերի գործերից պաշտպանելու համար մի զենք։

3. Ասպատակային գնդերի կազմություն` իբրև մշտական պատրաստի մարտական ուժ կառավարական զորքերի կամ այլ վայրենի ցեղերի հարձակումներին դիմադրելու, ժողովրդին պաշտպանելու համար։ Ընդհանուր ապստամբության միջոցին այդ գնդերը կարող են կատարել առաջավոր գնդերի դեր։

4. Կազմակերպությունն ընդհանուր կուսակցության՝ պետք է բաղկացած լինի բազմաթիվ կազմակերպված խմբերից, որոնք ամենքը սերտ կերպով կապված են միմյանց հետ, իբրև մեկ և ամբողջ մարմին, մի կանոնավոր ամբողջություն, մեկ և ընդհանուր համատիպ ուղղությամբ ու տակտով գործող` ենթարկված ընդհանուր կազմակերպությունը ղեկավարող մի կենտրոնական մարմնի։

5. Ապստամբական զորագնդերի կազմակերպություն։

6. Ընդհանուր ապստամբության ժամանակը։ Որևէ պատերազմ, մղված այս կամ այն տերության կողմից Թուրքիայի դեմ, պետք է համարել հարմար րոպե մոտակա նպատակի իրագործման համար»։

Ի վերջո, կուսակցությունն այսպես էր որոշում իր վերաբերմունքը դեպի ուրիշ ազգերը.

«Վաստակել հայ ժողովրդին վիճակակից Հայաստանի այլ բնակիչների, որպիսիք են ասորիները, քրդերը, համակրությունը դեպի հեղափոխական գործը և նրանց աջակցությունն այդ գործում, որը միաժամանակ հայտնվում է նաև նրանց, իբրև նույն բռնակալության տակ ճնշված ժողովրդի ազատության գործը։

Համերաշխ գործակցություն հաստատել թուրքական լծի տակ հեծող այլ քրիստոնյա ազգերի հեղափոխական մարմինների հետ, որոնց հետ ջանալ, եթե հանգամանքները ներեն, համատեղ ապստամբել ընդհանուր թշնամու` թուրք կառավարության դեմ։

Հնչակյան կուսակցության ամենաջերմ իղձն է ընդհանուր անկախ դաշնակցություն, նման Շվեյցարիայի դրության, բոլոր փոքրիկ ազգերի Արևելքում, երբ դրանցից մնացածներն էլ ազատված կլինեն թուրքական լծից»։

Բ

Չկարծե՛ք, ընթերցո՛ղ, թե ես ձեզ ուզում եմ տալ Հնչակյան կուսակցության պատմությունը, ուստիև բերեցի այսքան ծրագրային մանրամասնություններ։ Ո՛չ, այդպիսի դիտավորություն ես չունեմ։ Ծրագրային մանրամասնությունները չափազանց կարևոր են իբրև առատ նյութեր թուրքահայկական հեղափոխությունը բոլոր կողմերից ուրվագծելու համար։ Ժամանակագրական կարգով Հնչակյան կուսակցությունն է ձեռք բերել ավագությունն այն շարժման մեջ, որ անընդմեջ տևեց 32 տարի` 1888-ից մինչև 1920-ի վերջերը։ Իսկ ծրագրային մանրամասնությունների մեջ Հնչակյան կուսակցությունը հավաքել է այն ամենը, ինչ հայ միտքը կարողացել է կերտել թուրքաց սուլթանների ճանկերից Հայաստանի ազատությունը գջլելու համար։ Կարող ենք վստահ լինել, որ այստեղ ասված է ամեն ինչ, և ուրիշ կազմակերպությունները միայն կրկնել են հնչակյան ծրագիրն ուրիշ բառերով, ուրիշ կառուցումների վրայով։

Եթե տարրալուծենք այն պայքարը, որ կանոնադրված և պատճառաբանված է այս ծրագրային շատախոսությունների մեջ, տակը կմնա իսկական կորիզը, այն, որ հեղափոխական մանկության օրերի երգն այնքան ակեղծորեն անվանել է կռիվ բահերով. իսկ մենք կավելացնենք` մաուզերի և մանլիխերի[69] դեմ։ Ահագին բանակներ շարժելու կարողություն ունեցող Թուրքիային հայությունը պատերազմ էր հայտարարում հայդուկների փոքրիկ խմբերով։ Ճիշտ է, մի ժամանակ հայդուկները մեծ-մեծ գործեր են տեսել Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում, բայց այն ժամանակներն ուրիշ էին, գնացել-անցել էին անդառնալի կերպով։ Եվ ասե՞լ, որ հայդուկային պատերազմները երբեք իրենք իրենց միջոցներով` լոկ հայդուկային բազուկներով, ազատություն չէին ստեղծել որևէ ազգի համար։ Հայդուկները կռվել են քաջաբար, տասնյակ տարիներով, պաշտելի հերոսներ դարձել իրենց ժողովուրդների համար, բայց միշտ ազատողը եղել են ռուսական պատերազմները։ Մենք պատրաստում էինք հայդուկային խմբեր, բայց ո՞վ պիտի գար իր հաղթական պատերազմով մեր հայդուկային կռիվը Հայաստանի ազատություն դարձնելու։ Չգիտեինք։ Սկսում էինք արյունահեղությունը, առանց նրա գինն իմանալու, առանց շրջահայացության, առանց կշռադատելու։

Կռիվ բահերով։ Այս թշվառ պատերազմի վրա ոչինչ չէր ավելացնում տեռորը, ահաբեկումը, որ վախեցնելու միջոց է, բայց պատերազմ չէ, երբ փոքրաթիվ անհատների կողմից գործադրվում է պետական խոշոր կազմավորումների դեմ։ Մնում էր ընդհանուր ժողովրդական ապստամբությունը։ Բայց այս էլ մի անբովանդակ ֆրազ էր դառնում թուրքահայկական իրականության տեսակետից։ Մի ժողովուրդ ապստամբեցնելու համար նրան պետք էր դեռ լավ զինել, իսկ այդպիսի ահագին, վիթխարի մի գործ հայերի մեջ իր աղքատիկ գանձարկղով երբեք չէր կարող գլուխ բերել մի հեղափոխական կուսակցություն։

Ի՞նչ էր մնում, ուրեմն։ Զտենք ծրագիրն ավելորդություններից։ Ամենամեծ ավելորդությունը սոցիալիզմի անունից խոսելն էր։ Հնչակյան կուսակցության մկրտարանը, եթե ունեցել է կնքահայրություն, ապա նրա ներկայացուցիչը Մարքսը չի եղել, այլ ռուսաց նարոդնիկությունը[70], հանձին Բակունինի, Տկաչյովի և ուրիշների։ Իբրև ռուսահայեր` կրթված ռուսական դպրոցներում, «Հնչակի» հիմնադիրները Ժնևում գտնվում էին ռուս էմիգրանտների այն թևի ազդեցության տակ, որի հեղափոխական աշխարհայացքի դեմ պայքարում էր Պլեխանովը։ «Հնչակը» իր ուսուցիչ անվանում էր Րաֆֆուն։ Եվ այս ճիշտ էր շատ մեծ չափերով։ Րաֆֆու «Կայծերի» մեջ էր կուսակցությունը գտնում իր հայդուկային ռազմագիտությունը։ «Կայծերի» հերոսների անունները դառնում էին հնչակյան հեղափոխական գործիչների կեղծանուններ։ Եվ երբ սա այսպես է, նշանակում է, թե Մարքսը չէր կարող լինել հնչակության ուսուցիչը։ Նա հանդես էր գալիս ծրագրի մեջ Րաֆֆուն զարդարելու համար։ Եվ այս զարդարանքից հնչակյանները երբեք չհրաժարվեցին, մինչև վերջ իրենց անվանում էին սոցիալ-դեմոկրատ։

Նորակազմ կուսակցությունը, գործելով Ժնևից, ավելի աչքի ընկնող հաջողություն գտնում էր թուրքահայերի մեջ, մասնավորապես Կ.Պոլսում։ Այստեղ նրան հոգում էին արմենականները, պայմանով, որ գործունեության մեջ խոսք անգամ չլինի սոցիալիզմի մասին։ Ժնևի կենտրոնը համաձայնություն տվեց, որից հետո սկսվեց մի շատ ուժեղ գործունեություն։ Տրապիզոնում հաստատվեց կենտրոնական կոմիտե, որ հարաբերություններ սկսեց երկրի ներսերի և մասնավորապես մերձավորագույն տեղի՝ Էրզրումի հետ։ Առհասարակ հնչակյանությունը գործողությունների վայր էր ընտրում Փոքր Ասիայի կողմերը։ Արևմտյան Հայաստանում երևան էր եկել մի տեղական ինքնաբույս կազմակերպություն` «Գաղտնի ընկերություն» անունով, որի գլխավոր ղեկավարներն էին մշեցի Հակոբ սարկավագը և ալաշկերտցի Հարություն-աղան[71]։ Առաջինը, որ հայտնի էր ավելի «Սարկավագ» անունով, ուներ իր փոքրիկ հայդուկային խումբը, որ արդեն անուն էր ստեղծել քրդերի հետ իր ունեցած ընդհարումներով։

Այս սարկավագի խմբին միանալու համար էր, որ 1889թ. մայիսին Պարսկաստանի Սալմաստ գավառից դեպի Վան ուղևորվեցին ժամանակի ռոմանտիկ տրամադրությամբ լցված երեք երիտասարդներ, որոնցից երկուսը վանեցի էին` [Հովհաննես] Ագրիպասյան [(արմենակյան)] և Գուլաքսզյան, իսկ երրորդը` թիֆլիսեցի` Վարդան Գոլոշյան[72]։ Մանավանդ վերջինը տարված էր րաֆֆիական գաղափարներով և միամիտ անձնազոհության մի սրտառուչ պատկեր էր ներկայացնում։ Երեքն էլ զինված էին, տանում էին իրենց հետ իրենց ստացած նամակները, նույնիսկ ճանապարհին օրագրական հիշատակարան էին գրում` նրա մեջ պատմելով իրենց հայրենասիրական զգացմունքները և թե ինչի համար են գնում։ Չուհ-Գյադուկ մեծ լեռնանցքի մի կիրճում երեք միամիտները հանդիպում են մի խումբ թուրք զապթիաների, կռվի են բռնվում նրանց հետ։ Գուլաքսզյանը փախչում ազատվում է, իսկ մյուս երկուսը սպանվում են։ Առաջին զոհերն էին սրանք, հայդուկային երեխայական մտայնության առաջին զոհերը։

Այս լուրը տարածվեց ամեն տեղ` հիացմունք և խանդավառություն պատճառելով հայ շրջաններին։ Նահատակներ… Այսպես են մեծարվում երկու ընկածները։ Զրույցների մեջ էին մտնում սրանք, ավելի ևս իդեալացրած, փայլուն կերպարանքով։ Այդ զրույցները մեզ մոտ` Շուշի էլ հասան. պատմվում էին հավաքույթների մեջ, հավաքական մտայնություն էին ստեղծում։

Իսկ Վանի Խալիլ-փաշան[73] այս փոքրիկ, անհավասար կռվից ստեղծեց իրեն փառավորող մի ամբողջ պատերազմական գործ։ Երեքի արշավանքը մեծ դեպք հայտարարվեց։ Սպանվածների վրա գտնված թղթերը թարգմանվեցին և տպագրվեցին Կ.Պոլսի լրագրերում։ Դեպքի մասին խոսեցին ոչ միայն եվրոպական լրագրերը, այլև Կ.Պոլսի դեսպանները։ Փոքրիկ դրաման իր բոլոր մանրամասնություններով մտավ անգլիական պառլամենտական «Կապույտ գրքի» մեջ։ Աբդուլ-Համիդը փաստ ունեցավ ձեռքին, թե սկսվել է հայերի ապստամբությունը Թուրքիայի դեմ։ Խալիլ-փաշան ավելի ևս սաստկացրեց իր ճնշումները Վանի հայերի վրա, ստիպեց նրանց ստորագրել այնպիսի ուղերձներ, որոնց մեջ նրանք իրենց անսահման հլու հպատակությունն էին հայտնում սուլթանին, ասում, որ միանգամայն գոհ են, ոչ մի բարենորոգման կարիք չեն զգում և խնդրում էին, որ կառավարությունն անխնա պատժի հայ խռովարարներին, որոնք արտասահմանից գալիս են վրդովելու սուլթանի խաղաղ հպատակների կյանքը։

Չուհ-Գյադուկի զույգ սպանությունները կազմում էին, եթե կարելի է ասել, նախատոնակ` ավելի խոշոր, ավելի խոր ցնցող դեպքերի, որոնք հաջորդաբար, կարճ ընդհատումներով ծայր էին տալիս 1890 թվականին. մի տարի, որ վճռական նշանակություն էր ստանում հայ ժողովրդի ճակատագրի համար։

Դեպքերից առաջինը տեղի ունենացավ Էրզրում քաղաքում, այդ տարվա հունիսի 8-ին և ներկայացնում էր հնչակյանների կազմակերպած դիմադրությունը թուրք կառավարությանը։ Ոստիկանությունը զորքերով շրջապատեց հայոց եկեղեցիներից մեկը, որպեսզի խուզարկություն կատարի նրա մեջ` պատրվակ բռնելով այն, թե ինքը տեղեկություն ունի, որ եկեղեցու մեջ զենքերի պահեստ կա։ Բազմությունը, որ հավաքվել էր եկեղեցու շուրջը, լսում է, որ խուզարկություն կատարող պաշտոնյաներն անարգանքով են վերաբերվել եկեղեցու սրբություններին։ Բայց և այնպես, խուզարկությունն անարգել կատարվում է, և կասկածելի ոչինչ չի գտնվում։ Հետևյալ օրը հայերը փակում են իրենց խանութները և ժողովվում եկեղեցու բակում` իրենց առաջնորդից բացատրություն պահանջելու և եղած անարգանքների դեմ բողոք հայտնելու համար։ Պարզ նկատելի էր, որ ցույց էր կատարվում կառավարության դեմ։

Վալին[74] պահանջում է բացել խանութները, բայց հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք արգելում են բաց անել։ Այդ ժամանակ վալին զորք է ուղարկում ամբոխի դեմ։ Հրամանատարն սկսում է համոզել, որ հավաքվածները հեռանան։ Երբ այս անլսելի է մնում, զորքերը հրացան են պարպում օդի մեջ։ Այս էլ չի օգնում։ Հայերի կողմից ռևոլվերի պայթյուններ են լսվում։ Այդ ժամանակ հրամանատար սպան զինվորներին հրամայում է դուրս քշել ամբոխը եկեղեցու գավթից։ Զինվորները հարձակվում են հայերի վրա, բայց հայերն էլ զինվորների վրա են գնում։ Երկու կողմերը խառնվում են իրար։ Հայերի կողմից ընկնում են սվիններով սպանվածներ և վիրավորվածներ։ Սարսափով բռնված ամբոխը դուրս է գալիս գավթից և փախչում դեպի տները։ Արյունահեղությունը մեծանում է այս վայրկյանից։ Փողոցները լցվում են վաղօրոք պատրաստած և զինած թուրք խուժանով, որ հարձակվում է փախչող հայերի վրա։ Ընդհանուր առմամբ այդ օրը հայերի կրած կորուստը լինում է մոտ 20 սպանված և 200-300 վիրավոր։

Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։

Իսկ հայերի համար հունիսի 8-ի կոտորածը դառնում էր մի չտեսնված մեծ գործ։ Ահա հայերն էլ ապստամբեցին, ահա նրանց արյունն էլ թափվեց։ Հիմա որ Եվրոպան կմիջամտի, կազատի հայերին թուրքերի ձեռքից։ Երգ հյուսվեց` խրոխտ, ինքնավստահ, անչափորեն լցված ինքնասիրության զգացմունքից ժայթքած, որ շատ պարզորեն պատկերում է Էրզրումի արյունահեղության բերած ակնկալությունները.

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն։
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չտեսած`
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ։

Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիորդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին։
Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ`
Պատերազմի դաշտի վերա վերք տալ` ստանալ։

Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է`
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։
Անմիություն` տունը քանդող հայոց խեղճ ազգին
Հրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին։

Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։
Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,
Ուրախական ողջույն տվավ հայրենասերին։

Ցնծա, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան…

Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից։ Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից։ Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց՝ բողոքելու համար այդ անտարբերության դեմ։ Այդ ցույցը տեղի ունեցավ Էրզրումի դեպքից երեք շաբաթ հետո` հուլիսի 15-ին, Կ.Պոլսում, որ հռչակված է Գում-Գափուի ցույց անունով։ Հետաքրքրական են այն նկատառումները, որոնք հարկադրեցին հնչակյաններին թուրքական մայրաքաղաքն ընտրել իբրև ցույցի վայր։ Այդ նկատառումներից կարելի է եզրակացնել, թե ինչ աստիճանի էր հասնում հեղափոխական կուսակցության քաղաքական հասունությունը։ Ցույցի գլխավոր հերոս Ճանկյուլյանն ասում է, թե պատճառները հետևյալներն էին.

«1. Հայաստանի մեջ պատահած կոտորած մը եթե Պոլսո մեջ հրապարակային բողոքի և զայրույթի տեղի չտա, հայաստանցիները կվհատին` տեսնելով, որ իրենց վրա մտածող չկա, և բոլորովին անհույս ու անօգնական թողնված են իրենց բարբարոս հարստահարիչներուն ձեռքը։ Այս աննպաստ գաղափարին հուզումը հեղափոխական նորածագ ոգուն ձուլման դեմ մեծ արգելք մը պիտի հանդիսանար. ցույցը հարմար կդիտվեր Պոլսո մեջ, քանի որ հայերու մտավոր, բարոյական և ազգային գլխավոր կենտրոն մը կնշվեր։

2. Հայաստանի մեջ կատարված կոտորած մը կրնար Եվրոպայի աչքեն վրիպել կամ տարբեր գույնով ներկայացվել անոր, կամ դարձյալ եվրոպական շահերուն հետ այնչափ մեծ առնչություն չունենալով` անտարբերությամբ դիտվել Եվրոպայի մեջ։ Եվրոպական դեսպաններուն աչքին առջև առաջ եկած ուժգին բողոք մը ավելի կնպաստեր Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու երկրին կացության վրա[75]. միջազգային շահերու հանդեպ Կ.Պոլսո բացառիկ կարևորությունը անծանոթ չէր ոչ ոքի։

3. Եթե հայկական հուզումը սահմանափակված մնար միմիայն Հայաստանի մեջ, գլխավորաբար Ռուսիո ուշադրության առարկա պիտի ըլլար` ավելի մոտեն շոշափելով անոր շահերը իբրև սահմանակից պետության, և կրնար անոր պատրվակ մը ընծայել օրին մեկը հանկարծ գրավելու Հայաստանը, մինչդեռ շարժումը, տարածվելով Հայաստանեն դուրս` Թուրքիո մյուս կողմերը և մասնավորապես մայրաքաղաքին մեջ, մյուս մեծ պետություններուն ալ ուշադրությունը կդարձվեր հայկական խնդրին վրա, մասնավորապես Անգլիո, զոր, կնկատեինք, էր դատին ավելի համակիր, քան Ռուսիան։ Հայկական խնդիրը պետությանց միջև խնդիր մը դարձնելն ավելի նպաստավոր կերևար մեր ազգային շահերուն։

4. Մեր ազգային ցրված վիճակը և մայր երկրին մեջ բազմաթիվ օտար ցեղերու խառն բնակությունը կրնային անհաջողության մատնել միայն մայր երկրին մեջ կատարվելիք հայկական շարժում մը։ Հայության այս բացառիկ վիճակն ալ կպահանջեր, որ հայկական շարժումը Հայաստանի սահմաններեն դուրս կատարվեր. այդ պարագային Պոլիսը կարելի չէր անտես ընել, ուր 200 հազարե ավելի հայեր կբնակին` պանդուխտներով միասին։

5. Չարիքին աղբյուրը Պոլիս ըլլալով` հայտնի կնշմարվեր, թե բնաջնջման ծրագիրն էր, որ կգործադրվեր. նպատակահարմար կգտնեինք, որ առաջին բողոքն ալ պետք է ըլլար Կ.Պոլսո մեջ, նույն ինքն Պալատին քթին տակ…

6. Հինգ-վեց դարերե ի վեր գերության մեջ հեծող և մասամբ ստրկացած ժողովուրդի մը մեջ երբ հանգամանքներու բերմամբ ոգևորություն և հեղափոխական տրամադրություն կծագի, հեղափոխականները պարտական են օգտվել այդ հանգամանքեն և ոգևորությունեն` հեղափոխության ոգին ավելի հաստատ, ավելի գիտակցական ու գործնական դարձնելու և ընդհանրացնելու ժողովրդին խավերու մեջ. և հեղափոխական գաղափարը ծավալելու ու արծարծելու ամենեն արդյունավոր ու ազդեցիկ միջոցը հեղափոխական գործունեությունն է։

7. Երբ թուրք կառավարությունը և թուրք ժողովուրդը տեսնեին մի անգամ հայերուն մեջ տիրող համերաշխությունը և համոզվեին, թե Հայաստանի մեջ իրենց կողմե տրված հարվածն անպատճառ կրնա ունենալ իր հակահարվածը ուրիշ տեղ մը, և մանավանդ այդ ուրիշ տեղն ըլլար Կ.Պոլիս` միջազգային շահերու այդ խիտ կենտրոնը, կենթադրվեր` ավելի զգուշավոր քաղաքականության մը կհետևին և չեն համարձակվիր նոր կոտորածներ կազմակերպել երկրին մեջ»։

Այս մանրամասն պատճառաբանությունները մեր առաջ են հանում մի կուսակցություն, որ իր ձեռքն էր առել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, նրա ֆիզիկական գոյության հարցը, բայց իր այդ ահագին դերին վերաբերվում էր թեթևամտությամբ և տհասությամբ։ Թուրքահայ ժողովուրդն այնպիսի դրության մեջ էր, որ ամեն մի խնամք և հոգածություն նրա մասին պիտի լիներ՝ պաշտպանել նրա գոյությունը։ Հնչակյանները շատ լավ գիտեին, որ սուլթան Համիդը բնաջնջման քաղաքականություն է գործադրում հայերի վերաբերմամբ, բայց և այնպես, չէին ուզում, որ Ռուսաստանը գրավեր Թուրքահայաստանը, այսինքն՝ փրկեր թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Ի՜նչ տարբերություն Եվրոպայում ուսում առած այս «մարքսիստ» երիտասարդների և հին պահպանողական[76] «դավաճան» համարվող կղերական Աշըգյան պատրիարքի մեջ, որ գրում էր Մակար կաթողիկոսին, թե ոչ մի պետություն չի կարող փրկել թուրքահայերին, բացի Ռուսաստանից, և աղաչում էր նրան` դիմել Ալեքսանդր Գ կայսրին և հայցել նրա հովանավորությունը։

Հնչակյանները հավատում էին, թե Անգլիան Ռուսաստանից ավելի համակիր է Հայոց դատին։ Սա նշանակում էր չիմանալ երեկվա պատմությունը, մոռանալ այն թշնամությունը, որ Անգլիան հանել է Հայոց հարցի դեմ` հենց առաջին իսկ օրերից։ Իմպերիալիստական մի գիշատիչ պետության առավելություն տալ մի ուրիշի նկատմամբ, այս մի ողորմելի մանկամտություն էր[77]։ Կարծում էին, թե Թուրքիայի ամենահեշտ խոցելի տեղը Կ.Պոլիսն էր, ուր կենտրոնացած էին եվրոպական չափազանց խոշոր շահերը։ Մտածում էին, թե Եվրոպան այնքան վտանգված կտեսներ իր շահերը Կ.Պոլսի մեջ կատարված հայկական ցույցերից, որ կհարկադրեր սուլթանին բավարարել հայերին։ Չէին կարողանում մտածել, որ, ընդհակառակը, հենց Կ.Պոլսում վտանգված եվրոպական շահերը պիտի հարկադրեին պետություններին` ուժեղացնել սուլթանին, որպեսզի նա ճնշի հայկական շարժումը և այդպիսով պաշտպանի եվրոպական շահերը։ Տղայական միամտության ծայրահեղ աստիճանն էր` կարծել, թե Եվրոպան թույլ կտա, որ Կ.Պոլսում ուրիշ մի որևէ հեղինակություն բարձրանա, բացի սուլթանականից։ Չէին կարողանում հասկանալ հայ հեղափոխականները, որ եթե Եվրոպան միանգամից ցույցին ապստամբության իրավունք տար, այլևս վերջ ու սահման չէր լինի մի բուռ մարդկանց պահանջներին, և սուլթանական իշխանությունը, որի վրա եվրոպական կապիտալը հիմնում էր իր բարեբախտությունը, իրապես կդառնար գերի ցանկացած հեղափոխական կազմակերպության ձեռքի։

Բայց ամենից ծանր, մղձավանջային հանգամանք դուք տեսնում եք այն բանի մեջ, որ հնչակյանները գիտեն, թե իրենց շարժումներով պիտի կոտորածներ առաջացնեն ասիական Թուրքիայի հայ ազգաբնակչության մեջ, սակայն այս կոտորածներն են, որ պիտի առաջ բերեն եվրոպական միջամտություն և Հայոց հարցի բարեհաջող լուծում։ Թշվա՜ռ ժողովուրդ, որի արյունը ոչինչ արժեք չուներ նույնիսկ իր միջից դուրս եկած գործիչների համար, որոնք միայն աշխատում էին, որ այդ կոտորածներն անծանոթ չմնային Եվրոպային կամ սխալ մեկնաբանություններով չլուսաբանվեին։ Աշխատում էին, որ կոտորածները տեղի ունենային Եվրոպային մոտիկ տեղեր, նրա դեսպանների քթի տակ։ Դրվում էր թուրքահայ ժողովրդի մահվան դատավճիռը։ Համիդը վճռեց կոտորածներով պատասխանել հեղափոխականներին, իսկ հեղափոխականները չեն սարսափում, չեն փախչում այդ կոտորածներից, այլ վճռել են նրանցով դրդել, հարկադրել Եվրոպային, որ նա գործի։

Եվ այսպիսով դանակը դրվում էր հայ ժողովրդի կոկորդին։

Այս մեղքերը, տղայական անհեթեթությունները միայն հնչակյաններին չէին հատուկ։ Նրանք դարձան ամբողջ հայ հեղափոխության տխուր սեփականություն։ Կարելի էր միայն այն հավանականության վրա հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կզգաստանան, կբուժվեն ռոմանտիզմից, կսկսեն բազմաթիվ փորձերով խրատված մտքի լրջությամբ ըմբռնել քաղաքական դասավորումների, ուժերի փոխհարաբերությունների ռեալ պահանջները և դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն եղանակի փոփոխումներ կտանեն։ Բայց, ի դժբախտություն հայ ժողովրդի, այդ հույսերը չարդարացան։ Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչև իրենց կատարյալ կործանումը։

1890թ. ամռանը մեծ խոսք ու զրույց տարածվեց Կ.Պոլսում տեղի ունեցած արյունալի դեպքի մասին, որի նմանը սուլթանների մայրաքաղաքը դեռ չէր տեսել։ Լրագրերը տեղեկություններ էին բերում, հետաքրքրությունն աճում էր հետզհետե։ Ինչ ասել կուզի` որ հուլիսի 15-ի ցույցը պատճառում էր ավելի ևս մեծ հրճվանք, քան Էրզրումի կոտորածը. Հայոց դատը շատ մեծ հաջողության էր հասնում։ Կասկած չէր մնում, որ այս անգամ Եվրոպան այլևս լուռ չէր մնա։ Հե՞շտ էր ասելը։ Դեռ երեկ ստրկության մեջ անասնացած հայությունը Թուրքիայում այսօր այնքան էր առաջ գնացել ազատասիրության ճանապարհին, որ տակնուվրա էր անում ամբողջ Կ.Պոլիսը մահմեդական շատ խոշոր տոնի՝ Գուրբան-բայրամի[78] օրը, այն միջոցին, երբ օսմանյան ամբողջ բարձր պաշտոնեությունը, հավաքված Ելդըզի պալատում, համբուրում էր Աբդուլ-Համիդի քղանցքը։ Դեռ երբեք` Կ.Պոլիսը նվաճելու օրից չէր տեսնված այսքան հանդուգն մի արարք քրիստոնյա որևէ ժողովրդի կողմից։

Այս ճիշտ է` գործողությունը հերոսական էր։ Բայց պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ` նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար։

Գում-Գափուի ցույցն այս էր գծագրում. Հնչակյան կուսակցության կողմից խմբագրվել էր մի պահանջագիր, որի մեջ պահանջվում էր վերացնել հայ ժողովրդի վրա ծանրացած կացության դժոխային պայմանները։ Հնչակյան գլխավոր գործիչներից երկուսը, իրենց հետ վերցնելով հնչակյան զինված հայդուկներ, հուլիսի 15-ի առավոտյան, կիրակի, պիտի գնային Գում-Գափուի պատրիարքարանի Մայր եկեղեցին, և այդտեղ մեկը ժամերգության միջոցին պիտի բարձրանար սեղանին և կարդար հնչակյան պահանջագիրը, իսկ մյուսը, բռնելով այդտեղ գտնվող Աշըգյան պատրիարքին, պիտի հարկադրեր նրան գնալ իր հետ Ելդըզի պալատը, ուր այդ պահանջագիրը պիտի հանձնվեր սուլթան Աբդուլ-Համիդին։ Երկու գլխավորներն էին՝ Հարություն Ճանկյուլյան` վանեցի խանութպան Կ.Պոլսում, և Համբարձում Պոյաճյան` ուսանող, որ կրում էր Մուրադ[79] կեղծանունը։ Եկեղեցու մեջ գլխավոր կարգադրողի դերն իր ձեռքն էր առել Ճանկյուլյանը, իսկ Մուրադը նրա օգնականի պես մի բան էր։

Ճանկյուլյանը երկար մանրամասնություններով պատմել է այդ օրվա իր «հերոսությունները», և մենք այդ մանրամասնությունների մեջ տեսնում ենք, թե որքան շատ երեխայական գծեր կային այդ ցույցի մեջ։ Ճանկյուլյանը ցատկում է սեղանին, սկսում կարդալ «պահանջագիրը»։ Քահանաներից մեկը, աննկատելիորեն մոտենալով նրան հետևից, հանկարծ խլում է թուղթը նրա ձեռքից և փախչում սեղանի հետևը։ Ճանկյուլյանը ռևոլվերը բռնած վազում է նրա հետևից, բայց խաչկալի դուռը փակված էր, և նա իջնում է ցած` տեսնելու, թե ինչ եղավ Աշըգյանը, որ փախել էր եկեղեցուց։ Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված։ Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին` թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի։ Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ։ Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է։ Ճանկյուլյանն անողոք է։

Բռնության գործողությունները փոխադրվում են պատրիարքարանի շինության մեջ, ուր Աշըգյանը փակվում է մի սենյակի մեջ։ Ճանկյուլյանը պաշարման է ենթարկում այդ սենյակը` կանգնեցնելով նրա դռների մոտ ռևոլվերներով զինված հնչակյան զինվորներ. ինքն էլ շարունակ բանակցություններ է վարում պաշարված կղերականի հետ, սպառնում` նրա վրա իր ռևոլվերը քաշելով, թե կսպանի նրան, եթե չգնա իր հետ։ Աշըգյանը, պաշտպանվելով իր աղաչանքներով, հաճախակի նվաղումներով, համառորեն մերժում է այդ պահանջը. թե՛ պատրիարքին և թե՛ նրա կողմնակիցներին վախեցնելու, մանավանդ և մի հայի վրեժը հանելու համար, Ճանկյուլյանը տալիս փշրում է պատրիարքարանի դահլիճում կախված օսմանյան թուրղուն (պետական զինանշանը) և Աբդուլ-Համիդի պատկերը։ Պատրիարքին երկար այսպես տանջելուց հետո հնչակյան շեֆը դիմում է վերջին միջոցին։ Նորից մտնում է Աշըգյանի մոտ` տանելով իր հետ մի քանի հնչակյան զինվորներ։ Ներս մտնելուն պես այս վերջիններն ուղղում են ռևոլվերները պատրիարքի վրա, իսկ Ճանկյուլյանն ասում է, որ մի նշանով ռևոլվերները կարձակվեն, եթե նա իսկույն չգնա իր հետ։ Եվ թշվառ հոգևորականը չի կարողանում այլևս տանել իրեն ցնցող սարսափները, վեր է կենում և անձնատուր լինում։

Մի անզեն և վախից դողացող մարդուն նվաճելը մեծ հաղթություն են համարում հեղափոխականները։ Կիսաանզգա պատրիարքին դուրս են բերում փողոց։ Կիտվել է մեծ բազմություն։ Կանչում են. «Կեցցե՛ Հնչակյան կուսակցությունը», «Կեցցե՛ Հայաստան», «Կեցցե՛ ազատությունը»։ Պատրիարքին նստեցնում են կառքի մեջ, ինքը` Ճանկյուլյանն էլ նստում է նրա դիմաց և ցույցը վերջացած է հայտարարում։ Ժողովուրդը ցրվում է, բայց հնչակյան զինվորները գնում են կառքի ետևից։ Հազիվ քիչ առաջ անցած` Աշըգյանը նորից ուշաթափվում է։ Նրան մտցնում են մի հույնի դեղատուն, ուր սթափեցուցիչ դեղերով ուշքի են բերում և նորից կառք նստեցնում։ Բայց այստեղից շատ առաջ չգնացած՝ երթը հանդիպում է թուրք հետևակ և ձիավոր զորքերի, որոնց տանում էր Դերվիշ-փաշան` հայերի ցույցը ցրելու համար։ Տեղի է ունենում կռիվ զորքերի և հնչակյանների մեջ։ Երկու կողմից էլ ընկնում են սպանվածներ և վիրավորվածներ։ Աշըգյանը փոխադրվում է մերձակա տունը, ուր հարց ու փորձի է ենթարկվում։ Ճանկյուլյանը ձերբակալվում է։

Ա՛յս էր հուլիսի 15-ի ամբողջ ցույցը։ Ի՞նչ օգուտ բերեց նա Թուրքահայաստանում անսահման տառապող հայ գյուղացիությանը։ Իրենք` հնչակյանները, ահագին նշանակություն էին տվել իրենց այդ գործին։ Այդ նշանակությունը երևի խոշոր էր, բայց հեղափոխական ռոմանտիզմի կողմից։ Ճանկյուլյանի ռևոլվերը և Աշըգյանի վրա գործադրած բռնությունները ոգևորիչ էին, հեղափոխական դաստիարակություն էին մտցնում ամբոխի մեջ, բայց կար մի ահավոր իրականություն, որի առջև նսեմանում էր այդ նշանակությունը։ Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ ժողովրդի փրկության։ Այս արդեն շատ պարզ էր հեղափոխական բռնկումների առաջին իսկ խառն թվականին` 1890-ին։ Փտած էր այդ ուղղությունը հիմքից։ Միտք ունենալ կարող էին այդ շարժումները միայն այն դեպքում, եթե Եվրոպան, իսկապես, իր պաշտպանության տակ առած լիներ Հայաստանը։ Բայց այդպիսի բան չկար, ու կռիվը ներկայանում էր իբրև մենամարտ հայ ժողովրդի և Աբդուլ-Համիդի միջև։ Եվ պիտի հաղթեր Աբդուլ-Համիդը` իբրև անհամեմատ ուժեղ կողմ։

Գում-Գափուի դեպքը սուլթանը լավ պատրվակ դարձրեց կառավարական սպիտակ տեռոր տարածելու համար հայ ժողովրդի վրա։ Հարյուրավոր մարդիկ նետվեցին բանտերի մեջ` մատնվելով սարսափների և լուռ մահվան։ Թուրքական դատարանները մահվան դատավճիռներ արձակեցին, 10 տարով բանտարկություն, աքսոր նշանակեցին քաղաքական հանցավորների համար։ Այս դեռ Կ.Պոլսում, ուր եվրոպացիներ կային, մեծ պետությունների դեսպաններն էին նստում, որոնց ներկայությունը որոշ չափով զսպում էր Համիդին և համիդականներին։ Իսկ գավառներում այդպիսի հանգամանք չկար, և կառավարության ահաբեկիչ կամայականություններին վերջ ու սահման չկար։ Անգլիական «Կապույտ գրքերը», սակավաթիվ եվրոպացի ճանապարհորդների նկարագրությունները լի են քստմնելի փաստերով, որոնք անհավատալի են դարձնում, թե այդպիսի պայմանների մեջ կարող է ապրել մարդկային որևէ համայնք։

Հնչակյան կուսակցությունը կառավարական տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որի թատերաբեմն էր հանդիսանում գլխավորապես Կ.Պոլիսը։ Սպանվում էին հայ մատնիչները, հայ լրտեսները, որոնց թվում գտնվում էին և հայ հոգևորականներ, սպանվում էին նաև էֆենդիական դասին պատկանող այնպիսի անհատներ, որոնք նկատվում էին իբրև հայկական հեղափոխության թշնամիներ։

Գում-Գափուի ցույցի մի ծանր հետևանքն էլ այն էր, որ հայ ժողովրդի գլխին մի երկրորդ բռնակալ Աբդուլ-Համիդ էլ էր նստում։ Դա Աշըգյան պատրիարքն էր։ Ցույցի հետևանքով նա հրաժարվեց պատրիարքությունից։ Բայց Աբդուլ-Համիդը հետ դարձրեց այդ հրաժարականը, Աշըգյանին իր ձեռքն առավ և դարձրեց իր ամենահավատարիմ և կամակատար գործակալը` հայ հեղափոխության դեմ կռվելու համար։ Աշըգյանը տեսնում էր, որ ոչ մի ուժ չկա սուլթանի դեմ հանդիման կանգնած, ուստի կատարելապես նրան էր նվիրվում, նրա «գթության» վրա հույս դնում և ամեն ջանք գործ էր դնում իր ժողովրդին ևս պատվաստել այդ ուղղությունը, դարձնել այն ազգային քաղաքականություն, դաստիարակել հասարակությունն այն հասկացողության մեջ, թե հայ հեղափոխականները ցնորամիտ երեխաներ են, օտարների գործիք։ Բայց այդպիսի մի խոշոր հեղաշրջում հասարակության հասկացողությունների մեջ չէր կարող կատարել մի անժողովրդական կղերական` լոկ պատրիարքական իշխանությունն ունենալով իբրև պրոպագանդայի հիմնավորության առհավատչյա։ Նրան չէին հավատում, նրան համարում էին հայ ժողովրդի իրավունքները Թուրքիային վաճառող դավաճան։ Գուցե նրա քարոզած քաղաքականությանը փոքրիշատե հեղինակություն տար Աբդուլ-Համիդը, եթե նա լիներ մի հասկացող կառավարիչ և ոչ թե մի ճիվաղ բռնակալ։ Աշըգյանի խոսքին նա կարող էր հեղինակություն տալ իր զիջումներով։ Բայց նա զիջումներ չէր ճանաչում, և մինչ Աշըգյանն իր կոնդակների ու ճառերի մեջ մինչև երկինք էր բարձրացնում սուլթանի մարդասիրությունը, հպատակասիրությունը և նույնիսկ հայասիրությունը, Աբդուլ-Համիդը արգելեց նույնիսկ հայերի Ազգային սահմանադրությունը[80]` երեսուն տարվա մի հիմնարկություն, որ տեղի թե անտեղի հայ ժողովրդի սիրո և պարծանքի առարկան էր։ Այս հարվածը սաստկապես հարվածեց Աշըգյանին։

Ահա, թե որքան դժբախտ հանգամանքներ էին ստեղծվում գավառների մեջ հեծող հայ աշխատավոր ժողովրդի համար։

Ճգնաժամն աճում էր։

Գ

Էրզրումի և Գում-Գափուի դեպքերը, որոնց մեջ գործող հանդիսանում էին թուրքահայերը, բայց համարյա թե միմիայն ռուսահայերի ղեկավարությամբ` խոշոր ազդեցություն գործեցին և՛ Կովկասի հայկական կենտրոններում, և՛ գլխավորապես, իհարկե, Թիֆլիսում, ուր հավաքված էր հայ ինտելիգենտ երիտասարդության մեծագույն մասը։ Հայդուկային ազատամարտը, ինչպես տեսանք, սկզբից ևեթ ռուսահայերի մեջ էր ժողովրդականացել իբրև թուրքահայերի համար ազատություն ձեռք բերելու ամենալավ միջոց։ Տեղի ունեցած դեպքերի թարմ տպավորության տակ Թիֆլիսում էլ գոյություն ստացավ հայդուկային կռվի մի կազմակերպություն՝ «Երիտասարդ Հայաստան» անունով։

1890թ. ամռանը Թիֆլիսում էին գտնվում վերևում հիշատակված մշեցի Սարկավագը[81] և ալաշկերտցի Հարություն-աղան, որոնք եկել էին ռուսահայերից զինվորներ հավաքելու իրենց խմբերի համար։ Պետերբուրգից Թիֆլիս էր եկել և երիտասարդ ուսանող Սարգիս Կուկունյանցը[82]` մի ուտիացի հայ, Նուխիի գավառի Նիժ գյուղից։ Լսելով Սարկավագի և Հարություն-աղայի քարոզներն ու ծրագրերը` երիտասարդ Սարգիսն այնքան է ոգևորվում, որ վճռում է թողնել ուսումը և, անմիջապես խումբ կազմելով, անցնել Թուրքահայաստան։ Նորակազմ «Երիտասարդ Հայաստանը» նրան աջակցում է։ Դրամական միջոցներ հավաքում է Գրիգոր Արծրունին։ Կուկունյանցը մարզում, հագցնում ու զինում է իր հավաքած խումբը, և նույն թվի սեպտեմբերին արդեն գտնվում էր Կարսում։ Նրա հետ էր և Սարկավագը։

Սկսվում է Կուկունյանցի հռչակավոր արշավանքը` մի կատարյալ երեխայական ձեռնարկություն, որ միանգամայն համապատասխանում էր այն ժամանակվա երեխայական հասկացողություններին և տրամադրություններին ու հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ զարդարված էր գաղափարական ինքնազոհության լուսապսակով։

Ես կհիշեմ այդ արշավանքի մանրամասնություններն այնպես, ինչպես նրանք պատմվում էին թե՛ բերանացի և թե՛ գրավոր հիշատակարաններում։ Կուկունյանցը դեպի ռուս-թուրքական սահմանագլուխ դուրս է գալիս սեպտեմբերի վերջերին` բաժանելով իր խումբը երեք մասի. մեկն անձամբ Կուկունյանցն է ղեկավարում, իսկ երկու մյուսների հրամանատարներն էին Սարդար Ավետիսյանը և ղարաբաղցի Աբրահամը։ 15 հոգու հաջողվում է անցնել սահմանը, որից հետո նրանք իսկույն հարձակվում են Հախվերիս[83] անունով գյուղի վրա և բավական վնաս հասցնում նրան։ Գյուղն այն միակ հանցանքն ուներ հայ գաղափարական մարտիկների առջև, որ ուներ թուրք ազգաբնակչություն։ Հարևան երկու թուրք գյուղերի բնակիչները գնում են հարձակվողներին ետ մղելու և կռվի են բռնվում նրանց հետ Չիչագլի կիրճում, որ սահմանագծից հեռու չէր, այնպես որ սահմանապահ ռուս կազակներն ու զինվորները գնում են կռվի վայրը և գյուղացիներից տեղեկանում, որ հարձակվողները հայ ավազակներ են։ Կուկունյանցի մարդիկ խույս են տալիս և ամրանում լեռներում։ Բայց նրանց որսալու համար Թոփրաք-Կալեից (Ալաշկերտ) ուղարկվում է կես վաշտ թուրքական զորք, և մեր հայդուկները հազիվ են կարողանում ազատվել ասկյարներից և ցրիվ գալ զանազան կողմեր։

Այսպես հեշտ չեղավ ռուս սահմանապահ զորքերից ազատվելը։ Կուկունյանցի խմբի մի մասը, մոտենալով սահմանագլխին, համբերություն չի ունենում հանգիստ շարունակելու իր ճանապարհը, և, հանդիպելով մի խումբ թուրքերի, ռուսական հողից դեռևս դուրս չեկած, հարձակվում է նրանց վրա լոկ այն պատճառով, որ նրանք թուրքահպատակներ էին և վերադառնում էին իրենց գյուղերը։ Սպանվում են 10 թուրքեր կամ, ոմանց ասելով, քրդեր[84]։ Երկու օրից հետո խումբը մտնում է Գյումուշ-Թափա անունով անտառը` Կաղզվանի մոտ, որպեսզի անցնի սահմանը։ Անտառում երեք հոգի փայտահատ թուրք է լինում. նրանցից երկուսին սպանում են կուկունյանցականները, իսկ երրորդը կարողանում է փախչել և, հասնելով Կաղզվան, իմաց տալ ռուսական իշխանությանը։ Սպաներից մեկը մի հարյուրյակ կազակներով գնում է հետապնդելու հայ «ավազակներին», որոնք խույս տալով նրա առջևից` թաքնվում են մոտակա գյուղի այգիներում։ Այդտեղ էլ նրանց շրջապատում են ռուսները և առաջարկում անհապաղ անձնատուր լինել։ Կուկունյանցը ոչ միայն մերժում է, այլև կրակ է բաց անում, որից վիրավորվում է մի կազակ։ Այդ ժամանակ հրամանատար սպան օգնական զորք է պահանջում և, մի ամբողջ օր պաշարման դրության մեջ պահելով Կուկունյանցին, վերջապես հարկադրում է նրան անձնատուր լինել իր հետ եղած մարդկանցով։ Ով կարողանում է ազատվել, փախչում է Պարսկաստան։

Անձնատուր եղածների հետ ռուս կառավարությունը վարվում է իբրև ավազակների։ Ամենքը կապվում ու բանտ են նետվում, թեև բոլորն ամեն կերպ հավատացնում են, թե իրենք ավազակներ չեն, Ռուսասանի դեմ ոչ մի վատ դիտավորություն չեն ունեցել, այլ միայն ուզեցել են անցնել Թուրքիա և այնտեղ տանջվող իրենց եղբայրների վրեժը հանել։ Ռուս իշխանավորներին սաստիկ գրգռում են մանավանդ խմբի զինվորների ուսերին կապած «Հ. Մ.» հայերեն տառերը, որոնք նշանակում էին «Միություն Հայաստանի»[85]։ Հենց այդ գաղափարի հետ էլ չէր կարող հաշտվել ցարական Ռուսաստանը։ Ուստի և ամենայն խստությամբ ռուս չինովնիկներն օգտագործեցին Կուկունյանցի խմբի այն գործողությունները, որոնք կարող էին, օրենքի հիման վրա, ավազակային հարձակումների տեղ ընդունվել։ Այս միջոցով ամբողջ խումբը, Կուկունյանցի հետ միասին, Երևանի շրջանային դատարանի կողմից դատապարտվեց տաժանակիր աշխատանքների` Սախալին կղզում։

Ահա այս իսկ երեխայական և իր կույր նացիոնալիստական բնազդներով անհամակրելի արկածախնդրությունն էր իր գործունեության իբրև սկիզբ ընդունում «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը։ Բայց նա այդ անունը պինդ չգրկեց։ Հայ հեղափոխության օգուտը պահանջում էր, որ բոլոր կազմակերպությունները միանան, մի ընդհանուր մարմին դառնան։ Այս մասին Թիֆլիսում կայացան խորհրդակցություններ, և վճռվեց, որ «Երիտասարդ Հայաստանը» կոչվի «Դաշնակցություն» և միացնի իր հետ Հնչակյան, Արմենական կուսակցություններն ու այդպիսով գոյություն ստանա մի կուսակցություն` դաշնակցային հիմքերի վրա, այսինքն` յուրաքանչյուրի ներքին ինքնավարության պայմանով։ Այդ «Դաշնակցությունը» պիտի հրատարակեր իր սեփական օրգանը՝ «Դրոշակ» անունով։ Այս երկու անուններն էլ` «Դաշնակցություն» և «Դրոշակ», թարգմանվեցին Ժնևի հնչակյան մի ուսանողի առաջարկությամբ, ռուսաց հեղափոխական իրականությունից։ Ժնևում այդ ժամանակ կար «Союз русских революционеров»[86], և այդ «союз»-ը թարգմանվեց «դաշնակցություն»։ Իսկ «Դրոշակը» Ամերիկայում հրատարակվող ռուս հեղափոխական «Знамя»[87] թերթի անունից էր վերցվում։

Բայց, ինչպես և պետք էր սպասել, հեղափոխական կազմակերպությունների միությունը չկայացավ։ Եվ այս, իհարկե, դարձյալ ի դժբախտություն հայ ժողովրդի։ Հաշվի չառնելով արմենականությունը, որ երբեք չկարողացավ ուժեղ ու ազդեցիկ կուսակցություն դառնալ հայ իրականության մեջ, մնում էին երկու գլխավոր կազմակերպություններ` հնչակյան և դաշնակցական, որոնք շատ շուտով իրար հանդեպ բռնեցին հակառակորդի, անհաշտ թշնամու դիրքեր։ Ամեն մեկն աշխատում էր ցույց տալ, թե ինքն է լավ գործում, հեղափոխական առատ արդյունքներ տալիս։ Ամեն մեկն աշխատում էր մյուսին գերազանցել հախուռն գործողություններով, և այս անմիտ ու տղայական մրցակցության, այս թայֆայական հակամարտության դառն պտուղները կլանողն ուրիշ ոչ ոք չէր լինում, բացի և միայն հայ ժողովրդից։ Հնչակյան կուսակցությունը մինչև 1896թ. գտնվում էր հաջողության և լայն ժողովրդականության գագաթնակետին։ Այդ միջոցին նա, արբեցած իր դիրքերից, առանձին ուշադրություն չէր դարձնում Դաշնակցության վրա և գրեթե միայն լրագրական բանակռվով էր բավականանում։ 1896-ից սկսվում է հնչակյանների անկումը։ Այդ ժամանակից էլ կռիվը երկու կազմակերպությունների միջև ընդունում է կոպիտ, նույնիսկ արյունոտ ընդհարումների ընթացք` ավելացնելով հայ ժողովրդի աղետների թիվը։

Եվ այսպես, 1890 թվականից սկիզբ է առնում Դաշնակցությունը։ Սկզբի երկու տարիներին նա շատ թույլ գործունեություն ուներ, համարյա միանգամայն աննկատելի էր, բավականանում էր գրեթե միայն նրանով, որ պարծենում էր իր անդրանիկ գործով` Կուկունյանցի դժբախտ արշավանքով։ Ես կարող եմ ասել, որ չնայած այս հանգամանքին` Դաշնակցությունը հենց սկզբից ռուսահայերի մեջ համեմատաբար ավելի համակրանք գտավ, քան Հնչակյան կուսակցությունը։ Այս երևույթի պատճառը կարելի է հեշտ բացատրել` նկատի առնելով, որ Դաշնակցության կառուցողն ու պահպանողը սկզբի տարիներին մշակական[88] երիտասարդությունն էր, ամենաեռանդունը, եթե կարելի է ասել` ամենակարմիրը ամբողջ ռուսահայության մեջ։ Պետք է ասել և այն, որ Հայաստանի ազատության գաղափարը մշակականության հետ միացնում էր և շատ տարրեր պահպանողական խավերից, որոնք սովորաբար կոչվում էին նորդարականներ[89]…

Այս հանգամանքը պարզ նկատելի էր և մեր գավառական իրականության մեջ` Շուշիում։ Հնչակյաններին չհաջողվեց Շուշիում տեղական կոմիտե հաստատել, թեև նրանք իրենց շարքերում ունեին շուշեցի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին Բարսեղ Զաքարյանը և Շմավոն Հովհանյանը (Գաբրիել Կաֆյան)։ Իսկ դաշնակցական տեղային կոմիտե կազմվեց հենց 1891 թվականից, և նրան անդամագրվեցին թե՛ մշակական և թե՛ նորդարական երիտասարդներ, ինչպես նաև չեզոք քաղաքացիներ։ Ես էլ էի անդամ։ Եվ սակայն ի՞նչ գործունեություն էինք ցույց տալիս. այն միայն, որ մեր ռոճիկներից ամսական որոշ տոկոս վճարումներ էինք անում և գանձած փողը մեր գանձատան խնայողական արկղի մեջ պահում։ Եվ երբ բավական փող էր հավաքվում, ուղարկում էինք Թիֆլիս, ուր արդեն, ինչպես լսում էինք, կուսակցության կենտրոնում սկսվել էին վեճեր ու հակառակություններ։

Բոլոր այն ձեռնարկումները, որոնք սկսվեցին այդ ժամանակ` թե՛ զուտ հեղափոխական և թե՛ կազմակերպչական հողի վրա, երեխայական բովանդակություն ունեին։ Մի այդպիսի գործ էլ Շուշիի մեր կոմիտեն կատարեց։ Մեր գանձից 60 ռուբլի ծախսեցինք և մի լավ հրացան գնեցինք դարալագյազցի Գրիգոր քահանայի համար, որ քաջի համբավ էր հանել և իր գյուղից Շուշի էր եկել մեզ հայտնելու, թե Թուրքահայաստան է գնում։ Հիշում եմ, թե որպիսի հանդիսավորությամբ էր այդ հրացանը հանձնվում տեր-Գրիգորին։ Մենք հավաքվել էինք Շուշիի թեմական դպրոցի ուսուցիչ Հակոբ Ճաղարբեգյանի մոտ ու հիացմունքով զրույց էինք անում գյուղական երիտասարդ տերտերի հետ, որ ամեն կերպ աշխատում էր մեզ հավատ ներշնչել, թե ինքը կկատարի իր խոսքը և կերթա կռվելու Հայաստանի ազատության համար։ Ճաղարբեգյանը լավ խոսել գիտեր և մի սիրուն ճառ ասաց, մենք ամենքս համբուրեցինք տերտերի ձեռքը և ճանապարհ դրինք նրան։

Գնա՞ց նա արդյոք, ես չգիտեմ։ Մոտ քառորդ դար անցնելուց հետո էր, համաշխարհային պատերազմի ժամանակ, որ ես դաշնակցական մի թերթի պատկերազարդ հավելվածի մեջ տեսա մի կամավորական խմբի նկար։ Կամավորների առաջևից գնում էր յափնջին վրան գցած, մաուզերը բռնած մի ձիավոր։ Նկարի տակ գրված էր, թե դա դարալագյազցի տեր-Գրիգորն է, 75-ամյա հասակում։ Եվ ես հիշեցի մեր տված հրացանը։ Արդյո՞ք գնաց նա այն ժամանակ։ Բայց մի՞թե հարցը գնալ-չգնալու մեջ էր։ Հարցը մեր վերաբերմունքի մեջ էր, մեր` արդեն մորուքավոր մի խումբ մարդկանց, որ կարծում էինք, թե մի հրացան, մի քաջ մարդ ուղարկելով Թուրքիա, մենք ուժ ենք ստեղծում, որ կարող է սասանեցնել սուլթանի գահը։ Ամաչել մեր այս անծայր միամտությունից մենք չէինք կարող, որովհետև ամենքն էին այդպես մեր իրականության մեջ, և ոչ ոք չէր ամաչում։

Մի ուրիշ գործ էլ կատարեց Շուշիի տեղական կոմիտեն, բայց այն ժամանակ ես արդեն հեռացել էի իմ ծննդավայրից։ Կոմիտեն մի ամբողջ խումբ կազմակերպեց Շուշիի դատարկապորտ երիտասարդներից, որոնք ամեն տեղ հայտնի են «լոթի» անունով։ Մինչև Թիֆլիս հասնելու համար, ուր նրանք պիտի մտնեին կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ, այդ լոթիները բավական փող ստացան իբրև ճանապարհածախս։ Բայց դուրս գալով Շուշիից` միայն մի քանի վերստ գնացին. մի կողմ թողնելով խճուղին` գնացին Խանքենդի (այժմ՝ Ստեփանակերտ) ավանը և ամբողջ մի շաբաթ քեֆ անելուց ու բոլոր փողերը մսխելուց հետո վերադարձան քաղաք։ Աբդուլ-Համիդը բախտավոր աստղի տակ էր ծնվել, թե չէ…

Մի օր էլ լուր առանք, թե Դաշնակցությունը քայքայվում է։ Թիֆլիսում հրապարակ էր եկել մի նոր հեղափոխական գործիչ` լեռնային ինժեներ Կոստանդին Խատիսյանը, շատ կրքոտ մի երիտասարդ, որին որոշ չափով համարձակություն էր տալիս նրա հոր գրաված բարձր պաշտոնը պետական ծառայության մեջ։ Պատմում էին, որ նա իրենց տանն ազատորեն ուժանակ է պատրաստում հեղափոխական մեծամեծ ձեռնարկումների համար, որոնց ծրագրելու մեջ նա մեծ հմտություն էր ցույց տալիս։ Նա ձեռնարկել էր Դաշնակցության միջից մի ֆրակցիա հանել, որ պիտի գործեր ինքնուրույնաբար` իր ղեկավարությամբ և իր կազմած ծրագրով։ Մի օր Թիֆլիսում կազմված ֆրակցիայի կողմից Շուշի եկավ ուսուցիչ Մանուկ Աբեղյանը, որ հավաքեց մեզ` Դաշնակցության կոմիտեի անդամներիս, սկսեց բացատրել Կոստանդին Խատիսյանի ֆրակցիայի առավելությունները և համոզել, որ Շուշիի կոմիտեն դառնա այդ ֆրակցիայի բաժանմունքը։ Խատիսյանական ծրագրի մեջ վառ երևակայություններ շատ կային, բայց ես այժմ մոռացել եմ դրանք։ Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ այդ մտքերի և հավանականությունների մեջ մեծ տեղ էին գրավում ուժանակային ռումբերը, որոնց պատրաստության համար նա նախագծում էր մի ամբողջ գործարան հիմնել Բուլղարիայում։ Մենք չհակաճառեցինք անգամ։ Ով ուզում է թող ազատի Հայաստանը` մենք հոժարությամբ պատրաստ ենք մեր ամսական տուրքը նրան տալ։ Դրանից ավել գործունեություն մենք նույնիսկ չէինք իմացել և չգիտեինք։

Բայց Խատիսյանի ֆրակցիան շուտով ջուրն ընկավ, և Դաշնակցությունն էր, որ մնաց գործի գլուխ։ Այդ ժամանակ էր, որ այն իրենց ձեռքն էին առնում մի քանի կարող երիտասարդ ուժեր, որոնց մեջ արդեն անուն էին հանել մանավանդ երկուսը՝ Քրիստափոր Միքայելյանն[90] ու Սիմոն Զավարյանը[91]։ Մեր վճարումներն առաջվա պես գնում էին Դաշնակցության կենտրոնական կոմիտեին։ Շուտով նրա կողմից Շուշի եկավ ուսանող Տիգրան Հովհաննիսյանը։ Եկել էր մի մեծ գումար տանելու, և որոշվել էր այսպիսի մի հեքիաթ։ Կազմակերպությունը, իբրև թե, արտասահմանում գնել էր մեծ քանակությամբ զենք, որ նավով ուղարկված էր Պարսից ծոց` այնտեղից, Պարսկաստանի վրայով, Թուրքահայաստան փոխադրելու համար։ Ճանապարհածախսի համար հարկավոր էր մի մեծ գումար։

Այս հեքիաթն, իհարկե, ինքը` Տիգրան Հովհաննիսյանը չէր հնարել, որ այն ժամանակվա մշակական երիտասարդության լավագույն ներկայացուցիչներից էր համարվում։ Բայց որ նա էլ այնքան էր հավատացել այդ հեքիաթին, որ դրա շրջիկ քարոզիչն էր դարձել, հենց ա՛յն է ապացուցում, որ այն ժամանակ մեզանում անվերապահ հավատն էր թագավորում, և քննադատական վերաբերմունքը միանգամայն բացակայում էր։ Ասացե՛ք` ո՞ւմ կարող եք այսօր հավատացնել, թե հնարավորությունների կարգումն է մեծաքանակ զենքերի փոխադրությունը Պարսկաստանի վրայով՝ նույնիսկ գաղտնիքը չպահպանելով, արձակ կերպով։ Ինչքա՞ն ծախս կնստեն հենց միայն փոխադրող քարավանները։

Տիգրան Հովհաննիսյանն ընդունվեց շատ սիրալիր կերպով, այդպես էլ ճանապարհ դրվեց Շուշիից, բայց` առանց փողի։ Պատճառն այն չէր, որ ձեռնարկությունը կասկածելի էր թվում մեզ։ Փող չունեինք. եթե ունենայինք, կտայինք, ինչ խոսք։

Դ

1892թ. Կովկասի հայության կյանքում տեղի ունեցան մի քանի խոշոր դեպքեր։ Մայիսին Էջմիածնում կատարվեց կաթողիկոսական ընտրություն. բոլոր կողմերից (Թուրքիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից) եկած պատգամավորների բոլոր ձայներով ընտրվեց Մկրտիչ արք. Խրիմյանը (Հայրիկ կոչված)։ Սա մի խոշոր ցույց էր սուլթանի դեմ։ Խրիմյանը` Հայոց հարցի հեղինակներից մեկը և Հայաստանի ազատագրության վաղեմի երգիչն ու քարոզիչը, Գում-Գափուի ցույցի հետևանքով աքսորվել էր Երուսաղեմ։ Նրա ընտրությամբ մշակական ուղղությունն իրեն համարում էր իր վաղեմի բաղձանքին հասած, որ 1884 թվին չէր իրականացել Ներսես Վարժապետյանի հրաժարման պատճառով։ Խրիմյանին աքսորից ազատելով և կաթողիկոսական աթոռի վրա նստեցնելով` ստեղծվում էր, ինչպես շարունակում էին կարծել, մի շատ նպաստավոր դրություն` Հայոց հարցը պետությունների հերթական և անհետաձգելի խնդիր դարձնելու համար։ Ուստի կաթողիկոսական ընտրությունը հավասար չափով ուրախացնում էր և երկու հեղափոխական կուսակցություններին։ Դաշնակցականներն այդ ընտրությանը մինչևիսկ գնացել էին Էջմիածին՝ պրոպագանդայի և օտար տեղերից եկած պատգամավորների հետ տեսնվելու ու խորհրդակցելու համար։

Նույն տարին առանձնապես շեշտվեց նաև մի շարք նշանավոր գործիչների մահերով։ Մեռան Գամառ-Քաթիփան, Խորեն Նար-Պեյը[92], Գարեգին Սրվանձտյանցը[93], իսկ տարվա վերջին` նաև Գրիգոր Արծրունին։ Մանավանդ այս վերջին մահը չափազանց խոր տպավորություն թողեց ամբողջ հայության վրա, և դեկտեմբերի 27-ին նրա թաղումը Թիֆլիսում տեղի ունեցավ այնպիսի մի հանդիսավորությամբ, որի նմանը դեռ երբեք չէր տեսել այդ քաղաքը։

Իբրև Շուշիի բարեգործական ընկերության կողմից պատգամավոր` ես էլ ներկա էի այդ թաղմանը։ Դեկտեմբերի 27-ը դարձավ միաժամանակ քաղաքական մի խոշոր ցույց՝ ցարական բյուրոկրատիայի դեմ։ Սահմանված էր, որ թաղման հանդեսը Վանքի եկեղեցուց դուրս գալով` Բարյատինսկայա փողոցով կբարձրանա Գոլովինսկի պրոսպեկտ և Երևանյան հրապարակով կմտնի Միջին փողոցը` դեպի Խոջիվանք գնալու համար։ Թիֆլիսի նահանգապետ Շերվաշիձեն, սակայն, փոփոխություն էր մտցրել այդ երթուղու մեջ` հպատակվելով Կովկասի կառավարչապետ Շերեմետևի[94] ցուցումներին, որ Հայկական դատի և շարժումների թշնամին էր։ Պատճառ բերելով կառավարչապետի հիվանդոտ դրությունը` Շերվաշիձեն անհարմար էր համարել, որ ժողովրդական կուտակումներից բաղկացած սգերթը պալատի առջևով անցնի, ուստի ճանապարհ էր նշանակել Լոռիս-Մելիքյան փողոցը։ Երիտասարդությունը, վրդովվելով այդ կարգադրությունից, որոշեց չհնազանդվել դրան։ Այդ պատճառով, երբ եկեղեցական հանդեսը բարձրանալով Բարյատինսկայա փողոցով` ուզեց մտնել Լոռիս-Մելիքյան փողոցը, հետևից եկող բազմահազար ժողովուրդը նրան սաստիկ հրելով առաջ քշեց` ոտքի տակ տալով բազմաթիվ քաղաքապահ ոստիկանների, և դուրս գալով Գոլովինսկի պրոսպեկտ` այն լցրեց ծայրից ծայր և, անդիմադրելի լավայի պես առաջ շարժվելով, պալատի մոտ և Դվորցովայա փողոցում լռեցրեց հոգևորականության ձայնը՝ երգեր երգելով և «Կեցցե՛ Հայաստան» կանչելով։ Ոստիկանապետը կազակներով թռավ ցույցի տեղը, բայց ուշ էր արդեն, ժողովրդական ծովի հետ արդեն ոչինչ չէր կարելի անել։ Նրան մնաց բավարարվել հանդիսատեսի դերով։

Այս քաղաքական ցույցը շատ խոր տպավորություն թողեց մանավանդ ինձ` գավառից եկած երիտասարդիս վրա։ Շուտով ես ծանոթացա և այն մարդկանց հետ, ովքեր նրա գլխավոր առաջնորդներն էին հանդիսացել։

Թաղումը տևեց շատ երկար։ Ճառախոսների թիվը մեծ էր, բայց ճառերի մեջ շատ քչերն էին աչքի ընկնում իրենց ուժեղ և ինքնատիպ բովանդակությամբ։ Դրանցից մեկն էր Սիմոն Զավարյանի ճառը. համարձակ, հեղափոխական, մանավանդ՝ հակակղերական` ուղղված գերեզմանը շրջապատած բազմաթիվ տերտերների դեմ։

Մութ էր, երբ վերադարձանք Խոջիվանքի գերեզմանատնից։ Մի մեծ խմբով գնացինք բժիշկ Հ. Լոռիս-Մելիքյանի տուն, Վելյամինովսկայա փողոցի ծայրում, ուր պիտի հանգստանայինք ու մի-մի բաժակ թեյ խմեինք։ Բայց կար և մի ավելի հետաքրքրական «օրակարգ»։ Դա այն էր, որ մշակական երիտասարդությունը կամենում էր իր համար շեֆ ընտրել` վախճանված Արծրունու տեղ։ Մեզ հետ էին և Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանը, որոնք արդեն շատ հայտնի էին երիտասարդության մեջ և այդ տարի էին վերադարձել վարչական աքսորից։ Նախքան թեյի նստելը` նրանք երկուսով ինձ տարան պատուհանի մոտ` դահլիճի մի անկյունը, և հետս մտերմական խոսակցություն սկսեցին։ Առաջին անգամ էի տեսնվում նրանց հետ, և հենց առաջին իսկ վայրկյանից հմայված էի նրանց անուշ վարվեցողությամբ ու մտերմական սրտաբացությամբ։ Միքայելյանը մի տիպիկ ռուս նարոդնիկ էր, իսկ Զավարյանի մասին ասում էին, թե սա նույնպես մի ամուր հեղափոխական խառնվածք է, բայց կոսմոպոլիտական լայն հայացքներով, և նոր սովորում է դառնալ հայ հայրենասեր, նույնիսկ ազգայնական[95]։

Մեր խոսակցությունը միայն Դաշնակցության շուրջն էր պտտվում։ Երկու սրտակիցները, իրենց անփոփոխ սիրուն ժպիտներով զարդարված, ինձ պատմեցին, որ Դաշնակցությունն արդեն վերջնականորեն կազմակերպված է, որ այդ տարի իրենք ունեցել են ընդհանուր ժողով, որն ընդունել և հաստատել է կուսակցության ծրագիրը։ Ամեն խոսքից երևում էր, որ իմ առջև կանգնած երկու ընկերներն էին կազմակերպության հոգին։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ ուղղությամբ է այժմ գործում Դաշնակցությունը։ Պատրաստվում էին խմբեր՝ Թուրքահայաստան ուղարկելու համար, ձեռք էին բերվում զենքեր և պայթուցիկ նյութեր։ Գլխավոր հենակետ ընտրված էր Պարսկաստանը, ուր արդեն պատրաստություններ էին տեսնվում զինանոցներ և հայդուկային կայաններ կազմակերպելու համար։ Մի խոսքով, երկուսի պատմելով` գործունեությունը եռում էր։ Սակայն զգացվում էր դրամական միջոցների պակասություն։ Շուշիի կոմիտեն ամենաթույլերից մեկն էր, վերջին ժամանակները համարյա բոլորովին գոյության նշաններ ցույց չէր տալիս և հարաբերություններ չէր պահպանում կենտրոնի հետ։ Այդ պատճառով Միքայելանն ու Զավարյանն ինձ խնդրեցին, որ Շուշի վերադառնալուց հետո աշխատեմ նորից կենդանացնել կոմիտեն, և տվեցին ինձ նորահաստատ ծրագիրը։ Ես խոստացա անել ինչ որ հնարավոր է, և մենք իրարից բաժանվեցինք իբրև վաղեմի բարեկամներ։

Թեյի վրա խոսք բացվեց Արծրունու հաջորդի ընտրության մասին։ Թեր և դեմ խոսակցությունները ցույց տվին, որ սա մի պարապ հարց է, և այն լուծել մի այսպիսի պատահական ժողովում անկարելի է։ Ավելի լավ համարվեց` թողնել, որ ինքը՝ ժամանակը լուծի, թե ով կլինի երիտասարդության հոսանքի ղեկավարը։ Եվ սա միանգամայն արդարացի էր։ Ժամանակը խոր բաժանումներ պիտի մտցներ երիտասարդության մեջ, որ այսպիսով մի առաջնորդ չպիտի ունենար, այլ մի քանի։

Եվ այսպես, Դաշնակցությունը երկու տարուց դուրս էր գալիս գրեթե կիսակենդան դրությունից, կազմակերպչական թափ էր ստանում 1892-ին։ Այնպես որ, նրա հիմնադրումը, իսկապես, այս թվականից պետք է հաշվել։ Նա արդեն ուներ իր որոշ և պարզ գաղափարախոսությունը, հայտնում էր, թե ինչ նպատակ ուներ և ինչ միջոցներով էր ուզում իրագործել այդ նպատակը։

Եվ առաջին իսկ վայրկյանից երևան էր գալիս մի շատ պարզ հանգամանք։ Այն, որ Դաշնակցությունը, հանդես գալով մեծամեծ խոսքուզրույցով, ճառերով, պատրաստություններով, իսկապես ոչինչ նոր բան չէր մտցնում այն գործի մեջ, որ իր համար նպատակ էր ընտրել, այն է` թուրքահայերի ազատագրության մեջ։ Սա մի անկախ ծրագիր չէր, այլ գրեթե լոկ կրկնություն հնչակյան ծրագրի։ Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն դավադրական եղանակը` տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը։ Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գծում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակականության տեղը և գործել նրա նման։ Այդպես էլ եղավ։ Հենց այս միանմանությունն էր, թվում է ինձ, որ այնքան կատաղի էր դարձնում մրցությունն այս երկու կազմակերպությունների միջև։ Բախվում էին ոչ թե գաղափարները, ոչ թե տակտիկական և ռազմավարական հարցերը, այլ բախվողը միշտ և գերազանցապես կաշվի հարցն էր։

Նմանությունն ավելի ևս ցայտուն, աչք ծակող դարձնելու համար՝ դաշնակցական ծրագիրն էլ մեջտեղ էր բերում մարքսիզմը՝ ազգայնականությունը և ազգամոլությունը` իր կարմիր քղամիդով զարդարելու համար։ Դա ես ցույց տվի հնչակյան ծրագրի մասին խոսելիս։ Այստեղ ինձ թույլ կտամ նմուշներ բերել դաշնակցական ծրագրից, որ գրված էր թուրքահայ բարբառով։

«Այն ժամանակեն,- կարդում ենք ներածության մեջ,- երբ մարդկությունը մտեր է քաղաքականության[96] ճամբուն մեջ, այն ժամանակեն, երբ նա սկսեր է իր պատմությունն ունենալ, ամեն տեղ և ամեն ժամանակ կտեսնենք իշխողներ և կեղեքվողներ, տանջողներ և տանջվողներ։ Տառապյալներու լացին ու կոծին, աշխատավորին ծանր տնքոցին հետ ամեն տեղե մեր ականջին կհասնին ձրիակեր իշխողներու ցնծալից աղաղակները։ Այսպես եղել է անցյալին մեջ, այսպես է այժմ, սակայն այդպես պիտի չըլլա ապագային մեջ. մենք վստահ ենք ասոր։ Շատ լավ կտեսնենք, թե ինչպես իշխող դասակարգերը միշտ կիյնան ավելի ու ավելի, թե ինչպես աշխատանքը հետզհետե ձեռք կձգե իր իրավունքները, թե ինչպես կեղեքվող տարրը հսկայական քայլերով կմոտենա իր վերջնական հաղթության։ Եվ այդ տարրը կհասնի կատարյալ հաղթության, երբ կվերանան ամեն տեսակ դասակարգեր, երբ աշխատանքի միջոցները և արդյունքը կդառնան աշխատավորին կատարյալ սեփականությունը, երբ մարդոց կառավարության կփոխարինե իրերու կառավարությունը։

Բայց ինչպե՞ս կարելի է հասնել այդ բաղձալի ապագային։

Կար ժամանակ, երբ մարդկության բոլոր ցավերը բուժելու, տիրող անհավասարությունը ջնջելու, եղբայրություն, ազատություն և հավասարություն հաստատելու համար մարդկության ռեֆորմատորներ (բարենորոգիչներ) երևան կուգային այս կամ այն վարդապետությունով, իրենց որոշ «հավատոց հանգանակներով»։ Համոզված իրենց վարդապետության արդարադատությանը, ոգևորված վեհ զգացումներով, պատրաստ կրել ամեն տեսակ զրկանքներ, զոհել կյանքն իսկ իրենց գաղափարները մարմնացնելու համար` այդ ռեֆորմատորները կնայեին ամբողջ մարդկության վրա այնպես, ինչպես իրենց վրա։ Անոնք հավատացած էին, թե բովանդակ մարդկային հասարակությունը կարող է ունենալ նույն զգացումները, նույն ձգտումը, նույն պատրաստակամությունը, ինչ որ իրենք ունին, թե իրենց վարդապետությունը կարող է իրականանալ հենց վաղը, պետք է միայն քարոզել, հասկացնել անոր արդարությունը և օրինակներ ցույց տալ։

Անցան դարեր, մեկ վարդապետություն հաջորդեց մյուսին, շատ ռեֆորմատորներ զոհվեցան, բայց և այնպես կտեսնենք, թե մարդկության մեկ մասը, որու համոզվիլն իսկապես անհրաժեշտ է, որովհետև անոր ձեռքը կգտնվի անարդարության բանալին, դեռևս չէ համոզվել, չուզեց համոզվել և ոչ մեկ կերպ ալ չի համոզվեր, քանի որ ատիկա իր գործին չի գար։ Համոզեցեք քաղաքակրթված լորդը, թե իրավունք չունի իռլանդացիները կեղեքելու, համոզեցեք բարձրագույն ուսում ստացած գործարանատերը, թե անարդար կերպով է, որ իր գրպանը կլեցնե բանվորներու աշխատանքը, համոզեցեք վերջապես քյուրդը, որ ինքը ոչ մեկ բարոյական իրավունք չունի ալաշկերտցիին տունը և ընտանիքը գրավելու։

Պատմության դառն ու դաժան դասերը ակներև կերպով ցույց տվին միանգամայն, թե մարդկության տանջված մասին իր դառն վիճակը հասկանալը, համոզվիլը, մինչև իսկ զայն բարեփոխելու բաղձալը դեռևս բավական չեն հաղթանակը տանելու, թե ասկե զատ անհրաժեշտ է ձեռք բերել իրական ուժ ալ։ Բայց որովհետև իրական ուժը հանկարծակի չստեղծվեր, որովհետև անիկա արդյունք է գոյություն ունեցող պայմաններու և կփոփոխվի այդ պայմաններուն փոփոխության համեմատ, ուստի պարզ է, թե ոչ մեկ հանրային կազմակերպություն, որքան ալ իդեալական ըլլա, մեկ անգամեն անկարելի է իրականացնել, թե այդ իդեալական կազմակերպության կարելի է հասնել միմիայն գոյություն ունեցող պայմանները բարեփոխելով։

Ահա ճիշտ այս պատճառով մենք ասպարեզ չենք իջեր իբրև այս կամ այն ուտոպիական (մտացածին) վարդապետության պատկանողներ, չենք ձգտեր մտցնել մեր կյանքին մեջ այս կամ այն «դավանությունը»` հանդերձ իր «հանգանակներով», մեր ժողովրդին չենք նկարագրեր այժմ այս կամ այն իդեալական հանրային կազմակերպությունը իր բոլոր մանրամասնություններով։ Մեր ձգտումն է, որ ծրագիրը կենսական ըլլա, մեր աշխատությունը գլխավորապես կենտրոնացած է մեր երկրին ներկա դրության վրա. մեր նպատակն է անողոք և անաչառ քննադատության ենթարկել մեր կյանքին ներկայիս մեջ գոյություն ունեցող պայմանները, մերկացնել բոլոր այն ցավերը, որոնցմե կտանջվի մեր բազմաչարչար ժողովուրդը և, հիմնված ընկերական գիտության դրական օրենքներու վրա, պարզել այդ ցավերուն էական պատճառները և միաժամանակ կատաղի կռիվ մղել այդ ցավերը պատճառող ֆակտորներու (սատարներու) դեմ։ Հիմնված այդ դրական օրենքներուն և երկրին ներկա պայմաններուն վրա` կարծարծենք, կպարզենք այն դրությունը, զոր անհրաժեշտ կհամարենք, որ փոխարինե ներկային»։

Դաշնակցական գաղափարախոսները մեզ հավատացնում են, թե այս ներածությունը կարդացված և ընդունված չի եղել 1892-ի ընդհանուր ժողովում, այլ գրվել է հետո, երբ ընդհանուր ժողովն իր ընտրած հատուկ հանձնաժողովին հանձնարարել է իր ընդունած ծրագրային որոշումների վերջնական խմբագրությունը։ Խմբագրական հանձնաժողովը, գտնելով, որ լավ չէ միմիայն չոր ու ցամաք կազմակերպչական կանոններ դնել ծրագրի մեջ, որոշել է տալ և մի ընդհանուր ներածություն, որի հորինումը հանձնել է իր անդամներից մեկին` մարքսիստ Ստեփան Զորյանին[97] (Ռոստոմ, «Քոթոթ» անվանված), որի մտքի արդյունքն է կազմում ներածությունը։ Մի գործ, որ վերին աստիճանի բնորոշ է նորակազմ հեղափոխական մարմնի համար։ Այստեղ չկա հնչակյան ծրագրի սկզբում դրված «մարքսիստական» հայեցակետը։ Այստեղ «մարքսիզմն» ընդունվում էր քողարկված ձևի տակ, ակնարկների մանվածապատ և մշուշապատ դարձվածքների մեջ։ Պետք է նկատի առնել, որ հնչակյան սոցիալիզմը խրտնեցնում էր շատ շատերին։

Դաշնակցությունը զգուշանում էր բուրժուական հասարակությանը խրտնեցնելուց, քանի որ իր ամբողջ գործունեությունը հիմնում էր հենց այդ հասարակության աջակցության վրա։ Մթնեցնելու, հետք կորցնելու նպատակ ուներ, անշուշտ, և ներածության լեզուն` իբր թե թուրքահայոց բարբառ, որ, սակայն, թուրքահայի ձեռքով չէր գործածված, այլ ռուսահայի[98]։ Բայց միևնույն ժամանակ, չէր կարելի մի ժողովրդական-ազատագրական շարժում ծրագրել քաղաքական հողի վրա` առանց հաղորդելու նրան ռամկավարական և ընկերվարական բովանդակություն։ Ուստի Դաշնակցությունն ստիպված էր կես բերանով ընդունել և սոցիալիզմը։ «Դրոշակի» մեջ նա էլ, Հնչակյան կուսակցության նման սոցիալիզմը հայտարարում էր հեռավոր նպատակ և այնուհետև երկար ժամանակ կա՛մ բոլորովին չէր խոսում, կա՛մ շատ քիչ էր խոսում այդ մասին։

Այսպես, ուրեմն մի երեսով դեպի բուրժուազիա, մյուս երեսով` դեպի սոցիալիզմ։ Այս երկերեսությունը մնաց կազմակերպության ամենագլխավոր հատկանիշը, և այսպես մինչև վերջը։ Դաշնակցության մեջ տեղ ուներ թե՛ նացիոնալիստ-պահպանողական թուրքահայ խմբապետը, և թե՛ սոցիալիստական վարդապետության իբր հարած երիտասարդ ուսանողը։ Ամեն մեկը հավատում էր, թե իր ասվածն է պաշտպանվում Դաշնակցության մեջ։ Ավելացնեմ, սակայն, որ Հնչակյան կուսակցության մեջ էլ դրությունն այս կողմից շատ լավ չէր։ Առհասարակ թուրքահայերը, իբրև արդյունաբերական մի շատ հետամնաց երկրի ժողովուրդ, միշտ էլ խորթ մնացին ընկերվարական շարժումներին, և թուրքահայ դատի համար մղվող պայքարը նկատում էին բացառապես իբրև ազգայնական գործ։ Առաջ ապրելու հնարավորություն գտնել և ապա միայն որոշել, թե ինչպես ապրել։ Այս բանի մեջ իրար հետ համաձայն էին երկու հեղափոխական, իրար հակամարտ կուսակցություններն էլ։

Ե

Ք. Միքայելյանին և Ս. Զավարյանին տված խոսքս չկարողացա կատարել փոքրիշատե բավարար չափերով։ Կարողացածս միայն այն էր, որ վերականգնվեց արդեն գոյություն ունեցած և գրեթե մեռած կազմակերպությունը։ Բայց այդ մի մեծ բան չէր։ Ինտելիգենցիայի մի շատ սահմանափակ շրջան` բաղկացած հայոց դպրոցների ուսուցիչներից, բժիշկներից և փաստաբաններից. ահա այդ կազմակերպությունն էր, որ կարողանում էր իր կամավոր ամսավճարներով շատ համեստ գումարներ գանձել։ Թուրքահայ հեղափոխական գործը լայն ժողովրդականություն չէր գտնում, որովհետև պակասում էին եռանդոտ պրոպագանդիստները։ Եվ բացի դրանից, Թիֆլիսից վերադառնալուց հետո, ես Շուշիում մնացի ընդամենը մի քանի ամիս։ 1893-ի գարնանը ես թողեցի իմ 12-ամյա հեռագրական ծառայությունը և մտա մասնավոր պաշտոնի մեջ` տեղափոխվելով Բաքու։

Իմ «խոզեյիններն» էին մի քանի հարուստ շուշեցի երիտասարդներ, որոնք մինչև այդ իմ ընկերներն էին և Բաքվում ընկերովի տպարան էին բացել։ Ինձ նշանակել էին կառավարիչ, որպեսզի դրանով թե՛ ինձ հնարավորություն տային ավելի լայն չափերով գրականությամբ պարապելու և թե՛ առհասարակ Բաքուն հայ գրական մի կենտրոն դարձնեին։ Այս պետքն զգացվում էր վաղուց։ Նավթային մայրաքաղաքի մեջ հայկական կապիտալն արդեն շատ խոշոր ու ծավալուն կուտակումներ էր արել, հետևաբար այն ժամանակվա հասարակարգի օրենքների համեմատ, պետք կլիներ սպասել, թե նյութական բավականաչափ միջոցներ կլինեն մի գրական-հրատարակչական գործունեություն արդյունավորելու համար։

Գնում էի մեծ ու վառ հույսերով, բայց տեսա մի դժոխք, որը, սակայն, բարի ցանկություններով էր սալահատակած։ Ամբողջովին մի անասնական-եսամոլ կյանք, մի հսկայական կեր ու խում, որի մեջ ծիծաղ էին հարուցում բոլոր մտքերը հայ մտավորական արժեքների մասին։ Հասարակական հարցերով և մասնավորապես հայ կյանքի հարցերով կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «ազգասիրությամբ» պարապում էին մի խումբ վարժապետներ և սակավաթիվ ինտելիգենտներ, որոնք կապիտալիստական կատաղի վլվլուկների մեջ իրենց համար մի անկյուն էին առանձնացրել, ուր արդեն մեղք էլ էր համարվում շարունակ շահից, եկամուտից, մուրհակից ու ֆոնտանից[99] խոսելը։ Ես պարզապես գնում էի այդ անվարտիք իդեալիստների խումբը մեկով ավելացնելու։

Ամենից շատ առօրյա, ամենից շատ հուզող հոգսն այդ խմբի մեջ, իհարկե, Հայոց հարցն էր։ Դաշնակցությունը խոր արմատներ էր ձգել նավթային մթնոլորտի մեջ։ Հնչակյանություն ես համարյա բոլորովին չնկատեցի։ Մինչդեռ, եթե ճիշտ լիներ այդ կազմակերպության մարքսիստական հիմնաքարը, նա էլ, ուրեմն, պիտի աչքի ընկնող դիրք և նշանակություն ստացած լիներ ապշերոնյան արդյունագործական աշխարհում, ուր հայ բանվորությունն արդեն հազարներով էր հաշվվում։ Պետք է ասեմ, որ զուտ բանվորական կուսակցություն այն ժամանակ գոյություն չուներ Ռուսաստանի և ոչ մի կողմում։ Բաքվի բանվորության մեջ պրոլետարական դասակարգային գիտակցություն դեռ չկար, ուստի նրա խորքերի մեջ հեշտությամբ էին թափանցում ազգայնական գաղափարները։ Գործողը, հեղինակություն ստացողը Դաշնակցությունն էր։ Մի քանի անգամ հրավիրվեցի տեղական կոմիտեի նիստերին և տեսա, որ այդ հիմնարկությունն էլ լոկ դրամական հանգամանք ուներ, նույնպես իր ամսավճարները հասցնում էր Թիֆլիսի կենտրոնին, որ և այսպիսով մնում էր Թուրքահայաստանում տեղի ունեցող հայդուկային շարժումների միակ իրական կարգադրիչը։

Կոմիտեի անդամներից մեկը` Ներսես Դավթյանը, Բալախանի[100] և այլ բանվորական վայրերի ներկայացուցիչն էր, որ զեկուցում էր տալիս բանվորական կազմակերպությունների մասին և կապում նրանց կոմիտեի հետ։ Այս կազմակերպությունները, որքան հիշում եմ, ոչ շատ բազմաթիվ էին և ոչ էլ շատ խոշոր զանգվածներ էին պարունակում իրենց մեջ։ Սա երևում էր հենց այն գումարներից, որ Դավթյանն ամեն ամիս մտցնում էր կոմիտեի դրամարկղը` իբրև բանվորական վճարներ։ Այդ տուրքն, այո՛, մեծ չէր։ Հայդուկային հեղափոխության գաղափարն ամենից ավելի լավ նավթահանքերի և նավթային գործարանների բանվորության մեջ էր պատվաստվում. և այստեղից` այս խավերից դուրս եկան շատ ու շատ այնպիսի աշխատավորներ, որոնք իրենց արյունով ողողեցին Թուրքահայաստանի լեռներն ու դաշտերը` թե՛ իբրև անվանի, թե՛ միանգամայն անհայտ մնացած հերոսներ։

Բայց չի կարելի ասել, թե Բաքվի կոմիտեն, բացի ամսավճար հավաքելուց, ոչինչ չէր անում։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել այնպիսի նիստերի, ուր անկախ գործունեության ծրագրեր էլ էին առաջարկվում։ Այդպիսին էին, օրինակ, ինժեներ Կոստանդին Խատիսյանի զեկուցումները։ Նրան տրված էր խոսելու գեղեցիկ ընդունակություն։ Եվ նա պերճորեն ապացուցում էր, թե կռիվը Թուրքահայաստանի համար կարելի է դարձնել հաղթական և վճռական միայն այն դեպքում, երբ կիրագործվի իր ծրագիրը, որ էր` Սալմաստում մի ամբողջ լաբորատորիա ստեղծելը` զենքեր և պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։ Իբրև մասնագետ, նա կարդում էր ամբողջ տեխնիկական նախագծեր, նախահաշիվներ և այլն, ջերմորեն ապացուցում էր, թե իր առաջարկներն ուտոպիա, ցնորքներ չեն, այլ կարող են հեշտությամբ գլուխ գալ, եթե մի 25-30 հազար ռուբլի դրամագլուխ գտնվի։

Եթե գտնվի… Բայց որտեղի՞ց գտնվեր։ Բաքուն, մի անսպառ ոսկեհանք էր Մանթաշյանների[101], Ղուկասյանների և նրանց նման շատերի համար, բայց մի անպտուղ ու անջրդի անապատ էր այն գործի համար, որ առաջ էր տարվում Բալախանի, Սև Քաղաքի[102] հալումաշ բանվորների գրոշներով։ Խատիսյանի այս ձեռնարկությունն էլ գլուխ չեկավ։ Եվ նա ինքն էլ շուտով դարձավ գործարանատեր, խրվեց շահագործման և հարստացման հոգսերի մեջ ու բոլորովին մոռացավ Սալմաստն էլ, Խոյն էլ, Վանն էլ…

1892-1893թթ. հայդուկային-դավադրական հեղափոխության առաքյալները գործում էին Թուրքիայի ասիական նահանգների գրեթե բոլոր հայաբնակ վայրերում` սկսած Կիլիկիայից մինչև Ուրմիա լիճը։ Այս ամբողջ տարածությունը մի լռիկ համաձայնությամբ բաժանվել էր այսպես` Հնչակյան կուսակցությունն իր կարգադրության տակ էր առել ամբողջ արևմտյան մասը, Փոքր Ասիայի կողմերը, իսկ արևելյան մասերում գործում էին թե՛ դաշնակցական և թե՛ տեղային անկախ հայդուկային խմբերը, որոնք մանր կռիվներ էին անում գլխավորապես քրդերի դեմ։ Թե՛ բովանդակությամբ և թե՛ ընդարձակությամբ հնչակյանների գործունեությունն էր հարուստը։ 1893-ին հնչակյանները, կարծեք թե, գտել էին գործողությունների ավելի ուղիղ ճանապարհ։ Նրանք փորձում էին մտցնել հայկական շարժումն ընդհանուր օսմանյան պետականության հունի մեջ` ազատագրական գաղափարը պատվաստելով նաև մահմեդական կեղեքվող տարրերին։ Սակայն այս խելացի փորձը տարվում էր վերին աստիճանի անշնորհք կերպով։

Փոխանակ մահմեդական դժգոհ տարրերին իրենց մոտեցնելու, նրանց սերտ գործակցության և համահավասար իրավունքներով կազմակերպչական ու ղեկավար դեր ստանձնելու հրավերներ կարդալու` հնչակյանները խաբեբայական միջոցներ էին կիրառում։ Այն է` կազմում և տարածում էին կեղծ կոչեր` իբրև թե գրված մահմեդականների ձեռքով. սրանք ժողովրդին հրավիրում էին հնչակյանների հետ կռիվ հայտարարելու սուլթանական բռնակալությանը։ Կեղծիքը չխաբեց ոչ ոքի և միայն թուրքաց կառավարությանն առիթ տվեց բազմաթիվ ձերբակալություններ կատարելու հնչակյանների մեջ և ստեղծելու մի խոշոր դատաստանական գործ, որ հայտնի է Անկյուրայի կամ Գաղատիայի դատավարություն անունով, որ ավարտվեց մահվան դատավճիռներով և աքսորներով։

Միաժամանակ սուլթան Աբդուլ-Համիդը ձեռք էր առնում և ավելի արմատական միջոցներ հետզհետե աճող հեղափոխական հուզումների դեմ։ 1892թ. նրա հրամանով կազմակերպվում էին քրդական գնդեր` ռուսաց կազակ[ական] զորքի օրինակով։ Անկանոն հեծելազորային այդ գնդերը սուլթանի անունով ստանում էին Համիդիե անունը։ Կառավարությունը նրանց զենք էր տալիս, թեթև կերպով զինվորական մարզումների էր ենթարկում և, ամեն մի գունդ թողնելով իր տեղում, պարտավորեցնում էր զորաժողով լինել կառավարության առաջին պահանջով։ Որքան և այս ձեռնարկությունը քողարկվում էր պատերազմական ընդհանուր նկատառումներով, ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե Համիդիե գնդերի կազմակերպման ամենագլխավոր, եթե ոչ միակ, շարժառիթը նրանց միջոցով հայերին զսպելն էր։ Այսպիսով, ուրեմն, ստեղծվում էր մի նոր սոսկալի վտանգ հայ ժողովրդի համար։ Սա զգում էին ամենից առաջ իրենք` հայերը, և նրանցից շատերն այս երկյուղից դրդված` թողնում էին իրենց հայրենի երկիրը և գաղթում օտար երկրներ։ Այս պարզ զգում էին և Թուրքահայաստանում գտնվող եվրոպական հյուպատոսները։

Էրզրումի անգլիական հյուպատոսը քրդական գնդերի պատճառած ընդհանուր երկյուղի թարգմանն էր հանդիսանում իր կառավարության առաջ, որ, սակայն, բավականանում էր Կ.Պոլսի իր դեսպանին մի թուղթ ուղարկելով, որով և սպառվում էր ամբողջ հարցը, իսկ անպաշտպան և անզեն հայ գյուղացին դրվում էր կատարելագործված զենքերով զինված, պաշտոնապես ապահով և անպատասխանատու դիրքի մեջ դրված քրդի լիակատար տրամադրության տակ։

Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ։ Կարծեք, քրդերի կազմակերպումը կարևոր նշանակություն ունեցող երևույթ չէր և այն կարելի էր արհամարհել։ Այդպես էլ արեցին։ Արհամարհեցին։ Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց։ Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց։ Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան։

Եվ երկար չսպասեց։ Նույն 1892-ի աշնանը Անգլիայում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ։ Հաղթությունը տարավ ազատական կուսակցությունը, և կառավարության գլուխ անցավ Գլադստոնը, որ պառլամենտում հերոսական պայքար սկսեց Իռլանդիային ինքնավարություն տալու համար։ Այդ ազատական պայքարը պիտի թևավորեր և հայ հեղափոխականներին` ավելի ևս բորբոքելով նրանց եվրոպապաշտությունը։ Բայց Գլադստոնը ծերության պատճառով չկարողացավ մինչև վերջ տանել իր պայքարը և 1893-ի սկզբներին հրաժարական տվեց` իր տեղը տալով ազատամիտ կուսակցության մյուս լիդերին` լորդ Ռոզբերիին[103], որ շարունակեց կռիվն անգլիական պահպանողականների և կալվածատեր լորդերի դեմ։ Գլադստոնի հիվանդանալն, ուրեմն, ոչինչ չէր փոփոխում Անգլիայի ազատասեր տրամադրության մեջ. Հայոց հարցը պետք էր նորից կենդանացնել և լուծելու համար հանձնել անգլիական ազատամիտ կառավարությանը։

Հնչակյան կուսակցությունն այս նպատակով մի ապստամբություն պատրաստեց Սասունի լեռներում, ուր ամիսներ ի վեր այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում Համբարձում Պոյաճյանը (Մուրադ[104])։ Արդեն 1893-ի ամռանը հաճախացան ընդհարումները հայերի և քրդերի միջև։ Իսկ 1894-ի ամռանը հայերը, մերժելով կառավարությանը հարկեր տալ, բացարձակ ապստամբություն հարուցեցին։ Աբդուլ-Համիդի կարգադրությամբ այստեղ շտապեց Չորրորդ բանակը` Զեքի-փաշայի հրամանատարությամբ։ Սուլթանական հրաման է` ոչինչ և ոչ ոքի չխնայել։ Եվ Սասունի լեռներում սարսափները կուտակվեցին սարսափների վրա։ 27 հայ գյուղեր կործանված են. ազգաբնակչությունը, որի թիվը ոմանք հասցնում են մինչև 10 հազարի, սրի է քաշված։ Լեռնային ժողովուրդն իր այս խիզախ գործը լցրեց իր հերոսություններով և անձնազոհության սքանչելի օրինակներով։ Եվրոպայի համար, այսպիսով հարուստ նյութ էր պատրաստված միջամտելու և գործելու համար։

Սասունի կոտորածի մանրամասնությունները բավական ուշ հասան քաղաքակիրթ կոչված աշխարհին։ Բայց պետք է խոստովանել, որ կոտորածի թողած տպավորությունը շատ ուժեղ էր։ Բուրժուական մամուլը ծայրեծայր լիքն էր տեղեկություններով, հոդվածներով։ Միտինգներ կազմել սկսեցին, զառամյալ Գլադստոնը հրապարակ իջավ` նորից և նորից Թուրքիային հարվածելու, անիծելու համար։ Անգլիան գլուխ էր կանգնում մի շարժման, որ, թվում էր, համաեվրոպական բնույթ պիտի ստանար։ Իսկ հայ ժողովրդի ղեկավար շրջանների վրա (ես այս էլ պարտավոր եմ վկայել) Սասունի արյունոտ սպանդանոցը միայն տխուր ազդեցություն չէ, որ ունեցավ։ Տխրության հետ նկատելի էր և մի տեսակ զսպված գոհունակություն։ Ամեն մեկը, կարծեք, կրկնում էր Գամառ-Քաթիպայի թունոտ խոսքերը՝ «Փառք Աստծո, հայի արյուն ալ ոթեցավ»։ Այս անգամ արդեն թուրքահայ ժողովրդական դժբախտությունը չափազանց մեծ է, որպեսզի կարելի լինի նրան մոռանալ և արհամարհել։

Սասունի ապստամբությունը դառնում էր ազգային պանծալի գործ, որ նախանձ էր պատճառում Դաշնակցությանը։ Ես լսել եմ իմ ականջներով, որ դաշնակցականներն իրենց կուսակցությանն էին վերագրում Սասունի ապստամբությունը և նույնիսկ հավատացնում էին, թե Սասունի գլխավոր հերոս Մուրադը հնչակյան չէ, այլ դաշնակցական է։ Այս վեճը նույնիսկ մամուլի մեջ էլ մտավ։ Դաշնակցականները չէին ուզում զրկվել Հայոց հարցի լուծման պատվից։ Նրանց նախաձեռնությամբ 1895-ի ձմռանը Թիֆլիսի հայ հասարակության կողմից մի քանի ներկայացուցիչ ուղարկվեց Էջմիածին` խնդրելու համար Խրիմյան կաթողիկոսին, որ նա գնա Պետերբուրգ, ներկայանա Նիկոլայ ցարին[105] և խնդրի նրան` միջամտել Հայոց հարցի մեջ։ Մի այդպիսի պատվիրակություն էլ Բաքվից պիտի գնար, և մի ժողովում էլ ես պատվիրակ ընտրվեցի, բայց հրաժարվեցի այդպիսի մի պաշտոն ստանձնելուց։

Բոլոր հանգամանքներն այնպես էին ցույց տալիս, թե հայկական եվրոպապաշտությունն ամենևին սխալված չի եղել։ Փրկարար միջամտությունը, վերջապես, իրագործված էր երևում Սասունի խեղճ ժողովրդի տված 10 հազար զոհերի գնով։ Ռոզբերիի մինիստրությանը[106] հաջողվել էր համաձայնություն կայացնել Ռուսաստանի և նրա նոր դաշնակից Ֆրանսիայի հետ։ Այս երեք պետությունների հյուպատոսները հավաքվեցին Մուշ քաղաքում՝ Սասունի կոտորածի հանգամանքները քննելու համար։ Ակնառու էր այն հանգամանքը, որ եռյակ նիզակակցության պետությունները` Գերմանիա, Ավստրիա և Իտալիա, չէին մասնակցում այս միջամտությանը։ Արևելքի գործերին լավածանոթ քաղաքագետների համար այս մի անսխալ նշան էր, թե Գերմանիան իր դաշնակիցներով պատրաստվում էր օգտվել այն անախորժ տպավորությունից, որ պիտի գործեր սուլթանի վրա երեք պետությունների միջամտությունը։ Գերմանական իմպերիալիզմի համար միանգամայն հասունացել էր ասիական Թուրքիայի նման մի արդյունավետ ու արգասաբեր երկիրը գաղութացնելու ծրագիրը։

Բաղդադի երկաթուղին[107] արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում և սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը։ Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, և Վիլհելմը[108] ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները։ Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը` սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի և նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ։ Սա նշանակում էր, թե այս եռապետյան համաձայնությունը խախուտ է, արհեստական և առաջին հարմար րոպեին պիտի պայթի։

Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է և կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր և առաջարկել սուլթանին, որ հաստատի այն և գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, և այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ[109] անունը։ Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար։ Վերջապե՜ս։ Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները։ Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում։

Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որևէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում։ Հեռու լինելով անջատական հնարավորություններ ստեղծելու կարելիությունից, դրանք իսկապես կարող էին վերանորոգման և վերածնության կոչել ոչ միայն հայերին, այլև նրանց հետ ապրող քրդերին և թուրքերին, որովհետև այս ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին ընդունված էին, այնպես որ կիսավայրենի քուրդը պիտի նստեր հայի հետ գավառական և նահանգական ժողովներում ու պիտի վճիռ տար կրթական և կուլտուրական բարձր շահերին նվիրված հիմնարկությունների մասին։

Բայց և այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչև որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը։ Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ։ Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու[110] ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում։ Խրիմյան կաթողիկոսին, որ ճանապարհվել էր Պետերբուրգ, հարկադրեցին երկար սպասել Նոր Նախիջևանում, մինչև որ ցարը բարեհաճեց ընդունել նրան։ Այսպես էր արվում, որպեսզի թուրքաց սուլթանը համոզվի, թե այդ ճանապարհորդությունը քաղաքական նշանակություն չունի և կապված չէ հայերի կոտորածի հետ։ Ցարական բյուրոկրատներին, բացի դրանից, վրդովեցնում էր այն ագիտացիան, որ թուրքահայերի օգտին Անգլիայում մղում էր Ռուսաստանի հայությունը։ Թիֆլիսի հայերը ուղերձներ և ընծաներ էին ուղարկում Գլադստոնին, մինչդեռ ոչ մի դիմում չէին անում ռուս կառավարությանը։

Սասունից Թիֆլիս բերվեց Անուշ անունով մի կին, որն ուղարկվեց Լոնդոն և, ի ցույց հանվելու համար, նստեցվեց Գլադստոնի կողքին` իբրև կենդանի պատկեր` իր լուռ ու մունջ վկայությամբ հաստատելու մեծ ծերունու ասածները։ Խրիմյան կաթողիկոսը ձեռնունայն վերադաձավ Պետերբուրգից, իսկ Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց` «Հայաստանն առանց հայերի»։ Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր։ Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում։

Ազատական (լիբերալ) Անգլիան էր հայերի անկեղծ բարեկամը համարվում։ Բայց այս բնագավառում էլ երևան էին գալիս նշաններ, որոնք ցույց էին տալիս, թե, անշուշտ, ցնորամիտներ են նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքագիտության մեջ բացի կոպիտ և եսամոլ հաշիվներից կա ուրիշ որևէ սրբություն։ Լորդ Ռոզբերին, քանի դեռ հարցը թղթե պահանջներ անելուն էր վերաբերում, համաձայն էր Գլադստոնի հետ, բայց երբ բանը եկավ հասավ այն աստիճանին, որ պետք էր հարկադրել սուլթանին, որ նա կատարի այդ թղթե պահանջները, Ռոզբերին հրաժարվեց Գլադստոնի առաջարկած ստիպողական միջոցները գործադրելուց ու մի ճառ արտասանեց պառլամենտում, որով ոչնչացրեց իր գործադրած բոլոր հայանպաստ ջանքերը։ Նա, իհարկե, նույնքան իրավացի էր իր տեսակետի մեջ (թե այլ է թուղթը և այլ է ստիպմունքը), որքան [որ] իրավացի էր Գլադստոնը 1880 թվին` ճիշտ նույնանման հանգամանքների մեջ։ Բայց անգլիական հայասիրությունն ուրիշ հրաշք էլ ուներ իր մեջ։ Ռոզբերիի կառավարությունը հեռացավ գործերից, նրա տեղը բռնեց Սոլսբերիի կառավարությունը։ Եվ ո՜վ սքանչելիք. Սոլսբերին, որ Կիպրոսի դաշնագիր էր հնարել Բեռլինում, Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածն էր այլանդակել, որ ջնջել էր Հայաստան անունը և այն փոխարինել Քուրդիստան անունով, այժմ հանդես էր գալիս իբրև ջերմ պաշտպան Հայոց հարցի…

Սա շատ պարզ ցույց էր տալիս, որ արտաքին հրահասուն ջերմության տակ իբրև իրական հիմք փռված էր վաճառականի որոշ հաշիվների սառցակույտը։ Թե՛ 1880-ին` Գլադստոնի ժամանակ, և թե՛ 15 տարի անցած՝ Ռոզբերիի ու Սոլսբերիի ժամանակ Անգլիայի ցավն ու հոգսն ասիական Թուրքիայի խորքերում տանջանքների մեջ գալարվող մի բուռ ժողովուրդը չէր, այլ միշտ միևնույն, կյանքի և մահվան նշանակություն ունեցող հարցը` Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում։ Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ այժմ, Հայոց հարցը անգլիական ազատամիտների և պահպանողականների ձեռքով շահագործվում էր իբրև միջոց սուլթանին ստիպելու, վախեցնելու և այդպիսով նրանից նոր զիջումներ ստանալու Եգիպտոսի վերաբերմամբ։ Տարբերվում էին միայն շահագործման միջոցները։ 1880թ. հայ ժողովուրդը դեռ ապրում էր, թեև տանջանքներով։ Իսկ 1894-1895-ին նա այլևս ապրող ժողովուրդ չէր, այլ մորթվող։ Եվ նրա լճացած արյունն էր, որ չափով-կշռով կանոնավորապես վաճառվում էր Կ.Պոլսում, Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում ու Փարիզում։

Իսկ հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը։ 1895-ի ամբողջ ամառն անցավ անհայտության մեջ։ Չգիտեին` պիտի ընդունի՞ սուլթանը Մայիսյան ռեֆորմները, թե՞ ոչ։ Գրագրությունները դեսպանների և թուրքաց կառավարության միջև դեռ չէին վերջացել։ Եվ ահա Հնչակյան կուսակցությունը կորցնում է իր համբերությունը։ Նա չափազանց անթույլատրելի գտավ սուլթանի դանդաղկոտությունը և որոշեց ստիպել նրան, որ շուտ ստորագրի ռեֆորմները։ Չէր մոռացվել անցյալի փառքը. հինգ տարի առաջ Գում-Գափուի ցույցն էր, այժմ` 1890-ի հուլիսյան օրերին մի ուրիշ ցույց պիտի լիներ։ Հիշում եմ տարիներ հետո տեղի ունեցած մի լրագրական վեճ` թուրքահայ հայտնի գրող Լևոն Բաշալյանի և հնչակյան հին հեղափոխական Ռ[ուբեն] Խանազատի[111] մեջ այն դերի մասին, որ ռուսահայերը կատարել են վերջին տասնամյակների ընթացքում թուրքահայերի ճակատագրի մեջ։ Այդտեղից ես իմացա, որ հնչակյան այս երկրորդ պոլսական ցույցը ծրագրել էին գլխավորապես ռուսահայերը, որոնք միաժամանակ հոգ էին տարել, որ իրենք խառնված չլինեն ցույցի մեջ և չվնասվեն։ Բաշալյանն ասում էր, որ ցույցը կազմակերպելու համար Կ.Պոլիս գնաց Խանազատը։ Ամեն ինչ որոշվեց, նշանակվեց ցույցը սկսելու օրն ու ժամը։ Բայց դրա նախօրյակին, Խանազատն անհետացավ Կ.Պոլսից` թողնելով, որ թուրքահայերը պատասխան տան իր հղացած գործի համար։

Եվ այդ պատասխանը զարհուրելի եղավ։

Ցույցը տեղի ունեցավ 1895-ի սեպտեմբերի վերջին օրը։ Այն պիտի սկսվեր դարձյալ Գում-Գափուի պատրիարքական եկեղեցուց։ Որոշված էր, որ այն խաղաղ, անզեն լինի։ Բազմությունը պիտի եկեղեցուց գնար Բ.Դուռը և այնտեղ պիտի ուղերձ տար, որի մեջ պահանջվեր անհապաղ ընդունել և վավերացնել երեք պետությունների մշակած ռեֆորմները։ Ցույցն այս անգամ ստանալու էր «Բաբը-Ալիի ցույց» անունը։ Անգլիական պաշտոնական հաղորդագրությունների մեջ նա որակված է «Հիմար ցույց» անունով։ Պատրիարք Իզմիրլյանն[112], ինչպես ասված է այդ հաղորդագրությունների մեջ, հնչակյաններին երկար համոզել էր ցույց չանել, հավատացրել էր, թե ռեֆորմների գործն ապահովված է, և երեք պետությունները թույլ չեն տա, որ սուլթանի համառությունը հաղթանակի։ Պետք էր միայն սպասել մի քիչ էլ։ Սակայն հնչակյանները խիստ կերպով մերժեցին այդ զգաստացնող առաջարկությունը։ «Շատ ենք սպասել»` աղաղակեցին նրանք ցասկոտ հեգնությամբ։ Եվ գնացին։ Թուրք ոստիկանությունը կտրեց ցուցարարների ճանապարհը։ Եվ այն ժամանակ «անզեն» հայտարարված ցույցը դիմադրության դիմեց։ Լսվեցին ատրճանակների կրակոցներ։ Ոստիկանությունը և զորքերը կրակ բաց արին։

Բայց այս բոլորը դեռ նորություն չէր։ Նորությունն այն էր, որ այս կռիվը դարձավ ազդանշան մի վաղօրոք պատրաստված և ծրագրված ընդհանուր արյունահեղության։ Գում-Գափուի ցույցն ավանդությունների կարգն էր անցել։ Այժմ Աբդուլ-Համիդը հեղափոխականներին չէր միայն պատժում, այլ անխտիր բոլոր հայերին։ Եվ Կ.Պոլսում, դեսպանների քթի տակ տեղի ունեցավ մի կազմակերպված կոտորած։ Հայաբնակ թաղերը լցվեցին սարսափներով, և ազգաբնակչությունը խելագարված դես ու դեն փախավ։

Սա մի արյունոտ նախատոնակ էր այն քստմնելի, պատմության մեջ շնականության (ցինիզմի) կողմից իր նմանը չունեցող մի զավեշտի, որ եվրոպական մեծ պետությունների աշխատակցությամբ արյունռուշտ սուլթանիզմը գալիս էր քաղաքակիրթ կոչված մարդկության առաջ խաղալու։ Կ.Պոլսի այդ արյունոտ օրերին էր, որ Աբդուլ-Համիդը վավերացրեց Մայիսյան ռեֆորմները և դրանց իրագործումը գավառներում հանձնարարեց Շաքիր-փաշային։ Փաշան ճանապարհվեց ասիական նահանգները և ամեն տեղ մտցրեց ռեֆորմները, այսինքն` հայերի զանգվածային կոտորածներ սարքեց։ Կանոնավոր կազմակերպված մի ոճիր, որ սուլթանական հրամանով գնում էր զբոսնելու հայաբնակ գավառներում և նրանց բոլոր անկյուններն արյունով լցնելու։ Այսպիսով կոտորածները Կ.Պոլսից անցան Տրապիզոն, այնտեղից Էրզրում և երկրի խորքերը, մինչև իսկ Փոքր Ասիայի քաղաքներն ու գյուղերը։

Երեք դեսպանները, սուլթանից ստանալով իրենց մշակած ռեֆորմների վավերացումը, իրենց գործը վերջացած համարեցին։ Համաձայնություն այլևս չմնաց։ Ցարական կառավարությունն այլևս ավելորդ էր համարում թզենու տերևով ծածկել իր լպիրշ մերկությունը։ Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին։ Ռուս հրապարակախոսներից մեկը (Ամֆիտեատրով[113]) այս մասին գրած ունի բացարձակորեն։ Նա գրում էր, թե ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ-Համիդին «Massacrez, Majeste, Massacrez»[114]։ Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո՛չ Նելիդովը, ո՛չ Նիկոլայի կառավարությունը։ Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի և սուլթանի գործակցությունը 1895-1896 թվերի կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր։

Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, որ իր երիտասարդության հասակն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով։ 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ։ Բայց դաշնակցականներին համեմատաբար մեղմ էին վերաբերվում, որովհետև նրանք դեռ խոշոր հեղափոխական գործեր չէին կատարել և բացի դրանից՝ հնչակյանների նման սոցիալիստներ չէին համարվում։ Խիստ պատիժների ենթարկվեցին մասնավորապես հնչակյանները։ Նրանց մեղադրում էին, թե նրանք ապստամբություն են տարածում Ռուսաստանին բարեկամ պետության մեջ։ Այսպիսով, Թիֆլիսից Ռուսաստան աքսորվեցին այնպիսի «վտանգավոր հեղափոխական սոցիալիստներ», ինչպիսիք էին Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը, Սև Սանդրոն և ուրիշները։

Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողքաղված հայերի համար և աղոթքներ կարդալ, որ երկինքը փրկե կորչող հայ ժողովրդին, կովկասյան բարձր իշխանությունը, հանձին ռուսական «քրիստոսասեր» բանակի զորավար Շերեմետևի, արգելեց դժբախտների ձեռքին մնացած այդ միակ, թշվառ ցույցերն էլ։ Բացի այդ, ավելի ևս բնորոշ փաստ։ Խրիմյան կաթողիկոսը մի ստրկական աղերսագրով դիմեց «առ սրբազան տերն» Նիկոլայ Երկրորդին և աղաչեց-պաղատեց նրան հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, ի սեր եկեղեցու և բոլոր սրբերի ու սրբազանների` ազատել իր դժբախտ ժողովրդի վերջին մնացորդները բնաջնջումից։

Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»։ Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ և հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ և ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրև հոգևոր պետ` թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը։ Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միևնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից։

Այսպիսին էր Ռուսաստանը` մի արյունռուշտ բռնակալություն, որ երբեք հաշիվ ու համար չի տվել իր արած գազանությունների վերաբերմամբ։ Նրա դաշնակիցն էր հանրապետական Ֆրանսիան, որ այդ ժամանակ կամավորապես ինքն իրեն լակեյ էր գրել ցարական սպասին և հոգով-մտքով տարված ցարականությունը շոյելու, իր սրտին կպցնելու, իր միլիարդներով, իր պերճանքներով հմայելու ու այդ կերպով դաշնակցությունը ամուր պահելու մտքով` ենթարկվում էր Լոբանով-Ռոստովսկու կամքին ու ցուցմունքներին, մանավանդ որ ինքն էլ շատ հաշիվներ ուներ Թուրքիայի մեջ և մանավանդ Եգիպտոսում, ուր նրա առջև մրցակցի դերում ժայռացած էր Անգլիան։ Ֆրանսիական արտաքին գործերի մինիստր Հանոտոն[115] այնքան ջերմեռանդ թուրքասիրություն էր ցույց տալիս, որ այն սարսափելի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը զզվանք էր արտահայտում մինչև գլուխը հայի արյան մեջ թաղված Աբդուլ-Համիդի վերաբերմամբ, նա` այդ լուսավորյալ ֆրանկը, այժմ ֆրանսիական ակադեմիայի անդամ, ընդունեց սուլթանի ուղարկած շքանշանը և ֆրանսիական մամուլի մի մասից ստացավ «Հանոտո-փաշա» հեգնական հորջորջումը։

Մնում էր Անգլիան։ Նրա վրա էր ամբողջ հայությունը դրել իր հույսը։ Լորդ Սոլսբերին գործում էր եռանդով, անվերապահորեն հօգուտ հայերի և ընդդեմ սուլթան Համիդի։ Երևույթներն այնքան պարզ ու պերճախոս էին, որ առաջին նվագներում ներելի էր նույնիսկ հավատալն ու խաբվելը։ Բոլորովին զարմանալի չէ, որ հավատում էին ամենքը և ամենից շատ, իհարկե, հայ հեղափոխական կազմակերպությունները, որոնք փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը` հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եվրոպական միջամտություն։ Թեև այդ միջամտության հետևանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել և ամայացել. բայց և այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն և գործուն դրության մեջ պահելու համար։

Զ

1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու և կես տարի` իբրև խորթ ու օտար մի մարդ, իբրև ակամա պանդուխտ` երկնքի այցելության սպասող։ Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։ Գրական աշխատանքը մի կողմ էի նետել, օր ու գիշեր նվիրված էի «Արոր» տպարանին, որ դարձել էր մի խոշոր հիմնարկություն իմ «խոզեինների» համար։ Աշխատանք անելու պահանջով մտրակված` ես կազմում էի օրացույցներ, որոնք սկսել էին արդեն լույս տեսնել և լավ տարածում էին գտնում։

Այսպիսի դրության մեջ ինձ համար երկնքի իսկական «այցելություն» էր «Մշակ» լրագրի հրատարակիչ, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու[116] նամակը, որն առաջարկում էր ինձ մշտական աշխատակցի, խմբագրական քարտուղարի և էքսպեդիտորի[117] պաշտոն` 1000 ռուբլի տարեկան ռոճիկով։ Իմ «խոզեինները» դրանից մի քիչ ավել էին տալիս, բայց ես թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլև, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը։ Ես մտա այն ժամանակվա գործող երիտասարդության շրջանները, ծանոթացա քաղաքական և հեղափոխական տրամադրություններին։

Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ և լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի[118] կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր և իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեև «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները և ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»[119] թերթի սրբագրիչն էր և շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի և այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…

– Կոտորել տալ 100, 200 և ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր,- բացականչում էր Մալումյանը տաքացած,- այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…

Միևնույն հայացքին էին և խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը[120] և մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։

Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ։ Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու և խոհարար» առակի մեջ։ Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը։ Այս սպառնալիքներն այնքան ցնցող էին և մահաբեր, որ Լոնդոնի թուրքական դեսպանը հանկարծամահ եղավ. ինչպես գրում էին թերթերը` հենց սոլսբերիական խոսքերի ազդեցությունից։ Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես։

Ամենօրյա մամուլի էջերը լցվում էին հարյուրավոր հայանպաստ միտինգների մանրամասն նկարագրություններով։ Անգլիայի վարչապետը, այսպիսով, իր հակասուլթանական հոխորտանքների մեջ ամուր ու հաստատ կերպով հենվում էր երկրի` կազմակերպված ու միացած հասարակական կարծիքի վրա։ Իսկ Աբդուլ-Համի՞դը… «հուզվում էր և ուտում» կռիլովյան կատվի նման։ Նրա մոտ, Բոսֆորի ափերին, կային հզորներ, որոնք փսփսում էին նրա ականջին «Massacrez, Majeste, Massacrez»։ Եվ կոտորածները շարունակվում էին։ Սուլթանն այնպես վարպետորեն էր տանում իր մեծ դահճապետի դերը, որ նույնիսկ վախեցածի կերպարանք էր ընդունել և ինքնագիր նամակ ուղարկել Սոլսբերիին` այնտեղ գրելով, թե ինքը վճռել է իր վավերացրած ռեֆորմներն անպատճառ մտցնել ասիական նահանգներում։ Անողորմ, արյունոտ ծաղր… Իսկ Սոլսբերին, մի խեղճացած սուլթան երևակայելով իր առջև, ավելի ևս խստացնում էր իր սպառնալիքները ճառերի, լոկ ճառերի մեջ։

Եվ հակաճառողները մեր վեճերի մեջ մեզ ասում էին.

– Չե՞ք տեսնում` Անգլիան չափազանց առաջ է գնացել, որպեսզի կարողանա մտածել նահանջի մասին։ Դրված է նրա պետական պատվի հարցը, Անգլիան երբեք թույլ չի տա, որ իր պատիվը ոտնահարվի, այն էլ այնպիսի մի ողորմելի հակառակորդի կողմից, որպիսին թուրքաց սուլթանն է։

Մթնոլորտն ամբողջովին այսպիսի գաղափարներով էր տոգորված։ Հայությունը (խոսքս իհարկե այն հայության մասին է, որ ապրում էր Հայաստանի արյունոտ հողերից հեռու) իրեն զգում էր համաշխարհային քաղաքականության կենտրոն, թեև օրն օրին նրան հարվածում էին մեկը մյուսից զարհուրելի տեղեկություններ, որոնք գալիս էին Թուրքահայաստանից, բայց և այդ մղձավանջային տագնապի մեջ էլ նրան օրորում էին երազները, որոնք հյուսվում էին ամեն տեսակ պատահականություններից։ Մի օր հեռագիր եկավ Օդեսայից, թե անգլիական նավատորմը ռմբակոծում է Կ.Պոլիսը։ Անկարելի է նկարագրել այդ լուրի գործած տպավորությունը։ Որքա՜ն հրճվանք, որպիսի՜ ինքնաբավականություն։ Դարերով կուտակված վիշտն էր վերանում, կրած տառապանքների, միլիոնավոր զոհերի վրեժն էր լուծվում։

Բայց երազները շուտ գունատվեցան… Սու՛տ էր Կ.Պոլսի ռմբակոծումը, սու՛տ էր և այն, թե Անգլիայի համար պետական պատվի հարց էր դարձել Հայոց հարցը։ Ի՜նչ պատիվ, ի՜նչ բան։ Սոլսբերին Աբդուլ-Համիդի կատաղությունն անհունորեն գրգռելուց հետո նահանջի ճամփան բռնեց` առանց դժվարություններ զգալու։ Նա առաջարկեց հավաքական ճնշում գործ դնել սուլթանի վրա, բայց Ռուսաստանը, նրան հետևելով` և Ֆրանսիան ընդդիմացան այդ առաջարկին։ Այն ժամանակ Սոլսբերին հայտարարեց, թե Անգլիան միայնակ ոչինչ չի կարող անել, թե բրիտանական զրահակիրները չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները։ Նրան պատասխանեցին, թե այդ բանի կարիքը չկա, քանի որ անգլիական կառավարությունը դեռ շատ միջոցներ ունի իր ձեռքում` մենակ գործելու համար։ Գլադստոնն ասաց, թե բավական կլինի նույնիսկ դժգոհության, անբավականության մի ցույց, օրինակ, եթե անգլիական դեսպանը ետ կանչվի Կ.Պոլսից, դիվանագիտական հարաբերությունները խզվեն Անգլիայի և Թուրքիայի միջև։

Հայերը լքված էին ամենատմարդի եղանակով։ Լքված էին այնպիսի ժամանակ, երբ դեռ լողում էին իրենց արյան մեջ, և երբ սովն ու հիվանդություններն էին գալիս թուրքական յաթաղանի թողած պակասը լրացնելու։ Սոլսբերին շահագործել էր հայի արյան լճերը, և, այնուհետև, նրա համար գոյություն չունեին հայն ու Հայկական հարցը։ Նա ետ քաշվեց, լռեց, կարծես` ոչինչ չէր էլ արել. և այնուհետև ոչինչ խոսք ու մտածություն նրա խոսքերին հավատացած, նրա խոսքերին զոհված ժողովրդի մասին։ Աբդուլ-Համիդի կատարյալ կարգադրության տակ էր թողնվում նրա այդ միամիտ, հավատացող զոհը։

Եվ արդար լինելու համար հարցնենք` իսկ ո՞վ չէր շահագործում հայի արյունը։ Գերմանիա՞ն արդյոք։ Վիլհելմն այնքան մոտեցել էր սուլթանին, որ Գերմանիայում արդեն գրականություն էլ էր կազմում հայկական ջարդերն արդարացնելու համար։ Եվ երբ կոտորածների միջոցին Լոնդոնից Գերմանիա գնաց մի հայ բողոքական պրոֆեսոր` հայ բյուրավոր որբերի համար լոկ ողորմություն հավաքելու նպատակով, գերմանական ոստիկանությունը պարտավորեցրեց նրան 24 ժամվա ընթացքում հեռանալ գերմանական սահմաններից։ Նողկալի տեսարան ի ցույց հանեց և Եվրոպայի բուրժուական մամուլը Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ Իր վաճառվող, պոռնիկ հոգին նա ծախում էր թուրքական ոսկիներին և չարախոսությունների կույտեր էր բարձում Հայաստանի աշխատավոր ժողովրդի վրա։ Ես չեմ կարող լռության տալ և մի ուրիշ նողկալի պատկեր. կաթոլիկ մի քահանա, Շարմտան անունով, հանդես եկավ Փարիզում իբրև քրիստոնեական սիրո քարոզիչ և, իր «բարձր» հոգու հոգս դարձնելով կոտորածներից ազատված հայերին մի կտոր զգեստ և մի կտոր հաց տալը, հօգուտ հայերի եռանդուն կերպով հանգանակություն կատարեց։ Վերջն ի՞նչ պատահի, որ լավ լինի։ Այդ Շարմտանն իր հավաքած փողերն ուղարկեց Վան, ուր նրա գործակալները ողորմելի փշրանքներ տվեցին միայն այն մերկ ու քաղցած հայերին, որոնք համաձայնեցին կաթոլիկ դառնալ։ Սկսվել էր հոգիների մի ընդարձակ առ ու ծախ։ Նշանակված էր սակագին` հոգուն երկու ֆրանկ։ Եվ իրեն «հայր» կոչող Շարմտանը կոչեր էր հրատարակում Փարիզում` հորդորելով «բարի կաթոլիկներին», որ ամեն մեկը չմոռանա երկու ֆրանկ մտցնել` մի «հերձվածող» հայի հոգի գնելու և Հռոմի պապի ոտների տակ դնելու համար…

Ես «Մշակի» մեջ վարում էի մամուլի բաժինը։ Եվ քանի անգամ, բերելով այսպիսի քստմնելի փաստեր, ավելացնում էի իմ կողմից՝ «Էլի փա՛ռք թուրքին»…

1894-1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որ զգում է իր չարն ու բարին, այսինքն` հասկանում է այն հանգամանքները, որոնց մեջ ինքն ապրում է, և ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա։

Սակայն խրատվեցի՞նք մենք։ Ամենևին։

Եվ ահա էլի փաստ։ Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում` պետությունների ուշադրությունը գրավելու համար։ Կարելի էլ չէր ասել, թե Սոլսբերիի տմարդի փախուստից տարիներ էին անցել, և մենք մոռացել էինք նրան։ Ո՛չ, այդ փախուստից ընդամենը մի քանի ամիս էր անցել, փախուստի հետևանքները դեռ մեզ շարունակում էին խեղդել իրենց սար ծանրությամբ, և մենք նոր մի փորձի առջև էինք կանգնած։ 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք։

Ուշ երեկո էր, երբ ստացվեց հեռագրական գործակալության հեռագիրն այդ դեպքի մասին։ Ես թարգմանեցի, տարա տպարան ու այնտեղ երկար մնացի, մինչև որ շարեցին, սրբագրեցին, մտցրին արդեն պատրաստ համարի մեջ։ Լուսաբացին էր, որ հազիվ ազատվեցի գործից և գնում էի տուն` հանգստանալու։ Հանդիպում եմ Քրիստափոր Միքայելյանին, որ նույնպես նոր էր վերջացրել «Новое обозрение»-ի սրբագրությունը։ Քայլում ենք ամայի փողոցներում, մեր խոսքն, իհարկե, օրվա խոշոր եղելությունն էր։ Ոչ այն, որ հենց այդ միջոցին Նիկոլայ ցարն իր մինիստր Լոբանով-Ռոստովսկու հետ գնացել էր Ավստրիա` Արևելյան հարցի[121] վերաբերմամբ Ֆրանց-Իոսիֆ կայսրի կառավարության հետ համաձայնություն կայացնելու համար, այլ այն, որ տեղի էր ունեցել Կ.Պոլսում և որի նկարագրությունը պարունակող հեռագիրը ես զետեղել էի «Մշակի» առաջին երեսում ցիցերո[122] տառերով։ Տպավորությունը մեզ` երկու առաջին ընթերցողներիս վրա խիստ է։ Մի քանի հոգի հայեր, ռումբերով զինված, մտել են օսմանյան բանկի շինության մեջ, տիրացել են միջազգային կապիտալի այդ խոշոր մթերանոցին` դուրս քշելով ծառայողներին ու պահապաններին։ Ի՞նչ դուրս կգա այս աննախընթաց հանդուգն գործից։

Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա։ Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է։ Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը։ Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները։ Կարծես սա միևնույն չէ հայ հեղափոխության տեսակետից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով։

Հեռագիրը չէր բացատրում այս հանգամանքը։ Նա շարունակ գործ էր ածում «հեղափոխական հայեր» դարձվածքը` առանց, իհարկե, իմանալու, թե դրանով որքան է գրգռում դաշնակցական շեֆի անբավականությունը։ Այս անորոշությունն անփոփոխ մնաց հեռագրերի մեջ հետևյալ օրերին էլ։ Բանկի գրավման հետևանքով Կ.Պոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել` երկրորդը մի տարվա մեջ, և այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6 հազար մարդ։ Քրիստափոր Միքայելյանն ամեն առավոտ գալիս էր ինձ մոտ` «Մշակի» խմբագրատուն։ Դաշնակցական կոմիտեն տեղեկություններ չուներ, և Միքայելյանը գալիս էր ինձանից իմանալու, թե չկա՞ն նամակներ «Մշակի» թղթակիցներից։ Մի քանի օր շարունակ մենք էլ առանց տեղեկությունների էինք։ «Ախպե՛ր, մեռա, դե մի բան ասա, էլի՜»,- այսպիսի խոսքերով էր ամեն անգամ Քրիստափորը դիմում ինձ` նստելով կողքիս, բազմոցի վրա և սեղմվելով ինձ։ Ես նայում էի նրա համակրելի, գունատ դեմքին և զարմանում ինքս իմ մեջ։ Այս զարհուրելի ժողովրդական դժբախտությունը, հազարավոր դիակներ, ո՜վ գիտե վաղը քանի՜-քանի հազարները պիտի նորից պառկեն գյուղական Հայաստանում, իսկ այս ֆիզիկապես թույլ կազմված (նա կաղ էր), բնությամբ շատ բարի ու խաղաղ մարդը շարունակ և միալար այն բանով էր հետաքրքրվում, թե ովքեր են այդ արյունոտ, ողբերգական շարժման հեղինակները։

Մե՞նք, թե՞ նրանք։ Կարծեք` սպորտի հարց էր այդ և ոչ թե մի ամբողջ ժողովրդի գլխին պայթած արյունոտ փոթորկի հարց։

Եվ վերջապես, մի օր նա իմացավ ինձանից, որ Բանկ-Օտոմանի հերոսները դաշնակցականներ էին։ Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմումը, որ արել էր Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին` հայտնելով նրանց, թե Բանկ-Օտոմանի գրավումն իր գործն է և նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին` ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով։ Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները։

Կասկած ուրեմն չկար։ Քրիստափորս այլակերպվեց ուրախությունից, գրկեց ինձ, նրա գունատ դեմքի վրա կարմրություն երևաց, և հափշտակելով խմորատիպ դիմումը` դուրս գնաց կաղին տալով։

Իսկ տեղեկությունները գնալով առատանում էին։ «Մշակի» թղթակիցները Կ.Պոլսից ավստրիական փոստով ամեն օր մի քանի հատ մանրամասն և ընդարձակ նկարագրություններ էին ուղարկում, որոնք, սակայն, չէին տպագրվում գրաքննչական արգելքների պատճառով։ Քրիստափորը գալիս էր ամեն օր, ժամերով խորասուզվում էր այդ անտիպ նյութերի ընթերցանության մեջ։ Հիշում եմ` նրան ոգևորեց մանավանդ մի նամակ, որի մեջ թղթակիցն ասում էր, թե մի ֆրանսիացի հիացել էր հայկական այս հեղափոխության վրա և ասել, թե անգամ ֆրանսիացիները` հեղափոխական արվեստի մեջ վարպետները, այդպիսի գործ կատարած չունեն։ Իր այս ոգևորությունը դաշնակցական շեֆն արտահայտում էր բուռն կերպով։ Իմ առաջ կանգնած էր հեղափոխական ռոմանտիզմի կատարյալ մարմնացումը։

Լավ, շատ լավ։ Բանկը վերցված է, ոչ ոք այդպիսի գործ չի կատարել, ընդունենք այն իսկ, թե ոչ ոք այնուհետև էլ, «մինչև ի կատարած աշխարհի», չպիտի կարողանա այդպիսի բան կատարել։ Հետո՞։ Ի՞նչ իմաստ կա այդ արտակարգ հերոսության մեջ։

Մեզ բացատրում էին իմաստը։ Եվրոպական կապիտալիզմը, ասում էին, իրեն վտանգված տեսնելով իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում, այդ վտանգը իրենից հեռու պահելու համար, կհարկադրի սուլթանին բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին։ Այստեղ ահա, հեղափոխական հերոսության միջից իր տխմար գլուխն էր դուրս բերում այն ողորմելի մտայնությունը, որ առաջին անգամ ձևակերպվել էր հնչակականության մեջ Գում-Գափուի ցույցի միջոցին։ Ես արդեն խոսել եմ նրա մասին վերևում և այստեղ կուզեի միայն հիշեցնել, թե որքան տկար էր, ինքնուրույնությունից որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը։ 1890 թվին եվրոպական կապիտալն իր հանգստության պահպանությունը հայ հեղափոխականներին չէր հանձնել, այլ սուլթան Համիդին։ Եվ Համիդը բանկի դեպքին պատասխանեց Կ.Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն չարեց եվրոպական դիվանագիտության վրա։ Կոտորածի մյուս օրը, երբ Կ.Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրը Աբդուլ-Համիդին ընծա ուղարկեց իր պատկերը` զարդարված թանկագին քարերով։

Ահա՛ ինչ էր անում եվրոպական կապիտալը։ Որքան հայ հեղափոխությունը վախեր էր պատրաստում նրա համար, այնքան ավելի պինդ էր նա Համիդին սեղմում իր սրտին։

Իսկ ի՞նչ շահեցին հայ հեղափոխականները – խաբված հերոսների փառքը միայն։ Բանկ-Օտոմանի մեջ ամրացած դաշնակցականների հետ դեսպանների անունից բանակցություններ սկսեց ռուսական դեսպանության թարգման Մակսիմովը։ Նա հավատիացրեց սրանց, թե դեսպանները խոստանում են անպատճառ ռեֆորմներն իրագործել տալ, եթե միայն իրենք համաձայնեն դուրս գալ բանկից։ Խոստացան, որ նրանց բոլորին հնարավորություն կտրվի առանց որևէ վնասի հեռանալ Կ.Պոլսից։ Հեղափոխականները համաձայնություն տվեցին, և Մակսիմովը նրանց տարավ նավ նստեցնելու, որ գնան Մարսել։ Ամերիկայի «Հայք» թերթի մեջ էլ այն ժամանակ կարդացի անգլիական լրագրերից վերցրած տեղեկություն, թե Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»։

Էշացնող ռուս դիվանագետը հաղթանակով վերադարձավ իր գործին, իսկ եվրոպական կապիտալի վրա ձեռք բարձրացնող միամիտներին մնում էր փքվել «Բանկի հերոս» տիտղոսով։ Հետևյալ ամառը նրանցից մեկի հետ ինձ ծանոթացրեց Քրիստափոր Միքայելյանը` Մուշտայիտ այգում։ Նստեցինք թեյ խմելու, և ես այնքան հերոսին չէի դիտում, որքան դաշնակցական շեֆին, որի համար հերոսը մի կատարյալ պաշտամունք էր դարձել։

Պաշտում էին։ Բայց ինչի՞ համար… Ի՞նչ էր ստացել հայ ժողովուրդը Բանկ-Օտոմանի գրավումից, եթե ոչ միմիայն վեց հազար դիակներ։ Օգուտը լիաբար ստացել էր Վիլհելմը` իր հավատարիմ հպատակ բանկիրների բերանը գցելով Բաղդադի երկաթուղու նման մի չաղ պատառ։ 

Գլուխ երկրորդ։ Անկում և բարձրացում

Ա

1896 թվականը, այնքան հարուստ իբրև ցնցումների ու վկայությունների ժամանակամիջոց, ծանր հարվածներ էր տալիս հայ հեղափոխականությանն առհասարակ։ Ներքին քայքայում էր սկսվում Հնչակյան կուսակցության մեջ. հիշվածների էր ենթարկվում, կորցնում իր նյութական և բարոյական ուժը, թուլանում ներքին պայքարներից ու հակամարտություններից։ Այս դեռ, իհարկե, չէր նշանակում Հնչակյան կուսակցության կատարյալ և անհետ ոչնչացում։ Նա պահպանում էր իր գոյությունը, բայց արդեն երկրորդական նշանակություն ուներ, փոքր գործեր կարող էր կատարել։

Հրապարակում մնում էր Դաշնակցությունն իբրև մի հատիկ միաձույլ կուսակցություն, որ ներքին կազմակերպչական ճգնաժամ չէր ապրում։ Թեև այդպես, բայց Դաշնակցությունն էլ Բանկ-Օտոմանի ցույցով մտնում էր իր թուլության, անկման շրջանը։ Ահռելի արյունահեղությունները սաստիկ ռեակցիա էին առաջացրել հասարակական տրամադրության մեջ։ Ավելի ևս սաստկացած էր ռեակցիան Եվրոպայում և, մասնավորապես, Ռուսաստանում։ Այս խավար հոսանքների մեջ Աբդուլ-Համիդը դրդվում էր [դեպի] կատարյալ և անսահման կարողություն` խեղդելու իր պետության ամբողջ ազգաբնակչությանը, բայց մասնավորապես հայերին, որոնք զրկվում էին մարդկային ամենատարրական իրավունքներից անգամ, օրինակ` տեղափոխության ազատությունից։ Ճնշումներն ու կեղեքումները հասնում էին աներևակայելի աստիճանների, իսկ սեպացած ժայռերին դեմ տրված հեղափոխությունը չգիտեր էլ ինչ աներ։

Ճիշտ է, դեռ մնում էր հին արհեստը` ֆիդայական (հայդուկային) կռիվը, բայց դա էլ առանձին մեծ ազդեցություն չէր գործում, թեև երկիրն իր միջից հանում էր իսկապես քաջ, հռչակված ֆիդայիների (Սերոբ Աղբյուր, Գևորգ Չաուշ և ուրիշներ)։ 1897-ին Դաշնակցությունը հաջողեցրեց մի բավական աչքի ընկնող հայդուկային արշավանք. գիշերով հարձակում գործեց քրդական մի ցեղի վրա, որի գլխավորն էր Շարուֆ-բեյը, որն ապրում էր վրաններում՝ Խանասոր անվանված տեղում, թուրք-պարսկական սահմանագլխի վրա։ Այս գործը շատ ուռցրին ու չափազանցրին դաշնակցականները` համարելով այն իրենց մեծագույն հաղթանակը։ Այդ քուրդ ցեղը Շարուֆ-բեյի հետ հայտարարվեց բնաջնջված և, այսպիսով, նրա զոհը դարձած հայ ժողովրդի վրեժը հանված։ Սակայն այդ մի փոքրիկ հաջողություն էր միայն։ Խանասորում հանկարծակի եկած քրդերը կորուստներ ունեցան, կորցրին շատ անասուններ։ Բայց մնաց Շարուֆ-բեյը, որն անցավ Մուշի կողմերը և սկսեց այնտեղի հայերին տանջել, խորովել։

Չափից դուրս փառաբանված հաղթությունն էլ անկարող եղավ կանգնեցնել այն անընդհատ թուլացումը, որ գալիս էր սաստիկ վտանգելու Դաշնակցության գոյությունը։ Պետք էր գործունեության ավելի լայն շրջան ստեղծել և նորից կենդանացնել Հայոց հարցը։ Այս նպատակով Քրիստափոր Միքայելյանը տեղափոխվեց ժնև` կուսակցության ղեկավարությունն իր ձեռքն առնելու համար։ Թիֆլիսում ղեկավար մնաց Սիմոն Զավարյանը, որ երկար ժամանակ զուր ջանքեր էր անում կազմակերպության մեջ կենդանություն մտցնելու համար։ 1898թ. սկզբին Ջրօրհնեքի հանդեսին, Վանքի եկեղեցու բակում, Զավարյանը մոտեցավ ինձ և այսպիսի մի տարօրինակ առաջարկություն արեց։

Դաշնակցությունը գրեթե բոլորովին մոռացվել ու լքվել է ամենքից։ Ինքը որոշել է կազմակերպությունը փրկելու համար` նրա ղեկավարությունը հանձնել հայ բուրժուազիային։ Թող գան նրանք` Աբգար Հովհաննիսյանը[123] և ուրիշները, բերեն իրենց հետ դրամական միջոցներ, մարդիկ։ Նա ինքը` Զավարյանը, որոշել էր դիմել Աբգար Հովհաննիսյանին, իսկ ինձ առաջարկում էր` արդյո՞ք չեմ կարող գնալ Թիֆլիսում այն ժամանակները շատ հայտնի բժշկապետ Գասպարյանցի մոտ, որ թեև հայտնի էր իր կոպիտ և անհրապույր բնավորությամբ, բայց ինձ անշուշտ կընդուներ, իբրև իր հայրենակցի և «Մշակ»-ականի։ Ես պիտի այս մարդուն առաջարկություն անեի, որ գար մտներ Դաշնակցության մեջ և դառնար նրա ղեկավարներից մեկը։

Ես անակնկալ առաջարկությունից մնացել էի ապշած։ Եթե հետս խոսողը Սիմոն Զավարյանը չլիներ, պիտի լսածս խոսքերը համարեի ծաղր իմ հասցեին։ Բայց Սիմոնը խոսում էր լրջությամբ, իրեն հատուկ համոզիչ շեշտով։ Պատասխանեցի, թե բժշկապետ Գասպարյանցի հետ անձնական ծանոթություն չունեմ, ունենամ էլ` չեմ կարող նրան առհասարակ որևէ առաջարկություն անել` լավ իմանալով նրա բնավորությունը, այն էլ այնպիսի մի առաջարկություն, որպիսին է մի դավադրական, հալածվող գաղտնի ընկերության գլուխ կանգնելը։ Եվ առհասարակ խորհուրդ տվի նրան` հանել Գասպարյանցին իր կազմած բուրժուական ցուցակից։

Պատմում եմ այս փոքրիկ դեպքը, որպեսզի ցույց տամ, թե ինչ հուսահատական դրության մեջ էր գտնվում այդ միջոցին Դաշնակցությունը։ Քիչ անցած Զավարյանը մի քանի խորհրդակցական ժողովներ գումարեց` ինձ էլ հրավիրելով մասնակցել այդ ժողովներին։ Ես գնում էի իմ ընկեր Վալերիան Լունկևիչի[124] հետ` մերժած չլինելու համար Սիմոնի` մեր երիտասարդական շրջանների այդ ականավոր ներկայացուցչի խոսքը։ Շատ լավ եմ հիշում առաջին ժողովը, որ կայացավ գյուղատնտես Հարություն Փիրալյանի բնակարանում` Միքայելյան փողոցի վրա։ Բացի մեզանից կային և մի քանի անձնավորություններ, որոնցից հիշում եմ միայն Ավետիք Սահակյանին (դաշնակցական, հայտնի Հայր Աբրահամ[125] անունով)։ Սիմոնը սկսեց մի երկար և մանրամասն զեկուցում Դաշնակցության կազմալուծման մասին։

Այս հանգամանքի գլխավոր պատճառը նա համարեց կազմակերպության ծրագիրը։ Գործունեության այն եղանակը, որ ընդգրկել էր այն` բերելով իր հետ արյունահեղություններ և խորտակում, հոգնեցրել ու խրտնեցրել է ժողովրդական խավերին, և ամենքն այժմ երես են դարձնում նրանից։ Հարկավոր է, ուրեմն, վերակազմել կուսակցությունը նոր հիմքերի վրա։ Այս նպատակով էլ ահա հրավիրված էր խորհրդակցությունը։ Ինքը` զեկուցողը կարծում էր, որ կազմակերպությունը պիտի ստանա ավելի խիստ ազգային գունավորում` դուրս ձգելով ծրագրի և գործողության եղանակների միջից ամեն բան, որ հակառակ է ազգայնության հոգուն, որ և խրտնեցնում է հայ ժողովրդի պահպանողական բուրժուական տարրերին, որոնց վրա պիտի հենվի հայ հայրենական ազատագրության գործը[126]։ Այս բանի մեջ նա ոչինչ հետադիմական կամ հակաժողովրդական բան չէր տեսնում։ «Եթե,- ասաց նա,- ռուս ժողովուրդն իր համար ազգային սրբություն է դարձրել Մատուշկա-Վոլգան, ինչո՞ւ պիտի հայի համար խոտելի համարվի այն, որ նա իր ազգային սրբություն դարձնում է Մասիս սարը»։

Հակաճառելով Զավարյանին` Ավետիք Սահակյանն առարկեց, թե Դաշնակցությունը, ընդհակառակը, բոլորովին կազմալուծված չէ, այլ «շարունակում է պահպանել իր նախկին կենսունակությունը։ Եթե Թիֆլիսում և Կովկասյան մի քանի այլ կենտրոններում նկատելի է սառնություն դեպի կուսակցությունը, դա մեծ նշանակություն չունի, քանի որ նրա հետ է բուն երկրի` Թուրքհայաստանի ժողովուրդը, որ իր միակ պաշտպանն է համարում կուսակցությանը և շարունակ ցանկանում է, որ մենք գործենք միևնույն ուղղությամբ, և ինքն էլ գործակցում է մեզ։ Ուրեմն ծրագիրը փոփոխելու ոչ մի հարկավորություն չկա։ Պետք է միայն աշխատել, որ կուսակցությունը համակրանք և վստահություն ներշնչի ռուսահայ ժողովրդին էլ։ Թող գան, ուրեմն, ովքեր կարող են։ Մենք խտրություն չենք դնում, մեզ համար բոլոր խավերի աշխատանքը ցանկալի է»։

Տուն վերադառնալիս ես և Լունկևիչն իրար ասում էինք, թե Զավարյանի այս ձեռնարկումից ոչինչ չի դուրս գա։ Այդպես էլ եղավ։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ հավաքվեցինք Փիրալյանի բնակարանում և հետո… Ամեն ինչ մնաց հին դրության մեջ։ Իսկ կուսակցության վերակենդանացումը Թիֆլիսում չէր հիմնավորվում, այլ Ժնևում։ Այնտեղ Քրիստափոր Միքայելյանը ծավալեց մի եռանդուն կազմակերպչական գործունեություն։ Սա ամենից առաջ արտահայտվեց հայդուկային գրականության մեջ։ «Դրոշակի» մեռած պաշտոնական բովանդակությունը նշանավոր չափով կենդանացավ։ Այնտեղ երևան եկան Ղարիբը (Ահարոնյան[127])` իր վեպիկներով և պոեմներով, որոնք դրվատում էին հայդուկներին և հայդուկականությունը, Է. Ակնունին (Մալումյանը), որ նույնպես տեղափոխվել էր Ժնև և ոտքով-գլխով դաշնակցական դարձել։ Վերջապես, ինքը` Միքայելյանն էլ ձեռքն էր առնել հրապարակախոսի ժլատ գրիչը` գաղափարախոսական կառուցվածքներ հիմնավորելու համար։ 1901 թվականին էր, որ նա «Դրոշակի» մեջ տպագրեց իր «Ամբոխային տրամաբանությունը» փոքրիկ աշխատությունը, որը, սակայն, ահագին դժբախտությունների աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար։

Դաշնակցականների համար «Ամբոխային տրամաբանությունը» դարձավ մի սրբազան գիրք, ինչպես Ավետարանը, Ղուրանը։ Նրա մեջ հայտնված մտքերն երկնառաք ճշմարտություններ էին բոլոր ուղղահավատ դաշնակների համար։ Ի՞նչ էին բարբառում այդ ճշմարտությունները։

Հասարակության մեջ շատացել էին այն տարրերը, որոնք համոզվում էին հետզհետե, թե հայդուկային հեղափոխությունն է հայ ժողովրդի ջարդերի պատճառը, և եթե այն շարունակվի, հայության կատարյալ և վերջնական բնաջնջումը Թուրքիայում անխուսափելի է։ Սա արդեն հակահեղափոխություն էր` կորուստների և դրանց հետևանքների հետ հաշվի նստելու հոսանք։ Այդ հոսանքի բերանը փակելու համար էր Միքայելյանը գրում իր բրոշյուրը։ Նրա մեջ պատմական փաստերով, հեղինակավոր եվրոպացիների վկայություններով [նա] պաշտպանում էր այն միտքը, թե քանի որ Թուրքիան սուլթանական Թուրքիա է, այնտեղ ապրող նացիաները պիտի կոտորվեն ու տանջվեն, միևնույն է` ինչ դրության մեջ էլ գտնվեն նրանք` խաղաղ, հլու-հպատակ դրության թե ըմբոստ-հեղափոխական դրության։

Այսպիսով դաշնակցական շեֆը միանգամայն ապացուցված էր համարում, թե թուրքահայերի կոտորածները կապ չունեն թուրքահայերի հեղափոխական շարժումների հետ, և, ուրեմն, հեղափոխությունը պիտի շարունակի իր գործը` առանց ուշադրություն դարձնելու սուլթանի ջարդարար եռանդի վրա։ Հեղափոխության տեսականը Միքայելյանը պարզում և զարգացնում էր ռուս նարոդնիկական ընդվզողականության (բունտարության) պատիվ բերող փայլով։ Հեղափոխությունն է միակ միջոցը ջարդերի դեմ կռվելու համար։ Մինչև այժմ հայ հեղափոխությունը խղճի մտոք է կատարել իր ազատարար առաքելությունը և, եթե հաջողություն չի ունեցել, այդ նրա մեղքը չէ։ Պատճառը միշտ եղել է Եվրոպայի դավաճանությունը…

Այսօր կարդալով 20-րդ դարի հետ մեզանում երևան եկած ազատագրական ավետարանը, մենք պիտի զարմանանք ոչ այնքան հեղինակի մտքի սնանկության վրա, որքան այն բանի, որ այդ միտքը կարողանում էր հիպնոսացնել զանգվածներին, քշել նրանց դեպի անհավասար ու խելացնոր մի պատերազմի` մերկ թևերով կռվելու Կրուպպի թնդանոթների դեմ։ Պետք էր, ճիշտ որ, լինել տհաս մի ամբոխ, մի խուժան` հավատալու համար, որ եթե 1896-ի օգոստոսին դաշնակցականները ռումբերով չխուժեին էլ Բանկ-Օտոմանի ներսը, Կ.Պոլսում, այնուամենայնիվ, կմորթվեին 6000 հայեր։

[Ճիշտ է,] Քրիստափոր Միքայելյանը վերակենդանացնում էր [կուսակցության] գործունեությունը, բայց միշտ մնալով հին նարոդնիկական ավանդներին կուրորեն հպատակվող` ոչինչ չսովորելով կյանքից և ոչինչ չմոռանալով հին մոլորություններից։ Նա Թուրքահայաստանում պատրաստում էր նոր ապստամբություն և միջոցներ էր ձեռք առնում, որ Եվրոպան այս անգամ չդավաճանի իրեն։ Իսկ Աբդուլ-Համիդից հայ ժողովրդին ազատելու համար ծրագրվում էր կտրուկ և ուղիղ միջոց` սպանել նրան։

Բ

Այս ձեռնարկումների համար, սակայն, հարկավոր էին դրամական ահագին միջոցներ։ Եվ Քրիստափորը թողեց Ժնևն ու գնաց Բաքու` հայ արդյունագործական բուրժուազիային երկու ձեռքով կթելու համար։ Սկզբունք է` ով հոժար կամքով գումար չի տալիս, այդպիսինը մահվան երկյուղի տակ է դատարկում իր հաստ գրպանը։ Գործը Բաքվում հաջողեցնելու համար հարկավոր եղավ գաղափարական պայքար մղել։ Ֆիդայական հեղափոխության ճանապարհին առաջին անգամ հակառակորդի դիրքով կանգնեց դասակարգային կռվի կուսակցությունը` սոցիալ-դեմոկրատիան, որ այն ժամանակ դեռ թույլ էր կազմակերպված։ Քրիստափորը Թիֆլիսից տանել տվեց Ահարոնյանին` վիճաբանություններ վարելու համար։ Եվ մի օր Ահարոնյանին տեսա Թիֆլիս վերադարձած` հաղթանակով։ Նա հաղթել էր վիճաբանությունների մեջ, երիտասարդությունը նրան օվացիաներով ճանապարհ էր դրել մինչև կայարան, և նա իր մազերի մեջ բերել էր այն կոնֆետիկները, որ շարունակ ցանելիս են եղել նրա վրա։ Քրիստափորը փողառատ գրպաններով վերադարձավ Ժնև` թողնելով, որ հայ հարուստներին փետրելու գործը շարունակի «Փոթորիկ» անունով տեռորիստական խումբը, որ իսկապես փոթորիկ էլ, ժանտախտ էլ դարձավ հայ բուրժուազիայի համար։ Խոշոր գումարներ էին տեղափոխվում Ժնևի դաշնակցական բյուրոն։

Միջոցների տեր դառնալով` Միքայելյանը նախևառաջ Փարիզում հիմնեց մի փոքրիկ կիսամսյա ֆրանսերեն թերթ` «Pro Armenia»[128] անունով, որի նպատակն էր Հայոց հարցի պրոպագանդան։ Աշխատակիցների կոչումով թերթին իրենց անունները տվեցին մի քանի նշանավոր ֆրանսիացի։ Այսպես, խմբագրական կազմը հայտարարված էր հետևյալ անձերից` Ժորժ Կլեմանսո[129], Ժան Ժորես[130], Անատոլ Ֆրանս[131], Ֆրանսիս դե Պրեսանսե, Լ. դե Ռոբերտի, խմբագրապետն էր Պիեռ Քիյարը[132]։

Այս խմբակի շուրջ, ճիշտ որ, կազմակերպվեց մի համաեվրոպական պրոպագանդա, որին մասնակցեցին և ուրիշ երկրների գրական-հասարակական գործիչներ (օրինակ` Գեորգ Բրանդես, Էդուարդ Բերնշտեյն և ուրիշներ)։ Կազմակերպվեցին դասախոսություններ Եվրոպայի զանազան կողմերում` Հայոց հարցի էությունը քարոզելու և ժողովրդականացնելու համար։ Այս նպատակով Անատոլ Ֆրանսը ճանապարհորդեց Իտալիայում։ Մի խոսքով, վերակենդանացվեց նախահեղափոխական շրջանի քաղաքական պրոպագանդան, որի կազմակերպողն էր, ինչպես տեսանք, Անգլո-հայկական ընկերությունն իր «Հայաստան» թերթով։ Պետք է, սակայն, այստեղ ևեթ ասել, որ պրոպագանդան լոկ Դաշնակցությանը չէր պարտական իր վերակենդանացմամբ։ Համիդյան խժդժություններից Եվրոպա փախած թուրքահայ գրողները նվիրվեցին նույն գործին, և նրանցից միայն մեկը` Արշակ Չոպանյանը[133], այս ուղղությամբ աշխատելով մեծ աշխույժով և հմտությամբ` կատարեց իսկը որ ահագին դեր։ Նրա անխոնջ ջանքերով կազմվել է գրեթե մի ամբողջ գրականություն` հայ պատմության, գրականության, արվեստի և մշակութային այլ հարցերի վերաբերյալ։ Թարգմանելը և ժողովրդական բանահյուսության այդ գոհարները, միջնադարյան ու աշուղական երգերը տպագրելը Չոպանյանը բավարար չի համարել ու նշանավոր գրողների և գիտնականների հանձնարարականներն է խնդրել ու զետեղել այդ հրատարակությունների մեջ` իբրև ներածություն, կարդացել է դասախոսություններ, դիմումներ է արել և այլն, և այլն։

Ի՞նչն էր այս ընդարձակ պրոպագանդայի նպատակը։ Հայ գործիչները` հեղափոխական և ոչ հեղափոխական, այն դժբախտ մոլորության մեջ էին մնում, որ եթե քաղաքակիրթ կոչված աշխարհը (սա ասենք էլի ու էլի)` Եվրոպան, սառնասրտությամբ է վերաբերվում հայ ժողովրդի կրած անհուն և անօրինակ տառապանքներին, պատճառն այն է, որ նա չի ճանաչում հայ ժողովրդին, չգիտի, որ հայը մի հին կուլտուրական ժողովուրդ է, առաջադիմության ընդունակ, դարերից ի վեր եվրոպական քաղաքակրթության առաջավոր պահակ Ասիայի խորքերում։ Եվ ահա ծանոթացնում էին այդ ժողովրդին, գովում նրա խաղաղ բնավորությունը, նրա ստեղծագործող, արդյունաբերող առատությունը, նկարագրում նրա թշվառությունները, նրա կրած հալածանքները, մարդասիրություն և գթություն էին հայցում նրա համար։

Այո՛, եռանդ և ընդունակություն շատ էին վատնվում։ Բայց... Այդ բոլորը անճարության ջղաձգումներ էին։ Հայ ժողովրդին իբր թե բոլորովին չէի՞ն ճանաչում և այն ժամանակ, երբ նա 300 հազար զոհ էր տալիս և իր տանջանքներով լցնում ամբողջ աշխարհը` բևեռից բևեռ. սա մի անասելի միամտություն էր։ Միամտություն, մանավանդ այն մտածողության տեսակետից, որ ասում էր, թե այդ ժողովրդին պետք է փրկել այն պատճառով, որ նա կուլտուրական է, իր անցյալում Տիգրան, Նարեկացի, Շնորհալի, Տրդատ ճարտարապետ է ունեցել։ Կարծեք թե մի ուրիշ ժողովուրդ, որ բոլորովին անցյալ չուներ, որ վայրենի էր, իրավունք չուներ ապրելու առանց տանջանքների, առանց կոտորածների։ Կարծում էին, որ եթե Փարիզի կամ Լոնդոնի միջակ բուրժուան, մանր ռենթիեն[134] (հասութակերը) գան գեղեցիկ խոսքեր լսելու հեռու ինչ-որ աշխարհում տանջվող բոլոր մարդկանց մասին, դրանից կփոխվի Ֆրանսիայի կամ Անգլիայի քաղաքականությունը, և վճռող խոսքը վերջիվերջո հանոտոններին և սոլսբերիներին չէր տրվի, այլ հենց այս ունկնդիր քաղաքացիներին…

Սա մի կատարյալ անգրագիտություն էր։ Հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը։

Հայանպաստ պրոպագանդայի վարիչներն իրենց գլխավոր հույսը դրել էին Ֆրանսիայի վրա, և Փարիզը` համաշխարհային այդ բանկիրը, իբր պիտի հայանպաստ պրոպագանդայի սիրտն ու հոգին դառնար։ Միայն այս հանգամանքը որքա՜ն էր խաբում մեզ։ Միևնույն այն փաստը, որ Ժորժ Կլեմանսոն, Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը բարեհաճել էին մեզ համակրել, որքա՜ն մանկական երազանքներ ներշնչեցին մեզ, որքան մոլորությունների անդունդներ գահավիժեցրին։

1900 թե 1901 թվականին Փարիզի հայ գաղութը լուր ստացավ, որ Կիլիկիայում պատրաստվում է հայկական մի նոր կոտորած։ Այն ժամանակ [Ֆրանսիայի] արտաքին գործերի մինիստրն այլևս թուրքամոլ Հանոտո-փաշան չէր, այլ Դելկասեն[135] էր։ Մի պատվիրակություն, Արշակ Չոպանյանի գլխավորությամբ, դիմեց Դելկասեին և խնդրեց պաշտպանել հայերին։ Դելկասեն սիրով ընդունեց և հայտարարեց, թե ինքը թույլ չի տա հայկական նոր ջարդեր։ Եվ ֆրանսիական մի ռազմանավով գնաց դեպի Կիլիկիայի ափերը։ Ջարդ տեղի չունեցավ, և այս հանգամանքը վերագրվեց Դելկասեին և նրա ճառին։

Եվ այսքանից` ի՜նչ հրճվանք, ի՜նչ ակնկալություններ։ Դելկասեն դարձավ Հայոց հարցի պաշտպան։ Մի ֆրանսիացի գրեց, թե Դելկասեն միակ քաղաքագետն է Եվրոպայում, որ զուրկ չէ սրտից։ Այդ սիրտն էլ, հարկավ, կհարկադրեր նրան Հայոց հարցը դնել պետությունների առջև և լուծել տալ։ Բայց սա, իհարկե, մանկական թոթովանք էր, և ինքը` Դելկասեն, շուտով ապացուցեց, որ իրեն, իբրև դիվանագետի, զրպարտում են` ինչ-որ սիրտ դնելով իր կրծքի տակ։ Հայոց հարցի համար նա ոչ մի միջամտություն չարեց։ Բայց երբ սուլթանի կառավարությունը մերժեց վճարումներ անել Ֆրանսիայի երկու վաշխառուների, նույն Դելկասեն ֆրանսիական նավատորմն ուղարկեց թուրքական ջրերը և անվթար ստացավ վաշխառուների բոլոր պահանջները։

Սա չափազանց պարզ էր` երեխաներին անգամ դաս դառնալու համար։ Բայց Չոպանյանը շարունակեց հավատալ, որ «ֆրանսիական ազնիվ ազգը» պիտի ազատի հայերին։ Եվ միայն նա չէր այդպիսի հավատի տեր։ Քրիստափոր Միքայելյանի մտցրած ուղղությունն էր, որ Դաշնակցությունը շարունակ դիվանագիտական մարզանքներ կատարի` դիմումներ անելով մեծ պետությունների (գլխավորապես Անգլիայի և Ֆրանսիայի) կառավարություններին։ Այդ ժամանակներից էր, որ Ժնևի դաշնակցական կենտրոնը` «Դրոշակի» խմբագրությունը, իր պահեստների մի մշտական պատկանելիք էր դարձնում նաև մի հատ ռեդինգոտ[136], մի հատ էլ ցիլինդր[137]` դիվանագիտական դիմումներ անող իր առաքյալներին հագցնելու համար։ Գնալ, ներկայանալ մի որևէ արտաքին գործերի մինիստրի քարտուղարի օգնականին, խոսել նրա հետ «հայոց ազգային դատի» մասին, մի քանի քաղաքավարի կեղծ խոսքեր լսել ու վերադառնալ. սա «փրկության» գործ էր համարվում երկար տարիների ընթացքում` մինիստրների նախասենյակներում նստելը։

Եվ իրավունք ուներ թուրքահայ տաղանդավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, երբ հայերին տալիս էր «նախասենյակի ազգ» անունը։

Գ

Ո՛չ պրոպագանդայի գործը Եվրոպայում, ո՛չ Թուրքահայաստանում ուժեղացող հայդուկային կռիվները դեռ բավական չէին, որ Դաշնակցությունը թևակոխեր վերակենդանության շրջանի մեջ։ Հեղափոխական գործի երկու կողմերն էլ` հայդուկայինը և քաղաքագիտականը, վարկաբեկված էին։ Բռնի միջոցներով փող կորզելը նրանից ետ էր շպրտել բուրժուազիային։

Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար։ Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից։

1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը[138]` մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ։ Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը[139]. այդ պատճառով նրա համար ատելի էին առհասարակ այն ազգությունները, որոնք իրենց սեփական ազգային բավականաչափ արժեքներն ունեին ռուսացմանը դիմադրելու համար, բայց մասնավորապես հայերը, որոնց վերաբերմամբ գոլիցինյան ատելությունը կատարելապես մի հիվանդագին երևույթ էր կազմում։ Իր առաջին իսկ քայլերից Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը։ Հետո, հետզհետե, բանը հասավ այն աստիճանին, որ Գոլիցինն անհանդուրժելի էր համարում, որ հայ ժողովուրդ է ապրում աշխարհիս վրա։ Ոչնչացնե՛լ ամենքին և միայն մի հատ թողնել մարդաբանական թանգարանի համար` սա՛ էր ցարական կոպիտ ու ինքնահավան սատրապի իդեալը[140]։

Գոլիցինը, ձեռք առնելով այս ուղղությունը, [իր] առաջին գործը դարձրեց Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում հայահալած մամուլ ստեղծելը։ Մինչ այդ հայերի դեմ հալածանք մղելու պաշտոնը կատարում էր Պետերբուրգի և Մոսկվայի վաճառված հետադիմական մամուլը։ Այժմ նրա վրա ավելացավ և Թիֆլիսի պաշտոնական «Кавказ»[141] լրագիրը, որի խմբագրությունը Գոլիցինը հանձնեց երկրորդական շնորհքի տեր, հետո և բոլորովին մոռացված բանաստեղծ Վելիչկոյին, ով մեծ եռանդով և մի ավելի լավ գործի արժանի համառությամբ սկսեց օրն օրին ծավալել մի անհաշտ, մի անխելք, կատաղի թշնամություն հայերի դեմ և առհասարակ այն ամենի դեմ, ինչ հայկական էր։ Այդ պալատական հրապարակախոսը` պալատական ռուբլիներին[142] ծախված ստոր հոգին, բավական լավ պաշտպանված էր հակաճառություններից։ Մինչ նա օր օրի վրա վարժվում էր մեկը մյուսից անպատկառ, փողոցային հայհոյանքներ հերյուրելու և մի ամբողջ ժողովրդի դեմքին խփելու մեջ, մենք` հայ հրապարակախոսներս, ստիպված էինք եզոպոսյան դարձվածքների մեջ որոնել գոնե մի բան ասելու հնարավորություն, այն էլ գրեթե միշտ տեսնում էինք մեր այդ գրվածքներն անխնայաբար կարմիր թանաքի կեր դարձած[143]։

Վելիչկոյի հայակերական զառանցանքներին սիրով ձայնակցում էր և վրաց «կնյազական» մամուլը։ Իլյա Ճավճավաձե[144], Ակակի Ծերեթելի[145], [Նիկոլայ] Նիկոլաձե[146] և նրանց նման ուրիշ շատեր «Кавказ»-ի բանաստեղծ-խմբագրի համհարզներն էին։ Թուրքերից Ահմեդ-բեկ Աղաևն[147] էր ձայնակցում, իսկ մի անգամ էլ Շուշիում դուրս եկավ Դալի-Աբբաս անունով մեկը, նախկին պոլիցիական պաշտոնյա, թղթամոլ և գինեմոլ մի տիպ, որ նույնպես աքացի տվեց հայերին։

Վելիչկոյի գործունեությունը հող էր պատրաստում։ Երբ Գոլիցինը տեսավ, որ հողը բավականաչափ պատրաստված է, կոպիտ կերպով դուրս շպրտեց «Кавказ»-ի խմբագրությունից իր վարձկան բանաստեղծ լակեյին։ Լռեց թունալից խոսքը։ Բայց դրանից ի՞նչ ուրախություն։ Գոլիցինն սկսեց պաշտոնական ճանապարհով, օրենսդրական կարգով զրկել հայերին բոլոր իրավունքներից։ Փակեց եղած սակավաթիվ հայ լրագրերից մեկը, փակեց հայոց դպրոցները, փակեց բարեգործական և կրթական հիմնարկությունները, գրադարանները և վերջիվերջո եկավ հասավ այն բանին, որ Նիկոլայ Բ-ից հրաման բերեց Հայոց եկեղեցական կալվածքները և գումարները խլելու մասին[148]։ 1903-ի ամռանն էր հրապարակվում այս օրենքը։

Սա արդեն չափազանցություն էր։ Հայ ժողովուրդը մինչև այդ համբերությամբ տարել էր բոլոր հարվածները։ Որքան սաստկանում էին գոլիցինյան հալածանքները, այնքան ամրանում և տարածվում էր ազգայնական զգացմունքը։ Հայոց լեզուն, գրականությունը դառնում էին ուսումնասիրության առարկա և այնպիսի շրջանակներում, որոնք մինչև այդ չէին հետաքրքրվել դրանցով։ Գաղտնի դասեր, դասախոսություններ, ընթերցանություններ` ահա՛ ինչ էր նկատվում ոչ միայն Թիֆլիսում և այլ քաղաքներում, այլև նույնիսկ գավառական խուլ անկյուններում։ Զուր չէր խոսք դարձել, թե «Գոլիցինը հայերին հայ դարձրեց»։

Այս ազգային հողի վրա էր, որ հեղափոխական երկու կազմակերպություններն էլ` հնչակյանները և դաշնակցականները, մտնում էին ժողովրդի խորքերը, այնտեղ հաստատուն հող էին նվաճում իրենց համար։ Ես այդ ժամանակներում առիթ եմ ունեցել ծանոթանալու Շիրակի հայ գյուղական կյանքի հետ և նկատել եմ շատ բնորոշ երևույթներ։ Գյուղերը բաժանված էին դաշնակցականների և հնչակյանների միջև։ Կային գյուղեր, որոնց մի մասը դաշնակցական էր, մյուսը` հնչակյան։ Երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ու թշնամությունը ծայրահեղության էր հասել։ Այդպես էին հարաբերությունները և նրանց «ծուխերը» կազմող գյուղերի ու գյուղամասերի միջև։ Կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս[149]։ Գյուղերում բացված էին գաղտնի դպրոցներ։ Ես իմացա, որ Կարսի շրջանում այդ գաղտնի դպրոցները նույնիսկ թեմական տեսուչ ունեն, և այդ տեսուչն էր Ն. Աղբալյանը[150]։ Հեղափոխական կազմակերպություններն իրենց ձեռքն էին առել և ժողովրդական դատաստանը։ Պետական դատարաններին դիմող համարյա այլևս չէր մնացել։ Ամեն կուսակցություն ուներ իր զինվորությունը։ Անիի շրջակայքում` Արազի գյուղի մեջ, գրեթե իշխում էր դաշնակցական զինվոր Ազիզը։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին գյուղացիները, անգամ քրդերը, հպատակվում նրա հրամաններին։

Ահա՛ ինչ արդյունքներ էր տալիս իշխան Գոլիցինի սանձարձակ, հայահալած քաղաքականությունը։ Ժողովուրդը խորանում էր ինքն իր մեջ և իր ազգային ստացվածքների պաշտպանությունը հանձնում էր այն ուժերին, որոնք մտնում էին նրա մեջ հենց այդ ինքնապաշտպանական տրամադրությունը շահագործելու համար։

Օդն, այսպիսով, էլեկտրականացած էր, երբ հանկարծակի պայթեց ցարական ուկազը[151]` եկեղեցական կալվածների մասին։ Ինքը` Գոլիցինն էլ զգում էր, որ դա համբերության բաժակը լցնող մի քայլ էր։ Չէ՞ որ նույնիսկ Նիկոլայ Բ-ի բոլոր մինիստրները չէին իրենց համաձայնությունը տվել, այլ միայն Պլևեն[152] և Պոբեդոնոսցևը[153]։ Որ այնուամենայնիվ այդ չնչին փոքրամասնության կամքն էր օրենք դարձել, պատճառն այն էր, որ նրան միացել էր և ինքնակալ Ռոմանովը։

Առաջին իսկ տպավորության տակ ծնվում էր դիմադրելու միտքը։ Ամառվա վերջին ես գնացի Պյատիգորսկ` հանքային ջրերը, բայց ստիպված եղա կիսատ թողնել բուժումս և վերադառնալ Թիֆլիս, ուր ինձ ստիպողաբար կանչեցին երկու հեռագրով։ Կանչողը նոր միայն կյանքի կոչված գաղտնի կազմակերպությունն էր, որ իրեն տվել էր Հայկական ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե անունը։ Այնտեղ չկար և ոչ մի դաշնակցական կամ հնչակյան։ Կազմված էր բուրժուական տարրերից, ուներ իր մեջ և մեկ հոգևորական` Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան։ Իր գործունեությունը նա սկսել էր մի հեղափոխական կոչով, որի ճակատին էր դրել. «Բոլոր ճնշվածներ, միացե՛ք»։ Հայ ժողովրդին հրավեր կարդալով համառ և աննկուն դիմադրություն ցույց տալ ցարական բռնակալությանը` կոչը վերջանում էր այսպիսի բացականչություններով` «Կորչի միապետությունը։ Կեցցե՛ Ռուսաստանի ազատ ազգությունների դաշնային ժողովրդային հանրապետությունը»։

Գոլիցինն էր դարբնել այս նշանաբանները։ Բյուրոկրատական ապուշությունն այսպես էր փորփրում ցարիզմի հիմքերը։

Բայց կոմիտեն մյուս կողմից էլ աշխատում էր բան հասկացնել ռուսաց կառավարությանը։ Այս նպատակով էլ նա ինձ կանչել էր Պյատիգորսկից։ Էջմիածնից բերված էր պաշտոնական գրագրություններ պարունակող գործերի մի մեծ կույտ։ Ինձ հանձնեցին կարդալ ու կազմել մի պատմական տեղեկագիր եկեղեցական կալվածների մասին, որը կաթողիկոսն իր կողմից պիտի ուղարկեր Նիկոլային` ցույց տալով, թե կալվածները ժողովրդական սեփականություն են` հաստատված մահմեդական տիրողների, շահերի և խաների հրովարտակներով։ Կարծում էին, թե դրանով կամաչեցնեին և կարգի կբերեին քրիստոնյա բռնակալին։

Զբաղված էի ինձ հանձնած արխիվի ուսումնասիրությամբ և միաժամանակ հետևում էի Ինքնապաշտպանության կոմիտեի գաղտնի, այսպես ասած, ռազմական հեղափոխական գործունեությանը։ Միջոցներ չուներ նա` ո՛չ ռազմական, ո՛չ դրամական։ Եվ եթե, այնուամենայնիվ, իրեն ուժեղ էր զգում, այդ էլ շնորհիվ այն ըմբոստ տրամադրության, որ բռնել էր ամբողջ հայ ժողովրդին։ Արդեն մի քանի տեղերում ցույցեր էին եղել, ընդհարումներ ժողովրդի և կառավարական զորքերի միջև։ Եվ տրամադրությունը գնալով աճում էր, բարձրանում։

Գավառներից պատվիրակներ էին գալիս Թիֆլիս՝ պահանջելու, որ զիջումներ չլինեն, որ դիմադրություն ցույց տրվի։ Իսկ մի օր «Մշակի» խմբագրատուն մտավ Ալեքսանդրապոլի կողմերից եկած մի գյուղական երիտասարդ քահանա, որ Գոլիցինին սպանելու պատրաստակամություն էր հայտնում։ Չգիտեմ ինչն էր, որ նրան արգելեց այդ բանն անելու, կարծեմ, գաղտնի կոմիտեն չէր վստահել անփորձ գեղջուկին այդպիսի մի լուրջ ձեռնարկությունը։ Հիշատակում եմ այս բանը, լոկ այն պատճառով, որ ցույց տամ, թե որ աստիճանին էր հասել ժողովրդական ցասումը։ Սակայն շատ խիստ աչքի էր ընկնում այն հանգամանքը, որ ժողովրդական տարրերն անկազմակերպ էին` կանոնավոր և սիստեմատիկ կերպով դիմադրություն գործադրելու համար։

Ահա այդ ժամանակ էր, որ Դաշնակցությունը հայտարարեց, թե իր վրա է վերցնում ինքնապաշտպանության և դիմադրության գործը։ Ժամանակին արված մի քայլ էր այդ, որ միաժամանակ լուծում էր Դաշնակցության լինել-չլինելու հարցը։ Ցարական զորքերը քաղաքից քաղաք, ավանից ավան էին գնում, կոտրում էին ժողովրդական կարողությունն իրենց մեջ պահող սնդուկները, տանում նրանց մեջ եղած գումարները, իսկ ժողովուրդն իր զայրույթն ու վիշտը մոռացնել էր տալիս նրանով, որ փարում էր Դաշնակցությանը, որի ռազմական ուժերը մտնում էին գործի մեջ` տեռորի ենթարկելով կառավարական պաշտոնյաներին` սկսելով Գանձակի փոխնահանգապետից։

Ցարական ոճիրի մի երեսն էր սա` Հայոց հարց նաև Ռուսաստանում, [ինչպես նաև`] ժողովրդական համակրանքով վերակենդանացած, ուժեղացած, հայ հեղափոխական իրականության տեր ու հրամայող դարձած Դաշնակցություն...

Թեև այսպիսին էր ստեղծվող նոր դրությունը, բայց հնչակյանները մի անգամ էլ էին երևան գալիս հանդուգն ձեռնարկություններով. նրանք էին, որ 1903-ի աշնանը սպանության փորձ կատարեցին կառավարչապետ Գոլիցինի վրա։ Փորձն անհաջող էր։ Ցարական սատրապը չսպանվեց, այլ վիրավորվեց գլխից։ Այնուհետև այլևս բացարձակ պատերազմական դրություն ստեղծվեց միապետական բյուրոկրատիայի և հայ ժողովրդի միջև։ Հալածանքներն ընդունեցին համածավալ կատաղի կերպարանք։ Թիֆլիսում ամբողջ թաղեր ենթարկվեցին գիշերային խուզարկությունների, հարյուրավոր մարդիկ, սոսկ կասկածով միայն, աքսոր քշվեցին Ռուսաստան։

Այդ ժամանակ ես ծանր հիվանդ էի։ Հասկանալի է, թե ինչ վախերով էր բռնված ընտանիքս իմ վիճակի վերաբերմամբ։ Այսօր էլ աչքիս առաջ է իմ խեղճ, պառավ մայրը, որ գիշերները, ստուգելով սենյակիս դռները, հանում էր պահարանից իմ գրությունները` վնասակարներն անվնասներից ջոկելու համար։ Ինքն անգրագետ էր, իսկ ինձ բժիշկները հրամայել էին մեջքիս վրա պառկած մնալ։ Դողդողուն ձեռքերով մայրս աչքերիս էր մոտեցնում ամեն մի կտոր թուղթ, որ որոշեմ նրա վտանգավորության չափը։ Ես ձանձրանում էի, դժգոհություն հայտնում, ասում` թող ինչ լինելու է լինի, իսկ նա անսպառ մայրական համբերատարությամբ խնդրում, համոզում, աղաչում էր։ Ավելի նրան հանգստացնելու համար ես մի քանի թղթեր որոշեցի հայտարարել վտանգավոր։ Մայրս տարավ դրանք, իր ձեռքերով այրեց խոհանոցում և միայն այդ ժամանակ հանգստացավ` ազատած համարելով իր որդուն ցարական բանտից ու աքսորից։ Խե՜ղճ իմ թղթեր, հայ գրողի կիսատ մնացած աշխատություններ, ծրագրեր, նկատողություններ։ Ո՞ւմ կարող էին նրանք վնասել։ Բայց քանի-քանի անգամ են նրանք իմ ձեռքերով ենթարկվել անխնա ոչնչացման` ռուսական ժանդարմներին նյութ չտալու համար։

Հիմա, երևակայեցեք` քանիսները կային ինձ պես, քանի մայրեր էին անընդհատ խեղդող տագնապներ ապրում գոլիցինյան տեռորի այդ խավար գիշերներին։ Դա մի մղձավանջ էր, որ չոքել էր ամեն մի հայի կոկորդի։ Հայն այստեղ` քրիստոնյա Ռուսաստանում էլ օրենքից դուրս էր դրված։ Եվ այստեղ էլ, ինչպես և այնտեղ [Թուրքիայում], հայդուկային մտայնություն էր տիրում կյանքի բոլոր ներքին դիրքերին։ Հրամայողը, օրենսդրողը հայ հեղափոխականն էր, գլխավորապես, իհարկե, դաշնակցականը։ Կարո՞ղ էր ուրիշ կերպ լինել մի դրության մեջ, որ թշնամի բանակի դրությունն էր հիշեցնում։ Ռուսական չինովնիկը հալածում էր հային, և հայ ֆիդային սպանում էր նրան, ազգային վրեժ հանում։ Ֆիդայական ռումբից ու դաշույնից ազատ չէր մնում և հայ չինովնիկը, եթե նա կասկածվում էր իբրև մատնիչ։ Կյանքը դարձել էր անեծք։ Թե որքան ուժեղ էր դիկտատուրան, ցույց է տալիս հետևյալ փաստը։

Գոլիցինի վերքը մի ժամանակ վտանգավոր բարդություն առաջացրեց։ Խելառ բռնավորը տապակվում էր 40 աստիճանի հասնող տաքության մեջ։ Սպասում էին, թե նա կմեռնի… Եվ սկսեցին ստրկական ցույցեր։ Ռուսները, վրացիները, հույները, հրեաները, թուրքերը, մինչև իսկ հայ կաթոլիկները մաղթանքներ էին կատարում, ասել է՝ աղաչում էին իրենց «բարերար» աստծուն, որ նա բարիք անի աշխարհին` առողջություն պարգևի Գոլիցինին։ Ամեն օր զանգահարություն, աղոթք և երգ։ Եվ միայն հայ լուսավորչական բազմաթիվ զանգակատներն էին, որ պահպանում էին խորին, գերեզմանային լռություն։ Ոչ ոք չհամարձակվեց ծպուտ անգամ հանել` ստրուկի պարտքը կատարելու համար։ Արգելված էր։ Արգելողները հեղափոխականներն էին։ Մի շատ ազդու, շատ հանդուգն ցույց էր այդ զանգային ցուրտ լռությունը։ Այն ռուս բյուրոկրատներին բացատրում էր, թե հայերը կատարյալ պատերազմի մեջ են իրենց դեմ։

Սա իմացավ և հիվանդ պառկած Գոլիցինը։ Կատաղություն, տագնապ, միաժամանակ և անարգ վախ. ահա՛ ինչերով էր փոթորկվում նրա սատրապական մահիճը։ Եվ մի օր ամբողջ Թիֆլիսն ականատես եղավ այսպիսի մի տեսարանի. կառավարչապետի պալատը, Գոլովինսկի պրոսպեկտի կողմից, շրջապատվեց սակրավոր զորքերով, որոնք մի խոր խրամատ էին փորում։ Փորող զինվորներն այլևս չէին երևում, գետնի տակ էին մտել, այնտեղ էին զանազան անցքեր փորում։ Բանից դուրս եկավ, որ վախկոտ Գոլիցինը գիշերներն ինչ-որ ստորերկրյա ձայներ է լսելիս եղել և կարծել է, թե այդ հայ հեղափոխականներն են փոս փորում իր պալատն ականով պայթեցնելու համար, և աճապարել էր խոր խրամատներով ու ստորերկրյա անցքերով ուժեղացնել իր անձի պաշտպանությունը։ Մինչդեռ «հեղափոխականների ստորերկրյա աշխատանքը» լոկ խանգարված երևակայության հերյուրանքն էր, և այն ձայնը, որ լսելիս է եղել գիշերները, կառավարչապետի դիվանատանը պատկանող տպարանի մեքենայի ձայնն է եղել։

Թե ինչ պետք էր սպասել այսքան բացարձակ թշնամական կերպարանք ստացած հարաբերություններից` դժվար չէ գուշակել։ Գնալով պիտի սաստկանար ցարական կառավարության կռիվը հայության դեմ։ Բայց այս ընթացքին խանգարեց 1904թ. սկզբին հանկարծակի պայթած ռուս-ճապոնական պատերազմը։ Գոլիցինը զբաղվեց հայրենասիրական ցույցեր կազմակերպելով։ Ոստիկանության ձեռքով կազմակերպվեցին թափորներ, երթեր. ցուցարարները` մեծագույն մասամբ փողոցային երեխաները, տիրացել էին տրամվային և դես ու դեն էին թռչում` «ուռա» կանչելով և «Боже, царя храни»[154] երգելով։ Բայց, թե որքան անկեղծ էին այդ երգերը, երևում է նրանից, որ մանավանդ ուշ երեկոները, կենտրոններից հեռու փողոցներում «Боже, царя храни»-ն ընդհատվում էր, և նրա փոխարեն բարձրանում էր «Մեր հայրենիք»[155] հայերեն երգը։

Շփոթված լինելով Մանջուրիայի դաշտերում մղվող դժբախտ պատերազմով, Գոլիցինը մի քիչ, այսպես ասած, կարգի եկավ, մի քիչ ինքն իրեն զսպեց, և հայության դեմ կառավարության կռիվն առժամանակ կանգ առավ։ 1904թ. ամռանը Նիկոլայ Բ-ն իր սիրած սատրապին կանչեց Պետերբուրգ` մշտապես իր տեսադաշտում պահելու համար։ Հայությունը, վերջապես, մի քիչ ազատ շունչ քաշեց։

Եվ այսպես ուրեմն, ռուսական արատավոր կառավարությունն իր ոճրագործ քաղաքականությամբ այն էր միայն առաջացնում, որ կովկասյան հայությանն էլ գցում էր Դաշնակցության գիրկը, համակում էր նրան ֆիդայական-հեղափոխական տրամադրությամբ և ամենասուր ազգայնական հակառակությունների որոմներն էր տնկում իրար հարևան ազգերի սրտերում։ Դաշնակցության ծրագիրը լայնանում էր. մինչ այդ նա կռվի մի ճակատ ուներ իր առջև, իսկ այժմ Ռուսաստանը դառնում էր երկրորդ ճակատ։

1903թ. վերջերից առանձին կենդանություն սկսվեց թուրքական ճակատի վրա։ Այս անգամ էլ Դաշնակցությունը (միշտ կրկնող հնչակյան ձեռնարկությունների) ապստամբեցրեց Սասունը։ Նրա խմբապետ Անդրանիկը բավական ժամանակ հաջողությամբ դիմադրեց թուրքական զորքերին։ Այդ ֆիդայական պատերազմի հետ միաժամանակ Դաշնակցությունը կազմեց մի ազգային պատվիրակություն, որ, Խրիմյան կաթողիկոսի ներկայացուցիչ հանդիսանալով, գնաց շրջելու Եվրոպայի մայրաքաղաքները և դիվանագիտության գթությունը խնդրելու։ Պատվիրակությունն Ամերիկա էլ անցավ, ամեն տեղ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի խոսքն արավ։ Գործադրված էր ամեն ինչ, որ իբրև միջոց կար հայ հեղափոխականի ձեռքին։ Բայց ոչինչ չօգնեց։ Անդրանիկը վերջիվերջո ստիպված թողեց Սասունը և հեռացավ։ Հետևանքն այն եղավ, որ դարձյալ մի 5-6 հազար հայ կոտորվեց Սասունի լեռներում և Մուշի դաշտում։ Իսկ աղերսարկու պատվիրակությունը քաղաքավարությամբ ճամփվեց բոլոր մայրաքաղաքներից, չնայած որ «Pro Armenia»-ի և ուրիշ հայասիրական շրջանակների պրոպագանդան այդ ժամանակ ավելի ևս գործուն ու եռանդուն էր դարձել։

Քրիստափոր Միքայելյանի ամբողջ ծրագրերը, երեք-չորս տարվա անխոնջ գործունեությունը ջուրն ընկան։ Իր աչքով նա մի անգամ էլ տեսավ, թե ինչպես Եվրոպան դարձյալ դավաճանեց[156] Հայոց հարցին, բայց, իհարկե, էլի շարունակեց հավատալ այդ իսկ Եվրոպային։ Իր աչքով նա տեսավ իր մի ուրիշ շատ խոշոր ձեռնարկման վիժումը ևս։ Ահագին գումարներ ծախսելով, մեծամեծ պատրաստություններով նա մի շատ նուրբ և վարպետ դավադրություն սարքեց, որի զոհը պիտի դառնար սուլթան Համիդը։ Այս մահափորձը տեղի ունեցավ 1904-ի գարնան սկզբին, այն ժամանակ, երբ Անդրանիկը դեռ հաղթական էր Սասունում։ Սելամլըքի արարողությանը[157] ներկա լինելու համար Ելդզի պալատ մտավ մի եվրոպացի` շքեղ կառքով, որի մեջ դրված էր դժոխային մեքենա։ Մեքենան վաղաժամ պայթեց, սպանեց մի քանի զինվորի, իսկ Համիդն անվնաս մնաց։ Միքայելյանը, սակայն, չհուսահատվեց, սկսեց պատրաստել մի նոր դավադրություն, որի մեջ ինքն էլ պիտի մասնակցեր իբրև գործող տեռորիստ։ Բայց զոհ գնաց Բուլղարիայում փորձեր անելիս պայթած ռումբին։

Դաշնակցությունն իսկը որ որբանում էր` զրկվելով այդպիսի ուժեղ կազմակերպողից և հեղափոխական խառնվածքից։ Այնուհետև ֆիդայական պատերազմը վերածվեց նախկին մանր խմբային ընդհարումների։ Մի անգամ էլ աղերսարկու պատվիրակություն ուղարկվեց Լա Հեյ[158] քաղաքը` եվրոպական դիվանագիտության դռները ծեծելու, բայց այս անգամ էլ, ինչպես միշտ, առանց որևէ հաջողության։

Հիմա ի՞նչ անել։ Թուրքահայոց հարցը մի կախարդական շրջանակի մեջ էր ընկել և պտտվում էր անվերջ ու անհույս։

Դ

Ռուս-ճապոնական պատերազմը 1904թ. ամռանը մի շարք խայտառակ պարտություններ բերեց Նիկոլայ ցարի զենքին։ Ինքնակալական Ռուսաստանը թե՛ Արևելքում և թե՛ Արևմուտքում անպարտելի և անհեթեթ հսկայի համբավ ուներ։ Այժմ ստացվեց, որ դա մի դատարկ հեքիաթ է եղել։ Իր ամբարտավանության մեջ ցարիզմը ծաղր ու ծանակի առարկա դարձավ ոչ միայն մեծերի և ուժեղների, այլև մանավանդ փոքրերի ու տկարների համար։

Հայ ժողովուրդը, պետք է ասել առանց վերապահումների, հրճվում էր ռուսական պարտություններից։ Սա նկատելի էր ամեն տեղ և մանավանդ Կովկասյան հանքային ջրերում, ուր ես էլ բժշկվում էի 1904 թվին։ Այս հրճվանքը նկատում էին ռուս բյուրոկրատները և հաշվի էին առնում։ Պետք էր տեսնել, թե ինչեր էին կատարվում Պյատիգորսկի և Էսենտուկիի բուլվարներում օրը երկու անգամ, երբ դուրս էին գալիս առավոտյան և երեկոյան հեռագրերը։ Դրանք ծախող երեխաները վազում էին և բարձր բղավում նոր ստացած տեղեկությունների բովանդակությունը, որ պատմում էր ռուս զորքի պարտությունների մասին։ Վրդովված գեներալները, սպաները և չինովնիկները բարկանում էին հեռագրավաճառների վրա, երբեմն նույնիսկ խփում էին և հրամայում լռել. բայց մի քիչ հեռու լրագրավաճառների վրա թափվում էր հետաքրքրվողների մի ամբողջ բազմություն, և լրագրերի կույտերը մի ակնթարթում անցնում էին գնողներին, որոնք երկար շարքերով նստոտում էին նստարանների վրա և խորասուզվում ընթերցանության մեջ։ Բավականություն, նույնիսկ ուրախություն, ահա՛ ինչ կարելի էր կարդալ այդ ընթերցող հասարակության դեմքերին։ Օտարացի հանգամանք։ Կարծեք թե մի թշնամի երկրում էինք։

Բայց մի՞թե կարելի է ասել, թե միմիայն հայերն էին հրճվողները։ Ո՛չ, այսպիսի բան երբեք չի կարելի ասել։ Հայերը հրճվողներից մեկն էին, ուրիշ ոչինչ։ Իսկ հրճվողները բոլոր այն տարրերն էին` առանց լեզվի, սեռի, հասարակական դիրքի և քաղաքական դավանության խտրության, որոնք դժգոհ էին ցարիզմից, համարում էին նրան չարիք և դժբախտություն ժողովրդի բարօրության տեսակետից։

Եվ ուրախացնողը միայն ճապոնական զենքը չէր։ Ես շատ լավ եմ հիշում, թե կուրորտային հասարակությունն ինչպիսի պայծառ և զվարթ ժպիտներով ընդունեց մի ամառային սիրուն առավոտ Պլևեի սպանության լուրը։ Մի կատարյալ տոնական տրամադրության մեջ էին ինտելիգենտ շրջանները, բայց այդ տրամադրությունը տխուր արտահայտություն զգեցավ, երբ միևնույն օրը հեռագիրը գուժեց, թե վախճանվել է Անտոն Չեխովը` ռուսական մթնշաղի այդ մեծաքանքար երգիչը։

Պլևեն իր հետ տանում էր ռուսական միապետության վերջին հենարանը։ Ցարիզմը ջախջախվում էր։ Աշնանը եկավ Սվյատոպոլկ-Միրսկին[159], որ թեև ժանդարմների շեֆ էր, բայց ռեժիմի մեջ բերեց մի բարեփոխություն, որ պաշտոնականի[160] շողոքորթներն անվանեցին «գարուն»։ Մամուլն ուրանում[161] էր, համեմատական հովեր էին փչում, բանվորական զանգվածները սկսեցին հզոր շարժումներ։ Այդ շարժումները ծայր առան նաև կովկասյան իրականության մեջ` Բաքվում։ 1905-ի հունվարի 9-ի արյունոտ օրը Պետերբուրգում` զայրույթի և վրեժի հրային ալիքներ տարածեցին ամեն տեղ, և Կովկասի ժողովուրդներն աշխատանքի, պրոլետարական համերաշխության զգացմունքներով միացած` պատրաստվեցին դուրս գալ տիրողների և կեղեքիչների դեմ։ Մինչ այդ հալածական միացման նոր սկզբունքներն արդեն բացորոշ արտահայտվում էին բանվորական գործադուլների և ցույցերի մեջ։

Տեսնում էր այդ բանը ռուսական բյուրոկրատիան և շտապում բաժանումներով ջլատել, իր համար անվնաս դարձնել ուռճացող շարժումը։ Դրա համար նա վերանորոգեց իր պատերազմը հայերի դեմ, որ առժամանակ կանգնեցրել էր ճապոնական պատերազմը։ Գոլիցինը գործի մեջ չէր, բայց ինքը` գործը, լավ սարքված էր։ Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը։ Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով։ Հաստատված է նույնպես, որ ինքը` կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին։ 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները։ Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տևեց և արյունով ու ավերակներով լցրեց Արևելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում։ Հանկարծ, միանգամայն անսպասելիորեն առաջ եկավ ու անշարժորեն հաստատվեց այդ դրությունը։

Թուրքերը հարձակվում էին, սպանում, իսկ հայերը կա՛մ պաշտպանվում էին, կա՛մ` իրենք էլ հարձակվում, սպանում ու կրակում. իսկ «խեղճ» ցարական կառավարությունը հայտարարում էր իրեն միանգամայն թույլ, միանգամայն անկարող այդ անկարգությունները զսպելու, այդ փոխադարձ կատաղի թշնամությունը կանգնեցնելու համար։ Առաջին իսկ օրերից Բաքվի նահանգապետ [Միխայիլ] Նակաշիձեն[162] այս շատ զարմանալի «ճշմարտության» մունետիկը դարձավ։ Շրջելով Բաքվի` պատերազմական դաշտ դարձած փողոցներում` նա տեսնում էր դիակներ, այրվող տներ, թալանված գույքերի կույտեր և բարեհոգ ժպիտով հայտարարում էր, թե զորք չունի, զորություն չունի, թող կռվողներն իրենք իրար հետ հաշտվեն։

Բայց մարդիկ տեսնում էին, որ ցարական կառավարությունը զորքեր ունի, այն էլ` բավականաչափ, միայն թե այդ զորքերին հրամայված էր անտարբեր հանդիսատեսի դիրք բռնել, ոչ մի միջամտություն չանել[163]։ Իզուր էին դիմում, խնդրում, որ զենք գործադրվի, որ երկու կողմերից էլ հանցավորներ բռնվեն և կախաղան հանվեն։ Միշտ միևնույն պատասխանը Նակաշիձեի կողմից` կառավարությունը թույլ է, ոչինչ չի կարող անել։ Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջև մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները, իսկ նա միայն նայում էր։

Ռուս բյուրոկրատիայի պաշտոնական հայտարարությունների երկու մասն էլ բացարձակ սուտ էր։ Այստեղ երևում էր, որ ռուսական չինովնիկությունը սաստիկ գրգռված էր այն տեռորիստական գործողությունների դեմ, որոնք կատարվում էին հայ հեղափոխականների ձեռքով, և նրանց զոհն էին դառնում պետական պաշտոնյաները։ Սա միանգամայն հասկանալի բացատրություն էր և պարզապես նշանակում էր, թե թուրքերի միջոցով ցարական կառավարությունը պատերազմում էր հայ հեղափոխականների, ասել է՝ գլխավորապես դաշնակցականների դեմ։ Արդեն տեսանք, որ հենց ինքը` այդ կառավարող բյուրոկրատիան էր, որ իր ապուշ հայահալած քաղաքականությամբ բարձրացրեց Դաշնակցությանն իր անկումից, ժողովրդականություն տվեց, հետևաբար` ուժեղացրեց նրան։ Դաշնակցականներն օգուտ քաղելով այդ հանգամանքից` սկսեցին բռնանալ ռուսահայ իրականության վրա, քանի որ այստեղ էլ, ինչպես և Թուրքիայում, սկսել էին կատարել «փրկիչների» դեր։ Ֆիդայականությունն իր շտաբներն էր հիմնել Կովկասի այլևայլ կողմերում, զինվորություն էր կազմել, զինական պահեստներ ուներ։ Լինելով մեծ մասամբ չաշխատող, բայց վայելող մի տարր` ֆիդայիները մեր կովկասյան խաղաղ կյանքի մեջ էլ գոռոզ տերեր դարձան, պահանջկոտ, կռվարար։ Այս փաստը շատ գրգռիչ նշանակություն ունեցավ հարևան ժողովուրդների և առավելապես թուրքերի համար։ Բաքվի փետրվարյան ջարդին նախորդեցին մի քանի այդպիսի գրգռիչ միջադեպեր, որոնց մեջ գլխավոր գործիչները դաշնակցականներն էին։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում և այն հարցը, թե ինչպես էին թուրք ղեկավարող տարրերը պատճառաբանում իրենց հանկարծակի բռնկված թշնամությունը հայերի դեմ։ Այս մասին եղան մի շարք հայտարարություններ, և հայտարարություններ այնպիսի իմաստով, որից ցարիզմը կարող էր ամենայն հաճությամբ ուռչել։ Եթե ուշադրություն դարձնեք 1903-1904թթ. դեպքերի վրա, ձեզ չի կարող չզարմացնել այն հանգամանքը, որ թուրք կալվածատիրությունը, միացած թուրք բուրժուազիայի հետ, հեռագրերով շարունակ հավատարիմ հպատակության ցույցեր էր անում Նիկոլային։ Այդ հեռագրերը հաճախանում էին մանավանդ այն ժամանակ, երբ հայերի ըմբոստացումը սաստկանում էր եկեղեցական կալվածքների գրավման առիթով։

Սա մի ամբողջ քաղաքականություն էր` նրբահյուս, արևելյան։ Թուրք հրամայող տարրերը շատ լավ գիտեին, որ հայերը շատ հեշտ կհասկանան այդ հպատակական ցույցերի միտքը։ Ուստի նրանց էլ քնեցնում էին ուրիշ կերպով։ Էջմիածնից խլած կալվածները Երևանում տրվում էին աճուրդով։ Հայերն, իհարկե, չգնացին աճուրդին։ Թուրքերն էլ չգնացին` հայտարարելով, թե չեն ուզում օգտվել հափշտակված կալվածներից։ Սա արդեն դառնում էր համերաշխության և եղբայրության մի հոյակապ ցույց։ Ռուս չինովնիկները շտապեցին առնել այդ վտանգավոր հնարավորության առաջը։ Եվ ահա, հետևյալ տարին նույն թուրքերը հարձակվեցին հայերի վրա, կոտորեցին։ Եվ երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, նրանք տալիս էին այսպիսի պատասխան. «Մենք նահապետական ժողովուրդ ենք, պահպանում ենք մեր հին ավանդույթը։ Մենք չենք կարող ապրել առանց կայսրության, իսկ մեր հարևան հայերը հեղափոխականներ են` նոր գաղափարներով տարված, և ուզում են ոչնչացնել կայսրությունը։ Մենք հենց այդ պատճառով ենք ոտքի ելել մեր ամենաողորմած կայսրին պաշտպանելու համար»։

Ռուսական բյուրոկրատիան ոչ միայն հավատում էր այս բանին, այլև ինքն էր արծարծում նման հասկացողություններ թե՛ թուրք և թե՛ ռուս զանգվածների մեջ։ Չէ՞ որ հենց այս տեսակ վերաբերմունքի վրա էր խարսխված ռուսական քաղաքականությունը` հենվել թուրք ավանդապահ և հետամնաց տարրերի վրա։ Սակայն սա մի թշվառ կարճատեսություն էր, մի կույր հավատ, մի ինքնախաբեություն։ Ընդամենը մի 10-15 տարուց հետո, համաշխարհային պատերազմի և նրանից ծնված մեծ հեղափոխության ժամանակ էր, որ ապացուցվեց, թե հավատարիմ հպատակության ցույցերը կատակերգություններ էին եղել ցարականներին խաբելու համար։ Եվ եթե այնքան հեշտությամբ կալվածատիրական դասակարգը գործիք դարձավ ռուս բյուրոկրատիայի ձեռքին և գնաց հայերի դեմ, դա արդյունք էր այն նոր նացիոնալիստական շարժման, որ ծավալվում էր թուրք և առհասարակ մահմեդական ազգաբնակչության մեջ` օսմանյան գործակալների ձեռքով։ Աբդուլ-Համիդի ձեռնարկած համաիսլամական պրոպագանդան մի գործ էր, որ հաջողվում էր լավագույն կերպով և որի հուշարձանն էր Հիջազի երկաթուղին` կառուցված բացառապես մահմեդականների փողերով։

Այսօր այլևս գաղտնիք չէ, որ մի ամբողջ մեծ ու եռանդուն շարժում էր այդ գործը։ Պրոպագանդան մտավ ամեն երկիր, ուր մահմեդական ժողովուրդ էր ապրում։ Բոլոր այդ ժողովուրդները` Անդրկովկասի թուրքերը, Դաղստանի լեռնցիները, Ղրիմի և Կազանի թաթարները, Թուրքեստանի սարթերը[164] և այլն, և այլն, դաստիարակվում էին օսմանյան գրականության վրա, որ միության ընդհանուր կապն ու շաղախն էր հանդիսանում և որ սովորեցնում էր ամենքին միանալ Թուրքիայի կանաչ դրոշի տակ։ Այս շարժման տեսակետից հայերը հանդիսանում էին ընդհանուր թշնամիներ, քանի որ հայերի ջանքն էր` թուլացնել, ջլատել Թուրքիան։

Եվ չի կարելի ասել, թե հայերը միանգամայն անգիտակ էին այսօրինակ վերաբերմունքին։ Դեռ 1894 թվականից, այն է` Սասունի ջարդից ի վեր, Բաքվում ապրող հայերը շատ լավ նկատում էին, որ թուրքերը ուշադրությամբ հետևում էին եվրոպական քաղաքականությանը Թուրքիայի վերաբերմամբ և շատ գրգռվում էին այն հայասիրական ցույցերից, որոնք տեղի էին ունենում Անգլիայում։ Թուրք հայրենասիրության աչքի ընկնող և հռչակված ներկայացուցիչ էր դառնում Բաքվի միլիոնատեր Հաջի-Զեյնալ-Աբդին Թաղիևը, որ չէր քաշվում հայերին հայտնելու թուրք շրջանների դժգոհությունը Օսմանյան կայսրության մեջ նրանց ձեռնարկած շարժումների առիթով։ Ամեն մարդ, որ դիտելու և հասկանալու ընդունակություն ուներ, կարող էր շատ հեշտությամբ ու բազմաթիվ իրական փաստերով համոզվել, որ Անդրկովկասի ադրբեջանական թուրքերի մեջ ահագին բեկումներ էին առաջ եկել։

Մի ժամանակ կար, երբ շիա և սունի թուրքերի մեջ տիրում էր փոխադարձ ֆանատիկ, արյունալի թշնամություն, որ պատճառ էր դարձել դարավոր պատերազմների Պարսկաստանի և Թուրքիայի միջև։ Այժմ այս անհաշտությունը վերացվում էր, կրոնը տեղի էր տալիս ցեղային-քաղաքական շահերին։ Թուրքական կալվածատեր և բուրժուա դասակարգերն իրենց զավակներին կրթություն էին տալիս ռուսական բարձր դպրոցներում. այսպիսով կազմակերպվում էր մի ինտելիգենցիա, որ ավելի ևս զարգացնում էր ազգայնական գաղափարախոսությունը։ Միլիոնատեր Թաղիևը բացահայտ խոստովանում էր իր հայ ծանոթների առջև, որ մահմեդական աշխարհում, մասնավորապես շիաների մեջ, ոչ մի արժեք չունի թույլ և քնած Իրանը։

Իրենց ամբողջ ապագան, իրենց բոլոր հույսերը շիաներն էլ` սունիների նման կապել են Թուրքիայի սուլթանական գահի հետ։ Հայոց հարցի համար աշխատողներից մեկն էր Բաքվի հարուստ նավթարդյունաբերող Առաքել Ծատուրյանը, որ Թաղիևի հին բարեկամն էր և ընկերը մի խոշոր կալվածատիրական ձեռնարկության մեջ։ Մի երկու անգամ Ծատուրյանը գնաց Լոնդոն, ճաշկերույթներ տվեց հայասեր անգլիացիներին, տպագրեց անգլերենից ռուսերենի թարգմանած մի գիրք, որ պաշտպանում էր հայերին և վարկաբեկում էր սուլթանին։ Թաղիևը շարունակ գանգատվում էր, ծաղրում էր ընկերոջը` ասելով, թե նա կորցրել է իր խելքը, և վերջն էլ, երբ Ծատուրյանի գործերը վատացան, Թաղիևը շատ նպաստեց նրա անկմանը, որ և տարավ նրան մինչև ինքնասպանություն։

Սրանք երևույթներ էին։ Իմ նկարագրած ժամանակներից մի քիչ առաջ էր, որ Ֆերգանայի շրջանում (Միջին Ասիա) տեղացիները ապստամբեցին և հանկարծակի հարձակվելով մի ռուսական զորաբաժնի վրա` ոչնչացրին այն։ Ապստամբությունն իհարկե ճնշվեց։ Ռուս կառավարությունը, ըստ իր սովորության, եկեղեցի շինեց կոտորված զորքի գերեզմանի վրա` դրա համար նվիրատվություններ հավաքելով, որոնց բավականին աչքի ընկնող գումարներով մասնակցել էին տեղում վաճառականություն անող հայերը։ Թաղիևը, դա համարելով մի ցույց մահմեդականության դեմ, ինքն էլ մի հակահայկական ցույց արավ` Կովկասի ուսումնարանական շրջանի հոգաբարձու Յանովսկուն նվիրելով մի խոշոր գումար` ի պահպանություն այն դպրոցների, որոնք խլված էին հայերից։

Հայերն արհամարհում էին թուրքական աշխարհում տեղի ունեցող շարժումները, ավելորդ էին համարում խորասուզվել երևույթների մեջ, դուրս հանել դրանց միջից պարտ ու պատշաճ եզրակացություններ և խրատներ։ Ինչպես և այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում էր թուրքահայերի օրեցօր վտանգվող կացությանը, հայերն օրորվում էին այն հանգամանքով, թե Եվրոպա կա, ոչինչ չի լինի, և շարունակում էին իրենց թեթևամիտ և ոճրագործ անտարբերությունը։ Մոտիկ ապագան պիտի ցույց տար հայերին, թե որքան թանկ նստեց նրանց այս հանցավոր անտարբերությունը։ Պատասխանատուն ամենից առաջ Դաշնակցությունն էր։ Նա էր միակ կազմակերպված քաղաքական կուսակցությունը, որ հետզհետե իր ձեռքն էր առնում ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը, հաղորդում նրան ֆիդայական աշխարհավարության գունավորում, դրանով իսկ սաստկացնում էր հարևան ժողովուրդների կասկածամտությունն ու թշնամական տրամադրությունը դեպի հայերը։

Իր տրամադրության տակ ունենալով բավականաչափ նյութական միջոցներ՝ զինվորների և պաշտոնավարների ամբողջ խմբեր պահելու համար, Դաշնակցությունը չկարողացավ երբեք լուրջ կերպով ուսումնասիրել այն միջավայրը, ուր նրան վիճակված էր գործել։ Պատմում են, որ Քրիստափոր Միքայելյանը, պատասխանելով նրանց, ովքեր ասում էին, թե Թուրքահայաստանը մի անծանոթ երկիր է, պետք է ուսումնասիրել այն, որպեսզի կարելի լինի գործել այնտեղ, ասում էր. «Начто мне знать, насколько высоко ростет трава в Турецкой Армении?»[165]։ Ի՞նչ հարկավոր էր ուսումնասիրություն։ Գտնված էր փրկության կախարդական դեղատոմսը` ֆիդայական կռիվ և Եվրոպա… Այս սկզբնական մեղքի մեջ մնաց ամբողջ ժամանակ և նրա հիմնած կուսակցությունը։ Եվ այս պատճառով էր, որ նրա քթի տակ սաղմնավորվեց, ծնվեց ու մեծացավ, առանց նրան երբեք սոսկ հետաքրքրություն և հոգս պատճառելու, թուրքական ազգերի միությունը, որ վերջը հայությանը շրջապատեց բոլոր կողմերից և խեղդեց…

Բաքվի մեջ թուրքերի փետրվարյան հարձակումը միանգամայն անակնկալ էր հայերի համար։ Առաջին երկու օրերը միանգամայն անպաշտպան էին հայերը, և թվում էր, թե ոչ մի փրկություն չի մնում նրանց համար։ Ռուսական զորքերը դեկորացիայի դեր էին կատարում փողոցներում, նահանգապետը ցավ էր հայտնում, որ ուժ չունի, իսկ դիակների թիվը շատանում էր, հրդեհված տների մեջ խորովվում էին ամբողջ ընտանիքներ։ Այդ օրհասական րոպեներին էր, որ դաշնակցական քաջ խմբապետ Դումանը[166] (առաջ մենակ ինքը, հետո` երկու-երեք ընկերների հետ) դուրս եկավ փողոցները, դիրքեր գրավեց անկյուններում և գնդակներ ուղարկեց դեպի թուրքերը։ Կազմակերպվեց ինքնապաշտպանությունը։ Թուրքերը դիմադրության հանդիպեցին, զոհեր տվեցին, նահանջի դիմեցին, և այսպիսով հաշտություն հաստատելու հող պատրաստվեց։ Նորից ու նորից, և այս անգամ արյան ու կրակի միջոցով, ցուցահանվում է, թե որքան անհրաժեշտ է հայության համար Դաշնակցության նման կազմակերպությունը։

Բայց դեռ հույս կար ընդունելու, որ Բաքվի (հետո նաև Երևանի) փետրվարյան կոտորածներն առանձին դեպքեր են եղել։ Համենայնդեպս, ցարական բյուրոկրատիայի ատամներից ազատվելու համար հայ ղեկավարող շրջաններն ամենայն անկեղծությամբ աշխատանք են թափում հաշտություն և բարի դրացիություն հաստատելու հայ և թուրք ժողովուրդների միջև։ Հիշում եմ այն մեծ ժողովը, որ այս առիթով կայացավ Թիֆլիսում, Վանքի եկեղեցու բակում։ Հավաքվել էին հազարավոր մարդիկ, եկան թուրքերն իրենց Շեյխ-ուլ-Իսլամի[167] հետ, արտասանվեցին ճառեր։ Առանձնապես մեծ հռչակ ստացան ծերունի Շեյխ-ուլ-Իսլամի ճառի մեջ արտասանված այն խոսքերը, թե երկու հարևան խաղաղ ժողովուրդների մեջ կռիվ ու արյունահեղություն գցողը շեյթանն է[168]։ Թե իսկապես ի՞նչ մտքով էր մահմեդական հոգևորականը գործածում «շեյթան» բառը, ոչ ոք չիմացավ։ Բայց ամենքի տրամադրությանն ու համոզմունքին համապատասխանող մեկնաբանությունն այն էր, թե այդ շեյթանը ուրիշ ոչ ոք չէ, քան միայն ցարական կառավարությունը։ Եվ այնուհետև այս փոխաբերական հասկացությունն ընդհանրացավ բոլոր կովկասյան ազգերի մեջ, և երբ ասում էին, թե մեղավորը շեյթանն է, ամենքը հասկանում էին, թե խոսքը ռուսական բյուրոկրատիայի մասին է։

Թե՛ այս խոշոր հրապարակային ցույցը և թե՛ փետրվարյան արյունահեղությանը հետևած հանգստությունը վստահություն էին ներշնչում, որ երկու հարևան ժողովուրդներն իրապես հաշտվեն իրար հետ` հասկանալով, որ օտար ինտրիգի զոհեր են եղել։ Այնքան մեծ էր այս հավատը հայ ինտելիգենցիայի մեջ, որ նա նույնիսկ դրամական նվերներ էր անում Բաքվի կոտորածից վնասվածների համար` առանց կողմերի մեջ խտրություն դնելու, այսինքն` թե՛ հայերի և թե՛ թուրքերի համար։

Բայց քնած չէր շեյթանը։ 1905-ի գարունը շատ անախորժ շարժումներ բերեց, որոնք ցույց էին տալիս, թե ցարական տիրապետությունը նստած է հրաբուխի վրա։ Բավական չէին բանվորական շարժումները, Վրաստանի զանազան կողմերում բռնկվեցին գյուղացիական խոշոր շարժումներ` ուղղված կալվածատեր դասակարգի դեմ։ Մինչ մի կողմից կառավարությունը զորքեր էր ուղարկում գյուղացիական շարժումները ճնշելու համար, մյուս կողմից վրացի ու թուրք կալվածատերերը հավաքվում էին Թիֆլիսում` իրար հետ միություն կազմելու համար։ Միության նպատակն էր համարվում կուլտուրական համերաշխ և եղբայրական աշխատանք երկու ժողովուրդների բարօրության համար։ Բայց ո՞վ կարող էր հավատալ, թե շահագործող դասակարգերը, որոնք աշխատավոր գյուղացի ժողովրդի դեմ ռուսական սվիններ էին ուղարկում, երբևիցե հոգս են ունեցել կամ կարող են ունենալ ժողովրդական բարօրությունը։ Պարզապես հասկանալին և իրականն այն էր, որ երկու ձրիակեր դասակարգերը միանում էին իրենց դիրքերն ամրացնելու և իրենց քաղաքական նպատակները հաստատուն հողի վրա դնելու համար։

Շեյթանին սպասում էին և ուրիշ անակնկալներ ու հիասթափություններ։ Պետերբուրգի կառավարությունը, կամենալով շահել հեղափոխականացող ժողովրդի սիրտը, հրապարակեց մի կարգադրություն, որով համայնքներին ու ազգություններին իրավունք էր տրվում առանձին ուղերձներով կառավարությանը ներկայացնել իրենց կարիքները։ Այս թույլտվությունից Կովկասում ամենից առաջ օգտվեց վրաց ազնվականությունը, որ երկու ուղերձով, ուղարկված Թիֆլիսից և Քութաիսից, Նիկոլային խնդրում էր Վրաստանին ինքնավարություն տալ։ Ցարը կարող էր բացականչել. «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»։ Դեռ 3-4 տարի առաջ էր այս վրաց ազնվականությունը շքեղ հանդեսներով տոնել Վրաստանի բռնի միացումը Ռուսաստանին, փառաբանել հարյուր տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքը` իբրև մեծագույն բարիք Վրաստանի համար, և Նիկոլայը, լցված խանդաղատանքով դեպի իր հավատարիմ ազնվականությունը` պետական գանձարանից նրան տարեկան մոտ 80 հազար ռուբլի նպաստ էր հատկացրել։ Այժմ ինքնակալության գլխավոր հենարանը կազմող ազնվականությունը դավաճանում էր Վրաստանում` պահանջելով ռամկավարական կարգեր` անշուշտ ժամանակի նեղ հանգամանքներից՝ ապստամբած գյուղացիության մեծ ուժից և վրացիների մեջ հետզհետե աճող սոցիալ-դեմոկրատական շարժումից ստիպված։

Հայերն էլ առանձին ուղերձի մեջ ձևակերպեցին իրենց պահանջները, որոնք մշակվել էին ապրիլ ամսին, Թիֆլիսում գումարված հայկական համագումարի նիստերում։ Հայերն իրենց համար առանձին ազգային ինքնավարություն չէին պահանջում, այլ միայն արմատական, ռամկավարական մի երկար շարք ռեֆորմներ և ազատություններ` ընդհանուր համակովկասյան և համառուսական չափանիշով, և ավելացնում էին մի շարք ազգային պահանջներ` լոկ եկեղեցական ինքնավարության սահմանների մեջ[169]։

Առանձին պահանջներ ներկայացրեց և մահմեդական ազգաբնակչությունը, որից ցարական կառավարությունը կարող էր եզրակացնել, որ անգամ այդ հետամնաց, ուխտյալ միապետական և ցարապաշտ համարվող բազմությունն էլ ունի իր դժգոհությունները, իր առանձին լեզուն, որ խոսում էր ազգայնական կրոնական շահերի անունից։

Վատ օրեր էին գալիս շեյթանի համար։ Եվ նա, բնականաբար, չէր կարող վերջացած համարել հայ-թուրքական կռիվները։ Դրանք կլանում էին եկեղեցական կալվածքների գրավումով հայերի մեջ առաջ եկած հեղափոխական տրամադրությունը և մարտական ուժերը, [իսկ] թուրք կալվածատիրությանը զբաղեցնում էին` վրացի դասակիցների դաշնակցությունից հեռու պահելու չափ։ Եվ այս բոլորի արդյունքում մեկուսացնում էր Վրաստանի հեղափոխական շարժումը` նրան առանձին ջարդելու համար։

Ե

1905թ. մայիսի սկզբին Թիֆլիս մտավ կոմս Վորոնցով-Դաշկովը[170]` Կովկասի փոխարքայի պաշտոնով։ Մինչև գալը նա Պետերբուրգից իմաց էր տվել Կովկասի ազգերին, թե ինքը տեղական ազգություններին բարյացակամ վերաբերվող, նրանց կարիքներին ու պահանջներին ամենայն ուշադրությամբ ականջ դնող մի կառավարիչ կլինի։ Ուստի և խնդրում էր ամենին լինել կարգապահ և այսպիսով աջակցել իրեն, որպեսզի ինքը կարողանա ամբողջապես իրականացնել իր բոլոր դիտավորությունները` հօգուտ և ի վերաշինություն կովկասյան երկրների։ Հատկապես հայերին կոմսը խոստանում էր վերադարձնել նրանց եկեղեցական կալվածքները և վերստին բաց անել նրանց դպրոցները։

Սա մի ահագին նորություն էր ամբողջ Կովկասի համար։ Նոր մարդ, նոր կարգ։ Գոլիցինից հետո այսպիսի լեզու… Երևում էր, որ ճապոնական գեներալները և ամբողջ Ռուսաստանի հեղափոխականացումը խելքի էին բերում Նիկոլային, իհարկե, ժամանակավորապես` մինչև փոթորկի անցնելը։ Ալեկոծ Կովկասի հանդարտեցումը ցարը հանձնել էր արքունիքի արարողությունների, ծեսերի, կեղծավոր ձևերի, շողոքորթությունների ու նուրբ ինտրիգների մեջ մազեր սպիտակացրած այս կոմսին, որ անթիվ ու անհաշիվ հարստությունների տեր էր և իր ծերությունը անցկացնելու համար խաղաղ ու շքեղ անկյուն չէր ընտրում, այլ Թիֆլիսի փոխարքայական պալատը` դրդված միայն հին ազնվականի փառասիրությունից։ «Կովկասը,- ասում էին ռուս բյուրոկրատները,- պետք էր նորից նվաճել»։ Եվ նվաճող խոստացավ լինել Վորոնցով-Դաշկովը, բայց ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ։ Միամտություն կլիներ կարծելը, թե ցարի ձեռքի տակ հնարավոր էր, որ նոր փոխարքան տար այն ամենը, ինչ խոստանում էր։ Եվ կատարելու համար չէին խոստումները։ Ռուսական ամբողջ բյուրոկրատիան էր, որ այդ նեղ ժամանակներում ծախու էր հանում էժանագին լիբերալիզմը` իբրև խաբելու, շլացնելու պսպղուն պաճուճանք։

Նախևառաջ նա դեն քշեց գոլիցինյան քաղաքականությունը և ժպիտներ շնորհեց հայերին։ Փոխանակ այդ տնտեսապես ուժեղ ժողովրդին հալածանքներով խրտնեցնելու և հուսահատ հեղափոխականներին գետնահարկերը քշելու` ավելի լա՞վ չէր թեթև, հաճախ կարծեցյալ զիջումներով նվաճել նրան` իր ամբողջ կազմակերպված հեղափոխությամբ հանդերձ։ Եվ իրավ, նրա այս քաղաքականությունն առաջին իսկ քայլից հաջողություն գտավ։ Հայերն իրենց զգացին հովանավորված և ոչ թե առաջվա պես պետության և բախտի խորթ զավակներ։ Այս հանգամանքը գրգռեց կովկասյան մյուս ազգերի և մասնավորապես վրացիների նախանձն ու չարակամությունը։ Բայց սա ավելի ևս լավ։ Սրանով ավելի հեշտ էր իրարից բաժանած դրության մեջ պահել կովկասյան ազգերին, քան արյան ու բոցերի միջոցով կիրառվող բաժանումը։ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից պակաս չէր ըմբռնում, թե ինչ է հարկավոր Ռոմանովներին` մի վատիկանյան ինքնակալություն պահպանելու համար։ Բայց իր նախորդից տարբերվում էր նրանով, որ Գոլիցինը` կոպիտ ու դյուրագրգիռ մի զինվոր, ամեն ինչ անում էր պարզ ու արագ` արջի պես կոխկրտելով, իսկ Վորոնցով-Դաշկովը գործում էր իբրև հին ու փորձված աղվես։

Հայերը մեծ ակնկալություն ունեին, թե նոր բարձր պաշտոնակալը կտրուկ միջոցներով և անհապաղ վերջ կդնի հայ-թուրքական կռիվներին։ Բայց սխալվում էին. նրանք չէին հասկանում դրությունն ու քաղաքականությունը։ Դեռ փոխարքայության սահմանները չմտած, Նոր Նախիջևանի և Ռոստովի հայերը երկաթուղու կայարանում նրան մի թուղթ ներկայացրին` լցված դառը գանգատներով հայ ժողովրդի իրավազուրկ և հալածական դրության մասին։ Բալաջարի[171] կայարանում Բաքվի հայության կողմից պատվիրակությունը ներկայացավ իբրև փետրվարյան կոտորածից աղետված, դառն վշտով լցված, փողոցներից հարյուրավոր անմեղ մարդկանց դիակներ հավաքած մի համայնքի բերան։ Ամեն տեղ և ամենքին Վորոնցով-Դաշկովը հուսադրեց, թե հայ-թուրքական կռիվները չեն լինի այլևս, քանի որ այդպես է կամենում իրեն ուղարկած կայսրը։ Սակայն մնում էր, որ միայն մի քանի օր անցնի, որպեսզի ամենքի համար ակնառու լինի, թե ո՛չ կայսրն է կամենում, ո՛չ էլ նրա փոխանորդ Վորոնցով-Դաշկովը։ Հազիվ մի շաբաթ անցած վերջինիս Թիֆլիս մտնելուց` հայերի մեծ կոտորած տեղի ունեցավ Հին Նախիջևանում և նրա շրջակա գյուղերում։

Իսկ մի քանի օր էլ հետո` երկրորդ անգամ հայ-թուրքական կռիվ սկսվեց Երևանում։ Հայկական մի պատվիրակություն ներկայացավ փոխարքային և խնդրեց վերացնել այդ ժողովրդական դժբախտությունը։ Վորոնցով-Դաշկովը սիրալիր ընդունելություն ցույց տվեց պատվիրակությանը, ասաց, թե իրեն հայտնի է, որ հայերն իբրև կուլտուրական մի ժողովուրդ, նախահարձակ չեն լինում, բայց առաջարկեց ներգործել հեղափոխական կոմիտեների վրա, որ նրանք դադարեցնեն իրենց տեռորիստական գործունեությունը։ Այսպիսով, ուրեմն, նոր փոխարքան էլ հայ-թուրքական կռիվներին նայում էր իբրև հեղափոխության և, իհարկե, գլխավորապես Դաշնակցության դեմ կռվելու միջոցի։ Այս կողմից Կովկասի նոր գլխավոր վարչապետը շարունակում էր իր նախորդի` Գոլիցինի քաղաքականությունը։ Հայ պատվիրակները ստիպված եղան պատասխանել, թե իրենք անկարող են ներգործել կոմիտեների վրա, որոնց գոյությունը գաղտնի է և տեղն անհայտ, և որոնք, եթե ճիշտ որ խոշոր նշանակություն են ստացել հայ ժողովրդի համար, [ապա] կալվածքների գրավելուց հետո է, որ թողել են իրենց գործունեությունը Թուրքիայում և ձեռք են առել ռուսահայերի ազգային շահերի և ֆիզիկական գոյության պաշտպանությունը։

Փոխարքան իհարկե շատ լավ գիտեր, որ ներկայացուցիչների հայտարարությունն իրենց անկարողության մասին` բոլորովին անհիմն էր, քանի որ Դաշնակցությունը գործում էր միանգամայն բաց ու ակներև, և նրան տեսնում էին ամեն տեղ հրամայելիս և կարգադրելիս։ Իբրև պատասխան այդ ժխտողական պատասխանի, որով հայ բուրժուական ինտելիգենցիան հրաժարվեց աջակցություն ցույց տալ ցարական կառավարությանը, կոմս Վորոնցով-Դաշկովը մի քանի օրից հետո ավելի ևս սիրալիր կերպով ընդունեց թուրքական պատվիրակությանը, որը նրան գրավոր զեկուցում տվեց մահմեդական ազգաբնակչության կարիքների և պահանջների մասին, որի երկրորդ մասն ամբողջովին նվիրված էր հայ-թուրքական կռիվներին և իր մեջ պարունակում էր խիստ հարձակումներ հայերի և, մասնավորապես, հայ ինտելիգենցիայի դեմ։

Այդտեղ բոլորովին ժխտվում էր, թե մահմեդականները որևէ տեղ նախահարձակ են եղել հայերի վրա և ամենայն լրջությամբ և հաստատուն շեշտերով հայտարարվում էր, թե մահմեդականները միայն պաշտպանել են իրենց, թե ամբողջ մեղքն ընկնում է հայ կոմիտեների վրա, որոնք գործադրում են ոչ միայն կատարելագործված զենքեր, այլև պայթուցիկ ռումբեր, և շարունակ տեռորներ են կատարում։

Այստեղ թուրք բեկերն ակամա մատնում էին իրենց` երևան հանելով իրենց իբրև ռուսական ժանդարմերիայի գործակալներ։ Դաշնակցականները, ճիշտ է, տեռորներ կատարում էին, բայց բացառապես պետական պաշտոնյաների վրա։ Այսպես, նրանց ռումբից փողոցի մեջ ոչնչացել էր Բաքվի նահանգապետ Նակաշիձեն, որը փետրվարյան կոտորածի ժամանակ այնքա՜ն աղաղակող օրինակներով ցույց էր տվել, թե ինքը թուրքերի կողմն է, նրանց կազմակերպողը հայերի դեմ։ Բեկերն իրենց պաշտպանության տակ առնելով ռուսական ոստիկանությանը` դրանով իսկ, ինչպես ասացի վերևում, փակում էին ցարական բյուրոկրատիայի աչքերը` Ստամբուլից իրենց ստացած համաիսլամական ներշնչումներն իրագործելու համար։ Ուրիշ կերպ անկարելի է բացատրել նրանց կատաղի թշնամությունը Դաշնակցության դեմ, որովհետև մինչև հայ-թուրքական կռիվները Դաշնակցության տեռորն ուղղված էր բացառապես ռուսական չինովնիկության դեմ և ոչ մի վնաս չէր տվել թուրքերին։

Վորոնցով-Դաշկովը, նորից կարդալով թուրքական զեկուցումը, հայտարարում է պատվիրակներին, թե ինքը միանգամայն համաձայն է բոլոր կետերի հետ, թե ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն հայ-թուրքական կռիվների բուն պատճառը, իսկ ինքը համոզված է, որ թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, որ հայերի կոտորածների մասին լրագրական նկարագրությունները խիստ չափազանցված են և այլն։

Այս հայտարարությունները շատ լավ բնորոշում են Կովկասի այս նոր սատրապի աղվեսային դեմքը։ Հայերին ասում էր, թե նրանք սկսողներ չեն. թուրքերին ասում էր, թե նրանք չեն սկսողները, իսկ Նիկոլայ ցարին գրում էր, թե սկսողները տեղ-տեղ թուրքերն են եղել, տեղ-տեղ` հայերը։

Ըստ երևույթին, այսքանը բավական պիտի լիներ Վորոնցով-Դաշկովին լավապես ճանաչելու և նրա նենգավոր քաղաքականությունից պաշտպանվելու համար։ Բայց հայ բուրժուական իրականությունը ե՞րբ է կարողացել քաղաքական հեռատեսություն, շրջահայեցություն և նրբամտություն ցույց տալ։ Հենց այս աղետավոր օրերից էր սկսվում այն անպայման վստահությունը դեպի Վորոնցով-Դաշկովի «հայասիրությունը», որ տարիների ընթացքում ուռչելով դարձավ մի ամբողջ պաշտամունք, և այդ պաշտամունքն էլ հայ ժողովրդին անհուն աղետների խորխորատը գլորեց։

Դաշնակցության վերաբերմամբ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունը տվեց նույն հետևանքները, ինչ արդեն տվել էր Գոլիցինի քաղաքականությունը։ Եթե ուզում էին, որ Դաշնակցությունը կորցնի իր նշանակությունը, պիտի ամեն միջոց գործ դնեին, որ վերջանային հայ-թուրքական կռիվները, և հայ աշխատավոր ժողովրդի կյանքն ապահովված լիներ։ Բայց համիդյան մտայնությունը չափազանց շատ էր հափշտակել ռուս բյուրոկրատիայի փայտե ուղեղը։ Հայ-թուրքական կռիվները չվերջացան, անցան Գանձակի և Թիֆլիսի նահանգներն էլ, և մահվան վտանգին մատնված ժողովուրդը հոժարությամբ ինքն իրեն ենթարկեց Դաշնակցության դիկտատուրային։ Ֆիդայությունը դարձավ իդեալ։ Թուրքահայ գաղթականները` անտուն, անտեր, հողազուրկ թափառականներ, մինչև պռունկները լցված վրեժխնդրության զգացումով` դաշնակցական խմբերի մեջ խոշոր թիվ էին կազմում և այնպիսի խժդժություններ էին կատարում, ուր թուրք ժողովրդի համար սարսափ արտահայտող մի հնչյուն էր դարձել «թաղթաղան» (գաղթական) բառը։

Եվ բոլորովին չի կարելի ասել, թե Վորոնցով-Դաշկովին անհայտ էր այդ հանգամանքը։ Իմ գրադարանում պահվում է նրա առաջին «ամենահպատակ հաշիվը» Նիկոլայ Բ-ին, որի մեջ նա պատմում է, թե ինչպես հայ-թուրքական կռիվները բարձրացնում են դաշնակցականների հեղինակությունը հայ ժողովրդի մեջ, թե ինչպես նրանք կանոնավոր կերպով հարկեր են հավաքում գյուղացիներից, հարկավոր դեպքում նույնիսկ ծախում են նրանց անասունները` զենք գնելու և ամենքին զինելու ու զինվորագրելու համար։ Ռուսաց կառավարությանը հայտնի էր դարձել և այն հանգամանքը, որ Դաշնակցությունն այլևս չի բավարարվում հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործով, այլ կյանքի ու մահվան պայքար է հայտարարել անդրկովկասյան թրքության դեմ։ Միատարր հայ ազգաբնակչություն ունեցող շրջաններ կազմելու և ապագա ինքնավար Հայաստանի հողը պատրաստելու համար Դաշնակցությունը ձեռնարկում է բնաջինջ անելու թուրքերին այնտեղ, ուր նրանք փոքրամասնություն են կազմում։ Եվ իրավ, Լևոն Աթաբեկյանը, որ հետո միայն թողեց Դաշնակցության շարքերը և դարձավ սոցիալիստ-հեղափոխական, 1905-ին Շուշիում սկսված կռիվների գլխավոր ղեկավարներից մեկն էր հայերի կողմից, Թիֆլիսի դաշնակցական կոմիտեի նիստում պարծենում էր, թե իրենք Ղարաբաղում զբաղված են «հայաստանցիներ» ստեղծելով։ Այդ ժամանակներից էր, ուրեմն, սկիզբ առնում դաշնակցական հռչակավոր «մաքրել-սրբելը», որ իդեալ էր դառնում ոչ միայն հասարակ ֆիդայիների, այլև՝ ինտելիգենտ գաղափարախոսների համար[172]…

Պատերազմը կատաղության ծայրին էր հասնում Ղարաբաղում և մանավանդ նրա մայրաքաղաք Շուշիում։ Այս քաղաքի ճակատագիրը շատ տարօրինակ էր։ Թեև նա առանձին մի գործոնի դեր չէր կատարում հայ հեղափոխական իրականության մեջ, բայց Գոլիցինի համար դարձել էր աչքի փուշ։ Այդ, որպես թե ամենահայ (եթե կարելի է և այսպես ասել) մի կենտրոն էր համարվում, հայ նացիոնալիզմի միջնաբերդ։ Հայտնի էր, որ Գոլիցինը ծրագրել էր քանդել Շուշիի հայկական մասը և հայերին գաղթեցնել Սիբիր` այնտեղ բնակեցնելու համար։ Այս վայրենությունը, սակայն, թույլ չտվեց նրան Պետերբուրգը[173]։ Այն ժամանակ Գոլիցինն ուրիշ ուղղությամբ տարավ գործը։ Հայերին քաջապես սանձահարելու համար Գանձակի նահանգապետ նշանակեց իր նման խելացնոր մի ռուսացնողի` գեներալ Կիրեևին, որ մաքրեց Շուշին հայ չինովնիկներից` ուղարկելով նրանց ծառայելու Ռուսաստանի խորքերում։ Հայ դպրոցներ առանց այն էլ չկային, մնացել էր 50 տարիներից ի վեր գոյությունը պահպանած թեմական դպրոցը, որ նույնպես փակվեց։

Երբ սկսվեցին հայ-թուրքական կռիվները, Ղարաբաղի հայ և թուրք ազգաբնակչության ներկայացուցիչները հավաքվեցին Թիֆլիսում, իրար խոսք տվին ամեն միջոց ձեռք առնել, որպեսզի կոտորածները մուտք չգործեն Ղարաբաղ։ Երկու կողմերն էլ այն համոզմունքին էին, որ կռիվներն առանձնապես կատաղի և առանձնապես շատ ավերիչ կլինեն Ղարաբաղում այն հանգամանքի պատճառով, որ տեղի թե՛ հայ և թե՛ թուրք ժողովուրդներն աչքի են ընկնում իրենց խիզախ և քաջ բնավորությամբ։ Սա շատ ճիշտ էր, և մենք` հայ պատվիրակներս, բաժանվեցինք մեր աչքի ընկնող և ազդեցիկ հայրենակից բեկերից` գրեթե հավատացած, որ երկու կողմերս էլ ցույց կտանք, թե «վաթան գարդաշի» (հայրենիքի եղբայրակիցներ) էինք։ Եվ իրավ, գրեթե ամբողջ ամառն անցնելու վրա էր, հայ-թուրքական կռիվները ծավալվում էին Երևանի նահանգի շատ տեղերում, ուրիշ նահանգներում ևս ստանում էին համատարած ժողովրդական դժբախտության կերպարանք, իսկ Ղարաբաղը լուռ և հանդարտ էր։

1905թ. օգոստոսի 1-ը ռուսահայ ժողովրդի համար դարձավ մի կատարյալ ազգային տոն։ Այդ օրը հրապարակվեց Նիկոլայի ուկազը, որով հայերին վերադարձվում էին երկու տարի առաջ այնպիսի խայտառակություններով խլված եկեղեցական կալվածքները։ Բացի դրանից` թույլատրվում էր դպրոցներ բացել ավելի լայն իրավունքներով, քան գոյություն ուներ 1884թ.-ից ի վեր։ Չնայած հայ-թուրքական արյունահեղությունների մղձավանջին, չնայած որ հայ աշխատավոր զանգվածն իր սգի մեջ էր նստած` իր կրած անփոխարինելի կորուստների պատճառով, շատ տեղերում աղմկալի ցույցեր էին կատարում ի պատիվ ցարի, և հրապարակավ շեշտվում էր մի նոր երևույթ` եղբայրացում ռուս զորքերի և հայերի միջև։ Այսպիսի հանդիսավոր ցույցեր տեղի ունեցան, օրինակ, Շուշիում։ Բայց մի երեք ժամ[174] հազիվ անցած, կոտորածը սկսվեց և Շուշիում։ Եվ «հայաստանցիներ» ստեղծող Լևոն Աթաբեկյանը, տեսնելով, որ թուրքերը զոռ են անում և արդեն հայկական քաղաքամասն են խուժում Քոհնա հանգիստարանի[175] կողմից, վազում է իրենց տուն և հայտարարում, թե իրեն մի ճանապարհ է մնում` ինքնասպանություն գործել։

Իսկույն վեր են կենում, եթե չեմ սխալվում, 1000 ռուբլի են հավաքում, տանում տալիս Շուշիի ռուս զորքերի գլխավորին, որը զինվորներ է հանում և հրացանային կրակով ետ մղում թուրքերին։ Բայց հայկական թաղի մի խոշոր մասը` կենտրոնականը` ավելի քան 400-500 տներ այրվում են։ Եվ որ զարմանալին է, այդ հրդեհումների և կողոպուտների մեծագույն մասը կատարվում էր հենց իրենց` հայերի քաղաքային և գյուղական տականքների ձեռքով։ Առհասարակ գաղափարական տեսակետից չէր կարելի ամբողջ Շուշին համարել դաշնակցական ծուխ։ Այդտեղ շատ կային տարրեր, որոնք հակառակ էին դաշնակցական հախուռն (քյալլագյոզ) գործողություններին, ընդդիմանում էին նրանց գրգռիչ և միամիտ վարմունքին։ Բայց ի՞նչ անես. անճարությունը և կառավարության կողմից լքվածության վիճակը ստիպում էին, որ դժգոհներն էլ հպատակվեն ֆիդայական դիկտատուրային։

Շուշիի արյունահեղությունը դեռ չվերջացած` նույն օգոստոս ամսին երկրորդ կոտորածը սկսվեց Բաքվի մեջ, ավելի ահավոր չափերով։ Այդ միջոցին Կիսլովոդսկում գտնվող և Թիֆլիսից հատուկ հանձնարարությամբ այնտեղ գնացած հայերից մի պավիրակություն ներկայացավ կոմս Վորոնցով-Դաշկովին և նրան մի ջերմ շնորհակալական ուղերձ մատուցեց` եկեղեցական կալվածքների և դպրոցների վերադարձման առիթով։

Նիկոլայն, ուրեմն, անձնատուր էր եղել հայերին։ Դաշնակցությունն, իհարկե, ամեն տեղ խաչփողանում, ծեծում էր իր կուրծքը և ասում, թե դա բացառապես իր հաղթությունն է, թե ինքն է հարկադրել Նիկոլային` չոքել հայ ժողովրդի առջև։ Բայց սա, իհարկե, սովորական լոպպազություններից մեկն էր[176]։ Նիկոլայ Բ-ին ոչ միայն հայության, այլ ամբողջ աշխարհի և մանավանդ ռուս ժողովրդի առջև չոքեցրել էր ճապոնական մարշալ Օյաման։ Եվ հետո, մեծ դեր էր կատարել այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից խելոք էր։ Խելառ հայակերը մի հիմար թեթևամտությամբ հափշտակել էր հայ ժողովրդի կալվածքներն ու դրամագլուխները` նույնիսկ չկարողանալով հաշվի տակ գցել, թե հափշտակված գույքն ինչ հարստություն պիտի մտցնի պետական գանձարանի մեջ։

Ռուս բյուրոկրատները ֆանտաստիկ պատկերացում ունեին հայ եկեղեցական հարստությունների մասին։ Ես ինքս կարդացել եմ «Новое Время»-ի մեջ, որ ռուս կառավարչական շրջաններում տարածված էր այն համոզումը, թե միայն անգլիական բանկի մեջ հայ հոգևորականությունն ունի 30 մլն ռուբլի` ոսկով։ Միայն այն ժամանակ, երբ խլվեց ժողովրդական կարողությունը, հաշվի նստեցին և տեսան, որ պետությունը ոչ միայն օգուտներ չպիտի ստանա իր հափշտակություններից, այլև իրենից մեծ գումարներ պիտի ծախսի կալվածքները և դպրոցները պահպանելու համար։ Ազատվել այդպիսի մի «բարիքից»` պետական մի իմաստնություն էր Կովկասի փոխարքայի համար։ Ռուսները մի հիանալի խոսք ունեն. «На тебе, Боже, что мне не гоже»[177]։

Իսկ թե կառավարությունը երբեք իրեն պարտված չէր համարում Դաշնակցությունից, այդ ապացուցողը հենց այն է, որ նա շարունակում էր իր քաղաքականությունը հայ-թուրքական կոտորածների վերաբերմամբ։ Օգոստոսի 1-ի ուկազով կառավարությունը կարծում էր, թե իր կողմն է գրավում հայ չափավոր տարրերին, որոնք կարող էին եթե ոչ ոչնչացնել, գեթ փոքրացնել ռումբերով և տեռորներով գործ տեսնող հեղափոխական կոմիտեներին։ Բայց այդ բանը տեղի չէր ունենում այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունն ուժեղ էր զինված և իշխանություն էր կազմում։ Ֆիդայիները Զանգեզուրի և այլ գավառների գյուղացիների մեջ կատարում էին այնպիսի սանձարձակ բռնություններ, որոնք հիշեցնում էին նրանց նմանօրինակ սխրագործությունները Սալմաստում և Թուրքահայաստանում։ Եվ կառավարությունն անժամանակ էր համարում դադարեցնել կռիվը նրանց դեմ թուրքական հրոսակախմբերի միջոցով։

Կիսլովոդսկի հայ պատվիրակությունը, վերջացնելով իր շնորհակալական ցույցերը, ստիպված էր ցավով ու վշտով նորից և նորից գալ օրվա արյունոտ մղձավանջին, նկարագրել Բաքվի սարսափները, նավթարդյունաբերության կործանումը և, ինչպես միշտ, խնդրում էր օգնել ու փրկել։ Փոխարքան փոխարենը պատասխանեց, թե ինքը Բաքվում շատ զորք ունի և հենց այժմ կհեռագրի, որ անկարգությունները ճնշվեն ամենայն խստությամբ։ Երջանիկ ու հանգստացած պատվիրակությունը հրաժեշտ տվեց փառավոր կոմսին, բայց նրա խոսքերը խոսքեր էլ մնացին։

Հայ-թուրքական ընդհարումները դեռ հարկավոր էին ռուս կառավարությանը, շատ էին հարկավոր… 

Զ

Այսօր էլ իմ աչքի առջև է այն գեղածիծաղ, [բայց] արյունով ողողված` հոկտեմբերի 18-ի օրը` երկրորդը Նիկոլայի մանիֆեստից հետո[178]։ Թիֆլիսի փողոցները լցված էին զբոսնողներով, շատերի կրծքի վրա արդեն երևում էին կարմիր ժապավեններ։

Գոլովինսկի պրոսպեկտում, ինչպես ասվում է, ասեղ գցելու տեղ չկար։ Միտինգներ Պետական օպերայի և Արտիստիկական ընկերության առջև, մեծ համախմբումներ, խոսք ու զրույց։ Մարդիկ այլևս չեն վախենում։ Ո՞ւր մնաց ցարական Ռուսաստանը։ Ո՛չ, նա դեռ կա։ Նայի՛ր, դրագունների[179] գումարտակներն են իրենց չաղ ու ուժեղ ձիերի վրա շրջագայում փողոցներում։ Ճիշտ է, նրանք միայն շրջում են, ոչ ոքի չեն խանգարում, ոչինչ չեն արգելում և նույնիսկ ականջի մի ծայրով են լսում միտինգներում բարձրացող շանթալից զայրույթն ու զզվանքը ցարի ու ցարիզմի դեմ, բայց, այնուամենայնիվ, դա ցարի անունը կրող և ցարական շնորհներով հղփացած գնդից մի զինվորական ուժ է։ Զարմանալի կապուտակ երկնքի տակ իրար հանդեպ են եկել երկու սկզբունքներ։ Մի կողմը ազատություն որոնող, դարերից ի վեր ազատությունը երազ դարձրած ժողովուրդ, մյուս կողմից` այդ երազը կոպտորեն ջախջախող, ստրկության շղթաներով նրա կոկորդն օղակավորող բռնակալական բանակ։

Թեև ազատության այդ վաղ արշալույսին կասկածի և երկմտության ամեն մի նշույլ հեռու էր վանվում մարդու սրտից ու մտքից, բայց և այնպես, դրագունների կարմիր գլխարկներն ինչ-որ չէին համապատասխանում այդ ժողովրդական տոնին, ասում էին ինչ-որ մի բան, որ համենայնդեպս, լավ բան չէր…

Խիտ առ խիտ իրար շփվող խառնվածքների մեջ հանդիպեցի իմ մանկության ընկեր Հովնան Դավթյանին, որ Դաշնակցության գլխավորներից մեկն էր և Ժնևից եկել էր Կովկաս` այստեղ կուսակցական աշխատանքներ կատարելու համար։

– Հիմա ի՞նչ պիտի անեք, Հովնա՛ն։

Նա շատ լավ հասկացավ ինձ։ Ուզում էի ասել, թե Հայոց հարց Ռուսաստանում այլևս չի մնում, ուրեմն և Դաշնակցությունն այստեղ այլևս անելիք չունի[180]։ Եվ երբ այսպես է, էլ ինչո՞վ պիտի նա պարապի։

– Դեռ Թուրքահայաստանը մնում է,- պատասխանեց նա իր սովորական անուշ ժպիտով։

Նա, ուրեմն, ընդունում էր, թե Դաշնակցությունը վերջացրել է ռուսահայերի մեջ իր «ազգային» գործը։ Բայց նա սխալվում էր, իր ընկերների հետ դեռ չէր տեսնվել։ Դաշնակցությունը, ինչ խոսք, Թուրքահայաստանը չէր թողնում, բայց բոլորովին միտք չուներ թողնելու նաև Ռուսաստանը։ Եվ այստեղ, գոյության մի նոր իրավունք ստեղծելու համար նա մի գիշերվա մեջ դառնում է… սոցիալիստական կուսակցություն։ Կախարդական գավազանի մի հարվածով ամբողջ այդ բազմատարր զանգվածը` բուրժուական ինտելիգենցիա, մանրավաճառներ, խմբապետներ, հայդուկ-ֆիդայիներ, խուժանավարներ և այլն և այլն, միասին թափվում էին Մարքսի ավազանի մեջ։ Եվ հայ իրականությունը տեր էր դառնում մի տարօրինակ սոցիալիստական կազմակերպության, որի նմանը դուք իզուր կորոնեք սոցիալիզմի պատմության մեջ։

– Լավ,- ասացի ես Հովնանին,- կերպարանափոխվելու և երկերեսանի դառնալու ի՞նչ կարիք կա։ Մենք ունենք հայ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որ իր սոցիալիզմից դուրս ոչինչ փրկություն չի տեսնում մարդկության համար։ Եթե ես ուզենամ հարել սոցիալիզմին, էլ ինչո՞ւ պիտի գամ ձեզ մոտ և ոչ թե սոցիալ-դեմոկրատների մոտ։

Հովնանը միայն այն գտավ ասելու, թե հայ սոցիալ-դեմոկրատները շատ են քիչ, շատ են խեղճ ու ժողովրդի մեջ նշանակություն չունեն։

Բայց սա պատասխան չէր։

Ինչևիցե։ Բանը կատարվել, պրծել էր։ «Կովկասյան նախագիծ»[181] անունը կրող մի որոշումով Կովկասի մեջ գտնվող դաշնակցականները, առանց համակուսակցական ընդհանուր ժողովի հաստատման, իրենց հռչակում էին սոցիալիստ։ Ոչինչ անպատեհություն նրանք չէին էլ զգում։ Դաշնակցությունը միշտ էլ, իր ծննդյան ժամից, եղել է սոցիալիստական։ Ապացույց էին բերում առաջին ծրագրի ներածությունը, որ գրել էր «մարքսիստ» Ռոստոմը։ Եվ այսպես, հիմնավորելով իրենց «դարձը»` դաշնակցականները աղանդավորի նոր մոլեգնությամբ սկսեցին ծառայել նոր պաշտամունքին, որ, իհարկե, սիրով, մտքով յուրացված մի վարդապետություն չէր, այլ մի ձևականություն, որ առանց դժվարության գալիս էր կենակցելու հայդուկային աշխարհայեցության հետ։

Հոկտեմբերի 18-ին և հետևյալ օրերին կայացան բանվորական կուսակցությունների ցույցեր։ Տեսա սոցիալ-դեմոկրատների երթը Վերայի վերելքով դեպի Գոլովինսկի պրոսպեկտ։ Չեմ մոռացել հնչակյանների փոքրիկ թափորը, որի պոչում գնում էին մի վարդապետ և ալեզարդ Ղազարոս Աղայանը։ [Հոկտեմբերի] 20-ին դուրս եկան դաշնակցականները` ցույց տալու համար, թե ոչ մի կուսակցություն չի կարող հավասարվել իրենց` իբրև խոշոր կազմակերպություն։ Վաղօրոք տեղական լրագրերում հայտարարված էր, թե այդ օրը Դաշնակցությունը փողոց պիտի հանի իր զինվորներից յոթ հազար հոգի։ Ահագին պատրաստություններով երթն սկսվեց Հավլաբարից։ Յոթ հազար զինվորները պարզապես քաղաքային դռնապաններ էին և փողոցից հավաքած այլ տեսակի մարդիկ։ Երկար շարքերով, իրար գոտիներից բռնած, նրանք եկան հասան Գոլովինսկի պրոսպեկտ։ Նրանց մեջ կարգ էր պահպանում մի ձիավոր, որ կրում էր կարմիր դրոշակ, և այդ դրոշակի վրա նկարված էր Քրիստափոր Միքայելյանի պատկերը. մի հանգամանք, որ ցույց էր տալիս, թե որքան անկեղծ ու ուղղահավատ սոցիալիստներ են այդ նորադարձները։

Գոլովինսկի պրոսպեկտի վրա` Առաջին գիմնազիայի պատից մինչև «Փառքի տաճար» թանգարան, չորս կարգ կանգնած էին զորքեր, որոնք այսպիսով փակեցին դեպի փոխարքայական պալատ տանող ճանապարհը։ Դաշնակցական թափորը կանգ առավ այդ շարքերի առջև, բայց, իհարկե, ոչ նրանց պատվելու համար։ Դուրս եկան հռետորներ, որոնք դիմադրեցին զինվորներին` հրավիրելով նրանց միանալ հեղափոխությանը և տապալել ցարիզմը։ Գերեզմանային լռություն տիրեց զինվորների մեջ։ Իր խիստ ճառերով աչքի ընկավ Թադևոս Խաշմանյան անունով մեկը` մականվանված Դև։ Բարձրանալով մի պատշգամբ` նա սպառնալիքներ որոտաց ցարական Ռուսաստանի դեմ. Վորոնցով-Դաշկովին կախել, Նիկոլայ Բ-ին ոչնչացնել…

Չխնայվեցին նաև կանայք, որոնց անունները մեկիկ-մեկիկ շարվեցին քաջ դաշնակցականի դատավճռի մեջ։ Իսկ ներքևում, փողոցի մեջ, այժմյան Փոքր թատրոնի դիմաց, կանգնած էին դաշնակցական արիստոկրատական շեֆերը, որոնց վրա ծածանվում էին դաշնակցական դրոշակներ։ Դրանց մեջ հիշում եմ Հովհաննես Թումանյանին` մեր վաղամեռիկ բանաստեղծին։ Հիշում եմ և նրա արտասանած ճառից հետևյալ կտորը. «Էս էն դրոշակն ա, որ ծածանվում էր Սասունի գլխին»։ Գուցե հետաքրքրական լինի ավելացնել և այն, որ նույն այդ խմբի մեջ էր նաև Համբարձում Առաքելյանը[182]։ Մինչև այդ նա գործունյա դեր էր ունեցել դաշնակցական կազմակերպության մեջ և, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի կարճ ժամանակով եղել էր [ՀՅԴ] Արևելյան բյուրոյի վարիչ։ Այս ցույցից հետո էր, որ Համբարձում Առաքելյանը խզեց իր հարաբերությունները Դաշնակցության հետ և, այնուհետև, մինչև իր մահը դարձավ նրա անհաշտ և ոխերիմ թշնամին։

«Դաշնակցության ցույցը ամենից լավ հաջողված ցույցն էր»,- այսպես էինք գնահատում մենք` մայթերի վրա հավաքված հանդիսատեսներս։ Մարդ շատ էին բերել իրենց հետ, արտաքուստ ուժի ներկայություն էր զգացվում։ Երբ թափորն սկսեց վերադառնալ Բարյատինսկայա փողոցով, փոխարքայի պալատի կողմից առաջ եկավ մի փոքրիկ խումբ՝ զինվորական երաժշտության ուղեկցությամբ, որ տանում էր Նիկոլայ Բ-ի պատկերը։ Ռուս պատրիոտների ցույցն էր։ Մասնակցում էին գլխավորապես զինվորական դպրոցի (Կադետսկի կորպուսի) աշակերտները։ Խումբը շրջապատված էր հեծելազորով։ Սա, ուրեմն, մի հակացույց էր դաշնակցականների դեմ։ Երկու ցույցերն էլ խաղաղ անցան, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք ոչ մի հետք էլ չէին թողնի առօրյայում։

Բայց ոչ։ Հենց այդ օրվանից էր, որ Նիկոլայի սահմանադրությունը, դեռ չծնված, արյունով էր լվացվում նաև Կովկասում։ Եվ ամենից առաջ հայի արյունով։

Միևնույն օրը դաշնակցականները ցույց կազմակերպեցին նաև Բաքվում։ Կարմիր դրոշակներով նրանք գնացին թուրքերի թաղը. այն իսկ թուրքերի, որոնց հետ նրանք պատերազմական դրության մեջ էին ամիսներ ի վեր և որոնց այսօր կարծում էին, թե նվաճած կլինեն` «ազատություն» կանչելով։ Բայց ուշ էր արդեն այդպիսի հասկացողությունները միության նշանաբան դարձնելը։ Ռուսական ոստիկանությունն արդեն կարողացել էր լավ դաստիարակել թուրքական խուժանին։ Իսկույն կազմ և պատրաստ փողոց դուրս եկավ ռուս սև հարյուրակը, որի հետ խառն էին մեծ քանակությամբ կազակներ և նույնիսկ զինվորներ։ Նրանք հայրենասիրական երթ էին կազմել` տանելով իրենց ցարի նկարը։ Եվ որովհետև ամբողջ Ռուսաստանում ոստիկանության դեպարտամենտը կարգադրել էր այդ «բարձրագույն» և «օգոստոսափառ» նկարի համար շրջանակ դարձնել այրվող տներ ու արյունոտ դիակներ, ուստի Բաքվում էլ այդ ինքնակալական սրբազան պոգրոմը[183] գործադրվում էր թուրքերի աշխատակցությամբ, բայց այն բացառությամբ, որ Ռուսաստանի պոգրոմների զոհերը բացառապես հրեաներն էին, իսկ Բաքվինը` գրեթե բացառապես հայերը։ Հինգ օր տևեց արնակեր վայրենության այդ խրախճանքը։ Դարձյալ սարսափ, դարձյալ օգնություն կանչող աղաղակներ։ Հրդեհվեցին հայերի խոշոր տները քաղաքի ամենալավ փողոցների վրա, կոտորածն աջ ու ձախ էր գնում։ Եվ դարձյալ զորքերն իրենց չեզոք էին պահում, միայն նայում էին։ Փետրվարին էլ այսպես էր։ Բայց այն ժամանակ գոլիցինյան ռեժիմն էր։ Իսկ այժմ… Վորոնցով-Դաշկովն է, չէ՞ որ ե՛ւ լիբերալ է, ե՛ւ մասնավորապես «հայասեր»…

Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար։ Խաշմանյանի և նրա նման ուրիշ վայրահաչների սպառնալիքներից գրգռված` նա ասաց. «Տեսնենք` ինչպես պիտի հայերն ինձ կախեն»։ Եվ մյուս օրը ևեթ նա Թիֆլիսում կազմակերպեց մի հսկայական կառավարական հակացույց։ Այդ օրը ցարի գահակալության օրն էր` հոկտեմբերի 21-ը։ Զորահանդես նշանակվեց, բայց ոչ սովորական չափով. ամբողջ Գոլովինսկի պրոսպեկտի երկու կողմերով` Դվորցովայա փողոցից մինչև Օլգինսկայա փողոցի կեսը, խիտ-խիտ կանգնած էին զորքեր։ Դուրս էին բերվել Թիֆլիսի ամբողջ կայազորը, ամբողջ հետևակազորը` կանոնավոր և անկանոն հեծելազորը, բոլոր թնդանոթները։ Սրանք արդեն երեկվա հավլաբարցիները չէին` իրար գոտիներից բռնած մի մարդկային հոտ, այլ իսկական զորքեր էին` իրենց զենքերով և բոլոր հանդերձանքներով։ Վորոնցով-Դաշկովը, որ սովորաբար չէր երևում այսպիսի հանդեսներին, ձի նստած` գնաց զորքերին ողջունելու։ Բայց սրտի մեջ ասում էր հավաքված ահագին բազմությանը, որ լավ իմանան, թե ինքը ինչի տեր է։ Եվ իսկապես, համեմատությունն ինքնըստինքյան էր առաջ գալիս. և եթե կար գոնե մի հոգի, որ հավատում էր, թե Դաշնակցությունն իսկ որ միայն Թիֆլիսում ունի 7000 զինվոր, այդ մի հատիկ անուղղելի միամիտն էլ պիտի համոզվեր, որ գտնվել է Դաշնակցությունից էլ ուժեղ մեկը, և դա կոմս Վորոնցով-Դաշկովն է։

Օրն այսպես անցավ։ Մյուս օրը, եթե չեմ սխալվում, կիրակի էր։ Նախքան «Մշակի» խմբագրատուն գնալը` ես անցա Գոլովինսկի պրոսպեկտով, կանգ առա Թիֆլիսի ժողովարանի (այն ժամանակ «Մանթաշյանի տուն», այժմ հրդեհված) մոտ։ Մանր խմբերով հավաքված մարդիկ` հայ և վրացի, խոսում էին անհանգիստ, վիճում էին գրգռված։ Տիրում էր մի անաղմուկ, բայց խիստ հուզում։ Օդն էլեկտրականացած էր, ամեն մի չնչին կայծ կարող էր ահալի պայթյուն առաջացնել։ Իմ աչքի առջև էր, որ կատարվեց հետևյալ դեպքը։ Առաջին գիմնազիայից դուրս եկան մի խումբ աշակերտներ, որոնք «Մարսելյեզ» երգելով գնում էին դեպի պալատը։ Նրանց առջևը կտրեց մի սպա` պահանջելով ընդհատել երգը և ետ դառնալ։ Հրամանը սաստկացնելու համար բռնեց իր սրից` կիսով չափ դուրս քաշելով պատյանից։ Գիմնազիստները` ստորին դասարանների փոքրիկներ, վախից դես ու դեն փախան։ Բայց զբոսնող հասարակությունը հարձակվեց սպայի վրա, շրջապատեց նրան երեք կողմից և այսպես քշեց-տարավ` սեղմելով «Փառքի տաճարի» պատերին։ Սպան տեսնելով, որ իր համար ինքնադատաստան է պատրաստվում, հուսահատությունից մի անօրինակ ճարպկություն ցույց տվեց` ցատկելով բարձր երկաթե վանդակապատի վրայով այն այգին, որ կոչվում է Փոքր կամ Վերին Ալեքսանդրյան այգի։ Այնուհետև նրա համար փախչելը հեշտ էր։ Իր կյանքը նա ազատեց։ Բայց խեղճ գիմնազիստներից քանի՞սն ազատվեցին կոտորածից, որ գալիս էր սկսվելու մի քանի ժամ հետո…

Է

Կեսօրին մոտ էր, երբ ես իջնում էի Քաշվեթի եկեղեցու մոտով դեպի Բազարնայա փողոց։ Ալեքսանդրյան ծառախիտ այգու ետևում` Կուկիայի կողմից լսվում էր զինվորական երաժշտություն, որ հաճախ ընդհատվում էր ուռաներով։ Ուշադրություն չդարձրի։ Արդեն լսել էի, որ այսօր սևհարյուրակային պատրիոտները ռուս տերտերների առաջնորդությամբ ցարասիրական երթ պիտի ունենան մինչև փոխարքայի պալատը։

Խմբագրատանը հավաքված էին բազմաթիվ մարդիկ։ Նրանց մեջ էր և պաշտոնաթող սպա Նեմիրովիչ-Դանչենկոն (Հանդ), որ նոր էր վերադարձել Մանջուրիայի դաշտերից և «Русское слово»-ի[184] թղթակցի պաշտոնով ճանապարհորդում էր Անդրկովկասում` գլխավորապես հայ-թուրքական կռիվների պատճառներն ուսումնասիրելու համար։ Նստած խոսում էինք, մեկ էլ` փողոցում և տան բակում ձայներ բարձրացան, որոնք տարօրինակ չթվացին մեզ։ Կարծեցինք, թե դա պարզապես երկաթե երկար շերտերի փոխադրություն է երկար սայլերով, երբ իրար վրա դարսված երկաթները ծեծվում են իրար և աղմուկ հանում։

Միայն Հանդի` Մանջուրիայի դաշտերում և լեռներում փորձված ականջներն էին, որ իմացան, թե բանն ինչ է։ Սաստիկ հուզված` նա տեղից վեր թռավ ու ասաց.

― Это - стрельба пачками...[185]

Բոլորիս վրա ձյուն մաղվեց։ Եվ ինքնապաշտպանության կենդանական բնազդն էր, որ հարկադրեց դես ու դեն վազել` մի քանի նախազգուշություններ ձեռք առնելու համար։ Շտապով կողպեցինք բոլոր դռները, փողոցին նայող պատուհանների փայտե փեղկերը, շատացրինք մութ անկյունները և դարձանք մի պաշարված մարտկոց։ Բաց էր մնացել միայն մի օդանցք, որ մեզ դրսի աշխարհի հետ էր կապում։ Ի՛նչ էր կատարվում այնտեղ` չգիտեինք։ Մեր ինքնակամ պաշարման անկյունն էին ներս թափվում միայն «Боже царя» երաժշտության հանդիսավոր հնչյունները և անընդհատ «ուռա՜» ձայները։ Ա՛հ, անիծյալ պաշտամունք։ Էլի, ուրեմն, պիտի քաղցկեղի նման խրվի մեր կոկորդի մեջ…

Հրացանաձգությունը և նրան եղբայրացած հաղթական երգն ու նվագը դադարեցին։ Օրը ցերեկով մեծ քաղաքը գերեզմանոց է դարձել. ոչ մի տեղ չկա մեկ հատիկ բացված պատուհան։ Շշուկ անգամ չի լսվում։ Եվ հանկարծ… նոր սարսափ։ Խմբագրատան կողքին` «Южные номера»[186] հյուրանոցի մուտքի մոտ, պայթեց մի ռումբ… Գլուխներս այնքան կորցրինք, որ փախանք ներքին սենյակները։ Սպասում ենք ահ ու դողով, թե ահա կգան թնդանոթները և կսկսեն ռմբակոծել պայթյունի շրջակա տները։ Բայց անցնում են րոպեներ, անցնում է և մի ամբողջ դաժան ժամ, և ոչինչ չկա։ Հետո իմացանք, որ մի մարդ ռումբը տանելիս է եղել պալատի կողմը, բայց հանկարծ վեր է գցել և ինքն էլ սպանվել տեղն ու տեղը։

Արդեն հոկտեմբերյան օրը սպառվելու վրա էր։ Քաղցը տանջում էր պաշարվածներիս։ Բարեբախտություն էր, որ մի հարևանուհի ունեինք` մի բարի լեհուհի, որ մեզ պատվական ձվածեղներ ուղարկեց։ Մի րոպեում կլանեցինք կերակուրը։ Հիմա էլ հոգս էր` թե ինչ պիտի անեինք գիշերը։ Բայց մինչև մթի ճանկն ընկնելը` դրսից մի բանբեր եկավ։ Դա խմբագրատան աղախինն էր, մի, ինչպես անվանում են, «գզօղլան»[187] խոխլուշկա[188], որ կորել էր երկու ժամից ի վեր։ Սառնասրտորեն պատմեց, թե գալիս է վերևից` Գոլովինսկի պրոսպեկտից։ Զինվորներն իրեն չարգելեցին, երբ իմացան, որ ինքն էլ զինվորի կին է։

Եվ պատմություններ արավ նա, ինչպես կարող էր անել Ուկրաինայի գեղջուկ դուստրը մի «չալ» ռուսերենով` իր մայրենի լեզվի շեշտերով և բառերով ողողված։ Եվ ի՜նչ էինք իմանում։ Մենք կարծում էինք, թե այնտեղ` դրսում կռիվ է տեղի ունեցել։ Բայց այնտեղ կռիվ չի եղել։ Այնտեղ եղել է սպանդանոց։ Երեկվա իրար գոտիներից բռնած 7000 զինվորներից չգտնվեց գոնե մի 100 հոգի, որ Գոլովինսկի պրոսպեկտի ծայրը դարձներ մի փոքրիկ, խոշորացուցային Պրեսնյա[189] և ընկներ բարիկադների վրա։ Ո՛չ։ Այդպիսի բան չի եղել։ Եղել է միայն այն, որ Թիֆլիսի սիրտը կազմող մեծ և գեղեցիկ փողոցն ամբողջապես տրված է եղել զինվորներին։ Եվ քանի որ այն «ազատության օրերին» ցարիզմն իր նոր նշանաբանն էր հռչակել` «Փամփուշտներ չխնայել», ուստի զինվորները լավագույն կերպով գնդակածեծ էին արել ամբողջ տարածությունն ըստ հին ավանդի` «Սահման քաջաց` զէնն իւրեանց»։ Փողոցի երկու կողմին կանգնած հոյակապ տները մեծագույն մասամբ պատկանում էին հայերին։ Եվ ահա զինվորները հանդիպակաց տներին մեջք տված` գնդակների տարափ էին ուղարկում տների ներսը` հուսալով, որ եթե տասից-քսանից մեկն անգամ դիպչի մի «արմյաշկայի»[190], այդ էլ բավական է վրեժ հանելու համար այն 7000 զինվորի համար, որ երեկ իրար գոտիներից բռնած քայլում էին նույն այս փողոցով։

Զոհերի թիվը մեծ էր, պաշտոնական տեղեկություններով` 150-ից ավելի։ Հետո մենք իմացանք, որ այդ կոտորածն սկսվել է այսպես։ Երբ պատրիոտների թափորը, բարձրանալով Բարյատինսկայա փողոցով, մտել է Գոլովինսկի պրոսպեկտ և շուռ գալիս է եղել դեպի Վորոնցով-Դաշկովի պալատը, այդ ժամանակ բազմահարվածային ատրճանակից մի պրովոկատորական պայթյուն է լսվել, որ վիրավորել է թափորին մասնակցող զինվորական վարժարանի աշակերտներից (կադետներից) մեկին։ Անկարելի եղավ ճշտել, թե որտեղից է եղել այդ կրակոցը։ Ոմանք ասում են, թե խփել են Թիֆլիսի ժողովարանից (Հայոց, կամ ավելի հասարակորեն` «բուրդյուչնի կլուբ»[191]), ոմանք թե` գիմնազիայի պարսպի գլխից, իսկ ոմանք էլ ցույց էին տալիս Գոլովինսկի պրոսպեկտի և Բարյատինսկայա փողոցի անկյունի տունը (այժմ Բանվորական պալատի անկյունը)։ Ինչևիցե։ Կրակոցն ազդանշան էր դարձել, որ զինվորները կոտորած սկսեին։ Ամենից առաջ կազակները թափվել էին «ապստամբության օջախ»` Հայոց կլուբ, և ի՜նչ տեսնեն այնտեղ, որ լավ լինի։ Աչքդ բարին տեսնի։ Կանաչ սեղաններ և նրանց շուրջը հայ բուրդյուչնի բուրժուաները թուղթ են խաղում։ Մի քանիսը դես ու դեն են փախել և սպանվել կազակների ձեռքով։ Մյուսներին հավաքել են, երկկարգ շրջապատել հրացանները պատրաստ բռնած կազակներով, «առոք-փառոք, կառոք և երիվարոք» փոխադրել մոտակա զինվորական պահականոցը (հաուպտվախտ), ուր մեր բուրդյուչնիների ճարպոտ մարմինները մի լավ ծեծել և հետո բաց են թողել։ Նրանցից մի քանիսն իմ ծանոթներն էին։ Չորս-հինգ օր անցնելուց հետո էլ նրանց խեղճ ուղեղները դեռ չարաչար աշխատում էին այն հարցերի վրա, թե այն ի՞նչ էր և ինչու՞ այդպես եղավ։ Իրենց բութ դեմքերի վրա մի զարմանք ու մտահոգություն ներկայացնելով` նրանք հարցնում էին.

– Ա՛յ տա, էս մեզ ինչո՞ւ ծեծեցին։

– Ո՞նց թե ինչու։ Կրամոլայի[192] բույնը գտնելու համար։

Եվ գտան։ Կազակները լավ թալանեցին բուրդյուչնի կլուբի հարուստ արդուզարդը, ապա և գրավեցին այն ու հաստատ բնակություն դրին մեջը։ Այսպես էր Հայոց կլուբը։ Իսկ նրա կողքին գտնված չինովնիկական «Կրուժոկին[193]» մատ անգամ չդիպցրին։

Այս, եթե կամենում եք, մի զավեշտ էր` ցարական համ ու հոտով։ Բայց նրա կողքին… կսկծալի, արյուն-արցունքով լվացված մի դրամա` երեխաների կոտորածը Առաջին գիմնազիայում։ Այստեղ էլ խուժել էին կազակները և, կրամոլնիկներ տեսնելով անմեղ խաղացող երեխաների մեջ, կոտորել շատերին։ Այս գազանային վայրագությունները կատաղություն պատճառեցին ամենքին։ Բայց ինչ արժեք ուներ աննյութ կատաղությունը ոճրագործության իսկական հեղինակ Վորոնցով-Դաշկովի համար, որի մասին ասում էին, թե կանգնած էր իր պալատի պատուհանի առաջ և նայում էր սպանդանոց դարձած Գոլովինսկի պրոսպեկտին։ Իսկ սպանված գիմնազիստներից շատերը հայեր էին… Պատմում էին և առանձնապես ցավում մանավանդ երկու եղբայրների համար, երկուսն էլ սքանչելիորեն ընդունակ էին և առաջադեմ։

Ամեն ինչ վերջ ունի. մեր ակամա տնարգելությունն էլ վերջացավ։ Գերեզմանոցի մեջ կյանքը վերսկսվեց։ Խմբագրատան պատուհանի դիմաց կանգնեց մի զինվոր` հրացանը ձեռքին։ Պահակ էր։ Հարցնում ենք` կարելի՞ է գնալ։ Կարելի է` պատասխանում է։ Ես և Սև Սանդրոն փողոց դուրս եկանք։ Բազարի միջով գնացինք դեպի Սոլոմոնովսկայա փողոց, ուր իմ բնակարանն էր։ Նեղ, ծուռումուռ փողոցներ և կենդանության ոչ մի նշույլ։ Մեր քայլերն էին խուլ արձագանքներ տալիս և վախեցնում մեզ։

Մեր տանն ինձ նորից գտած համարեցին։ Ի՞նչ կլիներ իմ երեխաների դրությունը, եթե այդ գիշեր դրսում մնայի։ Թանձր խավար իջավ քաղաքի վրա։ Ոչ մի տեղ չպսպղաց ոչ մի ճրագ։ Ոչ մի պատուհան չբացվեց։ Ազգաբնակչությունը կուչ էր եկել մթի ծալքերի մեջ և ժամերի դանդաղ ընթացքն էր հաշվում մինչև… մինչև որ ի՞նչ լիներ…

Մենք էլ, այո՛, վայելեցինք Նիկոլայի հոկտեմբերյան մանիֆեստի ազատությունները. իզուր չէին նրան «առատաշնորհ» անվանում նրա լակեյները։ Եվ, իրավ, սա դեռ բոլորը չէր, այս միայն «սկիզբն էր երկանց»։

Վորոնցով-Դաշկովը չէր բավականացել հոկտեմբերի 22-ի «հաղթությամբ»։ Նա կարծել էր, թե իրեն կհաջողվի բռնել դաշնակցական հիդրայի հազար գլուխներից գեթ մեկը, բայց չէր կարողացել նույնիսկ պոչի ծայրից բռնել։ Եվ սա այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունը, վաղօրոք ինչ-որ հոտ առնելով, այդ օրն իրեն և իր 7000 զինվորներին փառահեղ մենության մեջ էր պարուրել` թույլ տալով, որ հայ ժողովուրդն ինչպես իմանում է` իր մեջքով պատասխան տա իրար գոտիներից բռնած 7000 զինվորի համար։ Չէ՞ որ մի քանի ամիս առաջ նահատակված Քրիստափոր Միքայելյանը գրել և ապացուցել էր. «Միևնույն է, ձեզ առանց այդ էլ կոտորելու են, իսկ մենք չենք կարող հեղափոխություն չկատարել»։

Եվ ահա մի նոր տագնապ Թիֆլիսի հայության համար։ Հոկտեմբերի 24-ի առավոտից մի աներևակայելի հուզմունք հազարավոր մարդկանց դուրս շպրտեց փողոց։ Հուզմունքը տարածվում էր ավելի ու ավելի, և հայտնի չէր, թե ովքեր են տարածողները։

– Գալիս են,- ասում էին իրար։

– Ովքե՞ր։

– Բորչալվի թուրքերը, անթիվ, անհամար։

– Ո՞վ գիտե, ո՞վ իմացավ։

– Հրեն, մոտ են քաղաքին, շատերն են տեսել։

Եվ տագնապը մեծանում էր, կեսօրին իրարանցումն [արդեն] ալիքներ էր տալիս. կացությունը դառնում էր անհանդուրժելի։ Եվ ահա քարեքար ընկած ամբոխի մեջ լուր է տարածվում, թե առաջնորդարանում հավաքվել են մեծերը։ Խորհրդակցում էին, թե ինչ անեն ժողովրդի փրկության համար։ Ժողովուրդը հավաքվում էր առաջնորդարանի մոտ` սպասելով, թե ինչ պիտի անեն մեծերը։ Պատվիրակություն կազմվեց մոտ 30 հոգուց` եպիսկոպոսներ, վարդապետներ և ազգային ջոջեր։

Գնացին ներկայանալու Վորոնցով-Դաշկովին։ Ամբոխը շարունակում էր կուտակված մնալ առաջնորդարանի շուրջը` սպասելով պատվիրակության վերադարձին։

Իրիկնապահին շփոթմունքն արդեն խուճապի կերպարանք ընդունեց։ Երևանյան հրապարակի խռնումների մեջ ես հանդիպեցի Հովնան Դավթյանին։

― Այս ի՞նչ արիք,- ասացի։

Նա սաստիկ բարկացավ վրաս և հեռացավ` ասելով.

― Ես չեմ էլ խոսի հետդ։

Բայց էլ ի՞նչ խոսեր։ Արդեն փախչող փախչողի ետևից էր։ Մի ընդհանուր հոտային բնազդով Թիֆլիսի արևելյան մասն իր դրությունը վտանգված էր զգում և հավատացած էր, որ վտանգից անպատճառ կազատվի, եթե տեղափոխվի արևմտյան մաս։ Ով ծանոթ-ազգական ուներ այդ անվտանգ մասում, շտապում էր ժամ առաջ գնալ այնտեղ, տեղավորվել գոնե մի գիշեր, մինչև որ լույսը կբացվեր և կիմացվեր, թե ինչ է լինելու։

Եպիսկոպոսների և ջոջերի պատվիրակությունը պալատում իրեն տալիս է խորամանկության` իբր թե եկել է հավատարիմ հպատակական հրճվանք հայտնելու այն մեծ շնորհների համար, որոնք արված են հոկտեմբերի 17-ի մանիֆեստով։ Բայց ցարի փոխանորդը այնքան էլ միամիտ չէր, որ չհասկանար եկած «ներկայացուցիչների» իսկական փորացավը։ Պատվիրակներից մեկն ինձ պատմել է, որ փոխարքայի օգնականն այդ միջոցին կանգնած էր պատշգամբում և նայում էր, թե ինչպես էին խուճապի բռնված հայերը կառքերով փախչում դեպի Վերայի կողմը` տանելով իրենց հետ անկողիններ, տնային իրեր, նույնիսկ օրորոցներ։ Դուք երևակայո՞ւմ եք այնպիսի մի իշխանություն, այն էլ բարձր, ամբողջ երկրի տեր, որ նայում, զվարճանում է, թե ինչպես է իր պրովոկացիայից շշմած ժողովուրդն այս ու այն կողմ խփում իրեն։

Փոխարքան, որ չափազանց լավ էր տեղյակ, թե ինչ է կատարվում իր շուրջը, խորամանկների հետ է՛լ ավելի խորամանկ լինելու դիրք է ընդունում և ուրախություն է հայտնում պատվիրակությանը տեսնելու առիթով և ավելացնում, թե հայ ժողովրդի արտահայտած հպատակական հրճվանքն ինքն անմիջապես կհաղորդի թագավորին։ Զրույց է սկսվում։ Պատվիրակներից յուրաքանչյուրը խոսում է այն, ինչ վաղօրոք հանձնարարված էր իրեն։ Մեկն ասում է, թե այս քանի օրերի դեպքերի պատճառով պատվիրակությունը չկարողացավ ավելի վաղ կատարել իր պարտականությունը, այսինքն՝ ներկայանալ կոմսին։ Մի ուրիշը պատմում է, թե հայերը միշտ ձգտել են դեպի Ռուսաստան և ռուսաց ցարերի հավատարիմ հպատակներն են եղել։ Բոլորին լսում է ցարական հին աղվեսը, բոլորի հետ էլ համաձայն է, ուրախ է, որ այդպես է և ոչ թե ուրիշ կերպ։

Միայն վերջում, իբրև թե իմիջիայլոց, Թիֆլիսի առաջնորդը խոսք է բաց անում ժողովրդի այդ օրվա հուզված դրության մասին։ Վորոնցով-Դաշկովը հանգստացնում է, թե ոչինչ չի լինի, և իր օգնականին պատվիրում է հեռախոսով հրամայել ամեն կողմ, որ զորքեր ուղարկվեն ճանապարհները բռնելու և թուրքերին ետ քշելու համար։ Իսկ պատվիրակներին խնդրում է չմոռանալ, որ այնուամենայնիվ հայ հասարակության մեջ գտնվում են տարրեր, որոնք արհեստ են դարձրել խռովությունները։ Այդ և ուրիշ ակնարկությունները վերաբերվում էին Դաշնակցությանը։

Օգնականը ներս մտնելով` հայտնում է, թե բոլոր կարգադրություններն արված են։ Եվ այդժամ ցարական փոխանորդը հրաժեշտ է տալիս պատվիրակությանը` ներշնչելով նրան այն զգացումը, թե ինքը մեծ բարերարություն արեց Թիֆլիսի հայ ժողովրդին։

Առաջնորդարանի մոտ, մթի մեջ սպասող բազմությունը սկսեց ցրվել։ Դրությունը միայն համեմատաբար լավացավ։ Ամենքը չհավատացին ցարական չինովնիկների խոստումներին, որոնք այնքան խաբեբայական էին դարձել, մանավանդ հայ-թուրքական կռիվների ընթացքում։ Ես էլ, տեսնելով կնոջս և երեխաներիս անհանգստությունը, ուղարկեցի նրանց Վերա` մի ծանոթի մոտ, իսկ ինքս մնացի տանը` պառավ զոքանչիս մոտ։ Մեր տունը պատկանում էր մի թրքուհու։ Երեկոյան նա գնաց թուրքերի թաղը` խոստանալով մեզ այնտեղից հաղորդել, թե որքանով են ճիշտ տարածված լուրերը։ Այդ տեղեկությանը հարկավոր եղավ սպասել երկար, մինչև երեք ժամ։ Ես նստած էի հարևանիս մոտ, որը թուրքահայ էր` Տրապիզոնի կոտորածի ժամանակ իր բոլոր ունեցածն ու իր որդուն կորցրած, այն օրից ի վեր փախստական դարձած։ Երկար, վշտալի, խեղդիչ էր մեր խոսակցությունը, որ շարունակ պտտվում էր այսօրվա հուզմունքների շուրջ։ Հարևանս ու իր ընտանիքը վերապրում էին տրապիզոնյան արհավիրքները։ Եվ ես այժմ նրանց հետ էի, միատեսակ տրամադրված, միատեսակ զգացող ու մտածող։ Ես էլ նույն վիճակի մեջ էի գտնվում` ուխտվածի վիճակի մեջ։ Իր տխրամած պատմությունների ընթացքում հարևանս շատ փաստեր էր բերում, թե ինչպես դժբախտ ժողովուրդը շարունակ հանգստացնող, բայց իրապես զարհուրելիորեն դավաճան խոստումներ էր ստանում սուլթանական պաշտոնյաներից։

Իսկ ցարականնե՞րը։ Միևնույն ծառի պտուղները չէի՞ն։ Եկավ մեր տանտիրուհու ծառան։ Նրա բերած թղթի մեջ մեզ հաղորդվում էր, թե ոչ մի վտանգ չկա, և ոչ ոք չի էլ մտածել հարձակում գործել հայերի վրա։ Եվ սա միանգամայն ճիշտ դուրս եկավ։

Որքա՜ն հիմար, որքա՜ն զզվելի դրություն է, երբ զգում ես քեզ զոհվող մի անասուն։ Ես անիծում էի իմ մարդկությունը, անիծում էի մեր բախտը, որ մեր կյանքի կարգադրությունը դրել էր սուլթանների, ցարերի և այլ գահակալ գազանների ձեռքում։

Ը

Թիֆլիսն ազատված էր հայ-թուրքական խայտառակ արյունահեղությունից։ Բայց… միայն այս անգամ և ոչ ընդմիշտ։ Հոկտեմբերի 24-ի օրը շատ բացահայտ կերպով ցույց տվեց, թե որքան անհրաժեշտ են հայ-թուրքական կռիվները կովկասյան բյուրոկրատիային` հեղափոխական հրաբուխ դարձած Ռուսաստանում րոպեի պահանջած դիրքերն ստեղծելու համար։ Հազիվ մի ամիս անցած` նորից հարկավոր եղավ [կովկասյան բյուրոկրատիային] այդ արյունոտ մղձավանջը օրերի իրականություն դարձնել։

Այլևս չէր կարելի պրովոկացիայով հուզել ժողովրդին, քարեքար գցել նրան։ Անհրաժեշտ էր հայերին կռվեցնել թուրքերի հետ իրապես։ Եվ դա` հակառակ նրանց կամքի։ Ի՞նչ նշանակություն ուներ նրանց կամքը, երբ Ռուսաստանում գործադրվում էին դեռ ոչ մի տեղ չտեսնված հսկայական, համապետական գործադուլները։ Մեկը կար արդեն` փոստ-հեռագրականը, պատրաստվում էր մյուսը` երկաթուղայինը` երկրորդ անգամ։ Հեղափոխական շարժման մեջ էր ամբողջ արևմտյան Վրաստանը։ Եվ ահա ամենայն պարզությամբ կարելի է ասել ամբողջ աշխարհի առաջ, [որ] օրն օրին, անդիմադրելիորեն, կարծես տարերային ուժով, պատրաստվում էր արյունահեղություն նաև Թիֆլիսում։ Թուրքերը Թիֆլիսում հայերի համեմատությամբ աննշան փոքրամասնություն էին կազմում, և այս բանը, թվում էր, կկանգնեցներ նրանց թշնամական գործողությունների նախաձեռնությունից։ Այսպես էլ համոզված էին ամենքը, և երկու կողմերի հասկացող շրջանները ջանք էին թափում խաղաղությունը հաստատ պահելու։ Սակայն գրգռվող դեպքերը, պրովոկացիան շարունակվում էին անդադար` աճելով օրն օրի վրա։ Սևհարյուրակային մեթոդն այս անգամ էլ կրկնվեց ճշտությամբ. մի օր սպանված գտնվեցին երկու թուրքեր, և իսկույն, իհարկե, լուր տարածվեց, թե հայերն են երկուսի սպանողները։ Օդը հետզհետե էլեկտրականացավ։

Բռնկվեց մի հանկարծակի, անակնկալ հրդեհ։ Նոյեմբերի երկրորդ կեսին Գանձակում, նոր միայն Վորոնցով-Դաշկովի հրամանով ընդհանուր նահանգապետ նշանակված գեներալ Տակայշվիլու[194] բարեհաճությամբ և ակնհայտ աջակցությամբ, կոտորած սկսվեց, որի ժամանակ հայերը մեծամեծ վնասներ կրեցին։

Գանձակի կոտորածը նոր ուժով բորբոքեց երկու կողմերի կրքերը։ Թիֆլիսի հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, մամուլն ամեն ջանք թափում էին, որ հայերն ու թուրքերը հասկանան դրության լրջությունը, զսպեն իրենց թշնամական կրքերը։ Քաղաքագլուխը հայ-թուրքական խորհրդակցություն գումարեց Դումայում, ուր երկու կողմերն էլ հավատացրին իրար, թե հարձակվելու ոչ մի դիտավորություն չունեն։ Բայց այս հանդիսավոր խոստումներն արդեն վաղուց և ամեն տեղ փորձված էին իբրև եղբայրական ուխտի ողորմելի կոմեդիաներ, որոնք հենց այն էին ապացուցում, թե կոտորածներ կլինեն անպատճառ։ Ոստիկանական սևհարյուրակային ագիտացիան անհաղթահարելի մնաց և այս անգամ։ Նոյեմբերի 24-ին սկսվեց հրացանաձգությունը, ընկան առաջին զոհերը։

Ում համար ինչ էլ լիներ այս նոր ժողովրդական դժբախտությունը` Դաշնակցության համար դա մինչև այդ չեղած մի դիպված էր` ավելի ուժեղանալու, ավելի բարձր դիրք գրավելու համար։ Ահագին ոստիկանություն, տասնյակ հազարներով հաշվվող զորք ունեցող կովկասյան մայրաքաղաքի մեջ մենամարտի դաշտ էր բացվում այն հին, ծուռումուռ ու նեղլիկ փողոցներում, որոնք պարփակվում էին Շեյթան-բազարից, բաղնիսների թուրքական թաղերից` Խարփուխից մինչև Հավլաբար։ Թուրքերը գրավեցին իրենց դիրքերը, հայկական դիրքերի մեջ նրանց հանդիման կանգնեցին դաշնակցական զինվորները։ Մասնակցում էին և հնչակյանները, բայց նրանց թիվը շատ չէր, և դրության տերը լիովին դաշնակցականներն էին։ Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն, քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը, որ գտնվում էր փոխարքայի պալատի մոտ։ Սոլոլակի հայ բուրժուազիան, զգալով իր գլխին կախված թուրքական վտանգը, լավ իմանալով, մանավանդ, որ եթե հայկական դիրքերը լքվեն, թուրքերն ամենից առաջ իրենց հաստատությունները պիտի թալանեն, գգվում էին դաշնակցական կռվողներին` ամեն օր ուղարկելով նրանց մեծ առատությամբ հաց, միս, գինի, ծխախոտ և այլ նյութեր։ Դաշնակցական շտաբը հրամաններ և կարգադրություններ էր արձակում, որոնց անպայման ենթարկվում էր ամբողջ հայ ազգաբնակչությունը։ Փոխարքայական պալատը երկրորդական դիրք էր ստանում։

Առաջին անգամն էր, որ ես դժբախտություն էի ունենում գտնվելու հայ-թուրքական կռիվների դաշտում։ Զարհուրելի էր այն հոգեբանությունը, որ ստեղծվեց փոխադարձ հրացանաձգության առաջին իսկ վայրկյանից։ «Արյան ծարավից փոթորկված գազանային կրքեր»` սա՛ է ընդհանուր վերնագիրն այդ հոգեբանության, և նրա մեջ կարող են զետեղվել ամեն տեսակ հրեշավոր մանրամասնություններ։ Ճիշտ է, ամեն մի պատերազմական դաշտ է այդպիսին լինում, և շատ լավ է մեր ժողովուրդը նկատել, որ «կռվի մեջ չամիչ չեն բաժանում», բայց այլ է պրոֆեսիոնալ սպանողների, պատերազմի համար հատուկ խնամքով մարզվող թնդանոթային մսի գազանացումը և այլ է, երբ այդ դրության մեջ ընկնողը խաղաղ քաղաքացին է, աշխատանքի և քրտինքի մարդը։ Ի՜նչ զարհուրանքով ես իմացա, որ կռիվների հենց առաջին օրը հայերը մորթել էին 5 թե 10 խեղճ ու անմեղ պարսիկ բանվորի։ Նույն օրն էր, թե մյուս օրը ես վերադառնում էի տուն։ Մեր տան երկրորդ հարկում ապրում էր մի հույն ընտանիք, որ ոչ հույների հետ խոսում էր թուրքերեն։ Այդ ընտանիքի պառավ տատը պատշգամբում մեկի հետ թուրքերեն էր խոսում։ Երկու երիտասարդներ էին անցնում այդ միջոցին, ինչպես երևում էր` կռվողներից։

Նրանք զայրացած կանգ առան, վեր նայեցին։ «Այստեղ թուրքեր են ապրում»,- ասացին։ Ես զգացի, թե ինչ պիտի լիներ այնուհետև և մոտենալով, ասացի նրանց. «Այն պառավը թուրք չէ, հույն է»։ Երիտասարդները նայեցին ինձ տարակուսանքով։ Լավ է, որ ինձ ճանաչեցին։ «Դուք ասում եք, պրն Լեո, հավատում ենք Ձեզ, թեև մի քիչ դժվարությամբ։ Թող ձեր գլխին ղուրբան լինի»։ Ու նրանք գնացին` երկար մաուզերները կողքերից կախած։ Դժվարությամբ բարձրացա սանդուղքներով։ Սիրտս խեղդում էր զարհուրանքի զգացումը։ Այս ի՜նչ օրեր են, այս ի՜նչ ժամանակներ։ Եվ մա՞րդ ենք մենք։ Եվ այդ դառնության մեջ, որով համակվել էր ողջ էությունս, փոքրիկ ճրագի պես առկայծում էր այն գիտակցումը, որ եթե ոչ մի ամբողջ ընտանիքի, գոնե մի առույգ ու հաղթանդամ պառավի կյանք եմ ազատել։

Եվ ահա այսպիսի հոգեբանության մեջ, երբ ամենքն ուզում էին սպանել և ամենքը վախենում էին սպանվելուց, միանգամայն բնական էր դառնում այն մեծ դիրքը, այն փառքը, որ ստանում էր դաշնակցական շտաբը։ Դա գործողի, վճռական ոգու փառքն էր։ Վորոնցով-Դաշկովն իր գեղեցիկ մայրաքաղաքում էլ չկարողացավ բյուրոկրատիկ գլուխկորցրածությունից ավելի մի բան ցույց տալ։ Իր ձեռքն առնել դրությունը նա չուզեց, և նրա բազմաթիվ գեներալներն ու զորքերն անգործության էին մատնված, չեզոք հանդիսատեսներ էին` նստած իրենց զորանոցներում։ Իսկ այնտեղ` դիրքերում, անընդհատ հրացանաձգություն էր, կյանքի և մահվան կռիվ։ Եվ, ուրեմն, էլի Դաշնակցությունն էր հայ ազգի փրկիչը։ Նրան էլ, ուրեմն, ամեն փառք ու պատիվ։ 10-20 զինվոր ունեցող մի խմբապետ` հայի համար Վորոնցով-Դաշկովի յուրաքանչյուր գեներալից լավ էր։ Այսպես էր դրությունն արտաքուստ։ Կառավարական ծրագիրը մի անգամ ևս, փոխանակ հաջողվելու, բոլորովին հակառակ հետևանքներ էր տալիս։ Ուզում էին ոչնչացնել Դաշնակցությանը, ընդհակառակը` ավելի ևս բարձրացրին, ուժ ու հեղինակություն շատ ու շատ տվին նրան։

Ես գործածեցի «գլուխկորցրածություն» բառը։ Ավելացնեմ, որ այդ աղվեսային գլուխկորցրածություն էր։ Վորոնցով-Դաշկովի կառավարությունն իհարկե այն մտքով չէր հայ-թուրքական արյունահեղություն մտցրել Թիֆլիսի փողոցներում, որպեսզի իր զորքերի եռանդուն շարժումներով այն իսկույն ևեթ դադարեցներ։ Սկզբից ևեթ բանն այնպես էր դրվել, որ մարդկանց կոտորել տան, գյուղեր ու քաղաքներ այրեն ու ոչնչացնեն և այս բանից օգուտներ քաղեն։ Այսպես պիտի լիներ և Թիֆլիսում։ Հինգ-վեց օր տևեց հրացանաձգությունը, որին հետևեցին մի շարք հրդեհներ։ Եվ արյան ու կրակի այս ծովը փռվեց փոխարքայի առջև իբրև հենք, որի վրա կարելի էր շահավետ ձեռնարկումներ կառուցել։

Թիֆլիսի ընդհարումների սկզբից փոխարքան մի քայլ արեց, որ զարմացրեց ամենքին։ Նա դիմեց վրաց սոցիալ-դեմոկրատների կուսակցությանը և առաջարկեց նրան խաղաղարարի դեր հանձն առնել։ Բանվորական կուսակցությունն անտարբեր չէր մնացել դեպի ժողովրդական այն մեծ դժբախտությունը, որ ներկայացել էր հայ-թուրքական կռիվների կերպարանքով։ Թիֆլիսում բարձրացած հրացանաձգությունը զայրույթի և ահազանգի արձագանքներ էր տալիս երկաթուղու գլխավոր արհեստանոցների շչակի երկարատև սուլոցների մեջ, որոնցով բանվորները կանչվում էին վերջ դնելու նոր սկսված եղեռնին։ Կայացավ միտինգ, որ պահանջեց գործադուլ հայտարարելով դադարեցնել անմիտ արյունահեղությունը։ Կազմվեց թափոր, որ սպիտակ դրոշակներով ուղևորվեց պատերազմի դաշտ դարձած թաղերով դեպի Նավթլուղ` հրավիրելով կռվող կողմերին գնալ այնտեղ` հաշտության և եղբայրության միտինգին մասնակցելու համար։ Բանվորների հետ մեն-մենակ, ոտքով գնում էր և Թիֆլիսի նահանգապետ Րաուշը։ Երբ միտինգը վերջանում էր, երբ բոլոր ճառախոսներն անխնա դատապարտել, անարգանքի սյունին էին գամել կառավարությանը` ասելով, որ նա է հանդիսանում հայ-թուրքական պատերազմի միակ պատճառը և դրդիչը, նահանգապետը ձայն խնդրեց նախագահից և առաջ դուրս գալով ասաց, թե ահա ինքը բանվորների ձեռքին է, թող այստեղ իսկ պատառ-պատառ անեն, բայց ինքը հայտարարում է, որ իր համար ամենքը` հայ, թուրք, վրացի և ռուս հավասար են, ամենքն էլ կատարյալ իրավատեր քաղաքացիներ։ Այս էլ հեղափոխական ժամանակի մի նոր հոյակապ տեսարան էր` նահանգապետը բանվորների մեջ, նրանց առջև խոնարհ գլուխ իջեցրած։

Բայց նահանգապետից ավելի փոխարքան էր խտացնում այդ նոր տեսարանի գույները։ Ստանալով վրաց սոցիալ-դեմոկրատիայի համաձայնությունը հայ-թուրքական կռվի մեջ չեզոք խաղաղարար միջնորդի դեր կատարելու մասին` Վորոնցով-Դաշկովը կատարեց և նրա առաջարկած պայմանը. նա պետական պահեստներից բաց թողեց նրան [սոցիալ-դեմոկրատիային] 500 բերդան հրացան։ Եվ զինված այդ զենքերով` բանվորները դուրս եկան փողոցները` կարգ և խաղաղություն պահպանելու համար։ Նրանք կրծքի վրա կրում էին իրենց պաշտոնը երևութականացնող սպիտակ գույնի ժապավեններ և գրավեցին այն բոլոր փողոցները, որոնք պատերազմական դաշտի շրջանում էին գտնվում թե՛ հայոց և թե՛ թուրքաց թաղերի կողմից։ Նրանք էին, որ թուրքերին կառքերով փոխադրում էին քաղաքի կենտրոնը և ուրիշ թաղեր, ուր նրանք գործեր ունեին։

Առաջին անգամն էր, որ բանվորական զինված և կազմակերպված ուժը հանդես էր գալիս մեր իրականության մեջ իբրև հասարակական կարգի տեր և տնօրեն։ Ես ողջունեցի այդ նոր երևույթը «Մշակի» էջերից։

Այդ ուժն այնքան մեծ չէր, որ կարողանար ճնշման միջոցներով խաղաղեցնել երկու կռվող կողմերին, հաշտության բերել նրանց։ Եվ սակայն Վորոնցով-Դաշկովը կարգադրություն էր արել, որով պաշտպանության համար զենք կրելու իրավունք տրվում էր միայն սոցիալ-դեմոկրատիային։ Այս կարգադրության բուն միտքը շատ լավ էր ըմբռնում սոցիալ-դեմոկրատիան, որը և հայտարարեց իր թերթի մեջ, թե դրանով Կովկասի փոխարքան կամենում է խաղ պատրաստել հայերին զինաթափ անելու և հիմա էլ հայ-վրացական թշնամություն ստեղծելու համար, ինչպես արդեն ստեղծել էր հայ-թուրքական թշնամություն։ Ուստի, սոցիալ-դեմոկրատիան պահանջում է ոչնչացնել այդ կարգադրությունը, հակառակ դեպքում ինքն ստիպված կլինի հրաժարվել իր ստանձնած դերից։

Խորամանկ ծրագիրը մերկացված էր և պետք էր այն թողնել։ Փոխարքային օգնության հասավ նրա զինվորական շտաբը, որ ավելի ազդու ուղղություն էր տվել իր սևհարյուրակային գործունեությանը։ Սպայակույտը, քննության առնելով իր հրամանատարի կարգադրությունները և մանավանդ այն, որ զինվել էր վրաց սոցիալ-դեմոկրատիան, գտավ, որ հասարակական կարգի պահպանությունը բանակի առաջին պարտականությունն է, մինչդեռ բանակը, բոլորովին բարձիթողի է արված այնպիսի մի ժամանակ, երբ անիշխանություն է ամեն տեղ, և օրն օրին բազմանում են վերին աստիճանի վտանգավոր հեղափոխական շարժումները։ Այսպիսով զինվորությունը կկորցներ իր նշանակությունը, կդառնար ետ քաշված, գրեթե անպետք մի ուժ։ Ուստի և ընդհանուր ժողովը պահանջեց փոխարքայից զինաթափ անել սոցիալ-դեմոկրատներին, հեռացնել ասպարեզից բոլոր գաղտնի ռազմական կազմակերպություններին և կանոնավոր կյանքի վերականգնումը հանձնել բանակին։

Եվ իր ձեռքն առնելով կարգի փրկության գործը` շտաբը զորաբաժիններ ուղարկեց հայ-թուրքական ընդհարումների շրջանում դիրքեր գրավելու համար, իսկ սոցիալ-դեմոկրատներից սկսեց հետզհետե խլել արքունի հրացանները։ Վերջին օրերին Բորչալուից զինված թուրքական խմբեր էին մտել Թիֆլիս` առանց արգելքի հանդիպելու ճանապարհները պահող զորքերի կողմից։ Կռիվն այս պատճառով սաստկացել էր։ Համազարկերը շարունակ որոտում էին դժբախտ քաղաքամասի վրա, հրդեհված տները գիշերը տարածում էին իրենց չարագուշակ լուսավառությունը։ Առանձին դիրքեր գրաված զորամասերն իրենց իսկ նախաձեռնությամբ հաճախ միանում էին հայկական դիրքերին` գրավված մանավանդ այն առատ ուտելեղեններով, որ թափում էին դաշնակցականների դիրքերի մեջ քաղաքացի հայերը։ Լավ հյուրասիրվելով հայ զինվորների մոտ` կառավարական զորքերը վերջին օրերին շատ հաճախացրին իրենց կրակը թուրքերի դեմ, որոնց դրությունը կատարելապես անտանելի էր դառնում իրենց նեղ ու փոքրիկ տների մեջ։ Զոհերի թիվն էլ այնքան էր մեծանում, որ նրանք, վերջապես, ըմբռնեցին կռվող կողմ դառնալու անմտությունն այդպիսի հանգամանքների մեջ և զենքերը ցած դրին։ Թիֆլիսն ազատվեց մի մայրաքաղաքի համար ամոթալի և խայտառակ դրությունից։

Բայց մի՞թե բոլորովին անօգուտ էր անցնում Թիֆլիսի հայ-թուրքական պատերազմը ցարական բյուրոկրատիայի համար։ Ո՛չ, ինչո՞ւ պետք է անօգուտ անցներ։ Զբաղեցնելով վրաց սոցիալ-դեմոկրատներին Շեյթան-բազարում խաղաղեցնողների բավական զիզի-բիզի դերով` Վորոնցով-Դաշկովը պատրաստեց գեներալ Ալիխանով-Ավարսկու[195] նվաճողական արշավանքը դեպի արևմտյան Վրաստան, որ ապստամբել և զինաթափ էր արել տեղական ռուս զորքերին` հաստատելով տեղական մանր հանրապետություններ։ Եվ սկսվեց, ճիշտ որ, նվաճում բարբարոսության բոլոր միջոցներով` ջնջելով և ոչնչացնելով ամեն ինչ, որ հանդիպում էր ճանապարհին։ Վրաստանը մենակ էր և մեկուսացված, նրան կարելի էր ջարդել բոլոր կողմերից։ Ահա՛ հայ-թուրքական կոտորածների պատրաստած մի խոշոր արդյունքը։ Վրաց ինտելիգենցիան և հատկապես սոցիալ-դեմոկրատիան նոր միայն տեսավ, թե ինչի համար էր և ինչի բերեց կովկասյան ժողովուրդների բաժանումը, որ ցարական քաղաքականության գլխավոր հիմքն էր կազմում տասնյակ տարիներից ի վեր։

Հայ-թուրքական կռիվը Թիֆլիսում, կարծեք, մի քիչ մերձեցում առաջացրեց վրաց սոցիալ-դեմոկրատների (մենշևիկների) և Դաշնակցության միջև։ Նրանք համերաշխ էին գործում կռվից հետո Թիֆլիսում դեկտեմբերյան օրերին, երբ հեղափոխությունը կանոնավոր պատերազմ էր մղում կառավարության դեմ գործադուլների և տեռորիստական գործողությունների միջոցով։ Բայց համաձայնությունը երկար չտևեց և չէր կարող տևել, որովհետև երկու կազմակերպություններն էլ իրենց էությամբ նացիոնալիստական էին։

Թ

1905-1906թթ. ձմեռն առհասարակ տանջալից էր հեղափոխական երկունքներով բռնված Ռուսաստանի համար։ Տանջալից էր կյանքը նմանապես և Թիֆլիսում։ Իսկ հայ-թուրքական կռիվների հրդեհով բռնկված գավառական վայրերի դրությունն անտանելի էր։ Ամեն տեղից գալիս էին հուսահատական ճիչեր։ Շուշին կատարյալ ճգնաժամ էր ապրում։

Ես հիվանդ էի դեկտեմբերի սկզբից, այնպես որ բոլոր հեղափոխական վայրիվերությունները միայն թույլ արձագանքներով էին գալիս հասնում անկողնիս։ Դաշնակցությունն այնքան ուժեղացել էր, այնքան հարստացել, որ այդ ձմեռ հիմք դրեց իր լեգալ մամուլին` հրատարակելով «Յառաջ»[196] անունով թերթը, որ լայն հիմքերի վրա էր դրված և այդ պատճառով դրամական առատ միջոցներ էր վատնում։ «Մշակի» և նոր թերթի մեջ իսկույն սառնություն սկսվեց, որ շուտով փոխարկվեց թշնամության, թեև «Յառաջի» շուրջը խմբվածները, գրեթե առանց բացառության, «Մշակ»-ականներ էին և «Մշակի» աշխատակիցներ։ Որոշվում էին նոր դիրքեր։ Երկու թերթերը, մնալով բուրժուական մամուլի առաջավոր գծի վրա, իրար հանդեպ բռնեցին այդ գծի երկու ծայրերը. ձախը պատկանում էր դաշնակցական թերթին, աջը՝ «Մշակին», որի համար թե փառք ու պարծանք, եթե մնացել էր, այդ այն էր, որ նա ռուսահայերի մեջ ամենահին պարբերական թերթն էր։ Ամենահինը լինելը վատ չէր, վատը` հնանալն էր։ Իսկ որ «Մշակը» հնանում էր անողորմ կերպով, այդ բացահայտ էր դարձնում դաշնակցական թերթը, որ անկախ իր կուսակցական հանգամանքից` աչքի էր ընկնում ե՛ւ գրական շնորհքով, ե՛ւ ավելի արմատական գաղափարախոսությամբ, և՛, մանավանդ, պայքարի համարձակ թափով, որի պատճառով նա կառավարության կողմից փակման էր ենթարկվում և լույս էր տեսնում զանազան անունների տակ։

Հիվանդությանս անկողնի մեջ ես մի քանի բարեփոխություններ մտածեցի «Մշակը» հնար եղածին չափ կենդանացնելու համար։ Առաջարկություններս ուղարկեցի խմբագրություն, բայց այդ միջոցին իմ դեմ զզվելի ինտրիգ սարքվեց, որ ինձ ստիպեց հեռանալ այդ թերթից, որին ես տվել էի իմ բոլոր ուժերը քսան և հինգ տարվա ընթացքում։ Պետք է ասեմ, որ խմբագիր Ալեքսանդր Քալանթարը մի չափազանց անուշ մարդ էր, բայց, տարաբախտաբար, անուշ մարդիկ թույլ կամքի տեր են լինում և ենթարկվող։ Գրեթե միևնույնը կարող եմ ասել և խմբագրության մյուս անդամի` Հ. Տեր-Մարկոսյանի մասին։ Եվ որովհետև ես բացակա էի խմբագրությունից, ուստի, պարարտ հող ստեղծվեց, որ մի յագոյական հոգի կատարյալ հաղթանակ տանի ինձ վրա։ Իսպառ խզեցինք մեր հարաբերությունները։

Մինչ ես այսպիսի անձնական հոգսերով էի զբաղված, Թիֆլիսում տեղի ունեցավ վաղուց սպասված մի հավաքույթ։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովի կարգադրությամբ երկրի զանազան կողմերից հայ և թուրք ազգաբնակչության կողմից ընտրված ներկայացուցիչներ, թվով 60-62 հոգի, եկան Թիֆլիս, փոխարքայական պալատում նիստեր սկսեցին` խորհրդակցելու համար հայ-թուրքական կռիվների մասին[197]։ Բանալով համագումարը` փոխարքան հայտնեց, թե ինքը շատ է աշխատել դադարեցնել արյունահեղությունն ու ավերմունքը, բայց հաջողություն չի ունեցել, ուստի ահա կանչել է ժողովրդի ընտրյալ և գիտակ մարդկանց, որպեսզի նրանք խորհուրդ տան, թե ինչ պետք է անել։ Եվ իբր թե խեղճ ու անճարակ իշխանավորը, հանձնելով համագումարի նախագահությունն իր օգնական, գեներալ Մալամային, ինքը հեռացավ։ Բայց բոլոր նիստերին ներկա էր լինում նրա կինը. շրջապատված պալատական տիկիններով` առանձին տեղ էր գրավում մեծ դահլիճի վերնատանը։ Ներկա էին լինում նաև Թիֆլիսում գտնվող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` զինվորական թե քաղաքացիական։

Համագումարը կազմված էր բացառապես երկու ազգերի տիրող տարրերից։ Հայերն ուղարկել էին իրենց բուրժուա ինտելիգենցիան, թուրքերը` իրենց կալվածատեր ինտելիգենցիան։ Աշխատավոր ժողովուրդը` արյունահեղ կռիվների իսկական զոհն ու մարտիրոսը, ոչ մի հատիկ ներկայացուցիչ չուներ։ Դաշնակցությունը չէր մասնակցում համագումարին, որին բացասաբար էր վերաբերվում։ Եվ իրավ, դա մի բարձր պաշտոնական, միաժամանակ և շատ խղճուկ կատակերգություն էր։ Այս տեսնում էր ամեն մեկը, որ թեկուզ հարևանցի կերպով ծանոթանում էր համագումարի մեջ տեղի ունեցած խոսակցություններին։

Ամենից բնորոշ և նշանակալից էր թուրք պատգամավորների դիրքը։ Հավաքվել էին այնպիսի մոլի պանթուրքիստներ, ինչպիսիք էին Ահմեդ-բեկ Աղաևը, Ալիմարդան-բեկ Թոփչիբաշևը[198], դոկտոր [Կարաբեկ] Կարաբեկովը[199] և նրանց նման շատ ուրիշները։ Համալսարաններում տարիներով նստած այդ բեկերը չքաշվեցին իրենց ներկայացնելու ամենահետադիմական դիրքերի մեջ։ Նրանք եկել էին այստեղ իբրև ռուս բյուրոկրատիայի հլու ծառաներ և նրան վերցնում էին իրենց պաշտպանության տակ։ «Ոչ ոք,- ասում էին նրանք,- մեղավոր չէ այդ արյունահեղությունների համար իբրև սկզբնապատճառ։ Թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, այլ միայն պաշտպանվել են։ Միակ պատճառը Դաշնակցությունն է, և, եթե հայերն ուզում են, որ խաղաղություն և հաշտություն լինի, նրանք պիտի ոչնչացնեն Դաշնակցությունը»։ Այստեղ, ահա, պանթուրքիստ բեկերը և Նիկոլայի չինովնիկները մի սրտառուչ համաձայնությամբ իրար էին միանում։ Նախագահ Մալաման երկրորդում էր այդ խոսքերը` այո՛, անհրաժեշտ է ոչնչացնել…

Զվարճալին այն էր միայն, որ թուրք բեկերի փորացավն ուրիշ էր, այսպես ասած` Օսմանյան էր, իսկ ռուս բյուրոկրատիան կարծում էր, թե ինքն է միայն նրանց ցավն ու հոգսը օր ու գիշեր։ Եվ ինչպե՞ս չկարծեին խեղճ կառավարիչները, երբ կալվածատեր հռետորները պաշտպանում էին գավառական ռուս չինովնիկներին, որոնք ենթարկված էին դաշնակցականների տեռորին։ «Մի՞թե նրանք մարդիկ չեն»,- հարցնում էին այդ խեղճ գառնուկների պաշտպանները։ Բայց միևնույն ժամանակ նրանք դառնապես գանգատվում էին, թե մահմեդականները զրկված են իրավունքներից, նրանց մտավոր պահանջների վրա ուշադրություն դարձնող չկա։ Ոչ ոք, իհարկե, չէր ասի, թե դրա պատճառը հայերն էին, ամեն մեկը գիտեր, որ դա հենց բեկական պաշտամունքի առարկա դարձած ցարական բյուրոկրատիան է, որ խտրությունների, անհավասարության, տգիտության և այլ այսպիսի անեծքների վրա է հիմնավորում իր բարօրությունը։

Բայց համալսարանական բեկերը մի վայրենի միամտությամբ հայտարարում էին, թե հենց այս պատճառով էլ թուրքերը հարձակվում էին հայերի վրա։ Աղաևն իրեն հատուկ ցինիկությամբ ասում էր հայերին. «Դուք զարգացած եք, հարուստ եք, առաջադեմ, մենք ձեր անեծքն ենք` երկաթի պես կախված ձեր վզից. դուք պետք է մեզ էլ ձեզ հետ առաջ տանեք։ Դուք կազմակերպություն[200] ունեք, մենք չունենք. կա՛մ մեզ էլ տվեք կազմակերպություն, կա՛մ ահա մենք կսպանենք ձեզ, կքանդենք, կհրդեհենք»[201]։ Եվ ո՛չ նա, ո՛չ ուրիշ հռետորներ երբեք ցույց չտվեցին, թե իսկապես ինչ վնասներ է կրել թուրք ժողովուրդը հայ ժողովրդից, թե կոտորածի, փոխադարձ ինքնաջնջման մեջ իսկապես ինչ կենսական անխուսափելիություն կա[202]։

Այսպիսի անմտություններ էին արտասանվում, որովհետև խելոք, համոզիչ բան չունեին ասելու[203]։ Եթե չլիներ ռուս բյուրոկրատիան, չլիներ և պանթուրքական համածավալ պրոպագանդան, նայելով այդ խղճուկ ու երեխայական բացատրություններին, պետք կլիներ ասել, թե հայերն ու թուրքերը մի ամբողջ տարի է, իրար կոտորում են առանց պատճառի, սխալմամբ, մի վատ երազի տպավորության տակ, որ այդ բոլոր սարսափները պարզ թյուրիմացություններ են։

Այսպիսի բան, սակայն, աշխարհի երեսին չի կարող լինել։ Ես արդեն վերևում բացատրեցի։ Սուլթանականությունը և ցարականությունը մի հարթակի վրա էին կանգնած. կոտորածների միջոցով տկարացնել հայ ժողովրդին և այսպիսով ոչնչացնել հայերի հեղափոխությունը։ Եվ եթե մի րոպե էլ չմոռանանք, որ հայ հեղափոխությունը, լինելով հանդերձ մի ճնշված ժողովրդի արդար դատ[204], հիմնված էր բոլորովին սխալ և անիմաստ ըմբռնողության, իլյուզիայի վրա, այն է` Եվրոպան պաշտամունք` ֆետիշական հավատ դարձնելու վրա, այնժամ միանգամայն պարզ կդառնա, որ Կովկասի հայությունն էլ նույն այդ մեծ ստությանը, նույն այդ բազմամյա ցնորքին էր զոհ բերվում։ Ես կարող եմ վկայել, որ հայ-թուրքական կռիվների ամենակատաղի ժամանակ քչերը չէին գտնվում, որոնք ասում էին. «Թող Վեհափառը (կաթողիկոսը) դիմում անե Եվրոպային»։ Դժբախտ ժողովուրդ, դժբախտ պաշտամունք։

Թուրք պատգամավորների հայտարարություններն այն աստիճանի սպառիչ լիակատարությամբ էին պարզում ժողովրդական մեծ դժբախտության ամբողջ բովանդակությունը, որ ես ավելորդ եմ համարում հայ պատգամավորների ճառերին դիմելը։ Թուրքերն իրենց տակտիկային այնքան հավատարիմ մնացին, որ երբ հայերն առաջարկեցին վնասների հատուցման սկզբունքը դնել երկու կռվող ժողովուրդների վրա, նրանք սաստիկ ընդդիմացան այդ մտքին։ Մերժվում էր նաև սկզբնապատճառ եղող և, առհասարակ, հանցավոր մարդկանց պատժելու առաջարկը։ Բայց դրա փոխարեն թուրքերը նորից և նորից պահանջ էին մտցնում, որ հայերը ոչնչացնեն իրենց Դաշնակցությունը։ Ի պաշտպանություն Դաշնակցության մի ճառ արտասանեց պատգամավոր Ալեքսանդր Խատիսյանը[205], որն այն ժամանակ այդ կուսակցության անդամ չէր, բայց երևի զգում էր, որ մի ժամանակ պիտի դառնա նրա շեֆը։ Դա, ինչպես վկայում էին լրագրերը, մի շատ ազդու և տաղանդավոր ճառ էր, որ նվաճեց ամենքին, նույնիսկ և թուրք պատգամավորներին։ Ասել էին, թե Դաշնակցությունը չարությամբ ու թշնամությամբ է լցված դեպի մյուս ազգությունները։ Խատիսյանը հերքել էր այդ մեղադրանքը` բերելով մի կտոր Դաշնակցության նոր ծրագրից, որի մեջ պահանջվում էր Կովկասի համար ֆեդերատիվ կազմակերպություն` ռուսական սահմանադրական պետության մեջ։

Սա, սակայն, չէր փոփոխում Դաշնակցության հիմնական բնավորությունը։ Թուրքերը լավ էին հասկանում, որ իրենց համար Դաշնակցության հարցը Թուրքիայի հարցն է։ Իսկ ռուս բյուրոկրատիան տեսնում էր իր առջև բացարձակ հակապետական, ցարիզմի թշնամի մի կազմակերպություն։ Ինձ մի լավատեղյակ աղբյուրից այն ժամանակ հաղորդեցին, որ Կովկասյան զինվորական շտաբի ընդհանուր ժողովին բավական մտահոգություն էր պատճառել Դաշնակցության հանրապետական դավանանքը։ Վրացական սոցիալ-դեմոկրատիան համարվում էր թույլ և նրա հետ հեշտ կարելի էր հաշիվ տեսնել։ Մինչդեռ Դաշնակցությունն ուներ ուժեղ զինվորական կազմակերպություն։ Յոթ հազար զինվորի առասպելը դեռ ապրում էր շտաբային շրջանակներում։ Եվ այդտեղ տրամադրություն էր ստեղծվում բանակցություններ սկսելու Դաշնակցության հետ` որոշ համաձայնության հանգելու համար։ Մի հայ սպայի հանձնարարված էր նախապես հող պատրաստել։ Շտաբը համաձայն էր ընդունել Դաշնակցության ծրագիրը, եթե նրա միջից հանվեր «հանրապետությունը»։ Ես հաստատ գիտեմ, որ այս ուղղությամբ բանակցություններ սկսվեցին, բայց չգիտեմ, թե ինչով դրանք վերջացան։

Հայ-թուրքական համագումարը վերջացավ 8-9 օր նիստեր գումարելուց և վիճելուց հետո։ Պատգամավորների համար կոչունք սարքվեց պալատում, Թիֆլիսի նահանգապետը նրանց ճաշ տվեց։ Կարծես թե ահագին գործ էր կատարել համագումարը, և հայ-թուրքական առեղծվածը լուծված էր լավագույն կերպով ու ընդմիշտ։ Մինչդեռ նա, եթե մի դրական նշանակություն ունեցել էր, դա այն էր միայն, որ բաց էր արել հասարակության առջև մի տարի տևող արյունահեղության ամբողջ մղձավանջային բովանդակությունը։ Համագումարը գործողության մի ծրագիր մշակեց և տվեց կառավարությանը։ Բայց այդ ծրագրի մեջ շատ քիչ բան կար օրվա պահանջին համապատասխանող։ Հրդեհն անմիջապես հանգցնելու, տառապող աշխատավոր զանգվածներին հանգստություն, աշխատանքի հնարավորություն ապահովելու ոչ մի իրական միջոց։ Այս մասին կարելի է պատկերացում կազմել հենց այն բանից, որ թուրք պատգամավորները ընդհանուր և ձրի ուսման պահանջն էին մտցնում, կարծես այդ գործը կապ ուներ հայ-թուրքական կռիվների հետ։

Համագումարը փակելիս կոմս Վորոնցով-Դաշկովն իր ճառի մեջ հայտարարեց, թե ինքը չստացավ համագումարից այն, ինչ պահանջել էր նրանից, այսինքն` պարզ ցուցումներ, թե ինչ անել։ Ուստի մնում է, որ ինքը շարունակի գործել։ «Թագավոր կայսրը,- ասաց նա,- կամենում է, որ դադարեցվեն հայ-թուրքական կռիվները, և դրանք կդադարեցվեն»։

Բայց սա մի նոր բարձր պաշտոնական սուտ էր։ Հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետև վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը` բացառապես հայերին պատժելու համար։ Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ մյուս թշնամի կողմը բոլորովին հանգիստ էր թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո` անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից։ Գաղտնիքը շատ հեշտ է բացվում։

Պատժիչ արշավախումբը մի նոր աղետ դարձավ Վարանդայի համար։ Ցարի «երիտասարդ եր»[206] զորքերը գազանություն չթողեցին, որ չկատարեն հայ գյուղերում։ Կողոպուտը, էկզեկուցիան[207], տուգանքները, ծեծերը, նույնիսկ պառավ կանանց բռնաբարումը սովորական բաներ էին այդ «քրիստոսասերների» համար։ Այս դժբախտությունները կատարվում էին հայ-թուրքական համագումարից անմիջապես հետո։ Ահա մի կտոր այն հեռագրից, որ Շուշիի կանայք ուղարկեցին Նիկոլայ Բ-ի կնոջը։

«Մի ամբողջ տարվա հայ-թուրքական կոտորածի արյունահեղ սարսափներից հետո մեզ` հայերիս վրա պայթեց մի նոր և ավելի ահեղ արհավիրք, որի նմանը մեր պատմությունը չի հիշում նույնիսկ մահմեդական տիրապետության ժամանակներից։ Մեր գավառն է ուղարկված կազակների թռուցիկ խումբը, իբրև թե հայերին և թուրքերին խաղաղեցնելու և նրանց մեջ կարգը և հանգստությունը վերականգնելու համար։ Այս զորախուբը, որի հրամանատարն է փոխգնդապետ Վիվերինը և որի գործողությունները ղեկավարում են գավառապետ Ֆրեյլիխը և հաշտարար միջնորդ Երմոլաևը, գավառի խաղաղ հայ ազգաբնակչության վրա այնպիսի սարսափելի բաներ է գործադրում, որոնց նկարագրելը մարդու երակների մեջ արյուն է սառեցնում։ Զինաթափ անելու պատրվակով կազակները մտնում են անպաշտպան ազգաբնակչության տները, կողոպտում են բոլոր արժեքավոր իրերը, ոչնչացնում և անպետք դարձնում ժողովրդի վերջին ստացվածքը, թափում են հացահատիկների ամբողջ պաշարը ցեխի մեջ և հենց այստեղ էլ ոտնահարում, տրորում են։

Գյուղացիներին գանակոծում են և ենթարկում ամենասոսկալի տանջանքների, որոնց պատճառով մահվան դեպքերը հազվագյուտ չեն, և կատարում են այնպիսի շատ ուրիշ բաներ, որպիսիները չեն կատարվել նույնիսկ թշնամու երկրում։ Եվ ահա դեռևս թուրքերի ձեռքով հրդեհված գյուղերի և քաղաքների մխացող ավերակների առաջ երևում են նոր ավերակներ՝ կազակների ձեռքով կատարված, և թուրքերի ձեռքից ընկած զոհերի դեռևս թարմ գերեզմաններին կից ավելանում են նորերը` կազակների շնորհիվ։ Եվ այդ բոլորը կատարվում է նրանց հրամանատարների ներկայությամբ։ Բայց որ ամենասարսափելին է և, որ կարող է խորապես վրդովեցնել ամեն մի կնոջ, դա այն է, որ պղծվում է ամեն մի կնոջ համար ամենանվիրական սրբությունը` նրա կուսությունը։ Իրենց ամուսինների, եղբայրների և հայրերի աչքի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը և աղջիկները, սկսած 60 տարեկան պառավներից մինչև 11 տարեկան աղջիկները։ Չեն խնայում անգամ երկունքով բռնված կանանց անկողինները»[208]։

Այս բոլորը իսկապես սարսափելի է, բայց եզակի և անօրինակ չէր 1905-ի համառուսական իրականության մեջ, երբ արյունարբու ցարիզմը մահվան վերջին տագնապի մեջ կռվում էր հեղափոխության դեմ պատժիչ արշավանքների միջոցով. Մերձբալթյան նահանգները, Ռյազանի երկաթուղին դեռ ավելի վատ օրեր են տեսել։ Եվ Ղարաբաղի խժդժություններն այնքան զարմանալի չէին, որքան զարմանալի է այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը` այն մարդը, որի պաշտոնյաներն էին կատարում այդ վայրագությունները մարտիրոս հայ գեղջկուհիների վրա, համարվում էր հայասեր, հայերին հովանավորող։ Այսպես էին համոզված մանավանդ վրաց կալվածատիրական նացիոնալիստական շրջանակները, և այս մասին նրանք սուր անբավականություն էին հայտնում նույնիսկ իրենց մամուլի մեջ։

Լավ հիշում եմ, որ մի անգամ, երբ Վորոնցով-Դաշկովի հիվանդությունը սաստկացել էր, և հայերը եկեղեցական մաղթանքներ էին կատարում նրա արևշատության համար, վրացիները չարախնդությամբ ասում էին նրանց. «Հը՞, ինչ է, ձեր թագավորը մեռնո՞ւմ է, հա՞»։ Այսպես էր և մյուս ազգությունների վերաբերմունքը։ Եվ այս հողի վրա էլ էր ատելություն աճում հայերի դեմ։ «Ինչո՞ւ,- ասում էին ամենքը,- հայերն առաջինը լինեն մեր երկրում, հովանավորվածի, արտոնվածի դրություն վայելեն»։ Մինչդեռ իրողությունն ահա` Ղարաբաղի 60-ամյա պառավները` բռնաբարված կազակների ձեռքով։ Հետագայում մենք պիտի տեսնենք վորոնցովդաշկովյան այնպիսի «բարերարություններ», որոնց առաջ միանգամայն պիտի նսեմանան ու գունատվեն Վարանդայի գազանությունները։ Եվ, այնուամենայնիվ, «հայոց թագավոր» էր Վորոնցով-Դաշկովը մինչև Կովկասից հեռանալը։

Այս ի՞նչ առեղծված էր։ Այն պետք է այստեղ պարզել, որքան որ հնարավոր է։

Իշխան Գոլիցինը հայության անհաշտ թշնամին էր և իր այս գիծը տանում էր բացահայտ, ամենքի համար պարզ քաղաքականությամբ։ Կասկածի որևէ տեղիք չէր մնում, սխալվել կամ մոլորվել չէր կարելի։ Մարդը կանգնած էր բաց դեմքով, իր ամբողջ հասակով և հարվածներ էր տալիս։ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունն այդպես չէր, այլ վարագուրված, մշուշապատ և հետևաբար` դավաճանական, գաղտնի թակարդներով լցված։ Այս երկու դիրքերի համեմատությունը հարկադրում է ասել բացարձակորեն, որ Գոլիցինն իր բաց ու պարզ թշնամական քաղաքականությամբ պակաս վնասակար եղավ հայության համար, քան Վորոնցով-Դաշկովն իր «հայասիրությամբ»։ Այս հայասիրական քաղաքականությունը կերտելու և հյուսելու մեջ մեծ դեր էր կատարում կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան` փոխարքայի կինը։ Սա մեկն էր այն կանացի բնավորություններից, որոնք կառավարում են աննկատելի կերպով, մատների վրա ամբողջ աշխարհներ են խաղացնում։

Իր քաղաքական ժանյակը հյուսելու համար կոմսուհին հենք դարձրեց Թիֆլիսի փոխարքայական պալատում մեկ դարից ավել բույն դրած էտիկետի հիմնական հեղաշրջումը։ Մինչև նրա գալը Կովկասի կառավարչապետերին և փոխարքաներին պալատում շրջապատում էր առավելապես վրաց ազնվականությունը։ Հայ ազնվականությունը չափազանց աննշան թիվ էր կազմում, այն էլ` գրեթե բացառապես Թիֆլիսի նահանգին էր պատկանում, հետևապես կազմում էր նույն վրացական ազնվականության մի մասնիկը միայն, որի ներկայությունը, գրեթե, միանգամայն աննկատելի էր։ Այնպես որ, սովորական խոսք ու իրողություն էր, որ հայը մուտք չունի փոխարքայական պալատի մեջ` իբրև նրան ընտանի մի տարր։ Հայը խանութպան, կապալառու, վաճառական, սա հասկանալի էր, բնական. բայց որտե՞ղ էր տեսնված, որ այդպիսի զբաղմունքներից մթնոլորտ կազմվի որևէ հրամայող պալատի համար։ Նույնիսկ վարչական բարձր պաշտոններ գրավող հայերի թիվը չափազանց աննշան էր։ Այնպես որ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա բարձրացած պալատն, ընդհանրապես, մի փակված բերդ էր հայերի համար։

Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան բաց է անում այդ բերդի դռները, և նրա կախարդական կամարների տակ երևան են գալիս նոր տեսակի «ընտրյալներ»` հայերը։ Իհարկե դրանք իշխաններ կամ կոմսեր չեն, այլ ավելի շուտ գյուղական քյոխվաների կամ գործակալ քահանաների որդիք, ովքեր կա՛մ հոգևորականներ են, կա՛մ մտավորական պարապմունքի տեր մարդիկ։ Մերձեցումն սկսվեց հոգևորականներից։ Եվ միջնորդն է մի սիրիացի` Մծբնա Հայրապետ Հակոբը[209], որ թեև 1500 տարի առաջ է մեռել, բայց այնքան պինդ ոսկորներ է ունեցել, որ նրանցից մի կտորն այսօր էլ գտնվում է Թիֆլիսի վանքի Մայր եկեղեցում` իբրև մասունք։ Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան իրեն վաղուց գրել էր Մծբնա Հայրապետի հոգևոր դուստրը և հաճախ գնում էր ոսկորի կտորը համբուրելու վանքի եկեղեցում։ Այսպիսով ահա, Թիֆլիսի հայոց առաջնորդարանը մոտեցավ պալատին, և առաջնորդ Սաթունյան արքեպիսկոպոսը, թեկուզ ռուսերեն խոսել չգիտեր, պալատում դարձավ свой человек[210]։

Բայց կարևոր է իմանալ նաև, որ Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքների մի բաժինն էլ Էջմիածնում էր գտնվում։ Եվ… ահա բոլորվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Էջմիածնի վանքն էլ դառնում է փոխարքայական պալատի մտերիմը, ինչպես մի ժամանակ` իշխան Վորոնցովի[211] փոխարքայության օրոք։ Տարբերությունն այն էր, որ այն ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր (Ներսես Ե) պալատի մտերիմը, իսկ այժմ նույն դերի մեջ էր մի պարզ վարդապետ` Մեսրոպ Տեր-Մովսեսյանը[212]։ Այս մարդուն ես ճանաչում եմ դեռ աշխարհական ժամանակից, երբ նա ուսանող էր, և ճանաչում եմ իբրև ազնիվ, անշահամոլ, շիտակ, մանավանդ շիտակ, ինչպես ասում են մեզ մոտ՝ «դուզյախոս» և կողքով[213] մարդու։ Գործելու եռանդով լցված` նա որոնում էր գործունեության փոքրիշատե ազատ ասպարեզ և, ինչպես շատերն այն ժամանակ, բռնեց բոլորովին սխալ ճանապարհ` փարաջա հագավ։ Իսկ փարաջան բազմաթիվ այլ պակասությունների հետ ունի մի խոշոր, կարելի է ասել ամենակուլ վատություն` փառասիրություն։ Ռամկավարական սկզբունքներով տոգորված Մեսրոպը վերջիվերջո չկարողացավ դիմադրել փարաջայի այդ հատկությանը և սկսեց տոգորվել նրանով։ Ահա և մի պարզ բացատրություն, թե ինչու նա այնքան հափշտակվեց Վորոնցով-Դաշկովի պալատով և սկսեց ծառայել երկու տերերի` գիտության և պաշտոնավարական գործունեության, երկուսին էլ վատ ծառայելու պայմանով։

Պատահականությո՞ւն էր, կույր բա՞խտ էր, որ Մեսրոպ վարդապետն էր արժանանում կոմսուհու համակրանքին, չգիտեմ։ Գիտեմ միայն, որ նրա կարգակիցներից մի քանիսը, նույնպես շենքով-շնորհքով, գիտուն մարդիկ, շատ են աշխատել նույնպես արժանանալ, բայց չեն կարողացել։ Առհասարակ Էջմիածնում կոմսուհուն իրենց մարդն էին համարում, անվանում էին նրան тетенька[214]։ Ես ինքս տեսել եմ իմ տանը, հայելու առաջ կապիկի կծկումներ անող և ինձանից մուրացած ռուսերեն բառերը անգիր անող մի վարդապետի, որ հագուստեղենի խանութից վարձու վերցրեց մի մեծագին մուշտակ, հագավ, գնաց պալատ` կոմսի կամ կոմսուհու մոտ շնորհ գտնելու ակնկալությամբ, բայց, իհարկե, ապարդյուն։

Եվ այսպես, ուրեմն, կազմվեց հայերի մեջ «պալատականների» շրջան և կազմվեց ընտրությամբ, խիստ խտրականությամբ։ Պալատականներն, իհարկե, խիստ շողոքորթված էին։ Ես նրանց շրջանում լսել եմ այսպիսի խոսքեր. «Սիրելի բարեկամ, բարև, ասացեք` ի՞նչ լուրեր ունիք պալատից»։ Կամ թե` «Ասացեք պալատում, որ ես այստեղ երկար սպասել չեմ կարող, եթե գալու են, թող շուտ գան» (հարցը վերաբերում էր Վորոնցով-Դաշկովների մի ճանապարհորդության)։ Համաձայնեք, որ այսպիսի պայմանների մեջ ընկած պարզ մարդկանց գլուխներն իրենք իրենց պտույտ կգան։ Եվ ես միշտ տեսա այդ գլուխները պտույտ գալիս։

Պալատականների շրջանը մեծ չէր, շատ փոքր էր, իսկ ամենից շատ աչքի ընկնողները երեք-չորս հոգուց ավելի չէին։ Ես արդեն տվեցի մի անուն։ Նրան կավելացնեմ Ալեքսանդր Խատիսյանի և Սամսոն Հարությունյանի[215] անունները։ Առաջինը քաղաքային վարչության անդամ էր, հետո և քաղաքագլուխ։ Երկրորդը Բարեգործական ընկերության նախագահն էր և անուն էր վաստակել իր եռանդուն կազմակերպչական կարողությամբ, որի շնորհիվ մի խոշոր հասարակական-մշակութային հիմնարկություն էր դարձել Բարեգործական ընկերությունը։ Վերջում նա շեղվեց գործունեության այդ շատ օգտակար եղանակից և մտավ քաղաքական գործունեության ասպարեզ, ուր և, ինչպես ասում են, կոտրեց իր ոտը։

Այս էր, ահա, այդ երևույթը` հինգ-վեց մարդկանց մուտքը պալատ, որ դարձնում էր Վորոնցով-Դաշկովին «հայասեր», «հայոց թագավոր»։ Բայց հայ ժողովուրդը ոչինչ հիմք չուներ օտար դիտողների մոլորության մեջ ընկնելու։ Նա շատ բարեբախտ կլիներ, եթե չունենար պալատական ֆավորիտների շրջան, որ միայն հարևանների նախանձն ու ատելությունն էր գրգռում, քնացնում էր հասարակական գիտակցությունը և, որ ամենից չարն էր, կարող էր ամեն րոպե գործիք դառնալ ցարական բյուրոկրատիայի ձեռքին։

Ժ

1906թ. ամռանն էլ ես բժշկվում էի Էսենտուկիում և տեսա, թե որպիսի արագությամբ Ստոլիպինի[216] կառավարությունը ճնշեց այն ցույցերը, որոնք իբրև բողոքի արտահայտություններ սկսել էին կազմակերպվել առաջին Պետական դումայի արձակման առիթով։ Բայց մինչ Ռուսաստանը դեռ չվայելած` բարձրացող ռեակցիային զոհ էր տալիս իր անդրանիկ ներկայացուցչական հիմնարկությունը, հայերի մեջ նոր ծայր էր առնում մի ներկայացուցչական կատակերգություն, որ ամբողջովին Դաշնակցության գործն էր։

Հայտնի է, որ 1860-ականին թուրքահայերն ունեցան իրենց Սահմանադրությունը[217]։ Երկու խոսքով եթե բնորոշելու լինենք այդ խոշոր հասարակական շարժումը, կստանանք «Սահմանադրական պատրիարքություն» հասկացողությունը։ Կ.Պոլսի հայոց պատրիարքի իշխանությունը մինչև այդ միահեծան էր, այնուհետև դարձավ սահմանափակված։ Եվ սահմանափակողը ժողովրդական ներկայացուցչությունն էր, որ իր ձեռքն էր առնում պատրիարքի բոլոր վարչական իրավունքները, իսկ նրան տալիս էր գործադիր իշխանության նախագահի դեր։ Այժմ նույնպիսի սահմանափակման ուզում էին ենթարկել կաթողիկոսական իշխանությունը և սրա համար կանչում էին հիմնադիր ժողով, որ պիտի գումարվեր Էջմիածնում, օգոստոս ամսի երկրորդ կեսին։ Խրիմյան կաթողիկոսը, որ զառամությունից արդեն գրեթե մի կենդանի դիակ էր, ստորագրել էր Սիրական Տիգրանյանի և Գալուստ Տեր-Մկրտչյանի կազմած կոնդակը, որով ընտրություններ էին նշանակվում քառանդամ սիստեմով, և ընտրության իրավունք տրվում էր նաև իգական սեռին։

Էսենտուկի էր եկել նաև Մեսրոպ վարդապետը, որին նոր էր հանձնվել ճեմարանի տեսուչի պաշտոնը։ Նա նկատի առնելով, որ ես բոլորովին թողել եմ «Մշակի» խմբագրությունը, առաջարկեց ինձ հայոց նոր պատմության և նոր գրականության պատմության դասեր ճեմարանի լսարանական բաժնում, և ես, առանց երկար տատանվելու, հանձն առա, որովհետև ապրուստի ուրիշ ոչ մի միջոց չունեի։ Այս մի մեծ փոփոխություն էր կյանքիս մեջ, որովհետև երբեք ուսուցչություն չէի արել և չգիտեի` արդեն շատ խախտված առողջությունս պիտի թույլ տա՞ արդյոք դպրոցական պաշտոնյա լինել։

Շուտով լուր առա և այն մասին, որ Կարսի մոտ եղած մի գյուղից ես ընտրված եմ Էջմիածնի սահմանադիր ժողովի պատգամավոր, ուստի սովորական ժամանակից առաջ ճանապարհվեցի Ղարաքիլիսա, ուր գտնվում էր ընտանիքս։ Այստեղից ես մի ճանապարհորդություն կատարեցի դեպի Անի և հարավային Շիրակ, որ ինձանից մոտ երկու շաբաթ ժամանակ խլեց։ Այս միջոցին արդեն բացվել էր, այն էլ շատ աղմուկով, Էջմիածնի հիմնադիր ժողովը։ Պատգամավորների ճնշող մեծամասնությունը դաշնակցականներից էր բաղկացած, որ և տվել էր ժողովին բացառապես սոցիալիստական գույն և, այս ուղղությամբ վարելով իր զբաղմունքները, ընդհարվել բուրժուական-պահպանողական փոքրամասնության հետ, որ թողել էր ժողովը` հրաժարվելով մասնակցության ամեն մտքից։

Օգոստոսը մոտենում էր իր վերջին, երբ ես ընտանիքով գնացի Էջմիածին։ Այստեղ ես ճեմարանի ննջարանում զետեղված տեսա մի ամբողջ պառլամենտ` վերին աստիճանի աղքատ ու անհրապույր արդուզարդի մեջ։ Նույնիսկ հասարակ աթոռներ և նստարաններ չկային, և պատգամավորները նստում էին հին ու ճռճռան տաբուրետների վրա։ Բայց նախագահությունը համեմատաբար ավելի օրինավոր սարք ու կարգի մեջ էր։ Կարմիր մահուդով ծածկված սեղանի ետևում նստած էր նախագահ Սիմոն Զավարյանն իր երկու օգնականների ընկերակցությամբ և ղեկավարում էր վիճաբանությունները։ Ինչպես վայել է փոքրիշատե կարգին պառլամենտին, սենյակում շարված տաբուրետները բաժանված էին երկու մասի` ձախ և աջ։ Աջն արդեն գրեթե բոլորովին ամայացած էր, և դաշնակցական ձախը մնացել էր առանց ընդդիմադիր հոսանքի, առանց օպոզիցիայի։ Ես տեղավորվեցի աջի ամայության մեջ և, գրեթե առանց մասնակցություն ունենալու վիճաբանությունների մեջ, լուռ ուսումնասիրում էի այս դաշնակցական ձեռնարկումը, որ աղմուկ շատ էր հանել և տակավին շարունակում էր հանել։

Թուրքահայերի Սահմանադրությունը, բարենորոգելով հին միանձնյա գործավարությունը, նոր սահմանած կարգերի հիմք և կենտրոն թողել էր եկեղեցուն, որ դարձյալ իրավատեր և հրամայող հիմնարկություն էր մնում։ Այդ հիմնարկությունն ավելի ևս ուժեղացնելու համար Սահմանադրությունը թույլ էր տվել նույնիսկ կաստայական սկզբունքի կիրառում։ Հոգևորականները բացի նրանից, որ իրավունք ունեին ընդհանուր հիմունքներով մասնակցելու ընտրություններին, այսինքն` ընտրելու և ընտրված լինելու, կազմում էին եկեղեցական համագումար, որ ընտրում էր Կրոնական ժողով՝ Ազգային Ժողովի կողմից ընտրված Քաղաքական ժողովի հետ գործադիր իշխանություն կազմելու համար։ Ինքն Ազգային ժողովն էլ իր գործունեության մեծագույն մասը նվիրում էր զուտ եկեղեցական հարցերի` կաթողիկոսների, պատրիարքների, առաջնորդների ընտրությանը։

Այսպես, ուրեմն, Կ.Պոլսի Սահմանադրությունը միանգամայն հասկանալի էր, ուներ իր կատարյալ raison d’ etre-ն[218]։ Մինչդեռ Էջմիածնում… նորաթուխ դաշնակցական սոցիալիստները մի հին վանքում, եպիսկոպոսների և վարդապետների հովանավորությամբ ու ղեկավարությամբ, ուզում էին իրականացնել սոցիալիստական դրախտ։ Ահա՛ ինչն էր ծաղրական դարձնում այդ ամբողջ ձեռնարկումը։ Սոցիալիզմն իրեն անհաշտ թշնամի էր ընդունում կրոնն ու եկեղեցականությունը, իսկ դաշնակցականներն ուզում էին այն տանել պատվաստել այդ թշնամի միջավայրում, դնել այն եկեղեցու հովանավորության տակ։ Դեռ երբեք, կարծեմ, այսքան կոպիտ կերպով աղավաղված չի եղել սոցիալիզմի էությունը, նրա սրբություն սրբոցը։ Վիճաբանությունների մեջ իրար էին բախվում (հաճախ բավական սուր կերպով) Դաշնակցության ձախ կամ երիտասարդ և աջ թևերը։ Երիտասարդների ներկայացուցիչն էր ուսանող Արտաշես Չիլինգարյանը[219], որ ժողովներում (բայց մանավանդ ժողովներից դուրս) մտրակում էր հոգով-մարմնով ազգային, կարելի է նույնիսկ ասել` ուղղափառ-լուսավորչական կուսակցությանը` դեպի ձախ, դեպի սոցիալիզմ[220]։ Ինքը` Չիլինգարյանը, հարած էր ԷսԷռության և շարունակ սպառնում էր, թե կմտնի ԷսԷռների կուսակցության մեջ, եթե Դաշնակցությունը կարգի չգա։ «Ի՞նչ կասեն ԷսԷռները… Ամոթ չէ՞, որ լինելով սոցիալիստ` եկել մտնել եք այս վանքի փեշերի տակ»,- ասում էր նա շարունակ, և նրա խոսքը կրակոտ էր, ազդու, իսկապես հարկադրում էր, որ դաշնակցական ծանր մարմինը ժաժ գա…

Եվ ժաժ էր գալիս այդ մարմինը ոչ միայն այն ուղղությամբ, որ ցույց էր տալիս Արտաշես Չիլինգարյանը իր` գրեթե վախ ազդող հարցով՝ «Ի՞նչ կասեն ԷսԷռները»։ Բարձրանում և ահեղ կերպարանք էր առնում նաև հակառակ ուղղությունը, որ գալիս էր ցույց տալու, թե Դաշնակցությունն այլևս մի կուսակցություն չէ, այլ տարամերժ տարրերի մի արհեստական համախմբում։

Էջմիածին հասած օրը ես չկարողացա սենյակ գտնել ընտանիքիս համար, ուստի իջա հյուրանոցում, որ գտնվում էր ճեմարանի ետևում։ Այդ «հյուրանոց» հորջորջվածն իրականում մի գինետուն էր, որի ետևում, պատշգամբի վրա վարձու տրվելիք երկու թե երեք սենյակ կար։ Նույն օրը երեկոյան, երբ մենք պատրաստվում էինք քնելու, ծառան ինձ հայտնեց, թե դրսում ինձ հարցնող կա։ Դուրս եկա։ Առջևս կանգնած էին երկու անծանոթ մարդիկ, որոնք ինձ խնդրեցին անց կացնել իրենց հետ մի կես ժամ։ Նստեցինք պատշգամբում։ Անծանոթները խորոված պատվիրեցին ծառային։ Նրանցից մեկը, որ ասաց, թե ինքը ղազախեցի Շխալին է, կոպիտ ու անտաշ ձևերով մի մարդ էր, երևի բոլորովին անգրագետ։ Ես թեև չէի տեսել նրան, բայց գիտեի, որ բավական հայտնի մի հայդուկ էր, որ անուն էր հանել մանավանդ հայ-թուրքական կռիվների մեջ Ղազախում։ Նրա ընկերը խմբապետ Միհրանն[221] էր` թուրքահայ, ավելի մեղմ ու կիրթ ձևերով և բավականին կարդացած։ Թուրքահայ խմբապետների մեջ պատվավոր տեղ էր գրավում, փառաբանված էր, որովհետև զինված խումբ էր տարել Թուրքիա, բայց հենց սահմանի վրա` Մոսուն գյուղում կռվի էր բռնվել օսմանյան մի զորամասի հետ և քաջությամբ կռվելով` հետ քաշվել դեպի ռուսական սահմանը։

Շխալին ձկան լռության մատնվեց, իսկ Միհրանը բաց արավ իմ առջև մի ամբողջ ծրագիր։ Երկուսով եկել էին այստեղ` հիմնադիր ժողովը ցրելու և զինվորական դիկտատուրա հաստատելու համար, որ պիտի դատի ենթարկեր ժողովի բոլոր դաշնակցական անդամներին։ «Որովհետև,- ասում էր,- նրանք հանդգնել են ոտքի տակ տալ կուսակցության բուն և միակ իսկական նպատակը։ Դաշնակցությունը հիմնված է ոչ թե սոցիալիզմի համար, այլ թուրքահայերի դատը պաշտպանելու համար։ Եթե ես նրա շարքերի մեջ եմ, ապա պարզապես այն պատճառով, որ ուխտել եմ վրեժ հանել թուրքերից, որոնք սպանել են իմ քույրերին և եղբայրներին։ Այսպես է և ամեն մի ուրիշ թուրքահայ։ Մենք սոցիալիզմից ոչ մի հասկացողություն չունենք, նահապետական ժողովուրդ ենք և որոնում ենք գլուխ դնելու մի ապահով տեղ։ Մեր ի՞նչն է սոցիալիզմը, ինչո՞ւ համար պիտի կռվենք և թշնամանանք Ռուսաստանի հետ, որ մեր դատը պաշտպանողներից մեկը պիտի լինի»։

Ահա թե ուր էր հասել բանը։ Միհրանն իր ընկերոջ հետ հենց այդ օրն էր եկել Թիֆլիսից և ինձ բավական առիթներ տվեց կռահելու, որ նրան շատ բան ներշնչել էր Թիֆլիսի բուրժուազիան։ «Մշակի» խմբագրատանը նրանց երկուսին ընդունել են հաճությամբ։ Ժողով են կազմել և Թիֆլիսի հարուստները (տվեց [Ալեքսանդր] Մելիք-Ազարյանի[222] անունը), խոստացել էին դրամական առատ նպաստ։ «Մշակի» մեջ Միհրանն արդեն տպագրել էր մի քանի հոդված։ Մի մեծ հոդված էլ շարված էր և պիտի լույս տեսներ մյուս օրը, բայց խմբագրությունն այնքան ուշադիր էր եղել դեպի իր նոր աշխատակիցը, որ նրա ձեռքն էր տվել սրբագրական փորձի թերթը[223]։ Վերջում մի քանի խոսք էլ Շխալին ավելացրեց, և ես այդ խոսքերի մեջ պարզ տեսա կռիվը արհեստ դարձրած մի մարդու, որին սպառնում է գործազրկությունը։ Հայ-թուրքական կռիվները դեռ շարունակվում էին այն միջոցին էլ, երբ Դաշնակցությունը քափ ու քրտինք էր թափում վեղարավոր սոցիալիզմ ստեղծելու համար։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ սոցիալիզմն իրականանա և հայդուկությունն ավելորդ դառնա։ Շխալին թույլ չի տա, որ կռվող մարդիկ մնան առանց պարապմունքի և մանավանդ առանց ռոճիկի և հասույթի։

Այսպես գլուխ էր բարձրացնում միհրանականությունը, որ գալիս էր հարվածելու Դաշնակցությանն աջից և որ ահագին գլխացավանք էր բերում նրան, մասնավորապես ներկուսակցական արյունահեղություն։ Ինչպես տեսնում եք, այդ մի բարդ երևույթ էր, որի մեջ իրար գալիս-հանդիպում էին զանազան տեսակի անձնական, կուսակցական և դասակարգային շահեր։ Թեև Միհրանն ինձ շարունակում էր հավատացնել, թե իր ծրագրած զինվորական դիկտատուրան լոկ գաղափարական շարժառիթներ ունի, բայց ես հավատացած էի, որ այդ շարժառիթները գործի չէին փոխվի, եթե Թիֆլիսի հայ հարուստները չխոստանային քաջ խմբապետի ձեռքում համրել 20-25 հազար ռուբլի, և եթե Շխալին համոզված չլիներ, թե հենց այդ հազարներն էլ կգան դրականապես լուծելու իրեն անհանգստացնող առեղծվածը, այն է` թե ինչպես պետք է գոյություն պահպանել ֆիդայական արհեստի վերացումից հետո։

Զինվորական դիկտատուրան, որ սոսկ մի դաշնակցական արկածախնդրություն էր, պիտի հայտարարվեր իբր թե սեպտեմբերի 1-ին։ Ես ուզեցի իմանալ, թե արդյո՞ք Միհրանը ցանկություն չունի վաղօրոք խոսելու այստեղ հավաքված դաշնակցական շեֆերի հետ, առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում նրանց։ Վերաբերմունքը միանգամայն բացասական էր։ Կատաղություն պատճառում էին մանավադ նրանք, ովքեր առանձին մոլեգնությամբ էին խաչվում սոցիալիզմի համար (այդպիսիք էին, օրինակ, Եղիշե Թոփչյանը, Լևոն Աթաբեկյանը, Արտաշես Չիլինգարյանը)։ Ահարոնյանին երկու ընկերներն անվանեցին երկերեսանի։ Նույնիսկ Սիմոն Զավարյանը, որ համակուսակցական մի հմայք էր, հարգանքի ոչ մի ցույցի չարժանացավ։ Գտան, որ նա այսօրվա իր բռնած ուղղությամբ դավաճանում է կուսակցությանը։

Մեր խոսակցությունը բավական երկար տևեց։ Ինձ խնդրեցին մնալ մի շիշ գինի խմելու, բայց ես շնորհակալություն հայտնելով` գնացի սենյակս։ Մյուս օրն առավոտյան ես պատմեցի Միհրանի այցելությունն Ահարոնյանին։ Նա հեգնանքով և արհամարհանքով վերաբերվեց Միհրանի ձեռնարկությանը։ Բայց մի քանի օր անցած ամբողջ Դաշնակցական պատգամավորությունը կատարյալ հուզմունքի մեջ էր։ Միհրանն ուզեցել էր Էջմիածնի տպարանում կոչեր և հայտարարություններ տպել իր դիկտատուրայի մասին, այս իմացել էր մի դաշնակցական վարդապետ, որ և ոտքի էր հանել իր ընկերներին։

Ես գնացել էի Հովնան Դավթյանի մոտ և տեսա այնտեղ մեծ խոսք ու զրույց։ Դատում էին, թե ինչ դուրս կգա այս արկածախնդրությունից։ Շատերը հանաքներ էին անում։ Ես էլ հանաքով ասացի Եղիշե Թոփչյանին, թե Միհրանն ամենից շատ նրան է ատում իբրև սոցիալիստի և ուրեմն նա պիտի ամենից առաջ ճաշակի զինվորական դիկտատուրայի ծանրությունը։ Նա ինձ պատասխանեց լրջորեն. «Յոթը հազար կազմակերպված բանվոր և արհեստավոր ունիմ թիկունքումս, ո՞վ կարող է ինձ մատ դիպցնել»։ Էլի նույն կախարդական թիվը` 7 հազար, ոչ ավել և ոչ պակաս։ Բայց երևում էր, որ վախենում են ամենքը, բաց չառած և Թոփչյանին։ Հեռագրով Պյատիգորսկից Թիֆլիս կանչվեց հայտնի խմբապետ Դումանը, որ պիտի զինվորական դատարան կազմեր` Միհրանին դատելու համար։ Սակայն այդ մի հեշտ, նույնիսկ հնարավոր բան չէր. Միհրանի նման վերաբերվում էին և մյուս թուրքահայ խմբապետները, թեև առանց զինվորական դիկտատուրային դիմելու։ Միհրանականությունը կարող էր չափազանց ուռճանալ և մեծ աղետի վերածվել, եթե նրա հետ զգուշությամբ չվարվեին։

Սակայն Միհրանի զինվորական դիկտատուրան չիրականացավ և իրականանալ չէր էլ կարող։ Նրա տեղ իրականացավ այն, ինչին վաղուց սպասում էին։ Վորոնցով-Դաշկովն աղվեսախաղ էր տալիս։ Երբ ամեն ինչ պարզվեց ու հայտնագործվեց, իսկ ետևում հաղթականորեն ստոլիպինյան ռեակցիան էր ամրանում, Էջմիածնի գավառապետ Լեմերմանը մի թուղթ ուղարկեց վանք, որի մեջ մեկիկ-մեկիկ գրված էին մեծախոս և աղմկաշատ հիմնադիր ժողովի պատգամավորների անուններն ու ազգանունները, պահանջելով, որ նրանք ստորագրեն, թե պարտավորվում են հեռանալ Էջմիածնից 24 ժամվա ընթացքում։

Այս կարգադրությունը դաշնակցականները կատարեցին ամենայն փութաջանությամբ և նշանակված ժամանակի կեսն էլ դեռ չէր անցած, երբ վանքի պարիսպների միջից չքացավ ամեն մի եկվոր դաշնակցական պատկեր։ Շատերը գնում էին` չծածկելով իրենց ուրախությունը։ Նրանք անկեղծորեն խոստովանում էին, թե կառավարությունն իրենց ազատեց մի ծիծաղելի դրությունից։ Եթե փակած չլիներ ժողովը, իրենք չպիտի իմանային, թե այլևս ինչ անեն։ Եվ, իրավ, սոցիալիզմի գլխին վեղար նստեցնելու կատակերգությունը վերջանում էր կատարյալ խայտառակությամբ` մի անգամ էլ ցույց տալով, թե որքան ողորմելի միամիտներ էին այն հեղափոխականները, որոնք մի ամբոջ ժողովրդի փրկության մենաշնորհն էին ստանձնել։ Անընդունակություն թուրքահայկական հեղափոխության կազմակերպման մեջ։ Անընդունակություն և ռուսական հեղափոխության լայն ու հարթված (համեմատաբար դատելով) ուղիների վրա։

Էջմիածնի հիմնադիր ժողովն, այնուամենայինիվ, մի քանի որոշումներ մշակեց, որոնց դասակարգությունն այսպես է բերում կոմս Վորոնցով-Դաշկովը Նիկոլայ Բ-ին ներկայացրած իր հաշվի մեջ.

«1) Ցանկալի համարել ընդհանուր ձրի ուսուցումը` հատկացնելով այդ առարկային բոլոր եկեղեցական դրամագլուխները և մտցնելով սրա համար առանձին եկամտային հարկ առաջադիմության (պրոգրեսիվ) սկզբունքների վրա, պարտադիր թողնելով ռուսաց լեզվի` իբրև պետական լեզվի ուսուցումը և մտցնելով, ցանկացողների համար, թուրքական և վրացական լեզուների դասեր, դուրս ձգել ցած դպրոցների ծրագրից կրոնի դասավանդությունը, իսկ միջնակարգ դպրոցներում այն համարել ոչ պարտադիր։

2) Եկեղեցական վանքական կալվածքները համարել սոցիալիզացիայի ենթարկված ազգային սեփականություն` ապահովելով երկրագործական համայնքների համար հնարավորություն օգտվելու այն հողամասերից, որոնցից օգտվում են այժմ և որոշելով նրանց իրավունքը լրացուցիչ կերպով ստանալու հողաբաժիններ, որքան պահանջվում է։

3) Պահանջել պետական բյուջեից հայ ժողովրդի կուլտուրական կարիքների համար մի մաս, որ համապատասխանում է նրա թվին պետության մյուս ազգաբնակչության համեմատությամբ։

4) Բոլոր դպրոցական և այլ ազգային գործերի կառավարման համար կազմել ռուսահպատակ հայերի պատգամավորական ժողովի գլխավորությամբ, որի ընտրությունը կատարվում է քառանդամ ձևաբանությամբ, առանձին համայնական օրգաններ, որոնք ընտրվում են միևնույն կարգով և որոնք, լինելով անկախ տեղական գործերի մեջ, կապված են իրար հետ դաշնակցային (ֆեդերացիայի) հիմքերի վրա։

5) Եկեղեցուն և հոգևորականությանը թողնել միայն դավանական գործերը»։

Գրեցին և թողին գնացին։ Ո՞վ պիտի կատարեր այդ որոշումները, ի՞նչ միջոցով։ Այդ հոգևորականությունն էր, որ պիտի ինքն իր գլուխը կտրեր և էլի կենդանի մնար` նոր ֆեդերացիային կյանք տալու համար։ Այդ հոգևորականությունն էր, որ պիտի արգելված հայտարարեր կրոնի դասավանդումը։ Էջմիածինը հինգ գյուղ ուներ և մե՜ծ բան կլիներ, եթե դրանց հողերը ազգայնացված լինեին, մինչդեռ հարյուրավոր հարևան գյուղեր պիտի շարունակեին մնալ մասնավոր սեփականության հիմունքների վրա։ Հետաքրքրականն այն է, որ Էջմիածնի ճեմարանի ննջարանում քվեարկված հողային օրենքը պիտի պարտադիր դառնար նաև Պարսկաստանի, Թուրքիայի, Ավստրիայի, Անգլիայի և բոլոր այն պետությունների համար, ուր գտնվում էին հայ եկեղեցիներ և եկեղեցական կալվածքներ։ Եվ այս սոցիալիզացիան պիտի պետություններին հարկադրեր ընդունել, իհարկե, զառամյալ Խրիմյան կաթողիկոսն իր հիվանդության մահճից…

ԺԱ

Գավառապետ Լեմերմանի թղթի վրա ես գրեցի, թե ճեմարանի ուսուցիչ եմ, ուստի չպիտի հեռանամ Էջմիածնից։ Երկու շաբաթից հետո ես բոլորովին հաստատվեցի իմ նոր բնակավայրում` ստանալով սեփական սենյակ ճեմարանի շինության մեջ։

Անսովոր շրջան, անսովոր պարապմունք։ Մի բան եթե կար, որ մոռացնել էր տալիս ամեն անհարմարություն և անպատեհություն, այդ այն էր, որ ես բավականաչափ ազատ ժամանակ ունեի ճեմարանի և վանքի հարուստ գրադարաններից օգտվելու համար։ Իմ մեծ սենյակը մինչև պռունկները լցրի գրքերով և լրագրերով ու սկսեցի պարապել անխնա ու անդուլ։ Գոհ եմ բախտիցս, ես մնացի Էջմիածնում մոտ ութ ամիս և անթիվ ու անհամար բաներ սովորեցի իմ ուսումնասիրություններով, բայց այդ մեծ բավականությանը զոհ տվի իմ աչքերը։ Զարհուրելի դրության մեջ էին կաթողիկոսական արխիվները։ Փոշին, իսկապես ասած` ոչ թե փոշին, այլ աղբը, մատի հաստությամբ էր նստած հազարավոր ու տասնյակ հազարավոր թղթերի կույտերի վրա։ Կյանքի վտանգով կարելի էր մոտենալ այդ աղբակույտերին, բայց ես կարողացա մի քանի հազար երես արտագրություններ անել իմ ձեռքով։ Բացի դրանից, իմ ստացած ռոճիկի մեծագույն մասը տալիս էի աշակերտներին և Սինոդի գրագիրներին ու հազարավոր երեսներով արտագրություններ էի անել տալիս գործերից, արևմտահայ մամուլից (մանավանդ «Մասիս» լրագրից) և այսպիսով կազմեցի իմ սեփական հարուստ արխիվը, որ վերաբերում էր մեր նոր և նորագույն պատմությանը, բայց մասնավորապես գրականությանը։ Գրեթե կուրացա, բայց այդ ժամանակից ուրիշ մարդ դարձա։ Մինչև այդ իմ գրած ու հրատարակած պատմական աշխատություններն ինձ երևում էին կիսատ ու պակասավոր, և ես զգում էի, թե որքան դժբախտ էր Թիֆլիսն իբրև հայ գրական ու պատմաքննական ուսումնասիրության միջավայր…

Բայց սա չէր նշանակում, թե ես անտես էի անում Ճեմարանը։ Ո՛չ, ես նրա հետ կապվում էի ջերմորեն, առաջին անգամ զգալով կյանքիս մեջ, թե որքան պատվավոր պաշտոն էր լինել երիտասարդ սերնդի դաստիարակիչ և ղեկավար։ Այդ երիտասարդությունը ես սիրեցի վառ սիրով և աշխատում էի նրա շահերին ծառայել իմ բոլոր ուժերով։

Հեղափոխական տարի էր, այժմ սկսվել էր մեծ տեղատվությունը։ Ստոլիպինն արդեն խեղդել էր շարժումները։ Եվ, ահա, այդ ժամանակից էլ` 1906թ. աշնանից, ամեն տեղ և միանգամից, կասես կախարդական գավազանի մի շարժումով, դադարեցին հայ-թուրքական կռիվները։ Դրանք այլևս հարկավոր չէին ամրացող ռեժիմին. և հազարավոր ավերակներ, հազարավոր գերեզմաններ երկնքի տակ անշարժանում էին իբրև հրեշ-հուշարձաններ նիկոլայյան ոճրագործ ու հրեշ կարգի։ Կյանքն այսպիսով նորից մտցվում էր լծի տակ։ Դպրոցն էր, որ դեռ շարունակում էր իր ընդվզումները, ապրում էր վայրիվերություններ, պահանջներ էր անում կյանքին։

Եթե կար մի դպրոց, որ ամենից շատ ուներ իրավունք պահանջատեր լինելու, այդ հենց Էջմիածնի ճեմարանն էր։ Ես չէի տեսել այդքան դժբախտ մի հիմնարկություն։ Ենթարկված մի վանքի` նրա անկողոպտելի, ոչնչով չսահմանափակված սեփականությունը` այդ դպրոցը, որ դեռ հավակնություն ուներ «բարձր» կոչվելու, համարյա իր ամբողջ կյանքն անց էր կացրել կաթողիկոսների, եպիսկոպոսների, վարդապետների ու նրանցից ոչնչով չտարբերվող աշխարհական տեսուչների բռնակալության տակ։

Տեսուչը խնդրում է ինձ, որ ես վերցնեմ դասերը։ Գնում եմ դասարան, հարցնում եմ, թե պատմության ո՞ր տեղն են կանգ առել, աշակերտները խնդրում են` սկսել ֆրանսիական մեծ հեղափոխությունից և տալ նրա մանրամասն պատմությունը։ Ու ես սկսում եմ Բլոսսի[224] գրած պատմությունից, մի քանի ամսվա ընթացքում տանում, հասցնում մինչև մեծ ուտոպիստները, մինչև 1848 թվականը և գիտական սոցիալիզմը։ Որքան հետաքրքրություն, որքան հարցասիրություն… Դասը վերջանալուց հետո դասարանի կես մասը գլխիս հավաքված, խաչաձև հարցմունքների տարափի տակ տանում է ինձ մինչև իմ սենյակի դուռը։ Օ՜, երիտասարդություն, ոգևորության անսպառ աղբյուր։ Կեսօրից հետո ես երբեմն կարդում էի ընդհանուր ճեմարանական դասախոսություններ։ Կամենալով գոնե մասամբ դուրս բերել այդ հիմնարկությունը նրա վրա քարացած կրոնական ավանդույթներից` ես տալիս էի իմ ունկնդիրներին գիտելիքներ նախապատմական մարդկության մասին, բացատրում էի քաղաքակրթության դանդաղ և աստիճանական զարգացումը, կրոնների ծագումը և էությունը, մի երկու անգամ էլ հանդգնություն ունեցա խոսելու Քրիստոսի և քրիստոնեության մասին` ըստ [Ժոզեֆ] Ռենանի[225] և Դավիթ Շտրաուսի[226]։ Այս բանն ինձ, սակայն, չներվեց։

Այսքանով չէի բավարարվում։ Մանկավարժական ժողովների մեջ պահանջում էի վերացնել գիշերօթիկությունն իբրև մեծագույն չարիք, որ թունավորում էր դպրոցական կյանքը. պահանջում էի, որ աշակերտները տեղավորվեն գյուղի մեջ, ապրեն մարդկանց հետ և ոչ թե ինչպես մի մեկուսացած կաստա։ Սակայն այս պահանջները, որոնց միանում էին և ուրիշ մի քանի ընկեր-ուսուցիչներ, անկարելի եղավ ընդունել տալ այն պահպանողական մեծամասնությանը, որ տասնյակ տարիներ ապրել էր այստեղ, տեսել էր ճեմարանը ննջարանով և սեղանատնով։ Այժմ ինչպե՞ս կարող էր այդպես չլինել։ Հիմնադիրը` Գևորգ կաթողիկոսն այդպես էր կամեցել։ Ինչպե՞ս խախտել նրա կամքը։

Եվ ճեմարանը մնաց գիշերօթիկ, փակ հիմնարկություն։ Ահա ինչքան դժբախտ էր նա։ Բերեմ դժբախտության և մի այլ օրինակ։ Երրորդ լսարանի ուսանողները գրում էին ավարտական շարադրություններ, որոնք կոչվում էին դիսերտացիա։ Նյութն ընտրում էր լսարանական խորհուրդը, և այն միակն էր լինում ամբողջ լսարանի համար։ Այն ընտրվում էր բացառապես աստվածաբանությունից։ Օրինակ, նախանցյալ տարի նյութը եղել էր «Սարկավագությունը» թե «Քահանայությունը», լավ չեմ հիշում։ Երրորդ լսարանի աշակերտներն ինձ խնդրեցին փոփոխություն մտցնել այդ սովորության մեջ, և մենք միասին որոշեցինք, որ ընտրվեն մի քանի նյութեր աշխարհական բովանդակությամբ և յուրաքանչյուր ուսանողի թողնվի վերցնել այդ նյութերից մեկն ու մեկը` շարադրություն գրելու համար։ Նորամուծության նախաձեռնությունն ինձ էր պատկանում, և ինձ վրա էր մնացել նյութերի ընտրությունը։ Ավարտող լսարանցիների թիվը, որքան հիշում եմ, 12-ն էր, և ես այդքան էլ նյութեր ընտրեցի և բաժանեցի։ Բայց այսքանը դեռ բավական չէր. պետք էր նաև ղեկավարել ուսանողներին, նրանց ցույց տալ աղբյուրները։ Այն նյութերի համար, որոնք վերաբերում էին հայոց նորագույն պատմությանը և գրականությանը, Էջմիածինը կարող էր համարվել աղբյուրներով հարուստ մի վայր։ Բայց ահա ուսանողներից մեկը, Վահան Խորենի, որ այն ժամանակ դեռ դաշնակցական չէր, ցանկություն հայտնեց դիսերտացիայի նյութ վերցնել սոցիալիզմի պատմությունը, և ես սիրով հանձն առա հաջողեցնել այդ բանը։ Էջմիածինը կատարյալ ամլություն էր ներկայացնում այդպիսի մի պատմության աղբյուրների կողմից։ Ուստի ես ձմեռվա արձակուրդներին Թիֆլիս գնալով` իմ գրադարանից մի կույտ գրքեր տարա և հանձնեցի Խորենիին, ղեկավարում էի նրան իմ ցուցումներով։

Այս բոլորի հետևանքով ստացվեց մի շատ գեղեցիկ գործ։ Դիսերտացիան այլևս տանջանք չէր, ուսանողներն աշխույժով և մեծ հետաքրքրությամբ էին որոնումներ անում գրադարաններում, պարապում էին և ուսումնական տարվա վերջին իմ սեղանի վրա դարսված էին 11-12 հատոր լուրջ աշխատություններ` որը Հայոց հարցի պատմությունն էր գրել, որը` հայ գաղութներինը, որն էլ` հայ կրթական և բարեսիրական ընկերություններինը։ Եվ դրանց մեջ բազմած էր սոցիալիզմի պատմությունը (կարծում եմ, առաջինը հայերի մեջ), անշուշտ, երախացրիվ[227] իր թերություններով, բայց բավական մանրամասն և փաստալից։

Ահա թե ինչ նորություններ էր մտցնում հեղափոխական ժամանակն այդ ճեմարանի պես կղզիացած և ընդարմացած հիմնարկության մեջ անգամ։ Աշակերտությունը բաժանված էր քաղաքական կուսակցությունների։ Ամենից բազմամարդը դաշնակցականն էր, նրան հետևում էր հնչակյանը։ Համեմատաբար նոր էր և սակավաթիվ սոցիալ-դեմոկրատների հոսանքը, որի գլուխ կանգնած էին երկու լսարանցիներ` Թադևոս Ավդալբեկյան և Փիլոսյան։ Ձմռանն այդ հոսանքների սուր շփումներից առաջացան աշակերտական խառնակություններ, որոնք քիչ տակնուվրայություններ չմտցրին ճեմարանական կյանքի մեջ։ Մի կերպ դուրս եկանք գարուն, սկսվեցին տարեկան քննությունները։ Իմ դրությունից ես դժգոհ չէի։ Աշակերտությունն ինձ սիրում էր, և այդ սերն արտահայտեց մի քանի ցույցերով։ Բայց այստեղ վերջ էր դրվում իմ ուսուցչական հովվերգությանը։ Ինձ մատնել էին, և Թիֆլիսից եկած կարգադրության համաձայն` գավառապետ Լեմերմանը պահանջեց ինձանից ստորագրություն` անմիջապես Էջմիածնից հեռանալու մասին։ «Մեղքս» այն էր, որ խախտել էի ճեմարանի կրոնական հաստահեղույս հիմքերը` մտցնելով նրա մեջ անաստվածություն։ Հազիվ կարողացա սակարկությունների միջոցով Լեմերմանից մի ամսվա ժամանակ ստանալ` իմ արխիվային աշխատանքները վերջացնելու համար, որից հետո թափ տվի ոտներիս փոշին և… մնաս բարով, ուսուցչություն…

Բնորոշ է, որ ճեմարանի տեսուչ Մեսրոպ վարդապետը գնաց Թիֆլիս գանգատվելու Սինոդի պրոկուրոր Ֆրենկելի մատնությունների դեմ, բայց ոչինչ չկարողացավ անել։ Եվ սակայն, որպիսի՜ շուքով և ոգևորությամբ էր Էջմիածնի վանքն ընդունել աշնանը կոմս և կոմսուհի Վորոնցով-Դաշկովներին, երբ նրանք Երևանից եկան տեսնելու հայոց Մայր Աթոռը, և կոմսուհին կարողացավ իր սրտի փափագը կատարել` համբուրելով Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքները։ Մեսրոպ վարդապետը մեծ հանդիսով ընդունեց իր բարեկամներին ճեմարանում, ողջույնի ճառ արտասանեց։ Ճեմարանից էր, որ կոմսուհին հեռագիր ուղարկեց Պետերբուրգ` Մարիա Ֆեոդորովնային և հայտնեց, թե որքան ինքը հմայված է Մասիսի ստորոտում, այս հռչակավոր հնությունների մեջ։ Երկու ամուսիններն առանձին ուշադրություն էին ցույց տալիս Մեսրոպ վարդապետին, և այս բանն ավելի սաստկացնում էր մյուս վարդապետների նախանձը։ Բայցևայնպես, Ֆրենկելի հանդեպ փոխարքայական պալատն այնպիսի դիրք բռնեց, որ Մեսրոպ վարդապետը գեղեցիկ դաս պիտի առներ «Служба службой, дружба дружбой»[228] բովանդակությամբ։

Թիֆլիսում հասարակական հետաքրքրությունն առաջվա պես կենտրոնացած էր Դաշնակցության շուրջ։ Միհրանականությունն արդեն ներկվել էր արյունով։ Դեռ ձմռանը սպանվել էր Շխալին և թաղվել էր մեծ հանդիսով, իբրև ցույց։ Դումանը չէր կարողացել կատարել իրեն տրված հանձնարարությունը, որի մասին խոսել եմ վերևում։ Ինձ նա ասում էր, թե անմտություն կլինի Միհրանի դեմ բռնություն գործ դնելը։ Միհրանն այժմ դեռ չունի կուսակցություն, բայց նրա պես հակասոցիալիստական մտածումներ ունեցողներ շատ կան կուսակցության մեջ։ Իսկ Միհրանը, չկարողանալով իրագործել իր ծրագրերից և ոչ մեկը. փաստորեն արդեն հեռացել էր Դաշնակցությունից և միառժամանակ կազմակերպել բուրժուազիայի պաշտպանությունը հարձակումներից և սպանություններից։ Եվ իրավ, բուրժուաների մեծ որս էր կատարվում` նրանցից փող կորզելու համար։ Այս միջոցով ապրուստ հայթայթելն անհրաժեշտություն էր դարձել, մանավանդ դաշնակցական զինվորների համար, որոնք անգործ էին մնացել հայ-թուրքական կռիվների դադարման հետևանքով։

Կազմվել էր ձրիակերների մի ստվար խումբ, որ հավաքված էր լինում Միջին փողոցի «Վենեցիա» անունով ճաշարանում, և այստեղ բռնության այլևայլ միջոցներ էին մշակվում` փաշայական անհոգության մեջ ապրելու համար։ Ինձ պատմել էին, թե այդ ճաշարանում նույնիսկ դատարան էլ կար հաստատված, որ մինչև անգամ ամուսնական վեճեր էլ էր քննում։ Չէր կարելի ասել, թե Թիֆլիսում տեղի ունեցող բոլոր բազմաթիվ ճողոպրումները, կամ ինչպես ասում էին այն ժամանակ` զարկումները, միայն դաշնակցական «Վենեցիայից» էին դուրս գալիս։ Տեռորիստական միջոցներով փող կորզելու համար հատուկ ընկերություններ կային կազմված և ուրիշ ազգությունների մեջ` Թիֆլիսում, Բաթումում, Բաքվում և այլ տեղերում։ Բայց որ «Վենեցիան» էր այդպիսի գործողությունների գլխավոր կայանը, այս անկասկած էր։ Ես ինքս տեսել եմ հայտնի խմբապետ Մուրադի մոտ մի նամակ մակեդոնական հերոս Բորիս Սարաֆովից, որ ասում էր, թե մակեդոնական կոմիտեն նեղ դրության մեջ է և խնդրում է մի «փոշտ զարկել» և զարկած փողն ուղարկել իրեն։

Այս ձրիակեր զինված ուժը ծանրանում էր հայ ժողովրդի վզին։

Այսպես էին, ընդհանուր առմամբ, այն նացիոնալիստական և հակասոցիալիստական տարրերը, որոնք խեղդում էին Դաշնակցությունն աջից։ Բայց խեղդողներ կային նաև ձախից, և` ոչ պակաս թափով և համառությամբ։ Այդ երիտասարդ թևն էր, որ չէր կարողանում տանել կուսակցության երկերեսանությունը և խորշում էր ֆիդայական մտայնությունից` պահանջելով վերակազմել կուսակցական գործերը զուտ սոցիալիստական հիմքերի վրա։ Այսպես մտածողները անջատվեցին Դաշնակցությունից, ուստի և հոսանքն ստացավ «անջատականություն» անունը։ Եվ այսպես, կեղեքվելով մի կողմից միհրանականությունից, և մյուս կողմից` անջատականությունից, Դաշնակցությունը 1907-ի ամռանը Վիեննա գնաց ընդհանուր ժողովի, ուր թևերի սուր շփումները մեղմացվեցին. ով հեռանալու էր կուսակցությունից, հեռացավ, իսկ ովքեր մնացին` յուրացրին իրար չխանգարելու քաղաքականությունը։ Այնպես որ, «հետևողական դեմոկրատ» կամ, ուրիշ խոսքով, «սոցիալիստ» Ջամալյանը ոչ մի անհարմարություն չէր գտնում Անդրանիկի, Սեպուհի[229] կամ մի այլ` սոցիալիզմի անողոք թշնամի խմբապետի հետ կենակցելիս և գործակցելիս։ Կովկասյան նախագծի վրա ձևվեց մի ծրագիր, որ խստորեն տոգորված էր սոցիալիզմով, բայց որ իսկապես անփոփոխ էր պահում հին իրականությունը։