Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 8951 բայտ, 18:56, 17 Օգոստոսի 2015
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
— Ուրեմն, որոշված է. վերցնում եմ:
 
Նա կռացավ Ֆրոդոյի վրա, նրբորեն արձակեց թիկնոցի ամրակալը, ձեռքը մտցրեց վերնաշապիկի տակ, մյուս ձեռքով բարձրացրեց տիրոջ գլուխը, համբուրեց սառը ճակատը և զգուշորեն պարանոցից հանեց շղթան: Այնուհետև կրկին տիրոջ գլուխը զգուշորեն իջեցրեց քարին: Ֆրոդոյի քարացած դեմքը չփոխվեց, և դա ամենից շատ համոզեց Սեմին, որ տերն իսկապես մահացել է, և հանձնարարությունն այլևս նրան չի վերաբերվում:
 
— Մնաս բարով, թանկագին տեր իմ,— ցածր ասաց նա: — Ներիր քո Սեմին: Նա անպայման կվերադառնա էստեղ, այ միայն ավարտին հասցնի քո գործը... Եթե միայն կարողանա: Այդ ժամանակ նա էլ ձեզ չի լքի: Իսկ մինչ այդ քնեք խաղաղությամբ և սպասեք ինձ: Միայն թե թշնամու գիշակերնեը չհայտնվեն էստեղ: Եթե Տիրուհին կարողանար ինձ լսել ու կատարել իմ ցանկությունը, ապա ես նրանից կխնդրեի միայն մի բան՝ վերադառնալ էստեղ ու գտնել ձեզ նույն տեղում: Ցտեսությո՛ւն:
 
Կռանալով, Սեմը շղթան անցկացրեց վզին՝ և Մատանին անմիջապես խոնարհեց նրա գլուխը ներքև, ասես ոչ թե ոսկե օղակ էր կախված նրա պարանոցից, այլ ծանր քար: Քիչ-քիչ, կա՛մ հարմարվելով ծանրությանը, կամ նոր ուժեր ձեռք բերելով, Սեմը դանդաղորեն ուղղվեց, մեծ դժվարությամբ ոտքի կանգնեց ու հասկացավ, որ այնուամենայնիվ կարող է կրել այդ բեռը: Նա բարձրացրեց անոթն ու ևս մեկ անգամ նայեց տիրոջը: Տիրուհու նվերը մեղմ լույս էր արձակում, ինչպես իրիկնային աստղը ամառային երեկոյան, և այդ լույսի տակ Ֆրոդոյի դեմքն այևս մեռելային գունատ չէր թվում, այժմ այն ուղղակի գունատ էր, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու էլֆական տեսք ուներ: Այդ վերջին դառը մխիթարանքով սփոփվելվ՝ Սեմը շրջվեց, թաքցրեց անոթը կրծքի տակ ու քայլեց դեպի թանձրացող խավարը:
 
Հեռու գնալ պետք չէր: Թունելը մնացել էր հետևում. մինչև լեռնային անցում մնում էր ընդամենը մի քանի հարյուր քայլ: Չնայած մթնշաղին՝ Սեմը դեռևս տեսնում էր արահետը՝ լայն, ժամանակի ընթացքում լավ տրորված, այն նրբորեն բարձրանում էր երկու ժայռերի արանքով և վերածվում երկար աստիճանների: Պահակային աշտարակը վեր էր խոյանում ուղիղ Սեմի դիմաց՝ սև, ընդամենը մեկ կարմիր աչքով: Շուտով աշտարակի ստվերը ծածկեց հոբիթին: Սեմը բարեհաջող բարձրացավ աստիճաններով և վերջապես հասավ լեռնացքին:
 
— Որոշել եմ՝ պրծավ գնաց,— կրկնեց նա ինքն իրեն:
 
Բայց դա այդպես չէր: Ամեն ինչ ծանրութեթև անելով՝ նա հանգել էր այդ որոշմանը, բայց ամեն քայլափոխի սիրտն ընդդիմանում էր՝ այդ ամենը դեմ էր նրա էությանը:
 
— Ի՞սկ եթե հանկարծ ինչ-որ բան խառնել եմ,— մրմնջաց նա: — Բայց ուրիշ ի՞նչ պետք է անեի:
 
Լեռնանցքի ուղղաձիգ պատերը սերտորեն շրջապատեցին հոբիթին, բայց, մինչ գագաթը բարձրանալը և դեպի թշնամու երկիր տանող ճանապարհի վրա դուրս գալը, նա վերջին անգամ շրջվեց, նայեց ներքև՝ ներքևում փռված քարե անապատին, որտեղ խորտակվել էր նրա կյանքը, և քարացավ՝ փորձելով ազատվել տանջալի կասկածներից: Թունելի մուտքը, որը դեռ զանազանվում էր թանձրացող մթնշաղում, ասես փոքրիկ սև կետ լիներ: Սեմին թվաց, թե նա տեսնում է կամ ավելի շուտ կռահում է այն տեղը, որտեղ պառկած էր Ֆրոդոն. թվում էր, թե այնտեղ գետնին ինչ-որ բան է լուսարձակում, բայց, հնարավոր է, ուղղակի արցունքներն էին նրա աչքերը շղարշում:
 
— Մենակ մեկ ցանկություն ունեմ, ուրիշ ոչինչ,— հառաչեց նա,— վերադառնամ ու գտնեմ նրան էնտեղ, որտեղ թողել եմ:
 
Վերջապես նա շրջվեց և չցանկանալով մի քանի քայլ արեց դեպի առաջ՝ ամենադժվար քայլերը ապրած ողջ կյանքում: Քայլ, ևս մեկ քայլ... Հիմա կսկսվի վայրեջքը ու, հնարավոր է, նա այլևս երբեք չի տեսնի այդ վայրը... Եվ հանկարծ ձայներ ու բղավոցներ լսվեցին: Սեմը քարացավ: Օրքե՛րը: Ձայներն ամենուրեք էին՝ և՛ առջևում, և՛ հետևում: Ոտքերի դոփյուն, ճչոցներ. ինչ-որ տեղից օրքեր էին մոտենում, ըստ երևույթին աշտարակից էին դուրս գալիս: Բայց ախր հետևից նույնպես ձայներ են լսվում: Սեմն արագ շրջվեց: Ներքևում կրակներ էին երևում, որոնք առվի պես դուրս էին հորդում թունելից: Ահա և հետապնդումն սկսվեց. ուրեմն աշտարակի լույսը հենց այնպես չէր վառվոմ: Սեմը հայտնվեց երկու կրակի արանքում:
 
Արջևում արդեն շատ մոտ առկայծում էին ջահերն ու լսվում էր պողպատի շաչյունը: Հիմա նրան կտեսնե՛ն: Շատ երկար նա որոշում ընդունեց, և ի՞նչ օգուտ այժմ այդ որոշումից: Ու՞ր գնա, ինչպե՞ս փրկվի հիմա, և ամենակարևորը՝ ինչպե՞ս փրկի Մատանին: Մատանի՛ն: Մտածելու ժամանակ չկար: Չհասցնելով մտածել հետևանքների մասին՝ նա պարանոցից հանեց շղթան ու ձեռքի մեջ առավ Մատանին: Անցումում, ուղիղ Սեմի դիմաց հայտնվեց առաջին օրքը: Սեմը Մատանին հագավ մատին:
 
Աշխարհը փոխվեց, և յուրաքանչյուր ակնթարթը լցվեց մտքերով, որոնք նախկինում Սեմի գլխում չէին հայտնվի նույնիսկ մեկ ժամվա ընթացքում: Լսողությունը սրվեց, իսկ տեսողությունը մշուշվեց, բայց ոչ այնպես, ինչպես Շելոբի որջում: Շրջապատող առարկաները չթաղվեցին խավարում, սակայն դրանց ուրվագծերը մշուշվեցին ու լողացին: Շուրջն ամեն ինչ դարձավ մոխրագույն, և այդ մոխրագույն մշուշում միայնակ կանգնած Սեմը նմանվեց սև քարի: Ձախ ձեռքին հագած Մատանին վառվում էր ինչպես շիկացած ոսկին: Սեմն իրեն անտեսանելի չէր զգում. ընդհակառակը, նրան թվում էր, թե ինքը տեսանելի է ու խոցելի ինչպես երբեք, և գիտեր, որ Ամենատես Աչքը անընդհատ փնտրում է իրեն:
 
Նա լսում էր, թե ինպես են ճեղքվում քարերը լեռներում, ինչպես է կարկաչում ջուրը հեռավոր Մորգուլի հովտում, ինչպես է հեծեծում ու պղպջակներ թողնում չարաբախտ Շելոբը՝ մոլորված իր սեփական որջում: Լսում էր աշտարակի ստորգետնյա խորքերում շղթայված բանտարկյալների տնքոցները, թունելից դուրս հորդող օրքերի բղավոցները:
 
 
Վստահելի
1342
edits