«Ամերիկացիներին, որ ընկան հանուն Իսպանիայի»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ամերիկացիներին, որ ընկան յանուն Իսպանիայի |հեղինակ = Էռնեստ Հեմինգուեյ |թա...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 21:34, 25 Օգոստոսի 2015-ի դրությամբ

Ամերիկացիներին, որ ընկան յանուն Իսպանիայի

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Մեռածները խոր քնած են այս երեկոյ պաղ հողի տակ։ Ձիւնախառն քամին սուրում է ձիթէնու պուրակներով, իջնում ծառերի բաց կոճերին։ Իջնում է ձիւնը յուշիկ՝ շիրիմների անուանատախտակներին (եթէ, իհարկէ, ժամանակ էր եղել դրանք կանգնեցնելու)։ Ձիթենիները նիհարիկ կանգնած են պաղ քամուն դէմ հանդիման, քանզի դրանց վարի ճիւղերը ժամանակին հատել էին՝ տանկեր քողարկելու, իսկ մարտում ընկածները խոր քնած են Խարամա գետից վեր՝ փոքրիկ բլուրների տակ։ Ցուրտ էր փետրուարեան այդ օրը, երբ ընկան նրանք, ու այդ պահից ի վեր նրանց այլեւս հասու չէր եղանակների պարզ հերթագայութիւնը…

Եւ հիմա երկու տարի է արդեն, ինչ Լինքոլն գումարտակը չորս եւ կէս ամիս շարունակ դիմակայում էր Խարամայի բարձունքներում, ու արդեն երկար ժամանակ է, ինչ ամերիկացի առաջին զոհերը մասնիկը դարձան իսպանական հողի։ Մեռածները խոր քուն են մտած Իսպանիայում այս ցուրտ երեկոյ ու դեռ երկար քնած կը մնան ողջ ձմռան ընթացքում, քանզի հողն էլ ննջում է նրանց հետ։ Սակայն գարնանն անձրեւ կը թափուի՝ հողը կրկին բարեգութ դարձնելու։ Հարաւից եկող քամին մեղմիկ կը փչի բլուրների վրայով։ Գոսացած ծառերը կեանքի կը կոչուեն մատղաշ կանաչ տերեւներով, ու Խարամա գետի երկայնքով ձգուած խնձորենիներին բողբոջներ կյայտնուեն։ Մեռածները գարնանն այս կը զգան կրկին ապրել սկսող հեւքը հողի…

Եւ քանի որ մեր եղբայրներն այժմ Իսպանիայի հողի մի մասնիկն են այլեւս, հողն այդ երբեք չի մեռնի։ Ամէն ձմռան կը թուայ, թէ այն պատրաստւում է մահուան, սակայն գարնանագալին վերստին կյառնի։ Մեր զինուորները դրա հետ կապրէն առյաւէտ։

Ճիշտ՝ ինչպէս հողն այդ չի կարող երբեւէ մեռնել, այնպէս էլ նրանք, որ երբեւէ ազատ են եղել, ստրուկ չեն դառնայ բնաւ։ Գիւղացիները, որ հերկում են հողն այն, ուր մեր զինուորներն են հիմա պառկած, գիտէն, թէ յանուն ինչի են նրանք իրենց կեանքը զոհել։ Պատերազմի ընթացքում եղաւ մի պահ, երբ նրանք հասկացան այս ամէնն ու այլեւս կյիշէն ընդմիշտ։

Զոհուած հայրենակիցները մեր ապրում են իսպանացի գիւղացու ու բանուորի, բոլոր բարի եւ հասարակ, ազնիւ մարդկանց սրտերում ու յիշողութեան մէջ, որոնք հաւատում ու պայքարում են յանուն իսպանական հանրապետութեան։ Եւ քանի դեռ եղբայրները մեր ապրում են իսպանական հողում, իսկ նրանք կապրեն որքան հողն է ապրում, ոչ մի բռնակալ Իսպանիային չի տիրի երբեք։

Ֆաշիստները կարող է բոլորեն բովանդակ հողն այդ՝ կործանելով իրենց անցած ճամփան այն ու այն երկրից կրած զէնքերով։ Կարող է առաջ ընթանան՝ թեւ առած դաւաճան֊վախկոտներից։ Կարող է կործանեն քաղաք ու գիւղ եւ փորձեն պահել մարդկանց ստրկութեան մէջ։ Սակայն անկարելի է որեւէ ժողովրդի բանտել ստրկութեան կապանքներով։

Իսպանիայի ժողովուրդը ոտքի կը կանգնի կրկին, քանզի միշտ էլ ոտքի է ելել ընդդէմ բռնութեան։

Մեռեալները ոտքի կանգնելու հարկը չունեն։ Նրանք այդ նոյն հողի մի հիւլէն են հիմա, իսկ հողն այդ երբեք չի կարելի նուաճել։ Քանզի հողն այդ յաւերժ կը մնայ։ Կյաղթի այն ամէն տեսակ բռնակալութեան։

Նրանք, ովքեր հողն այդ մտել են պատուախնդրութեամբ, իսկ ոչ ոք հող ոտք չի դրել առաւել պատուախնդիր, քան նրանք, ովքեր ընկան յանուն Իսպանիայի, անմահութեան ճամփին են արդեն…