|աղբյուր = Կարել Չապեկ
}}
==Աքաղաղ==
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
==Ճնճղուկ==
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
==Կոճղ==
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
==Աղվես==
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
==Աշխատանքի բաժանում==
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
==Միօրիկ==
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
==Ճնճղուկ==
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։
==Ծածան==
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։
==Էշ==
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։
==Աշնան տերև==
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։
==Փտում==
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։
==Հարևան==
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։
==Կատոն ավագ==
Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։
==Ներոն==
Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։
==Աթիլլա==
Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։
==Դիկտատոր==
Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։
==Բռնակալ==
Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։
==Կոնկիստադոր==
Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։
==Քննադատ==
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
==Քննադատական դոդոշ==
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։
==Ճանճը պատուհանի ապակուն==
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։
==Հայելի==
Մարդը լոկ իմ պատկերացումն է։
==Միօրիկ==
Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։
==Մարդը սարդոստայնում==
Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։
==Ոչխար==
Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։
==Հոռետես==
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
==Պատգամ==
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
==Սեր ժողովրդի նկատմամբ==
Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։
==Պետական գործիչ==
Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։
==Բռնակալ և փիլիսոփաներ==
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։
==Խոզ և մարգարիտ==
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։
==Դիվանագիտություն==
Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։
==Չեզոք==
Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։
==Իմպերիալիստ==
Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։
==Գաղութացում==
Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։
==Թերթեր==
Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։
==Խմբագրությունում==
Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։
==Դիվանագիտություն==
Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։
==Դիվանագետ==
Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։
==Երկրի կառավարիչ==
Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։
==Միջազգային համաձայնություն==
Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։
==Ցիկլոն==
Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։
==Գայլ==
Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։
==Ոչխարի հոտ==
Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։