«Քոմոդո վիշապը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Քոմոդո վիշապը |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբյո...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 14:33, 29 Հոկտեմբերի 2015-ի դրությամբ

Քոմոդո վիշապը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Եղել է, չի եղել, մի վիշապ է եղել։ Անունը՝ Քոմոդո։

Նա կարողանում էր կրակ արտաշնչել, ուստի հարեւան բոլոր բնակիչները նրանից վախենում էին։ Լսելով Քոմոդոյի ոտնաձայները, բոլորն էլ փախչում ու թաքնվում էին։

Իսկ ոտնաձայները լսելը այնքան էլ մեծ բան չէր, որովհետեւ Քոմոդոն միաժամանակ երեք զույգ կոշիկ էր հագնում (չէ՞ որ վիշապները վեց ոտք ունեն) եւ այդ վեց կոշիկները միաժամանակ, իսկ յուրաքանչյուր կոշիկն էլ առանձին՝ սոսկալի ճռճռում էին։

Բայց մի անգամ Քոմոդոն հանդիպեց Սյուզի անունով աղջկան, որը վիշապից բնավ չվախեցավ։

— Ինչո՞ւ ես կրակ արտաշնչում,— հարցրեց աղջիկը։— Դու այդ կրակով բոլորին վախեցնում ես։

— Հըմ,— պատասխանեց վիշապը,— ես… հըմ… ես չգիտեմ, թե ինչու… Այդ մասին երբեք չեմ մտածել։ Հիմա ես ի՞նչ անեմ… այլեւս չվախեցնե՞մ։

— Իհարկե, մի վախեցրու,— ասաց Սյուզին։

— Լավ, չեմ վախեցնի,— ասաց Քոմոդոն։

Նրանք հրաժեշտ տվեցին իրար, եւ Սյուզին տուն գնաց։ Արդեն մութն ընկել էր, բայց լապտերավառ Չարլին, չգիտես ինչու, լապտերները չէր վառում, եւ անցորդներն էլ մթան մեջ չգիտեին, թե ուր են գնում։

Պարզվեց, որ Չարլին այդ օրը նույնիսկ անկողնուց վեր չէր կացել։ Նախորդ օրը երեկոյան նա շատ էր հոգնել ու չէր հասցրել ինչպես հարկն է հանգստանալ։ Նա խորը քուն էր մտել ու երազում բուտերբրոդ էր ուտում։

Իսկ քաղաքապետ սըր Ուիլյամը շատ բարկացավ։ Նա չգիտեր, թե ինչպես պետք է վառել փողոցների լապտերները։

Եվ հանկարծ Սյուզին մի հիանալի միտք հղացավ։ Ետ վազեց դեպի Քոմոդոյի քարանձավը եւ վիշապին քաղաք առաջնորդեց։ Նրանք երկուսով շրջեցին բոլոր փողոցներում․ վիշապը կրակ արտաշնչեց ու հերթով վառեց բոլոր լապտերները։

Քաղաքի բնակիչները շատ ուրախացան։ Այդ օրից ի վեր նրանք դադարեցին վիշապից վախենալուց։ Եվ ամեն տարի, երբ լապտերավառ Չարլին արձակուրդ էր գնում, նրանք Քոմոդոյին կանչում էին, որպեսզի վառի քաղաքի փողոցների լապտերները։