«Միստր Կոկոկատուն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Միստր Կոկոկատուն |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 23:09, 4 Նոյեմբերի 2015-ի դրությամբ

Միստր Կոկոկատուն

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Մի անգամ Լուսնի վրայի Մարդը նայեց ցած՝ Երկրին (իհարկե, առաջներում էլ էր նա մեկ֊մեկ Երկրին նայում) եւ տեսավ մի խոշոր շուն, որը սոսկալի հաչոցով հալածում էր փոքրիկ կատվին։

— Անպիտա՜ն,— ասաց Լուսնի վրայի Մարդը։— Տեսնես այդ ո՞ր շունն է… Ոնց որ թե Հայ֊սթրիթի բուլդոգը լինի։ Իհարկե… Բուլդոգն է։ Սպասիր, անպիտան… Ես քեզ ցույց կտամ, թե ինչպես են ընկնում կատուների ետեւից։

Եվ ուշ գիշերին, երբ Լուսինը շողում էր Աֆրիկայի վրա, Լուսնի վրայի Մարդը դարձյալ նայեց Երկրին, որպեսզի ինչ գնով էլ լինի գտնի միստր Կոկոկատու անունով իր վաղեմի բարեկամին։

Միստր Կոկոկատվի մի կեսը կատու էր, իսկ մյուսը՝ կոկորդիլոս։ Նա աշխարհի միակ Կոկոկատուն էր․ Աֆրիկայի փոքրիկ քարանձավներից մեկում քշված նա ապրում էր իր համար ու երբեք որեւէ մեկին չէր հանդիպում։

— Դու չե՞ս ձանձրանում,— հարցրեց նրան Լուսնի վրայի մարդը։

— Բոլորովին,— պատասխանեց միստր Կոկոկատուն։

— Իսկ ես հակառակն էի կարծում,— ասաց Լուսնի վրայի Մարդը։— Չէ՞ որ ոչ ոք չկա, որին երեկոյան համբուրես ու ասես «բարի գիշեր»։

— Հը՛մ… Դու ոչինչ չես հասկանում,— ասաց միստր Կոկոկատուն։— Աշխարհում ես միակ արարածն եմ, որը միշտ էլ կարող է «բարի գիշեր» մաղթել։ Տե՛ս։

Այս խոսքի վրա միստր Կոկոկատուն օղակվեց եւ կոկորդիլոսկ կեսը համբուրեց կատվի կեսին։

— Բարի գիշեր, թանկագին Կոկո,— ասաց Կատուն։— Մաղթում եմ խորը քուն։

— Բարի գիշեր, սիրելի Կատու,— ասաց Կոկորդիլոսը։— Մաղթում եմ հաճելի երազներ։

— Այո֊ո՜,— ասաց Լուսնի վրայի Մարդը։— Պարզվում է, կոկոկատուներն էլ իրենց առավելությունները ունեն։

— Իհարկե,— համաձայնեց միստր Կոկոկատուն։— Բայց անախորժություններ էլ կան։

— Ի՞նչ անախորժություններ,— զարմացավ Լուսնի վրայի Մարդը։

— Բանն այն է,— ասաց միստր Կոկոկատուն,— որ ես երբեք չեմ կարողանում քայլել միայն առաջ, որովհետեւ իմ մյուս կեսը միշտ ետ֊ետ է գնում։ Ուստի ես երբեք չեմ հասկանում, թե դեպի առա՞ջ եմ քայլում, թե՞՝ ետ։

— Այո՜, տհաճ պատմություն է,— համաձայնեց Լուսնի վրայի Մարդը։— Ի դեպ, չէի՞ր կարող արդյոք օգնել ինձ։ Մի շատ անպիտան շուն կա, անունն էլ՝ Բուլդոգ․ Անգլիայում է ապրում եւ միշտ հալածում է կատուներին։ Եթե մի գիշեր գնայիր այնտեղ, հիանալի բան կլիներ։ Նախ որպես կատու կերեւայիր նրան, իսկ երբ սկսեր հալածել, կշրջվեիր ու կվախեցնեիր կոկորդիլոսի քո երախով։ Թերեւս դրանից հետո նա ընդմիշտ կմոռանար կատուներին հալածելը։

— Համաձայն եմ,— ասաց միստր Կոկոկատուն։— Կգնամ։

Երբ նա հասավ Անգլիա, Լուսինը պայծառ լուսավորում էր Բուլդոգի տան հարեւան բակը։ Միստր Կոկոկատուն պառկեց ծառի տակ, ստվերում թաքցրեց կոկորդիլոսի իր կեսը, եւ լուսնի լույսի տակ պահեց միայն այն կեսը, որ կատու էր։

Հենց որ Բուլդոգը նկատեց կատվին (իսկ նրան թվաց, թե դա իսկական կատու է), սկսեց հաչել, անցավ ցանկապատից այն կողմ ու նետվեց խեղճի վրա։ Բայց… կատվի փոխարեն նրան դիմավորեց կոկորդիլոսը․ եւ այն էլ այնքան սարսափելի մի կոկորդիլոս…

Թշվառ Բուլդոգը առանց ետ նայելու սլացավ դեպի տուն եւ շունչը ետ բերեց միայն խոհանոցում գտնվող իր զամբյուղի մեջ տեղավորվելուց հետո։

— Չէ… Ես այլեւս կատուներին չեմ հալածի,— վճռեց նա։

Իսկ Լուսնի վրայի Մարդն ու միստր Կոկոկատուն ինչպես էին ծիծաղում նրա վրա։

Հետո միստր Կոկոկատուն հորանջեց ու ասաց․

— Հիմա ես մի քիչ կննջեմ,— եւ ավելի հարմար պառկեց։

— Բարի գիշեր, թանկագին Կոկո,— ասաց Կատուն։

— Բարի գիշեր, սիրելի Կատու,— պատասխանեց Կոկորդիլոսը։— Մաղթում եմ հաճելի երազներ։